Changes

Տոն, որը միշտ քեզ հետ է

Ավելացվել է 13 501 բայտ, 19:56, 27 Ապրիլի 2016
Միջանցքի ծառայողը երկու ըմպանակ մրսածի խմիչք բերեց եւ իմ բաժինը խմելով, ես Սկոտին առաջարկեցի չշտապել, խմել փոքր ումպերով։ Այժմ ես լրջորեն անհանգստանում էի, որ նա կարող է մրսել։ Ես արդեն հասկանում էի, որ եթե նա իրոք մրսի, ապա նրան, հավանաբար, ստիպված կլինեմ հիվանդանոց տանել։ Բայց խմելով, նա որոշ ժամանակ իրեն լավ զգաց, եւ երջանիկ էր, որ այնպիսի ողբերգություն է ապրում, երբ ինքն ու Զելդան, հարսանիքից հետո առաջին անգամ, գիշերը միասին չեն անցկացնում։ Ի վերջո, նա ցանկացավ, ինչ գնով էլ լինի, հենց հիմա զանգահարել Զելդային եւ խալաթը հագնելով, ներքեւ իջավ՝ հեռախոս պատվիրելու։
Փարիզը խոստացան տալ, բայց ոչ անմիջապես, եւ Սկոտի սենյակ վերադառնալուց հետո շուտով հայտնվեց միջանցքի ծառայողը, իր հետ բերելով երկու ըմպանակ լիմոնահյութ խառնած վիսկի։Սկոտը իմ ներկայությամբ առաջին անգամն էր այդքան շատ խմում, բայց դա գրեթե չազդեց նրա վրա, նա միայն աշխուժացավ, լեզուն բացվեց եւ նա սկսեց պատմել, թե ինչպես է դասավորվել իրենց կյանքը Զելդայի հետ։ Նա պատմեց, թե ինչպես է պատերազմի ժամանակ ծանոթացել նրա հետ, ինչպես է կորցրել նրան եւ թե ինչպես կրկին նվաճել է նրա սերը։ Պատմեց իրենց ամուսնության եւ մի սարսափելի դեպքի մասին, որ մոտ մի տարի առաջ իրենց հետ պատահել է Սեն֊Ռաֆայելում։ Զելդայի եւ ֆրանսիացի ծովային օդաչուի սիրահարության մասին նրա պատմածի այդ առաջին տարբերակը իրոք վշտալի էր, եւ ես կարծում եմ, դա ճիշտ է եղել։ Ավելի ուշ նա ինձ պատմեց այդ նույն պատմության այլ տարբերակներ, ասես ծանրութեթեւ էր անում, թե որը կարող է վեպի համար հարմար լինել, բայց ոչ մեկը այնքան թախծոտ չէր, որքան առաջինը, եւ ես մինչեւ վերջ հավատում էի հենց առաջին տարբերակին, թեեւ դրանցից յուրաքանչյուրը կարող էր ճշմարիտ լինել։ Ամեն անգամ նա պատմում էր մեծ վարպետությամբ, բայց ոչ մի տարբերակ այնքան չէր հուզում, որքան առաջինը։ Սկոտը պարզ էր խոսում եւ լավ պատմող էր։ Այստեղ նա ստիպված չէր հետեւելու ուղղագրությանը կամ տրոհման նշաններին, եւ այդ պատմությունները, ի տարբերություն նրա չսրբագրված նամակներին, չէին հարուցում անգրագիտության զգացում։ Մենք արդեն երկու տարվա ծանոթներ էինք, երբ նա վերջապես սովորեց ճիշտ գրել իմ ազգանունը, բայց, իհարկե, դա շատ երկար ազգանուն է, եւ հարավոր է, որ ամեն անգամ այն գրելը ավելի ու ավելի դժվարանում էր եւ նրան մեծ պատիվ է բերում, որ նա վերջ ի վերջո սովորեց ճիշտ գրել ազգանունս։ Նա սովորեց ճիշտ գրել, սովորեց նաեւ շատ ավելի կարեւոր բաներ եւ աշխատում էր տրամաբանորեն մտածել ուրիշ այլեւայլ բաների մասին։ Բայց այդ երեկո նա ցանկանում էր, որպեսզի ես իմանամ, հասկանամ եւ գնահատեմ այն, ինչ տեղի էր ունեցել Սեն֊Ռաֆայելում, եւ ես զարմանալիորեն պարզորոշ տեսա այդ ամենը՝ մի տեղանոց հիդրոպլանը, որ ցածր թռչում էր ջուրը ցատկելու կամրջակների վրայով, ե՛ւ ծովի գույնը, ե՛ւ հիդրոպլանի լողաթեւերի ձեւը, ե՛ւ ծովի վրա նրանց ստվերը, ե՛ւ Զելդային արեւախանձուկը, ե՛ւ Սկոտի արեւախանձուկը, ե՛ւ նրանց գլուխները՝ մութ֊շիկավուն ու բաց֊շիկավուն, ե՛ւ Զելդային սիրահարված պատանու արեւավառ դեմքը։ Ես չէի կարող նրան հարցնել այն մասին, ինչ դուրս չէր գալիս գլխիցս․ եթե նրա պատմությունը ճիշտ է եւ այդ ամենը եղել է, ապա Սկոտը ինչպե՞ս է կարողանում ամեն գիշեր քնել Զելդայի հետ նույն անկողնում։ Բայց գուցե այդ պատմությունը հենց այդ պատճառով է ամենավշտալին երբեւէ իմ լսած բոլոր պատմություններից։ Իսկ գուցե եւ նա ուղղակի մոռացել էր, ինչպես մոռացել էր անցյալ գիշերվա մասին։ Մեր հագուստը ավելի շուտ բերին, քան Փարիզը կպատասխաներ, եւ մենք հագնվեցինք ու ներքեւ իջանք ընթրելու։ Սկոտը ոտքերի վրա ամուր չէր կանգնած եւ մարտական շեղ հայացք էր նետում շրջապատի մարդկանց վրա։ Սկզբում մեզ մատուցեցին հիանալի խխունջներ ու մի գրաֆին «ֆլյորի», բայց մենք կեսն էլ չհասցրինք ուտել, երբ Սկոտին կանչեցին հեռախոսի մոտ։ Նա գրեթե մի ժամ բացակայեց, եւ ի վերջո ես կերա նրա բաժին խխունջները, հացի կտորները թաթախելով հալած յուղի, սխտորի ու մաղադինոսի սոուսի մեջ, եւ մինչեւ վերջ դատարկեցի «ֆլյորի»֊ի գրաֆինը։ Երբ նա վերադարձավ, ես առաջարկեցի էլի խխունջ պատվիրել, բայց նա ասաց, որ չի ուզում։ Նա որեւէ հասարակ բան էր ուզում։ Նա ո՛չ բիֆշտեքս էր ուզում, ո՛չ լյարդ, ո՛չ լանջամիս, ո՛չ օմլետ։ Նա ճուտ պահանջեց։ Ցերեկը մենք շատ համեղ սառը ճուտ էինք կերել, բայց այս վայրերը եւս աչքի էին ընկնում իրենց հավերով, այնպես որ մենք պատվիրեցինք poularde de Bresse<ref>Բրեսսի բտահավ (ֆրանս․)։</ref> եւ մի շիշ «մոնտանի»՝ թեթեւ ու հաճելի տեղական սպիտակ գինի։ Սկոտը քիչ էր ուտում եւ ոչ մի կերպ չէր կարողանում խմել֊վերջացնել մի գավաթ գինին։ Հետո գլուխը դրեց ձեռքերին եւ դադարեց շրջապատը զգալուց։ Դա էֆեկտ հետապնդող շինծու խաղ չէր, եւ նույնիսկ թվում էր, թե նա հսկայական ջանք է գործադրում, որպեսզի որեւէ բան չթափի կամ չկոտրի։ Մենք միջանցքի ծառայողի հետ նրան վերեւ տարանք, պառկեցրինք մահճակալին, եւ ես նրա վրայից հանեցի բոլորը, սպիտակեղենից բացի, հագուստը կախեցի, հետո տակից քաշեցի վերմակը եւ ծածկեցի նրան։ Ես պատուհանը բացեցի, տեսա որ անձրեւը կտրել է, եւ պատուհանը բաց թողեցի։ Ես ներքեւ իջա ու շարունակեցի ընթրել, մտածելով Սկոտի մասին։ Նրան, անշուշտ, չի կարելի խմել, եւ ես վատ էի նայում նրան։ Նույնիսկ ամենաչնչին քանակությամբ ալկոհոլը նրան ծայր աստիճան գրգռում է, հետո թունավորում, եւ ես որոշեցի, որ վաղը մենք չենք խմի։ Ես նրան կասեմ, որ շուտով Փարիզ ենք հասնելու, եւ ես պետք է ինձ հավաքեմ, որպեսզի կարողանամ գրել։ Դա ճիշտ չէր։ Բավական էր, որ ես չխմեմ ճաշից հետո, նախքան գրելս եւ աշխատանքի ժամանակ։ Ես վերեւ բարձրացա, բացեցի բոլոր պատուհանները, հանվեցի եւ իսկույն եւեթ քնեցի։ Հաջորդ օրը եղանակը հրաշալի էր, եւ մենք Փարիզ մեկնեցինք Կոտ դʼՕրով, շնչելով լվացված օդը ու նայելով նորոգ բլուրներին, դաշտերին ու խաղողի այգիներին, եւ Սկոտը շատ ուրախ էր, իրեն հիանալի էր զգում ու ինձ պատմեց Մայքլ Առլենի բոլոր գրքերի մասին։ Մայքլ Առլենը, ասաց նա, ուշադրության արժանի մարդ է, եւ մենք երկուսս էլ կարող ենք շատ բան սովորել նրանից։ Ես ասացի, որ չեմ կարողանում կարդալ նրա գրքերը։ Նա ասաց, թե պետք էլ չի, որ ես դրանք կարդամ։ Նա ինձ կպատմի դրանց ֆաբուլան եւ կնկարագրի գործող անձանց։ Դա բանավոր դիսերտացիա էր Մայքլ Առլենի ստեղծագործության մասին։ Մենք բաժանվեցինք նրա տան մոտ, ես տաքսիով վերադարձա իմ սղոցարանը եւ հրաշալի հանդիպում ունեցա կնոջս հետ, ու մենք գնացինք «Կլոզերի դե Լիլա» մի քիչ խմելու։ Մենք երջանիկ էինք երկար ժամանակ իրարից բաժանված երեխաների նման, որ այժմ կրկին միասին են, եւ ես նրան պատմեցի մեր ուղեւորության մասին։ — Եվ դու ձանձրանո՞ւմ էիր, դու ոչ մի հետաքրքիր բան չտեսա՞ր, Տետի,— հարցրեց նա։ — Ես կարող էի շատ բան իմանալ Մայքլ Առլենի մասին, եթե լսեի։ Եվ հետո ես այնպիսի բան իմացա, որ դեռ չեմ պարզել ինձ համար։ — Մի՞թե Սկոտը այդքան դժբախտ է։ — Հնարավոր է։ — Խեղճ։ — Բայց մի բան ես այնուամենայնիվ իմացա։ — Ի՞նչ։ — Ճանապարհորդիր միայն նրանց հետ, ում սիրում ես։ — Դա արդեն մի բան արժե։ — Այո։ Եվ մենք մեկնում ենք Իսպանիա։ — Այո։ Եվ մինչեւ մեկնելը մեկուկես ամսից էլ քիչ ժամանակ է մնում։ Եվ այս տարի արդեն մենք ոչ ոքի թույլ չենք տա, որ մեր գործերը խանգարի, ճի՞շտ չի։ — Ճիշտ է։ Իսկ Պամպլոնայից մենք կգնանք Մադրիդ, այնուհետեւ Վալենսիա։ — Մ֊մ֊մ֊֊մ,— կատվի ձագի նման մլավեց նա։ — Խեղճ Սկոտ,— ասացի ես։ — Մենք բոլորս էլ խեղճ ենք,— ասաց Հեդլին։— Հարուստ ենք մեր թեթեւամտությամբ, բայց գրպանում ոչ մի գրոշ չունենք։ — Մեր բախտը բանում է։ — Պետք է մեզ լավ պահենք հաջողությունը ձեռքից չգցելու համար։ Մենք թխկացրինք սեղանը, որպեսզի աչքով չտան, եւ մատուցողը մոտեցավ իմանալու, թե ի՞նչ է մեզ պետք։ Բայց այն, ինչ մեզ պետք էր, չէր կարող տալ ո՛չ մատուցողը, ո՛չ որեւէ մեկ ուրիշը եւ ո՛չ էլ տախտակին կամ մարմարին,— սեղանը մարմարից էր,— թխկացնելը։ Սակայն այն երեկո մենք այդ չգիտեինք եւ երջանիկ էինք։ Մեր ուղեւորությունից մեկ թե երկու օր անց Սկոտը ինձ բերեց իր գիրքը։ Նրա սուպեր֊շապիկը խայտաբղետ էր, եւ ես հիշում եմ, անհարմար զգացի, որ այդքան աչք ծակող էր, անճաշակ, լպրծուն։ Այն նման էր գիտա֊ֆանտաստիկ վատ վեպի սուպեր֊շապիկի։ Սկոտը ինձ խնդրեց ուշադրություն չդարձնել դրա վրա․ այն թելադրված է Լոնգ֊Այլենդի խճուղու ռեկլամային վահանիկով, որը սյուժեում կարեւոր դեր է խաղում։ Նա ասաց, որ սուպեր֊շապիկը իրեն առաջ դուր էր գալիս, իսկ այժմ՝ ոչ։ Նախքան կարդայի, ես այն հանեցի։ Երբես այդ գիրքը վերջացրի, հասկացա, որ Սկոտը ինչպես էլ իրեն պահի, ինչ էլ որ անի, ես պետք է հիշեմ, որ դա հիվանդություն է եւ պետք է օգնեմ նրան, աշխատեմ լավ բարեկամ լինել նրան։ Նա շատ ու շատ լավ բարեկամներ ուներ, ավելի շատ, քան իմ ծանոթներից որեւէ մեկը։ Բայց ես ինձ մտցրեցի նրանց շարքը, չմտածելով, պետք կգա՞մ նրան, թե՞ ոչ։ Եթե նա կարողացել է գրել այդպիսի հոյակապ գիրք, ինչպիսին է «Մեծ Գետսբին», ես չէի կասկածում, որ նա կարող է գրել նաեւ մեկ ուրիշը, որն ավելի լավը կլինի։ Այն ժամանակ ես դեռ ծանոթ չէի Զելդայի հետ, ուստի չգիտեի, թե ամեն ինչ որքա՜ն սարսափելի է դասավորվում Սկոտի դեմ։ Բայց մենք դրանում համոզվեցինք ավելի շուտ, քան կցանկանայինք։