Changes
Ալեքսեյ Ֆյոդորովիչ Կարամազովը երրորդ որդին էր կալվածատեր Ֆյոդոր Պավլովիչ Կարամազովի, որն իր ժամանակին հանրածանոթ մարդ էր մեր գավառում և հիմա էլ դեռ հիշվում է իր ողբերգական ու խորհրդավոր մահվան պատճառով։ Նրա մահվան մասին, որ տեղի ունեցավ ուղիղ տասներեք տարի առաջ, կխոսեմ պատշաճ պահին։ Իսկ առայժմ ասեմ միայն, որ այդ «կալվածատերը» (այսպես էին կոչում նրան մեզ մոտ, թեև նա իր ամբողջ կյանքի ընթացքում համարյա երբեք չի ապրել իր կալվածում) տարօրինակ տիպ էր, բայց այնպիսին, որին բավական հաճախ կարելի է հանդիպել, այսինքն ոչ միայն անպիտան ու անառակ, այլև միաժամանակ անբան մարդու տիպ։ Բայց նա այն անբաններից էր, որոնք գիտեն հիանալիորեն դասավորել իրենց ունեցվածքին վերաբերող գործերը, և ըստ երևույթին ուրիշ ոչ մի բանի ձեռնհաս չեն։ Ֆյոդոր Պավլովիչն, օրինակ, սկսել է համարյա թե ոչնչից. շատ մանր կալվածատեր էր, միշտ վազ էր տալիս ճաշելու ուրիշների սեղանին, առիթ էր փնտրում ձրիակերություն անելու, այնինչ հետո պարզվեց, որ հարյուր հազար ռուբլի զուտ դրամ ուներ մեռնելու պահին։ Եվ այնուաամենայնիվ նա իր ամբողջ կյանքում եղել է մեր գավառի ամենից ավելի անբան ու խելառ մարդկանցից մեկը։ Կրկնում եմ, սա ոչ թե հիմարություն է,— այդ խելառների մեծ մասը բավական խելացի է ու խորամանկ,— այլ հենց անբանություն, այն էլ ինչ-որ հատուկ, ազգային բնույթի։
Նա երկու անգամ էր ամուսնացել և երեք որդի ուներ․ ավագը՝ Դմիտրի Ֆյոդորովիչն, առաջին կնոջից էր, իսկ մյուս երկուսը՝ Իվանն ու Ալեքսեյը, երկրորդ կնոջից։ Ֆյոդոր Պավլովիչի առաջին կինը Միուսովների՝ նույնպես մեր գավառացի կալվածատերերի բավական հարուստ և ազնվատոհմ գերդաստանից էր։ Թե ինչպես պատահեց, որ օժիտով աղջիկը, այն էլ մի գեղեցկուհի և, ավելին, մեկն այն ժիր ու խելացի կանանցից, որոնք այնքան հաճախադեպ են մեր ներկա սերնդի մեջ, բայց որոնք արդեն երևացել էին նախորդում, կարողացավ ամուսնանալ այդպիսի չնչին մի «թուլամորթի» հետ, ինչպես բոլորն այն ժամանակ կոչում էին Ֆյոդոր Պավլովիչին, հիմա չեմ սկսի մանրամասն բացատրել։ Ա՛յ օրինակ, ես ճանաչում էի անցյալ «ռոմանտիկ» սերնդին պատկանող մի օրիորդի, որ ոմն պարոնի հանդեպ մի քանի տարի առեղծվածային սեր տածելուց հետո, ըստ որում միշտ էլ կարող էր շատ հանգիստ ամուսնանալ նրա հետ, ի վերջո սկսեց անհաղթահարելի արգելքներ հնարել իր սիրո առջև ու մի փոթորկոտ գիշեր, ժայռի նմանվող բարձր ափից, նետվեց բավական խորունկ և արագահոս գետի մեջ ու խորտակվեց, ուղղակի զոհ գնալով իր սեփական քմահաճույքին՝ պարզապես Շեքսպիրի Օֆելիային նմանվելու համար․ և նույնիսկ ավելին, եթե իր այդ վաղուց ընտրած ու սիրած ժայռն այնքան նկարագեղ չլիներ, այլ դրա փոխարեն լիներ պարզապես մի հասարակ հարթ գետափ, ապա ինքնասպանությունն էլ հավանաբար տեղի չէր ունենա բնավ։ Սա ստույգ իրողություն է, և պետք է ենթադրել, որ մեր ռուս իրականության մեջ, վերջին երկու կամ երեք սերունդների կյանքում, քիչ չեն եղել սրա նման կամ նույնատիպ ուրիշ դեպքեր։ Այսպես էլ Ադելաիդա Իվանովնա Միուսովայի արարքը, անտարակույս, ուրիշներից լսած գաղափարների արձագանքն էր և նույնպես հետևանք՝ գերյալ մտքի բորբոքման։ Գուցե նա ուզել է կանացի անկախություն ցուցաբերել, հակադրվել հանրային պայմանականություններին, հակադրվել իր ազգականների և ընտանիքի բռնությանը, իսկ հաճոյակատար երևակայությունը, ենթադրենք, լոկ մի վայրկյան համոզել է նրան, որ Ֆյոդոր Պավլովիչը, չնայած ձրիակեր մարդու իր վիճակին, այնուամենայնիվ բարեփոխման այդ ժամանակաշրջանի ամենահամարձակ ու հեգնասեր մարդկանցից մեկն է, այնինչ նա պարզապես չար բնավորության տեր մի խեղկատակ էր, ուրիշ ոչինչ։ Զգայացունց էր նաև այն, որ ամուսնությունը տեղի ունեցավ առևանգումով, և դա շատ գայթակղիչ էր Ադելաիդա Իվանովնայի համար։ Իսկ Ֆյոդոր Պավլովիչն այն ժամանակ, իր սոցիալակտն դրության իսկ բերումով, հույժ տրամադիր էր որևէ այդպիսի արտակարգ բան անելու, որովհետև բուռն ցանկություն ուներ որևէ կերպ դասավորելու իր կյանքի ընթացքը․ մի լավ գերդաստանի մեջ խցկվելու և օժիտի տիրանալու հեռանկարը շատ հրապուրիչ էր անշուշտ։ Որքան գիտեմ, նրանց միջև փոխադարձ սեր բոլորովին չկար, չկար՝ ոչ հարսի, ոչ էլ նրա կողմից, չնայած նույնիսկ Ադելաիդա Իվանովնայի գեղեցկությանը։ Այնպես որ այս դեպքն իր տեսակի մեջ միակն էր գուցե Ֆյոդոր Պավլովիչի կյանքում, մի մարդու, որ միշտ էլ չափազանց հեշտասեր էր և պատրաստ էր վայրկենապես կպչելու որևէ մի փեշի՝ հենց որ դույզն քաջալերություն ստանար։ Եվ միայն այս կինն էր, որ նրա մեջ ոչ մի հատուկ կիրք չհարուցեց։
Առևանգումից անմիջապես հետո Ադելաիդա Իվանովնան մի ակնթարթում գլխի ընկավ, որ իր ամուսնու հանդեպ միայն արհամարհանք է զգում, ուրիշ ոչինչ։ Այսպիսով, մեկ օրից մյուսը ամուսնությունն իր իսկական գույնը դուրս տվեց։ Թեև աղջկա ընտանիքը բավական շուտ հաշտվեց կատարվածի հետ և փախստականին հատկացրեց իր օժիտը, բայց ամուսիններն սկսեցին չափազանց անկանոն կյանք վարել և անընդհատ տեսարաններ սարքել։ Պատմում էին, որ երիտասարդ կինն այդ պայմաններում անհամեմատ ավելի ազնվություն ու վեհություն էր ցուցաբերում, քան Ֆյոդոր Պավլովիչը, որ, ինչպես հայտնի է դարձել հիմա, տեղն ու տեղը կնոջից թռցրել է նրա բոլոր փողերը՝ օժիտն ստանալուց անմիջապես հետո, այսինքն մոտ քսանհինգ հազար ռուբլի, այնպես որ այդ հազարներն այլևս անհետ կորել են Ադելաիդա Իվանովնայի համար։ Ֆյոդոր Պավլովիչը, կաշվից դուրս գալով, երկար ժամանակ աշխատեց ինչ-որ համապատասխան վավերագիր կնքել ու իր անվանը փոխանցել նաև այն փոքրիկ գյուղն ու քաղաքային բավական լավ տունը, որոնք, նույնպես կնոջ օժիտի մասն էին կազմում։ Հավանաբար հասներ իր նպատակին՝ պարզապես, այսպես ասած, այն արհամարհանքի ու զզվանքի շնորհիվ, որ ամեն րոպե հարուցում էր կնոջ մեջ իր անամոթ շորթումներով ու մուրացկանությամբ, նաև շնորհիվ այն բանի, որ կինը հոգեպես հոգնել էր և ուզում էր միայն գլուխն ազատել նրանից։ Սակայն, բարեբախտաբար, միջամտեց Ադելաիդա Իվանովնայի ընտանիքը և չափավորեց գռփողի ախորժակը։ Ստույգ է, որ ամուսինները հաճախ կռվում էին իրար հետ, բայց, ըստ ավանդաբար հասած զրույցների, ծեծում էր ոչ թե Ֆյոդոր Պավլովիչը, այլ Ադելաիդա Իվանովնան՝ տաքարյուն, համարձակ, թխադեմ, անհամբեր մի կին, որ ֆիզիկական զարմանալի ուժի տեր էր։ Ի վերջո նա թողեց տունը և ամուսնուց փախավ՝ չքավորության մեջ կորած մի սեմինարիստ դասատուի հետ, երեք տարեկան Միտյային թողնելով Ֆյոդոր Պավլովիչի վզին։ Ֆյոդոր Պավլովիչն անմիջապես մի ամբողջ հարեմ սարքեց տանը և անձնատուր եղավ ամենասանձարձակ հարբեցողության, իսկ ընդմիջումներին շրջում էր համարյա ամբողջ նահանգում և լացակումած գանգատվում էր սրան-նրան ու բոլորին, թե Ադելաիդա Իվանովնան լքել է իրեն, ըստ որում իր ամուսնական կյանքի մասին հայտնում էր այնպիսի մանրամասնություններ, որոնք պատմելը շատ ամոթալի բան կլիներ որևէ ամուսնու համար։ Եվ կարևորն այն է, որ վիրավորված ամուսնու իր ծիծաղելի դերը բոլորի առաջ խաղալը և մինչև անգամ իր դժբախտության մանրամասնությունները գունազարդված նկարագրելը կարծես հաճույք էր պատճառում նրան և նույնիսկ շոյում էր ինքնասիրությունը։ «Կարելի է կարծել, թե դուք, Ֆյոդոր Պավլովիչ, պաշտոնի բարձրացում եք ստացել, այնքան գոհ եք երևում, չնայած ձեր մեծ վշտին»,— ասում էին նրան ծաղրասեր մարդիկ։ Շատերը նույնիսկ ավելացնում էին, թե նա ուրախությամբ է խաղում խեղկատակի այս նոր դերը, և թե դիտմամբ, ավելի մեծ ծիծաղ պատճառելու համար ձևացնում է, որ իբր թե չի նկատում իր զավեշտական վիճակը։ Բայց, ով գիտե, գուցե և այդ բոլորն անում էր միամտաբար։ Վերջապես նա կարողացավ ի հայտ բերել իր փախստական կնոջ հետքը։ Պարզվեց, որ խեղճ կինը գտնվում է Պետերբուրգում, ուր գնացել էր իր սեմինարիստի հետ և անվերապահորեն սկսել էր լիովին ազատագրված կյանք ապրել։ Ֆյոդոր Պավլովիչն անմիջապես դեսուդեն ընկավ և սկսեց պատրաստվել Պետերբուրգ գնալու․ ի՞նչ նպատակով՝ ինքն էլ անշուշտ չգիտեր։ Գուցե իրոք գնար այն ժամանակ․ բայց այդպիսի որոշում ընդունելուց հետո իսկույն գտավ, որ ճանապարհ ընկնելուց առաջ, ուժ ստանալու համար, հատկապես իրավունք ունի նորից սանձարձակ հարբեցողության գիրկը նետվելու։ Եվ ահա հենց այդ ժամանակ կնոջ հարազատները լուր ստացան, որ Ադելաիդա Իվանովնան մահացել է Պետերբուրգում։ Մի տեսակ անսպասելի էր մահացել նա, ինչ-որ ձեղնահարկում, ոմանց պատմելով՝ տիֆից, իսկ ըստ ուրիշների՝ իբրև թե քաղցից։ Ֆյոդոր Պավլովիչը հարբած էր, երբ իմացավ իր կնոջ մահը․ ասում են, վազեց փողոցով մեկ և սկսեց ուրախությունից ձեռքերը երկինք բարձրացնել ու գոռալ՝ «Արդ արձակեա՛ զծառայս քո, տէ՜ր», բայց ոմանք էլ ասում են, թե նա հոնգուր հոնգուր լաց եղավ երեխայի պես, և այնքան, որ մարդիկ նույնիսկ խղճալով էին նայում նրան, հակառակ նրա հանդեպ զգացած իրենց ամբողջ զզվանքին։ Շատ հնարավոր է, որ և՛ մեկն է ճիշտ, և՛ մյուսը, այսինքն և՛ ուրախացել է ազատություն ստանալով, և՛ լաց է եղել իրեն ազատագրողի համար․ երկուսն էլ միաժամանակ։ Մեծ մասամբ մարդիկ, նույնիսկ չարագործները, շատ ավելի միամիտ են ու պարզասիրտ, քան մենք ենթադրում ենք առհասարակ։ Է՜հ, մենք ինքներս էլ այդպես ենք։