Changes

Հրաժեշտ զենքին

Ավելացվել է 38 591 բայտ, 12:28, 17 Մայիսի 2016
/* Գլուխ 19 */
Լաց էր լինում։ Հանգստացրի, ու նա լռեց։ Բայց դեռ անձրև էր գալիս։
 
 
==Գլուխ 20==
 
 
Մի անգամ կեսօրից հետո գնացինք ձիարշավի։ Մեզ հետ էին Ֆերգյուսոնը և Քրոուել Ռոջերսը, որը ռումբի հեռացույց խողովակը հանելիս վնասել էր աչքը։ Աղջիկները հագնվում էին, իսկ մենք երկուսս նստել էինք Ռոջերսի սենյակում, նրա մահճակալին, և սպորտային տեղեկագրում կարդում էինք վերջին ձիարշավների արդյունքների մասին ու տարբեր ենթադրություններ, թե ովքեր կհաղթեն հետագա խաղերին։ Քրոուելի գլուխը վիրակապված էր, և ձիարշավը գրեթե չէր հետաքրքրում նրան, բայց քանի որ բան ու գործ չուներ, կանոնավոր կերպով կարդում էր սպորտային տեղեկագիրը և հետևում ձիերի խաղին։ Ասում էր, որ բոլոր ձիերն էլ անպետք են, բայց ավելի լավերը չկան այստեղ։ Ծերունի Մեյերսը սիրում էր նրան և խորհուրդներ էր տալիս։ Մեյերսը միշտ հաղթում էր, բայց չէր սիրում խորհուրդներ տալ, որովհետև դրանով նվազում էր իր շահույթը։ Ձիարշավի ժամանակ շատ խարդախություններ էին լինում։ Իտալիայում էին աշխատում այն բոլոր ժոկեյները, որոնց վռնդել էին աշխարհի բոլոր ձիարշավարաններից։ Մեյերսի խորհուրդներն ընդհանրապես ճիշտ էին, բայց ես չէի սիրում նրան հարցնել, որովհետև կամ չէր պատասխանում, կամ դժվարությամբ էր բերանը բացում, բայց, չգիտես ինչու, պարտավորված էր զգում անպայման հուշել մեզ, մանավանդ՝ Քրոուելին։ Քրոուելի աչքերը վնասված էին, մի աչքը՝ հատկապես, Մեյերսի աչքն էլ ինչ֊որ կարգին չէր, դրա համար էլ սիրում էր Քրոուելին։ Մեյերսը կնոջը երբեք չէր ասում, թե որ ձիու վրա է խաղում, և կինը մեկ շահում էր, մեկ տարվում, մեծ մասամբ՝ տարվում և անընդհատ շատախոսում։
 
Չորս հոգով նստեցինք մի բաց կառք ու գնացինք Սեն֊Սիրո։ Հիանալի օր էր։ Մենք անցանք զբոսայգով, հետո գնացինք տրամվայի գծերի երկայնքով, վերջապես դուրս եկանք քաղաքից և ընկանք մի փոշոտ ճանապարհ։ Ճանապարհի երկու կողմերում երկաթե ճաղերով առանձնատներ կային, լքված այգիներ, ջրառատ առուներ և փոշոտ տերևներով ծածկված ագարակներ։ Հարթավայրի ծայրին երևում էին ֆերմերների տները, ընդարձակ կանաչ դաշտեր, ոռոգիչ առուներ, իսկ հեռավոր հյուսիսում՝ լեռներ։ Ձիարշավարան տանող ճանապարհը լեցուն էր կառքերով։ Դարպասի մոտ կանգնած հսկիչը տոմս չպահանջեց մեզնից, որովհետև մենք զինվորական համազգեստով էինք։ Իջանք կառքից, գնեցինք ծրագիրը, անցանք ճիմով պատված հարթ ճանապարհով և դուրս եկանք մարգաստան։ Տախտակե հին տրիբունաներ էին, տրիբունաների ներքևում՝ դրամարկղներ։ Ախոռների առջև՝ ևս մի շարք դրամարկղներ։ Ցանկապատի մոտ զինվորներ էին խռնվել։ Մարգաստանում մեծ բազմություն էր հավաքվել։ Դռների առջև, մեծ տրիբունայից այն կողմ, ախոռապանները ծառերի տակ ման էին ածում ձիերին։ Ծանոթների միջոցով աթոռներ ճարեցինք Ֆերգյուսոնի և Կետրինի համար ու սկսեցինք դիտել ձիերին։
 
Նրանք ման էին գալիս կլոր շրջանակի մեջ, սանձերից բռնված և գլուխները կախ։ Նրանցից մեկը սև էր, մանիշակագույն երանգով, ու Քրոուելը երդվում էր, թե այդ ձին ներկված է։ Ուշադիր նայեցինք և համաձայնեցինք նրա հետ։ Ձին դուրս բերեցին՝ թամբելու ազդանշան տալուց քիչ առաջ։ Իմացանք ախոռապանի թևին կապված համարը և, ըստ այդ համարի, ծրագրում փնտրեցինք ձիու անունը՝ սևաթույր կրտած ձի, անունը՝ Յափալաք։ Այսօր մրցման էին դուրս գալու այն ձիերը, որոնք հազար լիրայից ավելի չէին շահել երբեք։ Կետրինը հաստատ համոզված էր, որ ձին ներկել են։ Ֆերգյուսոնն ասաց, որ վստահ չէ։ Նրա տեսքն ինձ էլ էր կասկածելի թվում։ Որոշեցինք հենց այդ ձիու վրա խաղալ ու հարյուրական լիրա դրեցինք։ Հաշվեթղթում գրված էր, որ հաղթելու դեպքում երեսունհինգ անգամ ավելի կվճարվի։ Քրոուելը գնաց տոմսերն առնելու, իսկ մենք դիտում էինք, թե ինչպես ժոկեյները ծառերի տակ մի շրջան էլ արեցին, հետո ճանապարհ դուրս եկան և դանդաղ վազքով ուղղվեցին դեպի շրջադարձը, որտեղից պետք է մեկնարկ տրվեր։
 
Բարձրացանք տրիբունա, որպեսզի ձիարշավին հետևենք։ Այդ ժամանակ Սեն֊Սիրոյում առաձգական արգելագծեր չկային։ Մի մարդ հավասարեցրեց շարք կանգնած բոլոր ձիերին (հեռվից շատ փոքր էին երևում նրանք), հետո, երկար մտրակը օդում շրխկացնելով, մեկնարկ տվեց։ Նրանք անցան մեր դիմացից։ Սևաթույր ձին առջևից էր վազում, իսկ շրջադարձի մոտ մյուսներն արդեն բավական ետ էին ընկել նրանից։ Նայեցի հեռադիտակից ու տեսա, թե ինչպես էր ժոկեյը ճգնում զսպել նրան ու չէր կարողանում, և երբ ձիերն անցան շրջադարձից ու դուրս եկան առաջին վազքուղին, սևուկը տասնհինգ կորպուսով առաջ էր մյուսներից։ Նա անցավ սյունից և ևս կես շրջան արեց։
 
― Հիանալի է, ― ասաց Կետրինը։ ― Երեք հազար լիրայից ավելի կշահենք։ Ինչ հրաշալի ձի է։
 
― Հուսով եմ, որ մինչև վճարումը չի գունաթափվի, ― ասաց Քրոուելը։
 
― Չէ, իսկապես, հրաշալի ձի է, ― ասաց Կետրինը։ Հետաքրքիր է, միստր Մեյերսը նրա վրա՞ է խաղացել, թե ոչ։
 
― Շահեցի՞ք, ― գոռացի ես Մեյերսին։
 
Նա գլխով արեց։
 
― Իսկ ես տանուլ տվեցի, ― ասաց միսսիս Մեյերսը։ ― Իսկ դուք ո՞ր ձիու վրա էիք խաղում, երեխաներ։
 
― Յափալաքի։
 
― Իսկապե՞ս։ Այդ ձիու համար մեկի դիմաց երեսունհինգ են տալիս։ Գույնը դուր եկավ մեզ։
 
― Իսկ ինձ դուր չեկավ։ Շատ խեղճ թվաց։ Ասում էին, որ չարժե նրա վրա խաղալ։
 
― Շահույթը քիչ կլինի, ― ասաց Մեյերսը։
 
― Երեսունհինգ է նշված, ― ասացի ես։
 
― Շահույթը քիչ կլինի, ― ասաց Մեյերսը։ ― Վերջին պահին ահագին փող դրեցին այդ ձիու վրա։
 
― Ո՞վ։
 
― Քեմփթոնն ու իր տղաները։ Այ, կտեսնեք։ Եթե մեկի դիմաց երկու տան, էլի լավ է։
 
― Ուրեմն, երեք հազար լիրա չենք ստանա, ― ասաց Կետրինը։ ― Չեմ հավանում այս ձիարշավերը։ Պարզապես խարդախություն են անում։
 
― Երկու հարյուր լիրա կստանաք։
 
― Դատարկ բան։ Ինչներիս է պետք երկու հարյուր լիրան։ Կարծում էի, երեք հազար կստանանք։
 
― Խարդախություն և զզվանք, ― ասաց Ֆերգյուսոնը։
 
― Ճիշտ է, ― ասաց Կետրինը։ ― Եթե խարդախություն չանեին, մենք այդ ձիու վրա չէինք խաղա։ Բայց ինձ դուր է գալիս, որ երեք հազար լիրա ենք շահելու։
 
― Իջնենք, մի բան խմենք և իմանանք, թե ինչ ենք շահել, ― ասաց Քրոուելը։
 
Մոտեցանք հաշվետախտակին, և հենց այդ ժամանակ վճարումների զանգը խփեց, ու Յափալաքի անվան դիմաց գրվեց տասնութ ու հիսուն։ Դա նշանակում էր, որ մեկի դեմ երկուս էլ չենք ստանա։
 
Իջանք մեծ տրիբունայի տակ գտնվող բարը և մի֊մի սոդայով վիսկի խմեցինք։ Հանդիպեցինք երկու ծանոթ իտալացիների և փոխհյուպատոս Մակ Ադամսին ու միասին վեր բարձրացանք։ Իտալացիները հանդիսավվոր էին պահում իրենց։ Մակ Ադամսը խոսքի բռնվեց Կետրինի հետ, իսկ մենք իջանք ներքև՝ նորից տոմսեր առնելու։ Դրամարկղներից մեկի մոտ կանգնած էր միստր Մեյերսը։
 
― Հարցրեք, թե որ ձիու վրա է խաղում, ― ասացի Քրոուելին։
 
― Որի՞ վրա եք խաղում, միստր Մեյերս, ― հարցրեց Քրոուելը։
 
Մեյերսը ծոցագրպանից հանեց ծրագիրը և մատիտով ցույց տվեց հինգերորդ համարը։
 
― Դեմ չե՞ք, եթե մենք էլ այդ համարի վրա խաղանք, ― հարցրեց Քրոուելը։
 
― Խաղացեք, խաղացեք։ Բայց կնոջս չասեք, որ ես եմ ձեզ խորհուրդ տվել։
 
― Գնանք մի բան խմենք, ― ասացի ես։
 
― Շնորհակալություն։ Առհասարակ չեմ խմում։
 
Մեկ շրջանի համար վճարեցինք լիրա, երկու շրջանի համար՝ ևս հարյուր, և դարձյալ մի֊մի բաժակ սոդայով վիսկի խմեցինք։ Տրամադրությունս շատ բարձր էր։ Մենք նորից երկու ծանոթ իտալացու հանդիպեցինք, խմեցինք յուրաքանչյուրի հետ և վերադարձանք աղջիկների մոտ։ Այս իտալացիները ևս շատ հանդիսավոր էին իրենց պահում և այդ իմաստով չէին զիջում նախորդ երկուսին։ Այնքան էին հանդիսավոր, որ քիչ անց արդեն ոչ ոք չէր կարողանում տեղը նստել։ Տոմսերը տվեցի Կետրինին։
 
―Ո՞ր ձին է։
 
― Չգիտեմ։ Միստր Մեյերսն է ընտրել։
 
― Անո՞ւնն էլ չգիտես։
 
― Ոչ։ Կարող ես ծրագրում փնտրել։ Կարծեմ հինգերորդն է։
 
― Շատ հուզիչ է ձեր դյուրահավատությունը, ― ասաց նա։
 
Հինգերորդը հաղթեց, բայց մենք ոչինչ չշահեցինք։ Միստր Մեյերսը զայրացած էր։
 
― Քսան լիրա շահելու համար պետք է երկու հարյուր դնել, ― ասաց նա։ ― Տասի դիմաց՝ տասներկու։ Ի՞նչ օգուտ դրանից։ Կինս քսան լիրա է շահել։
 
― Ես ձեզ հետ կգամ, ― Կետրինն ասաց ինձ։
 
Իտալացիները վեր կացան։ Մենք իջանք ներքև և մոտեցանք մարգաստանին։
 
― Հավանո՞ւմ եք այստեղ, ― հարցրեց Կետրինը։
 
― Ոչինչ, կարծես վատ չէ։
 
― Համենայն դեպս, հետաքրքիր է, ― ասաց նա։ ― Բայց, գիտես, սիրելիս, տանել չեմ կարող, երբ այսքան ծանոթներ են լինում շուրջդ։
 
― Ինչու, այնքան շատ էլ չեն։
 
― Ճիշտ է։ Բայց այդ մեյերսները, մեկ էլ բանկի աշխատողն իր կնոջ ու դուստրիկի հետ․․․
 
― Նա է վճարում չեկերը։
 
― Նա չլինի, թող ուրիշը լինի։ Իսկ իտալացի չորս տղաներն ուղղակի անտանելի էին։
 
― Ուզում ես, մնանք, այստեղից հետևենք մրցմանը։
 
― Շատ լավ կլինի։ Մեկ էլ, գիտես ինչ, արի մի այնպիսի ձիու վրա խաղանք, որի անունն անգամ չենք լսել և, մանավանդ, որի վրա չի խաղում միստր Մեյերսը։
 
― Արի։
 
Մենք խաղացինք «Աչքի լույս» անունով մի ձիու վրա, որը հինգից չորրորդը հասավ ֆինիշին։ Ցանկապատին հենված, նայում էինք ձիերին, որոնք, սմբակները գետնին զարնելով, անցնում էին մեր կողքից։ Ծառերից ու դաշտերից այն կողմ երևում էր Միլանը, իսկ ավելի հեռվում՝ լեռները։
 
― Այստեղ կարծես մի տեսակ ավելի մաքուր եմ, ― ասաց Կետրինը։
 
Թաց և քրտնած ձիերը վերադառնում էին ու ներս մտնում դարպասից։ Ժոկեյները հանգստացնում էին նրանց, մոտենում ծառերին և իջնում։
 
― Արի մի բան խմենք։ Միայն թե այստեղ, որպեսզի տեսնենք ձիերին։
 
― Հիմա կբերեմ, ― ասացի ես։
 
― Տղան թող բերի, ― ասաց Կետրինը և բարձրացրեց ձեռքը։ Ախոռների մոտ գտնվող «Փագոդա» բարի տղաներից մեկը մոտեցավ մեզ։ Նստեցինք երկաթե կլոր սեղանի շուրջը։
 
― Ավելի լավ չէ՞, երբ մենակ ենք։
 
― Այո, ― ասացի ես։
 
― Ես շատ մենակ էի, երբ մեզ հետ այդքան մարդիկ կային։
 
― Այստեղ շատ լավ է, ― ասացի ես։
 
― Այո։ Հոյակապ ձիարշավարան է։
 
― Ճիշտ է։
 
― Մի թող, որ հաճույքդ փչացնեմ։ Հենց որ ուզենաս կբարձրանանք։
 
― Ոչ, ― ասացի ես։ ― Կմնանք այստեղ ու կխմենք։ Հետո խոչընդոտներով ձիարշավ կլինի, ու մենք կկանգնենք ջրափոսի մոտ։
 
― Ինչքան բարի ես իմ նկատմամբ, ― ասաց նա։
 
Ու քանի որ այսքան երկար մնացինք մենակ, արդեն հաճելի էր մյուսներին տեսնել։ Եվ մենք հիանալի ժամանակ անցկացրինք։
 
 
==Գլուխ 21==
 
 
Եկան սեպտեմբերյան առջին ցուրտ գիշերները, հետո օրերն էլ ցրտեցին, տերևները դեղնեցին զբոսայգում, և մենք հասկացանք, որ ամառն անցավ։ Գործերը վատ էին ռազմաճակատում, և դեռ չէր հաջողվում Սան֊Գաբրիելեն գրավել։ Բարինզիցիայի հարթավայրում մարտեր չկային արդեն, իսկ ամսվա կեսին Սան֊Գաբրիելեի տակ ևս մարտերը դադարեցին։ Այդպես էլ չկարողացան քաղաքը գրավել։ Էտտորեն գնաց ռազմաճակատ։ Ձիերին Հռոմ տարան, ու ձիարշավներ այլևս չկային։ Քրոուելը ևս Հռոմ գնաց, որտեղից տեղափոխվելու էր Ամերիկա։ Քաղաքում երկու անգամ հակապատերազմական խռովություն բարձրացավ, լուրջ անկարգություններ եղան նաև Տուրինում։ Ակումբում մի անգլիացի մայոր ինձ ասաց, որ իտալացիները հարյուր հիսուն հազար զինվոր են կորցրել Բարինզիցա հարթավայրում և Սան֊Գաբրիելեի տակ։ Բացի այդ, նա ասաց, որ քառասուն հազար էլ Կարսոյի մոտ են կորցրել։ Մենք խմեցինք, ու նրա լեզուն բացվեց։ Ասաց, որ այս տարի է՛լ ոչ մի մարդ չի լինի և որ իտալացիները իրենց վերմակից ավելին են ոտքերը պարզել։ Ասաց, որ Ֆլանդրիայի վրա կատարված հարձակումը անհաջողության էր մատնվել։ Եթե այսուհետև էլ, այս աշնան նման, մարդկանց չխնայեն, դաշնակիցները մի տարուց կկործանվեն։ Ասաց, որ բոլորս էլ արդեն կործանված ենք, բայց քանի դեռ չգիտենք, հանգիստ ապրում ենք։ Բոլորս էլ կործանված ենք։ Միակ միջոցն է չխոստովանել։ Կհաղթի այն երկիրը, որ վերջինը գլխի կընկնի իր կործանումը։ Մի քիչ էլ խմեցինք։ Ես շտաբից չե՞մ։ Ոչ։ Իսկ ինքը շտաբից է։ Երկուսս էլ, մենակ, փռվել էինք կաշվե մեծ բազմոցին։ Երկարաճիտ փայլատ կոշիկները խնամքով ներկված էին։ Հրաշալի կոշիկներ էին։ Նա ասաց, որ դատարկ բաներ են այս ամենը։ Բոլորն միայն դիվիզիաների և համալրումների մասին են մտածում։ Դիվիզիաների համար իրար միս են կրծում, իսկ հենց որ ստանձնում են ղեկավարությունը, տեղնուտեղը ոչնչացնում են այն։ Բոլորն էլ կործանված են։
 
Գերմանացիներն անընդհատ հաղթում էին։ Ա՜յ թե զինվոր եմ ասել։ Հին հոները, ահա թե ովքեր են իսկական զինվորները։ Բայց նրանք էլ են կործանված։ Բոլորս ենք կործանված։ Հարցրի, թե ինչ կարծիքի էր ռուսների մասին։ Ասաց, որ նրանք էլ են արդեն կործանված։ Շուտով ինքս էլ կհամոզվեմ, որ կործանված եմ։ Ավստրիացիներն էլ են կործանված։ Եթե մի քանի հոնական դիվիզիա ստանան, գլուխ կհանեն։ Իսկ ի՞նչ է կարծում, կհարձակվե՞ն այս աշնանը։ Անկասկած։ Իտալացիները կործանված են։ Բոլորն էլ գիտեն, որ նրանք կործանված են։ Հին հոները կանցնեն Տրենտինոն և Վիչենցայի մոտ կկտրեն երկաթուղային հաղորդակցությունը, և ի՞նչ կլինի իտալացիների վիճակը։ Տասնվեց թվականին ավստրիացիներն արդեն փորձել են, ասացի ես։ Բայց առանց գերմանացիների։ Ճիշտ է, ասացի ես։ Բայց դժվար թե այդպիսի բան անեն, ասաց նա։ Դա շատ պարզ միջոց էր։ Նրանք մի ավելի բարդ բան կմտածեն և վերջնականապես կկործանեն իրենց։ Պետք է գնամ, ասացի ես։ Պետք է հիվանդանոց գնամ։
 
― Ցտեսություն, ― ասաց նա։ Հետո զվարթ, ― հաջողություն։
 
Խոր հակասություն կար նրա հոռետես դատողությունների և ուրախ բնավորության միջև։
 
Մտա վարսավիրանոց ու սափրվեցի, հետո գնացի հիվանդանոց։ Այս օրերին ոտքս այնքան էր լավացել, որ ավելին չէի էլ պատկերացնում։ Դեռ երեք օր առաջ էին քննել։ Ospedale Maggiore-ում մի քանի պրոցեդուրա էր մնացել, ու հիմա ես քայլում էի նրբանցքով և փորձում էի չկաղալ։ Մի ծերունի, ծածկի տակ նստած, ուրվանկարներ էր կտրում թղթի վրա։ Կանգնեցի ու դիտեցի։ Երկու աղջիկ էին կանգնել նրա դիմաց, իսկ նա, գլուխը մի կողմ թեքած, նայում էր նրանց և, մկրատն արագ շարժելով, նույն թղթի վրա կտրում երկուսի ուրվանկարները։ Աղջիկները քրքջում էին։ Մինչև սպիտակ թղթի վրա փակցնելը և աղջիկներին տալը, ծերունին ինձ ցույց տվեց ուրվանկարները։
 
― Լավ են, չէ՞, ― ասաց նա։ ― Չէի՞ք ուզենա։
 
Աղջիկները իրենց ուրվանկարներին նայելով ու ծիծաղելով հեռացան։ Նրանցից մեկն աշխատում էր հիվանդանոցի դիմաց գտնվող գինետանը։
 
― Դե լավ, ― համաձայնեցի ես։
 
― Գլխարկը հանեք։
 
― Ոչ։ Թող մնա գլխարկը։
 
― Վատ կստացվի, ― ասաց ծերունին։ Հետո հանկարծ դեմքը պայծառացավ։ ― Ոչինչ, կարելի է, այսպես ավելի ռազմաշունչ կլինի։
 
Սև թղթի վրա շարժեց մկրատը, հետո երկու մասի բաժանեց, պրոֆիլները կպցրեց ստվարաթղթին և մեկնեց ինձ։
 
― Ինչքա՞ն տամ։
 
― Ոչինչ։ ― Թափ տվեց ձեռքը։ ― Հենց այնպես արեցի ձեզ համար։
 
― Խնդրում եմ։ ― Մի քանի պղնձադրամ հանեցի։ ― Բարի եղեք։
 
― Ոչ։ Ես հաճույքի համար արեցի։ Տվեք ձեր աղջկան։
 
― Շնորհակալություն, ցտեսություն։
 
― Մինչև նոր հանդիպում։
 
Վերադարձա հիվանդանոց։ Գրասենյակում ինձ մի քանի նամակ տվեցին, որոնցից մեկը պաշտոնկան էր։ Ինձ երեք շաբաթ արձակուրդ էին տալիս, որպեսզի լավ կազդուրվեի, իսկ երեք շաբաթ հետո պետք է գնայի ռազմաճակատ։ Ուշադիր կարդացի։ Այո, այդպես էլ գրված էր։ Հոկտեմբերի չորսից, այսինքն, բուժման ավարտից անմիջապես հետո, ես համարվում էի արձակուրդի մեջ։ Երեք շաբաթը բաղկացած է քսանմեկ օրից։ Ուրեմն՝ մինչև հոկտեմբերի քսանհինգը։ Ասացի, որ զբոսնելու եմ մի քիչ և գնացի ընթրելու հիվանդանոցից քիչ այն կողմ գտնվող ռեստորանում, կարդացի նամակները և Corriere della Serra թերթը։ Նամակներից մեկը պապիցս էր, ընտանեկան նորություններ, հայրենասիրական խրատներ, երկու հարյուր դոլլարի չեկ և թերթերի մի քանի կտրածո։ Ձանձրալի մի նամակ մեր վարդապետից, նամակ ֆրանսիական օդագնացության մեջ ծառայող մի ծանոթ օդաչուից, որը պատմում էր իր ուրախ շրջապատի մասին և մի երկտող Ռինալդոյից, որը հարցնում էր, թե ինչքան եմ դեռ վեր ընկնելու Միլանում և ընդհանրապես ի՞նչ նորություններ կան այստեղ։ Նա մի ցուցակ էր ուղարկել և խնդրում էր, որ, ըստ այդ ցուցակի, ձայնապնակներ գնեմ և ինձ հետ տանեմ։ Ընթրիքին մի շիշ կիանտի խմեցի, հետո՝ կոնյակով սուրճ, մինչև վերջ կարդացի թերթը, նամակները դրեցի գրպանս, թերթն ու մանր դրամները թողեցի սեղանին ու դուրս եկա։ Հիվանդանոցի սենյակում հանեցի համազգեստս, հագա պիժամս և խալաթս, փակեցի պատշգամբի վարագույրները և, կիսապառկած, սկսեցի կարդալ բոստոնյան թերթերը, որոնք միսսիս Մեյերսն էր բերել իր սիրելի տղաներին։ Չիկագո ― Ուայթ ― Սոքս խումբը շահել էր ամերիկյան լիգայի մրցանակը, իսկ Ազգային լիգայում առաջին տեղն էր գրավել Նյու֊Յուրք Զայեբթսի խումբը։ Բեյբ Ռութը հիմա Բոստոնում էր խաղում։ Ձանձրալի թերթեր էին, շատերը՝ տեղական ու մաշված, իսկ պատերազմական տեղեկությունները՝ հին։ Ամերիկյան լուրերում անընդհատ խոսվում էր ռազմավարժարանների մասին։ Ուրախ էի, որ ռազմավարժարանում չեմ։ Սպորտային լուրերից բացի ուրիշ ոչինչ չէի կարողանում կարդալ, թեև դրանք էլ առանձնապես հետաքրքիր չէին։
 
Երբ միանգամից շատ թերթ ես կարդում, հնարավոր չէ հետաքրքրությամբ կարդալ։ Թերթերն այնքան էլ նոր չէին, բայց ես բոլորը կարդացի։ Մտածում էի, թե արդյոք կփակե՞ն սպորտային միությունները, եթե Ամերիկան լրջորեն մասնակցի պատերազմին։ Դժվար թե։ Միլանում, առաջվա պես, ձիարշավեր էին լինում, թեև պատերազմի ամենաեռուն շրջանն էր։ Ֆրանսիայում արդեն ձիարշավեր չկան։ Հենց այնտեղից էլ բերել էին մեր Յափալաքին։ Կետրինի հերթապահությունը սկսվում էր ուղիղ ժամը իննից։ Ու երբ նա եկավ, միջանցքից լսեցի ոտնաձայները և, մի անգամ, բայց դռնից տեսա նրան։ Նա շրջեց մյուս պալատները, հետո եկավ ինձ մոտ։
 
― Ուշ եմ եկել, սիրելիս, ― ասաց նա։ ― Շատ գործ ունեի։ Ինչպե՞ս ես։
 
Պատմեցի թերթերի ու արձակուրդի մասին։
 
― Ինչ լավ է, ― ասաց նա։ ― Ո՞ւր ես ուզում գնալ։
 
― Ոչ մի տեղ։ Ուզում եմ այստեղ մնալ։
 
― Շատ իզուր։ Մի լավ տեղ գտիր, ես էլ կգամ։
 
― Ինչպե՞ս։
 
― Չգիտեմ։ Բայց կգամ։
 
― Ինչ լավն ես։
 
― Ոչ, լավը չեմ։ Բայց երբ կյանքում ոչինչ չունես կորցնելու, ամեն ինչ կարելի է հեշտությամբ կարգավորել։
 
― Ի՞նչ ես ուզում ասել։
 
― Ոչինչ։ Մտածում էի, թե հիմա ինչքան չնչին են այն խոչընդոտները, որոնք առաջ մեծ էին թվում։
 
― Կարծում եմ, որ դժվար կլինի այս մեկը կարգավորել։
 
― Ոչ, սիրելիս։ Ծայրահեղ դեպքում ամեն ինչ կթողնեմ, կգնամ։ Բայց դժվար թե բանը դրան հասնի։
 
― Իսկ ո՞ւր գնանք։
 
― Միևնույն է։ Ուր որ ուզում ես։ Մի տեղ, ուր ոչ մի ծանոթ չկա։
 
― Ուրեմն միևնո՞ւյն է քեզ համար։
 
― Այո։ Միայն թե գնանք։
 
Նա մի տեսակ լարված էր ու մտհոգված։
 
― Ի՞նչ է պատահել, Կետրին։
 
― Ոչինչ։ Ոչինչ չի պատահել։
 
― Ճիշտ չես ասում։
 
― Ճիշտ եմ ասում։ Ոչինչ չի պատահել։
 
― Ոչ, ճիշտ չես։ Ասա ինձ, սիրելիս։ Դու ինձ կարող ես ասել։
 
― Ոչինչ չի պատահել։
 
― Ասա։
 
― Չեմ ուզում։ Վախենում եմ վշտանաս կամ անհանգստանաս։
 
― Մի վախենա։
 
― Վստա՞հ ես։ Դա ինձ չի վշտացնում, բայց վախենում եմ, որ քեզ վշտացնի։
 
― Եթե քեզ չի վշտացնում, ուրեմն, ինձ էլ չի կարող։
 
― Չեմ ուզում ասել։
 
― Ասա։
 
― Շա՞տ ես ուզում։
 
― Այո։
 
― Երեխայի եմ սպասում, սիրելիս։ Գրեթե երեք ամիս է արդեն։ Չես վշտանում, չէ՞։ Խնդրում եմ, մի վշտանա։ Չպետք է վշտանաս։
 
― Չեմ վշտանում։
 
― Իսկապե՞ս։
 
― Իհարկե։
 
― Ամեն ինչ արեցի։ Ամեն ինչ փորձեցի, բայց բան դուրս չեկավ։
 
― Ինչո՞ւ պիըի վշտանամ։
 
― Այդպես ստացվեց, սիրելիս, բայց ես չվշտացա։ Դու էլ մի վշտանա և մի անհանգստանա։
 
― Ես միայն քեզ համար եմ անհանգստանում։
 
― Իզուր։ Ինչ մի արտակարգ բան է եղել։ Բոլորն են ծննդաբերում։ Բնական երևույթ է։
 
― Ինչ լավն ես։
 
― Ոչ, լավը չեմ։ Բայց դու չպետք է մտածես, սիրելիս։ Կաշխատեմ չանհանգստացնել քեզ։ Չնայած արդեն անհանգստացրի։ Բայց մինչև հիմա լավ էի պահում ինձ, չէ՞։ Մտքովդ անգամ չէր անցում, չէ՞։
 
Ոչ։
 
― Սրանից հետո էլ այդպես կլինի։ Դու բնավ չպետք է վշտանաս։ Բայց տեսնում եմ, որ արդեն վշտացել ես։ Վերջ տուր։ Հենց հիմա վերջ տուր։ Ուզո՞ւմ ես մի բան խմել, սիրելիս։ Գիտեմ, հենց որ խմում ես, տրամադրությունդ իսկույն բարձրանում է։
 
― Ոչ։ Հիմա էլ բարձր է տրամադրությունս։ Իսկ դու աննման ես։
 
― Ոչ, աննման չեմ։ Բայց ես ամեն ինչ կկարգավորեմ, ու մենք միասին կլինենք, միայն որոշիր ուր գնալ։ Երևի լավ եղանակ կլինի հոկտեմբերին։ Մենք հիանալի ժամանակ կանցկացնենք, իսկ երբ ճակատ գնաս, ես ամեն օր կգրեմ քեզ։
 
― Իսկ դու որտե՞ղ կլինես։
 
― Դեռ չգիտեմ։ Բայց երևի մի շատ լավ տեղ։ Ես հետո ամեն ինչ կհոգամ։
 
― Որոշ ժամանակ լուռ էինք։ Կետրինը նստել էր մահճակալին, ու ես նայում էի նրան, բայց մենք չէինք դիպչում իրար։ Մեզնից ամեն մեկը քաշվել էր իր մեջ, կարծես մի կողմնակի մարդ էր սենյակ մտել և անհարմար վիճակ ստեղծել։ Նա բռնեց իմ ձեռքը։
 
― Չե՞ս նեղանում, չէ՞։
 
― Ոչ։
 
― Եվ քեզ չի թվում, թե ծուղակ ես ընկել, չէ՞։
 
― Մի քիչ, բայց ոչ քո պատճառով։
 
― Գիտեմ, որ իմ պատճառով չէ։ Հիմար բաներ մի ասա։ Ընդհանրապես ծուղակ նկատի ունեի։
 
― Ֆիզիոլոգիան միշտ էլ ծուղակ է։
 
Մի պահ նա կարծես հեռացավ ինձնից, թեև ոչ շարժվում էր, ոչ էլ ձեռքս էր բաց թողել։
 
― «Միշտը» վատ բառ է։
 
― Ներիր։
 
― Ոչինչ։ Բայց, հասկանում ես, ես երբեք երեխա չեմ ունեցել, երբեք ոչ մեկին չեմ սիրել։ Փորձել եմ այնպիսին լինել, ինչպիսին դու ես ցանկացել, և հանկարծ ասում ես «միշտ»։
 
― Դե լավ, հիմա լեզուս կկտրեմ, ― ասացի ես։
 
― Սիրելիս։ ― Նա նորից վերադարձավ ինձ մոտ։ ― Ուշադրություն մի դարձրու ինձ վրա։ ― Մենք նորից միասին էինք, և անհարմար վիճակն արդեն վերացել էր։ ― Չէ՞ որ մենք մի մարմին ենք։ Կարիք չկա դատարկ բաներից կպչել։
 
― Եվ չենք կպչի։
 
― Բայց հաճախ է այդպես լինում։ Մարդիկ սիրում են իրար, և դատարկ բաներից կպչում, վիճում են, գժտվում, և մի օր էլ հանկարծ պարզվում է, որ այլևս մի մարմին չեն։
 
― Մենք չենք գժտվի։
 
― Չպետք է գժտվենք։ Չէ՞ որ աշխարհում միայն ես ու դու ենք բոլոր մյուսների դիմաց։ Եթե մեր միջև որևէ վատ բան լինի, մենք կկորչենք, և մեզ իսկույն կհոշոտեն։
 
― Չեն կարողանա, ― ասացի ես։ ― Որովհետև դու շատ քաջ ես։ Քաջերին դժվար է ծնկի բերել։
 
― Բայց նրանք էլ են մեռնում։
 
― Միայն մի անգամ։
 
― Մի՞թե։ Իսկ ո՞վ է ասել․․․
 
― Որ վախկոտը հազար անգամ է մեռնում, իսկ քաջը մե՞կ։
 
― Այո։ Բայց ո՞վ է ասել։
 
― Չգիտեմ։
 
― Երևի ասողն ինքը վախկոտ է եղել։ Շատ բան է իմացել վախկոտների մասին, իսկ քաջերի մասին՝ ոչինչ։ Եթե քաջը նաև խելացի է, գուցե և երկու հազար անգամ է մեռնում։ Միայն թե չի պատմում։
 
― Չգիտեմ։ Դժվար է քաջերի հոգին կադալ։
 
― Այո։ Եվ հենց դրանով են նրանք ուժեղ։
 
― Գիտակի պես ես խոսում։
 
― Ճիշտ ես, սիրելիս։ Այս անգամ արժանի էի գովեստիդ։
 
― Դու քաջ ես։
 
― Ոչ, ― ասաց նա։ ― Բայց ուզո՛ւմ եմ լինել։
 
― Իսկ ես քաջ չեմ։ Ես իմ գործը գիտեմ։ Վաղուց եմ ինձ ճանաչում։ Ես նման եմ այն բեյսբոլիստին, որը սեզոնում երկու հարյուր երեսուն գնդակ է խփում և գիտե, որ ավելին չի կարող։
 
― Ի՞նչ է նշանակում «սեզոնում երկու հարյուր երեսուն գնդակ խփել»։ Չտեսնված տպավորիչ է հնչում։
 
― Բնավ էլ տպավորիչ չէ։ Դա նշանակում է միջակ հարձակվող լինել։
 
― Բայց և այնպես՝ հարձակվող, ― անընդհատ դրդում էր նա ինձ։
 
― Չենք կարողանում իրար համոզել, ― ասացի ես։ ― Բայց դու քաջ ես։
 
― Ոչ։ Բայց հուսով եմ, որ կլինեմ։
 
― Երկուսս էլ քաջ ենք, ― ասացի ես։ ― Խմելուց հետո շատ քաջ եմ ես։
 
― Մենք հրաշալի մարդիկ ենք, ― ասաց Կետրինը։ Մոտեցավ պահարանին և հանեց կոնյակի շիշն ու բաժակը։ ― Խմիր, սիրելիս, ― ասաց նա։ ― Լավ վարքի համար։
 
― Չեմ ուզում։
 
― Խմիր, խմիր։
 
― Դե լավ, ― լցրի բաժակի երեք քառորդը և խմեցի։
 
― Ինչ մեծ բաժակ էր, ― ասաց նա։ ― Գիտեմ, որ կոնյակը հերոսների խմիչք է։ Բայց մի չափազանցրու։
 
― Որտե՞ղ ենք ապրելու պատերազմից հետո։
 
― Երևի անկելանոցում, ― ասաց նա։ ― Երեք տարի առաջ միամտաբար կարծում էի, թե պատերազմը մինչև ծնունդ կավարտվի։ Իսկ հիմա կարծում եմ, թե պատերազմը կավարտվի այն ժամանակ, երբ մեր տղան լեյտենանտ դառնա։
 
― Գուցե և գեներալ դառնա։
 
― Եթե սա Հարյուրամյա պատերազմ է, կդառնա, ինչու չէ։
 
― Չե՞ս ուզում խմել։
 
― Ոչ։ Երբ դու խմում ես, տրամադրությունդ բարձրանում է, իսկ երբ ես եմ խմում, գլուխս սկսում է պտտվել։
 
― Կոնյակ չե՞ս խմել բնավ։
 
― Ոչ, սիրելիս։ Ես շատ հնատարազ կին եմ։
 
Գետնից վերցրի շիշը և նորից լցրի բաժակս։
 
― Գնամ տեսնեմ ի՞նչ են անում հայրենակիցներդ, ― ասաց Կետրինը։ ― Գուցե թե՞րթ կարդաս մինչև վերադարձս։
 
― Պետք է անպայմա՞ն գնաս։
 
― Կամ հիմա, կամ հետո։
 
― Լավ։ Հիմա գնա։
 
― Շուտ կգամ։
 
― Իսկ ես մինչև վերջ կկարդամ թերթերը, ― ասացի ես։
 
Ադմին, Վստահելի
1876
edits