― Իսկ ես մինչև վերջ կկարդամ թերթերը, ― ասացի ես։
==Գլուխ 22==
Գիշերը ցրտեց, և հաջորդ օրն անձրև եկավ։ Երբ Ospedale Maggiore-ից տուն էի վերադառնում, ուժեղ անձրև էր գալիս, ու ես մինչև ոսկորներս թրջվեցի։ Սենյակիս պատշգամբը հեղեղվել էր, և քամին ջուրը խփում էր ապակիներին։ Փոխեցի զգեստս և կոնյակ խմեցի, բայց տհաճ էր համը։ Գիշերը վատ զգացի, և առավոտյան, նախաճաշից հետո փսխեցի։
― Պարզ է, ― ասաց հիվանդանոցի բժիշկը։ ― Աչքի սպիտակուցը նայեք, միսս։
Միսս Գեյջը նայեց։ Հայելի տվեցին, որպեսզի ես էլ նայեմ։ Աչքերիս սպիտակուցները դեղնել էին։ Եվ դա դեղնախտ էր։ Երկու շաբաթ հիվանդ պառկեցի։ Արձակուրդս ջուրն ընկավ, ու մենք չկարողացանք վերջին օրերը միասին անցկացնել։ Ուզում էինք Պալանցի գնալ, Լագո Մաջորե։ Աշնանը, երբ տերևներն սկսում են դեղնել, անչափ հաճելի է այնտեղ։ Զբոսնելու շատ տեղեր կան, և լճում կարելի է կարմրախայտ որսալ։ Պալանցան երևի ավելի լավ էր Ստրեյզայից, որովհետև քիչ մարդ էր լինում այդ կողմերում։ Միլանից շատ հարմար էր Ստրեզա գնալ, որովհետև բազմաթիվ ծանոթներ ունեինք այնտեղ։ Պալանցայի մոտ հիանալի գյուղեր կային, և նավակով կարելի էր հասնել մինչև ձկնորսների կղզիները, իսկ ամենամեծ կղզում ռեստորան կար։ Բայց մեզ ոչ մի տեղ չհաջողվեց գնալ։
Մի անգամ, երբ դեռ պառկած էի դեղնախտով, սենյակ մտավ միսս Վան Քամփենը, բաց արեց զգեստապահարանի դուռը և դատարկ շշեր տեսավ։ Դռնապանը հենց նոր մեծ քանակությամբ շշեր էր դուրս տարել և, ըստ երևույթին, միսս Վան Քամփենը տեսել էր այդ, ու հիմա եկել էր ստուգելու, թե էլ չկա արդյոք։ Ամենից շատ վերմուտի շշեր կային, մարսալայի շշեր, կապրիի շշեր, կյանտիի դատարկ տափաշշեր և կոնյակի մի քանի շիշ։ Դռնապանը տարել էր վերմուտի ամենամեծ շշերը և կյանտիի ծղոտապատ տափաշշերը, իսկ կոնյակի շշերը թողել էր վերջում։ Միսս Վան Քամփենը գտավ կոնյակի շշերը և կյումելի արջանման մի շիշ։ Հատկապես արջանման շիշը ջղայնացրեց միսս Վան Քամփենին։ Վերցրեց ու նայեց։ Արջը նստել էր ետին թաթերի վրա և բարձրացրել առջևի թաթերը։ Նրա ապակե գլխի մեջ խցան կար, իսկ հատակին՝ մի քանի մածուցիկ բյուրեղներ։ Ես ծիծաղեցի։
― Կյումել է, ― ասացի ես։ ― Լավագույն կյումելներն արջանման շշերով են վաճառում։ Ռուսաստանից են բերում։
― Իսկ սրանք կոնյակի շշեր են, եթե չեմ սխալվում, ― ասաց միսս Վան Քամփենը։
― Լավ չի երևում այստեղից, ― ասացի ես։ ― Բայց, հավանաբար, այո։
― Եվ որքա՞ն ժամանակ է սա շարունակվում։
― Գնել եմ և հետս եմ բերել, ― ասացի ես։ ― Հաճախ իտալական սպաներ են ինձ այցելում, ու ես կոնյակ եմ հյուրասիրում նրանց։
Իսկ դուք չեք խմել, չէ՞, ― հարցրեց նա։
― Ինչու չէ, խմել եմ։
― Կոնյակ, ― ասաց նա։ ― Կոնյակի տասնմեկ դատարկ շիշ և արջի հեղուկ։
― Կյումել։
― Ես հիմա մեկնումեկին կուղարկեմ, որ հավաքի։ Ուրիշ դատարկ շշեր չկա՞ն։
― Առայժմ ոչ։
― Իսկ ես խղճում էի, որ դեղնախտով եք հիվանդացել։ Մինչդեռ ձեզ խղճալ՝ նշանակում է իզուր ժամանակ վատնել։
― Շնորհակալություն։
― Ես ձեզ եմ մեղադրում, որ չեք ուզում ճակատ վերադառնալ։ Բայց կարծում եմ, որ կարող էիք ավելի խելամիտ միջոց հնարել և ոչ թե ալկոհոլ խմելով դեղնախտ ընկնել։
― Ինչո՞վ։
― Ալկոհոլ խմելով։ Դուք շատ լավ լսեցիք, թե ինչ ասացի։ ― Ես լուռ էի։ ― Եթե նոր բան չհնարեք, բուժվելուց հետո, դժբախտաբար, ստիպված կլինեք ճակատ վերադառնալ։ Չեմ կարծում, որ կանխամտածված կերպով դեղնախտ ընկնողներին արձակուրդ հասնի ապաքինման համար։
― Չե՞ք կարծում։
― Ոչ, չեմ կարծում։
― Դեղնախտով երբևիցե հիվանդացե՞լ եք, միսս Վան Քամփեն։
― Ոչ, բայց շատ հիվանդների եմ տեսել։
― Չե՞ք նկատել, թե նրանք ինչքան հաճույք են ստացել դրանից։
― Երևի դեղնախտը նախընտրելի է ռազմաճակատից։
― Միսս Վան Քամփեն, ― ասացի ես, ― դուք երբևիցե տեսե՞լ եք մի մարդու, որը զինծառայությունից ազատվելու համար, քացով տա իր ամորձիքին։
Միսս Վան Քամփենը ականջի ետև գցեց հարցս։ Կամ ականջի ետև պետք է գցեր, կամ պետք է հեռանար։ Հեռանալ չէր ուզում, որովհետև վաղուց ի վեր չէր սիրում ինձ և հիմա իսկական առիթն էր հաշիվները մաքրելու։
― Ես շատ մարդկանց գիտեմ, որոնք կանխամտածված անդամախեղության դիմելով, ազատվել են ռազմաճակատից։
― Խնդիրն այդ չէ։ Ես էլ եմ տեսել կանխամտածված անդամախեղություն։ Ես ձեզ հարց տվեցի, տեսե՞լ եք որևէ մեկի, որը զինծառայությունից ազատվելու համար, քացով տա իր ամորձիքին։ Որովհետև այդ զգացողությունն ու դեղնախտը շատ նման են իրար, և չեմ կարծում, թե շատ կանայք գիտեն այդ։ Ահա թե ինչու, միսս Վան Քամփեն, ես ձեզ հարցրի, հիվանդացե՞լ եք դեղնախտով, թե ոչ որովհետև․․․
Միսս Վան Քամփենը դուրս եկավ սենյակից։ Քիչ անց ներս մտավ միսս Գեյջը։
― Այդ ի՞նչ եք ասել միսս Վան Քամփենին։ Կատաղել է։
― Մենք տարբեր զգացողություններ էինք համեմատում իրար հետ։ Ենթադրություն հայտնեցի, թե նա երևի չի ծննդաբերել երբեք․․․
― Դուք խենթ եք, ― ասաց Գեյջը։ ― Եթե ձեռքից գա, ձեր կաշին կքերթի։
― Արդեն քերթել է, ― ասացի ես։ ― Ձախողել է արձակուրդս, հիմա գուցե ռազմադաշտային դատարան հանձնի ինձ։ Ամեն ինչ սպասելի է նրանից։
― Նա միշտ էլ ձեզ չի սիրել, ― ասաց Գեյջը։ ― Իսկ ինչի՞ց սկսվեց խոսակցությունը։
― Ասաց՝ դիտմամբ այնքան եմ խմել, որ դեղնախտ ընկնեմ ու ճակատ չվերադառնամ։
― Ո՜ւֆ, ― ասաց Գեյջը։ ― Կերդվեմ, որ ոչ մի կաթիլ չեք խմել։ Բոլորն էլ կերդվեն, որ ոչ մի կաթիլ չեք խմել։
― Նա գտավ շշերը։
― Հազար անգամ ասացի՝ պետք է հավաքել շշերը։ Որտե՞ղ են հիմա։
― Պահարանում։
― Ճամպրուկ ունե՞ք։
― Ոչ։ Ուսապարկի մեջ դրեք։
― Միսս Գեյջը հավաքեց շշերը ու դրեց ուսապարկի մեջ։
― Դռնապանին կտամ, ― ասաց նա և ուղղվեց դեպի դուռը։
― Մի րոպե, ― ասաց միսս Վան Քամփենը։ ― Այս շշերը ես կվերցնեմ։ ― Նրա հետ էր նաև դռնապանը։ ― Խնդրում եմ, վերցրեք սա։ Ուզում եմ բժշկին ցույց տալ, երբ զեկուցեմ նրան։
Դուրս եկավ միջանց ու հեռացավ։ Դռնապանը տարավ ուսապարկը։ Գիտեր, թե մեջն ինչ կար։
Ոչինչ չպատահեց, միայն արձակուրդս կորցրի։
==Գլուխ 23==
Այն գիշեր, երբ պետք է ճակատ վերադառնայի, դռնապանին կայարան ուղարկեցի, որպեսզի հենց որ գնացքը Տուրինից գա, ինձ համար տեղ գրավի վագոնում։ Գնացքը մեկնում էր կեսգիշերին։ Տուրինում կազմվում էր վերջնականապես և տասն անց կեսի մոտ հասնում Միլան ու, մինչև մեկնումը, սպասում կայարանում։ Տեղ ունենալու համար հարկավոր էր կայարան գալ մինչև գնացքի ժամանումը։ Դռնապանը գնաց արձակուրդի մեջ գտնվող մի գնդացրորդի հետ, որն աշխատում էր կարի արհեստանոցում։ Նա վստահ էր, որ երկուսով անպայման կկարողանան ինձ համար տեղ գրավել։ Կառամատույցի տոմսի փող տվեցի նրանց և խնդրեցի, որ իրերս էլ տանեն։ Մի մեծ ուսապարկ էր ու երկու ուղեպարկ։
Մոտ ժամը հինգին մնաս բարով ասացի և դուրս եկա հիվանդանոցից։ Դռնապանն իրերս արդեն իր սենյակն էր տարել, ու ես նրան ասացի, որ կայարան կգամ կեսգիշերից առաջ։ Նրա կինն ինձ «Signorino» կոչեց ու լաց եղավ։ Հետո աչքերը սրբեց, սեղմեց ձեռքերս ու նորից լաց եղավ։ Թփթփացրի ուսին, և նա կրկին լաց եղավ։ Կարճահասակ, գիրուկ, սպիտակահեր, բարեդեմ մի կին էր։ Միշտ գուլպաներս էր կարկատում։ Արտասվելու ժամանակ դեմքը կարծես մասերի էր բաժանվում։ Գնացի անկյունի բարը և, պատուհանին նայելով, սկսեցի սպասել։ Փողոցում մութ էր, և ցուրտ, և մշուշ։ Վճարեցի սուրճի և գրապպայի փողը ու սկսեցի դիտել, թե ինչպես էին մարդիկ անցնում պատուհանից ընկնող լուսաշերտի միջով։ Տեսա Կետրինին և խփեցի ապակուն։ Նայեց, տեսավ ինձ, ժպտաց, ու ես դուրս եկա նրան դիմավորելու։ Մուգ կապույտ անձրևաթիկնոց էր հագել և փափուկ ֆետրե գլխարկ։ Քայլեցինք մայթի վրա շարված գինետների կողքով, կտրեցինք շուկայի հրապարակը։ Հրապարակը հատվում էր տրամվայի գծերով, որոնց ետևում բարձրանում էր տաճարը։ Մշուշի մեջ՝ ճերմակ ու թաց։ Մենք անցանք տրամվայի գծերը։ Ձախ կողմում երևում էին լուսավոր ցուցափեղկերով խանութներ և galleria֊յի մուտքը։ Մշուշը խտանում էր հրապարակի վրա, և մոտ հեռավորությունից տաճարը շատ մեծ էր, իսկ պատերը թաց էին։
― Ուզո՞ւմ ես մտնենք։
― Ոչ, ― ասաց Կետրինը։
Շարունակեցինք մեր ճանապարհը։ Քարե որմնահեցերից մեկի ստվերում կանգնել էին մի զինվոր և մի աղջիկ, և մենք նրանց կողքով անցանք։ Կիպ կպել էին պատին, և զինվորն իր թիկնոցով ծածկել էր աղջկան։
― Մեզ նամն են, ― ասացի ես։
― Ոչ ոք մեզ նման չէ, ― ասաց Կետրինը։
Հիմա ոչ մի ուրախ բան չկար նրա մտքում։
― Գնալու տեղ էլ չունեն։
― Գուցե դա ավելի լավ է նրանց համար։
― Չգիտեմ։ Համենայն դեպս, ամեն մարդ պետք է գնալու տեղ ունենա։
― Կարող են տաճար գնալ, ― ասաց Կետրինը։
Մենք արդեն անցել էինք տաճարը։ Հասանք հրապարակի ծայրին և շրջվեցինք։ Գեղեցիկ էր տաճարը մշուշի մեջ։ Կանգնել էինք կաշվե ապրանքների խանութի առջև։ Ցուցափեղկում կային ձիավարության երկարաճիտք կոշիկներ, ուսապարկեր ու դահուկավազքի ոտնամաններ։ Ամեն ինչ առանձին էր դրված, ուսապարկը՝ մեջտեղում, երկարաճիտք կոշիկները՝ մի կողմում, դահուկավազքի ոտնամանները՝ մյուս։ Մուգ գույնի կաշի էր, հարթ և մաշված թամբի նման պլպլան։ Էլեկտրական լույսը ցոլք էր գցել կաշու աղոտ փայլի վրա։
― Մի օր մենք էլ դահուկ կքշենք։
― Երկու ամսից Մյուրենում բացվում է դահուկի սեզոնը, ― ասաց Կետրինը։
― Չգնա՞նք Մյուրեն։
― Գնանք, ― ասաց նա։
Անցանք ուրիշ ցուցափեղկերի կողքով ու թեքվեցինք դեպի նրբանցքը։
― Առաջին անգամ եմ այս փողոցներով անցնում։
― Իսկ ես միշտ այս փողոցներով եմ Ospidale Maggiore գնացել, ― ասացի ես։
Նրբանցքը նեղ էր, ու մենք քայլում էինք աջ կողմից։ Խիտ մշուշի մեջ շատ անցորդներ կային։ Բոլոր կրպակների լույսերը վառվում էին։ Կանգնեցինք ցուցափեղկերից մեկի առջև ու դիտեցինք իրար վրա շարված պանիրները։ Զինվաճառի կրպակի առջև ես կանգ առա։
― Մի րոպե մտնենք։ Զենք եմ ուզում գնել։
― Ի՞նչ զենք։
― Ատրճանակ։
Ներս մտանք։ Քանդեցի գոտիս, որից կախվել էր դատարկ պատյանը, ու դրեցի վաճառասեղանին։ Խանութում երկու կին էին աշխատում։ Նրանք ինձ մի քանի ատրճանակ ցույց տվին։
― Ուզում եմ, որ նույն չափսի լինի, ― ասացի ես ու բաց արի պատյանը։ Պատյանը մոխրագույն էր և կաշվեպատ։ Գնել էի քաղաքի համար։
― Իսկ սրանք լա՞վ ատրճանակներ են, ― հարցրեց Կետրինը։
― Գրեթե բոլորն էլ միատեսակ են։ Կարելի՞ է սա փորձել, ― հարցրի կանանցից մեկին։
― Կրակելու տեղ չունենք, ― ասաց նա։ ― Բայց լավ ատրճանակ է։ Չեք զղջա։
Իջեցրի հրահանը ու քաշեցի փակաղակը։ Զսպանակը բավական ձիգ էր, բայց լավ էր գործում։ Նշան առա ու նորից իջեցրի հրահանը։
― Նոր չէ, ― ասաց կինը։ ― Այս հրացանը պատկանում էր մի սպայի, որ առաջնակարգ հրաձիգ էր։
― Ձեր խանութի՞ց էր գնել։
― Այո։
― Իսկ ինչպե՞ս է նորից ձեզ մոտ ընկել։
― Համհարզը բերեց։
― Գուցե իմն էլ է ձեզ մոտ, ― ասացի ես։ ― Ի՞նչ արժե։
― Հիսուն լիրա։ Շատ էժան է։
― Լավ։ Եկու հատ պահունակ տվեք, մի տութ էլ փամփուշտ։
Վաչառասեղանի տակից հանեց պահունակներն ու փամփուշտի տուփը։
― Իսկ թուր չե՞ք ուզում, ― հարցրեց կինը։ ― Գործածված մի թուր ունեմ, շատ էժան։
― Ես ճակատ եմ գնում։
― Հա՜։ Ուրեմն թրի կարիք չունեք, ― ասաց նա։
Վճարեցի փամփուշտի և ատրճանակի գինը, լցրի պահունակները, դրեցի տեղը, ատրճանակը մտցրի դատարկ պատյանի մեջ, մյուս երկու պահունակների մեջ ևս փամփուշտ լցրի, պահեցի պատյանի կաշվե գրպաններում և կապեցի գոտիս։ Ատրճանակի ծանրությունը ձգում էր գոտին։ Մտածեցի, որ բոլոր դեպքերում ստանդարտ ատրճանակներն ավելի լավ են։ Փամփուշտները հեշտ են ճարվում։
― Հիմա մենք լրիվ զինված ենք, ― ասացի ես։ ― Ուիրշ բան չունեմ գնելու, միայն սա էր։ Հիվանդանոց գալուց առաջ ինչ֊որ մեկը երևի վերցրել է ատրճանակս։
― Գոնե սա լավ լիներ, ― ասաց Կետրինը։
― Ուրիշ ոչինչ չե՞ք ուզում, ― հարցրեց կինը։
― Ոնց որ թե չէ։
― Լարով ատրճանակ, ― ասաց նա։
― Այո, տեսա։
Կինն ուզում էր էլի ինչ֊որ բան վաճառել։
― Սուլիչ չե՞ք ուզում։
― Չէ ոնց որ։
Կինն ասաց «ցտեսություն», ու մենք դուրս եկանք փողոց։ Կետրինը նայեց պատուհանին։ Կինը նկատեց մեզ ու գլխով արեց։
― Սա ի՞նչ հայելի է փայտե շրջանակի մեջ։
― Սրանով թռչուններին են հրապուրում։ Հետո դաշտ են գցում։ Արտույտները տեսնում են նրանց ու թռչում, իսկ իտալացիները կրակում են։
― Հնարագետ ժողովուրդ են, ― ասաց Կետրինը։ ― Ձեզ մոտ, Ամերիկայում, արտույտների վրա չեն կրակում, այնպես չէ՞, սիրելիս։
― Միայն պատահաբար։
Մենք անցանք փողոցը ու քայլեցինք մյուս մայթով։
― Հիմա ավելի լավ եմ զգում, ― ասաց Կետրինը։ ― Երբ դուրս եկանք, շատ վատ էի։
― Մենք միշտ էլ լավ ենք զգում, երբ միասին ենք։
― Մենք միշտ միասին ենք լինելու։
― Այո, եթե հաշվի չառնենք, որ կեսգիշերին մեկնում եմ։
― Սիրելիս, մի մտածիր այդ մասին։
Քայլում էինք փողոցով։ Մշուշի մեջ դեղնավուն էին լույսերը։
― Չհոգնեցի՞ր, ― հարցրեց Կետրինը։
― Իսկ դո՞ւ։
― Ոչ։ Հաճելի է քայլելը։
― Բայց պետք չէ երկար քայլել։
― Լավ։
Մենք թեքվեցինք դեպի նրբանցքը, որտեղ ոչ մի լույս չկար։ Կանգ առա ու համբուրեցի Կետրինին։ Համբուրելիս զգացի, որ ձեռքը ուսիս դրեց։ Նա այնպես քաշեց թիկնոցս, որ երկուսս էլ ծածկվեցինք։ Կանգնել էինք մայթին, բարձր պատի տակ։
― Մի տեղ գնան, ― ասացի ես։
― Գնանք, ― ասաց Կետրինը։
Շարունակեցինք քայլել նրբանցքով, մինչև որ հասանք մի մեծ փողոց, որի մի կողմում ջրանցք կար, իսկ մյուս կողմում՝ աղյուսե տներ։ Փողոցի ծայրին տեսա կամրջով անցնող մի տրամվայ։
― Կամրջի վրա կարող ենք կառք գտնել, ― ասացի ես։
Կամրջի վրա, մշուշի մեջ կանգնած, կառքի էինք սպասում։ Կողքից տրամվայներ էին անցնում, որոնք լցված էին տուն շտապող մարդկանցով։ Հետո մի կառք երևաց, բայց զբաղված էր։ Սկսեց անձրև կաթկթել։
― Ոտքով գնանք կամ տրամվայ նստենք, ― ասաց Կետրինը։
― Հիմա կառք կգտնենք, ― ասացի ես։ ― Այստեղ շատ կառքեր են լինում։
― Ահա, գալիս է, ― ասաց Կետրինը։
Կառապանը կանգնեցրեց ձիերին և իջեցրեց հաշվիչի մետաղե ցուցասլաքը։ Կառքի ծածկոցը փակ էր, և կառապանի թիկնոցը թրջվել էր անձրևից։ Նրա լաքե ցիլինդրը պլպլում էր ջրից։ Մենք նստեցինք ետևում։ Մութ էր փակ ծածկոցի տակ։
― Ասացի՞ր ուր գնա։
― Կայարան։ Կայարանի դիմաց հյուրանոց կա, հենց այնտեղ էլ կգնանք։
― Իսկ կարո՞ղ ենք այսպես հյուրանոց գնալ։ Առանց ճամպրուկի։
― Կարող ենք, ― ասացի ես։
Երկար գնացինք անձրևի տակ, բազմաթիվ նրբանցքներով անցանք, մինչև որ հասանք կայարան։
― Չե՞նք ճաշելու, ― հարցրեց Կետրինը։ ― Կարծես քաղցած եմ։
― Համարում կճաշենք։
― Հագնելու ոչինչ չունեմ։ Նույնիսկ գիշերանոց չունեմ։
― Կբերենք, ― ասացի ես և ձայն տվի կառապանին։ ― Վիա մանցոնի քշեք։
Նա գլխով արեց և հաջորդ անկյունում աջ թեքվեց։ Մեծ փողոցում Կետրինը խանութ էր փնտրում։
― Այստեղ կա, ― ասաց նա։
Կառապանին ասացի, որ կանգնեցնի ձիերին։ Կետրինն իջավ կառքից, անցավ մայթն ու մտավ խանութ։ Նստատեղին հենված, սպասում էի նրան։ Անձրև էր գալիս, ու ես զգում էի թաց փողոցի և ձիերի կողերից բարձրացող գոլորշու հոտերը։ Կապոցը ձեռքին, Կետրինը դուրս եկավ խանութից, կառք նստեց, ու մենք շարունակեցինք մեր ճանապարհը։
― Շատ ծախսեցի, սիրելիս, ― ասաց նա, ― բայց գիտես ինչ լավ գիշերանոց է։
Հյուրանոցի մոտ Կետրինին խնդրեցի սպասել կառքում, իսկ ես ներս մտա ու խոսեցի վարիչի հետ։ Մեծ թվով ազատ համարներ կային։ Վերադարձա, վճարեցի կառապանին, և Կետրինի հետ հյուրանոց մտա։ Փայլուն կոճակներով մի փոքրիկ տղա վերցրեց կապոցը։ Վարիչը, գլուխը խոնարհելով, հրավիրեց վերելակ մտնել։ Վերելակում աչք էին ծակում կարմիր թավիշն ու բրոնզը։ Վարիչը մեզ հետ բարձրացավ։
― Monsieur madame-ը համարո՞ւմ կուզենար ճաշել։
― Այո։ Խնդրում եմ ճաշացուցակ ուղարկել։
― Իսկ չե՞ք ուզում ոչինչ հատուկ պատվիրել։ Թռչուն կամ սուֆլե։
Վերելակը զնգզնգալով երեք հարկ բարձրացավ, հետո մի անգամ էլ զնգաց ու կանգ առավ։
― Իսկ ի՞նչ թռչուն ունեք։
― Փասիան և կտցար։
― Կտցար, ― ասացի ես։
Քայլեցինք միջանցքով։ Գորգը մաշված էր։ Բազմաթիվ դռներ կային երկու կողմերում։ Վարիչը կանգ առավ և բանալիով բացեց դռներից մեկը։
― Խնդրեմ։ Հիանալի սենյակ է։
Փայլուն կոճակներով փոքրիկ տղան կապոցը դրեց սեղանի վրա։ Վարիչը բաց արեց պատուհանի վարագույրները։
― Մշուշ է այսօր, ― ասաց նա։
Սենյակը կահավորված էր թավշապատ կահույքով։ Շատ հայելիներ կային, երկու բազկաթոռ և ատլասե վերմակով ծածկված մի լայն մահճակալ։ Եվ լոգարան տանող մի դուռ։
Հիմա կուղարկեմ ճաշացուցակը, ― ասաց վարիչը։
Գլուխ տվեց ու դուրս եկավ։
Մոտեցա պատուհանին և փողոց նայեցի, հետո ձգեցի թելը ու փակեցի թավշե հաստ վարագույրները։ Կետրինը, մահճակալին նստած, նայում էր բյուրեղապակե մոմակալին։ Հանել էր գլխարկը, և մազերը փայլում էին լույսի տակ։ Հայելիներից մեկում տեսավ իրեն ու ձեռքը տարավ մազերին։ Իսկ ես նրան տեսնում էի երեք տարբեր հայելիների մեջ։ Տխուր էր երևում։ Թիկնոցը գցեց մահճակալին։
― Ի՞նչ է պատահել, սիրելիս։
― Առաջ ինձ երբեք չի թվացել, թե անառակ կին եմ, ― ասաց նա։
Մոտեցա պատուհանին, բացեցի վարագույրները և նայեցի փողոց։ Չէի կարծում, որ այսպես կստացվեր։
― Դու անառակ չես։
― Գիտեմ, սիրելիս։ Բայց տհաճ է, երբ այդպես է թվում։
Ձայնը չոր էր ու վհատ։
― Սա լավագույն հյուրանոցն էր, որ կարելի էր գնալ, ― ասացի ես։
Դուրս նայեցի պատուհանից։ Հրապարակի մյուս կողմում վառվում էին կայարանի լույսերը։ Կառքեր էին անցնում մոտիկից, ու ես տեսնում էի զբոսայգու ծառերը։ Հյուրանոցի լույսերն արտացոլվում էին թաց մայթի վրա։ «Գրողը տանի, ― մտածում էի ես, ― ինչ վիճելու ժամանակ է»։
― Ինձ մոտ արի, ― ասաց Կետրինը։ Ձայնի մեջ չորություն չկար։ ― Արի։ Ես հիմա նորից կարգին աղջիկ եմ։
Շրջվեցի ու նայեցի մահճակալին։ Նա ժպտում էր։
Մոտեցա, նստեցի մահճակալին ու համբուրեցի նրան։
― Դու իմ լավ աղջիկն ես։
― Իհարկե քոնն եմ։
Ճաշից հետո մենք ավելի թեթև զգացինք, հետո՝ էլ ավելի լավ, շուտով թվաց, թե մեր տունն է սա։ Առաջ հիվանդանոցի սենյակն էր մեր տունը, իսկ հիմա, ճիշտ նույն ձևով, հյուրանոցի այս համարը։
Կետրինը ճաշելիս բաճկոնն էր ուսերին գցել։ Շատ էինք քաղցած, իսկ ճաշը համեղ էր, և մենք մի շիշ կապրի խմեցինք և մի շիշ սենթ֊էսթեֆ։ Մեծ մասը ես խմեցի, բայց Կետրինն էլ պակաս չխմեց, և տրամադրությունը միանգամից բարձրացավ։ Մատուցողը բերել էր կարտոֆիլով կտցար, սուֆլե, շագանակի պյուրե, սալաթ, իսկ հետո՝ սաբայոն։
Ափսոս, պետք էր առաջ գլխի ընկնեինք և այստեղ ապրեինք միշտ։
― Ծիծաղելի սենյակ է։ Բայց լավն է։
― Ինչ լավ բան է անառակությունը, ― ասաց Կետրինը։ ― Երևի անառակությամբ զբաղվող մարդիկ, համը լավ գիտեն։ Այս կարմիր թավիշը պարզապես աննման է՝ իսկականն է։ Հայելիներն էլ սքանչելի են։
― Իմ լավ աղջիկ։
― Միայն չգիտեմ, առավոտյան զարթնելիս որքանո՞վ լավ կթվա այս սենյակը։ Բայց և այնպես, հրաշալի սենյակ է։
Մի բաժակ էլ սենթ֊էսթեն լցրի։
― Կուզենայի իսկապես մեղք գործել, ― ասաց Կետրինը։ ― Մեր արածն այնքան անմեղ ու պարզ է թվում։ Չեմ հավատում, որ վատ բան ենք անում։
― Հրաշալի ես դու։
― Միայն թե քաղցած եմ։ Ահավոր քաղցած եմ։
― Դու պարզ և հիանալի աղջիկս ես։
― Այո, պարզ եմ։ Բայց քեզնից բացի ոչ ոք այդ չի հասկացել։
― Մի անգամ, երբ դեռ նոր էինք ծանոթացել, ես մի ամբողջ օր մտածում էի, թե ինչպես ենք միասին «քավուր» հյուրանոց գնալու և ինչ է լինելու հետո։
― Ինչ անպատկառ ես եղել։ Բայց սա «քավուրը» չի, չէ՞։
― Ոչ։ Այնտեղ մեզ չէին թողնի։
― Մի օր կթողնեն։ Տեսնում ես, սիրելիս, թե որն է մեր տարբերությունը։ Ես ոչինչ չեմ մտածել։
― Բնա՞վ, երբե՞ք։
― Մի քիչ, ― ասաց նա։
― Դու իմ լավ աղջիկ։
Մի բաժակ էլ գինի լցրի։
― Ես շատ պարզ եմ, ― ասաց Կետրինը։
― Առաջ այդպե չէի կարծում։ Ինձ թվում էր, թե խենթ ես։
― Այո, մի քիչ խենթ էի ես։ Բայց ոչ բարդ, ոչ հատուկ տեսակի։ Չե՞մ շփոթեցրել քեզ, սիրելիս։
― Ինչ լավ բան է գինին, ― ասացի ես։ ― Ամեն վատ բան մոռանում ես։
― Հիանալի բան է, ― ասաց Կետրինը։ ― Բայց հայրս շատ խմելուց սաստիկ հոդատապ ստացավ։
― Ո՞ղջ է հայրդ։
― Այո, ― ասաց Կետրինը։ ― Հոդատապ ունի։ Բայց կարիք չկա, որ հանդիպես նրան։ Իսկ քո հայրը ո՞ղջ չէ՞։
― Ոչ, ― ասացի ես։ ― Խորթ հայրս է ողջ։
― Ես կհավանե՞մ նրան։
― Հարկ չի լինի, որ հանդիպեք։
― Ինչ լավ է երկուսով, ― ասաց Կետրինը։ ― Ինձ ուրիշ ոչինչ չի հետաքրքրում։ Ես երջանիկ կին եմ։
― Եկավ մատուցողը և հավաքեց սեղանը։ Քիչ անց մենք լռեցինք ու ականջ դրինք անձրևի ձայնին։ Փողոցում մի ավտոմեքենա դռդռաց։
― Միշտ լսում եմ ժամանակի նժույգների սլացքն արագ․․․ ― ասացի ես։
― Գիտեմ այդ բանաստեղծությունը, ― ասաց Կետրինը։ ― Մարվելինն է։ Միայն թե դա մի աղջկա մասին է, որը չի ուզում մի մարդու հետ ապրել։
Թարմ ու պայծառ էր գլուխս, ու ես չէի ուզում կենցաղային բաների մասին խոսել։
― Որտե՞ղ ես ծննդաբերելու։
― Չգիտեմ։ Ամենալավ տեղում։
― Ինչպե՞ս ես կարգավորելու։
― Ամենահարմար ձևով։ Մի անհանգստանա, սիրելիս։ Մինչև պատերազմի վերջը դեռ շատ երեխաներ կարող ենք ունենալ։
― Ժամանակն է շուտով։
― Գիտեմ։ Եթե ուզում ես, համարիր, որ արդեն ժամանակն է։
― Ոչ։
― Այդ դեպքում, մի նեղվիր, սիրելիս։ Մինչև հիմա կարծես լավ էիր, բայց արդեն սկսում ես նեղվել։
― Էլ չեմ անի։ Հաճա՞խ ես ինձ գրելու։
― Ամեն օր։ Ձեր նամակներն ստուգո՞ւմ են։
― Անգլերեն չգիտեն, այնպես որ դա նշանակություն չունի։
― Ես անհասկանալի կգրեմ։
― Բայց ոչ շատ անհասկանալի։
― Չէ, մի քիչ, մի քիչ անհասկանալի։
― Գնանք, ժամանակն է։
― Չեմ ուզում մեր այս լավ տնից հեռանալ։
― Ես էլ չեմ ուզում։
― Բայց պետք է գնալ։
― Լավ։ Բայց մենք երբեք երկար չենք ապրել մեր տանը։
― Կապրենք դեռ։
― Մինչև գալս ես մի գեղեցիկ տուն կսարքեմ քեզ համար։
― Գուցե շուտ վերադառնամ։
― Գուցե ոտքդ թեթև վիրավորվի։
― Կամ ականջիս բլթակը։
― Ոչ ուզում եմ, որ ականջերդ նույնը մնան։
― Իսկ ոտքերս ո՞չ։
― Ոտքերդ առանց այն էլ վիրավոր են։
― Պետք է գնալ, սիրելիս։ Պետք է։
― Լավ։ Առաջինը դու գնա։