Changes
/* Գլուխ ութերորդ։ Հաղթանակ */
Բեռլինը կապիտուլացվեց։
Ուսումնասիրելով հաղթանակի դասերը, հարկ է, որ մենք՝ զինվորականներս, պատերազմի այդ ավարտական օպերացիան դիտենք անաչառ աչքերով՝ մեր ամբողջ օրինական հպարտությամբ հանդերձ, հաղթողների հպարտությամբ, ինչպես պահանջում է գիտությունը։ Ամեն մի գիտություն, առանձնապես ռազմական գիտությունը։
Գիտական խիստ օբյեկտիվությունը հարկադրում է ինձ խոստովանել, որ եթե Վիսլա֊Օդերյան օպերացիայում տանկերը, որոնք մտցվել էին այսպես կոչված մաքուր ճեղքման մեջ, առաջին իսկ օրվանից լայն ասպարեզ ստացան սրընթաց գործողությունների համար, որը կարմիր բանակին հաղթանակ բերեց, իսկ տանկիստներին՝ փառք, ապա Բեռլինյան օպերացիայում 1-ին գվարդիական տանկային բանակն օգտագործվեց, ավաղ, ոչ լավագույն ձևով։ Նրան ուղղագիծ ճեղքման դուրս բերելը, նրա կողմից թշնամու պաշտպանությանը ճակատային հարված հասցնելը, երբ նա համազորային բանակների, հետևազորի հետ համատեղ մեկը մյուսի հետևից գրոհում էր հակառակորդի պաշտպանական բնագծերը՝ այդ բոլորը չի համապատասխանում խոշոր տանկային միավորումների, ինչպիսիք են տանկային բանակները, իսկական նշանակությանը։ Խոսքը ոչ թե հետևազորի անմիջական աջակցության տանկերի մասին է և ոչ էլ համազորային բանակներին տրված առանձին տանկային բրիգադների տանկերի, որոնք, որպես կանոն, գործում են այնպես, ինչպես առաջինները, այլ խոշոր տանկային միավորումների, որոնք նախատեսված են հարձակման հաջողությունը զարգացնելու համար։
Հայրենական մեծ պատերազմի պատմությունից հայտնի են օրինակներ, երբ տանկային բանակներն օգտագործվել են ոչ միայն հարձակման հաջողությունը զարգացնելու համար, այլև մեր պաշտպանական օպերացիաների ժամանակ հակառակորդի հարվածները հետ մղելու համար։ Այդպես էր 1943 թվականի ամռանը Կուրսկի մոտ, երբ Կենտրոնական և Վորոնեժյան ռազմաճակատների տանկային բանակները գտնվում էին երկրորդ բնագծում. պաշտպանական մարտերում նրանք հյուծեցին, արյունաքամ արեցին թշնամու հարձակվող հարվածային խմբավորումը և դրանով իսկ պայմաններ նախապատրաստեցին մեր հակահարձակման համար։
Բայց Բեռլինյան օպերացիան հարձակողական՝ էր, և 1-ին տանկային բանակը՝ տանկային խոշոր միավորումը, գործելով այստեղ, ըստ էության, ինչպես հետևազորի անմիջական աջակցության տանկեր, զգալի կորուստներ կրեց։ Բեռլինի գրոհի ժամանակ հօգուտ տանկերի այդպիսի կիրառման միակ փաստարկը, իմ կարծիքով, այն էր, որ դա պատերազմի եզրափակիչ տեսարանն էր, որից անմիջա պես հետո պետք է իջներ վարագույրը՝ հետևեր թշնամու կապիտուլյացիան։
Ինձ կառարկեն, որ առաջին բնագծում տանկային բանակների գործողության դրական օրինակ էլ է եղել, տանկային բանակները ճեղքում էին թշնամու պաշտպանությունը և խորանում դրա մեջ։ Բայց դա ինչ պաշտպանություն էր որ։ Մի՞թե կարելի է այդ թույլ ու ոչ խոր պաշտպանությունը համեմատել Բեռլինի շուրջը հակառակորդի կազմակերպած պաշտպանության հետ։
Դասերը տարբեր են լինում։ Բեռլինյան օպերացիան նույնպես դաս է, որ մեզ հաղթանակը տվեց։
Բեռլինն ընկավ։ Բայց թշնամու զորքերը դեռևս շարունակում էին դիմադրությունը Չեխոսլովակիայում։ Եվ այդ ժամանակ ուղղակի Ռուդնիե լեռներով Զլատա Պրագային օգնության նետվեցին 1֊ին Ուկրաինական ռազմաճակատի զորքերը։ Դ. Դ. Լելյուշենկոյի և Պ. Ս. Ռիբալկոյի տանկերը, մի գիշերվա ընթացքում անցնելով 80 կիլոմետր, մայիսի 9-ի լուսաբացին ներխուժեցին Պրագայի արվարձանները։ Նրանցից անմիջապես հետո այնտեղ հասան 2-րդ և 4-րդ Ուկրաինական ռազմաճակատների զորքերը։
Պրագան փրկվեց։ Սովետական զորքերի օպերացիաներին մասնակցեցին չեխոսլովակյան բանակային կորպուսը, լեհական զորքի 2֊րդ բանակը և ռումինական 1-ին ու 4֊րդ բանակները։
Բայց դեռևս մայիսի 2֊ին դիմադրությունը դադարեցվեց Բեռլինում, բեռլինյան կայազորի մնացորդները գերի հանձնվեցին...
Կարլսհորստ, Բեռլինի արևելյան արվարձան։ Մայիս ի 9֊ի նախօրյակի կեսգիշերը։ Ինձ չվիճակվեց ներկա լինել անվերապահ կապիտուլյացիայի ակտի ստորագրման ժամանակ, սեփական աչքով տեսնել, թե ինչպես են Կեյտելը, Շտումպֆը, Ֆրիդեբուրգը ստորագրում այդ ակտը։ Բայց ես հստակ պատկերացնում եմ հաղթողներին համակած բավարարությունը, որոնց առջև ծնկի էր եկել տապալված ֆաշիզմը։
Մենք բոլորս՝ Բեռլինը գրավողներս, այդ պահին նրանց հետ էինք, մենք հաղթեցինք։
«Իմպերիալիզմի և նրա առավել հրեշավոր ծնունդ ֆաշիզմի հետ վիթխարի ռազմական բախման մեջ,— ասված է սովետական իշխանության կեսդարյա հոբելյան ի առթիվ ՍՄԿԿ Կենտկոմի թեզիսներում,— հաղթեց սոցիալիստական հասարակական և պետական կարգը։ Սովետական Միության ուժերի աղբյուրը սոցիալիստական էկոնոմիկան է, հասարակության սոցիալ֊քաղաքական և գաղափարական միասնությունը, սովետական հայրենասիրությունը և ՍՍՀՄ ժողովուրդների բայդեկամությունը, կոմունիստների կուսակցության շուրջ ժողովրդի համախմբվածությունը, սովետական ռազմիկների անօրինակ հերոսությունը և խիզախությունը։ Դա սոցիալիստական գաղափարախոսության հաղթանակն էր իմպերիալիզմի և ֆաշիզմի մարդատյաց գաղափարախոսության դեմ»։
Հայրենական մեծ պատերազմը ոչ միայն մարդկանց ու տեխնիկայի պատերազմ էր, դա նաև երկու ռազմական դպրոցների, երկու ռազմական արվեստների բախում էր։
Հայնց Գուդերիանը այնքան էլ ինքնատիպ չի եղել իր ռազմատեսական կոնցեպցիաներում, ինչպիսին ուզում են նրան ներկայացնել արտասահմանում։
Սովետական ռազմատեսական միտքը, ինչպես արդեն նշել եմ վերևում, դեռևս 30-ական թվականներին կենտրոնացվել էր խոր հարձակողական օպերացիաների պրոբլեմների մշակման վրա։ Տեխնիկական նոր միջոցների՝ տանկերի, ավիացիայի, հրետանու, երևան գալն ու բուռն աճը արմատապես փոխեցին հայացքները մարտի, օպերացիայի և ամբողջությամբ առած պատերազմի նկատմամբ։ Դրանք, ինչպես հետագայում հաստատեց իրականությունը, իրավացիորեն պատկերացվում էին բացառիկ լարված, դաժան, սրընթաց և մանևրային։ Այդպիսի հանգամանքներում մեծ դեր էր հատկացվում զրահատանկային զորքերին։
Այդ պատկերացումը բաժանում էին նաև աշխարհի այլ երկրների ռազմական տեսաբանները։ Դեռևս 1934 թվականին ավստրիացի գեներալ Պ. Էյմանսբերգն իր «Տանկային պատերազմ» գրքում գրել էր. «Այժմ գոյություն չունի գրոհի համար այլ մարտական միջոց, բացի օպերատիվ միավորման մեջ հավաքված և ռազմաօդային ուժեղ նավատորմի, ինչպես և արդյունավետ բոլոր մյուս զենքերի աջակցությամբ գործող տանկերից»։
Պ. Էյմանսբերգի այս հայացքներն էլ ընկած էին գեներալ Հ. Գուդերիանի տեսական մշակումների հիմքում, որ նա շարադրել էր իր նախապատերազմյան «Ուշադրությո՛ւն, տանկերը» հայտնի գրքում։
Հ. Գուդերիանի տեսական մշակումները զգալի չափով կանխորոշեցին գերմանաֆաշիստական զորքերի հաջողություններն Արևմտյան Եվրոպայում 1939—1940 թվականների օպերացիաներում և ՍՍՀՄ֊ի դեմ պատերազմի սկզբնական շրջանում։ Զրահատանկային զորքերը հարձակողական օպերացիայի ժամանակ համարվում էին հարվածային ուժ՝ պաշտպանությունը ճեղքելու և հարձակումը դեպի խորքը զարգացնելու համար։
Սկզբում հաջողությունն ուղեկցում էր Գուդերիանի տանկային բանակներին։ Բայց այն դավաճանեց նրանց, հենց որ գերմանական տանկային խմբավորումները բախվեցին սովետական զորքերի իսկապես ուժեղ, արևմտաեվրոպական երկրներում իրենց հանդիպածի հետ անհամեմատելի, խորագնա պաշտպանության հետ, ինչպես որ եղավ, օրինակ, Մոսկվայի, Ստալինգրադի և Կուրսկի մոտ։
Գերմանաֆաշիստական տանկային արմադաները սկսեցին պարտություն պարտության հետևից կրել սովետա-գերմանական ճակատում։ Ո՛չ Հ. Գուդերիանը, ո՛չ էլ գերմանական տանկային մյուս ստրատեգները այդպես էլ մինչև վերջ չկարողացան ճկունություն դրսևորել, անհրաժեշտ փոփոխություններ մտցնել իրենց մեկընդմիշտ մշակած շաբլոնի մեջ։
Սովետական ռազմական արվեստը, ընդհակառակը, ստեղծագործաբար կիրառելով պատերազմի փորձը, հենց բուն պատերազմի ընթացքում չեղյալ համարեց սովորական կանխադրույթները և զարգացրեց այնպիսի հզոր զենքի օգտագործման տեսությունը, ինչպիսին տանկն է։ Հենց տեսության նկատմամբ այդպիսի մոտեցումը հնարավորություն տվեց գործնականում ի հայտ բերել սովետական ռազմական արվեստի գերազանցությունը դեռևս 1942 թվականի Ստալինգրադյան օպերացիայում և այդ գերազանցությունը պահպանել մինչև պատերազմի հաղթական ավարտը։
Ինչպես ամեն մի արվեստ, ռազմականը ևս նրա ստեղծողների գաղափարախոսության արտացոլումն է։ Սովետական ռազմական դոկտրինան հենվում է ռազմատեսական պրոբլեմների մարքս-լենինյան ըմբռնման վրա։ Հաշվի առնելով, իհարկե, երկրի զարգացման տնտեսական գործոնները, որոնք կանխորոշում են բանակի տեխնիկական զինվածությունը և ապահովվածությունը, այն ամենից առաջ կողմն որոշվում է դեպի մարդը, գտնելով, որ բանակի գլխավոր ուժը միշտ մարդիկ են։
Այդպես է եղել Մեծ Հայրենականում, այդպես կլինի նոր պատերազմում, եթե այն, այնուամենայնիվ, սանձազերծեն ագրեսորները։ Անվիճելի է, որ ժամանակակից հրթիռամիջուկային զենքն ահավոր զենք է։ Բայց մեր ռազմական գիտությունը չի բացարձակացնում այն, առաջվա պես գլխավոր դերը հաղթանակի հասնելու գործում հատկացնելով մարդուն։
Դա, թերևս, մեր հաղթանակի գլխավոր դասն է։
Միայն նա կհաղթի, սովորեցրել է Լենինը, ով հավատում է ժողովրդին։ Բոլշևիկները ղեկավարվեցին լենինյան այդ գաղափարով և հաղթեցին ներքին հետադիմությանը, ինտերվենտներին՝ քաղաքացիական պատերազմում, հաղթահարեցին երկրի քայքայվածությունը և դարավոր տնտեսական ու տեխնիկական հետամնացությունը ժողովրդական տնտեսության վերականգնման տարիներին։ Որովհետև հավատացին ժողովրդին, կարողացան ժողովրդին ոգեշնչել ռազմական և աշխատանքային սխրագործության։
Ժողովրդի ստեղծագործական ու հոգևոր հզոր ուժերի նկատմամբ հավատը հաղթանակի երաշխիքն էր և մեր զինված ուժերին, մեր սովետական հասարակությանը հաղթանակի հասցրեց ֆաշիզմի դեմ մահացու գոտեմարտում։
Սովետական ռազմական դոկտրինան իրավացիորեն ենթադրում է, որ ապագա համաշխարհային, հնարավոր է, միջուկային պատերազմում, եթե այն սանձազերծեն իմպերիալիստական հետադիմության մութ ուժերը, նախորդ համաշխարհային պատերազմների հետ համեմատած էլ ավելի կաճի ժողովրդական զանգվածների դերը։
Պետության ղեկավարները, բնականաբար, միայն ժողովրդի ակտիվ մասնակցության դեպքում կարող են կենսագործել երկիրը ագրեսիայի հետ մղմանը նախապատրաստելու, պատերազմի ժամանակ նրա բարոյաքաղաքական և ռազմական հնարավորություններն իրացնելու վիթխարի աշխատանքը։
Սովետական ժողովրդի, սոցիալիստական ընկերակցության և նրանց զինված ուժերի ան պարտելիությունը կայանում է նրանում, որ նրանց ղեկավարում են մարքսիզմ-լենինիզմով, պատերազմի օրենքների իմացությամբ զինված, փորձված և ժողովրդական զանգվածների անսահման վստահությունը վայելող ՍՄԿԿ֊ն և եղբայրական կուսակցությունները։
Սովետական Միության կոմունիստական կուսակցության XXV, համագումարը նշեց, որ «կուսակցությունը և նրա Կենտրոնական կոմիտեն մշտապես ուշադրության կենտրոնում են պահում ռազմական շինարարության, սովետական զինված ուժերի հզորության և մարտունակության ամրապնդման հարցերը։ Մեր հայրենիքի պաշտպանության հզորության հարաճուն բարձրացումը, սովետական մարդկանց դաստիարակոլթյունր բարձր զգոնության, սոցիալիզմի մեծ նվաճումների պաշտպանությանը մշտական պատրաստականության ոգով առաջիկայում էլ պետք է դառնան կուսակցության ու ժողովրդի ամենակարևոր խնդիրներից մեկը»։
Մեր կուսակցության առաջնորդ և սովետական պետության ստեղծող Վ. Ի. Լենինը «Տակտիկայի մասին» իր նամակներում պահանջում էր, «...մարքսիստը պետք է հաշվի առնի կենդանի կյանքը, ''իրականության'' ճշգրիտ փաստերը...»։ Այս պահանջը մոռացության տալը ռազմական շինարարության, երկրի պաշտպանության կազմակերպման գործում կհասցնի անխուսափելի սխալների։
«...Առանց գիտության ժամանակակից բանակ ստեղծել չի կարելի»՝ լենինյան այս բանաձևը պահանջում է ռազմական ղեկավարության գիտական մակարդակի բարձրացում, դա մեր արագընթաց ժամանակի հրամայական պահանջն է։ Գիտատեխնիկական առաջադիմությունն անհապաղ դրսևորվեց նաև ռազմական գործերում՝ միջուկային, հրթիռային և ժամանակակից այլ զենքերը, սպառազինության մյուս բոլոր տեսակների արտադրության մեջ կատարվող տեխնիկական հեղափոխությունը պահանջեցին նույնքան անհապաղ փոփոխություններ անսասան թվացող ստրատեգիայի ու տակտիկայի դրույթներում, բանակի ռազմական ու քաղաքական ղեկավարման պրոբլեմների դիալեկտիկական զարգացում։
Այն պատերազմի պայմաններում, որն անխուսափելիորեն իր ուղեծրի մեջ է քաշում մարդկային վիթխարի զանգվածներ, պաշտպանության գիտական ղեկավարության պրոբլեմը հենց կյանքի թելադրանքով առաջին պլան է մղվում։
Ոչ մի բանակ, որքան էլ հոյակապ զինված լինի, չի կարող հաղթել առանց փորձված ռազմական ղեկավարների։ Ես նկատի ունեմ ոչ միայն զորավարներին, այլև հրամկազմի լայն շրջանը, որն ուսուցանում է զինվորներին, նրանց տանում մարտի, դրանով իսկ ազդում պատերազմի բախտի վրա։
Այդ դասը հաստատեց նաև ֆաշիստական Գերմանիայի նկատմամբ սովետական ժողովրդի տարած հաղթանակը հայրենական մեծ պատերազմում։
Այն ժամանակից ի վեր շատ բան է փոխվել աշխարհում։ Թեև ամրապնդվել են այն ուժերը որոնք ձգտում են վերջակետ դնել պատերազմների պատմությանը, բայց երկրի երեսից չեն չքվել, այլ, ընդհակառակը, ամեն կերպ աշխատում են հաստատվել այն ուժերը, որոնք ձգտում են նոր պատերազմ նախապատրաստել։
Պատերազմը ճակատագրականորեն անխուսափելի չէ, սովորեցնում է կուսակցությունը։ Մենք ամեն ինչ անում ենք, որ պատերազմ չլինի։ Բայց այն կարող է բռնկվել։
Եթե ճշմարտության ուղիղ դեմքին նայենք, ինչքան էլ այն տխուր լինի, ինչպես պահանջում էր Լենինը, պետք է համարձակ ասեր միջուկային և այլ նոր զենքով պատերազմն ահավոր պատերազմ է, այն կհասցնի մարդկանց վիթխարի զանգվածների ոչնչացման, նյութական արժեքների չտեսնված ավերածությունների։
Այդպիսի պատերազմը հրամանատարին և զորապետին ներկայացնում է նոր, հատուկ, բարձր պահանջներ։ Մանևրականությունը, մարտական օպերացիաների սրընթացությունը հրամանատարից կպահանջեն կամքի, մտքի բացարձակ մոբիլիզացիա, միջուկային պատերազմի պայմաններում ի մի ձուլվող քաղաքական և ռազմական խնդիրներ լուծելու հմտություն։ Նա պետք է ընդունակ լինի իր վրա վերցնելու պատասխանատվությունը ոչ միայն իր զորամասի կամ ստորաբաժանման, այլև մարդկանց այն վիթխարի զանգվածների համար, որոնք նրա տեղամասում կենթարկվեն միջուկային հարձակման։ Ըստ որում, պարզ է, թե ինչքան զգալի է մեր սպայական կորպուսի դերը, ինչքան մեծ է կուսակցության ու ժողովրդի հոգատարությունը նրա որակական աճի նկատմամբ։
Նկատեմ, ի դեպ, որ այժմ ոչ միայն ռազմական ակադեմիաները, այլև ռազմական ուսումնարանները մեծ մասամբ բարձրագույն ուսումնական հաստատություններ են։ Դա նույնպես ռազմական ղեկավարության գիտական մակարդակի բարձրացման ուղիներից մեկն է։ Ես կարող եմ թվել տասնյակ խոշորագույն գիտնականների, պրոֆեսորների և գիտության դոկտորների, մի ամբողջ բանակ կազմող դոցենտների և գիտության թեկնածուների, որոնք դասավանդում են ակադեմիաներում և ուսումնարաններում։ Մեր տանկային զորքերում, օրինակ, բարձրագույն ռազմական կամ բարձրագույն ինժեներատեխնիկական կրթություն ունի գրեթե յուրաքանչյուր սպա։ Ժամանակի րնթացքում սովետական բանակի բոլոր սպաները կունենան բարձրագույն կրթություն։
Ռազմական ուսումնարանի շրջանավարտը, բացի դիպլոմից, որը վկայում է նրա ռազմական կրթություն ստանալու մասին, միաժամանակ ստանում է սովորական բուհական դիպլոմ։ Այն մասին, թե ինչքան բարձր է մասնագետի պատրաստման մակարդակը ռազմական ուսումնական հաստատություններում, կարելի է դատել թեկուզև հետևյալ փաստով, ասենք, մաթեմատիկայի, ֆիզիկայի ծրագիրը տանկային տեխնիկական ուսումնարաններում այնպիսին է, ինչպես Մոսկվայի Բաումանի անվան փառաբանված բարձրագույն տեխնիկական ուսումնարանում և մայրաքաղաքի մյուս բուհերում։ Եվ ռազմական բուհ ընդունվել ցանկացողը պետք է նույնպիսի մրցույթով անցնի, ինչպես քաղաքացիական ինստիտուտ կամ համալսարան ընդունվողը։
Ռազմական բուհի՝ հրամանատարական, տեխնիկական, կուրսանտը չորս-հինգ տարի տեխնիկական, ռազմական առարկաների հետ միասին խորապես ուսումնասիրում է մարքս-լենինյան տեսությունը, իմանում հասարակական զարգացման օրենքները, ձեռք է բերում լայն մտահորիզոն, դաստիարակվում ժողովրդի գործին, կուսակցության գործին նվիրվածության ոգով։ Ռազմական ուսումնարաններից դուրս են գալիս բանակի ու նավատորմի քաղաքականապես ու գիտականապես բարձր կրթություն ունեցող, բարոյապես և ֆիզիկապես ամուր, ձեռներեց, ինքնուրույն և եռանդուն երիտասարդ սպաներ։
Այսօրվա սովետական սպայի քաղաքական ու գաղափարական համոզվածությունը ոչ թե սպայի գաղափարական ազնվության մասին մերկապարանոց հայտարարություն է, որի վերաբերյալ խոսակցություններով լեցուն են արտասահմանյան ռազմական հանդեսները։ Այդ համոզվածության անկեղծությունր և խորությունը այսօրվա սպային հնարավորություն են տալիս իր հետևից տանել զինվորական զանգվածներին, նրան ձուլում են նրանց հետ։ Այդպիսի համոզվածության դաստիարակումր սովետական ռազմական ուսումնարանների հոգատարության առաջին առարկան է։
{{ԵրեքԱստղ}}
Մենք՝ կոմունիստներս, համարում ենք, որ պատերազմն անխուսափելի չէ, այն կարելի է կանխել։ Սակայն, քանի դեռ գոյություն ունի իմպերիալիզմը, պետք է պատրաստ լինել ամեն մի անակնկալի, պատրաստ լինել սովետական պետության, մեր սովետական ժողովրդի պաշտպանությանը։
Իմ առջև է անգլիացի հայտնի տեսաբան, գեներալ Ջ. Ֆուլլերի «1939—1945 թթ. երկրորդ համաշխարհային պատերազմը» գիրքը։
Գեներալը փարիսեցիություն է անում, ասելով, որ պատերազմր չարիք է։ Բայց, այնուհետև պնդում է թե... դրանից պրծում չկա։ «Նախանձի, ագահության ու վախի մեջ պետք է փնտրել պատերազմի արմատները»։ Հաշտարարի պատմուճան հանգելով, նա հարց էր տալիս սուրբ Հակոբի բառերով. «Որտեղի՞ց են գալիս պատերազմները և պայքարը։ Արդյոք, դրանք մեր ներսում մոլեգնող կրքերի արդյունքը չե՞ն»։
Ինչպիսի՜ խորիմաստ անհեթեթություն։ Ստացվում է, որ պատերազմի պատճառները պետք է փնտրել ոչ թե իմպերիալիզմի համակարգում, այլ մարդու բնույթի մեջ, նրա բնածին ռազմատենչ հոգեբանության մեջ։ Բայց չէ որ դա պատերազմը դարձնում է հավերժ ու անխուսափելի, իսկ դրա էությունը՝ արտադասակարգային։ Սակայն իմպերիալիզմի ամբողջ արյունալի պատմոլթյունը բավական համոզչությամբ ցույց է տալիս, որ պատերազմների մեջ մեղավոր եղել և մնում է իմպերիալիզմը։ Հենց իմպերիալիզմի ագրեսիվ նպատակներն են ծնում հետադիմական քաղաքականություն, որի շարունակությունն են բազմաթիվ պատերազմներն ու կոնֆլիկտները ժողովուրդների ազատագրական շարժման դեմ։
<small>
...Կնոջ վեհապանծ կերպարանքն արձանացել է երկնքի կապույտի մեջ մխրճվող գրանիտե պատվանդանի վրա։ Դա իմ հարազատ գյուղի՝ Չարդախլուի, երեք հարյուր քսան զոհված մարտիկների հուշարձանն է։ Այն ժամանակ գյուղում եղել է մոտ չորս հազար բնակիչ։ Իսկ ռազմաճակատում մարտնչել էր 1250 չարդախլեցի։
Հաղթանակի օրը գյուղի բոլոր մարդիկ գնում են զոհվածների հուշարձանի մոտ։ Այստեղ սեղաններ են գցում։ Եվ առաջին կենացը, ըստ սովորության, խմում են առանց բաժակ բաժակի խփելու։ Դա զոհվածների հիշատակի կենացն է։ Նրանք, ովքեր իրենց կյանքը տվել են հայրենիքի ազատության համար, մեր հիշողության մեջ պետք է հավերժ ապրեն։
Ժամանակ առ ժամանակ իմ Չարդախլուում հանդիպում եմ նրանց, ովքեր ինձ պես վաղուց թողել են հայրենի գյուղը։ Մեծամասնությունը չգիտես ինչու զինվորականներ են՝ Սովետական Միության մարշալ Հ. Ք, Բաղրամյան, գեներալ Գ. Գ. Մանասյան, իսկ սպաներն անհաշիվ են։
Իսկ չէ որ Չարդախլուն, կարծես թե «ռազմատենչ» գյուղ չէ... Մեզանում նույնիսկ միշտ կատակով ասում էին. տղամարդիկ, իբր, իզուր էլ խանչալ են կրում...
Այնտեղ մի հայտնի հովիվ ունենք՝ Ստեփան Քոչարյան, համարյա հարյուր տարեկան է, մինչև հիմա խանչալով է ման գալիս։
— Որդիս,— բացատրում էր նա ինձ,— ախր էս զենքը պաշտպանության համար է։ Դու դա ինձնից լավ գիտես...
</small>
'''1977 թ.'''
'''Մոսկվա'''