Changes
/* Գլուխ տասներկու․ Փախուստ դեպի Գետանցում */
Նա նստեց գետնին, սև կոթը դրեց ծնկներին և դանդաղ, հոբիթների համար անհասկանալի մի երգ երգելով, սկսեց հմայել: Հետո կոթը դրեց մի կողմ, թեքվեց Ֆրոդոյի կողմը և, գոտուն կապած պայուսակից երկար տերևներ հանելով, ականջին ինչ-որ տարօրինակ բառեր ասաց:
— Սա ացելաս բալասան է,— բացականչեց նա,— կամ, ինչպես անվանում էին հնում՝ ացելաս է: Այս քարքարոտ ձորակում չի աճում, ես սա հոտով գտել եմ այստեղից շատ հեռու, Ուղուց հարավ ընկած թավուտում: Հյուսիսում քչերը գիտեն բալասանի մասին, թերևս մի քիչ հետքագետները: Զարմանալի բույս է, բայց եթե նույնիսկ օգնի, ապա ոչ երկար ժամանակով...
Նա տերևները խաշեց ու սուր, բուրավետ եփուկով լվաց Ֆրոդոյի ուսի վերքը: Ցավը մի քիչ հանգստացավ, բայց սառած, կախ ընկած թևն ասես փայտացել էր, կպել կողքից, ու Ֆրոդոն սկսեց հանդիմանել ինքն իրեն, որ թշնամու հրամանով հագավ մատանին: «Հատուցեցի, լավ,— մտածում էր նա,— ամբողջ կյանքում հաշմանդամ կմնամ, իսկ հիմա ի՞նչ անեմ... ախր շարժվելու ուժ չկա»: