Changes

Պահապանները

Ավելացվել է 42 816 բայտ, 12:41, 26 Հունիսի 2016
/* Գլուխ տասը. Պառակտում */
— Ինքս էլ չգիտեմ,— պատասխանեց Արագորնը: — Ինչ-որ զգացում քունս խանգարում է: Բե՛ր մի նայենք քո Ջարդողին:
 
— Ինչու՞,— զարմացած հարցրեց նրան Ֆրոդոն: — Դու կարծում ես օրքերը գալի՞ս են:
 
— Բե՛ր նայենք,— կրկնեց Արագորնը:
 
Ֆրոդոն թուրը հանեց պատյանից: Շեղբի ծայրերը հազիվ նկատելի լույս էին տալիս:
 
— Օրքերը... — անհանգիստ քրթմնջաց հոբիթը: — Շատ մոտիկ չեն, բայց այնուամենայնիվ մոտ են:
 
— Բավական մոտ են,— հաստատեց Արագորնը: — Բայց կարող է պատահել, միայն Սաուրոնի լրտեսներն են, որոնք թափառում են արևելյան ափերին: Մինչև վերջին ժամանակներս, որքան ես գիտեմ, Ամոն-Վեդարի շրջակայքում օրքեր չեն հայտնվել: Ասենք, ինչ գոնդորցիները նահանջել են, գետամերձ հողերում շատ բան է փոխվել: Մեզ այժմ հարկավոր է մեծ զգուշությամբ շարժվել:
 
Լուսաբացը հեռավոր հրդեհի հրացոլք էր հիշեցնում: Սև ծխի քուլաներից արևելքում թանձր ամպեր էին կուտակվում, որոնք ներքևից լուսավորում էր աղոտ առկայծող արևը: Բայց շուտով արևը բարձրացավ ջինջ երկնակամար, ոսկեփայլ լույսով ողոելով Թոլ Բրանդիրի խիստ ուրվագծերը: Ֆրոդոն հետաքրքրությամբ դիտում էր կղզին: Զառիկող ժայռերի պատով այն բարձրանում էր փայլփլուն ծփացող վտակից: Ժայռերի կատարներն ի վեր մագլցում էին կաղնու պուրակներ, իսկ գագաթը բացարձակապես մերկ էր ու լերկ: Կղզու վրա թռչուններ էին պտտվում, բայց Ֆրոդոն ոչ մի գազան կամ գոնե ժայռերի ծերպերում օձ չնկատեց: Նախաճաշից հետո Արագորնն ասաց ուղեկիցներին.
 
— Ժամանակը եկել է, բարեկամներ: Այսօր ստիպված ենք վերջապես որոշելու, թե ուր ենք թեքվելու՝ արևմու՞տք, Գոնդոր, որպեսզի բացեիբաց կռվենք Թշնամու հետ, թե՞ արևելք, սարսափի ու խավարի երկիր: Բայց և հնարավոր է, որ մենք պետք է բաժանվենք, որպեսզի յուրաքանչյուրս իր սեփական պարտքը կարողանա կատարել: Որոշում կայացնելը հետաձգել չի կարելի, որովհետև Անդուինից այն կողմ վխտում են օրքերը, եթե, իհարկե, դեռ չեն անցել այս ափը, և հապաղումը կարող է մեզ կործանել:
 
Արագորնը լռեց: Պահապաններից ոչ ոք լռությունը չխախտեց, ոչ ոք չշարժվեց: Այնժամ Արագորնը նորից խոսեց.
 
— Ըստ երևույթին, ընտրության բեռը քո ուսերին է ընկած, Ֆրոդո: Մենք Պահապաններ ենք կոչվում, որովհետև ուղեկցում ենք քեզ, բայց Մատանու ճակատագրի համար միայն դու ես պատասխանատու, քեզ է վստահել Իմաստունների Խորհուրդը, և մենք չէ, որ պետք է որոշենք, թե ուր գնաս դու: Ես իրավունք չունեմ գլխավոր Պահապանին խորհուրդ տալու, ես Գանդալֆը չեմ, չնայած ճանապարհին որքան կարողացա՝ փոխարինեցի նրան: Չգիտեմ, նա ինչ կորոշեր Թոլ Բրանդիրից հետո: Ի դեպ, Գանդալֆն էլ, իմ կարծիքով, քեզ կթողներ վճիռը: Այո, Ֆրոդո, քո խոսքը գլխավորն է ու վերջնականը:
 
— Ես գիտեմ, որ պետք է շտապել,— դանդաղ և բոլորովին էլ ոչ միանգամից խոսեց Ֆրոդոն: — Բայց դա շատ ծանր բեռ է՝ վերջնական ընտրությունը: Մեկ ժամ տվեք մտածելու համար, Արագորն, և վերադառնալով, իմ խոսքը կասեմ:
 
— Ինչ արած, մտածիր միայնության մեջ, Ֆրոդո, որդի Դրոգոյի,— համաձայնեց Արագորնը, բարի ու ցավակցող հայացքով նայելով նայելով հոբիթին: — Մեկ ժամ կսպասենք քեզ այստեղ: Միայն հեռու չգնաս:
 
Արդեն ինչքան ժամանակ է Ֆրոդոն անշարժ, գլխիկոր նստած էր Տիրոջը ուշադիր հետևող Սամը քթի տակ մրթմրթում էր.
 
— Դե ինձ ի՜նչ կա, ես կլռեմ: մենակ թե էստեղ մտածելու ինչ կա, երբ առանց այդ էլ ամեն ինչ պարզ է:
 
Ասես ի պատասխան Սամի փնթփնթոցի, Ֆրոդոն վեր կացավ ու գնաց: Նրա թիկունքին չնայելու համար Պահապանները շրջվեցին: Սակայն Բորոմիրը, ինչպես նկատեց Սամը, անքթիթ հետևում էր նրան, մինչև Ակնի լանջի ծառերը ծածկեցին Ֆրոդոյին:
 
Անտառում աննպատակ թափառելով, Ֆրոդոն պատահաբար դուրս եկավ մի լքված ճանապարհ: Այն տանում էր դեպի սարի գագաթը: Զառիվեր վերելքի վրա երևում էին կիսաքանդված, շատ տեղերում ծառերի արմատներով ճեղքված քարե աստիճաններ: Ֆրոդոն մեքենայորեն բարձրացավ վերև և շուտով հայտնվեց երեք կողմից մերկ արոսենիներով շրջապատված փոքրիկ մարգագետնում: Մարգագետնի կենտրոնում մի տափակ մոխրագույն գլաքար էր ընկած. ասես թե իրարից հեռանալով, որպեսզի առավոտյան արևը չծածկեն, ծառերն արևելքում բացում էին Թոլ Բրանդիրը և նրա գագաթի շուրջը պտտվող թռչուններին: Հեռվում ահարկու մռնչում էր Ռերոսը:
 
Ֆրոդոն նստեց քարի և կզակը ափերին դրած՝ խոր մտքերի մեջ ընկած անշարժացավ: Մտովի նրա հայացքի առջևով սրընթաց անցան Պարկուտից Բիլբոյի գնալուց հետո տեղի ունեցած իրադարձությունները: նա հիշեց Գանդալֆի պատմությունները, արշավի սկիզբը, Խուրհուրդն Էլրոնդի մոտ: Բայց որոշումը փախչում էր, մտքերը ցրվում էին...
 
Հանկարծ նա իրար անցավ. ինչ որ մեկի հայացքը թիկունքը ծակում էր, ճնշում նրա խոհերը: Նա հապշտապ վեր թռավ, հետ նայեց և թեթևացած շնչեց, տեսնելով Բորոմիրին: Գոնդորցու դեմքին լարված, բայց բարի ժպիտ էր սառած:
 
— Ես անհանգստանում էի քեզ համար, Ֆրոդո,— ասաց նա,— եթե Արագորնն իրավացի է, և օրքերը մոտ են, ապա մենակ անտառում շրջելը շատ վտանգավոր է: Հատկապես քեզ համար, ախր դու նրանց համար իսկապես անգին ավար ես: Ինձ դառը խոհեր են պատում: Դե որ քեզ գտել եմ, թույլ տուր նստեմ կողքդ: Երբ բոլորս միասին հավաքվում ենք, ամեն մի բառը անվերջանալի վեճեր է առաջացնում: Իսկ այստեղ, երկուսիս գուցե հաջողվի որևէ իմաստուն վճիռ կայացնել:
 
— Շնորհակալ եմ, Բորոմիր,— պատասխանեց Ֆրոդոն: — Մենակ թե հազիվ կարողանաս ինձ օգնել, որովհետև ես գիտեմ, թե ինչպես պետք է վարվեմ ու վախենում եմ: Ուղղակի վախենում եմ, Բորոմիր:
 
Ֆրոդոն լռեց: Ռերոսի հավասարաչափ թնդյունի միջից լսվում էր քամու սուլոցը մերկ ծառերի ճյուղերի մեջ: Բորոմիրը մոտեցավ հոբիթին և նստեց կողքը, նրա քար վրա:
 
— Իսկ դու համոզվա՞ծ ես, որ չարչարանքդ իզուր չի անցնի,— մեղմ հարցրեց նա: — Ինչու՞ նախապես հրաժարվել ամեն տեսակ օգնությունից... Ես տեսնում եմ, որ քեզ խորհուրդ պետք է: Լսիր ինձ, Ֆրոդո...
 
— Հենց բանն էլ այդ է, որ ես կռահում եմ, թե ինչ խորհուրդ ես ինձ տալու, Բորոմիր,— ասաց Ֆրոդոն: — Այն իմաստուն է թվում... Բայց սիրտս ինձ նախազգուշացնում է:
 
— Նախազգուշացնու՞մ է... Ինչի՞ց,— կտրուկ հարցրեց Բորոմիրը:
 
— Հետաձգումից,— պատասխանեց Ֆրոդոն: — Հեշտ ճանապարհից: Ծանր բեռը թոթափելու ցանկությունից: Եվ էլի... Ինչպե՞ս դա արտահայտել... Այո, մարդկանց ուժի և հուսալիության նկատմամբ կույր հավատից:
 
— Այդ ուժը հուսալիորեն պահպանում է ձեզ մեծամեծ արհավիրքներից... — բացականչեց Բորոմիրը:
 
— Ես գոնդորցիները քաջությանը դույզն իսկ չեմ կասկածում,— ասաց Ֆրոդոն: — Բայց աշխարհն այժմ արագ է փոխվում: Մինաս Թիրիթի պատերն ամուր են, գիտեմ: Բայց եթե հանկարծ պարզվի, որ այնքան էլ ամուր չեն, հետո ի՞նչ կլինի...
 
— Ռազմիկներին վայել կդիմավորենք մահը,— պատասխանեց Բորոմիրը,— բայց չէ որ դեռ հույս կա, որ թշնամական զորքը ատամները կփշրի մեր բերդի պարսպին:
 
— Այդպիսի հույս չկա, քանի դեռ գոյություն ունի Մատանի,— կտրեց Ֆրոդոն:
 
— Մատանին,— կրկնեց Բորոմիրն ու նրա աչքերը բռնկվեցին: — Տարօրինակ չէ՞ արդյոք, որ բոլորիս այդքան տագնապ է պատճառում այդ փոքրիկ դատարկ բանը՝ ոսկե մատանին: Հապա մի ցույց տուր ինձ, ի՞նչ տեսք ունի, թե չէ ես Էլրոնդի Խորհրդի ժամանակ լավ չնայեցի:
 
Գլուխը բարձրացնելով, Ֆրոդոն Բորոմիրի աչքերում տարօրինակ կայծ տեսավ: Եվ չնայած գոնդորցու դեմքն առաջվա պես բարեկամական էր, հոբիթը սառն օտարացում զգաց:
 
— Ավելի լավ է չհանեմ,— կարճ ասաց նա:
 
— Որ լավ է, թող լավ լինի,— իսկույն նահանջեց Բորոմիրը,— դու գիտես: Բայց խոսել դրա մասին, հուսով եմ, կարելի՞ է: Ահա դուք միշտ խոսում եք Թշնամու ձեռքում նրա ահռելի հզորության մասին. իբր աշխարհը այժմ փոխվում է, և եթե Մատանի չոչնչացվի, Մինաս Թիրիթը, իսկ հետո էլ Միջերկիրը կչքանա Խավարի Վարագույրի տակ: Հնարավոր է, որ այդպես էլ պատահի, ես չեմ վիճում, եթե Մատանին ընկնի Թշնամու ձեռքը: Իսկ եթե մնա մեզ մո՞տ...
 
— Էլրոնդը նախազգուշացրեց Խորհրդի ժամանակ, որ Մատանին կարող է միայն Չարին ծառայել,— գոնդորցուն հիշեցրեց Ֆրոդոն:
 
— Ուրիշի ձայնով մի երգիր,— գոռաց Բորոմիրը: Նա վեր կացավ ու անհանգիստ սկսեց քայլել մարգագետնում: — Իսկ, իմիջիայլոց, գուցեև նրանք իրավացի են՝ Գանդալֆը, Էլրոնդը, բոլոր այդ էլֆերն ու հրաշագործները, իրենք իրենց համար: Գուցե նրանք իսկապես չարագործ դառնան, եթե Մատանին նրանց ձեռքն ընկնի: Չնայած ես մինչև հիմա մի կարգին չգիտեմ, նրանք իսկապե՞ս իմաստուն են, թե պարզապես երկչոտ են... Բայց մեզ, Մինաս Թիրիթի մարդկանց, որոնք արդեն բազում տարիներ Միջերկիրը պաշտպանում են Սև Տիրակալից, չարագործ չես դարձնի... Մեզ պետք չէ տիրել աշխարհի և հրաշքներ գործել: Մենք ցանկանում ենք ջախջախել համընդհանուր թշնամուն, որպեսզի պահպանենք մեր ազատությունը: Բայց նկատի ունեցիր, ինչ զարմանալի զուգադիպություն. հիմա, երբ մեր ուժերը սպառվելու մոտ են, նորից գտնվեց Մեծ Մատանին: Ճակատագրի նվեր է, ուրիշ կերպ չի լինի... Միայն վճռականությունն ու անվախությունն են հասցնում հաղթանակի: Արդարացի մարտում հաղթելու համար խիզախ մարտիկը պետք է ամեն ինչի պատրաստ լինի: Ինչ ասես չի անի մարտիկը հաղթանակի համար, իսկական մարտիկը... Արագորնը ի՜նչ չի անի: Իսկ եթե նա հրաժարվի, մի՞թե Բորոմիրը կտատանվի պայքարում... Համիշխանության Մատանին ինձ մեծամեծ հզորություն կհաղորդի: Իմ դրոշի տակ կհավաքվեց բոլոր ազատ հողերի քաջ դյուցազունները, և մենք առավել հիմնովին կջախջախենք Թշնամու զորագնդերը...
 
Թվում է, Բորոմիրը մոռացել էր Ֆրոդոյի մասին: Նա մարգագետնում գռգռված ետուառաջ էր քայլում, դատողություններ անելով Մինաս Թիրիթի հարձակվողական մարտերի, մարդկանց հզոր դաշնակցությունների և գալիք հաղթանակների մասին: Նրա ձայնը գնալով ավելի ու ավելի բարձր էր հնչում, իսկ Թշնամուն վերջնականապես հաղթելու ինքնավստահությունը սրընթաց աճում էր: Եվ ահա արդեն Թշնամու զորքը խառնիխուռն գլորվեց Մորդոր, վերջին թշնամիների անխնա ջարդեցին Սև Բերդի պատերի տակ, իսկ ինքը՝ Բորոմիրը դարձավ մեծ, արդարամիտ ու իմաստուն թագավոր...
 
Հանկարծ գոնդորցին քարացավ գլխիկոր նստած հոբիթի առջև:
 
— Իսկ նրանք անպայման ուզում են զրկվել Մատանուց... — գոռաց նա,— հենց զրկվել, այլ ոչ թե ոչնչացնել, որովհետև եթե փոքրիկ կոլոտիկը կուրորեն ընկնի Մորդոր, ապա Թշնամին անխուսափելիորեն կտիրանա նրա գանձին...
 
Բորոմիրը վերևից ներքև նայեց Ֆրոդոյին:
 
— Հուսով եմ, ինքդ է՞լ ես հասկանում այդ, բարեկամս,— հարցրեց նա: — Ասացիր, որ վախենում ես: Բայց քո մեջ ոչ թե վախն է խոսում, այլ առողջ դատողությունը:
 
— Ոչ, ոչ, ես պարզապես վախենում եմ,— առարկեց Ֆրոդոն: — Ուղղակի սարսափելի է, Բորոմիր: Եվ այնուամենայնիվ ուրախ եմ, որ արտահայտվեցիր: Հիմա ես չեմ տարակուսում:
 
— Վաղուց էր պետք,— բացականչեց գոնդորցին:
 
— Դու ինձ չհասկացար, Բորոմիր,— ասաց Ֆրոդոն: — Ես չեմ գա Մինաս Թիրիթ:
 
— Բայց դու անպայման պետք է անցնես մեզ մոտ, թեկուզ կարճ ժամանակով,— շարունակում էր պնդել Բորոմիրը,— Մինաս Թիրիթն արդեն մոտ է, և Ժայռոտից Մորդոր ավելի շուտ չես հասնի մեր ամրոցից: Մեզ մոտ Թշնամու մասին վերջին նորությունները կիմանաս: Գնանք, Ֆրոդո,— ասաց Բորոմիրը, ձեռքն ընկերաբար նրա ուսին դնելով: Բայց գոնդորցու թաքնված գռգռվածությունը մատնում էր դողդողացող ձեռքը:
 
Ֆրոդոն վեր կացավ և, անհանգստությամբ Բորոմիրին նայելով ընկրկեց՝ մարդը հոբիթից հասակով երկու անգամ բարձր էր ու շատ ավելի ուժեղ:
 
— Մի՞թե դու ինձնից վախենում ես,— հարցրեց Բորոմիրը: — Մի՞թե ես դավաճանի կամ ավազակի եմ նման: Այո, քո Մատանին ինձ հարկավոր է, այժմ դու գիտես դա: Բայց երդվում եմ գոնդորցու պատվով, ես այն կվերադարձնեմ քեզ հաղթանակից հետո: Անմիջապես կտամ:
 
— Ոչ... — վախեցած ճչաց Ֆրոդոն: — Ես այն չեմ կարող վստահել ուրիշներին: Չեմ կարող:
 
— Հիմա՛ր,— մռնչաց Բորոմիրը: — Համա՛ռ հիմար: Դու կկործանվես սեփական հիմարությանդ պատճառով ու բոլորիս էլ կկործանես: Եթե մահկանացուներից որևէ մեկը կարող է հավակնություն ունենալ Մեծ Մատանու նկատմամբ, ապա, իհարկե, ոչ դուք, կոլոտիկներդ, այլ Նումենորի մարդիկ, և միայն նրանք... Անհեթեթ պատահականությունն է Մատանի քո ձեռքը տվել: Այն կարող էր իմը լինել: Այն պետք է իմը լինի... Տու՛ր ինձ...
 
Ֆրոդոն առանց պատասխանելու հետ-հետ գնաց, որպեսզի իր քարով անջրպետվի խոշորամարմին գոնդորցուց:
 
— Իզուր ես վախենում,— քիչ ավելի հանգիստ ասաց Բորոմիրը: — Ինչու՞ Մատանուց չազատվես: Իսկ միաժամանակ և քո բոլոր վախերից ու կասկածներից: Հետո կհայտարարես, որ ես ուժով եմ խլել, որ ես առավել ուժեղ եմ քեզանից: Քանի որ ես իրոք ուժեղ եմ քեզնից, կոլոտիկ... — Գոնդորցին թռավ քարի վրայից ու նետվեց դեպի Ֆրոդոն: Նրա գեղեցիկ, առնական դեմքը զզվելիորեն աղավաղվեց, աչքերում ծածանվեց ագահության կրակը:
 
Խուսափելով, Ֆրոդոն նորից թաքնվեց քարի հետևը, և, դողացող ձեռքով Մատանին հանելով, հագավ այն, որովհետև Բորոմիրը նորից էր նետվում դեպի նա: Ապշահար գոնդորցին մի պահ քարացավ, իսկ հետո սկսեց դեսուդեն ընկնել մարգագետնում, փորձելով գտնել անհետացած հոբիթին:
 
— Ողորմելի ձեռնածու,— կատաղի գոռաց նա: — Այժմ ես գիտեմ, թե քո մտքում ինչ կա: Դու ուզում ես Մատանի տալ Սաուրոնին և պատեհ պահ ես փնտրում փախչելու համար, որպեսզի բոլորիս մատնես... Սպասիր, դե թող միայն ձեռքս հասնի քեզ... Անիծված լինես, Թշնամու վիժվածք, անիծված լինես առհավետ մթության ու մահվան խավարի... — Կույր մոլեգնության մեջ գոնդորցի քարի կպավ, սայթաքեց, տապալվեց գետնին ու մեռածի պես անշարժացավ, ասես նրան իր սեփական անեծքը դիպավ, իսկ հետո հանկարծ սկսեց անզոր հեծկլտալ:
 
Քամին ուժեղացավ. թախծալի սուլոցը գոնդորցուն ուշքի բերեց: Նա դանդաղ վեր կացավ, աչքերը սրբեց ու քրթմնջաց.
 
— Ես ի՞նչ էի դուրս տալիս... Ինչե՞ր եմ արել... Ֆրոդո՜... Ֆրոդո՜... — սարսափահար գոռաց նա: — Ֆրոդո՛, վերադարձիր... Միտքս մթագնել էր, բայց անցավ... Ֆրոդո...
 
Սակայն ֆրոդոն արդեն հեռու էր. չլսելով Բորոմիրի վերջին ճիչերը, առանց ճանապարհ տեսնելու նա վազում էր դեպի վեր: Ափսոսանքն ու սարսափը տանջում էին հոբիթին, երբ հիշում էր գազանացած գոնդորցու աղավաղված դեմքն ու վառվող աչքերը, որտեղ փայլում էր խելացնոր ընչաքաղությունը:
 
Շուտով նա հասավ սարի գագաթը, շունչ քաշեց ու գլուխը բարձրացրեց: Ասես մշուշում նրա առջև բացվեց սալարկված մի շրջանաձև հարթակ, որ եզերված էր ջարդված քարերի պատով: Պատից այն կողմ չորս սյուների վրա հենված տաղավար կար և սանդուղք, որ տանում էր դեպի տաղավար: Հոբիթը հասկացավ, որ դա Ամոն-Վեդարն է, կամ համընդհանուր լեզվով Ակն, նումենորցիների պահակակետ-դիտակետը: Նա աստիճաններով բարձրացավ, մտավ տաղավար, նստեց հսկիչ-բազկաթոռում ու սկսեց նայել շուրջը:
 
Սկզբում ոչինչ չէր երևում, բացի ուրվականային մշուշապատ ստվերներից, չէ՞ որ նրա մատին Թշնամու Մատանին էր: Իսկ հետո հանկարծ ստվերները որոշակիություն ստացան և դարձան անպարփակ աշխարհի պատկերներ, ասես հոբիթը որպես թռչուն երկինք էր հառնել: Արևելք քին ձգվում անծանոթ, անանուն թավուտներով եզերված հարթավայրեր, որոնց հետևում բարձրանում էին անանուն լեռներ: Հյուսիսում փայլփլում էր Անդուինի ժապավենը և ձախից գետին էր մոտենում ձյունապատ ժայռերի առկայծող ժանիքներով Մշուշապատը, արևմուտքում կանաչին էին տալիս Մուստանգրիմի արոտավայրերն ու համեստորեն սևին էր տալիս Օրթհանքի աշտարակը, որտեղից Գանդալֆին փախցրել էր Քամիխեղդը: Ծիածանի տակով բոլոնի հարթավայր գահավիժող Ցիցքարի փրփրադեզ վտակներից հարավ Անդուինը սուրում էր դեպի Իթիլյան ճահճուտ և այնտեղ, բազմաթիվ հոսանքների բաժանվելով, թափվում մոխրա-արծաթագույն Ծովը, որի վրա արևի փոշու նման բյուրավոր թռչուններ էին պտտվում:
 
Ծաղկող Միջերկրում, սակայն, խաղաղություն չկար: Մշուշապատի վրա մրջյունների նման վխտում էին օրքերը: Արևելյան Չարքանտառի կապույտ եղևնիների տակ կռվում էին մարդիկ, էլֆերն ու գազանները: Լորիենի սահմանները ծխով էին պատված: Մորիայի վրա սև ամպեր էին կուտակվել, Բրանդի հողերում հրդեհի բոցեր էին բարձրանում: Զինված հեծյալները ձիերը մտրակելով սուրում էին Մուստանգրիմի լայնարձակ հարթավայրում: Իզենգարդը պահպանում էին գայլդարձյակների ոհմակները: Վաստակներն ու հորոդրիմցիները շարժվում էին արևմուտք. նետաձիգներ, թրակիրներ, հեծյալ նիզակակիրներ, հարյուրակայիններ ու հազարյակայիններ՝ թեթև երկանիվ այլակներով, պաշարներով բեռնված սայլեր, դատարկ սայլեր թալանված բարիքների համար. այս բոլորը Թշնամու զորքի անչափելի ուժն է:
 
Ֆրոդոն նորից նայեց հարավ: Անդուինից արևմուտք, Սպիտակ լեռներում հպարտորեն վեր էր խոյանում սպիտակ քարից անմատչելի պարսպով հզոր բերդը՝ Մինաս Թիրիթը, գոնդորցիների ապավենը: Եվ հոբիթի սրտում հույս ծագեց: Սակայն Անդուինից հարավ, Անձոխալեռների մոտ, նախալեռնային սև սարահարթի վրա բարձրանում էր վիթխարի սև ամրոց՝ գիշատիչ, բազմամարդ, ահազազուր: Ֆրոդոն ակամա նայեց արևելք: Անձոխալեռներից այն կողմ Գորգորոթի հովտում նույնիսկ պայծառ արևի տակ սևին էր տալիս Ճակատագրի Լեռան բոսոր ծխի քուլաներով պարուրված մենավոր զանգվածը: Հոբիթի հայացքը հայացքը սահեց քիչ հեռուն: Եվ ահա մյուս տեսարանները փակեց ամրաշեն դղյակը: Ֆրոդոն ուզում էր շրջվել ու չկարողացավ: սանդղաձև ժայռի վրա, անթիվ պատերից ներս, գետնամած դիտաշտարակներով շրջապատված, որոնք սանդղակ առ սանդղակ վեր էին բարձրանում, սև սարդի նման սառել էր Բարադ-Դուրը՝ Խավարի ամրոցը, Սաուրոնի որջը: Եվ խավարը մարեց հոբիթի հույսը:
 
Իսկ հետո նա զգաց '''Աչքը''':
 
Աչքը լարված փնտրում էր Պահապանին, որը համարձակվել էր Մատանին հագնել: Որպես կառչուն մատ, նա խուզարկում էր Միջերկիրը: Ֆրոդոն զգում էր, որ Աչքից չի թաքնվի: Ահա նա արդեն Ունկն է շոշափում: Ահա սահում է Ժայռոտի ձորերով... Ֆրոդոն թռավ հսկիչ-բազկաթոռից, ընկավ, կծկվեց տաղավարի հատակին, աչքերը ծածկեց լորիենյան կնգուղով...
 
Նա անձայն շշնջում էր. «''Չեմ տա... Չեմ հանձնվի''», իսկ տաղավարում հնչում էր. «''Կտամ... Կհանձնվեմ...''»: Խուլ արձագանքը Ակնի վրա տարածում էր անզորության այդ սորուն երդումը: Իսկ հետո նրա գլխում հնչեց. ''հանիր, այ հիմար, Մատանին հանիր...'' — և շուրջը լռություն լցվեց:
 
Փոքրիկ Պահապանի մեջ երկու հզոր ուժ էին հակամարտում: Մի ակնթարթ դրանք հավասարակշռվեցին, և նա գիտակցությունը կորցրեց: Իսկ երբ ուշքի եկավ, ապա զգաց, որ ո՛չ Աչք, ո՛չ ձայն այլևս չկան: Նա նորից ազատ կամքի տեր էր: Նա Մատանին հանեց մատից և հենց ճիշտ ժամանակին: Տաղավարի վրայով մութ ստվեր անցավ, որը գերեզմանային սառնություն շնչեց, և նորից արևը փայլեց: Երկնքում իրար էին ձայնում թռչունները:
 
Ֆրոդոն կամաց-կամաց ոտքի կանգնեց: Նա թուլություն էր զգում ինչպես հիվանդությունից հետո, բայց նրա կամքը վերջնականապես ամրացավ:
 
— Ես պետք է մենակ գնամ,— ասաց նա: — Որովհետև Մատանու մութ ուժն արդեն գործում է մեր Ջոկատում: Այո, ինձ հարկավոր է մենակ գնալ: Այժմ ես բոլորին հավատալ չեմ կարող, իսկ նրանց ովքեր ինձ երբեք չեն դավաճանի՝ բարի Սամը կամ Մերի ու Փինը, ես շատ եմ սիրում, որպեսզի քարշ տամ Մորդոր: Պանդուխտը մեծ ձգտում ունի գոնդորցիներին օգնելու, և այժմ նրանց կրկնակի է հարկավոր, քանի որ Բորոմիրը վարակված է չարագործությամբ: Հարկավոր է գնալ մենակ: Անհապաղ:
 
Նա ներքև վազեց, այն մարգագետինը, որտեղ նրան գտավ Բորոմիրը: Տագնապալի ճիչեր էին հասնում նրան:
 
— Ինձ են փնտրում,— բարձրաձայն ասաց նա: — Հետաքրքիր է, որքան ժամանակ է անցել... Երևի մի քանի ժամից ոչ պակաս: — Նրան թվաց, որ ճիչերը մոտենում են: — Ի՞նչ անել,— քրթմնջաց նա ցածրաձայն և հաստատ ասաց. — Մեկնել, իսկույն: Այլապես երբեք չեմ գնա: Եվ հրաժեշտ տալ էլ չի կարելի: Նրանք ինձ, միևնույնն է, չեն թողնի... Ուրեմն հարկավոր է հեռանալ առանց հրաժեշտ տալու:
 
Եվ Ֆրոդոն Մատանին հագավ:
 
Այնտեղ, որտեղ հենց նոր կանգնած էր հոբիթը, դանդաղ բարձրանում էր տրորված խոտը: Իսկ լանջն ի վար լսվում էր գարնանային քամու սոսափի պես թեթև շրշյուն:
 
Մնացած Պահապանները խմբված նստել էին ափին: Եվ չնայած նրանցից յուրաքանչյուրն իրեն խոսք էր տվել հանգիստ սպասել, խոսակցությունը մշտապես վերադառնում էր Ֆրոդոյի վճռին:
 
— Այո, ծանր ընտրություն է սպասում նրան,— հառաչելով ասաց Արագորնը: — Արևելքի ճանապարհը օրքերի պատճառով մահացու վտանգավոր է, որովհետև Թշնամուն կմատնեն որտեղ ենք թաքնվել, և Մութ Ուժերի ճնշման տակ Մինաս Թիրիթը վաղ թե ուշ կընկնի: Նույնիսկ Էլրոնդն ընդունեց, որ Թշնամու զորքին ի վիճակի չէ դիմադրել: Ի՞նչ անել... Վախենում եմ, որ միայն Գանդալֆը կարող էր այս կործանարար հանելուկը լուծել: Բայց Գանդալֆը չկա...
 
— Ուրեմն, ստիպված ենք մենք լուծել,— Արագորնի փոխարեն շարունակեց Լեգոլասը: — Մենք պետք է օգնենք Ֆրոդոյին: Եկեք կանչենք նրան ու քվեարկենք, թե ուր գնանք: Ինձ թվում է, քանի արևելյան ճանապարհը փակ է, հարկավոր է հասնել Գոնդոր և մի քիչ սպասել:
 
— Ինձ էլ է այդպես թվում,— էլֆի հետ համաձայնեց Ջիմլին: — Բայց եթե Ֆրոդոն այնուամենայնիվ որոշի թեքվել արևելք, ես կգնամ նրա հետ:
 
— Ես էլ կգնամ,— արձագանքեց Լեգոլասը: — Հիմա նրան մենակ թողնելը դավաճանություն կլիներ:
 
— Դե մեր մեջ, իմ կարծոիքով, դավաճաններ չկան,— ասաց Արագորնը: — Սակայն եթե Ֆրոդոն ուղևորվի Մորդոր, նրան չեն օգնի ոչ յոթ, ոչ յոթանասունյոթ ուղեկիցները... այլ նույնիսկ հնարավոր է, որ խանգարեն, մեծ ջոկատը հայտնաբերելը հեշտ է: Այնպես որ ես ընդամենը երեքին կառաջարկեի՝ Սամին ( նա երբևէ կզատվի՞ իր տիրոջից), ինձ և Ջիմլիին:
 
— Իսկ մե՞նք,— վրդովված բացականչեց Մերին: — Ես ու Փինը դեռ տանը հաստատ որոշել էինք չբաժանվել Ֆրոդոյից... Եվ կգնանք... Միայն թե դա զարհուրելի է՝ թույլ տալ նրան... ուղիղ Թշնամու երախը... Մենք պետք է նրան հետ պահենք...
 
— Իհարկե՛, պետք է... — բարեկամի խոսքը հաստատեց Փինը: — Բայց իմաստ ունի՞ արդյոք հիմա խցկվել այնտեղ... Այ նա էլ չի կարողանում վճռել... հասկանում է, որ մենք նրան մենակ չենք թողնի գնա, իսկ խնդրել, որ իր հետ մորդոր գնանք՝ չի ուզում... Իհարկե, կարող էր և կռահել, որ մենք առանց որևէ խնդրանքի ինքներս կգնանք, եթե չկարողանանք նրան հետ պահել:
 
— Է՜հ, դուք տիրոջը չգիտեք,— միջամտեց Սամը: — Էդ նա՞ չի կարող վճռել... Թե չէ Լորիենում արդեն չէր վճռել... Դե դուք ասեք, նրա ինչի՞ն է պետք այդ Մինաս Թիրիթւ... Դե դու չնեղանաս,— աչքերով գոնդորցուն փնտրելով, ավելացրեց Սամը: Եվ հանկարծ անհանգստացած բացականչեց. — Իսկ Բորոմիրն ու՞ր է... Նա ախր երեկվանից ինքն իրենը չի... Ասենք, դե լավ, նրա տունը քթի տակ է, նրա հոգսը մենք չենք... Իսկ տերը, նա վաղուց է վճռել, որ կգնա Մորդոր: Վճռելը՝ վճռել էր, բայց մեկ-մեկ վախենում էր: Դե հիմա էլ, պարզ բան է, վախենում է: նա, իհարկե, շատ բաներ տեսավ, ինչ Պարկուտից դուրս եկավ՝ քանի որ երիցս անիծված Մատանին չգցեց գետն ու չփախավ, ուր աչքը կտրում էր... Դե, այնուամենայնիվ, վախը նրան կրծում է: Դե էստեղ ո՜վ չի վախենա, կուզեք իմանալ... Իսկ մեր բոլորի մասին նա հասկանում է, որ իրեն չենք լքի, հենց էդ էլ գլխավոր խանգարիչն է: Որովհետև նրա վճիռը մենակ գնալն է եղել: այ հիմա նա կվերադառնա ու մեզ դեռ ցավի մեջ կգցի, հիշեք իմ խոսքերը, նա ոչ ոքի Մորդոր տանել չի ուզենա...
 
— Երևակայեք, Սամն իրավացի է,— մտախոհ ասաց Արագորնը: — Ուրեմն ի՞նչ ենք անելու...
 
— Չթողնել նրան... Ոչ մի դեպքում չթողնել,— գոռաց Փինը:
 
— Մենք դրա իրավունքը չունենք,— առարկեց Արագորնը: Նա գլխավոր Պահապանն է ու մենակ է պատասխանում Մատանու ճակատագրի համար: Մենք չպետք է մեր կամքը թելադրենք նրան: Չպետք է և չենք էլ կարող. չափազանց ահարկու ուժեր են ներքաշված Մեծ Մատանու համար մղվող պայքարի մեջ:
 
— Այդ դեպքում թող շուտ վերադառնա ու ինչ լինելու է՝ թող լինի,— աղերսագին ասաց Փինը: — Այսպիսի սպասումից կարելի է գժվել: Երևի վաղուց ժամն անցել է...
 
— Վաղուց նրա վերադառնալու ժամանակն է,— հաստատեց Արագորնը:
 
Պահապանները վեր կացան և այդ պահին ծառերի հետևից դուրս եկավ Բորոմիրը՝ շփոթված ու խոժոռ: Նա կանգ առավ, ասես իր ուղեկիցներին հաշվելով, և նրանցից քիչ հեռու նստեց խոտերին:
 
— Որտե՞ղ էիր, Բորոմիր,— նրանց հարցրեց Արագորնը: — Ֆրոդոն քեզ չի՞ հանդիպել:
 
— Հանդիպել է,— քիչ հապաղելով պատասխանեց գոնդորցին: — Հետո չքացավ... Ես նրան համոզում էի գնալ Մինաս Թիրիթ... և տաքացա... Ու նա անհետացավ: Երևի հագավ Մատանին: Անհետացավ, կարծես գետնի տակն անցավ: Չհաջողվեց գտնել: Կարծում էի, արդեն վերադարձել է:
 
— Ուրիշ ասելիք չունե՞ս,— մռայլ ու խոժոռվելով, գոնդորցուն հարցրեց Արագորնը:
 
— Այժմ՝ ոչինչ,— ճիգով խոսեց Բորոմիրը:
 
— Էդ ո՞նց կլինի,— վախեցած հարցրեց Սամը,— ախր հագնել չի կարելի... Մենակ Թշնամին գիտի, թե դրանից ինչ փորձանքներ կգան...
 
— Դե նա երևի անմիջապես էլ հանել է,— մտածելով, ասաց Մերին: — Բիլբոյի նման, երբ նա ուզում էր անկոչ հյուրերից ազատվել:
 
— Իսկ գոնե ու՞ր գնաց,— հուզված ճչաց Փինը: — Քանի ժամ է նա չկա, որտե՞ղ է...
 
— Ե՞րբ ես նրան տեսել, Բորոմիր,— հարցրեց Արագորնը:
 
— Կես ժամ, գուցեև ժամ առաջ,— անվստահ ասաց գոնդորցին: — Նա անհետացավ... Ես երկար փնտրում էի: Ես չգիտեմ, չգիտեմ... — Բորոմիրը գլուխն առավ ձեռքերի մեջ ու լեռց:
 
— Ամբողջ մի ժամ,— տնքաց Սամը: — Շուտ, գնացինք... Հարկավոր է գտնել նրան... — Սամը անտառ նետվեց:
 
— Սպասի՛ր,— տագնապահար հոբիթին ձայն տվեց Արագորնը: — Մենակ չի կարելի, հարկավոր է զույգերի բաժանվել...
 
Բայց նրան ոչ ոք չէր լսում: Սամն արդեն վազքով մտնում էր անտառ, Մերին ու Փինը սուրում էին գետի երկայնքով... Ֆրոդո՜... Ֆրոդո՜... կանչում էին նրանք, և դմբդմբան աձագանքը սփռում էր նրանց զրնգուն ձայները: Լեգոլասն ու Ջիմլին նույնպես մտան անտառ:
 
Արագորնը վազեց Սամի հետևից, բայց կանգ առավ ու գոռաց Բորոմիրին.
 
— Ուշքի եկ... Հիմա ժամանակը չէ վերլուծելու, թե ինչ ես ասել Ֆրոդոյին: Վազիր Փինի և Մերիի հետևից: Պահպանիր նրանց, և, եթե Ֆրոդոն չգտնվի, վերադարձիր այստեղ: Ես էլ շուտով կվերադառնամ:
 
Բորոմիրը վազեց գետի երկայնքով, Արագորնը՝ սարալանջն ի վեր: Երեք կողմից լեռնային արոսենիներով եզերված մարգագետնի մոտ նա հասավ Սամին:
 
Ծանր փնչալով հոբիթը դիտում էր Թոլ Բրանդիրը, ասես Ֆրոդոն կարող էր թևերը թափահարելով թռչել այնտեղ:
 
— Միասին գնանք,— նրան ասաց Արագորնը: — Այստեղ ոչ ոք մենակ չպետք է թափառի: Մեկ էլ տեսար մի փորձանք պատահեց: Սրտիցս տալիս է, արագ... Մենք կբարձրանանք Ամոն-Վեդար և կնայենք, թե շուրջն ինչ է կատարվում: Իմ կարծիքով, Ֆրոդոն հենց այնտեղ է գնացել: Այնպես որ ետ չընկնես, ուշադիր նայիր չորս կողմդ: — Արագորնը արագ բարձրացավ դեպի դիտակետ-պահակակետը:
 
Սամը չէր կարողանում հասնել հետքագետի հետևից: Նրան աչքից կորցնելով, կանգ առավ:
 
— Չես կարողանում ոնց որ պետքն է ոտքերով աշխատել՝ գլխով աշխատիր,— ինքն իրեն խորհուրդ տվեց Սամը: — Գոնդորցին խաբելու սովորություն չունի: Բայց թե կարծես ամեն ինչ չպատմեց: Ինչ-որ մի բան վախեցրել է տիրոջը, ու նա հանկարծ գլուխն է մտցրել՝ հեռանալ: Իսկ ու՞ր: Պարզ բան է՝ արևելք: Առանց Սամի՞: Հենց այդպես է դուրս գալիս էլի, առան Սամի (հոբիթի աչքերը լցվեցին արտասուքվ): Իսկ դու մի լա, այլ մտածիր... — խթանեց ինքն իրեն: — Տերը թռչել առայժմ չի կարողանում: Իսկ արևելքը գետի մյուս կողմում է:
 
Ափին մակույկներն են: Դե՛, Սա՛մ, քեզ տեսնեմ, երկու ոտք էլ փոխ առ ու թռի ափ, գուցե հասնես...
 
 
Վստահելի
1342
edits