Changes
/* Գլուխ քսաներորդ։ Գրեյթ֊Փորթլենդ֊սթրիթի տանը */
== Գլուխ քսաներորդ։ Գրեյթ֊Փորթլենդ֊սթրիթի տանը ==
Մի պահ Քեմփը լուռ նստեց, սևեռուն նայելով լուսամուտի առաջ կանգնած անգլուխ կերպարանքի թիկունքին։ Ապա ցնցվեց, հանկարծակիի գալով ինչ֊որ մտքից, վեր կացավ, Անտեսանելի Մարդու թևը բռնեց ու հեռացրեց տեսարանի առջևից։
― Դուք հոգնած եք,— ասաց Քեմփը։― Ես նստել եմ, դուք էլ ման եք գալիս։ Վերցրե՛ք իմ բազկաթոռը։
Իսկ ինքը տեղավորվեց Գրիֆինի և ամենամոտ պատուհանի միջև։
Գրիֆինը մի քիչ լուռ մնաց, ապա հանկարծ շարունակեց.
― Երբ այդ պատահեց,— ասաց նա,— ես արդեն հեռացել էի Չեսիլսթոուի տնակից։ Անցյալ տարվա դեկտեմբեր ամսին էր։ Լոնդոնում մի սենյակ վերցրի — ընդարձակ, չկահավորված մի սենյակ, խոշոր, երեսի վրա թողնված մի բնակարանում, որը գտնվում էր Գրեյթ֊Փորթլենդ֊Սթրիթի մոտակա խուլ անկյուններից մեկում։ Սենյակը շուտով լցվեց հորս դրամով գնված ապարատներով։ Աշխատանքս առաջ էր գնում անխափան ու հաջողակ և մոտենում էր նպատակին։ Ես նման էի մի մարդու, որը խուլ թավուտից դուրս գալով հանկարծ անհասկանալի մի ողբերգության է հանդիպում։ Գնացի թաղելու հորս։ Միտքս տակավին կլանված էր իմ հետազոտությամբ, և ես մատս մատիս չխփեցի, փրկելու համար նրա համբավը։ Հիշում եմ հուղարկավորությունը, էժանագին դիակառքը, խեղճուկրակ արարողությունը, բուք ու բորանի մեջ կորած բլրալանջը և հորս կոլեջական վաղեմի ընկերը, որ վերջին ծեսը կատարեց — թափթփված, սևացած ու կորաքամակ մի ծերունի, որ հարբուխից էր տառապում։
Հիշում եմ՝ քայլելով, դատարկ տունը վերադարձա, կտրել-անցնելով այն բնակավայրը, որ ժամանակին գյուղ էր եղել և այժմ փինաչիների գցած կարկատաններով և խարխուլ շինություններով քաղաքանման մի այլանդակություն էր դարձել։ Բոլոր կողմերից ճանապարհները ի վերջո տանում էին դեպի ապականված դաշտերը և կանգ էին առնում խճաքարերի կույտերի և մոլախոտերի թաց թփուտների առաջ։ Հիշում եմ՝ ինչպես մռայլ ու սև կերպարանքով քայլում էի լպրծուն ու փայլուն մայթի վրա և ինձ որքան խորթացած էի զգում այս ավանի բնակիչների ողորմելի պատվասիրության և գծուծ չարչիության հանդեպ։
Երբեք չէի ափսոսում հորս մահվան համար։ Նա ինձ թվում էր իր հիմար դյուրազգացության զոհը։ Մեր կեղծավոր բարքերը պահանջում էին, որ մասնակցեի նրա հուղարկավորության, բայց իրականության մեջ դա ինձ չէր հետաքրքրում։
Բայց Հայ֊Սթրիթով անցնելիս, մի պահ ինձ վերադարձավ հին կյանքս, որովհետև պատահեցի այն աղջկան, որին ճանաչել էի տասը տարի առաջ։ Մեր աչքերն իրտր հանդիպեցին։
Ինչ֊որ բան ինձ մղեց, ետ դառնալ ու խոսել հետը։ Նա մի սովորական ադջիկ էր։
Իմ ծննդավայրին տված այցելությունս երազի էր նման։ Այդ ժամանակ չէի զգում, թե միայնակ էի, կենդանի աշխարհից ընկել էի ամայի մի վայր։ Գիտակցում էի, թե կորցրել էի հետաքրքրությունս իմ շրջապատ ի հանդեպ, բայց այդ վերագրում էի կյանքի ընդհանուր ունայնության։ Երբ սենյակս վերադարձա, ինձ թվաց, թե վերագտա իմ կորցրած իրականությունը։ Այնտեղ էին այն ամենը ինչ գիտեի և սիրում էի։ Այնտեղ էին իմ ապարատները, իմ պատրաստած փորձարկումները և ինձ էին սպասում։ Մի քանի մանրուքներից բացի, գրեթե ոչ մի դժվարություն չէր մնացել։
Վաղ, թե ուշ, Քեմփ, ձեզ կնկարադրեմ այս բոլոր ամենաբարդ պրոցեսները։ Հիմա մանրամասնությունների մեջ մտնելու կտրիք չկա։ Մեծ մասամբ, բացի մի քանի կետերից, որ նախ ընտրում եմ անգիր հիշել, ամեն ինչ ծածկագրով նշված է թափառաշրջիկի թաքցրած այդ գրքերում։ Մենք պետք է որսանք նրան։ Պետք է նորից ձեռք գցենք այդ գրքերը։ Բայց գլխավոր խնդիրը թափանցիկ առարկան էր, որի բեկման գործակիցը պետք էր իջեցնել մի ատեսակ եթերային տատանումներ ճառագայթող երկու կենտրոնների միջև։ Այդ մասին հետո կպատմեմ ձեզ։ Ո՛չ, ռենտգենյան տատանումների մասին չէ խոսքը։ Չգիտեմ, երբևիցե որևէ մեկը նկարագրե՞լ է իմ ասած տատանումները։ Բայց դրանք բացահայտ են։ Ես գործածեցի երկու փոքրիկ դինամո մեքենաներ, որոնք աշխատեցրի գազային շարժիչով։ Առաջին փորձս կատարեցի բրդյա սպիտակ կերպասի կտորի վրա։ Ինչքան տարօրինակ էր այն տեսնել առկայծումների և բռնկումների մեջ փափուկ ու սպիտակ, ապա դիտել աղոտանալը ծխի ծվենի պես և ի վերջո չքանալը։
Հավատալս չէր գալիս, թե ես արդեն արել էի այդ։ Ձեռքս երկարեցի դատարկության մեջ, և ահա այնտեղ էր լաթը, ավելի պինդ քան սրբեք։ Մի տեսակ անհանգիստ՝ շոշափեցի, հետո հատակին նետեցի։ Մի քիչ դժվար եղավ մեկ էլ գտնելը։
Հետո հետաքրքրական մի փորձ կատարեցի։ Իմ թիկունքից մլավյուն լսեցի և շուռ գալով պատուհանից դուրս, ջրամբարի վրա տեսա լղարիկ ու սպիտակ, շատ կեղտոտ մի կատու։ Գըլխումս միտք ծագեց։ «Ամեն ինչ պատրաստ է քեզ համար»— ասացի ես և պատուհանին մոտենալով մեղմ կանչեցի։ Կատուն մռլտալով ներս եկավ․ խեղճ անասունը քաղցից մեռնելու վրա էր, և ես կաթ տվեցի նրան։ Իմ բոլոր մթերքները սենյակի անկյունում տեղավորված պահարանումն էին։ Դրանից հետո կատուն հոտ քաշելով ման եկավ սենյակում. պարզ է, որոշել էր այստեղ տեղավորվել։ Անտեսանելի լաթը մի քիչ վրդովեց նրան․ արժեր տեսնեիք՝ ինչպես էր փնչացնում։ Ես նրան տեղավորեցի անվավոր մահճակի բարձիս վրա։ Եվ կարագ տվեցի, որ թողնի՝ լողացնեմ։
― Եվ դուք կատարեցի՞ք ձեր փորձը։
― Այո՛, կատարեցի։ Բայց կատվին դեղ տալը հանաք բան չկարծեք, Քե՛մփ։ Եվ փորձս ձախողվեց։
― Ձախողվե՞ց։
― Երկու կետում։ Նախ ճանկերը, հետո էլ գունանյութը... Ինչպես է կոչվո՞ւմ․ այն որ կատվի աչքում հետին խավն է կազմում։ Հիշո՞ւմ եք։
— Tapetum։
― Այո՛, tapetum։ Այդ գունանյութը չանհետացավ։ Երբ Արյունը գունազրկող մի լուծույթ խմեցրի կատվին և ամբողջ պրոցեդուրան ավարտեցի, աֆիոն էլ տվեցի և բարձի հետ միասին, որի վրա քնել էր, ապարատի վրա դրի։ Իսկ հետո, երբ ամեն ինչ գունազարկվել էր ու չքացել, երկու փոքրիկ ուրվային աչքեր մնացին։
― Տարօրինա՜կ է։
― Եվ ես չեմ կարող բացատրել այդ։ Իհարկե, կատուն կապկպված և անշարժացված էր և ես ապահով՝ տեսնում էի գործս. բայց ահա զարթնեց մշուշոտ վիճակում և ողբագին մլավեց, նույն պահին դուռը բախեցին։ Ներքևում ապրող մի պառավ կին էր դուռը բախողը, որ կասկածում էր, թե կենդանահերձումով եմ զբաղվում, նա մի հարբեցող արարած էր. աշխարհի երեսին այս սպիտակ կատվից բացի ոչ մեկը չուներ որին սիրեր։ Մի քիչ քլորոֆորմ պատրաստեցի, լռեցրի կատվին ու բացեցի դուռը։ «Կատվի մլավոց չէ՞ր լսածս» — հարցրեց նա։— «Իմ կատուն չէ՞ր»։ «Ո՛չ, այստեղ կատու չկա»— պատասխանեցի ես, շատ քաղաքավարի։ Նա մի քիչ կասկածեց և փորձեց ուսիս վրայով աչքի անցկացնել սենյակը, որն անտարակույս, բավական տարօրինակ թվաց նրան ― մերկ պատեր, առանց վարագույրի պատուհաններ, անվավոր մահճակ, գազամեքենայի դղրդոց, ճառագայթող կետերի թրթռոց, օդի մեջ քլորոֆորմի բարկ ու սիրտ խառնող ահռելի հոտ։ Ի վերջո բավարարվեg և հեռացավ գնաց։
― Ինչքա՞ն ժամանակ հարկ եղավ դրա համար,— հարցրեց Քեմփը։
― Երեք կամ չորս ժամ՝ կատվի համար։ Ամենից ուշ անհետացան ոսկորները, ջլերն ու ճարպերը, ինչպես նաև բրդի գունավոր մազիկների ծայրերը, իսկ աչքի հետին խավը, որ ծիածանային կոշտ նյութից է, ինչպես ասացի, երբեք չանհետացավ։
Դրսում մութն ընկավ, նախքան կավարտեի փորձս, աղոտ աչքերից ու ճանկերից բացի, ոչինչ չէր երևում։ Դադարեցրի գազամեքենայի աշխատանքը, շոշափեցի ու գգվեցի կատվին, որ դեռևս ուշքի չէր եկել։ Հոգնած լինելով՝ անտեսանելի բարձի վրա քնած թողեցի կատվին և անկողին մտա։ Բայց քունս չէր գալիս։ Արթուն պառկած՝ տարվեցի շփոթ, կցկտուր մտքերով։ Նորից ու նորից կշռադատում էի կատարած փորձս, կամ էլ տենդագին երազում էի, թե շուրջս ամեն ինչ աղոտանում է ու չքանում, մինչև որ ամեն ինչ, նույնիսկ ոտքերիս տակի հողը չքացավ, և ես հիվանդագին ընկա, ինչպես դա լինում է մղձավանջների ժամանակ։ ժամը երկուսի մոտերքը կատուն սկսեց մլավելով ման գալ սենյակում։ Փորձեցի քաղցր խոսքերով հանդարտեցնել, իսկ հետո որոշեցի վռնդել։ Հիշում եմ՝ ինչպես ցնցվեցի, երբ լուցկի վառելով տեսա լոկ կանաչ աչքերը՝ կլոր ու փայլուն, իսկ ղրանց շուրջը՝ պարզապես ոչինչ։ Ուզեցի կաթ տալ, բայց չունեի։ Եվ այդպես, չէր հանդստանում կատուն․ շեմքին նստած՝ մլավում էր։ Փորձեցի բռնել. ուզում էի պատուհանից դուրս նետել, բայց բռնել չէր լինում, չքվում էր։ Սկսեց մլավել սենյակի տարբեր անկյուններում։ Ի վերջո պատուհանը բացեցի և մի իրարանցում սարքեցի։ Երևի վերջապես դուրս թռավ։ Այլևս չտեսա այդ կատվին։
Հետո, աստված գիտե ինչու, նորից հիշեցի հորս հուղարկավորությունը, մռայլ ու հողմահար բլրալանջը․․․ և այդպես մինչև լուսածագ։ Տեսա՝ քնել չի լինչում․ ուստի դուռը ետևիցս կողպելով թափառեցի առավոտյան հանդարտ փողոցներում։
― Ուզում եք ասել՝ անտեսանելի մի կատու ազատ ման է գալիս,— հարցրեց Քեմփը։
― Եթե չի սպանվել,— պատասխանեց Անտեսանելի Մարդը։— Ինչո՞ւ չէ․․․
― Ինչո՞ւ չէ,— կրկնեց Քեմփը։— ներողությո՛ւն, որ ընդհատեցի ձեզ։
― Շատ հավանաբար սպանվել է,— ասաց Անտեսանելի Մարդը։— Չորս օր անց, դեռևս ողջ էր․ այդ մեկը գիտեմ։ Գրեյթ֊Թիչֆիլդ֊Սթրիթի վանդակորմներից մեկի վրա էր. բացբերանների մի բազմություն էր հավաքվել և աշխատում էր հասկանալ, թե որտեղից էր գալիս մլավոցը։
Գրեթե մի ամբողջ րոպե լուռ մնաց Անտեսանելի Մարդը։ Ապա հանկարծ շարունակեց.
― Շատ հստակ հիշում եմ այդ առավոտը, երբ դեռևս տեղի չէր ունեցել փոփոխությունը։ Հավանաբար Գրեյթ֊Փորթլենդ֊Սթրիթով վեր բարձրացա ես։ Հիշում եմ Օլբենի֊Սթրիթի զորանոցները և հեծյալների դուրս գալը․ ի վերջո ինքս ինձ գտա Պրիմրոզ֊Հիլի գագաթին, արևի տակ նստած։ Ինչ֊որ վատ էի զգում․ հիվանդ էի։ Հունվարյան արևոտ օր էր, մեկն այն պայծառ, սառնամանիքային օրերից, որոնք այս տարի ձյան ճանապարհ բացին։ Հոգնած ուղեղս ճգնում էր ըմբռնել դրությունը, գործուն էության ծրագիր մշակել։
Հիմա, որ համարյա հասել էի իմ նպատակին, զարմանքով տեսնում էի, թե դա ինչքան աննշան էր թվում ինձ։ Փաստն այն էր, որ ես ուժասպառվել էի․ գրեթե չորս տարվա անդուլ աշխատանքի լարվածությունը որևէ ուժեղ զգացման անընդունակ էր դարձրել ինձ։ Անզգա էի և իզուր էի փորձում վերագտնել հետազոտական առաջին աշխատանքների ոգևորությունս, հայտնագործության այն կիրքր, որ ինձ ընդունակ էր դարձրել գերեզման իջեցնելու հորս ալեհեր մազերը։ Այլևս ոչ մի բանի կարևորություն չէի տալիս։ Հստակ տեսնում էի, թե այս հոգեվիճակս անցողիկ է և հետևանք գերհոգնածության ու անքնության, և թե դեղերի օգնությամբ կամ էլ հանգստանալով կկարողանամ վերագտնել ուժերս։
Միայն մի բան հստակորեն գիտակցում էի՝ թե անհրաժեշտ էր գլուխ բերել գործը։ Այդ մտասևեռումն իշխում էր ինձ։ Եվ պետք էր շուտով ավարտել գործը, քանի դեռ լրիվ չէր սպառվել ունեցած դրամս։ Դիտեցի շուրջս փռված բլրալանջը, որտեղ խաղում էին երեխաներր, իսկ աղախինները հսկում էին, և փորձեցի պատկերացնել այն անլուր առավելությունները, որ անտեսանելի մի մարդ կարող էր ունենալ այս աշխարհում։ Քիչ անց, հազիվհազ քարշ գալով տուն հասա, մի քիչ կերա և մի խոշոր դոզա ստրիխնին ընդունեցի և հագուստներով պառկեցի չհարդարված անկողնումս։ Ստրիխնինը հիանալի զորացոլցիչ է, Քե՛մփ, տեղն ու տեղը չքացնում է թուլությունը։
― Դա հենց սատանան է, հին քարե֊դարյան վայրենին է, շշի մեջ,— գոչեց Քեմփը։
— Արթնացա խիստ կայտառ ու դյուրագրգիռ։ Գիտեք չէ՞, ինչպես է լինում։
— Գիտե՛մ։
― Այդ պահին ինչ֊որ մեկը դուռս բախեց։ Տանտերս էր, նա վրա էր տալիս սպառնալիքներով և հարցերով․ լեհ-հրեա ծերուկ էր, երկար, գորշ վերարկուով և ծռմռված հողաթափերով։ Ամբողջ գիշերը դու մի կատու էիր տանջել, պնդում էր նա։ Պառավ կնոջ լեզուն, ըստ երևույթին, գործը տեսել էր։ Ծերուկը պահանջում էր, որ ամեն ինչ ասեի իրեն։ Այս երկրի օրենքը խստիվ արգելում է կենդանահերձությունը և ահա, կարող են իրեն պատասխանատվության ենթարկել։ Պատասխանեցի, թե ոչ մի կատու չէր եղել իմ սենյակում։ «Հետո»— ասաց նա,— «փոքրիկ գազամեքենայի դղրդոցն զգացվում է ամբողջ տան մեջ»։ «Իհարկե դա ճիշտ է»— ասացի ես։ Ինձ քսվելով սենյակս խցկվեց՝ մելխիորե շրջանակով ակնոցի վերևով զննելով չորս կողմը։ Հանկարծ մի երկյուղ համակեց ինձ, թե կարող էր թափանցել իմ գաղտնիքի մեջ։ Ճիգ էի թափում մնալ ծերուկի և իմ սարքած խտացուցիչ ապարատի միջև. իսկ դա հրահրում էր նրա հետաքրքրությունը։ Այդ ինչե՞ր էի անում․․․ Ինչո՞ւ միշտ մենակ էի և այսքան գաղտնապահ․․․ Արդյոք օրենքով արգելված մի գործով չէի՞ զբաղվում։ Արդյոք դա վտանգավոր չէ՞ր․․․ Չէ՞ որ սովորական փորձից բացի ոչինչ չէի վճարում․․․ Իր տունը միշտ բարի համբավ է ունեցել, վատահամբավ մի շրջապատում․․․ Հանկարծ համբերությունս հատավ։ Ասացի, որ հեռանա։ Ծերուկն սկսեց բողոքել և ինչ֊որ դուրս տալ, թե իրավունք ունի ուզած ժամանակ մտնել սենյակս։ Մի ակնթարթ ևս ու ես կառչեցի նրա օձիքից․ ինչ֊որ բան ճթթալով պատռվեց և նա թավագլոր շպրտվեց իր իսկ միջանցքը։ Դուռը շրխկոցով փակեցի ու կողպեցի և դողահար նստեցի աթոռին։
Նա մի քիչ աղմկեց դրսում, բայց ուշադրություն չդարձրի ու քիչ անց, հեռացավ։
Դրանից հետո դեպքերը գահավեժ իրար հաջորդեցին։
Չգիտեի՝ ինչ էր մտադիր անել, ոչ էլ գիտեի, թե օրենքն ինչ իրավասություններ էր տալիս նրան։ Մի ուրիշ բնակարան տեղափոխվելը գործը հետաձգել կլիներ․ ընդամենը հազիվ քսան ստերլինգ ունեի աշխարհի երեսին, դա էլ մեծ մասամբ բանկումն էր։ Ոչ, չէի կարող ինձ թույլ տալ այդ ձգձգումը։ Աներևութանա՜լ․․․ Փորձությունն անդիմադրելի էր։ Հետո հետաքննություն էր բացվելու, իսկ սենյակս թալանվելու էր․․․
Միայն այն միտքը, թե գագաթնակետին հասնելու պահին աշխատանքս կարող էր բացահայտվել կամ էլ ընդհատվել, զայրացրեց ինձ, և ես վերագտա ուժերս։ Շտապ դուրս եկա, հետս վերցնելով նշումների երեք հատորներս և չեկի գրքույկս — հիմա դրանք թափառաշրջիկի մոտն են — և ամենամոտիկ փոստային բաժանմունքից ուղարկեցի Գրեյթ֊Փորթլենդ֊Սթրիթում գտնվող ցպահանջ նամակների և ծանրոցների փոստային գրասենյակը։ Աշխատեցի ինչքան հնարավոր է անաղմուկ դուրս գալ։ Վերադառնալիս տեսա, որ տանտերս շատ հանդարտ՝ աստիճաններով վեր էր բարձրանում։ Երևի լսել էր դուռը փակելս։ Կծիծաղեիք, եթե տեսնեիք, թե ինչպես հարթակի վրա մի կողմ նետվեց, երբ ետևից վերև խոյացա․ իսկ երբ կողքով անցա, աչքերը վրաս ոլորեց։ Շրխկոցով փակեցի դուռը, դղրդացնելով ամբողջ տունը։ Լսեցի, թե ինչպես հողաթափերը քսքստացնելով մոտեցավ դռանս, վարանած կանգ առավ, ապա ցած իջավ։ Իսկույն անցա նախապատրաստական աշխատանքների։
Այդ երեկոյան ու գիշերը ամեն ինչ ավարտվեց։ Մինչդեռ նստած էի արյունը գունազրկող դեղերի նողկալի ու քնաբեր ազդեցության տակ, մի քանի անգամ թակեցին դուռը։ Ապա թակոցը դադարեց, ոտնաձայները հեռացան։ Հետո վերադարձան, և թակոցը վերսկսվեց։ Մի մարդ աշխատում էր ինչ֊որ բան խցկել դռան տակ — ինչ֊որ կապույտ թուղթ։ Ջղայնության նոպայում ոտքի նետվեցի, գնացի և կրնկի վրա լայն բացեցի դուռը։
― Հը՛, էլի ի՞նչ կա,— գոչեցի ես։
Տանտերս էր, ձեռքում վտարման ծանուցագիր կամ էլ նման մի բան։ Նա ինձ մեկնեց թուղթը, ապա ըստ երևույթին ձեռքերս մի տեսակ տարօրինակ թվացին նրան և հայացքը դեմքիս հառեց։
Մի պահ բերանաբաց մնաց․ ապա մի տեսակ խառնահնչուն ճիչ արձակեց, ցած գցեց մոմն ու ծանուցագիրը և մութ միջանցքում սայթաքելով դեպի աստիճաններն ուղղվեց։ Ես փակեցի դուռը, կողպեցի և հայելուն մոտեցա․ և հասկացա նրա սարսափը, դեմքս ճերմակ էր, ինչպես ճերմակ քարը։
Ես ահռելի ցավեր էի զգում։ Դա ինձ համար անակնկալ էր։ Ամբողջ գիշերն անցավ ահարկու տանջանքների, սրտախառնուքի և ուշագնացության նոպաներում։ Ատամներս սեղմեցի․ մաշկս վառվում էր, ամբողջ մարմինս վառվում էր։ Բայց ես դաժան մահվան պես անշարժ պառկել էի։ Եվ ահա հասկացա, ինչու էր նվացել կատուն, մինչև որ քլորոֆորմով թմրեցրել էի նրան։ Բախտավոր էի, որ ապրում էի մենակ և առանց աղախնի։ Մերթ ընդ մերթ հեծեծում էի ու տնքում և զառանցում։ Բայց ես համառեցի։ Քիչ անց ուշքս կորցրի, իսկ հետո արթնացա մթան մեջ, բոլորովին ուժասպառ։
Ցավն անցել էր։ Թվում էր՝ ինքս ինձ սպանում էի բայց ինձ համար միևնույն էր։ Երբեք չեմ մոռանա այդ արևածագը և ինձ համակող տարօրինակ ահ ու սարսափը, երբ տեսա թե ձեռքերս ծխագույն ապակու պես էին ու դիտեցի, թե ինչպես քանի բացվում էր առավոտը, հետզհետե ավելի թափանցիկ ու նուրբ էին դառնում ձեռքերս, մինչև որ ի վերջո դրանց միջով կարողանում էի դիտել սենյակիս նողկալի անկարգությունը, թեև փակում էի կոպերս։ Մարմինս կարծեք ապակի էր դարձել, ոսկորներս ու երակներս հետզհետե աղոտացան, չքացան, իսկ վերջում աներևութացան փոքրիկ, սպիտակ ներվերը։ Ատամներս կրճտեցրի և մինչև վերջը տեղումս գամվեցի։ Մնացին միայն եղունգներիս փայլատ ու սպիտակ ծայրերը և ինչ֊որ թթվի սրճագույն արատը մատներիս վրա։
Մեծ դժվարությամբ վեր կացա։ Խանձարուրով փաթաթված երեխայի պես անզոր էի սկզբում, երբ փորձում էի քայլել այնպիսի ոտքերով, որոնք չէի տեսնում։ Տկար էի և խիստ քաղցած։ Գնացի և ածիլվելու հայելուս մեջ՝ դատարկության նայեցի. ոչինչ չէի տեսնում, բացի մի նոսր գունանյութից, որ մշուշից էլ աղոտ, դեռևս մնացել էր իմ աչքերի ցանցաթաղանթի ետևը։ Ես ստիպվեցի սեղանին հենվել և ճակատս հայելուն սեղմեցի։
Միայն մոլեգին մի ճիգ գործադրելով, կարողացա քարշ գալ ապարատի մոտ և ավարտեցի պրոցեսը։
Ամբողջ առավոտը քնեցի, լույսից պաշտպանվելու համար սավանը աչքերիս վրա քաշելով․ կեսօրվա դեմ դարձյալ դռան բախյունն արթնացրեց ինձ։ Ուժս վերագտել էի։ Նստած ականջ դրեցի և մի շշնջյուն լսեցի։ Իսկույն ոտքի նետվեցի և ինչքան հնարավոր էր անշշուկ, սկսեցի անջատել իմ ապարատի մասերը և սենյակում դես ու դեն ցրել, որպեսզի հնարավոր չլիներ կռահել կառուցվածքը։ Քիչ հետո բախյունը վերսկսվեց և ձայներ լսվեցին — նախ տանտիրոջս, ապա ուրիշ երկու անծանոթ ձայներ։ Ժամանակ շահելու համար պատասխանեցի։ Անտեսանելի լաթն ու բարձը ձեռքս ընկան․ բացեցի պատուհանը և ջրամբարի կափույրի վրա նետեցի։ Մինչ բացում էի պատուհանը, դուռը ուժեղ հարվածից դղրդաց։ Ինչ֊որ մարդ ուսով վրա էր ընկել, կողպեքը ջարդելու դիտավորությամբ, բայց մի քանի օր առաջ պտուտակով ամրացրած սողնակներս տեղի չտվին։ Նրանց արարքը ցնցեց, զայրացրեց ինձ, սկսեցի դողալ և շտապ գործի անցա։
Սենյակի մեջտեղը դիվեցի թղթի կտորներ, փաթեթի թուղթ և ձեռքիս տակ եկող ուրիշ բաներ և բաց արի գազը։ Ծանր հարվածներ տեղացին դռանը։ Ես չկարողացա գտնել լուցկիները։ Գազազած՝ սկսեցի բռունցքով պատին խփել։ Հետո փակեցի գազի ծորակը, պատուհանից դուրս եկա ջրամբարի կափույրի վրա, անշշուկ ցած բերեցի պատուհանի փեղկը և դեպքերի ընթացքը դիտելու համար նստեցի բոլորովին ապահով ու անտեսանելի, բայց բարկությունից դողահար։ Ես տեսա, թե ինչպես պոկեցին դռան տախտակներից մեկը, մի ակընթարթում ջարդեցին սողնակների կեռերը և կանգնեցին բաց դռան մեջ։ Տանտերն ու նրա երկու խորթ որդիներն էին, քսաներեք֊քսանչորս տարեկան թիկնեղ երիտասարդներ։ Նրանց թիկունքում իրար էր անցել ներքնահարկում ապրող պառավ վհուկը։
Կարո՞ղ եք պատկերացնել նրանց զարմանքը, երբ սենյակը դատարկ գտան։ Երիտասարդներից մեկը իսկույն նետվեց դեպի պատուհանը, լայն բացեց և դուրս նայեց։ Նրա չռված աչքերը և մորուսավոր, հաստ շրթներով դեմքը միայն մի թիզ հեռու էին ինձնից։ Մտքովս անցավ մի հատ հասցնել տխմար ռեխին, բայց ետ պահեցի բռունցքս։ Նա հենց իմ միջով ղիմացը նայեց․ նույնն արեցին մյուսները, որոնք մոտեցան նրան։ Ծերուկը գնաց ու մահճակի տակ նայեց, իսկ հետո բոլորը մեկ սպասապահարանի կողմը նետվեցին։ Յիգիշերեն ու կոկնի անգլերենով երկար֊բարակ վիճեցին։ Ի վերջո եզրակացրին, թե ես չէի պատասխանել դռան թակոցին, թե դա պարզապես թվացել էր իրենց։ Արտասովոր մի բավականություն փոխարինեց քիչ առաջ զգացած իմ բարկությանը, մինչ պատուհանի տակ նստած դիտում էի այս չորս մարդկանց, քանի որ պառավ կինն էլ էր սենյակ մտել կատվի պես, կասկածանքով չորս կողմն էր նայում, ճգնելով գլուխ հանել իմ վարմունքի առեղծվածից։
Ծերունին, ինչքան կարողացա հասկանալ նրա patois֊նը պառավ կնոջ հետ համաձայնեց, թե ես կենդանահերձությամբ էի զբաղվում։ Տղաները ջարդված անգլերենով հայտարարեցին, թե էլեկտրո֊մեխանիկ եմ ես և որպես ապացույց վկայա կոչեցին դինամոներն ու խտացուցիչ ապարատները։ Բոլորն էլ երկյուղ էին կրում, թե կվերադառնամ, թեև ինչպես հետո տեսա, նրանք գցել էին մուտքի դռան սողնակները։ Պառավ կինը քիթը կոխեց սպասապահարանի մեջ ու մահճակի տակ, իսկ երիտասարդներից մեկը բարձրացրեց վառարանի դռնակը և ծխնելույզն ի վեր նայեց։ Հարևան կենվորներից մեկը, մի փերեզակ, որ մսագործի հետ դիմացի սենյակումն էր ապրում, երևաց հարթակի վրա։ Նա էլ ներս կանչվեց ու լսեց անկապ մի պատմություն։
Մտքովս անցավ որ եթե ապարատները բանիմաց ու զարգացած մարդու ձեռքն ընկնեին, համարյա կբացահայտեին գաղտնիքս, ուստի հարմար մի առիթ որսալով, սենյակ մտա և փոքրիկ դինամոներից մեկը անջատեցի այն հենակից, որի վրա ամրացված էր, իսկ հետո երկու ապարատներն էլ ջարդուփշուր արեցի։ Մինչ նրանք աշխատում էին մի կերպ բացատրել ապարատի ջարդվելը, ես սենյակից դուրս ծլկեցի և անշշուկ՝ աստիճաններով ցած իջա։
Հյուրասենյակներից մեկը մտա և սպասեցի՝ մինչև նրանք ցած իջան, դեռևս ենթադրություններ անելով և վիճելով, բոլորն էլ մի քիչ հիասթափված, որ «զարհուրելի» ոչինչ չէին գտել և մի քիչ շփոթված միտք անելով, թե ինչ դիրք պետք էր բռնեին իմ հանդեպ։ Հետո մի տուփ լուցկի վերցրած՝ դարձյալ ներս խցկվեցի, կրակ տվեցի թղթի և աղբի դեզը, աթոռներն ու ներքնակը մոտեցրի կրակին, ռեզինե խողովակով կույտի վրա ուղղեցի գազը և ձեռքս թափահարելով վերջնականապես հրաժեշտ տվի սենյակիս։
— Եվ դուք հրդեհեցի՞ք տունը,— բացականչեց Քեմփը։
― Հրդեհեցի։ Հետքս կորցնելու միակ միջոցն էր դա, և տունն անշուշտ ապահովագրված էր։ Անաղմուկ դեն քաշեցի մուտքի դռան սողնակները և փողոց դուրս եկա։ Ես անտեսանելի էի և հենց նոր էի սկսում գլխի ընկնել, թե անտեսանելիությունս ինչպիսի առավելություններ էր տալիս ինձ։ Արդեն իսկ ուղեղումս վխտում էին ամեն տեսակ խելագար ու հրաշալի ծրագրեր, որոնք կարող էի անպատիժ իրականացնել։
== Գլուխ քսանմեկերորդ։ Օքսֆորդ֊սթրիթում ==