Changes

Աստվածային կատակերգություն

Ավելացվել է 12 825 բայտ, 09:51, 3 Հուլիսի 2016
/* Երգ քսանվեցերորդ */
===Երգ քսանվեցերորդ===
 
<poem>
Կուրանալուց մինչ վախենում էի ես,
Այն վառ լույսից<ref>_Այն վառ լույսից_ — Հովհաննես առաքյալի լույսից։</ref>, որ ինձ այդպես շլացրեց,
Ուշագրավ մի ձայն ելավ փութապես,
 
Ինձ ասելով. «Քանի դու դեռ չես գտել
Իմ պատճառով կորցրած լույսը աչքերիդ,
Կարող ես դա մտքիդ լույսով փոխարինել։
 
Ուրեմն ասա՝ ո՞ւր է ձգտում քո հոգին<ref>_Ո՞ւր է ձգտում քո հոգին_ — ի՞նչ բանի է ուղղված քո սերը, ի՞նչն է քո սիրո առարկան։</ref>.
Իմացիր, որ տեսողությունն աչքերիդ
Թուլացած է, բայց չի հանգած լիովին։
 
Զի տիրուհիդ, որ քեզ վերև է տանում
Աստվածային այս մարզերով լուսեղեն,
Անանիայի ուժը ունի իր աչքում»<ref>_Անանիայի ուժը ունի իր աչքում_ — Բեատրիչեն իր նայվածքով կարող է Դանտեին վերադարձնել տեսողությունը, ինչպես Քրիստոսի աոաջին հետևորդներից Անանիան Պողոս առաքյալին վերադարձրեց տեսողությունը, երբ նրան մկրտեց («Գործք առ.» Թ, 10-12)։</ref>։
 
Ես ասացի. «Թող դարմանվեն վաղ կամ ուշ
Իմ աչքերը, ուրկից սիրտըս թափանցեց
Այն սերը հուր, որով այրվում եմ դեռ հույժ։
 
Վեհ Բարիքը<ref>_Վեհ բարիքը..._ _ գերագույն բարիքը, աստված։</ref> արքունիքի երկնային
Եվ սկիզբը և վախճանն է իմ սիրո,
Որով համակ տոգորված է իմ հոգին»։
 
Այն նույն ձայնը, որ իմ երկյուղներ ցրել,
Որի պատճառն իմ շլացումն էր լույսից,
Ինձ թելադրեց նորից մի քիչ բարբառել,
 
Ինձ ասելով. «Սիրո մասին միտքը քո
Պետք է պարզվի, պետք է ասես հիմա դու,
Թե ինչն ուղղեց վերև աղեղըդ սիրո»։
 
Եվ ես նրան. «Իմ մեջ սերը առ Աստված
Առաջացավ փաստարկներով բանական
Եվ հայտնությամբ, որ այստեղից է իջած.
 
Զի բարիքը, երբ այն լավ է ճանաչվում,
Սեր է հրահրում, և հրահրում այնքան շատ,
Որքան բարիք է այն իր մեջ ընդգրկում։
 
Արդ Աստածո բարիքն այնքան է շռայլ,
Որ նրանից բացի ամեն այլ բարիք
Նրա շողի լոկ մի նշույլն է անփայլ։
 
Եվ ով որ այս ճշմարտությանն է տեղյակ,
Բուռըն սիրով պետք է հակվի դեպի նա
Ավելի քան, դեպի ուրիշ մի էակ։
 
Ճշմարտությունն այդ պարզում է իմ առջև
Նա<ref>_Նա_ — հավանաբար Արիստոտելը։</ref>, ով նշում է, թե Սերը առաջին
Հիմքն է ամեն գոյացության հարատև։
 
Այդ պարզում է Արարչի խոսքը անգամ,
Երբ մի անգամ նա ասել է Մովսեսին.
«Ամեն բարիք ես քեզ պիտի արդ ցույց տամ»<ref>_«Ամեն բարիք ես քեզ պիտի արդ ցույց տամ»_ _ տես «Գիրք Ելից» ԼԳ, 17-19։</ref>։
 
Դու ևս այդ պարզում ես ինձ, երբ քո հին
Երկըդ վսեմ<ref>_Երկըդ վսեմ_ — նկատի ունի Հովհաննեսի «Հայտնությունը» կամ, գուցե, «Ավետարանը»։</ref>, ավելի քան ուրիշ երկ,
Խորհուրդները երկնի հայտնում է երկրին»։
 
Եվ նա ասաց. «Դատողությամբ մարդկային
Ու նրա հետ ներդաշնակող հայտնությամբ
Քո մեծ սերը ուղղված է առ վեհ Բարին։
 
Սակայն դու ինձ դարձյալ ասա պարզորեն
Այլ պատճառներ ունե՞ս նրան սիրելու,
Եվ հայտնիր, թե պատճառներն այդ որո՞նք են»։
 
Քրիստոսի արծվի<ref>_Քրիստոսի արծվի_ — Հովհաննեսի։</ref> միտքը սրբազնյա
Ես հասկացա, և ես նույնիսկ զգացի,
Թե պատասխանս ուր էր ուզում տանել նա։
 
Ես ասացի. «Այն պատճառները բոլոր,
Որ կարող են սիրտը ուղղել առ Աստված,
Նպաստել են իմ այդ սիրույն անմոլոր։
 
Գոյությունը տիեզերքի և մարդու,
Մահը Նրա, ով այն կրեց մեզ համար,
Եվ մեր հույսը հավերժ կյանքով ապրելու,
 
Այս բոլորը, ասվածի հետ միասին,
Ինձ դուրս բերին մոլար սիրո օվկիանից
Եվ ճշմարիտ սիրո ափը հանեցին։
 
Իսկ տերևներն<ref>_Իսկ տերևներն..._ — քանի որ հավերժական պարտիզպանը աստված է, ըստ ավետարանական պատկերի (Հովհ. ԺԵ, 1), ապա պարտեզը նրա կողմից կառավարված աշխարհն է, իսկ տերևները, աստվածային շնորհով օժտված էակներն են, որոնց պետք է սիրել ըստ նրանց օժտվածության աստիճանի։</ref>, որ աճում են պերճորեն
Հավերժական պարտիզպանի պարտեզում.
Ես սիրում եմ այնքան, որքան արժան են»։
 
Երբ լռեցի, հնչեց ամբողջ երկնքով
Մի դաշնալուր ու քաղցըր երգ՝ «Սուրբ, սուրբ, սուրբ»։
Եվ տիրուհիս ձայնակցում էր հրճվանյքով։
 
Եվ ինչպես մարդ, մի վառ լույսից արձակված,
Հանկարծակի արթնանում է իր քնից,
Շնորհիվ իր կապիճների գրգռված,
 
Եվ մի րոպե խուսափում է տեսածից,
Մինչև նրան աջակցության չհասնի
Տեսողական ունակությունը նորից,
 
Այսպես ցրվեց մշուշը իմ աչքերից
Շողյուններով իմ տիրուհու աչքերի,
Որոնց փայլը կնկատվեր շատ հեռվից։
 
Եվ այնժամ ես տեսա հստակ, անաղոտ,
Ու զարմանքով հարցրի նրան, թե ով կա
Չորրորդ լույսում, որ երևում է մեզ մոտ։
 
Եվ տիրուհիս. «Այդ լույսի մեջ մերձավոր
Գտնվում է հոգին մարդու առաջին,
Ում ստեղծեց Զորությունը նախավոր»։
 
Ինչպես ճյուղը, երբ մի քամի է անցնում,
Նախ հակվում է դեպի գետին և ապա
Իր սեփական ուժով նորից բարձրանում,
 
Այսպես, գլուխս ես ապշահար հակեցի,
Սակայն շուտով բարձրացըրի նորից այն
Եվ խոսելու տենչով վառված ասացի.
 
«Ո՛վ արարած, որ միայն դու չափահաս
Ստեղծվեցիր, ո՛վ մարդկության նախահայր,
Որին ամեն մի կին աղջիկ է և հարս<ref>_Որին ամեն մի կին աղջիկ է և հարս_ — եթե Ադամը հայրն է բոլոր մարդկանց, ապա ամեն կին նրա աղջիկն է, իբրև նրա սերունդ և նրա հարսն է, իբրև նրա սերնդի կին։</ref>,
 
Թախանձագին խնդրում եմ թեզ, որ խոսես,
Դու տեսնում ես իմ ցանկությունը այրող.
Ես կլռեմ, որպեսզի շատ լսեմ քեզ»։
 
Եվ ինչպես ձին, որին սթար է պատում,
Երերվում է նրա ներքո, և ծածքի
Խաղացքներով իր ցանկությունն է հայտնում,
 
Նմանապես և այն հոգին նախաստեղծ
Պլպլումով իրեն պատող շողերի
Ինձ հայտնեց իր խնդակցությունը անկեղծ։
 
Ապա ասաց. «Թեպետև դու լռում ես,
Բայց քո իղձը ես ավելի լավ գիտեմ,
Քան այն, ինչ որ լավ հայտնի է թվում քեզ։
 
Ես տեսնում եմ դա Ճշմարիտ Հայելում<ref>_Ճշմարիտ հայելում_ — աստծու մեջ։</ref>,
Ուր ամեն ինչ ցոլանում է նրա մեջ,
Բայց ինք լրիվ ոչ մի բանում չի ցոլում։
 
Դու ուզում ես իմանալ, թե ե՞րբ Աստված
Ինձ զետեղեց այն պարտեզում բարձրաբերձ<ref>_Պարտեզում բարձրաբերձ_ — Երկրային դրախտի դյութական անտառում։</ref>,
Որտեղից քեզ բացվեց ուղին վերընթաց.
 
Որքա՞ն ատեն այնտեղ ուրախ ապրեցի,
Ի՞նչն էր պատճառն աստվածային բարկության,
Եվ ո՞րն էր այն լեզուն, որով խոսեցի։
 
Որդյակ, գիտցիր, որ պատճառն իմ արտաքսման<ref>_Պատճառն իմ արտաքսման..._ — Ադամը չորս թվարկված հարցերին պատասխանում է ոչ ըստ նրանց հերթականության, այլ ըստ կարևորության. և պատասխանելով առաջին հերթին երրորդ հարցին, ասում է, որ Եդեմից իր արտաքսվելու պատճառը եղավ ոչ թե արգելված պտղի ճաշակումը, այլ դրանով գիտակցաբար խախտելը աստծու կողմից մարդու համար նշված չափն ու սահմանը։</ref>
Եղավ ոչ թե ճաշակումը չար պտղից,
Այլ լոկ այն, որ չափ անցկացրի ու սահման։
 
Չորս հազար և երեք հարյուր երկու ամ<ref>_Չորս հազար և երեք հարյուր երկու ամ..._— Ադամը 4302 տարի մնացել է Լիմբոսում, իսկ դրանից առաջ երկրի վրա ապրել է 930 տարի։</ref>
Ես բաղձացի երանության՝ այն վայրում,
Ուրկից Վիրգիլն եկավ քեզ մոտ փութակամ.
 
Բայց նախքան այդ, երբ ողջ էի դեռ երկրում,
Ինը հարյուր երեսուն հեղ ես տեսա
Արեգակի պտույտը իր ուղեծրում։
 
Իմ ստեղծած լեզուն հանգել էր իսպառ,
Երբ Նեմբրոթը իր մարդկանց հետ տակավին
Անմիտ գործին<ref>_Անմիտ գործին_ — Բաբելոնի աշտարակաշինության (Հմմտ. «Դժ,» ԼԱ, 77—78. «Քավ.» ԺԲ, 34—36)։</ref> չէր ձեռնարկել խոլաբար։
 
Տևական չէ արգասիքը մտքերի,
Մարդկանց կամքի քմհաճության պատճառով,
Որ փոխվում է ազդեցությամբ աստղերի։
 
Շատ բնական բան է խոսելը մարդկանց.
Բայց այս կերպ կամ այն կերպ խոսելը ոչ թե
Բնությունից, այլ մարդկանցից է կախված։
 
Երբ դեռ չէի իջել խորքը Դժոխքի,
I<ref>_I_ — մեկ, միակ. այսպես է Դանտեն կոչում աստծու սկզբնական անունը։</ref> էր կոչվում երկրում Բարին Գերագույն,
Որի մեջ է լոկ աղբյուրն իմ բերկրանքի.
 
Այնուհետև նա EL<ref>_El_ — եբրայերեն լեզվում աստծու սովորական անունը։</ref> կոչվեց, ըստ որում
Փոփոխվում է մարդկանց լեզուն, ճիշտ ինչպես
Տերևներն են տերևներին հաջորդում։
 
Եդեմական լեռան վրա երկնաձիգ<ref>_Եդեմական լեռան վրա երկնաձիգ..._ — պատասխանելով երկրորդ հարցին։ Ադամն ասում է, որ ինքը Երկրային դրախտում մնաց ընդամենը վեց ժամ։</ref>
Ես մնացի, մեղքից առաջ և հետո,
Առավոտից մինչև ժամն այն փոխանցիկ,
 
Երբ քառորդ է փոխում արևն հարագո»։
</poem>
 
===Երգ քսանյոթերորդ===
===Երգ քսանութերորդ===
Վստահելի
1318
edits