Changes

Կոնեկտիկուտցի Յանկին Արթուր թագավորի արքունիքում

Ավելացվել է 23 113 բայտ, 18:40, 8 Հուլիսի 2016
/* Գլուխ VII */
Մերլինի արժեթղթերն ընկան։ Թագավորը ցանկանում էր նրան այլևս աշխատավարձ չվճարել, նույնիսկ ուզում էր վտարել, բայց ես միջամտեցի։ Ասացի, որ նա կարող է օգտակար լինել եղանակի գուշակության և նման փոքր բաների հարցում, իսկ եթե նրա խղճուկ, սալոնային կախարդանքներից ոչինչ չստացվի, ես երբեմն֊երբեմն կօգնեմ նրան։ Նրա աշտարակից ոչինչ չէր մնացել, բայց ես ստիպեցի կառավարությանը նորը կառուցել և նրան խորհուրդ տվեցի վարձով տալ սենյակները, բայց նա շատ քիթը վեր տնկածն էր և ոչ մի երախտագիտության զգացում չուներ իմ նկատմամբ, նույնիսկ շնորհակալություն չասաց։ Ինչ էլ որ ասելու լինենք, շար կարծր ծերուկ էր Մերլինը, և դժվար էլ է քաղցր վերաբերմունք սպասել մեկից, որին դու այդպես ետնագծերն ես քշել։
 
 
==Գլուխ VIII==
 
Տնօրենը
 
 
Անսահման իշխանություն ունենալը շատ հաճելի է, բայց առավել հաճելի է գիտակցել, որ բոլորը գոհ են քո իշխանությունից։ Աշտարակի հետ կապված դեպքը ամրապնդեց իմ իշխանությունը և անդրդվելի դարձրեց։ Բոլոր նրանք, ով նախանձով ու քննադատաբար էին վերաբերվում ինձ, անմիջապես սսկվեցին։ Այժմ ամբողջ թագավորության մեջ չկար մեկը, որ ողջամտություն համարեր իմ գործերին խառնվելը։
 
Ես արագությամբ համակերպվեցի իրադրությանն ու պարագաներին։ Սկզբնական շրջանում դեռ արթնանում էի առավոտները, ծիծաղում «երազիս» վրա և սպասում Կոլտ գործարանի շչակին, բայց աստիճանաբար դա անցավ, և ես վերջնականապես հասկացա, որ ապրում եմ վեցերորդ դարում, Արթուր թագավորի արքունիքում, այլ ոչ թե հիմարանոցում։ Այնուհետև ինձ զգում էի ինչպես իմ տանը, և եթե գործը հասներ ընտրության, վեցերորդը չէի փոխի քսաներորդ դարի հետ։ Ապա մի տեսեք, թե ինչ ընդարձակ հնարավորություններ է ընձեռում վեցերորդ դարը գիտակ, խելոք, գործունյա մարդուն՝ առաջ գնալու, երկրի հետ մեկտեղ աճելու համար։ Գործունեության ամենալայն դաշտ, ընդ որում ամբողջը միայն ինձ տրամադրված, ոչ մի մրցակից, ոչ մի մարդ, որ իր գիտելիքներով և ընդունակություններով իմ համեմատ պարզապես մանկիկ չլիներ։ Իսկ ի՞նչ կվիճակվեր ինձ քսաներորդ դարում։ Լավագույն դեպքում վարպետ կլինեի գործարանում, ահա և ամբողջը, և ուզածդ օրը, ուզածդ փողոցում կարելի կլիներ մատնացույց անել հարյուրավոր ինձնից առավել արժանավոր մարդկանց։
 
Ի՜նչ մեծ թռիչք էի արել ես։ Չէի կարողանում չմտածել այդ մասին, և չհիանալ սեփական հաջողությունովս, ինչպես մեկը կարող է հիանալ ի տես իր հողամասից շատրվանող նավթի։ Անցյալի մեջ օրինակներ էի փնտրում համեմատելու համար և ոչինչ չէի գտնում, բացի գուցե Հովսեփի<ref>Նկատի ունի աստվածաշնչից մի դրվագ․ երբ Հովսեփը ծառայություն է մատուցում Փարավոնին ու դառնում նրա առաջին մինիստրը։ (Այստեղ և այնուհետև ծանոթությունները Թ․ Ռ․ Բրահմանի)։</ref> պատմությունից։ Նույնիսկ Հովսեփի պատմությունը, թեպետ նման էր իմին, բայց ոչ մի համեմատության չէր դիմանում։ Որովհետև միանգամայն ակնառու էր, որ Հովսեփի փայլուն ֆինանսական ընդունակությունները արքայից բացի ուրիշ ոչ ոքի օգուտ չբերեցին և, հետևաբար, հասարակությունը լրիվ իրավունք ուներ նրա նկատմամբ անբարյացակամություն տածելու, մինչդեռ ես, խնամելով արևը, բարեգործություն էի արել բոլորի համար և այդ պատճառով համընդհանուր սիրո արժանացել։
 
Ես թագավորի ստվերը չէի, ես նրա էությունն էի, իսկ թագավորը ինքն էր ստվերը։ Իմ իշխանությունը վիթխարի էր և ոչ միայն աստիճանով, ինչպես հաճախ պատահում է, այլ իրականում։ Ես կանգնած էի համաշխարհային պատմության երկրորդ մեծագույն շրջանի ակունքների մոտ և կարող էի դիտել, թե ինչպես պատմության նվազ առվակը անընդհատ խորանում է, լայնանում և տանում իր հզոր հոսանքը դեպի հեռավոր դարերը։ Անհամար գահերի ծածկույթի տակ տեսնում էի նույնպիսի արկածախնդիրների, ինչպիսին ես էի՝ Մոնֆորների, Գեյվսթոնների, Մարտիմերների, Վիլիերսների, տեսնում էի պատերազմներ մղող և արշավներ առաջացնող ֆրանիսկան շնորհառուներին և Կառլոս երկրորդի՝ երկիրը կառավարող սիրուհիներին, բայց այդ թափորի մեջ ինձ հավասարը չէի գտնում։ Ես եզակի էի և հրճվանքով գիտակցում էի, որ տասներեք ու ավելի հարյուրամյակներ շարունակ այդ փաստը ոչ ոքի չի հաջողվի ո՛չ թաքցնել, ո՛չ էլ հերքել։
 
Այո, իշխանությամբ ես հավասարազոր էի թագավորին։ Միևնույն ժամանակ կար մի ուրիշ իշխանություն, որը առավել ուժեղ էր մեզնից՝ երկուսիցս էլ միասին վերցրած։ Դա եկեղեցին էր։ Ես չեմ ուզում թաքցնել այդ փաստը։ Չեմ էլ կարող, եթե նույնիսկ ցանկանայի։ Բայց չարժե այդ մասին հիմա խոսել, կպատմեմ իր տեղում, երբ ժամանակը գա։ Եկեղեցին ինձ սկզբում որևէ նկատելի անախորժություն չէր պատճառում։
 
Մի խոսքով, դա մի զարմանահրաշ և հետաքրքիր երկիր էր։ Իսկ մարդի՜կ։ Զմայլելի, պարզամիտ, դյուրահավատ, պարզապես ճագարներ։ Ազատության մթնոլորտի մեջ ծնված մարդու համար ցավալի էր լսել, թե որքան անկեղծ ու հնազանդ էին նրանք երդվում թագավորին, եկեղեցուն ու ազնվականությանը իրենց հավատարմության մասին, մինչդեռ նրանք ավելի հիմք չունեին սիրելու և մեծարելու թագավորին ու ազնվականությանը, քան ստրուկը՝ մտրակը, կամ էլ շունը՝ իր մեջքին դագանակ իջեցնող օտարական ճամփորդին։ Աստված վկա, որևէ միապետություն, որքան էլ որ չափավոր լինի, որևէ ազնվականություն, որքան էլ որ համեստ լինի, վիրավորական է, բայց եթե դու ծնվել ու մեծացել ես միապետության ու ազնվականության իշխանության ներքո, երբեք այդ քեզ համար վիրավորական չես համարում և չես էլ հավատում, երբ այդ մասին քեզ ասում են։ Պարզապես ամոթ ես զգում քո ժողովրդի համար, երբ մտածում ես, թե ինչ ոչնչություններ են միշտ նստել նրա գահերին առանց իսկ իրավունքի կամ բանականության ստվերը ունենալու, և թե ինչպիսի յոթերորդական մարդուկներ են մշտապես համարվել նրա ազնվականությունը։ Եթե բոլոր այդ միապետների ու ազնվականների ամբոխը ձգես սեփական բախտի քմահաճույքին, ինչպես բախտի քմահաճույքին են ձգված շատ առավել արժանավոր մարդիկ, երբեք չի կարողանա վեր բարձրանալ աղքատության և անհայտության ճիրաններից։
 
Արթուր թագավորի օրոք բրիտանական ժողովրդի մեծ մասը ստրուկ էր, ամենաիսկական ստրուկ, և նրանք հենց այդպես էլ կոչվում էին և վզներին կրում երկաթյա վզնոցներ։ Մնացած մասը ստրուկ էր ըստ էության, բայց առանց անվանման․ նրանք իրենց ազատ մարդիկ էին երևակայում և այդպես էլ կոչվում էին։ Ճշմարտությունն այն է, որ ազգը ամբողջությամբ գոյություն ուներ թագավորի, եկեղեցու և ազնվականության առջև սողալու համար, ստրկաբար ծառայելու համար, նրանց համար արյուն թափելու քաղցելու, որպեսզի նրանք կարողանան կուշտ լինել, աշխատելու, որպեսզի նրանք կարողանան զվարճանալ, մինչև հատակը ըմպելու թշվառությունը, որպեսզի նրանք կարողանան երջանիկ լինել, մերկ մնալու, որպեսզի նրանք կարողանան մետաքս և գոհար կրել, հարկեր վճարելու, որպեսզի նրանք կարողանան ման գալ հպարտ ու կարծել իրենց այս երկրի աստվածները։ Եվ այդ բոլորի դիմաց, որպես երախտիքի նշան, ստանալ միայն ծեծ ու արհամարհանք, և այնքան թշվառական հոգու տեր լինել, որ նույնիսկ ծեծն ու արհամարհանքը ընդունեն որպես շնորհ։
 
Ժառանգական գաղափարները զարմանալի բաներ են և շատ հետաքրքիր է դրանք դիտելն ու քննարկելը։ Ես ունեի իմ ժառանգական գաղափարները, թագավորն ու նրա ժողովուրդը՝ իրենցը։ Երկու դեպքում էլ այդ գաղափարները հոսել են ժամանակի ու սովորությունների փորած խոր հունով, և եթե մեկը ցանկանա փոխել հոսանքի ուղղությունը բանականության փաստարկների հիման վրա, ապա ստիպված կլինի շատ քրտինք թափել։ Օրինակ, ըստ այս ժողովրդի ժառանգած համոզման, տիտղոսից և երկար ազգաբանությունից զուրկ մարդիկ, որքան էլ որ բնությունից առատորեն օժտված լինեն, բոլորովին էլ բարձր չեն անասուններից, փայտոջիլներից, միջատներից։ Մինչդեռ ըստ իմ ժառանգած համոզմունքի, մարդանման ագռավները, որ ժառանգական արժանիքների և անիրավի ձեռք գցած տիտղոսների սիրամարգյան փետուրներ են հագնում, պիտանի են միայն այն բանի համար, որպեսզի նրանց վրա ծիծաղեն։ Եվ միանգամայն բնական է, որ ինձ վրա այնտեղ նայում էին փոքր֊ինչ տարօրինակ ձևով։ Գիտեք չէ՞, թե ինչպես են գազանանոցի տերը և ժողովուրդը նայում փղի վրա։ Այ, հենց այդպես էլ ինձ վրա էին նայում։ Նրանք հիանում են փղի հասակով ու արտակարգ ուժով, հպարտությամբ են խոսում, թե նա կարող է հարյուր անգամ ավելին անել, քան իրենք ի վիճակի են, նույն հպարտությամբ ասում են, որ բարկության պահին նա կարող է փախուստի մատնել հազար մարդու։ Բայց մի՞թե դրա պատճառով նրանք փղին իրենց հավասար են համարում։ Ոչ, ամենավերջին թափառաշրջիկը նույնիսկ կծիծաղեր այդ մտքի վրա։ Այդ միտքը երբեք չէր անցնի նրանց գլխով, նա նույնիսկ չէր կարող նման գաղափարի գոյությունը թույլ տալ։ Եվ ահա, թագավորի, ազնվականների և ամբողջ ազգի համար մինչև ամենավերջին ստրուկն ու թափառաշրջիկը, ես այդ փղի նման մի բան էի և ոչ առավել։ Ինձնով հիանում էին, նաև վախենում, բայց հիանում էին ինչպես անասունով, նաև վախենում էին ինչպես անասունից։ Անասունից չեն ակնածում, ինձնից նույնպես չէին ակնածում, ավելին, չէին էլ հարգում։ Ես ոչ ազգաբանական ծառ ունեի, և ոչ էլ ժառանգական տիտղոս, այնպես որ թագավորի ու ազնվականության աչքում ես պարզապես ցեխ էի, իսկ ժողովուրդը նայում էր ինձ վրա զարմանքով ու վախով, բայց առանց հարգանքի նշույլի։ Իր ժառանգած գաղափարների համաձայն նա ոչ մի բանի նկատմամբ հարգանք չէր տածում, բացի տոհմականությունից և ազնվականությունից։ Ահա այդտեղ էր երևում հզոր, հռոմեական կաթոլիկ եկեղեցու սարսափազդու ձեռքը։ Մի երկու֊երեք հարյուրամյակների ընթացքում նա մարդկային ցեղը վեր էր ածել ճիճուների ցեղի։ Մինչ աշխարհում եկեղեցու իշխանության տարածումը, մարդը մարդ էր և գլուխը վեր էր պահում, արժանապատվություն ուներ, կյանքի և անկախության տեր էր, և եթե որևէ մեծ դիրքի էր հասնում, ապա միայն շնորհիվ իր ձիրքերի և ոչ թե ծնունդի։ Բայց ահա եկեղեցին աշխարհ եկավ ու գործի անցավ։ Նա խելամիտ էր, ճարպիկ և շատ եղականկներ գիտեր, թե ինչպես կատվին, այսինքն ժողովրդին քերթել։ Նա հայտնագործեց «Թագավորների աստվածային իրավունքը» և շրջափակեց այն տասը պատվիրաններով, ինչպես աղյուսներով, դուրս կորզելով այդ աղյուսները բարի նպատակի համար կառուցված շինանյութից և օգտագործելով դրանք չար նպատակով կառուցվող շինության մեջ։ Նա քարոզում էր (հասարակ ժողովրդին) հեզություն, հնազանդություն տերերին, ինքնազոհաբերության գեղեցկություն։ Նա քարոզում էր (հասարակ ժողովրդին) չարին չհակառակվել։ Նա քարոզում էր (հասարակ ժողովրդին, միշտ և միայն հասարակ ժողովրդին) համբերություն, հոգու աղքատություն, չդիմադրել ճնշումին։ Նա ժառանգական աստիճաններ ու տիտղոսներ ներմուծեց և սովորեցրեց ամբողջ քրիստոնյա աշխարհին գլուխ տալ և մեծարել նրանց։ Այդ թույնը քրիստոնեական աշխարհի արյան մեջ շրջանառություն էր գործում ընդհուպ մինչև իմ հարազատ դարը, երբ անգլիական հասարակ ժողովրդի լավագույն ներկայացուցիչները շարունակվում էին համակերպվել այն երևույթի հետ, երբ իրենցից բազմիցս անգամ անարժան մարդիկ պահպանում էին որոշակի աստիճաններ, ինչպես օրինակ լորդի և թագավորի կոչումները, որոնց նկատմամբ, իրենց երկրի անիմաստ օրենքները այդ արժանավոր մարդկանց արգելում էին հավակնություններ ունենալ։ Անգլիացին ոչ միայն հանդուրժում է իրերի այդ տարօրինակ վիճակը, այլ նույնիսկ համոզում ինքն իրեն, որ իբր հպարտանում է դրանով։ Մարդ ընդունակ է համակերպվելու ամեն կարգի անարդարության հետ, եթե ինքը ծնվել ու մեծացել է նույն պայմաններում։ Իհարկե, աստիճանի և տիտղոսի առջև ակնածելու այդ թույնը ժամանակով ապրում էր նաև մեր՝ ամերիկացիներիս արյան մեջ, բայց Ամերիկայից իմ հեռանալու շրջանում, այդ վարակը արդեն անհետացել էր։ Դրա խղճուկ մնացորդները դեռ պահպանում էին որոշ ցուցամոլ տղամարդիկ և կանայք, բայց երբ համաճարակը նվազում է մինչև այն աստիճան, ապա կարելի է համարել, որ անցել է։
 
Վերադառնանք սակայն, Արթուրի թագավորության մեջ իմ անբնական կյանքին։ Այստեղ ես հսկա էի թզուկների մեջ, մեծահասակ երեխաների մեջ, մտածող՝ մտավոր խլուրդների մեջ, մի խոսքով միակ իրական մարդը ամբողջ բրիտանական աշխարհում։ Բայց, այնուամենայնիվ, ինչպես և իմ հարազատ դարաշրջանի հեռավոր Անգլիայում ոչխարի ուղեղով մի որևէ կոմս, որը կարողանար ապացուցել, թե Լոնդոնի ետնախորշերից սերած իր մայրը հաջողացրել է կենակցել թագավորի հետ, ավելի շատ պատվի էր արժանանում, քան ես։ Արթուրի թագավորության մեջ այդպիսի մարդուն հարգում էին բոլորը, եթե նույնիսկ նրա արտաքինը նույնքան խղճուկ լիներ, որքան գլխի պարունակությունը, և բարոյական նկարագիրը նույնքան խախուտ լիներ, որքան ծագումը։ Դեպքեր էին լինում, երբ նրան թույլատրում էին նստել թագավորի ներկայությամբ, իսկ ինձ՝ ոչ։ Ես հեշտությամբ կարող էի տիտղոս ձեռք գցել, և դա ինձ կբարձրացներ բոլորի աչքում, այդ թվում նաև թագավորի աչքում, թեպետ նա ինքը պետք է ինձ տիտղոս շնորհեր։ Բայց ես տիտղոս չէի խնդրում, մերժեցի այն, երբ ինձ առաջարկեցին։ Իմ համոզմունքների տեր մարդուն տիտղոսը չի կարող հաճույք պատճառել, բացի այդ, ես դա ստացած կլինեի ոչ օրինական ճանապարհով, քանի որ, որքան ինձ հայտնի է, իմ տոհմաբանության մեջ ազնվական լինելու բախտը ոչ ոքի չի ժպտացել։ Ես գոհ կլինեի և կհպարտանայի միայն այնպիսի տիտղոսով, որ շնորհեր ինձ ինքը ժողովուրդը՝ իշխանության միակ օրինական աղբյուրը։ Այդպիսի տիտղոս ես հույս ունեի վաստակել, և իրոք, վերջ ի վերջո վաստակեցի։ Իմ երկար տարիների բարեխիղճ, ազնիվ աշխատանքով և սկսեցի կրել այն բարձր ու մաքուր հպարտությամբ։ Այդ տիտղոսը, որ պատահմամբ ընկել էր մի գյուղական դարբնի շուրթերից, որպես մի երջանիկ միտք վեր էր բարձրացել և ծիծաղի հետ բերնե֊բերան հաղորդվելով, տաս օրում շրջել ամբողջ թագավորությունը ու դարձել նույնքան հանրածանոթ, որքան թագավորի անունը։ Հետագայում, և ժողովրդական խոսք ու զրույցների մեջ, և՛ պետական կարևորության գործերի մասին վեճերի ժամանակ թագավորական խորհրդում, ինձ միայն այդպես էին կոչում։ Այդ տիտղոսը, մեր ժամանակակից խոսակցական լեզվից թարգմանված, նշանակում է Տնօրեն։ Ինձ դուր էր գալիս, որովհետև ժողովուրդն էր շնորհել։ Եվ դա բավականին բարձր տիտղոս էր, միակը իր տեսակի մեջ։ Եթե խոսքը գնար հերցոգի, կոմսի, եպիսկոպոսի մասին, ո՞վ կարող էր ասել, թե հենց դրանցից որին նկատի ունեին։ Մի՞թե աշխարհիս երեսին քիչ հերցոգներ, կոմսեր, եպիսկոպոսներ կան։ Բայց ուրիշ բան է, երբ խոսում էին թագավորի, թագուհու, կամ էլ Տնօրենի մասին։
 
Թագավորը ինձ դուր էր գալիս, և որպես թագավորի ես հարգում էի նրան, հարգում էի նրա կոչումը, հարգում էի գոնե այնքան, որքան առհասարակ ընդունակ էի հարգել որևէ անիրավի ստացած աստիճանը։ Բայց որպես մարդու, ես նրա ու նրա ազնվականների վրա նայում էի վերից վար, իհարկե, ինքս իմ մեջ։ Ես էլ էի դուր գալիս և թագավորին, և ազնվականներին, ու նրանք ինձ հարգում էին որպես պետական գործչի, բայց քանի որ ես տիտղոս չունեի և անունս էլ նշանավոր չէր, նրանք իրենց հերթին ինձ վրա նայում էին վերից֊վար և այդ անում էին բոլորովին բացահայտ։ Ես նրանց չէի պարտադրում իմ կարծիքը իրենց մասին, նրանք էլ ինձ չէին պարտադրում իրենց կարծիքը իմ մասին։ Մի խոսքով մենք քվիտ էինք, և ամեն ոք գոհ էր։
 
Ադմին, Վստահելի
1876
edits