Changes

Պրոֆեսոր Դոուելի գլուխը

Ավելացվել է 41 163 բայտ, 14:20, 16 Հուլիսի 2016
/* Գլուխը խոսում է */
== Գլուխը խոսում է ==
 
Այն ժամանակվանից, ինչ Լորանը գտել էր արգելված ծորակի գաղտնիքը, անցել էր մոտ մի շաբաթ։
 
Այդ ժամանակամիջոցում Լորանի և գլխի միջև էլ ավելի բարեկամական կապ էր ստեղծվել։ Այն ժամերին, երբ պրոֆեսոր Կերնը գնում էր համալսարան կամ կլինիկա, Լորանը բաց էր անում ծորակը, կոկորդն էր մղում օդի մի փոքր հոսանք, որպեսզի գլուխը կարողանա խոսել հասկանալի շշուկով։ Կամաց էր խոսում նաև Լորանը։ Նրանք վախենում էին, որ նեգրը կարող է լսել իրենց խոսակցությունը։
 
Պրոֆեսոր Դոուելի վրա, ըստ երևույթին, նրանց խոսակցությունները լավ էին ազդել։ Աչքերը դարձել էին ավելի կենդանի, և նույնիսկ միջհոնքային վշտալի կնճիռները հարթվել էին։
 
Գլուխը խոսում էր շատ և հաճույքով, կարծես թե վարձատրում էր իրեն հարկադրյալ լռության փոխարեն։
 
Անցյալ գիշերն երազում Լորանը տեսել էր պրոֆեսոր Դոուելի գլուխը, և արթնանալով մտածել «Արդյոք Դոուելի գլուխը երազներ տեսնո՞ւմ է»։
 
— Երազնե՜ր...— կամաց շշնջաց գլուխը։— Այո՛, ես երազներ տեսնում եմ։ Եվ ես չգիտեմ, ինչ են նրանք ինձ ամենից շատ պատճառում, վի՞շտ, թե՞ ուրախություն։ Երազում ես ինձ տեսնում եմ առողջ, ուժեղ և զարթնելով կրկնակի դժբախտ եմ զգում։ Թշվառ և՛ ֆիզիկապես, և՛ բարոյապես։ Չէ՞ որ ես զրկված եմ ամենից, ինչ մատչելի է կենդանի մարդկանց։ Եվ միայն մտածելու ունակություն են ինձ թողել։ «Ես մտածում եմ, հետևաբար, ես գոյություն ունեմ»,— դառն ժպիտով մեջ բերեց գլուխը փիլիսոփա Դեկարտի խոսքերը։ Գոյությո՛ւն ունեմ...
 
— Իսկ երազում ի՞նչ եք տեսնում դուք։
 
— Ես ինձ երբեք չեմ տեսել երազում իմ այժմյան տեսքով։ Ես ինձ տեսնում եմ այնպես, ինչպես մի ժամանակ եղել եմ... Տեսնում եմ հարազատներիս, բարեկամներիս... Նորերս տեսա մահացած կնոջս և վերապրեցի նրա հետ մեր սիրո գարունը։ Բետտին մի անգամ դիմեց ինձ իբրև հիվանդ. նա ավտոմեքենայից դուրս գալիս վնասել էր ոտքը։
 
Մեր առաջին ծանոթությունը տեղի ունեցավ իմ ընդունարանում։ Մենք միանգամից մտերմացանք։ Չորրորդ այցելությունից հետո ես առաջարկեցի նրան նայել գրասեղանի վրա դրված իմ հարսնացուի նկարին։ «Ես կամուսնանամ նրա հետ, եթե ստանամ նրա համաձայնությունը»,— ասացի ես։ Նա մոտեցավ սեղանին և նրա վրա տեսավ մի փոքրիկ հայելի. նայելով հայելուն, նա ծիծաղեց և ասաց*. «Ես կարծում եմ... նա չի մերժի»։ Մի շաբաթից հետո նա իմ կինը դարձավ։ Այդ տեսարանը վերջերս աչքիս երևաց երազում...
 
Բետտին մեռավ այստեղ, Փարիզում։ Գուք գիտեք, ես այստեղ եկա Ամերիկայից, իբրև վիրահատ՝ եվրոպական պատերազմի ժամանակ։ Ինձ այստեղ ամբիոն առաջարկեցին, և ես մնացի, որպեսզի ապրեմ նրա թանկագին գերեզմանին մոտիկ։ Իմ կինը զարմանալի կին էր...
 
Գլխի դեմքը պայծառացավ հիշողություններից, սակայն իսկույն մռայլվեց։
 
— Որքան անսահման հեռու է այդ ժամանակը...
 
Գլուխն սկսեց մտածել։ Օդը խաղաղ ֆշշում էր նրա կոկորդում։
 
— Անցյալ գիշեր երազում տեսա իմ տղային։ Շատ կուզեի մեկ էլ տեսնել նրան։ Բայց չեմ համարձակվում նրան այդ փորձանքին ենթարկել... Նրա համար ես մեռած եմ...
 
— Նա չափահա՞ս է։ Որտե՞ղ է գտնվում հիմա։
 
— Այո՛, չափահաս է։ Նա գրեթե ձեր հասակին է կամ քիչ մեծ։ Ավարտել է համալսարանր։ Ներկայումս պետք է որ Անգլիայում լինի, իր մորաքրոջ մոտ։ Ոչ, ավելի լավ կլինի երազ չտեսնել... սակայն ինձ,— շարունակեց գլուխը քիչ լռելուց հետո,— երազները չեն միայն, որ տանջում են։ Արթուն ժամանակս ինձ տանջում են կեղծ զգացումները։ Որքան էլ սա տարօրինակ լինի, հաճախ ինձ թվում է, թե զգում եմ իմ մարմինը։ Ես հանկարծ ուզում եմ շնչել ամբողջ կրրծքով, պարզել, մեկնել ձեռներս, ինչպես այդ անում է երկար ժամանակ նստած մարդը։ Իսկ երբեմն հոդացավ եմ զգում ձախ ոտքում։ Ծիծաղելի է, չէ՞։ Իբրև բժշկի, այս բանը ձեզ պիտի հասկանալի լինի։ Ցավն այնքան ռեալ է, որ ես ակամա աչքերս վար եմ հառում և, իհարկե, ապակու միջից տեսնում եմ իմ ներքև դատարկ տարածություն, հատակի սալաքարերը... Երբեմն ինձ թվում է, որ այժմ կսկսի շնչարգելության նոպա, և այն ժամանակ ես գրեթե գոհ եմ իմ «ետմահյան գոյությամբ», որը գոնե ազատում է ինձ շնչարգելությունից... Այս ամենը ուղեղային բջիջների զուտ ռեֆլեքսային գործողություն է, որ մի ժամանակ կապված է եղել մարմնի գոյության հետ...
 
— Սարսափելի է...— չկարողացավ իրեն զսպել Լորանը։
 
— Այո, սարսափելի է... Տարօրինակ է, կյանքում ինձ թվում էր, որ ես ապրել եմ միայն մտքի աշխատանքով։ Իրոք ամբողջովփն գիտական պարապմունքով կլանված՝ կարծես չեմ նկատել մարմինս։ Եվ կորցնելուց հետո միայն զգացի, թե ինչ եմ կորցրել
 
Այժմ, ինչպես երբեք իմ ողջ կյանքում, ես մտածում եմ ծաղիկների բուրմունքի, անտառեզրի հոտավետ խոտաբույսերի, ոտքով հեռավոր զբոսանքներ կատարելու, ծովի ալեբախության աղմուկի մասին... Ես չեմ կորցրել իմ հոտառությունը, շոշափելիքը և այլ զգացումները, բայց ես կտրված եմ զգայական աշխարհի ամբողջ բազմազանությունից։ Խոտի բուրմունքը լավ է դաշտում, երբ այն կապված է հազարավոր այլ զգացումների հետ՝ և՛ անտառի բուրմունքի, և՛ բոցավառվող արշալույսի գեղեցկության, և՛ անտառային թռչունների երգերի հետ։ Ինձ համար արհեստական բուրմունքը չի կարող փոխարինել բնական բուրմունքին։ «Վարդ» օծանելիքի հոտը՝ ծաղկի փոխարեն։ Դա այնքան քիչ կբավարարեր ինձ, ինչքան քաղցած մարդու համար պաշտետի հոտը առանց պաշտետի։
 
Կորցնելով մարմինս, ես կորցրի աշխարհը, իրերի ողջ անծայրածիր գեղեցիկ աշխարհը, որ ես չէի նկատում, իրեր, որոնք կարելի է վերցնել, շոշափել և միաժամանակ զգալ իր մարմինը, իրեն։ Օ՜, ես հաճույքով կփոխանակեի իմ ցնորական գոյությունը հասարակ խճաքարի ծանրությունն իմ ձեռքում զգալու մի ուրախության հետ... Եթե իմանայիք, թե ինչպիսի բավականություն է պատճառում ինձ սպունգի շփումը, երբ դուք առավոտները լվանում եք իմ դեմքը. չէ՞ որ շոշափումը ինձ համար միակ հնարավորությունն է՝ զգալ ինձ ռեալ իրերի աշխարհում... Միակ բանը, որ կարող եմ ես անել, այդ լեզվիս ծայրով իմ չորացած շրթունքը շոշափելն է...
 
Այդ երեկո Լորանը տուն եկավ ցրված և հուզված։ Պառավ մայրը, ըստ սովորության, նրա համար թեյ պատրաստեց՝ սառը նախաճաշի հետ միասին. սակայն Մարին ձեռք չտվեց բուտերբրոդին, արագությամբ մի բաժակ թեյ խմեց լիմոնով և գնաց իր սենյակը։
 
Մոր ուշադիր հայացքը կանգ առավ նրա վրա։
 
— Դու վրդովվա՞ծ ես, Մարի,— հարցրեց պառավը։ Գուցե անախորժությո՞ւն է պատահել ծառայության մեջ։
 
— Ոչ, ոչինչ չի պատահել, մայրիկ, պարզապես հոգնած եմ, և գլուխս է ցավում... Մի քիչ շուտ կպառկեմ, և ամեն ինչ կանցնի։
 
Մայրը չպահեց նրան, հառաչեց և, մենակ մնալով, մտածմունքի մեջ ընկավ։ Այն ժամանակվանից, երբ Մարին ծառայության մտավ, նա շատ էր փոխվել։ Դարձել էր նյարդային, ինքնամփոփ։ Մայր ու աղջիկ միշտ շատ մտերիմ էին։ Նրանց միջև գաղտնիք չկար։ Բայց ահա երևան էր եկել գաղտնիքը։ Լորանի մայրը զգում էր, որ աղջիկը ինչ֊որ բան թաքցընում էր իրենից։ Ծառայության մասին մոր տված հարցերին Մարին պատասխանում էր կարճ ու անորոշ։
 
— Պրոֆեսոր Կերնը ունի տնային հիվանդանոց՝ բժըշկական տեսակետից առանձնապես հետաքրքիր հիվանդների համար։ Եվ ես խնամում եմ նրանց։
 
— Ինչպիսի՞ հիվանդներ են դրանք։
 
— Զանազան տեսակի։ Կան շատ ծանր դեպքեր...— Մարին մռայլվեց և խոսակցությունը փոխեց այլ թեմաների շուրջը։
 
Պառավին չէին բավարարում այդ պատասխանները։ Եվ նա սկսեց նույնիսկ կողմնակի տեղեկություններ հավաքել, բայց նրան ոչինչ չհաջողվեց իմանալ, բացի այն, ինչ արդեն ասել էր աղջիկը։
 
«Արդյոք նա սիրահարված չի՞ Կերնին, և թերևս անհուսալի ու անպատասխան է նրա կողմից...— մտածում էր պառավը։ Սակայն իսկույն ևեթ հերքեց՝ ո՛չ, իր աղջիկը մորից չէր թաքցնի իր հրապուրվելը։ Եվ հետո մի՞թե Մարին լավիկը չի։ Իսկ Կերնը ամուրի է։ Եվ եթե միայն Մարին սիրեր նրան, ապա, իհարկե, Կերնն էլ չէր դիմանա։ Ուրիշ այդպիսի Մարի չէր գտնի ամբողջ աշխարհում։ Ոչ, այստեղ ինչ֊որ այլ բան կա...»։ Եվ պառավը երկար ժամանակ չէր կարողանում քնել, շուռումուռ գալով ուռեցրած փետրաներքնակների վրա։
 
Չէր քնել և Մարին։
 
Մարելով լույսը, որպեսզի մայրը կարծի, թե ինքն արդեն քնել է, Մարին նստեց մահճակալի վրա՝ աչքերը լայն բացած։ Նա հիշում էր գլխի յուրաքանչյուր բառը և աշխատում էր պատկերացնել իրեն նրա տեղը։ Լեզուն կամացուկ քսում էր շրթունքին, քիմքին, ատամներին և մտածում.
 
«Ահա ամենը, ինչ կարող է կատարել գլուխը, կարելի է կծել շրթունքները, լեզվի ծայրը։ Կարելի է շարժել հոնքերը, պտտեցնել աչքերը։ Փակել և բացել աչքերը և բերանը։ Ուրիշ ոչ մի շարժում։ Ոչ, կարելի է մի փոքր էլ շարժել ճակատի մաշկը։ Եվ ուրիշ ոչինչ...»։
 
Մարին փակում ու բացում էր աչքերը և ծամածռություններ անում։ Եթե մայրն այդ պահին ներկա լիներ և տեսներ նրան, կկարծեր, թե աղջիկը խելագարվել է։
 
Հետո հանկարծ Մարին սկսեց բռնել իր ուսերը, ծնկները, շոշափել ծնկները, մատները խրել խիտ մազերի մեջ։
 
— Աստված իմ, ի՜նչ երջանիկ եմ ես,— շշնջաց նա,— ինչքան շատ բան ունեմ։ Որքա՜ն հարուստ եմ, և ես չգիտեի, չէի զգում։
 
Մարմնի հոգնածությունը հաղթահարեց։ Մարիի աչքերն ակամա փակվեցին։ Եվ նա տեսավ Դոուելի գլուխը։ Գլուխըն ուշադրությամբ և տխրագին նրան էր նայում։ Գլուխն անջատվել էր փոքր սեղանից և թռչում էր օդում։ Մարին վազում էր գլխի առջևից։ Կերնը, ուրուրի պես հարձակվում էր գլխի վրա։ Ոլորապտույտ միջանցքներ... Ամուր դռներ... Մարին շտապում էր բաց անել դռները, բայց նրանք չէին բացվում։ Եվ Կերնը հասնում է գլխին, գլուխը շվշվացնում է, ֆշշում է արդեն ականջի մոտ... Մարին զգում է, որ ինքը շնչասպառ է լինում։ Սիրտը թպրտում է կրծքի տակ, նրա հաճախակի հարվածները ցավագին արձագանք են տալիս ամբողջ մարմնում։ Սառը դող է անցնում մեջքով... Մարին բաց է անում նորանոր դռներ... Օ՜, ինչպիսի սարսափ...
 
— Մարի՛, Մարի՛, ի՞նչ է պատահել քեզ։ Արթնացիր, վերջապես, Մարի՛։ Դու տնքում ես...
 
Սա արդեն երազ չէ։ Մայրը կանգնած է գլխավերևը և տագնապով շփում է նրա մազերը։
 
— Ոչինչ, մայրիկ։ Ես միայն վատ երազ տեսա։
 
— Դու սկսել ես չափազանց հաճախ վատ երազներ տեսնել, զավակս...
 
Պառավ մայրը հեռանում է հառաչելով, իսկ Մարին միառժամանակ պառկած է աչքերը բաց, և սիրտն ուժգին բաբախում է։
 
— Նյարդերս սկսում են անպետքանալ,— կամաց շշնջում է նա և այս անգամ քնում է խոր քնով։
 
 
== Մա՞հ, թե՞ սպանություն ==
 
Մի անգամ քնելուց առաջ, նայելով բժշկական ժուռնալները, Լորանը կարդաց պրոֆեսոր Կերնի հոդվածը՝ նոր գիտական հետազոտությունների մասին։ Այդ հոդվածում Կերնը վկայակոչում է նույն բնագավառում ուրիշ գիտնականների կատարած աշխատանքները։ Այս բոլոր քաղվածքներր վերցված էին գիտական ժուռնալներից և գրքերից ու ճշտությամբ զուգադիպում էին լուսանցքներում եղած այն նշումների հետ, որ կատարել էր Լորանը գլխի ցուցումով առավոտյան պարապմունքների ժամանակ։
 
Հաջորդ օրը հենց որ հնարավորություն եղավ խոսելու գլխի հետ, Լորանը հարցրեց.
 
— Ինչո՞վ է զբաղվում պրոֆեսոր Կերնը լաբորատորիայում իմ բացակայության ժամանակ։
 
Մի փոքր տատանվելուց հետո գլուխը պատասխանեց.
 
— Մենք նրա հետ շարունակում ենք գիտական աշխատանքները։
 
— Ուրեմն բոլոր այդ նշումները դուք կատարում էիք նրա՞ համար։ Իսկ ձեզ հայտնի՞ է, որ ձեր աշխատանքը նա իրեն է վերագրում։
 
— Ես գուշակում էի...
 
— Բայց դա զայրացուցիչ է։ Ինչպե՞ս եք դուք թույլ տալիս։
 
— Ի՞նչ կարող եմ անել։
 
— Եթե դուք չեք կարող, ապա ես կարող եմ,— զայրացած բացականչեց Լորանը։
 
— Կամաց... իզուր է... Ծիծաղելի կլիներ իմ այս դրության մեջ հեղինակի իրավունք պահանջելը։ Դրա՞մ։ Ինչի՞ս է հարկավոր։ Փա՞ռք։ Ի՞նչ կարող է տալ ինձ փառքը... Եվ հետո... Եթե այս բոլորը երևան գա, աշխատանքը չի ավարտվի։ Իսկ ես շահագրգռված եմ, որ աշխատանքը ավարտվի և, ճիշտն ասած, ուզում եմ տեսնել իմ աշխատանքի արդյունքը։
 
Լորանն սկսեց մտածել։
 
— Այո՛, այնպիսի մարդ, ինչպիսին է Կերնը, ընդունակ է ամեն բանի,— կամաց ասաց նա։— Երբ ես նրա մոտ ծառայության մտա, պրոֆեսոր Կերնն ինձ ասաց, որ դուր մեռել եք անբուժելի հիվանդությունից և դուք ինքներդ կտակել եք ձեր մարմինը գիտական աշխատանքների համար։ Ճի՞շտ է։
 
— Ես դժվարանում եմ խոսել այդ մասին։ Կարող եմ սխալվել։ Այդ ճիշտ է, սակայն՝ թերևս... ոչ բոլորն է ճշմարիտ։ Մենք նրա հետ միասին աշխատում էինք թարմ դիակներից վերցված օրգանների կենդանացման վրա։ Կերնը իմ ասիստենտն էր։ Իմ աշխատանքների վերջնական նպատակն այդ ժամանակ մարմնից կտրված մարդու գլխի կենդանացումն էր։ Ես ավարտել էի բոլոր նախապատրաստական աշխատանքները։ Մենք արդեն կենդանացրել էինք կենդանիների գլուխներ, սակայն վճռել էինք չհրապարակել այնքան ժամանակ, մինչև որ մեզ հաջողվեր կենդանացնել և ցուցադրել մարդկային գլուխը։ Այս վերջին փորձից առաջ, որի հաջողությանը ես չէի կասկածում, Կերնին հանձնեցի իմ կողմից կատարված բոլոր գիտական աշխատանքի ձեռագրերը՝ տպագրության պատրաստելու համար։ Միաժամանակ մենք աշխատում էինք մի ուրիշ գիտական պրոբլեմի վրա, որը նույնպես մոտ էր իր լուծմանը։ Այդ ժամանակ ինձ հետ սարսափելի շնչարգելություն պատահեց — մի հիվանդություն, որը ես, իբրե գիտնական, աշխատում էի հաղթահարել։ Մեր մեջ վաղուց համառ պայքար էր տարվում։ Ամբողջ հարցը ժամանակի մեջ էր՝ թե մեզանից ո՞վ առաջինր կհաղթանակի։ Գիտեի, որ հաղթանակը կարող է նրան մնալ։ Եվ ես, իսկապես, կտակեցի մարմինս անատոմիական աշխատանքների համար, թեկուզ և չէի սպասում, որ հատկապես իմ գլուխը պետք է կենդանանա։ Այսպես ահա.... Այս վերջին ուշաթափության ժամանակ Կերնն ինձ մոտ էր և բժշկական օգնություն էր ցույց տալիս։ Նա ինձ սրսկեց ադրենալին։ Գուցե... դոզան չափազանց շատ էր, իսկ գուցե և շնչարգելությունն էլ կատարեց իր գործը...
 
— Լավ, իսկ հետո՞։
 
— Ասֆիկսիա (շնչահեղձություն), կարճատև հոգեվարք և մահ, որն ինձ համար եղավ միմիայն գիտակցության կորուստ... Այնուհետև իմ գիտակցությունը զարթնեց՝ վզիս մասերում եղած սուր ցավից։ Ցավը հետզհետե թեթևանում էր։ Այն ժամանակ ես չհասկացա, թե դա ինչ է նշանակում։ Երբ Կերնի հետ մենք շան գլուխների կենդանացման փորձեր էինք կատարում, ուշադրություն դարձրինք այն բանի վրա, որ շները չափազանց սուր ցավ են զգում զարթնելուց հետո։ Շան գլուխը ափսեի վրա այնպիսի ուժով էր զարկվում, որ հաճախ արյունատար անոթներից դուրս էին ընկնում խողովակները, որոնցով տրվում էր սնուցիչ հեղուկը։ Այն ժամանակ ես առաջարկեցի անզգայացնել կտրվածքի տեղը։ Որպեսզի շան վիզը չցամաքի և չենթարկվփ բակտերիաների ներգործության, խորասուզում էինք Ռինգեն- Լոկկ-Դոուելի հատուկ լուծույթի մեջ։ Այս լուծույթը պարունակում է և՛ սնուցիչ, և՛ հականեխիչ, և՛ անզգայացուցիչ նյութեր։ Այդպիսի հեղուկի մեջ խորասուզվեց նաև իմ վզի կտրվածքը։ Առանց այս նախապահպանման միջոցների ես կարող էի շատ արագ կերպով մեռնել երկրորդ անգամ, զարթնելուց հետո, ինչպես մեռնում էին շների գլուխները մեր առաջին փորձի ժամանակ։ Սակայն, կրկնում եմ, այդ մոմենտին այս բոլորի մասին ես չէի իմանում։ Ամեն ինչ աղոտ էր, կարծես թե մեկն արթնացրեց ինձ ուժեղ հարբեցումից հետո, երբ ալկոհոլի ներգործությունը դեռևս չէր անցել։ Սակայն իմ ուղեղում առկայծում էր մի ուրախ միտք, որ եթե գիտակցությունս, թեկուզ և աղոտ, վերադարձել է ինձ, ապա նշանակում է ես չեմ մեռել։ Դեռևս աչքս չբացած, ես սկսեցի մտածել վերջին ուշաթափությանս տարօրինակության վրա։ Սովորաբար շնչարգելությանս նոպաներր դադարում էին հանկարծակի։ Երբեմն շնչարգելության ինտենսիվությունը թուլանում էր աստիճանաբար։ Սակայն ես դեռևս երբեք կորցրած չկայի գիտակցությունս ուշաթափությունից հետո։ Սա ինչ֊որ նոր բան էր։ Նոր էր նաև ուժեղ ցավի զգացումը վզիս մոտ։ Մի տարօրինակություն ևս. ինձ թվում էր, թե ես բոլորովին չեմ շնչում, իսկ դրա հետ մեկտեղ չէի զգում շնչարգելություն։ Ես փորձեցի շունչ քաշել, սակայն չկարողացա։ Ավելին. ես կորցրի իմ կրծքի զգացողությունը։ Ես չկարողացա լայնացնել կրծքիս վանդակը, թեև մեծ ջանքով, ինչպես ինձ թվաց, լարել էի կրծքիս մկանները։ «Ինչ-որ տարօրինակ է,— մտածեցի ես,— կամ քնած եմ, կամ զառանցում եմ...»։
 
Դժվարությամբ ինձ հաջողվեց բաց անել աչքերս... Խավար էր։ Ականջներումս անորոշ աղմուկ։ Ես նորից փակեցի աչքերս... Դուք գիտեք, որ երբ մարդը մեռնում է, ապա զգացումի օրգանները մարում են ոչ միաժամանակ։ Մարդս նախ կորցնում է ճաշակի զգացումը, ապա մարում է նրա տեսողությունը, հետո լսողությունը։ Ըստ երևույթին հակադարձ կարգով էր ընթանում նաև նրանց վերականգնումը։ Միառժամանակից հետո ես նորից բարձրացրի կոպերս և տեսա աղոտ լույս։ Կարծես թե ընկել էի խոր ջրի մեջ։ Հետո կանաչագույն մշուշն սկսեց ցրվել, և ես աղոտ կերպով իմ առաջ տեսա Կերնի դեմքը ու միառժամանակ բավական պարզ լսեցի նրա ձայնը.
 
— Ուշքի՛ եկաք։ Շատ ուրախ եմ, որ նորից ձեզ կենդանի եմ տեսնում։
 
Կամքիս վրա ճիգ գործ դնելով, ես ստիպեցի գիտակցությանս պարզվել։ Ես նայեցի ներքև և շուտով իմ կզակի տակ տեսա մի սեղան— այդ ժամանակ դեռևս այս փոքր սեղանը չկար, այլ կար մի հասարակ սեղան, խոհանոցային սեղանի նման, որը Կերնը իսկույն հարմարացրել էր փորձերի համար։ Ես ուզեցի ետ նայել, սակայն չկարողացա գլուխս դարձնել։ Այս սեղանի կողքին, նրանից բարձր, կար մի ուրիշ սեղան— հերձելու համար։ Այդ սեղանի վրա ընկած էր ինչ֊որ մեկի գլխատած դիակը։ Այդ դիակն ինձ տարօրինակ կերպով ծանոթ երևաց, չնայած այն բանին, որ նա գլուխ չուներ, և կրծքավանդակը հերձված էր։ Նրա մոտ, ապակյա մի արկղի մեջ, բաբախում էր մարդկային մի սիրտ... Ես տարակուսանքով նայեցի Կերնին։ Ես դեռևս ոչ մի կերպ չէի կարողանում հասկանալ, թե ինչու իմ գլուխը բարձրացված է սեղանի վրա և ինչու ես չեմ տեսնում իմ մարմինը։ Ուզեցի ձեռքս մեկնել, սակայն չշոշափեցի այն։
 
— Բանն ինչո՞ւմն է...— ուզեցի ասել Կերնին և միայն անձայն շարժեցի շրթունքներս։ Իսկ նա նայում էր ինձ և ժպտում։
 
— Չե՞ք ճանաչում,— գլխով ցույց տվեց նա պրոզեկտորական սեղանը։— Սա ձեր մարմինն է։ Այժմ դուք ընդմիշտ ազատվել եք շնչարգելությունից։
 
Նա դեռ կարող էր կատակներ անել... Եվ ես հասկացա ամեն ինչ։ Խոստովանում եմ, ես առաջին րոպեին ուզեցի բղավել, պոկ գալ սեղանից, սպանել ինձ և Կերնին... Ո՛չ, այդ այնքան էլ ճիշտ չէ։ Խելքով ես գիտեի, որ պետք է բարկանայի, գոռայի, զայրանայի և միևնույն ժամանակ զարմացած մնացի այն սառցային հանգստությունից, որը տիրեց ինձ։ Ես կարծես թե ինձ վրա և աշխարհի վրա նայում էի մի կողմից։ Իմ հոգեբանության մեջ կատարվեցին տեղաշարժեր։ Ես միայն հոնքերս կիտեցի ու... լռեցի։ Կարո՞ղ էի ես այնպես հուզվել, ինչպես հուզվում էի առաջ, երբ այժմ իմ սիրտը բաբախում էր ապակյա անոթի մեջ, իսկ նոր սիրտս մոտորն էր։
 
Լորանը սարսափով նայում էր գլխին։
 
— Եվ դրանից հետո... Դուք շարունակում եք նրա հետ աշխատե՜լ։ Եթե նա չլիներ, դուք կհաղթահարեիք շնչարգելությունը և այժմ առողջ մարդ կլինեիք... Նա գող է և մարդասպան, և դուք օգնում եք նրան փառքի գագաթին հասնելու։ Դուք աշխատում եք նրա համար։ Նա իբրև մակաբույծ սնվում է ձեր ուղեղի գործունեությամբ, նա ձեր գլխից պատրաստել է ստեղծագործական մտքի մի ակումուլյատոր և փող ու փառք է աշխատում դրանով։ Իսկ դուք... Նա ձեզ ի՞նչ է տալիս։ Ինչի՞ է նման ձեր կյանքը։ Դուք զրկված եք ամեն բանից։ Դուք անպետք կոճղակտոր եք, որի մեջ, ի դժբախտություն ձեզ, դեռևս ցանկությունէեեր են ապրում։ Կերնը խլել է ձեզանից ամբողջ աշխարհը։ Ներեցեք ինձ, բայց ես ձեզ չեմ հասկանում։ Եվ մի՞թե դուք հնազանդորեն, անտրտունջ աշխատում եք նրա համար։
 
Գլուխը ժպտաց տխուր։
 
— Գլխի խռովությո՞ւն։ Սա էֆեկտավոր բան է։ Իսկ ի՞նչ կարող եմ ես անել։ Չէ որ ես զրկված եմ նույնիսկ մարդկային վերջին հնարավորությունից — ինքնասպանություն կատարելուց։
 
— Սակայն դուք կարող եք հրաժարվել նրա հետ աշխատելուց։
 
— Եթե ուզում եք, ես այդ բանը արել եմ։ Սակայն իմ խռովությունը նրանից չէ, որ Կերնն օգտվում է իմ մտածողության ապարատից։ Վերջ ի վերջո ի՞նչ նշանակություն ունի հեղինակի անունը։ Կարևոր է, որ գաղափարր տարածվի աշխարհում և իր գործը կատարի։ Ես ապստամբեցի միայն նրա համար, որ ծանր էր ընտելանալ իմ նոր գոյությանը։ Ես մահը գերադասեցի կյանքից...
 
Ես ձեզ կպատմեմ մի դեպք, որ տեղի է ունեցել ինձ հետ այն ժամանակ։ Մի անգամ ես լաբորատորիայում մենակ էի, հանկարծ պատուհանից ներս թռավ մի մեծ սև բզեզ։ Որտեղի՞ց նա կարող էր երևան գալ վիթխարի քաղաքի կենտրոնում։ Չգիտեմ։ Գուցե նրան բերել էր մերձքաղաքային ուղևորությունից վերադարձած ավտոմեքենան։ Բզեզը պտտվեց իմ վերևում և նստեց փոքրիկ սեղանի ապակյա տախտակի վրա։ Ես շուռ տվի աչքերս և սկսեցի հետևել այդ զզվելի միջատին, հնարավորություն չունենալով դեն գցել։ Բզեզի ոտքերը սահելով անցան ապակու վրայով, և նա խշխշացնելով հոդերը, դանդաղորեն մոտեցավ իմ գլխին։ Չգիտեմ, կհասկանա՞ք արդյոք դուք ինձ... ես միշտ այդպիսի միջատների նկատմամբ ինչ֊որ առանձնահատուկ զզվանք եմ զգացել։ Ես երբեք չեմ կարողացել ստիպել ինձ մատներով դիպչել նրան։ Եվ ահա ես անզոր էի նույնիսկ այդպիսի չնչին թշնամու հանդեպ։ Իսկ նրա համար իմ գլուխը միմիայն հարմար տրամպլին էր թռիչք կատարելու համար։ Եվ նա շարունակում էր դանդաղորեն մոտենալ խշխշացնելով իր ոտքերը։ Մի փոքր ճիգ թափելուց հետո նրան հաջողվեց կպչել մորուքիս մազերին։ Նա խճճվելով մազերիս մեջ, երկար թպրտաց, սակայն համառորեն վեր էր բարձրանում։ Այսպես նա սողաց սեղմված շրթունքներիս վրայով, քթիս ձախ կողմով, փակված ձախ աչքիս վրայով, մինչև որ վերջաւղես հասավ ճակատիս, ընկավ ապակու վրա, իսկ այն տեղից էլ հատակին։ Մի դատարկ դեպք։ Սակայն այս բանը ցնցող տպավորություն թողեց ինձ վրա... Եվ երբ ներս մտավ պրոֆեսոր Կերնը, ես կտրականապես հրաժարվեցի նրա հետ գիտական աշխատանքներ կատարելուց։ Ես գիտեի, որ նա չի հանդգնի հրապարակորեն ցուցադրել իմ գլուխը, իսկ առանց օգուտի էլ, նա իր մոտ չի պահի այն։ Չէ՞ որ նա կարող է որպես հանցանշան հանդես գալ իր դեմ։ Եվ նա կսպանի ինձ։ Այսպես էի մտածում ես։ Մեր մեջ պայքար սկսվեց։ Նա դիմեց բավական դաժան միջոցների։
 
Մի անգամ, ուշ երեկոյան, նա ինձ մոտ եկավ էլեկտրական ապարատով և քունքերիս վրա դրեց էլեկտրոդները և դեռևս բաց չթողնելով հոսանքը — խոսեց ինձ հետ։ Նա կանգնած էր ձեռքերը կրծքին խաչած և խոսում էր չափազանց փաղաքշական, մեղմ տոնով, ինչպես իսկական ինկվիզիտոր։
 
— Թանկագին պաշտոնակից,— սկսեց նա։— Մենք այստեղ մենակ ենք, դեմառդեմ, քարե հաստ պատերի ներսում։ Սակայն եթե նույնիսկ պատերը բարակ լինեին, այդ բանը չէր փոխի գործի դրությունը, որովհետև դուք չեք կարող բղավել։ Դուք լիովին իմ իշխանության տակ եք։ Ես կարող եմ ձեզ ամենասոսկալի տանջանքների ենթարկել և անպատիժ մնալ։ Բայց ինչի՞ համար են տանջանքները. երկուսս էլ գիտնականներ ենք և կարող ենք իրար հասկանալ։ Ես գիտեմ, որ ձեր կյանքը դժվար է, սակայն դրանում ես մեղք չունեմ։ Դուք ինձ հարկավոր եք, և ես չեմ կարող ձեզ ազատել ծանր կյանքից, իսկ դուք ի վիճակի չեք փախչել ինձանից նույնիսկ մահվան գիրկը։ Ուրեմն ավելի լավ չի՞ խաղաղությամբ վերջացն ենք գործը։ Դուք կշարունակեք ձեր գիտական պարապմունքները...»։ Ես բացասաբար շարժեցի հոնքերս, և իմ շրթունքներն անաղմուկ շշնջացին — «ո՛չ»։
 
«Դուք շատ եք վշտացնում ինձ։ Գլանակ չե՞ք ուզում։ Ես գիտեմ, որ դուք չեք կարող լիակատար բավականություն զգալ, քանի որ թոքեր չունեք, որով նիկոտինը կարողանա թափանցել արյան մեջ, բայց և այնպես ծանոթ զգացումներ...»։ Եվ նա պորտսիգարից հանելով երկու գլանակ, մեկը ինքը ծխեց, իսկ մյուսը կոխեց իմ բերանը։ Ինչպիսի հաճույքով ես կթքեի այդ պապիրոսի վրա։ «Դե՛, լա՛վ, պաշտոնակից,— ասաց նա նույնպիսի փաղաքշական, անխռով ձայնով,— դուք ստիպում եք ինձ դիմելու ներգործության միջոցների...»։
 
Այն ժամանակ նա բաց թողեց էլեկտրական հոսանքը։ Կարծես թե մի շիկացած գայլիկոն ծակեց իմ ուղեղը...
 
— Դուք ինչպե՞ս եք զգում ձեզ,— հոգատարությամբ, հարցրեց նա ինձ, ինչպես բժիշկն է հարցնում բուժվողին։ — Գլուխդ ցավո՞ւմ է։ Թերևս դուք ուզում եք բժշկել այն. դրա համար արժե միայն...
 
«Ոչ»,— պատասխանում էին իմ շրթունքները։
 
— Շա՜տ, շա՜տ ափսոս։ Ստիպված պետք է մի փոքր ուժեղացնել հոսանքը։ Դուք շատ եք վշտացնում ինձ,— և նա բաց թողեց այնպիսի ուժեղ հոսանք, որ ինձ թվաց, թե իմ գլուխը բոցավառվելու է։ Ցավն անտանելի էր։ Ես կըրճտացրի ատամներս։ Գիտակցությունս պղտորվեց։ Ինչպե՜ս էի ուզում կորցնել այն։ Բայց, դժբախտաբար, չէի կարողանում։ Ես միայն փակեցի աչքերս և սեղմեցի շրթունքներս։ Կերնը ծխում էր և ծուխը բաց թողնելով երեսիս, շարունակում էր կրակով խորովել իմ գլուխը։ Նա այլևս չէր համոզում ինձ։ Եվ երբ բացեցի աչքերս, տեսա, որ նա կատաղած էր իմ համառությունից։
 
— Սատանան տանի՛. եթե ձեր ուղեղն ինձ հարկավոր չլիներ, ես կտապակեի այն և այսօր ևեթ դրանով կկերակրեի իմ շանը։ Թո՛ւ, կամակոր,— և առանց ցերեմոնիայի իմ գլխից պոկելով էլեկտրալարը, հեռացավ։ Սակայն դեռևս վաղ էր իմ ուրախությունը։
 
Շուտով նա վերադարձավ և սկսել գլուխն սնող լուծույթի մեջ գրգռիչ նյութեր լցնել, որոնք ինձ սոսկալի ցավեր էին պատճառում։ Ես ակամա կնճռոտեցի դեմքս, իսկ նա հարցրեց ինձ.
 
— Ուրեմն ինչպե՞ս, պաշտոնակից, դուք չվճռեցի՞ք։ Դեռևս ո՞չ։
 
Ես անդրդվելի էի։
 
Նա դուրս եկավ էլ ավելի կատաղած, հազար անեծքներ թափելով ինձ վրա։ Ես տոնում էի հաղթանակս։
 
Կերնը մի քանի օր լաբորատորիա չէր գալիս, և օրեցօր ես սպասում էի փրկարար մահվան։
 
Հինգերորդ օրը նա ներս մտավ, կարծես թե բան չէր եղել, նա ուրախ էր և երգ էր սուլում։
 
Չնայելով ինձ վրա, նա սկսեց շարունակել աշխատանքը, երկու կամ երեք օր ես հետևում էի նրան, չմասնակցելով այդ աշխատանքներին։ Սակայն աշխատանքը չէր կարող չհետաքրրքրել ինձ։ Եվ երբ նա փորձեր կատարելիս մի քանի սխալներ կատարեց, որոնք կարող էին խորտակել մեր բոլոր աշխատանքների արդյունքները, ես չհամբերեցի և նրան նշան արի։
 
— Վաղուց պետք է անեիք,— ասաց նա գոհ ժպիտով և օդ բաց թողեց իմ կոկորդի մեջ։ Ես բացատրեցի սխալները և մինչև օրս շարունակվում եմ ղեկավարել աշխատանքր... Նա խորամանկությամբ գերազանցեց ինձ։
 
 
==Մեծ քաղաքի զոհերը ==
Վստահելի
1318
edits