Changes
/* Գլուխ XVIII */
Այ թե հետաքրքրական տիպ էր այդ փերի Մորգանը։ Կյանքումս շատ կանայք էի տեսել, ամենատարբեր տիպի ու տեսակի, բայց նա բոլորովին ուրիշ էր։ Եվ որքա՜ն բնութագրական էր այս դեպքը նրա համար։ Լուսանկարչությունից նա ավելի չէր հասկանում, քան ձին, բայց չհասկանալով հանդերձ, նրա համար խիստ բնորոշ էր փորձել այդ գործը անել կացնի օգնությամբ։
==Գլուխ XIX==
Թափառական ասպետությունը որպես արհեստ
Հաջորդ օրվա վառ, շողշողուն առավոտյան ես ու Սենդին նորից ճանապարհ ընկանք։ Որքան լավ էր շնչել ամբողջ կրծքով, թոքերի մեջ առնել օրհնյալ, մաքուր, ցողաշունչ, անտառաբույր օդի ամբողջ տակառներ, այն երկու օր ու երկու գիշերից հետո, որ մենք անցկացրինք հնամենի հավկուլի բնի անտանելի գարշահոտության մեջ, որտեղ մենք հոգեպես և մարմնապես շնչահեղձ էինք լինում։ Ես, իհարկե, նկատի ունեմ միայն ինձ։ Սենդին իր ամբողջ կյանքը անց էր կացրել բարձրաշխարհիկ ոլորտներում և իրեն միանգամայն լավ էր զգում այդ ամրոցում։
Խե՜ղճ աղջիկ։ Նրա լեզուն ստիպողական հանգիստ ունեցավ այնտեղ, և ես ակնկալում էի, որ այդ հանգստի բոլոր հետևանքները իմ գլխին են թափվելու։ Ես իրավացի էի․ բայց նա այնքան շատ էր փրկել ինձ և օգտակար եղել ամրոցում իր վիթխարի ապուշությամբ, որը, ի դեպ, ավելին արժեր, քան ցանկացածդ իմաստությունը, որ ես որոշեցի թույլ տալ նրան գործի դնելու իր հողմաղացը։ Եվ նույնիսկ չցնցվեցի, երբ նա սկսեց․
― ․․․Այժմ դառնանք սըր Մարհաուզին, որը հարավ գնաց երեսուն ձմեռ բոլորած օրիորդի հետ։
― Դու կարծում ես, որ այդ պատմությունը քեզ կօգնի՞ այն կովբոյների հետքերը գտնելու, այո՞, Սենդի։
― Անշուշտ, ազնվափայլ միրլորդ։
― Դե, շարունակիր, ուրեմն։ Ես չեմ ընդմիջի, եթե իհարկե, կարողանամ համբերել։ Սկսիր սկզբից, համարձակորեն զոռ տուր սմբակներդ, ես էլ կլցնեմ ծխամորճս ու ուշադիր ականջ կդնեմ։
― ․․․Այժմ դառնանք սըր Մարհաուզին, որը հարավ գնաց երեսուն ձմեռ բոլորած օրիորդի հետ։ Նրանք մտան մի թավ անտառ և անտառում գիշերը վրա հասավ, ու խորունկ ձորակի հատակով գնացին դեպի Հարավային Ճահճուտի հերցոգի ամրոցը և խնդրեցին թույլ տալ գիշերել։ Առավոտյան հերցոգը մարդ ուղարկեց սըր Մարհաուզի մոտ իմաց տալու համար, որպեսզի պատրաստվի, և սըր Մարհաուզը վեր կացավ, զրահները հագավ, պատարագ ունկնդրեց ու ամրոցի բակում, որտեղ մարտը պիտի տեղի ունենար, ձի հեծավ։ Հերցոգը, զրահավորված, արդեն սպասում էր և նրա հետ սպասում էին իր վեց որդիները նիզակները ձեռքներին, և նրանք իրար վրա նետվեցին․ հերցոգն ու երկու որդին ջարդեցին իրենց նիզակները սըր Մարհաուզի վրա, բայց սըր Մարհաուզը նիզակը բռնել էր սայրով դեպի վեր ու նրանցից ոչ մեկին ձեռք չտվեց, և այդ ժամանակ նրա վրա զույգ֊զույգ նետվեցին մնացած չորս որդիները, և սկզբում մի զույգը կոտրեց իր նիզակները, հետո էլ մյուս զույգը։ Բայց սըր Մարհաուզը սրանց էլ ձեռք չտվեց։ Նա ձին քշեց դեպի հերցոգը, հարվածեց իր նիզակով և հերցոգը գետնին գլորվեց, հետո Մարհաուզը գետնին գլորեց նրա վեց որդիներին, այդ ժամանակ սըր Մարհաուզը իջավ ձիուց և պահանջեց, որպեսզի հերցոգը հնազանդվեր, այլապես ինքը կսպաներ նրան։ Մինչ այդ հերցոգի որդիներից ոմանք ուշքի եկան և նորից ուզեցին հարձակվել սըր Մարհաուզի վրա, այդ ժամանակ սըր Մարհաուզը ասաց հերցոգին․ «Հրաման տուր որդիներիդ դադարեն, այլապես բոլորիդ կսպանեմ», և երբ հերցոգը տեսավ, որ մահից խույս չի կարող տալ, գոռաց իր որդիների վրա և ստիպեց հնազանդվել սըր Մարհաուզին, և նրանք ծունկի իջան ու իրենց սրերի կոթերը մեկնեցին ասպետին, իսկ ասպետը ընդունեց դրանք, և նրանք օգնեցին իրենց հորը ոտքի կանգնելու, և բոլորով ուխտեցին սըր Մարհաուզի առաջ՝ երբեք զենք չվերցնել Արթուր թագավորի դեմ և առաջիկա Հոգեգալուստի օրը ներկայանալ արքունիք ու հանձնվել թագավորի ողորմածությանը․․․ Ահա այսպես էր բանը, ազնվափայլ սըր Տնօրեն և այժմ դու, իհարկե, արդեն կռահեցիր, որ հերցոգն ու նրա վեց որդիները ճիշտ նույն ասպետներն են, որոնց դու մի քանի օր առաջ հաղթեցիր և նույնպես արքունիք ճամփեցիր։
― Չի՛ կարող պատահել, Սենդի՛, ի՞նչ ես ասում։
― Եթե սուտ եմ ասում, թող այդ սուտը բռնի ինձ։
― Լավ, լավ, լավ․․․ Բայց ո՞վ կարող էր մտածել։ Մի ամբողջ հերցոգ և վեց հերցոգիկներ։ Էհ, Սենդի, կարծես վատ որս չէր։ Թափառական ասպետությունը անիմաստ ու հոգնեցուցիչ արհեստ է, բայց այժմ ես սկսում եմ հավատալ, որ եթե մարդու բախտը ժպտա, դրանից լավ փող կարելի է շահել։ Ո՛չ, չկարծես, թե ես ուզում եմ այդ արհեստով զբաղվել, ո՛չ։ Ոչ մի ամուր և ազնիվ ձեռնարկ չի կարող հիմնվել սպեկուլայցիայի վրա։ Ի՞նչ կմնա թափառական ասպետի հաջողակ բախտից, եթե դեն նետենք բոլոր հիմարություններն ու վերցնենք միայն սառը փաստերը։ Ասպետի հաջողակ բախտը նույնն է, ինչ խոզի մսի վաճառականի բախտը․․․ Դու իհարկե կհարստանաս․․․ կհարստանաս հանկարծակի, մի օրով, գուցե և մի շաբաթով, իսկ հետո էլ ուրիշ որևէ մեկը շուկան կողողի խոզի մսով, և քո ամբողջ առևտրից հետք չի մնա։ Այդպես չէ՞, Սենդի։
― Իմ միտքը չի հասնում քո խելքի ետևից, և ամենապարզ բառերն անգամ ինձ երկար ու խորթ են թվում․․․
― Պատեպատ ընկնելու հարկ չկա, Սենդի։ Ինչպես ասացի, այդպես էլ կա։ Ես գիտեմ, որ այդպես է։ Ավելին կասեմ, եթե ինչպես պետք է քննենք հարցը, ապա թափառական ասպետությունը խոզավաճառությունից վատ է, քանի որ ձախողության դեպքում խոզի միսը, այնուամենայնիվ, կմնա և մեկն ու մեկը այն կուտի։ Իսկ ի՞նչ գույք կմնա թափառական ասպետներից, երբ շուկայում նրանք այլևս անպետք լինեն։ Կոտրատված մարմինների կույտ և երկու սայլ երկաթի ջարդոն։ Մի՞թե սա կարելի է գույք կոչել։ Ոչ, ես խոզի միսն եմ նախընտրում։ Ճիշտ չե՞մ ես, Սենդի։
― Օհ, երևի իմ գլուխը վնասվել է վերջին ժամանակներս մեր տեսած ու կրած դեպքերից ու արկածներից, և ոչ միայն գլուխը, այլ մեզնից ամեն մեկի գլուխը երևի․․․
― Ոչ, քո գլուխը այստեղ մեղք չունի, Սենդի։ Իրեն վերաբերող հարցերում քո գլուխը միշտ իր տեղում է, բայց գործնական ձեռնարկումներից դու ոչինչ չես հասկանում, ահա թե որն է վատը։ Դու ուզում ես վիճել գործնական ձեռնարկումների մասին և միշտ վրիպում ես։ Բայց, թողնենք այս զրույցը։ Մեր արած որսը լավ է, այդպիսի որսով անհարմար չի լինի Արթուր թագավորի արքունիքում երևալ։ Ի դեպ, կովբոյի մասին։ Ի՞նչ զարմանալի երկիր է սա։ Այստեղի կանայք ու տղամարդիկ չեն ծերանում։ Այ, օրինակ, փերի Մորգանը։ Արտաքինից նա ջահել է, ինչպես Վասսարի հավանոցների ճուտիկը։ Կամ էլ այդ ծերուկ Հարավային Ճահճուտի հերցոգը։ Նա մինչև օրս սուր է ճոճում կամ նիզակ և այն էլ իր տարիքում ու այդքան բազմանդամ ընտանիքով բեռնավորված։ Որքան ես հասկացա, սըր Գոուենը ապանել է նրա յոթ որդիներին, և նա դեռ վեց որդի է թողել սըր Մարհաուզի ու ինձ համար, որպեսզի նրանց գերեվարենք։ Կամ էլ վերցնենք այդ վաթսուն ձմեռ բոլորած օրիորդին, որը չնայած գերեզմանային սառնությամբ պարուրված իր զառամյալ տարիքին, դեռ չափչփում է աշխարհը․․․ Իսկ դու քանի՞ տարեկան ես, Սենդի։
Առաջին անգամ էր, որ նա ինձ չպատասխանեց։ Ըստ երևույթին հողմաղացը նորոգման համար էր կանգնել։
==Գլուխ XX==
Մարդակերի ամրոցը
Առավոտյան ժամը վեցից մինչև ինը մենք կտրեցինք տասը մղոն։ Դա բավականին շատ էր ձիու համար, որը եռակի բեռ էր տանում՝ տղամարդ, կին և երկաթյա զրահներ։ Հետո մենք տևական հանգիստ առանք ջինջ առվակի ափին ծառերի ստվերում։
Հանկարծ տեսանք մի հեծյալ ասպետի, որը դանդաղ մոտենում էր մեզ։ Նա դառնորեն գանգատվում էր իր չար բախտից, և նրա խոսքերին ականջ դնելով ես հասկացա, որ հայհոյում է վերջին բառերով։ Այնուամենայնիվ, շատ ուրախացա նրա հայտնվելու առթիվ, որովհետև այդ ասպետի կրծքից կախված էր ոսկետառ փայլփլուն ազդ պարունակող մի տախտակ․
:::::<b>Օգտագործեք Պետերսի պրոֆիլակտիկ</b>
:::::<b>ատամի խոզանակները։ Վերջին նորույթ։</b>
Նրա հայտնվելը ուրախացրեց ինձ, որովհետև այդ նշանից ես ճանաչեցի, որ նա իմ ասպետներից մեկն է։ Դա սըր Մեդոկ դե լա Մոնտենն էր, մի հաղթանդամ տղա, և հռչակվել էր այն բանով, որ մի անգամ քիչ էր մնացել ձիուց վար նետի սըր Լանսելոտին։ Նա երբեք առիթ չէր փախցնում որևէ անծանոթի ներկայությամբ պատմելու այդ մեծ իրողությունը։ Բայց նրա կյանքում մի ուրիշ, համարյա նույնքան մեծ իրողություն էր եղել, որի մասին երբեք սեր չուներ պատմելու, եթե հատուկ չէին հարցնում, բայց և չէր էլ հերքում։ Այդ երկրորդ իրողության էությունը այն է, որ նրան չէր հաջողվել ձիուց վար նետել Լանսելոտին միայն այն պատճառով, որ ինքը՝ սըր Լանսելոտն էր նրան վար նետել։ Այդ միամիտ մեծամարմին խեղճ ու կրակը որևէ մասնավոր տարբերություն չէր տեսնում հիշյալ երկու իրողությունների միջև։ Ես հավանում էի նրան, որովհետև նա արժեքավոր էր և բարեխիղճ՝ իր աշխատանքի մեջ։ Հաճելի էր նայել նրա լայն ուսերին, փետրազարդ առյուծատիպ գլխին, նրա վահանին, որ տարօրինակ զինանշան էր կրում՝ ատամի խոզանակ բռնած երկաթյա ձեռնոցով մի ձեռք և նշանաբան՝ «Նոյդոնտ փորձեք»։ Նոյդոնտ էր կոչվում իմ վաճառքի հանած ատամի մածուկը։
Նա ասաց, որ շատ հոգնած է, իսկապես, տեսքը այդպիսին էր, բայց ձիուց իջնել չցանկացավ։ Նա բացատրեց, որ հետապնդում է վառարանների փայլեցուցիչ տարածող մարդուն։ Եվ մտաբերելով այդ մարդուն, նա նորից սկսեց անխնա հայհոյել։ Խոսքը գնում էր սըր Օզես Սուրլուզացու, մի խիզախ ասպետի մասին, որը հռչակ էր վաստակել մի անգամ մրցախաղում մարտնչելով ոչ ուրիշ մեկի հետ, քան հենց իր՝ սըր Գահերիսի հետ, թեպետ բոլորովին էլ ոչ հաջող։ Նա ուրախ և կատակաբան տղա էր և նրա համար աշխարհումս լուրջ բան չկար։ Այդ հատկանիշն էլ ինձ մղեց նրան հանձնարարելու վառարանի փայլեցուցիչի պրոպագանդը։ Ճիշտ է, դեռ երկաթյա վառարաններ չկային, դրա համար էլ վառարանի փայլեցուցիչի մասին որևէ լուրջ բան ասել հնարավոր չէր։ Այդպիսի գործակալից միայն մի բան էր պահանջվում՝ զգուշությամբ և աստիճանաբար հասարակությանը նախապատրաստել մեծ փոփոխություններին, որպեսզի այն պահին, երբ բեմի վրա հայտնվեն երկաթյա վառարանները, հասարակությունը հասկանա դրանք մաքուր պահելու անհրաժեշտությունը։
Սըր Մեդոկը շատ էր բարկացած և կատաղի հայհոյանքներ էր տեղում։ Նա ասաց, որ գիտակցում է, թե այդ հայհոյանքները իր հոգին դժոխքի դուռը կհասցնեն, բայց այնուամենայնիվ, չէր ուզում իջնել ձիուց, չէր ուզում հանգստանալ, չէր ուզում որևէ մխիթարակն խոսք լսել, մինչև որ չգտներ սըր Օսեզին ու իր հաշիվները չմաքրեր։ Նրա անկապ խոսքերից պարզվեց, որ առավոտյան պատահամամբ հանդիպել է սըր Օսեզին և նա սրան ասել է, թե եթե սա ուղիղ կտրի անցնի լեռներն ու հովիտները, դաշտերն ու ճահիճները, կհասնի մի խումբ ճանապարհորդների, որոնք, անկասկած, կգնեն նրա ամբողջ ատամի մածուկը ու բոլոր խոզանակները։ Սըր Մեդոկը իրեն հատուկ ջանասիրությամբ անմիջապես բռնել է ցույց տված ճանապարհը և երեքժամյա տառապալի վարգից հետո հասել իր զոհերին։ Եվ ի՞նչ է պարզվել։ Դրանք այն հինգ զառամյալ կալանավորներն են եղել, որոնց մի օր առաջ արձակել էի զնդանից։ Խեղճ արարածներ, նրանց վերջին ատամները թափվել էին զնդանում քսան տարի առաջ և նույնիսկ արմատները չէին մնացել։
― Ես նրան փոշի կդարձնեմ, ― ասաց սըր Մեդոկը։ ― Ապա թող մի գտնեմ, ես նրանից վառարանի փայլեցուցիչ կսարքեմ։ Եթե իմ նկատմամբ այդ Օսեզից էլ փայլուն որևէ ասպետ նման ստորություն անի, ապա ես չեմ լինի, եթե նրա գլուխը իր ուսերի վրա մնա։ Միայն թե ձեռքս ընկնի։ Այսօր ես մեծ երդում եմ տվել վրժխնդիր լինել։
Այս և շատ ուրիշ բառերից հետո, նա թափահարեց իր տեգն ու քշեց ձին։ Իսկ երեկոյան դեմ, մի փոքրիկ խղճուկ գյուղում, արդեն ինքներս հանդիպեցինք այն զառամյալ ծերունիներից մեկին։ Նա տաքանում էր հարազատների և բարեկամների սիրող սրտերից հոսող ջերմության մեջ։ Ահա արդեն հիսուն տարի էր, ինչ նրանք չէին տեսել միմյանց։ Նրան էին հպվում, փայփայում իր սեփական մարմնից սերած սերունդները, որոնց նա երբեք չէր տեսել։ Եվ նրա համար բոլորը, բոլորը օտարներ էին, նրա հիշողությունը ցրվել էր, միտքը՝ մարել։ Պարզապես անհավանական էր թվում, որ մարդը կարող է կես դար առնետի նման նստել թանձրախավար որջի մեջ, բայց նրա պառավն ու զառամյալ ընկերները վկայեցին, որ դա այդպես է։ Նրանք հիշում էին, թե ինչպես նա, ջահել, առողջ մի տղամարդ, համբուրել էր իր դստրիկին, հանձնել մորը և հեռացել մոռացության խավարը։ Ամրոցի մարդիկ չկարողացան ասել, թե քանի տարի է նստել այդ մարդը մի ինչ֊որ վաղուց հիշողությունից ջնջված մեղքի համար։ Բայց պառավը գիտեր, գիտեր և նրա պառավ դուստրը, որը կանգնած էր այնտեղ իր ամուսնացած տղաներով ու աղջիկներով շրջապատված, և ագահությամբ նայում էր հորը, որը ամբողջ կյանքում իր համար միայն անուն է եղել, գաղափար, անմարմին պատկեր, ավանդություն, իսկ այժմ անսպասելիորեն մարմին է առել ու հայտնվել իր առջև։
Պարագան շատ հետաքրքիր էր, բայց, այնուամենայնիվ, դա չէր պատճառը, որ ես գրի առա այն, այլ մի ուրիշ, իմ կարծիքով, առավել հետաքրքիր բան։ Նույնիսկ այդպիսի ահավոր իրողությունը այդ ոտնատակ տրված մարդկանց մեջ իրենց ճնշողների նկատմամբ զայրույթի ոչ մի կայծ առաջ չբերեց։ Նրանք այնքան տևական ժամանակ են առարկա եղել անսահման դաժանությունների ու վիրավորանքների, որ նրանց ոչինչ չէր կարող զարմացնել, գուցե միայն բարությունը։ Այդ մարդիկ միանգամայն ընտելացել էին հնազանդությանը, համբերությանը, անշշուկ խոնարհությանը այն ամենի առջև, ինչ կյանքի ընթացքում թափվում էր նրանց գլխին։ Նույնիսկ նրանց երևակայությունը մեռած էր։ Իսկ երբ մարդու երևակայությունը մեռած է, ուրեմն նա արդեն հասել է հատակին և այլևս ավելի խոր գնալու տեղ չունի։
Ես ափսոսացի, որ այդ ճանապարհով էի գնացել։ Տպավորությունները բնավ հաճելի չէին պետական գործիչի համար, որը, իր մտքում խաղաղ հեղաշրջում էր ծրագրում։ Այդ տպավորությունները ապացուցում էին անվիճարկելի այն ճշմարտությունը, թե, որքան էլ լեզու թափեն բարեմիտ փիլիսոփաները, ջանալով հակառակն ապացուցել, աշխարհումս դեռ ոչ մի ժողովուրդ իր ազատությունը ձեռք չի բերել հաճելի զրույցներով ու բարոյական փաստարկներով և, թե անդրդվելի օրենք է, որ բոլոր հաղթական հեղափոխությունները սկսվում են արյունով, ինչ էլ որ ասելու լինեն հետագայում։ Եթե պատմությունը որևէ բան ուսուցանում է, ապա ուսուցանում է հենց այդ։ Հետևաբար այս ժողովուրդը կարիք ուներ տեռորի թագավորության և գիլյոտինի, իսկ ես, այդ դեպքում, նրանց համար պիտանի չէի։
Երկու օր հետո, կեսօրին մոտ, Սենդին սկսեց դրսևորել հուզմունքի և տենդագին սպասումի նշաններ։ Նա ասաց, որ մոտենում ենք մարդակերի ամրոցին։ Ես զարմացա, և խոստովանում եմ, տհաճ ցնցում ունեցա։ Մեր ճանապարհորդության նպատակը աստիճանաբար դուրս էր մնացել իմ գիտակցությունից և այժմ, երբ ինձ հանկարծ հիշեցրին այդ մասին, մի պահ թվաց, թե դա իրական բան է ու շատ մոտիկ, և ներսս հետաքրքրասիրությունը սկսեց գլուխ բարձրացնել։ Սենդիի հուզմունքը անընդհատ աճում էր, ես էլ էի հուզվում, քանի որ հուզմունքը վարակիչ բան է։ Սիրտս սկսեց տրոփել։ Սրտի հետ հո վիճել չես կարող․ նա կարող է տրոփել նաև այնպիսի պատճառներից, որոնց բանականությունդ արհամարհում է։ Երբ Սենդին, խնդրելով ինձ կանգ առնել, ցած սահեց ձիու գավակից և կուզեկուզ գնաց դեպի զառիթափի եզրին աճող թփերը, սիրտս սկսեց ավելի ուժեղ և արագ տրոփել։ Տրոփյունը չդադարեց նաև այն ժամանակ, երբ Սենդին, թփերի մեջ թաքնված, ուշադիր դիտում էր առջևը տարածվող ընդարձակությունը՝ հովտից այն կողմ և, երբ ես ծնկաչոք մոտ սողացի նրան։ Նրա աչքերը այրվում էին, մատը տնկելով դեպի հեռուն, նա, շնչահեղձ լինելով, շշնջաց․
― Ամրո՜ցը, ամրո՜ցը։ Տե՛ս։ Ահա՛ նա։
Օ՜, ինչ հաճելի հուսախաբություն։ Ես ասացի․
― Ամրո՞ցը։ Բայց չէ՞ որ դա խոզանոց է։ Հյուսածո ցանկապատով շրջափակված խոզանոց։
Սենդին ինձ նայեց զարմացած և վշտացած։ Նոթերը կիտվեցին, ոգևորությունը չքվեց նրա դեմքից և երկար միջոց նա սուզվեց մտքերի մեջ ու լուռ մնաց։ Վերջապես․
― Նախկինում այն կախարդված չէր, ― ասաց նա, կարծես լսելի խորհրդածելով։ ― Ի՜նչ տարօրինակ, ի՜նչ ահավոր հրաշք է սա․ ոմանց աչքերին ամրոցը կախարդությամբ մի ստոր ու ամոթալի երևույթ է՝ անփոփոխ, հզոր, գեղեցիկ․ կանգնած է իրեն շրջապատող խորունկ խանդակի կենտրոնում, ծածանում է դրոշները, երկնքի կապույտի մեջ մխրճված աշտարակի վրա։ Պահապան եղիր մեզ, տեր աստված։ Սիրտս մղկտում է այն մտքից, թե շուտով նորից կտեսնեմ գեղանի կալանավորուհիներին, թե վիշտը էլ ավելի է խորացել նրանց քաղցրիկ դեմքերի վրա։ Մենք շատ ուշ ենք հասել, և արժանի ենք պարսավանքի։
Ես գլխի ընկա, թե ինչ պետք է ասեմ։ Ամրոցը կախարդված է ինձ համար, և ոչ նրա։ Վիճել, համոզել նրան, ժամավաճառություն կնշանակեր։ Մնում էր միայն համաձայնել, և ես ասացի․
― Դա հաճախ է պատահում․ միևնույն բանը մի աչքի համար կախարդված է, ուրիշ աչքի համար՝ ոչ։ Դու, իհարկե, լսել ես նման դեպքերի մասին, Սենդի, թեպետ հանդիպելու առիթ չես ունեցել։ Բայց վնաս չունի։ Ճիշտն ասած, այսպես նույնիսկ ավելի լավ է։ Եթե այդ տիկինները խոզեր լինեին բոլորի աչքում և իրենց աչքում, ապա անհրաժեշտ կլիներ փարատել կախարդանքները, իսկ դա անհնարին է առանց իմանալու, թե ինչ միջոցներով է կախարդանքը գլուխ եկել։ Եվ վտանգավոր էլ է, որովհետև, եթե առանց ստույգ բանալին ունենալու փորձես փարատել կախարդանքը, կարող ես սխալվել և խոզերին շների փոխակերպել, շներին՝ կատուների, կատուներին՝ առնետների և այլն, և այլն, մինչև որ վերջապես սպառես հումքդ, կամ, ավելի ճիշտ, մինչև որ այն չվերածվի անգույն ու անհոտ գազի, որը, վերջին հաշվով նույն բանն է։ Բայց, բարեբախտաբար, նրանք կախարդված են միայն ինձ համար և կախարդանքը փարատելու կարիք չի լինի։ Այդ տիկինները տիկիններ են մնացել քեզ համար, իրենց համար, մնացած բոլորի համար, իսկ իմ մոլորությունից նրանց վնաս չի հասնի, քանի որ ես, խոզ տեսնելով, բայց իմանալով, որ այդ խոզը իրականում տիկին է, նրա հետ կվարվեմ այնպես, ինչպես ազնվազարմ տիկնոջ հետ։
― Օ՜, շնորհակալություն, իմ քաղցր լորդ, դու խոսում ես հրեշտակի նման։ Եվ ես գիտեմ, որ դու կազատես նրանց, քանզի դու հզոր ու խիզախ ասպետ ես, որի հետ աշխարհիս երեսին ապրող ոչ մի ասպետ չափվել չի կարող։
― Ես չեմ թողնի արքայադստերը խոզանոցի մեջ, Սենդի։ Բայց ասա ինձ, ովքե՞ր են այդ երեք մարդիկ, որոնք իմ կուրացած հայացքին թվում են թշվառ խոզարածներ․․․
― Մարդակերնե՞րը․․․ Ուրեմն նրա՞նք էլ են փոխակերպված։ Զարմանալի է։ Այժմ ես երկյուղ ունեմ, քանզի ինչպե՞ս դու կարող ես հասցնել քո հարվածները, երբ նրանց հասակը կազմող ինը արմունկից հինգը քեզ համար անտեսանելի են։ Օհ, զգույշ եղիր, ազնվափայլ սըր, սա առավել վտանգավոր արկած է, քան ես ենթադրում էի։
― Մի անհանգստանա, Սենդի։ Ինձ համար բավական է իմանալ, թե մարդակերի մարմնի որքան մասն է անտեսանելի և ես առանց դժվարության կիմանամ, թե որտեղ են նրա կենսական գործարանները։ Մի վախենա։ Ես կարճ կկապեմ գործս այդ ստահակների հետ։ Սպասիր ինձ այստեղ։
Ես թողեցի Սենդիին ծնկաչոք, մեռելագույն դեմքով, բայց խիզախությամբ ու հույսով լեցուն սրտով, ձին քշեցի ցած, դեպի խոզանոցը և առուտուր սկսեցի խոզարածների հետ։ Նրանք երախտապարտությամբ վաճառեցին ինձ իրենց բոլոր խոզերը միանգամից։ Ես նրանց վճարեցի տասնվեց պենս, որը շուկայական գնից զգալիորեն բարձր վարձատրություն էր։ Հայտնվել էի այստեղ շատ ի դեպ, քանի որ վաղվա օրը նրանք հյուր էին սպասում եկեղեցուն, լորդին և հարկահավաքին, որոնք, անկասկած, խոզարածներին առանց խոզերի կձգեին, իսկ Սենդիին՝ առանց արքայադստրերի։ Բայց այժմ նրանք հարկերը կարող էին դրամով վճարել և դեռ որոշ բան կմնար իրենց։ Այդ խոզարածներից մեկը տասը երեխա ուներ, նա պատմեց, որ երբ անցյալ տարի եկել է տերտերը և վերցրել տասը խոզերից ամենագերը, կինը նետվել է տերտերի առջև, մեկնել նրան երեխան և ճչացել․
― Անգութ գազան, երեխան էլ վերցրու, եթե ինձ զրկում ես նրան կերակրելու հնարավորությունից։
Զարմանալի զուգադիպությո՜ւն։ Ճիշտ նման դեպք եղել էր իմ ժամանակների Ուելսում, որտեղ տիրում էր նույն հնամենի տիրապետող եկեղեցին։ Շատերը կարծում են, թե նա փոխել է իր էությունը, բայց իրականում նա փոխել է միայն իր արտաքինը։
Ես ճամփու դրեցի այդ երեք մարդկանց, ապա բացեցի խոզանոցի դուռը և ձեռքով կանչեցի Սենդիին։ Նա եկավ, ոչ, սուրաց տափաստանային հրդեհի նման։ Եվ, երբ, տեսա, թե ինչպես է նա մի խոզից մյուսին նետվում, ինչպես են ուրախության արցունքները այտերով ցած հոսում, ինչպես է նա կրծքին սեղմում խոզերին, համբուրում նրանց, փայփայում, ինչպես է նրանց հնչեղ ազնվական անուններով մեծարում, ես ամոթ զգացի նրա համար, ամոթ զգացի մարդկության համար։
Մենք պետք է խոզերին տուն քշեինք՝ տասը մղոն, և ինչպիսի համառ ու անականջ տիկիններ էին դրանք։ Նրանք չէին ուզում գնալ ոչ ճանապարհով, ոչ էլ կածանով․ աջ ու ձախ էին փախչում, թփերի մեջ մտնում, ժայռերը, բլուրները բարձրանում, այնպիի տեղեր խցկվում, որ անհնարին էր լինում դուրս բերելը։ Իսկ նրանց մտրակելու կամ սաստելու իրավունք ես չունեի, որովհետև Սենդին պահանջում էր, որպեսզի ես նրանց հետ վարվեի այնպես, ինչպես վայել է վարվել բարձրաշուք անձերի հետ։ Նույնիսկ ամենապառավ ու անտանելի մերունին պարտավոր էի կոչել «միլեդի» և «Ձերդ մեծություն»։ Զրահավորված վիճակում դժվար ու տհաճ էր խոզերի ետևից այս ու այն կողմ վազելը։ Հատկապես շատ տառապանք պատճառեց երկաթյա օղակը մռութին մի փոքրիկ կոմսուհի, որը համարյա մազ չուներ մեջքին։ Մի կատարյալ դևի ծնունդ։ Նա ստիպեց ինձ իր ետևից վազել ամբողջ մեկ ժամ ամենաանանցելի տեղերով, և, երբ ես հասա նրան, մենք հայտնվեցինք ճիշտ այն կետում, որտեղ սկսվել էր վազքը առանց եզակի քայլ իսկ առաջադիմած լինելու։ Վերջապես բռնեցի նրա պոչից ու քարշ տվեցի, ուշադրություն չդարձնելով նրա խռնչյունին։ Բայց Սենդին սարսափ կտրեց և ասաց, որ վերջին աստիճանի անփափկանկատություն է կոմսուհուն քղանցքից բռնած քարշ տալը։
Արդեն մութ էր, երբ մենք ինչ֊որ մի դաստակերտ բերինք խոզերին․ ոչ բոլորին, իհարկե։ Պակասում էր արքայադուստր Ներովենս դը Մորգանորը, ինչպես նաև նրա երկու ընկերուհիները՝ միս Անջելա Բոհունը և օրիորդ Էլեն Քուրամենը։ Այս երկուսից առաջինը մի ջահել սևուկ մերուն էր ճակատային սպիտակ բծով, իսկ երկրորդը, շագանակագույն, առջևի աջ ոտքով թեթևակի կաղին տվող․ երկուսն էլ ինձ բոլորովին հալից գցել էին, այնքան որ շատ էի նրանց ետևից վազվզել։ Պակասում էին նաև մի քանի հասարակ բարոնուհիներ, և, պիտի խոստովանեմ, նրանց բացակայությունը ինձ բնավ չէր վշտացնում։ Բայց ոչ, ամբողջ այդ երշիկային հումքը պետք է գտնվեր, այնպես որ, ծառաները ջահերն առած անտառներն ու լեռները առաքվեցին։
Ամբողջ այդ հոտը, անշուշտ, տանը տեղավորեցին։ Աստված իմ, երբեք նման բան չէի տեսել։ Երբեք նման բան չէի լսել։ Երբեք նման գարշահոտություն չէի առել։