Changes

Կոնեկտիկուտցի Յանկին Արթուր թագավորի արքունիքում

Ավելացվել է 42 583 բայտ, 11:36, 19 Հուլիսի 2016
/* Գլուխ XX */
Ամբողջ այդ հոտը, անշուշտ, տանը տեղավորեցին։ Աստված իմ, երբեք նման բան չէի տեսել։ Երբեք նման բան չէի լսել։ Երբեք նման գարշահոտություն չէի առել։
 
 
==Գլուխ XXI==
 
Ուխտավորները
 
 
Վերջապես, երբ ես անկողին մտա, անասելի հոգնած էի։ Ինչ հաճելի, ինչ քաղցր էր ճմլկոտալ, բթացած մկանները թուլացնել։ Բայց, ամեն ինչ դրանով էլ սահմանափակվեց․ քնելու մասին խոսք իսկ չէր կարող լինել։ Ազնվականուհիները այնպես էին ծղրտում, խռնչում բոլոր միջանցքներում ու սրահներում, ինչպես դևերի խառնաժողովը և չէին թողնում աչք փակել։ Երբ ես չեմ քնում, բնականաբար, սկսում եմ մտածել, և միտք էի անում գլխավորապես Սենդիի տարօրինակ մոլորության վրա։ Նա, իհարկե, իր դարի ծնունդն էր և միանգամայն առողջ, բայց իմ հայացակետից դիտած, այնուամենայնիվ, իրեն պահում էր ցնդած կնոջ նման։ Ահա նա, դաստիարակության, ներշնչման, անխորտակելի ուժը։ Այն կարող էր ստիպել մարդուն հավատալու ամեն ինչի։ Ես ինձ դնում էի Սենդիի տեղ և համոզվում, որ նա բոլորովին էլ ցնդած չէ։ Եթե Սենդին էլ իմ տեղը լիներ, նա առանց դժվարության կհասկանար, թե մարդ որքան հեշտությամբ կարող է ուրիշի աչքում ցնդած երևալ, եթե նրան ուսուցանել և դաստիարակել են այլ կերպ։ Եթե ես ասեի Սենդիին, թե այնպիսի սայլ եմ տեսել, որը առանց կախարդանքի սլանում էր ժամը 50 մղոն արագությամբ, թե այնպիսի մարդ եմ տեսել, որը կախարդ չլինելով, նստում էր զամբյուղի մեջ և թռչում ամպերից վեր, թե ես, առանց կախարդի օգնության, զրուցել եմ ինձնից բազմահարյուր մղոն հեռավորության վրա գտնվող մարդու հետ, նա անմիջապես այն անսասան համոզմունքին կգար, որ ես ցնդած եմ։ Նրա շրջապատի բոլոր մարդիկ հավատում էին կախարդությանը, ոչ ոք կասկածի տակ չէր առնում կախարդության գոյությունը, ոչ ոք որևէ կասկած չուներ, որ ամրոցը կարող է խոզանոցի փոխակերպվել, և նրա բնակիչները՝ խոզերի, նմանապես և Կոնեկտիկուտի մարդիկ բնավ չէին կասկածում հեռախոսային զրույցների հնարավորությանը․ երկու դեպքում էլ կասկածը կարող էր խելագարության անհերքելի ապացույցը լինել։ Այո, Սենդին կատարելապես առողջ էր, ես ստիպված էի այդ ընդունել։ Եվ որպեսզի Սենդին էլ ինձ առողջ մարդ համարեր, ես պարտավոր էի իմ ներսը պահել առանց հմայքների ու կախարդանքների գործող շոգեքարշերի, օդապարիկների և հեռախոսների մասին տեղեկություններս։ Ես, օրինակ, հավատում էի, որ երկիրը տափակ չէ, որ կանգնած չէ հենասյուների վրա և ոչ էլ ամպահովանի ունի, որը նրան պաշտպաներ երկնքից վեր ամբողջ տարածությունը լեցուն ջրերից։ Բայց, քանի որ ամբողջ թագավորության մեջ ես նման անպատկառ և հանցագործ հայացքների տեր միակ մարդն էի, հասկանում էի, որ պարտավոր եմ բերանս փակ պահել, եթե չեմ ուզում, որպեսզի բոլորը ինձ մատով ցույց տան և խելագար համարեն։
 
Հաջորդ առավոտյան Սենդին խոզերին ճաշարան տարավ և նախաճաշ տվեց նրանց, ընդսմին ինքը անձնապես սպասարկում էր հարգանքի այնպիսի խորին զգացումով, որը նրա կղզու բնիկները, թե հին, թե ժամանակակից, միշտ էլ տածում են երևելի ծագման տեր մարդկանց նկատմամբ, անկախ նրանց մտավոր ու բարոյական հատկանիշներից։ Ինձ էլ տեղ կտային խոզերի կողքին, եթե իմ ծագումը համապատասխաներ գրավածս պաշտոնական դիրքի բարձրության, բայց ես այդպիսի ծագում չունեի, ստիպված էի նրանցից հեռու, առանձին նստել և, ճիշտն ասած, բողոքավոր չէի։ Սենդին ու ես նախաճաշեցինք մի երկրորդ սեղանի վրա։ Տան տերերը բացակայում էին։ Ես ասացի․
 
― Քանի՞ մարդուց է բաղկացած ընտանիքը, Սենդի, և ո՞ւր են նրանք թաքնվել։
 
― Ընտանի՞քը։
 
― Այո։
 
― Ի՞նչ ընտանիք, իմ բարի լորդ։
 
― Այս ընտանիքը։ Քո սեփական ընտանիքը։
 
― Պիտի խոստովանեմ, որ ես քեզ չեմ հասկանում։ Ես ընտանիք չունեմ։
 
― Ընտանիք չունե՞ս, Սենդի։ Մի՞թե սա քո տունը չէ։
 
― Ինչպե՞ս կարող է այն իմ տունը լինել։ Ես տուն չունեմ։
 
― Է, իսկ ո՞ւմն է, այդ դեպքում։
 
― Օ, ես հաճույքով կպատասխանեի, թե որ ինքս իմանայի։
 
― Սպասիր, սպասիր, դու նույնիսկ չե՞ս ճանաչում այս տան տերերին։ Ո՞վ է, հապա, մեզ հրավիրել այստեղ։
 
― Ոչ ոք էլ չի հրավիրել։ Մենք ինքերս եկանք և վերջ։
 
― Լսիր, աղջիկս, բայց սա ամենաարտակարգ անպատկառություն է։ Մենք անկոչ խցկվել ենք ուրիշի տուն, լեփ֊լցրել այնպիսի մի արժանավոր ազնվականությամբ, որպիսին աշխարհս դեռ չի օրորել, հետո էլ պարզվում է, որ մենք նույնիսկ չգիտենք տանտիրոջ անունը։ Ինչպե՞ս ես համարձակվել նման ինքնագլուխ բան անել։ Ես համոզված էի, որ սա քո տունն է։ Ի՞նչ կասի տանտերը։
 
― Ի՞նչ կասի տանտերը։ Իսկ ի՞նչ պետք է ասի, շնորհակալ կլինի և վերջ։
 
― Շնորհակա՞լ։ Ինչի՞ համար։
 
Նրա դեմքը կատարյալ զարմանք էր ճառագում։
 
― Քո խոսքերը մթագնում են իմ հասկացողությունը։ Մի՞թե դու կարծում ես, որ այս տանտիրոջը այլևս երբևէ նման պատիվ կվիճակվի իր հարկի տակ ընդունելու այնքան երևելի հյուրերի, որոնք մենք բերել ենք նրան շնորհ արած լինելու համար։
 
― Ոչ, երևի, նման պատիվ այլևս նրան երբեք չի վիճակվի։ Նույնիսկ գրազ կգամ, որ նման այցելության նա արժանացել է առաջին անգամ։
 
― Ուրեմն թող շնորհապարտ լինի և արտահայտի այդ քաղցր խոսքերով և պատշաճ խոնարհությամբ, այլապես նա շուն է, շներից սերված և շների նախահայր։
 
Ես, սակայն, վիճակը այնքան էլ լավ չէի գտնում։ Եվ դեռ ավելի կարող էր վատթարանալ։ Հավանաբար, լավագույնը կլիներ հավաքել խոզերը ու չքվել։ Եվ ես ասացի․
 
― Օրը անցնում է, Սենդի։ Ժամանակն է հավաքելու մեր ազնվականուհիներին և ճանապարհ ընկնելու։
 
― Դեպի ո՞ւր, ազնվափայլ սըր և Տնօրեն։
 
― Ինչպե՞ս թե ուր։ Պետք է նրանց իրենց տները տանել, չէ՞։
 
― Վա՜հ, տեսեք, թե ինչ է ասում։ Բայց նրանք ծնվել են աշխարհիս տարբեր ծայրերում։ Նրանցից ամեն մեկը պետք է տարվի իր սեփական տուն, իսկ մի՞թե դու կարծում ես, որ մենք ընդունակ ենք կատարելու բոլոր այդ ճանապարհորդությունները մեր կարճատև կյանքի ընթացքում, որին այդպիսի մոտակա սահման է նախատեսել Նա, ով ստեղծել է կյանքն ու մահը, արարչագործելով Ադամին, որը մեղսագործել է անսալով հորդորներին իր ընկերուհու, որին գայթակղել էր մարդկային ցեղի մեծագույն թշնամի օձերի իշխան Սատանան, որ դարեր շարունակ ձգտում էր դեպի այդ չարագործությունը առաջնորդված անկապտելի չարությամբ ու նախանձով, որ բույն էին հյուսել նրա սրտի մեջ չիրագործված փառամոլ հավակնությունների պատճառով, որոնք աղճատել և աղտոտել են այդ ոգիի կերպարը, որ երբեմն այնքան մաքուր և անարատ էր, որ նրան էլ արտոնված էր ճախրելու իր եղբայրակիցների արևածածան բազմության հետ նույն այն երկնային փառքի մեջ, որտեղ ճախրում են միայն արժանավորները և․․․
 
― Գրողը տանի։
 
― Միլո՞րդ։
 
― Բայց դու գիտես, որ մենք ժամանակ չունենք այդպիսի երկար դատողությունների համար։ Արդյոք չե՞ս գտնում, որ մենք կկարողանայինք բոլորին իրենց տները հասցնել այն ժամանակի ընթացքում, որը դու վատնում ես ապացուցելու համար, թե մենք այդ անել չենք կարող։ Հիմա խոսելու ժամանակը չէ, գործել է պետք։ Ուշադիր եղիր, որպեսզի հողմաղացդ նորից գործի չանցնի։ Այժմ ի գործ և ոչ մի խոսք։ Ո՞վ պետք է տանի այս ազնվականուհիներին իրենց տները։
 
― Իրենց բարեկամները։ Նրանք կգան աշխարհի բոլոր ծայրերից։
 
Անակնկալը նման էր պարզ երկնքից կայծակի ճայթելուն, և այդ անակնկալի թեթևությունն էլ քաղցր էր, ինչպես ներման լուրը կալանավորների համար։ Սենդին, իհարկե, կմնա այստեղ, որպեսզի առձեռն հանձնի իր ազնվականուհիներին։
 
― Այդ դեպքում, Սենդի, քանի որ մեզ հանձնարարված գործը բարեհաջող վախճանի ենք հասցրել, ես պարտավոր եմ մեկնել թագավորին զեկուցելու, և, երբևէ նորից․․․
 
― Ես պատրաստ եմ, ես կգամ քեզ հետ։
 
Սա արդեն նման էր ներումը ետս կոչելուն։
 
― Ինչպե՞ս։ Դու ուզում ես գա՞լ ինձ հետ։ Ինչո՞ւ։
 
― Մի՞թե ես ընդունակ եմ դավաճանելու իմ ասպետին։ Դա անպատվաբեր կլիներ։ Ես չեմ բաժանվի քեզնից, մինչև որ ասպետական մենամարտի մեջ ռազմի դաշտում չհաղթի որևէ ուրիշ ասպետ և ինձ չնվաճի օրինավոր կերպով։ Բայց ես արժանի կլինեմ պարսավանքի, եթե նույնիսկ մտքումս նման բան հնարավոր համարեի։
 
«Նա ինձ ընտրել է տևական ժամկետով, ― մտածեցի ես և հառաչեցի։ ― Ինչ արած, մնում է լավագույնս օգտվել նաև այս պարագայից»։ Ապա ասացի․
 
― Լավ, այդ դեպքում անմիջապես ճանապարհվենք։
 
Մինչ նա հեկեկալով հրաժեշտ էր տալիս երշիկացուներին, ես այդ ազնվականուհիներին հանձնեցի ծառաներին։ Խնդրեցի լաթեր վերցնել և սրբել այն սրահները, որտեղ հիմնականում ապրում և զբոսնում էին երևելի տիկինները, բայց ծառաները վճռեցին, որ չարժե մաքրել սրահները, քանի որ դա սովորությունների խախտում կնշանակեր և շատ ասեկոսների տեղիք կտար։ Սովորությունների խախտո՞ւմ, ոչ մի դեպքում․ այդ ազգը կարող է ամեն կարգի հանցագործություն կատարել, բայց ոչ այդպիսի։ Ծառաները հայտարարեցին, որ իրենք կվարվեն անհիշելի ժամանակներից եկող և հնությամբ սրբագործված սովորության․ նրանք սրահներում թարմ հարդ շաղ կտան և դրա շերտի տակ կթողնեն ազնվականուհիների այցելության հետքերը։ Դա յուրատեսակ ծաղր էր բնության նկատմամբ․ մեթոդը գիտական էր, երկրաբանական։ Այդ մեթոդով հավերժացվում է ընտանիքի պատմությունը՝ խավ խավի վրա կուտակելու ճանապարհով։ Հետագայում, հնէաբանը, պեղելով խավերը և դատելով ըստ յուրաքանչյուր դարաշրջանի մեթոդների, կարող է ստույգ ասել, թե ինչ փոփոխություններ են տեղի ունեցել ընտանիքի սննդի մեջ հարյուրամյակ առ հարյուրամյակ։
 
Հենց նոր էինք ճանապարհ ընկել, երբ հանդիպեցինք ուխտավորների թափորի։ Մեր ճանապարհը նրանց հետ համընթաց չէր, բայց, այնուամենայնիվ, միացանք նրանց, քանի որ ներսս ժամ առ ժամ համոզմունքն էր ամրապնդվում, որ, եթե ես ուզում եմ այս երկիրը կառավարել իմաստուն, պետք է մտնեմ նրա կյանքի մանրամասնությունների մեջ և ոչ թե ուրիշի խոսքերով ուսումնասիրեմ, այլ անձնական, ուշադիր դիտումների ճանապարհով։
 
Ուխտավորների այս խուրներամը շատ էր հիշեցնում Չոսերի նկարագրածը․ այստեղ ներկա էին այն ժամանակվա Անգլիայի բոլոր արհեստներն ու համապատասխան բոլոր հագուստները։ Այստեղ կային երիտասարդներ ու ծեր տղամարդիկ, երիտասարդ ու պառավ կանայք, զվարթ ու վշտադեմ մարդիկ։ Նրանք գնում էին ձի ու ջորի հեծած, բայց ոչ մի կանացի թամբ չկար․ Անգլիայում դա հայտնի դարձավ միայն ինն հարյուր տարի հետո։
 
Դա մի հաճելի, բարեհամբույր, մարդամոտ ամբոխ էր, աստվածավախ, երջանիկ, զվարթ և չգիտակցված կոպտությամբ ու անմեղ անառակություններով լեցուն։ Այն, ինչ նրանք ուրախ պատմություններ էին համարում, փոխանցվում էր բերնից֊բերան և ոչ ոքի ամոթ չէր պատճառում ճիշտ այնպես, ինչպես նույն պատմությունները ոչ ոք չէին ստիպում շիկնել Անգլիայի բարձրաշխարհիկ հասարակության մեջ քսան հարյուրամյակ հետո։ Նրանք զվարթ կատակներ էին անում, որոնք վայել էին տասնիններորդ դարի առաջին քառորդի անգլիական սրամտությանը, և համընդհանուր հիացմունք էին առաջ բերում։ Երբեմն մեկն ու մեկի թևավոր խոսքը թևածում էր թափորի մի ծայրից մյուսը և նրա ճանապարհը կարելի էր հետևել ըստ մերթ այստեղ, մերթ այնտեղ պայթող քրքիջի, ինչպես նաև ըստ ջորիների դնչներին բռնկվող ամոթխած շառագույնի։
 
Սենդին գիտեր, թե ուր են գնում ուխտավորները, և նա անմիջապես հայտնեց ինձ այդ մասին․
 
― Նրանք գնում են Սրբության Հովիտը, ստանալու ճգնավորների օրհնությունը, խմելու հրաշագործ ջուրը և մաքրվելու մեղքերից։
 
― Որտե՞ղ է այդ առողջարանը։
 
― Այստեղից երկու օրվա ճանապարհի վրա, այն երկրի սահմանների մոտ, որը կոչվում է Կկվի Թագավորություն։
 
― Պատմիր ինձ այդ առողջարանի մասին։ Երևի շատ հայտնի է, այո՞։
 
― Օ, իհարկե։ Նման երկրորդը չկա։ Հին ժամանակներում այնտեղ մի վանահայր էր ապրում իր վանականներով։ Ասում են, թե նրանցից առավել սուրբ աշխարհումս ոչ մի տեղ չի եղել և նրանք իրենց նվիրաբերել են սուրբ գրքերի սերտմանը և ոչ ոքի հետ չեն խոսել և նույնիսկ իրար հետ խոսք չեն փոխանակել և կերել են միայն խոտեր և քնել չոր գետնին և շատ աղոթել և երբեք չենք լողացել և չեն փոխել հագուստը, մինչև որ քայքայվելով այն ինքը չի թափվել նրանց վրայից, և նրանց սուրբ խստապարզության փառքը տարածվել է երկրե երկիր, և սկսել են նրանց մոտ գնալ հարուստն ու աղքատը, և բոլորը մեծարել են նրանց․․․
 
― Շարունակիր։
 
― Բայց մի դժբախտություն կար․ նրանք ջուր չունեին։ Եվ վանահայրը սկսեց աղոթք առաքել առ աստված, և աստված վարձատրեց նրան հրաշք գործելով․ անապատ տեղում ջրի վիթխարի շիթ խփեց գետնի տակից։ Բայց այդտեղ հոգեպես անտոկուն վանականներին սկսեց գայթակղել սատանան ու նրանք կպան իրենց վանահորից ու պոկ չեկան աղաչանք պաղատանք անելով, որպեսզի նա լոգարան կառուցի, և, երբ աբբահայրը հոգնեց ու այլևս դիմադրել չկարողացավ, նա ասաց․ «Թող ձեր ասածը լինի» և կատարեց նրանց խնդրանքը։ Այժմ դու կիմանաս, թե ինչ է նշանակում խախտել բարձրյալին հաճելի մաքրությունը և ընկնել աշխարհիկ մաքրության ետևից։ Այդ վանականները մտան լոգարան և դուրս եկան մաքուր ու սպիտակ, ինչպես ձյունը, բայց ավա՜ղ, նույն պահին բարձրյալի նշանակը երևաց ու պատիժը եկավ նրանց գլխին և Տիրոջ վիրավորված ջրերը դադարեցին խփել գետնի տակից, և աղբյուրը ցամաքեց։
 
― Նրանք հեշտ են պրծել, Սենդի, եթե նկատի առնենք, թե ինչպես են այս երկրում վարվում նման կարգի հանցագործությունների դեպքում։
 
― Հնարավոր է, բայց դա նրանց առաջին մեղքն էր․ մինչ այդ նրանց կյանքը անբիծ է եղել, նրանք հրեշտակների նման են ապրել, և աղոթքները, լաց ու կոծը, մարմինը տանջելը, ամեն ինչ իզուր անցավ, աղբյուրը այլևս չհոսեց, և նույնիսկ թափորները, նույնիսկ խնկարկելը, նույնիսկ սուրբ աստվածամոր պատկերի առջև մոմեր վառելը, ոչինչ, ոչինչ չօգնեց, և ամբողջ երկիրը զարմանք էր կտրել աստվածային պատժի առաջ։
 
― Ինչ տարօրինակ է, որ նույնիսկ արդյունաբերության այդ ճյուղի մեջ ֆինանսական խուճապներ են լինում, որոնց ժամանակ արժեթղթերը մինչև զրոյի են իջնում, և ամեն ինչ կանգ է առնում։ Շարունակիր, Սենդի։
 
― Անցավ մի տարի, և մի օր էլ անցավ, և բարի վանահայրը հնազանդվեց ու քանդեց լոգարանը և անմիջապես տիրոջ զայրույթը մեղմացավ, և ջրերը նորից լիառատ խփեցին գետնի տակից ու հոսում են մինչև օրս։
 
― Ուրեմն, այդ օրվանից ոչ ոք այլևս նրանց մեջ չի լողացել։
 
― Նա, ով փորձի այդ անել, անմիջապես կպատառոտվի։
 
Եվ վանքը այն օրից ծաղկո՞ւմ է։
 
― Այո, ճիշտ նույն օրից ի վեր և հրաշքի համբավը տարածվեց ամենուրեք, երկրե երկիր և վանականները սկսեցին ամեն կողմերից գալ, նրանք ձկների նման վտառներով էին գալիս, և վանքը շենք շենքի ետևից էր կառուցում, աճում, ընդարձակվում, մինչև որ իր գրկի մեջ չընդունեց բոլոր եկվորներին, և կուսաններ ու միանձնուհիներ էլ էին գալիս, նրանք իրենց համար առանձին մայրապետություն հիմնեցին հովտի մյուս ծայրում, նրանք շենք շենքի ետևից էին կառուցում, և վերջապես մի ընդարձակ կուսանոց վանք ստեղծվեց, և վանականներն ու կուսականներն իրար հետ հաշտ էին ապրում, միաբերելով իրենց ուժերը, նրանք միասնաբար մի հիանալի որբանոց կանգնեցրին ընկեցիկ մանկիկների համար ճիշտ երկու վանքերի կես ճանապարհին հովտի մեջտեղում։
 
― Դու ուզում էիր ճգնավորների մասին պատմել, Սենդի։
 
― Ճգնավորները հավաքվում էին այստեղ աշխարհիս բոլոր ծայրերից, քանզի ճգնավորը իրեն հարմարավետ է զգում այնտեղ, որտեղ շատ ուխտավորներ են լինում, և Սրբության Հովտում ճգնավորները ամենատարբեր տեսակի են։ Եթե մեկն ու մեկին պետք է այնպիսի ճգնավոր, որը, նրա կարծիքով, անկրկնելի է և լինում է միայն հեռու հեռավոր երկրներում, թող նա փնտրի Սրբության Հովտի փոսերի, անձավների, ճահիճների մեջ ու իր ուզածը անպատճառ կգտնի։
 
Ձիս քշեցի մի կլորիկ դեմքով, զվարթատես հաստլիկի կողքից, հույս ունենալով զրույցի բռնվել նրա հետ և հնարավոր մանրամասնություններ իմանալ։ Բայց հազիվ էինք ծանոթացել, որ նա, օ՜ սարսափ, սկսեց բոլորովին անշնորհք կերպով, բայց արտակարգ աշխուժությամբ պատմել ինձ ճիշտ նույն հինավուրց անեկդոտը, որը ինձ պատմել է սըր Դայնըդենը սըր Սագրամորի հետ ունեցած վեճի և նրա կողմից մարտահրավեր ստանալու օրը։ Ես ներողություն խնդրեցի և ետ մնացի, գնալու համար թափորի ամենավերջից․ սիրտս մղկտում էր, ուզում էի հեռանալ այս վտանգաշատ կյանքից, այս արցունքի աշխարհից, ընդհատված հանգստի այս կարճատև օրից, որը մթագնել էր ամպերով ու փոթորիկներով, հոգնեցուցիչ պայքարներով և միապաղաղ պարտություններով։ Եվ, այնուամենայնիվ, ես սարսափում էի մահից, մտաբերելով, թե որքան երկարաձիգ է մշտենջենականությունը և արդեն անեկդոտն իմացող քանի֊քանի մարդ է նրա գրկի մեջ հանգիստ առել։
 
Կեսօրից անմիջապես հետո մենք հասանք ուխտավորների մի ուրիշ խմբի, բայց այս խմբում ո՛չ երիտասարդների, ո՛չ ծերերի մեջ չէին հնչում ո՛չ կատակներ, ո՛չ էլ զվարթ հիմարություններ։ Մինչդեռ այդտեղ էլ կային և՛ ծերեր և՛ երիտասարդներ, ալեհեր տղամարդիկ ու կանայք և միջին տարիքի ուժեղ տղամարդիկ ու կանայք, երիտասարդ ամուսիններ, ջահել կանայք, փոքրիկ տղաներ ու աղջիկներ, և երեք կրծքի երեխաներ։ Նույնիսկ փոքրիկների երեսին ժպիտ չկար։ Բոլոր այդ կես հարյուրյակ մարդիկ քայլում էին գլուխները կախ, և նրանց դեմքերին անհուսության կնիքն էր դրոշմված՝ երկարատև, ծանր փորձությունների և հուսաբեկության հետ հինավուրց ծանոթության հետքը։ Նրանք ստրուկներ էին։ Նրանց ձեռքերն ու ոտքերը շղթաներով գամված էին կաշվե գոտիներին, ավելին, բոլորը, երեխաներից բացի, շղթայված էին նաև մի ընդհանուր շղթայով, որը մեկի վզնոցից դեպի մյուսի վզնոցն էր ձգվում, ստիպելով այդ թշվառներին քայլել իրար ետևից վեցական ոտք տարածության վրա։ Նրանք գնում էին ոտքով և տասնութ օրվա ընթացքում կտրել էին երեք հարյուր մղոն, սնվելով վատ ու աղքատիկ։ Գիշերները քնում էին շղթաներով, խոզերի նման գլուխ գլխի կուտակելով։ Նրանց մարմինների վրա խղճուկ ցնցոտիներ կային, բայց չէր կարելի ասել, թե նրանք հագուստ էին կրում։ Կոճերի մաշկը պոկվել էր շղթաներից, և բաց վերքի մեջ տնօրինություն էին անում որդերը։ Մերկ ոտքերը արնակոլոլ էին և չկար մեկը, որ չկաղար։ Սկզբում նրանց թիվը հարյուր է եղել, բայց ճանապարհին մոտ կեսը վաճառվել է։ Նրանց քշող ստրկավաճառը ձին հեծած գնում էր կողքից, ձեռքին կարճ կոթով մի մտրակ բռնած, որի երկար կաշվե ծայրը բաժանված էր բազմաթիվ հանգուցակապ թելերի։ Այդ մտրակով նա շամփրում էր մարդկանց ուսերը, ստիպելով ուղղվել նրանց, ովքեր հոգնությունից օրորվում էին։ Նա չէր խոսում, մտրակը պերճախոս բացատրում էր նրա ցանկությունը։ Այդ թշվառ արարածներից ոչ մեկը գլուխը վեր չբարձրացրեց, երբ մենք անցնում էինք նրանց կողքից, նրանք նույնիսկ չնկատեցին մեր ներկայությունը։ Նրանք քայլում էին լուռ, բայց ամեն անգամ, երբ քառասուներեք մարդ միանգամից բարձրացնում էր ոտքը, շարքի ծայրից մյուսը ձգվող շղթան մռայլ ու ահավոր ձգվում էր։ Նրանք պարուրված էին սեփական ոտքերի բարձրացրած փոշու ամպով։
 
Փոշին շերտերով նստած էր նրանց դեմքին։ Փոշու այդպիսի շերտեր մենք տեսնում ենք անմարդաբնակ սենյակի կահույքին նստած ու մատով նրանց վրա գրում ենք պարապ մտքեր։ Ես հիշեցի այդ մասին, երբ տեսա երիտասարդ կանանց, որոնց գրկի մանկիկները արդեն մոտ էին մահվան, հետևաբար, ազատության դռանը։ Այդ կանանց փոշեծածկ դեմքերին արցունքը պարզ և, օ՜ աստված, որքան ընթեռնելի գրել էր այն, ինչ կար նրանց սրտերի մեջ։ Այդ երիտասարդ մայրերից մեկը ինքը դեռ բոլորովին երեխա էր, և սիրտս ճմլվեց, երբ նրա դեմքին էլ կարդացի նույն գրերը, քանի որ նրա արցունքները երեխայի արցունքներ էին, որը պետք է հեռու լինի հոգսերից, վայելի կյանքի առավոտը և իհարկե․․․
 
Ջահել կինը հոգնատանջ գայթեց, և նրա վրա անմիջապես իջավ մտրակը, մերկ ուսերից մաշկի մի շերտ պոկելով։ Ես այնպես շանթահար եղա, կարծես հենց ինձ էին խփել։ Ստրկավաճառը կանգնեցրեց շարքը և ցած թռավ ձիուց։ Նա աղմկում և հայհոյում էր ու գոռում, որ այդ անպիտան աղջիկը բավականին ձանձրացրել է իր ծուլությամբ և, քանի որ սա վերջին առիթն է, հիմա նա հաշիվները կմաքրի այդ աղջկա հետ։ Աղջիկը ծունկի ընկավ, ձեռքերն առաջ պարզեց ու սկսեց աղաչել, հեկեկալ, սարսափած, բայց ստրկավաճառը ոչ մի ուշադրություն չդարձրեց։ Նա խլեց երեխային և մոտ գտնվող տղամարդ ստրուկներին հրամայեց գետին գլորել աղջկան, ու այդպես պահել, իսկ ինքը կանգնեց նրա գլխավերևը և մտրակով բզկտեց նրա մեջքը։ Կինը աղիողորմ լաց էր լինում և թպրտում։ Նրան բռնող տղամարդկանցից մեկը դարձրեց դեմքը, և այդ մարդկության համար նա հայհոյանքի ու ծեծի արժանացավ։
 
Մեր բոլոր ուխտավորները նայում էին և գիտակի ձևով քննարկում, թե արդյոք ստրկավաճառը լա՞վ է տիրապետում մտրակին։ Ամբողջ կյանքում շուրջը ստրկություն տեսնելով, նրանք այնքան էին հոգեպես կոշտացել, որ ընդունակ չէին այդ խոշտանգումներին որևէ ուրիշ տեսանկյունից նայելու։ Այ թե ստրկությունը ինչպես է սպանում մարդկային լավագույն զգացմունքները։ Չէ՞ որ այս ուխտավորները բարի սրտի տեր մարդիկ էին, և նրանք թույլ չէին տա այդ մարդուն նման ձևով վարվել ձիու հետ։
 
Ես ուզում էի դադարեցնել խոշտանգումը և ազատ արձակել բոլոր ստրուկներին, բայց այդպես վարվել չէի կարող։ Չէր կարելի չափից ավելի միջամտել ուրիշի գործերին, որպեսզի օրենքները խախտող և քաղաքացիների իրավունքները ոտնահարող մարդու համբավ չվաստակեի։ Ինքս ինձ խոսք տվեցի, որ եթե կենդանի մնայի և իշխանությունը չկորցնեի, պետք է մահապատժի ենթարկեի ստրկությունը, բայց անհրաժեշտ էր ձգտել այն բանին, որպեսզի ստրկության դահիճը դառնայի ժողովրդի կամքով։
 
Հենց այդտեղ ճանապարհի մոտ մի դարբնոց կար․ դեռ մի քանի մղոն հեռու այդ երիտասարդ կնոջը գնած մի հողատեր արդեն սպասում էր այստեղ, որպեսզի հաներ նրա շղթաները։ Նրան շղթայազերծ արեցին, և տեղն ու տեղը գնողը վեճի բռնվեց ստրկավաճառի հետ, թե ով պետք է վճարի դարբնին։ Հազիվ էին հանել աղջկա շղթաները, երբ նա հեկեկալով, նետվեց ստրուկի գիրկը, որը նրան ծեծելիս դարձրել էր դեմքը։ Ստրուկը սեղմեց նրան իր կրծքին, համբույրներով չորացրեց նրա և երեխայի դեմքը և ողողեց իր արցունքներով։ Ես սկսեցի կռահել։ Հարց ու փորձ արեցի։ Այո, ես ճիշտ էի։ Դրանք այր ու ու կին էին։ Նրանց իրարից ուժով բաժանեցին․ կնոջը տարան, և նա խելագարի նման դուրս էր պրծնում, թպրտում ու ճչում, մինչև որ ճանապարհի ոլորանը իր ետևը չառավ նրան, բայց հետո էլ դեռ երկար ժամանակ հեռվից լսվում էր նրա հեկեկոցը։ Իսկ ինչպե՞ս էր իրեն պահում ամուսինը և հայրը, որը երբեք այլևս չէր տեսնելու իր կնոջն ու երեխային։ Ոչ, նրան նայել հնարավոր չէր, և ես շրջեցի դեմքս, բայց գիտեի, որ նրա պատկերը երբեք չի ջնջվի իմ հիշողությունից, այն հիմա էլ կանգնած է աչքերիս առջև և ամեն անգամ, երբ հիշում եմ նրան, սիրտս կտոր֊կտոր է լինում։
 
Գիշերը լուսացրինք գյուղական իջևատանը, և, երբ առավոտյան արթնացա ու դուրս նայեցի, արշալույսի ոսկի շողերի մեջ մի հեծյալ տեսա և ճանաչեցի․ նա իմ ասպետներից մեկն էր՝ սըր Օզանա լը Քյոր֊Հարդին։ Նա մասնագիտացել էր տղամարդու հանդերձանքի գծով, մասնավորապես զբաղվում էր լայնեզր գլխարկներ տարածելով։ Նա կրում էր իր ժամանակի ամենագեղեցիկ պողպատյա զրահները և միայն գլխի վրա սաղավարտի փոխարեն վառարանի ծխնելույզը հիշեցնող պսպղուն գլխարկ էր դրել, և այնքան ծիծաղելի էր, որ միայն տեսնել էր պետք։ Դա իմ հերթական գաղտնի մտահղացումներից մեկն էր՝ հարված հասցնել ասպետությանը, նրան ծիծաղելի ու անհեթեթ դարձնելով։ Սըր Օզանայի թամբից կախված էին գլխարկների կաշվե տուփեր և, ամեն անգամ, որևէ թափառական ասպետի հաղթելով, Օզանան ստիպում էր նրան ինձ ծառայել ու գլխին էր քաշում գլխարկը։ Ես հագնվեցի ու ցած վազեցի ողջունելու սըր Օզանային և նորություններ իմանալու։
 
― Ինչպե՞ս է գնում առևտուրը, ― հարցրեցի ես։
 
― Դու պետք է տեսնես, որ մնացել է միայն չորս տուփ, իսկ երբ ես մեկնում էի Քամելոտից տուփերի թիվը տասնվեցն էր։
 
― Դուք փառավոր սխրագործություններ եք կատարել, սըր Օզանա։ Իսկ որտե՞ղ էիք այժմ թափառում։
 
― Հենց նոր գալիս եմ Սրբության Հովտից, սըր։
 
― Ինքս էլ այնտեղ եմ գնում։ Որևէ նոր բան կա՞ վանականների մոտ։
 
― Օ, մի հարցնի․․․ Է՛յ, ա՛յ տղա, վերցրու ձին, մի լավ կերակրիր, տես սոված չթողնես, եթե գլուխդ քեզ համար մի բան արժե, տար գոմ ու այնպես արա, ինչպես քեզ ասում են․․․ Սըր, ես վշտալի լուրեր եմ բերել և․․․ սրանք ուխտավորնե՞ր են։ Հավաքեցեք և ականջ արեք ինձ, բարի մարդիկ, քանզի այդ ձեզ է վերաբերում։ Իմ հայտնելիքը ձեզ վշտի կմատնի, քանզի դուք չեք գտնելու այն, ինչ փնտրում եք և որոնումները իզուր կանցնեն։ Թող ես մեռնեմ, եթե սուտ եմ ասում։ Պատահել է մի այնպիսի բան, ինչ չէր պատահել ահա արդեն երկու հարյուր տարի, բայց երկու հարյուր տարի առաջ ամենակարողի կամքով Սուրբ Հովտին պատահած դժբախտությունը ուներ իր ակնառու և հասկանալի պատճառները, մինչև այժմ․․․
 
― Հրաշագործ աղբյուրը ցամաքել է, ― ճիչ դուրս պրծավ ուխտավորների բերաններից միանգամից։
 
― Դուք ինքներդ ասացիք, բարի մարդիկ։ Ես էլ այդ էի ուզում ասել։
 
― Մեկն ու մեկը նորից լողացե՞լ է։
 
― Ոչ, թեպետ ոմանք կասկածում են, բայց ոչ ոք չի հավատում դրան։ Ենթադրում են, թե ինչ֊որ մի ուրիշ մեղք է գործվել։ Բայց թե ինչ մեղք ոչ ոք չգիտի։
 
― Իսկ ինչպե՞ս են վանականները տանում այդ աղետը։
 
― Հնարավոր չէ բառերով նկարագրել։ Աղբյուրը արդեն ինն օր է, ինչ չոր է։ Նրանք աղոթում են, քուրջ հագած ողբ ու կական անում, գլխներին մոխիր ցանում, սրբազան թափորներ սարքում, ո՛չ ցերեկ, ո՛չ գիշեր հանգիստ չունեն։ Վանականները, կուսանները, ընկեցիկները արդեն այնպես են հոգնել, որ նրանց ձայնը կտրվել է, և, հնարավորություն չունենալով լսելի աղոթելու, կախ են տալիս մագաղաթների վրա գրված աղոթքները։ Վերջապես, նրանք մարդ են ճամփել քո ետևից, սըր Տնօրեն, փորձելու համար քո հմայքներն ու կախարդության ուժը, և այն պարագայի համար, եթե դու չկարողանաս գալ, սուրհանդակ է գնացել Մերլինի ետևից, և նա արդեն երեք օր առաջ եկել է ու հայտարարել, որ ինքը կվերադարձնի ջուրը, եթե նույնիսկ դրա համար պահանջվի շուռ տալ ամբողջ աշխարհը և կործանել բոլոր թագավորությունները, և նա կախարդում է, կախարդում, օգնության կանչելով դժոխքի բոլոր քաջերը, սակայն մինչև օրս նույնիսկ այնքան խոնավություն չի հայտնվել, որքան հայտնվում է պղնձյա հայելիների վրա, երբ մարդս դիպչում է նրան իր շնչով, իսկ մինչդեռ անթիվ ու անհամար են քրտնքի այն տակառները, որ թափվում են նրա վրայից այգաբացից մինչ այգաբաց, և եթե դու․․․
 
Նախաճաշը պատրաստ էր։ Հենց որ նախաճաշը ավարտվեց, ես սըր Օզանային ցույց տվեցի այս բառերը, որոնք գրել էի նրա գլխարկի ներսի կողմից․ «Քիմիական դեպարտամենտ, լաբորատոր բաժին, «PxxP» բաժանմունք։ Ուղարկեցեք երկու առաջին կարգի, երկու՝ երկրորդ և վեց՝ չորրորդ, բոլոր անհրաժեշտ մասերի հետ միասին, ինչպես նաև երկու փորձառու օգնականների» ու ասացի․
 
― Այժմ քառատրոփ սլացեք Քամելոտ, քաջ ասպետ, ցույց տվեք այս գրությունը Քլարենսին և ասացեք նրան, որպեսզի հնարավորին չափ շուտ ուղարկի Սրբության Հովիտը այն ամենը, ինչ այստեղ գրված է։
 
― Հաճույքով կկատարեմ, սըր Տնօրեն, ― ասաց նա և չքացավ։
 
Ադմին, Վստահելի
1876
edits