Changes

Անտեսանելի Մարդը

Ավելացվել է 7568 բայտ, 12:16, 18 Հուլիսի 2016
/* Գլուխ քսանհինգերորդ։ Անտեսանելի Մարդու հետապնդումը */
== Գլուխ քսանհինգերորդ։ Անտեսանելի Մարդու հետապնդումը ==
 
Մի պահ Քեմփն այնքան կցկտուր էր խոսում, որ Էդայը ոչինչ չհասկացավ հենց նոր պատահած սրընթաց դեպքերից։ Երկուսն էլ կանգնել էին հարթակի վրա. Քեմփն արագ խոսում էր, Գրիֆինի վայելչագեղ ներքնաշորերը ձեռքում։ Բայց ի վերջո Էդայն ըմբռնեց, թե ինչպիսի դրություն էր ստեղծվել։
 
― Նա խելագարված է,— ասաց Քեմփը,— մարդկային ոչինչ չունի․ բացարձակ եսամոլ է։ Սեփական օգուտից, սեփական անվտանգությունից բացի, ոչ մի բան հաշվի չի առնում։ Դաժան մորթապաշտության այդ ի՜նչ խոսքեր լսեցի այս առավոտ նրա բերանից․․․ Քանիսի՜ն է վիրավորել․․․ Նա շատերի կսպանի, եթե արգելք չհանդիսանանք։ Խուճապ կստեղծի, ոչ մի բանի առաջ կանգ չի առնի։ Եվ հիմա ազատ է ու մոլեգնած․․․
 
― Մի բան պարզ է,— ասաց Էդայը,— պետք է բռնել նրան։
 
― Բայց ինչպե՞ս,— գոչեց Քեմփը և հանկարծ բարեբաստտիկ մտքեր ծագեցին նրա գլխում։— Դուք պետք է հենց հիմա գործի անցնեք։ Պետք է մինչև վերջին մարդուն ոտքի հանեք ու չթողնեք, որ նա հեռանա այս շրջանից։ Մի անգամ, որ ծլկեց, այստեղից, սրտի ուզածի պես ոտի տակ կտա գյուղերը, սպանելով ու խեղելով մարդկանց։ Նա երազում է սարսափի իշխանության մասին։ Սարսափի իշխանություն, ասում եմ ձեզ․․․ Դուք պետք է հսկողություն հաստատեք գնացքների, ճանապարհների և նավերի վրա։ Կայազորը պետք է աջակցի ձեզ։ Հեռագրեցե՛ք, թե նրանց աջակցության կարիքն եք զգում։ Միակ բանը, որ կարող է այստեղ պահել Գրիֆինին, նրա համար մեծ արժեք ներկայացնող մի քանի գրքեր ձեռք գցելու փափագն է։ Այդ մասին հետո կպատմեմ։ Ձեր ոստիկանատանն ինչ֊որ մարդ կա, Մարվըլ անունով։
 
― Գիտե՛մ,— ասաց Էդայը,— գիտե՛մ։ Այդ գրքերը․․․ Այո՛, այո՛․․․
 
― Եվ դուք չպետք է թողնեք, որ նա ուտի կամ քնի։ Գիշեր֊ցերեկ մարդիկ պետք է աչալուրջ լինեն։ Պետք է կողպեքի տակ պահվեն մթերքները,— բոլոր մթերքները, այնպես, որ նա ստիպվի փականքները ջարդելով ձեռք բերել դրանք։ Պետք է ամենուրեք դռները փակվեն նրա առաջ։ Ուր էր՝ երկինքը ցուրտ գիշերներ ու անձրև տար մեզ։ Մեծ, թե փոքր, ամեն մարդ պետք է մասնակցի այս որսորդությանը և դա առանց դուլ ու դադարի։ Ես ձեզ բան եմ ասում, Էդայ, նա մե՛ծ վտանգ է մեզ համար, աղետ է․ մինչև չբռնվի ու չարգելափակվի, պարզապես երկյուղալի է մտածել, թե ինչեր, չեն կարող պատահել․․․
 
― Ուրիշ ի՞նչ կարող ենք անել,— հարց տվեց Էդայը։— Իսկույն գրասենյակ կգնամ ու կսկսեմ կազմակերպել գործը։ Իսկ ինչո՞ւ դուք էլ չգաք։ Այո՛, դուք էլ եկեք։ Եկե՜ք․ մենք պետք է մի տեսակ պատերազմական խորհրդի նիստ գումարենք, Հոփսին էլ օգնության կանչենք, ինչպես նաև երկաթգծի ղեկավարներին։ Ցուպիտերը վկա, սա շտապ գործ է։ Ինձ հետ եկեք. ճանապարհին ամեն ինչ կպատմեք։ Ուրիշ ինչ անենք լավ կլինի։ Դե դուք էլ ցած դրեք այդ զզվելի շորերը․․․
 
Մի րոպե անց Էդայն ու Քեմփը աստիճաններով ցած իջան։ Մուտքի դուռը նրանք բաց գտան, իսկ ոստիկանները դրսում կանգնած ակնապիշ գիտում էին դատարկությունը։
 
— Փախավ, սը՛ր,— զեկուցեց նրանցից մեկը։
 
― Պետք է իսկույն կենտրոնական ոստիկանատուն գնանք, ասաց Էդայը։— Ձեզնից մեկը թող գնա կառք ճարի ու գա վերցնի մեզ և իսկույն․․․ Իսկ դուք, Քեմփ, էլ ի՞նչ կասեք։
 
― Շներ,— պատասխանեց Քեմփը,— շներ ճարեցեք․ չեն տեսնի նրան, բայց հոտը կառնեն։ Շներ ճարեցեք։
 
― Շա՛տ բարի— համաձայննg Էդայը։— Ոչ ոք չգիտե, Բայց Հոլսթեդի բանտապահների մեջ կա մի մարդ, որ խուզարկու շներ ունի։ Այդպես ուրեմն, շներ։ Է՛լ ինչ։
 
― Նկատի ունեցե՛ք,— պատասխանեց Քեմփը,— որ նրա կերածն երևում է։ Ուտելուց հետո կերածն երևում է մինչև մարսվելը։ Ուտելուց հետո ստիպված է լինում թաքնվել։ Դուք պետք է խուզարկեք ամեն մի թուփ, ամեն մի ետ ընկած անկյուն։ Պետք է մեջտեղից վերցնել բոլոր զենքերը և ամեն մի գործիք, որ կարող է զենքի տեղ ծառայել։ Նման բաները երկար ժամանակ կրել չի կարող։ Եվ ամեն ինչ, որ կարող է խլել և հարվածել մարդկանց, պետք է թաքցվի։
 
― Այդ էլ կանենք,— զոչեց Էդայը։— Մենք դեռ կբռնենք նրան։
 
― Իսկ ճանապարհների վրա․․․— ասաց Քեմփն ու վարանեց։
 
― Հետո՞․․․— հարց տվեց Էդայը։
 
― Մանրած ապակի շաղ տալ,— պատասխանեց Քեմփը։— Գիտե՛մ, անգթություն կլինի։ Բայց երբ մարդ մտածում է, թե նա ինչեր չի կարող անել։
 
Էդայը սվսվացնելով ատամների արանքով ներս քաշեց օդը։
 
― Չգիտեմ՝ արդյոք ստորություն չի լինի դա։ Բայց էլի կպատվիրեմ, որ մանրած ապակին պատրաստ ունենան։ Եթե նա չափ ու սահմանն անցնի․․․
 
― Ասում եմ ձեզ, այլևս մարդկային ոչինչ չունի,— հարեց Քեմփը։— Վստահ եմ՝ իր սարսափի իշխանությունը կհաստատի, հենց որ անցնի փախուստից առաջացած հուզմունքը․ այդ մասին այնքան վստահ եմ, ինչքան վստահ եմ, որ հենց հիմա ձեզ հետ եմ խոսում։ Մեր միակ ճարը նրան կանխելն է։ Մարդկության հետ բոլոր կապերը խզել է։ Իր արյան մեղքը՝ իր վիզը․․․
== Գլուխ քսանվեցերորդ։ Ուիքսթիդի սպանությունը ==
Վստահելի
83
edits