Changes
/* Գլուխ տասը․ Ջոկատը պառակտվում է */
Մնացած Պահապանները խմբված նստել էին ափին: Սկզբում բոլորը լուռ էին, միայն երբեմն ինչ-որ մեկը վեր էր կենում ու անհանգիստ քայլում ափի երկայնքով: Հետո սկսեցին զրուցել: Փորձում էին խոսել կողմնակի բաների մասին՝ անցած ճանապարհի մասին, վերապրած արկածների մասին. Արագորնին հարցուփորձ էին անում Գոնդորի մասին, նրա հինավուրց պատմության մասին և այն մասին, թե հին վարպետների մեծագույն աշխատանքներից ինչ է պահպանվել Էմին Մուիլի բարձրավանդակի սահմանային այս վայրում՝ Քարե Հսկաները, Ամոն Հենը, Ամոն Լաուն: Հարցնում էին Ռաուրոսի կողքով իջնող աստիճանների մասին: Սակայն, թեև նրանցից յուրաքանչյուրն իրեն խոսք էր տվել հանգիստ սպասել, խոսակցությունը մշտապես վերադառնում էր Ֆրոդոյի վճռին: Ի՞նչ ընտրություն կկատարի Պահապանը: Ինչու՞ է նա դանդաղում:
— Հավանաբար մտորում է, թե երկու անհուսալի ուղիներից որն է առավել անհուսալի,— եզրակացրեց Արագորնը: — Ծանր ընտրություն է սպասում նրան: Այժմ, երբ մեզ հետևում է Գոլլումը, իսկ գետի այն ափին օրքերն են, արևելքի ճանապարհն առաջվանից ավելի անհուսալի է: Բացառված չէ, որ մեր գաղտնիքն արդեն բոլորին հայտնի է: Բայց Մինաս Թիրիթ գնալը նույնպես խնդրի լուծում չէ՝ մեր նպատակը Մատանին ոչնչացնելն է: Մենք կարող ենք այնտեղ որոշ ժամանակ մնալ և ցույց տալ, թե ինչի ենք ընդունակ, Սակայն ո՛չ փոխարքա Դենեթորը, ո՛չ էլ նրա ժողովուրդը ի վիճակի չեն անել այն, ինչը վեր է նույնիսկ Էլրոնդի ուժերից՝ թաքցնել Մատանին և դիմանալ Մութ Ուժերի ճնշմանը, եթե Թշնամին դրանք հանի Գոնդորի դեմ: Իսկ դա անկասկած տեղի կունենա, եթե Սաուրոնը հայտնաբերի, թե որտեղ է պահվում Մատանին: Ի՞նչ անել... Ո՞ր ճանապարհը կընտրեիք դուք, եթե լինեիք Ֆրոդոյի փոխարեն... Վախենում եմ, որ միայն Գենդալֆը կարող էր այս կործանարար հանելուկը լուծել: Իսկ Գենդալֆը չկա...
— Ուրեմն, ստիպված ենք մենք լուծել,— Արագորնի փոխարեն շարունակեց Լեգոլասը: — Մենք պետք է օգնենք Ֆրոդոյին: Եկեք կանչենք նրան ու քվեարկենք, թե ուր ենք գնում: Ինձ թվում է, քանի արևելյան ճանապարհը փակ է, հարկավոր է հասնել Գոնդոր և մի քիչ սպասել:
— Ինձ էլ է այդպես թվում,— էլֆի հետ համաձայնեց Ջիմլին: — Եվ այնուամենայնիվ, ահա թե ինչ կասեմ. մեզ ուղարկել են գլխավոր Պահապանի հետ, որպեսզի մեր հնարավորության չափով օգնենք նրան, և մենք պարտավոր չենք ուղեկցել նրան ավելին, քան ցանկանում ենք: Բայց եթե Ֆրոդոն այնուամենայնիվ որոշի թեքվել արևելք, ես կգնամ նրա հետ:
— Ես էլ կգնամ,— արձագանքեց Լեգոլասը: — Հիմա նրան մենակ թողնելը դավաճանություն կլիներ:
— Դե մեր մեջ, իմ կարծիքով, դավաճաններ չկան,— ասաց Արագորնը: — Սակայն եթե Ֆրոդոն ուղևորվի Մորդոր, նրան չեն օգնի ո՛չ յոթ, ո՛չ յոթանասունյոթ ուղեկիցները... Այլ նույնիսկ հնարավոր է, որ խանգարեն՝ մեծ ջոկատը հայտնաբերելը հեշտ է: Այնպես որ ես ընդամենը երեքին կառաջարկեի. Սեմին՝ նա ոչ մի դեպքում չի բաժանվի իր տիրոջից, ինձ և Ջիմլիին: Մյուսները Բորոմիրի հետ կուղևորվեն Մինաս Թիրիթ:
— Ո՛չ մի դեպքում,— վրդովված բացականչեց Մերին: — Ես ու Փինը դեռ տանը հաստատ որոշել էինք չբաժանվել Ֆրոդոյից... Եվ կգնանք... Մենք, ճիշտ է, չգիտեինք այն ժամանակ, թե ինչ է մեզ սպասում. հեռվից ամեն ինչ այլ կերպ էր թվում: Բայց դա զարհուրելի է՝ թույլ տալ նրան... Ուղիղ Թշնամու երախը... Մենք պետք է նրան հետ պահենք...
— Իհարկե՛, պետք է... — բարեկամի խոսքը հաստատեց Փինը: — Բայց իմաստ ունի՞ արդյոք հիմա խցկվել այնտեղ: Ա՛յ նա էլ չի կարողանում վճռել... Հասկանում է, որ մենակ գնալ չենք թողնի, իսկ խնդրել, որ իր հետ Մորդոր գնանք՝ չի ուզում... Խեղճ Ֆրոդո... Մի՞թե չի կռահում, որ առանց խնդրանքի էլ կգնանք, եթե չկարողանանք հետ պահել:
— Է՜հ, դուք տիրոջը չգիտեք,— միջամտեց Սեմը: — Էդ նա՞ չի կարող վճռել... Թե չէ Լորիենում արդեն չէր վճռել... Ինքներդ ասեք, նրա ինչի՞ն է պետք այդ Մինաս Թիրիթը... Դե դու չնեղանաս,— աչքերով գոնդորցուն փնտրելով՝ ավելացրեց Սեմը: Եվ հանկարծ անհանգստացած բացականչեց. — Իսկ Բորոմիրն ու՞ր է... Նա ախր երեկվանից ինքն իրենը չի... Ասենք, դե լավ, նրա տունը քթի տակ է, նրա հոգսը մենք չենք... Իսկ տերը, նա վաղուց է վճռել, որ կգնա Մորդոր: Վճռելը՝ վճռել է, բայց վախենում է, ահա և ամենը: նա, իհարկե, շատ բաներ տեսավ, ինչ Պարկուտից դուրս եկավ՝ քանի որ երիցս անիծված Մատանին չգցեց գետն ու չփախավ, ուր աչքը կտրում էր... Դե, այնուամենայնիվ, վախը նրան կրծում է: Դե էստեղ ո՜վ չի վախենա, կուզեք իմանալ... Իսկ մեր բոլորի մասին նա հասկանում է, որ իրեն չենք լքի, հենց էդ էլ գլխավոր խանգարիչն է: Որովհետև նրա վճիռը մենակ գնալն է եղել: Այ հիմա նա կվերադառնա ու մեզ դեռ ցավի մեջ կգցի, հիշեք իմ խոսքերը, ոչ ոքի Մորդոր տանել չի ուզենա...
— Երևակայեք, Սեմն իրավացի է,— մտախոհ ասաց Արագորնը: — Ուրեմն ի՞նչ ենք անելու...
— Չթողնել նրան... Ոչ մի դեպքում չթողնել,— գոռաց Փինը:
— Մենք դրա իրավունքը չունենք,— առարկեց Արագորնը: Նա գլխավոր Պահապանն է ու պատասխանատու է Մատանու ճակատագրի համար: Մենք չպետք է մեր կամքը թելադրենք նրան: Չպետք է և չենք էլ կարող. չափազանց ահարկու ուժեր են ներքաշված Մեծ Մատանու համար մղվող պայքարի մեջ:
— Այդ դեպքում թող շուտ վերադառնա ու ինչ լինելու է՝ թող լինի,— աղերսագին ասաց Փինը: — Այսպիսի սպասումից կարելի է գժվել: Երևի վաղուց ժամն անցել է...
— Այո, վաղուց նրա վերադառնալու ժամանակն է,— հաստատեց Արագորնը:
Այդ պահին ծառերի հետևից դուրս եկավ Բորոմիրը՝ շփոթված ու խոժոռ: Նա կանգ առավ՝ ասես իր ուղեկիցներին հաշվելով, և նրանցից քիչ հեռու նստեց խոտերին:
— Որտե՞ղ էիր, Բորոմիր,— նրան հարցրեց Արագորնը: — Ֆրոդոն քեզ չի՞ հանդիպել:
— Հանդիպել է,— քիչ հապաղելով պատասխանեց գոնդորցին: — Հետո չքացավ... Ես նրան համոզում էի գնալ Մինաս Թիրիթ... և տաքացա... Ու նա անհետացավ: Երևի հագավ Մատանին: Անհետացավ, կարծես գետնի տակն անցավ: Չհաջողվեց գտնել: Կարծում էի, արդեն վերադարձել է:
— Ուրիշ ասելիք չունե՞ս,— մռայլ ու խոժոռվելով՝ գոնդորցուն հարցրեց Արագորնը:
— Առայժմ՝ ոչինչ,— ճիգով խոսեց Բորոմիրը:
— Էդ ո՞նց կլինի,— վախեցած հարցրեց Սեմը,— ախր հագնել չի կարելի... Մենակ Թշնամին գիտի, թե դրանից ինչ փորձանքներ կգան...
— Դե նա երևի անմիջապես էլ հանել է,— մտածելով՝ ասաց Մերին: — Բիլբոյի նման, երբ նա ուզում էր անկոչ հյուրերից ազատվել:
— Իսկ գոնե ու՞ր գնացած կլինի,— հուզված ճչաց Փինը: — Քանի ժամ է արդեն չկա...
— Ե՞րբ ես նրան տեսել, Բորոմիր,— հարցրեց Արագորնը:
— Կես ժամ, գուցեև ժամ առաջ,— անվստահ ասաց գոնդորցին: — Նա անհետացավ... Ես երկար փնտրում էի: Մի խոսքով, չգիտեմ, չգիտեմ...
Բորոմիրը գլուխն առավ ձեռքերի մեջ ու լռեց:
— Ամբողջ մի ժամ,— տնքաց Սեմը: — Շուտ, գնացինք... Հարկավոր է գտնել նրան...
Սեմը դեպի անտառ նետվեց:
— Սպասի՛ր,— տագնապահար հոբիթին ձայն տվեց Արագորնը: — Մենակ չի կարելի, հարկավոր է զույգերի բաժանվել...
Բայց նրան ոչ ոք չէր լսում: Սեմն արդեն վազքով մտնում էր անտառ, Մերին ու Փինը սուրում էին գետի երկայնքով... Ֆրոդո՜... Ֆրոդո՜... կանչում էին նրանք, և դմբդմբան աձագանքը տարածում էր նրանց զրնգուն ձայները: Լեգոլասն ու Ջիմլին նույնպես մտան անտառ:
Արագորնը վազեց Սեմի հետևից, բայց կանգ առավ ու գոռաց Բորոմիրին.
— Ուշքի եկ... Հիմա ժամանակը չէ վերլուծելու, թե ինչ ես ասել Ֆրոդոյին: Վազիր Փինի և Մերիի հետևից: Պահպանիր նրանց և, եթե Ֆրոդոն չգտնվի, վերադարձիր այստեղ: Ես էլ շուտով կվերադառնամ:
Բորոմիրը վազեց գետի երկայնքով, Արագորնը՝ սարալանջն ի վեր: Արոսենիներով եզերված մարգագետնի մոտ նա հասավ Սեմին:
— Միասին գնանք,— ասաց Արագորնը: — Այստեղ ոչ ոք մենակ չպետք է թափառի: Մեկ էլ տեսար մի փորձանք պատահեց: Սրտիցս տալիս է, արագ... Մենք կբարձրանանք Ամոն Հենի գլուխն ու կնայենք, թե շուրջն ինչ է կատարվում: Իմ կարծիքով, Ֆրոդոն հենց այնտեղ է գնացել: Այնպես որ արի հետևիցս և ուշադիր նայիր չորս բոլորդ:
Եվ Արագորնը շտապեց արահետով վերև:
Սեմը չէր կարողանում հասնել հետքագետի հետևից: Շուտով Նրան վերջնականապես աչքից կորցրեց: Հոբիթը մի քանի քայլ էլ արեց ու հևասպառ կանգ առավ:
— Չես կարողանում ոնց որ պետքն է ոտքերով աշխատել՝ գլխով աշխատիր,— ինքն իրեն խորհուրդ տվեց նա: — Գոնդորցին խաբելու սովորություն չունի: Բայց թե կարծես ամեն ինչ չպատմեց: Ինչ-որ մի բան վախեցրել է տիրոջը, ու նա հանկարծ գլուխն է մտցրել՝ հեռանալ: Իսկ ու՞ր: Պարզ բան է՝ արևելք: Առանց Սեմի՞: Այդպես էլ դուրս է գալիս, էլի, առանց Սեմի:
Հոբիթի աչքերը լցվեցին արտասուքով:
— Իսկ դու մի լա, այլ մտածիր,— խթանեց նա ինքն իրեն: — Տերը թռչել առայժմ չի կարողանում: Իսկ արևելքը գետի մյուս կողմում է: Ուրեմն, ինչ էլ որոշի, ստիպված է վերադառնալ նավակների մոտ: Նավակների մո՞տ: Դե՛, Սե՛մ, քեզ տեսնեմ, երկու ոտք էլ փոխ առ ու թռի ափ, գուցե հասնես...
Հոբիթը լռեց ու ցած սուրաց: Ընկավ, արյունոտելու աստիճան ծնկները քերծեց, շտապով վեր թռավ ու շարունակեց վազել: Ահա և ափը: ՍԵմը շուրջը նայեց: Եվ մի ակնթարթ աչքերը չռած քարացավ: Ափից դանդաղ դեպի ջուրն էր սահում մի նավակ: Դատարկ:
Եվ շուրջն էլ ոչ ոք չկար: Ճչալով՝ հոբիթը նետվեց դեպի գետը: Դատարկ նավակը մտավ ջուրը:
— Ե՜ս էլ,— հուսահատ գոռաց Սեմը: — Ե՜ս էլ... Ու թափով չրմփաց Անդուինը: Նավակն արդեն ափից հեռացել էր: Սեմին իր մեջ առավ հզոր հոսանքը, և նա իսկույն ջրի տակ անցավ:
Դատարկ նավակից հայհոյանք լսվեց: Հետո աշխուժորեն աշխատեցին թիերը՝ իրենք-իրենց, նավակը շրջվեց ու լողաց դեպի այնտեղ, ուր սուզվեց Սեմը:
Սեմի գլուխը երևաց ջրի վրա: Նրա լայն բացված աչքերում սարսափ էր սառել: Նա ջղաձգորեն ջուր էր թքում: Ֆրոդոն ձախ ձեռքը մեկնեց նրան, իսկ աջով բռնեց նրա մազերից:
— Դե՛, դե՛, ոչինչ չկա,— վախեցած խոսեց նա,— ձեռքս բռնի, հիմա ափ դուրս կգանք:
— Փրկե՜ք,— պաղատագին բացականչեց Սեմը,— ձեռքը չեմ տեսնում... Խեղդվու՜մ եմ... փրկե՜ք...
— Հրե՛ս, ձեռքս, հրե՛ս,— պատասխանեց Ֆրոդոն: նա ձեռքով թփթփացրեց Սեմի ուսին, և նա անմիջապես կառչեց: — Նավակողից բռնիր,— ասաց Ֆրոդոն,— ես պետք է թիավարեմ:
Սեմը կախվեց կողից:
Ֆրոդոն արագ թիավարեց ափ, նավակից դուրս եկավ ու Մատանին հանեց: Սեմը, թրջված մկան պես իրեն թափահարելով, ջրից դուրս եկավ:
— Այ թե պնդերեսն ես, հա՜,— ասաց Ֆրոդոն:
— Ախր էդ ո՞նց էիր, տեր իմ, այդպիսի բան որոշել,— հանդիմանանքով բացականչեց դողդողացող Սեմը: — Ի՞նչ էիք անելու, որ ես չհասնեի:
— Ինձ համար հանգիստ գնալու էի արևելք,— ակամա ժպտալով՝ պատասխանեց Ֆրոդոն:
— Հանգի՞ստ... — վրդովված կրկնեց Սեմը: — Առանց բոլորի, և ամենագլխավորը՝ առանց ի՞նձ: Իսկ որ ձեզ բան պատահի՞, ո՞վ է օգնելու... Մենա՞կ, հա՞... Էդ մեկը չէ... Դրան, տեր իմ, ես դիմանալ չեմ կարող...
— Չե՞ս կարող: Իսկ եթե ճանապարհին կործանվես... Ի՞նչ ես կարծում, ես դրան դիմանալ կկարողանա՞մ,— հարցրեց Ֆրոդոն,— չէ՞ որ ես Մորդոր եմ գնում...
— Թե չէ էլ ու՞ր,— պատասխանեց Սեմը: — Իհարկե, Մորդոր, միասին էլ կգնանք:
— Լսիր, Սեմ,— ասաց Ֆրոդոն: — Հիմա կվերադառնան մեր բոլոր ուղեկիցները, և նորից անվերջանալի վեճեր կսկսվեն: իսկ ինձ հարկավոր է անպայման մեկնել: Միակ փրկությունը դրանում է, հասկացիր...
— Մենակ գնալը կործանում է, ոչ թե փրկություն,— առարկեց Սեմը: — Ես էլ կգամ: Կամ էլ մեզանից ոչ ոք ոչ մի տեղ չի գնա: Դե ես հիմա բոլոր նավակները կծակեմ, բայց ձեզ մենակ չեմ թողնի Մորդոր...
Ֆրոդոն շնորհակալ և ուրախ ծիծաղեց:
— Գոնե մեկը թող,— ասաց նա Սեմին,— թե չէ ինչպե՞ս կանցնենք Անդուինը: Դե լավ, եղած-չեղածդ հավաքիր, պնդերես...
— Էս րոպեիս,— ուրախ ասաց Սեմը: — Իմ ուղեպարկը հավաքված է: Միայն մի քիչ ուտելիք կվերցնեմ...
Նա մի ակնթարթում հասավ բեռների մոտ, ընդհանուր կույտից ջոկեց իր ուղեպարկը և վերադարձավ:
Ափից հրվելով՝ Ֆրոդոն ասաց.
— Ուրեմն ինձ մենակ գնալ չհաջողվեց: Իսկ ես, ճիշտն ասած, ուրախ եմ, որ չհաջողվեց: Շա՜տ ուրախ եմ, իմ թանկագին Սեմ: Երևում է, այդպես է որոշված մեր ճակատագիրը, միասին գնալ մինչև վերջ: Հույս ունենանք, որ մեր ուղեկիցները կկարողանան անվտանգ ճանապարհ գտնել: Բայց հազիվ թե այլևս նրանց հանդիպենք:
— Ասում են՝ սարը սարին չի հանդիպում, բայց մենք հո սա՞ր չենք,— առարկեց Սեմը:
Երկու փոքրիկ հոբիթ նավարկում էին դեպի արևելք: Ֆրոդոն ջանադիր աշխատում էր թիերով, բայց հոսանքը թեթև նավակն արագ տանում էր: Ժայռոտի վեմերը հետևում մնացին. Ռաուրոսի մռնչոցը բացահայտորեն մոտենում էր: Սեմը ջանադրաբար օգնում էր տիրոջը, և այնուամենայնիվ դանդաղ, շատ դանդաղ էին հոբիթները նավարկում, անցնում Անդուինը:
Վերջ ի վերջո հասան անտառաշատ Ամոն Լաուի հարավային լանջերին: Վերցնելով ուղեպարկերը՝ նրանք նավակը դուրս քաշեցին ջրից և թաքցրին խոշոր, մոխրագույն քարի տակ:
Իսկ հետո առանց հապաղելու ճանապարհ ընկան:
----