Changes
/* Գլուխ տասնյոթերորդ։ Բժիշկ Քեմփի այցելուն */
== Գլուխ տասնյոթերորդ։ Բժիշկ Քեմփի այցելուն ==
Բժիշկ Քեմփը շարունակեց գրել իր աշխատասենյակում, մինչև որ կրակոցները գրավեցին նրա ուշադրությունը։ Փամփուշտները ճարճատում էին մեկը մյուսի ետևից։
— Օհո՞,— բացականչեց բժիշկ Քեմփը դարձյալ կծելով գրիչը և ականջ դրեց։— Այդ ո՛վ է Բարդոքում ատրճանակով կրակում։
Ապա դեպի հարավ նայող պատուհանին մոտեցավ, վեր հրելով բացեց և գլուխը դուրս տնկելով սևեռուն դիտեց ներքևը փռված պատուհանների ցանցը, տերողորմյայի հատիկների պես շարված գազային լապտերներն ու խանութները, արանքներում ընկած մթին տանիքներով և բակերով, ինչպիսին էր ավանի պատկերը գիշերով։
— Ոնց որ բազմություն է հավաքվել բլրան ստորոտը, «կրիկետիստների» առաջ,— ասաց նա, շարունակելով ուշադիր դիտել։ Այնտեղից հայացքը թափառեց մինչև հեռուները, որտեղ փայլում էին նավերի լույսերը և նավահանգիստը շողշողում էր, ասես լուսավորված մի փոքրիկ տաղավար լիներ՝ հար և նման դեղնափայլ գոհարին։
Հինգ րոպե անց, որի ժամանակ նրա միտքը ճանապարհորդել էր գալիքի սոցիալական պայմանների մասին վերացական խորհրդածություններում և ի վերջո անսահման ժամանակի խորքերում էլ կորսվել, բծիշկ Քեմփը մի թեթև հառաչանքով ինքն իրեն հավաքեց, ցած քաշելով փակեց պատուհանը և վերադարձավ իր գրասեղանը։
Գրեթե մի ժամ անց՝ մուտքի դռան զանգը տրվեց։ Կրակոցները լսելուց ի վեր ալարելով էր աշխատել, մերթ ընդ մերթ խորհրդածությունների անձնատուր լինելով։ Աշխատանքը թողած՝ ականջ դրեց․ լսեց, թե ինչպես սպասուհին դուռը բաց արեց և սպասեց աստիճանների վրա լսվելիք ոտնաձայնին, բայց դա չեկավ։
― Արդյոք ո՞վ էր,— ասաց բժիշկ Քեմփը։
Փորձեց վերսկսել աշխատանքը, բայց չկարողացավ։ Ապա վեր կացավ, աշխատասենյակից դուրս եկավ և հարթակի վրա կանգնած՝ զանգը տվեց, ու երբ սպասուհին երևաց նախասրահում, բժիշկը բազրիքի վրայով ձայն տվեց․
— Նամա՞կ բերին։
— Ո՛չ, սըր, պատահական զանգ էր,— պատասխանեց սպասուհին։
― Չգիտեմ ինչո՛ւ, այս գիշեր անհանգիստ եմ,— ասաց բժիշկ Քեմփն ինքն իրեն։
Ապա աշխատասենյակ վերադարձավ և այս անգամ վճռականորեն հարձակվեց աշխատանքի վրա։ Քիչ անց, ամբողջովին կլանվել էր իր ուսումնասիրությամբ. սենյակի լռությունը խզում էին լոկ ժամացույցի թխկթխկոցն ու սեղանի վրա լուսամփոփի գցած լույսի շրջանի կենտրոնում շտապող գրչի խեղդուկ ճռճռոցը։
Արդեն ժամը երկուսն էր, երբ բժիշկ Քեմփն ավարտեց գիշերվա աշխատանքը։ Նա վեր կացավ, հորանջեց և ներքնահարկի ննջարանն իջավ։ Արդեն հանել էր բաճկոնն ու բաճկոնակը, երբ զգաց, թե ծարավ է։ Մոմը վերցրեց և ճաշասենյակ իջավ զելտերյան ջուրն ու վիսկին փնտրելու։
Գիտահետազոտական աշխատանքները սրել էին բժիշկ Քեմփի դիտողականությունը․ ճաշասենյակից վերադառնալիս աստիճանների ստորոտը փռված փսիաթի մոտ, լինոլեումի վրա տեսավ մուգ գույնի մի բիծ։ Նա վեր բարձրացավ, բայց հանկարծ ինքն իրեն հարց տվեց, թե այդ ինչ բիծ էր լինոլեումի վրա։ Երևի այդ միտքը ուղեղի ենթագիտակցական աշխատանքի արդյունք էր։ Ինչևիցե, այդպես բեռնավորված, նա նախասրահ վերադարձավ, ցած դրեց զելտերյան ջուրն ու վիսկին և կռանալով դիպավ բիծին։ Շատ չզարմացավ, երբ տեսավ, բիծը չորացող արյան կպչունությունն ու գույնն ունի։
Նորից վերցրեց բեռը և վերնահարկ վերադարձավ, չորս կողմը նայելով և աշխատելով պարզել, թե որտեղից էր արյան բիծը։ Հարթակի վրա ինչ֊որ բան տեսավ ու զարմացած կանգ առավ։ Իր սենյակի դռան բռնակն արյունոտ էր։
Նա իր ձեռքին նայեց։ Մաքուր էր ձեռքը։ Եվ ահա, հիշեց, թե երբ աշխատասենյակից իջել էր, ննջարանի դուռը բաց էր գտել, հետևաբար երբեք չէր դիպել բռնակին։ Ուղղակի իր սենյակը գնաց․ դեմքը շատ հանդարտ էր ու թերևս սովորականից մի քիչ ավելի վճռական։ Զննող նայվածքը սենյակի չորս կողմը պտտվելիս՝ մահճակալի վրա կանգ առավ։ Վերմակի վրա արյան մի լճակ կար և սավանը պատռվել էր։ Սկզբում չէր նկատել այդ, որովհետև ուղղակի դեպի զարդասեղանն էր քայլել։ Մահճակալի մյուս ծայրում սավանները փոսացել էին, ասես հենց նոր ինչ֊որ մեկը նստել էր այնտեղ։
Ապա տարօրինակ մի զգացողություն ունեցավ, թե լսում է մի բարձր ձայն, որ ասում էր․ «Տե՜ր աստված, Քե՛մփն է»։ Բայց բժիշկ Քեմփը ձայների հավատացողներից չէր։
Նա սևեռուն նայեց տրորված սավաններին։ Մի՞թե իսկապես ինչ֊որ ձայն էր դա։ Նորից շուրջը նայեց, բայց խառնիխուռն և արյունոտված անկողնից բացի, ուրիշ բան չնկատեց։ Ապա հստակորեն լսեց մի շարժում՝ սենյակի մի կողմից մյուսը, լվացարանի ուղղությամբ։ Բոլոր մարդիկ, ինչքան էլ զարգացած լինեն, միշտ էլ զերծ չեն սնահավատության որոշ մնացուկներից։ Հոգեմաշ մի զգացումով համակվեց Քեմփը։ Ննջասենյակի դուռը փակեց, զարդասեղանին մոտեցավ ու ցած դրեց բեռը; Հանկարծ ցնցվելով իր և լվացարանի միջև հենց օդում նկատեց սավանից կտրված՝ ոլորված և արյունոտ մի վիրակապ։
Ապուշ կտրած նայեց. դատարկ մի վիրակապ էր, պարտ ու պատշաճ կերպով կապված, բայց բոլորովին դատարկ։ Ուզեց մոտենալ ու բռնել, բայց ինչ֊որ հպում և շատ մոտիկից խոսող մի ձայն կասեցրին նրան։
― Քե՛մփ,— ասաց Ձայնը։
― Հը՞,― բացականչեց Քեմփը բերանաբաց։
― Իրար մի՛ անցեք,— հորդորեց Ձայնը։— Ես Անտեսանելի Մարդ եմ։
Քեմփը մի պահ լուռ մնաց, աչքերը հառած վիրակապին։
― Անտեսանելի Մա՞րդ,― դուրս թռավ նրա բերանից։
― Ես Անտեսանելի Մարդ եմ,— կրկնեց Ձայնը։
Քեմփը հանկարծ հիշեց այն պատմությունը, որ առավոտյան այնքան բուռն կերպով ծաղր ու ծանակի էր ենթարկել։ Ըստ երևույթին այդ պահին շատ չվախեցավ ու չզարմացավ։ Հետո միայն անդրադարձավ կատարված իրողությանը։
― Կարծում էի՝ այս բոլորը սուտ է,— ասաց նա։ Նույն պահին գլխում պտտվում էին այդ առավոտ իր բերած փաստարկները։— Դուք վիրակապվա՞ծ եք,— հարցրեց նա։
― Այո՛,— պատասխանեց Անտեսանելի Մարդը։
― Օ՜,― բացականչեց Քեմփը և հանկարծ աշխուժացավ։— Լսե՛ք,— գոչեց նա,— բայց սա դատարկաբանություն է։ Այստեղ մի խաղ կա։— Նա հանկարծ մի քայլ արեց, և դեպի վիրակապը մեկնած ձեռքը դիպավ անտեսանելի մատների։
Այս հպումից ընկրկեց և երեսի գույնը թռավ։
― Աստծո սիրույն, Քեմփ, իրար մի՛ անցեք, օգնության մեծ կարիք եմ զգում։ Կա՛ց։
Անտեսանելի ձեռքը բռնեց Քեմփի բազուկը։ Քեմփը բռունցքով խփեց բազուկին։
— Քե՛մփ,— բղավեց Ձայնը,— Քե՛մփ, իրար մի՛ անցեք,— և ավելի ամուր սեղմեց նրա բազուկը։
Քեմփը ինքն իրեն ազատելու մոլեգին ցանկություն ունեցավ։ Վիրակապված բազուկի ձեռքը բռնեց նրա ուսը և նա հանկարծ հատակից կտրվեց ու շպրտվեց մահճակալի վրա. մեջքի վրա ընկած՝ բերանը բացեց, որ գոռա, բայց իսկույն սավանի մեկ անկյունը ատամների արանքը խրվեց։ Անտեսանելի Մարդը անողոքորեն պառկեցրել էր նրան, բայց բազուկներն ազատ էին, և նա կատաղորեն հարվածում էր և աշխատում քացով տալ։
― Ես ձեզ ասում եմ՝ խելքի եկեք,— ասաց Անտեսանելի Մարդը, որ հակառակ կողերին իջնող հարվածքների, դնռևս կառչել էր Քեմփին։— Երկինքը վկա, դուք կատաղեցնում եք ինձ։
― Հանգիստ մնացեք, հիմարի մե՛կը,— բղավեց Անտեսանելի Մարդը Քեմփի ականջում։
Քեմփը մի քիչ էլ թպրտաց, ապա հանդարտվեց։
― Եթե գոռաք, կջնջխեմ ձեր դեմքը,— ասաց Անտեսանելի Մարդը սավանի ծայրը քաշելով Քեմփի բերանից։— Ես Անտեսանելի Մարդ եմ։ Ո՛չ փչոց է դա, ո՛չ էլ կախարդություն։ Իսկապես Անտեսանելի Մարդ եմ ես։ Եվ ձեր օգնության կարիքն եմ զգում։ Ձեզ վնաս հասցնել չեմ ուզում, բայց եթե գազազած գեղջուկի պես վարվեք, կհասցնեմ։ Դուք ինձ չե՞ք հիշում, Քեմփ։ Գրիֆինն եմ ես ― համալսարանում միասին ենք եղել։
― Թողեք վեր կենամ,ասաց Քեմփը։— Տեղիցս չեմ շարժվի, Եվ թույլ տվեք մի րոպե հանգիստ նստեմ։
Քեմփը նստեց մահճակալում և ծոծրակը շփեց։
― Գրիֆինն եմ ես․ մենք նույն համալսարանից ենք։ Ես ինձ անտեսանելի դարձրի։ Շատ սովորական մարդ եմ, մի մարդ, որին ճանաչել եք, միայն թե անտեսանելի եմ դարձել։
― Գրիֆի՞ն,― հարցրեց Քեմփը։
― Այո՛, Գրիֆին,— պատասխանեց Ձայնը։— Ձեզնից մի կուրս ցածր էի, համարյա ալբինոս էի, վեց ոտնաչափ հասակով, թիկնեղ, վարդադույն ու սպիտակ դեմքով և կարմիր աչքերով. այն, որ քիմիայի մեդալն ստացավ։
― Ես շվարած եմ,— մրթմրթաց Քեմփը։— Ուղեղումս ամեն ինչ իրար է խառնվել։ Այս բոլորն ի՞նչ կապ ունի Գրիֆինի հետ։
— Ե՛ս եմ Գրիֆինը։
Քեմփը մտածեց։
― Ահռելի է,— ասաց նա։— Բայց ինչպիսի սատանայություն է պետք, որ մարդ անտեսանելի դառնա։
― Ո՛չ մի սատանայություն։ Շատ տրամաբանական և դյուրահասկանալի պրոցես է։
― Ահռելի է,— կրկնեց Քեմփը։— Բայց այդ ինչպե՞ս․․․
― Իսկապես, որ ահռելի է։ Բայց ես վիրավոր եմ, վերքս տանջում է ինձ և հոգնել եմ։ Տե՜ր աստված... Քե՛մփ, ի վերջո տղամարդ ե՞ք, թե չէ։ Իրար մի՛ անցեք։ Ինձ ուտելիք ու խմիչք տվեք և թողեք մի քիչ նստեմ այստեղ։
Քեմփն ակնապիշ նայեց վիրակապին, որ շարժվեց սենյակի մի կողմից մյուսը․ հետո տեսավ, թե ինչպես ոզորահյուս մի բազկաթոռ քարշ տրվեց հատակին և կանգ առավ մահճակալի մոտ։ Աթոռը ճռռաց և նստատեղին գրեթե քառորդ մատնաչափ ցած իջավ։ Քեմփը աչքերը շփեց և նորից ծոծրակին տարավ ձեռքը։
— Սա տվեց֊անցավ ոգիներին,— ասաց նա տխմար ծիծաղով։
― Ա՛յ դա լավ է։ Փառք Աստծո, արդեն խոսում եք ողջամիտ մարդու պես։
— Համ էլ հիմարի պես,— պատասխանեց Քեմփը, ձեռքի երեսով սրբելով աչքերը։
― Ինձ մի քիչ վիսկի տվեք։ Հազիվ եմ շունչ քաշում։
― Ես այդ չէի ասի։ Որտե՞ղ եք դուք: Եթե վեր կենամ՝ ձեզ չե՞մ զարնվի։ Այստե՞ղ եք... Շատ բարի․․․ Վիսկի՞․․․ Ահա՛․․․ Որտեղ մատուցեմ ձեզ։
Բազկաթոռը ճռռաց և Քեմփն զգաց, որ բաժակը խլվեց ձեռքից, ճիգ գործադրելով, բաց թողեց այն. նրա բնազդը ընդվզում էր, բայց բաժակը կանգ առավ օդում, բազկաթոռի նստատեղիի ծայրից մի քսան մատնաչափ բարձրության վրա։ Ծայր աստիճան շփոթված՝ Քեմփը ակնապիշ նայեց բաժակին։
— Սա՞... Դե իհարկե, սա պետք է հիպնոս լինի։ Երևի ինձ ներշնչեցիք, թե՝ անտեսանելի եք։
— Դատա՛րկ խոսք,— գոչեց Ձայնը։
― Խելագարություն է սա։
― Ինձ լսեք․․․
— Այս առավոտ վերջնականապես ապացուցեցի,— սկսեց Քեմփը,— թե անտեսանելիությունը․․․
― Հիմա մի կողմ թողե՛ք, ինչ որ ապացուցել եք։ Ես քաղցից մեռնում եմ,— ընդհատեց Ձայնը։— Հետո մերկ մարդու համար գիշերով ցուրտ է։
― Ուտե՜լ է ուզում․․․
Վիսկիի բաժակն ինքն իրեն թեքվեց։
— Այո՛,— պատասխանեց Անտեսանելի Մարդը, թխկոցով ցած դնելով բաժակը։— Ցայգազգեստ չունե՞ք դուք։
Քեմփը կիսաձայն մի բացականչություն արձակեց: Ապա պահարանին մոտեցավ և մուգ֊կարմիր մի ցայգազգեստ հանեց։
― Սա կլինի՞,— հարցրեց նա։
Ցայգազգեստը վերցվեց ձեռքից։ Մի պահ թույլ կախվեց օդում, քստմնելիորեն ալեկոծվեց, ապա լեցուն և պարտ ու պատշաճ կանգնած՝ կոճկվեց ու նստեց բազկաթոռին։
― Ինչ լավ կլիներ՝ վարտիք, գուլպաներ և հողաթափեր ունենայի,— ասաց Անտես անելին կարճ ու կտրուկ։— Եվ ուտելիք էլ...
― Ինչ որ կցանկաք։ Բայց մինչև հիմա երբեք այսքան հիմար գործի մեջ չէի խառնվել․․․
Քեմփը գզրոցները բաց արեց պահանջված առարկաները տալու համար, ապա ցած իջավ, որպեսզի թալանի մառանը։ Քիչ անց վերադարձավ մի քանի սառը կոտլետներով և հացով, մի թեթև սեղան մոտեցրեց և այդ բոլորը հյուրի առաջ դրեց։
― Դանակի կարիք չկա,— ասաց այցելուն․ մի կոտլետ կախվեց օդի մեջ, և ծամելու ձայն լսվեց։
— Անտեսանելի,— մրթմրթաց Քեմփը ու նստեց բազկաթոռին։
― Ուտելուց առաջ միշտ էլ ուզեցել եմ հագնվել,— ասաց Անտեսանելի Մարդը լեցուն բերանով և շարունակեց անհագորեն ուտել։— Տարօրինակ քմահաճույք․․․
― Ըստ երևույթին ձեր դաստակը կարգին է,— հարեց Քեմփը։
― Դուք մի՛ անհանգստանաք,— պատասխանեց Անտեսանելի Մարդը։
― Այսքա՜ն էլ արտասովոր ու աարմանալի․․․
― Այդպե՜ս է․․․ Տարօրինակն այն է՝ որ պատահմամբ հենց ձեր տունն ընկա վիրակապվելու համար։ Առաջին անգամ բախտս բանեց։ Համենայն դեպս, մտադիր էի այս տանը գիշերել։ Դուք պետք է հանդուրժեք այդ։ Զզվելիորեն տհաճ է, չէ՞, արյանս երևալը։ Այստեղ մի կարգին փշուր է կազմվել։ Պարզվում է՝ մակարդվելիս տեսանելի է դառնում։ Արդեն երեք ժամ է այստեղ եմ։
― Բայց ինչպե՞ս գլուխ բերեցիք,— սկսեց Քեմփը զրգռված։— Գրողը տանի։ Այս ամբողջ պատմությունը սկզբից մինչև վերջ անտրամաբանական է։
— Շատ էլ տրամաբանական է,— պատասխանեց Անտեսանելի Մարդը։— Միանգամայն տրամաբանական․․․
Նա ձեռքը մեկնեց ու վերցրեց վիսկիի շիշը։ Քեմփն ակնապիշ նայեց լափող ցայգազգեստին։ Մոմի լույսի շողքը թափանցում էր աջ ուսի պատռվածքի միջով և լույսի մի եռանկյուն կազմում՝ ձախ կողմի կողոսկրների տակ։
— Այդ ի՞նչ կրակոցներ էին,— հարցրեց Քեմփը։— Ինչպե՞ս սկսվեց հրաձգությունը։
— Հիմար մի մարդ կար, որը այսպես ասած՝ դաշնակիցս էր, գրողը տանի։ Փորձեց դրամս գողանալ։ Եվ գողացավ։
— Նա՞ էլ է անտեսանելի։
— Ո՛չ։
― Հետո՞...
— Ինձ մի քիչ էլ ուտելիք չե՞ք տա, նախքան այդ բոլորը պատմելս։ Անոթի եմ և թևս ցավում է։ Իսկ դուք ուզում եք՝ ամեն ինչ պատմեմ ձեզ։
Քեմփը վեր կացավ։
— Ուրեմն դուք երբեք չկրակեցի՞ք,— հարցրեց նա։
― Ո՛չ,— պատասխանեց այցելուն։— Պտտահաբար կրակեց մի հիմարի մեկը, որին ամբողջ կյանքումս չեմ տեսել։ Շատ վախեցողներ եղան։ Ամենքը վախենում են ինձնից։ Գրողի ծոցը գնան․․․ Լսե՛ք․․․ Ես էլի ուտել եմ ուզում, Քեմփ։
— Գնամ֊տեսնեմ՝ ներքևում ուտելու ուրիշ բան կա՞,— պատասխանեց Քեմփը։— Վախենում եմ՝ շատ քիչ բան կգտնեմ։
Ուտելը վերջացնելուց հետո, իսկ նա շատ երկար ճաշեց, Անտեսանելի Մարդը սիգար խնդրեց։ Նա կատաղորեն կծեց ծայրը, նախքան Քեմփը մի դանակ կգտներ և հայհոյեց, երբ երեսի տերևը քանդվեց։
Տարօրինակ էր տեսնել, ինչպես էր ծխում նա․ բերանն ու կոկորդը, սոսորդն ու ռունգները տեսանելի դարձան, իսկ և իսկ ծխե մի ոլորապտույտ ձուլվածք։
— Իսկական օրհնություն է ծխելը,— ասաց նա՝ ուժգին փնչացնելով,— բախտավոր եմ, որ ձեր դուռը ծեծեցի, Քեմփ։ Դուք պետք է օգնեք ինձ։ Եվ ասե՜լ, թե հենց այսպիսի ժամանակ ձեզ պատահեցի։ Սադայելա կան փորձանքի մեջ ընկա։ Ինձ թվում է՝ խելագարվել ՝ի։ Ինչե՜ր չեկան գլխիս։ Բայց հիմա մեր անելիքը կանենք։ Ես ձեզ բան եմ ասում...
Այցելուն նորից անուշ արեց վիսկին ու զելտերյան ջուրը։ Քեմփը վեր կացավ, շուրջը նայեց և հարևան սենյակից մի բաժակ բերեց իր համար։
― Այս բոլորն անհեթեթություն է․․․ Բայց կարծես ես էլ եմ խմել ուզում։
― Վերջին տասներկու տարում շատ չեք փոխվել, Քեմփ։ Դուք, խարտյաշներդ այդպես եք։ Առաջին ցնցումից հետո ձեր պաղարյունությունը գտնում եք ու որոշակի մեթոդով եք շարժվում։ Ես ձեզ բան եմ ասում, մենք միասին ենք աշխատելու։
— Բայց ինչպե՞ս գլուխ բերեցիք,— հարցրեց Քեմփը։― Ինչպե՞ս այսպիսին դարձաք։
― Աստծո սիրույն, թողեք հանգիստ ծխեմ։ Հետո կսկսեմ պատմել։
Բայց Անտեսանելի Մարդն այդ գիշեր ոչինչ չպատմեց։ Դաստակի ցավը սաստկացավ. տենդահար վիճակում էր և ուժասպառ․ մտքից չէր հեռանում սրարշավ վազքը և պանդոկի շուրջը մղած կռիվը։ Կցկտուր խոսում էր Մարվըլի մասին և ջղաձգորեն ծխում էր։ Ձայնը զայրացկոտ էր։ Քեմփը ճգնում էր նրա խոսքերից մի բան հասկանալ։
― Նա վախենում էր ինձնից։ Պարզ տեսնում էի, որ վախենում էր,— քանիցս կրկնեց Անտեսանելի Մարդը։— Խելքը֊միտքը ինձնից ծլկելն էր։ Միշտ դես ու դեն էր ընկնում։ Ո՜նց հիմարացրեց ինձ։ Լակո՛տը... Ես պետք է սպանեի նրան...
— Որտե՞ղից ճարեցիք դրամը,— հանկարծ հարցրեց Քեմփը։
Անտեսանելի Մարդը մի պահ լռեց։
― Այս գիշեր չեմ կարող ասել,— պատասխանեց նա։ Հանկարծ տնքաց ու թեքվեց, անտեսանելի գլուխր դնելով անտեսանելի ձեռքերի վրա։
― Քեմփ,— ասաց նա,— գրեթե երեք օր է՝ չեմ քնել. միայն երկու անգամ, մի ժամի չափ մրափել եմ։ Հենց հիմա պետք է քնեմ։
— Լա՛վ, վերցրե՛ք իմ սենյակը, հենց այս սենյակը։
― Բայց ինչպե՞ս կարող եմ քնել։ Եթե քնեմ, նա կփախչի։ Է՜խ․․․ Մեկ չէ՞ ինձ համար։
― Ինչացո՞ւ է այդ վերքը,— հարցրեց Քեմփը հանկարծ։
― Դատարկ բան է, չանգռվածքն արյունոտվում է։ Օ՜, տե՜ր աստված, ինչպես քնել եմ ուզում։
— Իսկ ինչո՞ւ չեք քնում։
Թվում էր՝ Անտեսանելի Մարդը Քեմփին էր դիտում։
― Որովհետև հատկապես դեմ եմ, որ մերձավորներս բռնեն ինձ,— ասաց նա դանդաղորեն։
Քեմփը վեր թռավ։
— Ի՜նչ հիմարն եմ,— բացականչեց Անտեսանելի Մարդը, ուժով խփելով սեղանին։— Ինքս ձեզ ներշնչեցի այդ միտքը։
== Գլուխ տասնութերորդ։ Անտեսանելի Մարդը քնում է ==