Changes
/* Գլուխ XXII */
Բայց, երբ նրան տեսա առաջին անգամ, իրեն այնպես էր պահում, որ նրա վարքը այստեղ նկարագրել հնարավոր չէ։ Եթե ցանկություն ունեք, խնդրեմ, կարդացեք այդ մասին «Վարք սրբոց»<ref>Ճգնավորներին վերաբերող մանրամասնությունները, որ բերվել են գլխի մեջ, փոխառնված են Լեքքի գրքից, բայց մեծապես մեղմացված են։ Այդ գիրքը պատմագրական աշխատություն չէ, այլ սոսկ միայն ասք, և պատմիչի շարադրած բացահայտ մանրամասնությունները շատ ուժեղ են, որպեսզի հնարավոր լիներ դրանք սույն գրքի մեջ վերարտադրել։ (Ծան․ հեղինակի)։</ref>֊ի մեջ։
==Գլուխ XXIII==
Աղբյուրի վերականգնումը
Շաբաթ կեսօրին ես գնացի ջրհորի մոտ, տեսնելու, թե ինչ է կատարվում այնտեղ։ Մերլինը դեռ անուշաբույր փոշիներ էր այրում, ձեռքերով օդը սրատում և ավելի ջանադրողաբար, քան երբևէ, ինչ֊որ բաներ մրթմրթում, բայց այս անգամ նրա տեսքը սրտաբեկ էր, որովհետև, ինչպես գիտեք, նույնիսկ խոնավություն չէր կարողացել առաջ բերել ջրհորի մեջ։ Վերջապես ես ասացի․
― Է՜, ջանքերդ ի՞նչ են խոստանում հիմա, լծակից եղբայր։
― Ահավասիկ, ես հիմա դիմում եմ ամենահզոր հմայքներին, որ հայտնի են միայն Արևելքի գաղտնի գիտությունների իմաստագույն գիտակներին, եթե այդ հմայքներն էլ չօգնեն, ուրեմն արդեն ոչինչ չի կարող փրկել։ Դադար մնա, մինչև վերջացնեմ։
Այս անգամ նա այնպիսի ծուխ բարձրացրեց, որ ամբողջ շրջակայքը մթնեց, և ճգնավորները մասնավորապես շատ նեղվեցին, քանի որ քամին փչում էր նրանց կողմ և ալիքաձև թանձր ծուխը լցվեց նրանց խորշերը։ Նա այնքան շատ խոսեց, որ կարելի էր հատորներ կազմել, ամբողջ մարմնով կուտապ֊կուտապ էր գալիս և մոլեգնորեն օդը սրատում իր ձեռքերով։ Քսան րոպե անց նա գետին փռվեց ուժաթափ և համարյա շնչահեղձ լինելով։ Այդ պահին հայտնվեցին վանահայրը, մի քանի հարյուր վանականներ ու կուսաններ, բազմաքանակ ուխտավորներ և անհամար թվով ընկեցիկներ, որոնց գրավել էր հրաշագործ ծուխը, և որոնք բոլորն էլ արտակարգ հուզված էին։ Վանահայրը անձկությամբ հարցրեց արդյունքների մասին։ Մերլինը ասաց․
― Եթե մահկանացուի զորությունը բավական լիներ այս ջրերը շղթայած կախարդանքը փարատելու համար, աղբյուրը արդեն խփելիս կլիներ։ Բայց այն ձախողվեց, հետևաբար, պատահել է մի բան, ինչից ես ամենից շատ էի վախենում․ աղբյուրը կախարդված է Արևելքի մոգերին հայտնի ամենահզոր ոգու կողմից, որի անունը տվող յուրաքանչյուր մարդ տեղն ու տեղը կմեռնի։ Չկա ու չի կարող լինել մահկանացու, որ թափանցեր այդ կախարդանքների գաղտնիքի մեջ, իսկ առանց այդ գաղտնիքները իմանալու, հնարավոր չէ դրանք փարատել։ Ջուրը այլևս երբեք այստեղ չի հոսի, բարի հայր իմ։ Ես արեցի այն, ինչ մարդը կարող էր անել։ Արտոնիր ինձ գնալու։
Իհարկե, վանահայրը բավականին հուսալքվեց։ Եվ հուսալքության դրոշմը դեմքին դարձավ ինձ ու ասաց․
― Դու լսեցի՞ր նրան։ Ճի՞շտ է ասում։
― Մասամբ այո։
― Ուրեմն ոչ ամբողջությամբ, այո՞։ Ո՞ր մասն է ճիշտ։
― Ճիշտ է այն, որ ջրհորը իրոք կախարդված է արևելյան անունով ոգու կողմից։
― Աստված գթա մեզ։ Մենք կորած ենք։
― Գուցե։
― Բայց ոչ հիմնովին, այո՞։ Դու ուզում ես ասել ո՛չ հիմնովին։
― Այո, ճիշտ այդպես։
― Հետևաբար, դու ուզում ես ասել նաև, որ նա, երբ պնդում էր, թե ոչ ոք անզոր է փարատելու այդ կախարդանքը․․․
― Այո, այդ կետում նա պարտադիր չէ, որ ճիշտ լինի։ Կան պայմաններ, որոնց առկայության դեպքում այդ կախարդանքը փարատելու փորձը կարող է շատ աննշան, պարզապես չնչին հաջողություն խոստանալ։
― Պայմաններ․․․
― Օ, դրանք բոլորովին էլ դժվար չեն։ Ահա այդ պայմանները․ ջրհորը և շրջակա ամբողջ տարածությունը կես մղոնի սահմաններում պետք է դրվեն իմ ամբողջական իշխանության տակ այսօր մայրամուտից հետո մինչև այն պահը, երբ ես կփարատեմ կախարդանքը, և ոչ ոք իրավունք պիտի չունենա այստեղ մտնելու առանց իմ թույլտվության։
― Դա բոլո՞րն է։
― Այո։
― Եվ դու չե՞ս վախենում փորձ անել։
― Օ, բոլորովին։ Ես, անշուշտ, կարող եմ ձախողվել, բայց կարող եմ նաև հաջողություն ունենալ։ Անհրաժեշտ է, որ մեկը համարձակվի փորձել։ Ես պատրաստ եմ։ Ընդունո՞ւմ եք իմ պայմանները։
― Անվերապահ։ Ես կարգադրություն կանեմ, որ կատարվեն քո բոլոր պահանջները։
― Սպասեցեք, ― ասաց Մերլինը, չարագուշակ ժպիտով։ ― Ձեզ հայտնի՞ է, որ նա, ով ուզում է փարատել այդ կախարդանքը, պետք է իմանա ոգու անունը։
― Այո, ես գիտեմ նրա անունը։
― Եվ հայտնի՞ է ձեզ, որ այդ անունը իմանալը դեռ քիչ է, պետք է նաև այն արտասանել կարողանալ։ Հա՜֊հա՜։ Գիտե՞ք դուք այդ։
― Այո՛, այդ էլ գիտեմ։
― Գիտե՞ք։ Բայց մի՞թե դուք ցնդել եք։ Մի՞թե ուզում եք արտասանել այդ անունը և մեռնել։
― Արտասանե՞լ նրա անունը։ Ինչո՞ւ ոչ։ Ես այն կարտասանեմ, եթե նույնիսկ Կալլեսյան անուն<ref>Կալլեսյան (ուելսյան) անունները կելտական ծագում ունեն և դժվար հնչելի են անգլիացիների համար։</ref> լինի։
― Այդ դեպքում դուք արդեն ննջեցյալ եք, ես այդպես էլ կհաղորդեմ Արթուրին։
― Շատ լավ։ Վերցրեք ձեր մաղախը և չքվեցեք։ Ձեզ, Ջոն Ու Մերլին, մնում է տուն գնալ և եղանակը կանխատեսել, դուք այստեղ այլևս անելիք չունեք։
Ես ճիշտ ցավոտ կետին դիպա և ստիպեցի նրան կնճռոտվել, քանի որ նա ամենավատ եղանակ գուշակողն էր ամբողջ թագավորության մեջ։ Երբ նա հրամայում էր ծովեզերքի երկայնքով տագնապի ազդանշաններ դնել, մի այնպիսի մեռյալ անդորր էր սկսվում, որ ամբողջ շաբաթներ էր տևում, իսկ երբ նա լավ եղանակ էր գուշակում, անձրևը կղմինդր էր ջարդում։ Այնուամենայնիվ, ես նրան թողել էի եղանակի կանխատեսման բյուրոյում ականահարելու համար նրա վարկը։ Իմ ակնարկը կատաղեցրեց նրան, և փոխանակ տուն ճանապարհորդելու և մահվանս լուրս զեկուցելու, նա հայտարարեց, որ մնալու է և հաճույք զգալու իմ փոշիանալու տեսարանից։
Իմ երկու մասնագետները ժամանեցին երեկոյան․ սոսկալի հոգնած էին, քանի որ ճանապարհին համարյա չէին հանգստացել։ Նրանց հետ բարձված ջորիներ կային, որոնց վրա բերել էին ինձ անհրաժեշտ ամեն ինչ․ գործիքներ, պոմպ, կապարե խողովակ, բենգալյան կրակ, մեծ հրթիռների կապոցներ, հռոմեական մոմեր, հրավառության սարքեր, էլեկտրական մարտկոց՝ այն ամենը, ինչ անհրաժեշտ էր շքեղ հրաշքի համար։ Նրանք ընթրեցին ու կարճատև հանգիստ առան, և կեսգիշերին մոտ մենք գնացինք դեպի ջրհորը, որի շուրջ այնպիսի մեռյալ լռություն, այնպիսի դատարկություն էր տիրում, որ նույնիսկ գերազանցում էր պահանջվածը։ Մենք տիրապետություն հաստատեցինք ջրհորի և նրա շրջակայքի վրա։ Իմ տղաների ձեռքից ամեն ինչ գալիս էր, սկսած ջրհոր երեսպատելուց մինչև մաթեմատիկական սարքեր պատրաստելը։ Արևածագից մի ժամ առաջ մենք արդեն փակել էինք ճեղքը և ջրի մակարդակը սկսեց բարձրանալ։ Ապա մատուռի մեջ զետեղեցինք մեր հրավառությունը, կողպեցինք և գնացինք քնելու։
Կեսօրի ժամերգությունը չավարտված, մենք նորից ջրհորի մոտ էինք, որովհետև դեռ շատ անելիք կար, և ես մտադիր էի հրաշքը իրագործել կեսգիշերից առաջ միանգամայն գործնական պատճառներով․ եկեղեցու համար արարչագործված հրաշքը կիրակի օրը գնահատվում էր վեց անգամ ավելի, քան եթե նույն հրաշքը արարչագործված լինի ոչ կիրակի օրը։ Ինը ժամվա ընթացքում ջուրը հասավ սովորական մակարդակին, այսինքն, գտնվում էր պռունկից քսաներեք ոտք ցած։ Մենք ջրի մեջ սուզեցինք փոքրիկ երկաթյա պոմպը (մայրաքաղաքի մոտ գտնվող իմ գործարանի արտադրանքի առաջին նմուշներից մեկն էր դա), ծակեցինք մատուռի դրսի պատի մոտ գտնվող քարե ավազանը և անցքի մեջ տեղադրեցինք կապարե խողովակը, ճիշտ այնպիսի երկարության, որ նրա ծայրը հասնում էր մատուռի դռներին և կարող էր դուրս նետել ջրի մի այնպիսի շիթ, որը լավ տեսանելի լիներ ամբոխին։ Իմ հաշիվներով որոշակի ժամին երկու հարյուր հիսուն ակրից ոչ պակաս տարածություն գրավված կլինի ժողովրդի կողմից այս փոքրիկ սրբազան բլրակի դիմաց։
Մի դատարկ տակառ գտանք, ջարդեցինք կափարիչը, տակառը տարանք ամրացիրինք մատուռի տափակ տանիքի վրա, ապա տակառի մեջ մի հարթ շերտ վառոդ լցրինք, մեկ մատնաչափ հաստությամբ, և վառոդի մեջ էլ տնկեցինք մեր ունեցած ամեն տեսակի բազմաքանակ հրթիռները։ Վառոդը հողորդալարով միացրինք գրպանի էլեկտրական մարտկոցի հետ, ապա մեր ողջ ունեցած բենգալյան կրակը տեղադրեցինք տանիքի չորս անկյուններում՝ մի անկյունում՝ կապույտ, երկրորդում, կանաչ, երրորդում՝ կարմիր, չորրորդում՝ մանուշակագույն, և յուրաքանչյուր անկյունը նույնպես միացրինք մարտկոցի հետ։
Մոտ երկու հարյուր յարդ հեռու, տափարակի վրա, մենք հեսաններից ու տախտակներից չորս ոտք բարձրության մի հարթակ կառուցեցինք։ Հարթակը ծածկեցինք հատուկ այդ առիթով փոխառնված վառ գորգերով և գորգերի վրա էլ տեղադրեցինք վանահոր գահը։ Երբ մտադիր էս հրաշքը արարչագործել տգետ ժողովրդի համար, պարտավոր ես հատուկ ուշադրություն դարձնել յուրաքանչյուր մանրուքին․ յուրաքանչյուր մանրուք պետք է ներգործի ժողովրդի վրա։ Ինչպես նաև ոչ պակաս ուշադրություն պետք է ընծայես այն բանին, որ հարգարժան ու կարևորագույն հյուրերիդ համար ապահովված լինեն բոլոր հարմարությունները։ Եթե այս պայմանները իրագործված են, կարող ես հանգիստ սկսել խաղդ։ Ես գիտեմ այդ ամենի արժեքը, որովհետև ճանաչում եմ մարդու բնությունը։ Շքեղությունը չի փչացնի հրաշքը։ Շքեղությունը շատ հոգս է պահանջում, շատ աշխատանք, երբեմն շատ դրամ, բայց վերջ ի վերջո միշտ էլ գինը հանում է։ Այսպիսով մենք մատուռից մինչև հարթակը ստորգետնյա հաղորդալարեր քաշեցինք, իսկ հարթակի տակ էլ թաքցրինք մարտկոցները։ Ժողովրդին հեռու պահելու համար, հարթակի շուրջը պարանով հարյուր քառակուսի ոտք տարածություն շրջափակեցինք և վերջապես ավարտեցինք աշխատանքը։ Ծրագիրս այսպիսին էր․ ժողովրդի մուտքը արտոնել տաս և կեսին, ներկայացումը սկսել ճիշտ տասնմեկ և քսանհինգին։ Ես դեմ չէի լինի մոտքի վճար գանձել, բայց, անշուշտ, անհարմար էր։ Իմ տղաներին հրահանգեցի մատուռի մեջ լինել տասից ոչ ուշ, երբ դեռ շուրջը ոչ ոք չի լինի, որպեսզի ժամանակին գործի դնեն պոմպը։ Ապա տուն գնացինք ընթրելու։
Աղբյուրին պատահած դժբախտության լուրը մինչ այդ տարածվել էր հեռուները, և վերջին երեք օրերին ժողովրդի հոծ բազմություններ էին գալիս անընդհատ հոսանքով։ Հովտի ցածրադիր մասը վեր էր ածվել վիթխարի ճամբարի։ Մենք լավ հանդիսասրահ կունենայինք, այս մասին կասկած իսկ լինել չէր կարող։ Հազիվ էր մթնշաղը ընկել, երբ մունետիկները շրջեցին ամբողջ հովիտը՝ բոլորին ազդարարելով, որ ջուրը վերադարձվելու փորձ է արվելու, և դա ստիպեց մարդկանց զարկերակները խփել ավելի տենդագին։ Մունտետիկները ազդարարել էին նաև, որ ուղիղ տաս անց երեսունին վանահայրը իր մերձավորների հետ հանդիսավոր թափորով դուրս կգա վանքից և տեղ կգրավի հարթակի վրա և, որ մինչ այդ արգելվում է ներթափանցել սահմանված գոտին․ երբ վանահայրը կնստի, զանգերի ղողանջը կդադարի, դա էլ ազդանշան կծառայի այն մասին, որ բոլոր ցանկացողները կարող են մոտենալ։
Ես արդեն հարթակի վրա էի, հյուրերին ընդունելու պատրաստ, երբ վերջապես երևաց հանդիսավոր թափորը՝ վանահոր գլխավորությամբ։ Ես նրանց նկատեցի միայն այն ժամանակ, երբ մոտեցան պարանին, քանի որ խավար գիշեր էր, երկնքում աստղեր չկային, իսկ ջահեր վառել ես արգելել էի։ Թափորի հետ հայտնվեց նաև Մերլինը ու տեղ գրավեց հարթակի վրա առաջին շարքում։ Այս անգամ նա իր խոսքը պահել էր։ Պարանից այն կողմ կանգնած ամբոխը տեսանելի չէր, բայց ես վստահ էի, որ նրանք արդեն այնտեղ են։ Հազիվ էին լռել զանգերը, երբ այդ ամբոխը հսկա սև ալիքի ձևով ներխուժեց ազատ տարածությունը, և դեռ մի կես ժամ շարունակվում էր նորանոր խմբերի հոսանքը, ապա մարդկային զանգվածը սսկվեց, քարացավ։ Երևի կարելի էր մի քանի մղոն ճանապարհ գնալ մարդկային գլուխներով սալարկված հրապարակով։
Մի քսան րոպե ստիպեցի սպասել, այն բանի համար, որպեսզի տպավորությունը ավելի զորեղ լիներ․ միշտ էլ օգտակար է մի փոքր տանջել հանդիսասրահիդ համբերությունը։ Վերջապես, համընդհանուր լռությունը խախտեց տղամարդկանց երգչախումբը, որ լատինական մի գեղեցիկ երգ երգեց, սկզբում ցածր, ապա ավելի ու ավելի բարձր ձայնով և հանդիսավոր մեղեդին վեհորեն հնչեց խավարի մեջ։ Դա էլ իմ գաղափարն էր և, ըստ երևույթին, ամենահաջող հայտնագործությունը տպավորություն թողնելու տեսակետից։ Երբ երգը ավարտվեց, ես կանգնեցի հարթակի վրա, ձեռքերս տարածեցի և ձեռքս վեր ձգած, մնացի անշարժ մի երկու րոպե, այս եղանակով միշտ էլ կարելի է գերեզմանային լռության հասնել։ Ապա դանդաղ արտասանեցի սոսկալի բառը, որի ահավորությունից բոլորը սարսռեցին, իսկ շատ կանայք ուշաթափվեցին։
― <b>Կոնստանտինոպոլիտանիշերդուգլզաքսպֆայֆենմախերագելլշաֆտ</b><ref>Յանկիի այս, և հետագա «սոսկալի բառերը» գերմաներեն բարդ բառակապակցությունների կատակային համադրություններ են։ Տվյլալ դեպքում մոտավորապես նշանակում է հետևյալը․ «Պարկապզուկների արտադրության կոստանտինոպոլյան ընկերություն»։</ref>
Հենց որ ես տնքալով արտամղեցի այդ բառի վերջին վանկը, ձեռքս դիպցրի իմ էլեկտրական հաղորդալարերից մեկին և խավարի մեջ թաղված ամբոխներին լուսավորեց ժանտատեսիլ կապույտ լույսը։ Ի՜նչ սքանչելի բան էր դա։ Շատերը ճչացին, կանայք տարբեր կողմեր էին նետվում, ընկնավորները ուշաթափվում էին ամբողջ վաշտերով։ Վանահայրն ու վանականները փութաջան խաչակնքում էին իրենց և, շփոթված, աղոթքներ մրմնջում։ Մերլինը դիմանում էր, բայց նա էլ մինչև պճեղների ծայրը զարմանք էր կտրել, կյանքում ոչ մի նման բան չէր տեսել։ Ժամանակն էր մի նոր կրակահերթ տալու։ Ես վեր պարզեցի ձեռքերս և կարծես օրհասի մեջ հեծծեցի այս բառը․
― <b>Նիհլիստենդինամիտտեատերկեստխենսշպրենգունգսատտենտետսֆերզուխանգեն։</b><ref>«Նիհիլսաների գծուծ փորձերը դինամիտով պայթեցնելու թատերական դրամարկղը»։</ref>
Եվ միացրի կարմիր լույսը։ Տեսնել էր պետք, թե ինչպես տնքաց ու ոռնաց այդ մարդկային Ատլանտյանը, երբ դժոխային բոսորը խառնվեց կապույտին։ Վաթսուն վայրկյան անց ես գոռացի․
<b>Տրանսվաալտրուպպենտրոպենտրանսպորտտրանսպելտիրտվայբերտրաուուգստրերնետրագեդի։</b><ref>«Տրանսվաալավյան բանակի տրոպիկական տրանսպորտային ծառայության ուղտերի հովվի հարսանիքի խղճուկ կատագերգություն»։</ref>
Եվ վառեցի կանաչ լույսը։ Այս անգամ սպասելով միայն քառասուն վայրկյան, ես լայն տարածեցի ձեռքերս և ամպրոպագոռ ձայնով ճչացի այս բառերի բառի ավերիչ վանկերը․
― <b>Մեկկամուզելմանենասսենմենշենմերդերմորենմուտտրտարմորնմորնումենտենմախեր։</b><ref>«Մեքքայում համընդհանուր կոտորած սարքող սպանությունների մորը՝ մավրիտանուհուն մարմարյա հուշարձաններ պատրաստող վարպետ»։</ref>
Եվ շողարձակեց մանուշակագույնը։ Բոլոր չորս կրակները վառվում էին միանգամից՝ կարմիրը, կապույտը, կանաչը, մանուշակագույնը, չորս մոլեգնած հրաբուխներ երկինք էին նետում կուրացնող ծխի շիթեր, ծիածանագույն լույսով լուսավորելով, ասես վառ կեսօր լիներ, հովտի ամենահեռավոր անկյուններն անգամ։ Հեռվում, երկնքի հեռանկարի վրա, երևում էր իր սյան կատարին քարացած ճգնավորը․ քսան տարվա ընթացքում առաջին անգամ նա դադարել էր երկրպագելուց։ Ես գիտեի, որ տղաները կազմ ու պատրաստ սպասում են պոմպի մոտ։ Ես ասացի վանահորը․
― Ժամանակը եկել է, հայր։ Հիմա ես կարտասանեմ այն սոսկալի անունը և կհրամայեմ կախարդությանը փարատվել։ Պատրաստ եղեք, բռնեցեք որևէ բանից։
Ապա գոռացի ամբոխին․
― Լսեցեք։ Մի րոպե հետո կախարդությունը կփարատվի, կամ էլ այլևս ոչ մի մահկանացու չի կարող փարատել այն։ Եթե փարատվի, բոլորդ կիմանաք ու կտեսնեք անմիջապես, որովհետև սրբազան ջուրը դուրս կժայթքի մատուռի դռնից։
Ես սպասեցի մի քանի վայրկյան, որպեսզի լսողները փոխանցեին իմ ասածները նրանց, ովքեր ետևի շարքերում էին և չէին լսել, ապա մի արտակարգ կեցվածք ընդունեցի և ձեռքերի անիմաստ շարժումներ արեցի ու գոռացի․
― <b>Բգվջջիլլիգկկ</b><ref>Իմաստից զուրկ հնչյունների հավաքածու է։</ref>
Ես միացրեցի հրթիռներով լեցուն տակառին տանող հաղորդալարը։ Շլացուցիչ կրակե նետերի մի ամբողջ շատրվան սուլոցով դեպի զենիթ խոյացավ, երկնքում ցրվեց, և ադամանդների հեղեղ ցած տեղաց։ Սարսափի մի զորավոր տնքոց անցավ ամբոխի վրայով և հանկարծ վերածվեց ցնծության վայրի Օվացիայի, քանի որ մատուռի դռներից, բոլորի աչքի առաջ, խորհրդավոր կրակների շողարձակումի ներքո դուրս ժայթքեց ազատագրված ջուրը։ Ծերունի վանահայրը ոչ մի բառ չկարողացավ արտաբերել, արցունքները սեղմում էին կոկորդը։ Նա լուռ գրկեց ինձ և ճզմեց իր թևերի մեջ։ Այդ ավելի պերճախոս էր, քան բառը։ Մանավանդ, ավելի վտանգավոր, որովհետև այս երկրում չկար գոնե մի եզակի բժիշկ, որ քոռ գրոշ արժենար։
Տեսնել էր պետք, թե ինչպես էին այդ ամբոխները նետվում ջուրը ու համբուրում այն, համբուրում ու գգվում, փայփայում, խոսում նրա հետ ինչպես կենդանի արարածի, այնպիսի քնքուշ ու թանկագին անուններով կոչում նրան, ինչպիսին տալիս են սրտամոտ հարազատին, ասես թե նա մի վաղեմի բարեկամ լիներ, որը օտարություն էր գնացել, համարվել կորած և հանկարծ տուն էր վերադարձել։ Այո, հաճելի տեսարան էր, և ես դեպի լավը փոխեցի իմ կարծիքը մարդկանց մասին։
Մերլինին տուն ուղարկեցի պատգարակների վրա։ Երբ ես արտասանեցի այն սոսկալի անունը, Մերլինը ուշաթափվեց և դրանից հետո դեռ այնպես էլ չէր կարողանում ուշքի գալ։ Նախկինում նա երբեք չէր լսել այդ անունը, ինչպես նաև ես, բայց նա անմիջապես իմացավ, որ դա իսկականն էր։ Ինչ հիմարություն էլ որ դուրս տված չլինեի, նրա համար իսկական կլիներ։ Հետագայում նա խոստովանեց, որ նույնիսկ այդ ոգու հարազատ մայրը չէր կարող նրա անունը ճիշտ արտասանել, քան ես։ Նա ոչ մի կերպ չէր կարողանում հասկանալ, թե ես ինչպես էի ողջ մնացել, իսկ ես չէի բացահայտում գաղտնիքը։ Միայն ջահել ու անփորձ մոգերը կարող են բերնից թռցնել նման գաղտնիքը։ Մերլինը երեք ամիս վատնեց, աշխատելով կախարդանքի օգնությամբ գտնել հնարքը, որը հնարավորություն է տալիս արտասանել այդ ոգու անունը և ողջ մնալ, բայց ոչինչ չստացվեց և նա հրաժարվեց։
Երբ ես ուղղվեցի դեպի մատուռ, ամբոխը հարգալիր հանում էր գլխարկները և լայն ճանապարհ տալիս, կարծես բարձրագույն էակ լինեի․ ասենք ես իրոք որ բարձրագույն էակ էի և ինքս էլ այդ գիտակցում էի։ Մի քանի վանական ընտրեցի, սովորեցրի պոմպի գաղտնիքը և գործի դրեցի նրանց, որովհետև, անկասկած, բազմաթիվ մարդիկ կուզենային ջրի մոտ անցկացնել ամբողջ գիշերը, և հետևաբար, անհրաժեշտ էր, որպեսզի ջուրը բավարարեր բոլորին։ Այդ վանականների համար պոմպը ինքը մի հրաշք էր, նրանք չէին կարողանում ուշքի գալ զարմանքից և հիացած էին պոմպի գերազանց աշխատանքից։
Դա մեծ գիշեր էր, վիթխարի գիշեր։ Այդ գիշերը ինձ փառք բերեց։ Հպարտությունից պայթում էր սիրտս և ես չէի կարողանում քնել։