Changes

Կոնեկտիկուտցի Յանկին Արթուր թագավորի արքունիքում

Ավելացվել է 35 762 բայտ, 04:59, 24 Հուլիսի 2016
/* Գլուխ XXIII */
Դա մեծ գիշեր էր, վիթխարի գիշեր։ Այդ գիշերը ինձ փառք բերեց։ Հպարտությունից պայթում էր սիրտս և ես չէի կարողանում քնել։
 
 
==Գլուխ XXIV==
 
Մրցակից մոգը
 
 
Այժմ իմ ազդեցությունը Սրբության Հովտում անսահման էր։ Եվ ես ցանկանում էի օգտագործել այն որևէ օգտակար նպատակի համար։ Այդ միտքը անցավ գլխովս հաջորդ առավոտյան, երբ տեսա վանքին մոտեցող իմ ասպետներից մեկին, որը օճառ էր տարածում։ Համաձայն պատմական տվյալների, այստեղի վանականները բավականին աշխարհիկ մտածելակերպ են ունեցել, որպեսզի լողանալ ցանկանային։ Գուցե նրանց մեջ մինչև օրս էլ պահպանվել է այդ պղծության որևէ հատիկը։ Ես հարցրեցի եղբայրներից մեկին․
 
― Չէի՞ք ուզենա լողանալ։
 
Նա փշաքաղվեց այդ մտքից, թե ինչ վտանգ է սպառնում աղբյուրին, բայց ասաց հուզված․
 
― Ինչո՞ւ հարցնել այդ մասին խեղճ մարմնին, որը մանկության օրերից այս կողմ չի ճաշակել օրհնյալ թարմությունը։ Օ՜, աստված իմ, ինչպես կուզենայի լողանալ։ Բայց դա անհնարին է, ազնվափայլ սըր, մի գայթակղիր ինձ, այդ արգելված է։
 
Եվ նա հառաչեց այնպես վշտաբեկ, որ ես հաստատ որոշեցի հնարավորություն տալ նրան լվանալու իր մարմնի հողային կալվածի գոնե վերին շերտը, եթե նույնիսկ այդ կործաներ իմ ամբողջ ազդեցությունը և սնանկացներ վանքը։ Ես գնացի վանահոր մոտ և թույլտվություն խնդրեցի այդ եղբոր համար։ Նա գունատվեց առաջարկությանս վրա․ չէ, չկարծեք, թե ես տեսա գունատվելը, որովհետև այն տեսնելու համար անհրաժեշտ կլիներ նախ երեսի վրայից քերել մի գրքի կազմի հաստության կեղտի շերտ, իսկ ես բնավ մտադրություն չունեի այդ անելու, բայց գիտեմ, որ նա գունատվեց ու դողդողաց։ Նա ասաց․
 
― Ախ, որդիս, խնդրիր ինչ ուզում ես, ամեն ինչ քոնը կլինի և կտրամադրվի քեզ երախտապարտ սրտով, բայդ այդ մեկը․․․ օ՜հ, այդ մեկը․․․ Մի՞թե դու ուզում ես, որ սրբազան աղբյուրը նորից ցամաքի։
 
― Ոչ, հայր, ես չեմ թույլ տա, որ նա ցամաքի։ Ես գաղտնի հայտնություն եմ ունեցել և իմացել, որ անցյալ անգամ սխալ է կատարվել, երբ մտածել են, թե աղբյուրը ցամաքել է լոգարանի պատճառով։ ― Ծերունու դեմքին լայն հետաքրքրասիրություն գծագրվեց։ ― Աստվածային հայտնությունը հաղորդեց ինձ, թե լոգարանը ոչ մի մեղք չի ունեցել այդ դժբախտության մեջ, որը առաքվել է ի վերուստ բոլորովին այլ կարգի մեղքի համար։
 
― Խոսքերդ հանդուգն են․․․ բայց․․․ բայց ողջունելի, եթե ճշմարիտ են։
 
― Ճշմարիտ են, անկասկած։ Թույլ տվեք նորից կառուցեմ լոգարանը, հայր։ Թույլ տվեք վերականգնեմ այն, և աղբյուրը կհորդի հավետ։
 
― Դու խոստանո՞ւմ ես․․․ դու խոստանո՞ւմ ես այդ։ Ասա միայն, դու խոստանո՞ւմ ես այդ։
 
― Այո, ես խոստանում եմ։
 
― Այդ դեպքում ես առաջինը մուտք կգործեմ ու կլողանամ։ Գնա, գործի անցիր։ Մի՛ հապաղիր։ Գնա։ Մի՛ հապաղիր։
 
Ես ու իմ տղաները անմիջապես գործի անցանք։ Լոգարանի ավերակները մնում էին թափված իրենց նախկին տեղում, վանքից ցած, և ոչ մի քար չէր պակասել։ Բոլոր այդ տարիների ընթացքում ոչ ոք անգամ սիրտ չէր արել նրանց մոտենալու։ Այդ ավերակներից խուսափում էին երկյուղածությամբ, կարծես անիծված տեղ լիներ։ Երկու օրվա ընթացքում մենք ամեն ինչ նորոգեցինք, նույնիսկ ջուր քաշեցինք․ ստացվեց մաքուր, զուլալ ջրով մի լայն ու ընդարձակ լճակ, որի մեջ կարելի էր նույնիսկ լող տալ։ Ջուրը մշտահոս էր։ Ներս էր լցվում և դուրս գնում հին խողովակներով։ Ծերունի վանահայրը իր խոսքի տեր եղավ և առաջինը փորձ կատարեց։ Նա ջուրը մտավ իր սև, դողացող մարմնով, և ամբողջ սև եղբայրությունը տագնապահար ու երկյուղած հետևում էր նրան, և նա դուրս եկավ ճերմակած, երջանիկ։ Խաղը շահված էր։ Եվս մի հաղթանակ գրամցվեց։
 
Մեր ամբողջ աշխատանքը Սրբության Հովտում անցավ հաջողությամբ, և ես լիովին բավարարված էի։ Արդեն պատրաստվում էի մեկնել, երբ ձախորդություն պատահեց։ Խիստ մրսեցի և հնացած հոդացավս բռեց։ Իհարկե, ինչպես միշտ լինում է, հոդացավը զարկեց իմ ամենաթույլ տեղին և բուն դրեց։ Դա այն տեղն էր, որը վնասվել էր վանահոր գրկախառնությունից, երբ նա ինձ երախտիք էր հայտնում։
 
Վերջապես, երբ վեր կացա անկողնից, ստվերի էի նմանվում։ Բայց բոլորն այնպես ուշադիր և բարի էին իմ նկատմամբ, այնպես էին ձգտում ինձ ուրախացնել, որ սկսեցի արագորեն ապաքինվել։
 
Սենդին պարզապես մաշվել էր ինձ խնամելիս, այնպես որ ես որոշեցի մենակ մեկնել և նրան թողնել կուսանոց վանքում հանգստանալու համար։ Միտքս այն է, որ հագնվեի ազատ գյուղացու նման և ոտքով շրջեի մեկ կամ երկու շաբաթ։ Դա ինձ հնարավորություն կտար ուտել և քնել երկրի ազատ բնակչության ամենաստորին և աղքատ դասակարգի հետ։ Ուրիշ միջոց չկար ծանոթանալու այդ դասակարգի առօրյա կյանքին և այն բանին, թե ինչպես են ազդում օրենքները նրա վրա։ Եթե ես հասարակ մարդկանց մեջ հայտնվեի ազնվականի հագուստով, նրանք կքաշվեին ինձնից, օտարություն կանեին, կթաքցնեին իրենց իսկական վշտերն ու ուրախությունները և իմ բոլոր դիտումները կլինեին արտաքին ու երևութական։
 
Մի առավոտ երկար զբոսանքի դուրս եկա ոտքերիս մկանները մարզելու և առաջիկա ճանապարհորդությանը պատրաստվելու։ Բարձրացա հյուսիսից հովիտը եզրագծող բլրաշարքը և մոտեցա այն արհեստական քարանձավին, որը ինձ վաղուց ցույց էին տվել հովտից․ դա պատկանում էր մի ճգնավորի, որը հայտնի էր իր անմաքրասիրությամբ և խստակյացությամբ։ Ես գիտեի, որ այդ ճգնավորին վերջերս նշանակալի պաշտոն են առաջարկել Սահարայում, որտեղ, շնորհիվ առյուծների և մոծակների՝ ճգնավորների կյանքը մասնավորապես դժվար է և գրավիչ, և, որ նա մեկնել է Աֆրիկա, դրա համար էլ որոշեցի ներս մտնել և անձամբ համոզվել, արդյոք իսկապես այդ որջից այնպիսի գարշահոտություն է փչում, ինչպես ինձ պատմել են։
 
Զարմանքս մեծ եղավ, երբ տեսա, որ քարանձավը նոր ավլված է ու մաքրված։ Բայց հիմնական անակնկալը դեռ առջևում էր․ քարանձավի խավարում զանգ զնգաց, և ականջիս հասավ այս բացականչությունը․
 
― Հելլո, կենտրոն, Քամելոտն է․․․ Լսիր։ Ինչպե՞ս չհավատալ հրաշքներին, ինչպես չհավատալ, որ նրանք շրջապատում են մեզ բոլոր կողմերից և դրսևորում իրենց այնտեղ, որտեղ բոլորովին չեն սպասվում, երբ ահա այստեղ, իմ կողքին, ինքն իր անձով կանգնած է նորին զորություն Տնօրենը, և դու հիմա սեփական ականջով կլսես նրա ձայնը։
 
Իրերի ինչ վճռական շրջադարձ էր դա, հրեշավոր անհամաչափությունների ինչպիսի կուտակում, անհաշտելի հակասությունների ի՞նչ ֆանտաստիկ համադրություն․ կեղծ հրաշագործի կացարանում տեղավորվել էր իսկական հրաշքը, միջնադարյան ճգնավորի որջը փոխակերպվել էր հեռախոսային կայանի։
 
Հեռախոսավարը դուրս եկավ խավարի միջից․ նա իմ պատանի օգնականներից մեկն էր։ Ես հարցրեցի․
 
― Ե՞րբ եք այստեղ հեռախոսակայան հիմնել, Ուլֆիուս։
 
― Երեկ կեսգիշերին, ազնվափայլ սըր Տնօրեն։ Հովտում մենք շատ լույսեր տեսանք և վճռեցինք կայան հիմնել, որովհետև այդքան շատ լույսեր լինում են միայն խոշոր քաղաքներում։
 
― Շատ ճիշտ եք արել։ Թեպետ սա սովորական իմաստով քաղաք չէ, բայց հարմար տեղ է։ Դուք գիտե՞ք, թե որտեղ եք գտնվում։
 
― Դեռ ժամանակ չեմ ունեցել հարցնելու, որովհետև, երբ իմ ընկերները աշխատանքի մեկնեցին, ինձ այստեղ հերթապահության թողնելով, ես որոշեցի հանգստանալ, ապա առավոտյան հարցուփորձ անել և զեկուցել Քամելոտ տեղանքի անվանումը։
 
― Ուրեմն իմացիր, սա Սրբության Հովիտն է։
 
Չազդեց։ Այսինքն, ուզում եմ ասել, կարծում էի, թե նա վեր կցատկի այդ անունը լսելիս, բայց նրա պետքը չէր։ Միայն հանգիստ ասաց․
 
― Ես այդպես էլ կզեկուցեմ։
 
― Բայց լսիր, չէ՞ որ ամբողջ շրջակայքը թնդում է այստեղ կատարված վերջին օրերի հրաշագործության մասին, մի՞թե դու ոչինչ չես լսել։
 
― Դուք պիտի հիշեք, որ մենք շարժվում ենք գիշերով և խուսափում մարդկանց հետ զրույցի բռնվելուց։ Եվ իմանում ենք միայն այն, ինչ մեզ հեռախոսով հայտնում են Քամելոտից։
 
― Բայց այնտեղ ամեն ինչ գիտեն։ Մի՞թե քեզ չեն հայտնել սրբազան աղբյուրի վերականգնման վիթխարի հրաշքի մասին։
 
― Օ՜, այդ։ Իհարկե, հայտնել են։ Բայց այս հովտի անունը միանգամայն տարբերվում է նրանից։ Իրոք, տարբերությունն այնքան մեծ է, որ անհ․․․
 
― Ի՞նչ անուն էին տվել այդ հովտին։
 
― Անզգամության Հովիտ։
 
― Ա՜, հասկանալի է։ Թող անիծյալ լինի այդ հեռախոսը։ Անընդհատ շփոթում է բառերը և աղճատում իմաստը։ Դե, միևնույն է, այժմ դու գիտես հովտի անվանումը։ Կանչիր Քամելոտը։
 
Նա զանգեց և կանչեց Քլարենսին։ Ինչ հաճելի էր նորից լսել իմ տղայի ձայնը։ Կարծես արդեն տանը լինեի։ Քնքուշ ողջյուններ փոխանակելուց և նրան իմ վերջին հիվանդության մասին պատմելուց հետո հարցրի։
 
― Ի՞նչ նորություններ կան։
 
― Թագավորն ու թագուհին, շատ պալատականների ուղեկցությամբ, հիմա ճանապարհ են ընկնում դեպի ձեր հովիտը, բարեպաշտ կերպով երկրպագելու ձեր վերականգնած աղբյուրին, մաքրվելու մեղքերից և տեսնելու այն տեղը, որտեղից դժոխային ոգին երկինք է նետել իսկական դժոխային կրակ ու բոց։ Եթե դուք լավ ականջ դնեք, կլսեք, թե ինչպես եմ քթիս տակ քրքջում, քանի որ հենց ես էի, որ այդ դժոխային կրակը ընտրեցի մեր պահեստում և ուղարկեցի ձեր հրամանով։
 
― Թագավորը արդյոք գիտի՞ այս հովտի ճանապարհը։
 
― Թագավո՞րը։ Ոչ, ոչ էլ մերձավորներից որևէ մեկը։ Բայց այդ հրաշքի ժամանակ քեզ օգնող տղաները պիտի ուղեկցեն նրան և առաջնորդեն ու ցույց տան հանգստի և գիշերելու տեղերը։
 
― Ե՞րբ կլինեն այստեղ։
 
― Երրորդ օրը, երեկոյան դեմ։
 
― Ուրիշ ի՞նչ նորություններ կան։
 
― Թագավորը սկսել է մշտական բանակ ստեղծել, ինչպես դուք առաջարկել էիք նրան։ Մի գունդը արդեն լրիվ պատրաստ է և սպաները նշանակված են։
 
― Ափսոս։ Ես ինքս էի ուզում նշանակել սպաներին։ Ամբողջ թագավորության մեջ մի խումբ մարդիկ կան, որոնք պիտանի են կանոնավոր բանակի սպաներ լինելու համար։
 
― Այո։ Բայց պետք է ձեզ զարմացնեմ․ մեր վեստփոյնթականներից ոչ մեկը չի ընկել այդ գունդը։
 
― Ի՞նչ ես ասում։ Կատակ չե՞ս անում։
 
― Ճիշտ եմ ասում։
 
― Է՜, դա ինձ անհանգստացրեց։ Ո՞վ է ընտրված և ի՞նչ սկզբունքով։ Արդյո՞ք մրցակցական քննություններ եղան։
 
― Ճիշտն ասած, ես սկզբունքի մասին ոչինչ չգիտեմ։ Բայց գիտեմ մի բան․ այդ սպաները բոլորը ազնվական ընտանիքներից են և ծնված են, ինչպես դուք եք ասում, դատարկ գլուխներով։
 
― Այստեղ ինչ֊որ սխալ կա, Քլարենս։
 
― Հանգիստ եղեք, այդ դեպքում, որովհետև լեյտենանտության երկու թեկնածուներ ճամփորդում են թագավորի հետ, երկուսն էլ երիտասարդ ազնվականներ են, և եթե դուք մնաք ձեր տեղում մինչև նրանց ժամանելը, ապա նրանք իրենք կպատասխանեն ձեր հարցերին։
 
― Դա կարևոր լուր է։ Ինչևէ, ես իմ վեստ֊փոյնթականներից գոնե մեկին կմտցնեմ սպայակազմի մեջ։ Մի սուրհանդակ ճամփիր ակադեմիա իմ հրամանի նետ։ Թող սպանի ձիերին, եթե անհրաժեշտ է, բայց նա պարտավոր է այստեղ լինել այսօր արևամուտից առաջ և ասի․․․
 
― Դրա կարիքը չկա։ Ես ստորգետնյա հեռախոսային կապ եմ հաստատել ակադեմիայի հետ։ Թույլ տվեք միացնեմ ձեզ։
 
― Ի՜նչ հաճելի էր այդ լսել։ Հեռախոսների մթնոլորտում, ամենահեռավոր շրջանների հետ հեռախոսային կապի մթնոլորտում ես նորից շնչում էի լայն ու ազատ։ Միայն այժմ ես հասկացա, թե որպիսի քստմնելի, բութ, անկենդան զարհուրանք է եղել այս երկիրը ինձ համար բոլոր անցած տարիների ընթացքում, թե ինչպես էի շնչահեղձ լինում այստեղ, քանի դեռ կամաց֊կամաց ընտելանում էի այդ հեղձուցիչ օդին։
 
Ակադեմիայի պետքին անձամբ կարգադրություն արեցի։ Ինչպես նաև խնդրեցի ինձ ուղարկել մի քիչ թուղթ, ինքնահոս գրիչ և մի քանի տուփ լուցկի։ Արդեն հոգնել էի առանց այդ համեստ հարմարությունների։ Այժմ ես կկարողանամ օգտվել դրանցից, քանի որ այլևս զրահ հագնելու մտադրություն չունեի, և նորից գրպաններ կունենամ։
 
Վերադարձա վանք և բավականին հետաքրքրական տեսարանի հանդիպեցի։ Վանահայրը և վանականները, մեծ սրահում հավաքված, մանկական հետաքրքրասիրությամբ և դյուրահավատությամբ դիտում էին նոր ժամանած մոգի աճպարարությունները։ Նրա հագուստը ֆանտաստիկորեն խայտաբղետ էր, ինչպիսին կրում են հնդկական հեքիմները։ Նա պտույտներ էր գործում, մրթմրթում, ձեռքերը թափահարում, ինչ֊որ խորհրդավոր նշաններ գծում օդում և հատակի վրա, մի խոսքով, իրեն պահում էր ինչպես բոլոր աճպարարները։ Նա շատ նշանավոր մոգ էր ամբողջ Ասիայում, այդպես էր ինքը վկայում, և դա լիովին բավական էր։ Նման վկայությունները ոսկու գին ունեն և ամենուրեք ընդունվում են հալած յուղի տեղ։
 
Ինչ հեշտ ու էժան էր այս մարդուն վիճակվել մոգ լինելու փառքը։ Նրա մասնագիտությունն էր՝ ասել, թե ինչ է անում տվյալ պահին երկրագնդի այս կամ այն անհատը, կամ ինչ է անելիս եղել նա անցյալի որոշակի պահին, և ինչ պետք է անի ապագայի որոշակի պահին։ Նա հարցրեց, արդյո՞ք որևէ մեկը չի ցանկանում իմանալ, թե այս պահին ի՞նչ է անում Արևելքի կայսրը։ Աչքերի կայծկլտումը և ձեռքերի հիացական շփումը պերճախոս պատասխան էին, իհարկե, այս բարեպաշտ ամբոխը ծարավի է իմանալու, թե ինչ է անում այդ միապետը ճիշտ այս պահին։ Խաբեբան մրթմրթաց, ապա հանդիսավոր ազդարարեց․
 
― Նորին վեհափառություն և հզորություն Արևելքի կայսրը այս պահին փող է դնում մուրացող սուրբ վանականի ափի մեջ․․․ մի ստակ, երկու, երեք, բոլորն էլ արծաթ։
 
Ամբոխը հիացած բզզաց։
 
― Ապշեցուցիչ է, զարմանալի։ Որքան է մարդը սովորել, որքան քրտինք թափել այդպիսի արտակարգ զորության հասնելու համար։
 
Չէի՞ն ցանկանա արդյոք իմանալ, թե այժմ ինչ է անում Հնդկաստանի տիրակալը։ Այո, ցանկանում են։ Նա հայտնեց, թե ինչ է անում Հնդկաստանի տիրակալը։ Հետո ասաց նաև, թե ինչ է անում Եգիպտոսի սուլթանը և ինչ է մտադիր ձեռնարկելու Հեռավոր ծովերի թագավորը։ Եվ այլն և այլն․․․ Եվ ամեն մի նոր հրաշքի հետ անընդհատ ու անընդհատ աճում էր զարմանքը այդ աստիճան ճշգրիտ գիտելիքների վրա։ Երբեմն փորձում էին նրան շփոթեցնել դժվար հարցով, բայց ոչ, նրան շփոթեցնել հնարավոր չէր, յուրաքանչյուր հարցի պատասխանում էր անմիջապես և առանց տատանվելու, լրիվ համոզվածությամբ։ Ես տեսա, որ եթե այսպես շարունակվի, կորցնելու եմ իմ առավելությունը, այս խաբեբային բաժին կընկնի ամեն ինչ, իսկ ես կմնամ ստվերում։ Պարտավոր եմ մի փայտ խրել նրա անիվի մեջ և, ընդսմին, որքան հնարավոր է շուտ։ Եվ ես ասացի․
 
― Ես շատ կուզենայի իմանալ, թե ինչ է անում այս պահին մի մարդ։
 
― Հարցրեք, մի վախեցեք։ Ես ձեզ կպատասխանեմ։
 
― Դա երևի դժվար կլինի․․․ գուցե անհնարին․․․
 
― Իմ արվեստը նման բան չի իմանում։ Որքան դժվար լինի հարցը, այնքան առավել հաճոյքով ես կպատասխանեմ։
 
Ինչպես տեսնում եք, ես աշխատում էի հետաքրքրասիրություն բոցավառել։ Եվ այդ ինձ հաջողվեց, մարդիկ հետաքրքրասիրությունից երկարեցին իրենց վզերը, պահեցին շունչը։ Այժմ մնում էր բորբոքել այն։
 
― Եթե դուք չսխալվեք, եթե դուք ճիշտ պատասխանեք, ես ձեզ երկու հարյուր արծաթյա պենս կտամ։
 
― Հաշվեցեք, թե դրանք արդեն իմ գրպանում են։ Ես ձեզ կասեմ ամեն բան, ինչ դուք կցանկանաք իմանալ։
 
― Այդ դեպքում, ասացեք, ի՞նչ է եմ ես անում իմ աջ ձեռքով։
 
― Ա՜հ֊հ։
 
Զարմանքից բոլորի բերանը բաց մնաց։ Այդ ամբողջ ամբոխի մեջ ոչ մեկի մտքով չէր անցնի ամենատարրական հնարանքը․ հարցնել այնպիսի մեկի մասին, որը այստեղից տաս հազար մղոնի վրա չէր գտնվում։ Մոգը կարկամեց։ Ըստ երևույթին այդպիսի հարց նրան ոչ ոք երբեք չէր տվել։ Նա չգիտեր, թե ինչպես տակից դուրս գար։ Շփոթվել էր ու ոչ մի խոսք արտասանել չէր կարողանում։
 
― Է՜, ինչի՞ եք սպասում, ― ասացի ես։ ― Եթե դուք կարող եք տեղն ու տեղը պատասխանել, թե մարդ ինչով է զբաղված աշխարհի մյուս ծայրին, մի՞թե չեք կարող ասել, թե ինչ է անում ձեզնից երեք յարդի վրա գտնվող մարդը։ Ետևս կանգնած մարդիկ գիտեն, թե ես ինչ եմ անում իմ աջ ձեռքով, և, եթե դուք ճիշտ պատասխանեք, նրանք կհաստատեն։
 
Նա դեռ համրացած էր։
 
― Լավ, ես կբացատրեմ ձեզ, թե ինչու եք լռում, որովհետև չգիտեք։ Դո՞ւք եք մոգը։ Բարի մարդիկ, այս թափառաշրջիկը պարզապես խաբեբա է և ստախոս։
 
Վանականները վշտացան ու վախեցան։ Նրանք երբեք չէին տեսել, որ մեկն ու մեկը համարձակվեր այդ ահարկու արարածներին անուններ կպցնել, և նրանք վախենում էին հետևանքների համար։ Գերեզմանային լռություն տիրեց․ սնոտիապաշտ գլուխների մեջ դառն նախազգացումներ էին ծագում։ Իսկ մինչ այդ, մոգը հասցրեց տիրապետել ինքն իրեն և հանգիստ ու անփույթ ժպտաց։ Եվ բոլորը անմիջապես թեթևություն զգացին, քանի որ, եթե նա ժպտում է, ուրեմն իրենք դեռ կորած չեն։ Նա ասաց․
 
― Այս մարդու խոսքերը այնքան հանդուգն են, որ իմ լեզուն կապվեց զայրույթից։ Թող բոլորին հայտնի լինի, ում դեռ հայտնի չէ, որ իմ աստիճանի մոգերը կարող են գործ ունենալ միայն թագավորների, արքայազների, կայսրերի հետ, միայն այնպիսի մարդկանց հետ, որոնք ծնվել են ծիրանիի մեջ։ Եթե դուք ինձ հարցնեիք, թե ինչ է անում Մեծն Արթուր թագավորը, ես ձեզ կպատասխանեի, բայց նրա հպատակների գործերը ինձ բնավ չեն հետաքրքրում։
 
― Օ, ուրեմն ես սխալ եմ հասկացել ձեզ։ Ինձ թվաց, թե դուք ասացիք, հարցրեցեք որևէ անհատի մասին, և ես մտածեցի, որ որևէ անհատը կարող է լինել առաջին իսկ պատահական անհատը։
 
― Այո, իհարկե․․․ ազնվական ծագման որևէ անհատ, իսկ ավելի լավ կլինի թագավորական ծագման։
 
― Ինձ թվում է, որ այդպես էլ կա, ― միջամտեց վանահայրը, ըստ երևույթին ենթադրելով, որ հիմա հարմար է հարթել վեճը և դժբախտության առաջն առնել։ ― Հազիվ թե այսպիսի զարմանահրաշ ձիրքը ստեղծված լինի ցածր արարածներին հետևելու համար, որոնք չեն ծնվել վեհության գագաթներին։ Մեր Արթուր թագվորը․․․
 
― Կուզենայի՞ք իմանալ նրա մասին, ― միջամտեց մոգը։
 
― Մեծագույն ուրախությամբ և երախտագիտությամբ։
 
Բոլորը նորից հետաքրքրություն և ուշադրություն դարձան ― անուղղելի ապուշներ։ Նրանք խորին հուզումով հետևում էին մոգի շարժումներին և նայեցին ինձ վրա այնպիսի տեսքով, ասես հարցնելիս լինեին, «դե, ի՞նչ կասես սրան, երբ մոգը ազդարարեց․
 
― Թագավորը հոգնել է որսի ժամանակ և ահա արդեն երկու ժամ է, ինչ իր պալատում ընկողմանած է աներազ քնի մեջ։
 
― Թող աստծո օրհնությունը լինի ընդ նմա, ― ասաց վանահայրը և խաչակնքեց։ ― Թող այդ քունը թարմացնի նրա մարմինն ու հոգին։
 
― Այդպես էլ կլիներ, եթե նա քնած լիներ, ― ասացի ես։ ― Բայց թագավորը քնած չէ, նա ձիավարում է այժմ։
 
Թնճուկը նորից ծայր առավ՝ հեղինակությունների ընդհարում էր տեղի ունենում։ Ոչ ոք չգիտեր, թե մեզնից որ մեկին հավատար, չէ որ ես դեռ որոշ վարկ պահպանում էի։ Մոգը արհամարհանքով չափեց ինձ և ասաց․
 
― Կյանքումս շատ պատգամախոսներ, մարգարեներ, մոգեր եմ տեսել, բայց նրանցից ոչ մեկը չէր կարողանում իրերի էությանը հասնել առանց հմայումի։
 
― Դուք ձեր ամբողջ կյանքը անց եք կացրել անտառային թավուտներում և շատ բան եք ձեռքից բաց թողել։ Այստեղի ամբողջ բարի եղբայրությունը կվկայի, որ ինքս էլ երբեմն դիմում եմ հմայումների, բայց ոչ այդպիսի դատարկ բաների համար։
 
Երբ գործը հասնում է ձեռք առնելուն, ինձ հետ չափվելը հեշտ չէ։ Մոգը ստիպված էր մի լավ քրտնելու։ Վանահայրը հարցրեց, թե ինչ են անում թագուհին և պալատականները և ստացավ այսպիսի պատասխան․
 
― Թագավորի նման նրանք էլ որսից հետո հոգնած են և այժմ քնած։
 
― Ես ասացի․
 
― Մի սուտ ևս։ Պալատականների մի մասը իր հաճույքներով է զբաղված, իսկ մյուս կեսը թագուհու հետ քնած չէ, այլ ձիավարում է։ Այժմ, դուք գուցե ճիգ գործ դնեք և պատասխանեք, ո՞ւր են գնում թագավորն ու թագուհին։
 
― Ինչպես ես ասացի, նրանք հիմա քնած են, իսկ վաղը նրանք իրոք ձիավարելիս կլինեն, քանզի ծովափ գնալ են ուզում։
 
― Իսկ որտե՞ղ կլինեն նրանք երրորդ օրը երեկոյան դեմ։
 
― Քամելոտից շատ հյուսիս, շատ հեռու, դեպի ծով տանող ճանապարհը կես արած կլինեն։
 
― Մի սուտ ևս, և այն էլ վիթխարի սուտ, հարյուր հիսուն մղոնանոց։ Նրանց ճանապարհորդությունը կավարտվի և նրանք կժամանեն այստեղ, այս հովիտը։
 
Այ թե բան էր, հա՜։ Վանահայրն ու վանականները ցնծում էին, իսկ մոգը քար կտրեց։ Ես ավարտեցի նրա կատարյալ պարտությունը, ավելացնելով․
 
― Եթե թագավորը չգա, ես պատրաստ եմ փայտ հեծած վազ տալ, բայց եթե գա, ձեզ պիտի ստիպեմ նույն բանը անել։
 
Հաջորդ օրը ես հեռախոսակայան գնացի և իմացա, որ թագավորն արդեն անցել է ճանապարհի վրա գտնվող երկու քաղաքներ։ Մի օր անց ես նորից խոսեցի հեռախոսով և, այդպիսով, անընդհատ տեղյակ էի լինում իրերի վիճակին։ Բայց, իհարկե, այդ մասին ոչ ոքի չէի ասում։ Երրորդ օրը պարզվեց, որ եթե նրան որևէ բան ետ չգցի, ապա կժամանի կեսօրից հետո ժամը չորսին։ Սակայն վանքում, ըստ երևույթին, բնավ էլ չէին պատրաստվում դիմավորել վեհապետին․ ճիշտն ասած, ես զարմացա։ Դա միայն մի բանով կարելի էր բացատրել․ իմ մրցակից մոգը, ըստ երևույթին, գաղտնի գործունեություն էր ծավալել իմ դեմ։ Եվ այդպես էլ էր։ Հարցրեցի ինձ բարեկամ մի վանականի, և նա ասաց, որ իրոք մոգը նորից ինչ֊որ լրացուցիչ հմայություններ է արել ու պարզել, որ արքունիքը որոշել է առհասարակ որևէ ճանապարհորդություն չձեռնարկել և մնալ տանը։ Դե, հիմա ինքներդ դատեցեք, թե ինչ արժե մարդու համբավն ու վարկը այս երկրում։ Այս մարդկանց աչքերի առջև ես այնպիսի մի հրաշք էի գործել, որը իր վեհությամբ ստվերի մեջ էր թողնում պատմության հայտնի մնացած բոլոր հրաշքները, ընդ որում այնպիսի մի եզակի հրաշք, որը գոնե ինչ֊որ չափով իսկական արժեք ուներ, իսկ սրանք, այնուամենայնիվ, պատրաստ էին ուզածդ պահին ինձ դավաճանելու հանուն այդ թափառաշրջիկի, որը իր զորությամբ ոչ մի ապացույց չկարողացավ բերել, բացի սեփական, չստուգված վկայություններից։
 
Ինչևէ, իմ կողմից ճիշտ քաղաքականություն չէր լինի՝ թույլ տալ թագավորին ժամանել հանկարծակի, առանց որևէ հանդիսավորության և փառահեղության։ Դրա համար ես էլ ուխտավորներից մի թափոր կազմեցի, թափորի մեջ մտցնելով նաև մի քանի ճգնավորների, որոնց նախապես ծուխ էի տվել ու դուրս քշել իրենց որջերից։ Ահա միայն այսքանը։ Վանահոր լեզուն կապ ընկավ կատաղության ու ստորացումի զգացումից, երբ ես նրան պատշգամբ տարա ու ցույց տվեցի, թե ինչպես է պետության վեհապետը մուտք գործում վանք, թե ինչպես նրան ոչ մի ամենաետին վանական իսկ չի դիմավորում, թե որքան ամայի ու մեռյալ է շուրջը, և նույնիսկ զանգերը լռում են, իրենց ղողանջներով չուրախացնելով վեհապետի հոգին։ Նա միայն մի հայացք նետեց ու գլխապատառ ցած վազեց։ Մի րոպե անց զանգերը մոլեգին դմբդմբում էին, իսկ վանքի շինություններից դուրս էին վազում վանականներն ու կուսանները սրբազան թափոր կազմելով։ Սույն թափորին միացավ նաև իմ մրցակից մոգը, որը վանահոր կարգադրությամբ հեծել էր փայտի վրա։ Նրա վարկը այլևս ցեխի մեջ էր, իսկ իմս նորից փայլփլում էր երկնքում։ Այո, մարդը կարող է այսպիսի երկրում էլ բարձր պահել իր առևտրական մակնիշի վարկը, բայց դրա համար պետք է անընդհատ տքնի, անընդհատ պետք է լարված լինի ու երբեք ձեռնածալ չնստի։
 
Ադմին, Վստահելի
1876
edits