Changes
/* 16.2.1945 (Ժամը 03-ն անց 12 րոպե) */
== 16.2.1945 (Ժամը 03-ն անց 12 րոպե) ==
Էրվինին հասցնելով տուն, Շտիրլիցը շատ դանդաղ էր գնում, որովհետև կենտրոնի հետ յուրաքանչյուր սեանսից հետո հոգնում էր։
Ճանապարհն անցնում էր անտառով։ Քամին հանդարտվել էր։ Երկինքը մաքուր էր, աստղաշատ, խորը։
«Չնայած Մոսկվան իրավացի է, բանակցությունների հնարավորություն ենթադրելով,— շարունակում էր մտածել Շտիրլիցը։— Անգամ եթե ոչ մի կոնկրետ տվյալներ չունեն, նման բան հնարավոր է, քանի որ տրամաբանական է։ Մոսկվայում գիտեն այն գզվռտոցի մասին, որ այստեղ գնում է ֆյուրերի շուրջը։ Առաջ այդ գզվռտոցը նպատակաուղղված էր՝ ավելի մոտ կանգնել ֆյուրերին։ Այժմ հնարավոր է հակառակ պրոցեսը, նրանք բոլորը՝ և՛ Գյորինգը, և՛ Բորմանը, և՛ Հիմմլերը, և՛ Ռիբենտրոպը շահագրգռված են, որպեսզի պահպանվի ռայխը, նրանցից յուրաքանչյուրի համար սեպարատ հաշտությունը, եթե որևէ մեկը հասնի դրան, _անձնական_ փրկություն է նշանակում, նրանցից յուրաքանչյուրն իր մասին է մտածում, բայց ոչ երբեք Գերմանիայի և գերմանացիների ճակատագրի մասին։ Տվյալ դեպքում հիսուն միլիոն գերմանացիները հանուն իրենց տարվող խաղի խաղաքարտերն են, Քանի դեռ նրանք իրենց ձեռքում են պահպանում բանակը, ոստիկանությունը, ՍՍ֊ը, կարող են ռայխը շրջել ուր ասես, միայն թե անձնական անձեռնմխելիության երաշխիքն ստանան...»։
Վառ լույսի ճառագայթը կուրացրեց Շտիրլիցի աչքերը, նա կկոցեց աչքերն ու մեքենայաբար սեղմեց արգելակը։ Թփերից դուրս ելան ՍՍ֊ի երկու մոտոցիկլ։ Նրանք կտրեցին ճանապարհը, և մոտոցիկլիստներից մեկն ավտոմատն ուղղեց Շտիրլիցի մեքենայի վրա։
— Ջեր փաստաթղթերը,— ասաց նա։
Շտիրլիցը նրան մեկնեց վկայականն ու հարցրեց.
— Ի՞նչ է պատահել։
Մոտոցիկլիստը նայեց վկայականին ու պատվի բռնելով, պատասխանեց.
— Մեզ տագնապի ազդանշանով արթնացրին։ Ռադիստներ ենք փնտրում։
— Եվ ինչպե՞ս,— հարցրեց Շտիրլիցը, փաստաթուղթը պահելով գրպանում։— Առայժմ ոչինչ չկա՞։
— Ձեր մեքենան առաջինն է։
— Ուզո՞ւմ եք բեռնատեղը նայել,— ժպտաց Շտիրլիցը։
Մոտոցիկլիստները ծիծաղեցին․
— Առջևում երկու ձագար կա, զգույշ մնացեք, շտանդարտենֆյուրեր։
— Շնորհակալություն,― պատասխանեց Շտիրլիցը։— Ես միշտ զգույշ եմ...
«Էրվինից հետո են իրար անցել,— հասկացավ նա,— նրանք կտրում են արևելք և հարավ տանող ճանապարհները։ Ընդհանրապես բավական միամիտ բան է, թեև սկզբունքորեն ճիշտ է, եթե գործը Գերմանիան չիմացող դիլենտանաին վերաբերվի․․․
Նա շրջանցեց ձագարները։ Դրանք թարմ էին, օդանցքից թեթև խանձահոտ փչեց։
«Անդրադառնանք մեր ոչխարներին,— շարունակեց մտածել Շտիրլիցը,— թեև այնքան էլ ոչխար չեն նրանք, ինչպես նկարում են Կուկրինիկսները և Եֆիմովը։ Ուրեմն, բանալին, որն ինձ համար հաստատում եմ, սա՛ է՝ Ռիբենտրոպի, Գյորինգի կամ Բորմանի անձնական շահագրգռվածությունը խաղաղության հարցում։ Այն բանից հետո, երբ ես կմշակեմ ռայխի բարձր ոլորտները, հարկ կլինի խիստ ուշադիր զննել Շպեերին։ Մի մարդ, որ ղեկավարում է Գերմանիայի արդյունաբերությունը ոչ միայն տաղանդավոր ինժեներ է, հավանաբար նա լուրջ քաղաքագետ է, իսկ այս դեմքով, որն ուղղակիորեն կապ ունի Արևմուտքի գործարար աշխարհի լիդերների հետ, ես խելքը գլխին չեմ զբաղվել»։
Շտիրլիցը մեքենան կանգնեցրեց լճի մոտ։ Մթության մեջ չէր տեսնում լիճը, բայց գիտեր, որ այն սկսվում է կեչիներից հետո. նա սիրում էր ամռանն այստեղ գալ, երբ թանձր խեժահոտ բռնած օդը հատում էին ծառերի դեղին բները և արևի ճառագայթների սպիտակ սյուները, որոնք թափանցում էին վիթխարի, փշփշոտ սաղարթների արանքից։ Ամռանը նա հեռանում էր թավուտը, պառկում բարձր խոտերի մեջ, անշարժ պառկում էր ժամերով։ Սկզբում նրան թվում էր, թե իրեն այստեղ է ձգում այն, որ լուռ է, մարդ չկա, աղմկոտ լողափեր չկան, այլ դեղնակապույտ կեչիներ են և սպիտակ ավազ սև լճի շուրջը։ Բայց հետո Շտիրլիցը ևս մի քանի նման խաղաղ, անմարդ անկյուններ գտավ Բեռլինի շրջակայքում. և՛ կաղնու անտառակները Նաուենի մոտ, և՛ Զաքսենհաուզենի հսկայական անտառները, որոնք կապույտ էին թվում, հատկապես գարնանը, ձնհալի ժամանակ, երբ մերկանում էր գորշ հողը։ Հետո Շտիրլիցը հասկացավ, որ այդ փոքրիկ լիճն իրեն ձգում էր, որովհևսէև ինքը հասակ էր առել Վոլգայի վրա, Գորոխովեցի մոտ, ուր միշտ այդպիսի դեղնա֊կապույտ կեչիներ կան և սպիտակ ավազ, և սև լճեր թավուտերում, որոնք ամռան կեսին կանաչով են պատում։ Լճի մոտ գալու այդ ցանկությունը նրա մոտ մի տեսակ մեքենայաբար էր լինում և երբեմն Շաիրլիցը վախենում էր իր մշտական ցանկությունից, քանի որ աստիճանաբար նա այստեղից հեռանում էր թուլացած, փափկած և խմելու ցանկություն էր առաջանում... Երբ քսաներկու թվականին Ձերժինսկու հանձնարարությամբ նա Վլադիվաստոկից հեռացավ սպիտակ բանակի մնացորդների հետ և սկզբում աշխատում էր տարագրությունը ներսից քայքայելու ուղղությամբ Ճապոնիայում, Մանջուրիայում և Չինաստանում, այնքան դժվար չէր իր համար, որովհետն ասիական այդ երկրներում նրան ոչինչ չէր հիշեցնում տունը։ Բնությունն այդ տեղերում ավելի նրբագեղ է, մանրանկարային, կանոնավորված և չափազանց սիրուն։ Երբ նա Կենտրոնի հանձնարարությունն ստացավ անցնել նացիստների դեմ պայքարին, երբ ստիպված եղավ անձնագիրը «կորցնելով» Ավստրալիա մեկնել, որպեսզի այնտեղ Սիդնեյի դեսպանատանը հայտնի իր մասին, Շանհայում կողոպտված ֆոն Շտիրլիցի մասին, առաջին անգամ հայրենաբաղձության նոպա ունեցավ, երբ պատահական մեքնայով Սիդնեյից Կանբերրա էր գնում։ Մեքենան անցնում էր վիթխարի անտառի միջով և նրան թվաց, թե տեղափոխվել է, Տամբովշչինա, բայց երբ մեքենան յոթանասունութերորդ մղոնի վրա կանգնեց բարի մոտ և նա գնաց թափառելու, քանի դեռ ուղեկիցները սպասում էին իրենց սենդվիչներին ու սուրճին, հասկացավ, որ այդ անտառները բոլորովին էլ այն չեն, ինչ Ռուսաստանում. դրանք էվկալիպտի անտառներ են՝ բարկ, շատ հաճելի, բայց բոլորովին ոչ հայրենի հոտով։ Նոր անձնագիր ստանալով և Սիդնեյում մեկ տարի աշխատելով հյուրանոցում, որի տերը գերմանացի էր և ֆինանսապես օգնում էր նացիստներին, նրա խնդիրքով Շտիրլիցը Նյու֊Յորք տեղափոխվեց, աշխատանքի ընդունվեց գերմանական դեսպանություն, ընդունվեց նՍԴԱՊ շարքերը և կատարեց ռայխի գաղտնի ծառայության առաջին հանձնարարությունները։ Նրան Պորտուգալիա տեղափոխեցին արդեն պաշտոնապես, որպես ՍԴ֊ի սպա։ Այնտեղ աշխատեց առևտրական միսիայում այնքան ժամանակ, մինչև որ Իսպանիայում բռնկվեց Ֆրանկոյի խոովությունը։ Այդ ժամանակ նա հայտնվեց Բուրգոսում ՍԴ֊ի համազգեստով, կյանքում առաջին անգամ։ Եվ այդ օրից ի վեր նա ժամանակի մեծ մասն ապրում էր Բեռլինում, կարճատև գործուղումների մեկնելով մեկ Տոկիո (այստեղ պատերազմից առաջ նա վերջին անգամ տեսավ Զորգեին), մեկ՝ Փարիզ, մեկ՝ Բեռն։ Եվ ուր էլ ճանապարհորդեր, միակ տեղը, որ նրան ձգում էր, այս փոքրիկ լճակն էր կեչու անտառում։ Գերմանիայում այս տեղը նրա Ռուսաստանն էր, որտեղ իրեն զգում էր, ինչպես տանը, այստեղ կարող էր ժամերով պառկել խոտերի մեջ ու նայել ամպերին։ Սովոր վերլուծելու և՛ դեպքերը, և՛ մարդկանց, և՛ իր իսկ նվազագույն հոգեկան խաղերը։ Նա գտավ, որ նախասկզբնականորեն տրամաբանական է ձգտումը դեպի հենց այս կեչուտը, որ դրա մեջ անբացատրելի, միստիկական ոչինչ չկա։Նա դա հասկացավ, երբ մի անգամ ամբողջ օրով այստեղ եկավ, հետը վերցնելով տնտեսուհու պատրաստած նախաճաշը, մի քանի բուտերբրոդ երշիկով ու պանրով, մի շիշ կաթ և սուրճ՝ թերմոսի մեջ։ Այն օրը նա սպինինգ վերցրեց հետը՝ գայլաձկան առատ ժամանակն էր, և երկու կարթ։ Շտիրլիցը կես սև հաց գնեց ծածաններին կերակրելու համար, գիտեր, որ նման լճակներում շատ ծածան է լինում։ Շտիրլիցը մի քիչ սև հաց փշրեց եղեգնի մոտ, ապա անտառ վերադարձավ, ծածկոցի վրա դասավորերվ իր նախաճաշը՝ խնամքով դասավորած ցելոֆանե տոպրակների մեջ, նման խանութի ցուցափեղկերում դրված բուտաֆորիայի։ Եվ հանկարծ, երբ ճամփորդական կապույտ բաժակի մեք կաթ լցրեց, տրամադրությունն ընկավ այդ ցուցափեղկային կարագահացերից և նա սկսեց պոկել սև հացից և ուտել մեծ կտորներով, վրան կաթ խմելով։ Ու մի անուշ և դառը բան զգաց, միաժամանակ՝ ուրախ ու անհանգիստ։ Նա հիշեց նույնպիսի խոտ, նույնպիսի կապույտ անտառ և մոր ձեռքերը, հիշում էր միայն մատները՝ երկար ու քնքուշ, և նույնպիսի սև հաց ու կաթը կավե կճուճում, և բոռը, որ կծեց իր վիզը, և սպիտակ ավազը, և ջուրը, որի մեջ բղավելով ընկավ ինքը, և մոր ծիծաղը, և մժղուկի բարակ ծվոցը մայրամուտի սպիտակ երկնքի վրա...
«Ինչո՞ւ կանգ առա,— մտածեց Շտիրլիցը, դանդաղ քայլելով խավար խճուղու վրա։— Հհա՜, հանգստանալ ուզեցի... Եվ հանգստացա։ Չմոռանամ, վաղը Ալեքսի պատասխանի համար Էրվինի մոտ գնալիս պահածոյած կաթ վերցնեմ։ Անպայման կմոռան՜ամ։ Ես պետք է կաթը հիմա դնեմ մեքենայի մեջ, այն էլ անպայման առջևում»։
== Տեղեկություն խորհրդածության համար ==
(_Հիմմլեր_)