Ահա, խնդրեմ։ Մարդս միշտ մարդ է մնում։ Ճնշումի և իրավունքի հարյուրամյակները չեն կարող նրան զրկել մարդկայնությունից։ Նա, ում թվում է, թե դա սխալ է, հենց ինքն է սխալվում։ Այո, ամեն ժողովուրդ իր ընդերքում բավականաչափ ուժեր ունի հանրապետություն ստեղծելու համար, նույնիսկ այնպիսի մի ճնշված ժողովուրդ, ինչպիսին ռուս ժողովուրդն է, և այնպես երկչոտ ու անվճռական, ինչպիսին գերմանական ժողովուրդն է, ― դուրս բերեք անդորրության թմբիրից, և նա ցեխին կհավասարեցնի ուզածդ գահն ու երևելիներին։ Մենք դեռ շատ բան ունենք տեսնելու, դե, եկեք հուսանք ու հավատանք։ Սկզբում մեղմացած միապետություն, մինչև Արթուրի կյանքի վերջը։ Ապա գահի կործանում և ազնվականության վերացում․ այդ դասի յուրաքանչյուր անդամ որևէ օգտակար գործով պիտի զբաղվի։ Հետո համընդհանուր ընտրական իրավունքի հաստատում և ամբողջ իշխանության առհավետ փոխանցում ժողովուրդ կազմող տղամարդկանց ու կանանց ձեռքը։ Այո, ես դեռ պատճառ չունեմ իմ երազներից հրաժարվելու։
==Գլուխ XXXI==
Մարկոն
Մենք անհոգ զբոսնում էինք ու զրույց անում։ Պետք էր այնքան ժամանակ ծախսել, որքան անհրաժեշտ կլիներ Աբբալասուար գյուղակը հասնելու, արդարադատությունը մարդասպանների հետքի վրա գցելու և ետ վերադառնալու համար։ Ընդսմին, մի կողմնակի հետաքրքրություն էլ ունեի, որը երբեք ինձ համար իր թարմությունը չէր կորցնում սկսած այն պահից, երբ ես հայտնվեցի Արթուրի թագավորությունում․ ես դիտում էի, թե ինչպես են պատահական անցորդները հանդիպելիս իրար ողջունում։ Գլխի վեղարը դեպի ետ ծռված, սափրված վանականին, որի ճարպոտ այտերից քրտինք էր կաթկթում, ածխագործ Մարկոն խոր հարգալիր գլուխ էր տալիս, ազնվականի առջև նրա խոնարհվում էր ստրկական նվաստությամբ, մանր ֆերմերների ու ազատ արհեստավորների հետ նա սրտաբաց էր ու շատախոս, իսկ երբ հեզորեն խոնարհված ստրուկ էր անցնում, այդ մարդը քիթը վեր էր տնկում ու համարյա չէր նկատում նրան։ Իսկն ասած, երբեմն մարդ ուզում է կախել ամբողջ մարդկային ցեղը, այդ կատակերգությանը վերջ տալու համար։
Անսպասելիորեն մի դեպքի հանդիպեցինք։ Անտառից դուրս եկավ կիսամերկ տղաների ու աղջիկների մի փոքրիկ խումբ, ահաբեկված ու ճչալով։ Ամենատարեցը մի տասներկու կամ տասնչորս տարեկան կլիներ։ Նրանք օգնություն էին խնդրում, բայց այնպես հուզված էին, որ մենք չէինք կարողանում գլուխ հանել, թե ինչ է պատահել։ Մենք դեպի անտառ նետվեցինք, նրանք խուռներամ վազում էին առջևից, ճանապարհը ցույց տալով, և շուտով ամեն ինչ պարզ դարձավ․ նրանք կախել էին իրենց ընկերոջը ծառի կեղևից սարքած պարանով, իսկ նա թպրտում էր, ջանալով դուրս պրծնել և ավելի ու ավելի սեղմ էր դարձնում օղակը վզի շուրջը․ քիչ էր մնացել խեղդվեր։ Մենք ազատեցինք նրան և ուշքի բերեցինք։ Ահա ձեզ մարդկային բնության մի գիծ ևս․ երեխաներն ամեն ինչում ընդօրինակում էին մեծերին, նրանք ամբոխ֊ամբոխ են խաղացել, և այնքան հաջող, որ արդյունքները կարող էին շատ ավելի լուրջ լինել, քան նրանք սպասում էին։
Դա ինձ համար ձանձրալի զբոսանք չէր։ Ես հաջողացրեցի ժամանակը շատ լավ ծախսել։ Զանազան ծանոթություններ հաստատեցի և, օգտվելով եկվորի հանգամանքից հարցնում էի այն ամենի մասին, ինչ ինձ հետաքրքրում էր։ Որպես պետական գործչի՝ ինձ, բնականաբար, հետաքրքրում էր աշխատավարձը։ Եվ աշխատավարձի մասին ես իմացա այն ամենը, ինչ հնարավոր էր իմանալ այդքան կարճ ժամանակի ընթացքում։ Անփորձ և մտածելու հակում չունեցող մարդը սովորաբար հակված է այս կամ այն ժողովրդի բարեկեցության կամ կարիքի մակարդակը չափելու միջին աշխատավարձով․ եթե միջին աշխատավարձը բարձր է, ուրեմն ժողովուրդը բարեկեցիկ է, եթե ցածր է, ուրեմն ժողովուրդը խարխափում է կարիքի մեջ։ Մինչդեռ դա ճիշտ չէ։ Կարևորը վաստակի չափը չէ, այլ այն, թե որքան բարիքներ կարող եք ձեռք բերել այդ վաստակով, և միայն դա կարող է ասել․ բարձր է ձեր աշխատավարձը փաստորեն, թե անվանապես։ Ես մտաբերում եմ, թե ինչպիսին էր աշխատավարձի վիճակը մեր քաղաքացիական մեծ պատերազմի օրերին, տասնիններորդ դարում։ Հյուսիսում հյուսնը օրական վաստակում էր երեք դոլար՝ ոսկիով, Հարավում՝ հիսուն, որը նրան վճարում էին կոնֆեդերացիայի թղթերով՝ բուշելը մեկ դոլար արժողությամբ։ Հյուսիսում բանվորական արտահագուստը երեք դոլար էր, այսինքն՝ մեկ օրվա վաստակը, Հարավում՝ յոթանասունհինգ, այսինքն երկու օրվա վաստակը։ Մյուս առարկաներն էլ նույն համամասնությամբ էին։ Հետևաբար աշխատավարձը Հյուսիսում կրկնակի բարձր էր, քան Հարավում, քանի որ կրկնակի բարձր էր նրա գնողականությունը։
Այո, ես շատերի հետ ծանոթացա գյուղակում։ Ինձ շատ ուրախացրեց, որ այստեղ արդեն շրջանառության մեջ էր մեր դրամը՝ մեծ քանակությամբ միլրեյսներ, մեծաքանակ միլլեյ, մեծաքանակ ցենտեր, բավականին շատ նիկել, զգալի չափով արծաթ՝ արհեստավորների ու գյուղացիների ձեռքին․ կար նաև ոսկի, միայն թե այն գտնվում էր, այսպես ասած, դրամատանը, այսինքն ոսկերչի մոտ։ Մինչ Մարկոյի որդի Մարկոն սակարկում էր մի խանութպանի հետ քառորդ ֆունտ աղի համար, ես մտա ոսկերչի մոտ և խնդրեցի մանրել քսանդոլարանոց ոսկեդրամը։ Մանրելը մանրեցին, բայց կանխապես դրամը ատամի տակ դրին, հաշվեսեղանին խփեցին՝ զնգոցը լսեցին, թթուներ կաթացրին և հարցուփորձ արեցին․ որտեղի՞ց եմ ես այն ճարել, ո՞վ եմ ես, որտեղի՞ց եմ գալիս, ո՞ւր գնում, ե՞րբ եմ այնտեղ հասնելու և այլն և այլն, կարճ ասած մի երկու հարյուր հարց։ Պատասխանելով բոլոր հարցերին, ես սեփական ազատ կամքով նրանց հայտնեցի նաև բազմաքանակ ուրիշ տեղեկություններ․ ես ասացի, որ իմ շան անունը Պահակ է, որ առաջին կինս բապտիստուհի է եղել, իսկ նրա պապը կողմնակից է եղել ոգելիչ խմիչքների արգելմանը, և որ մի մարդ եմ ճանաչել, որը յուրաքանչյուր ձեռքի վրա երկուական բթամատ ուներ և վերին շրթունքի ներսի կողմից էլ՝ մի խոշոր խալ և որ նա մեռել է, հույսը դնելով փառահեղ հարության վրա և այլն, մինչև որ այդ հետաքրքրասեր գյուղական հարցաքննիչը կարծես բավարարվեց և նույնիսկ փոքր֊ինչ սսկվեց։ Նա, իհարկե, ստիպված էր հարգանքով վերաբերվել ինձ նման հարուստ մարդու նկատմամբ և սիրտ չէր անի ինձ վրա բարկանալու, բայց ես նկատեցի, որ նա իր բարկությունը թափեց ստորադրյալների գլխին, և դա միանգամայն բնական էր։ Այո, նրանք մանրեցին իմ քսաննոցը, բայց ինձ թվաց, որ դրամատան համար դա բավականին դժվար խնդիր էր, ինչպես դժվար կլիներ, եթե տասնիններորդ դարում մտնեի մի աղքատիկ գյուղական խանութ և խանութպանին բոլորովին հանկարծ խնդրեի երկու հազար դոլարանոց տոմսակ մանրել։ Խանութպանը, իհարկե, կմանրեր, բայց անչափ կզարմանար, թե ո՞ր մանր ֆերմերն է գրպանում այդպիսի գումար դրած ման գալիս։ Ըստ երևույթին, հենց այդ կերպ էլ զարմացել էր ներկա ոսկերիչը․ նա ինձ ճանապարհեց մինչև դռները և երկար ժամանակ կանգնած նայում էր իմ ետևից հարգանքախառն զարմանքով։
Մեր դրամները ոչ միայն շրջանառության մեջ էին ամենուրեք, այլ նույնիսկ նրանց նոր անուններին մարդիկ այնպես էին վարժվել, որ նախկինները մոռացության էին տրվում։ Ուր էլ որ գնայիք, լսում էիք․ այս ու այն իրը արժի այսքան դոլար կամ ցենտ, կամ միլ, կամ միլրեյս։ Եվ դա շատ հաճելի էր։ Մենք, անկասկած, առաջադիմում էինք։
Ես ծանոթացա շատ արհեստավորների հետ, բայց նրանց մեջ ամենահետաքրքրականը դարբին Դաուլին էր։ Անչափ առույգ, ասող֊խոսող մարդ էր, երկու օգնական և երեք աշակերտ էր պահում, բայց, այնուամենայնիվ, այնքան շատ պատվերներ ուներ, որ հազիվ էր հասցնում գործի տակից դուրս գալ։ Իրականում նա հարստանում էր ժամ առ ժամ և մեծագույն հարգանք էր վայելում։ Մարկոն հպարտանում էր, որ բարեկամ է նման մարդուն։ Նա ինձ տարավ դարբնի մոտ ցույց տալու համար այն հզոր ձեռնարկությունը, որն այդքան ածուխ է գնում իրենից, բայց իրականում ցանկանում էր, որ ես տեսնեի, թե որքան մոտ բարեկամ է ինքը այդպիսի մեծ մարդուն։ Դաուլին և ես անմիջապես լեզու գտանք․ «Կոլտ» զինագործարանում ես շատ եմ ունեցել նման կարգի տղաներ։ Ես ուզում էի նրա հետ երկար զրուցել, դրա համար էլ հրավիրեցի կիրակի օրը գալ Մարկոյի տուն՝ մեզ հետ ճաշելու։ Երբ մեծահարուստը ընդունեց հրավերը, ուրախությունից Մարկոյի շունչը կտրվեց, նա նույնիսկ մոռացավ զարմանալ այդպիսի շնորհի առիթով։
Մարկոյի խնդությունը անսահման էր, բայց ընդամենը մի քանի րոպե տևեց, շուտով նա մտածկոտ դարձավ և վշտահար, իսկ երբ լսեց, թե ինչպես ես ասացի Դաուլիին, որ ուզում եմ հրավիրել նաև քարտաշ Դիկկոնին ու անվագործ Սմուգին, նրա դեմքի ածխափոշին կավճի գույն ստացավ, և նա բոլորովին ընկճվեց։ Բայց ես գիտեի, որ դրա պատճառը ծախսերն են։ Նա իրեն արդեն սնանկացած էր տեսնում, գտնում էր, որ ֆինանսների օրերը արդեն հաշված են։ Ինչևէ, երբ գնում էինք մյուսներին հրավիրելու, ես ասացի․
― Թույլ տուր հրավիրեմ իմ բարեկամներին և թույլ տուր վճարեմ ծախսերը։
Նրա դեմքը փայլատակեց, և նա կրքոտ ասաց․
― Բայց ո՛չ բոլորը, ո՛չ բոլորը։ Այդպիսի բեռը դու մենակ տանել չես կարող։
Ես ընդմիջեցի․
― Արի իրար լավ հասկանանք, իմ հին բարեկամ։ Ճիշտ է, ես միայն ֆերմայի կառավարիչ եմ, բայց բնավ էլ աղքատ չեմ։ Այս տարի բախտս անչափ լավ բերեց, դու նույնիսկ կզարմանաս, եթե իմանաս, թե որքան եմ ես վաստակել։ Հավատա ինձ, ես կարող եմ վճարել այդպիսի տասներկու ճաշի համար, առանց նույնիսկ մի այսքան հոգ տանելու ծախսի առթիվ, ― ցույց տվեցի մատիս ծայրը։ Զգում էի, որ ոտնաչափ առ ոտնաչափ աճում եմ Մարկոյի աչքում, իսկ երբ ասացի վերջին բառերը, կարծես մի ամբողջ աշտարակ լինեի նրա համար։ ― Թույլ տուր, ուրեմն, անեմ, ինչպես ուզում եմ։ Դու ոչ մի ցենտ անգամ չես ծախսի այդ խնջույքի վրա, դա վճռված է։
― Դու մեծահոգի ես ու բարի․․․
― Ո՛չ, բոլորովին ոչ։ Դու մեծահոգաբար բացեցիր տանդ դռները իմ ու Ջոնսի առջև։ Այսօր Ջոնսն էլ նույն բանն էր ինձ ասում, քեզ, իհարկե, նա այդ չի ասի, որովհետև Ջոնսը ուրբաթախոս է և անմարդամոտ, բայց նրա սիրտը բարի է, ազնիվ և նա կարողանում է գնահատել իր նկատմամբ դրսևորած լավ վերաբերմունքը։ Այո, դու ու քո կինը մեզ շատ հյուրասիրաբար ընդունեցիք․․․
― Օ՜ եղբայր, դա ինչ հյուրասիրություն էր ո՜ր․․․
― Ոչ, դա շատ բան էր նշանակում։ Երբ մարդս իր ունեցած լավագույնն է սրտանց տրամադրում, դա արդեն շատ բան է նշանակում։ Ավելին տալ չի կարող նույնիսկ արքայազնը, որովհետև արքայազնն էլ կարող է տալ միայն իր ունեցած լավագույնը։ Այժմ գնանք խանութները և բան֊ման առնենք, ու թող գնումները քեզ չանհանգստացնեն։ Ես այնպես շռայլող եմ, որ աշխարհը իմ նմանին դեռ չի օրորել։ Գիտես՞, երբեմն մի շաբաթվա մեջ ծախսում եմ․․․ ոչ, չարժե ասել, դու միևնույնն է, չես հավատա։
Այդպես մենք թափառում էինք գյուղի կրպակից֊կրպակ, սակարկելով, շատախոսելով խանութպանների հետ երեկվա դեպքերի մասին․ ամեն րոպե մեզ հանդիպում էին լացող և ահաբեկված երեխաներ, որոնց տները խլել էին, իսկ ծնողներին սպանել կամ կախել։ Մարկոյի և նրա կնոջ հագուստները կարված էին քաթանից ու կոշտ մահուդից և հիշեցնում էին զանազան բեկորներից սոսնձված աշխարհագրական քարտեզը․ հինգ֊վեց տարվա ընթացքում նախնական նյութերից չէր մնացել նույնիսկ մի բեկոր, որ ափի լայնություն ունենար։ Ես ուզում էի առաջիկա ճաշկերույթի առիթով նրանց նոր հագուստ նվիրել, որպեսզի հյուրերի առջև չնսեմանան, բայց ես չգիտեի, թե ինչպես ավելի նրբանկատությամբ ձեռնարկեի գործին, մինչև որ մտքովս անցավ հետևյալը․ քանի որ ես արդեն խոսքերով հաղորդել էի թագավորի շնորհակալությունը, վատ չէր լինի ամրապնդել այն նաև նյութական ապացույցով, և ես ասացի․
― Մարկո, մի բան էլ կա, որ դու պետք է թույլ տաս․․․ Ջոնսի նկատմամբ քո բարի վերաբերմունքից ելնելով․․․ հո չէ՞իր ուզենա վիրավորել նրան, չէ՞։ Ջոնսը շատ է ուզում քեզ իր երախտապարտությունը հայտնել, բայց նա այնքան ամաչկոտ է, որ դա ինքն անել չի կարող։ Նա ինձ խնդրել է իր հաշվին որևէ աննշան բան առնել քո և տիկին Ֆիլլիսի համար, բայց այնպես, որ դուք չիմանաք, թե ով է նվիրողը․․․ Նա անչափ դյուրազգաց մարդ է, հասկանո՞ւմ ես․․․ Ես, իհարկե, խոստացա գաղտնի պահել և դու էլ, խնդրեմ, ծպտուն չհանես։ Նա մտածում էր քեզ և կնոջդ համար նոր հագուստ գնել․․․
― Օ՜, դա արդեն չափն անց է։ Անհնարին է, եղբայր, անհնարին։ Պատկերացրու, թե ինչքան կարժենա․․․
― Գրողի ծոցը արժեքը։ Լսիր, մի րոպե, դու շատ ես խոսում ու չես թողնում ուրիշին բերանը բաց անել։ Դու պիտի բուժվես շատախոսությունից, Մարկո, դա լավ չէ, հասկանո՞ւմ ես, և եթե չսովորես զսպել լեզուդ, նա քեզ կհաղթի։ Մենք կմտնենք այստեղ և կսակարկենք ահա այս կտորը․․․ Միայն չմոռանաս․ Ջոնսը պիտի չկռահի, որ քեզ ամեն ինչ հայտնի է։ Դու պատկերացնել իսկ չես կարող, թո որքան ծիծաղելիորեն դյուրազգաց ու հպարտ է նա։ Նա ֆերմեր է, հարուստ ֆերմեր, ես էլ նրա կառավարիչն եմ, բայ ի՜նչ երևակայության տեր է այդ մարդը։ Երբեմն մտքերով է տարվում ու այնպիսի բաներ ասում, որ կարելի է կարծել, թե երկրի պորտը հենց ինքն է որ կա։ Դու կարող ես ականջ դնել նրան հարյուր տարի ու երբեք գլխի չես ընկնի, որ նա ֆերմեր է, մանավանդ, երբ նա խոսք կսկսի գյուղատնտեսության մասին։ Նրա կարծիքով, ինքը աշխարհիս երեսին գյուղատնտեսության ամենալավ գիտակն է, բայց, մեր մեջ ասած, նա գյուղատնտեսությունից նույնքան է հասկանում, որքան թագավորություն կառավարելուց։ Սակայն, երբ նա խոսում է, պետք է լռել ու բերանը բաց լսել այնպիսի տեսքով, իբր թե կյանքումդ երբեք այդպիսի իմաստուն խոսքեր չես լսել ու վախենում ես, թե կմեռնես ու չես հասցնի մի կուշտ կշտանալ նրա մտքերով։ Այ, դա դուր կգա Ջոնսին։
Մարկոն քրքջաց, լսելով այդպիսի ծիծաղելի մարդու մասին։ Նա բավականին լավ նախապատրաստված էր հնարավոր ամեն անսպասելի քայլերի պարագային։ Իսկ ես փորձից գիտեի․ թագավորի հետ թափառելիս, որը իրեն ուրիշի տեղ է ներկայացնում, բայց ամեն րոպե մոռանում է, թե հենց ում դերն է խաղում, պետք է հնարավորին չափ շրջահայաց լինել։
Սա ամենալավ կրպակն էր, որ մենք հանդիպել էինք։ Այդտեղ կար ամեն ինչ փոքր քանակներով․ մուրճերից ու ճոթերից սկսած մինչև ձուկն ու կեղծված թանկարժեք իրերը։ Որոշեցի ամեն ինչ այստեղից առնել և այլևս թրև չգալ։ Մանավանդ, որ գործողությանս համար ազատ դաշտ էի ստացել։ Մարկոյին ճամփել էի հրավիրելու քարտաշին ու անվագործին։ Ես երբեք ոչ մի բան անաղմուկ չեմ անում, եթե արածս գործը կորցնում է իր թատերականությունը, ես էլ հետաքրքրությունս եմ կորցնում նրա նկատմամբ։ Անհոգ ձևով բավականին խոշոր դրամ նետեցի վաճառասեղանին, շահելու համար խանութպանի հարգանքը, ապա գրեցի ինձ անհրաժեշտ բաների ցուցակը ու մեկնեցի խանութպանին, որպեսզի ստուգեի, արդյոք կարդալ գիտե՞ր, թե ոչ։ Պարզվեց, որ գիտեր և հպարտ էր իր կարողությունը ցուցադրելու։ Նա ասաց, որ սովորել է քահանայի մոտ և գրել կարդալ գիտի։ Աչքի անցնելով ցուցակը, նա գոհունակությամբ նկատեց, որ արդյունքը բավականին խոշոր է։ Ասենք, հենց այդպես էլ էր, մանավանդ նման մի փոքր կրպակի համար։ Ես գնումներ էի անում ոչ միայն ճաշի, այլև շատ ուրիշ նպատակներով։ Հանձնարարեցի այդ ամբողջը սայլակով ուղարկել Մարկոյի որդի Մարկոյի տուն շաբաթ երեկոյան, իսկ կիրակի օրը ճաշի ժամին հաշիվը ուղարկել ինձ։ Նա ասաց, որ ես կարող եմ վստահել նրա ճշտապահությանն ու պատրաստակամությանը, քանի որ դրանք իր առևտրական տան նշանաբաններն էին։ Ավելացրեց նաև, որ Մարկոյի համար ձրի կուղարկի մի երկու ատրճանակ֊դրամապանակ․ հիմա բոլորը դրանք օգտագործում են։ Նա շատ բարձր կարծիքի էր այդ իմաստուն գյուտի մասին։ Ես ասացի․
― Կիսով չափ լցրեք դրանք և ավելացրեք հաշվին։
Նա համաձայնեց հաճույքով, լցրեց դրամապանակները, և ես դրանք հետս վերցրի։ Ես նրան չէի կարող ասել, որ ատրճանակ֊դրամապանակը իմ սեփական գյուտն է և, որ ես պաշտոնապես հրահանգել էի թագավորության բոլոր խանութպաններին ձեռքի տակ ունենալ դրանք և վաճառել պետական գնով, այսինքն չնչին արժեքով, որը մտնում էր խանութպանի գրպանը, այլ ոչ թե պետական գանձարանը։ Մենք դրանք տրամադրում էինք անվճար։
Վերադարձանք երեկոյան դեմ, և թագավորը չնկատեց մեզ։ Նա բավականին կանուխ սուզվել էր թագավորության ամբողջ հզորությամբ Գալլիա ներխուժելու մասին իր երազների մեջ, և օրվա երկրորդ կեսը նրա համար սահել անցել էր բոլորովին աննկատելի։
==Գլուխ XXXII==
Դաուլիի նվաստացումը
Երբ շաբաթ օրը երեկոյան դեմ ամբողջ այդ բեռը ժամանեց, ես քիչ ջանք չգործադրեցի, որպեսզի թույլ չտայի տեր և տիկին Մարկոներին ուշաթափ լինել։ Նրանք համոզված էին, որ ես ու Ջոնսը սնանկացել ենք, և նզովում էին իրենց՝ այդ բանին օժանդակած լինելու համար։ Հարց կտաք, ինչո՞ւ։ Ահա թե ինչու․ ճաշի համար անհրաժեշտ մթերքներից բացի, որ ինքնըստինքյան մի բավականին կլոր գումար էր կազմել, ես շատ ուրիշ բաներ էի առել մեր հյուրընկալների ապագա բարեկեցության համար։ Օրինակ, մի պարկ ցորեն, ― սպիտակ հացը նույնքան հազվադեպ քաղցրավենի էր նրանց դասակարգի մարդկանց սեղանին, որքան պաղպաղակը ճգնավորի համար, ապա՝ մի մեծ ճաշասեղան, ապա մի երկու ֆունտ աղ, որը շքեղության մի ուրիշ նմուշ էր այդ մարդկանց աչքում․ ապա՝ ամանեղեն, հագուստ, գարեջրի մի փոքրիկ տակառ և այլն։ Ես հանձնարարեցի Մարկոյին ու նրա կնոջը՝ ոչ ոքի չասել այդ ամենի մասին, որպեսզի զարմացնեինք հյուրերին և մի փոքր ներկայացում սարքեինք։ Նոր զգեստները տեսնելով, այս պարզամիտ ամուսինները ուրախացան երեխաների նման․ նրանք գիշերը քնել չկարողացան, անընդհատ վեր էին կենում տեսնելու, թե արդյոք լույսը չի բացվել, և վերջ ի վերջո, հագան նոր զգեստները արևածագից մի ժամ առաջ։ Այստեղ նրանց հիացմունքը հասավ այնպիսի չափերի, որ լիուլի վարձատրեց ինձ, ընդհատվածս քնի փոխարեն։ Թագավորը, ինչպես միշտ, քնած էր մեռելի նման։ Մարկոն ու կինը չէին կարող նրան շնորհակալություն հայտնել հագուստի համար, որովհետև ես արգելել էի, բայց նրանք ամեն կերպ ջանում էին ցուցադրել նրան իրենց երախտապարտությունը։ Եվ ամեն ինչ պարապ տեղը, նա ոչ մի փոփոխություն չնկատեց։
Հունիսյան այդ բացվող օրը սքանչելիորեն պարզ էր ու արևաշատ, դուրսը դրախտային էր, և մարդիկ սենյակ մտնել չէին ուզում։ Կեսօրին մոտ ժամանեցին հյուրերը․ մենք տեղավորվեցինք մի մեծ ծառի տակ և շուտով զրույցի բռնվեցինք, ինչպես հին ծանոթները։ Նույնիսկ թագավորի սիրտը մի փոքր հալվեց, թեպետ սկզբում նրա համար հեշտ չէր ընտելանալ, որ իրեն պարզապես Ջոնս էին կոչում։ Ես խնդրել էի նրան չմոռանալ, որ ինքը ֆերմեր է, բայց դրա հետ մեկտեղ խնդրել էի մանրամասնությունների մեջ չմտնել, այլ պարզապես բավարարվել փաստը նշելով։ Քանի որ նա այն մարդկանցից էր, որոնք ամեն ինչ կփչացնեն, եթե նրանց չնախազգուշացնես, որովհետև նրա լեզուն բավականին ճկուն էր, ուղեղը բավականին գործունյա, իսկ գիտելիքները բավական աղոտ։
Դաուլին պճնվել էր սիրամարգի նման։ Ինձ հեշտությամբ հաջողվեց բացել նրա լեզուն և ապա լսել նրա պատմությունը, որտեղ ինքը գլխավոր հերոսն էր․ հաճելի էր նստել այդ ծառի տակ ու ականջ դնել նրա շատախոսությանը։ Նա ինքն էր ստեղծել իր բախտը։ Իսկ նման մարդիկ պատմելու վարպետ են։ Նրանք արժանի են հարգանքի և համառորեն պահանջում են, որ իրենց հարգանք մատուցվի։ Նա պատմեց, թե ինչպես էր կյանք մտել, երբ ընդամենը մի որբ մանչուկ էր առանց դրամի և առանց օգնող ձեռքի, ինչպես է գոյությունը քարշ տվել ամենաետին ստրուկից էլ վատ պայմաններում, ինչպես է իր աշխատանքային օրը տևել տասնվեցից տասնութ ժամ և այդ ընթացքում վաստակել միայն այնքան սև հաց, որ քաղցից չմեռնի, ինչպես է, վերջապես, իր ջանասիրությունը գրավել մի բարի դարբնի ուշադրությունը, որը քիչ է մնացել մահվան դուռը ուղարկի խեղճ անպատրաստ տղային իր հանկարծակի առաջարկությամբ․ ինը տարով աշակերտ վերցնելու նրան, կերակրելու և հագցնելու պայմանով, և սովորեցնելու արհեստը, կամ «գաղտնիքը», ինչպես Դաուլին ասաց։ Դա նրա առաջին մեծ բարձրացումն էր, նրա առաջին փայլուն հաջողությունը, և նա մինչև օրս խոսում էր այդ մասին հիացմունքով ու անընդհատ զարմանում, որ նման արտակարգ բախտը կարող էր վիճակվել ամենասովորական մարդուն։ Աշակերտության տարիներին նա նոր հագուստ չի ունեցել, բայց երբ վերջին օրը եկել է, դարբինը նրան կոպիտ մահուդից կարված նոր զգեստ է նվիրել, և նա իրեն անասելիորեն երջանիկ ու գեղեցիկ է զգացել։
― Ես հիշում եմ այդ օրը, ― հիացական բացականչեց անվագործը։
― Ես նույնպես, ― ճչաց քարտաշը։ ― Այն ժամանակ ես չհավատացի, որ դա քո հագուստն է, ազնիվ խոսք, չհավատացի։
― Ոչ ոք չէր հավատում, ― գոռաց Դաուլին, և նրա աչքերը կայծկլտացին։ ― Ես կաշվիցս դուրս էի գալիս, համոզելով հարևաններին, որ հագուստը գողանովի չէ։ Դա մեծ օր էր, այդպիսի օրը մարդս չի մոռանա։
Այո, նրա վարպետ դարբինը սքանչելի մարդ է եղել, բարգավաճող և տարեկան երկու անգամ մի կուշտ կշտանում էր մսով ու սպիտակ հացով, իսկական ցորենի հացով, մի խոսքով ապրել է լորդի նման։ Ժամանակով Դաուլին ժառանգել է ձեռնարկությունը և ամուսնացել նրա տիրոջ դստեր հետ։
― Իսկ հիմա տեսեք, թե ինչպես է ամեն ինչ փոխվել, ― ասաց նա ազդու ձայնով։ ― Ամսեկան երկու անգամ իմ սեղանին թարմ միս է լինում, ― նա միջոց տվեց, որպեսզի այդ փաստը ամբողջությամբ սուզվեր ունկնդիրների ուղեղի մեջ, ապա ավելացրեց, ― և ութ անգամ՝ աղ դրած միս։
― Կատարյալ ճշմարտություն է, ― ասաց անվագործը, շունչը պահած։
― Ես ինքս եմ տեսել, ― ասաց քարտաշը նույնքան հարգալիր։
― Իմ սեղանին սպիտակ հացը հայտնվում է ամեն կիրակի, կլոր տարին շարունակ, ― հանդիսավոր ազդարարեց դարբինը։ ― Ձեր խղճին եմ թողնում, բարեկամներ, եթե սա նույնպես ճիշտ է։
― Գլուխս վկա, ճշմարտություն է, ― ճչաց քարտաշը։
― Ես կարող եմ վկայել և վկայում եմ, ― ասաց անվագործը։
― Ինքներդ ասացեք, թե ինչպիսի կահույք կա իմ տանը։ ― Դաուլին լայն տարածեց ձեռքերը կարծես յուրաքանչյուրին ազատ խոսքի իրավունք ընծայելով։ ― Ասացեք, ինչ ուզում եք, խոսեցեք այնպես, կարծես ես այստեղ չլինեմ։
― Դու հինգ աթոռակ ունես, ընդ որում հիանալի պատրաստված, թեպետ քո ընտանիքը երեք շնչից է բաղկացած, ― ասաց անվագործը խորին հարգանքով։
― Իսկ ուտելու և խմելու համար դու վեց փայտյա գավաթ ունես, և վեց փայտյա ափսե, և դեռ երկու հատ էլ կապարե, ― հանդիսավոր ասաց քարտաշը։ ― Ես ասում եմ սա մաքուր խղճով, գիտենալով, որ Ահավոր դատաստանի օրը պիտի պատասխան տամ աստծու առջև ասածս յուրաքանչյուր խոսքի համար։
― Այժմ դու գիտես, թե ինչ մարդ եմ ես, եղբայր Ջոնս, ― ասաց դարբինը, վեհ ու բարեկամական ներողամտությամբ, ― և, անկասկած, մտածում ես, որ այդպիսի մարդը իր նկատմամբ հարգանք է պահանջում ու չի շփվի անծանոթների հետ, մինչև որ նրանք հայտնի չանեն իրենց ով լինելը։ Բայց դու հոգ մի անիր, իմացած եղիր, որ ես պատրաստ եմ ամեն մեկին ինձ հավասարի ու բարեկամի տեղ ընդունել, որքան էլ համեստ լինի նրա գրաված դիրքը այս աշխարհիս երեսին, միայն թե նա լավ սիրտ ունենա։ Եվ ահա իմ ձեռքը որպես ապացույց, ու ես ասում եմ իմ սեփական բերանով, մենք հավասար ենք․․․ հավասա՛ր։ ― Նա ժպտաց աստծո ինքնագոհ ժպիտով, իբր հիանալի հասկանում է, թե հենց նոր մի ազնիվ ու գեղեցիկ քայլ է արել։
Թագավորը բռնեց ձեռքը վատ թաքցրած դժգոհությամբ և անմիջապես բաց թողեց այն, ինչպես կինը գցում է լպրծուն ձուկը․ այդ ամենը, սակայն, հիանալի տպավորություն գործեց, քանի որ սխալմամբ մեկնաբանվեց որպես վեհության փայլի առջև կուրացած մարդու բնական շփոթվածություն։
Մարկոյի կինը դուրս բերեց սեղանը և դրեց ծառի տակ։ Դա, ըստ երևույթին, զարմացրեց հյուրերին, քանի որ սեղանը նոր էր և լավ պատրաստված։ Բայց զարմանքը սկսեց առավել աճել, երբ տիկինը, ջանալով դեմքին ամենաանտարբեր արտահայտությունը տալ, թեպետ աչքերի սնապարծ բոցը մատնում էր նրան, անշտապ բացեց կուրացուցիչ սպիտակ սփռոցը և փռեց սեղանին։ Ճոխությունից տրաքվող իր տանը սփռոց չուներ նույնիսկ դարբինը, և նկատելի էր, որ դա մեծապես դիպավ նրա սրտին։ Բայց Մարկոն իրեն յոթերորդ երկնքում էր զգում, այդ նույնպես նկատելի էր։ Ապա տիկին դուրս բերեց երկու սքանչելի նոր աթոռակներ․․․ հո՜ւ․․․ դա արդեն սենսացիա էր, հյուրերի աչքերը չռվեցին։ Հետո նա երկու աթոռակ էլ բերեց այնքան սառը անտարբերությամբ, որքան կարող էր։ Դարձյալ սենսացիա, ակնածական շշուկներ։ Տիկինը հաջորդ զույգ աթոռակը բերեց, հպարտությունից ճախրելով օդում։ Հյուրերը քար կտրեցին, քարտաշը շշնջաց․
― Այսպիսի ճոխության առջև ակամայից ակնածանք կզգաս։
Հենց որ տիկինը շրջվեց ներս գնալու համար, Մարկոն, ձգտելով երկաթը կռել, քանի դեռ տաք է, դիմեց նրան, ջանալով խոսել որքան կարելի է հանգիստ ու զուսպ, թեպետ այդ նրան բոլորովին չէր հաջողվում․
― Բավական է, մյուսները թող մնան ներսը։
Ուրեմն դեռ էլի կային։ Տպավորությունը արտակարգ էր։ Ես ինքս էլ առավել ուժեղ արդյունքի չէի կարող հասնել։
Ապա անակնկալը հաջորդեց անակնկալին, որոնք ընդհանուր զարմանքի սնդիկը մինչև հարյուր հիսուն աստիճանի բարձրացրին ստվերում, բայց անդամալուծեցին նրա արտաքին դրսևորումների ձևերը։ Միայն ախ ու վախ էր լսվում, ու լռելյան դեպի երկինք էին պարզվում ձեռքերն ու աչքերը։ Տիկինը բերեց բոլորովին նոր սպասքը՝ նոր փայտյա գավաթներ ու ուրիշ ճաշի ամանեղեն, գարեջուրը, ձուկը, հավի ճտերը, սագը, ձվերը, տավարի տապակած միսը, տապակած ոչխարը, ապուխտը, տապակած խոչկորը և ցորենի ճերմակ հացի բլուրը։ Նրանցից ոչ ոք այդպիսի ճոխություն իր օրում չէր տեսել։ Եվ մինչ նրանք՝ զարմանքից ապշահար նստած էին, ես, կարծես պատահմամբ, թափահարեցի ձեռքս և իմ առջև, ասես գետնի տակից, հայտնվեց խանութպանի որդին և ասաց, որ եկել է դրամի ետևից։
― Շատ լավ, ― ասացի ես անտարբեր։ ― Որքա՞ն է կազմում։ Հաշիվը տուր։
Նա սկսեց բարձրաձայն կարդալ հաշիվը, ապշահար հյուրերը լսում էին, իսկ բավարարության ալիքները ողողում էի իմ հոգին, և մերթ սարսափի, մերթ հիացմունքի ալիքներն էլ՝ Մարկոյի հոգին․
2 ֆունտ աղ 200.
8 Անգամ տասներկու պինտ գարեջուր, փայտյա տակառով 800
3 բուշել ցորեն 2700
2 ֆունտ ձուկ 100
3 հավ 400
1 սագ 400
3 անգամ տասներկու ձու 150
1 կտոր տապակած տավարի միս 450
1 կտոր տապակած ոչխարի միս 400
1 կտոր ապուխտ 800
1 խոճկոր 500
2 ճաշի սպասք 6000
2 փոխնորդ տղամարդու հագուստ և սպիտակեղեն 2800
1 շրջազգեստ և 1 բրդյա շապիկ ու կանացի սպիտակեղեն 1600
8 փատյա գավաթներ 800
ճաշասեղանի տարբեր սպասք 10000
1 սեղան 3000
8 աթոռակ 4000
2 ատրճանակ֊դրամապանակ լիցքավորված 3000
Նա ավարտեց։ Չարագուշակ լռություն տիրեց։ Ոչ մի շրթունք չէր շարժվում։ Ոչ ոք չէր շնչում։
― Ա՞յդ է ամբողջը, ― հարցրեցի ես, և իմ ձայնը բոլորովին հանգիստ էր։
― Ամբողջը, ազնվափայլ սըր, միայն որոշ մանրուքներ ես դասել եմ «տարբեր սպասքի» հետ, եթե կցանկանաք կարող եմ առանձ․․․
― Պետք չէ, ― ասացի ես, բառերս ուղեկցելով լրիվ անհոգության շարժումով։ ― Ասա, խնդրեմ, ընդհանուր գումարը։
Գործակատարը հենվեց ծառին, որպեսզի վար չընկնի, և ասաց։
― Երեսունինն հազար հարյուր հիսուն միլրեյս։
Անվագործը ցած գլորվեց աթոռակից, մյուսները կառչեցին սեղանից՝ վար չընկնելու համար ու միաբերան բացականչեցին․
― Տեր աստված, մի լքիր մեզ դժբախտության պահին։
Գործակատարը փութաց հայտնելու․
― Հայրս հանձնարարել է հաղորդել ձեզ, որ խիղճը նրան արգելում է պահանջելու, որպեսզի դուք ամբողջը միանգամից վճարեք, նա միայն խնդրում է․․․
Ես այնքան աննշան ուշադրություն դարձրի նրա խոսքերին, որ կարծես դա թեթև քամի լիներ, և լրիվ անտարբեր տեսքով հանեցի դրամը ու սեղանին չորս դոլար նետեցի։ Տեսնել էր պետք, թե ինչպես բոլորը աչքերը տնկեցին այդ դրամների վրա։
Գործակատարը ապշել էր ու հիացել։ Նա խնդրեց ետ պահել մեկ դոլարը որպես գրավ, մինչև որ նա քաղաք կվազեր և․․․
Ես ընդմիջեցի նրան․
― Եվ ինձ ինը ցենտ կվերադարձնես, այո՞։ Անմտություն։ Վերցրու բոլորը։ Մանրը կարող ես քեզ պահել։
Սա զարմանախառն շշուկ առաջացրեց։
― Այս արարածը դրամից է շինված։ Նա այնպես է շպրտում դրամը, կարծես այն ցեխ լինի։
Դարբինը ոչնչացված էր։
Գործակատարը վերցրեց դրամը ու երջանկությունից արբած սլացավ։
Ես դիմեցի Մարկոյին և նրա կնոջը։
― Բարի մարդիկ, ահա ձեզ փոքրիկ նվեր, ― և նրանց մեկնեցի ատրճանակ֊դրամապանակները այնպիսի տեսքով, որ իբր դա մի պարապ բան էր, թեպետ յուրաքանչյուրի մեջ տասնհինգական ցենտի լուրջ գումար կար։ Մինչ թշվառները շնորհակալության խոսք չէին գտնում, ես դարձա մյուսներին և ասացի այնքան հանգիստ, կարծես հարցնում էի, թե ժամը քանիսն է․ ― Դե, եթե դուք պատրաստ եք, ճաշն էլ կարծեմ, նույնպես պատրաստ է։ Սկսենք։
Այո, այդ ամենը վեհ ստացվեց, կատարյալ ներկայացում էր։ Չեմ հիշում, թե երբևէ ինձ հաջողված լիներ առավել տպավորություն գործել, առավել լավ օգտագործել ձեռքիս տակ եղած նյութը։ Դարբինը․ Էհ, նա պարզապես հողին էր հավասարեցված։ Չէի ուզենա այդ մարդու տեղը լինել, ազնիվ խոսք։ Քիչ առաջ նա պարծենում էր, թե ամսեկան երկու անգամ թարմ միս է ուտում, շաբաթական երկու անգամ՝ աղ դրած միս, կիրակի օրերը կլոր տարին շարունակ՝ սպիտակ հաց, և այդ ամենը երեք շնչանոց ընտանիքով։ Ամբողջի արժեքը տարեկան կազմում է 69.2.6 (վաթսունինն ցենտ, երկու միլ և վեց միլրեյս)։ Եվ հանկարծ հայտնվում է մեկը, որը սեղանին է նետում միանգամից չորս դոլար, նետում է այնպիսի տեսքով, իբր իր համար ձանձրալի է այդպիսի փոքր գումարի հետ գործ ունենալը։ Այո, Դաուլին կարկամեց, սսկվեց, կծկվեց, տրորվեց, կարծես օդագնդակ լիներ, որին ոտքով ճղմել էր կովը։
==Գլուխ XXXIII==
Վեցերորդ դարի քաղտնտեսությունը
Ես, սակայն, գործադրեցի ջանքերս, և նա շուտով նորից իրեն երջանիկ էր զգում, երբ դեռ չէր անցել ճաշի առաջին մեկ երրորդը։ Այդ բանը անելը բնավ էլ դժվար չէր աստիճանների ու խավերի այս երկրի մեջ։ Հարցը այն է, որ աստիճանների ու խավերի երկրում, մարդը երբեք լիարժեք մարդ չի լինում, նա միշտ միայն մասամբ է մարդ։ Բավական է, որպեսզի ապացուցեք նրան, թե իրենից բարձր եք աստիճանով, դիրքով, հարստությամբ ու վերջ ամեն ինչին, նա խոնարհվում է ձեր առջև։ Դրանից հետո դուք նրան վիրավորել չեք կարող։ Ոչ, ես այդ չէի ուզում ասել։ Իհարկե, դուք կարող եք նրան վիրավորել, բայց մեծ դժվարությամբ, և եթե դուք ազատ ժամանակ քիչ ունեք, ավելի լավ է ուրեմն փորձ չանեք։ Դարբնի հարգանքը ես արդեն վաստակել էի, որովհետև նա ինձ անասելի հարուստ մարդ էր համարում և, եթե դրա հետ մեկտեղ կարողանայի պարծենալ թեկուզ փետրաթափ ազնվականությամբս, նա պարզապես կաստվածացներ ինձ։ Եվ ոչ միայն նա, այլև երկրի յուրաքանչյուր հասարակ մարդը, եթե նույնիսկ իր արժանիքներով, խելքով ու բնավորությամբ նա լիներ բոլոր ժամանակների մեծագույն մարդը, իսկ ես՝ սնանկի մեկը բոլոր այդ երեք բնագավառներում։ Այդպես եղել է ու այդպես էլ կմնա, քանի դեռ գոյություն կունենա Անգլիան։ Գուշակության աչքերով ես կարողանում էի թափանցել ապագայի խորքը և տեսնել, թե ինչպես նա արձաններ է կանգնեցնում իր ամենաոչնչություն Գևորգներին և մյուս միապետական ու ազնվանականական խամաճիկներին և առանց մեծարանքների թաղում աստծուց հետո այս երկրի առաջին արարիչներին՝ Հուտենբերգին, Ուատտին, Արքրայթին, Ուիթնիին, Մորզեին, Ստեֆենսոնին, Բելին։
Թագավորը բավականին բեռնավորվեց֊կշտացավ, և քանի որ զրույցը չէր վերաբերում ճակատամարտերին, հաղթանակներին ու մենամարտերին, նինջը եկավ, և նա գնաց խռմփացնելու։ Միսիս Մարկոն հավաքեց սեղանը, մեզ մոտ դրեց գարեջրի տակառը և գնաց, որպեսզի մենակ ուտի այն, ինչ֊որ մնացել էր մեր սեղանից, իսկ մենք զրուցեցինք մեր կարգի մարդկանց սրտին ամենամոտ հարցերի շուրջ՝ գործերի և իհարկե, աշխատավարձերի մասին։ Առաջին հայացքից թվում էր, թե այս փոքրիկ վասսալային թագավորությունում, որտեղ իշխում էր Բագդեմագուս թագավորը, գործերը հիանալի են, հիանալի՝ իմ սեփական շրջանի համեմատությամբ։ Այստեղ գործում էր «Հովանավորության» սիստեմը իր ամբողջ ուժով, մինչդեռ մենք կամաց֊կամաց շարժվում էինք դեպի ազատ առևտուրը և անցել էինք արդեն համարյա ճանապարհի կեսը։ Զրուցում էինք միայն ես ու Դաուլին, մնացածները ագահաբար լսում էին։ Դաուլին, տաքանալով և առավելությունը իր կողմը զգալով, սկսեց այնպիսի հարցեր տալ, որոնք, նրա կարծիքով, ինձ պետք է անճարակության մատնեին և նրանց պատասխանելը, իրոք, հեշտ չէր։
― Իսկ քո երկրում, եղբայր, որքա՞ն է վաստակում կառավարիչը, ծառայապետը, ձիապանը, հովիվը, խոզարածը։
― Օրեկան քսանհինգ միլրեյս, այլ կերպ ասած՝ քառորդ ցենտ։
Դարբնի դեմքը փայլփլաց բավականությունից։ Նա ասաց․
― Մեզ մոտ նրանք կրկնակի են ստանում։ Իսկ որքա՞ն են վաստակում արհեստավորները՝ հյուսնը, քարտաշը, ներկարարը, դարբինը, անվագործը։
― Միջինը հիսուն միլրեյս, այսինքն՝ օրեկան կես ցենտ։
― Հա՛֊հա՛։ Մեզ մոտ նրանք վաստակում են հարյուր։ Լավ արհեստավորը մեզ մոտ միշտ էլ կարող է օրը մի ցենտ աշխատել։ Ես չեմ խոսում դերձակների մասին, բայց մնացյալները միշտ էլ կարող են օրեկան մի ցենտ վաստակել, իսկ լավ ժամանակներում նույնիսկ ավելին, օրեկան մինչև հարյուր տասը, հարյուր տասնհինգ միլրեյս։ Ինքս, օրինակ, ամբողջ անցյալ շաբաթվա ընթացքում վճարել եմ հարյուր տասնհինգական։ Կեցցե, ուրեմն, հովանավորությունը և թող կորչի առևտրի ազատությունը։
Նրա դեմքը փայլում էր արևի նման։ Բայց ես չհանձնվեցի, այլ պարզապես վերցրի ցից խփելու մուրճը և տասնհինգ րոպե շարունակ դարբնին հողի մեջ էի զարնում, և նա այնպես խրվեց, որ նույնիսկ գլխի մազափնջիկը չէր երևում։ Ահա, թե ինչպես սկսեցի։ Ես հարցրի․
― Որքա՞ն եք դուք վճարում մի ֆունտ աղի համար։
― Հարյուր միլրեյս։
― Մենք վճարում ենք քառասուն։ Որքա՞ն եք վճարում տավարի և ոչխարի մսի համար, այն օրերին, երբ միս եք ուտում։ ― Ակնարկը դիպավ նպատակին, դարբինը կարմրեց։
― Գինը փոփոխվում է, բայց աննշան․ ասենք, յոթանասուն հինգ միլրեյս մեկ ֆունտի համար։
― Մենք վճարում ենք երեսուներեք։ Որքա՞ն եք դուք վճարում ձվի համար։
― Հիսուն միլրեյս տասներկու հատի համար։
― Մենք վճարում ենք քսան։ Որքա՞ն եք վճարում գարեջրի համար։
― Այն մեզ վրա նստում է պինտը ութուկես միլրեյս։
― Իսկ մեզ վրա՝ չորս․ քսանհինգ շիշը մեկ ցենտով։ Որքա՞ն եք դուք վճարում ցորենի համար։
― Բուշելը ինն հարյուր միլրեյսի չափ։
― Մենք վճարում ենք չորս հարյուր։ Որքա՞ն եք դուք վճարում կոշտ մահուդից պատրաստված տղամրդու հագուստի համար։
― Տասներեք ցենտ։
― Մենք վճարում ենք վեց։ Որքա՞ն եք դուք վճարում բանվորի կամ արհեստավորի կնոջ զգեստի համար։
― Ութ ցենտ, չորս միլ։
― Ահա, ուշադրություն դարձրու տարբերության վրա։ Դուք վճարում եք ութ ցենտ չորս միլ, իսկ մենք ընդամենը չորս ցենտ։
Ես վճռեցի, որ հարվածը հասցնելու ժամանակն է, ուստի ասացի․
― Այժմ տես, թանկագին բարեկամ, թե ինչ արժեք ունեն ձեր բարձր վաստակները, որոնցով դու քիչ առաջ պարծենում էիր։ ― Եվ ես հանգիստ բավարարվածությամբ շրջեցի հայացքս ներկաների դեմքերի վրայով, քաջ գիտակցելով, որ կապել եմ հակառակորդիս ձեռքն ու ոտքը, և այնպես եմ կապել, որ նա նույնիսկ չի էլ նկատել։ ― Ահա, թե ինչ է մնում ձեր գովաբանած բարձր աշխատավարձերից։ Այժմ դու տեսնում ես, որ դրանք բոլորը փքուն են։
Չգիտեմ, կհավատա՞ք ինձ, եթե ասեմ, որ նա միայն զարմացավ ու ոչ ավելին։ Նա ոչինչ չհասկացավ, չնկատեց, որ իր համար թակարդ էր դրվել և, որ ինքը հիմա թակարդի մեջ է։ Այնպես բարկացա, որ պատրաստ էի նրան սպանել։ Մթագնած հայացքը ինձ ուղղած, ուղեղը դժվարությամբ իրար բերելով, նա հակաճառում էր։
― Ոչինչ էլ չեմ տեսնում։ Չէ որ ապացուցված է, որ մեր վաստակը ձերից կրկնակի անգամ բարձր է։ Ուրեմն ինչպե՞ս ես դու պնդում, թե նրանք փքուն են, եթե ես ճիշտ եմ արտասանում այդ զարմանալի բառը, որը առաջին անգամ լսելու բախտը Տերը շնորհեց ինձ։
Ճիշտն ասած, ես շշմել էի, մասամբ չնախատեսված հիմարության պատճառով, մասամբ էլ այն պատճառով, որ բոլորը ակնհայտորեն բաժանում էին նրա համոզմունքները, ― եթե, իհարկե, դրանք կարելի է համոզմունք կոչել։ Իմ հայեցակետը անչափ պարզ ու հասկանալի էր, ուրեմն ինչպե՞ս անեի, որ այն առավել մատչելի դառնար։ Բայց ես պետք է փորձեի։
― Մի՞թե դու չես հասկանում, Դաուլի։ Ձեզ մոտ աշխատավարձը միայն <b>անվանապես</b> է բարրձր, բայց ոչ իրականում։
― Տեսեք, թե ինչ է ասում։ Այստեղ աշխատավարձերը կրկնակի բարձր են, դու ինքդ ընդունեցիր այդ։
― Այո, այո, ես դա բնավ չեմ հերքում։ Բայց դա ոչինչ չի նշանակում․ դրամի քանակը դեռ որևէ բան չի ասում։ Կարևորը այն է, թե որքան բարիք կարող եք գնել ձեր վաստակածով։ Չնայած այն բանին, որ ձեզ մոտ լավ արհեստավորը վաստակում է տարեկան մոտ երեքուկես դոլար, իսկ մեզ մոտ միայն մեկ դոլար ու յոթանասունհինգ ցենտ․․․
― Ահա, դու նորից խոստովանեցիր։ Նորից ընդունեցիր։
― Այո, գրողը տանի, չէ որ ես երբեք չեմ հերքել։ Ես ուրիշ բան եմ ասում։ Մեզ մոտ <b>կես դոլարով</b> կարելի է ավելին առնել, քան ձեզ մոտ մեկ ամբողջ դոլարով և, հետևաբար, եթե լսելու լինենք առողջ բանականությանը, պետք է ընդունել, որ մեզ մոտ աշխատավարձը բարձր է, քան ձեզ մոտ։
Նա ապշել էր և հուսակտուր ասաց․
― Ազնիվ խոսք, չեմ հասկանում։ Դու հենց նոր ասացիր, որ մեզ մոտ ավելի բարձր է, բայց դեռ բերանդ չփակած, խոսքերդ ետ վերցրիր։
― Մի՞թե, գրողը տանի, հնարավոր չէ, քո գլխի մեջ մտցնել այսպիսի պարզ բանը։ Արի ես քեզ օրինակի վրա բացատրեմ։ Կանացի բրդյա զգեստի համար մենք չորս ցենտ ենք վճարում, ճիշտ նույն զգեստի համար դուք վճարում եք ութ ցենտ և չորս միլ, այսինքն կրկնակիից չորս միլով ավելի։ Իսկ որքա՞ն է ձեզ մոտ վաստակում ֆերմայում աշխատող կինը։
― Օրեկան երկու միլ։
― Լավ։ Մեզ մոտ նա կրկնակի չափով պակաս է ստանում, մենք նրան օրեկան վճարում ենք միայն մեկ տասներորդ ցենտ, և․․․
― Դու նորից խոստո․․․
― Սպասիր։ Հարցը շատ պարզ է։ Այս անգամ դու կհասկանաս։ Բրդյա զգեստ գնելու համար օրեկան երկու միլ վաստակող կինը, օրինակ, ձեզ մոտ պետք է աշխատի քառասուներկու օր, այսինքն՝ ճիշտ յոթ շաբաթ, իսկ մեզ մոտ նրան անհրաժեշտ կլինի միայն քառասուն օր, այսինքն՝ յոթ շաբաթից երկու օր պակաս։ Ձեզ մոտ կինը կգնի զգեստը և նրա յոթ շաբաթվա ամբողջ վաստակը կծախսվի, իսկ մեզ մոտ՝ կգնի զգեստը, ու դեռ կմնա երկօրյա վաստակը ուրիշ գնումներ անելու համար։ Դե, հիմա հասկացա՞ր։
Կարծես թե նա թեթևակի տատանվեց։ Ահա ամբողջը, ինչին ես հասա։ Մյուսները նույնպես տատանվեցին։ Սպասեցի, թողնելով, որ խորհեն։ Վերջապես Դաուլին խոսեց և պարզ դարձավ, որ նա դեռևս չի կարողանում ազատվել իր ներսում արմատակալած ու սովորական դարձած մոլորություններից։ Նա անվճռական արտասանեց․
― Բայց․․․ բայց․․․ դու հո չես հերքի, որ օրեկան երկու միլը ավելին է, քան մեկը։
Այ քեզ հիմարությո՜ւն։ Այո, բայց ես հո չէի կարող հրաժարվել վեճից։ Այնպես, որ ուրիշ ճանապարհ ընտրեցի։
― Ենթադրենք այսպիսի դեպք։ Դիցուկ, քո օգնականներից մեկը գնում է կրպակ ու առնում հետևյալ ապրանքները․
1 ֆունտ աղ
12 ձու
12 պինտ գարեջուր
1 բուշել ցորեն
1 մեկ կոշտ մահուդյա զգեստ
5 ֆունտ տավար
5 ֆունտ ոչխար։
Այս ամբողջը նստում է երեսուներկու ցենտ։ Նա ստիպված պիտի լինի աշխատել երեսուներկու օր, որպեսզի վաստակի այդ գումարը, այսինքն՝ հինգ շաբաթ և երկու օր։ Թող ապա նա գա մեզ մոտ և աշխատի երեսուներկու օր, ստանալով այստեղի աշխատավարձի կեսը։ Նա կկարողանա գնել բոլոր այդ ապրանքները տասնչորս ու կես ցենտով, այսինքն կծախսի քսանհինգ օրվա աշխատանք և դեռ կխնայի համարյա կես շաբաթվա աշխատավարձը։ Դե հաշվիր, թե տարեկան որքան կանի դա։ Նա երկու ամսվա ընթացքում կխնայի համարյա մեկ շաբաթվա աշխատավարձ, իսկ ձեզ մոտ՝ ոչ մի ցենտ։ Այժմ, ես վստահ եմ, որ քեզ համար պարզ դարձավ, թե «բարձր աշխատավարձը» ու «ցածր աշխատավարձը» միայն բառեր են, որոնք ոչինչ չեն նշանակում, մինչև որ դու չիմանաս, թե ինչ կարելի է առնել այդ աշխատավարձերով։
Սա արդեն ջախջախիչ հարված էր։
Բայց, ավա՜ղ, ոչինչ չջախջախեց։ Ոչ, ես ստիպված էի հանձնվել։ Այս մարդկանց գնահատականը միայն բարձր աշխատավարձերն են, իսկ թե ինչ կարելի է առնել այդ բարձր աշխատավարձերով, նրանց համար բնավ կարևոր չէր։ Նրանք կողմ էին «հովանավորությանը» և երդվում էին նրանով։ Դա միանգամայն բանական էր, որովհետև շահագրգռված շրջանակները խաբել էին նրանց, թե իբր «հովանավորությունը» բարձր աշխատավարձ է ստեղծում։ Ես ապացուցեցի, որ քառորդ դարի ընթացքում նրանց աշխատավարձերը աճել ե միայն երեսուն տոկոսով, մինչդեռ գները բարձրացել են հարյուր տոկոսով, իսկ մեզ մոտ առավել կարճ ժամանակի ընթացքում, և գները նույնիսկ ընկել են։ Բայց դա նրանց բնավ չհամոզեց։ Նրանց տարօրինակ հայացքները ոչինչ չէր կարող փոխել։
Այսպիսով ես պարտվեցի։ Անիրավ պարտություն, բայց պարտություն։ Եվ պատկերացնե՜լ միայն, թե ինչ պարագաներում։ Իր դարի խոշորագույն պետական գործիչը, ամենաընդունակ մարդը, բազմաթիվ հարյուրամյակների ամենախելոք չթագադրված գլուխը պարտված է տգետ գյուղական դարբնի հետ վեճի մեջ։ Ես նկատեցի, որ բոլորը խղճում են ինձ ու այնպես բռնկվեցի, որ զգացի բեղերիցս բարձրացող ծխահոտը։ Դրեք ձեզ իմ տեղը, պատկերացրեք ամբողջ այդ ամոթը, որ զգացի ես և ասացեք․ մի՞թե դուք էլ հակառակորդին անթույլատրելի հարված չէիք հասցնի գոտկատեղից ցած։ Իհարկե, կհասցնեիք, արդեն այդպիսին է մարդու մարդու բնությունը։ Ես էլ հենց նույնը արեցի։ Ես չեմ փորձում արդարանալ, միայն ասում եմ, որ կատաղած էի, և ամեն ոք, եթե իմ տեղը լիներ, ճիշտ նույն կերպ կվարվեր։
Եթե ես վճռում եմ հարված հասցնել, բնավ էլ մտադրություն չեմ ունենում սահմանափակվել փաղաքշական շոյանքով, ոչ, ես այդպիսին չեմ, թե որ խփում եմ, խփում եմ այնպես, որ կյանքում այլևս չմոռանա։ Եվ միանգամից վրա չեմ պրծնում, որպեսզի կես ճանապարհին չսայթաքեմ, ոչ, ես մի կողմ եմ քաշվում և զգուշությամբ նախապատրաստվում, այնպես, որ հակառակորդիս մտքովն իսկ երբեք չի անցնում, թ ես ուզում եմ հարված հասցնել նրան, հետո մի ակնթարթ, և նա արդեն պառկած է թիակների վրա, ինքն էլ չհասկանալով, թե ինչպես այդ պատահեց։ Ճիշտ այդ կերպ վարվեցի նաև եղբայր Դաուլիի հետ։ Ես խոսեցի ծոր տալով և անհոգ, իբր նպատակս միայն ժամանակ անցկացնելն էր, և տիեզերքիս ամենամեծ իմաստունն անգամ չէր կարող գլխի ընկնել, թե այդտեղից սկսելով, ուր պիտի հասնեի։
― Տղաներ, ինչքան շատ զարմանալի բաներ կան օրենքների, սովորությունների, սովորույթների մեջ, երբ սկսում ես քննել դրանք, այո, մարդկային հայացքների զարգացման մեջ էլ պակաս չեն զարմանալի բաները։ Գոյություն ունեն գրված օրենքներ, որոնց վերջ ի վերջո չեղյալ են հայտարարում, և գոյություն ունեն չգրված օրենքներ, որոնք հավիտենական են։ Վերցնենք, օրինակ, աշխատավարձերի չգրված օրենքը․ այն ասում է, որ աշխատավարձը հարյուրամյակ առ հարյուրամյակ աճում է աստիճանաբար, բայց անընդհատ։ Եվ նկատի առեք, թե որքան ճշգրիտ է գործում այդ օրենքը։ Մենք չգիտենք, թե ինչքան են վճարում տարբեր տեղերում, և ընթացիկ տարվա համար մտաբերում ենք միջին աշխատավարձը։ Մենք գիտենք, թե որքան են վճարել հարյուր տարի առաջ և որքան են վճարել երկու հարյուր տարի առաջ, այլևս դեպի հետ նայել մենք չենք կարող, բայց այդքանն էլ բավական է, որպեսզի ստանանք աշխատավարձի աստիճանական աճի օրենքը։ Այսպիսով, այդ օրենքի հիման վրա, նույնիսկ առանց որևէ փաստաթղթի, կարող ենք մոտավորապես որոշել, թե որքան էին վճարում երեք, չորս և հինգ հարյուր տարի առաջ։ Լավ։ Բայց արդյո՞ք պիտի կանգ առնենք այստեղ։ Ոչ։ Մենք դադարում ենք ետ նայել, բայց այդ օրենքով զինված, մենք դարձնում ենք դեմքներս և նայում առաջ։ Բարեկամներ, ես կարող եմ ձեզ ասել, թե ինչպիսին կլինեն մարդկանց վաստակները ապագայում, շատ ու շատ հարյուրամյակներ հետո։
― Ի՜նչ ես ասում, բարի մարդ։
― Այո։ Առաջիկա յոթ հարյուրամյակի ընթացքում աշխատավարձերը ներկայիս համեմատ կաճեն վեց անգամ, և ֆերմայի գործավորը կստանա օրեկան երեք ցենտ, իսկ արհեստավորը՝ վեց։
― Երանի թե հիմա մեռնեի ու այն ժամանակ կենդանանայի, ― ընդմիջեց ինձ Սմուգը՝ անվագործը, աչքերի մեջ ագահության փայլով։
― Եվ դեռ դա բոլորը չէ։ Գործավորը, բացի այդ, կերակրվելու է գործատիրոջ հաշվին, անշուշտ, դրանով գիրանալ չի լինի։ Երկու հարյուր հիսուն տարի հետո էլ, այժմ ուշադիր եղեք, խնդրեմ, արհեստավորի աշխատավարձը կլինի, հիշեցեք, սա օրենք է, այլ ոչ թե գուշակություն, ― արհեստավորի աշխատավարձը օրեկան կկազմի քսան ցենտ։
Զարմանքի ընդհանուր հառաչանք լսվեց։ Քարտաշ Դիկկոնը շշնջաց, ձեռքերն ու հայացքը դեպի երկինք պարզելով․
― Մի աշխատանքային օրում երեք շաբաթվա աշխատավա՜րձ․․․
― Հարուստներ կլինեն, աստված վկա, հարուստնե՛ր, ― կրկնում էր Մարկոն, հուզմունքից շնչահեղձ լինելով։
― Աշխատավարձերը անընդհատ կաճեն, կամաց֊կամաց, կամաց֊կամաց, ինչպես աճում է ծառը, և էլի մի երեք հարյուր տարի հետո աշխարհումս առնվազն մի երկիր կլինի, որտեղ արհեստավորը օրեկան կվաստակի մինչև <b>երկու հարյուր ցենտ։</b>
Նրանք պարզապես համրացան։ Երկու րոպե շարունակ նրանցից ոչ մեկը չէր կարողանում շունչ քաշել։ Ապա ածխագործը ասաց աղաչալիր․
― Այ թե չմեռնեի ու տեսնեի այդ օրը։
― Դա կոմսի եկամուտ է, ― ասաց Սմուգը։
― Ասում ես կոմսի՞, ― միջամտեց Դաուլին։ ― Դու կարող էիր ավելին ասել և սուտ չէր լինի։ Բրագդեմագուսի ամբողջ թագավորության մեջ չկա մի եզակի կոմս, որ այդպիսի եկամուտ ունենա։ Կոմսի եկամո՜ւտ, չէ մի չէ՛։ Դա հրեշտակի եկամուտ է։
― Այո, ահա թե ինչպես կաճի աշխատավարձը։ Այդ հեռավոր ժամանակներում մարդս <b>մեկ</b> շաբաթվա վաստակով կկարողանա գնել այնքան բարիք, որքան դուք այժմ չեք կարող գնել <b>հիսուն</b> շաբաթվա աշխատավարձով։ Որոշ զարմանահրաշ բաներ էլ պիտի պատահեն։ Եղբայր Դաուլի, ո՞վ է այժմ ամեն գարնան որոշում, թե որքան պետք է լինի արհեստավորի, գործավորի կամ ծառայի աշխատավարձը տվյալ տարվա համար։
― Երբեմն դատարանը, երբեմն քաղաքի խորհուրդը, բայց ամենից հաճախ մագիստրատն է սահմանում վաստակի չափը։
― Եվ երբեք չի խնդրում այդ թշվառ գործավորներից որևէ մեկին օգնել՝ նրա իսկ աշխատավարձի չափերը սահմանելու գործում, չէ՞։
― Հը՛մ։ Ի՜նչ հիմարություն։ Մի՞թե դու չես հասկանում, որ այդտեղ շահագրգռված է միայն գործատերը, միայն նա, ով վճարում է դրամը։
― Այո, բայց իմ կարծիքով մյուս մարդն էլ մի փոքր շահագրգռված է իր վաստակի չափով, և ոչ միայն նա, այլև նրա կինը, այլև նրա երեխաները, այդ թշվառ արարածները։ Ովքե՞ր են գործատերերը՝ ավագանին, հարուստները և առհասարակ բարգավաճող մարդիկ։ Այդ փոքրամասնությունը, որ ինքը չի աշխատում, սահմանում է, թե ինչ պետք է վճարել մեծամասնությանը, որը աշխատում է բոլորի փոխարեն։ Իսկ գիտե՞ք, թե ինչու։ Որովհետև հարուստները միավորվել են, ստեղծել արհմիություն, թող որ սա նոր բառ հնարած լինենք, ստիպելու համար իրենց սիրեցյալ կրտսեր եղբայրներին ստանալու այնքան, որքան հարմար են գտել նրանց վճարելու։ Իսկ տասներեք դար հետո, այդպես է ասում չգրված օրենքը, կմիավորվեն իրենք գործավարները, և հարուստները կսկսեն ատամները կրճտացնել, զայրանալով արհմիությունների բռնակալության դեմ։ Այո, իսկապես, մինչև տասնիններորդ դարը մագիստրատը հանգիստ պիտի սահմանի աշխատավարձի չափերը, բայց հետո վաստակողը կասի, թե մեկ զույգ հազարամյակը բավական է արդեն, որ այդպես միակողմանի են որոշում իր վաստակի չափը, նա ոտքի կկանգնի և կպահանջի իր մասնակցությունը այդ գործում։ Այո, մեծ հաշիվ պիտի ներկայացնի նա, բոլոր այդ երկարատև ու դառը նվաստացումների և ստորացումների համար։
― Դու հավատո՞ւմ ես․․․
― Որ նա պիտի մասնակցի՞ իր իսկ վաստակի չափը որոշելիս։ Իհարկե։ Այդ ժամանակ նա արդեն և ուժեղ, և խելացի կլինի։
― Այ թե ժամանակներ են գալու, հա՜, ― ծամածռվեց հարուստ դարբինը։
― Եվ մի մանրամասնություն էլ։ Այդ օրերին գործատերը հնարավորություն պիտի ունենա վարձելու գործավորին և մեկ օրով, և մեկ շաբաթով, և մեկ ամսով, ինչպես ինքն ուզենա։
― Ի՞նչ։
― Ճիշտ եմ ասում։ Ավելին, մագիստրատը այլևս իրավունք չի ունենա ստիպելու մարդուն աշխատելու նույն գործատիրոջ համար ամբողջ տարին շարունակ, անկախ այն բանից՝ ցանկանում է նա այդ, թե ոչ։
― Մի՞թե այդ ժամանակներում ոչ օրենք պիտի լինի, ոչ առողջ բանականություն։
― Երկուսն էլ կլինեն, Դաուլի։ Այդ օրերում մարդն ինքն իրեն կպատկանի և ոչ թե մագիստրատին կամ գործատիրոջը։ Եվ եթե աշխատավարձը չբավարարի նրան, կարող է թողնել քաղաքը և ոչ ոք դրա համար նրան նշավակասյունին չի գամի։
― Նզովք այդպիսի դարին, ― ճչաց Դաուլին, արտակարգ զայրույթով։ ― Շան դար։ Ոչ հարգանք ավագի նկատմամբ, ոչ ակնածություն իշխանության նկատմամբ։ Նշավակասյունը․․․
― Սպասիր, եղբայր։ Մի պաշտպանիր նշավակասյունը։ Իմ կարծիքով այն պետք է վերացնել։
― Այ քեզ տարօրինակ միտք։ Ինչո՞ւ։
― Լավ, ես քեզ կասեմ, թե ինչու։ Կարո՞ղ են արդյոք մարդուն նշավակասյունին գամել խոշոր հանցանքի համար։
― Ո՛չ։
― Իսկ արդարացի՞ է, արդյոք թեթև հանցանքի համար մարդուն թեթև պատժի դատապարտել և հետո սպանել նրան։
Ոչ ոք չպատասխանեց։ Դա իմ առաջին հաղթանակն էր։ Առաջին անգամն էր, որ դարբինը չկարողացավ ինձ պատասխանել։ Բոլորը նկատեցին այդ։ Լավ տպավորություն։
― Դու չե՞ս պատասխանում, եղբայր։ Դու հենց նոր ուզում էիր փառաբանել նշավակասյունը և խղճալ գալիք դարերին, որոնք պիտի չօգտագործեն այն։ Իմ կարծիքով նշավակասյունը պետք է վերացնել։ Սովորաբար ի՞նչ է տեղի ունենում, եր որևէ թշվառականի գամում են նշավակասյունին որևէ աննշան հանցանքի համար։ Ամբոխը ձեռք է առնում նրան, չէ՞։
― Այո։
― Իսկ մի՞թե նրա վրա սատկած կատուներ են շպրտում։
― Շպրտում են։
― Իսկ հիմա ենթադրենք, թե ամբոխի մեջ կան նրա մի քանի անձնական թշնամիներ, որոնք ծածուկ ատամ են պահել նրա դեմ, ենթադրենք, որ նրան չեն սիրում իր հարևանները նրա հպարտության, կամ հարստության, կամ էլ որևէ ուրիշ պատճառով, մի՞թե կատուների և հողի փոխարեն նրա գլխին հանկարծ չեն թափվի քարեր ու կղմինդրներ։
― Անկասկած։
― Որպես կանոն, գործը հասնում է այն բանին, որ նրան խեղանդամ են անում ամբողջ կյանքի համար, այդպես չէ՞։ Ջարդում են ծնոտը, դուրս թափում ատամները, կամ էլ այնպես կոտրում ոտքը, որ այն հետագայում թարախակալում է և ստիպված են լինում կտրել, կամ աչքն են հանում, իսկ երբեմն նաև երկու աչքերը։
― Աստված վկա, ճիշտ է։
― Իսկ եթե նրան չեն սիրում, կարող է պատահել նաև որ սպանեն։
― Կարող է պատահել։ Ոչ ոք այդ չի հերքի։
― Ես վստահ եմ, որ ձեզ բոլորիդ սիրում են, որ ձեզնից ոչ ոք թշնամի չի վաստակել ոչ մեծամտությամբ, ոչ պարծենկոտությամբ, ոչ հարստությամբ, ոչ էլ որևէ ուրիշ բանով, որը նախանձ և ատելություն է առաջացնում գյուղական հասարակության տականքների մեջ։ Ասացեք, խնդրեմ, ձեզնից որևէ մեկը սիրտ կանե՞ր նշավակասյունի մոտ կանգնել։
Դաուլին աչքերը թարթեց։ Ես տեսնում էի, որ նա պարտված է, բայց խոսքով նա իրեն ոչ մի կերպ չէր մատնում։ Մյուսները, սակայն, անկեղծորեն ու համոզված հայտարարեցին, որ բավականին կշտացել են նշանավակասյան տեսքից և ոչ մի պայմանով նման զարհուրանք հանձն չեն առնի․ արդեն ավելի նախընտրելի է արագ մահը կախաղանի միջոցով։
― Այժմ, եկեք փոխենք զրույցի նյութը, քանի որ, իմ կարծիքով, ես պարզորոշ ապացուցեցի, որ նշավակասյունը պետք է վերացվի։ Մեր օրենքներից շատերը անարդար են, օրինակ, եթե ես այնպիսի հանցանք եմ գործել, որի համար նշավակասյուն է նախատեսվում, իսկ դու, իմանալով այդ մասին, չես հայտնում ուր որ հարկն է, քեզ են գամում նշավակասյունին, եթե ուրիշ մեկը մատնի։
― Եվ միանգամայն տեղին է, ― ասաց Դաուլին, ― քանզի դու պարտավոր էիր հայտնել։ Այդպես է օրենքի տրամադրությունը։
Մյուսները համաձայնեցին նրա հետ։
― Լավ, թող լինի այդպես, քանի որ բոլորդ իմ դեմ եք։ Բայց մի բան, այնուամենայնիվ, անարդարացի է։ Դիցուք, մագիստրատը արհեստավորի աշխատավարձը սահմանել է մեկ ցենտ մեկ օրվա համար։ Օրենքը ասում է, եթե որևէ գործատեր գեթ մեկ օրով, նույնիսկ գործնական անհրաժեշտության դրդումով բարձրացնի իր գործավորի աշխատավարձը, նա ինքը պետք է տուգանվի և նշավակասյունին գամվի․ իսկ եթե կա մեկը, որ իմացել է այդ մասին ու չի հայտնել, ապա նույնպես պետք է տուգանվի և նշավակասյունին գամվի։ Այ հենց սա, Դաուլի, ինձ անարդարացի և մեզ բոլորիս համար շատ վտանգավոր է թվում, որովհետև դու ինքդ քիչ առաջ խոստովանեցիր, թե մի ամբողջ շաբաթ շարունակ վճարել ես մեկական ցենտ ու տասնհինգ միլ․․․
Ա՛յ թե հարված էր, հա՜։ Տեսնել էր պետք, թե ինչպես բոլորը փշուր֊փշուր եղան։ Այնպես գողունի և անլսելի էի մոտեցել ժպտացող և ինքնագոհ Դաուլիին, որ նա ոչինչ չէր կասկածել, մինչև որ ջախջախիչ հարվածը չիջավ ու գետնին չփռեց նրան։
Սքանչելի արդյունք։ Երբեք դեռ ինձ չէր հաջողվել այդպիսի կարճ միջոցում այդքան սքանչելի արդյունքի հասնել։
Բայց մի րոպե հետո գլխի ընկա, որ չափն անցել էի։ Ես ուզում էի ահաբեկել նրանց, բայց ոչ մահու չափ։ Իսկ նրանք արդեն մահվան դռանն էին։ Նրանք գերազանց գիտեին, թե ինչ ասել է նշավակասյուն, և այժմ, երբ այն իրենց աչքերի մեջ էր նայում, երբ զգացին, որ ոտքով ձեռքով կախված են հազիվ ծանոթ, օտար մարդու գթասրտությունից, ― բավական էր, որ սա մատներ, և իրենց գլխին կիջներ այդ պատիժը, ― նրանք բոլորը վախից հազիվ շնչում էին։ Գունա՞տ, դողդողացո՞ղ, լեզուները կապվա՞ծ, խղճալի՞։ Ոչ։ Նրանք պարզապես դիակ էին։ Շատ տհաճ բան ստացվեց։ Ես, իհարկե, ենթադրում էի, որ նրանք կխնդրեն ինձ ծպտուն չհանել և մենք իրար ձեռք կսեղմենք, կխմենք, կծիծաղենք, ու դրանով ամեն ինչ կվերջանար։ Բայց ոչ, ես օտար մարդ էի, իսկ նրանք ամբողջ կյանքը ապրել էին դաժան ճնշման տակ և սովորել էին ոչ ոքի չվստահել, տեսնելով, որ մարդիկ առիթը չեն փախցնում իրենց անօգնականությունից օգտվելու։ Նրանք ոչ ոքից, բացի միայն հարազատներից ու մերձավորներից, չէին սպասում ո՛չ արդարություն, ո՛չ բարություն։ Խնդրե՞լ ինձ լինել բարի, արդարացի, մեծահոգի։ Իհարկե, նրանք դա շատ կուզենային, բայց սիրտ չէին անում։
==Գլուխ XXXIV==
Յանկին ու թագավորը ստրկության են վաճառվում
Այժմ ի՞նչ պետք է անել։ Համենայն դեպս, ինչ էլ որ անելու լինեմ, պետք չէ շտապել։ Պետք է շրջանցող ճանապարհ գտնել, որպեսզի ինքս ժամանակ ունենամ մտածելու, իսկ այս թշվառականները ուշքի գան։ Դեմս նստած էր Մարկոն, որը քարացել էր ատրճանակ֊դրամապանակը աշխատեցնելու պահին և դեռ անգիտակից ձևով ձեռքի մեջ սեղմում էր այդ խաղալիքը։ Ատրճանակը վերցրի Մարկոյի ձեռքից և առաջարկեցի պարզել նրան գաղտնիքը։ Գաղտնի՞քը։ Ի՞նչ գաղտնիք կարող էլ լինել այսպիսի պարապ բանի մեջ։ Այդ դարում և այդ երկրում, սակայն, նույնիսկ դրա մեջ գաղտնիք կար։
Զարմանալի ժողովուրդ էին, մեխանիզմներից գլուխ հանել չէին կարողանում, ասենք նրանք ոչ մի մեխանիզմ էլ չունեին։ Ատրճանակ֊դրամապանակը հաստ ապակուց պատրաստված երկակի խողովակ էր․ ներսում զսպանակ կար, որը սեղմելիս կրակոց էր առաջանում։ Այդ կրակոցը միանգամայն անվնաս էր, քանի որ կոտորակը ընկնում էր ձեռքի մեջ։ Կոտորակները տարբեր մեծության էին․ մի մասը՝ մանանեխի հատիկների չափ, մյուսները ավելի խոշոր և կոչված էին դրամը փոխարինելու։ Մանանեխի հատիկի մեծության կոտորակները փոխարինում էին միլրեյսին, իսկ առավել խոշորները միլին։ Ատրճանակը քսակի դեր էր տանում և շատ հարմար էր․ նրա օգնությամբ կարող էիք առանց սխալվելու գիշեր ժամանակ էլ վճարում կատարել, կարող էիք այն կրել բերանի մեջ, կամ բաճկոնի գրպանում, եթե, իհարկե, նման բան ունեիք։ Ես դրանք տարբեր չափսերի էի պատրաստել։ Ամենախոշորը մի ամբողջ դոլարի կոտորակ էր տեղավորում։ Դրամի փոխարինումը կոտորակով շատ ավելի ձեռնտու էր կառավարության համար․ մետաղը ոչինչ չարժեր, իսկ կեղծումից էլ վախ չունեինք, որովհետև ամբողջ թագավորության մեջ ես միակ մարդն էի, որ գիտեի կոտորակ ձուլելու եղանակը։ «Դրամ կրակել» արտահայտությունը շուտով շրջանառության մեջ մտավ և պահպանվեց մինչև տասնիններորդ դարը, թեպետ այժմ ոչ ոք չի էլ կասկածում, թե որտեղից է այն ակունք առնում։
Մինչ այս, մինչ այն, թագավորը միացավ մեզ, քնից հետո հրաշալի թարմացած և գերազանց ինքնազգացողությամբ։ Այժմ ամենափոքր բանն իսկ կարող էր ինձ նյարդայնացնել, անչափ անհանգիստ էի և զգում էի, որ մեր կյանքը վտանգի մեջ է։ Կասկածանքով նայելով թագավորի աչքերին, նկատեցի, որ նա լիցքավորված է և ահա ուր որ է մի օյին կխաղա։ Նզովք ու անեծք, միթե նա ուրիշ ավելի հարմար պահ չէր կարող ընտրել։
Ես չէի սխալվել։ Նա անմիջապես գործի անցավ և իր անճարակ խորամանկությամբ խոսեց գյուղատնտեսության մասին։ Սառը քրտինքը ինձ վրա տվեց։ Ուզում էի շշնջալ նրա ականջին․ «Այ մարդ, մենք սոսկալի վտանգի մեջ ենք։ Ամեն րոպեն թանկ է, մինչև որ ետ չշահենք այս մարդկանց վստահությունը, մի վատնիր այդ ոսկի րոպեները»։ Բայց, իհարկե, ես շշնջալ չէի կարող։ Հյուրերը կկարծեին, թե մենք պայմանավորվում ենք։ Այնպես որ ստիպված էի նստել ու հաճելի ժպտալ, դիտելով, թե ինչպես է դինամիտային ականի վրա նստած թագավորը դատողություններ անում այդ անիծյալ սոխի մասին։ Սկզբում վտանգի գիտակցությունից ուղեղումս այնպիսի շփոթ էր տիրում, որ նույնիսկ չկարողացա թափանցել նրա խոսքերի իմաստի մեջ, երբ գլխումս սկսեց բյուրեղանալ ռազմական գործողությունների ծրագիրը, ինձ, ասես հեռվից, սկսեցին հասնել թագավորական մարտկոցների համազարկերը։
― ըստ իս, դա լավագույն եղանակ չէ, թեպետ գիտակների կարծիքը այստեղ բաժանվում է, և ոմանք պնդում են, թե սոխը առողջության համար վնասակար հատապտուղ է, եթե այն դեռ չհասունացած վիճակում քաղեն ծառի վրայից․․․
Լսարանը սկսեց կյանքի նշույլներ դրսևորել, մարդիկ զարմանքով ու տագնապով լի հայացքներ փոխանակեցին։
― Մինչդեռ ուրիշները պնդում են, և ոչ անհիմն, որ դա այնքան էլ կարևոր չէ, քանզի դամբուլը և մյուս հացազգիները հողից հանում են դեռ չհասունցած վիճակում․․․
․․․ այնուամենայնիվ, դրանք ուտել կարելի է, մանավանդ կաղամբի հանգստացուցիչ հյութը խառելով ու թուլացնելով դրանց բնական կծվությունը․․․
Սարսափի վայրի բոց շողաց հյուրերի աչքերում, և նրանցից մեկը շշնջաց․
― Ի՞նչ է դուրս տալիս։ Աստված մթագնել է այս ֆերմերի միտքը։
Ես կանխազգում էի աղետը և նստած էի կարծես փշերի վրա։
― ․․․ այնուհետև, եթե նկատի առնենք բոլորին հայտնի այն ճշմարտությունը, որ ջահել կենդանիները, այսպես ասած, կենդանական աշխարհի թարմ բողբոջները առավել համեղ են և, որ երբ այծը հասունանում է, նրա մուշտակը շատ տաք է դառնում ու փչացնում միսը, որպիսի թերությունը սույն գազանի նողկալի բնույթի և աստծուն տհաճ վարքի հետ միագումարված․․․
Նրանք խուռներամ վեր ցատկեցին, նետվեցին մեզ վրա կատաղի գոռոցով․ «Մեկը դավաճան է, մյուսը ցնդած։ Մա՛հ, մա՛հ դրանց»։ Պետք էր տեսնել, թե ինչ հրճվանք բոցավառվեց թագավորի աչքերում։ Նա զույգ ոտքով կաղում էր գյուղատնտեսությունից, բայց այդ կարգի գործը ճիշտ սրտովն էր։ Նա շատ երկար էր ծոմ պահել և այժմ ծարավ էր կռվի։ Ծնոտին հասցրած հարվածով, նա գետին փռեց դարբնին։ «Սուրբ Գևորգ, հանուն Բրիտանիայի», ― և նա պառկեցրեց անվագործին։ Քարտաշը մարմնեղ էր, բայց ես էլ նրան շուռ տվեցի առանց դժվարության։ Բոլոր երեքը անմիջապես ոտքի ցատկեցին։ Նրանք ընկնում և վեր էին կենում զուտ բրիտանական համառությամբ ու արիությամբ, մինչև որ մենք նրանցից մածուկ սարքեցինք։ Նրանք օրորվում էին հոգնությունից․ զայրույթից կուրացած, այլևս չէին ջոկում, թե ով է բարեկամ և ով թշնամի ու սկսեցին իրար թակել։ Նրանք թակում էին իրար, իսկ մենք մի կողմ քաշվեցինք և դիտում էինք, թե ինչպես են թավալ տալիս գետնին, իրար մազեր փետրում, շների նման մեկը մյուսին խածնում։ Մենք նայում էինք հանգիստ, քանի որ նրանք արդեն ի վիճակի չէին վազելու և օգնություն կանչելու, իսկ մարտի դաշտը այնքան հեռու էր ճանապարհից, որ պատահական անցորդները մեզ տեսնել չէին կարող։
Այս տեսարանով զբաղված, հանկարծ միտքս եկավ, թե ուր է Մարկոն։ Շուրջս նայեցի, նա չէր երևում։ Օհո՜, սա արդեն վատ նշան է։ Քաշեցի թագավորի թևքը և մենք խրճիթ ներխուժեցինք։ Ոչ Մարկո, ոչ Ֆիլլիս։ Վստահաբար, նրանք գնացել են օգնություն կանչելու։ Թագավորին ասացի՝ ոտքերին որքան կարող է ուժ տա, իսկ պատճառը հետո կբացատրեմ։ Մենք հասցրինք վազքով անցնել բաց դաշտը և մտնել անտառ․ միայն այդ պահին ետ նայեցի ու տեսա կատաղած գյուղացիների վազող ամբոխը, Մարկոյի ու նրա կնոջ գլխավորությամբ։ Նրանք աշխարհի աղմուկն էին բարձրացնում, բայց մենք այլևս չէինք վախենում, անտառը թավ էր, մենք կմտնենք խորքերը, կբարձրանանք որևէ ծառ ու թող փնտրեն, որքան սրտներն ուզի։ Բայց այդ ժամանակ մենք ուրիշ ձայն լսեցինք՝ շների հաչոց։ Այո, գործը փոխվում էր։ Մեր խնդիրը բարդացավ, պետք էր հոսող ջուր գտնել։
Մենք սլանում էինք ամբողջ ուժով, և շուտով ձայները սկսեցին հեռանալ ու խուլ աղմուկի վերածվեցին։ Անտառում աղոտ աղջամուղջ էր տիրում։ Հասանք մի գետակի ու ցատկեցինք ջրի մեջ։ Հոսանքն ի վար ջրի միջով գնացինք մոտ երեք հարյուր յարդ։ Ճանապարհը փակեց մի կաղնի ծառ, որի հաստ ճյուղը կախված էր հենց ջրի վրա։ Մագլցեցինք այդ ճյուղը ու սողացինք դեպի բունը։ Հետապնդողների ձայները նորից սկսեցին լսվել ավելի ու ավելի բարձր, ուրեմն՝ ամբոխը գտել էր հետքը։ Որոշ ժամանակ ձայները մոտենում էին շատ արագ, ապա առհասարակ դադարեցին։ Անկասկած, շները գտել էին այն վայրը, որտեղ մենք ջուրն էինք մտել և այժմ այս ու այն կողմ էին նետվում, փնտրելով մեր հետքերը։
Երբ մենք հիմնովին տեղավորվեցինք ծառի վրա, սաղարթով քողարկված թագավորը բոլորովին հանգստացավ, բայց ես՝ ոչ։ Ինձ թվում էր, թե մենք կարող էինք ճյուղով ուրիշ ծառի վրա անցնել, և ես վճռեցի, որ պետք է փորձ անել։ Մենք փորձեցինք ու հաջողություն ունեցանք, թեպետ թագավորը սայթաքեց ու քիչ էր մնում վար ընկներ։ Հարմարավետ նստեցինք, քողարկվեցինք սաղարթով, և այժմ մեզ մնում էր միայն ականջ դնել որսի աղմուկին։
Հանկարծ աղմուկը սկսեց մոտենալ և մոտենալ սուրալով ու գետակի զույգ ափերով միանգամից։ Բարձր, ավելի բարձր ոռնոցով, հարայ հրոցով, հաչոցով, թմփթմփոցով այն անցավ մեր մոտից ինչպես ցիկլոնը։
― Վախենում էի, թե ջրի վրա կռացած ճյուղից նրանք գլխի կընկնեն, ― ասացի ես, ― և շատ ուրախ եմ, որ սխալվեցի։ Գնանք, տեր իմ, ժամանակ չկորցնենք։ Մենք նրանց մոլորեցրինք։ Շուտով կմթնի։ Եթե մենք մի անգամ էլ անցնենք գետակը և որևէ արոտավայրում մի զույգ ձի փոխ առնենք մի քանի ժամով, մենք ապահով ու վտանգից զերծ կլինենք։
Սկսեցինք ցած սողալ և արդեն հասել էինք վերջին ճյուղին, երբ մեզ թվաց, թե հետապնդողները վերադառնում են։ Կանգ առանք, ականջ դրինք։
― Այո, ասացի, ― նրանք հոգնել են, հրաժարվել են հետապնդումից ու տուն են վերադառնում։ Մենք պետք է կրկին վեր սողանք, թառենք մեր ճյուղին ու թողնենք, որ նրանք անցնեն։
Ետ մագլցեցինք, թագավորը մի պահ ականջ դրեց ու ասաց․
― Նրանք դեռ փնտրում են, ես զգում եմ նշաններից։ Ավելի լավ է մնանք այստեղ։
Նա իրավացի էր։ Նա ավելի լավ էր հասկանում որսից, քան ես։ Աղմուկը մոտենում էր համառությամբ, բայց ոչ արագ։ Թագավորն ասաց․
― Նրանք գլխի են ընկել, որ մենք մոտակայքում ենք, քանի որ գնում ենք ոտքով և ջրից շատ հեռանալ չէինք կարող։
― Այո, տեր իմ, վախենամ, որ դուք իրավացի եք, թեպետ ես հույս ունեի, որ ամեն ինչ բարեհաջող կավարտվեր։
Աղմուկը անընդհատ մոտենում էր, և շուտով առջևից գնացողները անցան մեր տակից՝ գետակի զույգ ափերով։ Մի ձայն հնչեց մյուս ափից, պահանջեց կանգ առնել և ասաց․
― Եթե նրանք այդպես խելոք են, ապա կարող էին մագլցել այս կռացած ճյուղի վրայով ու չդիպչել գետնին։ Լավ կլինի մեկին ուղարկեք բարձրանա ծառը։
― Գրողը տանի, այդպես էլ կանենք։
Ես ուրախացա իմ շրջահայեցության համար։ Լավ էինք արել, որ փոխադրվել էինք հարևան ծառի վրա։ Բայց մի՞թե դուք չգիտեք, թե ինչի հանդիպելով կարող է փշուր֊փշուր լինել ուզածդ շրջահայեցությունը։ Մարդկային բթությանը։ Աշխարհիս առաջին սուսերամարտիկը կարող է չվախենալ աշխարհի երկրորդ սուսերամարտիկից, ոչ, նա պետք է վախենա տհասից, որը կյանքում երբեք սուսեր չի բռնել, տհասը կանի հենց այն, ինչ պետք չէ անել, տհասը չի անի այն, ինչ պետք է անել, և փորձառու սուսերամարտիկը կպարտվի։ Դե, ասացեք խնդրեմ, կարո՞ղ էի արդյոք ես, բոլոր իմ տաղանդներով հանդերձ նախագուշակել, որ այդ կարճատես, շլդիկ ծաղրածուն կսխալվի և կբարձրանա ոչ այն ծառը, որը նրան հանձնարարել էին։ Իսկ նա հենց այդպես էլ արեց։ Նա մոտեցավ սխալմամբ ընտրած ծառին, որը, իհարկե, իրականում հենց իրենց փնտրածն էր ու սկսեց վեր մագլցել։
Դրությունը այժմ լրջացավ։ Մենք սսկվեցինք ու սպասեցինք իրերի ընթացքին։ Գյուղացին դժվարությամբ վեր էր մագլցում։ Թագավորը կանգնեց ճյուղի վրա ու պատրաստ պահեց ոտքը և, երբ մագլցողի գլուխը հասավ հարվածի տարածության, մի բութ թխկոց լսվեց, և մարդը գետին գլորվեց։ Ներքևից զայրույթի ոռնոց բարձրացավ, ամբոխը կուտակվեց ծառի շուրջը։ Մենք շրջապատված էինք, մենք գերի էինք։ Ուրիշ մեկը սկսեց վեր մագլցել, մեզ համար կամրջի տեղ ծառայող ճյուղը հայտնաբերվեց, և մի կամավոր բարձրացավ կաղնի ծառը, որպեսզի ճյուղի վրայով դեպի մեզ գա։ Թագավորը հրամայեց ինձ խաղալ Հորացիուսի<ref>Հորացիոս Քոֆլես (Միակնանի) ― Հին Հռոմի լեգենդար հերոս։ Ըստ ավանդության, պատերազմներից մեկի ժամանակ թշնամիներից պահպանել է Հռոմ տանող կամուրջը, մինչև որ հռոմեացիները նրա թիկունքում հասցրել են քանդել այն։ Այդ սխրագոործության համար հռոմեացիները Հորացիուսի պատվին արձան են կանգնեցրել։</ref> դերը և պահպանել կամուրջը։ Թշնամիները հայտնվում էին մեկ այս, մերթ այն կողմից, բայց նրանց գլուխներին հարվածներ էին իջնում, և նրանք հերթով ցած էին թափվում։ Թագավորի ոգին բարձրացավ, նրա ուրախությունը անսահման էր։ Նա ասում էր, որ մենք հիանալի կանցկացնենք գիշերը, որովհետև այսպիսի տակտիկայով կարող ենք պաշտպանել ծառը ամբողջ շրջակա բնակչության դեմ։
Պաշարողները իրենք էլ այդ հասկացան, նրանք դադարեցին գրոհը և սկսեցին ուրիշ ծրագրեր քննարկել։ Նրանք զենք չունեին, բայց որքան ուզեք քար կար այնտեղ, և նրանք կարող էին քարը օգտագործել։ Մենք առարկություն չունեինք։ Մի որևէ պատահական քար կարող էր հասնել մեզ, բայց այդ էլ քիչ հավանական էր։ Մենք լավ պաշտպանված էինք ճյուղերով ու սաղարթով, և մեզ ներքևից չէին տեսնում։ Եթե նրանք քար նետելու վրա կես ժամ ծախսեն, մեզ օգնության կհասներ խավարը։ Մենք շատ գոհ էինք։ Կարող էինք ժպտալ, նույնիսկ ծիծաղել։
Բայց չծիծաղեցինք, և դա շատ ճիշտ էր, որովհետև երկար չպիտի ծիծաղեինք։ Ռմբակոծության սկզբից դեռ քառորդ ժամ էլ չէր անցել, երբ մենք ինչ֊որ տարօրինակ հոտ զգացինք։ Բավական էր մի երկու անգամ հոտոտել օդը, որպեսզի համոզվեինք, որ դա ծուխ էր։ Մեր խաղը վերջապես տանուլ էր տրված։ Մենք ընդունեցինք այդ։ Երբ ծուխն է քեզ հրավիրում, այլևս ելք չկա, պետք է ընդունես հրավերը։ Պաշարողները ծառի շուրջ չոր ճյուղեր էին կուտակել և, երբ տեսան, թե ինչպես ծխի թանձր ամպը պաշարեց բունը ու վեր սողաց, օդը պայթեցրին ուրախության ճիչերով։ Շնչահեղձ լինելով, ասացի․
― Հառա՛ջ, տեր իմ, հպատակները միշտ ետևից են գնում։
Թագավորը հրահանգեց․
― Հետևիր ինձ։ Ցածում թիկունքդ դեմ կտաս բնին մի կողմից, իսկ մյուսը կթողնես ինձ։ Մենք կընդունենք մարտը։ Թող մեզնից յուրաքանչյուրը մարտնչի ինչպես ուզում է և ինչպես կարող է, միայն թե շուրջը մեռյալ մարմինների կույտ գոյանա։
Ապա նա հազալով ու հայհոյելով ցած սողաց, ես՝ նրա ետևից։ Ես գետնին հասա նրանից մի ակնթարթ հետո։ Գրավեցինք կանխապես որոշված դիրքերը և սկսեցինք վանել հարվածները և ամբողջ ուժով պատասխան հարվածներ հասցնել։ Գրոհը կատաղի էր, փոթորիկի նման։ Հանկարծ մի քանի հեծյալները խուժեցին ամբոխի մեջ և մի ձայն որոտաց․
― Դադարեցրեք, կամ էլ բոլորդ կսպանվեք։
Ինչ հաճելի էր այդ ձայնը։ Նրա տերը, անկասկած, ուներ ազնվականի բոլոր նշանները․ շքեղ և թանկարժեք հագուստ, տիրական, խստաշունչ դեմք, իսկ դիմագծերը կրում էին անառակ կյանքի դրոշմը։ Ամբոխը, շների ոհմակի նման ետ ընկրկեց։ Ազնվականը մեզ չափեց զննող հայացքով, ապա կոպիտ ու կտրուկ հարցրեց գյուղացիներին․
― Ի՞նչ էիք անում այս մարդկանց։
― Նրանք խելագարներ են, ազնվափայլ սըր, նրանք եկել են չգիտենք որտեղից, և․․․
― Չգիտե՞ք որտեղից։ Դուք ձևացնում եք, թե նրանց չեք ճանաչում, հա՞։
― Ամենապատվարժան սըր, մենք ճշմարտությունն ենք ասում։ Նրանք օտարականներ են և ոչ ոք այստեղ նրանց չի ճանաչում, դրանք ամենակատաղի ու արյունռուշտ խելագարներ են, որոնք երբևէ․․․
― Լռե՛լ։ Դու ինքդ էլ չես հասկանում, թե ինչ ես ասում։ Նրանք բնավ էլ խելագար չեն։ Ովքե՞ր եք։ Որտեղի՞ց եք։ Բացատրեցե՛ք։
― Մենք խաղաղ ճամփորդներ ենք, սըր, ― ասացի ես, ― և ճամփորդում ենք մեր գործերով։ Մենք հեռավոր երկրից ենք և այստեղ մեզ ոչ ոք չի ճանաչում։ Մենք ոչ մի վատ բան չենք արել, բայց, եթե քո խիզախ միջամտությունը և հովանավորությունը չլիներ, այս մարդիկ կսպանեին մեզ։ Դու իրավացի ես, սըր, մենք խելագար չենք, և ոչ էլ կատաղի և արյունռուշտ։
Ազնվականը դարձավ իր հետևորդներին և հանգիստ ասաց․
― Քշեցեք այս անասուններին իրենց որջերը։
Ամբոխը ցրվեց մի ակնթարթում, նրանց ետևից ընկան հեծյալները, մտրակելով ու պայտերի տակ ճզմելով ճանապարհով վազողներին, որոնք գլխի չէին ընկնում թփուտները մտնել։ Ճիչերը մարեցին հեռվում, և շուտով հեծյալները սկսեցին վերադառնալ։ Մինչ այդ ազնվականը շարունակում էր հարցաքննությունը, բայց ոչ մի արդյունքի չհասավ։ Մենք նրան շնորհակալություն էինք հայտնում և շարունակում էինք կրկնել, թե մենք օտարներ ենք և այստեղ բարեկամներ չունենք։ Երբ շքախումբը վերադարձավ, ազնվականը ասաց իր ծառաներից մեկին․
― Բեռնակիր ձիերը բեր և նստեցրու այս անծանոթերին։
― Լսում եմ, իմ լորդ։
Մեզ տեղավորեցին շարքի վերջում, ծառաների միջև։ Շարժվում էինք բավականին արագ և շուտով, երբ արդեն մութն ընկել էր, կանգ առանք ճանապարհամերձ մի իջևատանը, տասը֊տասներկու մղոն հեռու այն վայրից, որտեղ այդքան անախորժությունների էինք հանդիպել։ Միլորդը անմիջապես առանձնացավ իրեն հատկացված սենյակում, նախապես ընթրիք պատվիրելով, և մենք այլևս նրան չտեսանք։ Առավոտյան նախաճաշեցինք և պատրաստվեցինք ճանապարհը շարունակելու։
Միլորդի գլխավոր սպասավորը մոտեցավ մեզ և վայելչությամբ ասաց․
― Դուք ասացիք, որ պետք է շարունակեք այս ճանապարհով, որը նմանապես մեր ուղղություն է նաև, ուստի իմ տեր կոմս Գրիփը հրահանգել է տրամադրել ձեզ այդ ձիերը և ուղեկցել մինչև մոտակա քաղաքը, որը այստեղից քսան մղոն է հեռու և կոչվում է Քամբենետ, որտեղ դուք այլևս ապահով կլինեք։
Մեզ մնում էր միայն շնորհակալություն հայտնել և ընդունել առաջարկությունը։ Մենք ճանապարհ ընկանք վեց հոգով, անշտապ, չհոգնեցնող վարգով և մեր ուղեկիցների հետ զրույցներից իմացանք, որ միլորդ Գրիփը շատ կարևոր անձնավորություն է իր երկրամասում և, որ նրա կալվածները գտնվում են Քամբենետից մեկ օրվա հեռավորության վրա։ Մենք այնքան դանդաղ էինք ընթանում, որ արդեն ուշ առավոտ էր, երբ հասանք քաղաքի շուկայի հրապարակը։ Ձիերից իջանք, հրահանգելով մի անգամ էլ հայտնել մեր շնորհակալությունը միլորդին, և մոտեցանք հրապարակի կենտրոնում հավաքված ամբոխին, որպեսզի տեսնեինք, թե ինչն է տեղիք տվել նրա հետաքրքրասիրությանը։ Պարզվեց, որ դա ստրուկների այն քարավանի մնացորդներն էին, որին մենք հանդիպել էինք մի քանի օր առաջ․․․ Ուրեմն, ամբողջ այս ընթացքում նրանք քարշ էին տվել իրենց շղթաները փոշեծածկ ճանապարհներով։ Դժբախտ ամուսինը արդեն չկար նրանց մեջ, ինչպես և շատ ուրիշները բացակայում էին, բայց մի քանի նոր դեմքեր էին ավելացել։ Թագավորը անտարբեր էր այդ տեսարանի նկատմամբ և ուզում էր հեռանալ, բայց ես խորապես հուզվել էի ու խղճահարությամբ լցվել։ Հայացքս չէի կարողանում կտրել մարդկային այդ խղճուկ բեկորներից։ Նրանք կույտ առ կույտ նստած էին գետնին, լուռ, անմռունչ, գլուխները հակած, անսահման հուզիչ՝ իրենց նվաստացման մեջ։ Եվ, կարծես դիտմամբ, հակադրության համար, երեսուն քայլ այն կողմ, ուրիշ ամբոխի առջև մի զեղուն հռետոր ճառ էր ասում, փառաբանելով «մեր փառավոր բրիտանական ազատությունները»։
Ներսս եռում էր։ Ես մոռացա, որ պլեբեյ էի, պարզապես հիշում էի միայն, որ ես մարդ եմ։ Թող լինի ինչ ուզում է, ես կբարձրանամ այդ ամբիոնը և․․․
Չը՛խկ։ Ինձ ու թագավորին իրար էին գամել ձեռնաշղթայով։ Այդ արեցին մեր ուղեկիցները, կոմսի ծառաները, միլորդ Գրիփը կանգնած էր հենց այդտեղ ու մեզ էր նայում։ Թագավորը կատաղություն կտրեց և գոռաց․
― Ի՞նչ է նշանակում այս վատ վարվելակերպի դրսևորումը։
Միլորդը սառը դիմեց իր գլխավոր սպասավորին․
― Աճուրդի դրեք այս ստրուկներին ու վաճառեցեք նրանց։
<b>Ստրուկների՞ն։</b> Հիմա արդեն այս բառը բոլորովին նոր ձևով էր հնչում, և որքան անասելիորեն ահավոր։ Թագավորը բարձրացրեց իր շղթայակիր ձեռքերը և կատաղի ուժով իջեցրեց միլորդի գլխին, բայց նա հասցրեց խույս տալ հարվածից։ Այդ սրիկայի մի տասնյակ ծառաներ նետվեցին դեպի մեզ, և մի ակնթարթից մենք արդեն անօգնական էինք, ձեռքներս ոլորված։ Բայց մենք այնպես բարձր էինք գոռում և կրքոտ հայտարարում, թե մենք ազատ մարդիկ ենք, որ գրավեցինք ազատասեր հռետորի և նրա հավատարիմ լսարանի ուշադրությունը, և նրանք շրջապատեցին մեզ։ Հռետորը ասաց․
― Եթե դուք իրոք ազատ մարդիկ եք, ուրեմն վախենալու հարկ չկա։ Աստծու տված բրիտանական ազատությունները ձեզ համար վահան ու պահապան կլինեն (ծափահարություններ)։ Դուք հիմա կհամոզվեք։ Ներկայացրեք ապացույցները։
― Ի՞նչ ապացույցներ։
― Որ դուք ազատ մարդիկ եք։
Ա՜, ես հանկարծ հիշեցի, սթափվեցի ու ոչինչ չասացի։ Բայց թագավորը փոթորկվեց․
― Խելքդ գլխի՞դ է, թե ոչ։ Թող այս գողն ու սրիկան ապացուցի, որ մենք ազատ մարդիկ չենք։
Նա գիտեր իր օրենքները, բայց գիտեր այնպես, ինչպես սովորաբար մեծամասնությունն է իմանում․ այսինքն օրենքի տառը, և ոչ թե գործունեության մեջ դրված օրենքը։ Օրենքը պետք է սեփական կաշվի վրա փորձես, որպեսզի հասկանաս նրա իսկական նշանակությունը։
Բոլորը հիասթափված թափահարեցին գլուխները, շատերը շրջվեցին, այլևս մեզնով չհետաքրքրվելով։ Հռետորը ասաց․
― Եթե դուք ձեր երկրի օրենքները չգիտեք, ժամանակն է, որպեսզի ծանոթանաք։ Մեզ համար դուք օտար մարդիկ եք և դա չեք հերքի։ Գուցե և դուք ազատ մարդիկ եք, բայց գուցե և ստրուկներ եք։ Օրենքը պարզ է․ այն ստրկատիրոջից ապացույց չի պահանջում, որ դուք ստրուկ եք, ձեզնից է պահանջում, որ դուք ստրուկ չեք։
Ես ասացի․
― Թանկագին սըր, ժամանակ տուր մարդ ուղարկելու Աստոլատ, կամ ժամանակ տուր մարդ ուղարկենք Սրբության Հովիտ․․․
― Հանգստացիր, բարի մարդ, դու արտակարգ պահանջներ ես դնում և չես կարող հույս ունենալ, որ նրանք կկատարվեն։ Դա շատ ժամանակ կզբաղեցնի և անչափ շատ հոգսեր կպատճառի մեր տիրոջը․․․
― Տիրո՞ջը, ապուշ․․․ ― մռնչաց թագավորը։ ― Ես տեր չունեմ, ես ինքս եմ տ․․․
― Լռիր, աստծու սիրույն։
Ես ժամանակին կանգնեցրի թագավորին։ Առանց այն էլ քիչ աղետ չէր թափվել մեր գլխին, և մեզ ոչ մի օգուտ չէր բերի, եթե այս մարդիկ համոզվեին, որ մենք խելագար ենք։
Մանրամասնություններ շարադրելու կարիք չկա։ Կոմսը վաճառեց մեզ աճուրդով։ Նույն անիծյալ օրենքը գոյություն ուներ նաև մեր Հարավում տասներեք դար հետո․ հարյուրավոր ազատ մարդիկ, որոնք իրենց ազատ մարդու հանգամանքը փաստող ապացույցներ չունեին, այդ օրենքի տրամադրությամբ ստրկության էին վաճառվել ու ստրուկ մնացել ամբողջ կյանքում։ Այն ժամանակներում դա ինձ բնավ էլ չէր հուզում։ Բայց երբ ես սեփական կաշվիս վրա զգացի, թե ինչ ասել է աճուրդով վաճառվելը, այդ օրենքը հանկարծ ինձ թվաց ամենանողկալի մի բան։ Ինչ արած, այդպիսին է ստեղծված մարդը։
Այո, մեզ վաճառեցին աճուրդով, ինչպես խոզերին։ Որևէ մեծ քաղաքում ու մարդաշատ շուկայում մեզ, հավանաբար, լավ գին կտային, բայց այստեղ, այս խուլ որջում մեզ այնպիսի գին տվեցին, որ ես մինչ այսօր էլ ամաչում եմ, երբ միտքս է գալիս։ Անգլիայի թագավորին տվեցին յոթ դոլար, իսկ նրա առաջին մինիստրին՝ ինը, մինչդեռ թագավորը հեշտությամբ կարժենար տասներկու դոլար, իսկ ես նույնքան հեշտությամբ՝ տասնիհինգ դոլար։ Բայց այդպես է միշտ լինում․ եթե շուկան վատն է, ինչպիսի լավ ապրանք էլ առաջարկելու լինեք, միևնունն է, շատ քիչ կշահեք, և ես խորհուրդ եմ տալիս այս բանը միշտ հիշեցեք։ Եթե կոմսը այնքան խելք ունենար, որպեսզի․․․
Ասենք, իմ ինչ պետքն է, որ նա այդպես վատ է վարում իր գործերը։ Ես ձեզ ցույց տվեցի, թե ինչ պտուղ է նա, և թող այժմ գրողի ծոցը գնա։
Ստրկավաճառը գնեց մեզ երկուսիս էլ և գամեց ընդհանուր շղթային, այնպես, որ մենք եզրափակում էինք թափորը։ Կեսօրին արդեն դուրս էինք գալիս քաղաքից, և ինձ շատ տարօրինակ ու արտառոց թվաց, որ ձեռքերն ու ոտքերը շղթայված Անգլիայի թագավորը ու նրա առաջին մինիստրը քայլում են ստրուկների քարավանում, ոչ մի ուշադրության չարժանանալով պարապ հանդիսականների կողմից, և անցնում են պատուհանների տակից, որոնց մոտ նստած են գեղատեսիլ ու բարի կանայք, ու ոչ միայն կարեկցանք, այլև հետաքրքրություն չեն առաջացնում նրանց սրտերում։ Վերջ ի վերջո այդ հանգամանքը միայն մի բան է ապացուցում, որ թագավորի մեջ ոչ մի աստվածային բան չկա, որ նա ոչնչով չի տարբերվում ամենաետին թափառաշրջիկից, քանի դուք դեռ չգիտեք, որ նա թագավոր է։ Բայց բավական է երևան հանել նրա հանգամանքը և, աստված իմ, շունչդ կտրվում է, երբ նրան ես նաում։ Մի խոսքով, ըստ իս, մենք բոլորս ապուշներ ենք։ Ի ծնե ապուշներ, անկասկած։
==Գլուխ XXXV==
Ցավալի արկած
Այս աշխարհը անակնկալների աշխարհ է։ Թագավորը մռայլ խոհերի մեջ ընկավ, դա բնական էր։ Ինչի՞ մասին էր խորհում, կարող եք հարցնել։ Գուցե՞ իր անսովոր անկումի մասին, թե ինչպես ցած գլորվեց աշխարհիս ամենաբարձր դիրքից մինչև ամենացածրը, ամենակարողությունից մինչև ոչնչություն, ամենաանվանիից մինչև անհայտություն, այն մասին, թե ինչպես լինելով աշխարհիս ամենամեծ մարդը, դարձավ նույն աշխարհի տականքներից մեկը։ Ոչ, արևս վկա, այդ չէր նրան տանջում։ Նրան առավել տանջողը այն միտքն էր, թե որքան էժան վաճառվեց ինքը։ Թագավորի մտքով իսկ չէր անցել, որ ինքը ընդամենը յոթ դոլար պիտի արժենա։ Իմանալով, թե ինչ մտքեր են նրան տանջում, ես այնպես ապշահար էի եղել, որ սկզբում չհավատացի․ դա անբնական թվաց ինձ։ Բայց երբ մտքերս պարզվեցին, և ես նորից ունակ եղա ճիշտ նայելու իրերին, հասկացա, որ սխալվել էի․ դա միանգամայն բնական էր։ Եվ իրոք, «թագավոր» հասկացությունը արհեստական է, և դրա համար էլ՝ որպես թագավորի, նրա ապրումները արհեստական էին, ոչ իրական, ինչպես լարովի պուպրիկինը։ Բայց որպես մարդ նա իրական էր, իրական էին նաև նրա մարդկային ապրումները, իսկ սովորական, միջին մարդու համար միշտ էլ տհաճ է, երբ նրան գնահատում են ավելի ցածր, քան ինքն է իրեն գնահատում։ Թագավորն էլ, իհարկե, բնավ բարձր չէր միջին մարդուց։
Նզովք ու անեծք։ Նա պարզապես ձանձրացրեց ինձ, աշխատելով ապացուցել, թե իսկական շուկայում իրեն կգնահատեին քսանհինգ դոլարից ոչ պակաս, ― դա կատարյալ անմտություն էր, աներես մեծամտություն, ես ինքս այդքան չէի արժենա։ Բայց, հարցը շատ նուրբ էր, որպեսզի վիճարկեի, և ես որոշեցի դիվանագիտորեն չառարկել։ Ստիպված էի խիղճս ծալել մի կողմ դնել և համարձակ հաստատել, որ իրոք հենց քսանհինգ դոլար էլ նա կարժենար։ Մինդեռ ինքս ինձ վստահ համոզված էի, որ դեռ աշխարհի արարչագործությունից այս կողմ չի եղել որևէ թագավոր, որը արժենար այդ գումարի նույնիսկ կեսը, իսկ հետագա տասներեք դարերում նրա համար չէին տա նույնիսկ քառորդը։ Այո, նա ձանձրացրել էր ինձ։ Ինչի մասին էլ խոսեր՝ եղանակի, բերքի, քաղաքականության, շների, կատուների, բարոյականության, աստվածաբանության, ես միայն հառաչում էի, գիտենալով, որ բոլոր այդ զրույցները անխուսափելիորեն պիտի հանգեն թշվառ յոթ դոլարին։ Բավական էր, որպեսզի կանգ առնեինք որևէ մարդաշատ վայրում, և նա անմիջապես պերճախոս հայացք էր նետում վրաս, որը պարզ ու հստակ ասում էր․ «Եթե այդ վաճառքը կարելի լիներ այստեղ կրկնել, դու կտեսնեիր, թե ինչ է իմ իսկական գինը»։ Երբ նրան վաճառում էին յոթ դոլարով, ես, պիտի խոստովանեմ, սկզբում նույնիսկ չարախնդում էի։ Իսկ այժմ նա այնպես էր ձանձրացրել ինձ իր նվնվոցով, որ երջանիկ կլինեի, եթե նրա համար կլոր հարյուր վճարեին։ Բայց այդ կարգի հույս չկար, քանի որ մեզ ամեն օր դիտում էին զանազան գնորդները և մեծ մասամբ այսպես էին արտահայտվում թագավորի մասին․
― Ահա մի երկուսուկես դոլարանոց ստմաբակ, որը ամբողջ երեսուն դոլարի գոռոզամտություն ունի։ Ափսոս, որ գոռոզությունը գրոշ չարժե։
Վերջ ի վերջո այդ կարգի դիտողությունները վատ արդյունքի հանգեցրին։ Ստրկավաճառը գործնական մարդ էր և վճռեց, որ այդ թերությունը անհրաժեշտ է դուրս նետել թագավորի միջից, եթե ուզում ես նրա համար գնորդ գտնել։ Եվ նա սկսեց դուրս նետել գոռոզամտությունը նորին վեհափառության սրբազան մարմնից։ Ես կարող էի որոշ արժեքավոր խորհուրդներ տալ այդ մարդուն, բայց բարվոք համարեցի չմիջամտել․ ստրկավաճառին առաջարկվող քո կամավոր խորհուրդներով գործը էլ ավելի կփչացնես։ Ես ինքս քիչ ժամանակ չկորցրեցի թագավորին հասարակ գյուղացու վերափոխելիս, և հաշվի առեք, որ նա այն ժամանակ հնազանդ ու ջանասեր աշակերտ էր։ Իսկ այժմ, ուժով ստիպել նրան թագավորական կեցվածքը ստրկականի փոխելու, համարյա անհնարին էր։ Եկեք մանրամասնությունների մեջ չմտնենք, ինքներդ արդեն կարող եք պատկերացնել։ Միայն պիտի նշեմ, որ շաբաթվա վերջին բոլոր վկայությունները կային այն մասին, թե մտրակը, դագանակը և բռունցքը տեսել են իրենց գործը, և թագավորի մարմնի ցավալի տեսքը մարդու լաց էր բերում։ Իսկ նրա ոգի՞ն։ Նրա ոգին մազաչափ անգամ չերերաց։ Նույնիսկ այդ ապուշ ստրկավաճառը ստիպված էր համոզվելու, որ երբեմն ստրուկն էլ մինչև մահ մարդ է մնում և, որ կարելի է ջարդել նրա ոսկորները, բայց չի կարելի կոտրել ոգին։ Վերջ ի վերջո ստրկավաճառը տեսավ, որ իր բոլոր ջանքերը ապարդյուն են, որ թագավորը հաղթանակ տարավ իր նկատմամբ, և նրան հանգիստ թողեց։ Բանն այն է, որ թագավորը ավելին էր, քան պարզ թագավոր, նա մարդ էր, իսկ իսկական մարդու միջից մարդկային հատկանիշները չես կարող դուրս նետել։
Մի ամբողջ ամիս շատ ծանր օրեր անցկացրինք, ետ ու առաջ դոփելով երկիրը և տանջվելով։ Եվ այդ ժամանակի ընթացքում ո՞ր անգլիացին էր ամենից շատ հետաքրքրվում ստրկության հարցով։ Նորին վեհափառություն թագավորը։ Այո՛։ Որքան նախկինում նա անտարբեր էր, այնքան այժմ հուզում էր նրան այդ հարցը։ Կյանքումս երբեք չէի տեսել ստրկությունը առավել ատող մարդ։ Եվ ես որոշեցի տալ նրան նույն հարցը, որ տվել էի մի քանի տարի առաջ և ստացել այնպիսի խստագույն պատասխան, որ այլևս սիրտ չէի անում անդրադառնալ դրան․ արդյո՞ք նա չի գտնում, որ անհրաժեշտ է վերացնել ստրկությունը։
Նրա պատասխանը նույնքան խիստ էր, որքան առաջ, բայց այս անգամ հնչեց որպես հաճելի երաժշտություն, թեպետ թագավորի բերանում սրբապղծությունը այնքան էլ հաջող չէր ստացվում և հայհոյական խոսքը իր տեղը գտավ դարձվածքի միջնամասում, այլ ոչ թե վերջում, որտեղ և պետք է լիներ։ Բայց ուրիշ բան ես չէի էլ ցանկանում լսել։
Այժմ ես սկսեցի մտածել ազատության մասին։ Նախկինում ես այդ չէի ուզում։ Ոչ, սխալ արտահայտվեցի։ Ես, իհարկե, ուզում էի, բայց կողմնակից չէի անօգուտ փորձեր անելուն և նույնիսկ թագավորին էլ ետ էի պահում։ Բայց այժմ․․․ օ՜, այժմ մթնոլորտը ուրիշ էր։ Ազատությունը այժմ արժեր ամեն ինչ։ Ես գործողության ծրագիր մշակեցի, որը նույնիսկ ինձ հիացրեց։ Դրա իրականացումը բավական ժամանակ և համբերություն էր պահանջում։ Կարելի էր, անշուշտ, նույնքան վստահելի և արագ միջոցներ գտնել, բայց առավել գեղեցիկ ու դրամատիկ՝ հնարավոր չէր։ Այնպես որ ես ձեռք չքաշեցի իմ ծրագրից։ Այն կստիպի մեզ դեռ մի քանի ամիս շղթաներ կրել․ դա ոչինչ, ես պետք է վախճանին հասցնեմ թատերական մտահղացումս։
Երբեմն֊երբեմն արկածներ էլ էին լինում։ Մի անգամ երեկոյան մենք ընկանք ձյան փոթորկի մեջ, երբ դեռ մի մղոնաչափ ճանապարհ էր մնում այն գյուղից, ուր գնում էինք։ Ձյունը այնքան թանձր էր, որ մի ակնթարթում մենք ասես մառախուղի մեջ հայտնվեցինք։ Շուրջը ոչինչ չէր երևում, և մենք մոլորվեցինք։ Ստրկավաճառը, նախատեսնելով իր սնանկացումը, անխնա գործածում էր մտրակը բայց դա միայն վնասում էր գործին, որովհետև մտրակը մեզ ավելի ու ավելի էր հեռացնում ճանապարհից, հետևաբար և որևէ օգնությունից։ Վերջապես ստիպված էինք կանգ առնել և խրվել ձյան մեջ։ Փոթորիկը շարունակվեց մինչև կեսգիշեր, ապա դադարեց։ Մինչ այդ մեր քարավանի երկու թույլ տղամարդ և երեք կին մեռել էին։ Մյուսները հազիվ կենդանի էին ու դժվարությամբ էին կարողանում շարժվել։ Ստրկավաճառը կատաղությունից կորցրել էր իրեն։ Որքան ձեռքերում ուժ կար, նա գործադրում էր մտրակը և ստիպում մեզ շարժումներ անել, որպեսզի վերականգնեինք մեր արյան շրջանառությունը։
Եվ ահա, թե ինչ պատահեց։ Հանկարծ ճիչ ու ողբ լսվեց և հեկեկալով, մի փախչող կին հայտնվեց։ Տեսնելով մեր խումբը, նա իրեն նետեց մեր մեջ ու պաշտպանություն խնդրեց։ Նրա ետևից վազում էր ջահեր վառած ամբոխը ու գոռում, թե այդ կինը վհուկ է, թե նա սպանում է կովերին ինչ֊որ մի տարօրինակ հիվանդությամբ, թե նրան օգնում է ինքը սև կատվի տեսքով սատանան։ Թշավառ կինը այնպես արնաթաթախ էր, այնպես քարկոծված, որ համարյա կորցրել էր մարդկային կերպարանքը։ Ամբոխը ուզում էր նրան այրել։
Է՜, ձեր կարծիքով ի՞նչ արեց մեր ստրկավաճառը։ Երբ մենք, պաշտպանելու համար, շրջապատեցինք այդ թշվառ արարածին, նա արագությամբ վճռեց իր օգուտը։ Նա ասաց, որ կնոջը ամբոխի ձեռքը կհանձնի միայն այն դեպքում, եթե նրան այրեն հենց այդտեղ։ Պատկերացնո՞ւմ եք։ Ամբոխը համաձայն էր։ Նրանք կնոջը կապեցին սյունին, շուրջը չոր փայտ կուտակեցին ու կրակ տվեցին։ Թշվառը գոռում էր, աղաչում, կրծքին սեղմելով իր փոքրիկ աղջիկներին։ Իսկ մեր քարասիրտ վայրենին, որ միայն իր շահի մասին էր հոգում, մեզ մտրակով ստիպեց շրջան կազմել խարույկի շուրջ և տաքանալ նույն կրակով, որը տարավ դժբախտ, անմեղ մոր կյանքը, մինչև որ մենք նորից կենդանություն չառանք և չվերականգնեցինք մեր շուկայական արժեքը։ Ահա թե ինչ տիպ էր մեր տերը։ Ես նրան նկատի առա հետագայի համար։ Այդ ձյան փոթորիկը նրա վրա ինը ստրուկ նստեց։ Եվ դրանից հետո շատ օրերի ընթացքում նա մեր նկատմամբ ավելի վայրենի էր վարվում, այնքան որ կատաղած էր իր կորստի պատճառով։
Արկած արկածի ետևից էր պատահում։ Մի օր դեմ առանք մի թափորի։ Եվ այն էլ ինչպիսի՜ թափորի։ Թվում էր, թե այնտեղ հավաքվել էին թագավորության բոլոր տականքները և, ընդ որում, բոլորն էլ հարբած էին։ Առջևից սայլ էր գնում, վրան մի դագաղ դրված, իսկ դագաղին նստած էր մոտ տասնութ տարեկան սիրունատես մի կին, որը կուրծք էր տալիս երեխային։ Կինը անընդհատ իրեն էր սեղմում մանկիկին, նրա դեմքից սրբում իր իսկ աչքերից կաթած արցունքները, իսկ փոքրիկը երջանիկ ժպտում էր, իր փամփլիկ թաթիկներով կառչելով մոր կրծքից։ Դժբախտ մայրն էլ փայփայում, գգվում էր նրան։
Տղամարդիկ ու կանայք, տղաներն ու աղջիկները, պարելով, գոռգոռալով վազում էին սայլի ետևից ու կողքերից, հայհոյում էին, աստծուն անարգում, անառակ երգեր երգում․ դա մի զզվելի տեսարան էր, դևերի կատարյալ տոնահադես։ Մենք արդեն հասել էինք Լոնդոնի պատերին և արվարձաններին, և սա էլ լոնդոնյան հասարակության մի նմուշ էր։ Մեր տերը մեզ համար լավ տեղ ճարեց կախաղանի մոտ։ Քահանան արդեն սպասում էր այստեղ, և նա օգնեց աղջկան հարթակի վրա բարձրանալ, մխիթարական խոսքեր շշնջաց ու շերիֆի օգնականին հրահանգեց նրա համար աթոռակ ճարել։ Ապա ինքն էլ կանգնեց հարթակի վրա աղջկա կողքին, մի քանի վայրկյան նայեց անմիջապես մոտերքը կանգնած խիտ ամբոխին, դեպի ինքը դարձած բազմաթիվ դեմքերին ու սկսեց պատմել թշվառ կնոջ պատմությունը։ Նրա ձայնի մեջ խղճահարություն հնչեց, ― ի՜նչ հազվադեպ էր հնչում խղճահարությունը այս վայրենի, տհաս երկրում։ Ես հիշում եմ նրա պատմածի ամենաաննշան մանրամսնությունն անգամ, միայն մոռացել եմ նրա բառերը, և դրա համար էլ պիտի պատմեմ իմ բառերով։
«Օրենքը պետք է արդարացի լինի։ Երբեմն այն սխալվում է։ Բայց ի՞նչ կարող ես անել։ Մեզ մնում է միայն հնազանդվել, մորմոքվել և աղոթել նրանց հոգիների համար, ում անճիշտ կերպով է պատժել օրենքը, և ցանկալ, որ նմանների թիվը նվազ լինի։ Օրենքը մահվան է դատապարտել այս թշվառ ջահել էակին, և օրենքը իրավացի է։ Բայց մի ուրիշ օրենք ստիպել է նրան կամ հանցագործություն անել, կամ էլ սովամահ լինել իր մանկիկի հետ, և այդպիսի օրենքը պատասխան պիտի տա աստծու առջև և նրա հանցագործության, և նրա ամոթալի մահվա համար։
Դեռ մի փոքր առաջ, այս ջահել էակը, այս տասնութամյա մանկիկը ամենաերջանիկ մայրերից ու կանանցից մեկն էր ամբողջ Անգլիայում։ Նրա շրթունքներին միշտ երգ էր հնչում, որը թարգմանն է երջանիկ ու անմեղ սրտերի։ Նրա ջահել ամուսինը նույնքան երջանիկ էր, որքան կինը։ Կատարելով իր պարտքը, վաստակելով իր հացը, նա ազնվորեն աշխատում էր առավոտից մինչև երեկո, հենարանն ու պաշտպանն էր ընտանիքի և իր բաժինն էր մուծում ազգիս բարեկեցությանը։ Բայց նենգ օրենքը մի ակնթարթում ավերեց այդ սուրբ օջախը։ Ջահել ամուսնուն կալանեցին, խարանեցին և ծով ուղարկեցին։ Կինը ոչինչ չգիտեր այդ մասին։ Նա ամենուրեք փնտրում էր ամուսնուն, ամենաքար սրտերն անգամ հուզելով իր աղաչանքով, որը պերճախոս վկայում էր նրա հուսաբեկությունը։ Շաբաթներ էին սահում, նա սպասում էր ամուսնուն, հույսեր կապում, բայ կամաց֊կամաց նրա միտքը խանգարվում էր վշտից։ Վերջապես եկավ օրը, երբ նրա բոլոր փոքրիկ խնայողությունները ցամաքեցին։ Ու երբ այլևս վարձ տալ չէր կարող, նրան փողոց շպրտեցին։ Նա մուրում էր, քանի դեռ ուժը չէր լքել նրան։ Կուրծքը կտրվեց կաթից, այդ ժամանակ նա քառորդ ցենտի արժողությամբ մի կտոր քաթան գողացավ, հույս ունենալով, թե կվաճառի այն ու կփրկի իր մանկիկին ստույգ մահից։
Բայց քաթանի տերը բռնեց նրան։ Նրան զնդան նետեցին ու դատի հանձնեցին։ Քաթանագործը երդումով հաստատեց գողության փաստը։ Կնոջը դատապաշտպան տրամադրեցին, և դատավճռի մեղմացման համար հրապարակեցին նրա տխուր պատմությունը։ Նա ինքն էլ ձայն ստացավ և պատմեց, թե իրոք գողացել է քաթանը, սակայն միտքը վշտից խանգարվել էր և, երբ քաղցը տիրեց նրան, նա այլևս դադարեց հասկանալ՝ լավ, թե վատ քայլ է անում ինքը, գիտակցելով միայն մի եզակի բան, որ սարսափելի քաղցած է։ Սկզբում բոլորը հուզվել էին և հակված էին գթասրտություն ցույց տալ, տեսնելով, որ նա այդպես ջահել է ու միայնակ, այդպես արժանի է ափսոսանքի, որ աղջկան հանցագործության մղած միակ մեղավորը նրան հենարանից զրկող օրենքն է եղել։ Այստեղից առարկեց մեղադրողը, ասելով, որ թեպետ այդ ամենը ճիշտ է և միանգամայն արժանի ափսոսանքի, բայց վերջին շրջանում այնքան նախադեպ են մանր գողությունները, որ անհարիր դրսևորված գթասրտությունը կարող է սպառնալիք դառնալ սեփականության դեմ (օ՜, աստված իմ, մի՞թե բրիտանական օրենքի համար ավերված ընտանեկան օջախը, որբացած երեխաները, փշրված սրտերը ոչ մի արժեք չունեն և մի՞թե դրնաց պաշտպանել պետք չէ), և այդ պատճառով, նա ստիպված է պատիժ պահանջել։
Երբ դատավորը դրեց իր սև թասակը ու արտասանեց ճակատագրական բառերը, գողացված քաթանի տերը օրորվելով վեր կացավ, նրա դեմքը մոխիր էր կտրել և դողդողացող շրթունքներով բացականչեց․
― Օ՛հ, խե՜ղճ երեխա, խե՜ղճ երեխա։ Ես չգիտեի, որ դրա համար նրան մահապատիժ է սպառնում, ― և վար ընկավ, կտրված ծառի նման։
Երբ նրան բարձրացրին, ուղեղը խանգարվել էր, ու դեռ արևը մայր չմտած, նա ինքնասպանություն գործեց։ Լավ մարդ էր, մարդ, որ իսկական սիրտ ուներ։ Գումարեցեք այս սպանությունն էլ այն մեկին, որ քիչ հետո այստեղ պիտի կատարվի, և թող դրա համար պատասխանատվություն կրեն նրանք, ովքեր պարտավոր են՝ Բրիտանիայի տիրակալները և դաժան օրենքները։ Ժամն է արդեն, աղջիկս, թող աղոթեմ, աղոթեմ ոչ քեզ համար, խեղճ, նվաստացած և անմեղ սիրտ, այլ նրանց համար, ովքեր մեղավոր են քո մահվան մեջ, նրանց համար ավելի անհրաժեշտ է իմ աղոթքը։
Աղոթքից հետո, ջահել աղջկա պարանոցը անցկացրին օղակը, բայց ստիպված էին բավականին չարչարվել պարանը կապելու համար, քանի որ նա անընդհատ դեմքին էր սեղմում մանկիկին, համբուրում, արցունքներով ողողում նրան մերթ հեկեկալով, մերթ ճչալով, իսկ մանկիկը հիացմունքով ծիծաղում էր, տոտիկներով խփում մորը, երևի կարծելով, թե իր հետ խաղում են։ Նույնիսկ դահիճը չկարողացավ նայել, և շրջեց գլուխը։ Երբ ամեն ինչ պատրաստ էր, քահանան քնքշորեն, բայց համառությամբ վերցրեց երեխային մոր ձեռքերից ու սկսեց փութով իջնել հարթակի վրայից։ Կինը տարածեց ձեռքերը և ճիչ արձակելով կատաղի նետվեց դեպի երեխան։ Բայց պարանն ու շերիֆի օգնականը ամուր բռնել էին նրան։ Այդ ժամանակ նա ծունկի իջավ և, ձեռքերը պարզելով, սկսեց աղաչել․
― Մի համբույր էլ։ Օ՜, աստված իմ, մի համբույր էլ, մի համբույր էլ։ Սա մեռնողի աղաչանք է։
― Օ՜, մանկիկս, թանկագին մանկիկս, նա կմեռնի։ Նա ո՛չ տուն ունի, ո՛չ բարեկամ, ո՛չ հայր, ո՛չ մայր․․․
― Նա ամեն ինչ ունի, ― ասաց բարի քահանան։ ― Քանի կենդանի եմ, ես կլինեմ նրա համար ամեն ինչ։
Եթե տեսնեիք նրա դեմքը այդ պահին։ Երախտապարտությո՞ւն։ Խոսքերով անհնարին է նկարագրել նրա արտահայտությունը։ Բառերը լավ նկարված բոց են։ Իսկ նրա հայացքի մեջ կենդանի, անմահական բոց էր։ Նա բոցառատ հայացք նետեց և տարավ իր հետ այդ հայացքը երկնքի գանձարանը, որտեղ էլ պետք է գտնվի յուրաքանչյուր աստվածային բան։
==Գլուխ XXXVI==
Հանդիպում խավարի մեջ
Լոնդոնը ստրուկի համար բավականին հետաքրքրական տեղ էր։ Դա ըստ էության մի վիթխարի գյուղ էր, ցեխով ու ծղոտով լեցուն։ Փողոցները ծուռտիկ էին, չսալարկված, կեղտոտ։ Բնակչությունը մշտաշարժուն մի ամբոխ էր, որ հագնված էր և՛ ցնցոտիներ, և՛ մետաքսներ, ծածանվող փետուրներ և՛ փայլփլուն զրահներ։ Թագավորը այստեղ պալատ ուներ։ Նա հեռվից տեսավ իր ապարանքը և հառաչեց, այո, և հայհոյեց, այնպես անփորձ, մանկական ձևով, ինչպես հայհոյում էին վեցերորդ դարում։ Մենք ծանոթ ասպետներ ու ազնվականներ տեսանք, բայց մեզ՝ կապտուկներով, ցնցոտիապատ, ցեխակոլոլ, նրանք չճանաչեցին, չէին էլ ճանաչի, եթե մենք նրանց ձայն տայինք, նույնիսկ կանգ էլ չէին առնի մեզ պատասխանելու համար, քանի որ իրավունք չունեին զրուցելու շղթային գամված ստրուկի հետ։ Ինձնից տաս յարդի վրա անցավ Սենդին՝ ջորի հեծած, հավանաբար, ինձ էր փնտրում։ Բայց վերջնականապես կոտրեց սիրտս այն, ինչ պատահեց մեր հին տաղավարի դիմաց՝ հրապարակի վրա։ Մինչ մենք դիտում էինք, թե ինչպես են ողջ֊ողջ եփում դրամանենգին, հանկարծ մի լրագրավաճառ հայտնվեց, և ես սիրտ չարեցի ձայն տալ նրան։ Մի բան մխիթարում էր ինձ․ ուրեմն Քլարենսը կենդանի է և գործում է։ Ես հաստատ վճռեցի, որ շուտով մենք միասին կլինենք, և այդ միտքը անասելի չափով սրտապնդեց ինձ։
Ինձ շատ սրտապնդեց նաև այն, որ մի օր տանիքից֊տանիք ձգվող հաղորդալար նկատեցի։ Անկասկած, դա հեռագիր կամ հեռախոս էր։ Երանի թե մի կտոր ունենայի այդ լարից, ահա միակ բանը, որի կարիքը զգում էի։ Այն անհրաժեշտ էր ինձ փախուստի իմ ծրագիրը իրագործելու համար։ Իսկ ծրագիրս այսպիսին էր․ որևէ կերպ, գիշերով, ազատել ինձ և թագավորին, կապել ստրկավաճառին, լաթ խրել նրա բերանը, նրա հետ փոխել մեր հագուստները, քոթակել նրան անճանաչելիության աստիճան, գամել ստրուկների շղթային, դառնալ ստրուկների քարավանի տերը, գնալ Քամելոտ և․․․
Բայց դուք արդեն հասկացաք իմ ծրագիրը։ Տեսնում եք, թե ինչպիսի ցնցիչ դրամատիկական անակնկալ էի պատրաստել արքունիքի համար։ Այս ամբողջը իրականանալի էր , եթե միայն մի կտոր երկաթյա հաղորդալար ճարեի, որից կարելի լիներ կեռ բանալի պատրաստել։ Այդ ժամանակ ես կբանայի մեղ շղթաների կողպեքները։ Բայց բախտս երբեք չէր ժպտացել, ոչ մի անգամ ոչ մի կտոր երկաթ չէր պատահել իմ ճանապարհին։ Եվ հանկարծ հարմար առիթ եղավ։ Մի ջենտլմեն, որը արդեն երկու անգամ ապարդյուն եկել էր ինձ գնելու, մի անգամ էլ եկավ։ Ես գիտեի, որ նա ինձ չի առնի, քանի որ ստրկավաճառը հենց սկզբից այնպիսի մի ահռելի գին էր դրել ու համառում էր, որ միայն զայրույթ ու ծաղր էր առաջացնում։ Նա ինձ համար քսաներկու դոլար էր պահանջում և ոչ մի ցենտ զիջելու տրամադրություն չէր դրսևորում։ Թագավորի թիկնեղ կազմվածքով հիանում էին, բայց նրան չէին գնում թագավորական կեցվածքի համար․ այդպիսի ստրուկներ ոչ ոքի պետք չէին։ Ես համոզված էի, որ նրանից չեմ բաժանվի, քանի որ ինձ համար շատ թանկ վճար էին պահանջում։ Ոչ, ես հույս չունեի, թե կդառնամ ջենտլմենի սեփականություն, բայց նա ինձ հետաքրքրում էր ահա թե ինչու․ նա մի բան ուներ, որ ես վճռել էի դարձնել իմ սեփականությունը, եթե նա հաճախ սկսի երևալ մեր կողմերում՝ երկար պողպատյա քորոց, որով նա առջևից ամրացնում էր իր մահուդե թիկնոցը։ Այդպիսի քորոցներ նա երեք հատ ուներ։ Երկու անգամ նա հուսախաբ էր արել ինձ, որովհետև բավականին մոտ չէր գալիս։ Բայց մի անգամ բախտս ժպտաց, ես դուրս քաշեցի ամենացածի քորոցը, իսկ նա, կորուստը նկատելով, հավանաբար որոշեց, թե վայր է գցել ճանապարհին։
Ես շատ ուրախացա, բայց ուրախությունս տևական չեղավ։ Երբ գործարքը, ինչպես միշտ, տեղի չունեցավ, ստրկավաճառը հանկարծ ասաց այն, ինչ ժամանակակից անգլերենով կնշանակեր հետևյալը․
― Ես ձեզ կասեմ, թե ինչ եմ ուզում անել։ Ինձ ձանձրացրել են այս երկու անպետք ստրուկները։ Քսաներկու դոլար տվեք այս մեկի համար և մյուսը ձեզ որպես հավելում կտամ։
Թագավորի շունչը կտրվեց զայրույթից։ Նա սկսեց խեղդվել ու հազալ, իսկ այդ ժամանակ ստրկավաճառն ու ջենտլմենը շարունակում էին զրույցը։
― Եթե ժամանակ ունենամ մտածելու․․․
― Վաղը այս ժամին դուք ինձ պատասխան կտաք։
― Լավ, վաղը ճիշտ այս ժամին ես ձեզ կպատասխանեմ, ― ասաց ջենտլմենը և անհետացավ։ Ստրկավաճառը նույնպես գնաց։
Ես օգտվեցի դրանից, հանգստացնելու համար թագավորին, և շշնջացի նրա ականջին․
― Ձերդ վեհափառությունը անվճար կարձակվի այս շղթայից, բայց ոչ այնպես, ինչպես նրանք են կարծում։ Ես կարձակվեմ նույն կերպ։ Այս գիշեր երկուսս էլ կազատվենք։
― Օ՛հ, ինչպե՞ս։
― Ահա այս բանի օգնությամբ, որը ես գողացա, կբացեմ կողպեքները ու կնետեմ շղթաները։ Երբ ինն անց կեսի մոտերքը ստրկավաճառը գա գիշերվա համար մեզ ստուգելու, մենք կբռնենք նրան, բերանը կփակենք, կծեծենք ու առավոտյան ծեգին կհեռանանք քաղաքից որպես ստրուկների քարավանի տերեր։
Ահա այսքան էր իմ ամբողջ ասածը, բայց թագավորը հիացավ։ Նույն երեկոյան մենք համբերությամբ սպասում էինք, որ մեր լծակից֊ստրուկները քնեն։ Չէր կարելի վստահել այդ թշվառականներին և, առհասարակ, ավելի լավ էր գաղտնիքը ոչ ոքի չհայտնել։ Նրանց քաշքշուկը սովորականից երկար չտևեց, բայց ինձ այդպես չէր թվում։ Ինձ թվում էր, թե նրանք հավիտյան պետք է դադար չառնեն։ Ժամանակը առաջանում էր, ես էլ նյարդայնանում էի ու ապարդյուն փորձեր արեցի, բայց դրանցով ավելի ու ավելի էի հետաձգում գործը․ բավական էր խավարի մեջ դիպչել շղթային, որ այն սկսում էր որոտալ, զարթնեցնում էր մեկին, սա էլ մրթմրթում էր ու զարթնեցնում մյուսներին։
Վերջապես ինձ հաջողվեց հանել շղթաները, և ես դարձյալ ազատ մարդ էի։ Թեթևության մի խոր շունչ քաշեցի և ձեռքս մեկնեցի թագավորի շղթաներին։ Ավաղ, անչափ ուշ էր։ Դեպի մեզ էր գալիս ստրկավաճառը՝ մի ձեռքում վառվող մոմ, մյուսում մի ծանր ձեռնափայտ բռնած։ Ես կիպ սեղմվեցի քնածներին, աշխատելով հնարավորին չափ թաքցնել, որ ես շղթայազերծ եմ, նույն ժամանակ աչալուրջ հետևում էի և պատրաստ էի ցատկել ու նետվել նրա վրա, հենց որ մոտենար ինձ։
Բայց նա չմոտեցավ։ Կանգ առավ, ցրված հայացքը պտտեց մարդկային մութ զանգվածի վրա, ակնհայտորեն ինչ֊որ ուրիշ բանի մասին մտածելով, ապա հանգցրեց իր մոմը, ուղղվեց դեպի ելքը, և մինչ ես փորձում էի կռահել, թե այլևս ինչ պետք է անի, նա դուրս գնաց և իր ետևից ծածկեց դուռը։
― Շտա՛պ, ― ասաց թագավորը։ ― Վերադարձրու նրան։
Իհարկե, դա անհրաժեշտ էր անել, և ես անմիջապես դուրս նետվեցի։ Բայց, աստված իմ, չէ որ այդ ժամանակներում փողոցային լապտերներ չկային, իսկ դրսում էլ այնպիսի խավար էր։ Այնուամենայնիվ, ինձնից մի քանի քայլ հեռու մարդկային ինչ֊որ մի աղոտ մարմին նկատեցի։ Ես նետվեցի նրա վրա, և այ թե բան սկսվեց հա՜։ Մենք կռվում էինք, թակում իրար։ Անմիջապես ամբոխ հավաքվեց։ Հանդիսականները արտակարգ հետաքրքրություն դրսևորեցին տուրուդմբոցի նկատմամբ և զվարթ ու բարեմիտ խոսքերով խրախուսում էի մեզ։ Հանկարծ, մեր թիկունքում մի ուրիշ մեծ տուրուդմբոց սկսվեց, և մեր հանդիսատեսների կեսից ավելին նետվեց այն կողմ, իր համակրանքները նոր տեղում բաշխելու համար։ Բոլոր ուղղություններից մեզ մոտ շտապող լապտերներ փայլեցին․ պահակներ էին, որ հավաքվում էին հեռուներից ու մոտակա վայրերից։ Մի գեղարդ կպավ մեջքիս, և ես գլխի ընկա, թե դա ինչ է նշանակում, ես կալանված էի։ Իմ հակառակորդը նույնպես։ Պահակների ուղեկցությամբ մեզ բանտ առաջնորդեցին։ Ի՜նչ դժբախտություն։ Ամբողջ իմ նրբորեն մշակված ծրագիրը փչացավ։ Ես փորձում էի պատկերացել․ ի՞նչ կլինի, երբ ստրկավաճառը տեսնի, թե ով էր իր հետ կռվողը և, ի՞նչ պիտի լինի, երբ մեզ միասին բանտ նստեցնեն, կռվազանների և մանր խարդախների ընդհանուր խուցը նետեն, ի՞նչ պիտի լինի․․․
Այդ պահին հակառակորդս դեպի ինձ դարձրեց դեմքը, պահակի լապտերի աղոտ լույսը ընկավ նրա վրա և․․․ Օ՜, սուրբ Գևորգի գլուխը վկա․․․ նա ստրկավաճառը չէր։
==Գլուխ XXXVII==
Զարհուրելի վիճակ
Քնե՞լ։ Անհնարին էր։ Ինչպես քնել այս բազմաժխոր որջում, որ լեփ֊լեցուն էր հարբեցողներով, կռվազան ու կոկորդ պատռող թափառաշրջիկներով։ Բայց ես չէի կարող քնել նաև այն պատճառով, որ մահու չափ ուզում էի դուրս պրծնել այստեղից և մանրամասնորեն տեղեկանալ, թե ինչ է պատահել մեր ստրկական տաղավարում, իմ ահավոր վրիպումից հետո։
Գիշերը թվում էր անվերջանալի, բայց, այնուամենայնիվ, արշալույսը բացվեց։ Դատարանում ես սպառիչ և անկեղծ ցուցմունքներ տվեցի։ Ասացի, որ ստրուկ եմ, պատկանում եմ մեծ կոմս Գրիմփին, որը նախորդ օրը ժամանել էր հանդիպակաց ափին գտնվող Տաբար գյուղի իջևանատունը և ստիպված էր եղել մնալու այնտեղ, որովհետև հանկարծակի ու տարօրինակ հիվանդություն էր վրա հասել։ Ինձ քաղաք էին ուղարկել, որպեսզի փութով լավագույն բժիշկ տանեի։ Ես շտապում էի որքան ոտքերումս ուժ կար։ Գիշերը խավար էր, և ես, չնկատելով, ընկա այս մարդու վրա, իսկ նա բռնեց կոկորդիցս ու տուր թե կտաս, թեպետ ես աղաչում էի բաց թողնել ինձ, հանուն մեծ կոմսի, իմ տիրոջ կյանքի փրկության․․․
Հակառակորդս ընդմիջեց ինձ և ասաց, որ դա սուտ է, նա սկսեց պատմել, թե ինչպես էի ես առանց մի բառ արտասանելու նետվել իր վրա։
― Լռի՛ր, ստահակ, ― ասաց դատավորը։ ― Տարեք դրան ու մի քանի մտրակ հասցրեք, որպեսզի սովորի, թե ուրիշ անգամ ինչպես պետք է վարվել ազնվականի ծառայի հետ։ Գնա՛։
Ապա դատավորը ներողություն խնդրեց և հույս հայտնեց, որ ես չեմ մոռանա զեկուցելու նորին պայծառափայլությանը, թե դատարանը բնավ մեղք չունի այդ զայրացուցիչ դեպքի մեջ։ Ես խոստացա ամեն ինչ հարթել և ուղղվեցի դեպի ելքը։ Ուղղվեցի հենց ճիշտ ժամանակին․ դատավորը սկսեց հարցուփորձ անել, թե ինչու ես այդ ամենը չէի պատմել կալանման պահին։ Ես պատասխանեցի, որ կպատմեի, եթե այն ժամանակ կարողանայի դատել, բայց այդ մարդը այնպես էր դնգստել ինձ, որ խելքս դուրս էր թափվել, և այլն, ու փակեցի ետևիցս դուռը, դեռ էլի ինչ֊որ բան մրթմրթալով։
Չսպասեցի մինչև նախաճաշի ժամը։ Ոտքերս կարծես թևեր առան, և շուտով հայտնվեցի ստրուկների տաղավարի մոտ։ Այնտեղ դատարկություն էր տիրում, բոլորն անհայտացել էին։ Ասենք, բացառությամբ մեկի՝ ստրկավաճառի։ Նրա մարմինը փռված էր հատակին, ամբողջովին ծեծված, ջարդված։ Եվ շուրջը ամեն ինչ կրում էր դաժան կռվի հետքերը։ Դռան մոտ, սայլակի վրա մի կոպիտ սարքված դագաղ էր դրված, և դագաղագործը ոստիկանի օգնությամբ իր համար ճանապարհ էր բացում պարապ ամբոխի միջով, որպեսզի մարմինը դնի դագաղի մեջ։
Մի բավականին համեստ արտաքինով մարդ ընտրեցի, որը չէր խորշի զրույց անել ինձ նման թափառաշրջիկի հետ, և հարցրեցի, թե ի՞նչ է այստեղ կատարվել։
― Այստեղ տասնվեց ստրուկներ են եղել։ Նրանք գիշերը ընդվզել են իրենց տիրոջ դեմ, և դու տեսնում ես, թե ինչպես է դա վերջացել։
՜
― Այո։ Բայց ինչպե՞ս է սկսվել։
― Ստրուկներից բացի այստեղ վկաներ չեն եղել։ Ասում են, թե ամենաարժեքավոր ստրուկը ազատվել է իր շղթաներից ու անհայտացել խորհրդավոր կերպով, ըստ երևույթին կախարդության օգնությամբ, քանի որ բանալի չի ունեցել, իսկ կողպեքները ջարդված չեն։ Կորուստը հայտնաբերելով, ստրկատերը վշտից կատաղել է ու իր ծանր դագանակով սկսել ջարդել մյուսներին, իսկ նրանք էլ, դիմադրելիս, այնպես են կոտրել մեջքը, որ անմիջապես շունչը փչել է։
― Ի՜նչ սոսկալի բան։ Անկասկած, դատարանում դա թանկ կնստի ստրուկների գլխին։
― Վահ, դատը արդեն վերջացել է։
― Վերջացե՞լ է։
― Հո մի շաբաթ չէ՞ր տևի։ Գործը շատ պարզ է։ Հինգ րոպե էլ նույնիսկ պետք չէ այսպիսի հարցը վճռելու համար։
― Ինչո՞ւ։ Չեմ հասկանում․ ինչպե՞ս կարելի է այդքան կարճ ժամանակում որոշել, թե ո՞վ է մեղավորը։
― Ո՞վ է մեղավորը։ Դատավորների դա ի՞նչ հոգն է։ Բոլորին միասին են դատել, ու վերջ։ Մի՞թե դու օրենքը չգիտես։ Ասում են, որ դեռ հռոմեացիների ժամանակներից է գալիս․ եթե ստրուկներից մեկը սպանում է իր տիրոջը, բոլոր ստրուկները պետք է մեռնեն։
― Իրոք որ։ Ես մոռացել էի։ Եվ ե՞րբ պետք է մեռնեն։
Երևի մի չորս ու քսան ժամից հետո։ Թեպետ ոմանք ասում են, որ գուցե մի երկու օր սպասեն․ կարող է հանկարծ պատահմամբ գտնեն փախստականին։
Փախստականի՞ն։ Շունչս կտրվեց։
― Իսկ կգտնե՞ն նրան։
― Այո, իհարկե, դեռ գիշեր չեղած կգտնեն։ Նրան փնտրում են ամենուրեք։ Քաղաքային դարպասների մոտ պահակներ ու ստրուկներ են կանգնեցրել, որոնք կճանաչեն նրան, եթե նա հայտնվի, և ոչ ոքի առանց քննության դուրս չեն թողնում։
― Իսկ կարելի՞ է տեսնել, թե որտեղ են կալանավորել մյուսներին։
― Դրսից կարելի է։ Իսկ ներսից, ― բայց դու ինքդ չես ուզենա նայել։
Ես վերցրեցի բանտի հասցեն ապագայի նկատառումներով, ու հեռացա։ Մի խուլ նրբանցքում, առաջին իսկ հանդիպած հնավաճառի կրպակում ցուրտ երկրներ մեկնող նավաստու կոպիտ հագուստ ձեռք բերեցի, և դեմքս էլ կապեցի լաթի կտորով, իբր ատամնացավ ունեի։ Լաթը ծածկեց իմ կապտուկները։ Ես բոլորովին փոխակերպվեցի։ Այլևս ինձ նման չէի։ Հետո գտա հաղորդալարը և նրա երկայնքով հասա մինչև այն վայրը, որտեղից սկիզբ էր առնում։ Պատանի հերթապահը ննջում էր սեղանի վրա։ Ես փակեցի դուռը և ահռելի բանալին դրեցի ծոցս։ Այս բանը տագնապի մեջ ձգեց պատանյակին և նա ուզում էր աղմկել, բայց ես ասացի․
― Խնայիր գլուխդ։ Եթե բերանդ բացես, հաշվիր, թե մեռած ես։ Դե, գործի անցիր։ Շուտ։ Կանչիր Քամելոտը։
― Չեմ հավատում։ Ինչպե՞ս կարող է քո նման մարդը հասկանալ այնպիսի․․․
― Կանչիր Քամելոտը։ Ես կատաղած մարդ եմ։ Կանչիր Քամելոտը, կամ ետ քաշվիր, ես ինքս կկանչեմ։
― Ի՞նչ։ Դո՞ւ։
― Ձա՛յնդ։ Կանչիր պալատը։
Նա կանչ ուղարկեց։
― Այժմ կանչիր Քլարենսին։
― Քլարենսի՞ն։ Դա ո՞վ է։
― Քո գործը չէ, թե դա ով է։ Ասա, որ ուզում եմ Քլարենսին, քեզ կպատասխանեն։
Նա հնազանդվեց։ Անցավ հինգ րոպե․․․ տաս րոպե․․․ տանջալի, նյարդային պրկման երկար րոպեներ․․․ ապա կտկտոց լսվեց, որը ես անմիջապես ճանաչեցի, ինչպես ճանաչում են մարդու ձայնը, քանի որ Քլարենսը իմ աշակերտն էր։
― Այժմ, մանչս, քաշվիր։ Այստեղ նրանք կարող էին ճանաչել ինձ, և դրա համար էլ ես ուզում էի, որ կանչը դու ուղարկես, բայց այժմ ես ինքս գլուխ կհանեմ։
Նա վեր կացավ տեղից ու սրեց ականջները լսելու համար, բայց իզուր։ Ես ծածկագիր օգտագործեցի։ Ժամանակ չկորցրի Քլարենսի հետ ողջագուրումների վրա և անմիջապես գործի անցա․
― Թագավորը այստեղ է և վտանգի մեջ է։ Մեզ կալանել են և ստրկության վաճառել։ Մենք չենք կարող ապացուցել մեր ինքնությունը․ իմ վիճակը այնպիսին է, որ նույնիսկ սիրտ չեմ անում փորձելու։ Հեռագրիր այստեղի պալատ, որպեսզի նրանք մեզ հավատան։
Նա անմիջապես պատասխանեց․
― Լոնդոնի պալատում գաղափար չունեն հեռագրի գոյության մասին․ Լոնդոնի գիծը օրերս է քաշված։ Ավելի լավ է չվտանգել։ Նրանք կարող են կախել ձեզ։ Ուրիշ բան մտածիր։
Կարող են կախե՜լ մեզ։ Նա նույնիսկ չի կասկածում, թե որքան մոտ է ճշմարտությանը։ Ես որևէ նոր բան չէի կարողանում մտածել։ Վերջապես մի գաղափար ծագեց գլխումս, և ես հեռագրեցի․
― Հինգ հարյուր ընտիր ասպետներ ուղարկիր Լանսելոտի գլխավորությամբ։ Ուղարկիր անմիջապես։ Թող քաղաք մտնեն հարավ֊արևմտյան դարպասներով և փնտրեն աջ թևին սպիտակ փաթաթան կապած մարդուն։
Պատասխանը հակիրճ էր․
― Նրանք կճանապարհվեն կես ժամից։
― Հիանալի է, Քլարենս։ Այժմ ասա այստեղի պատանյակին, որ ես քո բարեկամն եմ ու կատաղածի մեկը, և որպեսզի նա հանդարտ մնա ու բերանը բաց չանի իմ այցելության առիթով։
Գործիքը խոսեց պատանյակի հետ, իսկ ես շտապեցի հեռանալ։ Ես սկսեցի հաշվել։ Կես ժամից ժամը ինը կլինի։ Ծանր զրահներով պատած ասպետներն ու ձիերը չեն կարող շատ արագ շարժվել։ Եթե ձյուն ու ցեխ չլինի, նրանք ժամում յոթական մղոն կանեն, մի երկու անգամ էլ ստիպված կլինեն ձիերը փոխել, հետևաբար, կհայտնվեն վեցի մոտերքը, կամ փոքր֊ինչ ուշ, դեռ բոլորովին լույս կլինի, նրանք կնկատեն այդ փաթաթանը, որը ես կկապեմ աջ թևիս, ու իմ հրամանի տակ կվերցնեմ նրանց։ Մենք կշրջապատենք բանտը և կազատենք թագավորին։ Այս ամենը բավականին գունեղ և տպավորիչ կստացվի, թեպետ ես կգերադասեի, որ նրանք հայտնվեին կեսօրին․ այդ ժամանակ ներկայացումը ավելի թատերական կլիներ։
Այժմ, որպեսզի ավելացնեի իմ նետերի թիվը, ես վճռեցի այցելել այն մարդկանցից մի քանիսին, որոնց երեկ ճանաչել էի, և հայտնի անել իմ ինքնությունը։ Դա, երևի, կօգներ մեզ դուրս գալ փորձանքից նույնիսկ առանց ասպետների օգնության։ Բայց պետք է զգույշ լինեի, որովհետև գործը շատ վտանգավոր էր։ Անհրաժեշտ է վայելուչ հագուստ ճարել և նման բան ճարելու համար բնավ չշտապել։ Մի կրպակում կգնեմ աղքատ մարդու հագուստ, հաջորդում՝ միջին վաստակի տեր մարդու․ այդպես կրպակից֊կրպակ կանցնեմ, մինչև որ մետաքս ու թավիշ կհագնեմ ու կվերականգնեմ իմ նախկին արտաքինը։ Այդպես էլ որոշեցի վարվել։
Բայց ծրագիրս անմիջապես ձախողվեց։ Առաջին իսկ անկյունադարձի ետևում ես դեմ առա մեր ստրուկներից մեկին, որը պահակի ուղեկցությամբ թափառում էր քաղաքում։ Իմ չար բախտից այդ պահին հազացի, նա մի հայացք նետեց վրաս, և արյունս սառավ երակներիս մեջ։ «Ստրուկը երևի մտաբերեց, որ արդեն լսել է այդ հազոցը», ― մտածեցի ես։ Շտապ կրպակ մտա, կանգնեցի վաճառասեղանի առջև, ապրանքները դիտելով և նույն ժամանակ րոպե առ րոպե ուսիս վրայից դեպի դուռը նայելով։ Ստրուկն ու պահակը զրուցելով, կանգ առան դռան մոտ։ Ես վճռեցի փախչել բակի ելքով, եթե, իհարկե, այս կրպակում դեպի բակ տանող ելք կա ու հարցրեցի կրպակի տիրուհուն․ արդյոք չե՞մ կարող բակ դուրս գալ, տեսնելու համար հո այնտեղ փախստական ստրուկ չկա, որը ասում են, թաքնվում է այս կողմերում։ Ես բացատրեցի, որ ծպտյալ պահակ եմ և, որ իմ ընկերը կանգնած է դռան ետևը այն ստրուկներից մեկի հետ, որոնք սպանել են իրենց տիրոջը։ Ես խնդրեցի նրան դուրս գալ և ասել ընկերոջս, որպեսզի նա իզուր չսպասի, այլ շտապի գնալ փակուղու մյուս ծայրը և բռնի փախստականին, մինչ ես կքշեմ նրան այստեղից։
Տիրուհին անհամբեր էր տեսնելու այն մարդասպաններից մեկին, որոնց համբավը արդեն տարածվել էր ամենուրեք, և նա անմիջապես վազեց իմ հանձնարարությունը կատարելու։ Ես բակի դռնով դուրս սահեցի, ետևիցս կողպեցի այն, բանալին դրի գրպանս ու գնացի, ինքս ինձնից շատ գոհ։
Այո, գնացի և նորից ամեն ինչ փչացրի, մի սխալ գործելով։ Ավելի ճիշտ երկու սխալ գործեցի։ Շատ ուրիշ միջոցներ կային այդ պահակից փախչելու համար, բայց ոչ, ես պետք է ընտրեի ամենաթատերականը։ Դա իմ բնավորության ամենաճչացող թերությունն է։ Ես նկատի ունեի, որ պահակը, որպես մարդ, կվարվեր ամենաբնական ձևով, բայց պատահում է այնպես, որ հենց այն պահին, երբ դուք դա չեք սպասում, մարդը վարվում է ոչ ամենաբնական ձևով։ Այդ պահակի համար ամենաբնականը կլիներ հետապնդել ինձ, փորձել ջարդել մեզ իրարից բաժանող կաղնի դուռը․ մինչ նա կջարդեր այն, ես կհեռանայի և մի շարք հաջող զգեստափոխությունից հետո այնպիսի շքեղ ջենտլմեն կդառնայի, որ ամբողջ Բրիտանիայի ոչ մի հետախույզ շուն կասկածի տակ չէր առնի իմ մաքրությունն ու անմեղությունը։ Բայց ամենաբնական ձևով վարվելու փոխարեն, պահակը հավատացել էր յուրաքանչյուր բառիս և կատարել հրամանս։ Եվ հենց այդ պահին, երբ ես ինքս իմ խելքից շատ գոհ դուրս էի գալիս փակուղուց, նա էլ բուսնեց անկյունադարձի ետևից և հանդիպեց ինձ ձեռնաշղթաներով։ Ախ, եթե իմանայի՜, որ դա փակուղի էր․․․ բայց դա արդարացում չէ, գրողը տանի։ Գործը արված էր, մնում էր միայն հաշվել շահն ու վնասը։
Իհարկե, ես փրփրեցի, երդվեցի, թե հենց նոր երկար նավարկությունից հետո ցամաք եմ իջել, աշխատելով շփոթեցնել ստրուկին։ Բայց ապարդյուն․ նա ճանաչել էր։ Այդ ժամանակ ես սկսեցի կշտամբել նրան, թե ինչու մատնեց ինձ։ Նա ավելի զարմացավ, քան վիրավորվեց։ Աչքերը լայն տնկեց վրաս ու ասաց․
― Իսկ ինչո՞ւ պետք է ես քեզ, մարդ աստծո, թողնեի, որ խույս տայիր կախաղանից, երբ դու ես պատճառը, որ մեզ բոլորիս կախում են։ Դե գնա՜։
Նրանք ասում էին «դե գնա՜» այն դեպքերում, երբ մենք կասեինք, «ծիծաղս գալիս է»։ Տարօրինակ ձևով էին արտահայտվում այդ մարդիկ։
Իր տեսակետից նա իրավացի էր, և ես չվիճեցի։ Չեմ սիրում վիճել, երբ վեճը ապարդյուն է։ Ասացի․
― Քեզ բոլորովին էլ չեն կախի։ Մեզնից ոչ ոգի չեն կախի։
Նրանք երկուսն էլ քրքջացին, և ստրուկը պատասխանեց․
― Առաջներում դու հիմարի համբավ չունեիր։ Ուրեմն ավելի լավ է աշխատես պահպանել քո վարկը, մանավանդ, որ շատ երկար ջանք թափելու ժամանակ չես ունենա։
― Իմ վարկը կմնա անսասան։ Մինչև վաղը արևածագը մենք բոլորս դուրս կգանք բանտից, ազատ կլինենք և կգնանք ուր որ սրտներս ուզի։
Իմաստուն պահակը փորփրեց իմ իր ձախ ականջը, մաքրեց կոկորդը և ասաց․
― Բանտից դուրս կգաք, այո, դու ճիշտ ես ասում։ Եվ ազատ էլ կլինեք, բայց միայն նորին պայծառափայլություն Սատանայի ստորգետնյա թագավորություն գնալու համար։
Ես զսպեցի զայրույթս և անտարբեր ասացի․
― Ուրեմն դու իսկապե՞ս կարծում ես, որ մեզ մեկ֊երկու օրից կկախեն։
― Այդպես ես կարծում էի դեռ մի քանի րոպե առաջ, քանզի այդպես վճռված է և ազդարարված։
― Իսկ հիմա դու այլ կերպ ես կարծում, այդպես չէ՞։
― Այո։ Այն ժամանակ ես միայն կարծում էի, իսկ հիմա գիտեմ։
Ես ծաղրական ասացի․
― Օ՜, օրենքի իմաստագույն ծառա, շնորհ արա և հայտնիր, թե ի՞նչ գիտես դու։
― Որ դուք բոլորդ կկախվեք այսօր, ետմիջօրեին։ Օհո, ոտքերդ ծալվեցին։ Կռթնիր ինձ վրա։
Փաստն այն է, որ ես իրոք կարիք էի զգում որևէ մեկի վրա կռթնելու։ Իմ ասպետները չէին կարող հասնել ժամանակին։ Նրանք կուշանան առնվազն երեք ժամով։ Աշխարհիս երեսին այլևս ոչինչ չէր կարող փրկել Անգլիայի թագավորին, և ոչ էլ ինձ, որ ավելի կարևոր էր։ Ավելի կարևոր ոչ ինձ համար, այլ ազգի, աշխարհիս միակ ազգի համար, որը կանգնած էր քաղաքակրթության շեմքին։ Գլուխս պտտվում էր։ Այլևս չխոսեցի, այլևս խոսելու բան չկար։ Ես գիտեի, թե մարդը ինչ նկատի ուներ․ եթե փախստական ստրուկը գտնվեր, ժամկետը փոխվելու էր, մահապատիժը ի կատար պետք է ածվեր այսօր։ Դե, փախստական ստրուկը արդեն գտնվել էր․․․
==Գլուխ XXXVIII==
Սըր Լանսելոտն ու ասպետները օգնության են հասնում
Ցերեկվա ժամը չորսին մոտ է։ Գործողությունը տեղի է ունենում Լոնդոնի պատերից դուրս։ Զով, հաճելի, սքանչելի օր է՝ արևով լեցուն․ այնպիսի մի օր, երբ մարդ ուզում է ապրել, ապրել ու երբեք չմեռնել։ Շուրջը վիթխարի ամբոխ է, անսահման զանգված, բայց մենք, տասնհինգ թշվառականներս, ոչ մի բարեկամ չունենք նրանց մեջ։ Ինչպես ուզում եք, բայց ինձ սուր ցավ էր պատճառում այդ միտքը։ Բոլոր այդ մարդիկ մեր թշնամիներն էին, և մենք, որ նստած էինք բարձր հարթակի վրա, նրանց չարամիտ ծաղրանքի թիրախ էինք։ Մենք պարզապես պարապ հաճույքի առարկա էինք, թատերական ներկայացում։ Ազնվականների և ավագանու համար օթյակների նման բաներ էին կառուցել, և նրանք արդեն իրենց տիկինների հետ այնտեղ էին։ Նրանցից շատերին մենք ճանաչեցինք։
Թագավորը անսպասելի զվարճություն պատճառեց ամբոխին։ Այն պահին, երբ մեր վրայից հանեցին շղթաները, նա՝ իր ֆանտաստիկ ցնցոտիների մեջ, դեմքը կապտուկներից անճանաչելի դարձած, հանկարծ առաջ ցատկեց ու ազդարարեց, թե ինքը Արթուրն է, Բրիտանիայի թագավորը և սպառնաց բոլոր ներկա գտնվողներին դավաճանության համար ամենաահավոր պատիժներով, եթե իր սրբազան գլխից գեթ մի մազ ընկնի։ Տեսնել էր պետք, թե ինչպես էր զարմանք կտրել նա, երբ իր խոսքերին ի պատասխան քրքիջ պայթեց։ Դա վիրավորեց նրա արժանապատվությունը, և նա անմիջապես լռեց, թեպետ ամբոխը խնդրում էր նրան շարունակել, ջանում էր կատաղեցնել նրան կատվի ձայներ հանելով, սուլոցներով ու գոռում֊գոչյունով։
― Թող նա խոսի։ Թագավո՜րը։ Թագավո՜րը։ Քո հլու֊հնազանդ հպատակները ծարավի են ձերդ ցնցոտիապատ մեծության իմաստուն խոսքերին։
Բայց ապարդյուն։ Վեհ տեսքով, նա անշարժ նստել էր ծաղր ու ծանակի և վիրավորանքների կրակի տակ։ Նա իրոք որ յուրովի վեհ էր։ Ես, ցրված, դեմքիցս հանեցի իմ սպիտակ լաթը և փաթաթեցի աջ թևքիս։ Նկատելով այդ, ամբոխը դեպի ինձ դարձավ։ Նրանք գոռում էին․
― Իսկ այդ նավաստին, անկասկած, նրա մինիստրն է։ Տեսեք, թե ինչ փաթաթան ունի ուսից վար։
Ես չխանգարեցի նրանց ծաղր ու ծանակին, մինչև որ հոգնեցին, և ապա ասացի․
― Այո, ես նրա մինիստրն եմ, ես Տնօրենն եմ, և վաղը դուք այդ կլսեք Քամելոտից, որտեղ․․․
Ես չշարունակեցի։ Նրանք խեղդեցին իմ բառերը իրենց քրքիջի մեջ։ Բայց հանկարծ լռություն տիրեց․ հայտնվեցին Լոնդոնի շերիֆները իրենց պաշտոնական հագուստներով, ստորադրյալների ուղեկցությամբ․ դա նշանակում էր, որ մահապատիժը հիմա պետք է սկսվեր։ Լռության մեջ ազդարարվեց, թե որն էր մեր մեղքը, հրապարակվեց մահավճիռը, ապա բոլորը հանեցին գլխարկները, և քահանան աղոթք մրմնջաց։
Հետո ստրուկներից մեկի աչքերը կապեցին․ դահիճը նրա պարանոցին նետեց պարանը։ Մեր ու ժողովրդի միջև ազատ ճանապարհ կար, որը լավագույնս պահպանվում էր ոստիկանության կողմից․ ա՜խ, ինչ լավ կլիներ տեսնեի իմ հինգ հարյուր ասպետներին այդ ճանապարհով սլանալիս։ Բայց ոչ, դա անիրականալի էր։ Հայացքս ճանապարհով դեպի հեռուները գնաց, ոչ մի հեծյալ։
Ցնցում, և ստրուկը արդեն ճոճվում էր պարանից կախ, ճոճվում էր ու ահասարսուռ գալարվում, որովհետև նրա ձեռքերն ու ոտքերը կապված չէին։
Նորից մի պարան նետվեց, և հաջորդ պահին երկրորդ ստրուկը ճոճվեց։
Մի րոպե անց օդում գալարվում էր արդեն երրորդ ստրուկը։ Դա սոսկալի էր։ Ես շրջեցի գլուխս մի րոպեով, և երբ նորից նայեցի, թագավորը արդեն չկար։ Տեսա, որ կապում են նրա աչքերը։ Ես կարծես անդամալույծ էի եղել, ես չէի կարողանում շարժվել, ինչ֊որ բան էր խեղդում կոկորդս, լեզուս չէր պտտվում բերանիս մեջ։ Նրա աչքերը կապեցին և մոտեցրին օղակին։ Իսկ ես դեռ չէի կարողանում թոթափել քարացածությունս։ Բայց, երբ տեսա, որ օղակը արդեն վիզն են հագցնում, ամեն ինչ տակնուվրա եղավ ներսս, ես նրան օգնության նետվեցի ու այդ պահին, հանկարծ, պատահմամբ հայացքս ձգեցի ճանապարհի վրա։ Օ՜, սուրբ Գևորգ, ճանապարհով սլանում էին իմ հինգ հարյուր զինված ասպետները․․․ հեծանիվների վրա։
Դեռ երբեք կյանքումս այդպիսի վեհ տեսարան չէի տեսել։ Աստված իմ, ինչպես էին փողփողում նրանց փետուրները, ինչպես էր շողշողում արևը նրանց անիվների պողպատյա ճաղերի վրա։
Ես թափահարեցի աջ ձեռքս, Լանսելոտը ճանաչեց ինձ։ Թագավորի պարանոցից պոկեցի օղակը և դեմքից՝ աչքակապը ու գոռացի․
― Ծունկի՛, սրիկանե՛ր, և ողջունեցեք թագավորին։ Իսկ ով հրաժարվի, այսօր իսկ ընթրիքը կանի դժոխքում։
Ես միշտ էլ օգտագործում եմ այդ բարձր ոճը, երբ տպավորություն թողնել եմ ուզում։ Եվ, այնուամենայնիվ, հաճելի էր տեսնել, թե ինչպես Լանսելոտն ու տղաները խուժեցին հարթակի վրա ու դուրս թափեցին շերիֆներին ու նրանց օգնականներին։ Հաճելի էր տեսնել, թե ինչպես զարմանք կտրած ամբոխը փլվեց գետին, ծունկի իջավ և գթություն հայցեց թագավորից, որին քիչ առաջ ծաղր ու ծանակի թիրախ էր դարձրել։ Իսկ նա կանգնած էր առանձին, նույնիսկ իր ծվենների մեջ վեհ տեսքով, և ես ակամայից մտածեցի, թե թագավորական կեցվածքը, համենայն դեպս, ինչ֊որ բան արժե։
Ես անասելի գոհ էի։ Եթե նկատի առնենք բոլոր պարագաները, ինձ երբեք չէր հաջողվել հասնել այդպիսի փայլուն արդյունքի։
Եվ հանկարծ ինձ մոտեցավ Քլարենսը, ինքն իր անձով։ Նա աչքով արեց ինձ ու ասաց, կարծես առանձին ոչինչ չէր պատահել․
― Վատ անակնկալ չէր, հը՞։ Ես գիտեի, որ քեզ դուր կգար։ Ես վաղուց արդեն, գաղտնաբար, սովորեցնում էի տղաներին հեծանիվ քշել ու միշտ առիթի էի սպասում ցուցադրելու նրանց վարպետությունը։
==Գլուխ XXXIX==
Յանկիի մենամարտը ասպետների հետ
Նորից տանն էի, Քամելոտում։ Մեկ֊երկու օր անց, նախաճաշի սեղանին, իմ ափսեի կողքին դրված տեսա հենց նոր տպագրված ու դեռ խոնավ լրագիրը։ Աչքի անցկացրի ազդերի սյունակը, գիտենալով, որ այնտեղ ինձ անձնապես հետաքրքրող նյութի կհանդիպեի։ Այդպես էլ կար։
::::::Թագավորի հրամանով
:::Գիտցած եղեք, որ մեծ լորդ ու հռչակավոր ասպետ
::սըր Սագրամոր Ցանկալին շնորհ է անում ի գոհա֊
::ցումն հինավուրց վիրավորանքի մենամարտելու թա֊
::գավորի մինիստր Հենկ Մորգանի հետ, որի մակա֊
::նունն է Տնօրեն, և մենամարտը պիտի տեղի ունենա
::Քամելոտի մոտերքը, գալիք ամսվա տասնվեցերորդ
::օրվաա առավոտյան տասներորդ ժամին։ Մարտը պի֊
::տի լինի անխնա, քանզի հիշյալ վիրավորանքը եղել
::է մահացու և հաշտությունը ընդունելի չէ։
Սույն <b>ազդին</b> Քլարենսը կցել էր հետևյալ խմբագրական <b>մեկնաբանությունները․</b>
:::Մեր ազդերի սյունակը աչքի անցնողին արդեն
::հայտնի է, որ առաջիկայում բախտ պիտի ունե֊
::նանք ականատես լինելու մի մեծագույն մրցա֊
::խաղի։ Դերասանների անունները երաշխիք են,
::որ ձանձրալի չի լինի։ Դրամարկղը բացվում է 13֊
::ի կեսօրին, մուտքի վճարը երեք ցենտ, նստելու տեղը՝
::5 ցենտ։ Զուտ շահույթը հատկացվում է հի֊
::վանդանոցային ֆոնդին։ Ներկա պիտի լինեն
::ամոլը և ամբողջ արքունիքը։ Բացառյալ հիշյալ֊
::ները, ինչպես նաև մամուլի ներկայացուցիչները
::և հոգևորականությունը, ոչ ոք անվճար ներս չի
::թողնվի։Սյունով զգուշացնում ենք սպեկուլյանտ֊
::ների ձեռքից տոմս գնելու դեմ, այդպիսի տոմ֊
::սերը մուտքի ժամանակ անվավեր կհամարվեն։
::Ամեն ոք ճանաչում ու սիրում է Տնօրենին, ամեն
::ոք ճանաչում ու սիրում է սըր Սագրամնոին, ու֊
::րեմն գանք և խրախուսենք տղաներին։ Հիշե֊
::ցեք, շահույթը հատկացվում է բարեգարծական նպա֊
::տակի,այնպիսի հաստատության հաշվին, որը սիրող
:: օգնության ձեռք է մեկնում հավասարապես բոլոր
::սրտի տառապյալներին, անկախ նրանց ազդեցությու
::ծագումից, հասարակական դիրքից ու մաշկի
::նից, գույնից, աշխարհիս միակ բարեգործությունը,
::որ չունի ոչ քաղաքական, ոչ կրոնական աստառ,
::բայց որը ասում է․ «Այստեղ հոսում է աղբյուրը
::թող բոլորը գան ու խմեն»։ Ուրեմն, բացեցեք
::քսակները։ Չեք զղջա։ Հիանալի ժամանց է ձեզ սպա֊
::սում։ Տեղում՝ կարկանդակների վաճառք և քարերի
::քարերի վաճառք՝ կարկանդակները կոտրելու համար,
::ինչպես նաև կրկեսային լիմոնադի վաճառք՝ երեք
::կաթիլ լիմոնի հյութ մեկ դույլ ջրի համար։
::N.B. Սույն մրցախաղը առաջինն է, որ պիտի տեղի
::ունենա նոր օրենքով․ յուրաքանչյուր կողմին
::արտոնված է օգտագործելու իր նախընտրած զենքը։
::Ուշադրություն դարձրեք։
Ընդհուպ մինչև նշանակված օրը ամբողջ Բրիտանիայում այլևս զրույցի ուրիշ թեմա չկար, քան այդ մենամարտը։ Բոլոր մյուս նյութերն ու հետաքրքրությունները մի կողմ էին դրվել։ Ոչ այն պատճառով, որ մրցախաղը ինքը այդքան մեծ գործ էր, ոչ այն պատճառով, որ սըր Սագրամոնը գտել էր սուրբ Գրաալը (քանզի նրան այդ չէր հաջողվել), ոչ այն պատճառով, որ թագավորության երկրորդ (պաշտոնական) անձնավորությունը մենամարտողներից մեկն էր, ո՛չ, այդ ամենը սովորական բաներ էին։ Հատուկ պատճառ կար, որը այդպիսի արտակարգ հետաքրքրություն էր առաջացրել առաջիկա մրցախաղի նկատմամբ։ Ամբողջ ժողովուրդը գիտեր, որ դա լինելու է ոչ թե մկանների, այլ բանականության, ոչ թե մարդկային ուժի, այլ գերմարդկային արվեստի մենամարտ, որ դա լինելու է դարիս երկու խոշորագույն մոգերի վերջին ճակատամարտը առաջնության համար։ Յուրաքանչյուրը հասկանում էր, որ հռչակավոր ասպետների ամենաճոխ մրցությունները ոչ մի կերպ չեն կարող համեմատվել այս ներկայացման հետ, դրանք ընդամենը մանկական խաղեր են աստվածների այս խորհրդավոր ու ահասարսուռ ճակատամարտի համեմատ։
Այո, ամբողջ աշխարհը գիտեր, որ դա ըստ էության մենամարտ էր Մերլինի և իմ միջև, նրա մոգական ուժի և իմ մոգական ուժի միջև։ Բոլորը գիտեին, որ Մերլինը տքնել է օր ու գիշեր սըր Սագրամորի զենք ու զրահին հարձակման ու պաշտպանության գերբնական ուժ հաղորդելու համար, որ Մերլինի պատվերով օդի ոգիները ամպամածիկ քող են գործել, որի միջով իմ հակառակորդը տեսանելի կլինի բոլորին, բայց ոչ ինձ։ Հազարավոր ասպետներ չէին կարող չափվել այդպիսի զինված և այդպիսի հովանիի ներքո գտնվող սըր Սագրամորի հետ, մինչև այժմ հայտնի ոչ մի հմայք չէր կարող գերակայել նրա նկատմամբ։ Այդ բոլորը հաստատ փաստեր էին․ ոչ մի կասկած, կասկածի ոչ մի հիմք։ Մնում էր պարզել․ գոյություն ունե՞ն արդյոք Մերլինին անհայտ ուրիշ հմայքներ, որոնք սըր Սագրամորի քողը թափանցելի դարձնեն ինձ համար և նրա կախարդական զրահները՝ խոցելի իմ զենքի համար։ Այս հարցը կարող էր վճռել ինքը մենամարտը միայն։ Եվ ամբողջ աշխարհը սպասում էր այդ մենամարտին։
Այսպիսով աշխարհը ենթադրում էր, որ այստեղ շատ մեծ հարց է դրված, և աշխարհը իրավացի էր, բայց դրված հարցը այն չէր, ինչ նա նկատի ուներ։ Ո՛չ։ Հարցը վերաբերում էր <b>թափառական ասպետության հետագա գոյությանը։</b> Ես իրոք չեմպիոն էի, բայց ոչ <b>գրբացության</b>, ես <b>չեմպիոն էի</b> կարծր, անսենտիմենտալ, առողջ մտքի ու բանականության։ <b>Ես կռիվ էի գնում հաստատ մտադրությամբ՝ կամ ոչնչացնել թափառական ասպետությունը, կամ լինել նրա զոհը։</b>
Հանդիսականների համար բավականին տարածություն էր տրամադրվել, բայց 16-ին ժամը 10֊ին արդեն ոչ մի ազատ տեղ չկար։ Վիթխարի տրիբունները զարդարված էին դրոշներով, ճոխ պաստառներով և լցված վասսալ թագավորներով, նրանց արքունի աստիճանավորներով ու բրիտանական ազնվականությամբ։ Առաջին տեղերում երփներանգում էին թագավորն ու թագուհին, իսկ նրանց շուրջը ծիածանի բոլոր գույներով փայլփլում էր թավշի ու մետաքսի ծովը, որի ցոլքը գուցե միայն կարելի էր համեմատել Միսսիսիպիի ակունքներում մայր մտնող արևի և հյուսիսափայլի միջև մղվող ճակատամարտի հետ։ Ուրիշ սքանչելի տեսարան էր մի կողմում փռված վիթխարի ճամբարը՝ բազմագույն վրաններ, փողփողացող դրոշներ, պսպղուն վահանները բռնած ժամապահներ՝ յուրաքանչյուր դռան առջև։ Այստեղ էին բոլոր ասպետները, որ փոքր֊ինչ ասպետական արժանապատվություն ունեին, որ փոքր֊ինչ հպարտության զգացում ունեին իրենց դասի համար, քանի որ ասպետական դասի նկատմամբ իմ վերաբերմունքը բնավ գաղտնի չէր, և ասպետության պաշտպանները չէին ուզում փախցնել հարմար առիթը։ Եթե ես շահեի մարտը սըր Սագրամորի դեմ, մյուսները իրավունք կունենային ինձ հրավեր կարդալու և հանդես գալու իրար ետևից այնքան ժամանակ, քանի դեռ ես համաձայն կլինեի մարտը շարունակել։
Դաշտի իմ եզրին ընդամենը երկու վրան կար, մեկը՝ ինձ համար, մյուսը՝ իմ ծառաների։ Պայմանադրած ժամին թագավորը նշան արեց, առաջ եկան թիկնոցակիր մունետիկները և ազդարարեցին մարտիկների անունները ու վեճի պատճառները։ Միջոց։ Ահա հնչեց եղջրափողը․ մրցախաղը սկսված էր։ Ամբոխը շունչը պահեց, բոլորի դեմքերին ագահ հետաքրքրասիրություն էր թառել։
Իր վրանից նժույգ հեծած դուրս եկավ սըր Սագրամորը՝ վիթխարի, վեհ ու անշարժ, ինչպես երկաթյա աշտարակը։ Նրա վիթխարի նիզակը նույնպես անշարժ և ուղիղ սեղմված էր հզոր ձեռքի մեջ։ Վիթխարի նժույգի դունչն ու կուրծքը պողպատով էին պատած, իսկ մարմինը ծածկված էր ճոխ սթարով, որը կախ էր ընկնում համարյա մինչև գետին։ Օ՜, դա սքանչելի տեսարան էր։ Նրան ողջունեցին հիացական ճիչերով։
Ապա հերթն իմն էր։ Բայց ինձ գոռում֊գոչյունով չողջունեցին։ Սկզբում պերճախոս և զարմանքով լեցուն լռություն տիրեց, ապա քրքիջ պայթեց ու ալիք տվեց մարդկային ամբողջ ծովով մեկ, բայց տեղն ու տեղը ընդհատվեց եղջրափողի նախազգուշացնող ձայնից։ Ես հագել էի մետաքսից, կարճ, ճոխ ծալքերով պարզ ու հարմարավետ մարմնագույն մարզական կոստյում, որ պիրկ գրկում էր իրանս։ Գլխաբաց էի։ Նժույգս մեծամարմին չէր, բայց արագաշարժ էր, ճկուն, զսպանակի նմանվող մկաններով ու որսաշան նման սուրացող։ Դա մետաքսյա բրդով գեղեցիկ կենդանի էր և միայն թամբ ու սանձ էր կրում։
Զարդարված վիթխարի ձիու վրա լեռնացած երկաթյա աշտարակը դանդաղ մոտենում էր ինձ, ծանրածանր պտույտներ գործելով, և ես էլ նրան ընդառաջ էի գնում։ Մենք կանգ առանք․ աշտարակը գլուխ տվեց ինձ, ես էլ՝ նրան։ Ապա կողք֊կողքի շարժվեցինք դեպի օթյակը, որտեղ թագավորն ու թագուհին էին բազմած, նրանց առջև խոնարհվելու համար։
Թագուհին բացականչեց․
― Ինչպե՞ս թե, սըր Տնօրեն, դուք ուզում եք մարտնչել մերկ, առանց նիզակի, առանց սրի, առանց․․․
Բայց թագավորը ընդմիջեց նրան և քաղաքավարությամբ հասկանալ տվեց, որ դա նրա գործը չէ։ Նորից եղջրափող հնչեց․ մենք բաժանվեցինք իրարից, դիրքեր գրավեցինք դաշտի հակառակ ծայրերում ու պատրաստվեցինք։ Այդ ժամանակ առաջ եկավ Մերլինը և սըր Սագրավորի վրա նետեց սարդոստայնի նման բարակ քողը, և սըր Սագրամորը նման դարձավ Համլետի հոր ուրվականին։ Թագավորը նշան արեց, եղջրափողը մռնչաց, և սըր Սագրամորը վիթխարի նիզակը առաջ պարզած արդեն սլանում էր ուղիղ ինձ վրա, ետևից ծածանվող քողով։ Ես սուլեցի և նետի նման նրան ընդառաջ սուրացի, ականջս սրած, իբր անտեսանելի ասպետի դիրքն ու առաջխաղացումը հայտնաբերում էի միայն լսողությամբ և ոչ տեսողությամբ։ Խրախուսող ճիչերի մի ամբողջ օվկիանոս սրտապնդում էր իմ հակառակորդին, բայց ինձ էլ բաժին ընկավ ինչ֊որ մի բարեկամական ձայն, որը գոռաց․
― Քեզ տեսնենք, լղար Ջիմ։
Գրազ կգամ, որ գոռացողը Քլարենսն էր, ասենք արտահայտության ոճն էլ արդեն նրանն էր։ Երբ ահեղ նիզակի սայրը իմ կրծքից ընդամենը մի մեկուկես յարդի վրա էր, ես առանց ջանքի մի կողմ նետեցի նժույգս, և վիթխարի ասպետը սուրաց կողքիցս, նիզակով խոցելով դատարկությունը։ Բուռն ծափահարություններ վաստակեցի։ Մենք ելման դիրքերը քաշվեցինք և նորից իրար վրա սլացանք։ Նորից ասպետը վրիպեց, իսկ իմ պատվին ծափերի ամպրոպ ճայթեց։ Ապա երրորդ անգամ նույնը։ Ինձ այնպես էին ծափահարում, որ սըր Սագրամորը կորցրեց համբերությունը և փոխելով տակտիկան, սկսեց ետևիցս ընկնել։ Դրանով նա ոչնչի չհասավ․ մենք կարծես կալախալ էինք խաղում, ընդ որում բոլոր առավելությունները իմ կողմն էին, երբ ցանկանում էի, ես հեշտությամբ խույս էի տալիս նրանից և նույնիսկ մի անգամ հայտնվեցի նրա թիկունքում ու ձեռքով բարեկամաբար թակեցի ուսը։ Վերջապես ես սկսեցի հետապնդել նրան, և որքան էլ նա պտույտ էր գալիս, շրջադարձներ անում, այլևս երբեք չհաջողացրեց իմ ձիու գավակին հայտնվել․ բոլոր այդ զորաշարժերից հետո, նա միշտ էլ գտնվում էր առջևում, իսկ ես՝ ետևում։ Այնպես որ նա թողեց այդ մտադրությունը և քաշվեց ելման դիրքը։ Համբերությունը արդեն լրիվ սպառվել էր, նա չէր տիրապետում իրեն և վիրավորական խոսք նետեց իմ հասցեին։ Վերջ այլևս։ Թամբիս եղջյուրից հանեցի իմ լասոն և օղակը վերցրի աջ ձեռքիս մեջ։ Տեսնել էր պետք, թե ինչպես էր նա սլանում ինձ վրա։ Այս անգամ նա մտադիր չէր կատակ անելու, աչքերը արյունով էին լցվել։ Ես հանգիստ նստած էի ձիու վրա ու լասոյիս օղակը լայն շրջաններ էր գծում գլխավերևս։ Հանկարծ ես նրան ընդառաջ գնացի վարգով և, երբ մեր միջև տարածությունը կրճատվեց մինչև քառասուն ոտնաչափ, իմ պարանային զենքի օձանման օղակը վեր մղվեց, իսկ լավ մարզված ձիս գամվեց տեղում։ Հաջորդ ակնթարթին ամուր օղակը գրկելով սըր Սագրամորի պարանոցը, ցած գցեց նրան թամբից։ Գրողը տանի, ա՛յ դա սենսացիա էր։
Անկասկած, այս աշխարհում ամենից շատ հաջողություն վերապահված է այն ամենին, ինչ նորություն է։ Այս մարդիկ իրենց օրում երբեք չեն իմացել կովբոյների ու նրանց ժամանցների մասին, և հիացմունքից սկսեցին ցատկոտել տեղերում։ Բոլոր կողմերից ճիչեր էին հնչում․
― Բի՜ս։ Բի՜ս։
Ինձ զարմացրեց, որ նրանց ծանոթ է այդ բառը, բայց ես ժամանակ չունեի գլուխ հանելու բանասիրական հարցերից, որովհետև ամբողջ ասպետական փեթակը եռում էր, բզզում և ինձ դեռ բավականին գործ էր սպասում։ Հենց որ սըր Սագրամորին վրանը տարան, և իմ լասոն ազատվեց, ես նորից դաշտ դուրս եկա, օղակը գլխավերևս պտտելով։ Վստահ էի, որ շուտով պետք է օգտագործեմ այն, հենց որ ասպետները սըր Սագրամորին փոխարինող ընտրեն, և այդ ընտրությունը երկար չէր կարող տևել, որովհետև անչափ շատ ցանկացողներ կային։ Իրոք, նրանք անմիջապես ընտրեցին մեկին՝ սըր Հերվի դը Ռևելին։
Բը՜զզ։ Նա սլանում էր դեպի ինձ, ինչպես հրդեհի բոցերով բռնկված մի տուն։ Ես խույս տվեցի։ Նա կայծակի նման սուրաց իմ կողքից վզի վրա տանելով լասոյի օղակը։ Մի վայրկայն․․․ և ֆըսթ․․․ նրա թամբը դատարկ էր։
Մի նոր «բիս» վաստակեցի, ապա նորից ու նորից և էլի նորից։ Երբ արդեն հինգ ասպետ էի օղակս գցել, իմ զրահավոր հակառակորդները վճռեցին, որ գործը լուրջ ընթացք է ստանում և խորհրդակցություն հավաքեցին։ Ժողովի արդյունքը եղավ այն, որ նրանք վայելչությունը մի կողմ դրին և որոշեցին, թե ժամանակն է իմ դեմ ուղարկելու իրենց ամենամեծ ու լավագույն ուժերին։ Զարմանք կտրած այդ փոքրիկ աշխարհիկի աչքի առջև ես թամբից դուրս նետեցի սըր Լամորակ դը Գալիսին և հետո սըր Գալահադին։ Այնպես որ, ինչպես տեսնում եք, նրանց այլևս ուրիշ անելիք չէր մնում, քան իմ դեմ հանելու ամենախոշոր կռվանը, գերագույններից ամենագերագույնին, զորավորներից ամենազորավորին, հենց իրեն՝ Մեծն սըր Լանսելոտին։
Դե, ինչպես չհպարտանայի։ Ես որ հակված էի հպարտանալու։ Տեսեք, ահա Արթուրը, Բրիտանիայի արքան, ահա Գինեվրը, ահա մանր գավառական թագավորների ու թագավորիկների ամբողջ կույտերը, և վրանների ճամբարում ահա շատ երկրների ամենափառաբանված ասպետները, իսկ նրանց թվում նաև ամբողջ քրիստոնյա աշխարհի ամենանշանավոր Կլոր Սեղանի ասպետները։ Եվ ահա այդ փայլուն փաղանգի արևն ինքը սուրում է ինձ վրա, նիզակն առաջ պարզած, և քառասուն հազար պաշտող աչքեր հետևում են նրան, իսկ ես հանգիստ սպասում եմ։ Հիշողությանս մեջ հառնում է Արևմտյան Հարթֆորդի փոքրիկ հեռախոսավարուհու քաղցրիկ կերպարը․ ա՜խ, եթե նա տեսներ ինձ այս պահին։ Ճիշտ այդ պահին Անպարտելին փոթորկի նման հասավ ինձ․ բոլոր հանդիսականները վեր ցատկեցին տեղերից ու առաջ հակվեցին։ Ճակատագրական օղակը պտույտ գործեց օդում, և մինչ կհասցնեիր աչքդ թարթել, ես իմ ետևից քարշ էի տալիս սըր Լանսելոտին դաշտով մեկ և օդային համբույրներ առաքում ի պատասխան թևածող թաշկինակների փոթորկին և ծափահարությունների որոտին։
Օղակեցի լասոն, կախեցի թամբից և փառքից արբած ինքս ինձ ասացի․ «Հաղթանակը կատարյալ էր, ոչ ոք այլևս սիրտ չի անի իմ դեմ ելնել։ Թափառական ասպետությունը դիակ է այլևս»։ Բայց, պատկերացրեք իմ զարմանքը, ինչպես նաև բոլոր հանդիսականների զարմանքը, երբ եղջրափողի ձայնը ազդարարեց, որ մի ուրիշ մրցակից է ուզում իր ուժերը չափել ինձ հետ։ Դա անբացատրելի էր, ես չէի կարողանում հասկանալ։ Բայց, հաջորդ պահին, նկատեցի Մերլինին, որը գողունի հեռանում էր ինձնից և անմիջապես տեսա, որ լասոս անհայտացել է։ Ծերուկ խեղկատակը, անկասկած, գողացել էր այն ու թաքցրել հագուստի տակ։
Եղջրափողը նորից հնչեց։ Նայեցի ու նժույգին հեծած տեսա Սագրամորին, փոշին նրա վրայից մաքրել էին և նորից ամրացրել քողը։ Ձին վարգի գցեցի ու ընդառաջ գնացի, ձևացնելով, թե զգում են նրա ներկայությունը միայն շնորհիվ իր ձիու սմբակների ձայնի։ Նա ասաց․
― Ականջդ սուր է, բայց նույնիսկ այդ չի փրկի քեզ սրանից։ ― Եվ նա ձեռքը դրեց իր վիթխարի սրի կոթին։ ― Թե ինչ է սա, դու չես տեսնում, քանզի այն մոգական քողով է պատած։ Իմացած եղիր, որ սա երկար անշարժունակ նիզակ չէ, այլ սուր է, և քեզ համար փրկություն չկա այլևս։
Նրա երեսկալը բարձրացրած էր․ ժպիտի մեջ մահն էր շնչում։ Ես նրա սրից խույս տալ չէի կարող, դա միանգամայն պարզ էր։ Այժմ մեզնից մեկը պետք է մեռներ։ Եթե նրան հաջողվի սրի ծայրը ինձ դիպցնել, ապա ես հիմիկվանից կարող եմ ասել ննջեցյալի անունը։ Մենք ընթացանք կողք֊կողքի և ողջունեցինք արքայական ամոլին։ Այս անգամ թագավորը անհանգստացած էր։ Նա ասաց․
― Ո՞ւր է քո տարօրինակ զենքը։
― Գողացել են, տեր իմ։
― Իսկ ուրիշը չունե՞ս։
― Ոչ, տեր իմ։ Ես միայն մեկն էի վերցրել։
Այդ պահին միջամտեց Մերլինը․
― Նա վերցրել է միայն մեկը, որովհետև միայն մեկը կարող էր վերցնել։ Այդ մեկից բացի ուրիշը գոյություն չունի։ Այն պատկանում է ծովերի դևերի արքային։ Այս մարդը ստախոս է և տգետ, այլապես նա պետք է իմանար, որ այդ զենքը կարելի է օգտագործել ութ անգամ, որից հետո այն անհայտանում է ծովի հատակին։
― Ուրեմն նա անզեն է, ― ասաց թագավորը։ ― Սըր Սագրամոր, դու, իհարկե, թույլ կտաս, որ նա սուր փոխ առնի։
― Ես իմը նրան փոխ կտամ, ― ասաց սըր Լանսելոտը, ոտքի ցատկելով։ ― Նա ամենաքաջարի ասպետն է բոլոր կենդանի ասպետների մեջ, և նա կստանա իմ սուրը։
Նա ձեռքը դրեց սրի կոթին այն դուրս քաշելու համար, բայց սըր Սագրամորը բողոքեց․
― Սպասիր, դա չի կարող լինել։ Նա պարտավոր է մարտնչել իր ընտրած զենքով, նրան արտոնվել էր զենք ընտրել և հետը վերցնել։ Եթե սխալվել է, թող իր գլխին իջնի այդ սխալը։
― Ասպե՛տ, ― գոչեց թագավորը։ ― Վրեժի ծարավը կուրացրել է քեզ, խանգարել միտքդ։ Մի՞թե դու կսպանես անզեն մարդուն։
― Եթե նա համարձակվի այդ անել, ապա պատասխան կտա ինձ, ― ասաց Լանսելոտը։
― Ես պատասխան կտամ նրան, ով ցանկանա, ― տաքացած գոչեց սըր Սագրամորը։
Մերլինը նորից մեջ ընկավ, ձեռքերը շփելով և իր ամենա ստոր, չարախինդ, ինքնագոհ ժպիտը դեմքին խաղացնելով։
― Լավ է ասված, միանգամայն ճիշտ է ասված։ Եվ բավական է խոսեք։ Թող տեր իմ արքան մարտի նշան տա։
Թագավորը ստիպված էր զիջելու։ Եղջրափող հնչեց։ Մենք բաժանվեցինք իրարից ու դիրքեր գրավեցինք հակադարձ ծայրերում։ Կանգնած էինք իրարից հարյուր յարդ հեռու, հայացքներս միմյանց աչքերին հառած, քարացած ու անշարժ, կարծես հեծյալ արձաններ լինեինք։ Լռություն։ Մի ամբողջ երկարաձիգ րոպե, ոչ ոք չէր շարժվում, ոչ ոք հայացքը մեզնիղ չէր պոկում։ Թվում էր, թե թագավորը սիրտ չի անում նշան տալու։ Վերջապես նա բարձրացրեց ձեռքը, անմիջապես հետևեց եղջրափողի պարզ ու ջինջ երգը։ Սըր Սագրամորի երկար սուրը օդում փայլատակող աղեղ գծեց, և ահա նա, վեհատես ասպետը սուրում էր դեպի ինձ։ Ես տեղում մնացի։ Նա մոտենում էր։ Ես անշարժ էի։ Ժողովուրդը այնպես էր հուզվել, որ գոռում էր ինձ․
― Չքվիր, փախիր։ Փրկիր քեզ։ Առջևդ մահն է։
Ես մի մատնաչափ անգամ չշարժվեցի, մինչև որ այդ ամպրոպահան ուրվականը չմոտեցավ ինձ տասնհինգ քայլի վրա, ապա պատյանից դուրս քաշեցի արտճանակը․․․ կայծակ ու որոտ․․․ և ատրճանակը անհայտացավ պատյանի մեջ ավելի շուտ, քան որևէ մեկը կարող էր գլխի ընկնել, թե ինչ պատահեց։
Նժույգը դատարկ թամբով սլացավ իմ կողքից, իսկ գետնին պառկած էր սըր Սագրամորը քարի նման մեռած։
Մոտ վազող մարդիկ զարմանքից համրացան, համոզվելով, որ նա մեռել է, և ըստ երևույթին, առանց որևէ նկատելի պատճառի, որովհետև մարմնի վրա ոչ մի վերք չէր երևում։ Կրծքի զրահի վրա մի ծակ կար, ճիշտ է, բայց նրանք ոչ մի ուշադրություն չդարձրին այդպիսի մանր բանին։ Եվ քանի որ փամփուշտի վերքից շատ արյուն չի հոսում, ապա եղածն էլ մնացել էր հագուստի տակ և զրահից դուրս չէր թափանցում։ Մարմինը քարշ տվեցին թագավորի մոտ և ամբողջ ավագանին սկսեց դիտել այն։ Բնականաբար, զարմանքից նրանք քար էին կտրել։ Ինձ խնդրեցին մոտենալ և բացատրել հրաշքը։ Բայց ես արձանի նման մնացի տեղումս և ասացի․
― Եթե դա հրաման է, ես կգամ, բայց տեր իմ արքան գիտի, որ ես գտնվում եմ այնտեղ, որտեղ պետք է գտնվեմ ըստ մենամարտի օրենքների, քանի դեռ ինձ հետ մարտնչելու ցանկացողներ կան։
Ես սպասեցի։ Ոչ ոք հրավեր չկարդաց։ Այդ ժամանակ ես ասացի․
― Եթե կա մեկը, որ կասկածում է, թե մարտը անազնիվ էր ու հաղթանակը անիրավի, ես չեմ սպասում նրա մրցահրավերին, ինքս եմ ասպարեզ կարդում նրան։
― Դա քաջարի մրցահրավեր է ու քեզ արժանի, ― ասաց թագավորը։ ― Ուրեմն ասա այն անունը, որի հետ առաջինը կուզենայիր չափվել։
― Առանձին֊առանձին ոչ մեկի հետ։ Ես ասպարեզ եմ կարդում բոլորին։ Ահա, կանգնած եմ այստեղ և մարտի եմ հրավիրում Անգլիայի բոլոր ասպետներին, ոչ անհատապես, այլ զանգվածաբար։
― Ի՜նչ, ― դուրս թռավ երկու տասնյակ ասպետների կոկորդից։
― Դուք լսեցիք հրավերը։ Ընդունեցեք այն, կամ էլ ես ձեզ բոլորիդ, մինչև վերջինը, փոքրոգի վախկոտներ կկոչեմ։
Ինչպես գլխի եք ընկնում, դա պարզ հոխորտանք էր, որի նպատակն էր ահաբեկել հակառակորդին և ստիպել նրան փախչել։ Այդպիսի պահերին միանգամայն բանական է սիրտ անել և խաղի մեջ դրված դրամագլուխը բարձրացնել հարյուր անգամ․ հիսունից քառասունինն դեպքում, վստահ եղեք, որ ոչ ոք չի համարձակվի արձագանքել ձեզ և դուք կշահեք եղած դրամագլուխը։ Բայց այս անգամ․․․ ո՞վ կսպասեր․․․ Է՛հ, գործերը սոսկալի են դառնում։ Մի ակնթարթում հինգ հարյուր ասպետներ թամբերին թռան, և ես դեռ չէի հասցրել ուշքի գալ, որ նրանք արդեն կոկիկ շարքերով, զենք ու զրահի որոտ արձակելով, սլանում էին ինձ վրա։ Ես դուրս քաշեցի իմ զույգ ատրճանակները, հայացքով չափելով տարածությունը և հաշվելով հնարավորությունները։
Տրա՛ք․․․ մի թամբը դատարկվեց։ Տրա՛ք՝ մի ուրիշը։ Տրա՛ք, տրա՛ք․․․ և էլի երկուսը գետնինն փռվեցին։ Ես գիտեի․ կյանքս արդեն մազից է կախված և, եթե տասնմեկերորդ կրակոցն էլ նրանց չհամոզի, որ ես անպարտելի եմ, տասներկուերորդ հակառակորդը ինձ անպատճառ կսպանի։ Եվ ես ինձ երջանիկ զգացի, երբ իններորդ հեծյալի անկումից հետո ալեկոծություն նկատեցի թշնամուս շարքերում, ― դա մոտեցող խուճապի նշան էր։ Եթե ձեռքիցս փախցնեի այդ ակնթարթը, ամեն ինչ ջուրը կլցվեր։ Բայց չփախցրի։ Ես պարզեցի զույգ ատրճանակներն էլ ու նշան բռնեցի։ Հակառակորդներս կանգ առան, ապա դարձրին ձիերի գլուխները ու ցրիվ փախան։
Ճակատամարտը շահված էր։ Թափառական ասպետությունը որպես հաստատություն կործանված էր։ Սկսվեց քաղաքակրթության տողանցքը։ Ինչպե՞ էի ես ինձ զգում։ Ահ, դուք դա երբեք չեք կարող պատկերացնել։
Իսկ եղբայր Մերլի՞նը։ Նրա խաղաթուղթը նորից վառվեց։ Ամեն անգամ, երբ գրբացության կախարդությունը ընդհարվում էր գիտության կախարդությանը, գրբացության կախարդությունը պարտություն էր կրում։
==Գլուխ XL==
Երեք տարի անց
Երբ այն ժամանակ ես կոտրեցի թափառական ասպետության մեջքը, դրանից հետո այլևս ստիպված չէի գաղտնի աշխատելու։ Հաջորդ օրն իսկ զարմացած աշխարհին ես ցույց տվեցի իմ թաքցրած դպրոցները, հանքերը, իմ ծածուկ գործարանների ու արհեստանոցների ընդարձակ սիստեմը։ Մի խոսքով, ես տասնիններորդ դարը ցուցադրության հանեցի վեցերորդ դարի աչքին։
Շահեկան դրությունը անհրաժեշտ է անմիջապես օգտագործել։ Ասպետությունը ժամանակավորապես էր գահընկեց արվել և, որպեսզի նրան ուշքի գալու հնարավորություն չտայի, պետք էր վերջնականապես անդամալույծ անել, այլ կերպ չէր կարելի։ Ինչպես դուք տեսաք, մարտադաշտում վերջին պահին ամբողջ իմ վարքը պարզ հոխորտանք էր, և նրանք գլխի կընկնեն անպատճառ, եթե ես հնարավորություն տամ։ Այնպես որ ես նրանց ժամանակ պիտի չտայի և չտվեցի։
Ես նորոգեցի իմ մրցահրավերը, փորագրեցի պղնձի վրա, բազմացրի և տարածեցի ամենուրեք, որտեղ գեթ մի քահանա կար, որը կարող էր այն կարդալ ժողովրդին, ինչպես նաև անընդհատ տպագրում էի լրագրիս ազդերի սյունակներում։
Ես ոչ միայն նորոգեցի, այլև ընդլայնեցի այն։ Ես ասացի․ օր նշանակեցեք և ես, հիսուն օգնականներով մարտի դուրս կգամ <b>աշխարհիս բոլոր ասպետների դեմ ու կոչնչացնեմ նրանց։</b>
Այս անգամ ես արդեն չէի հոխորտում։ Ես պատրաստվում էի անելու այն, ինչ խոստացել էի։ Իմ մրցահրավերի միտքը այնքան պարզ էր, որ ուրիշ կերպ հասկանալ հնարավոր չէր։ Նույնիսկ ամենաբութ ասպետները հասկացան, որ հարցը դրված էր այսպես․ «հանձնվիր, կամ մեռիր»։ Նրանք բավական խելք ունեցան, որպեսզի առաջինը անեին։ Հետագա երեք տարիների ընթացքում նրանք ոչ մի անգամ այնպիսի անհանգստություն չպատճառեցին ինձ, որ արժանի լիներ հիշատակման։
Նկտի առեք, որ անցել էր երեք տարի։ Իսկ այժմ հայացք նետեցի Անգլիայի վրա։ Երջանիկ, ծաղկող երկիր, հրաշափառ կերպով վերափոխված։ Ամենուրեք դպրոցներ և բազմաթիվ կոլեջներ, մի քանի հրաշալի լրագրեր։ Նույնիսկ գրողներ հայտնվեցին։ Առաջին տեղը գրավեց սըր Դայն ըդեն֊Կատակաբանը, որը հրապարակեց հնությունից դեղնած պատմությունների մի հատորակ։ Դրանք ճիշտ նույն սրամտություններն էին, որոնց ես ծանոթ էի տասներեք հարյուր տարիներ շարունակ։ Եթե գոնե նա հանած լիներ այն հին, լպիրշ անեկդոտը դասախոսի մասին, ես ոչինչ չէի ասի, բայց ես տանել չէի կարող այն, դրա համար էլ խափանեցի գիրքը և կախեցի հեղինակին։
Ստրկությունը ոչնչացվեց․ բոլոր մարդիկ հավասար էին օրենքի առջև․ հարկերը գանձվում էին բոլորից։ Հեռագիրը, հեռախոսը, ձայնագիրը, գրամեքենան, կարի մեքենան, շոգին, էլեկտրականությունը կամաց֊կամաց ճանապարհ էին հարթում։ Մեկ֊երկու շոգենավ էին լողում Թեմզայի վրա, մենք ունեիք ռազմաշոգենավատորմ և սկիզբ էինք դնում առևտրական շոգենավարկությանը։ Ես պատրաստվում էի մի արշավախումբ ուղարկել Ամերիկան հայտնագործելու համար։
Մենք մի քանի երկաթուղիներ էինք կառուցում, և Քամելոտ֊Լոնդոն երկաթգիծը արդեն պատրաստ էր ու շահագործման էր հանձնվել։ Ես այնքան խելք ունեցա, որպեսզի գործը հենց սկզբից ճիշտ դնեի․ երկաթուղային ծառայության բոլոր պաշտոնները համարվում էին <b>բարձր ու արտակարգորեն</b> պատվավոր։ Միտքս այն էր, որ այդ պաշտոններում ներգրավեի ասպետներին ու ազնվականներին, նրանց ստիպեի աշխատել և դրանով իսկ հեռու պահեի չարաճճիություններից։ Ծրագիրս հիանալի արդյունք տվեց․ պաշտոնների համար մրցակցությունը շատ ուժգին էր։ 4.33֊ի Էքսպրեսի ուղեկցողը հերցոգ էր․ ամբողջ գծի վրա չկար մի ուղեկցող, որը կոմսից ցածր տիտղոս ունենար։ Նրանք բոլորը սքանչելի մարդիկ էին, բայց երկու թերություն ունեին, որոնց դեմ ես ոչինչ անել չկարողացա և ստիպված եղա աչք փակել․ նրանք ոչ մի կերպ չէին ուզում բաժանվել զրահներից և գրպանում էին ուղևորների փոխադրման վարձը, այսինքն՝ կողոպտում էին ընկերութայնը։
Երկրում ոչ մի ասպետ չմնաց, որը զբաղված չլիներ օգտակար աշխատանքով։ Այժմ էլ նրանք թափառում էին երկրում, բայց արդեն որպես օգտակար գիտելիքներ տարածողներ․ շնորհիվ թափառումների նկատմամբ ունեցած կրքոտ սիրո և սովորության, նրանք դարձան քաղաքակրթության լավագույն տարածողները։ Առաջվա նման ման էին գալիս զրահավորված, ձեռքներին սուր, նիզակ ու կացին, և, եթե նրանց չէր հաջողվում համոզել մեկին փորձելու կարի մեքենան, կամ երաժշտական արկղը կամ լարափակոցը, կամ բաժանորդագրվելու ոգելից խմիչքներ օգտագործողների ամսագրին, նրանք պարզապես վերացնում էին անհնազանդին և առաջ անցնում։
Ես շատ երջանիկ էի։ Գործը աստիճանաբար գնում էր դեպի իմ գաղտնի, վաղուց ի վեր մշակված ծրագրերի իրականացումը։ Այդպիսի ծրագրերը երկուսն էին, և նրանցից յուրաքանչյուրը շատ ավելի կարևոր էր, քան իմ նախկին բոլոր ծրագրերը։ Մեկը այն էր, որպեսզի գահընկեց անեի կաթոլիկ եկեղեցին և նրա ավերակների վրա հիմնեի բողոքական եկեղեցի, ոչ որպես տիրապետող եկեղեցի, այլ միայն ցանկացողների համար։ Մյուս ծրագիրս էլ այն էր, որ վերջ ի վերջո մի հրովարտակ հրապարակեի, որով Արթուրի մահից հետո մտցվում էր համընդհանուր քվեարկություն բոլոր տղամարդկանց ու կանանց համար, կամ էլ առնվազն բոլոր խելոք ու հիմար տղամարդկանց ու բոլոր միջին տարիքի մայրերի համար, որոնք, այնուամենայնիվ, պակաս խելք չունեն, քան նրանց քսանմեկ գարուն բոլորած որդիները։ Արթուրը կարող էր ապրել ևս մի երեսուն տարի, այժմ նա նույնքան էր, որքան ես էի, այսինքն քառասուն տարեկան, և ես ենթադրում էի, որ այդ ընթացքում ժողովրդի ամենագործունյա մասին առանց դժվարության կնախապատրաստեմ համաշխարհային պատմության մեջ առաջին անգամ կատարվելիք իրողությանը՝ վճռական, լիակատար, բայց անարյուն հեղափոխությանը։ Արդյունքը հանրապետություն կլինի։ Ձեզնից ինչ թաքցնեմ, պետք է խոստովանեմ, թեպետ ամաչում եմ․ ներսս անարժան ցանկություն էր գլուխ բարձրացնում, ուզում էի դառնալ նրա առաջին պրեզիդենտը։ Ինչ արած, ինձ համար էլ մարդկայինը օտար չէ, ես ինքս էլ եմ այդ հասկանում։
Ինչ վերաբերում էր հեղափոխությանը, Քլարենսը համաձայն էր ինձ հետ, միայն որոշ վերապահությամբ։ Նա ուզում էր հանրապետություն՝ առանց արտոնյալ դասերի, բայց ժառանգական թագավորական ընտանիքով՝ որպես պետության գլուխ, ընտրովի պրեզիդենտի փոխարեն։ Նա կարծում էր, թե թագավորական տունը մեծարելու երջանկությունը ճաշակած ժողովրդից չի կարելի խլել այդ հաճույքը, այլապես նա կթոռոմի և կարոտից կմեռնի։ Ես էլ պնդում էի, թե թագավորները վտանգավոր են։ Նա ասում էր․ «Այդ դեպքում գահին դնենք կատուներին»։ Նա վստահ էր, որ կատուների թագավորական ընտանիքը ճիշտ և ճիշտ համապատասխան կլինի գահին։ Նրանք նույնքան օգտակար կլինեն, որքան որևէ ուրիշ թագավորական ընտանիք, նրանք կիմանան ճիշտ նույնքան, նրանք կունենան ճիշտ նույն առաքինությունները, ճիշտ նույն արատները և ճիշտ նույն հակումները՝ կռվելու հարևան թագակիր կատուների հետ, նրանք զերծ չեն լինի ճիշտ նույն ծիծաղաշարժ փառասիրությունից և երբեք չեն գիտակցի այդ, նրանք չափազանց էժան կնստեն և, վերջապես, նրանց աստվածային իրավունքը նույնքան հնչեղ կլինի, որքան որևէ ուրիշ թագավորական ընտանիքինը, քանզի «Աստծո ողորմածությամբ Փիսո VII , Փիսո XI կամ Փիսո XIV» բնավ էլ նվազ չի հնչի սեղմահագուստ հագած որևէ ուրիշ թագակիր կատվի անունից։
― Որպես կանոն, ― ասաց նա իր մաքուր ժամանակակից անգլերենով, ― կատուները սովորական թագավորներից շատ ավելի բարոյական են և ամենաբարերար ներգործությունը կունենան ժողովրդի բարոյականության վրա, որը միշտ հակված է ընդօրինակելու իր վեհապետներին։ Եվ քանի որ ժողովուրդը արդեն վարժված է մեծարելու թագը, անկախ նրա կրողից, ապա կմեծարի նաև այդ քնքուշ ու անվնաս կատուներին, մանավանդ, շուտով բոլորը կնկատեն, որ կատու թագավորը ոչ ոքի չի կախում, ոչ ոքի չի գլխատում, ոչ ոքի չի բանտում․ ոչ մի դաժանություն և անարդարություն չի անում։ Այն ժամանակ նրան կսկսեն առավել մեծարել ու սիրել, քան մեծարում ու սիրում են սովորական մարդ թագավորին։ Ամբողջ աշխարհը նախանձով կնայի մեր կառավարման այդ նրբանկատ ու մարդասիրական սիստեմին, թագակիր մսագործները ամենուրեք հանկարծ կսկսեն չքվել, ազատված պաշտոններ կգրավեն մեր թագավորական ընտանիքի կատվաձագերի կողմից, մեզ մոտ կլինի ամբողջ աշխարհի գահերին մատակարարող կատվագործարանը․ քառասուն տարի հետո ամբողջ Եվրոպան կկառավարեն կատուները, իսկ հայթայթիչները կլինենք մենք։ Վրա կհասնի համընդհանուր խաղաղության թագավորությունը, որը այլևս վերջ չի ունենա․․․ Մյա֊ա֊ո՜ւ, մյաո՜ւ․․․ փի՛շտ․․․ մյաո՜ւ․․․
Անիծվես դու, Քլարենս։ Ես էլ կարծում էի, թե նա լուրջ է խոսում և նույնիսկ արդեն համաձայնում էի նրա հետ, երբ հանկարծ սկսեց «մյաու» անել ու չափազանց վախեցրեց ինձ։ Բայց նա երբեք չի կարողացել լուրջ լինել։ Նա նույնիսկ չգիտեր, թե դա ինչ բան էր։ Նա հայտնագործել էր սահմանադրական միապետության կատարելագործման բավականին բանական միջոց, բայց ինքը այնքան քամի֊գլուխ էր, որ չէր կարող գնահատել իր իսկ գյուտը։ Ես ուզում էի հայհոյել նրան, բայց այդ պահին ներս ընկավ վախից խենթացած Սենդին․ հեկեկոցը խանգարում էր նրան խոսել։ Ես գրկեցի նրան, հանգստացրի, փայփայեցի։
― Խոսիր, թանկագինս, ասա, ի՞նչ է պատահել։
Նրա գլուխը ընկավ կրծքիս և նա հազիվ լսելի շշնջաց․
― Հելլո֊ Կենտրոնը․․․
― Շտապ, ― գոռացի ես Քլարենսին, ― հեռախոսով կանչիր թագավորի նմանաբույժին։
Մի րոպե անց ես ադեն չոքել էի երեխայի օրորոցի առջև, իսկ Սենդին ծառաներին այս ու այն կողմ էր ուղարկում ամբողջ տնով մեկ։ Անմիջապես գլխի ընկա, թե ինչ էր պատահել՝ կեղխ խռուկ։ Կռացա ու շշնջացի․
― Աչիկներդ բաց արա, քաղցրիկս։ Հելլո֊Կենտրո՛ն։
Նա բացեց իր քնքուշ աչիկները և դժվարությամբ թոթովեց․
― Պապա։
Այդ ինձ մխիթարեց։ Ուրեմն նա դեռ չի մեռնում։ Ես մարդ ուղարկեցի ծծմբային լուծույթ բերելու, և ինքս ինգալյատոր պատրաստեցի, որովհետև, երբ Սենդին կամ երեխան հիվանդ են լինում, ես անգործ չեմ նստում ու սպասում բժշկին։ Ես կարողանում էի նրանց երկուսին էլ խնամել, բավականին փորձ ունեի։ Մեր դստրիկը իր կյանքի մեծ մասը անց է կացրել իմ ձեռքերի վրա, և ես կարողանում էի հանգստացնել նրան, չորացնել թերթերունքների արցունքը, նույնիսկ այն պահերին, երբ մայրը չէր իմանում, թե ինչ անել։
Նույն պահին իր ամենաշքեղ զրահները հագին սըր Լանսելոտը անցնում էր մեծ սրահով դեպի առևտրական ատյանը․ նա առևտրական ատյանի նախագահն էր։ Այդ պաշտոնը սըր Լանսելոտը գնել էր սըր Գալահադից, քանի որ առևտրական ատյանը բաղկացած էր միայն Կլոր Սեղանի ասպետներից, և Կլոր Սեղանն էլ այժմ օգտագործում էին միայն գործնական նիստերի համար։ Այդ սեղանի շուրջ տեղ ունենալու իրավունքը արժեր․․․ Էհ, դուք երբեք չեք հավատա, եթե ասեմ գումարը, դրա համար էլ ասելը անիմաստ է։ Սըր Լանսելոտը բորսայի տիրակալներից մեկն էր, նա վերահսկում էր նոր երկաթուղու արժեթղթերի մի կլորիկ մասին և հենց այսօր մտադիր էր բորսայում մի քանի կետի իջեցում խաղալ։ Բայց դա ի՞նչ նշանակություն ուներ։ Նա մնացել էր էլի նույն բարի Լանսելոտը, և երբ մեր դռան մոտից անցնելիս ներս նայեց և տեսավ, որ իր անուշիկը հիվանդ է, դա արդեն բավական էր նրա համար, թող բորսան իրար խառնվի, թող արժեթղթերը իջնեն ու վեր ցատկեն, թող նույնիսկ ինքը սնանկանա, նա պետք է գա ու կանգնի փոքրիկ Հելլո֊Կենտրոնի կողքին։ Եվ նա այդպես էլ արեց։ Անկյուն շպրտեց իր սաղավարտը ու կես րոպեից հետո սպիրտայրոցի վրա արդեն ջուր էր եռացնում։ Իսկ Սենդին էլ սավանից ամպհովանի սարքեց օրորոցի վրա, ու ինգալյատորը պատրաստ էր։
Սըր Լանսելոտը շոգի էր թողնում, մենք միասին ամանի մեջ չմարած կիր, կարբոլաթթու և կաթնաթթու ավելացրինք, և բուժիչ շոգին խողովակով հոսեց ամպհովանու տակ։ Մենք ժամապահների նման կանգնած էինք օրորոցի երկու կողմերում։ Սենդին հանգստացավ և այնպես երախտապարտ էր զգում իրեն, որ փշրած ուռենու կեղևից երկու գլանակ պատրաստեց ու մեզ արտոնեց ծխել սենյակում, ասելով, թե օրորոցի մեջ ծուխը չի թափանցի, իսկ ինքը սիրում է, երբ ծխում են, քանի որ երկրի տիկիններից ինքը առաջինն է ծխող մարդ տեսել։ Իրոք, որ ավելի սրտառուչ տեսարան չէր կարող լինել, քան սըր Լանսելոտն էր իր շքեղագույն զրահների մեջ, երեխայի օրորոցի մոտ նստած։ Նա գեղեցիկ տղամարդ էր ու բարի մարդ, և, անշուշտ, կարող էր երջանկացնել կնոջն ու երեխաներին։ Բայց Գինեվրը․․․ ասենք արժե՞ արդյոք ախ ու վախ քաշել մի բանի համար, որին այլևս օգնել հնարավոր չէ։
Ես ու նա հերթապահեցինք օրորոցի մոտ երեք օր ու գիշեր, մինչև որ վտանգը լրիվ անցավ, ապա նա գրկեց փոքրիկին ու համբուրեց, և նրա սաղավարտի փետուրները խոնարհվեցին երեխայի ոսկե գանգուրների վրա։ Հետո նա երեխային զգուշությամբ հանձնեց Սենդիին և վեհապանծ տեսքով անցավ գլխավոր սրահով, երկու շարք կանգնած ու հիացական հայացքով նրան նայող զինվորների ու ծառաների միջից։ Եվ ոչ մի բնազդ չհուշեց ինձ, որ նրան վերջին անգամ եմ տեսնում այս կյանքում։ Աստված իմ, ի՜նչ սիրտ կոտրող աշխարհ է սա։
Բժիշկներն ասացին, որ մենք պետք է երեխային օդափոխեինք, եթե ցանկանում էինք վերականգնել նրա առողջությունը և ուժերը։ Նրան ծովային օդ էր անհրաժեշտ։ Մենք ռազմանավ վերցրինք, երկու հարյուր հիսուն մարդուց բաղկացած շքախումբ և ճամփորդության մեկնեցինք։ Երկու շաբաթից ափ իջանք Ֆրանսիայում, և բժիշկները խորհուրդ տվեցին որոշ ժամանակ մնալ այնտեղ։ Այդ շրջանի փոքրիկ թագավորը առաջարկեց մեզ իր հյուրընկալությունը և մենք ուրախությամբ ընդունեցինք։ Նա ինքը այնքան էլ փայուն հարմարություններ չուներ, բայց մենք, նավից որոշ բաներ փոխադրելով, հիանալի պայմաններ ստեղծեցինք մեզ համար նրա հնօրյա տարօրինակ ամրոցում։
Ամսվա վերջին ես նավը տուն ճամփեցի սնունդի պաշար և նորություններ բերելու։ Մենք ակնկալում էինք, որ նավը ետ կվերադառնար երեք֊չորս օրից։ Մնացած բոլոր նորությունների թվում, ես լուր էի սպասում իմ նոր փորձի արդյունքների մասին։ Ծրագիրս այսպիսին էր․ մրցախաղերը փոխարինել որևէ ուրիշ բանով, որը կարող լիներ զբաղեցնել իմ ասպետներին առանց շրջապատին վնաս պատճառելու, ծառայեր որպես նրանց եռանդը ծախսելու միջոց և, միևնույն ժամանակ, պահպաներ այն լավը, որ կար նրանց մեջ՝ մրցության ազնիվ ոգին։ Ես նրանցից մարզիկների խմբեր էի ստեղծել և ծածուկ մարզում էի այդ խմբերը, և այժմ արդեն մոտենում էր նրանց առաջին հրապարակային ելույթի օրը։
Փորձս կոչվում էր բեյզբոլ՝ գնդախաղ։ Որպեսզի այդ խաղը միանգամից տարածում ստանար և դրվեր քննադատության համար անհասանելի բարձրության վրա, ես իմ առաջին իննյակների մեջ խաղացողներին ընդգրկել էի ոչ թե ըստ ունակությունների, այլ ըստ տոհմաբանական անվանիության։ Երկու թիմերից և ոչ մեկում չկար մի ասպետ, որը ամենաազդեցիկ անձնավորություններից չլիներ։ Արթուրի շուրջը նման հումք որքան ուզեք կարող էիք ճարել։ Նույնիսկ չէիք կարող որևէ ուղղությամբ քար նետել, որ չդիպչեր այս կամ այն թագավորիկին։ Իհարկե, ես չէի կարող համոզել այդ մարդկանց զրահները հանել խաղի ժամանակ, այդ մասին խոսելն անգամ ավելորդ էր, որովհետև նույնիսկ լոգանքը նրանք ընդունում էին զրահների մեջ։ Պետք էր դեռ շնորհակալ լինել, որ համաձայնեցին որոշ տարբերություններ մտցնել իրենց զրահների մեջ, որպեսզի հնարավոր լիներ մի թիմը մյուսից զանազանել։ Այսպիսով մի թիմը հագավ պարորը հիշեցնող օղազրահներ, իսկ մյուսը՝ իմ նոր բեսսեմերյան<ref>Հենրի Բեսսեմեր(1813―1898) անգլիական ինժեներ, նոր բարձրորակ պողպատի հեղինակ։</ref> պողպատից պատրաստված զրահներ։ Դաշտում նրանց վարժանքները ծայրահեղորեն ֆանտաստիկ էին։ Երբեք խույս չէին տալիս գնդակից, այլ սպասում էին տեղում մինչև որ գնդակը դիպչում էր իրենց, իսկ երբ գնդակը դիպչում էր մի բեսսեմերի, հարյուր հիսուն յարդ ետ էր թռչում։ Իսկ երբ խաղացողը վազելով գալիս էր երեսն ի վար գետին փռվում և փորսող տալիս գնդակին հասնելու համար, կարծես զրահակիր էր նավահանգիստ մտնում։ Սկզբում ես իրավարարներ նշանակում էի անտոհմիկ մարդկանց, բայց շուտով ստիպված եղա հրաժարվել դրանից։ Գոհացնել իմ թիմերին նույնպես հեշտ չէր, ինչպես ուրիշ բեյզբոլային թիմերին։ Իրավարարի առաջին իսկ որոշումը սովորաբար դառնում էր վերջինը։ Նրան տեղն ու տեղը սրատում էին և նրա բարեկամները դիակը պատգարակների վրա տուն էին տանում։ Երբ մարդիկ տեսան, որ ոչ մի իրավարար խաղից հետո կենդանի չի մնում, այդ պաշտոնն այլևս անցանկալի դարձավ։ Ես էլ ստիպված եղա իրավարար նշանակել այնպիսի մարդու, որի ազնվական ծագումն ու կառավարության մեջ գրաված բարձր դիրքը պաշտպանեին նրան։
:::::::<b>Ահա թիմերի կազմը․</b>
Բեսեմերներ
<b>Արթուր թագավոր,</b>
<b>Լոտ Լոտացի թագավոր,</b>
<b>Հյուսիսային Գալլիայի թագավոր</b>
<b>Մարսիլ թագավոր,</b>
<b>Պելլամ Լիստենջիզցի թագավոր,</b>
<b>Բազդեմագուս թագավոր,</b>
<b>Տոլլեմ լա ֆենս թագավոր</b>
Պարորակիրներ
<b>Լուցիուս թագվոր,</b>
<b>Լոգրիս թագավոր,</b>
<b>Մարհոլտ իռլանդացի թագավոր,</b>
<b>Մորգանոր թագավոր,</b>
<b>Մարկ Քորնուելցի թագվոր,</b>
<b>Նոնթր Գառլոտցի թագվոր,</b>
<b>Մելիդոսա Լիոնցի թագավոր,</b>
<b>Լճի թագավոր, Սիրիայի սուլթան։</b>
:::::<b>Իրավարար՝ Քլարենս։</b>
Հրապարակային առաջին խաղին ներկա կլինեին, իմ հաշվումներով, ըստ երևույթին մի հիսուն հազար մարդ․ արժեր, իհարկե, այդպիսի ծիծաղաշարժ օյին տեսնելու համար շուրջերկրյա ճանապարհորդություն կատարել։ Ամեն ինչ մեզ համար նպաստավոր էր, հիասքանչ տաք գարուն էր, և բնությունն արդեն իր նոր հագուստներն էր հագել։
==Գլուխ XLI==
Բանադրանքը
Բայց իմ ուշադրությունը հանկարծ շեղվեց առաջիկա խաղից․ մեր դստրիկը վատ զգաց, նրա վիճակը ծանրացավ, և մենք նրա մոտից չէինք հեռանում։ Չէինք ուզում, որ ուրիշները խնամեին նրան․ ես ու Սենդին հերթապահում էինք օր ու գիշեր։ Ախ, Սենդի, ի՜նչ հրաշալի սիրտ ուներ նա, ի՜նչ բարի էր, պարզ ու ազնիվ։ Նա անբասիր կին էր և մայր, և պատկերացնե՜լ միայն, որ ես ամուսնացել էի նրա հետ լոկ այն պատճառով, որ նա, ըստ ասպետական օրենքների, իմ սեփականությունն էր մինչև այն պահը, երբ մեկն ու մեկը չհաղթեր ինձ մարտի դաշտում ու չտիրեր նրան։ Ինձ համար նա ոտքի տակ էր տվել ողջ Բրիտանիան, գտել էր ինձ լոնդոնյան կառափնարանի վրա և անմիջապես գրավել էր իր տեղը իմ կողքին, կարծես դա նրա անկապտելի իրավունքն էր։ Ես ծնվել էի Նոր Անգլիայում և, ըստ իմ հասկացողությունների, մեր անբաժանությունը վաղ թե ուշ կարող էր վարկաբեկել նրան։ Նա չէր հասկանում, թե ինչպես, բայց ես, որպեսզի վերջ տված լինեի բոլոր վեճերին, շտապեցի պսակվել նրա հետ։
Այն ժամանակ դեռ չգիտեի, որ գանձ եմ գտել, մինչդեռ նա կատարյալ գանձ էր։ Մի տարի անց ես արդեն երկրպագում էի նրան․ նա իմ ամենասրտակից ու սիրելի ընկերն էր։ Շատ են խոսում նույն սեռին պատկանող անհատների ընկերության և բարեկամության մասին։ Բայց նման բարեկամությունը ոչինչ է այր ու կնոջ բարեկամության համեմատ, որոնց լավագույն ձգտումները և բարձրագույն իդեալները նույնն են։ Առաջին բարեկամությունը երկրային էր, երկրորդը՝ աստվածային։
Սկզբնական շրջանում երազներիս մեջ ես դեռ թափառում էի տասներեք հարյուրամյակ հեռու և չբավարարված ոգին կանչում էր, պատասխան հայցում այդ չքնաղ ու մունջ աշխարհից։ Շատ անգամներ Սենդին լսել էր երազիս մեջ արտասանածս բառերը։ Եվ, վճռելով, որ ես անընդհատ կրկնում եմ ինձ համար թանկագին, կորսված կնոջ անունը, Սենդին, իրեն յուրահատուկ մեծահոգությամբ, մեր առաջնեկին անվանել է այդ անունով։ Դա ինձ անչափ հուզեց, աչքերիս արցունքներ երևալու աստիճան և, միաժամանակ քիչ էր մնում գետին գլորվեի, երբ նա, արժանի պարգևի սպասելով, ժպտալով աչքերիս նայեց ու այսպիսի անակնկալ մատուցեց․
― Նրա անունը, որ թանկ է եղել քեզ համար, կպահպանվի և սուրբ կլինի այստեղ և երաժշտության նման կհնչի մեր ականջներին։ Այժմ համբուրիր ինձ, քանզի դու գիտես, թե ինչ անուն եմ ես տվել մեր դստրիկին։
Ես, սակայն չգիտեի։ Գաղափար իսկ չունեի, բայց պետք չէր այդպես դաժան խոստովանել և փչացնել նրա սիրատոչոր խաղը, այդ պատճառով էլ չմատնեցի ինձ ու ասացի․
― Այո, ես գիտեմ, սիրելիս, և ինչ լավ ու սքանչելի ես վարվել դու։ Բայց ես ուզում եմ, որ քո շրթունքները, որոնք նաև իմ շրթունքներն են, առաջինը արտասանեն այն։ Ահա այդ դեպքում երաժշտությունը կատարյալ կլինի։
Մինչև սրտի խորքը շոյված, նա ասաց․
― Հելլո֊Կենտրոն։
Ես չծիծաղեցի (ես միշտ երախտապարտ եմ աստծուն դրա համար), բայց չծիծաղելու համար այնպիսի ահավոր ջանքեր գործադրեցի, որ հետագա մի քանի շաբաթների ընթացքում քայլելիս ոսկորներս զրնգում էին։ Այդպես էլ նա երբեք չիմացավ իր սխալը։ Առաջին անգամ լսելով հեռախոսային զրույցի մեջ օգտագործվող ողջույնի այդ բառերը, նա զարմացել էր ու բարկացել, բայց ես նրան ասացի, որ հեռախոսավարուհիները իմ հրամանով են գործում․ այսուհետև և ընդմիշտ այդ հարգալիր կանչով պիտի սկսվեն հեռախոսային զրույցները և պատիվ իմ կորուսյալ բարեկամուհու և նրա փոքրիկ անվանակցի։ Սա ճշմարտություն չէր, բայց այն էր, ինչ պետք էր։
Երկուս ու կես շաբաթ հերթապահում էինք օրորոցի մոտ և, աշխարհից կտրված, գաղափար չունեինք, թե ինչ է այնտեղ կատարվում։ Վերջապես աստվածային պարգևը իջավ, փոքրիկին փրկեցինք։ Շնորհապա՞րտ էինք մենք։ Դա այն խոսքը չէ։ Առհասարակ չկա խոսք, որը կարողանար արտահայտել մեր զգացումը։ Դա դուք ինքներդ գիտեք, եթե երբևէ ստիպված եք եղել ուղեկցելու ձեր մանկիկին Ստվերների Հովիտը և ապա տեսելու, թե ինչպես է նա դեպի կյանք վերադառնում և աշխարհը պատած խավարը լուսավորում է իր փոքրիկ֊փոքրիկ ժպիտով։
Մենք նորից այս աշխարհ վերադարձանք։ Եվ, իրար աչքերի մեջ նայելով, հանկարծ ցնցվեցինք միևնույն մտքից՝ արդեն երկու շաբաթից ավելի է անցել, իսկ նավը դեռ չի վերադարձել։
Հաջորդ վայրկյանին հայտնվեցի շքախմբիս մեջ։ Նրանց դեմքերից անմիջապես նկատեցի, որ վաղուց ի վեր անհանգստանում են։ Մի քանի մարդ վերցրի և ձիով հինգ մղոն անցնելուց հետո մի բլուր բարձրացա, ծովի հեռուները նայելու համար։ Ո՞ւր է իմ առևտրական տորմիղը, որ դեռ երեկ կենդանացնում ու զարդարում էր այս ծովը, իր ճերմակ թևերով։ Ո՛չ մի նավ։ Ո՛չ առագաստ, ո՛չ ծուխ։ Եզրից եզր մեռյալ տափաստան է, աղմկոտ կյանքի եռուզեռի փոխարեն։
Անմիջապես ետ վերադարձա, ոչ ոքի ոչ մի բառ չասելով։ Բայց Սենդիին ես պատմեցի ամեն ինչ։ Մենք ոչ մի բացատրություն չէինք կարողանում տալ այդ ահավոր փոփոխությանը։ Ներխուժո՞ւմ։ Երկաշար՞րժ։ Ժանտա՞խտ։ Արդյո՞ք ամբողջ ազգը դադարել է գոյություն ունենալուց։ Գուշակությունը, սակայն, անօգուտ էր։ Ես պետք է մեկնեմ, և անմիջապես։ Ես թագավորությունից փոխ վերցրի նրա «նավատորմիղը», միակ նավակը, որը շոգեկաթսայից ավելի մեծ չէր, և շուտով արդեն պատրաստ էի մեկնելու։
Հրաժեշտը, բաժանումը․․․ Օ՜, այո, ծանր բան է։ Երբ ես համբուրում էի դստրիկիս, նա վերջին երկու շաբաթվա ընթացքում առաջին անգամ խոսեց, և մենք ուրախությունից խենթացանք։ Մանկական թոթովանք, բառերի աղավաղումներ․․․ Ի՞նչ երաժշտություն կարող է համեմատվել դրա հետ։ Եվ որքան թախծում ես, որ մանկան շուրթերի այդ երաժշտությունը լռում է, փոխարինվում ճիշտ արտասանությամբ, թախծում ես, որովհետև գիտես, թե այլևս այն երբեք չի հնչելու քո որբացած ականջին։ Եվ ինչ լավ էր, որ ես կարող էի հետս տանել այդ հուշը։
Անգլիայի ափերին հասա հաջորդ առավոտյան։ Դուվրի ծովախորշում նավեր էին կանգնած, բայց իջեցված առագաստներով և առանց կյանքի որևէ նշույլի։ Օրը կիրակի էր, բայց դարձյալ Քենտերբերիի փողոցները դատարկ էին։ Ամենատարօրինակն այն էր, որ ոչ մի տերտեր չէր երևում և զանգի ոչ մի ղողանջ չէր լսվում։ Ամենուրեք մահվան չարագույժ շունչն էր տիրում։ Ես չէի կարողանում հասկանալ այդ։ Վերջապես քաղաքի եզրին մի թաղման թափոր տեսա։ Դագաղը ուղեկցում էին միայն ննջեցյալի հարազատներն ու բարեկամները։ Ո՛չ մի քահանա։ Թաղում՝ առանց զանգի ղողանջի, առանց սուրբ գրքի, առանց մոմի։ Մոտերքը մի եկեղեցի կար, բայց թափորը անցավ լացով ու ներս չմտավ։ Հայացքս բարձրացրի դեպի զանգակը ու տեսա, որ զանգակը սևով է պատած, իսկ լեզվակն էլ պարանով կապված է պատին։ Եվ ես ամեն ինչ գլխի ընկա։ Այժմ ես հասկացա, թե ինչ աղետ է իջել Անգլիայի վրա։ Ներխուժո՞ւմ։ Ներխուժումը պարապ բան է այդ աղետի համեմատ։ Նրա անունը <b>բանադրանք է։</b>
Ոչ մի հարց չտվեցի, ինձ առանց այդ էլ պարզ էր։ Եկեղեցին հարված էր հասցրել։ Այժմ մնում էր միայն փոխել արտաքինս և շարունակել ճանապարհը որքան կարելի է աննկատելի։ Իմ ծառան զիջեց ինձ իր հագուստը, ես անտառում զգեստափոխվեցի, ձի նստեցի և ճանապարհ ընկա մենակ։ Այդպես ավելի անվտանգ էր։
Անուրախ ճանապարհորդություն էր։ Ամենուրեք թանձր լռություն էր տիրում։ Նույնիսկ Լոնդոնում։ Ոչ մի շարժում, մարդիկ չէին խոսում, չէին ծիծաղում, իրար գլխի չէին հավաքվում, նույնիսկ զույգ֊զույգ ման չէին գալիս։ Մեն֊մենակ աննպատակ քայլում էին գլուխները կախ, վիշտն ու ահը սրտերում։ Թաուերի վրա թարմ մարտերի հետքեր կային։ Այո, կարևոր իրադարձություններ էին տեղի ունեցել։
Ես, իհարկե, Քամելոտ էի ուզում գնալ գնացքով։ Գնացքո՞վ․․․ Կայարանը ամայի էր, ինչպես քարանձավ։ Ճանապարհ ընկա ոտքով։ Կարծես մեռյալ ու տարտամ տափաստանով ես քայլեցի երկու օր։ Երկուշաբթին և երեքշաբթին կիրակիից ոչնչով չէին տարբերվում։ Քամելոտ հասա խոր գիշերին։ Քաղաքը, որ նախկինում արևի նման փայփլում էր էլեկտրական լույսերը վառած, այժմ թաղված էր թանձր խավարի մեջ և նույնիսկ ավելի սև էր դարձել, քան շրջապատող խավարը։ Դրա մեջ ինչ֊որ խորհրդանշական երևույթ թվաց՝ այն բանը, որ եկեղեցին հաղթել է ինձ և մարել իմ վառած քաղաքակրթության բոլոր ջահերը։ Խավար փողոցները ամայի էին։ Ծանր սրտով շարունակեցի ճանապարհս։ Ամրոցի մութ զանգվածը սևին էր տալիս բլրի կատարին։ Ոչ մի լույս պատուհաններում։ Կամուրջը իջեցված էր, դարպասները կրնկի վրա բաց էին։ Ոչ ոք ինձ ձայն չտվեց։ Ոչ մի աղմուկ, իմ քայլերի թխկոցից բացի, որ չարագուշակ արձանագրում էին վիթխարի և ամայի բակերում։
==Գլուխ XLII==
Պատերազմ
Քլարենսին մենակ գտա իր բնակարանում, մելամաղձոտ տրամադրության մեջ։ Էլեկտրական լույսի փոխարեն նրա առջև վառվում էր հնամենի ճրագը, պատուհանի վարագույրները իջեցված էին, և սենյակում կիսախավար էր տիրում։ Նա ոտքի ցատկեց և նետվեց դեպի ինձ, ասելով․
― Օ՜, ես բիլլիոն միլրեյս կվճարեի քեզ նորից ողջ տեսնելու համար։
Նա ճանաչեց ինձ անմիջապես, թեպետ ես զգեստափոխված էի։ Դա ինձ, բնականաբար, վախեցրեց։
― Ապա, շտապ պատմիր, թե ի՞նչ է տեղի ունեցել, ի՞նչ է այս ահավոր աղետի իմաստը, ― ասացի ես։ ― Եվ ինչպե՞ս է պատահել։
― Ախ, եթե Գինեվըր թագուհին չլիներ, աղետը այսքան շուտ չէր գա, անշուշտ, վերջ ի վերջո կգար, քանզի այն առհասարակ անխուսափելի էր, բայց դժբախտաբար, սկիզբը դրեց Գինեվըր թագուհին։
― Եվ սըր Լանսելո՞տը։
― Հարկավ։
― Մանրամասնություննե՞րը։
― Քեզ լավ հայտնի է, որ վերջին տարիների ընթացքում թագուհու և սըր Լանսելոտի հարաբերություններին ծուռ չէր նայում միայն մեկ մարդ․․․
― Այո, Արթուր թագավորը։
― Եվ միայն մի սիրտ ոչինչ չէր կասկածում․․․
― Այո, թագավորի սիրտը։ Այդ սիրտը ունակ չէ կասկածելու, թե բարեկամը կարող է դավաճանել իրեն։
― Եվ թագավորը, հավանաբար, մինչև կյանքի վերջը կապրեր իր երջանիկ անգիտության մեջ, եթե քո նորամուծություններից մեկը՝ բորսան չլիներ։ Երբ դու մեկնեցիր, Լոնդոնի, Քենտրբերիի և Դուվրի միջև երկաթուղային գիծը համարյա ավարտված էր, իսկ երկաթուղային արժեթղթերը հասունացել էին բորսային խաղի համար։ Կարելի էր սիրտ անել, և բոլորն էլ գիտեին այդ մասին։ Արժեթղթերը հեշտությամբ էին վաճառվում։ Քո կարծիքով, ի՞նչ արեց սըր Լանսելոտը․․․
― Ես գիտեմ, թե նա ինչ է արել․ նա հանգիստ վաճառել է իր արժեթղթերի ծրարը, իսկ երբ այդ պատճառով արժեթղթերի գները սկսել են ընկնել, նա էժան գնով առել է իր վաճառվածից երկու անգամ ավելի արժեթուղթ և սնանկացրել է բոլորին։
― Ճիշտ է։ Արժեթղթերի տերերը իրենց քթի տակ ծիծաղում էին, երբ նրան վաճառում էին տասնհինգով ու տասնվեցով, մինչդեռ դրանց գինը տասն էլ չարժեր։ Բայց ծիծաղելու առիթը տևական չեղավ։ Մի քանի օր անց նրանք Անպարտելիին հաճույքով երկու հարյուր ութսուներեք կվճարեին ամեն մի արժեթղթի համար։
― Աստվա՜ծ իմ։
― Նա մաշկեց նրանց ողջ֊ողջ, և նրանք, ազնիվ խոսք, արժանի էին դրան, համենայն դեպս ամբողջ ժողովուրդը ուրախ էր։ Բայց սնանկացածների թվում էին սըր Ագրավենը և սըր Մորդրեդը, թագավորի քեռորդիները։ Վերջ առաջին արարին։ Արար երկրորդ, պատկեր առաջին, Կարլայլ ամրոց, որտեղ արքունիքը մի քանի օրով որսի էր գնացել։ Գործող անձինք․ թագավորի քեռորոդիներ Մորդրեդն ու Ագրավենը առաջարկում են բանալ Արթուրի աչքերը Գինեվըրի և սըր Լանսելոտի հարաբերությունների վրա։ Սըր Գոուենը, սըր Գարեթը և սըր Գահերիսը հայտաարում են, որ իրենք չեն ուզում մասնակից լինել նման ստորության։ Շատ աղմկոտ վեճ է սկսվում։ Եվ այդ պահին ներս է գալիս թագավորը։ Մորդրեդն ու Ագրավենը նրա գլխին են թափում իրենց ամբողջ սոսկալի պատմությունը։ Մունջ պատկեր։ Թագավորի հրամանով սըր Լանսելոտի համար թակարդ են դնում, և սըր Լանսելոտը ընկնում է նրա մեջ։ Այդ բանը թանկ նստեց մատնիչների՝ Մորդրեդի, Ագրավենի և էլի մի տասներկու ավելի մանր ասպետների վրա, քանզի սըր Լանսելոտը սպանեց նրանց բոլորին, բացի Մորդրեդից, բայց, իհարկե, սա չէր կարող բարելավել սըր Լանսելոտի ու թագավորի հարաբերությունները և չբարելավեց։
― Օ՜, աստված իմ, այդ բոլորի արդյունքը միայն մի բան կարող էր լինել՝ պատերազմ։ Ամբողջ թագավորության ասպետները երկու խմբի բաժանվեցին՝ թագավորի կուսակիցների և Սըր Լանսելոտի կուսակիցների․․․
― Հենց այդպես էլ պատահեց։ Թագավորը թագուհուն խարույկի բարձրացրեց, որպեսզի նրան կրակով մաքրի։ Լանսելոտը իր ասպետների հետ փրկեց նրան և, փրկելիս սպանեց իմ և քո շատ հին բարեկամներին, ամենալավ բարեկամներին։ Զոհվեցին սըր Բելիաս դը Օրգուլուն, սըր Սեգվարիդեսը, սըր Գրիֆլեթ լը ֆիս դը Դյոն, սըր Բրանդայլսը, սը Էգովելը․․․
― Օհ, դու կտրատում ես իմ սրտի լարերը․․․
― Սպասիր, ես դեռ չեմ վերջացրել․․․ սըր Թորը, սըր Գոթերը, սըր Զիլիմերը․․․
― Իմ բեյզբոլի թիմի լավագույն խաղացողը։ Ի՜նչ սքանչելի հարված էր նա կատարում աջով։
― Սըր Ռեյնոլդի երեք եղբայրները՝ սըր Դամուսը, սըր Պրիամուսը, սըր Քեյ֊Օտարականը․․․
― Նույնպես սքանչելի բեյզբոլիստ։ Քանի֊քանի անգամ տեսել եմ, թե ինչպես էր գնդակը ատամներով որսում։ Օ՜, բավական է, այլևս չեմ դիմանում։
― Սըր Դրիանոթը, սըր Լամբեգուսը, սըր Հերմայնդը, սըր Պերտիլոփը, սըր Պերիմոնեսը, և․․․ ի՞նչ ես կարծում, դեռ ո՞վ։
― Շուտ ասա, տանջահար մի անի։
― Սըր Գահերիսը և սըր Գարեթը, երկուսն էլ։
― Օ՜, անհավատալի է։ Չէ՞ որ նրանք պաշտում էին Լանսելոտին։
― Դա պատահական է ստացվել։ Նրանք պարզապես հանդիսականներ են եղել․ անզեն եկել են տեսնելու, թե ինչպես պետք է պատժեն թագուհուն։ Սըր Լանսելոտը կույր կատաղության մեջ կոտորում էր ձեռքի տակ ընկածին և սպանել էր սըր Գարեթին ու սըր Գահերիսին, նույնիսկ չնկատելով, թե ովքեր են նրանք։ Ահա այդ արյունաջարդի վայրկյանական լուսանկարը․ այն վաճառվում է յուրաքանչյուր լրագրային կրպակում։ Ահա, թագուհու մոտ երևում են սուրը վեր բարձրացրած սըր Լանսելոտը և իր վերջին շունչը փչող սըր Գարեթը։ Նույնիսկ ծխի միջից կարող ես տեսնել թագուհու դեմքին դրոշմված տառապանքը։ Սա ցնցող նկար է։
― Այո, ցնցող է։ Պետք է պահպանել։ Դա պարզապես պատմական անգին վավերաթուղթ է։ Հետո՞։
― Հետո ամենաիսկական պատերազմ ծայր առավ։ Լանսելոտը նահանջեց, ամրացավ իր «Երջանկության պահապան» ամրոցում և շուրջը համախմբեց իրեն հարած բոլոր ասպետներին։ Թագավորը մեծ զորքով շարժվեց դեպի ամրոցը, և նրանք շատ օրեր ճակատամարտ մղեցին, ամբողջ շրջակայքը լցնելով դիակներով ու երկաթի բեկորներով։ Ապա եկեղեցին հաշտեցրեց Արթուրին, Լանսելոտին, թագուհուն, բոլորին, բոլորին, բացի սըր Գոուենից։ Նա ողբում էր իր սպանված եղբայրներին՝ սըր Գարեթին և սըր Գահերիսին, և ոչ մի պայմանով հաշտվել չէր ուզում։ Սըր Գոուենը զգուշացրեց Լանսելոտին, որ կռվի է գնում նրա դեմ, և թող վերջինս պատրաստվի։ Սա էլ նավարկեց մինչև իր Գիյեն հերցոգությունը և այնտեղ ամրացավ, իսկ Գոուենը մի բանակի գլուխ անցած շուտով հետևեց նրան և համոզեց Արթուրին միանալ իրեն։ Արթուրը թագավորության կառավարումը հանձնեց սըր Մորդրեդի ձեռքը մինչև քո վերադարձը․․․
― Օհո՜, ճանաչում եմ թագավորի սովորական իմաստնությունը։
― Այո՛։ Սըր Մորդրեդը անմիջապես գործի անցավ, որպեսզի թագավոր դառնա։ Նախ որոշեց ամուսնանալ Գինեվըրի հետ։ Բայց նա հաջողացրեց փախչել ու թաքնվել Լոնդոնի Թաուերում։ Մորդրեդը հարձակվեց Թաուերի վրա։ Քենտերբերիի արքեպիսկոպոսը բանադրեց նրան։ Թագավորը վերադարձավ։ Մորդրեդը կռվեց նրա դեմ Դուվրում, բանակցություններ սկսվեցին։ Պայմանները․ Մորդրեդը ստանում է Քորնուելը և Քենտը քանի դեռ Արթուրը կենդանի է, և ամբողջ թագավորությունը՝ նրա մահից հետո։
― Հը՛մ։ Հանրապետության մասին իմ երազը այդպես էլ երազ պիտի մնա։
― Այո։ Երկու բանակներն էլ կանգնած էին Սոլիսբերիի մոտերքը։ Գոուենը, ― Գոուենի գլուխը գտնվում է Դուվրի ամրոցում, որտեղ նա զոհվել է մարտում, ― Գոուենը երազում երևում է Արթուրին, այսինքն երևում է նրա ոգին, և խորհուրդ է տալիս մեկ ամսվա ընթացքում երբեք մարտի մեջ չմտնել, ինչ էլ որ արժենա այդպիսի հետաձգումը։ Բայց պատահականությունը շուտափույթ ճակատամարտի առիթ է տալիս։ Արթուրը հրամայել էր․ եթե Մորդրեդի հետ հաշտության բանակցությունների ընթացքում գեթ մեկ ասպետ սուրը հաներ պատյանից, անմիջապես փողեր փչել և նետվել թշնամու վրա, քանզի ինքը չէր վստահում Մորդրեդին։ Ճիշտ նման հրաման տվել էր Մորդրեդը իր բանակին։ Հանկարծ օձը խայթեց ասպետներից մեկի կրունկը, ասպետը մոռացավ հրամանը և դուրս քաշեց սուրը՝ օձին պատժելու համար։ Կես րոպե անց երկու թշնամի բանակները իրար վրա նետվեցին։ Նրանք մինչև կեսօր կռվեցին։ Վերջապես թագավորը․․․ Գիտե՞ս, քո մեկնումից հետո մենք լրագրի մեջ որոշ նորամուծություններ ունեինք․․․
― Իսկապե՞ս։ Եվ հենց ի՞նչ․․․
― Թղթակցություն ռազմաճակատից։
― Գերազանց գաղափար է։
― Այո, մեր լրագրի գործերը վեր էին խոյանում, որովհետև քանի դեռ պատերազմ էր գնում, բանադրանքը մեզ վրա չէր տարածվում։ Իմ զինթղթակիցները նստած էին երկու բանակներում էլ։ Ահա կարդամ, տես, թե ինչպես է իմ տղաներից մեկը նկարագրել այդ ճակատամարտի վերջը։
․․․ Այդ ժամանակ թագավորը շուրջը նայեց և տեսավ, որ իր բոլոր քաջ ասպետները զոհվել են, բացի սըր Լուկան դը Բութլերից և նրա եղբայր սըր Բեդիվերից, նրանք էլ, սակայն, ծանր վիրավոր էին։ «Տեր մեր Հիսուս, ասաց թագավորը, ո՞ւր են իմ բոլոր ազնվազարմ ասպետները։ Ավա՜ղ, ինչո՞ւ իմ աչքերը տեսան այս տխուր օրը, քանզի այժմ արդեն մոտ է իմ մահը։ Եթե միայն տերը օգներ իմանալու, թե որտեղ է այդ դավաճան Մորդրեդը, որ բոլոր այս դժբախտությունների հարուցողը եղավ»։ Եվ թագավորը տեսավ Մորդրեդին, որը սրի վրա կրթնած, կանգնած էր անշունչ մարմինների կույտի մեջ։ «Տուր ինձ իմ նիզակը, ― ասաց Արթուրը Լուկանին․ ― քանզի ես գտա ամբողջը հարուցող դավաճանին»։ «Տեր իմ, խնայիր նրան, ― ասաց սըր Լուկանը, ― քանզի նա դժբախտ է։ Հիշիր քո երազը, տեր իմ․ հիշիր թե ինչ ասաց քեզ սըր Գոունեի ոգին այս գիշեր, հիշիր, թե ինչի դեմ էր քեզ զգուշացնում բարեգութ տեր աստվածը։ Եվ աստծու սիրույն, տեր իմ, ձգիր նրան հանգիստ։ Քանզի, փառք աստծո, դու հաղթել ես, մեզնից ողջ են մնացել, իսկ սըր Մորդրեդի կողքին ոչ ոք չկա։ Եթե դու նրան հանգիստ ձգես, այս չարագույժ օրը կանցնի և հետո դու կարող ես վրեժդ լուծել»։ «Ինձ համար միևնույն է ապրել, թե մեռնել, ― ասաց Արթուրը։ ― Նա այժմ մենակ է, և այլևս երբեք ձեռքիցս չի փախչի, քանզի առավել լավ առիթ չի պատահի»։ «Թող աստված պահապան լինի քեզ», ― ասաց սըր Բեդիվերը։ Թագավորը վերցրեց իր նիզակը երկու ձեռքի մեջ ու խոյացավ սըր Մորդրեդի վրա, ճչալով․ «Դավաճան, մահվանդ պահն է եկել»։ Եվ երբ սըր Մորդրեդը լսեց Արթուրին, նա ընդառաջ վազեց մերկացրած սուրը ձեռքին։ Եվ Արթուր թագավորը խոցեց սըր Մորդրեդին զրահից անմիջապես ներքև ու նիզակի սայրը դուրս եկավ մյուս կողմից։ Սըր Մորդրեդը, տեսնելով որ վերքը մահացու է, այլևս ինքը ամբողջ զորությամբ առաջ նետվեց՝ մարմնի մեջ ընդունելով նիզակը մինչև կոթը։ Ապա սուրը երկու ձեռքով իջեցրեց Արթուրի գլխին այնպիսի ուժով, որ ճեղքեց սաղավարտը և գանգը։ Դրանից հետո սըր Մորդրեդը անշնչացած գետին փռվեց։ Եվ ազնվազարմ Արթուրն էլ ուշաթափ ընկավ և երկար ժամանակ չէին կարողանում նրան գիտակցության բերել․․․
― Ռազմական թղթակցության հիանալի նմուշ է, Քլարենս։ Դու առաջին կարգի լրագրող ես դարձել։ Էհ, իսկ թագավո՞րը, լա՞վ է այժմ։ Ապաքինվե՞ց։
― Ավա՜ղ ոչ։ Նա մեռավ։
Ես ապշեցի։ Ինձ միշտ թվում էր, թե այդ մարդուն հնարավոր չէ սպանել։
― Իսկ թագուհի՞ն, Քլարենս։
― Նա միանձնուհի է Օլմսբերիում։
― Ի՜նչ փոփոխություններ, և այսքան կարճ միջոցում։ Պարզապես անըմբռնելի է։ Ի՞նչ պետք է անենք։
― Ես կասեմ, թե ինչ պետք է անենք։
― Է՞։
― Մեր կյանքը վտանգելու գնով, կանգուն մնալ։
― Այսի՞նքն։
― Այժմ իշխանությունը եկեղեցու ձեռքում է։ Քեզ բանադրել են Մորդրեդի հետ մեկտեղ։ Այդ բանադրանքը չեն հանի․ քանի դեռ դու կենդանի ես։ Միաբանությունները արդեն հավաքվում են։ Եկեղեցին համախմբել է կենդանի մնացած բոլոր ասպետներին և, հենց որ իմանան, որ դու վերադարձել ես, մենք բավականին հոգսեր կունենանք։
― Չի կարող պատահել։ Մեր ռազմական մահաբեր նյութով, մեր մարզված բանակով․․․
― Սպասիր, շունչդ խնայիր։ Մենք ընդամենը մի վաթսուն մարդ ունենք, որոնց կարելի է վստահել։
― Ի՞նչ։ Իսկ մեր դպրոցնե՞րը, մեր քոլեջնե՞րը, մեր արհեստանոցնե՞րը, մեր․․․
― Երբ ասպետները գան, թվարկածդ հաստատությունները անմիջապես կպարպվեն ու կմիանան թշնամուն։ Մի՞թե դու կարծում ես, որ քեզ հաջողվել է այդ մարդկանց ազատել նախապաշարումներից։
― Ճիշտն ասած, այդպես եմ կարծել։
― Ուրեմն, մի կարծիր այսուհետև։ Նրանք հնազանդ էին քեզ մինչև բանադրանքը։ Բանադրանքից հետո դիմադարձ են արել։ Սրտերը վախից ճաքել են։ Հասկացիր։ Երբ թշնամու բանակները հայտնվեն, բոլորը կլքեն քեզ։
― Այո, ծանր լուրեր են։ Մենք կորած ենք։ Նրանք մեր դեմ կդարձնեն այն ամենը, ինչ նրանց ուսուցանել էինք։
― Ոչ, այդ չի հաջողվի։
― Ինչո՞ւ։
― Որովհետև ես հավատարիմ մարդկանց միջոցով արդեն անհրաժեշտ նախազգուշական միջոցներ եմ ձեռնարկել։ Հետո կպատմեմ քեզ այդ մասին։ Դու խորամանկ ես, բայց եկեղեցին առավել խորամանկ է։ Հենց եկեղեցին էր քեզ նավարկության ճամփողը․․․ բժիշկների միջոցով, որոնք նրան էին ծախված։
― Քլարե՜նս։
― Ես ճշմարտությունն եմ ասում։ Հաստատ գիտեմ։ Քո նավի յուրաքանչյուր սպան ու յուրաքանչյուր նավաստին կաշառված էր եկեղեցու կողմից։
― Դե լա՜վ։
― Մի՛ վիճիր։ Ես էլ այդ ամենը անմիջապես չիմացա, բայց իմացա ստուգապես։ Դու հրամայե՞լ էիր քո նավապետին ինձ բանավոր հաղորդել․ երբ ինքը ուտեստի պաշարով ետ վերադառնա, դու կմեկնես Կադիքսից․․․
― Կադիքսի՞ց։ Երբեք Կադիքսում չեմ եղել։
― ․․․ Կմեկնես Կադիքսից և հեռավոր ծովում նավարկելու կգնաս ընտանիքիդ առողջական վիճակը բարելավելու համար։ Դու հանձնարարե՞լ էիր, որպեսզի այդ բառերը ինձ հաղորդեին։
― Իհարկե ոչ։ Չէ՞ որ ես կարող էի գրել։
― Անշուշտ։ Ես էլ անհանգստացա և սկսեցի կասկածել։ Երբ նավապետը մեկնում էր, նրա նավով լրտես ուղարկեցի։ Այնուհետև ոչինչ չեմ լսել ո՛չ նավի, ո՛չ էլ լրտեսի մասին։ Որոշեցի երկու շաբաթ քեզնից լուրերի սպասել և ապա քո ետևից նավ ուղարկել Կադիքս։ Բայց անելու հնարավորությունը չունեցա։
― Մեր նավատորմիղը հանկարծակի և խորհրդավոր կերպով անհայտացավ։ Նույնքան հանկարծակի և խորհրդավոր կերպով դադարեցին աշխատելուց երկաթուղիները, հեռագիրն ու հեռախոսը, ծառայողները գործալքվեցին, սյուները կտրատվեցին, եկեղեցին արգելք դրեց էլեկտրական լուսավորության վրա։ Ես ստիպված էի ինչ֊որ բան ձեռնարկել և այն էլ անհապաղ։ Քո կյանքի համար չէի անհանգստանում, ամբողջ թագավորության մեջ ոչ ոք, Մերլինից բացի, սիրտ չէր անի ձեռք տալ այնպիսի կախարդին, ինչպիսին դու ես, առանց իր թիկունքում տասհազարանոց բանակ ունենալու։ Ուրեմն, ինձ անհրաժեշտ էր պատրաստվել քո գալստյանը։ Իմ կյանքի համար էլ չէի վախենում, որովհետև ոչ ոք չէր համարձակվի ձեռք տալ քո սիրեցյալին։ Եվ ահա, թե ինչ եմ արել։ Մեր զանազան արհեստանոցներից ես մարդիկ ընտրեցի, ավելի ճիշտ տղաների, որոնց հավատարմությանը ամեն տեսակ իրադրության մեջ ես կարող էի վստահել․ ծածուկ հավաքեցի նրանց և հրահանգներ տվեցի։ Նրանց թիվը հիսուներկուս է, և ոչ մեկը տասնչորս տարեկանից ցածր չէ ու տասնութից տարեց չէ։
― Իսկ ինչո՞ւ միայն տղաներ ընտրեցիր։
― Որովհետև մնացած բոլորը ծնվել են ու մեծացել նախապաշարմունքների մթնոլորտում, որոնք ներծծվել են նրանց արյան ու ոսկորների մեջ։ Մենք կարծում էինք, թե դաստիարակել էինք նրանց, ազատել նախապաշարմունքներից, նրանք իրենք էլ էին այդպես կարծում, բայց բանադրանքը արթնացրեց նրանց, ինչպես ամպրոպի որոտը։ Նրանք հասկացան իրենց, և ես էլ հասկացա նրանց։ Բայց տղաների հարցը տարբեր է։ Այնպիսիները, որոնք յոթ֊տասը տարի մեր ձեռքի տակ են մեծացել, անծանոթ են մնացել եկեղեցու առջև ահ ու դողի զգացումին, հենց այդպիսիների թվից ես ընտրեցի իմ հիսուներկուսին։ Ապա ծածուկ այցելեցի Մերլինի հին քարանձավը․․․ ոչ փոքրը, այլ մեծը․․․
― Այն մե՞կը, որտեղ մենք մեր առաջին էլեկտրական մեքենան էինք դրել, երբ ես հրաշք էի մտահղացել, այո՞։
― Հենց նույնը։ Եվ քանի որ այն ժամանակ հրաշքի կարիքը չունեցանք, մենք այժմ այդ մեքենան կարող ենք այլ նպատակների համար օգտագործել։ Քարանձավը ես լցրել եմ ուտեստներով՝ հնարավոր պաշարման պարագայի համար։
― Հիանալի գաղափար է, առաջնակարգ գաղափար։
― Ինքս էլ այդ կարծիքին եմ։ Ես հանձնարարեցի իմ չորս տղաներին պահակություն անել այնտեղ, իհարկե, ներսից, որպեսզի դրսից ոչինչ չերևա։ Նրանց հրամայված է ոչ ոքի ձեռք չտալ, բայց եթե որևէ մեկը ցանկանա քարանձավ մտնել, էհ, թող միայն փորձի։ Ապա ես լեռները գնացի, քանդեցի և կտրատեցի այն հաղորդալարերը, որոնք քո ննջարանը միացնում էին մեր ֆաբրիկաների, գործարանների, պահեստների և արհեստանոցների տակ տեղադրված դինամիտային ականներից ելնող հաղորդալարերի հետ, իսկ գիշերը, իմ տղաների օգնությամբ վերջիններս միացրի քարանձավին, և այժմ քեզնից ու ինձնից բացի ոչ ոք չգիտի, թե ուր են դրանք տանում և որտեղից են գալիս։ Բոլոր հաղորդալարերը, իհարկե, գետնի տակով են քաշված և մենք աշխատանքը ավարտեցինք մի քանի ժամում։ Այժմ, մեր ամրոցից դուրս չգալով, մենք մի քանի վայրկյանում կարող ենք պայթեցնել մեր ամբողջ քաղաքակրթությունը։
― Դա ճիշտ քայլ է, բնական քայլ։ Ո՞վ գիտի, ինչեր չի պահանջվի մեզնից ռազմական իրադությունը։ Օ՜, ինչպես ամեն ինչ փոխվեց։ Մենք սպասում էինք, թե ժամանակ կգա, որ ստիպված կլինենք պաշարված մնալ պալատում, իսկ այժմ․․․ Ինչևէ, շարունակիր։
― Այնուհետև մենք լարափակոց սարքեցինք։
― Լարափակո՞ց։
― Այո։ Դու ինքդ էիր դա ակնարկել, մեկ թե երկու տարի առաջ։
― Օ՜, մտաբերում եմ, ― այն ժամանակ, երբ եկեղեցին առաջին անգամ ուժը փորձեց մեր դեմ, բայց ավելի խոհեմ գտավ սպասելու նպաստավոր եղանակի։ Է, ինչպե՞ս ես ուրեմն սարքել այդ լարափակոցը։
― Վերցրի տասներկու մերկ, չմեկուսացված ամուր լարեր, միացրի քարանձավում տեղադրված դինամոյին․ դինամոն ունի երկու բևեռ՝ դրական և բացասական։
― Ճիշտ է։
― Այդ լարերը դուրս բերեցի քարանձավից և, հարյուր յարդ տրամագծով մի տափակ հողակտորի շուրջ համարյա գետնի մակերևույթին հավասար լարափակոց քաշեցի։ Այդ լարափակոցը ըստ էության բաղկացած է իրարից տասական յարդ հեռու գտնվող մեկը մյուսի մեջ շրջանակաձև տեղադրված տասներկու լարափակոցներից, և բոլորի ծայրերը գնում են դեպի քարանձավ։
― Ճիշտ է։ Շարունակիր։
― Լարափակոցները ամրացված են գետնի մեջ հինգ ոտնաչափ խրված կաղնի սյուներին, որոնք իրարից հեռու են ընդամենը մի երեք ոտնաչափ։
― Լավ է և ամուր։
― Այո։ Հաղորդալարերը հողի հետ միացում չունեն քարանձավից դուրս։ Նրանք ելնում են դինամոյի դրական բևեռից, հողի հետ միանում են բացասական բևեռի շնորհիվ, հաղորդալարերը քարանձավ են վերադառնում, և նրանցից յուրաքանչյուրը այնտեղ հողի հետ միացված է առանձին֊առանձին։
― Ոչ, ոչ, այդպես բանի նման չէ։
― Ինչո՞ւ։
― Էներգիայի շատ մեծ ծախս է լինում, էներգիան իզուր է կորչում։ Ամբողջ սիստեմը պետք է հողի հետ մի միացում ունենա, բացասական բևեռի միջոցով։ Լարերի ծայրերը պետք է ետ տանել ու քարանձավի մեջ առանձին֊առանձին ամրացնել առանց հողին միացնելու։ Տես, թե ինչ տնտեսում է լինում։ Հեծելազորը գրոհում է մեր լարափակոցը․ դու էներգիա չես վատնում, փող չես ծախսում, որովհետև միայն հողի հետ մեկ միացում ունես մինչև այն պահը, երբ ձիերը չեն դիպչում լարերին։ Բայց հենց որ դիպչեն, հողի միջոցով բացասական բևեռի հետ միացում կստացվի և ձիերը ոչնչացած կընկնեն։ Էներգիան ծախսվում է միայն ակնթարթին, երբ անհրաժեշտ է․ քո կայծակը ձեռքիդ տակ է գտնվում և պատրաստ է գործելու, ինչպես լիցքավորված հրացանը, բայց նա ոչ մի ցենտի ծախս չի նստում, քանի դեռ դու այն բաց չես թողել։ Անհրաժեշտ է միայն մեկ միացում հողի հետ․․․
― Իհարկե։ Չգիտեմ, թե ինչպես եմ աչքաթող արել։ Դա ոչ միայն էժան է, այլև ավելի գործուն, քանի որ եթե նույնիսկ լարերը կտրվեն կամ խճճվեն, վնաս չի լինի։
― Մանավանդ, եթե քարանձավում փչացած լարերի ավտոմատիկ անջատիչ լինի։ Շարունակիր։ Իսկ հրետանի՞ն։
― Հրետանի էլ կա։ Ներքին շրջագծի կենտրոնում վեց ոտնաչափ բարձրության բավականին ընդարձակ հարթակի վրա ես տեղադրել եմ տասներեք հրանոթից բաղկացած մի մարտկոց, արկերի մեծ պաշարով։
― Լավ։ Մարտկոցը հրամայող դիրք ունի շրջակայքի նկատմամբ, և երբ եկեղեցու ասպետները հայտնվեն, նրանք երաժշտության կհանդիպեն։ Իսկ քարանձավի վրա կախված ժա՞յռը։
― Այնտեղ էլ լարափակոց է սարքված և հրանոթներ են դրված։ Հանգիստ եղիր, նրանք մեզ վրա քարեր նետելու առիթ չեն ունենա։
― Իսկ ապակյա գլխիկներով դինամիտային արկե՞րը։
― Արկերն էլ տեղում են։ Ես այնտեղ մի սքանչելի պարտեզ եմ տնկել։ Իմ պարտեզը տարածվում է լարափակոցի շուրջը հարյուր ոտնաչափ լայնությամբ։ Արկերը գետնին են դրված և ծածկված են ավազի շերտով։ Արտաքինից այդ պարտեզը բոլորովին անմեղ բան է թվում, բայց թող որևէ մեկը սիրտ անի ներս մտնելու ու դու կտեսնես, թե ինչ կլինի։
― Իսկ արկերը դու փորձարկե՞լ ես։
― Ուզում էի փորձարկել, բայց․․․
― Բայց ի՞նչ։ Դա վիթխարի զանցառություն է, չաշխատել․․․
― Փորձարկե՞լ։ Գիտեմ, ամեն ինչ կարգին է։ Փորձի համար ես մի քանի հատ դրել էի մեծ ճանապարհի վրա և դրանք փորձարկվեցին։
― Ա՜, դա ուրիշ բան է։ Իսկ ո՞վ փորձարկեց։
― Եկեղեցու հանձնաժողովը։
― Անչափ բարի է գտնվել։
― Այո։ Նա եկել էր պահանջելու, որ մենք հնազանդվենք։ Բայց հասկանո՞ւմ ես, այդ հանձնաժողովը բնավ էլ մտադիր չէր փորձարկել ականները։ Դա պատահական ստացվեց․․․
― Հանձնաժողովը զեկուցե՞լ է փորձարկման արդյունքների մասին։
― Անշուշտ։ Զեկուցումը լսելի էր ամբողջ մղոն հեռավորությունից։
― Միաձա՞յն զեկուցում էր, առարկություններ կայի՞ն։
― Ընդունվել էր բոլոր ձայներով։ Ճանապարհի վրա ես որոշ նմուշներ դրեցի գալիք հանձնաժողովներին զգուշացնելու համար, բայց մեզ այլևս չանհանգստացրին։
― Քլարենս, դու մի աշխարհի չափ գործ ես արել և արել ես գերազանց։
― Էհ, ինչ կա որ։ Ժամանակ շատ ունեի։ Շտապելու էլ հարկ չկար։ Մենք լուռ նստած մտածում էինք։ Ես ասացի․
― Այո, ամեն ինչ պատրաստ է։ Ամեն ինչ նախատեսված է, ոչ մի մանրուք աչքաթող չի արված։ Այժմ ես գիտեմ, թե ինչ պետք է անել։
― Ես էլ գիտեմ՝ նստել և սպասել։
― Ոչ, սըր։ Վեր կենալ ու հարված հասցնել։
― Դու այդպե՞ս ես կարծում։
― Հենց այդպես։ Ես կողմնակից չեմ պաշտպանության, ես կողմնակից եմ հարձակման։ Գոնե այն պարագայում, երբ ուժերը համարյա հավասար են։ Օ՜, այո, մենք հարված կհասցնենք։ Այդ են պահանջում մեր խաղի կանոնները։
― Մեկի դիմաց հարյուր կդնեմ, որ դու իրավացի ես։ Ե՞րբ ենք սկսում ներկայացումը։
― <b>Հենց այժմ։</b> Մենք հանրապետություն կհռչակենք։
― Այ թե կարագացնենք իրերի ընթացքը։
― Այն էլ ինչպիսի տեմպերով։ Վաղը առավոտյան արդեն ամբողջ Անգլիան կբզզա, ինչպես իշամեղվի բույնը, եթե, իհարկե, եկեղեցին չլռի, բայց նա չի լռի։ Գրիչ վերցրու, ես կթելադրեմ։
::::::Ազդարարություն
Թող գիտցած լինեն բոլորը։ Քանի որ թագավորը մեռել է ժառանգ չթողնելով, պարտքս հրամայում է ինձ շարունակել վարել ինձ վստահված իշխանության ղեկը, մինչև որ նոր կառավարություն ստեղծվի։ Միապետությունը դադարել է գոյություն ունենալուց։ Հետևաբար, ամբողջ քաղաքական իշխանությունը վերադառնում է իր ակունքներին, հասարակ ժողովրդին։ Միապետության հետ միասին, վերացել են բոլոր նրան հատուկ հաստատությունները՝ չկան այլևս ո՛չ ազնվականություն, ո՛չ արտոնյալ դասակարգեր, ո՛չ էլ պետական եկեղեցի։ Հետ այսու բոլոր կրոնները հավասար են։ Սույնով հանրապետություն է հռչակվում որպես ազգի բնականոն գոյավիճակ, երբ գոյություն ունենալուց դադարել են իշխանության բոլոր մյուս տեսակները։ Բրիտանական ժողովրդի պարտքն է անհապաղ համախմբվել, քվեարկությամբ ընտրել իր ներկայացուցիչներին և հանձնարարել նրանց կառավարության կազմը։
Ես ստորագրեցի՝ «Տնօրեն», ամսաթիվ դրեցի և տեղն էլ հայտնի արեցի, նշելով՝ «Մերլինի քարանձավ»։
Քլարենսն ասաց․
― Այդ նշանակում է նրանց իմաց տալ, թե որտեղ ենք գտնվում․ իբր եկեք և գերեվարեք մեզ։
― Այդպես է պետք։ Սույն ազդարարությամբ մենք հարված ենք հասցնում․ այժմ հերթը նրանցն է։ Հոգ տար, որպեսզի տպագրվի և ցրվի։ Եվ ապա, եթե դու երկու հեծանիվ ճարես, մենք կգնանք Մերլինի քարանձավը։
― Տաս րոպեից ամեն ինչ պատրաստ կլինի։ Ի՜նչ փոթորիկ կբարձրանա վաղը, երբ այս թղթի կտորը սկսի աշխատել։ Բայց ինչ էլ որ ասեն, մեր տունը փառավոր է, արդյոք երբևէ նորից կտեսնե՞նք այն։ Է՛հ, ոչինչ։
==Գլուխ XLIII==
Ավազագոտու ճակատամարտը
Մերլինի քարանձավում ենք՝ ես, Քլարենսը և հիսուներկու ջահել, առողջ, առույգ, լավ կրթված, խելացի բրիտանացի տղաներ։ Առավոտյան դեմ ես հրաման ուղարկեցի մեր բոլոր գործարաններին և արհեստանոցներին, որպեսզի դադարեցնեն աշխատանքը և մարդկանց փոխադրեն ապահով վայրեր, քանի որ ամեն ինչ պետք է հօդս ցնդի գաղտնի ականի պայթեցումով։ «Եվ կանխապես պիտի չհայտնվի պայթեցման պահը, ուստի հեռանալ անհապաղ»։ Այդ մարդիկ ճանաչում էին ինձ և սովոր էին վստահել իմ խոսքերին։ Նրանք կփախչեին նույնիսկ առանց մազերը սանրելու, և ես կարող էի պայթեցման համար ընտրել ինձ հարմար որևէ պահ։ Վստահ եղեք, որ նրանց հարյուր տարվա ընթացքում էլ ոչ ոք չի կարողանա ստիպել ետ վերադառնալ, քանի դեռ պայթեցումը ի կատար չի ածված։
Մի ամբողջ շաբաթ սպասեցինք։ Դա ինձ համար ձանձրացուցիչ չէր, որովհետև ես ամբողջ ժամանակ գրում էի։ Առաջին երեք օրերի ընթացքում հին օրագրիս պատմողական ձև տվեցի․ այժմ ինձ մնում էր ևս մեկ֊երկու գլուխ, որպեսզի պատմությունս հասցնեի ներկա դեպքերին։ Շաբաթվա վերջին օրերը օգտագործեցի կնոջս նամակներ գրելով։ Սովորություն ունեի բաժանումի ժամանակ Սենդիին նամակ գրել ամեն օր։ Այդ սովորությունը պահպանեցի նաև այժմ՝ և սովորության, և՛ կնոջս նկատմամբ պարզ սիրուց դրդված, թեպետ նամակները նրան առաքելու ոչ մի հնարավորություն չունեի։ Բայց, հասկանո՞ւմ եք, նամակ գրելը զբաղեցնում էր ամբողջ ժամանակը, և ես կարծես զրուցում էի նրա հետ, ասում նրան․ «Սենդի, եթե դու և Հելլո֊Կենտրոնը այստեղ, քարանձավում լինեիք ձեր լուսանկարների փոխարեն, ի՜նչ հիանալի ժամանակ կանցկացնեինք մենք միասին»։ Ես պատկերացնում էի, թե ինչպես է դստրիկս ծլվլում, բռունցքները փոքրիկ բերանը տանելով, մոր ծնկներին մեջքի վրա պառկած, իսկ մայրն էլ ծիծաղում է, մատով խտտացնում ծնոտը, որպեսզի նա էլ ծիծաղի, ու շարունակ ինձ հետ բառեր է փոխանակում և այլն, և այլն․ ես կարող էի ժամերով նստել քարանձավում գրիչս ձեռքիս և երազել արթմնի։ Ինձ թվում էր, թե մենք նորից իրար հետ ենք։
Գիշերները բնականաբար, ես լրտեսներ էի ուղարկում, որպեսզի ամեն ինչի տեղյակ լինեի։ Եվ ամեն անգամ նրանց հաղորդումները ավելի ու ավելի տագնապալի էին լինում։ Բանակները հավաքվում էին ու հավաքվում։ Անգլիայի բոլոր ճանապարհներով ու կածաններով ասպետներ էին գալիս, նրանց ուղեկցում էին տերտերները, այդ յուրօրինակ խաչակիրներին սրբազան պատերազմի ոգեշնչելով։ Եկեղեցու պաշտպանության համար ոտքի էր ելել ամբողջ խոշոր և մանր ազնվականությունը։ Ամեն ինչ ընթանում էր այնպես, ինչպես ակնկալում էինք։ Ոչինչ, մենք արմատահան կանենք այդ ամբողջ մոլախոտը, այն ժամանակ ժողովրդին արդեն ոչինչ չի մնա, երբ նա հանդես գա հանրապետությունը պաշտպանելու և․․․
Ա՜խ, ինչ ավանակն եմ եղել ես։ Շաբաթվա վերջին սկսեց գլուխս մտնել, որ ժողովրդական զանգվածները միայն մեկ օր են գլխարկները օդ շպրտել ի պատիվ հանրապետության։ Հենց որ եկեղեցին ու ավագանին նոթերը կիտել են, նրանք բոլորը անմիջապես ոչխար են կտրել։ Եվ տեղն ու տեղը ոչխարները սկսել են հոտեր կազմել, այսինքն ռազմական ճամբարների մեջ հավաքվել, ու իրենց էժան կյանքը ու թանկարժեք բուրդը առաջարկել «արդար գործի» համար պայքարի նպատակին։ Նույնիսկ նրանք, ովքեր դեռ ոչ շատ առաջ ստրուկներ են եղել, նույնպես պաշտպանում էին «արդար գործը, փառաբանում, աղոթում նրա հաջողության համար, նրա մասին խոսում էին խանդաղատանքով, ինչպես մնացած բոլոր հասարակ մարդիկ։ Ի՜նչ ապուշություն։ Հո մարդիկ չեն, կատարյալ գոմա՜ղբ։
Այո, այժմ ամենուրեք միայն լսվում էր «Մա՛հ հանրապետությանը», և ոչ մի ձայն՝ թեր։ Ամբողջ Անգլիան մեր դեմ էր արշավում։ Ճիշտն ասած, ես այդ չէի սպասում։
Ես ուշադիր դիտում էի իմ հիսուներկու տղաներին, դիտում էի նրանց դեմքերը, նրանց քայլվածքը, նրանց անգիտակից շարժումները, քանի որ այդ ամբողջը լեզու էր, լեզու, որ տրված է մատնելու համար մեր գաղտնիքները, երևան հանելու համար այն, ինչ մենք ջանում ենք թաքցնել։ Ես գիտեի, որ նրանցից յուրաքանչյուրի գլուխը շաղափում է այն միտքը, թե <b>«Ամբողջ Անգլիան մեր դեմ է արշավում»,</b> և անընդհատ ու անընդհատ իրեն գամում նրանց ուշադրությունը, ավելի վառ է հառնում երևակայության առջև, և նույնիսկ քնի մեջ նրանք չեն կարողանում օձիք թոթափել․ <b>«Ամբողջ Անգլիան, ամբողջ Անգլիան ձեր դեմ է արշավում»</b> ճչացող ձայնից։ Ես գիտեի, թե ինչ վախճան կունենա այդ ամենը, գիտեի, որ վերջ ի վերջո լարումը անտանելի կդառնա ու դուրս կժայթքի, և պատրաստվում էի անհրաժեշտ պահին պատասխան տալու՝ լավ մտածված ու հանգստացուցիչ պատասխան։
Ես չսխալվեցի։ Պահը վրա հասավ։ Նրանք խոսեցին։ Խե՜ղճ երեխաներ, սիրտս ճմլվում էր նրանց տեսքից՝ գունատ, տանջահար, տագնապոտ։ Սկզբում նրանց խոսնակը բառ չէր գտնում, ձայնը կորցրել էր, ապա վերջապես երկուսն էլ գտավ։ Ահա թե ինչ ասաց նա, ժամանակակից լավ անգլերենով, որը նրան ուսուցանել էին դպրոցում։
― Մենք աշխատում էինք մոռանալ, որ անգլիացի տղաներ ենք։ Մենք աշխատում էինք բանականությունը վեր դասել զգացմունքից, պարտքը սիրուց, մեր բանականությունը ենթարկվեց մեզ, բայց սրտերը հրաժարվեցին ենթարկվել։ Քանի դեռ մեր դեմ կանգնած էր ազնվականությունը, միայն ավագանին, միայն վերջին պատերազմներից հետո կենդանի մնացած քսանհինգ֊երեսուն հազար ասպետները, մենք համախորհուրդ էինք և ոչ մի բան մեզ չէր անհանգստացնում։ Ձեր առջև կանգնած այս հիսուներկու տղաներից յուրաքանչյուրն ասում էր․ «Նրանք իրենք էին այդ ուզում, ուրեմն և թող ստանան»։ Բայց պարագաները փոխվեցին․ <b>ամբողջ Անգլիան է մեր դեմ արշավում։</b> Օ՜, սըր, մտածեցեք, խորհեցեք, այդ ժողովուրդը մեր ժողովուրդն է, մեր միս և արյունն է, մենք սիրում ենք նրան, մի պահանջեք, որ մենք մեր ժողովրդի դեմ ելնենք։
Այ տեսնո՞ւմ եք, թե ինչ է նշանակում կանխագուշակել դեպքերի ընթացքը և ժամանակին նախապատրաստվել դիմագրավելու դրանց։ Եթե նախապատրաստված չլինեի, այդ մանչուկը ինձ հանկարծակիի կբերեր, և ես ոչ մի առարկություն ունենալ չէի կարող։ Բայց ես նախապատրաստվել էի և ասացի․
― Զավակներս, ձեր սրտերը ձեզ չեն խաբել։ Դուք արժանավոր կերպով եք մտածել և արժանավոր կերպով եք վարվել։ Դուք անգլիացի տղաներ եք և կմնաք անգլիացի տղաներ ու ձեր անունը անբիծ կպահեք։ Այժմ մի տանջեք ձեզ կասկածներով, հանգստացեք այլևս։ Ահա, մտածեցեք․ <b>թեպետ ամբողջ Անգլիան է արշավում մեր դեմ,</b> բայց ո՞վ է առջևից ընթանում։ Պատերազմի սովորական կանոնների համաձայն ո՞վ է առաջին շարքերում լինում։ Պատասխանեցեք։
― Զրահակիր ասպետների հեծյալ ջոկատները։
― Ճիշտ է։ Նրանց թիվը երեսուն հազար է։ Նրանք անընդգրկելի տարածություն կծածկեն։ Հասկացեք․ նրանցից բացի ոչ ոք Ավազագոտի չի թափանցի։ Հենց միայն նրանց հետ էլ մենք մեր հաշիվը կփակենք։ Իսկ վերջապահում ընթացող քաղաքացիների զանգվածները վայրկյանաբար կցրվեն, ամեն մեկը որևէ անհետաձգելի գործ կգտնի։ Միայն ազնվականներն ու ավագանին են ասպետներ, և միայն <b>նրանք</b> կպարեն մեր <b>երաժշտության տակ։</b> Բացարձակ ճշմարտություն է, որ մենք կռվելու ենք միայն այդ երեսուն հազարի դեմ։ Այժմ խոսեցեք և մենք կանենք այնպես, ինչպես դուք կվճռեք։ Պե՞տք է արյդոք խուսափենք մարտից, նահանջենք ճակատամարտի դաշտից։
― <b>Ոչ։</b>
Բացականչությունը միահամուռ էր և սրտանց։
― Եվ կամ դուք վախենո՞ւմ եք այդ երեսուն հազար ասպետներից։
Այս կատակը մի լավ քրքիջի առիթ տվեց, տղաների տագնապը չքվեց և նրանք զվարթ վերադարձան իրենց տեղերը։ Փառավոր տղաներ էին։ Եվ սիրունատես, ինչպես աղջիկներ։
Այժմ ես պատրաստ էի թշնամուն հանդիպելու։ Թող այդ մեծ օրը գա, մեզ հանկարծակիի չի բերի։
Մեծ օրը եկավ վերջապես։ Առավոտյան դրսում կանգնած ժամապահը քարանձավ մտավ և զեկուցեց, որ հորիզոնի վրա մի սև զանգված է շարժվում և նույն կողմից թույլ ձայներ են լսվում, նրա կարծիքով, դրանք ռազմական երաժշտության ձայներ էին։ Նախաճաշը պատրաստ էր, մենք նստեցինք և կերանք։
Նախաճաշից հետո ես տղաներին դիմեցի փոքրիկ ճառով և հրետանային հաշվարկը Քլարենսի գլխավորությամբ դեպի մարտկոց ճամփեցի։
Արևը ծագեց, վառ լուսավորեց շուրջ բոլորը, և մենք մի ահռելի զորք տեսանք, որը մոտենում էր դանդաղ, բայց համառ, ինչպես ծովի ալիքը։ Որքան մոտենում էր, այնքան ահեղ էր թվում։ Այո, գալիս էր ամբողջ Անգլիան։ Շուտով արդեն մենք տարբերում էինք անթիվ ու անհաշիվ ծածանվող դրոշները։ Զրահների մի ամբողջ ծով կուրացուցիչ շողարձակում էր արևի ճառագայթների տակ։ Դա գեղեցիկ տեսարան էր։ Առավել գեղեցիկ պատկեր կյանքումս չէի տեսել։
Վերջապես սկսեցին երևալ նաև մանրամասնությունները։ Բոլոր առաջին շարքերը շատ ու շատ խորությամբ բաղկացած էին հեծյալներից, փետրազարդ զրահներ կրող ասպետներից։ Հանկարծ փողեր հնչեցին․ հեծյալները սուրացին քառատրոփ, օ՜, ինչ տեսարան էր։ Ես շունչս պահեցի․ մո՛տ, ավելի մոտ․․․ Դեղին ավազագոտուց այն կողմ կանաչ խոտի շերտը նեղանում էր, ավելի նեղանում, առավել․․․ ահա մի բոլորովին բարակ ժապավեն դարձավ ձիերի առջև․․․ և անհայտացավ նրանց սմբակների տակ։ Օ՜, տեր իմ երկնավոր։ Բոլոր առաջին շարքերը ամպրոպանման որոտով հօդս ցնդեցին, բեկորների ցնորապտույտ փոթորիկ դարձան․ գետինը ծխով պատեց ու մեր հայացքներից թաքցրեց այն, ինչ մնացել էր մեծ բանակից։
Ահա և ժամանակն էր իմ ռազմական ծրագրի երկրորդ քայլը անելու։ Ես սեղմեցի կոճակը, և ամբողջ Անգլիան ոսկրահան եղավ։
Այդ պայթյունի հետ մեր ամբողջ ազնվածին քաղաքակրթությունը հօդս ցնդեց և վերացավ աշխարհիս վրայից։ Ափսոս էր, իհարկե, բայց անհրաժեշտ։ Հո չէինք կարող թույլ տալ, որ թշնամին մեր դեմ դարձներ մեր իսկ զենքը։
Այնուհետև կյանքիս ամենաձանձրալի սպասումների քառորդ ժամ անցավ։ Մենք սպասում էինք լռության մեջ, լարափակոցներով շրջապատված, թանձր ծխի գոտիով պարուրված։ Այդ ծխի միջով ոչինչ տեսնել հնարավոր չէր։ Հեզհետե ծուխը սկսեց ծուլորեն փարատվել․ ևս մի քառորդ ժամ անցավ, գետինը մաքրվեց և մեզ հաջողվեց հագուրդ տալ մեր հետաքրքրասիրությանը։ Շուրջ բոլորը ոչ մի շնչավոր արարած չէր երևում։ Պարզվեց, որ այժմ, պայթյունից հետո, մենք առաջվանից ավելի լավ էինք պաշտպանված։ Դինամիտը մեր շուրջը հարյուր ոտնաչափ լայնության մի խանդակ էր փորել, և այդ խանդակից դուրս նետված հողը երկու կողմերից քսանհինգ ոտնաչափ բարձրության պատնեշներ էր ստեղծել։ Իսկ սպանվածների թիվը պարզապես անհամար էր։ Նրանց հաշվել հնարավոր չէր գոնե այն պատճառով, որ նրանք ամբողջական դիակների ձևով գոյություն չունեին, այլ վեր էին ածվել երկաթի և կոճակների հետ խառնված համածին նախանյութի։
Ոչ մի կենդանի էակ չէր երևում, բայց ետևի շարքերում, ըստ երևույթին, վիրավորներ են եղել, որոնց դուրս են տարել մարտադաշտից ծխածածկույթի քաղի տակ։ Ողջ մնացածների մեջ, անկասկած, համաճարակներ կլինեն, միշտ այդպես է պատահում նման դեպքերից հետո։ Բայց այլևս համալրում ստանալու հույս չեն կարող ունենալ․ դա անգլիական ասպետության վերջին դրամագլուխն էր․ դա այն ամենն էր, ինչ մնացել էր նախորդ պատերազմներից հետո։ Ես ինձ լրիվ ապահով էի զգում, վստահ, որ եթե նույնսիկ թշնամու մոտ որոշ ուժեր են մնացել, ապա բոլորովին էլ աննշան․ համենայն դեպս՝ ասպետներ այլևս չեն մնացել։ Այդ պատճառով էլ ես իմ բանակին դիմեցի հետևյալ բովանդակության շնորհավորագրով։
Զինվորներ, մարդկային ազատության ու հավասարության մարտիկներ, ձեր գեներալը շնորհավորում է ձեզ։ Իր զորությամբ հպարտ, սնապարծ և անբարտավան թշնամին հարձակվեց ձեզ վրա։ Դուք նրան դիմավորեցիք, ինչպես հարկն էր։ Կարճատև մարտի մեջ դուք ձեզ փառքով պսակեցիք։ Այս մեծ հաղթանակը, որի համար մենք ոչ մի կորուստ չունեցանք, իր հավասարը չունի պատմության մեջ։ Մինչև այն պահը, քանի դեռ մեր մոլորակները շարժվելու են իրենց ուղեծրով, Ավազագոտու ճակատամարտը չի ջնջվի մարդկանց հիշողությունից։
::::::::::::::::::::::Տնօրեն։
Ինքս էլ բարձրաձայն հրապարակեցի այն և պատասխան ծափահարությունները արտահայտեցին զորքիս երախտապարտությունը։ Ես ասացի․
― Պատերազմը անգլիական ժողովրդի հետ ավարտվեց։ Ժողովուրդը նահանջեց մարտի դաշտից և դուրս եկավ պատերազմից։ Մինչև որ նրանց համոզեն ետ վերադառնալ, պատերազմը լրիվ կավարտվի։ Առաջիկա մարտը պիտի վերջինը լինի։ Այն կարճատև կլինի՝ պատմության ամենակարճատև մարտը։ Եվ ամենակործանարարը՝ մարտնչողների ընդհանուր թվի համեմատ սպանվածների ու վիրավորների տոկոսային հարաբերության տեսակետից։ Պատերազմը ժողովրդի դեմ ավարտված է, այսուհետև գործ պիտի ունենանք միայն ասպետների հետ։ Անգլիական ասպետներին կարելի է սպանել, բայց ոչ երբեք հաղթել։ Եվ մենք գիտակցում ենք, թե ինչ է մեզ սպասում։ Քանի դեռ գեթ մեկ ասպետ կենդանի է, ուրեմն պատերազմը չի ավարտվել։ Մենք պետք է սպանենք նրանց բոլորին մինչև վերջինը (բուռն ու երկարատև ծափահարություններ)։
Ես պահակներ կարգեցի պայթյունից առաջացած հողապատնեշների վրա, յուրաքանչյուր խումբը երկու֊երեքական տղաներից բաղկացած, որպեսզի ժամանակին մեզ իմաց տան թշնամու հայտնվելու մասին։
Հետո մի ինժեներ ուղարկեցի քառասուն հոգու հետ, որպեսզի նոր հուն փորեն մեր ամրություններից դեպի հարավ հոսող լեռնային գետակի համար և ուղղեն այն մեր կողմը․ ես մտադիր էի անհրաժեշտության դեպքում օգտվել այդ ջրից։ Քառասուն տղաները երկու խմբի բաժանվեցին, քսանական մարդ յուրաքանչյուրում, որոնք իրար փոխարինում էին երկու ժամը մեկ։ Տասը ժամից ամբողջ աշխատանքը ավարտվեց։
Մթնեց, և ես կանչեցի իմ պահակներին։ Նրանցից մեկը հյուսիսային կողմում ճամբար էր հայտնաբերել, բայց այնքան հեռու, որ կարելի էր տեսնել միայն դիտախողովակով։
Նա հայտնեց նաև, որ մի քանի ասպետներ անասուններ էին քշում մեր ամրությունների ուղղությամբ, բայց իրենք մոտ չեն գալիս։ Ես այդպես էլ սպասում էի։ Նրանք փորձում էին մեզ, ուզում էին իմանալ, արդյո՞ք նորից պետք է իրենց գլխին թափենք կարմիր սարսափը։ Գիշերը, ըստ երևույթին, նրանք ավելի համարձակ կլինեն։ Ինձ թվում էր, որ ես գիտեմ, թե հենց ինչ պիտի ձեռնարկեն, որովհետև նույնը կձեռնարկեի ես, եթե նույնքան տգետ լինեի, ինչպես նրանք։ Այդ մասին ես ասացի Քլարենսին։
― Իմ կարծիքով դու իրավացի ես, ― ասաց նա։ ― Նրանք, հավանաբար, նման փորձ կանեն։
― Այդ դեպքում կորստյան են դատապարտված, ― նկատեցի ես։
― Անկասկած։
― Նրանք ոչ մի հույս չեն կարող ունենալ։
― Ո՛չ մի։
― Օ՜, զարհուրելի է, Քլարենս։ Ես խղճում եմ նրանց։
Սիրտս այնպես ճմլվեց, այնպես էի տանջվում այդ մտքերից, որ տեղ չէի գտնում։ Վերջապես, խիղճս հանգստացրած լինելու համար, ես հետևայլ ուղերձը կազմեցի․
::::::::::<b>Անգլիայի ապստամբ ասպետության</b>
:::::::::::<b>արժանապատիվ առաջնորդին</b>
Դուք իզուր եք կռվում։ Մեզ հայտնի են ձեր ուժերը, եթե դրանք կարելի է ուժեր կոչել։ Մենք գիտենք, որ դուք մեր դեմ կարող եք հանել ոչ առավել, քան հինգ և քսան հազար ասպետ։ Ուստի դուք ոչ մի հույս ունենալ չեք կարող։ Դատեցեք․ մենք հիանալի զինվել ենք, հիանալի ամրացել, մեր թիվը հիսունչորս է։ Բայց հինսունչորս ի՞նչ։ Մա՞րդ։ Ո՛չ, հիսունչորս ուղեղ, աշխարհիս ամենակարող ուղեղները, սա ուժ է, որին չի կարող հաղթել ձեր անիմաստ զորությունը, ինչպես ծովի ալիքները չեն կարող հաղթել Անգլիայի գրանիտե ժայռին։ Խորհեցեք։ Մենք համաձայն ենք ձեզ կյանք պարգևել։ Հանուն ձեր իսկ կանանց և երեխաների՝ մի մերժեք այդ պարգևը։ Վերջին անգամ ենք առաջարկում, ցած դրեք զենքը, հանձնվեցեք հանրապետությանը, և ամեն ինչ կներվի։
::::::::::::::::::::(ստորագրությունն) Տնօրեն։
Կարդացի այս ուղերձը Քլարենսին և ասացի, որ ուզում եմ թշնամուն ուղարկել՝ սպիտակ դրոշի պաշտպանության ներքո։ Նա բռնկվեց իր ի ծնե սարկաստիկ ծիծաղով և ասաց․
― Դու ոչ մի կերպ չես կարողանում հասկանալ, թե ինչ ասել է ազնվականություն։ Արի խնայենք աշխատանքն ու ժամանակը։ Պատկերացրու, դիցուկ, որ ես այդ ասպետների առաջնորդն եմ։ Եվ ահա դու եկել ես սպիտակ դրոշով, մոտենում ես ինձ և հանձնում քո ուղերձը, իսկ ես քեզ պատասխան եմ տալիս։
Այդ միտքը դուրս եկավ։ Ես քայլ արեցի, թշնամու ենթադրյալ պահակներով շրջապատված, հանեցի թուղթը և կարդացի այն բարձրաձայն։ Պատասխանի փոխարեն Քլարենսը ձեռքիցս խլեց թուղթը, ամբարտավան փքեց շրթունքները և արհամարհական արտասանեց․
― Քառահատեցեք այս անասունին և զամբյուղի մեջ ետ ուղարկեցեք այդ ստորածին թշվառականի մոտ, որը սրան ճամփել է։ Ուրիշ պատասխան ես չունեմ։
Ի՜նչ դատարկ բան է տեսությունը փաստի համեմատությամբ։ Իսկ փաստը այդպիսին էր։ Արդյունքը հենց ճիշտ այդպիսին կլիներ։ Ես պատառոտեցի թուղթը և մի կողմ նետեցի իմ անտեղի զգացականությունը։
Մի խոսքով՝ ի գո՛րծ։ Ես ստուգեցի մարտկոցից քարանձավ տանող էլեկտրական ահազանգման սիստեմը և համոզվեցի, որ կարգին է․ ստուգեցի քարանձավի և լարափակոցների միջև էլեկտրոկապը, որի օգնությամբ կարող էի հոսանք թողնել տասներկու գծերից յուրաքանչյուրի միջով։ Ջրի նոր հունը հանձնեցի իմ երեք լավագույն տղաների հսկողությանը, որոնք, իրար փոխարինելով, յուրաքանչյուր երկու ժամը մեկ, պետք է ազդանշանի սպասեին՝ ատրճանակի երեք կրակոցների, իմ հրամանը կատարելու համար։ Մյուս ժամապահները արձակվեցին, շրջափակից ներս ոչ մի մարդ չմնաց․ ես հրամայեցի, որպեսզի քարանձավում լռություն պահպանեն, նույնիսկ էլեկտրական լույսը այնքան նվազեցրի, որ հազիվ առկայծում էր։
Ապա անջատեցի հոսանքը բոլոր լարափակոցներից և նրանց արանքով գնացի դեպի դինամիտի պայթյունով առաջացած հողապատնեշը։ Բարձրացա մեր կողմի պատնեշը, պառկեցի փխրուն հողի վրա ու աչքերս հառեցի մթությանը։ Բայց ոչինչ տեսնել հնարավոր չեղավ․ անթափանց խավար էր։ Ո՛չ մի ձայն։ Մեռելային լռություն էր տիրում։ Անշուշտ, գիշերվա սովորական աղմուկը հասնում էր ականջիս՝ գիշերային թռչունների թևիկների թրթռոցը, միջատների բզզոցը, շների հեռավոր հաչոցը, կովերի բառաչը, բայց դրանք միայն առավել էին շեշտում լռությունը և ոչ թե խախտում, ու թախիծով լցնում այն։
Ես դադարեցի նայելուց, քանի որ, միևնույնն է, ոչինչ չէր երևում, և լարեցի լսողությունս որևէ կասկածելի ձայն որսալու համար։ Վստահ էի, որ եթե համբերությամբ սպասեի, ապա հուսախաբ չէի լինի։ Սակայն ստիպված եղա երկար սպասել։ Վերջապես ականջներիս հասավ մետաղի հազիվ որսալի զնգոցը։ Ականջներս սրեցի, շունչս պահեցի, որովհետև դա հենց իմ սպասած ձայնն էր։ Ձայնը, հյուսիսից մոտենալով, աստիճանաբար ուժեղանում էր։ Հանկարծ այն հայտնաբերեցի ճիշտ իմ դեմուդեմ, մյուս հողապատնեշի վրա, ինձնից հարյուր ոտնաչափ հեռու։ Ապա պատնեշի կատարին մութ կետեր երևացին։ Մարդկային գլուխնե՞ր։ Չեմ կարող ասել, գուցե և այնտեղ ոչինչ չկար, չի կարելի վստահել աչքերին, երբ երևակայությունը այդպես սրված է։ Ինչևէ, հանելուկը շուտով լուծվեց։ Մետաղի զնգոցը արդեն լսվում էր խանդակի խորքից։ Ինձ համար պարզ էր այլևս․ խանդակը գրավում էր զինված ջոկատը։ Այո, նրանք մեզ համար փոքրիկ անակնկալ են պատրաստում։ Մենք պետք է գրոհի սպասենք առավոտյան դեմ կամ գուցե ավելի վաղ։
Ետ վերադարձա, անցա հաղորդալարի մյուս կողմը․ տեսածս արդեն բավական էր։ Հասնելով հարթակին, ես ազդանշան տվեցի, որպեսզի հոսանքը թողնեին երկու միջին շարքերով։ Ապա քարանձավ գնացի և ամեն ինչ գոհացուցիչ գտա այնտեղ․ հերթապահներից բացի բոլորը քնած էին։ Արթնացրի Քլարենսին և ասացի, որ մեծ խանդակը լցվում է զորքով և, որ իմ կարծիքով ասպետները մեր դեմ են գալիս իրենց ամբողջ ոհմակով։ Հենց որ լույսը մութից բաժանվի, խանդակում թաքնված հազարավոր մարտիկները գրոհի կնետվեն և նրանց էլ անմիջապես կհետևի ամբողջ բանակը։
Քլարենսն ասաց․
― Նրանք, մթությունից օգտվելով, ըստ երևույթին հետախույզներ կուղարկեն։ Ինչո՞ւ, օրինակ, արտաքին լարափակոցի հոսանքը չանջատենք։ Թող մարդիկ բախտները փորձեն։
― Արդեն արված է, Քլարենս։ Մի՞թե կարծում ես, որ ես անհյուրընկալ եմ։
― Ոչ, դու բարի սիրտ ունես։ Ես ուզում եմ գնալ․․․
― Հյուրերին հանդիպելո՞ւ։ Գնանք միասին։
Անցանք արտաքին շրջափակը և պառկեցինք երկու միջին գծերի արանքում։ Նույնիսկ քարանձավից առկայծող դժգույն լույսը հնարավորություն չէր տալիս, որ որևէ բան տեսնեինք, բայց հետզհետե մեր աչքերը ընտելացան խավարին և սկսեցին տարբերել լարափակոցների սյուները։ Շշուկով զրույց սկսեցինք, բայց հանկարծ Քլարենսը հարցրեց․
― Դա ի՞նչ է։
― Ի՞նչը։ Որտե՞ղ։
― Ահա։
― Որտե՞ղ։
― Այ քո թիկունքում․․․ ինչ֊որ բան է․․․ լարափակոցի երկրորդ գծի մոտ։
Ես նայում էի, նայում էր և Քլարենսը։ Ես ասացի․
― Կարծես մարդ լինի, Քլարենս։
― Ոչ, չեմ կարծում․․․ թեպետ, իսկապես որ մարդու նման է։ Կանգնել է հաղորդալարին հենված։
― Ես վստահ եմ, որ մարդ է։ Մոտ գնանք և ստուգենք։
Սողեսող մոտ գնացինք և նայեցինք։ Այո, դա մարդ էր, բարձրահասակ զրահավորված մի տղամարդ, ցից կանգնած և երկու ձեռքով հաղորդալարից բռնած, և իհարկե, նրանից տապակած մսի հոտ էր գալիս։ Խե՜ղճ տղա․ մեռած էր դռանը կախ տված նալի նման և նույնիսկ չգիտեր, թե ինչն է իրեն սպանել։ Այդպես, արձանի նման անշարժ կանգնած էր և միայն սաղավարտի փետուրներն էին մեղմ փողփողում գիշերային քամու շնչով։ Երեսկալի արանքից նայեցինք նրա դեմքին, բայց պարզել չկարողացանք․ ծանոթ էր նա, թե ոչ։
Ինչ֊որ մոտեցող ձայն լսեցինք ու պառկեցինք գետնին։ Աղոտ նշմարեցինք երկրորդ ասպետին, որը կուզեկուզ, խարխափելով առաջ էր գալիս։ Մեռած ընկերոջը տեսնելով, նա ցնցվեց։ Մի պահ մնաց սառած, զարմանալով, թե ինչու նա չի շարժվում և շշուկով հարցրեց․
― Ինչի՞ մասին ես միտք անում, բարի սըր Մար․․․ ― և ձեռքը դրեց դիակի ուսին։ Դրեց ու թեթևակի տնքալով ցած գլորվեց, մեռավ․ ննջեցյալը սպանել էր նրան, դիակը սպանել էր իր ընկերոջը։ Օ՜, դա զարհուրելի էր։
Կես ժամ շարունակ այս վաղ թռչնակները հայտնվում էին իրար ետևից հինգական րոպե ընդմիջումով։ Սրերից բացի, որպես կանոն, ուրիշ զենքեր չունեին։ Սուրը առաջ էին պարզում և խարխափում հողորդալարերի միջև։ Մերթ ընդ մերթ կապույտ կայծ էին տեսնում և, թեպետ ասպետը խավարի մեջ չէր երևում, բայց մենք արդեն գիտեինք, թե ինչ էր պատահել․ ասպետը իր սրով դիպչում էր լիցքավորված լարին և անշնչացած գետին փռվում։ Մի պահ լռություն, և ապա նորից գետին փռվող զրահների որոտ էր լսվում, և այսպես անվերջ։ Պարզապես զարհուրելի էր ականջ դնելը։
Որոշեցինք շրջապտույտ անել լարափակոցների ներքին շարքերի միջև։ Մենք նախընտրեցինք քայլել ամբողջ հասակով մեկ կանգնած․ դա ավելի ապահով էր, եթե մեզ հայտնաբերեին, ավելի շուտ բարեկամի, քան թշնամու տեղ կընդունեին, և, ամեն պարագայի, սուրը մեզ հասցնել չէին կարող, իսկ նիզակներ նրանք չէին վերցրել։ Այո, դա հետաքրքիր զբոսանք էր։ Ամենուրեք մեռած մարդիկ պառկած էին երկրորդ լարափակոցի երկայնքով, թեպետ նրանք պարզ նշմարելի չէին, բայց մենք, այնուամենայնիվ, հաշվեցինք տասնհինգ խղճահարույց արձաններ՝ մեռած ասպետներ, որոնք կանգնած էին, ձեռքերով հաղորդալարից բռնած։
Մի բան հիմնովին պարզ էր․ մեր հոսանքը այնքան ուժեղ էր, որ սպանում էր ավելի շուտ, քան զոհը հասցնում էր ճչալ։ Շատ շուտով մենք լսեցինք խլացած ու ծանր դոփյուն և հաջորդ պահին արդեն գլխի ընկանք, թե դա ինչ էր նշանակում։ Ահա և մեր սպասած անակնկալը։ Քլարենսին շշուկով հանձնարարեցի գնալ, զարթնեցնել մեր բանակը և հրամայել՝ քարանձավի մեջ անաղմուկ սպասել հետագա կարգադրություններին։ Նա շուտով վերադարձավ, և մենք միջին լարափակոցի մոտ կանգնած դիտում էինք, թե ինչպես էր կայծակը անշշուկ իր գործը կատարում սրով զինված հյուրերի գլխին։ Մանրամասնությունները տեսնել հնարավոր չէր, բայց կարելի էր նշմարել, թե ինչպես երկրորդ լարափակոցից այն կողմ անընդհատ աճում էր դիակների սև զանգվածը։ Մեր ճամբարը շրջապատված էր մեռյալների հաստ պատով, դիակների պատնեշով։ Ամենազարհուրելին այդ ամենի մեջ մարդկային ձայների բացակայությունն էր, ո՛չ ցնծության ճիչ, ո՛չ մարտակոչ․ մտադիր լինելով անակնկալի բերել մեզ, այս մարդիկ առաջ էին շարժվում որքան կարելի էր անաղմուկ, և միշտ, երբ առաջին շարքը բավականին մոտ էր լինում նպատակին, որպեսզի մարտակոչ արձակեր, նրանք դիպչում էին ճակատագրական լարին և գետին փռվում, բերանները չբացած։
Ես հոսանքը միացրի երկրորդ լարափակոցին, և համարյա անմիջապես չորրորդ և հինգերորդ լարափակոցներին։ Վճռեցի, որ գլխավոր հարվածը հասցնելու պահն եկել է, որ ամբողջ բանակը արդեն մեր ծուղակի մեջ է։ Համենայն դեպս, ժամանակն էր նայելու։ Ես սեղմեցի կոճակը, և մեր խանդակի վրա հիսուն էլեկտրական արևներ բռնկվեցին։
Աստված իմ, ի՜նչ տեսարան էր։ Մենք շրջափակված էինք մեռած մարմինների երեք պատով։ Մյուս բոլոր լարափակոցների միջև եղած տարածությունը լեցուն էր կենդանի մարդկանցով, որոնք լարերի արանքով զգուշությամբ ճանապարհ էին հարթում դեպի առաջ։ Հանկարծակի բռնկած կուրացուցիչ լույսից շշմած՝ հարձակվողների ամբոխը զարմանքից քար կտրեց, անհրաժեշտ էր օգտագործել այդ անշարժունակության ակնթարթը, և ես առիթը չփախցրի։ Հասկանո՞ւմ եք, հաջորդ րոպեին նրանք արդեն ուշքի կգային և մարտակոչով գրոհի կնետվեին, ու իմ լարերը չէին դիմանա նրանց մղումի առջև։ Բայց այդ կորցրած վայրկյանը նրանց ընդմիշտ զրկեց միակ հնարավորությունից։ Ես հասցրեցի հոսանքը թողնել բոլոր լարափակոցների միջով միանգամից, և այդ ամբողջ ոհմակը տեղն ու տեղը սպանվեց։ Այժմ արդեն տնքոցը լսվում էր։ Դա տասնմեկ հազար մարդու հոգևարքի տնքոց էր, և այն հնչեց խավարի մեջ զարհուրելի բողոքի ձայնով։
Մի հայացքն էլ բավական էր համոզվելու համար, որ թշնամու բանակի մյուս մասը, ըստ երևույթին, տաս հազար մարդուց ոչ պակաս, արդեն անցել էր խանդակից և առաջ էր սուրում, գրոհի նետվելով։ Ուրեմն, նրանք բոլորը մեր ձեռքում են և այլևս փրկության հույս ունենալ չեն կարող։ Ողբերգության վերջին արարի պահն էր։ Ես ատրճանակի պայմանավորված երեք կրակոց կատարեցի, որը նշանակում էր․
― Բաց թողնել ջուրը։
Հանկարծակի որոտ լսվեց, մի րոպե անց լեռնային հեղեղը արդեն լցնում էր վիթխարի խանդակը, ստեղծելով հարյուր ոտնաչափ լայնության և քսանհինգ ոտնաչափ խորության մի գետ։
― Հրանոթները պատրա՛ստ։ Կրա՛կ։
Տասներեք հրանոթներ սկսեցին մահ սփռել դատապարտված տաս հազարի վրա։ Նրանք շփոթվեցին, կանգ առան մի պահ կրակի անգութ հեղեղի տակ, ապա դեմքերը դարձրին դեպի խանդակը, ետ սուրացին, ինչպես հարդը մրրիկի առջև։ Նրանց մեկ քառորդը այդպես էլ չհասավ հողապատնեշին, մնացած երեք քառորդը հասավ հողապատնեշին, նետվեց խանդակը, մինչև վերջին մարդը ջրում խեղդվելու համար։
Կրակ բանալուց հետո անցած տասը կարճատև րոպեները բավական եղան, որպեսզի զինված դիմադրությունը վերանար։ Պատերազմը ավարտվեց։ Մենք, հիսունչորս մարդս, Անգլիայի տեր ու տիրակալներն էինք։ Քսանհինգ հազար դիակ էր փռված մեր շուրջը։
Բայց որքա՜ն փոփոխական է բախտը։ Բոլորովին շուտով, դե, ասենք, մի ժամ անց, իմ մեղքով այնպիսի բան պատահեց․․․ բայց ես սիրտ չունեմ այդ գրի առնելու։ Թույլ տվեք այստեղ ավարտեմ։
==Գլուխ XLIV==
Քլարենսի հետգրությունը
Ես, Քլարենսս, պարտավոր եմ գրի առնել այդ նրա փոխարեն։ Նա առաջարկեց, որպեսզի մենք երկուսով դուրս գանք և տեսնենք, թե արդյոք վիրավորներին կարո՞ղ ենք որևէ օգնություն ցույց տալ։ Ես ասացի, որ եթե վիրավորների թիվը շատ է, ապա մեր օգնությունը չնչին կլինի, իսկ նրանց միջև ման գալը անխոհեմություն է։ Բայց, եթե նա մի բան որոշել էր, այլևս ետ չէիր պահի, և մենք անջատեցինք էլեկտրական հոսանքը, պահակախումբ վերցրինք, անցանք դիակների պատի վրայով ու սկսեցինք թափառել մարտի դաշտում։ Առաջին վիրավորը, ոըը օգնություն խնդրեց, նստած էր, մեջքով ընկերոջ դիակին հենված։ Երբ Տնօրենը կռացավ ու խոսեց նրա հետ, վիրավորը ճանաչեց նրան ու դաշունահարեց։ Այդ ասպետը սըր Մելիագրոնսըն էր, ինչպես ես կարդացի նրա սաղավարտի ներսում։ Այլևս երբեք նա օգնություն չի խնդրի։
Տնօրենին քարանձավ տարանք և կապեցինք վերքը, որ այնքան էլ ծանր չէր։ Նրան խնամում էինք, ինչպես կարող էինք, և մեզ այդ գործում օգնում էր Մերլինը, թեպետ մենք այդ չգիտեինք։ Նա պառավի հագուստներ էր հագել և հայտնվել մեզ մոտ բարեհոգի գեղջկուհու տեսքով։ Մաքուր սափրված և արևայրուկ դեմքով, նա Տնօրենի վիրավորվելուց մի քանի օր հետո եկավ ու առաջարկեց իր ծառայությունները որպես խահարարի։ Նա հայտարարեց, որ բոլոր իր հարազատները մեկնել են թշնամու նոր ստեղծվող ճամբարները և, որ ինքը սովից մեռնում է։ Տնօրենը այդ ժամանակ արդեն ապաքինվում էր և զբաղվում իր տարեգրությունը կարգի բերելով։
Մենք ուրախ էինք այդ կնոջ հայտնվելու համար, որովհետև աշխատող ձեռքերը չէին բավականացնում։ Մենք ծուղակի մեջ էինք, հասկանո՞ւմ եք, մի այնպիսի ծուղակի մեջ, որը ինքերս էինք սարքել։ Եթե այստեղ մնանք, ննջեցյալները զսպանեն մեզ, եթե գնանք, այլևս անխոցելի չենք լինի։ Մենք հաղթել էինք և․․․ պարտված էինք։ Եթե հնարավոր լինել գնալ այդ նոր ճամբարներից մեկը և բանակցություններ սկսել թշնամու հետ․․․ Բայց Տնօրենը գնալ չէր կարող, ես էլ չէի կարող, որովհետև ես առաջիններից մեկն էի, որ հիվանդացա, թունավորվելով հազարավոր մարմինների ապականիչ շնչից։ Ուրիշներն էլ հիվանդացան, ապա նորից մի քանիսը։ Վաղը․․․
<b>Վաղը։</b> Դժբախտություն վրա հասավ։ Ու դրա հետ մեկտեղ՝ վերջը։ Կեսգիշերի մոտ արթնացա ու տեսա, որ այդ վհուկը ինչ֊որ տարօրինակ շարժումներ է անում Տնօրենի գլխավերևը և հետաքրքրվեցի, թե դա ինչ բան է։ Բոլորը, բացի նրանցից, ովքեր հերթապահում էին դինամոյի մոտ, քնած էին․ ոչ մի ձայն չէր լսվում։ Պառավը դադարեց խորհրդավոր հիմարություններ անելուց և մատների ծայրերի վրա գնաց դեպի դուռը։ Ես գոչեցի․
― Սպասիր։ Ի՞նչ էիր անում։
Նա կանգ առավ և ինքնագոհ ձայնով ասաց․
― Դուք հաղթողներ էիք, այժմ պարտված եք։ Բոլորդ կմեռնեք․ դու նույնպես։ Կմեռնեք այս քարանձավում, բոլորդ, բոլորդ բացի <b>նրանից։</b> Այժմ նա քնած է և <b>պիտի քնի</b> տասներեք դար։ Ես Մերլինն եմ։
Հանկարծ նա այնպիսի ապուշ ծիծաղի նոպա ունեցավ, որ չկարողացավ ոտքերի վրա կանգնել, հարբածի նման ճոճվեց ու ձեռքերը գցեց մեր լարեից մեկին։ Նրա բերանը այժմ էլ բաց է․ մինչև այժմ էլ նա ծիծաղում է։ Այդ քարացած ծիծաղը կմնա նրա դեմքին մինչև նրա մարմինը փոշի դառնա։
Տնօրենը բոլորովին չշարժվեց, քնած էր ինչպես քարը։ Եթե նա այսօր չարթնանա, մեզ պարզ կդառնա, թե դա ինչ քուն է և նրա մարմինը կփոխադրենք քարանձավի ամենահեռավոր անկյունը, որպեսզի ոչ ոք չկարողանա գտնել ու ծաղր ու ծանակի ենթարկել։ Ինչ վերաբերում է մնացածիս, ապա մենք պայմանավորվել ենք, որ եթե գեթ մեկին հաջողվի ողջ ողջ դուրս պրծնել այստեղից, նա պիտի գրի առնի այստեղ կատարված ամեն ինչ և ձեռագիրը բարեխղճությամբ դնի Տնօրենի կողքին, մեր բարի, սիրելի առաջնորդի կողքին։ Կենդանի է նա, թե մեռած, միևնույնն է, այդ ձեռագիրը պատկանում է նրան։
:::::::::::::::Ձեռագրի վերջը
==Հեղինակի եզրափակիչ հետգրությունը==
Լույսը բացվել էր, երբ ես մի կողմ դրեցի ձեռագիրը։ Անձրևը համարյա կտրվել էր, աշխարհը գորշ էր ու թախծաշատ, հոգնած փոթորիկը հառաչում էր ու հեծկլտում հանգստի ձգտելով։ Ես գնացի դեպի օտարականի սենյակը ու ականջ դրի նրա թեթևակի բաց դռան ետևից։ Լսեցի նրա ձայնը և թակեցի դուռը։ Պատասխան չեղավ, բայց ես դեռ լսում էի ձայնը։ Մարդը մեջքի վրա պառկած էր անկողնի մեջ և խոսում էր ընդհատ֊ընդհատ, բայց ոգեշնչված, օդում կետեր նշանակելով ձեռքերով, որոնք նա մեկ սեղմում էր, մերթ թույլ թողնում ինչպես զառանցանքի մեջ գտնվող հիվանդը։ Անշշուկ ներս մտա և կռացա նրա վրա։ Նա շարունակում էր մրմնջալ։ Խոսեցի, որպեսզի նրա ուշադրությունը գրավեի։ Հաճույք, ուրախություն, երախտապարտություն շողաց նրա ապակյա աչքերի մեջ և հողագույն դեմքը շառագունեց․
Օ՜հ, Սենդի, վերջապես եկար․․․ ինչքա՜ն եմ կարոտել քեզ։ Նստիր կողքիս․․․ մի՛ լքիր ինձ․․․ երբեք այլևս չլքես ինձ։ Սենդի, երբե՛ք, երբե՛ք։ Ո՞ւր է ձեռքդ․․․ տուր ինձ, սիրելիս, թող բռնեմ․․․ ահա․․․ այժմ ամեն ինչ լավ է, և ես նորից երջանիկ եմ․․․ Մենք նորից երջանիկ ենք, չէ՞, Սենդի։ Դու այնպես դժգույն ես, մառախուղի նման տարտամ, կարծես ամպ լինես, բայց դու այստեղ ես, և դա այնպիսի՜ երանություն է․․․ ու ես բռնել եմ քո ձեռքը, մի՛ խլիր․․․ ես երկար չեմ պահի այն, ես շուտով․․․ Այդ երեխա՞ն էր․․․ Հելլո֊Կենտրո՞ն․․․ Նա չի պատասխանում։ Քնած է, այո՞։ Բեր նրան, երբ արթնանա և թող, որ շոշափեմ նրա ձեռքերը, դեմքը, մազերը ու հրաժեշտ տամ․․․ Սե՛նդի․․․ Այո, դու այստեղ ես։ Ես մի պահ ինձ կորցրեցի, և կարծեցի, թե գնացիր․․․ վաղո՞ւց եմ հիվանդ։ Երևի վաղուց․․․ իմ կարծիքով ամիսներ։ Իսկ ի՜նչ երազներ եմ տեսնում։ Տարօրինակ և զարհուրելի երազներ։ Երազներ, որ ավելի իսկական են, քան իրականությունը․․․ զառանցանք է, իհարկե, բայց այնպե՜ս իրական։ Երազում տեսա, թե թագավորը մեռել է, թե դու Գալլիայում էիր ու տուն գալ չէիր կարողանում, թե հեղափոխություն էր եղել։ Ֆանտաստիկ զառանցնաքի մեջ ինձ թվում էր, թե իբր Քլարենսը, ես և իմ մի բուռ սովորողները կռվում և բնաջնջում ենք Անգլիայի ամբողջ ասպետությունը։ Բայց նույնիսկ այդ չէր ամենատարօրինակը։ Ինձ թվում էր, թե իբր ես ուրիշ դարի ծնունդ եմ, գալիք դարի, և դա ինձ իրականություն էր թվում։ Այո, իհարկե, իբր ես հանկարծ այդ ուրիշ դարից մեր դարն էի փոխադրվել, իսկ հետո նորից նույն այն դարը, և անսպասելի հայտնվել էի ինձ անծանոթ Անգլիայում, մենակ ու բոլորի համար օտար, և իբր իմ և քո միջև տասներեք դարերի անդունդ է ընկած։ Իմ և իմ տան միջև, իմ բարեկամների միջև։ Իմ և այն ամենի միջև, ինչ թանկ է ինձ համար, հանուն ինչի արժե ապրել։ Զարհուրելի է․․․ առավել զարհուրելի, քան կարող ես երևակայել, Սենդի։ Օ՜հ, նստիր կողքիս, Սենդի․․․ մի լքիր ինձ ոչ մի րոպե․․․ մի թույլ տուր, որ նորից կորցնեմ գիտակցությունս։ Մահը ոչինչ է, թող գա, բայց ոչ այդ երազների հետ, ոչ այդ ահավոր երազների բերած տառապանքների հետ․․․ ես այլևս դրանք տանել չեմ կարող․․․ Սենդի՞՜․․․
Դեռևս որոշ ժամանակ նա անկապ֊անկապ մրմնջում էր քթի տակ, ապա առժամանակ լռեց․ սուզվում էր, ըստ երևույթին, մահվան ջրերի մեջ։ Հանկարծ նրա մատները սկսեցին շոշափել վերմակը, և ես հասկացա, որ նրա վերջը մոտ է։ Երբ նրա կոկորդը սեղմեց մահվան առաջին ջղաձգումը, նա թեթևակի կռթնեց ձեռքերի վրա, կարծես ականջ դրեց և ապա ասաց․
― Երջրափո՞ղ․․․ Դա թագավորն է։ Իջեցրեք կամուրջը։ Մարդի՛կ ամրոցի հրակնատների մոտ․․․ Հանգցրե՛ք․․․
Նա պատրաստում էր իր վերջին «հրաշքը», բայց այդպես էլ չավարտեց։