Changes
«Մի պտոյտ քաղաքում» գլուխը մինչև վերջ
Ահա մի փոքրիկ աղջիկ անփոյթ կերպով իր լայն գօտու մէջ տանում է փոքրիկ եղբօրը, որը հանգիստ նիրհում է նրա մէջքին․ մինչդեռ աղջիկը հետաքրքրութեամբ կանգ է առնում գոյնզգոյն ապակէ գնդակների դէմ, որ ծախու է դրել փողոցում թափառական մանրավաճառը։
Երիտասարդ ճապոնուհիները մանր քայլերով զգոյշ անց են կենում, իրանց բարձր փայտէ կօշիկները շարունակ թխթխկացնելով։ Նրանց մուգ սև մազերի գեղեցիկ շինեօնը հիւսւած է կօրալներով․ գլխարկ երբէք չկայ․ պաշտպանւում են արևից ու անձրևից իրանց տարօրինակ ու գեղեցիկ հովանոցներով։ Հագի կիրիմօնը (խալաթ) գրկում է ճապոճապուհու ճկուն մէջքը, սահում է ցած ու պինդ փաթաթւում նրա ոտներին։ Չունեն ոչ օղ, ոչ մատանի, ոչ էլ ընդհանրապէս մեր կանանցից այդչափ սիրւած միւս ոսկեղէն զարդերը։ Նրանց գլխավոր հպարտութիւնն է կազմում գեղեցիկ օբին (գօտի), որ լայն շերտով մի քանի անգամ գալարւած է նրա մէջքին և մի տեսակ կօրսէտի դեր է կատարում։ Այդ գօտին նրա հոգածութեան մասնաւոր առարկան է միշտ և նրա ճաշակի ու շնորհքի սովորական չափը։ Որքան օբիի կտորը գեղեցիկ է, որքան հարուստ է նրա բանւածքը և որքան շնորհալի կապւածքը, այնքան աւելի ընտիր է համարւում ճապոնուհու տուալետը և այնքան աւելի է իր ընկերուհիների նախանձը շարժում։ Տղամարդու կիմօնօնը (խալաթ) կնոջինից շատ քիչ է տարբերւում, մանաւանդ անվարժ աչքի համար․ նա էլ է կապած գօտիով, միայն շատ աւելի նեղ, որը պարզապէս կրեպ֊դը֊շինի մի նեղ շերտ է ներկայացնում։ Իսկ նրանց մինչև ականջները քաշած եւրոպական գլխարկը, հագի փայտէ ծանր կօշիկների հետ միասին մի հետաքրքիր խառնուրդ է կազմում Եւրոպայի ու Ասիայի։ Անբաժան հովհարը կամ մի հովանոց բռնած ձեռքին՝ նրանք հանգիստ գնում են ու գալիս իրենց բարի ու մտածկոտ դէմքերով։ Մի շատ բնորոշ դէմք էր ներկայացնում և ոստիկանը, որ ամբողջապէս եւրոպական սպիտակ զգեստների մէջ, երկար սուրը մէջքին, կանգնել էր այնտեղ իր վսեմ պաշտօնի խորին գիտակցութիւնը երեսին։ Մօտիցս լսւում է յանկարծ զանգակի սուր հնչիւնը։ Մի բարձրահասակ մարդ կանգ է առել փողոցի ճիշտ մէջտեղը և թատրոնական վեհափառութեամբ, յենած ձեռքի դրօշակին, որի վրա մի քանի ճապոնական տառեր են գրած, մի անբնական ձայնով ինչ֊որ ասում է արագ, շարունակ դիմելով աջ ու ձախ շրջապատողներին, որոնք սակայն մի մեծ հետաքրքրութիւն չէին ցոյց տալիս։ Կրկին զանգակ, և ձայնողը շարժւում է առաջ, տանելով հետը այդ ճարտասանական բացականչութիւնների հանելուկը։ Մի այլ տեղ բարձր պոռում է մի ուրիշը, երևի յանձնարարելով իր ձեռքը բռնած գիրքը․ միւս կողմը մի մարդ անդադար զանգահարում է, անցորդների ուշքը իր ապրանքի վրա դարձնելու համար։ Մի քիչ հեռուն լսւում է յանկարծ մելամաղձոտ մի սուլոց․ և երևոււմ է մի կոյրի կերպարանք, յենած իր գաւազանին, որ զգոյշ առաջ է գալիս շուրջի իրարանցումի միջով։ Մի մի մասսաժիստ է, որ իր սուլոցով իր անցնելն է յայտնում։ Այդ արւեստը ճապոնում անյիշելի ժամանակներից կոյրերի մենաշնորհն է կազմում։ <center>** *</center> Տները մասնաւորապէս հետաքրքիր են նրանով, որ դրսի պատ չունենալով անցորդին միջոց են տալիս ճապոնացու նիստն ու կացը կատարելապէս ուսումնասիրելու և բաց են անում բնորոշ տեսարանների մի ամբողջ շարք։ Ամեն մի տուն կարծես մի շրջանակ լինի, որի մէջ պարզ ցուցադրւած են նրանց բնակիչների կեանքն ու աշխատանքը։ Ահա այստեղ բոլորովին ճաղատ մի ճապոնացի շրջապատւած է թղթէ լապտերների ու հովանոցների մի ամբողջ կոյտով՝ մեծ հոգածութեամբ նկարում է։ Մի անսովոր լրջութիւն կայ նրա դէմքին։ Այն բարեսիրտ ու միամիտ կենտրոնացումը, որով կատարում է նա իր աշխատանքը քեզ ակամայ երեխայ է յիշեցնում։ Կից խանութում մետաքս են ծախում․ պատերին կախւած են կտորներ քմահաճ նկարներով։ Գործավար ճապոնուհիները մէկը միւսի ետևից բաց են անում յաճախորդի առաջ մետաքսի նեղ փաթեթները, մինչ տէրը, չոք նստած իր մանրիկ սեղանի առջև, բոլորվին խորասուզւել է հաշիւների մէջ։ Մի քիչ դէնը մոմ են պատրաստում․ խանութի մեծ մասը բռնում է կանաչ հեղուկով լիքը տաշտը, որի մէջ թաթախում են անդադար փոքր կլոր փայտեր․ չորացնում են, թաթախում նորից․ և այսպէս մի քանի անգամ, մինչև մոմը պատրաստ լինի։ Կողքին մի աշխատանոցում պատանիները իրանց ձեռագործի վրա ծռած ասեղնագործում են ոսկեթել քմահաճ նկարներ։ Ոսկերիչի խանութում շինում են գեղեցիկ գօտիներ, փոքրիկ բռոշներ, որոնք սուր են ներկայացնում, և այլ մանր զարդեր․ սրանց գլխաւոր գնողները տուրստներն են։ Բայց այնտեղ բնաւ չէք տեսնի թանկագին քարեր, որին ճապոնացին արժէք չի տալիս։ Նրան գրաւողը շինւածքի գեղարւեստական կողմն է։ Յաճախ աչքիդ հանդիպում են սափրիչի խանութներ, ուր յաճախորդները բոլոր ուժով գլուխները յետ ճկած նտած են մի յուսահատ դիրքով, քթները յանձնած սափրիչի բարեհաճ տրամադրութեանը․ կամ մի ճապոնուհի, որ զբաղւած է իր տուալետն աւաորտելով։ Ապա նորից գալիս են խանութները։ Հովհարներ, ափսէներ, զամբիւղներ, բոլորն էլ, կախւած առաստաղից, ծածանւում են անցորդի քթի տակ։ Նրանց ետևից նկատւում է մի ամբողջ շարք յարդէ ոտնամաների իրանց թաւշէ գեղեցիկ օղակներովը․ կամ մի չասւած, որ իր ահագին փորովը բազմած է սեղանի գլխին։ Շատ են ժամաործները։ Ժամացոյցը արևելքում խիստ է յարգւած։ Չինացիք նկարւելու ժամանակ ժամացոյցը դնում են իրանց մօտը սեղանի վրա, երբեմն նոյն իսկ երկուսը, իրանց աւելի փառահեղութիւն տալու համար։ Լուսանկարիչների ցուցանակներն էլ բաւական յաճախ են աչքի ընկնում․ մանաւանդ եւրոպական թաղի մօտերը։ Լուսանկարը շատ էժան է․ 12 հատ գեղեցիկ գունաւոր տեսարանը արժէ 2 իէն (մօտ 2 ռուբլի)։ 12 փոքր նկար վիզիտ դիրքով այն էլ ամենալաւ լուսանկարչի մօտ արժէ նոյնպէս 2 ռ․, իսկ աշխատանքը չափազանց մաքուր է ու սիրուն։ Ուտեստի շուկան նոյնպէս մօտիկ է եւրոպական մասին։ Խանութները շարւած են իրանց տեսակի համեմատ․ մի շարք միայն միս են ծախում, վերջը բանջարեղէն, պտուղ, ձուկ և այլն։ Միսը դրած է ապակի զանգակների տակ, որ սաստիկ մաքուր են պահում։ Ձկան խանութը ներկայացնում է ցրան ծածկած մի բակ, ուր խառն թափած են ձկան կոյտերը քարէ յատակին։ Եւ ինչ երկակենցաղ ասես, որ այդեղ չը լինի․ ահաին քանակութեամբ ժժմակներ, ճիճուներ, խեչափառներ և այլն, որին եւրոպացին նայել անգամ չէ կարող։ Առհասարակ ձուկը ճապոնացու գլխաւոր ու նախընտրի կերակուրն է, և բրնձից յետոյ առաջին տեղն է բռնում։ Ձուկը ուտում են մեծ մասով հում։ Մեխով տալի են գլխին, նրա տանջանքին վերջ տալու համար, հանում են փորոտին, կտրատում են, դնում պնակի մէջ և հրամցընում։ Այսպէս պատրաստած ձուկը նրանց սիրելի կերակուրն է իբրև դեսսերտ։ Միս ուտում են չափազանց քիչ, գերադասում են պտուղն ու բանջարը։ Պտուղներից սովորական են բանան, անանաս, կոկոս և երեխի գլխի մեծութեամբ ահագին նարինջներ (պապելմուս), այլ և եամամօ, որը մի մեծ ելակի է նման ու մի տեսակ ձիւթի հոտ ունի։ Շատ կան նոյնպէս քաղցրավաճառներ․ ճապոնացին սիրում է անուշեղէն․ խմորեղէնը լինում է թէ հում, թե եփած։ Նրանց կարկանդակների ու շաքարեղէնների տեսը այդքան էլ գրաւիչ չէ մեզ համար։ միայն խիստ համեղ է «կաստերա» ասւած տորտը․ այն էլ սպանական ծագում ունի։ <center>** *</center> Բոլոր տուրիստները, մանաւանդ ռուսները, իրանց պարտք են համարում այցելել Նագասակիի հռչակը կազմող վարպետ Իեզակիի արհեստանոցը, ուր կրեայի պատեանից գեղեցիկ իրեր են պատրաստում։ Իեզակին, որին ամենքը «Ժեներալ Կրեայ» են անւանում սովորաբար, հաստլիկ, կարճլիկ մի մարդ է բարի դէմքով։ Մեզ ընդունեց մեծ սիրով, սեղմեց ձեռքերնիս եւրոպավարի, բարևեց մեզ մի թոթով ռուսերէնով․ և իսկոյն հրամայեց թէյ բերեն։ Ճապոնական թէյը հրամցնում են փոքրիկ գաւաթիկներով և առանց շաքարի․ բայց համեղ կաստերան լիուլի փոխարինում է շաքարի պակասը։ Թէյից յետոյ Իեզակին մեզ առաջնորդեց վերի յարկը, ուր իրերն էին ցուցադրւած։ Փղոսկրի քանդակումը հիանալի է ուղղակի իր նրբութեամբն ու գեղեցկութեամբը։ Ամենից աւելի աչքի ընկնող տեղում զետեղւած էին կրեայի պատեանից շինած ճապոնական ու եւրոպական մի քանի ռազմանաւեր։ Կայմերը իրանց կայաններով, պարանները, ելարանները, մինչև անգամ սանդուխի իւրաքանչիւր աստիճանը դուրս էր բերւած զարմանալի ճշտութեամբ ու մաքուր։ Իեազակիի այդ մանրանկար գեղարւեստական փոքրիկ աշխարհից մենք ընկանք ուղղակի ժողովրդական ու եռուն առևտրի տաճարը, ճապոն֊բազարը, որ մեր կարաւանսարային համապատրաստնող մի բան է։ Դա մի մեծ կլոր շէնք է, ուր խանութների շարքը ձգւում է ճառագայթի ձևող դէպի կենտրոնը, ապա կենտրոնից դէպի շրջագիծը, կազմելով մի նեղ անընդհատ անցք, որից չես կարող դուրս գալ, մինչև որ այդ ամբողջ լաբիրինը անց չը կենաս իր բոլոր անկիւններովն ու թեքումներովը, եթե միայն, յուսահատած, կէս ճամփիցդ յետ չը դառնաս։ Ապրանքի տեսակները շատ չեն և շարունակ կրկնւում են։ Մասնաւորապէս շատ կան զանազան գոյնի թաւշեայ քսակներ, զարդ հերկալներ, և անթիւ անհամար թղթէ հովհարներ ամեն տեսակ ֆանտաստիկ նկարներով ծածկւած։ Պատերից կախւած են ճապոնական տիկնիկներ, առքերը չռած և մոնգոլական տիպիկ դէմքերով։ Մեծ տեղ բռնում գրքերը խանութները։ Նրանց գրքերն էլ են իրանց տեսակի։ Թուղթը աւելի հաստ է և խորտուբորդ, տպել կարելի է միայն մի երեսի վրա, այնպէս որ մեր մի թերթին համապատասխանում է նրանց կրկնատակ ծալած երկու երեսը։ Կազմն էլ տարօրինակ է․ թղթերը կարում են մետաքսէ թելով, որ դրսից մի գեղեցիկ հանգոյց է կազմում։ Ծախողները կին են մեծ մասամբ։ Օտար անցորդներին նրանք կանչում են անգլիերէն կամ ռուսերէն, բաւական յաջող գուշակելով նրանց ի՞նչ ազգից լիենլը։ Նագասակիում օտար լեզւներից մաենից աւելի տարածւածը ռուսերէնն է․ դրան նպաստում է Կամաւոր գլօտի յաճախակի երթևեկը և ռուս ռազմանաւերի այցը։ Բացի դրանից մի ամբողջ ռուսական գաղութ էլ կայ Ինօսա, որ գտնւում է ծոցի միւս կողմը։ <center>** *</center> Նագասակիի փողոցներով իմ անցնելը ոչ ոքի ուշադրութիւնը չէր գրաւում։ Եւրոպացիներին ընտելա֊ցած են արդէն։ Միայն երբ երկար կանգ էի առնում, մի որևէ խանութի առաջ, դիտում էին ինձ ոտքից գլուխ՝ զարմանալով երևի, թէ ի՞նչն էր ինձ այդպէս հետաքրքրողը։ Մի ճապոնուհի նկատելով, որ հայեացքս մի մասնաւոր հետաքրքրութեամբ եմ շեշտում խանութի խորքը, խնդրեց, որ ներս մտնեմ նրա բնակարանը, եթե կը հաճեմ։ Եւ ինչ ասել կ'ուզի, որ մեծ ուրախութեամբ ընդունեցի նրա առաջարկը, և նրա հետ մի նեղ ու փոքր անցքով մտանք ետևի մասը։ Դա արդէն բնակարանն էր, մի մեծ սենեակ, որ հեշտութեամբ կարելի է մի քանիսի վերածել շարժական թեթև պատերի միջով։ Յատակը այդտեղ քիչ բարձր է նախասենեակից։ Յետևելով տեղական քաղաքավարութեանը, հանեցի կօշիկներս սանդուխի գլխին և գուլպաներով կոխեցի սենեակի մաքուր խսիրը։ Շուրջը ամեն֊ինչ մաքրութիւնից փայլում էր։ Թղթէ պատերին նկարւած էին արագալիներ։ Անկիւնում զետեղւած էր սիրուն երկթև ճենապատը և մի փոքրիկ թաղար՝ մէջը մանրադտիական մի ծառով։ Սենեակի որքում պատի մէջ ծալքն էր, ուր ցերեկները անկողիներն են դասրսում։ Ճապոնացին, ինչպէս յայտնի է, կահ֊կարասի չի սիրում, ասելով թէ դրանք փոշի հաւաքելուց զատ ուրիշ բանի պէտք չեն։ Անկողինը փռում են գետնին խսիրի վրա․ ճաշում են չոք նստած և ամեն մէկի առաջ մի մի ցածլիկ փոքրիկ սեղան, կամ յաճախ ուղղակի գետնին։ Սենեակից դուրս գալով, մտանք ցանկով շրջապատած փոքրիկ բագիկը, իր մանրիկ պարտէզիկով, ուր բանդարկւած էր պտուղներով ծանրաբեռնւած մանդարենի մի ծառ, կարծես վանդակի մէջ։ Այդ պարտէզիկի կենդրոնում ցոլցլում էր մի աւելի փոքրիկ լճակիկ, մէջն էլ մանրադիտական մի ժայռիկ, որի վրա հպարտ վեր էր բարձրանում մի մանր֊մանր գաճաճ ծառիկ։ Ճապոնացին շատ է սիրում բնութիւնը․ գիւղերում նա աշխատում է շինել իր բնաակարանը կարկաչուն առւակի ափին, կամ սարի սիրուն լանջին, որտեղից լայն գեղեցիկ տեսարան է բացւում։ Իսկ քաղաքում՝ հեռու այդ բոլորից նա ուզում է բնութեան գոնէ մի նմուշը, մի փոքրիկ կտոր իր մօտը ունենայ։ Ճապոնացու տանը, թէ՛ ներսը, թե՛ բագում, ամեն բանի վրա մի մասնաւոր դրոշմ կայ գոհանակութեան, չափաւորութեան և գեղարւեստական պարզութեան։
== Ճապոնական բարքերից ==
Ճապոնացու բարքերը ուսումնասիրելիս, մարդ ամենից առաջ ձեռք պէտք է վերցնի եւրոպական չափից և մօտենայ նրանց առանց կանխակալ կարծիքների։
''անավարտ գլուխ''
== Դէպի Ունզէն ==
''անավարտ գլուխ''
== Ճապոնական միջերկրականով ==
''անավարտ գլուխ''
== Հին Ճապոն ==
''անավարտ գլուխ''
== Կիօտօ ==
''անավարտ գլուխ''
== Կիօտօն գիշերը ==
''անավարտ գլուխ''
== Իօկօհամա Տօկիօ ==
''անավարտ գլուխ''
== Նոր Ճապոն ==
''անավարտ գլուխ''
== Դէպի տուն ==
''անավարտ գլուխ''
<center>
*
* *
</center>
[[Կատեգորիա:Արձակ]]