Changes
/* 17.2.1945 (Ժամը 10-ն անց 05 րոպե) */
Առաջին խնդրի լուծման համար Շելլենբերգի թեկնածուների ցուցակում կար ֆոն Շտիրլիցը իր «խնամարկյալ» պաստորի հետ։
== 17.2.1945 (Ժամը 10-ն անց 05 րոպե) ==
Առավոտյան, երբ Էրվինը պետք է պատասխան ընդուներ Կենտրոնից, Շտիրլիցը մեքենայով դանդաղ գնում էր նրա տան կողմը։ Ետևի նստատեղին դրված էր մի հսկայական նվագարկիչ, ըստ լեգենդի, Էրվինը նվագարկիչների փոքրիկ ֆիրմայի տնօրեն էր, դա նրան հնարավորություն էր տալիս հաճախակի երթևեկել երկրով մեկ, սպասարկելով հաճախորդներին։
Փողոցը խցանված էր, առջևում մաքրում էին փողոցը․ փլուզումից հետո, գիշերային ռմբակոծության ժամանակ փլվել էր վեցհարկանի շենքի պատը, և ճանապարհային ջոկատների բանվորները ոստիկանների հետ մեկտեղ արագ ու միահամուռ կազմակերպում էին փոխադրականի անցուդարձը։
Շտիրլիցը ետ նայեց՝ իր «Խորխի» ետևից երեսունից ոչ պակաս մեքենաներ կլինեին շարված։ Բեռնատարի վարորդը՝ մի պատանյակ, բղավեց Շտիրլիցին։
— Եթե հիմա գան, այ թե շիլափլավ կլինի հա՜, թաքնվելու տեղ էլ չկա։
— Չեն գա,— պատասխանեց Շտիրլիցը, երկնքին նայելով։ Ամպերը ցածր էին, դատելով գորշ֊սև եզրերից՝ ձնաբեր։
«Գիշերը տաք էր,— մտածեց Շտիրլից։— Իսկ հիմա ցրտել է, հաստատ ձյուն է գալու»։
Չգիտես ինչու հիշեց երեկվա աստղագետին՝ «... Անհանգիստ արեգակնային տարի է։ Գնդի վրա ամեն ինչ փոխադարձ կապի մեջ է։ Մենք բոլորս փոխադարձաբար կապակցված ենք լուսատուի հետ, լուսատուն գալակտիկայի հետ,— Շտիրլիցը մեկեն քմծիծաղեց.— նման գեստապոյի գործակալական ցանցին...»
Առջևում կանգնած շուցմանը կտրուկ թափ տվեց ձեռքը և բղավեց կոկորդային ձայնով.
— Անցե՛ք։
«Աշխարհի ոչ մի երկրում,— ինքն իրեն հաստատեք Շտիրլիցը,— ոստիկաններն այնպես չեն սիրում հրամայել և ձեռքի մահակով այնպիսի ղեկավարող շարժումներ անել, ինչպես մեզ մոտ»։ Նա, հանկարծ իրեն բռնեց այն բանում, որ գերմանացիների ու Գերմանիայի մասին մտածեց այնպես, ինչպես իր ժողովրդի ու իր երկրի մասին։ «Իսկ այլ կերպ չի կարելի։ Եթե սահմանազատեի ինձ, ապա վաղուց ի վեր անպայման կորած կլինեի։ Հավանորեն պարադոքս է՝ ես սիրում եմ այս ժողովրդին, սիրում եմ այս երկիրը։ Իսկ գուցե, իրոք, հիտլերները գալիս են և գնում»։
Ճանապարհն այլևս բաց էր և Շտիրլիցը լրիվ գազ տվեց։ Նա գիտեր, որ կտրուկ շրջադարձերը շատ վատ «ուտում» են դողերը, նա գիտեր, որ այժմ դողերը դեֆիցիտ են, բայց և այնպես սիրում էր կտրուկ շրջադարձերը, այնպես, որ ռեզինը ճվճվա ու երգի, իսկ մեքենան այդ ժամանակ թեքվում էր, ինչպես նավակը փոթորկի ժամանակ։
Կեպենիկում, Էրվինի և Քեթի տան մոտ եղած շրջադարձի վրա, ոստիկանական երկրորդ շղթան էր կանգնած։
— Ի՞նչ է եղել այնտեղ,— հարցրեց Շտիրլիցը։
— Փողոցն ավերված է,— պատասխանեց ջահել ու գունատ շուցմանը,— նրանք ինչ-որ մի հզոր ական են ձգել։
Շտիրլիցն զգաց, թե ինչպես քրտնեց ճակաաը։
«Ճիշտ է,— հանկարծ հասկացավ նա,— նրանց տունը՝ նույնպես»։
— Թիվ իննը տունը նույնպե՞ս,— հարցրեց նա։
— Այո՛, լրիվ փշրել են։
Շտիրլիցը մեքենան քաշեց մայթի մոտ և նրբանցքով աջ գնաց․ նրա ճանապարհը կտրեց հիվանդի տեսքով միևնույն շտուցմանը։
— Արգելված է։
Շտիրլիցը շրջեց պիջակի դարձածալը՝ ՍԴ֊ի ժետոնը վրան։ Շուցմանը պատվի առավ ու ասաց․
— Սակրավորները վախենում են, թե արդյոք դանդաղ գործող ռումբ չլինի։
— Ուրեմն, միասին հօդս կցնդենք,— պատասխանեց Շտիրլիցը և գնաց թիվ իննը տան ավերակների կողմը։
Նա վիթխարի, անմարդկային հոգնություն էր զգում, բայց գիտեր, որ պարտավոր է քայլել իր սովորական, զսպանակաձև քայլքով և այդպես էլ գնում էր՝ զսպանակաձև, դեմքին էլ իր պարտպդիր, սկեպտիկ քմծիծաղն էր։ Իսկ աչքերի առջև Քեթն էր։ Փորը շատ էր մեծ, կլոր։ «Աղջիկ կլինի,— իրեն մի անգամ ասաց նա։— Երբ փորը ցցվում է վարունգի պես, տղա է լինում, իսկ ես անպայման աղջիկ կծնեմ»։
— Բոլորը զոհվե՞լ են,— հարցրեց Շտիրլիցը ոստիկանին, որն առաջվա պես հետևում էր հրշեջների աշխատանքին։
— Դժվար է ասել։ Ռումբն առավոտվա դեմ է ընկել, սանիտարական մեքենաներ շատ կային...
— Շա՞տ իրեր են մնացել։
— Այնքան էլ չէ... Տեսնում եք, ինչ շիլաշփոթ է...
Լաց լինող երեխայով մի կնոջ Շտիրլիցն օգնեց մայթից տեղափոխել ձեռնասայլակն ու վերադարձավ մեքենայի մոտ։