Changes
/* Գլուխ XXXIV */
Ստրկավաճառը գնեց մեզ երկուսիս էլ և գամեց ընդհանուր շղթային, այնպես, որ մենք եզրափակում էինք թափորը։ Կեսօրին արդեն դուրս էինք գալիս քաղաքից, և ինձ շատ տարօրինակ ու արտառոց թվաց, որ ձեռքերն ու ոտքերը շղթայված Անգլիայի թագավորը ու նրա առաջին մինիստրը քայլում են ստրուկների քարավանում, ոչ մի ուշադրության չարժանանալով պարապ հանդիսականների կողմից, և անցնում են պատուհանների տակից, որոնց մոտ նստած են գեղատեսիլ ու բարի կանայք, ու ոչ միայն կարեկցանք, այլև հետաքրքրություն չեն առաջացնում նրանց սրտերում։ Վերջ ի վերջո այդ հանգամանքը միայն մի բան է ապացուցում, որ թագավորի մեջ ոչ մի աստվածային բան չկա, որ նա ոչնչով չի տարբերվում ամենաետին թափառաշրջիկից, քանի դուք դեռ չգիտեք, որ նա թագավոր է։ Բայց բավական է երևան հանել նրա հանգամանքը և, աստված իմ, շունչդ կտրվում է, երբ նրան ես նաում։ Մի խոսքով, ըստ իս, մենք բոլորս ապուշներ ենք։ Ի ծնե ապուշներ, անկասկած։
==Գլուխ XXXV==
Ցավալի արկած
Այս աշխարհը անակնկալների աշխարհ է։ Թագավորը մռայլ խոհերի մեջ ընկավ, դա բնական էր։ Ինչի՞ մասին էր խորհում, կարող եք հարցնել։ Գուցե՞ իր անսովոր անկումի մասին, թե ինչպես ցած գլորվեց աշխարհիս ամենաբարձր դիրքից մինչև ամենացածրը, ամենակարողությունից մինչև ոչնչություն, ամենաանվանիից մինչև անհայտություն, այն մասին, թե ինչպես լինելով աշխարհիս ամենամեծ մարդը, դարձավ նույն աշխարհի տականքներից մեկը։ Ոչ, արևս վկա, այդ չէր նրան տանջում։ Նրան առավել տանջողը այն միտքն էր, թե որքան էժան վաճառվեց ինքը։ Թագավորի մտքով իսկ չէր անցել, որ ինքը ընդամենը յոթ դոլար պիտի արժենա։ Իմանալով, թե ինչ մտքեր են նրան տանջում, ես այնպես ապշահար էի եղել, որ սկզբում չհավատացի․ դա անբնական թվաց ինձ։ Բայց երբ մտքերս պարզվեցին, և ես նորից ունակ եղա ճիշտ նայելու իրերին, հասկացա, որ սխալվել էի․ դա միանգամայն բնական էր։ Եվ իրոք, «թագավոր» հասկացությունը արհեստական է, և դրա համար էլ՝ որպես թագավորի, նրա ապրումները արհեստական էին, ոչ իրական, ինչպես լարովի պուպրիկինը։ Բայց որպես մարդ նա իրական էր, իրական էին նաև նրա մարդկային ապրումները, իսկ սովորական, միջին մարդու համար միշտ էլ տհաճ է, երբ նրան գնահատում են ավելի ցածր, քան ինքն է իրեն գնահատում։ Թագավորն էլ, իհարկե, բնավ բարձր չէր միջին մարդուց։
Նզովք ու անեծք։ Նա պարզապես ձանձրացրեց ինձ, աշխատելով ապացուցել, թե իսկական շուկայում իրեն կգնահատեին քսանհինգ դոլարից ոչ պակաս, ― դա կատարյալ անմտություն էր, աներես մեծամտություն, ես ինքս այդքան չէի արժենա։ Բայց, հարցը շատ նուրբ էր, որպեսզի վիճարկեի, և ես որոշեցի դիվանագիտորեն չառարկել։ Ստիպված էի խիղճս ծալել մի կողմ դնել և համարձակ հաստատել, որ իրոք հենց քսանհինգ դոլար էլ նա կարժենար։ Մինդեռ ինքս ինձ վստահ համոզված էի, որ դեռ աշխարհի արարչագործությունից այս կողմ չի եղել որևէ թագավոր, որը արժենար այդ գումարի նույնիսկ կեսը, իսկ հետագա տասներեք դարերում նրա համար չէին տա նույնիսկ քառորդը։ Այո, նա ձանձրացրել էր ինձ։ Ինչի մասին էլ խոսեր՝ եղանակի, բերքի, քաղաքականության, շների, կատուների, բարոյականության, աստվածաբանության, ես միայն հառաչում էի, գիտենալով, որ բոլոր այդ զրույցները անխուսափելիորեն պիտի հանգեն թշվառ յոթ դոլարին։ Բավական էր, որպեսզի կանգ առնեինք որևէ մարդաշատ վայրում, և նա անմիջապես պերճախոս հայացք էր նետում վրաս, որը պարզ ու հստակ ասում էր․ «Եթե այդ վաճառքը կարելի լիներ այստեղ կրկնել, դու կտեսնեիր, թե ինչ է իմ իսկական գինը»։ Երբ նրան վաճառում էին յոթ դոլարով, ես, պիտի խոստովանեմ, սկզբում նույնիսկ չարախնդում էի։ Իսկ այժմ նա այնպես էր ձանձրացրել ինձ իր նվնվոցով, որ երջանիկ կլինեի, եթե նրա համար կլոր հարյուր վճարեին։ Բայց այդ կարգի հույս չկար, քանի որ մեզ ամեն օր դիտում էին զանազան գնորդները և մեծ մասամբ այսպես էին արտահայտվում թագավորի մասին․
― Ահա մի երկուսուկես դոլարանոց ստմաբակ, որը ամբողջ երեսուն դոլարի գոռոզամտություն ունի։ Ափսոս, որ գոռոզությունը գրոշ չարժե։
Վերջ ի վերջո այդ կարգի դիտողությունները վատ արդյունքի հանգեցրին։ Ստրկավաճառը գործնական մարդ էր և վճռեց, որ այդ թերությունը անհրաժեշտ է դուրս նետել թագավորի միջից, եթե ուզում ես նրա համար գնորդ գտնել։ Եվ նա սկսեց դուրս նետել գոռոզամտությունը նորին վեհափառության սրբազան մարմնից։ Ես կարող էի որոշ արժեքավոր խորհուրդներ տալ այդ մարդուն, բայց բարվոք համարեցի չմիջամտել․ ստրկավաճառին առաջարկվող քո կամավոր խորհուրդներով գործը էլ ավելի կփչացնես։ Ես ինքս քիչ ժամանակ չկորցրեցի թագավորին հասարակ գյուղացու վերափոխելիս, և հաշվի առեք, որ նա այն ժամանակ հնազանդ ու ջանասեր աշակերտ էր։ Իսկ այժմ, ուժով ստիպել նրան թագավորական կեցվածքը ստրկականի փոխելու, համարյա անհնարին էր։ Եկեք մանրամասնությունների մեջ չմտնենք, ինքներդ արդեն կարող եք պատկերացնել։ Միայն պիտի նշեմ, որ շաբաթվա վերջին բոլոր վկայությունները կային այն մասին, թե մտրակը, դագանակը և բռունցքը տեսել են իրենց գործը, և թագավորի մարմնի ցավալի տեսքը մարդու լաց էր բերում։ Իսկ նրա ոգի՞ն։ Նրա ոգին մազաչափ անգամ չերերաց։ Նույնիսկ այդ ապուշ ստրկավաճառը ստիպված էր համոզվելու, որ երբեմն ստրուկն էլ մինչև մահ մարդ է մնում և, որ կարելի է ջարդել նրա ոսկորները, բայց չի կարելի կոտրել ոգին։ Վերջ ի վերջո ստրկավաճառը տեսավ, որ իր բոլոր ջանքերը ապարդյուն են, որ թագավորը հաղթանակ տարավ իր նկատմամբ, և նրան հանգիստ թողեց։ Բանն այն է, որ թագավորը ավելին էր, քան պարզ թագավոր, նա մարդ էր, իսկ իսկական մարդու միջից մարդկային հատկանիշները չես կարող դուրս նետել։
Մի ամբողջ ամիս շատ ծանր օրեր անցկացրինք, ետ ու առաջ դոփելով երկիրը և տանջվելով։ Եվ այդ ժամանակի ընթացքում ո՞ր անգլիացին էր ամենից շատ հետաքրքրվում ստրկության հարցով։ Նորին վեհափառություն թագավորը։ Այո՛։ Որքան նախկինում նա անտարբեր էր, այնքան այժմ հուզում էր նրան այդ հարցը։ Կյանքումս երբեք չէի տեսել ստրկությունը առավել ատող մարդ։ Եվ ես որոշեցի տալ նրան նույն հարցը, որ տվել էի մի քանի տարի առաջ և ստացել այնպիսի խստագույն պատասխան, որ այլևս սիրտ չէի անում անդրադառնալ դրան․ արդյո՞ք նա չի գտնում, որ անհրաժեշտ է վերացնել ստրկությունը։
Նրա պատասխանը նույնքան խիստ էր, որքան առաջ, բայց այս անգամ հնչեց որպես հաճելի երաժշտություն, թեպետ թագավորի բերանում սրբապղծությունը այնքան էլ հաջող չէր ստացվում և հայհոյական խոսքը իր տեղը գտավ դարձվածքի միջնամասում, այլ ոչ թե վերջում, որտեղ և պետք է լիներ։ Բայց ուրիշ բան ես չէի էլ ցանկանում լսել։
Այժմ ես սկսեցի մտածել ազատության մասին։ Նախկինում ես այդ չէի ուզում։ Ոչ, սխալ արտահայտվեցի։ Ես, իհարկե, ուզում էի, բայց կողմնակից չէի անօգուտ փորձեր անելուն և նույնիսկ թագավորին էլ ետ էի պահում։ Բայց այժմ․․․ օ՜, այժմ մթնոլորտը ուրիշ էր։ Ազատությունը այժմ արժեր ամեն ինչ։ Ես գործողության ծրագիր մշակեցի, որը նույնիսկ ինձ հիացրեց։ Դրա իրականացումը բավական ժամանակ և համբերություն էր պահանջում։ Կարելի էր, անշուշտ, նույնքան վստահելի և արագ միջոցներ գտնել, բայց առավել գեղեցիկ ու դրամատիկ՝ հնարավոր չէր։ Այնպես որ ես ձեռք չքաշեցի իմ ծրագրից։ Այն կստիպի մեզ դեռ մի քանի ամիս շղթաներ կրել․ դա ոչինչ, ես պետք է վախճանին հասցնեմ թատերական մտահղացումս։
Երբեմն֊երբեմն արկածներ էլ էին լինում։ Մի անգամ երեկոյան մենք ընկանք ձյան փոթորկի մեջ, երբ դեռ մի մղոնաչափ ճանապարհ էր մնում այն գյուղից, ուր գնում էինք։ Ձյունը այնքան թանձր էր, որ մի ակնթարթում մենք ասես մառախուղի մեջ հայտնվեցինք։ Շուրջը ոչինչ չէր երևում, և մենք մոլորվեցինք։ Ստրկավաճառը, նախատեսնելով իր սնանկացումը, անխնա գործածում էր մտրակը բայց դա միայն վնասում էր գործին, որովհետև մտրակը մեզ ավելի ու ավելի էր հեռացնում ճանապարհից, հետևաբար և որևէ օգնությունից։ Վերջապես ստիպված էինք կանգ առնել և խրվել ձյան մեջ։ Փոթորիկը շարունակվեց մինչև կեսգիշեր, ապա դադարեց։ Մինչ այդ մեր քարավանի երկու թույլ տղամարդ և երեք կին մեռել էին։ Մյուսները հազիվ կենդանի էին ու դժվարությամբ էին կարողանում շարժվել։ Ստրկավաճառը կատաղությունից կորցրել էր իրեն։ Որքան ձեռքերում ուժ կար, նա գործադրում էր մտրակը և ստիպում մեզ շարժումներ անել, որպեսզի վերականգնեինք մեր արյան շրջանառությունը։
Եվ ահա, թե ինչ պատահեց։ Հանկարծ ճիչ ու ողբ լսվեց և հեկեկալով, մի փախչող կին հայտնվեց։ Տեսնելով մեր խումբը, նա իրեն նետեց մեր մեջ ու պաշտպանություն խնդրեց։ Նրա ետևից վազում էր ջահեր վառած ամբոխը ու գոռում, թե այդ կինը վհուկ է, թե նա սպանում է կովերին ինչ֊որ մի տարօրինակ հիվանդությամբ, թե նրան օգնում է ինքը սև կատվի տեսքով սատանան։ Թշավառ կինը այնպես արնաթաթախ էր, այնպես քարկոծված, որ համարյա կորցրել էր մարդկային կերպարանքը։ Ամբոխը ուզում էր նրան այրել։
Է՜, ձեր կարծիքով ի՞նչ արեց մեր ստրկավաճառը։ Երբ մենք, պաշտպանելու համար, շրջապատեցինք այդ թշվառ արարածին, նա արագությամբ վճռեց իր օգուտը։ Նա ասաց, որ կնոջը ամբոխի ձեռքը կհանձնի միայն այն դեպքում, եթե նրան այրեն հենց այդտեղ։ Պատկերացնո՞ւմ եք։ Ամբոխը համաձայն էր։ Նրանք կնոջը կապեցին սյունին, շուրջը չոր փայտ կուտակեցին ու կրակ տվեցին։ Թշվառը գոռում էր, աղաչում, կրծքին սեղմելով իր փոքրիկ աղջիկներին։ Իսկ մեր քարասիրտ վայրենին, որ միայն իր շահի մասին էր հոգում, մեզ մտրակով ստիպեց շրջան կազմել խարույկի շուրջ և տաքանալ նույն կրակով, որը տարավ դժբախտ, անմեղ մոր կյանքը, մինչև որ մենք նորից կենդանություն չառանք և չվերականգնեցինք մեր շուկայական արժեքը։ Ահա թե ինչ տիպ էր մեր տերը։ Ես նրան նկատի առա հետագայի համար։ Այդ ձյան փոթորիկը նրա վրա ինը ստրուկ նստեց։ Եվ դրանից հետո շատ օրերի ընթացքում նա մեր նկատմամբ ավելի վայրենի էր վարվում, այնքան որ կատաղած էր իր կորստի պատճառով։
Արկած արկածի ետևից էր պատահում։ Մի օր դեմ առանք մի թափորի։ Եվ այն էլ ինչպիսի՜ թափորի։ Թվում էր, թե այնտեղ հավաքվել էին թագավորության բոլոր տականքները և, ընդ որում, բոլորն էլ հարբած էին։ Առջևից սայլ էր գնում, վրան մի դագաղ դրված, իսկ դագաղին նստած էր մոտ տասնութ տարեկան սիրունատես մի կին, որը կուրծք էր տալիս երեխային։ Կինը անընդհատ իրեն էր սեղմում մանկիկին, նրա դեմքից սրբում իր իսկ աչքերից կաթած արցունքները, իսկ փոքրիկը երջանիկ ժպտում էր, իր փամփլիկ թաթիկներով կառչելով մոր կրծքից։ Դժբախտ մայրն էլ փայփայում, գգվում էր նրան։
Տղամարդիկ ու կանայք, տղաներն ու աղջիկները, պարելով, գոռգոռալով վազում էին սայլի ետևից ու կողքերից, հայհոյում էին, աստծուն անարգում, անառակ երգեր երգում․ դա մի զզվելի տեսարան էր, դևերի կատարյալ տոնահադես։ Մենք արդեն հասել էինք Լոնդոնի պատերին և արվարձաններին, և սա էլ լոնդոնյան հասարակության մի նմուշ էր։ Մեր տերը մեզ համար լավ տեղ ճարեց կախաղանի մոտ։ Քահանան արդեն սպասում էր այստեղ, և նա օգնեց աղջկան հարթակի վրա բարձրանալ, մխիթարական խոսքեր շշնջաց ու շերիֆի օգնականին հրահանգեց նրա համար աթոռակ ճարել։ Ապա ինքն էլ կանգնեց հարթակի վրա աղջկա կողքին, մի քանի վայրկյան նայեց անմիջապես մոտերքը կանգնած խիտ ամբոխին, դեպի ինքը դարձած բազմաթիվ դեմքերին ու սկսեց պատմել թշվառ կնոջ պատմությունը։ Նրա ձայնի մեջ խղճահարություն հնչեց, ― ի՜նչ հազվադեպ էր հնչում խղճահարությունը այս վայրենի, տհաս երկրում։ Ես հիշում եմ նրա պատմածի ամենաաննշան մանրամսնությունն անգամ, միայն մոռացել եմ նրա բառերը, և դրա համար էլ պիտի պատմեմ իմ բառերով։
«Օրենքը պետք է արդարացի լինի։ Երբեմն այն սխալվում է։ Բայց ի՞նչ կարող ես անել։ Մեզ մնում է միայն հնազանդվել, մորմոքվել և աղոթել նրանց հոգիների համար, ում անճիշտ կերպով է պատժել օրենքը, և ցանկալ, որ նմանների թիվը նվազ լինի։ Օրենքը մահվան է դատապարտել այս թշվառ ջահել էակին, և օրենքը իրավացի է։ Բայց մի ուրիշ օրենք ստիպել է նրան կամ հանցագործություն անել, կամ էլ սովամահ լինել իր մանկիկի հետ, և այդպիսի օրենքը պատասխան պիտի տա աստծու առջև և նրա հանցագործության, և նրա ամոթալի մահվա համար։
Դեռ մի փոքր առաջ, այս ջահել էակը, այս տասնութամյա մանկիկը ամենաերջանիկ մայրերից ու կանանցից մեկն էր ամբողջ Անգլիայում։ Նրա շրթունքներին միշտ երգ էր հնչում, որը թարգմանն է երջանիկ ու անմեղ սրտերի։ Նրա ջահել ամուսինը նույնքան երջանիկ էր, որքան կինը։ Կատարելով իր պարտքը, վաստակելով իր հացը, նա ազնվորեն աշխատում էր առավոտից մինչև երեկո, հենարանն ու պաշտպանն էր ընտանիքի և իր բաժինն էր մուծում ազգիս բարեկեցությանը։ Բայց նենգ օրենքը մի ակնթարթում ավերեց այդ սուրբ օջախը։ Ջահել ամուսնուն կալանեցին, խարանեցին և ծով ուղարկեցին։ Կինը ոչինչ չգիտեր այդ մասին։ Նա ամենուրեք փնտրում էր ամուսնուն, ամենաքար սրտերն անգամ հուզելով իր աղաչանքով, որը պերճախոս վկայում էր նրա հուսաբեկությունը։ Շաբաթներ էին սահում, նա սպասում էր ամուսնուն, հույսեր կապում, բայ կամաց֊կամաց նրա միտքը խանգարվում էր վշտից։ Վերջապես եկավ օրը, երբ նրա բոլոր փոքրիկ խնայողությունները ցամաքեցին։ Ու երբ այլևս վարձ տալ չէր կարող, նրան փողոց շպրտեցին։ Նա մուրում էր, քանի դեռ ուժը չէր լքել նրան։ Կուրծքը կտրվեց կաթից, այդ ժամանակ նա քառորդ ցենտի արժողությամբ մի կտոր քաթան գողացավ, հույս ունենալով, թե կվաճառի այն ու կփրկի իր մանկիկին ստույգ մահից։
Բայց քաթանի տերը բռնեց նրան։ Նրան զնդան նետեցին ու դատի հանձնեցին։ Քաթանագործը երդումով հաստատեց գողության փաստը։ Կնոջը դատապաշտպան տրամադրեցին, և դատավճռի մեղմացման համար հրապարակեցին նրա տխուր պատմությունը։ Նա ինքն էլ ձայն ստացավ և պատմեց, թե իրոք գողացել է քաթանը, սակայն միտքը վշտից խանգարվել էր և, երբ քաղցը տիրեց նրան, նա այլևս դադարեց հասկանալ՝ լավ, թե վատ քայլ է անում ինքը, գիտակցելով միայն մի եզակի բան, որ սարսափելի քաղցած է։ Սկզբում բոլորը հուզվել էին և հակված էին գթասրտություն ցույց տալ, տեսնելով, որ նա այդպես ջահել է ու միայնակ, այդպես արժանի է ափսոսանքի, որ աղջկան հանցագործության մղած միակ մեղավորը նրան հենարանից զրկող օրենքն է եղել։ Այստեղից առարկեց մեղադրողը, ասելով, որ թեպետ այդ ամենը ճիշտ է և միանգամայն արժանի ափսոսանքի, բայց վերջին շրջանում այնքան նախադեպ են մանր գողությունները, որ անհարիր դրսևորված գթասրտությունը կարող է սպառնալիք դառնալ սեփականության դեմ (օ՜, աստված իմ, մի՞թե բրիտանական օրենքի համար ավերված ընտանեկան օջախը, որբացած երեխաները, փշրված սրտերը ոչ մի արժեք չունեն և մի՞թե դրնաց պաշտպանել պետք չէ), և այդ պատճառով, նա ստիպված է պատիժ պահանջել։
Երբ դատավորը դրեց իր սև թասակը ու արտասանեց ճակատագրական բառերը, գողացված քաթանի տերը օրորվելով վեր կացավ, նրա դեմքը մոխիր էր կտրել և դողդողացող շրթունքներով բացականչեց․
― Օ՛հ, խե՜ղճ երեխա, խե՜ղճ երեխա։ Ես չգիտեի, որ դրա համար նրան մահապատիժ է սպառնում, ― և վար ընկավ, կտրված ծառի նման։
Երբ նրան բարձրացրին, ուղեղը խանգարվել էր, ու դեռ արևը մայր չմտած, նա ինքնասպանություն գործեց։ Լավ մարդ էր, մարդ, որ իսկական սիրտ ուներ։ Գումարեցեք այս սպանությունն էլ այն մեկին, որ քիչ հետո այստեղ պիտի կատարվի, և թող դրա համար պատասխանատվություն կրեն նրանք, ովքեր պարտավոր են՝ Բրիտանիայի տիրակալները և դաժան օրենքները։ Ժամն է արդեն, աղջիկս, թող աղոթեմ, աղոթեմ ոչ քեզ համար, խեղճ, նվաստացած և անմեղ սիրտ, այլ նրանց համար, ովքեր մեղավոր են քո մահվան մեջ, նրանց համար ավելի անհրաժեշտ է իմ աղոթքը։
Աղոթքից հետո, ջահել աղջկա պարանոցը անցկացրին օղակը, բայց ստիպված էին բավականին չարչարվել պարանը կապելու համար, քանի որ նա անընդհատ դեմքին էր սեղմում մանկիկին, համբուրում, արցունքներով ողողում նրան մերթ հեկեկալով, մերթ ճչալով, իսկ մանկիկը հիացմունքով ծիծաղում էր, տոտիկներով խփում մորը, երևի կարծելով, թե իր հետ խաղում են։ Նույնիսկ դահիճը չկարողացավ նայել, և շրջեց գլուխը։ Երբ ամեն ինչ պատրաստ էր, քահանան քնքշորեն, բայց համառությամբ վերցրեց երեխային մոր ձեռքերից ու սկսեց փութով իջնել հարթակի վրայից։ Կինը տարածեց ձեռքերը և ճիչ արձակելով կատաղի նետվեց դեպի երեխան։ Բայց պարանն ու շերիֆի օգնականը ամուր բռնել էին նրան։ Այդ ժամանակ նա ծունկի իջավ և, ձեռքերը պարզելով, սկսեց աղաչել․
― Մի համբույր էլ։ Օ՜, աստված իմ, մի համբույր էլ, մի համբույր էլ։ Սա մեռնողի աղաչանք է։
― Օ՜, մանկիկս, թանկագին մանկիկս, նա կմեռնի։ Նա ո՛չ տուն ունի, ո՛չ բարեկամ, ո՛չ հայր, ո՛չ մայր․․․
― Նա ամեն ինչ ունի, ― ասաց բարի քահանան։ ― Քանի կենդանի եմ, ես կլինեմ նրա համար ամեն ինչ։
Եթե տեսնեիք նրա դեմքը այդ պահին։ Երախտապարտությո՞ւն։ Խոսքերով անհնարին է նկարագրել նրա արտահայտությունը։ Բառերը լավ նկարված բոց են։ Իսկ նրա հայացքի մեջ կենդանի, անմահական բոց էր։ Նա բոցառատ հայացք նետեց և տարավ իր հետ այդ հայացքը երկնքի գանձարանը, որտեղ էլ պետք է գտնվի յուրաքանչյուր աստվածային բան։
==Գլուխ XXXVI==
Հանդիպում խավարի մեջ
Լոնդոնը ստրուկի համար բավականին հետաքրքրական տեղ էր։ Դա ըստ էության մի վիթխարի գյուղ էր, ցեխով ու ծղոտով լեցուն։ Փողոցները ծուռտիկ էին, չսալարկված, կեղտոտ։ Բնակչությունը մշտաշարժուն մի ամբոխ էր, որ հագնված էր և՛ ցնցոտիներ, և՛ մետաքսներ, ծածանվող փետուրներ և՛ փայլփլուն զրահներ։ Թագավորը այստեղ պալատ ուներ։ Նա հեռվից տեսավ իր ապարանքը և հառաչեց, այո, և հայհոյեց, այնպես անփորձ, մանկական ձևով, ինչպես հայհոյում էին վեցերորդ դարում։ Մենք ծանոթ ասպետներ ու ազնվականներ տեսանք, բայց մեզ՝ կապտուկներով, ցնցոտիապատ, ցեխակոլոլ, նրանք չճանաչեցին, չէին էլ ճանաչի, եթե մենք նրանց ձայն տայինք, նույնիսկ կանգ էլ չէին առնի մեզ պատասխանելու համար, քանի որ իրավունք չունեին զրուցելու շղթային գամված ստրուկի հետ։ Ինձնից տաս յարդի վրա անցավ Սենդին՝ ջորի հեծած, հավանաբար, ինձ էր փնտրում։ Բայց վերջնականապես կոտրեց սիրտս այն, ինչ պատահեց մեր հին տաղավարի դիմաց՝ հրապարակի վրա։ Մինչ մենք դիտում էինք, թե ինչպես են ողջ֊ողջ եփում դրամանենգին, հանկարծ մի լրագրավաճառ հայտնվեց, և ես սիրտ չարեցի ձայն տալ նրան։ Մի բան մխիթարում էր ինձ․ ուրեմն Քլարենսը կենդանի է և գործում է։ Ես հաստատ վճռեցի, որ շուտով մենք միասին կլինենք, և այդ միտքը անասելի չափով սրտապնդեց ինձ։
Ինձ շատ սրտապնդեց նաև այն, որ մի օր տանիքից֊տանիք ձգվող հաղորդալար նկատեցի։ Անկասկած, դա հեռագիր կամ հեռախոս էր։ Երանի թե մի կտոր ունենայի այդ լարից, ահա միակ բանը, որի կարիքը զգում էի։ Այն անհրաժեշտ էր ինձ փախուստի իմ ծրագիրը իրագործելու համար։ Իսկ ծրագիրս այսպիսին էր․ որևէ կերպ, գիշերով, ազատել ինձ և թագավորին, կապել ստրկավաճառին, լաթ խրել նրա բերանը, նրա հետ փոխել մեր հագուստները, քոթակել նրան անճանաչելիության աստիճան, գամել ստրուկների շղթային, դառնալ ստրուկների քարավանի տերը, գնալ Քամելոտ և․․․
Բայց դուք արդեն հասկացաք իմ ծրագիրը։ Տեսնում եք, թե ինչպիսի ցնցիչ դրամատիկական անակնկալ էի պատրաստել արքունիքի համար։ Այս ամբողջը իրականանալի էր , եթե միայն մի կտոր երկաթյա հաղորդալար ճարեի, որից կարելի լիներ կեռ բանալի պատրաստել։ Այդ ժամանակ ես կբանայի մեղ շղթաների կողպեքները։ Բայց բախտս երբեք չէր ժպտացել, ոչ մի անգամ ոչ մի կտոր երկաթ չէր պատահել իմ ճանապարհին։ Եվ հանկարծ հարմար առիթ եղավ։ Մի ջենտլմեն, որը արդեն երկու անգամ ապարդյուն եկել էր ինձ գնելու, մի անգամ էլ եկավ։ Ես գիտեի, որ նա ինձ չի առնի, քանի որ ստրկավաճառը հենց սկզբից այնպիսի մի ահռելի գին էր դրել ու համառում էր, որ միայն զայրույթ ու ծաղր էր առաջացնում։ Նա ինձ համար քսաներկու դոլար էր պահանջում և ոչ մի ցենտ զիջելու տրամադրություն չէր դրսևորում։ Թագավորի թիկնեղ կազմվածքով հիանում էին, բայց նրան չէին գնում թագավորական կեցվածքի համար․ այդպիսի ստրուկներ ոչ ոքի պետք չէին։ Ես համոզված էի, որ նրանից չեմ բաժանվի, քանի որ ինձ համար շատ թանկ վճար էին պահանջում։ Ոչ, ես հույս չունեի, թե կդառնամ ջենտլմենի սեփականություն, բայց նա ինձ հետաքրքրում էր ահա թե ինչու․ նա մի բան ուներ, որ ես վճռել էի դարձնել իմ սեփականությունը, եթե նա հաճախ սկսի երևալ մեր կողմերում՝ երկար պողպատյա քորոց, որով նա առջևից ամրացնում էր իր մահուդե թիկնոցը։ Այդպիսի քորոցներ նա երեք հատ ուներ։ Երկու անգամ նա հուսախաբ էր արել ինձ, որովհետև բավականին մոտ չէր գալիս։ Բայց մի անգամ բախտս ժպտաց, ես դուրս քաշեցի ամենացածի քորոցը, իսկ նա, կորուստը նկատելով, հավանաբար որոշեց, թե վայր է գցել ճանապարհին։
Ես շատ ուրախացա, բայց ուրախությունս տևական չեղավ։ Երբ գործարքը, ինչպես միշտ, տեղի չունեցավ, ստրկավաճառը հանկարծ ասաց այն, ինչ ժամանակակից անգլերենով կնշանակեր հետևյալը․
― Ես ձեզ կասեմ, թե ինչ եմ ուզում անել։ Ինձ ձանձրացրել են այս երկու անպետք ստրուկները։ Քսաներկու դոլար տվեք այս մեկի համար և մյուսը ձեզ որպես հավելում կտամ։
Թագավորի շունչը կտրվեց զայրույթից։ Նա սկսեց խեղդվել ու հազալ, իսկ այդ ժամանակ ստրկավաճառն ու ջենտլմենը շարունակում էին զրույցը։
― Եթե ժամանակ ունենամ մտածելու․․․
― Վաղը այս ժամին դուք ինձ պատասխան կտաք։
― Լավ, վաղը ճիշտ այս ժամին ես ձեզ կպատասխանեմ, ― ասաց ջենտլմենը և անհետացավ։ Ստրկավաճառը նույնպես գնաց։
Ես օգտվեցի դրանից, հանգստացնելու համար թագավորին, և շշնջացի նրա ականջին․
― Ձերդ վեհափառությունը անվճար կարձակվի այս շղթայից, բայց ոչ այնպես, ինչպես նրանք են կարծում։ Ես կարձակվեմ նույն կերպ։ Այս գիշեր երկուսս էլ կազատվենք։
― Օ՛հ, ինչպե՞ս։
― Ահա այս բանի օգնությամբ, որը ես գողացա, կբացեմ կողպեքները ու կնետեմ շղթաները։ Երբ ինն անց կեսի մոտերքը ստրկավաճառը գա գիշերվա համար մեզ ստուգելու, մենք կբռնենք նրան, բերանը կփակենք, կծեծենք ու առավոտյան ծեգին կհեռանանք քաղաքից որպես ստրուկների քարավանի տերեր։
Ահա այսքան էր իմ ամբողջ ասածը, բայց թագավորը հիացավ։ Նույն երեկոյան մենք համբերությամբ սպասում էինք, որ մեր լծակից֊ստրուկները քնեն։ Չէր կարելի վստահել այդ թշվառականներին և, առհասարակ, ավելի լավ էր գաղտնիքը ոչ ոքի չհայտնել։ Նրանց քաշքշուկը սովորականից երկար չտևեց, բայց ինձ այդպես չէր թվում։ Ինձ թվում էր, թե նրանք հավիտյան պետք է դադար չառնեն։ Ժամանակը առաջանում էր, ես էլ նյարդայնանում էի ու ապարդյուն փորձեր արեցի, բայց դրանցով ավելի ու ավելի էի հետաձգում գործը․ բավական էր խավարի մեջ դիպչել շղթային, որ այն սկսում էր որոտալ, զարթնեցնում էր մեկին, սա էլ մրթմրթում էր ու զարթնեցնում մյուսներին։
Վերջապես ինձ հաջողվեց հանել շղթաները, և ես դարձյալ ազատ մարդ էի։ Թեթևության մի խոր շունչ քաշեցի և ձեռքս մեկնեցի թագավորի շղթաներին։ Ավաղ, անչափ ուշ էր։ Դեպի մեզ էր գալիս ստրկավաճառը՝ մի ձեռքում վառվող մոմ, մյուսում մի ծանր ձեռնափայտ բռնած։ Ես կիպ սեղմվեցի քնածներին, աշխատելով հնարավորին չափ թաքցնել, որ ես շղթայազերծ եմ, նույն ժամանակ աչալուրջ հետևում էի և պատրաստ էի ցատկել ու նետվել նրա վրա, հենց որ մոտենար ինձ։
Բայց նա չմոտեցավ։ Կանգ առավ, ցրված հայացքը պտտեց մարդկային մութ զանգվածի վրա, ակնհայտորեն ինչ֊որ ուրիշ բանի մասին մտածելով, ապա հանգցրեց իր մոմը, ուղղվեց դեպի ելքը, և մինչ ես փորձում էի կռահել, թե այլևս ինչ պետք է անի, նա դուրս գնաց և իր ետևից ծածկեց դուռը։
― Շտա՛պ, ― ասաց թագավորը։ ― Վերադարձրու նրան։
Իհարկե, դա անհրաժեշտ էր անել, և ես անմիջապես դուրս նետվեցի։ Բայց, աստված իմ, չէ որ այդ ժամանակներում փողոցային լապտերներ չկային, իսկ դրսում էլ այնպիսի խավար էր։ Այնուամենայնիվ, ինձնից մի քանի քայլ հեռու մարդկային ինչ֊որ մի աղոտ մարմին նկատեցի։ Ես նետվեցի նրա վրա, և այ թե բան սկսվեց հա՜։ Մենք կռվում էինք, թակում իրար։ Անմիջապես ամբոխ հավաքվեց։ Հանդիսականները արտակարգ հետաքրքրություն դրսևորեցին տուրուդմբոցի նկատմամբ և զվարթ ու բարեմիտ խոսքերով խրախուսում էի մեզ։ Հանկարծ, մեր թիկունքում մի ուրիշ մեծ տուրուդմբոց սկսվեց, և մեր հանդիսատեսների կեսից ավելին նետվեց այն կողմ, իր համակրանքները նոր տեղում բաշխելու համար։ Բոլոր ուղղություններից մեզ մոտ շտապող լապտերներ փայլեցին․ պահակներ էին, որ հավաքվում էին հեռուներից ու մոտակա վայրերից։ Մի գեղարդ կպավ մեջքիս, և ես գլխի ընկա, թե դա ինչ է նշանակում, ես կալանված էի։ Իմ հակառակորդը նույնպես։ Պահակների ուղեկցությամբ մեզ բանտ առաջնորդեցին։ Ի՜նչ դժբախտություն։ Ամբողջ իմ նրբորեն մշակված ծրագիրը փչացավ։ Ես փորձում էի պատկերացել․ ի՞նչ կլինի, երբ ստրկավաճառը տեսնի, թե ով էր իր հետ կռվողը և, ի՞նչ պիտի լինի, երբ մեզ միասին բանտ նստեցնեն, կռվազանների և մանր խարդախների ընդհանուր խուցը նետեն, ի՞նչ պիտի լինի․․․
Այդ պահին հակառակորդս դեպի ինձ դարձրեց դեմքը, պահակի լապտերի աղոտ լույսը ընկավ նրա վրա և․․․ Օ՜, սուրբ Գևորգի գլուխը վկա․․․ նա ստրկավաճառը չէր։