Changes
[[Կատեգորիա:Դետեկտիվ]]
Ծննդյան տոնի երրորդ օրը ես գնացի բարեկամիս՝ Շերլոկ Հոլմսին շնորհավորելու։ Կարմիր խալաթը հագին, նա պառկած էր գահավորակի վրա՝ աջ կողմը ծխախոտով լցված մի քանի ծխամորճ, իսկ ձախ կողմը՝ առավոտյան լրագրերի մի կույտ, որը, ըստ երեւույթին, հենց նոր էր աչքի անցկացրել։ Գահավորակի կողքին դրված էր մի աթոռ, որի թիկնակից կախված էր թաղիքե հնամաշ եւ ծակծկված խղճուկ մի շլյապա։ Հոլմսը, հավանաբար շատ ուշադիր էր ուսումնասիրել այդ գլխարկը, քանի որ հենց այդտեղ՝ աթոռի նստելատեղին ընկած էին պինցետն ու խոշորացույցը։
— Դուք զբաղված եք,— ասացի։— Վախենում եմ, որ խանգարեմ ձեզ։
— Ամենեւին,— պատասխանեց նա։— Ուրախ եմ, որ ընկեր կա, ում հետ կարող եմ զրուցել իմ հետազոտությունների արդյունքների մասին։Ինչպես տեսնում եք, այս իրը շատ սովորական է, ― նա բութ մատով ցույց տվեց հին գլխարկը, ― բայց սրա հետ կապված են մի քանի ուշագրավ դեպքեր, որոնք զուրկ չեն նույնիսկ որոշ ուսանելի կողմերից։ Ես նստեցի բազկաթոռին և սկսեցի ձեռքերս տաքացնել բուխարիկի մոտ, որտեղ ճարճատում էր կրակը։ Ուժեղ սառնամանիք էր․ լուսամուտները ծածկվել էին սառցե զարդանկարների թանձր շերտով։ ― Թեև այս գլխարկը շատ հասարակ տեսք ունի, բայց երևի կապված է որևէ արյունալի պատմության հետ, ― նկատեցի ես։ ― Հավանաբար դա կծառայի որպես բանալի ինչ֊որ սարսափելի գաղտնիքներ բաց անելու համար, և դրա շնորհիվ ձեզ կհաջողվի մերկացնել ու պատժել հանցագործին։ Շերլոկ Հոլմսը ծիծաղեց։ ― Ո՛չ, ո՛չ, ― ասաց նա, ― ոչ թե հանցագործություն, այլ մանր, ծիծաղելի մի էպիզոդ է, որ միշտ էլ կարող է պատահել այսպիսի մի տեղ, ուր չորս միլիոն մարդ խռնված է մի քանի քառակուսի մղոն տարածության վրա։ Մարդկային այսպիսի մի վիթխարի փեթակում միշտ էլ հնարավոր են փաստերի ուզածդ կոմբինացիաները, որոնք չափազանց առեղծվածային լինելով հանդերձ, այնուամենայնիվ իրենց մեջ որևէ հանցագործություն չեն թաքցնում։ Մեզ արդեն վիճակվել է նման դեպքերի հետ գործ ունենալ։ ― Եվ այն էլ ոնց է պատահել, ― բացականչեցի ես։ ― Նկարագրածս վերջին վեց միջադեպերից երեքը ոչ մի անօրեն բան չէին պարունակում։ ― Միանգամայն ճիշտ է։ Չեմ կասկածում, որ այս չնչին դեպքը ևս նույնքան անմեղ դուրս կգա։ Դուք Պետերսընին ճանաչո՞ւմ եք, թղթատարին։ ― Այո՛։ ― Այս ավարը նրան է պատկանում։ ― Այսինքն՝ սա նրա շլյապա՞ն է։ ― Ո՛չ, ո՛չ, նա գտել է։ Գլխարկի տերն անհայտ է։ Փորձեցեք սրան նայել ոչ թե հնոտիի տեղ դնելով, այլ իբրև լուրջ մի խնդրի․․․ Ամենից առաջ ձեզ պատմեմ, թե այս գլխարկն ինչպես է ընկել այստեղ։ Սա հայտնվեց ծննդյան տոնի առաջին օրը հրաշալի, յուղոտ մի սագի հետ միասին, որը հենց հիմա տապակվում է Պետերսընի խոհանոցում։ Դեպքն այսպես է եղել։ Ծննդյան տոնի օրը, առավոտյան ժամը չորսին, Պետերսնը, որն, ինչպես գիտեք, մի ազնիվ ու պատվաժան մարդ է, խնջույքից տուն վերադառնալիս է եղել Տոտենհեմ֊Կոորտ֊րոդ փողոցով։ Գազային լապտերի լույսով նա նկատել է, որ իր առջևից, թեթևակի ճոճվելով, գնում է ինչ֊որ մի բարձրահասակ անձնավորություն և ուսին դրած տանում է ձյունափայլ մի սագ։ Հուջ֊ստրիտի անկյունում անծանոթի հետևից են ընկել խուլիգանները։ Նրանցից մեկը խփել֊գցել է նրա գլխարկը։ Պաշտպանվելու համար անծանոթը ձեռնափայտը բարձրացրել է, որ խփի և պատահաբար դիպցրել է իր թիկունքում գտնվող խանութի ցուցափեղկին։ Ապակին փշուր֊փշուր է եղել։ Պետրսընը նետվել է առաջ, որ օգնի անծանոթին, բայց ապակին ջարդելուց ցնցված դժբախտը հենց որ տեսել է իր կողմը վազող մարդուն, սագը ցած է գցել ու ինչքան ոտքերում ուժ կար՝ սլացել է առաջ և անհետացել Տոտենհեմ֊Կոորտ֊րոդի հետևն ընկած ոչ մեծ նրբանցքների լաբիրինթոսում։ Պետերսընը եղել է համազգեստով, և հենց դա էլ, հավանաբար, ամենից շատ է վախեցրել փախստականին։ Եվ որովհետև Պետերսընի հայտնվելու հետ միասին խուլիգանները փախել են դես ու դեն, թղթատարը մարտի դաշտում մնացել է մենակ և դարձել տերն այն բարիքի, որ բաղկացած է այս հիշարժան շլյապայից ու մի ընտիր սագից․․․ ― ․․․ որը Պետերսոնը, իհարկե, վերադարձրել է անծանոթին։ ― Այ, հենց հանելուկն էլ դա է, սիրելիս։ Ո՞վ է այդ անծանոթը և որտե՞ղ է ապրում։ Ճիշտ է, սագի ձախ ոտքին կապած փոքրիկ քարտի վրա գրված էր «միսսիս Հենրի Բեյքըր», ճիշտ է և այն, որ անվան «Հ․ Բ․» սկզբնատառերը հնարավոր է նշմարել այս գլխարկի աստառի վրա։ Բայց քանի որ քաղաքում մի քանի հազար Բեյքըրներ են ապրում ու դրանց թվում մի քանի հարյուր Հենրի Բեյքըրներ, հեշտ չէ կորցրած սեփականությունը վերադարձնել նրանցից մեկնումեկին։ ― Իսկ ի՞նչ արեց Պետրսընը։ ― Նա պարզապես այստեղ բերեց և՛ սագը, և՛ գլխարկը, գիտենալով, որ ինձ զբաղեցնում է նույնիսկ ամենաչնչին հանելուկների լուծումը։ Սագը մենք պահեցինք ընդհուպ մինչև առավոտ, երբ պարզ դարձավ, որ, չնայած սառնամանիքին, ավելի լավ է սագին ուտել՝ առանց հետաձգելու։ Պետերսընը սագը տարավ ու փառավորապես հյուրասիրվեց, իսկ ինձ մոտ մնաց ծննդյան տոնի իր ընթրիքը կորցրած անծանոթի գլխարկը։ ― Նա լրագրում հայտարարություն չի՞ տվել։ ― Ոչ։ ― Հապա ինչպե՞ս կիմանաք, թե ով է նա։ ― Միայն խորհրդածությունների միջոցով։ ― Խորհրդածություններ այս շլյապայի հայտնվելու հիման վրա՞։ ― Իհարկե։ ― Կատակ եք անում։ Ի՞նչ կարելի է դուրս քաշել այս հին, պատառոտված թաղիքից։ ― Ահա իմ խոշորացույցը։ Վերցրեք և այս գլխարկի նկատմամբ փորձեցեք կիրառել իմ մեթոդը։ Չէ՞ որ դա ձեզ քաջ հայտնի է։ Ի՞նչ կարող եք ասել այն մարդու մասին, որին պատկանում էր այս գլխարկը։ Ես վերցրի պատառոտված գլխարկն ու ձանձրույթով շուռումուռ տվի։ Ամենասովորական, սև ու կլոր մի շլյապա էր դա, կոշտ, չափից դուրս մաշված։ Մետաքսե աստառը մի ժամանակ կարմիր է եղել, բայց հետո գույնը գցել է։ Ֆաբրիկայի դրոշմը ես չկարողացա գտնել, բայց, ինչպես և ասել էր Հոլմսը, ներսը՝ կողքի վրա երևում էին անվան և ազգանվան սկզբնատառեր՝ «Հ․ Բ»։ Եզրին ես նկատեցի փոքրիկ մի ծակ՝ գլխարկը պահող ռետինե կապի համար, բայց կապը չկար։ Ընդհանրապես գլխարկը պատառոտված էր, կեղտոտ ու բծերով ծածկված, բայց և այնպես նկատելի էին բծերը թանաքով ծածկելու փորձեր։ ― Ոչ մի բան չեմ տեսնում այստեղ, ― ասացի ես, գլխարկը վերադարձնելով Շերլոկ Հոլմսին։ ― Ոչ, Ուոտսըն, դուք ամեն ինչ տեսնում եք, բայց ձեզ նեղություն չեք տալիս խորհրդածելու այն բանի մասին, ինչ տեսնում եք։ Դուք չափազանց անհամարձակ եք ձեր տրամաբանական դատողությունների մեջ։ ― Այն դեպքում խնդրեմ ասացեք, թե այս շլյապան զննելուց ի՞նչ եզրակացություն եք անում դուք։ Հոլմսը ձեռքն առավ գլխարկն ու միայն իրեն հատուկ թափանցող հայացքով սկսեց խորազնին դիտել։ ― Իհարկե, այստեղ ամեն ինչ չէ, որ բավականաչափ պարզ է, ― նկատեց նա, ― բայց որոշ բաներ կարելի է առանց սխալվելու հաստատել, իսկ որոշ բաներ մեծ հավանականությամբ ենթադրել։ Միանգամայն ակնհայտ է, օրինակ, որ սրա կրողը մեծ խելքի տեր մարդ է և որ երեք տարի առաջ նա կարգին փող է ունեցել, իսկ այժմ սև օրեր են եկել նրա համար։ Նա միշտ կանխատեսող է եղել, միշտ հոգ է տարել վաղվա մասին, իսկ հիմա մի փոքր վհատվել է։ Քանի որ նրա կյանքն առաջվա պես բարվոք չէ, մենք իրավունք ունենք ենթադրելու, որ նա սկսել է զբաղվել որևէ կորստաբեր արատով, կարող է պատահել՝ հարբեցողությամբ։ Հավանաբար հենց դրա համար էլ կինն այլևս չի սիրում նրան․․․ ― Իմ Հո՜լմս, սիրելի՜ս․․․ ― Բայց և այնպես նա որոշ չափով դեռ պահպանել է իր արժանապատվությունը, ― շարունակեց Հոլմսը, ուշադրություն դարձնելով իմ բացականչությանը։ ― Նա նստակյաց կյանք է վարում, հազվադեպ է դուրս գալիս տնից, սպորտով ամենևին չի զբաղվում։ Միջին տարիքի մարդ է, սպիտակած, մազերին ներկ է քսում և վաղուց չէ, որ խուզվել է։ Այս բոլորի վրա կարող եմ ավելացնել, որ նրա տանը գազային լուսավորություն չկա։ ― Դուք, իհարկե, կատակում եք, Հո՛լմս։ ― Ամենևին։ Մի՞թե նույնիսկ այժմ, երբ ձեզ ամեն ինչ պատմեցի, դուք չեք հասկանում, թե ինչպես իմացա այդ բոլորը։ ― Ուզում եք՝ ինձ ապուշ համարեցեք, բայց պետք է խոստովանեմ, որ ես ի վիճակի չեմ հասնել ձեր մտքերի ընթացքին։ Օրինակ, ինչի՞ց իմացաք, որ այդ մարդը շատ խելացի է։ Պատասխանի փոխարեն Հոլմսը շլյապան քաշեց գլուխը։ Գլխարկը ծածկեց նրա ճակատն ու դեմ առավ քթարմատին։ ― Տեսնո՞ւմ եք ինչպիսի խորանարդային չափեր են, ― ասաց նա։ ― Չի կարող բոլորովին դատարկ լինել այսքան մեծ ուղեղը։ ― Լավ, իսկ ինչի՞ց իմացաք, որ նա աղքատացել է։ ― Այս գլխարկը երեք տարեկան է։ Ծայրերը ոլորված տափակ եզրերն այն ժամանակ շատ ընդունված էին։ Շլյապան բարձրորակ է։ Մի նայեք այս մետաքսի ժապավենին, այս հիանալի աստառին․․․ Եթե երեք տարի առաջ այդ մարդը ի վիճակի էլ գնել այսքան թանկարժեք գլխարկ, ու այդ օրվանից չգնել և ոչ մեկը, միանգամայն պարզ է, որ նրա գործերը լավ չեն գնացել։ ― Դե լավ, այդ հարցում, թերևս ճշմարիտ եք․ բայց որտեղի՞ց իմացաք, որ նա կանխատեսող մարդ է և որ ներկայումս հոգեկան անկում է ապրում։ ― Ահա այդ կանխատեսությունը, ― ասաց բարեկամս ցույց տալով փոքրիկ ծակը ռետինե կապի համար։ ― Ռետինե կապեր երբեք գլխարկների հետ չեն ծախում, դրանք առանձին պիտի գնել։ Երբ որ այդ մարդը ռետինե կապ է գնել ու կարգադրել ամրացնել գլխարկին, նշանակում է, նա մտահոգվել է, որ քամին շլյապան չթռցնի։ Բայց ռետինե կապը կտրվել է, և նա նորը չի սարքել, իսկ դա նշանակում է, որ այդ մարդն առաջ հոգացել է իր արտաքինի մասին, իսկ այժմ վհատվել է և, այսպես ասած, ձեռք քաշել իրենից։ Սակայն մյուս կողմից նա փորձել է գլխարկի վրայի բծերը քողարկել՝ ներկել թանաքով, ուրեմն նա սեփական արժանապատվության զգացումը դեռևս լրիվ չի կորցրել։ ― Այս ամենը ճշմարտության շատ նման է։ ― Որ նա միջին տարիքի մարդ է, որ սպիտակած է, որ նա վաղուց չէ, ինչ մազերը խուզել է, որ մազերը ներկում է, ― այս բոլորը պարզ է դառնում, եթե ուշադիր զննում ենք գլխարկի աստառի ցածի մասը։ Խոշորացույցով տեսանելի են աստառին կպած մազերը, որ կրտվել են վարսավիրի մկրատով։ Այդ բոլոր մազերից ներկի հոտ է գալիս։ Նկատի ունեցեք, որ գլխարկի փոշին փողոցի չէ՝ գորշ ու ավազային, այլ տան փոշի է՝ թուխ է, փափուկ։ Նշանակում է՝ գլխարկը մեծ մասամբ տանն է կախված եղել։ Իսկ ներսի կողմի խոնավության հետքերը խոսում են այն մասին, թե գլխարկի տերն ինչքան շատ է քրտնում, որովհետև շարժումներ անելուց խամացել է։ ― Հապա ինչպե՞ս իմացաք, որ կինը դադարել է նրան սիրելուց։ ― Գլխարկը մի քանի շաբաթ չի մաքրվել։ Եթե ես տեսնեի, իմ սիրելի Ուո՛տսըն, որ ձեր շլայպան թեկուզ մի շաբաթ չի մաքրվել, և որ ձեր կինը թույլ է տալիս այդ տեսքով դուրս գալ տնից, կսկսեի տարակուսել, որ դուք էլ եք դժբախտություն ունեցել կորցնելու ձեր տիկնոջ բարեհաճությունը։ ― Է՜, գուցե այդ մարդն ամուրի՞ է։ ― Ոչ, նա սագը տուն էր տանում հենց նրա համար, որ կնոջը սիրաշահի։ Հիշեցեք այն քարտը, որ կապված էր այդ թռչնի ոտքին։ ― Դուք ամեն ինչի պատրաստի պատասխան ունեք։ Իսկ ինչի՞ց իմացաք, որ նրա տանը գազ չկա։ ― Ճարպի մեկ֊երկու բիծը գլխարկի վրա՝ պատահականություն է։ Բայց երբ ես տեսնում եմ ճարպի հինգից ոչ պակաս բծեր, կարող եմ չկասկածել, որ այդ մարդն ստիպված է հաճախ օգտվել մոմից, հավանաբար գիշերը բարձրանալ սանդուղքով, մի ձեռքին շլյապան, իսկ մյուսով հալչող մոմը բռնած։ Համենայն դեպս, գազից ճարպի հետքեր չեն մնում․․․ Հիմա դուք համաձա՞յն եք իմ ասածներին։ ― Այո՛, այդ բոլորը շատ հասարակ բաներ են, ― ծիծաղելով ասացի ես։ ― Բայց այն, ինչ պատմեցիք, դեռևս հանցագործություն չի պարունակում։ Սագը կորցրած մարդուց բացի, ոչ ոք վնաս չի կրել, ոչ ոք, և, ուրեմն, դուք իզուր տեղն եք գլուխ տրաքացրել։ Հենց այն է, Շերլոկ Հոլմսն ուզում էր բերանը բաց անել, որ պատասխան տա, երբ սենյակի դուռը կրնկի վրա բացվեց ու ներս ընկավ թղթատար Պետերսընը տագնապահար ու վրդովված։ Նրա այտերը բառացիորեն վառվում էին։ ― Սագը, մի՛ստր Հոլմս, սագը բա՜, ― շնչակտուր գոչեց նա։ ― Հը՞, ի՞նչ է պատահել նրան։ Չլինի՞ թե կենդանացել է ու խոհանոցի լուսամուտից դուրս թռել։ Գահավորակին նստած Հոլմսը շուռ եկավ, որպեսզի ավելի լավ տեսնի Պետերսընի գրգռված դեմքը։ ― Տեսեք, սը՛ր, տեսեք, թե կինս ինչ գտավ սագի քուջի մեջ։ Նա պարզեց ձեռքը, և նրա ափում մենք տեսանք պայծառորեն շողշողացող երկնագույն մի քար՝ սիսեռից քիչ փոքր։ Քարն այնքան զուլալ էր, որ թուխ ափի վրա լույս էր տալիս, ինչպես էլեկտրական կայծը։ Հոլմաը շվացրեց ու ընկավ գահավորակին։ ― Ազնիվ խոսք, դուք գանձ եք գտել Պետերսըն, ― ասաց նա։ ― Հուսով եմ, որ դուք հասկանում եք չէ՞, թե ինչ է սա։ ― Ադամանդ է, սը՛ր, թանկագին քա՞ր։ Ապակին այնպես է կտրում, ոնց որ կարագ կտրի։ ― Սա ոչ թե սովորական թանկագին քար է, այլ հենց այն թանկագին քարն է։ ― Մի՞թե սա կոմսուհի Մորկարի երկնագույն կարբունկուլն<ref>Կարբունկուլ ― կիսաթափանցիկ թանկագին քար, սովորաբար կարմիր։</ref> է, ― գոչեցի ես։ ― Միանգամայն ճիշտ է։ Ես գիտեմ, թե ինչպիսին է այն, որովհետև վերջին ժամանակներս ամեն օր հայտարարություններ էի կարդում «Թայմս» լրագրում։ Այդ քարն իր տեսակի մեջ միակն է, և միայն կարելի է գլխի ընկնել, թե որն է դրա իսկական գինը։ Հազար ֆունտ պարգևը, որ առաջարկում են գտնողին, հազիվ թե դրա արժեքի մեկ քսաներորդ մասը լինի։ ― Հազար ֆո՞ւնտ․․․ Աստվա՜ծ իմ․․․ Թղթատարը թրմփալով ընկավ բազկաթոռի մեջ, աչքերը ապշահար չռելով մեկ ինձ վրա, մեկ Հոլմսի։ ― Պարգևը՝ պարգև, ― ասաց Հոլմսը, ― բայց ես հիմք ունեմ կարծելու, որ որոշ նկատառումներով կոմսուհին կտա իր ամբողջ հարստության կեսը, միայն թե վերադարձնի այս քարը։ ― Եթե հիշողությունս ինձ չի դավաճանում, այս քարը կորել է «Կոսմոպոլիտեն» հյուրանոցում, ― նկատեցի ես։ ― Միանգամայն ճիշտ է, դեկտեմբերի քսաներկուսին, ուղիղ հինգ օր առաջ։ Այս քարի գողության մեջ մեղադրվեց զոդող Ջոն Հորները։ Նրա դեմ եղած ապացույցներն այնքան լուրջ են, որ գործն ուղարկված է դատարան։ Կարծեմ ինձ մոտ այդ գործի վերաբերյալ լրագրային հաշվետվություն կա։ Շերլոկ Հոլմսը երկար ժամանակ ինչ֊որ բան էր փնտրում լրագրերում․ վերջապես հանեց նրանցից մեկը, երկտակ ծալեց ու կարդաց հետևյալը։ <b>Թանկագին իրերի գողություն «Կոսմոպոլիտեն» օտելում</b> <i>Ջոն Հորներ, 26 տարեկան, զոդող, մեղադրվում է այն բանում, որ սույն ամսի 22֊ին կոմսուհի Մորկարի զարդատուփից հափշտակել է թանկագին մի քար, որը հայտնի է «երկնագույն կարբունկուլ» անունով։ Օտելի ավագ սպասավոր Ջեյմս Ռայդըրը ցուցմունք տվեց, որ գողության օրը Հորներին տեսել է կոմսուհի Մորկարի զուգարանում, որտեղ սա դողելիս է եղել բուխարիկի ցանցի թուլացած ձողը։ Որոշ ժամանակ Ռայդերը Հորների հետ մնացել է սենյակում, բայց հետո առաջինին կանչել են։ Վերադառնալով, նա տեսել է, որ Հորներն անհետացել է, բյուրոյի դարակը կոտրած է, և, ինչպես հետագայում է պարզվել, սեկի փոքրիկ պատյանը, որի մեջ կոմսուհին սովորություն ուներ պահել թանկագին քարը, դատարկ ընկած է զուգասեղանին։ Ռայդըրն անմիջապես տագնապ է ազդարարել, և հենց նույն երեկոյան Հորները ձերբակալվել է։ Սակայն քարը չի գտնվել ոչ նրա մոտ, ոչ էլ նրա սենյակում։ Կոմսուհու նաժիշտը՝ Կետրին Կյուզեկը, ցումունք է տվել, որ լսելով Ռայդըրի աղեկտուր ճիչը, ինքն էլ է վազել սենյակ և նույնպես տեսել, որ քարն անհետացել է։ Ոստիկանության տեսուչ Բրեդստրիտը, «Բ» օգրուգից, հրաման է տվել ձերբակալել Հորներին, որը բուռն կերպով դիմադրում էր և տաքացած ապացուցում, որ ինքն անմեղ է։ Բայց որովհետև Հորներն առաջներում էլ է դատվել գողության համար, դատավորը հրաժարվել է քննել այդ գործը և այն հանձնել է երդվյալների դատարանին։ Հորները որն անվերջ ուժգին տագնապի նշաններ էր ցույց տալիս, այդ որոշման պահին ուշագնաց է եղել ու դատարանի դահլիճից դուրս տարվել։</i> ― Հը՜մ․․․ Ահա և բոլոր ոստիկանական տեղեկությունները, ― մտախոհ ասաց Հոլմսը, մի կողմ դնելով լրագիրը։ ― Այժմ մեր խնդիրն է պարզել, թե ինչպես եղավ, որ քարը կոմսուհու սեկյա պատյանից գնաց ընկավ սագի քուրջը։ Տեսնո՞ւմ եք, Ուոտսըն, մեր համեստ դատողություններն անսպասելիորեն այնքան էլ անմեղ դուրս չեկան։ Սրանք շատ ավելի օգտակար եղան, քան մենք կարծում էինք։ Ահա քարը։ Այս քարը սագի մեջ էր, իսկ սագը գտնվում էր միստր Հենրի Բեյքըրի մոտ, հալից ընկած գլխարկի այն տիրոջ մոտ, ում անձնավորությունը ես փորձեցի բնութագրել այստեղ, որով և ձեզ անտանելի ձանձրույթ պատճառեցի։ Ինչ արած․ հիմա մենք պետք է լրջորեն զբաղվենք այդ ջենտլմենին փնտրելով և պարզենք, թե նա ինչ դեր է խաղացել այս խորհրդավոր պատահարի մեջ։ Որպեսզի նրան գտնենք, մենք ամենից առաջ կփորձենք ամենահասարակ միջոցը․ երեկոյան բոլոր լրագրերում կտպագրենք մի հայտարարություն։ Եթե այդ ճանապարհով մենք նպատակներիս չհասնենք, ես ուրիշ միջոցի կդիմեմ։ ― Ի՞նչ է ասվելու հայտարարության մեջ։ ― Տվեք ինձ մատիտ ու մի պատառ թուղթ։ Ահա․ «Հուջ֊ստրիտի անկյունում գտնված է մի սագ ու սև թաղիքե մի շլյապա։ Միստր Հենրի Բեյքըրը դրանք կարող է ստանալ այսօր երեկոյան ժամը 6.30֊ին, Բեյքր֊ստրիտ 221֊Բ֊ում»։ Կարճ ու կտրուկ։ ― Շատ։ ― Իհարկե։ Նա հիմա թերթում է բոլոր լրագրերը, որովհետև չքավոր մարդ է և ծննդյան տոնի սագը նրա համար ամբողջ մի կարողություն է։ Լսելով փշրվող ապակու զնգոցն ու տեսնելով վազող Պետերսընին, նա այնքան է վախեցել, որ փախել է, չմտածելով ոչ մի բանի մասին։ Բայց հետո, իհարկե, նա ափսոսացել է, որ վախից սագը ձեռքից բաց է թողել։ Լրագրում մենք հիշատակում ենք նրա անունը, և ամեն մի ծանոթ նրա ուշադրությունը կդարձնի մեր հրապարակած հայտարարության վրա։ Այսպես, ուրեմն, Պետերսըն, շուտ վազ տվեք հայտարարությունների բյուրո և այս մի քանի տողը զետեղեցեք երեկոյան լրագրերում։ ― Ո՞ր լրագրում, սըր։ ― Օ՜․․․ «Գլոբ», «Ստար», «Պելլ֊Մելլ», «Սենտ Ջեյմս գազետ», «Իվնինգ նյուզ», «Ստենդարդ», «Իկո» և բոլոր մյուս լրագրերում, որը ձեր միտքը կընկնի։ ― Լսում եմ, սըր։ Իսկ ի՞նչ անեմ այս քարը։ ― Հա, ճիշտ որ։ Քարը ես կպահեմ ինձ մոտ։ Շնորհակալ եմ։ Իսկ վերադառնալիս մի սագ գնեցեք ու բերեք այստեղ, Պետերսըն։ Չէ՞ որ մենք այդ ջենտլմենին պարտավոր ենք մի սագ տալ, այն սագի փոխարեն, որ ներկայումս վայելում է ձեր ընտանիքը։ Թղթատարը գնաց, իսկ Հոլմսը վերցրեց քարն ու սկսեց դիտել՝ լույսի դեմ պահելով։ ― Փառավոր քարիկ է, ― ասաց նա։ ― Մի նայեք, թե ինչպես է շողշողում ու կայծկլտում։ Ինչպես ամեն մի թանկագին քար, սա նույնպես մագնիսի նման իր կողմն է ձգում հանցագործներին։ Այ թե իսկական սատանայի թակա՜րդ է։ Մեծ ու հին թանկագին քարերի ամեն մի երեսակը պատմում է որևէ արյունալի չարագործության մասին։ Այս քարն իսկի քսան տարեկան էլ չկա։ Գտնված է Հարավային Չինաստանում, Ամոյ գետի ափին, և նշանավոր է նրանով, որ ունի կարբունկուլի բոլոր հատկությունները, բացի մեկից, սա ոչ թե սուտակի պես կարմիր է, այլ երկնագույն։ Չնայած երիտասարդությանը, սրա հետ արդեն կապված են սարսափելի շատ պատմություններ։ Քառասուն գրան<ref>Գրան ― գեղարանային հին չափ, որը հավասար է 0, 0622 գրամի (Ծ․ թ․)։</ref> քաշ ունեցող այս թափանցիկ ածուխի համար կատարվել են բազմաթիվ կողոպուտներ, երկու սպանություն, մի ինքնասպանություն և ինչ֊որ մեկի վրա էլ ծծմբաթթու են թափել։ Ո՞վ կարող էր ասել, որ այս գեղեցիկ զիզիպիզին մարդկանց տանում է դեպի բանտերն ու կախաղանները։ Ես այս քարը կփակեմ իմ անկիզելի պահարանում և կոմսուհուն կգրեմ, որ այն պահվում է ինձ մոտ։ ― Դուք գտնում եք, որ Հորներն անմե՞ղ է։ ― Ոչինչ պնդել չեմ կարող։ ― Իսկ այս գործին Հենրի Բեյքըրի մատը խառն է թ՞ե ոչ։ ― Ամենից ճիշտն այն է, որ Հենրի Բեյքըրն այստեղ ոչ մի մեղք չունի։ Կարծում եմ, որ նրա մտքովն էլ չի անցնում, որ այդ սագը եթե մաքուր ոսկուց էլ լիներ, էլի անհամեմատ ավելի էժան կգնահատվեր։ Այդ բոլորը շատ շուտով մենք հաստատ կիմանանք, եթե Հենրի Բեյքըրն արձագանքի մեր հայտարարությանը։ ― Իսկ մինչ այդ՝ դուք ոչինչ չե՞ք կարող նախաձեռնել։ ― Ոչինչ։ ― Այդ դեպքում, ես գնում եմ հիվանդներիս այցելելու, իսկ երեկոյան՝ նշանակված ժամին, նորից կգամ այստեղ։ Ուզում եմ իմանալ, թե ինչով կվերջանա այս խճճված գործը։ ― Երջանիկ կլինեմ ձեզ տեսնելով։ Ես ճաշում եմ ժամը յոթին։ Ճաշին, կարծեմ, կաքավ է լինելու։ Ի դեպ, վերջին ժամանակներս տեղի ունեցած իրադարձություններից հետո չխնդրե՞նք արդյոք միսսիս Հադսընին՝ ուշի֊ուշով զննելու նրա քուրջը։ Ես մի փոքր ուշացա, և յոթն անց կեսից ավելի էր, երբ նորից ընկա Բեյքր֊ստրիտ։ Մոտենալով դռանը, ես տեսա շոտլանդական գդակ դրած ու մինչև կզակը կիպ կոճկած սերթուկով մի բարձրահասակ մարդու։ Հենց իմ մոտենալու պահին, դուռը բաց արին նրա առջև, ու մենք միաժամանակ մտանք Շերլոկ Հոլմսի սենյակը։ ― Եթե չեմ սխալվում՝ միստր Հենրի Բե՞յքըրն եք, ― բազկաթոռից բարձրանալով ասաց Հոլմսը և այցելուին դիմավորեց միամիտ֊սրտաբաց տեսքով, որպիսին կարողանում էր նա ընդունել։ ― Խնդրեմ, կրակին մոտ նստեք, միստր Բեյքըր։ Այս երեկո ցուրտ է, իսկ ինձ թվում է, որ դուք ամռանն ավելի շատ եք դիմանում, քան ձմռանը․․․ Սա ձե՞ր շլյապան է, մի՛ստր Բեյքըր։ ― Այո՛, սը՛ր, դա անկասկած իմ շլյապան է։ Բեյքըրը մի խոշոր ու կռացած մարդ էր՝ մեծ գլխով, լայն ու խելացի դեմքով և սրածայր շագանակագույն փոքրիկ մորուքով։ Քթի ու այտերի կարմիր բծերը և պարզած ձեռքի թեթևակի դողը հաստատում էին Հոլմսի ենթադրությունը, որ այդ մարդը խմելու հակում ունի։ Նրա հագին շեկացած մի սերթուկ կար, որի բոլոր կոճակները ներս գցած էին, իսկ թևքերից ցցված լղարիկ ենթադաստակների վրա սպիտակեղենի ոչ մի նշան չէր երևում։ Նա խոսում էր խուլ ձայնով ու կցկտուր, խնամքով ընտրելով բառերը, և ինտելիգենտ մարդու տպավորություն էր թողնում, որին կյանքը խիստ տրորել է։ ― Մենք մի քանի օր պահեցինք շլյապան ու սագը, որովհետև ամեն օր սպասում էինք, թե դուք լրագրում հայտարարություն կհրապարակեք ձեր հասցեի հետ միասին, ― ասաց Հոլմսը։ ― Չեմ հասկանում, ինչո՞ւ չարեցիք այդ բանը։ Մեր այցելուն շփոթված ժպտաց։ ― Ես այնքան էլ շատ շիլինգներ չունեմ, ինչպես լինում էր առաջ, ― ասաց նա։ ― Հավատացած էի, որ ինձ վրա հարձակված խուլիգանները իրենց հետ տարել են և՛ շլյապան, և՛ սագը, և չէի ուզում իզուր տեղը փող ծախսել։ ― Շատ բնական է։ Ի միջի այլոց, ախր մենք ստիպված եղանք ուտել ձեր սագը։ ― Ուտե՞լ։ Մեր այցելուն մեծ հուզմունքով մի փոքր բարձրացավ աթոռից։ ― Չէ՞ որ սագը միևնույն է՝ փչանալու էր, եթե մենք չուտեինք, ― շարունակեց Հոլմսը։ ― Բայց ես կարծում եմ, որ, ա՛յ, բուֆետի վրայի այն սագը, որ միանգամայն թարմ է և նույն քաշն ունի, կփոխարինի ձեր սագին։ ― Օ՜, իհարկե, իհարկե, ― թեթևացած շունչ քաշելով, պատասխանեց միստր Բեյքըրը։ ― Բայց ձեր թռչունից մեզ մոտ մնացել են փետուրները, տոտիկներն ու քուրջը․ այնպես որ, եթե դուք ուզում եք․․․ Բեյքըրը սրտանց քրքրջաց։ ― Գուցե որպես իմ արկածի հիշողություն միայն, ― ասաց նա։ ― Իսկապես ասած, չգիտեմ, թե իմ ինչին կարող են պետք գալ հանգուցյալ ծանոթիս եղծանելի մնացորդները։ Ոչ, սը՛ր, թողեք ձեր թույլտվությամբ ուշադրությունս կենտրոնացնեմ այն հիանալի սագի վրա, որ ես տեսնում եմ բուֆետին։ Շերլոկ Հոլմսն արագ հայացքներ փոխանակեց ինձ հետ և հազիվ նկատելի վեր քաշեց ուսերը։ ― Ահա ձեր շլյապան, ահա ձեր սագը, ― ասաց նա։ ― Ի դեպ, չե՞ք ասի արդյոք, թե որտե՞ղ էիք ճարել այն սագը։ Ես որոշ բան հասկանում եմ այդ գործից և, խոստովանում եմ, որ այդքան լավ գիրացած թռչուն հազվադեպ եմ տեսել։ ― Սիրով, սը՛ր, ― ասաց Բեյքըրը․ նա վեր կացավ ու թևի տակ դրեց իր նոր սագը։ ― Մեր ընկերական ոչ մեծ խումբը հաճախում է «Ալֆա» պանդոկը, որ թանգարանի մոտ է․ մենք, հասկանո՞ւմ եք, ամբողջ օրը թանգարանում ենք անցկացնում։ Այս տարի մեր պանդոկի տերը՝ Վինդիդետը, որը հիանալի մարդ է, հիմնեց «սագային ակումբ»։ Շաբաթական մի քանի պենս վճարելով, մեզանից յուրաքանչյուրը ծննդյան տոնին մի սագ է ստանում։ Ես իմ բաժին դրամն ամբողջովին տվել եմ։ Մնացածը ձեզ հայտնի է։ Չափազանց պարտական եմ ձեզ, սը՛ր։ Անհարմար է չէ՞, որ իմ հասակի պատկառելի մարդը շոտլանդական գդակ ծածկի։ Նա ծիծաղաշարժ հանդիսավորությամբ գլուխ տվեց մեզ ու գնաց։ ― Հենրի Բեյքըրի հետ հաշիվները մաքրած են, ― ասաց Հոլմսը, դուռը նրա հետևից փակելով։ ― Միանգամայն ակներև է, որ նա թանկագին քարի մասին գաղափար էլ չունի։ Դուք սովա՞ծ եք, Ուո՛տսըն։ ― Այնքան էլ չէ։ ― Այդ դեպքում ես առաջարկում եմ ճաշն ընթրիքի վերածել ու անհապաղ գնալ թարմ հետքերով։ ― Հաճույքով։ Ցուրտ երեկո էր, սառնամանիք․ մենք ստիպված եղանք վերարկու հագնել ու շարֆ փաթաթել վզներիս։ Անամպ պարզ երկնքում սառը փայլով շողում էին աստղերը, և անցորդների շնչառություններից առաջացած գոլորշին նման էր բազմաթիվ ատրճանակների կրակոցներից գոյացած ծխի քուլաների։ Փողոցներում լսվում էին մեր հատու և թնդուն ոտնաձայները։ Մենք քայլում էինք Ուիմպլ֊ստրիտով, Հարլի֊ստրիտով․ Վիզմոր֊ստիրտն անցնելով, դուրս եկանք Օքսվորդ֊ստրիտ ու քառորդ ժամ հետո Բլումբսբերիում էինք՝ «Ալֆա» պանդոկի մոտ։ Դա համեստ մի ձեռնարկություն էր Հոլբորն տանող փողոցներից մեկի անկյունում։ Հոլմսը մտավ բար և սպիտակ գոգնոց կապած կարմրաթշիկ պանդոկապետին երկու գավաթ գարեջուր պատվիրեց։ ― Պետք է ենթադրել, որ դուք հրաշալի գարեջուր ունեք, եթե դա ձեր սագերից վատ չէ, ― ասաց Հոլմսը։ ― Իմ սագերի՞ց։ Պանդոկապետն ասես թե ապշեց։ ― Այո՛։ Կես ժամ առաջ ես զրուցում էի ձեր «սագային ակումբի» անդամ միստր Հենրի Բեյքըրի հետ։ ― Հա՜․․․ հասկանում եմ, այո՛․․․ Բայց գիտե՞ք ինչ, սըր, այդ սագերն իմը չեն․․․ ― Իսկպաե՞ս, բա ո՞ւմն են։ ― Ես երկու դյուժին սագ գնեցի Գովենտ֊Գարդենի մի առևտրականից։ ― Ի՞նչ եք ասում։ Ես նրանցից ոմանց ճանաչում եմ։ Իսկ ումի՞ց գնեցիք։ ― Նրա անունը Բլեկինրիջ է։ ― Հա՞․․․ Ո՛չ, Բրեկինրիջին չեմ ճանաչում։ Դե, ձեր կենացը, պարոն, և ձեր ձեռնարկության բարգավաճման կենացը։ Բարի գիշեր։ ― Իսկ այժմ՝ միստր Բրեկինրիջի մոտ, ― ասաց Հոլմսը, դուրս գալով սառնամանիքին ու կոճկելով վերարկուն։ ― Մի՛ մոռացեք, Ուոտսըն, որ մեր շղթայի մի ծայրին ընդամենը միայն մի սագ է, իսկ մյուս ծայրին գամված է մի մարդ, որին սպառնում է յոթ տարուց ոչ պակաս տաժանակրություն, եթե մենք չապացուցենք նրա անմեղ լինելը։ Ի միջի այլոց կարող է պատահել՝ մեր պրպտումները հայտնաբերեն, որ հենց նա է մեղավորը, բայց, համենայն դեպս, մեր ձեռքում է մի թել, որ դուրս է պրծել ոստիկանության ճանկից ու պատահաբար ընկել մեզ մոտ։ Եկեք, ուրեմն, դրանից բռնած գնանք մինչև վերջը, ինչքան ուզում է տխուր լինի այն։ Եվ այսպես, դարձ դեպի հարավ ու քայլով մարշ։ Մենք կտրեցինք֊անցանք Հոլբորնը, քայլեցինք էնդելլ֊ստիտով և ինչ֊որ հետնախորշերի արանքներով դուրս եկանք Քովենտ֊Գարդենի շուկան։ Ամենամեծ կրպակներից մեկի ճակատին գրված էր «Բրեկինրիջ»։ Կրպակի տերը, որը ձիու դեմքով ու խնամքով պահած֊պահպանած այտամորուքներով մի մարդ էր, մի տղայի օգնում էր կրպակի փեղկերը փակել։ ― Բարի երեկո․ ի՞նչ սառնամանիք է, հը՞, ― ասաց Հոլմսը։ Կրպակատերը գլխով արեց ու հարցական մի հայացք գցեց բարեկամիս վրա։ ― Երևի սագերն արդեն ծախել֊պրծե՞լ եք, ― շարունակեց Հոլմսը, ցույց տալով մարմարե դատարկ վաճառասեղանը։ ― Եգուց առավոտ կարող եք թեկուզ հինգհարյուր հատ էլ վերցնել։ ― Վաղն ինձ պետք չեն լինի։ ― Ա՜յ, այն կրպակում, որտեղ լույս կա, հատուկենտ մնացել է։ ― Հա, բայց ինձ ուղարկել են ձեզ մոտ։ ― Այդ ո՞վ։ ― «Ալֆա»֊ի տերը։ ― Ա՜, գիտեմ։ Ես նրան երկու դյուժին սագ եմ ուղարկել։ ― Աննմա՜ն սագեր էին։ Որտեղի՞ց էիք ճարել։ Ի զարմանս իմ, այդ հարցը խանութպանին կատաղեցրեց։ ― Հապա մի պարզ ասեք, մի՛ստր, ո՞ւմ պարտեզն եք քար գցում, ― ասաց նա գլուխը բարձրացնելով ու թևքերը կանթելով։ ― Խոսենք առանց սար ու ձոր ընկելու, պարզ․․․ Բավականաչափ պարզ եմ խոսում։ Ես կուզենայի իմանալ, թե ո՞վ է ծախում այն սագերը, որ դուք մատակարարում եք «Ալֆա»֊ին։ ― Իսկի էլ չե՛մ ասի։ ― Չեք ասի՝ մի՛ ասեք, մի կարևոր բան է, էլի։ Հետաքրքիր է, թե այդպիսի դատարկ բաներից ինչո՞ւ եք տաքանում։ ― Տաքանո՞ւմ եմ։ Դուք էլ որ իմ տեղը լինեիք, կտաքանայիք, եթե այդպես զահլաներդ տանեին։ Լավ ապրանքին լավ փող եմ տալիս, պրծավ գնաց․ ի՞նչ «հայ որտեղ են սագերը», «հայ ումից եմ գել», «ում եք ծախել» և «ինչքան փող կվերցնեք ձեր սագերի համար»։ Ոնց որ թե այդ սագերով է աշխարհը շինվել, այնպիսի աղմուկ եք բարձրացել․․․ ― Ես այն մարդկանցից չեմ, որ ձանձրացնում են ձեզ իրենց հարցերով, ― անփույթ ասաց Հոլմսը։ ― Չեք ուզում՝ մի՛ ասեք։ Բայց ես թռչունից բան հասկանում եմ և հինգ ֆունտ ստերլինգի վրա գրազ եմ եկել, թե այն սագը որ կերա, գիրացրել են գյուղում։ ― Ուրեմն, կորան֊գնացին ձեր ֆունտե՜րը։ Որովհետև դա քաղաքի սագ էր, ― վրա տվեց կրպակատերը։ ― Չի կարող պատահել։ ― Իսկ ես ասում եմ ձեզ՝ քաղաքի սագ էր։ ― Ոչ մի կերպ չեմ հավատա։ ― Չլինի՞ կարծում եք, թե դուք ինձանից շատ բան եք հասկանում այս գործում, չնայած որ ես համարյա թե բարուրից սկսած զբաղվում եմ դրանով։ Ձեզ ասում եմ, որ «Ալֆա»֊ին ծախած բոլոր սագերն էլ ոչ թե գյուղում են պահվել, այլ քաղաքում։ ― Դուք ինձ երբեք չեք ստիպի հավատալ այդպիսի անմտությանը։ ― Ուզո՞ւմ եք գրազ գալ։ ― Դա նշանակում է ուղղակի վերցնել ձեր փողը։ Ես չեմ կասկածում, որ ճիշտ եմ։ Բայց համաձայն եմ սովերեն դնել միայն այն պատճառով, որպեսզի դաս տամ ձեզ ձեր համառության համար։ Սագավաճառը մռայլ քմծիծաղ տվեց։ ― Բի՛լլ, մի դեսը տուր մատյանները, ― ասաց նա։ Պատանյակը երկու մատյան բերեց․ մեկը բարակ, իսկ մյուսը հաստ ու մեծ, ճարպոտած․ բերեց ու դրեց վաճառասեղանի լամպի լույսի տակ։ ― Դե՜, մի՛ստր Վիճող, ― ասաց կրպակի տերը, ― ես կարծում էի, թե այսօր բոլոր սագերը ծախել եմ․ բայց աստվածն իմ կրպակն ուղարկեց մի սագ ևս։ Տեսնո՞ւմ եք այս փոքրիկ մատյանը։ ― Հետո՞ ինչ։ ― Սա այն մարդկանց ցուցակն է, ումից ես ապրանք եմ գնում, տեսնո՞ւմ եք։ Ա՛յ, այստեղ, այս էջում՝ գյուղական մատակարարողների անուններն են, իսկ ամեն ազգանուցից հետո դրված թիվը ցույց է տալիս մեծ մատյանի այն էջը, որտեղ նրանց հաշիվներն են գրանցվում։ Իսկ կարմիր թանաքով գրոտած այս էջը տեսնո՞ւմ եք։ Այստեղ քաղաքային մատակարարողներիս ցուցակն է։ Հապա մի նայեք երրորդ ազգանվանը․ բարձրաձայն կարդացեք։ ― «Միսսիս Օկշուտ, Բրիքստոն֊րոդ 117, էջ 249», ― կարդաց Հոլմսը։ ― Միանգամայն ճիշտ է։ Հիմի բացեք մեծ մատյանի 249 էջը։ Հոլմսը բացեց նշված էջը։ ― Ահա․ «Միսսիս Օկշոտ, Բրիքստոն֊րոդ 117․ վայրի թռչուններ ու ձվեր մատակարարողուհի»։ ― Իակ ի՞նչ է ասում վերջին գրանցումը։ ― «Դեկտեմբեր, քսաներկուսին․ քսանչորս սագ՝ հատը յոթ շիլինգ վեց պենս»։ ― Ճիշտ է․ միտքներդ պահեք դա։ Իսկ դրա տա՞կը։ ― «Ծախված են միստր Վինդիգետին, «Ալֆա», հատը տասներկու շիլինգով»։ ― Հը՜, ի՞նչ կասեք հիմա։ Թվում էր, թե Շերլոկ Հոլմսը շատ վշտացած էր։ Նա գրպանից հանեց սովերենը, նետեց վաճառասեղանին, շուռ եկավ ու անխոս, տխուր֊տրտում դուրս գնաց։ Մի քանի մետր անցնելուց հետո, նա կանգ առավ լապտերի տակ և ծիծաղեց իրեն հատուկ՝ զվարթ ու անձայն ծիծաղով։ ― Եթե դուք տեսնեք մի մարդու՝ այդպիսի բեղերով ու այդպիսի կարմիր թաշկինակը գրպանում, կարող եք դուրս քաշել նրանից ինչ ուզենաք, առաջարկելով նրան ուզածդ գրազը, ― ասաց բարեկամս։ ― Ես պնդում եմ, որ հարյուր ֆունտով էլ ինձ երբեք չէր հաջողվի նրանից իմանալ այնքան մանրամասն տեղեկություններ, ինչ որ ստացա գրազ գալով։ Այսպիսով, Ուո՛տսըն, ինձ թվում է, որ մենք գրեթե մինչև վերջը քանդեցինք հանելուկային կծիկը։ Միակ բանը, որ մնաց որոշելու, այն է․ այդ միսսիս Օկշոտի մոտ մենք կգնանք հիմա, թե՞ մեր այցելությունը կհետաձգենք մինչև առավոտ։ Այն գռեհիկի ասածից պարզ երևում է, որ այդ գործով, բացի մեզանից, հետաքրքրվում է էլի ինչ֊որ մեկը, և ես․․․ Մեր հենց նոր այցելած կրպակից հանկարծակի լսվող աղմուկը չթողեց, որ Հոլմսը խոսքն ավարտի։ Եվ նայելով ճոճվող լամպի դեղին լույսի մեջ տեսանք մի կարմրադեմ, փոքրամարմին մարդուկի։ Իսկ Բրեկինրիջը կանգնել էր կրպակի դռների միջև ու նրա քթի առջև կատաղորեն թափահարում էր բռունցքները։ ― Հերի՜ք է գլուխս տանեք ձեր սագերով, ― բղավում էր Բրեկինրիջը։ ― Ռադ եղեք բոլորդ գրողի ծոցը։ Մեկ էլ որ ձեր քիթը խոթել եք այստեղ ու հիմար֊հիմար հարցեր եք տվել, կապած շունս բաց կթողնեմ ձեզ վրա։ Բերեք այստեղ միսսիս Օկշոտին, նրան էլ պատասխան կտամ։ Իսկ դո՞ւք այստեղ ինչ գործ ունեք։ Ձեր սագե՞րն եմ առել, ինչ է։ ― Չէ՜, բայց դրանցից մեկն իմն է ախր, ― թնկթնկաց մարդուկը։ ― Դե՜, ուրեմն միսսիս Օկշոտից էլ ուզեք ձեր սագը։ ― Նա պատվիրեց, որ ձեզանից իմանամ։ ― Ուզում եք պրուսական թագավորների՜ց իմացեք․․․ Հերի՜ք է ինչքան տանջեցիք ինձ, բավակա՜ն է։ Քաշվեք կորեք այստեղից․․․ Նա կատաղած խոյացավ առաջ, և մարդուկը արագ անհետացավ խավարում։ ― Ըհը՛, կարծես թե մենք ստիպված չենք լինի գնալու Բրիկստոն֊րոդ, ― շշնջաց Հոլմսը։ ― Մի գնանք տեսնենք՝ պետք չի՞ գա մեզ արդյոք այդ արարածը։ Մի կերպ անցնելով բերանբացների խմբերի միջով, որ թափառում էին լուսավորված կրպակների շուրջը, բարեկամս արագ հասավ մարդուկին ու ձեռքը դրեց նրա ուսին։ Մարդուկը թափով շուռ եկավ, ու գազային լապտերի լույսի ներքո ես տեսա, որ նա խիստ գունատվեց։ ― Ո՞վ եք դուք, ի՞նչ եք ուզում, ― հարցրեց նա դողդոջուն ձայնով։ ― Ներեցեք ինձ, ― մեղմ ասաց Հոլմսը, ― բայց պատահաբար լսեցի, թե դուք ինչ հարց տվիք այն կրպակատիրոջը։ Ես կարծում եմ, որ կարող եմ օգտակար լինել ձեզ։ ― Դո՞ւք։ Ո՞վ եք դուք։ Ո՞նց կարող էիք իմանալ, թե ինչ է պետք ինձ։ ― Իմ անունը Շերլոկ Հոլմս է։ Զբաղմունքս է՝ իմանալ այն, ինչ ուրիշները չգիտեն։ ― Բայց ինձ պետքական բանի մասին դուք ոչինչ չեք կարող իմանալ։ ― Խնդրում եմ ինձ ներեք, բայց ես ամեն ինչ գիտեմ։ Դուք փորձում եք գտնել այն սագերի հետքը, որ Բրիքստոն֊րոդից միսսիս Օկշոտը վաճառել է Բրեկինրիջ անունով սագավաճառին, որը ծախել է միստր Վինդիգետին՝ «Ալֆա» պանդոկի տիրոջը, իսկ սա էլ իր հերթին՝ իր «սագային ակումբին», որի անդամն է հանդիսանում Հենրի Բեյքըրը։ ― Օ՜, սը՛ր, դուք հենց այն մարդն եք, որին ես ծարավի եմ հանդիպելու, ― գոչեց մարդուկը, պարզելով դողդողացող ձեռքերը։ ― Ես պարզապես չեմ կարող արտահայտել, թե այդ բոլորը որքա՜ն է կարևոր ինձ համար։ Շերլոկ Հոլմսը կանգնեցրեց այտեղով անցնող մի կառք։ ― Այդ դեպքում ավելի լավ է խոսել հարմար ու տաք սենյակում, քան այստեղ՝ շուկայի այս քամոտ հրապարակում, ― ասաց նա։ ― Բայց նախքան ճանապարհվելը, ասացեք ինձ, թե այս ո՞ւմ եմ հաճույքով օգնություն ցույց տալիս ուժերիս ներածին չափ։ Մարդուկը մի ակնթարթ տատանվեց։ ― Իմ անունը Ջոն Ռոբինսոն է, ― ասաց նա, խուսափելով ուղիղ նայելուց։ ― Ո՛չ, ո՛չ, ի՞նչ է ձեր իսկական անունը, ― սիրալիր ասաց Հոլմսը։ ― Միշտ ավելի հարմար է գործել սեփական անունով։ Անծանոթի գունատ այտերը խիստ կարմրեցին։ ― Այդ դեպքում, ― ասաց նա, ― իմ իսկական անունը Ջեյմս Ռայդր է։ ― Ա՛յ, դա ճիշտ է։ Դուք ծառայում եք «Կոսմոպոլիտեն» օտելում։ Նստեցեք խնդրեմ կեբը, և շուտով ես կպատմեմ ձեզ այն բոլորը ինչ կուզեք իմանալ։ Փոքրիկ մարդը տեղից չէր շարժվում, նայում էր մերթ մեկիս, մերթ մյուիս, և նրա աչքերում հույսին փոխարինում էր վախը։ Երևում էր, որ նա չգիտե՝ իրեն դժբախտություն է սպասում, թե մի մեծ երջանկություն։ Վերջապես նա նստեց կառքը և կես ժամ հետո մենք արդեն Բեյքր֊ստրիտի տան հյուրասենյակում էինք։ Ճանապարհին ոչ մի խոսք չարտասանվեց։ Սակայն մեր ուղեկիցն այնքան բարձրաձայն էր շնչում, այնքան պինդ էր սեղմում ու բացում ափերը, որ առանց խոսքի էլ պարզ էր․ նա ջղային գրգռվածության մեջ էր։ ― Ահա և մենք տանն ենք, ― զվարթ ասաց Հոլմսը։ ― Ի՞նչը կարող է այս եղանակին ավելի լավ լինել, քան բոցավառվող բուխարիկը։ Կարծեմ դուք մրսեցիք, մի՛ստր Ռայդըր։ Նստեցեք խնդրեմ, այս հյուսաթոռին։ Ես ոտքերս գցեմ տնային մաշիկներս, ու մենք անմիջապես կզբաղվենք ձեր գործով։ Ըհը՜․․․ Դուք ուզում եք իմանալ, թե ինչ եղան այն սագե՞րը։ ― Այո՛, սը՛ր։ ― Ավելի ճիշտ այն սագը, չէ՞։ Իմ կարծիքով ձեզ հետաքրքրում է նրանցից միայն մեկը՝ սպիտակը, որի պոչին սև շերտ կար։ Ռայդըրը հուզմունքից դողդողաց։ ― Օ՜, սը՛ր, ― բացականչեց նա։ ― Կարո՞ղ եք ասել, թե որտե՞ղ է գտնվում այդ սագը։ ― Նա այստեղ է։ ― Այստե՞ղ։ ― Այո՛։ Դա արտակարգ մի սագ դուրս եկավ։ Եվ զարմանալի չէ, որ դուք այդքան հետաքրքրվում եք նրանով։ Մահից հետո նա մի ձու ածեց, գեղեցիկ, շողշողուն, երկնագույն մի ձու։ Այդ ձուն այստեղ է՝ իմ թանգարանում։ Մեր այցելուն երերալով վեր կացավ ու աջ ձեռքով կառչեց բուխարիկի տախտակից։ Հոլմսը բացեց անկիզելի պահարանը և այնտեղից հանեց երկնագույն կարբունկուլը, որ շողշողում էր աստղի նման, սառը, պայծառ ու երփներանգ լույսով։ Ռայդըրը կանգնել էր այլակերպված դեմքով, չիմանալով՝ պահանջե՞լ արդյոք այդ քարը, թե՞ հրաժարվել դրան տիրանալու բոլոր իրավունքներից։ ― Խաղը տանուլ տվիք, Ռայդըր, ― հանգիստ ասաց Շերլոկ Հոլմսը։ ― Պինդ կանգնեցեք, թե չէ կրակի վրա կընկնեք։ Ուո՛տսըն, օգնեցեք նրան՝ թող նստի։ Նա դեռևս այնքան ուժ չունի, որ սառնարյուն կերպով խարդախություն անի։ Մի կում օղի տվեք նրան։ Այդպես։ Հիմա նա մի փոքր նման է մարդու։ Այ թե խղճուկ միջատ է, հա՜․․․ Ռայդըրը երերաց ու քիչ էր մնում ընկնի հատակին, բայց օղին նրա այտերին թեթև մի կարմրություն առաջացրեց, և նա նստեց, ահով նայելով իրեն մերկացնողի դեմքին։ ― Ես գրեթե ամեն ինչ գիտեմ, և իմ ձեռքում են համարյա բոլոր ապացույցները․ դրա համար էլ ձեզ հարկ կլինի քիչ բան ավելացնել։ Սակայն այդ քիչը դուք պետք է պատմեք հենց հիմա, որպեսզի գործի մեջ ոչ մի մութ տեղ չմնա։ Որտեղի՞ց իմացաք կոմսուհի Մորկարի այս երկնագույն կարբունկուլի մասին, Ռա՛յդըր։ ― Ինձ դրա տեղն ասաց Կետերին Կյուզեկը, ― պատասխանեց նա դողդողացող ձայնով։ ― Գիտեմ, նորին պայծառափայլության նաժիշտը։ Եվ հեշտ եկամուտի գայթակղությունը չափից անց ուժեղ եղավ ձեզ համար, ինչպես շատ անգամ պատահել է նաև ավելի պատվարժան մարդկանց հետ։ Եվ դուք միջոցների մեջ խտրություն չդրիք։ Ինձ թվում է, Ռա՛յդըր, որ դուք ընտիր սրիկա կդառնայիք։ Դուք գիտեիք, որ այդ զոդող Հորները մի անգամ արդեն բռնվել է գողության մեջ և որ ամենից առաջ նրան կկասկածեն։ Իսկ ի՞նչ արեցիք դուք։ Դուք և ձեր մեղսակցուհի Կյուզեկը կոտրեցիք կոմսուհու սենյակի բուխարիկի ցանցաձողն ու այնպես արեցիք, որ հատկապես Հորները գնա անհրաժեշտ նորոգումը կատարելու։ Հորները գնաց, դուք պատյանից գողացաք քարը, տագնապ բարձրացրիք, և խեղճ մարդուն ձերբակալեցին։ Դրանից հետո․․․ Այս խոսքերի վրա, Ռայդըրը հանկարծակի սողալով ընկավ գորգին և զույգ ձեռքով գրկեց բարեկամիս ծնկները։ ― Աստծո՜ւ սիրուն, խղճացեք ինձ, ― աղաղակեց նա։ ― Մտածեցեք իմ հոր մասին, իմ մոր մասին։ Այդ լուրը կսպանի նրանց։ Ես երբեք գողություն չեմ արել, երբե՛ք։ Դա չի կրկնվի, երդվո՜ւմ եմ։ Ես երդում կտամ ձեզ աստվածաշնչով։ Օ՜, մի՛ հասցրեք այդ գործը մինչև դատարան։ Ի սե՜ր Քրիստոսի, դատի մի՛ հասցրեք այս գործը։ ― Քաշվեք ձեր տեղը, ― խստորեն ասաց Հոլմսը։ ― Լա՜վ եք հիմա սողում ու գալարվում։ Իսկ ի՞նչ էիք մտածում այն ժամանակ, երբ Հորներին ուղարկում էիք դեպի մեղադրյալների աթոռը այն հանցանքի համար, որի մեջ նա մեղք չունի։ ― Ես կարող եմ փախչել, մի՛ստր Հոլմս։ Կհեռանամ Անգլիայից, սը՛ր։ Այն ժամանակ մեղադրանքը կվերանա Հորների վրայից․․․ ― Հը՛մ․․․ Մենք դեռ կխոսենք դրա մասին։ Իսկ հիմա լսենք ճշմարտացի պատմությունն այն մասին, թե ինչ պատահեց գողությունից հետո։ Ինչպես եղավ, որ թանկագին քարն ընկավ սագի փորը և ինչպես այդ սագը ընկավ շուկա։ Պատմեցեք ճշմարտությունը։ Քանի որ ճշմարտությունը ձեզ համար փրկության միակ ուղին է։ Ռայդըրը լիզեց չորացած շրթունքները։ ― Ես կպատմեմ ամբողջ ճշմարտությունը, ― ասաց նա։ ― Երբ Հորներին ձերբակալեցին, ես տեսա, որ ավելի լավ է քարը տանեմ մի ուրիշ տեղ, քանի դեռ ոստիկանությունը գլխի չի ընկել խուզարկելու ինձ ու իմ սենյակը։ Հյուրանոցում հարմար տեղ չկար, որպեսզի քարը պահեի։ Իբր թե հիմնարկի գործով, ես դուրս եկա և ուղևորվեցի դեպի քրոջս տունը։ Նա ամուսնացած է ոմն Օկշոտի հետ, ապրում է Բրիքստոն֊րոդում և շուկայի համար տնային թռչուններ գիրացնելով է զբաղվում։ Ամեն մի պատահական անցորդ ինձ ոստիկան կամ խուզարկու էր թվում և, չնայած ցուրտ երեկոյին քրտինքը ջրի նման հոսում էր դեմքիցս, մինչև որ հասա Բրիկստոն֊րոդ։ Քույրս հարցրեց, թե ինչ է պատահել և ինչու եմ այդպես գունատ։ Ես պատասխանեցի, որ ինձ հուզել է մեր օտելում կատարված գողությունը։ Հետո անցա տան հետևի բակը, ծխամորճս վառեցի ու սկսեցի մտմտալ, թե ինչ անեմ։ Ես մի մտերիմ ընկեր ունեի, անունը Մոդսլի, որը ճիշտ ճանապարհից շեղվել էր ու պատժի ժամկետն անցկացրել Պենտոնվիլի բանտում։ Մի օր մենք հանդիպեցինք, խոսք բաց արինք գողերի մասին, և նա ինձ պատմեց, թե ինչպես են նրանք սաղացնում գողացածը։ Ես գիտեի, որ նա ինձ չի մատնի, որովհետև ինքս նրա որոշ մեղքերն իմանում էի, և դրա համար էլ որոշեցի ուղիղ գնալ նրա մոտ՝ Կիլբուրն ու նրան վստահել իմ գաղտնիքը։ Նա կսովորեցներ ինձ, թե այդ քարն ինչպես փող դարձնեմ։ Բայց ինչպե՞ս հասնել նրա տունը։ Ես մտաբերեցի այն տառապանքները, որ քաշեցի օտելից դուրս գալուց հետո։ Ամեն րոպե ինձ կարող էին բռնել, խուզարկել ու բաճկոնիս գրպանում գտնել այդ քարը։ Պատին հենված կանգնել ու նայում էի սագերին, որոնք օրորվելով թափառում էին ոտքերիս մոտ։ Եվ հանկարծ գլխումս մի միտք ծագեց, թե ինչպես կարելի է խաբել աշխարհի ամենաճարպիկ խուզարկուին․․․ Մի քանի շաբաթ առաջ քույրս ասել էր, որ ծննդյան տոնի առթիվ իրենից նվեր կստանամ ամենաընտիր սագը․ իսկ ես գիտեի, որ նա իր խոսքի տերն է։ Ես որոշեցի հենց այդ րոպեին վերցնել սագն ու նրա մեջ քարը տանել մինչև Կիլբուրն։ Բակում ինչ֊որ սարայ կար և այդ շինության հետևը քշեցի խոշոր, շատ լավ մի սագ, որն սպիտակ էր, շերտավոր պոչով։ Բռնեցի այդ սագը, կտուցը բաց արի ու քարը խոթեցի կոկորդը՝ որքան կարելի է խոր։ Սագը կուլ տվեց քարը, և ես ձեռքով զգացի, թե ինչպես դա սահեց ու ընկավ նրա քուրջը։ Բայց սագը թպրտում էր ու թևերը թափ֊թափ անում․ քույրս դուրս եկավ իմանալու, թե ինչ է եղել։ Երբ ես շուռ եկա նրա կողմը, որպեսզի պատասխանեմ, անպիտան սագը ձեռքիցս դուրս պրծավ ու խառնվեց երամին։ «Այդ ի՞նչ արիր թռչունին, Ջեյմս», ― հարցրեց քույրս։ «Գիտե՞ս ինչ, ասացի, ― դու ասել ես, որ ծննդի տոնին մի սագ կնվիրես ինձ․ ես էլ տնտղում էի, թե սրանցից որն է ավելի գերը»։ «Հա՜, ― ասաց քույրս, ― մենք քեզ համար արդեն ընտրել ենք։ Մենք այդպես էլ անվանել ենք «Ջեյմսի սագը»։ Ա՜յ, այն մեծն է, ամբողջովին սպիտակ։ Ընդամենը քսանվեց սագ ունենք, որոնցից մեկը քեզ համար է, մեկը՝ մեզ, իսկ երկու դյուժինը՝ վաճառելու»։ «Շնորհակալ եմ, Մե՜գգի, ― ասացի, ― բայց եթե քեզ համար միևնույն է, տուր ինձ այս սագը, որ ես հենց հիմա բռնել էի»։ «Քոնը դրանից ծանր է առնվազն մի երեք ֆունտով, և մենք նրան գիրացնում էինք հատկապես քեզ համար»։ «Դա ոչ մի նշանակություն չունի։ Ես ուզում եմ հենց այն սագը և ուզում եմ հենց այսօր տանել հետս։ «Քո գործն է, ― ասաց քույրս մի քիչ նեղացած։ ― Իսկ ո՞րն էիր ուզում վերցնել»։ «Ա՛յ, այն սպիտակը, որ պոչին սև շերտ կա․․․ Ահա նա, երամի մեջտեղն է»։ «Խնդրեմ, մորթիր ու տար»։ Հենց այդպես էլ արեցի, մի՛ստր Հոլմս, և թռչունը տարա Կիլբորն։ Ընկերոջս ամեն ինչ պատմեցի․ նա այն մարդկանցից է, որին հեշտ է պատմել նման բաներ։ Նա այնքան քրքջաց, որ հալից ընկավ։ Հետո մենք վերցրինք դանակն ու սագը կտրատեցինք։ Երբ ես տեսա, որ քարը չկա և որ սարսափելի սխալ է տեղի ունեցել, սիրտս կանգ առավ։ Սագը թողեցի, վազեցի քրոջս տուն ու թռա տան հետևի բակը։ Բակում ոչ մի սագ չկար։ «Որտե՞ղ են սագերը, Մե՛գգի», ― ճվացի ես։ «Ուղարկել եմ խանութպանին»։ «Ո՞ր խանութպանին»։ «Բրեկինրիջին, Կովենը֊հարդեն»։ «Իսկ սագերի մեջ շերտավոր պոչով մեկն է՞լ կար․ ճիշտ նրա նման, որ հենց նոր մորթեցի», ― հարցրի ես։ «Այո, Ջե՛յմս, շերտավոր պոչերով երկուսն էին, ու ես միշտ շփոթում էի նրանց»։ Այդտեղ, իհարկե, ես ամեն ինչ հասկացա ու ոտքերումս ինչքան ուժ կար, սլացա այդ Բրեկինրիջի մոտ։ Բայց նա բոլոր սագերին արդեն ծախել էր ու ոչ մի կերպ չէր ուզում ասել, թե ում։ Դուք ինքներդ լսեցիք, թե ինչքան կոպիտ պատասխանեց նա ինձ։ Քույրս կարծում է, թե ես խելքս թռցրել եմ։ Երբեմն ինձ էլ է թվում, որ ես խելագար եմ։ Եվ ահա․․․ և ահա՝ ես ստոր մի գող եմ, չնայած որ ձեռք էլ չեմ տվել հարստությանը, որի պատճառով խորտակեցի ամբողջ կյանքս։ Տե՜ր աստված, օգնի՜ր ինձ, տե՜ր աստված, օգնի՜ր․․․ Նա ձեռքերով ծածկեց դեմքն ու ջղաձգորեն հեկեկաց։ Տիրեց երկար լռություն, որն ընդհատվում էր միայն Ռայդըրի ծանր հառաչանքներով ու մեկ էլ բարեկամիս մատների համաչափ կտկտոցով՝ սեղանի եզրին։ Հանկարծ Շերլոկ Հոլմսը ոտքի կանգնեց ու կրնկի վրա բացեց շքամուտքի դուռը։ ― Կորեք գնացե՛ք, ― արտասանեց նա։ ― Ինչպե՞ս թե, սը՛ր․․․ Օ՜, աստված ձեզ օրհնի․․․ ― Էլ ոչ մի խոսք․ հեռացեք այստեղից։ Կրկնելու կարիք չեղավ։ Սանդուղքի վրա դղրդացին սրընթաց քայլեր, ներքևը շրխկաց դուռը, և փողոցից արագ թփթփթոց լսվեց։ ― Վերջ ի վերջո ես աշխատում եմ ոչ նրա համար ամենևին, որ դրստեմ մեր ոստիկանության վրիպումները, Ուո՛տսըն, ― ասաց Հոլմսը, ձեռքը տանելով դեպի կավե ծխամորճը։ ― Հորներին որ վտանգ սպառնար, ուրիշ բան։ Բայց Ռայդըրը նրա դեմ ցուցմունք չի տա ու գործը կմոռացվի։ Հնարավոր է, որ ես սրիկայի պաշտպան եմ դառնում․ բայց, ավելի ճիշտը՝ մարդուն փրկում եմ վերջնական խորտակումից։ Այս կտրիճին է՛լ այսպիսի բան չի պատահի․ նա չափից անց վախեցած է։ Կյանքը մեզ հանդիպեցրեց տարօրինակ ու զվարճալի մի առեղծվածի։ Այդ առեղծվածի լուծումն ինքնին պարգև է։ Եթե այնքան բարի լինեք, որ զանգը քաշեք, մենք կզբաղվենք մի նոր «հետազոտությամբ», որի մեջ գլխավոր դերը դարձյալ թռչուն է խաղալու․ մի՛ մոռացեք, որ ճաշին մենք կաքավ ենք ուտելու։ <references />