Changes

Հնդկական ժողովրդական հեքիաթներ

Ավելացվել է 26 679 բայտ, 14:42, 2 Մարտի 2017
/* Յոթ հարսնացու յոթ արքայազնի համար */
== Յոթ հարսնացու յոթ արքայազնի համար ==
 
Վաղուց, շատ վաղուց մի թագավոր էր ապրում։ Նա յոթ որդի ուներ, բոլորն էլ քաջ, գեղեցիկ ու խելացի։ Ծեր թագավորը որդիներին սիրում էր հավասարապես։ Յոթն էլ հագնվում էին միանման ու նույն դաստիարակությունն էին ստանում։
 
Որդիները մեծացան, և թագավորը յուրաքանչյուրին առանձին պալատ տվեց, որոնք դրսից ու ներսից այնքան նման էին իրար, որ մեկը տեսնելը նույնն է, թե բոլորն ես տեսել։
 
Երբ որդիների ամուսնանալու ժամանակը եկավ, թագավորը երկրով մեկ մարդիկ ուղարկեց հավասար շնորհքի ու գեղեցկության տեր յոթ հարսնացու գտնելու համար։ Թագավորի մարդիկ շատ ման եկան, շատ արքայադուստրեր տեսան, բայց յոթ միանման հարսնացու գտնել չկարողացան։ Նրանք փոր ու փոշման վերադարձան ու իրենց անհաջողության մասին պատմեցին թագավորին։
 
Թագավորն այնպես հուսահատվեց ու մռայլվեց, որ գլխավոր խորհրդականը շատ անհանգստացավ. հարկավոր էր մի ելք գտնել։
 
— Հույսդ մի կտրիր, տեր թագավոր,— ասաց նա։ Անշուշտ, անհնար է յոթ որդիներիդ նման կատարյալ յոթ հարսնացու գտնելը։ Ապավինենք պատահականությանը, գուցե բախտներս բերի...
 
Թագավորը կանչեց որդիներին, պատմեց եղելությունը։ Արքայազները համաձայնեցին. ինչ արած, մնում էր հույսը դնել պատահականության վրա։
 
Իսկ խորհրդականը ահա թե ինչ էր մտածել։ Նա արքայազներին առաջարկեց բարձրանալ ամրոցի աշտարակը, որտեղից երևում էր քաղաքը և ողջ շրջակայքը։ Նրանց մի-մի նետ տվեց և պաավիրեց արձակել ցանկացած ուղղությամբ. ում տան մոտ որ ընկներ նետը, այդ տնից էլընտրելու էին հարսնացուն, նույնիսկ եթե նա գեղջկուհի լիներ։
 
Արքայազները լարեցին աղեղները և արձակեցին նետերը։ Վեց եղբայրների նետերն ընկան հարուստ ու ճանաչված մարդկանց կտուրներին։ Իսկ կրտսեր որդու նետը թռավ քաղաքի վրայով ու կորավ տեսադաշտից։
 
Ծառաները ամեն տեղ փնտրեցին և վերջապես նետը գտան հնդկաթզենու ճյուղին մեխված, որի վրա մի կապիկ կար նստած։
 
Թագավորական խորհուրդը որոշեց արքայազնին թույլ տալ մի անգամ էլ բախտը փորձելու։ Բայց արքայազնը, ի զարմանս բոլորի, հրաժարվեց։
 
— Ոչ,— ասաց նա,— եղբայրներս իրենց արժանի գեղեցիկ հարսնացուներ գտան, դա նրանց բախտից էր։ Բայց ես չեմ խախտի տվածս խոստումը։ Գիտեմ, որ հնարավոր չէ ամուսնանալ կապիկի հետ, բայց ուրիշի հետ էյ չեմ ամուսնանա։ Ես նրան տուն կտանեմ ու կպահեմ որպես սովորական տնային կենդանի։
 
Արքայազնը այդպես էլ արեց։
 
Վեց բախտավոր արքայազների հարսանիքը նշվեց մեծ շուքով, տոնահանդեսներով, երգով ու պարով, հրավառությամբ և այլ արարողություններով։ Տները զարդարված էին մանգոյի ու բանանի ճյուղերով։ Ամբողջ քաղաքն ուրախանում էր, բացի կրտսեր արքայազնից, որը ադամանդե վզնոց էր հագցրել կապիկին ու նստեցրել իր կողքին՝ թավշապատ գահավորակի վրա։
 
— Խե՜ղճ կապիկ,— ասաց արքայազնը,— այս ուրախ օրը դու նույնքան միայնակ ես, որքան ես։ Բայց չեմ թողնի, որ դու տխրես։ Քաղցած չե՞ս։
 
Եվ նա մի ափսե հյութալի մանգո դրեց կապիկի առաջ։ Հետո սկսեց զրուցել կապիկի հետ ու այնպես ընտելացավ, որ ժամանակի մեծ մասը նրա հետ էր անցկացնում։ Ոմանք նրան հիմար էին համարում, ոմանք՝ կամակոր, շատերն էլ՝ խենթ։
 
Թագավորն իր խորհրդականների ու մյուս որդիների հետ երկար մտածեց, թե ինչ անի։ Որոշեցին մի կերպ խելքի բերել նրան և ամուսնացնել։ Բայց արքայազնը լսել անգամ չուզեց ամուսնանալու մասին։
 
Ամիսներ անցան ամիսների հետևից, բայց արքայազնը չփոխեց մտադրությունը։ Ընդհակառակը, գնալով ավելի էր կապվում կապիկին։ Մարդիկ հաճախ էին տեսնում նրանց պալատի այգիներում միասին զբոսնելիս։
 
Վերջապես, մի օր թագավորն իր մոտ կանչեց բոլոր յոթ արքայազներին և ասաց.
 
— Զավակներս, տեսնում Եմ, որ բոլորդ էլ երջանիկ եք։ Նույնիսկ դու, կրտսեր որդիս։ Համենայն դեպս, ինձ այդպես է թվում։ Ձեր Երջանկությունն իմ երջանկությունն է։ Ես ուզում եմ այցելել ձեզ ու նվերներ տալ իմ հարսներին։
 
Ավագ որդին առաջինը հորը ճաշի հրավիրեց։ Եղբայրները կրկնեցին նույնը։ Թագավորը հերթով այցելեց բոլորին։ Ընդունելությունները փառահեղ էին անցնում։ Թագավորն իր հարսներին նվիրում էր թանկագին գոհարեղեն ու շքեղ զգեստներ։ Եկավ կրտսեր որդուն այցելելու հերթը։
 
Արքայազնը շատ էր մտահոգված։ Հորը ինչպե՞ս հրավիրեր իր տուն, որտեղ կապիկ էր ապրում։ Իհարկե, նրա համար իր կապիկը ավելի վայելուչ ու հաճելի էր, քան երկրի վեհաշուք կանանցից ոմանք, բայց միևնույն է, կապիկը մնում է կապիկ։ Ինչևէ, նա վճռեց չամաչել ու չթաքցնել նրան։
 
— Ի՞նչ անեմ, բարեկամս,— ասաց նա կապիկին, երբ միասին զբոսնում էին այգում։— Երանի լեզու առնեիր ու հանգստացնեիր ինձ։ Եղբայրներս արդեն թագավորին ցույց են տվել իրենց տունն ու կանանց։ Հիմա հերթն իմն է, նրանք կծաղրեն ինձ, եթե քեզ ներկայացնեմ։
 
Կապիկը, որ միշտ լուռ ու կարեկից լսում էր արքայազնին, հիմա ինչ-որ բան էր փորձում հասկացնել՝ ցույց տալով ձեռքում պահած խեցու կտորը։ Արքայազնը վերցրեց խեցին։ Նրա վրա կանացի գեղեցիկ ձեռագրով գրված էր. «Մի անհանգստացիր, արքայազն։ Գնա այնտեղ, որտեղից գտար ինձ, խեցու այս բեկորը գցիր հնդկաթզենու փչակն ու սպասիր պատասխանի»։ Արքայազնը մի պահ վարանեց, բայց հետո արեց այն, ինչ որ գրված էր։ Հնդկաթզենին հնամյա ծառ էր, մի քանի հարյուր տարեկան՝ սաղարթախիտ, հզոր ճյուղերով ու արմատներով։ Եվ բունը, թեև փչակով, ահռելի հաստություն ուներ։ Մոտենալով ծառին՝ արքայազնը խեցու կտորը փչակը գցեց ու մի կողմ քաշվեց, տեսնելու, թե ինչ էր լինելու հետո։
 
Նա երկար չսպասեց։
 
Կանաչազգեստ մի գեղեցկուհի դուրս եկավ փչակից ու խնդրեց արքայազնին հետևել իրեն։ Նա ասաց, որ փերիների թագուհին ուզում է անձամբ տեսնել արքայազնին։
 
Արքայազնը մագլցեց ծառը, մտավ փչակն ու, խավարում խարխափելով, առաջ գնաց։ Եվ հանկարծ հայտնվեց մի պայծառ, հրաշալի այգում, որտեղ հոյակերտ մի պալատ տեսավ։ Այգին բարձրուղեշ արևածաղիկների շքախմբով էր շրջապատված։ Ծաղիկների միջով քաղցրահնչուն առվակն էր խոխոջում, որի հատակին գլաքարերի փոխարեն ադամանդներ ու շափյուղաներ էին շողշողում։ Դա մի ուրիշ աշխարհ էր, ուր ամեն ինչ այլ էր, նույնիսկ լույսը, որ թեև ավելի պայծառ էր ու ջերմ, բայց չէր շլացնում։ Նա քայլեց արծաթաջուր շատրվանի մոտով, ոսկե աստիճաններով վեր բարձրացավ, ներս մտավ պալատի մարգարտապատ դռներով և, ով զարմանք, շրջապատի ողջ գեղեցկությունը խունացավ նրա աչքին՝ տեսնելով դիմացը կանգնած չքնաղագեղ փերուն։ Այդպիսի գեղեցկություն անհնար է պատկերացնել։
 
— Այո, արքայազն, ես գիտեմ, ինչու ես եկել,— ասաց փերին։— Մի՛ վհատվիր, գնա տուն և պատրաստվիր ընդունելու հորդ։ Վաղը ամեն ինչ պատրաստ կլինի։ Իմ ծառաները կհոգան այդ մասին։
 
Հաջորդ առավոտյան, երբ արքայազնը արթնացավ իր պալատում, աչքերին չհավատաց։ Թվում էր, թե պալատը նոր կյանքով է ապրում։ Այգիները լիքն էին մանգոյի, փափայայի, նռան ու դեղձի ծառերով։ Ծառերի ստվերում մրգերով, քաղցրավենիքներով, անուշահյութերով ու օշարակով ծանրաբեռնված սեղաններ էին դրված։ Կանաչների ու ծաղիկների մեջ երեխաներ էին խաղում, իսկ տղամարդիկ ու կանայք երաժշտություն էին լսում։
 
Արքայազնը ավելի ապշեց, երբ տեսավ պալատի աղմուկն ու աշխուժությունը։ Սեղանները տնքում էին համեղ խորտիկների ծանրությունից։ Առաստաղից պայծառ ջահեր էին կախված, իսկ բազմագույն ծաղիկները անուշ բուրմունք էին տարածում չորսբոլորը։
 
Քիչ անց վազելով եկավ սպասավորը և հայտնեց, որ թագավորը գալիս է։ Արքայազնը դիմավորեց հորն ու պալատականներին և առաջնորդեց շքեղորեն զարդարված հյուրասենյակը։ Հենց այստեղ էլ տրվեց ճաշը։ Հետո բոլորը պնդեցին, թե ուզում են տեսնել արքայազնի ընտրյալին, այդպիսի փառահեղ ճաշից հետո երևի չէր խանգարի զվարճանալ՝ նայելով կապիկին։
 
Արքայազնը զգաց, որ անհնար է նրանց մերժել և տրտմորեն գնաց կապիկին բերելու։ Սպասվող ծաղրուծանակը վախեցնում էր նրան։ Նա հասկանում էր, որ այդ բոլորը թագավորի հնարածն էր՝ իր համառությունը կոտրելու և խոստումը դրժելու համար։
 
Արքայազնը բացեց իր սենյակի դուռը, և լույսի ցոլքը քիչ մնաց կուրացներ նրան, սենյակի կենտրոնում, գահի վրա նստած էր նույն այն փերին, որի մոտ ուղեկցել էր նրան կանաչազգեստ գեղեցկուհին։
 
— Այո, արքայազն,— ասաց փերին,— ես կապիկին հեռացրեցի և ինքս եմ եկել քեզ իմ ձեռքն առաջարկելու։
 
Արքայազնի աչքերում արցունքներ երևացին։
 
—Ի՞նչ ես արել,— ասաց նա։— Քո գեղեցկությունը չի փոխհատուցի իմ ընկերոջ կորուստը։
 
Այդ ժամանակ փերին ժպտալով ասաց.
 
— Եթե իմ գեղեցկությունը քեզ չհուզեց, գեթ երախտագիտությունը թող օգնի քեզ՝ ընդունելու իմ ձեռքը։ Տես, թե որքան եմ չարչարվել հորդ ու եղբայրներիդ գոհացնելու համար։ Ամուսնացիր ինձ հետ, և դու կունենաս աշխարհի բոլոր հարստությունները, ու բոլոր հաճույքները քոնը կլինեն։
 
— Ես քեզնից նման բան չեմ խնդրել,— վրդովվեց արքայազնը։— Այդ ի՞նչ դավեր ես նյութել։ Ինչու ես հեռացրել ինձանից իմ կապիկին։ Վերադարձրու նրան, և ես քո ստրուկը կլինեմ։
 
Եվ փերին իջավ գահից, բռնեց արքայազնի ձեռքն ու խոսեց՝ սիրով ու ակնածանքով լի։
 
— Իմ մեջ տես քո ընկերոջն ու բարեկամին,—ասաց նա։— Ես կապիկի կերպարանք էի առել քո անկեղծությունն ու հավատարմությունը փորձելու համար, կապիկի իմ մորթին ընկած է անկյունում։
 
Արքայազնը նայեց և, իրոք, սենյակի անկյունում տեսավ մորթին։ Ապա երկուսով բազմեցին գահին, ու երբ փերին ասաց՝ «Բարձրացիր, բարձրացիր, բարձրացիր», գահը օդ բարձրացավ ու սահեց դեպի դահլիճ, որտեղ հավաքված էին հյուրերը։ Արքայազնը իր փերուն ներկայացրեց հորը, և կարող եք պատկերացնել թագավորի ու հյուրերի զարմանքը, որոնք սպասում էին տեսնել կապիկին։
 
Երջանիկ թագավորը շռայլ ընծաներ տվեց իր նոր հարսին, և շուտով ամբողջ երկիրը նշեց նրանց ամուսնությունը։
 
Շատ չանցած մյուս արքայազները նախանձեցին իրենց կրտսեր եղբոր բախտին ու որոշեցին կործանել նրա երջանկությունը։
 
— Եղբայր,— ասացին նրան մի օր,— քո կինը փերի է, իսկ փերիները փոփոխամիտ են ու չար։ Մենք գիտենք, որ դու դեռ պահում ես նրա նախկին հագուստը՝ մորթին։ Ինչո՞ւ ես պահում։ Ի՞նչ գիտես, թե նա մի օր միտքը չի փոխի ու նորից կապիկ չի դառնա։ Արի կլինի, ոչնչացրու մորթին, քանի դեռ ուշ չէ։
 
Արքայազնը մտածեց, և եղբայրների ասածը նրան ճշմարտանման թվաց։ Նա գտավ մորթին ու գցեց բոցավառվող կրակը։
 
Կրակի միջից իսկույն բարձր ճիչեր լսվեցին, ապա ծխի մեջ հայտնվեց ինքը՝ փերին, ու դուրս սահեց պալատից։ Միևնույն ժամանակ անհետացան պալատը, այգին ու այն ամենը, ինչ իր հետ բերել էր փերին։
 
Արքայազնի սիրտը կոտրվեց։
 
— Բայց մի՞թե հնարավոր է, որ սեր լինի մարդու և օդից ծնվածի միջև,— հարցրեց թագավորը։— Նա հայտնվեց օդից ու անհետացավ օդում։ Լաց մի լինի նրա համար։
 
Արքայազնը չմխիթարվեց։ Մի օր, վաղ առավոտյան, նա թաքուն դուրս եկավ պալատից ու գնաց հնդկաթզենու մոտ՝ հույս ունենալով այնտեղ գտնել փերու հետքերը։ Բայց ծառը նույնպես անհետացել էր։
 
Եվ այսպես, շատ օրեր ու գիշերներ նա թափառեց՝ սնվելով միայն վայրի պտուղներով, խմելով միայն անձրևաջուր, քնելով աստղերի տակ և օր առ օր ավելի ու ավելի հեռանալով հարազատ քաղաքից։ Ու մի օր էլ հանդիպեց մի մարդու, որը մի ոտքի վրա կանգնած գոռում էր.
 
— Մեկ անգամ տեսա քեզ, հայտնվիր կրկին։
 
Արքայազնը հարցրեց, թե ինչ է պատահել, և մարդը, որ կանգնած էր մի ոտքի վրա, պատասխանեց.
 
— Ես որս էի անում էս անտառներում, Երբ մի գեղեցկուհի անցավ էստեղով։ Նա վազում էր և կանգ չառավ, ինչքան էլ կանչեցի։ Նրա գեղեցկությունից ու տխրությունից ես էնպես ապշեցի, որ մեխվեցի տեղումս։— Եվ նորից կրկնեց. — Մեկ անգամ տեսա քեզ, հայտնվիր կրկին։
 
— Ես էլ Եմ նրան փնտրում,— ասաց արքայազնը։
 
— Ուրեմն շուտ գտիր նրան։ Իսկ երբ գտնես, խնդրում եմ, թող որ մի անգամ էլ տեսնեմ նրան։ Վերցրու իմ մահակը որպես հիշատակ, քեզ պետք կգա ճանապարհին։ Սա կախարդական մահակ է, կկատարի քո բոլոր հրամանները։
 
Արքայազնը շարունակեց ճանապարհը, այս անգամ արդեն այրող անապատների միջով՝ կանչելով իր փերուն ու պատասխան չստանալով։ Շատ դժվարություններ կրելուց հետո նա մի օազիսի հանդիպեց և փոքրիկ առվակի ջրով հագեցրեց տանջող ծարավը։ Մինչ նա հանգստանում էր ծառի ստվերում, երաժշտության ձայն լսեց ու գնաց նրա ուղղությամբ։ Նա տեսավ քսանամյա մի գեղեցիկ երիտասարդի, որը, գլուխը հակած կիթառին, նվագում էր ինքնամոռաց։ Նույնիսկ թռչունները լուռ ու զմայլված լսում էին։ Երիտասարդը վերջացրեց նվագը, խոր հառաչ արձակեց ու ասաց.
 
— Մեկ անգամ տեսա քեզ, հայտնվիր կրկին։
 
Երիտասարդը նույնպես տեսել էր գեղեցկուհուն և այնպես էր հրապուրվել նրա գեղեցկությամբ, որ ի վիճակի չէր եղել տեղից շարժվելու։ Նա իր կիթառը տվեց արքայազնին ու ասաց, որ այն կախարդական է և ընդունակ է հմայելու իրեն ունկնդրող յուրաքանչյուր արարածի։ Իսկ փոխարենը խնդրեց, որ արքայազնը թույլ տար իրեն նորից տեսնել փերուն, երբ գտներ նրան։
 
Արքայազնը շարունակեց ճանապարհը՝ անցնելով վիթխարի լեռներ ու սաոցադաշտեր։ Ու մի օր էլ, երբ ոտքերը հազիվհազ էր քարշ տալիս ձյուների միջով, նորից լսեց կանչող մի ձայն.
 
— Մեկ անգամ տեսա քեզ, հայտնվիր կրկին։
 
Այս անգամ կանչողը մի գունատ ու վտիտ երիտասարդ էր։ Նա նույնպես տեսել էր գեղեցկուհուն, որ վազելով անցել էր լեռներով՝ ապշահար թողնելով նրան լեռան գագաթին։
 
— Վերցրու էս գլխարկը,— ասաց նա։— Երբ գլխիդ դնես, անտեսանելի կդառնաս։ Փոխարենը թույլ տուր նորից տեսնեմ գեղեցկուհուն, երթ գտնես նրան, թե չէ ես կմեռնեմ էստեղ։ Մահակը, կիթառը և գլխարկը ձեռքին՝ արքայազնը լեռներից իջավ հովիտ, որտեղ մի տաճար էր կանգնած՝ սյուները, տանիքը, պատերը ամբողջովին ձյունից։ Տաճարի ներսում մի յոգ տեսավ, որը, համարյա մերկ, նստած էր օդում, առանց պատվանդանի, հատակից մոտ երեք ոտնաչափ բարձր։ Նրա ամբողջ մարմինը լուսավորված էր տաճարի պատերից ճառագող լույսով։
 
Ցոգը բացեց աչքերը և, շեշտակի նայելով արքայազնին, ասաց.
 
— Ես գիտեմ քո պատմությունը։ Նա, ում փնտրում ես, Փերիսի թագավորի դուստրն է, որի ապարասքը գտնվում է Կովկասյան լեռներում։ Տիրուհին շատ հիվանդ է, վերցրու բալասանով լի էս ամանը ու էս փայտե մաշիկները, որոնք քեզ կտանեն ուր որ ուզես։
 
Հենց որ արքայազնը հագավ մաշիկները, իսկույն օդ բարձրացավ ու լեռների վրայով սլացավ Փերիս երկիրը։ Նա իջավ մի մեծ քաղաքի դարպասների մոտ, գլխին դրեց անտեսանելի գլխարկն ու աննկատ մտավ քաղաք։
 
Հայտնվելով գլխավոր հրապարակում, արքայազնը հանեց կիթառն ու սկսեց նվագել։ Կիթառի զմայլելի հնչյունները հրապարակ դուրս բերեցին Փերիսի ողջ ժողովրդին։
 
Թագավորը, լսելով, որ մի հրաշագործ հմայել է իր հպատակներին, ինքն էլ դուրս եկավ տեսնելու նրան։ Նա այնպես կախարդվեց երաժշտությամբ, որ ծնկի իջավ արքայազնի առաջ ու ասաց.
 
— Իմ դուստրը արդեն շատ ամիսներ տառապում է տարօրինակ հիվանդությամբ։ Բուժիր նրան, աղաչում եմ, նա իմ աչքի լույսն է, իմ միակ հույսը։
 
Արքայազնը թագավորի հետ նստեց թռչող ոսկե գահավորակին, որը միայն Փերիսում էին պատրաստում, և գնաց պալատ։ Նրան տարան արքայադստեր հարկաբաժինը։ Այստեղ էլ հենց նա գտավ իր գեղեցկուհուն՝ խոր քուն մտած։ Յոգից ստացած բալասանը տվեց սպասուհիներին և պատվիրեց, որ քսեն տիրուհու մարմնին։ Արքայադուստրն արթնացավ ու նստեց մահճակալի մեջ։ Ճանաչելով արքայազնին, այն է, ուզում էր տալ նրա անունը, երբ տղան մատը շուրթերին դրեց ու աչքերով աղերսեց, որ լռի։
 
Երբ թագավորը տեսավ, որ դուստրն առողջացել է, ասաց արքայազնին.
 
- Խնդրիր, ինչ որ ուզում ես։
 
— Քո դստեր ձեռքն եմ խնդրում, տեր արքա,— անվարան պատասխանեց արքայազնը։ Թագավորին կատաղեցրեց նրա հանդգնությունը, և նա զինվորներին հրամայեց կապկպել ու բանտ նետել այդ մուրացկանին։ Բայց արքայազնը իսկույն դրեց գլխարկը և, անտեսանելի դառնալով, մահակին հրամայեց հետ քշել զինվորներին։ Թագավորը, տեսնելով զինվորների անելանելի վիճակը, գթություն աղերսեց։
 
— Ների՛ր մեզ,— ասաց նա։— Նորից հայտնվիր, խոստանում եմ, որ կստանաս, ինչ ուզում ես։
 
Արքայազնը նորից հայտնվեց ու ասաց.
 
— Ես ստիպված էի այդպես վարվել։ Իսկ հիմա տուր ինձ մի թռչող գահավորակ, որը միայն Փերիսում գիտեն պատրաստել, թող ինձ ու դստերդ տանի իմ հոր թագավորությունը։
 
Փերիսի թագավորը անմիջապես կանչեց դստերը։ Աղջիկը երեք չքնաղ փերիսուհիների ու արքայազնի հետ նստեց գեղեցիկ գահավորակին, որը իսկույն օդ բարձրացավ ու նրանց տարավ արքայազնի երկիրը։
 
Արքայազնը չմոռացավ այն մարդկանց, որոնք օգնել էին իրեն, և նրանց նույնպես տարավ իր հայրենի երկիրը, որտեղ նրանք ամուսնացան արքայադստերն ուղեկցող երեք փերիսուհիների հետ։ Եվ բոլորը միասին ապրեցին ուրախ ու երջանիկ։
 
Ինչ վերաբերում է արքայազնի եղբայրներին, ապա թագավորը, իմանալով նրանց չարության մասին, զրկեց ժառանգությունից և հաստատ բանտ էլ կնետեր, բայց կրտսեր արքայազնը խնդրեց ներել նրանց։
== Երախտամոռ առյուծը ==
9
edits