Changes

Հնդկական ժողովրդական հեքիաթներ

Ավելացվել է 31 120 բայտ, 22:40, 19 Մարտի 2017
/* Հիմսուքա */
Ավագ որդին ասաց.
― Այդպիսի մարդուն պետք է տեղնուտեղը գլխւստել։գլխատել։
Միջնեկ որդին ասաց.

 
== Փերիումը և Քեչբան ==
== Գոռոզ թագավորը ==
 
Չանդրան թագավորը շատ էր հպարտանում իր ընդարձակ տիրույթներով ու իր հզորությամբ։ Մի օր, գահին բազմած, նա երկար միտք արեց իր հզորության մասին և ասաց ինքն իրեն.
 
— Տեսնես ինձանից ավելի հզորը կա՞։
 
Հաջորդ առավոտյան հրամայեց իր պահապաններին.
 
— Նախաճաշից հետո որսի ենք գնալու։
 
Որսի պատրաստություն տեսան, և Չանդրան թագավորը մեծապատիվ մարդկանցով ճանապարհ ընկավ։
 
Կեսօրին մոտ էր, երբ արքան, տապից թուլացած, լողանալու ցանկություն ունեցավ։ Նա անձկությամբ շուրջը նայեց ու քիչ հեռվում մի սիրուն լճակ տեսավ։
 
— Սպասիր այստեղ, մինչև ես լողանամ,— ասաց նա թիկնապահին։
 
Ապա ձին արագ քշեց դեպի լճակը։ Ձիուց իջավ, արագ հանվեց ու մտավ ջուրը։ Անմիջապես իրեն թարմացած զգաց։ Բայց մինչ նա վայելում էր ջրի զովությունը, մի մարդ, որը ջրի երկու կաթիլի պես նման էր նրան, հագավ նրա շորերը, հեծավ ձին ու քշեց դեպի զինվորները։
 
— Վերադառնանք պալատ,— հրամայեց նա։
 
Եվ զինվորները, նրան իրենց թագավորի տեղը դնելով, սլացան պալատ։
 
Այդ միջոցին թագավորը դուրս եկավ լճակից, փնտրեց իր հագուստն ու ձին, բայց, ի մեծ զարմանք իրեն, ոչ մի տեղ չգտավ։
 
— Ինչ թշվառն եմ ես,— բացականչեց դժբախտ թագավորը։
 
Ապա մտածեց ստեղծված դրությունից դուրս գալու մի հնար գտնել։
 
— Հիշում եմ, որ իմ զորապետներից մեկն այս կողմերում է ապրում։ Գնամ, օգնություն խնդրեմ նրանից։ Հետո նոր կգնամ պալատ ու կպարզեմ, թե ինչու այսպես եղավ և, իհարկե, կպատժեմ մեղավորներին։
 
Չանդրան թագավորը, մերկ ու ամոթահար, քայլերն ուղղեց դեպի Վիրա անունով իր զորապետի տունը։ Նա ուժգին թակեց դարպասը։ Առանց դուռը բացելու, ծառան հարցրեց, թե ով է թակողը։
 
— Դարպասը բաց, կտեսնես, թե ով եմ ես,— բարկացած ասաց թագավորը։
 
Ծառան բացեց և, տեսնելով տարօրինակ մերկ մարդուն, նորից հարցրեց.
 
— Ո՞վ ես դու։
 
— Ես Չանդրանն եմ, քո թագավորը,— ասաց նա։— Գնա տիրոջդ ասա, որ ինձ ձի ու շորեր տա։
 
— Հիմա՛ր, ապո՛ւշ,— գոռաց ծառան,— քիչ առաջ էստեղից գնաց թագավորը իր հապանների հետ։ Իմ տերն ուղեկցում էր նրան և նույնիսկ ճաշի նստեց նրա հետ։ Իսկ դու քեզ թագավոր ես անվանում։ Հիմա ես կզեկուցեմ տիրոջս, նա քեզ խիստ կպատժի։
 
Ապա ծառան ներս գնաց ու տիրոջը պատմեց ինքնակոչ թագավորի մասին։ Զորապետ հրամայեց իր մոտ բերել նրան։
 
Տեսնելով տարօրինյակ այդ մարդուն՝ նա զարմացած հարցրեց.
 
— Ո՞վ ես դու և ի՞նչ է քո անունը։
 
— Ես Չանդրան թագավորն եմ, մոռացե՞լ ես ինձ, ինչ է։ Մոտ մի տարի առաջ ես քեզ զորապետ դարձրի։
 
— Ի՞նչ, անպիտանի մեկը,— գոռաց զորապետը.— դու համարձակվում ես քեզ թագավո՞ր կոչել։ Ես ինքս եմ թագավորին պալատ ուղեկցել և հենց նոր եմ վերադարձել։ Քո հանդգնությունը կպատժվի։ Հապա, հասցրեք դրան ինչպես հարկն է, և վռնդեք այստեղից։
 
Ծառաները մտրակով այնքան ծեծեցին Չանդրանին, որ մարմինը ցավից մղկտաց, և նա բացականչեց արցունքն աչքերին.
 
— Ո՜վ երկինք, մի՞թե հնարավոր է, որ ինձ հետ այսպես վարվի մի մարդ, որին ես մեծ պատիվների եմ արժանացրել։ Բավական չէ, որ ինձ անպատվեց, դեռ այս անգութ չարագործներին էլ հրամայեց մտրակել ինձ։ Ես դեռ կպատժեմ այս գարշելի մարդուն։ Գնամ խորհրդականիս մոտ և պատմեմ իմ դժբախտության մասին։ Նա անպայման ինձ հագուստ կտա և կօգնի պալատ վերադառնալ։
 
Չանդրանը գնաց խորհրդականի մոտ։ Նրա թակոցի վրա դուռը բացվեց, և ծառան, տեսնելով այդ տարօրինակ, մերկ մարդուն, մի պահ աչքերին չհավատաց։
 
— Բարեկամ, ո՞վ ես դու, ինչո՞ւ ես եկել այստեղ։
 
— Ես ձեր թագավորն եմ,— պատասխանեց նա։— Պատահաբար կորցրեցի շորերս ու ձիս, եկել եմ օգնություն խնդրելու տիրոջիցդ։ Հայտնիր նրան, որ ուզում եմ տեսնել իրեն։
 
Այդ խոսքերից ապուշ կտրած՝ ծառան գնաց և տիրոջը պատմեց դրսում սպասող անծանոթի մասին։
 
— Ներս բեր,—ասաց խորհրդականը։
 
Բայց երբ թագավորին ներս բերեցին, խորհրդականը նույնպես չճանաչեց նրան։
 
— Ո՞վ ես դու,— բարկացած հարցրեց նա։
 
Չանդրանը պատասխանեց, որ ինքը թագավորն է։
 
— Խե՜ղճ խելագար,— ասաց խորհրդականը,— թագավորին ինքս եմ ուղեկցել պալատ ու քիչ առաջ եմ վերադարձել։ Չգիտեմ, խե՞նթ ես, թե խաբեբա, բայց երկու դեպքում էլ քեզ բուժել է պետք։ Այս մարդուն բանտ նետեք ու միայն ջուր տվեք։
 
Այդպես էլ արեցին, ծեծեցին ու բանտ նետեցին։ Թագավորը թշվառ վիճակի հասավ։ Ծայրաստիճան հուսահատված՝ նա մտածում էր. «Ի՞նչ անեմ, ի՞նչ է լինելու իմ վերջը։ Անարգ մարդիկ ծեծում են ինձ, վիրավորում ու ծաղրուծանակի ենթարկում։ Հարկավոր է ինչ գնով էլ լինի փախչել ու հասնել պալատ։ Գոնե կինս կճանաչի ինձ։ Անպայման կճանաչի»։
 
Նա բանտից փախավ, մի կերպ պալատ հասավ ու բախեց դարպասը։
 
— Ո՞վ ես դու,— հարցրեց պահապանը։
 
—- Տարօրինակ է.— ասաց թագավորը տխուր,— շատ տարօրինակ է, որ դու էլ ինձ չես ճանաչում, դու, որ այդքան երկար ծառայել ես ինձ։
 
— Ծառայել եմ քե՞զ,— բարկացած ասաց պահապանը։— Ա՛յ դու ստոր խաբեբա, ես միայն թագավորին եմ ծառայել։
 
— Ի՞նչ,— ասաց Չանդրանը,— դու շատ լավ գիտես, որ ես եմ թագավորը։ Տեսնում եմ, որ չես հավատում ինձ։ Աղաչում եմ քեզ, գնա թագուհու մոտ և խնդրիր, թող հագուստներ ուղարկի ինձ։ Հիմա ես քեզ մի գաղտնիք կասեմ։
 
Եվ Չանդրանը պահապանի ականջին շշնջաց բաներ, որ միայն ինքն ու Քոմալ թագուհին կարող էին հմանալ։
 
— Իսկապես,— ասաց պահապանը,— դու կատարյալ խենթ ես, հենց էս պահին թագավորն ու թագուհին միասին սեղան են նստած։ Համոզված եղիր, որ արքայական ծեծ ես ուտելու։
 
Պահապանը ներս գնաց և կրկնեց իր լսածը։ Քոմալ թագուհին դառնացած ասաց.
 
— Ո՜վ երկինք, դարպասի մոտ կանգնած մի մուրացկան սրան ասել է մեր կյանքի ամենախոր գաղտնիքները, և սա էլ հիմարաբար կրկնում է։ Նա պնդում է, որ ինքն է իմ ամուսինն ու թագավորը։
 
Ինքնակոչ թագավորը հրամայեց անմիջապես ներս բերել նրան։
 
Չանդրանի ներս մտնելուն պես նրա սիրելի շունը հարձակվեց վրան և, անշուշտ, կխեղդեր նրան, եթե չմիջամտեին։ Իսկ թութակը, որ նույնպես նրա սիրելին էր, սուր ճղճղոցով դուրս թռավ պալատից։
 
Այդ ժամանակ, դիմելով ներկաներին, ինքնակոչ թագավորն ասաց.
 
— Բարեկամներ, ուշադրություն դարձրեք իմ հարցերին, որ տալու եմ այս թշվառականին։ Ո՞վ ես դու և ի՞նչ ես ուզում։
 
— Այդ հարցերը,— տխուր պատասխանեց Չանդրան թագավորը,— շատ տարօրինակ են։ Դուք գիտեք, որ ես ձեր թագավորն եմ, այս երկրի տիրակալը։
 
Ինքնակոչը շրջվեց խորհրդականների կողմն ու շարունակեց.
 
— Հիմա ասեք ինձ. մեր երկուսից ո՞վ է ձեր թագավորը։
 
— Տեր արքա, դու մեզ շատ պարզ հարց ես տալիս,— պատասխանեցին խորհրդականները։— Այդ թշվառականը մեր թագավորը լինել չի կարող։ Իսկ քեզ մենք մանկուց գիտենք, մեր միակ թագավոր։ Խնդրում ենք մի լավ պատժիր նրան, որ ուրիշների համար էլ դաս լինի։
 
Ապա ինքնակոչ թագավորը դիմեց թագուհուն.
 
— Ասա ինձ ազնվորեն, ճանաչո՞ւմ ես այս մարդուն, որն իրեն քո ամուսինն ու թագավորն է համարում։
 
— Տեր իմ,— պատասխանեց կինը,— ինչպե՞ս կարող ես նման հարց տալ։ Մի՞թե քեզ երեսուն տարուց ավելի չգիտեմ, մի՞թե ես չեմ ծնել քո զավակներին։ Միայն մի բան է ինձ զարմացնում. ինչպե՞ս կարող էր այս մարդն իմանալ այնպիսի բաներ, որ միայն ես ու դու գիտենք։
 
Ինքնակոչը չպատասխանեց նրան, այլ նորից դիմեց Չանդրանին.
 
— Ինչպե՞ս ես համարձակվում քեզ թագավոր կոչել։ Քո այդ հանդգնության համար ես քեզ կապել կտամ ձիու պոչից։ Եվ հիշիր, եթե նորից կրկնես, կախել կտամ քեզ։
 
— Ա՜խ, ինչո՞ւ ես աշխարհ եկա,— ողբաց Չանդրանը։— Ընկերներս խուսափում են ինձնից, կինս ու երեխաներս չեն ճանաչում։ Բայց դեռ կա մեկը, ծերունի Ռիշի Վիշնուն։ Գնամ նրա մոտ, նա կճանաչի ինձ։ Չէ՞ որ իմ հոգևոր խորհրդատուն ու առաջնորդը նա է եղել։
 
Չանդրանը գնաց տաճար, որտեղ ապրում էր Ռիշի Վիշնուն, և թակեց պատուհանը։
 
— Ո՞վ է,— հարցրեց Ռիշի Վիշնուն։
 
— Չանդրան թագավորը,— եղավ պատասխանը։— Ուզում եմ խոսել քեզ հետ։ Բաց պատուհանդ, խնդրում եմ։
 
Ռիշի Վիշնուն թացեց պատուհանը, բայց, տեսնելով նրան, տեղնուտեղը փակեց։
 
— Հեռացի՛ր,— գոռաց նա,— անիծյալ արարած, դու ոչ թե թագավոր ես, այլ սատանա։
 
Սա արդեն վերջնականապես խեղճացրեց Չանդրանին, և նա հուսահատված սկսեց պոկել մազմորուքը։
 
— Ես հենց ցավն եմ, որ կամ,— բացականչեց նա։— Էլ տառապանք մնա՞ց, որ չկրեմ։ Եվ հենց նույն պահին էլ հիշեց գոռոզությամբ ասած իր մեղավոր խոսքերը. «Տեսնես ինձանից ավելի հզորը կա՞»։
 
Նորից բախեց տաճարի պատուհանը և աղերսեց.
 
— Ես ուզում եմ աղոթել աստծուն ու թողություն խնդրել մեղքերիս համար։ Խնդրում եմ, բաց դուռը, ներս թող ինձ։
 
Ռիշի Վիշնուն բացեց տաճարի դուռը և ասաց.
 
— Եթե դա է ուզածդ, ներս արի։
 
Չանդրանը մտավ տաճար և ծնկի գալով, ներում հայցեց իր ամբարտավանության համար։ Լսելով մարդու աղոթքը, Ռիշի Վիշնուն խղճաց նրան և հարցրեց, թե ո՞րն է նրա մեղքը։ Եվ Չանդրանը պատմեց իր ամբողջ պատմությունը։
 
Այդ ժամանակ Ռիշի Վիշնուն մոտիկից նայեց նրան և ճանաչեց։
 
— Ո՜վ երկինք,— ասաց նա։— Հիմա ճանաչեցի քեզ։ Վեր կաց, ես քեզ շորեր կտամ։ Հագնվիր ու գնա պալատ։ Համոզված եղիր, որ կճանաչեն քեզ։
 
Չանդրանն այդպես էլ արեց։ Պահապանը բացեց պալատի դարպասը և խոնարհ գլուխ սվեց թագավորին։
 
— Դու ինձ ճանաչո՞ւմ ես,— հարցրեց թագավորը։
 
— Շատ լավ, տեր իմ,— ասաց պահապանը։— Միայն զարմանում եմ, թե ինչպե՞ս ես դուրս եկել, որ չեմ նկատել։
 
Երբ Չանդրանը պալատ մտավ, բոլորն ակնածանքով խոնարհվեցին։
 
Ինքնակոչ թագավորն այդ ժամանակ թագուհու հետ ուրիշ սենյակում էր։ Պալատականներից մեկը գնաց զեկուցելու։
 
— Տեր իմ, մի մարդ է եկել, որին բոլորը խոնարհվում են։ Նա այնքան նման է քեզ, որ չենք կարողանում տարբերել, թե ձեզանից որն է թագավորը։
 
— Գնա տես ճանաչո՞ւմ ես նրան,— դիմեց ինքնակոչը թագուհուն։
 
Քոմալ թագուհին գնաց և, իր տեսածից զարմացած, հետ եկավ՝ բացականչելով.
 
— Օ՜, տեր իմ, հիմա ես չգիտեմ որիդ հավատամ։
 
— Այդ դեպքում,— ասաց ինքնակոչը,— գնամ ինքս պարզեմ ամեն ինչ։
 
Եվ, բռնելով թագուհու ձեռքից, տարավ նրան ու նստեցրեց գահին։
 
— Երդմամբ հաստատեք, թե մեզանից ով է թագավորը,— դիմեց նա ներկաներին։
 
— Առաջինը ես եմ պարտավոր խոսել,— ասաց Քոմալ թագուհին։— Բայց աստված է վկա, որ ես ի վիճակի չեմ ասելու, թե ձեզնից ով է իսկական թագավորը։
 
— Մենք էլ չենք կարող,— միաբերան ասացին պալատականները։
 
— Դե ուրեմն լսեք, բարեկամներ,— ասաց ինքնակոչը։— Այս մարդն է ձեր թագավորը և իսկական տերը։ Նա իրեն մեծ էր համարում նույնիսկ աստծուց՝ իր ստեղծողից։ Եվ աստված, նրան անճանաչելի դարձնելով, որոշեց պատժել։ Բայց հիմա, երբ նա արդեն բավականին տառապել է և ներում է խնդրել, ժամանակն է, որ ժողովուրդը նորից ճանաչի ու ենթարկվի նրան։ Իսկ այժմ փառք տանք աստծուն։
 
Այս ասելով նա անհետացավ։
 
Չանդրան թագավորը գոհություն հայտնեց աստծուն և ամբողջ հոգով նվիրվելով նրան՝ երջանիկ ապրեց մինչև իր կյանքի վերջը։
== Ժլատ Բալու Շահը ==
 
Բալու Շահը ապրում էր Գուջարաթում։ Նա շատ ժլատ էր և ոչ մեկի, նույնիսկ իր համար փող ծախսել չէր սիրում։ Մի օր, ճամփեզրին, արմավենու վրա հասած պտուղներ տեսավ։ Եվ քանի որ արմավ շատ էր սիրում, բերանի ջուրը գնաց։ Բայց ինչպե՞ս հասներ ծառի կատարը։ Ոչ մեկին խնդրել չէր ուզում. փող տալուց խուսափում էր։ Եվ Բալու Շահը որոշեց ինքը բարձրանալ ծառը։
 
Նա առաջներում երբեք արմավենի չէր բարձրացել։ Մի կերպ հասավ կատարը և հենց այն է ուզում էր մի արմավ պոկել, երբ հանկարծ ցած նայեց ու այնպես վախեցավ բարձրությունից, որ սկսեց դողդողալ։ Եվ որովհետև հոգնել էր, ձեռքերը թուլացան։ Նա զգաց, որ հիմա ցած կընկնի։ Եվ, անշուշտ, կմեռնի։ Մարդ չկար, որ օգնության կանչեր, և դիմեց աստծուն։ Խոստացավ, որ ամեն ինչ կանի նրան գոհացնելու համար։ Ու հանդիսավոր երդում տվեց, որ հազար բրահմինի կկերակրի, մենակ թե բարեհաջող ցած իջնի։ Երդումը նրան քաջություն ներշնչեց։
 
Բալու Շահն սկսեց ցած սահել ծառից։ Երբ կեսն արդեն իջել էր, նորից ներքև նայեց։ Այժմ, կարծես, այնքան էլ վտանգավոր չէր, և նա թեթևացած շունչ քաշեց։ Ապա մտածեց, որ երդում տալու համար շատ էր շտապել։ Բրահմինների թիվը, որոնց նա խոստացել էր կերակրել, շա՜տ-շատ էր։ Աստված կբավականանա նաև հինգ հարյուր բրահմինով
 
Նա ավելի ու ավելի էր մոտենում գետնին։ Հիմա արդեն հինգ հարյուրն էլ էր շատ համարում։
 
— Աստված կհասկանա, թե որքան դժվար է ինձ համար հինգ հարյուր աղքատ կերակրելը,— ասաց նա ինքն իրեն։— Լավ կլինի բավարարվել երկու հարյուրով։
 
Եվ այսպես, որքան նա ավելի էր մոտենում գետնին, այնքան ավելի ու ավելի էր նվազում խոստացած թիվը։
 
Իսկ երբ վերջապես ցած իջավ, վերջին անգամ հանդիսավոր երդում տվեց, որ աստծուն գոհացնելու համար կկերակրի մեկ բրահմինի։
 
Այս որոշումն ընդունելուց հետո Բալու Շահը ճանապարհ ընկավ տուն։ Ամբողջ ճանապարհին նա մտքում հաշիվ էր անում, թե ինչքան փող կծախսվի։ Գումարը նրան շատ թվաց, և որոշեց պակասեցնել։ Բայց ինչպե՞ս։ Լավագույն միջոցը, մտածեց նա, որևէ քչակերի տուն հրավիրելն է։ Իսկ որտեղի՞ց գտնել այդպիսի մեկին։ Եվ նա սկսեց զգուշորեն հարցուփորձ անել գյուղում։ Նրան ասացին, որ Ջանգի Դազ անունով մի քչակեր բրահմին կա։ Ջանգի Դազը, որ խելացի ու հնարամիտ մարդ էր, լսել էր Բալու Շահի մասին և պատրաստակամորեն ընդունեց հրավերը։
 
Բալու Շահը կնոջը պատմեց իր երդումի մասին և ասաց, թե արդեն մեկին տուն է կանչել, որ կերակրի։
 
— Աստծուն գոհացնելու համար մենք պետք է կերակրենք նրան, Շամալի,— ասաց նա,— և անենք ինչ որ պահանջվում է։ Բայց հիշիր, պետք է աշխատենք քիչ փող ծախսել։
 
Պատահեց այնպես, որ հաջորդ օրը շուկայի օր էր, և Բալու Շահը ստիպված էր շուկա գնալ գործ անելու, որպեսզի հետ բերի աղքատ բրահմինի պատճառած վնասը։ Նա պատվիրեց կնոջը, որ ուշադիր հետևի հյուրին։
 
— Լավ կլիներ, որ ես հսկեի նրան, բայց չեմ կարող, որովհետև ուրիշ կարևոր գործեր ունեմ,— բացատրեց նա։
 
երբ Ջանգի Դազը առավոտ շուտ տեսավ գործի շտապող Բալու Շահին, որոշեց անմիջապես գնալ նրանց տուն, տեսնել, թե ինչն ինչոց է։ Հյուրին այդքան վաղ իրենց տանը տեսնելով՝ Շամալին ապշեց։ Այնուամենայնիվ, քաղաքավարի ընդունեց նրան և առաջարկեց նստել։
 
— Եկեղեցի էի գնում,— բացատրեց Ջանգի Դազը,— տեսա Բալու Շահը ինչ-որ տեղ է շտապում, մտածեցի օգնության կամ խորհրդի կարիք կունենաք, որոշեցի հանդիպել։
 
— Շատ շնորհակալ եմ,— պատասխանեց Շամալին,— ամեն ինչ կլինի, ոնց որ պայմանն է։ Բայց եթե ուզում ես, ինչպես կամենաս, էնպես էլ կանեմ։
 
— Դժվար բան չէ ուզածս,— ասաց հյուրը,— պարզապես պիտի մի կարևոր բան հիշել, չնայած Բալու Շահը երդվել է կերակրել մեկ հոգու, դու պարտավոր ես տասին կերակրել։ Կարծում եմ, գիտես, ինչքան ուտելիք ես տալու։
 
Շամալին թվարկեց իր պատրաստած կերակուրները։
 
— Բարի,— ասաց Ջանգի Դազը,— բայց չէր խանգարի, եթե երեք տեսակ քաղցրավենիք էլ ավելացնեիր Գանափաթի աստծուն գոհացնելու համար։
 
Ապա բրահմինը հրաժեշտ տվեց ու գնաց։
 
Կեսօրվա մոտ Շամալին արդեն պատրաստել էր բոլոր կերակուրները։ Շուտով եկավ հյուրը։
 
— Հուսով եմ, ամեն ինչ պատրաստ է,— ասաց նա։— Ուրեմն, նախ գոհացնենք տնային աստվածներին։
 
Շամալին լամպը վառեց և ուտելիքները դրեց լույսի տակ։
 
Եվ Ջանգի Դազն ասաց.
 
— Երևում է, որ խելացի կին ես։ Ճիշտ մատուցեցիր ուտելիքը։ Բա էն երկու ոսկինե՞րը, որ հյուրասիրության մեջ են մտնում։ Ախր, դա շատ կարևոր է։
 
Շամալին չէր հիշում, որ ամուսինը որևէ բան ասած լիներ ոսկեդրամների մասին։ Բայց քանի որ կարևոր սովորույթ էր, նա չկարողացավ վիճել և ստիպված համաձայնեց։
 
Ջանգի Դազը նստեց ուտելու։ Կերավ, ինչքան որ կարող էր, ապա շորի մի կտոր փռեց, մնացած ուտելիքը լցրեց վրան ու կապեց։ Իր ընտանիքի համար։ Իսկ երկու ոսկիները, որ նվիրաբերվել էին աստվածներին, դրեց քսակը և ասաց.
 
— Ուտելիքը լավն էր, աստված գոհ կլինի քեզնից էլ, Բալու Շահից էլ։ Միայն մի պստիկ բան է մնացել, էդ էլ «դաքշինան» է։
 
Շամալին լավ չհասկացավ, թե խոսքն ինչի մասին է։
 
Ջանգի Դազը բացատրեց.
 
— Երբ կերակրում ես բրահմինին, ճաշը ճաշ չի լինի, եթե ամենաքիչը երկու ոսկի չտաս նրան։ Էդ հո բոլորը գիտեն։ Անկասկած, քեզ նման պարտաճանաչ կինը կիմանա էդ բանը։
 
Խեղճ կինը շատ էր վախենում, որ ամուսինը դժգոհ կլինի, բայց եթե դա կարևոր ու հայտնի սովորույթ էր, ուրեմն պարտավոր էր անել։ Եվ Շամալին երկու ոսկեդրամ ևս տվեց բրահմինին։
 
Վերջապես, Ջանգի Դազը, ամեն ինչից գոհ, վերադարձավ տուն։ Տուն հասնելուն պես կանչեց կնոջն ու ասաց, որ շուտով Բալու Շահը կգա իր հետևից Եվ երևի շատ բարկացած կլինի։ Նա բացատրեց, թե ինչ պիտի անի կինը, երբ նա գա։ Հետո քաշվեց իր սենյակն ու խոր քուն մտավ։
 
Ուշ երեկոյան Բալու Շահը տուն եկավ։ Շամալին պատմեց ամեն ինչ։ Բալու Շահը կատաղեց, մի մեծ փայտ վերցրեց ու վազեց Ջանգի Դազի տունը։
 
Հենց որ բրահմինի կինը տեսավ Բալու Շահին, սկսեց ողբալ ու կուրծք ծեծել։
 
— Ա՛խ դու չարագործ,— գոչեց նա,— էդ ի՞նչ արիր ամուսնուս։ Դու թունավորեցի՛ր նրան, և նա մեռնում է։ Եթե մեռնի, քեզ կբռնեն ու կկախեն։ Միևնույն է, չես ազատվի։ Ա՜խ, եթե ամուսինս մեռնի, ի՞նչ կլինի իմ ու երեխաներիս վիճակը։
 
— Էդպես մի գոռա,— վախեցած աղաչեց Բալու Շահը,— մարդիկ կլսեն։ Ինչո՞ւ բժիշկ չես կանչում։
 
— Բժի՞շկ,— ճչաց կինը։— Իսկ փո՞ղ որտեղից։ Մենք բժշկի փող ունե՞նք։ Տասը ոսկի տուր, և ես հենց հիմա բժիշկ կանչեմ։ Իսկ թե չլավացավ, քեզ անպայման կկախեն։
 
— Ի սեր աստծո,— աղաչեց ժլատը,— սպասիր տուն վազեմ։ Մի մարդ թող գա ինձ հետ, որ տասը ոսկին տամ։ Ամենալավ բժշկին կկանչես։
 
Բալու Շահը իր հետ վերցրեց նրանց որդուն և, ինչքան ոտքերում ուժ կար, վազեց տուն
 
— Ինչո՞ւ ես շտապում, ի՞նչ է պատահել,— հարցրեց կինը։
 
— Պատահել է ամենավատ բանը,— պատասխանեց Բալու Շահը։— Դու թունավորել ես Ջանգի Դազին, և հիմա ինձ կկախեն։
 
Նա արագ բացեց արկղը, տասը ոսկի հանեց ու տվեց տղային.
 
— Շուտ տուն վազիր, ոսկիները տուր մորդ ու ասա, թող ամենալավ բժշկին կանչի։
 
Տղան վերցրեց ոսկիները և վազեց տուն։ Իսկ Բալու Շահը երդվեց, որ հազար ու մեկ բրահմին կկերակրի, եթե ազատվի այդ փորձանքից։
== Յոթ աստղեր ==
 
Ժամանակով մի երկրում երաշտ եղավ, և գետերը ցամաքեցին։ Նույնիսկ ջրհորներում ջուր չմնաց։ Ծառ ու ծաղիկ չորացան, հարյուրավոր կենդանիներ սատկեցին։
 
Այդ երկրի մայրաքաղաքում մի ջահել աղջիկ էր ապրում՝ անունը Աշա։ Նրա մայրը հանկարծակի հիվանդացավ և շարունակ ջուր էր ուզում։ Աշան գնաց ջուր ճարելու։ Երկար փնտրեց խեղճ աղջիկը, բայց այդպես էլ ոչ մի կաթիլ ջուր չգտավ։ Եվ հուսահատ ու տխուր որոշեց տուն վերադառնալ։
 
Երկար քայլելուց հոգնեց, նստեց հանգստանալու և ինքն էլ չիմացավ, թե ինչպես խոր քուն մտավ։ Երբ արթնացավ, շատ զարմացավ՝ կողքին տեսնելով մի կուժ լիքը սառը ջուր։ Նա վեր թռավ և ուրախությունից սկսեց պարել։ Ապա փորձեց մի կում խմել, բայց հիշեց մորը և, երկու ձեռքով կուժն ամուր պահած, տուն վազեց։
 
Վազելիս չնկատեց ճանապարհի մեջտեղը պառկած շանը և տրորեց պոչը։ Շունը ցավից կաղկանձեց, բայց, տեսնելով ջրով լի կուժը աղջկա ձեռքին, մոռացավ ցավը ու մի քիչ ջուր խնդրեց։ Աշան գլխի ընկավ, որ շունը շատ ծարավ է, և մի կում ջուր տվեց նրան։ Կուժը տեղնուտեղը արծաթ դարձավ։
 
Աշան շատ ուրախացավ ու, գրկելով արծաթե կուժը, վազեց տուն։ Նա մոտեցավ մոր մահճակալին ու նրան մեկնեց ջրով լի կուժը։ Բայց մայրը հրաժարվեց առաջինը խմել։
 
— Աղջիկս,— ասաց նա Աշային,— նախ դու խմիր, գիտեմ, որ շատ ես ծարավ։
 
Ասելուն պես արծաթե կուժը ոսկի դարձավ։
 
Աշան հենց ուզեց մի կում խմել, դռան հետևից լսվեց մուրացկանի ձայնը։ Աղջիկը գնաց ու իմացավ, որ մուրացկանը ջուր է խնդրում։ Եվ կուժը տարավ նրան։ Անմիջապես յոթ ադամանդներ հայտնվեցին կժի մեջ, ու սառը ջուրը սկսեց աղբյուրի պես հորդալ։ Երջանիկ մուրացկանը խմեց-խմեց, մինչև կշտացավ։
 
Իսկ յոթ ադամանդները, որ շողշողում էին ջրի մեջ, երկինք բարձրացան ու դարձան յոթ աստղեր։
== Արքայազն Շամշեր Ջունգը ==