Changes

Քրիսթոֆեր Մարթինի երկու մահը

Ավելացվել է 18 061 բայտ, 23:31, 2 Ապրիլի 2017
[[Category: Արձակ]]
==1==
Նա մաքառում էր բոլոր ուղղություններով՝ նա մի մարմնի գալարվող ու ջղաձգվող կծիկի կենտրոնն էր։ Վերև ու նքրեև չկար, չկար ոչ լույս, ոչ օդ։ Նա զգաց, թե ինչպես բերանից ինքն իրեն պայթեց ճիչը․
Երկնքի շաղախն ավելի հստակ էր դարձել։ Անփափանց խավարից մշուշոտ երանգներն աստիճանաբար անցնում էին գորշի, մոխրագույնի։ Արդեն տարբերվում էին ջրի մակերեսի փոքրիկ բլրակները։ Միտքը շարունակում էր լողալու շարժումներ անել։
 
Խառնիճաղանջ պատկերները ողողեցին նրա ուղեղը, փորձելով մխրճվել նրա և արևելքի կողմը լողալու հրատապ պահանջմունքի միջև։ Նորից հայտնվեց, այս անգամ իմաստը պարպած մուրաբայի պուլիկը։ Ապա՝ մի մարդ՝ կարճ հարցազրույց, սեղանի փայլեցրած մակերեսը, որում ժպտտացող ատամներ են արտացոլվում։ Չորանալու կախված հսկա դիմակների շարանը։ Արտացոլված ատամների տիրոջ ձայնը հարցնում է․
 
― Ձեր կարծիքով Քրիսթըֆըրին ո՞րը կվայելի։
 
Հերթապահ լույսը հազիվ է նշմարվում կողմանցույցի վահանակին․․․ Հանկարծ, ի տես երկնքի ու երկրի, նեոնե գրության պես կայծակում է բարձրաձայն հրահանգը․
 
<b>― Կտրո՛ւկ աջ, աստվա՜ծ սիրեք։</b>
 
Բերանը ջուր լցվեց, և նա, կիսախեղդ, ուշքի գալով, ընկրկեց։ Ցերեկվա անգութ ներկայությունը վկայում էին կանաչն ու մոխարգույնը։ Ծովը մտերմիկ էր և միաժամանակ ահագնատես։ Ջուրը ծխում էր։ Խոյանալով հսկա ուռուցիկ բաշի վրա, նա տեսնում էր ևս երկու ծխացող գագաթ՝ մնացածը պարուրված էր աղոտ շղարշով, որը կարող էր ցող, եղյամ, կամ անձրև լինել։ Նա հայացքը հառեց այդ աղոտ օղակին, պտույտ տալով և ուսումնասիրելով դրա ամեն մի հատվածը՝ ուղղությունը գնահատելով ալիքների սահքով։ Որովայնի մարմանդ կրակը, հանուն դիմակայության պրկված, այժմ ասպատակվել ու անպաշտպան մխում էր հագուստի ու ջրաթաթախ մարմնի պարույրում։
 
<b>― Չե՛մ մեռնի։ Չէ՛։</b>
 
Մշուշի օղակն ամենուր նույնն էր։ Ալիքների ծավալուն բաշերն ուրվագծվում էին մի կողմից, ծառանում նրա վրա, մի պահ վեր հանում, իջեցնում ու անցնում։ Իսկույն վրա էր հասնում մյուսն ու նորից նրան վեր հանում, հասցնելով ցույց տալ, թե ինչպես է նախորդը հալվում մշուշում։ Ապա նա կրկին ցած էր իջնում՝ ծառացող հաջորդ բաշին ընդառաջ։
 
Նա սկսեց հայհոյել ու սպիտակ ձեռքերի ափերով ծեծել ջուրը։ Բայց նրա մաքառող բերանի ու մարմնի ձայները կլանվում ու ձուլվում էին գլորվող ջրի անհամար շշուկներում։ Նա հանդարտվեց ու մնաց գոտուց կախված, զգալով, թե ցուրտն ինչպես է մատներով խուզարկում իր որովայնը։ Գլուխն ընկավ կրծքին, սմքած ռետինը սկսեց թեթևակի, բայց անդադար չլմփալ դեմքին։
 
<b>Մտածի՛ր։ Թե չէ բուրդ կլինի։ Տես ինչ կարելի է անել։</b>
 
Նավը խորտակվեց Ատլանտյանում, ցամաքից հարյուրավոր մղոններ հեռու։ Ռադիոլռությունը խախտելու նպատակով նրանց հիմնական խմբից ուղարկել էին դեպի հյուսիս֊արևելք և թողել մենակ։ Հավանաբար գերմանական սուզանավը մոտակայքում թրև էր գալիս, որ փրկվածներից մի երկու հոգու վերցնի հարցաքննելու։ Կամ էլ՝ որ փրկվածներին ժողովելու համար ուղարկված նավը գնդակոծի։ Սուզանավն ամեն վայրկյան կարող էր ջրի երես դուրս գալ, իր ահարկու իրանով ժայռի պես փշրելով ալիքները։ նրա շրջադիտակը երևի դաղում էր ջրի մակերեսը հենց մոտակայքում՝ ծովի կշռույթն ու թելադրանքը հաղթահարած երկրային էակի աչքի պես։
 
<b>Գուցե նրա գայլաձկան նման ստվերը հիմա հենց իմ տակո՞վ է անցնում, կամ փայտացած ոտքերիս տակ, ասես բարձին, պառկած է ծովի աղի գրկում, մինչև անձնակազմը քնած է։ Փրկվածներն ով գիտի հենց քթիս տակ են՝ լաստով, նավակով, մակույկով կամ բեկորներից կառչած։ Մառախուղով ծածկված, մերոնք են սպասում՝ նրանք գոնե պահածո ունեն, եթե ոչ՝ խմիչք։</b>
 
Նա նորից սկսեց ջրի մեջ պտույտներ անել, աչքերը կկոցելով առաստաղի պես կախված երկնքին, ապա պղտոր հայացքը դարձրեց շուրջբոլորը՝ գլուխներ կամ նավաբեկորներ փնտրելով։ Ոչինչ չկար։ Նավն անհետացել էր, ասես հսկա մի ձեռք մղոնանոց խորքից նրան մի ակնթարթում ցած էր քաշել։ Տակի մղոնը հիշելուց նրա դեմքն այլայլվեց ու սկսեց գոռալ․
 
<b>― Օգնե՜ք․․․ գրողը տանի, անիծվե՜ս դու, հարամ լինի, ես քո․․․ Օգնությո՜ւն։</b>
 
Խոսքերը վերածվեցին հեկեկոցի, նա սրթսրթաց՝ նավը հափշտակած սառը ձեռքը սկսեց սեղմել իրանը։ Նա դանդաղ զկռտաց լռության մեջ ու նորից սկսեց պտույտներ անել ծխացող կանաչ քաոսում։
 
Շրջանի մի կողմը մյուսից լուսավոր էր։ Ալիքները գլորվում էին դեպի այդ աղոտ փայլի ձախ կողմը, որի ուղղությամբ մշուշն անգամ ավելի անթափանց էր, քան՝ հակառակ։ Նա մնաց դեմքով դեպի լուսավոր կողմը ոչ թե որովհետև ինչ֊որ բան էր ակնկալում, այլ՝ որովհետև այն կոտրում էր շրջանի միօրինակությունը և ավելի ջերմ էր թվում։ Առանց իրեն հաշիվ տալու, նա սկսեց լողալ, ասես բացվող լույսի ուղղությունը բռնելն ինքնըստինքյան անխուսափելի լիներ։ Լույսի տակ ծովի ծուխն իրեղեն էր թվում։ Այն ընդհուպ քսվում էր ջրին, անհանգիստ բլրակների կատարների և իր միջև մնացող տարածքը շշի ապակու կանաչով լցնելով։ Ալիքներն անցնելուն պես նրանց մեջ դեռ մեկ֊երկու պահ կարելի էր նայել, բայց նրանք սոսկ ջուր էին՝ ոչ ջրիմուռ կար, ոչ՝ պինդ մի նշույլ, լողացող ոչ մի բան, բացի անընդհատ շարժվող կանաչ ջրից՝ սառը, համառ, ապուշ ջուր։ Ձեռքերը ստույգ էին, սև մոմլաթի թևերը նույնպես, ու նաև՝ շնչելու, հևալու ձայները։ Այդ ապուշությունն էլ էր ձայներ հանում՝ փսփսում, ծալվում իրար վրա, մանր կնճիռներով կարկաչում ականջի մոտ, հետո հանկարծ ֆսսոց էր գալիս, քրթմնջոց, մոլտոցներ ու կիսավարտ վանկեր լսվում, ու նաև՝ քամու հանդարտ շրշյունը։ Լուսավոր կողմում ձեռքերը կարևոր էին, բայց կառչելու ոչինչ չունեին։ Մաքառող, մեռնող մարմնի տակ սառը, անծայրածիր կակղությունն էր։
 
Խորության մտքից փորի մոտ քաշեց անկենդան ոտքերը, ասես նրանց օվկիանոսից կտրելով։ Նա ճկվեց ու օդ կուլ տվեց, ալիքի կատարին խոյանալով անդնդախոր ծովի վրա։ Բերանը բացվեց, որ գոռա լույսի կողմը։
 
Ու մնաց բաց։ Ապա ատամների շրխկոցով փակվեց, և ձեռքերը սկսեցին ջուր ետ հրել։ Նա մաքառեց առաջ։
 
<b>― Հե՜յ, աստծո՜ւ սիրուն․․․ ես այստե՜ղ եմ․․․ ճիշտ ձեր քթի տակ, աջի՜ց․․․</b>
 
Թափահարեց ձեռքերն ու ոտքերը, անշնորհք շուռումուռ գալով ջրի մեջ։ Ալիքը ծածկեց նրան, և նա մղվեց վեր, ջրից մինչև կուծքը դուրս թռչելով։
 
<b>― Օգնությո՜ւն, օգնե՜ք։ Ջրում մարդ կա․․․ Աստվա՜ծ սիրեք։</b>
 
Ոստյունի թափից նա նորից ընկղմվեց, բայց մագլցեց վեր, ու ալիքը գլխից թափ տվեց։ Որովայնի կրակը տարածվել էր, սիրտը մարմնով մեկ ցավագին ճիգով էր մղում մածուցիկ արյունը։ Լուսավոր բծից աջ մշուշի մեջ նավ կար։ Նա նավի քթից աջ էր ընկած, կամ էլ․․․ և այդ մտքից սկսեց փրփուր ծեծել․․․ կամ էլ՝ խելից ձախ, և նավը հեռանում էր։ Անգամ կատաղի շարժվելով, նա հասկացավ այդ մտքի անհեթեթությունը, քանի որ այդ դեպքում նավը քիչ առաջ անցած կլիներ կողքով։ Ուրեմն նավն իր կողմն էր գալիս և տեսանելիության օղակը պիտի կտրեր ճիշտ իր կողքին։
 
Կամ էլ կանգ էր առել։
 
Այդ մտքից ինքն էլ կանգ առավ և մնաց ջրին պառկած։ Նավն այդ աստիճան աղոտ էր երևում՝ խտացած խավարի պես մի բան, որ նա անկարող էր ոչ չափը դատել, ոչ՝ հեռավորությունը։ Հիմա նավն անշուշտ ավելի մոտ էր, քան առաջին անգամ տեսնելիս, և երևում էր, անգամ երբ նա ալիքների միջև էր մնում։ Նորից սկսեց լողալ, ամեն ալիքի կատարին գոռալով․
 
<b>― Օգնությո՜ւն, մա՜րդ կա։</b>
 
Բայց ո՞ր նավը կարող է այդքան ծուռ լինել։ Ավիակի՞րը։ Ամայի, լքված, ուր որ է խորտակվող ավիակիրը։ Այդ դեպքում այն վաղուց պիտի տորպեդային համազարկից կործանված լիներ։ Լքված զբոսանա՞վ։ Որ այդպես է, ուրեմն, մեծությունից ելնելով, «Թագուհիներից» մեկն էր, բայց ինչո՞ւ՝ ծուռ։ Արևն ու մշուշը հավասարակշռության մեջ էին։ Արևը լուսավորում էր մշուշը, բայց չէր խոցում այն։ Արևամուժի միջից ծառանում էր նավ֊ոչ֊նավի խավար ուրվագիծը այնտեղ, ուր միայն նավ կարող էր լինել։
 
Նա նորից սկսեց լողալ, հանկարծ զգալով իր մարմնի կատարյալ ուժասպառությունը։ Նավը տեսնելու առաջին, ցնծագին հրճվանքը կլանեց ամբողջ վառելիքը, և կրակն այժմ կրկին մարմանդ էր։ Նա խոժոռ լողում էր, թևերը սեղմելով ջրի մեջ, հայացքը կամարների տակից առաջ նետելով, ասես այն կարող էր իրեն խարսխել ապահովությանը։ Ուրվագիծը շարժվում էր՝ մոտենում, բայց ավելի հստակ չէր դառնում։ Նրա ստորոտում մեկ֊մեկ նավի կտրած ալիքի պես մի բան էր երևում։ Նա դադարեց նայել այդ կողմն ու շարունակեց մեկ լողալ, մեկ գոռալ, մարմնի վերջին ուժերը սպառելով։ Շուրջբոլորը շարունակ աճող, կողոպտել ջանացող կանաչ սաստկություն էր, նա պարուրված էր մուժով ու ցոլքով, աչքերի առջև կարմիր էր տրոփում՝ ի վերջո մարմինն անձնատուր եղավ ու փռվեց ալիքներին, և մութ ստվերը ծառացավ նրա վրա։ Սեփական պայքարի ձայների միջից նա լսեց փշրվող ալիքների աղմուկը։ Ապա գլուխը բարձրացրեց, և ահա՝ երկնքի մեջ մխրճված ժայռը, վրան ճախրող ճայով։ Նա ջրի մեջ վեր մղվեց ու տեսավ, թե ինչպես էր ամեն ալիք մի պահ սմքում, հետո վեր նետում փրփրած ձեռքն ու անէանում, ասես ժայռը նրան կուլ էր տվել։ Սկսեց լողալու շարժումներ մտածել, բայց արդեն գիտեր, որ մարմինն այլևս իրեն չի ենթարկվում։ Նրա ու ժայռի միջև մնացած ալիքի կատարը հարթվեց, տարակուսած փափկեց ու կտրուկ ցայտեց վեր։ Նա սուզվեց ու առանց գիտակցելու տեսավ, որ կանաչ ջուրն այլևս դատարկ չէ։ Դեղին ու դարչնագույն էր հայտնվել։ Անսանձ ջրի խենթ ու անձև քրթմնջոցի փոխարեն նա հանկարծակի շառաչ լսեց։ Հետո ընկղմվեց երգող աշխարհի գիրկը՝ ինչ֊որ մազմզուկներ սկսեցին հպվել դեմքին, հանկարծ նշմարվեցին քարի ու ջրիմուռների խառնաշփոթ մերձությունը վկայող մանրամասերը։ Դեմքին քսվեցին դարչնագույն շոշափուկները, ապա, կործանարար ցնցումով, նա բախվեց կարծրությանը։ Տարբերությունը կատարյալ էր, այն զգացվում էր մարմնի տակ, ծնկների ու դեմքի վրա, նա կարող էր մատները փակել վրան, մի պահ՝ անգամ կառչել դրանից։ Բերանն առանց կարիքի բաց էր մնացել, աչքերն էլ էին բաց՝ նա սևեռուն ու մտերիմ շփման մի պահ ապրեց դեմքին համարյա քսվող երեք խեցու հետ, երկուսը՝ փոքր, մեկը՝ մեծ։ Բայց և այնպես հեղհեղուկ խոնավության աշխարհից հետո այդ կարծրությունն ահարկու էր ու օրհասական։ Այն ոչ թե թրթռուն էր, ինչպես նավի իրանը կարող էր լինել, այլ՝ անողորմ ու խուճապազդու։ Աննպատակ գլորվող ջրի հազարավոր մղոններից հետո այն հանկարծակի գոտեմարտի էր բռնվում։ Նա զգաց, թե ինչպես է ինքը խեցիներից անջատվում ու հեռացվում, գլխիվայր շուռ տրվում, ու շպրտվում ջրիմուռների ու խավարի գիրկը։ Նա խճճվեց լպրծուն ճոպանների մեջ, բայց դուրս պրծավ։ Ապա նշմարեց լույսն ու մի բերան օդ ու փրփուր կուլ տվեց։ Նա տեսավ ժայռի պատառոտված եզրովն ի վեր ծառացող ջրափոշու սյուները, և Ատլանտյանի մեջտեղում ցցված ժայռի տեսքն այն աստիճան նրան ահաբեկեց, որ նա վայրի գազանի պես ոռնաց, շռայլելով օդի պաշարը։ Նա ընկղմվեց կանաչ անդորրի գիրկը, ապա նորից ետ մղվեց ու շպրտվեց մի կողմ։ Ծովը նրանով այլևս չէր խաղում։ Այն զսպել էր իր կատաղությունը և որսկան շան պես նրան հանդարտ ու զգույշ առաջ էր տանում։ Ոտնաթաթեին ու ծնկներին կարծր բաներ էին քսվում։ Ծովը նրան մեղմիկ ցած դրեց ու նահանջեց։ Նրա կուրծքը և դեմքը, ճակատի մի կողմը հպվում էր կարծրությանը։ Ծովը վերադարձավ ու քսմսվեց նրա դեմքին, լպստելով այն։ Նա շարժումներ մտածեց, որոնք չիրականացան։ Ծովը նորից հետ եկավ, և նա կրկին շարժումներ մտածեց, որոնք այս անգամ իրագործվեցին, քանի որ ջուրն իր վրա էր վերցրել նրա ծանրության մեծ մասը։ Կարծր բաների վրայով նա շարժվեց առաջ։ Ամեն ալիք նրան փոքր֊ինչ առաջ էր մղում։ Նա զգաց, թե ինչպես ծովը հոտոտեց իր ոտքերը, ապա՝ քիթը սեղմեց թևատակին։ Այն այլևս դեմքը չէր լպստում։ Առջևում մի պատկեր էր, որ զբաղեցնում էր կամարների տակի ամբողջ տարածքը։ Այն իմաստ չուներ։ Ծովը նորից հպվեց նրա թևատակին։
 
Նա անշարժ պառկած էր։