Changes
Կյանքը ղեկավարող օրենքները հանդես են բերում ժամանակի և տարածության տեսակետից ուշագրավ զուգահեռություն, որի վրա հաճախ մատնանշել է հանգուցյալ Էդվարդ Ֆորբսը, այն օրենքները, որոնք անցյալ ժամանակներում որոշել են ձևերի հաջորդումը, գրեթե նույնն են, ինչ որ այժմ զանազան աշխարհագրական մարզերում ձևերի տարբերությունը որոշող օրենքները։ Մենք այդ տեսնում ենք բազմաթիվ փաստերի վրա։ Յուրաքանչյուր տեսակի կամ տեսակների խմբի գոյությունն անընդհատ է ժամանակի տեսակետից. թվացող բացառություններն այդ կանոնից այնքան քիչ են, որ մենք կարող ենք դրանք վերադրել այն հանգամանքին, որ միջանկյալ շերտերում մենք դեռ չենք գտել այն ձևերը, որոնք գոյություն ունեն վերևում և ներքևում։ Ճիշտ նույնը նաև տարածության վերաբերմամբ պետք է որպես կանոն ընդունել, որ յուրաքանչյուր տեսակի կամ մի քանի տեսակների մարզն անընդմեջ է, իսկ բացառությունները, թեև նրանք հազվագյուտ չեն, կարող են բացատրվել, ինչպես ես աշխատել եմ ցույց տալ, կամ տարբեր պայմաններում կատարված նախկին գաղթերով, կամ տարածման պատահական եղանակներով, կամ տեսակի մահաջնջմամբ միջանկյալ մարզերում։ Տեսակները և տեսակների խմբերն ունեն առավելագույն զարգացման կետեր հավասարապես ինչպես ժամանակի, այնպես էլ տարածման տեսակետից։ Տեսակների խմբերը, որոնք ապրում են միևնույն ժամանակաշրջանի ընթացքում կամ մի մարզում, հաճախ բնորոշվում են նույնիսկ չնչին ընդհանուր գծերով, ինչպիսիք են նախշերը կամ գույները։ Անցյալ դարերի երկար հաջորդականության կամ երկրագնդի վրա միմյանցից հեռու գտնվող մարզերի մասին խոսելով, մենք գտնում ենք, որ մի քանի դասերի տեսակներ քիչ են տարբերվում իրարից, մինչդեռ մի այլ դասի մեջ կամ նույն խմբի ստորաբաժանման մեջ նրանց միջև գոյություն ունի մեծ տարբերություն։ Յուրաքանչյուր դասի ցածր կազմվածք ունեցող ներկայացուցիչները սովորաբար բարձր կազմվածք ունեցողներից ավելի քիչ են փոփոխվում ինչպես ժամանակի, այնպես էլ տարածության մեջ. բայց երկու դեպքում էլ նկատված են այդ կանոնից բացառություններ։ Մեր տեսության համաձայն ժամանակի և տարածության միջև եղած հարաբերակցությունները հասկանալի են, որովհետև, երբ մենք խոսում ենք այն մերձավոր ձևերի մասին, որոնք փոփոխվել են հաջորդական դարերի ընթացքում, կամ այն ձևերի մասին, որոնք փոփոխվել են հեռավոր մարզեր գաղթելուց հետո, միևնույնն է, երկու դեպքում էլ նրանք միմյանց հետ կապված են հաջորդող սերունդների սովորական կապերով, երկու դեպքում էլ փոփոխականության օրենքները նույնն են, և փոփոխությունները կուտակվել են բնական ընտրության միշտ նույն եղանակով։
==ԳԼՈՒԽ XIV։ ՓՈԽԱԴԱՐՁ ԱԶԳԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՕՐԳԱՆԻԶՄՆԵՐԻ ՄԻՋԵՎ. ՄՈՐՖՈԼՈԳԻԱ. ՍԱՂՄՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ. ԹԵՐԱՃ ՕՐԳԱՆՆԵՐ.==
<FONT SIZE="-1">ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ, ԽՄԲԵՐԻ ՀԱՄԱՍՏՈՐԱԴԱՍՈՒՄԸ։— ԲՆԱԿԱՆ ՍԻՍՏԵՄ։— ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐՆ ՈՒ ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՈՐՈՆՔ ԲԱՑԱՏՐԵԼԻ ԵՆ ԾԱԳՄԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՋՈՐԴԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵՍՈՒԹՅԱՆ ՀԻՄԱՆ ՎՐԱ։— ՏԱՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ։— ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՄԱՐ ՄԻՇՏ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ ԵՆ ԾԱԳՈԻՄԸ։— ԱՆԱԼՈԳԻԱԿԱՆ ԿԱՄ ՀԱՐՄԱՐՈՂԱԿԱՆ ՆՄԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ։— ԸՆԴՀԱՆՈՒՐ, ԲԱՐԴ ԵՎ ՏԱՐԱՄԻՏՎՈՂ ԱԶԳԱԿՑՈՒԹՅՈՒՆ։— ՄԱՀԱՋՆՋՈՒՄԸ ՄԵԿՈՒՍԱՑՆՈՒՄ ՈՒ ՍԱՀՄԱՆԱԶԱՏՈՒՄ Է ԽՄԲԵՐԸ։— ՄՈՐՖՈԼՈԳԻԱ. ՄԻԵՎՆՈՒՅՆ ԽՄԲԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԵՎ ՄԻԵՎՆՈՒՅՆ ՕՐԳԱՆԻԶՄԻ ՄԱՍԵՐԻ ՀԱՄԵՄԱՏՈՒԹՅՈՒՆԸ։— ՍԱՂՄՆԱԲԱՆՈՒԹՑՈՒՆ, ՆՐԱ ՕՐԵՆՔՆԵՐԸ, ՆՐԱՆՑ ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ, ՈՐՈՆՔ ԵՐԵՎԱՆ ԵՆ ԳԱԼԻՍ ՈՉ ՎԱՂ ՀԱՍԱԿՈՒՄ Եվ ԺԱՌԱՆԳՎՈՒՄ ԵՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՀԱՍԱԿՈՒՄ։— ԹԵՐԱՃ ՕՐԳԱՆՆԵՐ. ՆՐԱՆՑ ԾԱԳՄԱՆ ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆԸ։— ԸՆԴՀԱՆՈՒՐ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ։
ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄ</FONT>
Մենք գիտենք, որ երկրագնդի պատմության ամենահեռավոր ժամանակաշրջաններից սկսած օրգանիզմների միջև նմանությունն արտահայտվում է զանազան վայրընթաց աստիճաններով, այնպես որ նրանց կարելի է դասավորել ստորադաս նշանակության խմբերով։ Այդ դասակարգումը կամայական չէ, ինչպես կամայական է, օրինակ, աստղերի խմբավորումը համաստեղություններում։ Խմբերի գոյությունը պարզ նշանակություն կունենար, եթե մի խումբը հարմարված լիներ բացառապես ցամաքային կյանքի համար, իսկ մյուսը՝ ջրային, մեկը մսեղեն սնունդ գործածելու համար, մյուսը՝ բուսական նյութեր և այլն. բայց իրականության մեջ դրությունը բոլորովին այլ է, որովհետև լավ հայտնի է, թե ինչպես հաճախ նույնիսկ մի ենթախմբի անդամները տարբերվում են միմյանցից իրենց կենցաղով։ Երկրորդ և չորրորդ գլուխներում խոսելով փոփոխականության և բնական ընտրության մասին, ես աշխատել եմ ցույց տալ, որ յուրաքանչյուր երկրի սահմաններում ամենից ավելի փոփոխական են (այն կերպով տարածված ու սովորական ձևերը, այսինքն յուրաքանչյուր դասի սեռային ընդարձակ խմբերի գերիշխող տեսակները։ Այս կերպ առաջացող տարատեսակները կամ սկզբնավորվող տեսակները վերջիվերջո դառնում են նոր, առանձնացած տեսակներ, վերջիններս ժառանգականության օրենքով ձգտում են առաջացնել նոր և գերիշխող տեսակներ։ Հետևաբար, այժմյան ընդարձակ խմբերը, որոնք ընդգրկում են գերիշխող շատ տեսակներ, ձգտում են զարգանալու, ծավալով շարունակ ավելի ու ավելի մեծանալու։ Այնուհետև ես աշխատել եմ ցույց տալ, որ յուրաքանչյուր տեսակի փոփոխված հաջորդները ձգտում են բնության տնտեսության մեջ գրավել հնարավորին չափ մեծ թվով բազմազան տեղեր և դրա հետևանքով նրանք երևան են հանում հատկանիշների տարամիտման հակում։ Վերջին եզրակացությունը հաստատվում է նրանով, որ նկատվում է ձևերի մեծ բազմազանություն, որոնք ամեն մի փոքր շրջանում մտնում են ամենամոտ մրցության մեջ, ինչպես նաև մի քանի տվյալներով, որ վերաբերում են նատուրալիզացիային։
Ես աշխատել եմ նաև ցույց տալ, որ թվով հետզհետե ավելացող և հատկանիշներով տարամիտվող ձևերն ունեն մշտական ձգտում ճնշելու և մահաջնջման հասցնելու այն ավելի հին ձևերին, որոնք հատկանիշներով ավելի քիչ են տարամիտվում և ավելի քիչ են կատարելագործվում։ Խնդրում եմ ընթերցողին, ուշադրություն դարձնի այն դիագրամին, որը, ինչպես այդ առաջներն արդեն պարզաբանված է, լուսաբանում է այդ զանազան սկզբունքների ազդեցությունը, և նա կտեսնի, որ անխուսափելի հետևանքը կլինի ընդհանուր նախածնողի փոփոխված հաջորդների առանձնանալը, ստորադաս նշանակություն ունեցող խմբերի վերածվելը։ Դիագրամի վերին գծի վրա գտնվող յուրաքանչյուր տառ նշանակում է մի սեռ, որ պարփակում է մի քանի տեսակներ. այդ վերին գծի վրա տեղավորված բոլոր սեռերը միասին կազմում են մի դաս, որովհետև առաջացել են մի ընդհանուր նախահորից և այդ պատճառով նրանից ժառանգել են մի ինչ֊որ ընդհանուր բան։ Բայց նույն հիման վրա էլ ձախակողմյան երեք սեռերը, որոնք անհամեմատ ավելի շատ ընդհանուր գծեր ունեն միմյանց հետ, կազմում են մի ենթաընտանիք, տարբեր այն ենթաընտանիքից, որը բովանդակում է երկու աջակողմ յան ամենամոտ սեռերը, որոնք իրենց հատկանիշներով հեռացել են ընդհանուր նախածնողից զարգացման հինգերորդ ստադիայում։ Այս հինգ սեռերը նույնպես շատ ընդհանուր բան ունեն միմյանց հետ, բայց ավելի պա կաս, քան յուրաքանչյուր ենթաընտանիքի սեռերը և միասին կազմում են մի ընտանիք, որը տարբերվում է ավելի վաղ ժամանակաշրջանում հեռացած ավելի ևս աջակողմյան երեք սեռ ընդգրկող ընտանիքից։ A-ից առաջացած բոլոր սեռերը կազմում են կարգ, որը տարբերվում է նրանից, որն ընդգրկում է I-ից առաջացած սեռերը։ Այսպիսով մենք այստեղ ունեք տեսակներ, որոնք առաջացել են ընդհանուր նախահորից և խմբավորվում են սեռերի մեջ, սեռերը՝ ենթաընտանիքների, ընտանիքների և կարգերի մեջ, բոլորը միասին՝ մի մեծ դասի մեջ։ Իմ կարծիքով, սրանով է բացատրվում խմբերի մեջ օրգանիզմների բնական ստորադասման կարևոր փաստը, մի փաստ, որն իր սովորական լինելու պատճառով միշտ չէ, որ իր վրա բավականաչափ ուշադրություն է գրավում։ Ոչ մի կասկած չկա, որ օրգանիզմները այլ առարկաների նման կարող են դասակարգվել զանազան կերպով, այն է՝ կամ արհեստականորեն, առանձին հատկանիշների հիման վրա, կամ ավելի բնականորեն, հատկանիշների գումարի հիման վրա։ Մենք գիտենք, օրինակ, որ այդ ձևով կարելի է դասակարգել հանքերը և պարզ մարմինները։ Այդ դեպքում, իհարկե, ոչ մի առնչություն չկա դասակարգման և ծննդաբանական հաջորդականության միջև, և ներկայումս անհայտ է, թե ինչի հիման վրա են նրանք բաժանվում խմբերի։ Բայց օրգանիզմների վերաբերմամբ բանն այլ կերպ է, որովհետև վերևում շարադրված տեսակետը լիովին համաձայնվում է օրգանիզմները ստորադաս նշանակություն ունեցող խմբերով դասավորելու հետ, և երբեք փորձ չի արվել այլ բացատրություն տալու այդ փաստին։
Ինչպես մենք տեսանք, բնախույզներն աշխատում են յուրաքանչյուր դալի տեսակները, սեռերը և ընտանիքները դասավորել, այսպես կոչված, բնական սիստեմում։ Բայց ի՞նչ է հասկացվում այդ սիստեմի տակ։ Մի քանի հեղինակներ նրա վրա նայում են որպես մի պարզ սխեմայի, որով կարելի է միասին դասավորել ամենից ավելի միանման օրգանիզմները և բաժանել ամենից ավելի չնմանվողները, կամ այն համարում են մի արհեստական եղանակ ընդհանուր գրույթները հնարավորին չափ համառոտակի շարադրելու համարք այսինքն մեկ նախադասության մեջ տալ ընդհանուր հատկանիշները, օրինակ, բոլոր կաթնասունների համար, մյուսի մեջ՝ բոլոր գիշատիչների համար, մի ուրիշի մեջ էլ շների սեռի համար ընդհանուր հատկանիշները, իսկ հետո ավելացնելով մասնավոր սահմանում՝ տալ արդեն շների յուրաքանչյուր տեսակի լրիվ նկարագրությունը։ Այդպիսի սիստեմի հարմարությունը և օգտակարությունը իհարկե չի կարելի վիճարկել։ Բայց շատ բնախույզներ կարծում են, որ բնական սիստեմի տակ պետք է ինչ֊որ ավելի մեծ բան հասկանալ. նրանք հավատում են, որ նրա մեջ արտահայտվում է արարչի պլանը, սակայն քանի դեռ չի որոշված, թե ինչ պետք է հասկանալ արարչի պլան ասելով արդյոք որոշ կարգ ժամանակի ու տարածության մեջ, կամ թե մեկը և թե մյուսը միասին կամ էլի որևէ այլ բան, ինձ թվում է, որ այդ ձևով մեր գիտելիքների վրա ոչինչ չի ավելանում։ Այնպիսի արտահայտությունները, որոնք նման են ավելի կամ պապկաս ծածուկ ձևով կրկնվող այն հայտնի խոսքերին, որ ասել է Լիննեյը, թե հատկանիշները չեն որոշում սեռը, այլ սեռն է որոշում հատկանիշները, ըստ երևույթին ցույց են տալիս, որ մեր դասակարգումները ենթադրում են ավելի խոր կապ, քան պարզ նմանություն։ Ես կարծում եմ, որ այդ այդպես էլ է և որ ծագման ընդհանրությունը, օրգանիզմների մերձավոր նմանության այդ միակ հայտնի պատճառը, հենց այն կապն է նրանց միջև, որը մասամբ բացվում է մեր առջև փոփոխությունների զանազան աստիճանները նկատող դասակարգումների միջոցով։
Այժմ ծանոթանանք դասակարգության կանոններին և այն դժվարություններին, որոնք առաջանում են այն տեսակետի պատճառով, որ դասակարգությունը կամ բացահայտում է ստեղծագործության մի ինչ֊որ անիմանալի պլան, կամ պարզապես ներկայացնում է մի սխեմա ընդհանուր դրույթներ շարադրելու համար և միմյանց հետ ամենից ավելի նման ձևերը զետեղելու համար։ Կարելի է կարծել, և, նախկին ժամանակում իսկապես այդպես էլ կարծում էին, որ դասակարգության մեջ ամենամեծ նշանակություն ունեն կառուցվածքի այն առանձնահատկությունները, որոնք իրենցով որոշում են յուրաքանչյուր էակի կենցաղը և գրաված ընդհանուր տեղը բնության տնտեսության մեջ։ Ոչինչ չի կարող ավելի սխալ լինել, քան այդ տեսակետը։ Ոչ ոք չի համարի, որ մկան և սրնչակի, դյուգոնի և կետի, կետի և ձկան արտաքին նմանությունն ունի որևէ նշանակություն։ Այդպիսի նմանությունը, ինչքան էլ նա սերտորեն կապված է այդ էակների ամբողջ կյանքի հետ, միայն որպես «հարմարողական կամ անալոգիական հատկանիշների» նշանակություն ունի և մենք դեռ կվերադառնանք այդպիսի նմանության վերլուծությանը։ Նույնիսկ կարելի է որպես ընդհանուր կանոն ընդունել, որ օրգանիզմի մի որևէ մաս որքան քիչ է կապված կենցաղի առանձնահատկությունների հետ, այնքան ավելի մեծ նշանակություն է ստանում դասակարգության համար։ Օրինակ, Օուենը խոսելով դյուգոնի մասին, նկատում է. «Քանի որ վերարտադրողական օրգանները շատ հեռավոր առնչություն ունեն կենդանու կենցաղի և կերի հետ, ես նրանը միշտ համարել եմ այնպիսի օրգաններ, որոնք պարզորոշ ցուցում են տալիս կենդանու իսկական ազգակցության մասին։ Քիչ հավանական է, օր այդ օրգանների ձևափոխությունների մեջ մենք խառնենք պարզապես հարմարողական հատկանիշների ու էական հատկանիշների առանձնահատկությունները»։ Ինչքա՜ն զարմանալի է բույսերի նկատմամբ, որ նրանց վեգետատիվ օրգանները, որոնցից կախված է թե նրանց սննդառությունը և թե կյանքը, փոքր նշանակություն ունեն դասակարգման համար, մինչդեռ նրանց վերարտադրության օրգաններն իրենց արտադրած սերմի և սաղմի հետ միասին հսկայական կարևորություն ունեն։ Նույնն է նաև վերևում քննված մի քանի մորֆոլոգիական առանձնահատկությունների նկատմամբ, որոնք ֆունկցիոնալ տեսակետից կարևոր չեն, բայց, ինչպես մենք տեսանք, հաճախ մեծ ծառայություն են մատուցում դասակարգությանը։ Դա պայմանավորվում է նրանց կայունությամբ մերձավոր շատ խմբերի մոտ, իսկ նրանց կայունությունն իր հերթին կախված է նրանից, որ բնական ընտրությունը չի պահպանում և չի ուժեղացնում նրանց շեղումները, որովհետև նրա ազդեցությունը տարածվում է միայն սպասարկու առանձնահատկությունների վրա։
Այն, որ օրգանի միմիայն ֆիզիոլոգիական դերը չի որոշում նրա նշանակությունը դասակարգության համար, ավելի կամ պակաս չափով ապացուցվում է նրանով, որ այս կամ այն օրգանի դասակարգման համար ունեցած նշանակությունը, որը մերձավոր ազգակից խմբերի մեջ, ինչպես մենք բոլոր հիմքերն ունենք ենթադրելու, կատարում է մոտավորապես միևնույն ֆիզիոլոգիական դերը, չափազանց տարբեր է լինում։ Չկա մի բնախույզ, որը երկար ժամանակ աշխատելով որևէ մի խմբի վրա, զարմացած չլինի այդ փաստի վրա և դա նշված է գրեթե բոլոր հեղինակների աշխատություններում։ Բավական է վկայակոչել մի այնպիսի բարձր հեղինակություն, ինչպիսին է Ռոբերտ Բրոունը, որը խոսելով Proteaceae-ի մի քանի օրգանների մասին, նկատում է, որ նրանց սեռային նշանակությունը «բոլոր մյուս մասերի նշանակության նման ոչ միայն այդ, այլ, ինչպես ինձ թվում է, ամեն մի բնական ընտանիքում չափազանց տարբեր և որոշ դեպքերում կարծես բոլորովին կորցված է»։ Մի այլ աշխատանքի մեջ նա ասում է, որ Connaraceae սեռի խմբերը «միմյանցից զանազանվում են իրենց ունեցած մեկ կամ մի քանի սերմնարաններով, էնդոսպերմի ներկայությամբ կամ բացակայությամբ, փեղկավոր կամ թեփուկածածկ բողբոջակազմությամբ։ Այս առանձնահատկություններից յուրաքանչյուրն առանձին հաճախ ունենում է ավելի քան սեռային նշանակություն, բայց այդ խմբում, նույնիսկ բոլորը միասին վերցրած, նրանք բավարար չեն լինում Cnestis սեռը Connarus սեռից տարբերելու համար»։ Վերցնենք մի օրինակ միջատների դասից։ Թաղանթաթև միջատների մեծ ստորաբաժանումներից մեկում բողկուկները, համաձայն Ուեստվուդի դիտողության, իրենց կառուցվածքով շատ անփոփոխ են, մյուսում՝ շատ խիստ փոփոխվում են, բայց այդ փոփոխությունները միանգամայն երկրորդական նշանակություն ունեն դասակարգության համար. բայց և այնպես ոչ ոք չի ասի, որ միևնույն կարգին պատկանող միջատների երկու տարբեր ստորաբաժանումների մոտ բողկուկների ֆիզիոլոգիական դերը տարբեր է։ Կարելի էր ուզած քանակությամբ օրինակներ բերել, որոնք ապացուցում են, որ իր ֆունկցիայով մի որոշ կարևոր օրգան խիստ տարբեր նշանակություն ունի դասակարգման համար օրգանիզմների միևնույն խմբի սահ մսաններում։
Այնուհետև, ոչ ոք չի ասի, որ թերաճ կամ ատրռֆիայի ենթարկված օրգաններն ունեն բարձր ֆիզիոլոգիական նշանակություն կամ մեծ դեր են կատարում օրգանիզմների կյանքում. սակայն ոչ մի կասկած չկա, որ նման վիճակում գտնվող օրգանները հաճախ մեծ նշանակություն ունեն դասակարգման համար։ Ոչ ոք չի վիճարկի, որ մատղաշ որոճողի վերին ծնոտում թերաճ ատամները և նրանց վերջավորությունների մի քանի թերաճ ոսկորները էական են որոճողների և հաստակաշիների մոտ ազգակցությունը ապացուցելու համար։ Ռոբերտ Բրոունը խիստ պնդել է, որ թերաճ ծաղիկների դիրքադրությունը շատ կարևոր է հացազգիների դասակարգման համար։
Կարելի էր բերել բազմաթիվ օրինակներ, որ այն հատկանիշները, որոնք վերցված են շատ կասկածելի ֆիզիոլոգիական նշանակություն ունեցող մասերից, բոլորի գնահատությամբ շատ պիտանի են ամբողջ խմբերի բնութագրման համար։ Օրինակ, քթանցքներից դեպի բերանի խոռոչը տանող բաց անցքի ներկայությունը կամ բացակայությունը, ըստ Օուենի, միակ հատկանիշն է, որով անպայման զատվում են ձկները սողուններից, այդպիսին են՝ պարկավորների ստորին ծնոտի անկյան շեղումը, միջատների թևերը ծալելու եղանակը, որոշ ջրիմուռների գույնը, հացազգիների ծաղկի որոշ մասերի վրա մազմզուկները. ողնաշարավորների մաշկային գոյացումների՝ փետուրների և մազերի բնույթը։ Եթե բադակտուցը մազերի փոխարեն ծածկված լիներ փետուրներով, ապա այդ արտաքին և քիչ նշանակություն ունեցող հատկանիշը բնախույզների կողմից կհամարվեր մի կարևոր միջոց այդ տարօրինակ էակի և թռչունների ազգակցության աստիճանը որոշելու համար։
Դասակարգման համար անկարևոր առանձնահատկությունների այդպիսի նշանակությունը կախված է գերազանցապես նրանց հարաբերակցությունից ավելի կամ պակաս կարևոր այլ առանձնահատկությունների հետ։ Իսկ առանձնահատկությունների կամ հատկանիշների ամբողջ գումարի նշանակությունը բնապատմության մեջ ինքնըստինքյան ակներև է։ Ուրեմն, ինչպես այդ հաճախ նշվել է, տեսակը կարող է տարբերվել իր մերձավորներից շատ հատկանիշներով, որոնք թե ֆիզիոլոգիական տեսակետից կարևոր են և թե ընդհանրապես ցայտուն կերպով են արտահայտված, բայց և այնպես մեզ թողել են կասկածանքի մեջ այն հարցի վերաբերմամբ, թե սիստեմի մեջ որտեղ պետք է զետեղել նրան։ Այստեղից էլ հայտնի է դարձել, որ մի հատկանիշի վրա հիմնված դասակարգությունը, ինչքան էլ հատկանիշը կարևոր լինի, միշտ սխալական է չինում, որովհետև չկա կազմվածքի մի այնպիսի գիծ, որը շարունակ անփոփոխ լիներ։ Հատկանիշների գումարի նշանակությունը, նույնիսկ այն դեպքում, երթ նրանց մեջ ոչ մեկը էական չէ, բացատրում է մեզ Լիննեյի արտահայտած այն աֆորիզմը, որ ոչ թե հատկանիշներն են որոշում սեռը, այլ սեռը՝ հատկանիշները, որովհետև, ինչպես թվում է, այդ աֆորիզմը բխում է նմանության այնպիսի անկարևոր շատ գծերի նշանակության գնահատումից, որոնք չափազանց թույլ են, որպեսզի կարողանային սահմանման ենթարկվել։ Malpighiaceae-ներին պատկանող մի քանի բույսեր տալիս են լրիվ և թերազարգացած ծաղիկներ, վերջինների մոտ, ինչպես նկատում է Ա. դը-Ժյուսյեն, «տեսակի, սեռի, ընտանիքի և դասի հատկանիշների մեծ մասն անհետանում է, և այսպիսով նրանք ծիծաղում են մեր դասակարգության վրա»։ Բայց Aspicarpa-ն թեև մի քանի տարի շարունակ Ֆրանսիայում տվել է միայն այնպիսի թերազարգացած ծաղիկներ, որոնք բազմաթիվ ամենակարևոր առանձնահատկություններով զարմանալիորեն այնպես տարբերվում էին այն ընտանիքի իսկական տիպից, որին նա պատկանում է։ Ռիշարը, համաձայն Ժյուսյեի դիտողության, այնուամենայնիվ խորաթափանց կերպով եկել է այն եզրակացության, որ այդ սեռը դարձյալ պետք է մնա Malpighiaceae-ների մեջ։ Այս դեպքը լավ պարզաբանում է մեր դասակարգումների ոգին։
Գործնականում բնախույզները, երբ աշխատում են, հոգ չեն տանում այն հատկանիշների ֆիզիոլոգիական նշանակության մասին, որոնց օգտագործում են խմբի բնութագրման համար կամ որևէ յուրահատուկ տեսակ բնորոշելու համար։ Եթե նրանք գտնում են քիչ թե շատ միանման հատկանիշ, որն ընդհանուր է որոշ ձևերի մեծ թվի համար և չի հանդիպում մյուսների մոտ, նրանք օգտագործում են այդ հատկանիշը՝ մեծ նշանակություն տալով նրան, իսկ եթե նա հատուկ է քիչ թվով ձևերի, այդ դեպքում նրան տալիս են երկրորդական նշանակություն։ Մի քանի բնախույզներ, լայն կերպով ընդունել են այդ սկզբունքը, և ոչ ոք այդ այնպես պարզորոշ կերպով չի արտահայտել, ինչպես հիանալի բուսաբան Ավգուստ Սենտ-Իլերը։ Եթե զանազան ոչ էական հատկանիշներ միշտ միասին են հանդիպում, ապա թեկուզ նրանց միջև կապ գտնված չլինի էլ, նրանց առանձին նշանակություն է վերագրվում։ Քանի որ կենդանիների խմբերի մեծամասնության մոտ զանազան կարևոր օրգանները, ինչպիսիք են արյան շրջանառության, շնչառության և բազմացման օրգանները, լինում են թե քիչ միանման, նրանց շատ պիտանի են համարում դասակարգության նպատակների համար, բայց մի քանի խմբերում կենդանու կյանքի համար առաջնակարգ նշանակություն ունեցող այդ բոլոր օրգանները, ինչպես նկատված է, հանդիսանում են միանգամայն երկրորդական նշանակություն ունեցող հատկանիշներ։ Այսպես, վերջերս Ֆրից Մյուլլերը ցույց է տվել, որ խեցեմորթների միևնույն խմբում Cypridina-ն սիրտ ունի, մինչդեռ երկու շատ մերձավոր սեռերը՝ Cypris-ը և Cytlierea-ն այդ օրգանը չունեն. Cypridina-ի մի տեսակը ունի լավ զարգացած խռիկներ, մյուսը զուրկ է դրանցից։
Քանի որ բնական դասակարգումը, իհարկե, ընդգրկում է բոլոր հասակները, ապա մեզ համար հասկանալի է, թե ինչու սաղմից վերցրած հատկանիշները նույնպես կարևոր են, ինչպես որ նրանք, որոնք վերցվում են չափահաս կենդանուց։ Բայց դրա փոխարեն սովորական տեսակետից ամենևին պարզ չէ, թե ինչու սաղմի կառուցվածքն ավելի կարևոր է դասակարգման ն պատ ակների համար, քան չափահաս օրգանիզմի կառուցվածքը, որն էլ հենց որոշակի տեղ է գրավում բնության տնտեսության մեջ։ Սակայն այն, որ սաղմնային հատկանիշները բոլորից ամենակարևորներն են, վճռականորեն պաշտպանել են այնպիսի մեծ բնախույզներ, ինչպես Միլն Էդվարդսը և Ագասսիսը և այդ ուսմունքն ընդհանուրի կողմից ընդունվել է և համարվում է որպես ճշմարտություն։ Այնուամենայնիվ սաղմնային հատկանիշների նշանակությունը երբեմն չափազանցվել է, որովհետև նրանցից չեն բացառվել թրթուրների հարմարեցման առանձնահատկությունները, և որպեսզի ապացուցի այդ, Ֆրից Մյուլլերը բացառապես այդ հատկանիշների վրա է կառուցել խեցեմորթների ընդարձակ դասի սիստեմատիկան, որը և անբնական է ստացվել։ Ընդհանրապես կասկած չի կարող լինել, որ սաղմնային հատկանիշները, բացառությամբ թրթուրայինների, հսկայական նշանակություն ունեն ոչ միայն կենդանիների, այլև բույսերի դասակարգության համար։ Ծաղկավոր բույսերի գլխավոր ստորաբաժանումները հիմնված են սաղմի տարբերությունների, շաքիլների թվի և դիրքադրության և արմատիկի ու մատաղ առանցքի զարգացման եղանակի վրա։ Մենք հենց հիմա կտեսնենք, թե ինչու այդ հատկանիշները դասակարգության մեջ ունեն այդպիսի մեծ նշանակություն, եթե միայն ուշադրության առնենք, որ բնական սիստեմները կառուցված են ծննդաբանական սկզբունքի վրա։
Մեր դասակարգությունները հաճախ լիովին գտնվում են ազգակցության շարքերի ազդեցության տակ։ Ոչ մի բան այնպես հեշտ չէ, ինչպես բոլոր թռչունների համար ընդհանուր հատկանիշների գումարը տալը, բայց խեցեմորթների վերաբերմամբ այդպիսի փորձը մինչև այժմ անհնարին է եղել։ Այն խեցեմորթները, որոնք գրավում են շարքի հակադիր ծայրերը, դժվար թե ունենան որևէ ընդհանուր հատկանիշ, բայց ծայրային տեսակները, մոտ կանգնած լինելով մյուսներին, որոնք էլ իրենց հերթին մոտ են հետևյալներին և այլն, անվիճելիորեն պետք է համարվեն այդ դասին պատկանողներ, այլ ոչ թե Articulata-ի մյուս դասին։
Աշխարհագրական տարածումը նույնպես հաճախ օգտագործել են, թեև գուցե ոչ բոլորովին տրամաբանորեն, երբ դասակարգել են առանձնապես ընդարձակ խմբեր, որոնք ընդգրկում են բազմաթիվ շատ մոտ ձևեր։ Տեմմինկը պնդում է այդ եղանակի օգտակարության և նույնիսկ անհրաժեշտության վրա՝ թռչունների որոշ խմբերի վերաբերմամբ, և նրան են հետևել շատ միջատաբաններ և բուսաբաններ։
Վերջապես, ինչ վերաբերում է տեսակների զանազան խմբերի համեմատական նշանակությանը, ինչպիսիք են կարգերը, ենթակարգերը, ընտանիքները, ենթաընտանիքները և սեռերը, ըստ երևույթին, գոնե ներկայումս, բոլորովին կամայական են։ Մի քանի ականավոր բուսաբաններ, ինչպես մ-ր Բենտամը և ուրիշներ, համառորեն պնդել են այդ խմբերի կամայական նշանակության վրա։ Բույսերի և միջատների համար կարելի է բերել այն օրինակները, որ պրակտիկ բնախույզների կողմից սկզբում միայն որպես սեռային ճանաչված խումբը հետո բարձրացվել է մինչև ենթաընտանիքի և ընտանիքի նշանակության, և այդ տեղի է ունեցել ոչ թե այն պատճառով, որ հետագա հետազոտությունները հայտնաբերել են սկզբից բաց թողնված կառուցվածքային կարևոր առանձնահատկություններ, այլ այն պատճառով, որ ժամանակի ընթացքում հայտնաբերվել են բազմաթիվ տեսակներ, 'որոնք ո։նեն թույլ կերպով զանազանվող տարբերությունների աստիճաններ։
Դասակարգելիս բոլոր նախորդ կանոնները և դժվարությունները, ինչպես և օժանդակ միջոցները, եթե ես առանձնապես չեմ սխալվում, կարելի է բացատրել, ընդունելով՝ որ բնական սիստեմը բխում է փոփոխություններով ուղեկցվող ընդհանուր ծագման փաստից. որ հատկանիշները, որոնք բնախույզների կողմից համարվում են որպես ցուցում երկու կամ ավելի տեսակների իսկական հարաբերակցության մասին, մի ընղհանուր նախածնողից ժառանգված առանձնահատկություններ են և որ ամեն մի իսկական դասակարգություն ծննդաբանական է. որ այն թաքուն կապը, որը անգիտակցաբար որոնում են բնախույզները, գտնվում է հատկապես ծագման ընդհանրության մեջ, այլ ոչ բոլորովին արարչագործության ինչ֊որ անիմանալի պլանի մեջ կամ ընդհանուր դրույթների արտահայտության եղանակի և առավել կամ պակաս նման իրերի մոտեցման և անջատման ձևի մեջ։
Սակայն ես պետք է իմ միտքն արտահայտեմ ավելի լրիվ կերպով։ Ես կարծում եմ, որ մի դասի սահմաններում միմյանց հետ համապատասխան ստորադասման ու հարաբերակցության մեջ գտնվող խմբերի '''կառուցումը''' բնական լինելու համար՝ պետք է լինի խիստ ծննդաբանական. բայց տարբերությունների '''չափերը''' զանազան ճյուղերի և խմբերի մեջ, որոնք չնայած գտնվում են իրենց ընդհանուր արտադրողի նկատմամբ միևնույն ազգակցության աստիճանի վրա, կարող են մեծ չափով տարբերվել, որովհետև այգ չափերը կախված֊ են տվյալ խմբերի անցած փոփոխությունների զանազան աստիճաններից. և դա արտահայտվում է ձևերի տեղաբաշխմամբ զանազան սեռերի, ընտանիքների, ենթակարգերի և կարգերի մեջ։ Ընթերցողին ավելի հասկանալի կլինի, թե դրա տակ ինչ է հասկացվում, եթե նեղություն հանձն առնի դիմելու այն դիագրամին, որը կցված է չորրորդ գլխին։ Ենթադրենք, թե A—L տառերը նշանակում են ազգակից սեռերը, որոնք գոյություն են ունեցել սիլուրյան դարաշրջանի ընթացքում և ծագում են. առել է՛լ ավելի հին ձևերից։ Այդ սեռերից երեքի (A, F և I) մեջ մի տեսակը պահպանել է իր փոփոխված հաջորդներին մինչև մեր օրերը, և այդ հաջորդները ներկայացված են տասն և հինգ սեռերով (<math>a^{14}—z^{14}</math>), որոնք նշված են ամենավերին հորիզոնական գծի վրա։ Մեր վերցրած յուրաքանչյուր տեսակի բոլոր այդ փոփոխված հաջորդները արյունակցությամբ կամ ծագմամբ գտնվում են ազգակցության մի աստիճանի վրա, և փոխաբերաբար նրանց կարելի է անվանել միլիոներորդ աստիճանի հորեղբորորդիներ. բայց նրանք ուժեղ կերպով և շատ տարբեր աստիճանով զանազանվում են միմյանցից։ A-ից առաջացած ձևերը բաժանվել են այժմ երկու կամ երեք ընտանիքի, որոնք կազմում են մի որոշակի կարգ՝ բաժանված նրանից, որը առաջացել է I-ից, նույնպես բաժանվելով երկու ընտանիքի։ A-ից առաջացած գոյություն ունեցող տեսակները չեն կարող զետեղել մի սեռի մեջ նախածնողական A-ի հետ միասին, ճիշտ այնպես, ինչպես I-ից առաջացած տեսակները չեն կարող զետեղվել մի սեռի մեջ I-ի հետ միասին։ Բայց գոյություն ունեցող <math>F^{14}</math> սեռը, ինչպես կաrելի է ենթադրել փոփոխվել է միայն թույլ աստիճանով և կարող է համատեղվել F նախածնողական սեռի հետ, որի օրինակ են հանդիսանում դեռ գոյություն ունեցող սակավաթիվդ սիլուրյան. սեռերը։ Այսպիսով, մեկը մյուսի հետ միևնույն արյունակցական ազգակցության աստիճանի վրա գտնվող օրգանիզմների միջև եղած տարբերությունների համեմատական նշանակությունը չափազանց տարբեր է դարձել։ Սակայն նրանց ծննդաբերական '''հարաբերակցությունը''' մնացել է միանգամայն միանման ոչ միայն ներկայումս, այլև նրանց զարգացման յուրաքանչյուր հաջորդական ժամանակաշրջանում։ A-ի փոփոխված բոլոր հաջորդները ժա-
ռանգել են մի ինչ որ ընդհանուր բան իրենց ընդհանուր նախածնողից, ճիշտ այնպես, ինչպես որ I-ի հաջորդները, և այդպես կլինի հաջորդների յուրաքանչյուր ստորադաս ճյուղի հետ ամեն մի հաջորդական ստադիայի վրա։ Սակայն, եթե մենք ենթադրենք, թե A-ի կամ I-ի որևէ հաջորդ այնքան է փոխվել, որ կորցրել է իր ազգակցության բոլոր հետքերը, այդ դեպքում նրա տեղն էլ բնական սիստեմում կկորչեր, որն ըստ երևույթին իրոք տեղի է ունեցել այժմ ապրող էակներից մի քանիսի հետ։ F սեռի բոլոր հաջորդներն իրենց զարգացման ամբողջ գծի ընթացքում, ինչպես ենթադրվում է, շատ քիչ են փոփոխվել և կազմում են մի սեռ։ Բայց այդ սեռը, թեև խիստ մեկուսի է կանգնած, դեռևս գրավում է իր իսկական միջակա դրությունը։ Խմբերի պատկերը այն ձևով, ինչպես այդ տրված է դիագրամի հարթության վրա, չափազանց պարզ է, որովհետև ճյուղերը տարածվել են բոլոր ուղղություններով։ Եթե խմբերի անունները գրելու լինենք պարզապես մի շարքում, այդ դեպքում խմբերի մասին պատկերացումն ավելի ևս պակաս բնական կլիներ, և հանրահայտ է, որ հարթության վրա մի շարքի մեջ անհնարին է ներկայացնել նույնիսկ այն հարաբերակցությունները, որոնց մենք հանդիպում ենք բնության մեջ միևնույն խմբի էակների միջև։ Այսպիսով, բնական սիստեմը ներկայացնում է էակների ծննդաբանական դասավորումը, ինչպես տոհմաբանական ծառի մեջ, բայց զանազան խմբերի անցած փոփոխությունների չափն արտահայտվում է նրանց զանազան, այսպես կոչված, սեռերի, ենթաընտանիքների, ընտանիքների, ենթակարգերի, կարգերի և դասերի վրա տեղաբաշխությամբ։
Դասակարգության մասին այդ տեսակետը արժանի է, որպեսզի պարզաբանված վինի լեզուների բնագավառից վերցված մի օրինակով։ Եթե մենք ունենայինք մարդկային ցեղի լիակատար ծննդաբանությունը, ապա զանազան տոհմերի տոհմաբանական դասավորումը կտար նաև աշխարհի բոլոր երկրներում գործածվող զանազան լեզուների լավագույն դասակարգումը. դա կլիներ միակ հնարավոր սիստեմը բոլոր անհետացած լեզուները և բոլոր անցումային, թեթևակի տարբերվող բարբառները մտցնելու համար։ Բայց կարող է պատահել, որ հին լեզուներից մի քանիսը շատ քիչ են փոփոխվել և սկիզբ են տվել սակավաթիվ նոր լեզուների, մինչդեռ մյուսները շատ ուժեղ կերպով են փոփոխվել՝ նայած միմյանց հետ ծագման տեսակետից կապված զանազան տոհմերի տարաբնակմանը, մեկուսացմանը և քաղաքակրթության աստիճանին, և բազմաթիվ նոր բարբառների ու լեզուների սկիզբ են տվել։ Միևնույն արմատից առաջացած լեզուների միջև տարբերության զանազան աստիճանները կարող են արտահայտվել ստորադաս նշանակության խմբեր սահմանելով. բայց և այնպես կառուցման ճիշտ կամ միակ հնարավոր սիստեմը պետք է լինի ծննդաբանականը. և նա կլիներ ամենախիստ իմաստով բնական, որովհետև, նա կարող էր միմյանց հետ կապել բոլոր լեզուները՝ ինչպես անհետացածները, այնպես էլ արդիականները, հիմնվելով նրանց սերտ ազգակցության վրա, կներկայացնի յուրաքանչյուր լեզվի տոհմագրությունը և ծագումը։
Այս տեսակետը հաստատելու համար վերցնենք այն տարատեսակների դասակարգումը, որոնց մասին մենք գիտենք կամ ենթադրում ենք, որ նրանք առաջացել են մի տեսակից։ Նրանք խմբավորվում են, կազմելով տեսակներ ճիշտ այնպես, ինչպես ենթատարատեսակները մտնում են բուն տարատեսակների կազմի մեջ, իսկ որոշ դեպքերում, օրինակ ընտանի աղավնու նկատմամբ, կարելի է սահմանել տարբերությունների նաև այլ աստիճաններ, այսինքն այդ ժամանակ հետևում են մոտավորապես հենց նույն կանոններին, ինչ որ տեսակների դասակարգման դեպքում։ Հեղինակները պնդել են, որ անհրաժեշտ է տարատեսակները դասավորել բնական, այլ ոչ թե արհեստական սիստեմ ով. օրինակ, մեզ նախազգուշացնում են չմիացնել անանասի երկու տարատեսակները միայն այն հիման վրա, որ երկուսի պտուղները շատ մեծ նմանություն ունեն, թեև պտուղն է ամենակարևոր մասը. ոչ ոք չի միացնի շվեդական և սովորական գոնգեղները, թեև նրանց հաստացած ուտելի ցողուններն այնքան նման են միմյանց։ Ինչ մաս որ ամենից ավելի կայուն է լինում, այն էլ օգտագործում են տարատեսակների դասակարգման համար։ Այսպես, հայտնի գյուղատնտես Մարշալը ասում է, որ եղջյուրներն այդ տեսակետից շատ օգտակար են, երբ գործ ունենք խոշոր եղջերավոր անասունների հետ, որովհետև նրանք ավելի քիչ փոփոխական են, քան մարմնակազմը, գույնը և այլն, ընդհակառակը, երբ գործ ունենք ոչխարների հետ, եղջյուրները քիչ պիտանի են, որովհետև քիչ կայուն են։ Տարատեսակների դասակարգման վերաբերմամբ ես համոզված եմ, որ եթե մենք ունենայինք նրանց տոհմագրությունը, այդ դեպքում ծննդաբանական դասակարգությունը ամենուրեք մյուսներից գերադասելի կլիներ, և որոշ դեպքերում այդ ուղղությամբ փորձեր իրոք արվել են։ Որովհետև մենք կարող ենք վստահ լինել, որ փոփոխությունները մեծ լինեն, թե փոքր, մենք ժառանգականության սկզբունքի ուժով կմիացնենք այնպիսի ձևեր, որոնք ամենամեծ թվով շփման կետերով միմյանց մոտ են։ Այսպես, ինչ վերաբերում է թուրման աղավնիներին, թեև նրանց ենթատարատեսակներից մի քանիսը տարբերվում են մեկը մյուսից այնպիսի կարևոր հատկանիշով, ինչպիսին է կտուցի երկարությունը, սակայն բոլորը միասին միանում են իրենց գլխկոնձի տալու սովորության հետևանքով, բայց կարճակտուց ձևը համարյա կամ բոլորովին կորցրել է այդ սովորությունը, չնայած դրան, մենք այսու հանդերձ առանց տատանվելու նրան թողնում ենք միևնույն խմբում, որովհետև նա մոտ է մնացածներին արյունակցությամբ և մի քանի տեսակետներից նրանց նման է։
Ինչ վերաբերում է բնական վիճակում եղած տեսակներին, ապա նրանց վերաբերմամբ յուրաքանչյուր բնախույզ իրականում իր դասակարգության մեջ մտցրել է նրանց ծագումը, որովհետև սիստեմի հենց առաջին աստիճաններում՝ տեսակների դասակարգության մեջ մտցված են երկու սեռեր, իսկ այն, թե ինչքան խիստ կերպով նրանք տարբերվում են իրարից նույնիսկ էական գծերով, լավ հայտնի է ամեն մի բնախույզի, հազիվ թե կարելի է որևէ ընդհանուր բան գտնել մի քանի փնջոտնյա խեցգետինների չափահաս արուների և հերմաֆրոդիտների միջև, բայց ոչ ոք չի էլ մտածի նրանց անջատման մասին։ Հենց որ հայտնի է դարձել, որ խոլորձիների երեք ձևերը՝ Monacehanthus-ը, Myanthus-ը և Catasetum-ը, որոնք մինչ այդ վերագրում էին երեք տարբեր սեռերի, երբեմն զարգանում են միևնույն բույսի վրա, անմիջապես սկսել են նրանց համարել տարատեսակներ, իսկ ներկայումս ես կարողացա ապացուցել, որ դրանք միևնույն տեսակի արական, իգական և հերմաֆրոդիտ ձևերն են։ Բնախույզը մի տեսակի է վերագրում միևնույն անհատի թրթուրային զանազան ստադիաները, ինչքան էլ որ նրանք ուժեղ կերպով տարբերվեն միմյանցից ու չափահաս կենդանուց, և ճիշտ այդպես էլ վարվում են, այսպես կոչված, Ստենստրուպի հերթափոխող սերունդների հետ, որոնք որոշ տեխնիկական իմաստով միայն կարող են ընդունվել որպես մի անհատ։ Նա որոշ տեսակի մեջ մտցնում է թե այլանդակությունները և թե շեղումները ոչ թե ծնողական ձևերի հետ նրանց ունեցած մասնակի նմանության հիման վրա, այլ այդ ձևից նրանց ունեցած ծագման հիման վրա։
Քանի որ ծագումն ընդհանրապես օգտագործում են միևնույն տեսակի պատկանող անհատներին մի ամբողջության մեջ միացնելիս, թեև արուները, էգերը և թրթուրները երբեմն չափազանց տարբեր են լինում, և քանի որ նրան օգտագործում են, երբ դասակարգում են տարատեսակները, որոնք կրել են որոշ և մի քանի դեպքերում էլ զգալի փոփոխություններ, ապա ծագումն էլ արդյոք անգիտակցաբար չե՞ն օգտագործել թե տեսակները սեռերի մեջ և թե սեռերը բարձր կարգի խմբերի մեջ խմբավորելու ժամանակ, այսպես կոչված, բնական դասակարգության մեջ։ Ես կարծում եմ, որ այն օգտագործել են անգիտակցաբար, և միայն այդ կերպով ես կարող եմ հասկանալ զանազան կանոններն ու եղանակները, որոնց հետևում են մեր ամենալավ սիստեմատիկները։ Չունենալով դրված ծննդաբանություններ, մենք հարկադրված ենք ընդհանուր ծագման հետքերը որոնել զանազան ձևի նման առանձնահատկությունների մեջ։ Դրա համար էլ մենք ընտրում ենք այնպիսի հատկանիշներ, որոնց մասին ամենաքիչ հավանականություն կա, որ նրանք փոփոխվել են գոյության այն պայմաններից կախված, որոնց մեջ վերջին ժամանակներս դրված է եղել յուրաքանչյուր տեսակ։ Այդ տեսակետից սաղմնային կառուցվածքի առանձնահատկությունները նույնքան պիտանի են կամ նույնիսկ էլ ավելի պիտանի են, քան կազմվածքի մյուս մասերը։ Մենք չենք հոգում այն մասին, թե ինչքան նվազ կարևոր կարող են լինել այդ հատկանիշները,— լինի դա միայն ստորին ծնոտի անկյան փոփոխությունը, միջատի թևերը ծալելու եղանակը, մազերով կամ փետուրներով ծածկված մաշկը. բայց եթե այդպիսի հատկանիշ ունեն տարբեր շատ տեսակներ, մանավանդ այնպիսիները, որոնք շատ ուժեղ կերպով զանազանվում են իրենց կենցաղով, այդ դեպքում նա մեծ նշանակություն է ստանում, որովհետև չափազանց տարբեր սովորություններ ունեցող ձևերի մոտ նրա ներկայությունը մենք կարող ենք բացատրել միայն մի ընդհանուր նախածնողից ժառանգված լինելու միջոցով։ Կազմվածքի առանձին առանձնահատկությունների վերաբերմամբ մենք կարող ենք այդ ուղղությամբ սխալվել. բայց եթե մի քանի, թեկուզև նվազ կարևոր առանձնահատկություններ, արտահայտված են օրգանիզմների մեծ խմբի մեջ, որոնք ունեն զանազան սովորություններ, այդ դեպքում ծագման տեսության հիման վրա մենք համարյա կարող ենք վստահ լինել, որ այդ առանձնահատկությունները ժառանգված են մի ընդհանուր նախահորից. և մենք գիտենք, որ զուգորդված հատկանիշներն առանձնապես նշանակություն ունեն դասակարգության մեջ։
Մենք կարող ենք հասկանալ, թե ինչու տեսակը կամ տեսակների խումբը կարող է զանազան շատ էական առանձնահատկություններով շեղվել մերձավոր ձևերից և այնուամենայնիվ պահպանել իր դրությունը սիստեմի մեջ նրանց կողքին։ Դա կարելի է հանգիստ կերպով ընդունել, և դա հաճախ ընդունվում է, քանի դեռ նույնիսկ անկարևոր հատկանիշների մի բավարար քանակություն դրսևորում է ծագման ընդհանուր, լինելու թաքնված կապը։ Թող երկու ձևերն էլ չունենան ոչ մի ընդհանուր հատկանիշ, բայց եթե նրանց ծայրային ձևերը մեկը մյուսի հետ միանում են միջակա խմբերի շղթայով, մենք իսկույն կարող ենք ընդունել նրանց ծագման ընդհանրությունը և նրանց բոլորին էլ զետեղում ենք մի դասի մեջ։ Գտնելով, որ ֆիզիոլոգիորեն շատ կարևոր օրգանները, այսինքն այնպիսիք, որոնք ծառայում են գոյության ամենատարբեր պայմաններում կյանքի պահպանության համար, սովորաբար շատ կայուն են, մենք նրանց առանձին նշանակություն ենք տալիս, բայց եթե նույն օրգանները մի այլ խմբում կամ խմբի ստորաբաժանման մեջ գտնվում են խիստ փոփոխված դրությամբ, մենք իսկույն ավելի փոքր նշանակություն ենք տալիս նրանց մեր դասակարգության ժամանակ։ Հիմա մենք կհասկանանք, թե ինչու սաղմնաբանական հատկանիշները այդքան մեծ նշանակություն ունեն դասակարգելու ժամանակ։ Աշխարհագրական տարածումը նույնպես կարող է երբեմն օգուտ բերել ընդարձակ սեռերի դասակարգման ժամանակ, որովհետև բոլոր այն տեսակները, որոնք բնակվում են մի որևէ հեռավոր ու մեկուսացած մարզում, ամենայն հավանականությամբ առաջացել են միևնույն նախածնողներից։
===ԱՆԱԼՈԳ ՆՄԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ===
Վերևում շարադրվածի հիման վրա մեզ հասկանալի պիտի լինի այն վերին աստիճանի կարևոր տարբերությունը, որ կա իսկական նմանության և անալոգ կամ հարմարվողությամբ պայմանավորված նմանության միջև։ Առաջին անգամ Լամարկը ուշադրություն է դարձրել դրա վրա և գտել է իր տաղանդավոր հետևորդին՝ հանձինս Մեկլեի և ուրիշների։ Դյուգոնների և կետերի մարմնի և լողաթևերի նմանվող առջևի վերջավորությունների ձևի մեջ եղած նմանությունը, ինչպես նաև կաթնասունների այդ երկու կարգերի և ձկների միջև նմանությունը անալոգիա է։ Այդպես է նաև մկան և սրնչակի (Sorex) միջև եղած նմանությունը, որոնք պատկանում են տարբեր կարգերի, կամ էլ ավելի մոտ նմանությունը, որի վրա պնդում է մ-ր Մայվարտը, մկան և Ավստրալիայի մի փոքրիկ պարկավոր գազանիկի (Antechinus) միջև։ Այդպիսի նմանությունները, իմ կարծիքովդ կարող են լինել որպես հարմարեցումներ թփուտների և խոտերի խիտ բուսականության միջով միանման շարժումներ կատարելու և դրա հետ միասին թշնամիներից թաքնվելու համար։
Միջատների մեջ այդպիսի անթիվ օրինակներ կան և այդ պատճառով էլ Լիննեյը խաբվելով արտաքին նմանությունից, Homoptera-նեբից մի միջատի ցեցի տեղ է ընդունել։ Նման մի բան մենք տեսնում ենք նույնիսկ մեր ընտանի ցեղերի մեջ, օրինակ, տարբեր տեսակներից առաջացած չինական բուծարանային խոզի և սովորական խոզի անհատների մարմնի ձևի զարմանալի նմանությունը, կամ միմյանցից որպես տեսակներ տարբերվող սովորական գոնգեղի և շվեդական կերաշաղգամի ցողունների միանման հաստությունը։ Բարակ շների և արշավաձիու միջև եղած նմանությունը հազիվ թե ավելի երևակայական է, քան այն անալոգիաները, որ մի քանի հեղինակներ նշել են խիստ տարբեր կենդանիների միջև։
Համաձայն այն տեսակետի, որ դասակարգման համար հատկանիշների իսկական նշանակությունը չափվում է նրանով, թե նրանք ինչ չափով են ցույց տալիս ծագումը, կարելի է հեշտությամբ հասկանալ թե ինչու անալոգ հատկանիշները կամ հարմարեցման առանձնահատկությունները, կենդանի էակների բարօրության համար շատ կարևոր լինելով հանդերձ, գրեթե ոչ մի նշանակություն չունեն սիստեմատիկի աչքումt Այն կենդանիները, որոնք պատկանում են ծագումով խիստ տարբեր երկու գծերի, կարող են հարմարվել միանման պայմանների և այդ պատճառով ձեռք բերել արտաքին մեծ նմանություն, բայց այդպիսի նմանությունը չի ցույց տալիս արյունակցական ազգակցություն, այլ ավելի շուտ քողարկում է այն։ Այդ պատճառով մենք կարող ենք հասկանալ նաև այն թվացող պարադոքսը, որ միևնույն հատկանիշները անալոգ են լինում, երբ համեմատում ենք միմյանց հետ տարբեր խմբեր, և ցույց են տալիս իսկական հարաբերակցությունը, երբ համեմատում ենք միևնույն խմբի անդամները միմյանց հետ. այսպես, մարմնի ձևը և լողաթևերի նմանվող վերջավորությունները միայն անալոգ հատկանիշներ են, եթե համեմատում ենք կետերին ձկների հետ, որովհետև նրանք երկու դասի մեջ էլ ջրում լողալու համար հարմարեցման առանձնահատկություններ են. բայց երբ համեմատում ենք կետերի ընտանիքի առանձին անդամները միմյանց հետ, այդ դեպքում մարմնի ձևը և լողաթևերի նմանվող վերջավորությունները ներկայացնում են այնպիսի հատկանիշներ, որոնք ցույց են տալիս իսկական նմանությունը, որովհետև այդ առանձնահատկությունները ամբողջ ընտանիքում որոշ սահմաններում այնքան միանման են, որ մենք չենք կարող կասկածել, որ նրանք ժառանգված են մի ընդհանուր նախահորից։ Նույնը վերաբերում է նաև ձկներին։ Կարելի է բերել զարմանալի նմանության բազմաթիվ դեպքեր առանձին մասերի կամ օրգանների վերաբերյալ, որոնք միանգամայն տարբեր օրգանիզմների մոտ հարմարված են միևնույն գործունեության համար։ Լավ օրինակ է ներկայացնում շան և թասմանիական գայլի (Thylacinus) ծնոտների մերձավոր նմանությունը, կենդանիների, որոնք բնական սիստեմում մեկը մյուսից շատ հեռու են կանգնած։ Բայց այդ նմանությունն արտահայտված է, ընդհանուր գծերով, դուրս ցցված ժանիքներում և սեղանատամների կտրող եզրում, որովհետև իրականության մեջ այդ կենդանիների ատամները շատ խիստ կերպով տարբերվում են. այսպես, շունը վերին ծնոտի յուրաքանչյուր կողմից ունի չորս առջևի և միայն երկու ետևի սեղանատամներ, մինչդեռ թասմանիական գայլը՝ երեք առջևի և չորս ետևի սեղանատամներ։ Բացի դրանից, երկու կենդանիների ետևի սեղանատամները խիստ տարբերվում են հարաբերական մեծությամբ և կազմությամբ, չափահաս կենդանու ատամներին նախորդում են նրանցից միանգամայն տարբերվող կաթնատամները։ Կարող են, իհարկե, ժխտել, որ երկու դեպքում էլ այդ կենդանիների ատամները հաջորդական փոփոխությունների բնական ընտրության միջոցով հարմարվել են միսը պատառոտելու համար. բայց եթե այդ ընդունենք մի դեպքում, ապա ինձ համար անհասկանալի է, որ այդ կարելի է ժխտել մյուս դեպքում։ Եվ ես ուրախ եմ, լսելով, որ այնպիսի ականավոր հեղինակությունը, ինչպիսին է պրոֆ. Ֆլոուերը, եկել է միևնույն եզրակացության։
Նախորդ գլուխներից մեկում բերված զարմանալի դեպքերը, որ խիստ տարբեր ձկներ ունեն էլեկտրական օրգաններ, խիստ տարբեր միջատներ՝ լուսատու օրգաններ, խոլորձիները և ասկալիպիադները՝ կպչուն սկավառակներով օժտված ծաղկափոշու զանգվածներ, այս բոլոր դեպքերը վերաբերում են անալոգ, նման առանձնահատկությունների միևնույն կարգին։ Բայց նրանք այն աստիճանի զարմանալի են, որ բերվել են որպես դժվարություններ կամ խոչընդոտներ մեր տեսության համար։ Այս բոլոր դեպքերում հաջողվում է բացահայտել հիմնական տարբերությունը մասերի աճման կամ զարգացման մեջ և սովորաբար նրանց կառուցվածքում և զարգացած վիճակում։ Վերջը նույնն է ստացվում, բայց նրան հասնելու ուղիները, թեև արտաքին տեսքով միևնույնն են թվում, էականորեն տարբեր են։ Այն սկզբունքը, որ նախապես նշվել է '''անալոգ փոփոխություններ''' անվան տակ, հավանորեն, հաճախ արտահայտվում է այդ դեպքերում, այսինքն միևնույն դասին պատկանող անդամները, որոնք թեև կապված են միմյանց հետ միայն հեռավոր ազգակցությամբ, իրենց կառուցվածքում այնքան շատ ընդհանուր բան են ժառանգել, որ ընդունակ են նման պատճառների ազդեցության տակ նաև նման կերպով փոփոխվելու. իսկ դա երևի նպաստում է բնական ընտրության միջոցով այնպիսի մասեր կամ օրգաններ ձեռք բերելուն, որոնք շատ նման են իրար՝ անկախ մի ընդհանուր նախահորից անմիջականորեն ստացած ժառանգությունից։
Քանի որ տարբեր դասերի տեսակները հաջորդական թույլ փոփոխությունների միջոցով հարմարվում են մոտավորապես միանման պայմաններում ապրելուն, օրինակ այս երեք միջավայրերից մեկում՝ ցամաքի վրա, օդի կամ ջրի մեջ ապրելուն, ուստի կարող է պատահել, որ մեզ հաջողվի դրա հի֊ ման վրա հասկանալ, թե ինչու երբեմն թվական զուգահեռություն է նկատվում տարբեր դասերի ենթախմրերի միջև։ Բնախույզը հանդիպելով այդպիսի զուգահեռության, կարող է զանազան դասերում խմբերի նշանակությունը կամայական կերպով ավելացնելով կամ պակասեցնելով (իսկ մեր փորձը մեզ ասում է, որ այդ նշանակության սահմանումը դեռևս միանգամայն կամայական է), հեշտությամբ ընդարձակել զուգահեռության երևույթները մինչև լայն սահմանների, սրանից էլ, ամենայն հավանականությամբ, առաջացել են դասակարգումների զանազան սիստեմները, որոնց հիմքում դրված են յոթ, հինգ, չորս, երեք և այլ զուգահեռ բաժանումներ։
Կա դեպքերի մի այլ հետաքրքրական կատեգորիա ևս, որտեղ արտաքին մոտ նմանությունը կախված է ոչ թե միանման կենցաղի հարմարվելուց, այլ ձեռք է բերվում պաշտպանողական նպատակներով։ Ես նկատի ունեմ այն դեպքը, երբ որոշ թիթեռներ, ինչպես առաջին անգամ այդ նկարագրել է Բետսը, նմանվում են իրենցից բոլորովին տարբեր այլ տեսակների։ Այդ հիանալի դիտողը ցույց է տվել, որ Հարավային Աֆրիկայի որոշ մասերում, որտեղ, օրինակ, Ithomia-ն հանդիպում է, հսկայական խմբերով, մի այլ թիթեռ՝ Leptalis-ը հաճախ հանդիպում է այդ խմբերի հետ խառը. Leptalis-ը գունավոր զոլերով և երանգներով, ինչպես նաև իր թևերի ձևով այնքան նմանվում է Ithomia-ին, որ Բետսը, որի աչքերը տասն և մեկ տարվա ընթացքում վարժեցված էին կոլեկցիաներ հավաքելու, շարունակ սխալվել է, թեպետև միշտ զգույշ է եղել։ Թե նմանվող ձևերը և թե նրանք, որոնց նրանք նմանվում են, բռնելով ու համեմատելով միմյանց հետ, պարզվել է, որ նրանք իրենց կառուցվածքի հիմնական գծերով խիստ տարբեր են լինում և պատկանում են ոչ միայն զանազան սեռերի, այլ հաճախ նույնիսկ զանազան ընտանիքների։ Եթե այդպիսի նմանողությանը հանդիպեր մեկ-երկու անգամ, ապա այն կարելի էր զարմանալի զուգադիպության վերագրել։ Բայց դիտողություններն այն մարզից, որտեղ մի Leptalis-ը նմանվում է Ithomia-ին, փոխադրելով մի այլ մարզ, կարելի է գտնել այլ նմանվող տեսակներ և այլ թիթեռներ, որոնց նմանվում են նրանք, որոնք պատկանում են նույն երկու սեռերին և հավասարապես մոտ նմանություն ունեն միմյանց հետ։ Ընդհանրապես հաշվում են ոչ պակաս քան տասը սեռ, որոնք բովանդակում են այդ թիթեռներին նմանվող տեսակներ։ Թե նմանվողները և թե նրանք, որոնց նմանվում են, միշտ ապրում են միևնույն մարզում. մենք երբեք չենք գտնում նմանվող ձևը մի այլ մարզում ապրելիս, որտեղ չկա այն ձևը, որին նա նմանվում է։ Նմանվողները գրեթե միշտ հազվագյուտ միջատներ են. նմանողություն հարուցող ձևերը գրեթե միշտ հանդիպում են մեծ խմբերով։ Նույն մարզում, որտեղ Leptalis-ի մի տեսակը շատ ճշտությամբ նմանվում է մի Ithomia-ի, երբեմն հանդիպում են նաև այլ թիթեռներ, որոնք նմանվում են նույն Ithomia-ին. այսպիսով, միևնույն վայրում թիթեռների երեք սեռերի տեսակները և նույնիսկ մի ցեց շատ մոտ նմանություն ունեն այն թիթեռի հետ, որ պատկանում է չորրորդ սեռին։ Առանձին հիշատակության արժանի է այն հանգամանքը, որ նմանվող Leptalis-ի ձևերից շատերը, ճիշտ այդպես էլ այն ձևերը, որոնց նմանվում են, ինչպես այդ ապացուցված է աստիճանական անցումների շարքով, միևնույն տեսակի միայն տարատեսակներն են, մինչդեռ մյուսները անկասկածելիորեն առանձին տեսակներ են։ Բայց կարելի է հարցնել, թե ինչո՞ւ որոշ ձևեր դիտվում են որպես նմանողություն հարուցողներ իսկ մյուսները՝ նմանվողներ։ Մ-ր Բետսը բավարար պատասխան է տալիս այդ հարցին, ցույց տալով, որ նմանողություն հարուցող ձևը պահպանում է այն խմբի ընդհանուր տեսքը և գույնը, որին պատկանում է, մինչդեռ «խաբեբաները» փոխել են իրենց գույնն ու ձևը և նման են իրենց ամենամոտ ազգականներին։
Ամենից առաջ մենք ստիպված ենք հարցնել, թե ինչի՞ վերագրել այն, որ որոշ թիթեռներ և ցեցը այդպես հաճախ հագնում են ուրիշ և բոլորովին տարբեր ձևի զգեստ, ինչո՞ւ շփոթության մեջ գցելով բնախույզներին, բնությունը բարեհաճել է իջնել մինչև այդպիսի թատերական արարքների։ Մ-ր Բետսը, անկասկած, գտել է ճիշտ բացատրությունը։ Այն ձևերը, որոնց նմանվում են, միշտ աչքի են ընկնում իրենց թվով և պետք է վերին աստիճանի ապահովված լինեն ոչնչացումից, որովհետև այլապես նրանք չէին կարողանա այդպիսի բազմությամբ հանդիպել. ներկայումս հավաքված են շատ ապացույցներ, որ նրանք զզվելի են թռչունների և այլ միջատակեր կենդանիների համար։ Մյուս կողմից, նմանվող ձևերը, որոնք բնակվում են նույն մարզում, համեմատաբար սակավ են և պատկանում են հազվագյուտ խմբերին. այստեղից պետք է եզրակացնել, որ նրանք պետք է տուժած լինեն որևէ պատճառից, որովհետև այլապես, եթե ուշադրության առնենք բոլոր թիթեռների ածած ձվերի քանակությունը, նրանք երեք կամ լորս սերունդների ընթացքում կտարածվեին ամբողջ երկրում։ Այնուհետև եթե այդ հետապնդվող ու հազվագյուտ խմբերից մեկի անդամը ձեռք է բերել զգեստ, որն այնքան նման է լավ պաշտպանված տեսակի զգեստին, որ իր նմանությամբ միշտ խաբում է միջատաբանի փորձված աչքը, նա պետք է խաբի նաև իրեն հետապնդող թռչուններին ու միջատներին և այս կերպով հաճախ խուսափի ոչնչացումից։ Ընդհանրապես կարելի է ասել, որ մ-ր Բետսը լիովին ըմբռնել է այն պրոցեսը, որի միջոցով նմանվող ձևերը դառնում են այնքան նման այն ձևերին, որոնց նրանք նմանվում են, որովհետև նա գտել է, որ Leptalis-ի մի քանի ձևերը, որոնք այնքան բազմազան ձևով ընդօրինակում են այլ թիթեռների, չափազանց փոփոխական են։ Մի մարզում հանդիպել են մի քանի տարատեսակներ, որոնցից մեկը որոշ չափով նմանվել է Ithomia-ին, որը սովորական է նույն մարզում։ Մյուս մարզում հանդիպում են երկու կամ երեք տարատեսակներ, որոնցից մեկը զգալիորեն ավելի սովորական է մյուսներից և դրա հետ միասին ճիշտ կերպով նման է Ithomia-ի մյուս ձևին։ Այսպիսի փաստերի հիման վրա մ-ր Բետսը գալիս է այն եզրակացության, որ Leptalis-ը ամենից առաջ փոփոխական է, իսկ եթե նրա որևէ տարատեսակին հաջողվում է որոշ չափով նմանվել միևնույն մարզի որևէ սովորական թիթեռի, ապա այդ տարատեսակը բարեկեցիկ և քիչ հետապնդվող ցեղի հետ ունեցած նմանության շնորհիվ ավելի լավ շանսեր ունի, որպեսզի խուսափի գիշատիչ թռչունների և միջատների հետապնդումից և, հետևաբար, ավելի հաճախ է պահպանվում, «նմանության ավելի քիչ կատարյալ աստիճանները սերնդե սերունդ ոչնչանում են, և միայն մյուսներին է վիճակվում իրենցից հետո սերունդ թողնելու հնարավորությունը»։ Այսպիսով, այս դեպքը բնական ընտրության հիանալի օրինակ է։
Մ-րներ Ուոլլեսը և Տրայմենը իրենց հերթին նկարագրել են նմանողության մի քանի նույնքան զարմանալի դեպքեր Մալայան արշիպելագի և Աֆրիկայի թիթեռների և մի քանի այլ միջատների մոտ։ Մ-ր Ուոլլեսր հայտնաբերել է նաև նման մի դեպք թռչունների մոտ, բայց ավելի խոշոր կաթնասունների համար այդպիսի օրինակ մենք չգիտենք։ Այլ կենդանին երի համեմատությամբ միջատների մեջ նմանողության մեծ տարածվածությունը հավանորեն նրանց, փոքրության հետևանքն է. միջատները չեն կարող պաշտպանվել, բացառությամբ խայթոց ունեցող տեսակների, և ես երբեք չեմ լսել, որ այդպիսի միջատները նմո:նվեին ուրիշներին, մինչդեռ նրանց նմանվում են ուրիշները. միջատները չեն կարող նաև թռիչքի կամ փախուստի միջոցով ազատվել նրանց որսացող խոշոր կենդանիներից. ուրեմն, փոխաբերաբար ասած, թույլ էակների մեծամասնության նման, նրանք պետք ւէ դիմեն խաբեության ու կեղծիքի։
Կարելի է նկատել, որ նմանողության պրոցեսը հավանորեն երբեք չի սկսվել այնպիսի երկու ձևերի միջև, որոնք իրենց գույնով շատ են տարբերվում. բայց սկսվելով որոշ չափով արդեն նման տեսակների մոտ, նա կարող է վերոհիշյալ եղանակով հանգել շատ լիակատար նմանության, եթե այդ օգտակար է։ Եվ եթե այն ձևը, որին նմանվում են, որևէ ներգործության ազդեցության տակ հաջորդականորեն ու աստիճանաբար փոփոխվում է, ապա նաև նմանվող ձևը կարող է ընթանալ միևնույն ուղիով և փոփոխվել այն աստիճանի, որ կարող է վերջ ի վերջո ձեռք բերել այնպիսի ձև ու գույն, որ ամենևին նման չէ այն ընտանիքի այլ անդամների ձևին ու գույնին, որին ինքն է պատկանում։ Սակայն այդ տեսակետից մեզ հանդիպում է որոշ դժվարություն, որովհետև մի քանի դեպքերում անհրաժեշտ է ընդունել, որ մի քանի տարբեր խմբերի հեռավոր անդամները՝ նախքան նրանց տարամիտման մինչև այժմյան աստիճանին հասնելը, պատահականորեն նմանվել են մի այլ հովանավորյալ խմբի անդամներին այնքան բավարար չափով, որպեսզի դրանով որոշ պաշտպանություն գտնեն, դա էլ պետք է հիմք ծառայեր հետագա ավելի կատարյալ նմանություն ձեռք բերելու համար։
===ՕՐԳԱՆԻԶՄՆԵՐԸ ՇԱՂԿԱՊՈՂ ԱԶԳԱԿՑՈՒԹՅԱՆ ԲՆՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ===
Քանի որ ընդարձակ սեռերին պատկանող տիրապետող տեսակների փոփոխված հետնորդները հակված են ժառանգելու այն առավելությունները, որոնց շնորհիվ նրանց խմբերը դարձել են ընդարձակ և նրանց ծնողները տիրապետող, ապա ղրանով իսկ նրանք հնարավորություն են ստացել լայնորեն տարածվելու և բնության տնտեսության մեջ ավելի ու ավելի մեծ քանակությամբ տեղ գրավելու համար։ Յուրաքանչյուր դասի սահմաններում ավելի տարածված ու տիրապետող խմբերը ձգտում են ավելանալ ծավալով և դրա հետևանքով ճնշել ավելի փոքր ու թույլ խմբերին։ Դրանով մենք կարող ենք բացատրել այն, որ բոլոր օրգանիզմները, ինչպես այժմյանները, այնպես էլ մահաջնջվածները, մտնում են սակավաթիվ կարգերի և ավելի ևս փոքրաթիվ դասերի մեջ։ Ցույց տալու համար, թե որքան քիչ է խոշոր խմբերի թիվը և որքան նրանք լայնորեն են տարածված երկրագնդի վրա, բերենք այն ուշագրավ փաստը, որ Ավստրալիայի հայտնագործումը չի ավելացրել ոչ մի միջատ, որը պատկանի մի նոր մեծ խմբի, և ինչ վերաբերում է բույսերին, ապա, ինչպես ասում է դ-ր Հուկերը, տվել է միայն երկու կամ երեք փոքրիկ ընտանիքներ։
Երկրաբանական հաջորդականության վերաբերյալ գլխում, ելնելով այն դրույթից, որ յուրաքանչյուր խումբ իր փոփոխության երկարատև ժամանակաշրջանի ընթացքում ընդհանրապես շատ խիստ տարամիտվում է հատկանիշներով, ես աշխատել եմ պարզել, թե ինչու հին օրգանիզմները հաճախ ունեն հատկանիշներ, որոնք որոշ չափով անցումային են գոյություն ունեցող խմբերի և նրանց միջև։ Քանի որ հին և միջակա քիչ ձևեր միայն ներկա ժամանակին փոխանցել են շատ փոքր չափով փոփոխված հաջորդներ, ուստի վերջիններս կազմում են, այսպես կոչված, շեղվող կամ միջակա հատկանիշներ ունեցող մերձավոր տեսակներ։ Որքան որևէ ձև ավելի ուժեղ կերպով է շեղվում, այնքան ավելի շատ պիտի լինի այն ձևերի թիվը, որոնք շաղկապում են նրան արդեն մահաջնջված և իսպառ անհետացած այլ ձևերի հետ։ Որ այդպիսի միջին հատկանիշներ ունեցող խմբերը շատ դաժանորեն ենթարկվել են մահաջնջման, դրա համար մենք ունենք որոշ ապացույց այն բանում, որ նրանք գրեթե միշտ ներկայացված են չափազանց սակավաթիվ տեսակներով. և բացի այդ, այդպիսի տեսակները սովորաբար շատ ուժեղ կերպով զանազանվում են միմյանցից, որն իր հերթին ցույց է տալիս նրանց մահաջնջումը։ Օրինակ, բադակտուցի (Ornithorhynchus) և լեպիդոսիրենի (Lepidosiren) սեռերը կլինեին ոչ պակաս շեղվող, եթե նրանք ունենային մի դյուժին տեսակներ, փոխանակ ունենալու մեկ, երկու կամ երեք տեսակ, ինչպես այդ տեսնում ենք այժմ։ Ես կարծում եմ, մենք կարող ենք այդ փաստը բացատրել միայն ընդունելով, որ շեղվող խմբերի ձևերը պարտություն են կրել ավելի օժտված մրցակիցներից և դեռ պահպանել են իրենց սակավաթիվ ներկայացուցիչները բացառիկ բարենպաստ պայմաններում։
Մ-ր Ուոտերհաուզը նկատել է, որ եթե կենդանիների որևէ խմբի անդամներից մեկը նմանություն է հանդես բերում բոլորովին մի այլ խմբի հետ, ապա շատ դեպքում այդ նմանությունն ընդհանուր է, այլ ոչ թե մասնահատուկ։ Այսպես, ըստ Ուոտերհաուզի, բոլոր կրծողներից վիսկաշան ամենից ավելի մոտ է պարկավորներին. բայց նրա շփման կետերն այդ կարգի հետ ընդհանուր են, այսինքն՝ պարկավորների մի այնպիսի տեսակ չկա, որին նա ավելի մոտ լիներ, քան մի ուրիշին։ Քանի որ կառուցվածքի նման առանձնահատկությունները բացատրվում են իսկական ազգակցությամբ, այլ ոչ թե պարզ հարմարեցմամբ, ուստի նրանք, մեր տեսակետների համաձայն, պետք է ժառանգված լինեն մի ընդհանուր նախածնողից։ Այդ պատճառով մենք կամ պետք է ենթադրենք, որ բոլոր կրծողները և այդ թվում էլ վիսկաշան անջատվել են որևէ հին պարկավոր ձևից, որը բնականաբար իր հատկանիշներով պետք է դառնար քիչ թե շատ անցումային բոլոր գոյություն ունեցող պարկավորների վերաբերմամբ, կամ թե, որ կրծողներն ու պարկավորները ծագում են առել մի ընդհանուր նախածնողից և, շարունակ ավելի ու ավելի հեռանալով իրարից, մինչև հիմա մեծ փոփոխություններ են կրել։ Այս տեսակետներից որ մեկին էլ հետևենք, մենք պետք է ենթադրենք, որ վիսկաշան ժառանգականության միջոցով իր հին նախածնողից ավելի շատ առանձնահատկություններ է պահպանել, քան մյուս կրծողները. այդ պատճառով էլ նա առանձին առնչություն չունի այժմյան պարկավորներից որևէ մեկի հետ, այլ ուղղակի կապված է բոլոր կամ գրեթե բոլոր պարկավորների հետ, մասամբ պահպանելով նրանց ընդհանուր նախածնողի կամ խմբի հին անդամներից մեկի հատկանիշները։ Մյուս Կողմից, ըստ Ուոտերհաուզի դիտողության, բոլոր պարկավորներից վոմբատը (Phascolomys) ամենից ավելի նման է ոչ թե կրծողներից որևէ մեկին, այլ ընդհանրապես բոլոր կրծողներին։ Բայց այս դեպքում ամենայն իրավամբ կարելի է ենթադրել, որ այդ նմանությունը միայն անալոգիական է, որը ցույց է տալիս, որ վոմբատը հարմարվել է կրծողների կենցաղին։ Դը-Կանդոլ ավագը մոտավորապես նույնպիսի դիտողություններ է արել բույսերի զանազան ընտանիքների միջև եղած նմանության ընդհանուր բնույթի մասին։
Մի ընդհանուր նախածնողից առաջացած տեսակների բազմացման և հատկանիշների աստիճանական տարամիտման օրենքի և դրա հետ միասին ժառանգականության միջոցով նրանց մեջ ընդհանուր հատկանիշների պահպանման հիման վրա մենք կարող ենք հասկանալ, թե ինչքան արտասովոր կերպով բարդ ու բազմակողմանի են այն ընդհանուր գծերը, որոնցով շաղկապվում են միևնույն ընտանիքի անդամները կամ ավելի ևս ընդարձակ խմբերը միմյանց հետ։ Մահաջնջման միջոցով այժմ զանազան խմբերի և ենթախմբերի բաժանված ամբողջ ընտանիքի ընդհանուր նախածնողը պետք է փոխանցեր իր հատկանիշներից մի քանիսը բոլոր տեսակներին, որոնք տարբեր ուղղությամբ ու տարբեր աստիճանի փոփոխված են, և այդ պատճառով էլ տեսակները պետք է միմյանց հետ կապված լինեն ազգակցության շրջանաձև գծերով, որոնք ունեն զանազան երկարություն (այդ կարելի է տեսնել դիագրամի վրա, որը մենք այնպես հաճախ վկայակոչում ենք) և սկիզբ են առնում բազմաթիվ նախնիների միջից։ Քանի որ ծննդաբանական ծառի օգնությամբ նույնիսկ դժվար է և առանց նրան գրեթե անհնարին է ապացուցել որևէ հին նշանավոր ընտանիքի բազմաթիվ հաջորդների միջև եղած արյունակցական ազգակցությունը, ուստի հեշտ է հասկանալ այն արտասովոր դժվարությունները, որոնց հանդիպում է բնախույզը առանց դիագրամ ի օգնության զանազան հարաբերակցություններ նկարագրելիս, որոնք նկատվում են որևէ մեծ բնական դասի ապրող և մահաջնջված անդամների միջև։
Մահաջնջումը, ինչպես մենք տեսանք չորրորդ գլխում, կարևոր դեր է կատարել յուրաքանչյուր դասի զանազան խմբերի միջև եղած տարածությունների առաջացման ու լայնացման գործում։ Դրա հիման վրա մենք կարող ենք բացատրել մի ամբողջ դասի մեկուսացածությունը մի ուրիշից, օրինակի թռչուններին մյուս բոլոր ողնաշարավորներից, ենթադրելով, որ հին շատ ձևեր բոլորովին անհետացել են, օրինակ նրանք, որոնց միջոցով թռչունների հեռավոր նախնիները սկզբում շաղկապվել են այլ ողնաշարավորների դեռ այն ժամանակ ավելի քիչ դիֆերենցված դասերի նախնիների հետ։ Անհամեմատ ավելի քիչ է եղել այն ձևերի մահաջնջումը, որոնք մի ժամանակ ձկներին կա֊ պել են երկկենցաղների հետ։ Է՛լ ավելի փոքր է մահաջնջումը որոշ դասերի, օրինակ խեցեմորթների մեջ, որովհետև այստեղ զարմանալիորեն տարբեր ձևեր դեռևս կապվում են միմյանց հետ մերձավոր ձևերի երկար և միայն մասամբ ընդհատվող շղթայով։ Մահաջնջումը միայն պարագծել է խմբերը, բայց բնավ չի ստեղծել նրանց, որովհետև, եթե նախկին ժամանակներում երկրի վրա ապրած բոլոր ձևերը հանկարծ կենդանանայինք միանգամայն անհնարին կշիներ ցույց տալ առանձին խմբերի սահմանները, բայց բնական դասակարգություն կամ առնվազն բնական խմբավորում հնարավոր կլիներ։ Մենք այդ կտեսնենք, դիմելով դիագրամին։ A-ից մինչև L տառերը պետք է պատկերեն սիլուրիական տասնմեկ սեռերը, ըստ որում նրանցից մի քանիսից առաջացել են փոփոխված հաջորդների մեծ խմբեր, որոնք ունեն դեռևս ապրող միացուցիչ օղակներ գլխավոր ու երկրորդական ճյուղերի միջև, այդ կապակցող օղակները ավելի չեն նրանցից, որոնք կան այժմ գոյություն ունեցող տարատեսակների միջև։ Այդ դեպքում միանգամայն անհնարին է տալ այնպիսի սահմանումներ, որոնցով զանազան խմբերի զանազան անդամները կարելի կլիներ տարբերել նրանց ավելի մերձավոր նախածնողներից և հետնորդներից։ Սակայն դիագրամում խմբավորումը այնուամենայնիվ պետք է պահպանվի ե լինի բնական, որովհետև ժառանգականության օրենքով բոլոր ձևերը, որ առաջացել են, օրինակ, A-ից, պետք է մի ինչ որ ընդհանուր բան ունենան։ Մենք կարող ենք ծառի վրա տարբերել այս կամ այն ճյուղը, թեև երկճյուղավորման տեղում նրանք մոտենում են ու միաձուլվում։ Ինչպես ես ասել եմ, մենք չենք կարող սահմանումներ տալ զանազան խմբերի համար, բայց մենք կարող ենք ցույց տալ տիպերը կամ այնպիսի ձևեր, որոնք իրենց մեջ միացնում են յուրաքանչյուր մեծ կամ փոքր խմբի հատկանիշների ամենամեծ քանակություն և այդպիսով մեղ տալիս են ընդհանուր պատկերացում նրանց միջև եղած տարբերությունների նշանակության մասին։ Դա հենց այն է, որին մենք կհանգեինք, եթե մեզ երբևիցե հաջողվեր հավաքել մի որոշ դասի բոլոր ձևերը, որոնք երբևիցե գոյություն են ունեցել ժամանակի և տարածության մեջ։ Իհարկե, մենք այդպիսի հաջողության երբեք չենք հասնի. այնուամենայնիվ որոշ դասերում մենք ձգտում ենք այդ նպատակին, և Միլն-Էդվարդսը վերջերս իր մի հետաքրքրական հոդվածում ապացուցում է տիպերի ուսումնասիրության կարևոր նշանակությունը անկախ նրանից, թե կարելի է բաժանել ու որոշել այն խմբերը, որոնց պատկանում են այգ տիպերը։ Վերջապես, մենք տեսանք, որ բնական ընտրությունը, որ բխում է գոյության կռվից և գրեթե անխուսափելիորեն հանգում է ձևերի մահաջնջման և մի նախածնողական տեսակի հաջորդների մեջ հատկանիշների տարամիտման, բացատրում է բոլոր օրգանիզմների հարաբերակցության մեջ եղած մի մեծ ընդհանուր առանձնահատկության գոյությունը, այսինքն՝ նրանց տեղաբաշխումն ըստ ստորադաս նշանակություն ունեցող խմբերի։ Մենք ծագումն օգտագործում ենք երկու սեռի և ամեն հասակի անհատներին մի տեսակի մեջ զետեղելու համար, թեև նրանց միջև, կարող է պատահել, շատ քիչ ընդհանուր բան կա, մենք ծագումը օգտագործում ենք մեզ լավ հայտնի տարատեսակների տեղը որոշելու համար, ինչքան էլ որ նրանք ուժեղ կերպով տարբերվելիս լինեն ծնողներից, և ես կարծում եմ, որ ծագումն է այն գաղտնի կապը, որ հասկանում են բնախույզները բնական սիստեմ անվան տակ։ Օրգանիզմների բնական սիստեմի գաղափարը միայն, որքան նա կատարյալ է և խմբավորման հիմքում բովանդակում է արյունակցական ազգակցությունը՝ նմանության տարբեր աստիճաններով միասին, որոնք արտահայտվում են սեռեր, ընտանիքներ, կարգեր և այլ տերմիններով, մեզ հնարավորություն է տալիս հասկանալու այն կանոնները, որոնցով պետք է ղեկավարվել մեր դասակարգության ընթացքում։ Մենք կարող ենք նաև հասկանալ, թե ինչու որոշ նմանվող առանձնահատկությունների նշանակությունն ավելի կարևոր է, քան մյուսներինը, թե ինչու մենք օգտագործում ենք թերաճ ու անօգուտ օրգանները կամ կասկածելի ֆիզիոլոգիական նշանակություն ունեցող այլ օրգանները, թե ինչու զանազան խմբերի միջև ազգակցություն որոնելիս մենք ընդհանրապես մի կողմ ենք նետում անալոգ կամ հարմարողական հատկանիշները և օգտագործում ենք դրանք, երբ որոշում ենք միևնույն խմբի ձևերի միջև եղած ազգակցությունը։ Վերջապես մենք կարող ենք հեշտությամբ տեսնել, թե ինչու բոլոր ապրող և մահաջնջված ձևերը կարելի է համախմբել փոքրաթիվ խոշոր խմբերում և թե ինչու յուրաքանչյուր դասի առանձին անդամները շաղկապված են միմյանց հետ նմանության վերին աստիճանի բարդ և բազմակողմանի գծերով։ Ամենայն հավանականությամբ մեզ երբեք չի հաջողվի բաց անել ազգակցական այն կապերի աներևակայելի կերպով խճճված ցանցը, որոնք շաղկապում են որևէ դասի անդամներին միմյանց հետ. բայց նկատի ունենալով մի որոշակի խնդիր և բացատրության համար չդիմ՛ելով ստեղծագործության որևէ անիմանալի պլանի վկայակոչությանը, մենք կարող ենք անկասկածելի, թեև դանդաղ, հաջողության հույս ունենալ։
Պրոֆ. Հեկկելը իր «Generelle Morphologies»<ref>«Ընդհանուր մորֆոլոգիա» — ''Խմբ.։''</ref>. և այլ աշխատություններում վերջերս իր ընդարձակ դիտելիքներն ու տաղանդը նվիրել է այն հարցի ուսումնասիրությանը, որ նա անվանում է ֆիլոգենիա, կամ տոհմագրություն, որը շաղկապում է բոլոր օրգանական էակներին միմյանց հետ։ Զանազան ծննդաբանական շարքեր կազմելիս նա հենվում է գլխավորապես սաղմնաբանական առանձնահատկությունների վրա, բայց օգտագործում է նաև հոմոլոգ և թերաճ օրգանները, ինչպես և այն դարաշրջանների հաջորդականությունը, որոնց ընթացքում կյանքի զանազան ձևերը, ինչպես կարծում են, առաջին անգամ երևան են նկել զանազան երկրաբանական ֆորմացիաներում։ նա դրանով համարձակորեն խիզախել է մի մեծ նախաձեռնության և մեզ ցույց է տվել, թե ապագայում ինչպես պետք է մշակել դասակարգման հարցը։
===ՄՈՐՖՈԼՈԳԻԱ===
Մենք տեսանք, որ միևնույն դասի անդամները, անկախ իրենց վարած կենցաղից, կազմվածքի ընդհանուր պլանով իրար նման են։ Այդ նմանությունը հաճախ արտահայտում են «պլանի միասնականություն» տերմինով կամ բառերով, որ միևնույն դասի զանազան տեսակների որոշ մասերը և օրգանները հոմոլոգ են։ Սրան վերաբերող բոլոր հարցերը պատկանում են մորֆոլոգիային, որը ներկայացնում է բնապատմության ամենահետաքրքիր բաժիններից մեկը և, առհասարակ կարելի է ասել, նրա էական մասը։ Ի՞նչը կարող է ավելի հետաքրքրական լինել նրանից, որ բռնելու համար նախանշված մարդու ձեռքը, խլուրդի փորող թաթը, ձիու ոտքը, դելֆինի լողաթաթը, չղջիկի թևը կառուցված են միևնույն օրինակով և պարունակում են միանման ոսկորներ, միևնույն հարաբերական դասավորությամբ։ Ինչքան հետաքրքրական են ավելի պակաս կարևոր, բայց և այնպես այն զարմանալի փաստերը, որ կենգուրուի ետևի ոտները այդքան լավ հարմարված են արձակ հարթավայրերում ցատկում կատարելու համար, մագլցող, տերևներով սնվող կոալի ոտքերը հավասարապես լավ հարմարված են ծառերի ճյուղերը գրկելու համար. գետինը փորող, միջատներով ու արմտիքով սնվող բենդիկուտի և ավստրալիական մի քանի այլ պարկավորների թաթերը կառուցված են միևնույն վերին աստիճանի զարմանալի տիպի համաձայն, որտեղ երկրորդ և երրորդ մատների ոսկորները չափազանց բարակ են և ծածկված են ընդհանուր մաշկային ծածկոցով, այնպես որ նմանվում են երկու ճիրան ունեցող մեկ մատի։ Չնայած կառուցվածքի նմանության, ակնհայտ է, որ այդ զանազան կենդանիների ետևի ոտները ծառայում են ամենատարբեր նպատակների համար, ինչպիսիք միայն կարելի է պատկերացնել։ Բայց փաստերի այս ամբողջ խումբը ավելի ևս զարմանալի է դառնում այն պատճառով, որ ամերիկյան պարկամկները, որոնք մոտավորապես նույն կենցաղն են վարում, ինչ որ նրանց ավստրալիական ազգակիցները, ունեն սովորական ձևով կառուցված վերջավորություններ։ Պրոֆ. Ֆլոուերը, որից մենք վերցրել ենք այս փաստերը, վերջում այսպիսի դիտողություն է անում. «Մենք կարող ենք այդ անվանել տիպի պահվածություն՝ չմտնելով ավելի խոր բացատրության մեջ, և ավելացնում է. «Արդյոք դա իրո՞ք ցույց չի տալիս իսկական ազգակցություն, մի ընդհանուր ծնողից ժառանգական փոխանցում»։
Ժոֆֆրուա Սենտ-Ելերը վճռականորեն պնդում էր հոմոլոգ մասերի հարաբերական դրության կամ հարաբերակցության կարևոր նշանակության վրա. նրանք կարող են իրենց ձևով ու չափերով ծայրահեղորեն փոփոխվել, բայց միշտ միացած են միևնույն անփոփոխ եղանակով։ Օրինակ, մենք երբեք չենք գտնի, որ բազկի և նախաբազկի կամ ազդրի և սրունքի ոսկրները տեղափոխվեն։ Ուստի միևնույն անունները կարելի է տալ չափազանց տարբեր կենդանիների հոմոլոգ ոսկիներին։ Նույն կարևոր օրենքը մենք տեսնում ենք միջատների բերանի մասերի կառուցվածքում. ի՞նչը կարող է ավելի տարբեր լինել, քան գիշերաթիթեռի ծայր աստիճան երկար, պարուրաձև ոլորված կնճիթը, մեղվի կամ փայտոջիլի յուրահատուկ ձևով կառուցված կնճիթը և բզեզի մեծ ծնոտները։ Բայց և այնպես այդ բոլոր օրգանները, որոնք ծառայում են շատ տարբեր նպատակների համար, առաջացել են վերին շրթունքի, վերին ծնոտների և երկու զույգ ստորին ծնոտների անսահման փոփոխությունների միջոցով։ Միևնույն օրենքն է ղեկավարում խեցեմորթների բերանի և վերջավորությունների մասերի կառուցվածքը։ Նույնը ճիշտ է նաև. բույսերի ծաղիկների վերաբերմամբ։
Ոչինչ չի կարող ավելի անհուսալի լինել, քան միևնույն դասի անդամների մոտ եղած կառուցվածքի այդ ընդհանրությունը օգտակարության, կամ վախճանական պատճառների ուսմունքի տեսակետից բացատրելու փորձը։ Այդպիսի փորձի անհուսալիությունը պարզ կերպով մատնանշել է Օուենը իր «Վերջավորությունների բնույթը» վերին աստիճանի հետաքրքրական աշխատության մեջ։ Հետևելով այն սովորական տեսակետին, որ յուրաքանչյուր էակ անկախ կերպով է ստեղծվել, մենք կարող ենք միայն ընդունել փաստերը և ասել, որ արարչին հաճո է եղել յուրաքանչյուր մեծ դասի, բոլոր կենդանիներին ու բույսերին կառուցել մի ընդհանուր պլանով, բայց դա գիտական, բացատրություն չէ։ Դրա փոխարեն՝ շատ պարզ բացատրություն է տալիս հաջորդական թույլ փոփոխությունների ընտրության տեսությունը, որոնցից յուրաքանչյուրը որոշ չափով օգտակար է փոփոխվող ձևին, բայց հաճախ պայմանավորվում է կազմվածքի մյուս մասերի հետ ունեցած կոռելյացիայով։ Նման փոփոխությունների ժամանակ հիմնական պլանի փոփոխության և մասերի տեղափոխության հակումը կամ քիչ է, կամ բոլորովին չի լինում։ Վերջավորությունների ոսկրները կարող են որոշ չափով կարճանալ ու տափակել, միաժամանակ ծածկվելով փափուկ մասերի ավելի հաստ շերտերով և այդ դեպքում փոխարկվում են լողաթևի. կամ թե թաղանթով օժտված վերջավորության բոլոր կամ մի քանի ոսկրները կարող են որոշ չափով երկարել, որի հետ միասին մեծանում է նրանց կապող թաղանթը և վերջավորությունը կարող է դառնալ թև. բայց այդ բոլոր փոփոխությունները չեն ձգտում փոփոխել ոսկրների հիմնական կառուցվածքը կամ մասերի հարաբերակցությունը։ Եթե մենք ենթադրենք, որ բոլոր կաթնասունների, թռչունների և սողունների ամենահին նախածնողի, որին կարելի է անվանել նախատիպ, վերջավորությունները կառուցված են եղել այժմ գոյություն ունեցող հիմնական պլանի համաձայն, անկախ նրանց կատարած ֆունկցիաներից, մենք իսկույն կըմբռնենք բոլոր դասերում վերջավորությունների հոմոլոգ կառուցվածքի ամբողջ իմաստը։ Ճիշտ նույնպես միջատների բերանի մասերի վերաբերմամբ մեզ հարկավոր է միայն ենթադրել, որ նրանց նախածնողն ունեցել է վերին շրթունք, վերին ծնոտներ և երկու զույգ ստորին ծնոտներ, ընդ որում թերևս այդ մասերը եղել են շատ պարզ կազմությամբ, և բնական ընտրությունը կբացատրի մեզ միջատների բերանի մասերի կազմության և կատարած դերերի ամբողջ անսահման բազմազանությունը։ Սակայն հասկանալի է, որ օրգանի կաոուցվածքի հիմնական պլանը կարող է այն աստիճանի թաքնված լինել, որ բոլորովին կանհետանա կամ թերազարգացման, կամ որոշ մասերի լիակատար ռեդուկցիայի, մյուսների միաձուլման, երրորդ մասերի կրկնապատկման և ընդհանրապես թվի ավելացման հետևանքով՝ բոլորն էլ այնպիսի փոփոխություններ են, որոնք, ինչպես մենք գիտենք, գտնվում են հնարավորության սահմաններում։ Մահաջնջված հսկայական ծովային մողեսների լողաթևերի և մի քանի խեցեմորթների ծծող բերանամասերի մեջ հիմնական պլանը մասամբ թվում է մի քիչ քողարկված։
Կա էլի մի հավասար չափով հետաքրքրական հարց, որը դարձյալ սրան է վերաբերում, այն է՝ սերիական հոմոլոգիաները կամ միևնույն անհատի զանազան մասերի ու .օրգանների համեմատությունը, այլ ոչ թե միևնույն դասի զանազան անդամների միևնույն մասերի և օրգանների համեմատությունը։ Ֆիզիոլոգների մեծամասնությունը կարծում է, թե գանգի ոսկրները հոմոլոգ են, այսինքն՝ թվով և հարաբերական դասավորությամբ համապատասխանում են բրոշ թվով ողերի հիմնական մասերին։ Բոլոր բարձրակարգ ողնաշարավորների խմբերում առջևի և հետևի վերջավորությունները հոմ ոլոգ են։ Ճիշտ այդպես էլ հոմոլոգ են խեցեմորթների զարմանալի բարդ ծնոտները և վերջավորությունները։ Գրեթե ամեն մեկին հայտնի է, որ ծաղկի մեջ բաժակաթերթերի, պսակաթերթերի, առէջքների և վարսանդների հարաբերական դիրքը, ինչպես նաև նրանց կառուցվածքի մանրամասնությունները հասկանալի են դառնում միայն այն դեպքում, երբ մենք նրանց համարում ենք պարուրաձև դասավորություն ունեցող փոփոխված տերևներ։ Այլանդակ բույսերի վրա մենք հաճախ ուղղակի ցուցումներ ենք գտնում մի օրգանը մյուսի փոխարկվելու հնարավորության մասին, և մենք կարող ենք նկատել ծաղիկների, ինչպես նաև խեցեմորթների և այլ կենդանիների զարգացման վաղ, կամ սաղմնային ստադիաներում, որ զարգացման հետ զուգընթաց չափազանց տարբերվող օրգանները սկզբում բոլորովին նման են իրար։
Ինչքա՜ն անբացատրելի են սերիական հոմոլոգիաների դեպքերը արարչագործական գործունեության նկատմամբ եղած սովորական տեսակետով։ Ինչո՞ւ գլխուղեղը պարփակված է տուփի մեջ, որը կազմված է այնքան բազմաթիվ և յուրահատուկ ոսկրներից, որոնք ըստ երևույթին ներկայացնում են ողեր։ Ըստ Օուենի դիտողության՝ այն օգուտը, որ առաջանում է կաթնասունների ծննդաբերության ժամանակ առանձին ոսկիների որոշ շարժականությունից, երբեք չի բացատրում թռչունների և սողունների գանգի նույն կառուցվածքը։ Ինչո՞ւ միևնույն ոսկրները ստեղծվել են չղջիկի թևի և հետևի վերջավորության կառուցման համար, որոնք գործածվում են այնքան տարբեր նպատակների համար, ինչպես թռչելն ու ման գալը։ Ինչո՞ւ բազմաթիվ հավելուկներով չափազանց բարդ կառուցված բերան ունեցող խեցեմորթները դրա հետ միասին միշտ ավելի քիչ ոտներ են ունենում, և ընդհակառակը, նրանք, որոնք շատ ոտներ ունեն, բերանի մասերի ավելի պարզ կառուցվածք են ունենում։ Ինչո՞ւ յուրաքանչյուր ծաղկի մեջ բաժակաթերթերը, պսակաթերթերը, առէջքները և վարսանդները, թեև բոլորովին տարբեր դեր են ունենում, կառուցված են մի հիմնական տիպարով։
Բնական ընտրության տեսության միջոցով մենք որոշ չափով կարող ենք պատասխանել այդ հարցերին։ Մենք կարիք չունենք խորհելու, թե ինչպես որոշ կենդանիների մարմինը բաժանվել է սկզբում մի շարք հատվածների կամ թե ինչպես նրանց մոտ առաջացել են աջ և ձախ կողմերը համապատասխան օրգաններով միասին, որովհետև այդպիսի հարցերը գրեթե դուրս են գալիս հետազոտության սահմաններից։ Սակայն հավանական է, որ որոշ դեպքերում սերիական կառուցվածքը հանդիսանում է բջիջների բաժանման միջոցով բազմանալու արդյունք, որն իր հերթին պայմանավորում է այդպիսի բջիջներից զարգացող մասերի շատացում։ Մեզ համար բավական է իմանալ, որ միևնույն մասերի կամ օրգանների անսահման կրկնությունը, ըստ Օուենի դիտողության, բնորոշում է բոլոր ստորակարգ կամ քիչ մասնագիտացած ձևերին. այդ պատճառով ողնաշարավորների անհայտ նախածնողը հավանորեն ունեցել է շատ ողեր, հոդվածոտանիների նախածնողը՝ շատ հատվածներ, ծաղկավոր բույսերի նախածնողը՝ շատ տերևներ, որոնք դասավորված են եղել մեկ կամ ավելի պարուրներով։ Ճիշտ այդպես էլ մենք արդեն տեսանք, որ մի քանի անգամ կրկնվող մասերը մեծ հակում ունեն փոփոխվելու ոչ միայն թվով, այլև ձևով։ Հետևաբար, այդպիսի մասերը, որոնք արդեն գոյություն ունեն մեծ թվով և լինելով չափազանց փոփոխական, բնականաբար նյութ են հանդիսանում շատ բազմազան նպատակների հարմարվելու համար, սակայն, ընդհանրապես նրանք պետք է ժառանգականության ուժով պահպանեին իրենց նախասկզբնական կամ հիմնական նմանության ակնհայտ հետքերը։ Եվ նրանք կարող էին պահպանել այդ նմանությունը, մանավանդ, որ այն վարիացիաները, որոնք բնական ընտրության ազդեցությամբ նրանց հետագա փոփոխությունների համար հիմք են կազմել, հենց սկզբից հակում են ունեցել իրար նմանվելու, որովհետև այդ մասերը զարգացման վաղ ստադիաներում նման են եղել և գտնվել են մոտավորապես միանման պայմաններում։ Այդպիսի մասերը ավելի կամ պակաս չափով փոփոխվելով, բայց դեռ չկորցնելով իրենց ընդհանուր ծագման հետքերը, դարձել են սերիական հոմոլոգ մասեր։
Կակղամորթների ընդարձակ դասի մեջ, չնայած տարբեր տեսակների մոտ հոմոլոգ մասերի գոյությանը, կարելի է շարքային հոմոլոգիաների միայն քիչ օրինակներ ցույց տալ, ինչպիսիք են, օրինակ, խիտոնների խեցիները, այսինքն մենք միայն հազվագյուտ դեպքերում կարող ենք ասել, որ միևնույն անհատի մի մասը հոմոլոգ է նրա մյուս մասին։ Եվ դա մեզ հասկանալի է, որովհետև կակղամորթների մեջ, նույնիսկ այդ դասի ստորակարգ ներկայացուցիչների մեջ, մենք բոլորովին չենք գտնում որևէ մասի այնպիսի անսահմանափակ կրկնություն, որին մենք հանդիպում ենք կենդանական ու բուսական աշխարհի մյուս մեծ խմբերում։
Բայց մորֆոլոգիայի խնդիրներն անհամեմատ ավելի բարդ են, քան թվում է առաջին հայացքից, ինչպես վերջերս ակնառու կերպով այդ ցույց է տվել մ-ր Ռեյ Լանկեստերն իր մի ուշագրավ հոդվածում, որտեղ նա մատնանշել է էական տարբերություններ դեպքերի զանազան կատեգորիաների միջև, որոնք մինչև այդ բնախույզների կողմից միանման ձևով համարվել են հոմոլոգներ։ Նա առաջարկում է '''հոմոգեն''' անվանել այն մասերը, որոնք նման են մի ընդհանուր նախածնողից փոփոխությունների միջոցով առաջացած տարբեր կենդանիների մոտ, և '''հոմոպլաստիկ''' անվանել նրանց, որոնք այղ ձևով չի կարելի բացատրել։ Օրինակ, նա կարծում է, որ թռչունների և կաթնասունների սիրտը միանգամայն հոմոգեն է, որովհետև ժառանգված է մի ընդհանուր նախածնողից, բայց սրտի խոռոչները երկու դասերում միայն հոմոպլաստիկ են, այսինքն զարգացել են անկախ կերպով։ Մ-ր Լանկեստերն այնուհետև նշում է միևնույն անհատի մարմնի աջ և ձախ կողմերի մասերի և իրար հաջորդող հատվածների մերձավոր նմանությունը, այստեղ մենք ունենք այնպիսի մասերի օրինակ, որոնց ընդհանրապես անվանում են հոմոլոգ, բայց սրանք ոչ մի առնչություն չունեն մի նախածնողից զանազան տեսակների առաջացման հետ։ Կառուցվածքի հոմոպլաստիկ առանձնահատկությունները նույնն են, որոնց ես խմբավորել եմ, թեպետ և շատ անկատար ձևով, անալոգ փոփոխությունների կամ նմանության անվան տակ։ նրանց առաջացումը կարելի է վերագրել մասամբ տարբեր օրգանիզմների, մասամբ միևնույն օրգանիզմի տարթեր մասերի անալոգ փոփոխություններին, մասամբ էլ նրանք բացատրվում են նման փոփոխություններով, որոնք հարմարված են նույն ընդհանուր նպատակին կամ ֆունկցիային, որի մասին բերված են բազմաթիվ օրինակներ։
Բնախույզները հաճախ ասում են, որ գանգը կազմված է ձևափոխված ողերից, խաչափառի ծնոտները ներկայացնում են ձևափոխված վերջավորություններ, ծաղիկների առէջքները և վարսանդները ձևափոխված տերևներ են, բայց ըստ պրոֆ. Հյոքսլիի դիտողության, շատ դեպքերում ավելի ճիշտ կլիներ թե՛ գանգի, թե՛ ողերի, թե՛ ծնոտների և թե՛ վերջավորությունների մասին ասել, որ նրանք առաջացնել են ոչ թե մեկը մյուսի փոխարկվելու միջոցով՝ նրանց արդի վիճակի վերածվելով, այլ առաջացել են ավելի պարզ ընդհանուր սաղմից։ Սակայն բնախույզների մեծամասնությունը այդ արտահայտությունը գործ է ածում միայն փոխաբերական իմաստով. նրանք հեռու են այն մտքից, որ զարգացման երկարատև ընթացքում որևէ սկզբնական օրգան, մի դեպքում ողերը, մյուս դեպքում վերջավորությունները, իսկապես դարձել են գանգ կամ ծնոտներ։ Բայց այդպիսի պրոցեսի հետ նմանությունն այնքան մեծ է, որ բնախույզները չեն կարողանում իրենց զսպել այդ արտահայտությունից, որի ուղղակի նշանակությունը հենց այդպիսին է։ Իսկ այստեղ արտահայտված տեսակետների համաձայն այդպիսի արտահայտությունները պետք է գործածել բառացի իմաստով. այն ժամանակ, օրինակ, այն ուշագրավ դեպքը խաչափառի ծնոտների նկատմամբ, որոնք ունեն հավանորեն ժառանգականության միջոցով պահպանված բազմաթիվ առանձնահատկություններ, եթե այդ օրգանները իրոք զարգացել են իսկական, թեկուզ չափազանց պարզ վերջավորություններից, մասամբ գտնում է իր բացատրությունը։
===ԶԱՐԳԱՑՈՒՄ ԵՎ ՍԱՂՄՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ===
Ամբողջ բնապատմության մեջ սա ամենակարևոր բաժիններից մեկն է։ Միջատների կերպարանափոխությունները, որ այնքան լավ հայտնի են մեզանից ամեն մեկին, սովորաբար կարծես հանկարծակի են կատարվում՝ սակավաթիվ ստադիաներ անցնելու միջոցով, իրականության մեջ այդ ձևափոխությունները բազմաթիվ են ու հաջորդական, թեև թաքնված են։ Միօրյաներից (Chlöeon) մի միջատ իր զարգացման ընթացքում, ինչպես ցույց է տվել, սըր Ջ. Լեբբոկը, մաշկափոխվում է մոտավորապես քսան անգամ և յուրաքանչյուր անգամ որոշ փոփոխություններ է կրում. այս դեպքում մենք տեսնում ենք, որ կերպարանափոխությունը տեղի է ունենում պարզ ձևով և աստիճանաբար։ Շատ միջատներ և առանձնապես որոշ խեցեմորթներ օրինակ են ծառայում, թե ինչպիսի զարմանալի փոփոխություններ են տեղի ունենում կաոուցվածքի մեջ զարգացման ժամանակ։ Բայց այդ փոփոխություններն իրենց գագաթնակետին են հասնում մի քանի ստորակարգ կենդանիների, այսպես կոչված, հերթափոխվող բազմացման մեջ։ Օրինակ, այն զարմանալի փաստը, որ նրբակազմ ճյուղավորվող հիդրոիդը, որը ծածկված է պոլիպներով ու կպած է ստորջրյա ծովային ժայռին, կարող է բողբոջներով և հետո բաժանվելով առաջացնել բազմաթիվ լողացող խոշոր մեդուզաներ, վերջիններս արտադրում են ձվեր, որոնցից զարգանում են լողացող թրթուրներ, այնուհետև թրթուրներն ամրանում են ժայռին, զարգանում են, դառնում ճյուղավորվող հիդրոիդ և այսպես անվերջ։ Այն կարծիքը, թե հերթափոխ բազմացման և սովորական կերպարանափոխության պրոցեսները էապես նման են միմյանց, իր ծանրակշիռ ապացույցը գտավ Վագների արած հայտնագործության մեջ, որ մի ճանճի, այն է՝ Cecidomyia-ի թրթուրները անսեռ ճանապարհով առաջացնում են ուրիշ թրթուրներ, որոնք էլ վերջապես դառնում են միանգամայն զարգացած արուներ և էգեր. վերջիններս արդեն բազմանում են սովորական եղանակով, այսինքն՝ ձվերով։
Հիշատակության արժանի է այն, որ երբ Վագների ուշագրավ հայտնագործությունը առաջին անգամ հայտնի դարձավ, ինձ հարց արվեց, թե ինչպե՞ս կարելի է բացատրել, որ այդ ճանճի թրթուրները ձեռք են բերել անսեռ բազմացման ընդունակություն։ Քանի դեռ այդ դեպքը միակն էր, ոչ մի պատասխան տալ չէր կարելի։ Բայց հետո Գրիմմը ցույց տվեց, որ մի ուրիշ երկթևանի՝ Chironomus-ը բազմանում է գրեթե նույն ձևով, և կարծիք հայտնեց, որ այդ դեպքերը երկթև միջատների կարգում բավական հաճախակի են։ Chironomus-ի մոտ նշված ընդունակությամբ օժտված են հարսնյակները, այլ ոչ թե թրթուրները և Գրիմմը նկատում է, որ այդ դեպքը որոշ չափով միացնում է ցեցիդոմիաների բազմացումը Coccidae-ի կուսածնության հետ. «կուսածնություն» տերմինը արտահայտում է այն, որ Coccidae-ի չափահաս էգերը կարող են առանց արուների մասնակցության արտադրել զարգանալու ընդունակ ձվեր։ Ներկայումս մեզ հայտնի է, որ զանազան դասերի կենդանիներ ընդունակություն ունեն բազմանալու անսովոր վաղ հասակում, և բավական է միայն ընդունել, որ կուսածին բազմացումը կարող է անցնել ավելի ու ավելի վաղ հասակի, Chironomus-ը լինում է միջակա մի ստադիա, այսինքն հարսնյակի ստադիան,— և մենք թերևս կգտնենք Cecidomvia-ի ուշագրավ երևույթի բացատրությունը։
Ինչպես արդեն նշխվել է, որ միևնույն անհատի զանազան մասերը, որոնք միանգամայն նման են իրար վաղ սաղմնային շրջանում, չափահաս կենդանու մոտ դառնում են բոլորովին տարբեր և նախանշվում բոլորովին տարբեր նպատակների համար։ Ճիշտ այդպես էլ նշվել է, որ միևնույն դասին պատկանող ամենատարբեր տեսակների սաղմերն առհասարակ շատ նման են իրար, բայց հասնելով լրիվ զարգացման՝ շատ խիստ զանազանվում են միմյանցից։ Որպես վերջինիս ապացույց ամենալավը, որ կարելի է բերել, դա ֆոն-Բերի խոսքերն են, որ «կաթնասունների թռչունների, մողեսների, օձերի, հավանորեն նաև. կրիաների սաղմերը վերին աստիճանի նման են միմյանց իրենց սկզբնական ստադիաներում ինչպես ամբողջությամբ, այնպես էլ առանձին մասերի զարգացման եղանակով, այդ նմանությունը իսկապես այնքան մեծ է, որ հաճախ մենք կարող ենք սաղմերը զանազանել միայն նրանց մեծությամբ։ Ինձ մոտ սպիրտի մեջ պահվում են երկու փոքրիկ սաղմեր, որոնց անունները ես մոռացել էի նշանակել, և այժմ ես բոլորովին ի վիճակի չեմ ասելու, թե նրանք ինչ խմբի են պատկանում։ Գուցե դրանք մողեսներ են, գուցե փոքրիկ թռչուններ, կամ գուցե թե շատ փոքրիկ կաթնասուններ, այնքան մեծ է այդ կենդանիների գլխի և իրանի կառուցվածքի նմանությունը։ Ասենք՝ այդ սաղմերը վերջավորություններ դեռ չունեն։ Բայց եթե վերջավորություններ նույնիսկ լինեին, գտնվելով զարգացման ամենավաղ ստադիաներում, ապա այն ժամանակ էլ մենք բան չէինք իմանա նրանցից, որովհետև մողեսների թաթերը և կաթնասունների վերջավորությունները, թռչունների թևերն ու ոտները, ինչպես նաև մարդու ձեռքերն ու ոտները զարգանում են միևնույն հիմնական ձևից»։ Խեցեմորթների մեծամասնության թրթուրները զարգացման համապատասխան ստադիաներում շատ նման են իրար, ինչքան էլ տարբեր լինեին չափահաս կենդանիները, և այդպես է ուրիշ շատ կենդանիների մոտ։ Սաղմնային նմանության օրենքի հետքերը երբեմն պահպանվում են մինչև համեմատաբար ուշ հասակը. այսպես, միևնույն և մերձավոր սեռերին պատկանող թռչունները հաճախ իրար նմանվում են մատղաշ հասակի փետրավորությամբ, որը մենք տեսնում ենք, օրինակ, մատղաշ կեռնեխների բծավոր փետրավորման մեջ։ Կատուների ընտանիքում տեսակների մեծամասնությունը չափահաս հասակում բծավոր են կամ զոլավոր, և գույնի այդ առանձնահատկությունը լավ կարելի է զանազանել կորյունների և պումայի ձագերի վրա։ Երբեմն, թեև շատ հազվադեպ, նման մի բան նկատվում է նաև բույսերի վրա. ֆիլլոդիաներ ունեցող Ulex փշոտ դրոկի և ակացիայի առաջին տերևները փետրաձև են կամ բաժանատերև՝ նման թիթեռնածաղկավորների սովորական տերևներին։
Կազմվածքի բոլոր առանձնահատկությունները, որոնցով միևնույն դասին պատկանող խիստ տարրեր կենդանիների սաղմերը նմանվում են իրար, հաճախ անմիջական առնչություն չունեն գոյության պայմանների հետ։ Մենք չենք կարող, օրինակ, կարծել, որ թե մոր արգանդում զարգացող կաթնասունի, թե թռչունի բնում թխսված ձվի մեջ և թե ջրի տակ գորտի ձուղպի մեջ խռիկային ճեղքերի շրջանում զարկերակների հանգույցների գոյացումը կապված է միանման պայմանների հետ։ Մենք այդպիսի առնչության հավատալու ավելի առիթ չունենք, քան հավատալու այն բանին, որ մարդու ձեռքում, չղջիկի թևում և դելֆինի լողաթևում եղած ոսկրների նմանությունը կապված է կյանքի միանման պայմանների հետ։ Ոչ ոք չի կարծում, որ կորյունի զոլավորությունը կամ սև կեռնեխի ձագուկի բծավորությունը գոնե որևէ կերպ օգտակար են կենդանուն։
Բայց բոլորովին այլ բան է, եթե կենդանին իր զարգացման շրջանի որևէ մասի ընթացքում գրոծունյա է լինում և հարկ եղած չափով հոգում է իր մասին։ Գործունեության շրջանը կարող է վրա հասնել վաղ կամ ուշ, բայց երբ էլ նա սկսվելու լինի, թրթուրների հարմարվածությունն իրենց կենսապայմաններին նույնքան կատարյալ են ու հիացմունքի արժանի, որքան չափահաս կենդանու մոտ։ Թե ինչ աստիճանի է հասնում այդ, պարզ կերպով ցույց է տվել վերջերս սըր Ջ. Լեբբոկն իր դիտողություններում, թե ինչպես կենսապայմանների հետ կապված՝ շատ տարբեր կարգերի մի քանի միջատների թրթուրները մերձավոր նմանություն ունեն միմյանց հետ և միևնույն կարգին պատկանող այլ միջատների թրթուրները իրար նման չեն։ Այդպիսի հարմարեցումների ազդեցության տակ մերձավոր կենդանիների թրթուրների նմանությունը երբեմն խիստ քողարկված է շինում, հատկապես դա լինում է այն դեպքերում, երբ աշխատանքի բաժանումը տեղի է ունենում ըստ զարգացման տարբեր աստիճանների, ինչպես, օրինակ, եթե միևնույն թրթուրը մի որոշ ստադիայում զբաղվում է կեր որոնելով, իսկ մյուս ստադիայում՝ ամրանալու համար տեղ որոնելով։ Կարելի է նույնիսկ օրինակներ ցույց տալ, որ մերձավոր տեսակների կամ տեսակների խմբերի թրթուրները ավելի շատ են զանազանվում իրարից, քան չափահաս կենդանիները։ Բայց շատ դեպքում թրթուրները, թեև գործունյա են, ավելի կամ պակաս չափով ենթարկվում են ընդհանուր սաղմնային նմանության օրենքին։ Փնջոտնյա խեցեմորթները դրա շատ լավ օրինակ են ներկայացնում, նույնիսկ հռչակավոր Կյուվիեն չի կասկածել, որ այդ կենդանիները պատկանում են խեցեմորթներին, բայց թրթուրների վրա մի հայացք գցելը բավական է, որպեսզի դրանում ոչ մի կասկած չմնա։ Փնջոտնյաների նույնիսկ երկու գլխավոր ստորաբաժանումները՝ ցողունավորներն ու նստածները իրենց արտաքին տեսքով ինչքան էլ խիստ են տարբերվում միմյանցից, բայց և այնպես ունեն թրթուրներ, որոնք իրենց բոլոր ստադիաներում հազիվ են տարբերվում իրարից։
Սաղմի զարգացման ժամանակ նրա կազմվածքն ավելի կատարյալ է դառնում, ես այդ արտահայտությունը գործ եմ ածում, թեև գիտեմ, որ հազիվ թե հնարավոր է պարզորոշ կերպով որոշել, թե ինչ է հասկացվում բարձր կամ ավելի ցածր կազմվածք ասելով։ Այնուամենայնիվ, ամենայն հավանականությամբ, ոչ ոք չի վիճարկի, որ թիթեռը իր կազմվածքով ավելի բարձր է թրթուրից։ Սակայն որոշ դեպքերում, ինչպես, օրինակդ մի քանի մակաբույծ խեցեմորթների մոտ էլ չափահաս կենդանուն կարելի է դիտել որպես թրթուրից ավելի ցած կանգնած։ Մի անգամ էլ վերադառնանք փնջոտնյաներին։ նրանց թրթուրներն առաջին ստադիայում օժտված են շարժողության երեք զույգ օրգաններով, ունեն մի պարզ աչք և կնճիթանման բերան, որի օգնությամբ նրանք առատորեն սնվում են, որովհետև նրանք զգալիորեն մեծանում են։ Երկրորդ ստադիայում, որը համապատասխանում է թիթեռների հարսնյակին, նրանք ունեն վեց զույգ հիանալի կառուցված լողաոտեր, մի զույգ սքանչելի բարդ աչքեր և չափազանց բարդ շոշափուկներ, բայց բերանը փակ է, անկատար և պիտանի չէ սնունդը կլանելու համար, այդ ստադիայում նրանց խնդիրն է իրենց լավ զարգացած զգայարանների միջոցով որոնել և լողալու լավ միջոցների շնորհիվ հասնել մի հարմար տեղ ամրանալու համար, որտեղ էլ նրանք ավարտում են իրենց կերպարանափոխությունները։ Երբ կերպարանափոխություններն ավարտված են, նրանք ամրանում են մինչև իրենց կյանքի վերջը, այդ ժամանակ նրանց վերջավորությունները դառնում են բռնելու օրգաններ, բերանը նորից դառնում է լավ կառուցված, բայց շոշափուկներ չունեն, իսկ երկու աչքերը ձևափոխվել, դարձել են մի փոքրիկ պարզ ակնային բիծ։ Այս վերջին ստադիայում փնջոտանին կարելի է համարել և ավելի բարձր, և ավելի ցածր կազմակերպված, քան նա եղել է թրթուրային ստադիայում։ Բայց մի քանի սեռերի թրթուրները զարգանում, դառնում են սովորական կառուցվածքով հերմաֆրոդիտ անհատներ, կամ այնպիսիներ, որոնց ես անվանել եմ լրացուցիչ արուներ, վերջիններիս զարգացումը անկասկած ետ է գնացել, որովհետև այդպիսի արուն իրենից ներկայացնում է պարզապես մի պարկ, որը կարճատև գոյություն ունի և զուրկ է բերանից, ստամոքսից և բոլոր այլ կարևոր օրգաններից, բացի վերարտադրության օրգաններից։
Մենք այնքան սովորել ենք սաղմի և չափահաս կենդանու միջև եղած տարբերությանը, որ աշխատում ենք այդ տարբերությունը կախման մեջ դնել աճումից։ Բայց այդ դեպքում հիմք չէր լինի նրա համար, օրինակ, որպեսզի չղջիկի թևը կամ դելֆինի լողաթևը իրենց բոլեր մասերով հիմնադրված չլինեին՝ պահպանելով որոշ հարաբերական չափեր, հենց որ որևէ մասը նկատելի կդառնա։ Այդ լինում է որոշ խմբերում ամբողջությամբ և այլ խմբերում տարբեր անդամների մոտ, ըստ որում սաղմն իր ոչ մի ստադիայում զգալիորեն չի տարբերվում չափահաս կենդանուց. այսպես, թանաքաձկան մասին Օուենը նկատել է, որ «այստեղ կերպարանափոխություն չկա. գլխոտանի կակղամորթի բնույթն արտահայտված է դեռ շատ ավելի վաղ, քան սաղմի բոլոր մասերը կարողանում են ձևավորվել»։ Ցամաքային կակղամորթները և քաղցրահամ ջրերի խեցեմորթները ծնվում են՝ ունենալով իրենց բնորոշ ձևը, մինչդեռ նույն երկու մեծ խմբերի ծովային անդամներն իրենց զարգացման ժամանակ ենթարկվում են բավական կարևոր և հաճախ նույնիսկ մեծ փոփոխությունների։ Սարդերն, ընդհակառակը, հազիվ թե որևէ կերպարանափոխության են ենթարկվում։ Միջատների մեծամասնության թրթուրները անցնում են որդանման ստադիայով, միևնույնն է թե նրանք գործունյա են և հարմարված զանազան պայմանների կամ անգործունյա, երբեմն գտնվելով ուղղակի սնունդ ծառայող միջավայրի մեջ, երբեմն կերակրվելով ծնողների կողմից, բայց մի քանի սակավաթիվ դեպքերում, օրինակ խոտային լվիճների մոտ, եթե նայենք այդ միջատների զարգացման սքանչելի նկարները, որ արել է պրոֆ. Հյոքսլին, մենք հազիվ նշմարենք որդանման ստադիայի որևէ հետք։
Երբեմն դուրս են ընկնում զարգացման միայն վաղ ստադիաները։ Այսպես. Ֆրից Մյուլլերը արել է մի ուշագրավ հայտնագործություն, որ Penaeus-ին մերձավոր մի քանի խեցեմորթներ սկզբում երևան են գալիս նաուպլիուսի ձևով, հետո անցնում են Zoea-ի երկու կամ ավելի ստադիաները, այնուհետև միզիս ստադիան և վերջապես ստանում են չափահասի կառուցվածք. ամբողջ Malacostraca ընդարձակ կարգի մեջ, որին պատկանում են այդ խեցեմորթները, չկա խմբի մի այլ անդամ, որը երևան գար Nauplius-ի ստադիայում, թեև շատերը երևան են գալիս Zoes-ի ձևով. այնուամենայնիվ Մյուլլերը հիմքեր է բերում իր կարծիքի համար, որ եթե այդ բոլոր դեպքերում ճնշված զարգացում չլիներ, ապա այդ բոլոր խեցեմորթները կծնվեին նաուպլիուսների ձևով։
Իսկ ինչպե՞ս մենք կարող ենք բացատրել սաղմնաբանության բնագավառից վերցված այս զանազան փաստերը, այն է՝ շատ տարածված, բայց ոչ ընդհանրական տարբերությունը սաղմի և չափահաս կենդանու կառուցվածքի միջև. միևնույն սաղմնային անհատի զարգացման վաղ ստադիաներում զանազան մասերի նմանությունը, որոնք վերջ ի վերջո խիստ, տարբերվում են ու ծառայում զանազան նպատակների համար. միևնույն դասի ամենատարբեր տեսակների սաղմերի և թրթուրների միջև եղած ընդհանուր, թեև տատանվող նմանությունը. այն, որ ձվի կամ արգանդի մեջ գտնվող սաղմը հաճախ ունենում է կառուցվածքի այնպիսի առանձնահատկություններ, որոնք նրան օգուտ չեն բերում կյանքի ոչ այդ, ոչ էլ հետագա ստադիաներում, մինչդեռ իրենց սեփական ուժերին թողնված թրթուրները հիանալի կերպով հարմարված են շրջապատող պայմաններին, և վերջապես այն օրինակները, որ որոշ թրթուրներ իրենց կազմվածքով ավելի բարձր են կանգնած, քան այն չափահաս կենդանին, որպիսին նրանք պիտի լինեն զարգանալուց հետո։ Ես կարծում եմ, որ բոլոր այս տվյալները կարելի է բացատրել հետևյալ կերպով։
Սովորաբար ընդունում են, կարող է պատահել այն հիման վրա, որ այլանդակությունները սաղմի վրա արտահայտվում են շատ վաղ շրջանում, որ թույլ փոփոխությունները կամ անհատական տարբերությունները անհրաժեշտորեն պետք է ճիշտ նույնպես էլ հայտնվեն շատ վաղ հասակում։ Մենք այդ ուղղությամբ քիչ տվյալներ ունենք, բայց այն, որ ունենք, պարզորոշ կերպով մեզ բերում են այլ եզրակացության, այսպես, ուշադրության արժանի է այն, որ եղջերավոր անասուններ, ձիեր և ընտանեցված զանազան կենդանիներ բուծող անձինք չեն կարող նախապես որոշակի ասել, թե ինչ արժանիքներ կամ թերություններ ունի նորածին կենդանին, մինչև որ նրա ծեքվելուց հետո մի որոշ ժամանակ չանցնի։ Միանգամայն նույնը մենք տեսնում ենք մեր զավակների վրա, որովհետև մենք չենք կարող ասել, թե արդյոք երեխան բարձրահասակ կլինի, թե ցածրահասակ, և իսկությամբ ինչպես կլինեն նրա դիմագծերը։ Հարցը նրանում չէ, թե ինչ շրջանում են դրսևորվում այդ փոփոխության հետևանքները։ Մի որոշ հանգամանք կարող է ներգործել և, ես կարծում եմ, հաճախ ներգործում է ծնողների մեկի կամ երկուսի վրա էլ մինչև ծննդաբերությունը։ Պետք է հիշատակել, որ մատղաշ կենդանու համար քանի դեռ նա մնում է ձվի մեջ կամ մոր արգանդում և կերակրվում ու պահպանվում է ծնողներից մեկի կողմից, ամենևին կարևոր չէ, թե ինքը իր առանձնահատկությունների մեծ մասը ձեռք կբերի քիչ ավելի վաղ կամ ուշ։ Այսպես, օրինակ, շատ ծռված կտուցով կեր հայթայթող թռչունի համար ամեն ևին կարևոր չէ, թե արդյոք ձագուկն ունի այդպիսի կտուց, քանի դեռ այգ ձագուկը կերակրվում է ծնողների միջոցով։
Առաջին գլխում ես պարզել եմ, որ փոփոխությունը ծնողի մոտ ինչ հասակում էլ երևան գա, նա ձգտում է հաջորդի մոտ երևալ համապատասխան հասակում։ Որոշ փոփոխություններ կարող են երևան գալ միայն համապատասխան հասակում, օրինակ՝ շերամի թրթուրի, հարսնյակի և չափահաս ստադիայի, կամ եղջերավոր անասունների բոլորովին զարգացած եղջյուրների առանձնահատկությունները։ Բայց այն փոփոխություններն էլ, որոնք, որքան մենք կարող ենք դատել, կարող էին երևալ ավելի վաղ կամ ավելի ուշ, հավասարապես ձգտում են երևալ ծնողի և հաջորդի մոտ համապատասխան հասակում։ Ես հեռու եմ այն մտքից, որ միշտ այդպես է լինում, և կարող էի բերել փոփոխությունների (հասկանալով այդ բառը ամենալայն իմաստով) մի քանի բացառիկ դեպքեր, երբ փոփոխությունները ձագի վրա երևացել են ավելի վաղ հասակում, քան ծնողների վրա։
Այս երկու սկզբունքները, այսինքն՝ որ թույլ փոփոխությունները սովորաբար երևան են գալիս ոչ ամենավաղ հասակում, և ժառանգաբար փոխանցվում են համապատասխան ոչ վաղ հասակում, ինչպես ես կարծում եմ, բացատրում են սաղմնաբանության բնագավառից վերցրած ամենից ավելի աչքի ընկնող փաստերը։ Բայց նախ ծանոթանանք մի քանի անալոգ դեպ֊ քերի հետ մեր ընտանի ցեղերի նկատմամբ։ Մի քանի հեղինակներ, որոնք գրել են շների մասին, հաստատում են, որ գամփռը և բուլդոգը, թեև այդքան տարբեր են թվում, իրականության մեջ ներկայացնում են շատ մոտ ցեղեր, որոնք ծագել են միևնույն վայրենի նախածնողից. այդ պատճառով ինձ չափազանց հետաքրքրել է, թե որչափ են տարբերվում նրանց լակոտները միմյանցից, և ես իմացա շնաբույծներից, որ այդ ցեղերի լակոտները իրարից տարբերվում են նույնչափ, որչափ որ չափահաս շները, որը ճշմարիտ է՝ աչքաչափով դատելով. բայց չափելով ծեր շներին և նրանց վեցօրյա լակոտներին, ես գտել եմ, որ վերջիններս հարաբերական չափերով լրիվ տարբերություն չեն ունենում։ Ճիշտ այդպես էլ ինձ ասել են, որ ծանրաքաշ ձիու և արշավաձիու մտրուկները, այսինքն ընտանեցված կենդանիներից ընտրության միջոցով ստացված երկու ցեղերի մտրուկներն իրարից տարբերվում են նույն չափով, ինչ չափով որ չափահաս անհատները, բայց ես մանրազնին կերպով չափելով արշավաձիու և ծանրաքաշի զամբիկներին և երեք օրական մտրուկներին, գտել եմ, որ այդպիսի տարբերություն բնավ չկա։ Ունենալով իմ առջև վճռական ապացույցներ այն մասին, որ աղավնիների բոլոր ցեղերը ծագում են առել մի վայրի տեսակից, ես զբաղվել եմ նրանց ձագուկների համեմատությամբ ձվից դուրս գալուց 12 ժամ հետո ես մանրազնին կերպով լափել եմ (բայց այստեղ չեմ բերում մանրամասնությունները) կտուցը, բերանի բացվածքը, քթանցքների և կոպերի, մատների և ամբողջ ոտքի երկարությունը թե վայրի նախածնողական տեսակի և թե փքունի, սիրամարգանմանի, թուրմանի, բերբերիականի, փոստատար և այլ ցեղերի աղավնիների վրա։ Այս թռչուններից մի քանիսը չափահաս Վիճակում այնքան ուժեղ կերպով են տարբերվում իրարից իրենց կտուցի երկարությամբ ու ձևով, ինչպես նաև այլ առանձնահատկություններով, որ եթե նրանք գտնվեին վայրի վիճակում, ապա նրանց անշուշտ կդասեին տարբեր սեռերի շարքում։ Բայց երբ այդ թռչունների ձագուկները զետեղվեցին մի չարքում, ապա թեև նրանց մեծ մասը կարելի էր ճանաչել, սակայն վերոհիշյալ մասերում եղած հարաբերական տարբերությունը անհամեմատ ավելի քիչ էր, քան այդ նկատելի է չափահաս թռչունների մոտ։ Տարբերության մի քանի բնորոշ գծեր, օրինակ բերանի բացվածքը,, ձագուկների մոտ հազիվ կարող են նկատվել։ Բայց այս կանոնից կար մի ուշագրավ բացառություն, այն է՝ կարճակտուց թուրմանի ձագուկները վայրի աղավնու և այլ ցեղերի ձագուկներից գրեթե նույնքան են տարբերվում, որքան տարբերվում են չափահաս թռչունները միմյանցից։
Այս փաստերը իրենց բացատրությունն են գտնում վերևում բերված սկզբունքներում։ Անասնաբույծները, առանձին ցեղեր ստեղծելու համար, զույգընտրում են շներին, ձիերին, աղավնիներին և այլն, երբ կենդանիներն արդեն հասել են լրիվ զարգացման, նրանց համար միևնույն է, թե որոնելի հատկությունները արդյոք ավելի վաղ կամ ավելի ուշ ձեռք կբերվեն, միայն թե նրանք լինեն չափահաս կենդանու մոտ։ Եվ բերված օրինակները, առանձնապես աղավնիների վրա կատարված դիտողություններից վերցրածները, ապացուցում են, որ այն բնորոշ տարբերությունները, որոնք առաջացել են մարդու զույգընտրության միջոցով և իրենցով պայմանավորում են ցեղերի առանձնահատկությունները, երևան են գալիս ոչ վաղ և ժառանգաբար փոխանցվում են համապատասխան ոչ վաղ հասակում։ Բայց տասներկու օրական հասակում բնորոշիչ հատկանիշներ ունեցող կարճակտուց թուրմանի օրինակն ապացուցում է, որ դա ընդհանուր կանոն չէ, որովհետև կամ այդ դեպքում բնորոշ առանձնահատկությունները սովորականից ավելի շուտ են երևացել, կամ եթե այդ չկա, ապա այդ առանձնահատկությունները ժառանգաբար փոխանցվել են ոչ համապատասխան, այլ ավելի վաղ հասակում։
Այժմ փորձենք այս երկու սկզբունքները կիրառել բնական պայմաններում գտնվող տեսակների վերաբերմամբ։ Վերցնենք մի խումբ թռչուններ, որոնք ծագել են մի որոշ հին ձևից և բնական ընտրության ազդեցության տակ փոփոխվել են' հարմարվելով տարբեր կենցաղի։ Քանի որ հաջորդական թույլ փոփոխությունները զանազան տեսակների մոտ երևան են եկել ոչ վաղ հասակում և ժառանգաբար փոխանցվել են համապատասխան հասակում, ուստի մատղաշները կարող են շատ քիչ փոփոխվել և պետք է իրար նմանվեն անհամեմատ ավելի շատ, քան չափահասները, հենց այն, ինչ մենք տեսանք աղավնիների ձագուկների վրա։ Այդ տեսակետը մենք կարող ենք տարածել նաև շատ տարբեր օրգանների և ամբողջ դասերի վրա։ Օրինակ, առջևի վերջավորությունները, որոնք հեռավոր նախածնողին ծառայել են որպես ոտքեր, կարող էին երկարատև փոփոխությունների միջոցով հարմարվել որոշ հաջորդների մոտ գործելու որպես ձեռքեր, մյուսների մոտ՝ որպես լողաթևեր, երրորդների մոտ՝ որպես թևեր, բայց վերոհիշյալ սկզբունքների հիման վրա կան ազան ձևերի սաղմերի առջևի վերջավորությունները պետք է շատ չտարբերվեն իրարից, թեև յուրաքանչյուր ձևի մեջ առջևի վերջավորությունը խիստ տարբեր է չափահաս հասակում։ Ինչպիսին էլ որ լինի երկարատև վարժեցման կամ ոչ վարժեցման ազդեցությունը որևէ տեսակի վերջավորությունների կամ այլ մասերի փոփոխության վրա, գերադասորեն կամ բացառապես նա կարող է արտահայտվել միայն բոլորովին չափահաս հասակում, երբ օրգանիզմը կարող է իր ամբողջ ուժերից օգտվել իր գոյությունը պահպանելու համար, և դրա հետևանքները կարող են փոխանցվել հետնորդներին համապատասխան գրեթե հասուն հասակում։ Այսպիսով, մարմնամասերի հարաճուն վարժեցման կամ ոչ վարժեցման ազդեցության տակ մատղաշ կենդանին կամ բոլորովին չի փոփոխվում կամ միայն թույլ չափով է փոփոխվում։
Մի քանի կենդանիների մոտ հաջորդական փոփոխությունները կարող են սկսվել շատ վաղ շրջանում, կամ համապատասխան ստադիաները կարող են ժառանգաբար փոխանցվել ավելի վաղ հասակում, քան առաջին անգամ երևացել են։ Թե այս և թե այն դեպքում մատղաշ կենդանին կամ սաղմը մոտ նմանություն կունենա մայրական ձևի հետ, ինչպես մենք տեսնում ենք կարճակտուց թուրմ անի վրա։ Զարգացման այդպիսի ընթացքը կանոն է ինչպես մի քանի մեծ խմբերի համար նրանց ամբողջ կազմով վերցրած, այնպես էլ այլ խմբերի ստորաբաժանումների համար, օրինակ գլխոտանիների և ցամաքային կակղամորթների, քաղցրահամ ջրերի խեցեմորթների, սարդերի և միջատների մեծ դասի մի քանի ստորաբաժանումների համար։ Ինչ վերաբերում է այն բանի հիմնական պատճառին, որ այդ խմբերում ծնված անհատները կերպարանափոխություններ չեն կրում, ապա այդ մենք կարող ենք բացատրել հետագա երևույթներով, այսինքն նրանով, որ մատղաշ անհատը դեռ իր շատ վաղ հասակում թողնվում է սեփական ուժերին և վարում է միևնույն կենցաղը, ինչ որ ծնողները. այդ դեպքում մատղաշ անհատների գոյության համար անպայման անհրաժեշտ է, որպեսզի նրանք փոփոխվեին այնպես, ինչպես իրենց ծնողները։ Ինչ վերաբերում է այն տարօրինակ փաստին, որ ցամաքային և քաղցրահամ ջրերի շատ կենդանիներ կերպարանափոխության չեն ենթարկվում, մինչդեռ նույն խմբերի ծովային անդամները անցնում են զանազան կերպարանափոխություններով, ապա Ֆրից Մյուլլերը հայտնել է այն ենթադրությունը, որ կենդանու դանդաղ փոփոխվելու և ցամաքի վրա կամ ծովի փոխարեն քաղցրահամ ջրում ապրելուն հարմարվելու պրոցեսը կպարզանար նրանով, եթե կենդանիները չանցնեին թրթուրային ստադիայով, որովհետև միանգամայն անհավատալի կլիներ, որ թե թրթուրային և թե չափահաս ստադիաների համար պիտանի տեղերը, նրանց կյանքի այնքան նոր և փոփոխված կենսապայմաններում, սովորաբար գրավված չլինեին, կամ վատ գրավված լինեին այլ օրգանիզմների կողմից։ Այդ դեպքում աստիճանաբար ավելի ու ավելի վաղ հասակում չափահասի կառուցվածքի ձեռք բերումը օժանդակություն կգտներ բնական ընտրության կողմից, և վերջապես նախկին կերպարանափոխության բոլոր հետքերը կկորչեին։
Մյուս կողմից, եթե բնական ընտրությունը նպաստում է մատղաշ կենդանուն, որպեսզի վարի ծնողական ձևի կենցաղից քիլ տարբեր կենցաղ, և հետևաբար քիլ տարբերվի իր կառուցվածքով, կամ եթե նպաստում է ալն բանին, որպեսզի ծնողներից արդեն տարբերվող թրթուրը ավելի ևս փոփոխ֊ վի, այդ դեպքում, համապատասխան հասակում առանձնահատկությունների ժառանգական փոխանցման սկզբունքի հիման վրա, մատղաշ անհատները, նամ թրթուրները բնական ընտրության ազդեցության տակ կարող են ավելի ու ավելի տարբերվել ծնողներից ուզած լափով։ Թրթուրների միջև եղած տարբերությունները կարող են նաև որոշ հարաբերակցության մեջ լինել իրենց զարգացման հաջորդական ստադիաների հետ, և առաջին ստադիալում գտնվող թրթուրը կարող է շատ խիստ կերպով տարբերվել երկրորդ ստադիայի թրթուրից, որը իրոք նկատվում է շատ կենդանիների մոտ։ Չափահաս կենդանիները կարող են պիտանի դառնալ նստակյաց կամ մի այնպիսի կյանքի համար, որի ժամանակ շարժողության օրգանները, զգայարանները և այլն դառնում են անօգուտ, այդ դեպքում կերպարանափոխությունը պետք է ընթանա ռեգրեսիվ ճանապարհով։
Արված դիտողություններից կարելի է եզրակացնել, թե ինչպես մատղաշ անհատների կազմվածքի մեջ կատարված փոփոխությունների, դրա հետ միասին կենցաղի փոփոխության և համապատասխան հասակներում զանազան առանձնահատկությունների ժառանգման միջոցով կենդանիները կարող են անցնել զարգացման այնպիսի ստադիաներ, որոնք բոլորովին տարբեր են նրանց չափահաս նախածնողների սկզբնական վիճակից։ Մեր ականավոր հեղինակների մեծամասնությունը համոզված է այն բանում, որ միջատների թրթուրների և հարսնյակների զանազան ստադիաները ձեռք են բերվել հարմարեցման միջոցով, այլ ոչ թե որևէ հին ձևից ժառանգաբար են ստացվել։ Sitaris-ի, մի բզեզի, որն անցնում է զարգացման մի քանի անսովոր ստադիաներ, հետաքրքրական դեպքը լավ բացատրություն է ծառայում այն բանի համար, թե այդ ինչպես կարող էր տեղի ունենալ։ Առաջին թրթուրային ձևը, որ նկարագրել է Ֆաբրը, ներկայացնում է փոքրիկ շարժուն մի միջատ, օժտված վեց ոտներով, երկու երկար բողկուկներով և չորս աչքերով։ Այդ թրթուրները դուրս են գալիս մեղուների բներում, և երբ բոռերը գարնանը էգերից ավելի շուտ են դուրս գալիս բներից, թրթուրները բարձրանում են նրանց վրա, իսկ հետո նրանց և էգերի զուգավորման ժամանակ անցնում են էգերի վրա։ Հենց որ էգերը ձվեր են դնում մեղրահացի բջիջներում լցված մեղրի մակերեսի վրա, Sitaris-ի թրթուրները հարձակվում են ձվերի վրա և դափում նրանց։ Դրանից հետո նրանք լրիվ փոփոխություն են կրում. նրանց աչքերն անհետանում են, ոտները և բողկուկները դառնում են ռուդիմենտար, և այժմ սկսում են սնվել մեղրով, դրանով հանդերձ ավելի նմանվելով միջատների սովորական թրթուրներին. վերջապես, նրանք ենթարկվում են վերջնական կերպարանափոխության և վերջ ի վերջո դառնում չափահաս բզեզներ։ Պարզ է, որ եթե Sitaris-ի նման կերպարանափոխության ենթարկվող մի միջատ դառնար միջատների մի ամբողջ նոր խմբի նախածնող, ապա նոր խմբի զարգացման ընթացքը խիստ տարբեր կլիներ գոյություն ունեցող միջատների զարգացումից, և առաջին թրթուրային ստադիան անշուշտ չէր ներկայացնի որևէ հին չափահաս ձևի վաղ ստադիան։
Մյուս կողմից, վերին աստիճանի հավանական է, որ շատ կենդանիների սաղմնային կամ թրթուրային ստադիաները շատ թե քիչ պարզ կերպով մեզ ցույց են տալիս, թե ինչպիսի կառուցվածք է ունեցել ամբողջ խմբի նախածնողն իր չափահաս վիճակում։ Խեցեմորթների ընդարձակ դասի մեջ միմյանցից խիստ տարբերվող ձևերը, այն է՝ ծծող մակաբույծները, փնջոտնյաները, էնտոմոստրակաները և նույնիսկ մալակոստրակաները, ծնվում են թրթուրի ձևով, որը հայտնի է նաուպլիուս անունով, և որովհետև այդ թրթուրները ապրում են և իրենց կերը հայթայթում են բաց ծովում, այլ ոչ թե հարմարված են որևէ առանձին կենցաղի համար, ինչպես նաև այլ նկատառումով, որ բերում է Ֆրից Մյուլլերը, հավանական է, որ մի ինչ որ շատ հեռավոր ժամանակաշրջանում գոյություն է ունեցել Nauplius-ին նման մի կենդանի, որը հաջորդականորեն փոփոխվելով, հետնորդների մի քանի տարամիտվող գծեր առաջացնելու միջոցով առաջ է բերել խեցեմորթների վերոհիշյալ սիստեմատիկական խմբերը։ ճիշտ այդպես էլ հիմնվելով այն բոլորի վրա, ինչ որ մեզ հայտնի է կաթնասունների, թռչունների, սողունների և ձկների սաղմերի մասին, կարելի է հավանական համարել, որ այդ կենդանիները ներկայացնում են մի այնպիսի ընդհանուր հին նախածնողի փոփոխված հաջորդներ, որը չափահաս վիճակում ունեցել է խռիկներ, լողափամփուշտ, երկու զույգ լողաթևանման վերջավորություններ, երկար պոչ և հարմարված է եղել ջրային կենցաղի։
Քանի որ բոլոր կազմակերպված էակները, թե մահաջնջվածները և թե այժմ ապրողները, հետևաբար՝ երբևիցե գոյություն ունեցածները, կարող են բաժանվել սակավաթիվ դասերի և ամեն մի դասի սահմաններում, ըստ մեր տեսության, շաղկապվում են միմյանց հետ աստիճանական անցումներով, ուստի ամենալավ և միակ հնարավոր դասակարգությունը, եթե մեր հավաքածուները գոնե մոտավորապես լրիվ լինեին, կլիներ ծննդաբանականը, ընդհանուր ծագումը ներկայացնում է այն թաքնված կապերը, որոնք բնախույզն աշխատում է հայտնաբերել, նշանակելով դրանք «բնական սիստեմ» տերմինով։ Այդ տեսակետից մենք կարող ենք հասկանալ, թե ինչու բնախույզների մեծամասնության աչքում սաղմի կառուցվածքը դասակարգության համար նույնիսկ ավելի մեծ նշանակություն ունի։ քան չափահաս կենդանու կառուցվածքը։ Կենդանիների երկու կամ ավելի խմբեր ինչքան էլ չափահաս վիճակում խիստ կերպով տարբերվեն միմյանցից իրենց կազմվածքով ու կենցաղով, եթե զարգացման ընթացքում անցնում են մերձավոր ստադիաներ, մենք կարող ենք վստահ լինել, որ նրանք ծագում են առել մի ընդհանուր նախածնողական ձևից և հետևաբար իրար հետ մերձավոր ազգակցության մեջ են։ Այսպիսով սաղմնային կառուցվածքի ընդհանրությունը կապված է ծագման ընդհանրության հետ. բայց սաղմնային զարգացման ոչ միանմանությունը չի ցույց տալիս, որ նրանք տարբեր ծագում ունեն, որովհետև երկու խմբերից մեկի զարգացման մի քանի ստադիաները կամ կարող են ճնշված լինել, կամ կյանքի նոր պայմաններին հարմարվելու հետևանքով այնքան փոփոխված, որ դառնում են անճանաչելի։ նույնիսկ այնպիսի խմբերում, որոնց մեջ չափահաս ձևերը չափազանց տարբեր են, ծագման ընդհանուր լինելը դրսևորվում է թրթուրային կառուցվածքում. օրինակ, մենք տեսանք, որ փնջոտնյա խեցեմորթները, չնայած կակղամորթների հետ իրենց ունեցած արտաքին նմանությանը, իսկույն ճանաչվում են իրենց թրթուրների ձևով ու կառուցվածքով, որ խեցեմորթների մեծ դասին են պատկանում։ Քանի որ սաղմը հաճախ մեզ ցույց է տալիս խմբի նվազ փոփոխված հեռավոր նախածնողի շատ թե քիչ լրիվ կառուցվածքը, ուստի մենք կարող ենք հասկանալ, թե ինչու հին մահաջնջված ձևերն իրենց չափահաս վիճակում այդքան հաճախ Ամանվում են միևնույն դասին պատկանող այժմ ապրող տեսակների սաղմերին։ Ագասսիսը կարծում է, որ դա բնության ընդհանուր օրենքն է, և մենք կարող ենք հուսալ, որ երբևիցե այդ օրենքը կապացուցվի։ Սակայն այդ օրենքի ճշտությունը կարելի է ապացուցել միայն այն դեպքում, երբ նախածնողական խմբի հին ձևը իսպառ չի անհետացել կամ շատ վաղ շրջանի ընթացքում հաջորդական փոփոխությունների ազդեցության տակ, կամ շնորհիվ այդպիսի փոփոխությունների ժառանգական փոխանցման ավելի վաղ հասակում, քան նրանք սկզբում երևան են եկել։ Պետք է նաև նկատի ունենալ, որ նշված օրենքը իսկապես կարող է գոյություն ունենալ, բայց քանի որ երկրաբանական տարեգրությունը դեպի ետ հեռավոր ժամանակների վրա չի տարածվում, ուստի երկար ժամանակ և նույնիսկ ընդմիշտ այդ օրենքը կմնա չապացուցված։ Այդ օրենքը առանձնապես խստորեն կիրառելի չէ այն դեպքերում, երբ հին ձևն իր թրթուրային վիճակում հարմարվել է որևէ հատուկ կենսապայմանների և այդ թրթուրային վիճակը փոխանցել է ամբողջ խմբի հետնորդներին, որովհետև այդպիսի թրթուրները նմանություն չունեն ավելի հեռավոր ձևի հետ նրա չափահաս վիճակում։
Այսպիսիք են, ինչպես ինձ թվում է, սաղմնաբանության ղեկավարող փաստերը, որոնք ամենևին չկորցնելով իրենց նշանակությունը, բացատրվում են նրանով, որ մի հեռավոր նախածնողի հետնորդների փոփոխությունները երևան են գալիս կյանքի ոչ շատ վաղ շրջանում և ժառանգաբար փոխանցվում են համապատասխան հասակում։ Սաղմնաբանությունը հետաքրքրության տեսակետից մեծ չափով կշահի, եթե մենք սաղմի մեջ տեսնենք մի մեծ խմբի բոլոր անդամների ընդհանուր նախածնողի ավելի կամ պակաս աղոտ պատկերը նրա չափահաս կամ թրթուրային վիճակում։
===ԹԵՐԱՃ, ԱՏՐՈՖԻԱՅԻ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԵՎ ԹԵՐԱԶԱՐԳԱՑԱԾ ՕՐԳԱՆՆԵՐ===
Այն օրգանները կամ օրգանիզմի մասերը, որոնք գտնվում են իրենց անօգտա,կարությունր ամբողջապես դրսևորող այս զարմանալի վիճակում, շատ սովորական են և ամենուրեք տարածված են բնության մեջ։ Անհնարին է անվանել բարձրակարգ կենդանիներից որևէ մեկին, որի այս կամ այն մասը թերաճ վիճակում չլինի։ Օրինակ, կաթնասունների արուներն ունեն թերաճ պտուկներ, օձերի թոքերի մի բլթակը թերաճ է, թռչունների «թևիկը» կարելի է համոզված կերպով դիտել որպես թերաճ մատ, իսկ մի քանի տեսակների թևը այն աստիճան թերաճ է, որ թռչելու համար չի կարող ծառայել։ Ի՞նչը կարող է ավելի հետաքրքրական լինել, քան ատամների ներկայությունը կետերի սաղմերի մոտ, որոնք չափահաս վիճակում ատամներ բոլորովին չունեն, կամ այն, որ դեռ չծնված հորթը վերին ծնոտի վրա ունենում է երբեք դուրս չեկող կտրիչ ատամներ։
Թերաճ օրգանները պարզորոշ ու տարրեր ձևերով երևան են հանում իրենց ծագումն ու նշանակությունը։ Այսպես, կան մերձավոր տեսակների կամ նույնիսկ միևնույն տեսակին պատկանող բզեզներ, որոնցից մի քանիսն ունեն մեծ, միանգամայն զարգացած թևեր, մինչդեռ մյուսների թևերը ներկայացնում են միայն թաղանթների թերաճիկներ, որոնք հաճախ գտնվում են սերտաճած վերնաթևերի տակ. այսպիսի դեպքերում անհնարին է կասկածել, որ թերաճիկները թևեր են։ Թերաճ օրգանները երբեմն պահպանում են իրենց գործունեության ընդունակությունը, այսպես, պատահում է, որ կաթնասունների արուների պտուկները լավ զարգացած են լինում և կաթ են արտաթորում։ Bos սեռի ներկայացուցիչների կուրծը նորմալ կերպով ունի չորս լավ զարգացած և երկու թերաճած պտուկներ, բայց վերջիններս մեր ընտանի կովերի մոտ երբեմն լինում են լավ զարգացած և կաթ են արտաթորում։ Ինչ վերաբերում է բույսերին, ապա միևնույն տեսակի տարբեր անհատների մոտ պսակաթերթիկները լինում են մերթ թերաճ, մերթ՝ լավ զարգացած։ Մի քանի բաժանասեռ բույսերի մոտ Կյոլռեյտերը գտել է, որ երբ խաչաձևվում է այն տեսակը, որի արական ծաղիկներն ունեն վարսանգի թերաճիկ, լավ զարգացած վարսանդ ունեցող հերմաֆրոդիտ տեսակի հետ, այդ դեպքում հիբրիդի մոտ վարսանդը շատ մեծանում է, որը պարզ կերպով ցույց է տալիս, որ թերաճ և նորմալ վարսանդներն իրենց բնույթով էապես նման են։ Կենդանու զանազան մասերը կարող են լավ զարգացած լինել, բայց որոշ իմաստով թերաճ են իրենց անօգտակարության պատճառով։ Այսպես, սովորական սալամանդրայի շերեփուկը, ինչպես նկատում է միստեր Ջ. Հ. Լյուիսը, «ունի խռիկներ և ապրում է ջրի մեջ. բայց սև սալամանդրան, որն ապրում է բարձրում, լեռների վրա, ծնում է բոլորովին կազմավորված մատղաշ անհատ։ Այս կենդանին ջրում երբեք չի ապրում։ Սակայն եթե հերձենք հղի էգին, մենք նրա մեջ կգտնենք շատ զարգացած փետրաձև խռիկներ ունեցող շերեփուկներ, և եթե նրանց թողնենք ջրի մեջ, ապա կտեսնենք, որ նրանք լողում են սովորական սալամանդրայի շերեփուկների նման։ Ակներև է, որ ջրի մեջ ապրելու համար հարմարված այդ կազմվածքը ոչ մի առնչություն չունի կենդանու ապագա կյանքի հետ և ամենաչնչին հարմարեցում չի ներկայացնում սաղմնային գոյության համար, նա հարաբերակցության մեջ է միայն հեռավոր հարմարեցումների հետ, իրմով կրկնելով իր նախածնողի զարգացման մեջ եղած մի որոշակի փուլը»։
Երկու նպատակների համար ծառայող օրգանը կարող է դառնալ թերաճ և նույնիսկ բոլորովին թերազարգացած մի ավելի կարևոր նպատակի համար և միանգամայն պիտանի մնալ մյուսի համար։ Այսպես, օրինակ, բույսերի մոտ վարսանդի դերն այն է, որ փոշեհատիկի խողովակներն անցկացնի դեպի սերմնարանի մեջ գտնվող սերմնաբողբոջը։ Վարսանդը կազմված է սպիից, որը հենվում է սռնակի վրա. բայց մի քանի բարդածաղիկների արական ծաղիկները, որոնք իհարկե չեն կարող բեղմնավորվել, ունեն թերաճ վարսանդ, որի վրա սպի չկա, մինչդեռ սռնակը լավ զարգացած է և սովորականի նման ծածկված է մազմզուկներով, որոնք ծառայում են նրա համար, որպեսզի դուրս նետեն ծաղկափոշին իրեն շրջապատող և իրար հես։ Խողովակի ձևով սերտաճած փոշանոթներից։ Բացի դրանից, օրգանը կարող է թերաճ դառնալ իրեն հատուկ դերի համար և գործածվել մի այլ նպատակի համար, որոշ ձկների մոտ լողափամփուշտը թերազարգացած է որպես հիդրոստատիկ ապարատ, բայց դարձել է շնչառության նոր սկզբնավորվող մի օրգան կամ թոք։ Կարելի է բերել շատ նաև այլ նման օրինակներ։
Օգտակար օրգանները, ինչքան էլ նրանք քիչ զարգացած լինեն, չեն կարող թերաճ հարմարվել մինչև այնքան ժամանակ, քանի դեռ մենք հիմք չունենք կարծելու, որ նրանք առաջ եղել եկ ավելի զարգացած։ Նրանք կարող են ներկայացնել միայն առաջին ստադիաներ, որոնք դեռ հետագա զարգացում պիտի ստանան։ Մյուս կողմից թերաճ օրգանները կամ բոլորովին անօգուտ են, ինչպես, օրինակ, լնդերքի միջից երբեք դուրս չեկող ,ատամները, կամ քիչ օգտակար են, ինչպես ջայլամի թևերը, որոնք միայն որպես առագաստներ են ծառայում։ Քանի որ այդպիսի օրգաններն իրենց նախկին վիճակում, երբ դեռ քիչ զարգացած են եղել, նույնքան քիչ են գործածվել, ինչքան որ այժմ, ուստի նրանք իհարկե չէին կարող փոփոխության միջոցով զարգանալ բնական ընտրության ազդեցության տակ, որովհետև այդ ազդեցությունն արտահայտվում է միայն օգտակար ձևափոխությունների պահպանման մեջ։ Այդպիսի օրգանները մասամբ պահպանվել են ժառանգականության միջոցով և վերաբերում են իրերի նախկին գրությանը։ Սակայն հաճախ դժվար է լինում տարբերություն գտնել թերազարգացած և նոր երևացող օրգանների միջև, որովհետև մենք միայն անալոգիայով կարող ենք դատել, թե արդյոք օրգանն ընդունակ է հետագա զարգացման, և միայն այդ դեպքում նա արժանի է նոր երևացող կամ սկբնավորվող օրգան անվանվելու։ Այդպիսի դրության մեջ գտնվող օրգանները բավական քիչ են հանդիպում, որովհետև դրանցով օժտված օրգանիզմները սովորաբար դուրս են մղվում կամ փոխարինվում են իրենց հաջորդներով, որոնք ունեն նույն օրգաններն ավելի զարգացած վիճակում, և հետևաբար մահաջնջվում են։ Պինգվինի թևը, գործելով որպես լողաթև, մեծ նշանակություն ունի, հետևապես նա կարող է ներկայացնել որպես թևի առաջացման վաղ ստադիա, թեև ես այդ չեմ կարծում, բայց ավելի հավանական է, որ դա թերաճած օրգան է, որը փոփոխվել է նոր ֆունկցիայի համար. մյուս կողմից, կիվիի թևը բոլորովին անօգուտ է և իսկապես թերաճ է։ Օուենը լեպիդոսիրեն ձկան պարզ թելանման վերջավորությունները համարում է «այնպիսի օրգանների սկզբնավորումներ, որոնք լրիվ ֆունկցիոնալ զարգացման են հասնում բարձրակարգ ողնաշարավորների մոտ», բայց համաձայն դոկտոր Գյունտերի վերջերս պաշտպանած հայացքների, ամենայն հավանականությամբ, այդ մնացորդներն են, որոնք բաղկացած են լողաթևի պահպանված առանցքից, որը կորցրել է կողմնային ճառագայթները կամ ճյուղերը։ Բադակտուցի կաթնագեղձերը կովի կրծի համեմատությամբ կարելի է դիտել որպես նոր երևացող օրգան։ Մի քանի փնջոտնյաների ձվային սանձիկները, որոնք դադարել են ձվերը պահելուց և թույլ են զարգացած, սկզբնավորվող խռիկներ են։
Թերաճ օրգանները միևնույն տեսակին պատկանող տարբեր անհատների մոտ մեծ հակում ունեն փոփոխվելու ինչպես իրենց զարգացման աստիճանի, այնպես էլ այլ տեսակետներից։ Ճիշտ այդպես էլ միևնույն օրգանի կրճատման չափերը շատ մերձավոր տեսակների մոտ երբեմն խիստ զգալիորեն են փոփոխվում։ Վերջինս լավ լուսաբանվում է միևնույն ընտանիքին պատկանող ցեցերի էգերի թևերի վիճակով։ Թերաճ օրգանները, վերջապես, կարող են բոլորովին անհետանալ, և այդ մեզ բացատրում է, թե ինչու մի քանի կենդանիների և բույսերի մոտ բացակայում են այնպիսի մասեր, որոնք անալոգիայով մենք կարող ենք սպասել գտնելու նրանց մոտ և որոնք երբեմն երևան են գալիս այլանդակ անհատների մոտ։ Խլածաղիկների (Scrophulariaceae) մեծամասնության հինգերորդ առէջքը սովորաբար բոլորովին թերազարգացած է. սակայն դատելով նրանից, որ այդ օրգանի թերաճիկը հանդիպում է տվյալ ընտանիքի շատ տեսակների մոտ, մենք կարող ենք գալ այն եզրակացության, որ հինգերորդ առէջքը առաջներում գոյություն է ունեցել, պատահելիս նրա թերաճիկը լինում է նույնիսկ շատ լավ զարգացած, ինչպես այդ երբեմն կարելի է տեսնել «առյուծաբերանի» (Antirrhinum) ծաղկի վրա։ Միևնույն ղասին պատկանող զանազան անդամների մոտ որևէ հոմոլոգիա հայտնաբերելու համար չկա ավելի սովորական և զանազան մասերի փոխհարաբերությունը հասկանալու տեսակետից ավելի օգտակար միջոց, քան թերաճ օրգանների հայտնագործումը։ Այդ լավ ցույց է տվել Օուենը ձիու, ցուլի և ռնգեղջյուրի վերջավորությունների ոսկորների նկարների վրա։
Չափազանց կարևոր է այն, որ զանազան օրգաններ, ինչպիսիք են, օրինակ, կետերի և որոճողների վերին ծնոտի վրա ատամները, հաճախ կարող են սաղմի մոտ գտնվել, բայց հետո բոլորովին անհետանում են։ Ես կարծում եմ, կարելի է նաև որպես ընդհանուր կանոն ընդունել այն, որ սաղմի մոտ թերաճ օրգանը ունենում է հարաբերականորեն ավելի մեծ չափեր, քան չափահաս կենդանու մոտ, այնպես որ այդպիսի օրգանն իր զարգացման վաղ ստադիաներում ավելի քիչ թերաճած է լինում և թերևս նույնիսկ արժանի չէ այդպես անվանվելու։ Այդ հիման վրա հաճախ ասում են, որ թերաճիկ օրգանները չափահաս կենդանու մոտ պահպանում են իրենց սաղմնային կառուցվածքը։
Այսպիսով, ես բերեցի թերաճ օրգանների վերաբերյալ ղեկավարող փաստերը։ Խորհելով նրանց վրա, յուրաքանչյուր ոք կզարմանա, որովհետև միևնույն դատողությունը, որը հարկադրում է մեզ օրգանների մեծամասնության մեջ տեսնել հարմարեցում որոշ նպատակների համար, միաժամանակ և բերում է մեզ այն եզրակացության, որ այդ թերաճ կամ ատրոֆիայի ենթարկված օրգաններն անկատար են և անօգուտ։ Բնապատմության վերաբերյալ աշխատություններում թերաճ օրգանները սովորաբար դիտվում են որպես «համաչափության նպատակներով» ստեղծվածներ կամ նրա համար են, որպեսզի «լրացնեն բնության պլանը»։ Բայց դա բացատրություն չէ, այլ միայն փաստի պարզ կրկնություն։ Նա մինչև անգամ իր մեջ պարունակում է ներքին հակասություն, այսպես, բոա-կոնստրիկտորն ունի հետևի վերջավորությունների և կոնքի թերաճիկներ, և եթե ասենք, թե այդ ոսկորներն այդտեղ պահպանվել են «բնության պլանը լրացնելու համար», այդ դեպքում ինչո՞ւ, հարցնենք մենք էլ պրոֆ. Վեյսմանի հետ միասին, նրանք չեն պահպանվել մյուս օձերի մոտ, որոնք այդ ոսկորների հետքն անգամ չունեն։ Մենք ի՞նչ կմտածենք այն աստղագետի մասին, որը կսկսի պնդել թե արբանյակները մոլորակների շուրջը էլիպսներով պտտվում են «համաչափության նպատակով», որովհետև մոլորակներն էլ նույն ձևով պտտվում են արևի շուրջը։ Մի ականավոր ֆիզիոլոգ թերաճ օրգանների գոյությունը բացատրում է այն ենթադրությամբ, որ նրանք ծառայում են օրգանիզմի մեջ եղած ավելորդ կամ վնասակար նյութերը հեռացնելու համար, բայց արդյոք կարելի՞ է ընդունել, որ մի աննշան պտկիկ, որպիսին հաճախ իրենից ներկայացնում է արական ծաղկի մեջ եղած վարսանդը և կազմված է պարզ բջջային հյուսվածքից, կարող է այդպիսի նշանակություն ունենալ։ Կարելի՞ է արդյոք ընդունել, որ թերաճ ատամները, որոնք հետագայում ատրոֆիայի են ենթարկվում, բարենպաստ են հորթի սաղմի արագ աճման համար այն պատճառով, որ հեռացնում են այնքան թանկարժեք մի նյութ, ինչպիսին է կալցիում ֆոսֆատը։ Մարդու մատը անդամահատելուց հետո երբեմն մատի վրա երևան է գալիս եղունգի թերաճիկ, և մենք նույնպիսի իրավունքով կարող ենք ընդունել, որ եղունգի այդ նշաններն այստեղ զարգանում են եղջերանյութը արտադրելու համար, ինչպես որ մանատի<ref>Կաթնասուն խոտակեր է, ապրում է հասարակածային գոտու գետերի մեջ. երկու տեսակ գտնվում են Հարավային Ամերիկայում և մեկ տեսակը արևմտյան Աֆրիկայում։— ''Խմբ.։''</ref> լողաթևերի վրա առաջանում են եղունգների թերաճիկներ։
Հաջորդական փոփոխությունների միջոցով ձևերի զարգացման տեսակետից թերաճ օրգանների գոյությունը բացատրվում է համեմատաբար ավելի պարզ կերպով և հնարավորություն է տալիս ըմբռնելու այն օրենքների լայն նշանակությունը, որոնք ղեկավարում են անկատար զարգացումը։ Մենք ունենք թերաճ օրգանների գոյության շատ դեպքեր մեր ընտանի օրգանիզմների մեջ, օրինակ անպոչ ցեղերի մոտ պոչի թերաճիկը, անականջ ոչխարների մոտ ականջների հետքերը, փոքրիկ, ոչ ամուր կերպով նստած եղջյուրիկները անեղջյուր ցեղերի մոտ, մանավանդ, ինչպես ասում է Իուետը, մատղաշ անհատների մոտ, վերջապես ամբողջ ծաղկի ընդհանուր վիճակը ծաղկակաղամբի մեջ։ Մենք հաճախ տեսնում ենք զանազան օրգանների սաղմերը նաև այլանդակության դեպքերում, բայց ես կասկածում եմ, որ որևէ նման մի դեպք կարողանա լույս սփռել թերաճ օրգանի ծագման վրա բնական դրության մեջ և տար որևէ բան ավելի, քան այն պարզ ցուցումը, որ հնարավոր է այդպիսի թերաճիկների գոյացումը, որովհետև հասարակ ակներևությունը պարզ կերպով ասում է մեզ, որ տեսակները բնական վիճակում մեծ և հանկարծակի փոփոխությունների չեն ենթարկվում։ Բայց մեր ընտանի օրգանիզմների ոաումնասիրությունը մեզ ցույց է տալիս, որ օրգանների անգործածությունը տանում է դեպի նրանց փոքրացումը և անգործածության հետևանքները փոխանցվում են ժառանգաբար։
Հավանական է թվում, որ ան գործածությունը գլխավոր գործոնն է հանդիսանում այն բանում, որ օրգանը դառնում է թերաճ։ Թույլ փոփոխությունները կարող են աստիճանաբար առաջացնել օրգանի ավելի ու ավելի մեծ թերազարգացում, մինչև որ վերջապես նա դառնում է թերաճ, ինչպես, օրինակ, քարանձավներում ապրող կենդանիների աչքերի դեպքում և այն թռչունների թևերի նկատմամբ, որոնք բնակվում են օվկիանոսային կղզիների վրա և որոնք շատ քիչ են հարկադրված լինում գիշատիչների հետապնդման պատճառով օդ բարձրանալու, որի հետևանքով վերջապես բոլորովին կորցնում են թռչելու ընդունակությունը։ Կամ թե՝ որոշ պայմաններում օգտակար օրգանը կարող է այլ պայմաններում դառնալ վնասակար, ինչպես, օրինակ, փոքրիկ բաց կղզիների վրա ապրող բզեզների թևերը, այդ դեպքում բնական ընտրությունը մասնակցություն է ունենում օրգանի թերազարգացման մեջ, մինչև որ նրան դարձնում է նշանակություն չունեցող ու թերաճ։
Կառուցվածքի և ֆունկցիայի մեջ աստիճանաբար կատարվող յուրաքանչյուր փոփոխություն գտնվում է բնական ընտրության ներգործության սահմաններում. այսպիսով, այն օրգանը, որ կենցաղի փոփոխության հետևանքով որոշ նպատակների համար դարձել է անօգուտ և նույնիսկ վնասակար. կարող է փոփոխվել և գործածման մեջ դրվել այլ նպատակների համար։ Ճիշտ այդպես էլ օրգանը կարող է պահպանվել իր նախկին ֆունկցիաներից որևէ մեկի համար։ Այն օրգանները, որոնք սկզբնապես ձևավորվել են բնական ընտրության ազդեցության տակ, դառնալով անօգուտ՝ կարող են շատ անկայուն լինել, որովհետև նրանց փոփոխությունները այլևս չեն ամրապնդվում բնական ընտրությամբ։ Այս բոլորը միանգամայն համընկնում են բնական պայմաններում մեր տեսածի հետ։ Բացի դրանից, անգործածությունը կամ ընտրությունը կյանքի ինչ շրջանում էլ օրգանը դարձնեն թերաճ,— սովորաբար այդ տեղի է ունենում, երբ օրգանիզմը հասել է հասունության և ձեռք է բերել իր ընդունակությունների լիակատար զարգացում,— փոփոխությունները համապատասխան հասակում ժառանգաբար փոխանցելու օրենքի համաձայն օրգանը հակում է ցուցաբերում հասուն հասակում թերաճ լինելու և հազվագյուտ դեպքում այդպես է լինում սաղմնային վիճակում։ Սրանից մեզ հասկանալի են դառնում թերաճ օրգանների մեծ չափերը սաղմի մոտ՝ համեմատած հարակից մասերի հետ, և նրանց հարաբերական փոքրությունը չափահաս կենդանու մոտ։ Եթե, օրինակ, չափահաս կենդանու մատը կենցաղի որոշ փոփոխությունից կախված մի քանի սերունդների ընթացքում շարունակ ավելի ու ավելի քիչ գործածվի կամ եթե որևէ օրգան կամ գեղձ շարունակ ավելի ու ավելի քիչ աշխատի, մենք կարող ենք սպասել, որ նրանց մեծությունը որոշ կենդանու հաջորդների մեջ չափահաս վիճակում կփոքրանա և մոտավորապես իր նորմալ չափերը կպահպանի սաղմի մեջ։
Սակայն մնում է դեռ հետևյալ դժվարությունը։ Երբ օրգանի գործածությունն արդեն դադարել է և այդ պատճառով նա զգալիորեն կրճատվել է, արդյոք անգործածությո՞ւնն է հարկադրում նրան ավելի ևս փոքրանալու այնքան, մինչև, որ նրանից աննշան հետքեր կմնան, և արդյոք այդ նրան կհասցնի լիակատար ոչնչացման։ Հազիվ թե կարելի է ընդունել, որ անգործածությունը կարող է որևէ փոփոխություն ևս առաջացնել, երբ օրգանն արդեն դադարել է գործելուց։ Այդ դեպքում անհրաժեշտ է որոշ լրացուցիչ բացատրություն, որը տալ ես չեմ կարող։ Եթե, օրինակ, ապացուցվեր, որ օրգանիզմի յուրաքանչյուր մաս հակում ունի ավելի փոքրանալու, քան մեծանալու ուղղությամբ փոփոխվելու, այն ժամանակ կարելի կլիներ հասկանալ, թե ինչպես անօգուտ դարձած օրգանը, անգործածության ազդեցությունից անկախ կերպով դարձել է թերաճ և վերջապես իսպառ անհետացել է, որովհետև այն փոփոխությունները, որոնք տանում են դեպի օրգանի փոքրացումը, այդ դեպքում կդադարեն բնական ընտրության ազդեցությամբ պահպանվելուց։ Նախորդ գլխում պարզաբանված աճման խնայողության սկզբունքը, որի շնորհիվ տիրոջ համար որևէ օրգանի անօգտակարության դեպքում նրա կազմող նյութերը պահպանվում են հնարավորին չափ երկար ժամանակ, գուցե իր ազդեցությունն է ունենում չգործող օրգանը թերաճ օրգան դառնալու գործում։ Բայց այդ սկզբունքը գրեթե անհրաժեշտորեն պետք է կիրառվի ռեդուկցիայի պրոցեսի միայն սկզբնական ստադիաներում, որովհետև մենք չենք կարող կարծել, որ, օրինակ, այն փոքրիկ պտկիկը, որն արական ծաղկի մեջ ներկայացնում է պտղաբերող ծաղկի վարսանդը և կազմված է պարզապես բջջային հյուսվածքից, կարող է էլ ավելի փոքրանալ կամ նույնիսկ անհետանալ սննդի խնայողության նպատակով։
Վերջապես, քանի որ օրգանները, ինչ ճանապարհով էլ որ նրանք փոխարկված լինեն իրենց այժմյան անօգտակար վիճակին, որպես ցուցում են ծառայում իրերի ավելի վաղ դրության մասին և պահպանվել են բացառապես ժառանգականության շնորհիվ, ուստի մենք կարող ենք հասկանալ, հետևելով ծննդաբանական դասակարգությանը, թե ինչու սիստեմատիկները, օրգանիզմները զետեղելով բնական սիստեմի մեջ նրանց պատշաճ տեղերում, հաճախ թերաճ օրգանները համարել են նույնքան կամ նույնիսկ ավելի օգտակար, քան ֆիզիոլոգիական մեծ նշանակություն ունեցող օրգանները։ Թերաճ օրգանները կարելի է համեմատել այն տառերի հետ, որոնք ուղղագրության մեջ պահպանվում են, բայց արտասանության մեջ դարձել են անօգուտ, ծառայելով որպես բանալի նրա ծագումը բացատրելու համար։ Կողմնակից լինելով օրգանիզմների փոփոխության միջոցով նրանց ծագման տեսակետին, մենք տեսնում ենք, որ թերաճ, անկատարյալ, անօգուտ և նույնիսկ բոլորովին թերազարգացած օրգանների գոյության բացատրությունը բնավ այնպիսի հսկայական դժվարություն չի ներկայացնում, ինչպես անկասկած ներկայացրել է անկախ ստեղծագործության հին ուսմունքի ժամանակ, և կարող է լիովին համաձայնեցվել այստեղ շարադրված տեսակետների հետ։
===ԸՆԴՀԱՆՈՒՐ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ===
Այս գլխում ես աշխատել եմ ցույց տալ, որ՝ բոլոր դարաշրջանների բոլոր օրգանիզմների դասավորումը ստորադաս խմբերի մեջ. այն ազգակցական կապերի բնույթը, որոնցով բոլոր գոյություն ունեցող և մահաջնջված օրգանիզմները կապվում են միմյանց հետ բարդ, տարամիտվող ու շրջանաձև գծերով մի քանի ընդարձակ դասերի մեջ. այն կանոնները, որոնց հետևում են բնախույզները, և այն դժվարությունները, որոնց հանդիպում են նրանք իրենց դասակարգությունները կառուցելիս, զանազան հատկանիշներին տրվող նշանակությունը, այսինքն՝ նրանց կայունությունը, գերակշռությունը, խոշոր կամ չնչին նշանակությունը կամ, ինչպես թերաճ օրգանների դեպքում, նշանակության լիակատար բացակայությունը. այն հսկայական տարբերությունը, որ գոյություն ունի անալոգ կամ հարմարողական առանձնահատկությունների և աներկբայելի ազգակցության դեպքերի միջև և այլ նման տվյալներ,— այս բոլորը բնական հետևանք են հանդիսանում, երբ ընդունում ենք մերձավոր ձևերի ընդհանուր ծագումը, նրանց զարգացումը փոփոխության և բնական ընտրության միջոցով, ինչպես նաև նրանց մահաջնջումը և հատկանիշների տարամիտումը։ Դասակարգության վերաբերմամբ այս տեսակետն ունենալով հանդերձ, չպետք է մոռանալ, որ ծագումն ընդհանրապես օգտագործվում է զանազան սեռեր, հասակներ, դիմորֆ ձևեր միացնելիս, ինչպես նաև մի տեսակի պատկանող տարատեսակները որոշելիս, ինչքան էլ նրանք իրենց կառուցվածքով խիստ կերպով տարբերվեն միմյանցից։ Ընդարձակելով օրգանիզմների նմանության միակ հայտնի պատճառ հանդիսացող ընդհանուր ծագման գաղափարի օգտագործումը, մենք կհասկանանք նաև այն, թե ինչ է հասկացվում բնական սիստեմ ասելով, դա ծննդաբանական դասակարգության մի փորձ է, որի մեջ ձեռք բերված տարբերության զանազան աստիճաններն արտահայտվում են տարատեսակներ, տեսակներ, սեռեր, ընտանիքներ, կարգեր և դասեր տերմիններով։
Հաջորդական փոփոխությունների միջոցով զարգացման վերաբերյալ տեսակետի հիման վրա մեզ հասկանալի է դառնում կարևոր մորֆոլոգիա կան տվյալների մեծ մասը, երթ մենք կանգ ենք առնում ինչպես մի դասի պատկանող զանազան տեսակների հոմոլոգ օրգանների կառուցվածքի ընդհանուր պլանի վրա՝ անկախ այդ օրգանների կատարած դերից, այնպես էլ կենդանական ու բուսական յուրաքանչյուր անհատի շարքային և կողմնային<ref>Շարքային կամ սերիական հոմոլոգիան ընդգրկում է ժառանգական օրգանները վայրընթաց շարքերի անհատների մոտ (պապ, հայր, թոռ, ծոռ և այլն). կողմնային հոմոլոգիան ընդգրկում է մի սերնդի անհատների օրգանները, որոնք ծագումով համապատասխան են։— ''Խմբ.։''</ref> հոմոլոգիաների վրա։
Այն օրենքի համաձայն, որ հաջորդական փոքրիկ փոփոխությունները երևան են գալիս ոչ անպայման և ոչ էլ բոլորի մոտ կյանքի շատ վազ հասակում և նրանց ժառանգական փոխանցումը տեղի է ունենում համապատասխան հասակում, մեզ բացատրում են սաղմնաբանության առաջատար փաստերը, այսինքն՝ սաղմի մոտ հոմոլոգ մասերի մեծ նմանությունը, որոնք հասունացած հասակում իրենց կառուցվածքով ու կատարած դերով դառնում են խիստ տարբեր, միմյանց հետ մերձավոր, բայց տարբեր տեսակների հոմոլոգ մասերի կամ օրգանների նմանությունը, թեև նրանք հասուն վիճակում հարմարվում են չափազանց տարրեր նպատակների։ Թրթուրները գործունյա սաղմեր են, որոնք ավելի կամ պակաս չափով փոփոխվել են՝ նայած իրենց կենցաղին և համապատասխան վաղ հասակում փոփոխությունների ժառանգմանը։ Այս սկզբունքների օգնությամբ և ուշադրություն առնելով նաև այն, որ օրգաններն իրենց չափերով փոքրանում են անգործածության կամ բնական ընտրության հետևանքով սովորաբար կյանքի այնպիսի շրջանում, երբ օրգանիզմը ինքն է հոգում իր մասին, ինչպես նաև հիշելով, թե որքան մեծ է ժառանգականության ուժը, մենք ի վիճակի կլինենք նույնիսկ բացատրելու թերաճ օրգանների գոյությունը։ Սաղմնաբանական տվյալների և թերաճ օրգանների նշանակությունը հասկանալի է, եթե մենք հետևենք այն տեսակետին, որ բնական դասակարգությունը պետք է չինի ծննդաբանական։
Վերջապես, այս գլխում քննարկված փաստերի զանազան խմբերը, ըստ իս, այնքան պարզորոշ կերպով են ցույց տալիս այն, որ երկրագնդի վրա բնակվող անհամար տեսակները, սեռերը և ընտանիքները, յուրաքանչյուրն իր դասի կամ խմբի սահմաններում, ծագել են ընդհանուր նախածնողներից և այնուհետև փոփոխվել են հաջորդական զարգացման ընթացքում, որ ես առանց տատանվելու կընդունեի այդ տեսակետը, եթե նույնիսկ այն չհաստատվեր այլ փաստերով և այլ ապացույցներով։