Changes
/* Գլուխ հինգերորդ. Պատուհան դեպի արևմուտք */
Նա կրկին շջվեց դեպի Ֆրոդոն և մեղմացավ.
— Եվ այդ բոլոր հարցերին դու, երևի, կարող ես պատասխանել, Ֆրոդո, որդի Դրոգոյի: Բայց ո՛չ այստեղ, և ո՛չ հիմա: Սակայն, որպեսզի դու չմտածես, որ ինձ ուղղակի տեսիլք է այցելել, իմացիր, որ Բորոմիրի եղջերափողը վերադարձել է իրականում, բայց տապարով կամ սրով երկու մասի բաժանված: Կտորները գտնվել են առանձին-առանձին. մեկը գտել են շամբուտում Գոնդորի հյուսիսային սահմանի պահապանները՝ Էնտվեյի Էնտուոշի գետաբերանից ներքև, մյուսը լողում էր Անդուինի հոսանքն ի վար՝ այն գտել է մի լողորդ: Տարօրինակ զուգադիպություններ են, սակայն, ինչպես ասում են, մահը չես կարող թաքցնել: Եվ ահա ավագ որդուն պատկանող եղջերափողի երկու կտորները հայտնվել են Դենեթորի ծնկներին: Այժմ նա իր բարձր գահին նստած սպասում է սոսկալի լուրերի: Դու չե՞ս խոսի այն մասին, թե ինչպես է երկու մասի բաժանվել եղջերափողը:
— Չեմ խոսի այն մասին, ինչը չգիտեմ,— պատասխանեց Ֆրոդոն: — Սակայն, եթե դու չես սխալվում քո հաշվարկներում, ապա ձայնը լսել ես այն նույն օրը, երբ մենք բաժանվեցինք, երբ ես ու իմ ծառան լքեցինք ջոկատը: Քո պատմությունից իմ սիրտը լցվում է սարսափով: Եթե Բորոմիրն ընկել է փորձանքի մեջ և սպանվել, ապա վախենում եմ, որ մնացած իմ ուղեկիցներն էլ են զոհվել՝ և՛ ընկերները, և՛ ցեղակիցները: Գուցե դու դադարե՞ս ինձ կասկածել և թողնես գնամ իմ ճանապարհո՞վ: Ես հոգնել եմ, ինձ տանջում է վիշտը և կրծում սարսափը: Բայց ինչ-որ բան կա, որ ես պետք է անեմ կամ գոնե փորձեմ անել, նախքան ինձ կսպանեն ինչպես նրանց: Եթե մեր ջոկատից մնացել ենք միայն մենք՝ երկու կոլոտիկներս, ապա առավել ևս հարկավոր է շտապել: Վերադարձիր քո երկիր, օ՜ Ֆարամիր, Գոնդորի քաջարի զորավար, պաշտպանիր այն մինչև արյան վերջին կաթիլը, իսկ ինձ թույլ տուր գնալ իմ ճակատագրին ընդառաջ: