Changes
/* Գլուխ առաջին. Երկար սպասված հյուրասիրություն */
— Իսկ էդ Ֆրոդոն, որ նրա հետ է ապրում, ինչացու՞ է,— հարցրեց Գետամերձցի ծեր Նոուքսը: — Ազգանունը Բեգինս է, բայց համարիր կիսով չափ Բրենդիբաք է՝ էդպես եմ լսել: Մենակ թե չեմ հասկանում, թե հոբիթոնցի Բեգինսի խելքին ի՞նչ է փչել իր համար կին փնտրել Բրենդիդուիմքում: Էնտեղի ժողովուրդը, ասում են, մի քիչ ծալապակաս են:
— Զարմանալու բան չկա,— միջամտեց հայրիկ Երկթաթը՝ Ծերուկի հարևանը: — Չէ՞ որ նրանք Բրենդիդուիմի էն ափին են ապրում, Հավերժական Զառամյալ Անտառի հենց կողքին, իսկ էդ տարածքը, եթե չեն խաբում, ասում են, կախարդված է:
— Լավ ես ասում, հայրիկ,— համաձայնեց Ծերուկը: — իհարկե ոչ ոք չի կարող ասել, որ Բրենդիբաքերը Հավերժական Զառամյալ Անտառ էլ են խցկվել, բայց որ նրանք ծալապակաս են, էդ մեկը ճիշտ նկատեցիր: Իրենց համար լողում են գետի մեջտեղով փայտե դդումներում նստած, էդ նորմալ՞ բան է: Հետո էլ ասում են. «փորձանքն իրեն-իրեն եկավ»: Բայց պարոն Ֆրոդոն ուրիշ է, նրա պես հոբիթ դեռ գտնել է պետք: Իսկը պարոն Բիլբոն է, նույնիսկ տեսքով է նման: Դե ինչ-ինչ, բայց Ֆրոդոյի հայրը Բեգինս է: Հարգված, պատկառելի հոբիթ է եղել Դրոգո Բեգինսը, թեև ոչ մի ընդգծված առանձնահատկություն չի ունեցել: Բայց ա՛յ քեզ փորձանք՝ խեղդվել է:
— Խեղդվե՞լ է,— զարմացած բացականչեցին ունկնդիրները: Նրանք, իհարկե, այդ մասին լսել էին՝ և՛ այդ մասին, և՛ շատ այլ բաների մասին, բայց հոբիթներն ընտանեկան պատմությունների մեծ սիրահարներ են և պատրաստ են նույն պատմությունը հազարերորդ անգամ լսել: