Changes
/* Գլուխ առաջին. Երկար սպասված հյուրասիրություն */
— Ինչ էլ որ պարոն Բիլբոյի մասին խոսեն՝ նա մեծապատիվ և շատ քաղաքավարի հոբիթ է,— ասում էր Ծերուկը: Եվ դա իսկապես ճշմարտություն էր՝ Բիլբոն նրա հետ նույնիսկ շատ քաղաքավարի էր. կոչում էր նրան «պատվարժան Հեմֆասթ» և հրավիրում էր բանջարեղեններին վերաբերվող ամենամյա խորհրդին, որովհետև ինչ-ինչ, բայց արմատապտուղների, հատկապես կարտոֆիլի խնամքից Ծերուկից լավ ոչ ոք տարածքում գլուխ չէր հանում:
— Իսկ էդ Ֆրոդոն, որ նրա հետ է ապրում, ինչացու՞ է,— հարցրեց Գետամերձցի ծեր Նոուքսը: — Ազգանունը Բեգինս է, բայց համարիր կիսով չափ Բրենդիբաք է՝ էդպես եմ լսել: Մենակ թե չեմ հասկանում, թե հոբիթոնցի Բեգինսի խելքին ի՞նչ է փչել իր համար կին փնտրել Բրենդիդուիմքում: Էնտեղի ժողովուրդը, ասում են, մի քիչ ծալապակաս ենէ:
— Զարմանալու բան չկա,— միջամտեց հայրիկ Երկթաթը՝ Ծերուկի հարևանը: — Չէ՞ որ նրանք Բրենդիդուիմի էն ափին են ապրում, Զառամյալ Անտառի հենց կողքին, իսկ էդ տարածքը, եթե չեն խաբում, ասում են, կախարդված է: