Changes
/* 1926 թվական */
Հետո ալ առանց ամչնալու կըսեն՝ լենինյան գծի վրա ենք կեցած։
==1927 թվական==
<b>Հինգշաբթի 5.</b> ― Այսօր մեզի՝ Գավգործկոմի պաշտոնյաներուս, հրամայվեց հուղարկավորել կոմունիստի մը, որուն երեսը չեմ տեսեր, անունը չեմ լսեր իր կենդանությանը։ Հարգել անծանոթի մը հիշատակ, հորդ անձրևի տակ ժամ մը քալել դագաղին ետևեն՝ կհավատացնեմ ձեզի, ահավոր դժվար է։
Ընկերներս կհայհոյեին իշխանությանը, իսկ ես կորհնեի ճամբին, որ այսքանովը ազատվեցանք։
Ի՞նչ պիտի ըլլար մերին դրությունը, եթե հրամայված ըլլար նաև լալ մեռյալին համար։ Վասնզի ինչպես գիտեք կոմունիստական դիկտատուրան զգացմունքը չի ճանչնար։ Ամեն ինչ արդյունաբերություն է ու հաշիվ։ Ինչպես դուն «պահանջագիր» կներկայացնես բանկին, թե այսքան ռուբլի «դուրս գրե», անանք ալ կրնան հրահանգել քեզի՝ այսքան կաթիլ արցունք «դուրս գրել»։ Ու պիտի գրես․․․
Ո՜վ իսկական արժանիք ունեցող մարդիկ, ձեզի քիչ մըն ալ զսպեցեք, մինչև այս կարգերը տապալվեն, նոր մեռեք։ Կեղծն ու շիտակը անանկ մըն է խառնվեր իրարու, որ մեռնելուն ամենևին չպիտի գիտնաք՝ ո՞վ ձեզի սրտանց հարգեց, ով՝ ոչ։
․․․Ճշմարիտ է՝ կյանքը այլևս հրապույր չունի իր մեջը։ Եվ ես ձեզմե ավելի եմ ձանձրացեր, բայց ճա՞րն ինչ, պիտի ապրինք։
Բանով մը զբաղվեցեք։
Ես Աստվածաշունչ եմ կկարդամ։
<b>Ուրբաթ 6․</b> ― Տաճկաստանը, որ Համաշխարհային պատերազմեն առաջ իր ատամը «խորթելու» համար Ռուսաստանեն «չոփ» կներմուծեր, այսօր տիրանալով Սարիղամիշի անտառներին՝ 30 վագոն փա՜յտ կնվիրե Ռուսաստանին․․․
«Վերելքին» սա ճամբովը եթե ընթանա Ռուսաստանը, շուտով պիտի գա այն օրը, երբ Տաճկաստանը Ռուսաստանին նվիրե պիտի ճրագ մը նավթ ու մինչև իսկ հաց․․․
Չեմ հասկանար։ «Վայրէջքն» ինչո՞ւ ռուսերեն լեզվով «վերելք» կկոչվե։
⁕ Դատարանին միլիցիան մեր բակին մեջ Գրիգոր Սողոմոնյան չէ, այլ Կոթոյան։ Միլիցիան, հայտնելով, որ շաբաթ մըն է այդ մարդը կփնտրե ու չի գտներ, կստիպե Գրիգորին ստորագրել կոչնագիրը։
Գրիգորը, դիմադրելով հանդերձ, ստիպման տակ կստորագրե ու վաղը ժամի 10֊ին իբրև Սողոմոնյան դատարանը պիտի երթա՝ դատվելու 107֊րդ հոտվածի ա․ մասով։
Ու սաստիկ կբողոքե։
Ես Գրիգորին սա բուռն բողոքը չեմ արդարացներ, վասնզի հոս դեռ կիսով չափ ճշմարտություն կա։ Ճիշտ է, ան Սողոմոնյան չէ, բայց Գրիգոր ըլլալը չի ժխտեր։ Իսկ ի՞նչ պիտի ըսեր նույն Գրիգորը, եթե ոչ անունը իրենը ըլլար, ոչ ազգանունը։ Միլիցիան կիսով չափ ճշմարիտ է, ու պետք է փոխադարձ զիջողությամբ համաձայնության գային ու բանն անուշի կապեին։ Այլ ոչ թե մեր տնվորին պես երկու ոտքը մեկ փապուճին սեղմելով պնդել, որ ինքը Սողոմոնյան չէ․․․
<b>Շաբաթ 7.</b> ― Երեք օր առաջ խորհրդային թերթերը խոշոր տառերով տպեցին Չինաստանի ապստամբ գյուղացոց հաղթանակի մասին, այսօր փոքրիկ տառերով կգրեն թե ապստամբությունը ճնշված է։ Անցյալ տարի նույն թերթերը մեթրանոց գիրերով՝ Լոնդոնի բանվորներու գործադուլն ավետեցին, այս տարի սաստիկ մանր գիրերով՝ նույն բանվորության պարտությունը։
Եթե մեկը կարճատես է կամ ակնոցը տունը մոռցած, մեծ տառերը միայն կարդալով, պիտի կարծե, որ ողջ տարի հեղափոխության մեջ է աշխարհը ու բնավ չի պարտվեր։
Ու քանի որ այս բոլոր կոմունիստները այդ կարծիքին են, ստիպված ես ընդունել, որ ատոնք կա՛մ կարճատես են, կա՛մ ակնոցնին տունը մոռցած։
<b>Կիրակի 8.</b> ― «Ի՞նչ է կյանքը», ― հարցուց ինձի բարեկամս, որ կիրակի օրերը սովորություն ունի փիլիսոփա ըլլալու։
― Կյանքը, սիրելի՛ս, ― պատասխանեցի իրեն, ― նայած մարդու։ Եթե անկուսակցական գրականագետ մըն է, հետևաբար, անգործ ու անոթի։ Այդ տեսակ մարդուն կյանքը հավասար է չորս ժամ Լուսժողկոմ Մռավյանի դռանը հերթի նստել, չորս ժամ՝ Ժողկոմխորհ Համբարձումյանի, երկու ժամ՝ Գավգործկոմ Կոստանյանի, երկու ժամ՝ Արտժողկոմ Վարդապետյանի։ Քսանչորս ժամ լրանալուն եթե բան մը մնաց, ան ալ ուտելու (եթե ունիս), քնելու (եթե քունդ կտանե), կռվելու (եթե կին ունիս), դուրս գալու (եթե կոշիկ ունիս)։
Եթե մեկը կուսակցության շարքերը նոր է մտեր ու բարձր պաշտոններու կմիտե, ապա Մայիսի մեկին Հրազդան պիտի երթա խոսելու, երկուսին՝ Ղամարլու, երեքին Վեդի Բասար, չորսին՝ Բասարգեչար, հինգին՝ Ղարտուղալի, վեցին՝ Մոլլա Գյոնչկա։ Ու փառք տալու է Աստծուն, որ Հայաստանը ընդամենը վեց գավառ ունի, տասնվեց՝ գավառակ։
Եթե կուսակցական չէ, բայց կուզե օգտվել կուսակցականին հավասար՝ օրական վեց ժամ դաշնակցությանը պիտի հայհոյե, վեց ժամ՝ Անգլիա, վեց՝ Ֆրանսիա, վեց՝ Իտալիա, տասնվեց ժամ խորհրդային շինարարությունը գովե՝ չեղածները ստեղծելով, իսկ եղածները հարյուրով բազմապատկելով ու արտադրյալին հինգ հարյուր ավելցնելով։
Եթե մեկը կոմիսար է արդեն ու, մանավանդ, հին ստաժի կուսակցական, սիրե պիտի առավոտ Սիրուշին, Գեղուշին, Հեղուշին, կեսօրին՝ Հրուշին, Վարդուշին, Մաթուշին, իրիկուն՝ և անոր հաջորդող գիշերը՝ Մանուշին ու մնացյալ բոլորին։ Մեկ խոսքով պարապե «խորհրդային շինարարությամբ»։
Ըսի՝ ի՞նչ է կյանքը․․․
⁕ Այսօր կոշիկներս կարկտելու համար էժանագին շուկա գացի ու հնակարկատի մը տաղավարը մտա։ Գջլոտ, կեղտոտ, փայտե տաշտի մը մեջ ջուր էին դրված մանր կոշիկներ, որք սկսեր էին հոտել արդեն։ Այդ հոտած տաշտի ճիշտ վերը հնակարկատը փակցուցեր էր Լենինի պատկերը՝ մեռած։
Լավ է, որ մեռած պատկերն էր զարկեր, վասնզի եթե կենդանի Լենինը զարներ, միևնույն է այդ հոտին չդիմանալով՝ պիտի մեռներ․․․
<b>Երկուշաբթի 9․</b> ― Նախկին Ջանփոլադյանի թատրոնը վերանվանված էր Տրոցկու անվամբ, ինչպես գիտեք։ Հիմա, երբ Տրոցկին օպոզիցիոներ դարձավ, թատրոնին անունը փոխեցին՝ «Կարմիր աստղի», առանց գիտնալու, որ աստղերու մեջ էլ կան մոլորակներ, որոնք օր մը կրնան մոլորվել, ստիպելով թատրոնի վարչությանը «աստղն» ալ փոխել։
Ու առհասարակ կոմունիստները գիտնալու են, որ մեռյալներեն ու իրենց լենինյան անկենդան դոգմայեն զատ աշխարհիս մեջ ամեն ինչ կշարժվի առաջ կամ հետ։
⁕Մանրավաճառները, արհեստավորները, մինչև իսկ կառապանները տուրքերու ծանրութենեն ազատվելու համար սկսեր են Լենինի մեծադիր նկարներ փակցնել խանութին ու կառքին պատերուն։ Բեռնակիրները, որք պատ չունին, արձաններ կուզեն դնել ուսերուն վրա։
․․․Իսրաելացիք անապատի օձերեն ազատվելու համար պղնձե օձեր կգործածեին։
<b>Երեքշաբթի 10.</b> ― Ժամանակ մը սաստիկ հետաքրքիր էի գիտնալու, թե սա դուրսին չքավորության մասին մտածող, պրոլետարիատի պաշտպանի քղամիդի մեջ փքված կոմունիստները եթե կոտրենք, մեջեն ինչ պիտի դուրս գա։
Այսօր մեկն ատոնցմե պատահմամբ կոտրվեց, և ի՜նչ դուրս գա մեջեն, որ աղեկ ըլլա։ Սպեկուլյանտ մաքսանենգ մը, որ պետական օթոմոպիլով Նախիջևանեն ապրանք կբերեր ծախելու։ Պապյան Վաղինակ՝ հայտնի կուսակցական ու Հեղկոմտրեստին նախագահը։
Սահմանապահ զինվորին գնդակեն կկոտրվի իր կոմունիստական բարակ կեղևը ու դուրս կուգա ներսի իրականը։
<b>Չորեքշաբթի 11․</b> ― Անգլիա իր հարաբերությունները խզեց Ռոսիո հետ ու իր դեսպանները ետ կկանչե։ Բոլշևիկ Ռուսաստանը ներս է քաշվեր ու ժողովրդյյան դուրս հաներ, որ պոռան պատերազմ չենք ուզեր։ Ժողովուրդը քաջ գիտնալով, որ ինչքան բարձր պոռա՝ Անգլիա իր ձայնը չպիտի լսե՝ բոլոր ձայնով մեկ կպոռա՝ պատերազմ չենք ուզեր։ Երևանի ժողովուրդն ալ ժամի վեցին կանչեցին Գավգործկոմի հրապարակը ու պոռացուցին։
Խոսք չունիմ, աղաղակը բարձր կհնչեր, բայց ոչ մեկը թող տարակուսե, որ եթե ժողովուրդին հրամայվեր պոռալ «պատերազմ կուզենք»՝ ատկե երկու անգամ բարձր ձայն լսվեր պիտի։
Ռուսաստանի ժողովուրդները պատերազմ կուզեն։
Ու պատերազմ կուզեն ոչ թե Անգլիո ջարդելու, այլ անկե ջարդվելու համար։ Ժողովուրդը իր բռնակալ կառավարության գլուխը սալին դրած՝ Անգլիո հզոր կռանին կսպասե, զայն ջախջախելու համար։ Ժողովուրդը ազատության հոտ է առեր ու ռունգերը լայնացուցած, ոտները կդոփե։ Ժողովուրդը, որ գրաստացած է քանի մը տասնյակ բռնավորներու տակ, կպատրաստվե ոտներու տակ առնել անոնց։
Ազատությո՜ւն․․․ երբեք կյանքիդ մեջ այնքան անձկավ չես փնտրված՝ ինչպես այսօր։ Վասնզի երբեք բռնությունը այնքան ծանր չի եղեր՝ ինչպես այսօր։
(Հուզված եմ)։
⁕Այսօր կնկաս հարցուցի․
― Ի՞նչ պիտի կոչե հարևանուհի Մարգարիտը իր տղուն, երբ ազատություն ըլլա։ Նորե՞ն Լենին։
― Լենինը միայն դուրսը կգործածե, իսկ տան անունը Լևոն է, ― պատասխանեց կինս։
Շուտով, շուտով, բոլոր Լենինները Լևոն պիտի դառնան, ու Լենինի պատկերը մուզեյներու մեջ պիտի երթա տեղ բռնելու Լենկ Թեմուրներու և Չինգիզ Խաներու կողքին։
<b>Հինգշաբթի 12</b> ― Պզտիկ, բայց հետաքրքիր նորություն մը։
Կոմկուսակցությունը վտարեր է իր կուսակցության շարքերեն Վաղինակ Պապյանին․․․ դիակը։
Անիկա արատավորեր է եղեր կազմակերպության անունը։
Կնշանակե այն կոմունիստները, որ չեն արատավորեր կազմակերպության անունը, բայց կմեռնին, անոնց դիակները դեռ կշարունակեն կուսակցության շարքերը մնալ․․․
․․․Ծո՛, միգուցե՞ Սաքո Համբարձումյանը դիակ մըն է, որը սակայն, կուսակցության անունը արատավորած չըլլալուն համար դեռ կշարունակե կուսակցության շարքերը մնալ։
Խե՜ղճ մարդ, որքան պարսավեցի զինքը․․․ կենդանի կարծելով։
Բայց ես մեղք չունիմ։ Կուսակցությունը պարտավոր է պզտիկ նշանով մը զանազանել մեռյալները կենդանիներեն։
Անանկ է նե, մեռնելես վերջ կոմկուսակցության շարքերը պիտի մտնիմ։ Եվ ի՞նչ։ Կենդանի մարդուն բնավ ընդունելի չէ այդ շարքերը։ Մեռելներու մեջ շատ հեշտ է միասնականություն պահպանել։ Եթե Զինովևն ու Տրոցկին մեռած ըլլային, խոմ այսօր փորձանք չէին դառնա կուսակցության գլխին․․․
<b>Ուրբաթ 13․</b> ― Այսօր սպանեցին Ռուսաստանի դեսպանը Լեհաստանին մեջ։ Ամեն կողմե կխթանեն բոլշևիկներու ինքնասիրությունը, որ պատերազմի ելնի, բայց դժբախտաբար Խորհրդային Ռուսաստանը, ինչպես բազմիցս կրկներ է, վիրավորվելու ժամանակ չունի, զբաղված է սոցիալիստական շինարարությամբ։ Իր զրույցին մեջ խորհրդային արտաքին գործերու կոմիսարը թեև կըսե, թե մեր համբերության բաժակը լեցվելու մոտ է, բայց սո՜ւտ։ Խորհրդային Ռուսաստանի համբերության բաժակը լցվելիք չունի, և ինչպես կերևի նշաններեն․․․ ծակ է։
․․․Եթե մյուս բոլոր պետությունները, հետևելով Խորհրդային Ռուսաստանի օրինակին, պզտիկ ծակ մը բանային իրենց համբերության բաժակին վրա՝ այլևս աշխարհիս վրա բնավ պատերազմ տեղի չէր ունենա։
<b>Շաբաթ 14.</b> ― Աբովյան և Ազատության փողոցի անկյունը դրված է ոմն Սպանդարյանի փառահեղ արձանը։ Ոչ մեկը կճանաչնա ժողովուրդեն, ոչ մեկը լսեր է այդ մարդու մասին։ Բայց այդ արձանը շինված է ժողովրդի ծախսով և ժողովրդի համար, որ նայե վրան։
Հատ մըն ալ արձան «Անգլիական այգու» մեջ կա, որի ով ըլլալը ոչ մեկը չի գիտեր, ու կեցած է իր վես հասակովը որպես իսկական հանելուկ մը։
Չեմ հուսահատվեր։
Երբ բոլշևիկները, ավարտելով իրենց գոյ սորված դերը, վար կիջնեն պատմության բեմեն, ան ատեն ժողովուրդը կկենա այդ ինքնակոչ արձաններու դիմաց ու կհրամայե․
― Մաքրեցեք պատվանդանները, որ նստե մեր սիրածը, մեր ծանոթը։
Չգիտցողները գիտնալու են, որ «մեծ» մարդիկ չեն «շինվեր», այլ կստեղծվեն։
⁕Ի պատասխան Լեհաստանի ռուս դեսպանի սպանությանը, Մոսկվայի կառավարությունը 20 ռուս գնդակահարեց։
<b>Կիրակի15.</b> ― «Պանիր֊յուղ կենտրոնը», որ սա չորս ամիս է ո՛չ պանիր ունի, ո՛չ յուղ, պանիրի փայտե խրտվիլակ մըն է դրեր ցուցափեղկին մեջ, ի հիշատակ այն բանի, որ ժամանակ մը պանիր է ծախված։
Սակայն, մուզեյը կատարյալ ըլլալու համար պետք չէ՞ր, որ փայտե պանիրին կողքը դրվեր փայտե խանութպան ու փայտե հաճախորդ մը․․․
Ատաղձագործնե՜ր, եթե հեռատեսություն ունիք, խանութնիդ փայտ լեցուցեք, վասնզի «շինարարության» այս թափը կանգ չի առնի անշուշտ, և շուտով պատվեր պիտի ընդունեք շինելու փայտե հաց, շաքար, յուղ, մանիֆակտուրա։ Գուցե և փայտե գլուխ մը՝ այս կառավարության համար։
Այնպես որ, փայտ հավաքեցեք․․․ եթե կրնաք ճարել։
<b>Երկուշաբթի 16․</b> ― ․․․ Ո՜վ հեզաբարո, բարեսիրտ, բարերար ու քնքո՜ւյշ ավազակներ․․․
Ի՞նչ կընեիք որ։ Ամենաշատը կբռնեիք մենավոր ճամբորդը մը, ձեռները ետևը կկապեիք, բերանը թաշկինակ մը խոթելով՝ վրա գլուխը կկողոպտեիք ու շատ֊շատ սանկ թեթև մը կսպանեիք զինքը ու կերթայիք ձեր գործին։
Սա ավազակության քարե շրջանն էր։
Տեսեք, թե հիմա խորհրդային կառավարությունը իր ժողովուրդը կողոպտելու ի՜նչ «ինդուստրիալ» մեթոդ է հնարեր։
Ինչպես որ «ոստիկանը» «միլիցիա» է փոխեր, «պարոնը»՝ «ընկեր», «դասարանը»՝ «խմբակ», անանկ ալ «ավազակությանը» «պետական փոխառություն» անունն է տվեր։
Տարբերությունը այս երկու ավազակությանց այն է, որ ներկա «ինդուստրիալ» ավազակությունը նախկին «հովվերգական» ավազակության բոլոր ձևերը կիրառելեն վերջը կգրե իր թերթերու մեջ․
«Ժողովուրդը խանդավառությամբ կմասնակցե փոխառությանը, սաստիկ ուրախ է, կբողոքե անգամ, թե ինչո՞ւ փոխառություն չես կնքեր, կվիրավորվե․․․
Հիմա հասկացա՞ք հին ու նոր ավազակությանց տարբերությունը։
Հին ավազակը, կողոպտելեն վերջ թաշկինակը կհաներ բերնեդ ու իրավունք կուտար քեզի լավ մը հայհոյել իր ետևեն։ Իսկ նոր ավազակը բերանդ ազատելով, կստիպե, որ իրեն փառաբանես, քո բարերարը հռչակես, «խանդավառվես» ու ուրախ ըլլաս։
Հոստեղեն սա հարցը։
― Ինչո՞ւ բոլշևիկյան կառավարությունը ամեն օր՝ օրական երեք անգամ փոխառություն չի կնքեր։
Չի՞ ուզեր, որ իր ժողովուրդը «ուրախ» ըլլա, ինչ է․․․
<b>Չորեքշաբթի 17.</b> ― «Բանկոպները» աշնան կովերու նման ցամքել սկսած են, բախշվելիք կենսամթերքներու չափը օրեօր կպակսե։
― Ի՞նչ խայտառակություն է աս, կես կիլո կաթով չորս երեխա ինչպե՞ս կերակրեմ, ― կպոռար հարևանուհիս՝ նախկին պանրագործի կինը, խոշոր աման մը ձեռքին․․․
― Ոչ մեկ խայտառակություն, տիկին, ― պատուհանս բանալով, ըսի իրեն։ ― Դուք պարտավոր եք այնքան երեխա ունենալ՝ ինչքան կաթ ունի «բանկոոպը»։ Որտեղ է տեսնված, որ պետությունը մասնավորին հարմարի․․․
<b>Հինգշաբթի 18.</b> ― Գործով միլիցատուն գացի այսօր ու պժգալի տեսարանի մը ականատես եղա։ Տնվոր մը այնքան էր ծեծեր իր տանտիրոջը, որ ողջ ոսկոր չէր մնացեր վրան ու պատգարակով էին բերեր քննության։ Քանի ծեծվածին «դասակարգային վիճակը» պարզ չէր՝ միլիցապետը արգահատանոք կնայեր հիվանդին, բայց քննության ընթացքին, երբ պարզվեցավ, որ սեփական տուն ունի մարդը, որ այդ տունը չորս սենյակ ու երկու նախասենյակ ունի, երեք տարի առաջ վեց կով է ունեցեր ու 12 ոչխար ու ժամանակ մը մտադրված է եղեր առուտուր ընելու՝ վերաբերմունքը դեպի ծեծվածը մեկեն փոխվեցավ։ Հիմա արդեն սկսեցին բարկանալ տնվորին վրա, ոչ թե անոր համար, որ ծեծեր է, այլ անոր համար, որ․․․ քիչ է ծեծեր։
Քննութենեն վերջը, երբ մեկը մեկուսի հարցուց ծեծվածին առողջական դրության մասին՝ միլպետը պատասխանեց․
― Վերքերը վտանգավոր են թեև, բայց հոգ չէ, հարուստ տնատեր է․․․
⁕ Աղջիկը կթված, 24 ժամ բաց ամանի մեջ անշարժ լեցված կաթ է։ Երբ նոր կմոտիկնաս՝ ամբողջովին սեր է, թանձր, մատի մը հաստության։ Բայց օ՜հ, երբ ամուսնացար, հետը ապրեցիր, խառնեցիր այդ կեղծված կաթը, ջուրի ինչ ըլլալը նոր կհասկանաս։
Կի՜ն։ Ո՜վ դու անխուսափելի փորձանք։ Քանի՞ մարդ կամուսնանար հետդ՝ եթե վերջին խոսքդ առաջը զուրցեիր․․․
<b>Ուրբաթ 19.</b> ― Ճաշարան մտնող մը, ինչպես որ իր առջև դրված կերակուրի ցանկին նայելով պարտադրաբար մատը որևէ մեկ կերակուրի վրա պիտի դնե՝ անանկ ալ աս աշխարհ եկողը (մանավանդ այս կուսակցության տարուն) աշխարհայացք մը ունենալու է։
Բայց ի՞նչ արժե այն «հայացքը», երբ չես գիտեր, թե ի՞նչ է աշխարհը։
Աշխարհը անթափանցելի լաթի մը մեջ փողոցեն կանցնե ու մարդիկ պատուհանին առջև կնային։
― Արջ է, ― կըսե մեկը։
― Ուղտ է, ― կձայնե մյուսը։
― Ճանճ է, ― կմրմնջա երրորդ մը։
Իսկ բանը մը, որ միաժամանակ թե՛ արջ է, թե՛ ուղտ, թե՛ ճանճ՝ պարզ չի՞ նշանակեր, որ այդ երեքեն և ոչ մեկն է․․․
Ո՛չ ախպար։ Ես՝ ես եմ, նստած ճաշարանին մեջ, հայացքս կերակրացանկին ու որ անունին կնայեմ՝ սիրտս կխառնե ուժգին։
Երևակայեք նետ մը, որսորդի մը աղեղեն փրթած, ճամբին ինքն իրեն որոշի նապաստակի՞, գայլի՞, թե՞ աղվեսի կուրծքը պիտի մխվե։
Իզո՜ւր հոգ մի՛ ըներ, նետիկ, դուն մտնելու ես այն կենդանու կողքը, որին որսորդը նշան է բռներ․․․
⁕ Սա կառավարությունը․․․
Կուսակցական տոներուն բռնի ուժով ամբոխը փողոցը կքշե ու ետևեն լրագրողը կղրկե նկարագրելու այդ «խանդավառ ցույցը»։
Ճիշտ այնպես, ինչպես որսորդները կաքավները կթողնեն, որ օդին մեջ խփեն․․․
<b>Շաբաթ 20.</b> ― Կոոպերատիվ վարչությունը երեք հազար գործակատար է դրեր իր դատարկ խանութներուն մեջ, որոց պաշտոնը հաճախորդներու բոլոր հարցերուն «չկա» ըսելն է։
Տրամաբանորեն՝ քանի խանութները դատարկվեն, վարչությունը այնքան իր ծառայողներու թիվը ավելցնե պիտի, վասնզի եղած գործակատարները քանի՞ բերնեն ըլլալու են այդքան առատ «չկա» ըսելու համար․․․
⁕ Ամեն տեղ, ուր մտնես՝ պրոֆմիության տոմս կպահանջեն։
Ու եթե օր մը ջուրն իյնալու ըլլաս, չհուսաս, որ ազատել ըլլա քեզի․․․ տոմսդ չտեսած։
<b>Տետրի վրա թիվ չկա, հավանաբար՝ 1927 թվական</b>
<b>Չորեքշաբթի 19.</b> ― Անգլիական այգիին մեջ կանգնեցված Ալեքսան Ռաբինիին արձանը այսօր հանվեց։ Հիշյալ Ռաբինին բանեն դուրս կուգա որ բոլշևիկ չի՜ եղեր ու սխալմամբ երկու տարի անմահացեր է․․․
<b>Հինգշաբթի 20.</b> ― Խորհրդային կառավարությունը սկսեր է մոտակա պատերազմի համար ռազմափորձերու քշել 10-12 տարեկան մանկիկներ երկու սեռեն։
Այսօր տեսա խումբ մը, որոնց ուսին կախված հրացաններու ծայրը ցեխոտեր էր՝ գետինը քսվելուն պատճառով։
Այս հասակի մարտիկները, կռվի ժամանակ կճանկռեն սովորաբար, կամ կկծեն։
Ու այսօր Անգլիա, որ տենդագին պատրաստություն կտեսնե պատերազմի, եթե գիտնա, թե որո՞նք պիտի կռվեն իր դեմ, ոչ թե թնդանոթներ պիտի ձուլե, այլ կոնֆետ ու շաքարեղեն, իր ապագա ախոյանին գրավելու և շտապ հաշտություն կայացնելու համար։
<b>Ուրբաթ 28.</b> ― Կին մը տեսա կերթար։ Հաստ։ Ոտները գերան։ Կզակին օգնական կզակ մը կախ։ Տակառաձև ու ահարկու։
Ինչո՞ւ այդպես։ Այն մկանները, որք պիտի չնպաստեն մարմնույն գեղեցկությանը՝ ինչո՞ւ կրել։
Մեռնելուն՝ վա՜յ իր դագաղը կրողին։ Եթե վարձու մարդ է՝ վա՜յ քո տիրոջ․․․ պիտի մռմռա քիթին տակը։ Եթե հարազատ բարեկամը կամ որդին՝ ա՜խ մայր իմ, պիտի գոչե արցունքներու մեջեն, շատ կցավիմ, բայց ինչո՞ւ այդքան ծանր։
Քաղաքական տեսակետեն կատարյալ խոչընդոտ մը կոմունիզմին հասնելու համար։ Ապագա սոցիալիստական հասարակարգի գնացքներուն ու կառքերուն մեջ միշտ երկու մարդու տեղ պիտի բռնե, բայց մեկի չափ աշխատե։
<b>Շաբաթ 29.</b> ― Շուկա իջա համրիչ մը առնելու, և բանեն երևաց, որ Երևանին մեջ համրիչ չի ճարվեր։ Ի՞նչ ընեն սա բազմահազար անգործները հապա։ Ինչի՞ հետ խաղան։ Ի՞նչ կխորհի Աշխատանքի բորսան, որ պաշտոնն ունի գործավորելու սա անգործները։ Հիմա, մանավանդ, երբ հարյուրեն մեկը պեխ չունի սրելու ու մորուք չունի ծայրը կրծելու։
Մեր կառավարությունը աչքերը պինդ գոցած, ամեն գնով դեպի էլեկտրիֆիկացիա կտանի երկիրը։ Շատ աղեկ, ենթադրենք, թե պատրաստ են հազարներով էլեկտրակայաններ միլիոնավոր ձիու ուժերով, բայց այդ ուժը ի՞նչը պիտի շարժե, երբ գործարան չկա երկրին մեջ։
Եթե բոլշևիկ կառավարությունը այս հանգամանքը ի նկատի չառնե՝ պիտի գա օր մը, երբ էլեկտրական կայաններուն․․․ համրիչ առաջարկե քաշելու։
⁕Երեկոյան թատրոն գացի։
Խումբ մը մարդիկ ուշանալուն պատճառով դուրսը մնացեր էին։ Վարիչը դուրս եկավ, Ցեկայի անդամ երեք պատասխանատու կոմունիստներու ռևերանսով ներս տարավ, մնացյալները, որք բոլորն ալ բանվորներ էին՝ դուրս մնացին։
․․․Իսկ խորհրդային լրագիրը առանց ետևը նայելու արագ քայլելով դեպի «հավասարությունը» կերթա։
<b>Կիրակի 30.</b> ― Այսօրվա «Խորհրդային Հայաստանին» մեջ Կոմկուսի քարտուղարի խոսքերեն կերևա, որ կառավարությունը կվախնա, որ կոմսոմոլի աճող մեծ քանակը, իր շատության պատճառով, «չկարողանա առնել իր հովանավորության տակ»։
Ճիշտ է, կառավարության անդամները երեք հազար, իսկ կոմսոմոլը չորս հազար են, բայց չէ՞ որ վերջիններս հասակով փոքր են, հետևաբար տարածականությունը պզտիկ է։ Ո՛չ, ո՛չ, պետք է նստել վրան ու փորձել։
Ես մեր հավերուն տակ երբեք տասնհինգե պակաս ձու դրած չունիմ, ու ոչ մեկը այդ հավկիթներեն լակ չեղավ։
⁕ Այսօր նախաճաշեն ետքը, սպիտակեղեն առնելու համար, կոոպերատիվին մեջ ճզմվեցա մինչև ճաշ ու բոլորովին կուշտ սեղան նստա։ Առտվան կերածները մարսվելու համար միջոց չէին ունեցեր ստամոքսը իջնելու՝ ճնշումեն։
<b>Երկուշաբթի 2.</b> ― Ի՞նչ է սոցիալիզմը։
Մեկը բոլորի, բոլորը մեկի համար։ Եվ ոչ յուրաքանչյուրը իր համար։
Սոցիալիստական թագավորության մեջ դուն քո ակռայի ցավը պիտի տաս ընկերդ քաշե, ան ալ իր սիրածը պիտի տա դուն վայելես։ Երբ ընկերիդ որդին մեռնի՝ դուն պիտի լաս ու մազերդ փետտես, իսկ անիկա հարսանիք երթա քո փոխարեն։ Ինչո՞ւ։ Վասնզի դուն անոր համար ես, ան՝ քեզի համար։ Եվ բնավ յուրաքանչյուրը իր համար։
Դուն պիտի ընկերոջդ խելքովը մտածես, ընկերդ՝ քո խելքով։ Ու եթե հուսահատեր ես ու ալ անձնասպան կուզես ըլլալ՝ հրազենդ ոչ թե քո, այլ ընկերոջդ քունքին ուղղե։ Եվ աս կըլլա սոցիալիզմ։
․․․Ո՜վ մարդկային տխմարություն։
Այսօր չքավորները կպահանջեն հանուն հավասարության իրենց վրա բաժնել ունևորներու հարստությունը։ Այս դեռ հնարավոր է, իսկ ի՞նչ պիտի ըլլար աշխարհիս վիճակը այն ժամանակ, երբ օր մըն աշխարհիս անտաղանդ բանաստեղծները միացած՝ պահանջեին բաժնել Շեքսպիրին հանճարը իրենց վրա․․․
<b>Չորեքշաբթի 3.</b> ― Այո՛, մեկը բոլորի, բոլորը մեկի համար։
Այս ֆորմուլը եթե հագցունենք Խորհրդային Ռուսաստանին, կստացվի 144 միլիոնը մեկ միլիոն կոմունիստներու համար, իսկ մեկ միլիոն կոմունիստները՝ ոչ ոքի համար։
Աս ալ ձեզի բոլշևիկյան սոցիալիզմ։
⁕ Այսօր պրոֆմիության շենքին պատի տակ մարդ մը և կին մը, երկուքն ալ կույր մուրացկան, իրար գովասանելու էին ելեր։
― Ես քո դեմքեդ ավելի չքնաղը դեռ տեսած չունիմ, ― կըսեր կույր մարդը, դեպի երկինքը ուղղելով փակ աչքերը։
― Ես քոնեն ավելի առնական արտահայտության հանդիպած չեմ, ― կպատասխաներ կույր կինը՝ համեստությանը պատճառով իր աչքերը դեպի վարը հակելով։
Ես անցա սա զույգին քովեն, առանց լսելու աշխարհիս ամենաչքնաղին ու ամենաառնականին հետագա սիրային զեղումները։
Այս սիրահարությունը կհիշեցնե ինձի այն պարագան, երբ Եվրոպայի բանվորներու ներկայացուցիչները Ռուսաստան կուգան ու հայացքը դեպի վեր՝ կհիանան բոլշևիկներու ստեղծած սոցիալիստական կարգերու վրա, իսկ բոլշևիկյան կառավարությունը, աչքը գետնին, կմեծացնե առաջիններու թափած աշխատանքը՝ հայտնելով, որ այդ բոլորը իրենց համար է։
<b>Հինգշաբթի 4.</b> ― Լեհաստանը զորք կտեղափոխե Լիտվայի սահմանը։ Օ՜, կպոռա Խորհրդային Ռուսաստանը սարսափած։ Լորդ Բոլդվինը բան մը կփսփսա Պուանկարեին ականջին։ Օ՜, կաղաղակե Ռուսաստանը, կպատրաստվեն մեր վրա քալելու։ Լեհ վարչապետ Պիլսուդսկին անկարող է շարժում մը կատարել, որ Ռոսիո վրա սարսափ չբերե։ Իր լռությունն անգամ կասկածելի է։
Կճանչնամ 95 տարեկան, ատամները թափած, ներքին արատներով լեցուն, բայց հարուստ ծերունի մը, որ դրամի ուժով տիրացել է քնքույշ, նազելի, բայց աղքատ 16 տարեկան աղջկա մը։ Աղջիկը անխնա վատնեց ծերին ստակը, և երբ վերջինս աղքատացավ՝ քսան տարեկան երիտասարդի մը հետ փախավ։
Մեր պետական կուսակցությանն ալ կսպասե ճիշտ նման վախճան մը։ Արդի մեկ միլիոն անդամները, որ կուսակցությանը կապված են միայն ու միայն դրամով, կուսակցության աղքատության առաջին րոպեին պիտի լքեն լենինյան կուսակցությունը ու փախչեն մենշևիկյան, դաշնակցական կամ մուսավաթ կուսակցության հետ, թողնելով Ստալինին՝ Լենինի փեշը ձեռքին, միայնակ կանգնած իր «անմոռանալի» ուսուցչի գերեզմանին մոտ․․․
<b>Շաբաթ 6․</b> ― Ամեն անգամ, երբ կդիտեմ տոնական շքերթներում բռնության տակ իրար ետև շարված խեղճ անկուսակցական պաշտոնեությունը ամոթխեղդ կերթա, կհիշեմ «Լիվինգստոնը Աֆրիկայի խորքերը» գիրքը, որու մեջ նկարված է, թե ինչպես վայրենիները գերիներու գլուխը կոճղելու մեջ ամրացած, իրար ետև շարած, կքալեցունեն հրացանավորներու հսկողությամբ։
Մեր շքերթներուն հրացանավորներ չեն ետևեր, անոնք հեռվեն կդիտեն միայն ու բացականերուն, վերջեն, գրչի մեկ հարվածով պաշտոնազուրկ կընեն։
<b>Կիրակի 7.</b> ― Ամեն ինչ դրամով։ Ա՛ռ քեզի 1000 ռուբլի՝ ինձի գովե կիլո մը։ Ա՛ռ սա հարյուրնոցը դիր գրպանդ՝ տես ինչքա՜ն գեղեցիկ են մեր կարգերը։ Համեցեք մեզ մոտ ճաշի՝ տեսեք որքա՜ն շինարար ենք։
Կուզե՞ք ապսամբեցնեմ Ավստրիան։ Ահա կարգադրեմ․ «Ընկեր Ռոլանդ, կուղարկեմ քեզի դրամ և խնդրեմ մեկ միլիոն ութը հարյուր հազարի ցույց կազմակերպե Վիեննային մեջ, վիրավորներու ու սպանյալներու համար առանձին»։ Փարիզի՞ն մեջ՝ ահա․ «Փարիզ․ Խորհրդային Ռուսիո ներկայացուցչին։ Կուղարկեմ ձեզի 16 հազար ռուբլի և կարգադրե, որ հատը մեկ ռուբլիով «կորչի՜ իմպերիալիզմ» պոռացվի գլխավոր հրապարակներեն միույն մեջ։ Բարձր պոռացողներուն՝ երկու ռուբլի»։
Իտալիա՝ համեցեք, «Ալեքսևին։ Կուղարկվի ձեզի 40 վագոն ալյուր, ծախե, ցուցարարներուն բաժնե, թող խլրտեն։ Կամ կուզես հաց թխե, թող ուտեն ու գործեն»։ Զվիցերիա՝ ահա․ «Սիմյոնովին։ Կուղարկեմ հարյուրանոց մը 53 ռուբլիի ցույց կազմակերպե՝ մնացյալը դարձուր»։
Իսկ եթե կուզես գիտնալ, թե բոլշևիկյան իշխանությունը դեռ ինչքա՞ն կապրի՝ քսակը շոշափե, եթե կերևա, որ արդեն դատարկ է՝ մի մտածիր, անմիջապես քահանայի մը ետևեն վազե։
⁕ Կուսակցությունը Տրոցկիին ու Զինովևին վտարեց կուսակցութենեն, բայց դուռը ետևնին չի գոցեր, իմացնել ուզելով՝ թե երբ ալ դառնաք, մեր գիրկը բաց է ձեր համար։
․․․Բայց հետաքրքիր է, եթե սա անառակ որդիները դառնան՝ լենինյան կուսակցությունը քանի՞ մարդ պիտի մորթե ուրախութենեն և քանի օր շքերթ պիտի կազմակերպե 150 միլիոն անկուսակցականներե։
<b>Երկուշաբթի 8.</b> ― Այսօրվա լրագրի մեջ տպված է Ստալինի մեկ քիլոմեթրանոց ճառը օպոզիցիայի դեմ, ուր կըսե․ «Օպոզիցիան մեր դեմն է ելեր, կպայքարե, կդավե՝ այդ դեռ բան մը չէ, մենք կրնանք խնդալ միայն իր զուր ջանքերու վրա, բայց, ընկերնե՛ր, սոսկալին այն է, որ իրեն կգործակցեն ոչ կուսակցականները, դուրսի մարդիկ, որու դեմ մենք արդեն անկարող ենք լուրջ միջոցներ չձեռնարկել»։
Ժամանակով Վանի առաջնորդ Վահրիճ եպիսկոպոսին բռնեցին ախոռին մեջ կովի մը հետ միավորման րոպեին։ Քաղխորհուրդը այս դեպքին առիթով հայտարարած իր վճռին մեջ կըսեր․ «Եթե սրբազան հայրը միավորված ըլլար մարդկային ցեղի որևէ անհատի մը հետ՝ այդ հոգ չէր, բայց միավորվել անասունի՜ մը հետ, Աստված իմ․․․ դեպք մըն է ասիկա, որն հանդուրժել անհնար է․․․»
<b>Երեքշաբթի 9.</b> ― Ի՞նչ է պետական շինարարությունը։ Ամառը ձեռք ձեռքի վրա նստել, ձմեռը տուն շինել, որ շաղախը պաղի, որ գարնանը հալի, որ հաջորդ տարի նորեն շարվի՝ նորեն փլվելու համար։
Ի՞նչ է պետական արդյունաբերությունը։ Պետական արդյունաբերություն կնշանակե երեք հազար զույգ ոչխարի կաշի թաց֊թաց և անաղ իրար վրա դարսել ու վերջեն տանել խորը հողի տակ թաղել։
Իսկ այն հարցին, թե ի՞նչ է պետական առուտուրը և բանկոոպը՝ կպատասխանեմ։ Ձմեռվա դեռ սկզբին մեկ գրամ վառելափայտ չունենալ պահեստներուն մեջ ու երթալ մասնավոր առևտրական թուրք Մաշադի Նաղիեն փայտ գնել 45 կոպեկով, բաժնել դպրոցներուն, պաշտոնատներուն և կոմիսարիատներուն։
Ո՜վ կարգեր, որ մասնավոր առևտրականի դիակների վրայեն դեպի սոցիալիզմ տանեք պիտի ժողովուրդը․․․
Հա՛, ես մոռցա ըսելու, թե ի՞նչ կնշանակե պետական գանձարան։
Պետական գանձարան կնշանակե սնդուկ մը, սնդուկին քով մարդ մը, որ կխաբե փայտավաճառ Մուշադի Նաղիին՝ ըսելով․
― Փայտիդ փողը մեկ շաբաթեն եկուր առ․․․
Այս դրության մեջ, կկարծեմ, եթե այդ «սոցիալիզմ» կոչվող ջենեբեթը, խորհրդային երկրին դռները բացած, ներս մտնելու պատրաստ անգամ ըլլա, տեսնելով այս՝ դուռը շրմփալով փակե պիտի ետևեն ու երթա՝ այլևս չվերադառնալու համար․․․
⁕ Ճաշարանին մեջ, ետևիս սեղանին նստած էր սիրահար զույգ մը։ Տղան այսպես կխոսեր․
― Գոհա՛ր ջան, շուտ չամուսնանանք։ Գեթ ամիս մը իրար հետ ապրինք, բնավորությանց ծանոթանանք՝ նոր պսակվենք։
Անմե՜ղ թռչնիկ։
Ես սա 13 տարի կապրեմ կնկաս հետ՝ իբր կրցած եմ ծանոթանալ իր բնավորությանը, մնաց դուն՝ մեկ ամսվա մեջ։
Ամուսնացի՛ր, ամուսնացի՛ր խեղճ տղա։ 60 տարի անգամ ապրիս կնկա հետ՝ իր ինչ ըլլալը նորեն անծանոթ պիտի մնա քեզի․․․
<b>Չորեքշաբթի 10.</b> ― Մոսկվային մեջ այսօր բացվեց կոմունիստական ինտերնացիոնալի նիստը, որտեղ անգլիացի, ֆրանսիացի, գերմանացի և իտալացի պատգամավորները Եվրոպայեն եկած են բոլշևիկյան կարգերը փառաբանելու ու երթալու։ Կդրվատեն կարգեր մը, որոց մեջ չեն ապրեր ու որոց համը չեն տեսեր։
․․․Եթե դրացիս իր բակին մեջ խոզանոց մը շինելու արտոնություն տար, ես խոզաբուծությամբ պիտի զբաղվեի ու խոզը աշխարհի ամենամաքուր կենդանին հռչակեի։
Պատրաստ եմ ամենաչքնաղ արարածը սատանան հռչակել․․․ եթե խոսք տա՝ ինձ բնավ չերևալ․․․
<b>Հինգշաբթի 11.</b> ― Կոոպերատիվը երեք մեթրո ճերմակեղենի հետ վեց մեթրո կանացի շրջազգեստի համար մետաքսեղեն կուտա պարտադրաբար։ Մետաքսեղեն չուզողը անվարտիք կմնա։ Ի՞նչ պիտի ընե ամուրի մը այդ մետաքսեղենը։ Կամ մեկ կին ունեցող ամուսնացած մը որո՞ւ հագցնե այդքան մետաքսեղենը։ Ինչո՞ւ մենակ սպիտակեղեն չի վաճառվեր։
Խելքիդ պուտուկը սիրեմ, կառավարությո՛ւն, որ ժողովուրդիդ անգամ չես կրնար հագցնել ու հավասարության մասին կխորհես։
Նախ վարտիք՝ ապա սոցիալիզմ։
<b>Ուրբաթ 12.</b> ― Խորհրդային պատվիրակությունը Զվիցերիա կերթա զինաթափության կոնֆերանսին մասնակցելու։
Կառավարությունը Ժնևի գազանանոցին ութը վանդակ պարպեց ժամանող պատվիրակներու համար։
⁕ Այսօր մեռեր էր նախագահիս կինը։ Կերթամ ցավակցության և ճամբին կտնտղեմ մխիթարության զինապահեստս։ Ոչինչ կա այնտեղ, բացի «մենք բոլորս ալ մահկանացու ենք»֊են։ Ներս մտա ու նստեցի նախագահիս դիմացը։ Անիկա, բերնին «շնորհակալությունը» պատրաստ պահած, ինձմե մխիթարություն կսպասեր։ Ըսի, ան ալ իրն ըսալով, ու լռեցինք երկար։
Նախագահս թեև այլևս չէր ուզեր ապրիլ ու վճռեր էր որքան կարելի է շուտ հետևել իր սիրեցյալ կնոջը, բայց բավականին տխրեց, երբ հայտնեցի, թե իր վերարկուն բուրդ չէ և երկար չի դիմանա։
<b>Շաբաթ 13.</b> ― Լեհաստանը այնքան նեղ շերտով է ընկեր Ռուսաստանի և Լիտվանյո միջև, որ երբ ձեռքի ձողով կուզե խրատել վերջինիս, ձողին հակառակ ծայրը Ռուսիո գլխին կդպնա, ու անիկա ավելի բարձր կպոռա, քան փոքրիկ ծեծվողը։
Համաշխարհային քաղաքականությունը հիմա անանկ մըն է դասավորված, որ երկրագնդի որ մասին մեջն ալ, եթե պետություն մը որևէ պետության հարվածե, Ռուսաստանը իր տեղեն կպոռա։
Կատարյալ պատերազմամետը․․․
<b>Կիրակի 14</b> ― Մեր նոր վարիչը գրասենյակը մտավ ու դրեց ծառայողներուն այնպես, ինչպես նորընտիր ախոռապետ մը իր ստանձնած ձիերուն։
Մենք մարդ ենք ու ձի չենք։
Բայց եթե իրոք ձի ըլլայինք, ու վարիչը փորձեր հեծնել մեզ, ոչ մեկը մեզմե պիտի դիմանար իր սոցիալիստական ծանրությանը։
Հեծնելու սահմանված ձիերուն այլ կերպ կկերակրեն սովորաբար։
<b>Երկուշաբթի 15.</b> ― Ո՜վ Հայաստան։ Երկիր մը, որ բնավ չկոչվեցար զուտ քո անունով։ Տաճկահայաստան, Պարսկահայաստան, Ռուսահայաստան ու այսօր ալ՝ Խորհրդային Հայաստան։
Իսկ ե՞րբ պիտի կոչվես վերջապես առանց մակդիր Հայաստան։
⁕ Երևանի գավֆին բաժինը մտա, վարիչը տարակուսած ու բարկացած նստեր էր։ Հանրի Բարբյուսին ընթրիք է տրված, իսկ ծախսված գումարը չի գիտեր՝ ո՞ր պարագրաֆով անցունե։
Խե՜ղճ երկիր։ Մեկ փոր հացն անգամ վրադ կերևա․․․
Բայց եթե Բարբյուսն գիտնար, թե Հայաստան գալով պետական հաշիվները խառներ պիտի, անկարելի էր, որ գար կամ հացը հետն առած կմտներ մեր երկիր։
<b>Երեքշաբթի 16.</b> ― ․․․ Եթե դրությունը քիչ մըն ալ ասանկ շարունակվի, բոլոր բնակչությունը հաշվապահ պիտի դառնա, ու բանաստեղծությունն ալ, արձակն ալ թվանշանով պիտի գրվե։
Այս միտքը կանցնե գլխովս ամեն անգամ, երբ պետական որևէ հիմնարկ կմտնեմ։
Այն գործը, որ բնականոն երկրի մը մեջ փերեզակները կընեն, հիմա կառավարությունն է ստանձներ։ Երկու մսխալ ծամոն կամ փողկապի մը կոճակ գնելու համար պետական որևէ խանութ պիտի դիմես։ Ու այդ կոճակն ու ծամոնը եթե երեք կոպեկ անգամ արժենա, տարի մը ամբողջ շրջան պիտի ընե ամեն մեծության մատյաններու մեջ՝ անցնելով այնքան զույգ աչքերե, ինչքան պաշտոնյա կա պետության մեջ։ Ատաղձագործները «չոթք» միայն կշինեն ու վարժապետները հաշվապահություն միայն կավանդեն։
Ու եթե իր աղքատությունը հաշվելու համար այսքան աշխատակիցներու պետք է ունեցեր սա Խորհրդային Միությունը, ինչ պիտի ըլլար իր դրությունը, եթե քիչ մը հարուստ ըլլար։
⁕ Այսօր կնկաս հետ կես ժամ վիճեր եմ։ Ան կըսեր տղայի մահճակալը 120 սանթիմ շինելու է, ես՝ 110։ Բայց լավն այն է, որ ընտանիքե փոքր ենք, չէ նե քանի մը կողմնակից կինս պիտի գտներ, քանի մը՝ ես, և ընդամենը տասը սանթիմի տարածության վրա երկու կուսակցություն կազմվեր։
․․․Հետաքրքիր է, լենինիզմի և տրոցկիզմի հեռավորությունը քանի՞ սանթիմ է։
<b>Չորեքշաբթի 17.</b> ― Կանաչ մարգագետնի մը վրա ինկած սալաքար մը տեսած ունի՞ք։ Նկատե՞ր եք՝ ինչպես քարի ծանրության տակ, աևէ ու լույսե հեռու կանաչությունը գետնին կմամլվե, գունատ ու կոտրված ընձյուղներ կարձակե դեպի արևելք, որ լույսի հանդիպի, ապա կհուսահատի ու կաճի դեպի արևմուտք, ապա՝ հյուսիս, հետո՝ հարավ, ստանալով ծուռումուռ տխեղծ կերպարանք մը։
․․․Այդ մենք ենք՝ 150 միլիոն ժողովուրդս, բոլշևիկյան ռեժիմին տակ։
⁕Սենյակիս մեջ նստած լսեցի՝ կիսն ջրկիրին երկու ոտք ջուր պատվիրեց։
Ըսել է՝ ոսպնապուր պիտի ուտենք այսօր․․․
<b>Հինգշաբթի 18.</b> ― Պետական շենքեր կառուցող ճարտարապետները մեծ սխալ մը կգործեն, երբ նախահաշվին մեջ այսքան տակառ ցեմենտ, այսքան գերան, այսքան կղմինդր կգրեն, մոռանալով պահանջել նաև հատ մը Վահան Թոթովենց։
Ենթադրենք ճարտարապետը քսան հատ խոշոր տուն է շիներ կամ մեծ ջրանցք մը, ի՞նչ արժեն այդ բոլորը, երբ Թոթովենց մը չունին, որ այդ մասին գրե «Խորհրդային Հայաստանին» մեջ։ Կառավարությունը խոմ տուն չի՞ շիներ բնակվելու համար, անիկա ինչ որ շինե, թերթին մեջ գրելու համար է։
Մեզի փափուկ քարե ու ամուր փայտե ավելի պետք են թոթովենցնե՜ր։ Զարկ պետք է տալ թոթովենցներու արտադրությանը, որք եթե կատարելագործվեն, օր մը կրնան այնքան ավտոմատիք դառնալ, որ արդեն չկառուցված ու չկառուցվելիք շինությանց համար ալ ներբող ու դրվատիք գրեն։ Շինարարության ձև մը, որ ամենեն դյուրին և ամենեն աժանը պիտի ըլլա։
⁕Կըսեն ամերիկացի գիտնական մը ուսումնասիրելով կենդանիներու կյանքը, գտեր է, որ կապիկներու ցեղ մը կխոսե։
― Այդ ցեղը կոմունիստ ըլլալու է, ― բացականչեցի ես առանց երկար մտածելու, ― վասնզի աշխարհիս մեջ այն բոլոր ցեղերը, որք չպիտի խոսեին, բայց կխոսեն՝ բոլշևիկ են։
⁕ Կեսօրին ծույլ֊ծույլ տուն եկա, նստեցի ճաշի։ Վաղուց էի կշտացեր, վեր պիտի ելնեի սեղանեն, եթե ճաշեն վերջ ընելիք մը ունենայի․․․
― Լեցո՛ւր կին, պնակ մըն ալ լեցուր այդ ապուրեն ու ջրկիրը ջուրի ղրկե։
Ուտենք ոչ թե ապրելու, այլ ուտենք չապրելու համար․․․
<b>Ուրբաթ 19.</b> ― Պաշտոնատունին մեջ աշխատածս ժամանակ, մեկը սեղանիս մոտեցավ ու կըսե․
― Աղվոր խոշորացույց մը ունիմ և կառավարությանը կուզեմ ծախել, ո՞ւր դիմեմ։
― Ո՞ւր դիմես․․․ շինարարության բաժինը գնա, ― պատասխանեցի։ ― Իրենց փոքրիկ գործերը մեծցունելու համար հոգի կուտան և շատ բարձր գնով կառնեն խոշորացույցդ։ Իսկ չունի՞ս խոշոր բաներ սաստիկ մանրացնող գործիք մը։
― Ոչ, ― պատասխանեց անծանոթը։
― Նման գործիք մը մեր կառավարության պակասություններու համար շատ կարևոր պիտի ըլլար ու թանկ ալ պիտի գնահատվեր, ատ ալ ըսեմ, ― ավելցուցի։
⁕ Դուրսը սաստիկ ձյուն կտեղա։
<b>Շաբաթ 20.</b> ― Ժնևի խաղաղասիրական կոնֆերանսին Ռուսաստանի ներկայացուցիչ Լիտվինովը արտասանեց իր ճառը, որ Մոսկվայեն Զվիցերիա ճամբին սերտած կերևա։
Ֆրանսիո ներկայացուցիչ Պոլ֊Բոնկուրը չփրթկալու համար լեզուն այնպես է կծեր, կըսեն, որ հիմա «ուրիշ լեզվով» կխոսե։ Անգլիո պատվիրակը դանակով վեց տեղ վերք է հասուցեր իրեն․․․ որ չխնդա։
Ա՜յ քեզի խելոք միտք․․․
Եթե տարին անգամ մը բոլշևիկ Ռուսաստանը ասանկ ճառախոսներ ղրկե Եվրոպա, քանի մը տարիեն Եվրոպա արյունաքամ պիտի ընե։
⁕ Ձյունը կարկուտի կվերածվե։
<b>Կիրակի 21.</b> ― Որովհետև բոլոր աչքի զարնող ու անուն ունեցող բոլշևիկները լքեր են կուսակցությունը, այդ պատճառով կուսակցականները բոլոր շունչով մեկ կփչեն Ստալինին՝ զայն կուսակցապետ դարձնելու համար։
Խեղճ մարդը չի կրնար փռնքտալ՝ մեկ ալ տեսար հազարավոր ամբոխ «ուռա՜» պոռաց ու անդին մյուզիքը «ինտերնացիոնալ» երգեց։
Թեև Ստալինը համեստ մարդ է ու նման բաներե խուսափելու համար միշտ բերանը գոց կպահե, սակայն, չէ՞ որ մարդս միայն բերնեն չէ, որ ձայն կհանե․․․
⁕ Այսօր տղուս համար մահճակալ մը բերի տուն՝ մայրը կպոռա, թե մեծ է, չեմ ընդուներ։
― Ամեն բանի համար մի՛ պոռար, կի՛ն, ― ըսի ինքս ինձմե ելած։ ― Տղան փոքր է մահճակալին համեմատությամբ՝ քանի մը անգամ «ուռա՜» կպոռանք ու «ինտերնացիոնալ» կնվագենք, կլմննա կերթա։
Օ՜ֆ, այս կիներ․․․
<b>Երկուշաբթի 22.</b> ― Հայաստանի միակ օրաթերթին մեջ տպված է պետության տարեկան շինարարության մասին։ Հոն կիսատ մնացած շինարարություններու մեղքը ոչ թե պետության վրա է ձգված, որ չի կրցած որոշված ժամանակին ավարտել, այլ դուրս է բերված, որ ձմեռը քիչ մը աճապարեր է այս տարի․․․
Է՜ ձմեռ, դուն ալ։ Ինչո՞ւ կխանգարես մեր շինարարությանը։ Ամիս մը ուշ գալով, ի՞նչ է, կվնասեիր։
⁕ Երեխայիս մահճակալ եմ առեր՝ տասը սանթիմ ավելի երկար, քան կցանկանար կինս։ Ամեն առտու սենյակն ավլելիս պիտի կրկնե․
― Ես քեզի չըսի՝ 110 սանթիմ պատվիրե․․․
Հավատացած եմ, որ եթե հինգ տարի ալ անցնի, երեխան այնքան երկարի, որ մահճակալը 50 սանթիմով կարճ գա իրեն, կինս ամեն սենյակը ավլելիս պիտի շարունակե ըսել․
― Քեզի չըսի՝ 110 սանթիմ պատվիրե։
Այսպես են բոլոր իրենց սկզբանց վրա հաստատ կեցողները։
Ապրի՛ իմ կնիկը։
<b>Երեքշաբթի 23․</b> ― Կոմկուսակցությունը զոռ է տվեր իր «առաջ քաշման» սիստեմին։
Գիտե՞ք ինչ կնշանակե այդ։
Ըսեմ։ Ենթադրե դռնապան մը, որ մեկ գիշերվա մեջ գանձապահության կկանչվե։ Կամ իր անվան մեջ երկու տառասխալ գործող մը՝ դպրոցական տեսուչ կկարգվե, կամ համետագործ մը «Կանացի շոր» արհեստանոցը կառավարելու կերթա։
Այս «առաջ քաշման» սիստեմը մարդոցմե ավելի կենդանիներուն է հարկավոր։
Կարելի է մեկ գիշերվա մեջ գավառիս բոլոր էշերը ձի դարձնել․․․
⁕ Համար 2 կոոպերատիվին մեջ թոփ մը սպիտակեղեն է դրված ու վրան գրված՝ «Բայց կթողնվի միայն պրոֆմիության անդամներուն»։
Ասով ուրեմն պրոֆմիության տոմսն ավելորդ կդառնա։ Նայելու է, ով վարտիք ունի հագին, ան անդամ է։
<b>Չորեքշաբթի 24.</b> ― Համամիութենական կենտգործկոմի նախագահությունը ողջ Ռուսաստանի համար աչքացավի պարտադիր բժշկություն կսահմանե։
․․․Հոգու ու մտքի աչքերը պարտադիր կարգով կկուրացնեն, մարմնունը՝ կբանան։
Կհարցնեմ․
― Այդ աչքերով ի՞նչ տեսնելու համար։
⁕ Եթե օր մըն ալ համար 2 կոոպերատիվը «արդյունաբերության բարձրացման» հետևանոք ստիպվի միայն կոմունիստներուն բաց թողնել սպիտակեղենը, մենք ի՞նչ պիտի հագնենք։
Եթե անոնց հիները հագնելու ըլլանք, արդյոք «թեկնածու» չե՞նք համարվելու։
․․․Տկլոր կպտտիմ, բայց «թեկնածության» մեջ թույլ չեմ տա կասկածվել։
<b>Հինգշաբթի 25․</b> ― Ռակովսկիի օպոզիցիա դառնալու պատճառով Կիևի քաղաքային խորհուրդը որոշեր է Ռակովսկիի ռայոնը Հոկտեմբերյան ռայոն կոչելու։
Ռակովսկին երիտասարդ մարդ է և մինչև իր մահը կրնա ութն անգամ իր քաղաքական հայացքները փոխել։ Այդ ռայո՞նն ալ ուրեմն իր անունը ութն անգամ պիտի փոխե։
Խե՜ղճ ռայոն։
<b>Ուրբաթ 26.</b> ― Երեկ քրոջս փեսայի տուն այցի գացի։ Փեսան անասնավաճառ է։ Նիհար անասուններ կառնե, կգիրցնե ու մսագործներուն կծախե։ Վերջերս ութը ղոչ է գներ ու կգանգատեր, թե ինչքան կաշխատե՝ չեն գիրնար։
― Կոմունիստ գրե, ― ըսի ես, ― որպես վերջին միջոց, եթե չպարարտացան՝ հույսդ իսպառ կտրե։
⁕ Լիտվինովը, զինաթափման կոնֆերանսեն Մոսկվա վերադառնալով, զեկուցում կուտա, ըստ որու՝ միակ անկեղծ զինաթափվողը Խորհրդային Ռուսաստանն է հանդիսացեր։
Ի՜նչ խոսք։
Եթե ճիպոտով ու քանոնով զինված վարժապետ մը իր ստահակ աշակերտներու հետ զինաթափման կոնֆերանս մը գումարե՝ ի՞նչ կկարծեք, կրնա՞ պատահել, որ աշակերտները չկամենան հանուն այլևայլ գաղափարներու կատարյալ զինաթափություն․․․
Կամ մուկը պիտի հակառակվի՞, եթե կատուն իր ակռաները քաշել տա։
․․․Մեծ և մինչև իսկ զառամյա՜լ երեխաներ։
<b>Շաբաթ 27.</b> ― Անառակ ընկեր մը ունիմ, որ շարունակ արգելյալ պտուղ է վայելեր։ Խոսակցության մեջ կըսե․
― Ա՜խ, չես գիտեր՝ ինչքան պիտի սիրեի կնկանս, եթե իմս չըլլար․․․
⁕ Ավետիք Իսահակյանը, որ կարոտակեզ Խորհրդային Հայաստան եկավ, կպատրաստվե փախչել իր սիրասուն երկրեն․․․
Այդպես է, առանց հարսնացուին երեսը տեսնելու ամուսնանալ՝ միշտ նման հետևանքներ կունենա։
<b>Կիրակի 28.</b> ― Վեց տարվա աշխատանքով և տասնվեց միլիոն ռուբլի ծախսով Թիֆլիսին մեջ «Զագէս» էլեկտրակայան շինվեցավ։ Բացման օրը ողջ Ռուսաստանն ու Կովկասը իրար անցան։ Բայց, ո՜վ խայտառակություն, տասնյակ հազարավոր ձիու ուժ ունեցող այդ կայանը․․․ գործ չունի կատարելու։ Վրաստանի հատ ու կենտ գործարանները, չունենալով էլեկտրականությամբ շարժվելու համար սարքավորում, նախկին ձևով կշարժեն իրենց մեքենաները, իսկ հիդրոկայանը շարժելու անիվ կփնտրե՝ չի գտներ․․․
Ահա ձեզի հոյակապ բերան մը, որ ուտելիք չունի։
Պետք կա՞ ավելցնելու, որ բան մը ունենալը չի բավեր, զայն գործածել գիտնալու է։
Լիվինգսթոնը կպատմե գդալին անծանոթ վայրենի ցեղի մը մասին, որք երբ ծանոթացան գդալին, երկար ատեն գործածելը չիմանալով՝ ապուրը գդալով կվերցնեին, կլեցունեին ափին մեջ՝ նոր կուտեին։
Մեր վայրենիները էլեկտրակայան շիներ են ու նավթով գործարան կաշխատցունեն։
Տարբերություն կա՞ մեջերնին։
⁕ Այս գիշեր մանչ մը ունեցա ու անվանը համար վեճի եմ մտեր կնկաս հետ։
<b>Երկուշաբթի 29.</b> ― Փողոցին մեջ բոլոր քալողները բերնին մեծ հայհոյանք մը սղմած կքալեն։ Եթե մոտենաս ու հարցնես մեկին, թե՝ ներեցեք ո՞րն է Ռուբենի փողոցը՝ պիտի տեսնես, որ մարդը մինչև բան մը կուլ չիտա, չի կրնար պատասխանել՝ քովի փողոցով դեպի աջ գացեք, ընկե՛ր։
Եթե անանկ երկրաշարժ մը ըլլա, որ բոլոր բնակիչները մեկեն գետին իյնան բերանքսիվայր՝ «կորչի բոլշևիզմ» պիտի գլորվի բոլորի բերնեն՝ միաժամանակ։
․․․Բառեր մը, որ բնավ չի ըսվեր, բայց սաստիկ լսելու պետք ունի ամեն մեկը։
Տաճկաստանին մեջ, Համիդի օրոք, երբ հայ մը հրացան առնելու ըլլար, փորձելու համար ջրհորի մեջ կպարպեր, որ լսելի չըլլար իշխանությանը։
Հոս ջրհորներ չկան։ Ապա թե ոչ, ժողովուրդը գլուխը ներս կոխած պիտի պոռար իր բոլոր ձայնովը՝ «կորչի՜ բոլշևիզմը»։
⁕ Մեր կաթնավաճառ Յուսուֆը որովհետև «ընկեր» կոչել չի ուզեր, «պարոնը» արգելված է, «եղբայր» չի հարմարեր, այդ պատճառով «Արամ ջան» կըսե ինձի։ «Արամ» չըսելու համար։
<b>Երեքշաբթի 30.</b> ― Երեկ երեկոյան մեկ ոտանի չեկիստ մը՝ Դուրգարյան ազգանունով, փողոցին մեջ աղջկա մը պատճառով ինքզինքը սպանեց։ Այսօր մահազդն է տպված, բայց սխալ։ Չէ՞ որ իր մեկ չորրորդ մասը նախանցյալ տարի մեռավ։ Ուրեմն պետք է գրվեր․ «Եղերական մահով մեռավ Դուրգարյանի երեք չորրորդ մասը» և ոչ մեկ ամբողջ։
Եվ Գաբրիել հրեշտակապետն ալ նույն չափով ստացական պահանջելու է։ Չէ՞ ան ալ Աստծո առաջ հաշվետու է։
Իր մահով դժոխքն օժտվեցավ «ակտիվ» սատանայով մը։ Ուներ վեց տարվա դժոխային «ստաժ»։
⁕ Մեր երեխայի անվան շուրջ համաձայնության չեկանք տակավին։ Եթե ասանկ մեր սկզբանց կառչած մնանք, ապահովաբար երեխաս անանուն մնա պիտի։
<b>Չորեքշաբթի 1.</b> ― Գավգործկոմը 32 «պարտադիր որոշում» մեկ անգամեն է փակցուցեր քաղաքի պատերը՝ ի կատարումն քաղաքացոց։ Իզուր այդքան։ Մարդս այս ռեժիմին ընդամեն վեց գործողություն հազիվ կկատարե, ու 32 հանցանք կատարելու տեղ չկա։
32 «որոշում» մեկ անգամեն անօգուտ ըլլալե զատ, շփոթություն կառաջացնե քաղաքացոց գործողության մեջ։ Ավելի տրամաբանական պիտի ըլլար, եթե Գավգործկոմը հրատարակեր ոչ թե այն բոլորը, որ արգելված է ընել, այլ ավելի հակիրճ ըլլալու համար՝ անոնք միայն, որք քաղաքացիք իրավունք ունին կատարելու։
Աստված, օրինակ, Ադամին չըսավ դամոնի, տանձի, սալորի, ծիրանի ծառեն կեր, միայն սա խնձորեն մի ուտեր, այլ՝ այս խնձորեն զատ մնացյալ բոլոր ծառերեն կեր։
Գավգործկոմն ալ, նմանվելով Աստծո, կրնար պատին փակցունել հրաման մը, ըստ որու ուտելեն ու քնելեն զատ, մնացած բոլոր գործողությունները հանցանք համարվեր ու ենթակա 100 ռուբլի տուգանքի կամ երեք ամիս պարտադիր աշխատանքի։
⁕ Սկսվեցավ Համահայաստանյան կուսակցական համագումարը։ Սկսվեցավ «շինարարությանց» ու «վերելքի» շարանը։ Նորեն աղվեսն իր պոչի հետ սկսեց խաղալ։
<b>Հինգշաբթի 2.</b> ― Կոմունիստ երիտասարդության մեջ ինքնասպանության դեպքերը կբազմանան։ Թերթը, այդ բանի առաջն առնելու համար, կառաջարկե շուքով չթաղել այդպիսիններուն, որ խրատվեն։
Պատվական միջոց է։
Ու եթե վաղը Ժողկոմխորհը հրամայե բոլորովին չթաղել մեռելներն ու մինչև իսկ անպատվել դիակները՝ Հայաստանին մեջ, հավանաբար, մահվան սովորությունը իսպառ վերանա․․․
⁕ Այսօր պետքարանին մեջ ընկած պատի օրացույցի թերթիկի մը վրա կարդացի․ «Կան մարդիկ, որոց մահը ավելի նշանակալից է, քան կյանքը»։
Չիմացա, որ թվի օրացույց էր այդ․․․
Մեր ժամանակները կյանքի ու մահվան սահմանները այնքան են ջնջվեր, որ մինչև աձանձին ճիգ չգործադրես, չես իմանա, որ կենդանի ես։
Մեր ո՛չ կյանքն է նշանակալից, ո՛չ մահը։ Կամ իրավունք ունի՞նք մեռնելու, երբ բնավ չենք ապրած․․․
<b>Շաբաթ 4.</b>― Իմ պակասություններու համար բնավ չեմ կարմրեր, թող կարմրի ան, ով ստեղծեց ինձի, իմ առավելությունների վրա բնավ չեմ պարծենար, թող պարծենա ան, որի ձեռագործն եմ ես։
Կուժը մի՞թե պատասխանատու է իր ծուռ բերանին համար։
․․․ Կուզեի անլուր արատ մը ունենալ, որ դատապարտվեր իմ հեղինակը․․․
⁕ Օ՜ֆ, այս վարի անցքեն ինչ ցուրտ կփչե, ըսես սառնարան ըլլա։