Changes
Հետ է շրջվում 13490 խմբագրումը, որի հեղինակն է՝ [[Special:Contributions/Թոբիաս|Թոբիաս]] ([[User talk:Թոբիաս|քննարկում]]) մասնակիցը
Նա նորից սկսեց լողալ, հանկարծ զգալով իր մարմնի կատարյալ ուժասպառությունը։ Նավը տեսնելու առաջին, ցնծագին հրճվանքը կլանեց ամբողջ վառելիքը, և կրակն այժմ կրկին մարմանդ էր։ Նա խոժոռ լողում էր, թևերը սեղմելով ջրի մեջ, հայացքը կամարների տակից առաջ նետելով, ասես այն կարող էր իրեն խարսխել ապահովությանը։ Ուրվագիծը շարժվում էր՝ մոտենում, բայց ավելի հստակ չէր դառնում։ Նրա ստորոտում մեկ֊մեկ նավի կտրած ալիքի պես մի բան էր երևում։ Նա դադարեց նայել այդ կողմն ու շարունակեց մեկ լողալ, մեկ գոռալ, մարմնի վերջին ուժերը սպառելով։ Շուրջբոլորը շարունակ աճող, կողոպտել ջանացող կանաչ սաստկություն էր, նա պարուրված էր մուժով ու ցոլքով, աչքերի առջև կարմիր էր տրոփում՝ ի վերջո մարմինն անձնատուր եղավ ու փռվեց ալիքներին, և մութ ստվերը ծառացավ նրա վրա։ Սեփական պայքարի ձայների միջից նա լսեց փշրվող ալիքների աղմուկը։ Ապա գլուխը բարձրացրեց, և ահա՝ երկնքի մեջ մխրճված ժայռը, վրան ճախրող ճայով։ Նա ջրի մեջ վեր մղվեց ու տեսավ, թե ինչպես էր ամեն ալիք մի պահ սմքում, հետո վեր նետում փրփրած ձեռքն ու անէանում, ասես ժայռը նրան կուլ էր տվել։ Սկսեց լողալու շարժումներ մտածել, բայց արդեն գիտեր, որ մարմինն այլևս իրեն չի ենթարկվում։ Նրա ու ժայռի միջև մնացած ալիքի կատարը հարթվեց, տարակուսած փափկեց ու կտրուկ ցայտեց վեր։ Նա սուզվեց ու առանց գիտակցելու տեսավ, որ կանաչ ջուրն այլևս դատարկ չէ։ Դեղին ու դարչնագույն էր հայտնվել։ Անսանձ ջրի խենթ ու անձև քրթմնջոցի փոխարեն նա հանկարծակի շառաչ լսեց։ Հետո ընկղմվեց երգող աշխարհի գիրկը՝ ինչ֊որ մազմզուկներ սկսեցին հպվել դեմքին, հանկարծ նշմարվեցին քարի ու ջրիմուռների խառնաշփոթ մերձությունը վկայող մանրամասերը։ Դեմքին քսվեցին դարչնագույն շոշափուկները, ապա, կործանարար ցնցումով, նա բախվեց կարծրությանը։ Տարբերությունը կատարյալ էր, այն զգացվում էր մարմնի տակ, ծնկների ու դեմքի վրա, նա կարող էր մատները փակել վրան, մի պահ՝ անգամ կառչել դրանից։ Բերանն առանց կարիքի բաց էր մնացել, աչքերն էլ էին բաց՝ նա սևեռուն ու մտերիմ շփման մի պահ ապրեց դեմքին համարյա քսվող երեք խեցու հետ, երկուսը՝ փոքր, մեկը՝ մեծ։ Բայց և այնպես հեղհեղուկ խոնավության աշխարհից հետո այդ կարծրությունն ահարկու էր ու օրհասական։ Այն ոչ թե թրթռուն էր, ինչպես նավի իրանը կարող էր լինել, այլ՝ անողորմ ու խուճապազդու։ Աննպատակ գլորվող ջրի հազարավոր մղոններից հետո այն հանկարծակի գոտեմարտի էր բռնվում։ Նա զգաց, թե ինչպես է ինքը խեցիներից անջատվում ու հեռացվում, գլխիվայր շուռ տրվում, ու շպրտվում ջրիմուռների ու խավարի գիրկը։ Նա խճճվեց լպրծուն ճոպանների մեջ, բայց դուրս պրծավ։ Ապա նշմարեց լույսն ու մի բերան օդ ու փրփուր կուլ տվեց։ Նա տեսավ ժայռի պատառոտված եզրովն ի վեր ծառացող ջրափոշու սյուները, և Ատլանտյանի մեջտեղում ցցված ժայռի տեսքն այն աստիճան նրան ահաբեկեց, որ նա վայրի գազանի պես ոռնաց, շռայլելով օդի պաշարը։ Նա ընկղմվեց կանաչ անդորրի գիրկը, ապա նորից ետ մղվեց ու շպրտվեց մի կողմ։ Ծովը նրանով այլևս չէր խաղում։ Այն զսպել էր իր կատաղությունը և որսկան շան պես նրան հանդարտ ու զգույշ առաջ էր տանում։ Ոտնաթաթեին ու ծնկներին կարծր բաներ էին քսվում։ Ծովը նրան մեղմիկ ցած դրեց ու նահանջեց։ Նրա կուրծքը և դեմքը, ճակատի մի կողմը հպվում էր կարծրությանը։ Ծովը վերադարձավ ու քսմսվեց նրա դեմքին, լպստելով այն։ Նա շարժումներ մտածեց, որոնք չիրականացան։ Ծովը նորից հետ եկավ, և նա կրկին շարժումներ մտածեց, որոնք այս անգամ իրագործվեցին, քանի որ ջուրն իր վրա էր վերցրել նրա ծանրության մեծ մասը։ Կարծր բաների վրայով նա շարժվեց առաջ։ Ամեն ալիք նրան փոքր֊ինչ առաջ էր մղում։ Նա զգաց, թե ինչպես ծովը հոտոտեց իր ոտքերը, ապա՝ քիթը սեղմեց թևատակին։ Այն այլևս դեմքը չէր լպստում։ Առջևում մի պատկեր էր, որ զբաղեցնում էր կամարների տակի ամբողջ տարածքը։ Այն իմաստ չուներ։ Ծովը նորից հպվեց նրա թևատակին։
Նա անշարժ պառկած էր։ Փրփուրը ներս ծծվեց, գլաքարերն ատամների պես կրճտացնելով։ Ալիքն ալիքի հետևից նա դիտում էր, թե ինչպես փրփուրի ամեն պոռթկում ավելի ու ավելի գլաքարեր էր ընդգրկում, հետ դառնալիս տեսադաշտում պակասը թողնելով։ Դիմացի ժայռն այլևս անջրպետ չէր, այլ՝ սոսկ ձևական պատնեշ։ Խոռոչը գնալով ավելի ուղղակի էր կապվում ծխացող կանաչ ծովի անողոք առաջընթացին։ Նա ջրից ետ ընկրկեց ու դարձավ դեպի ժայռը։ Կաթկթող ջրիմուռներով, տաղտուկ ու անմիտ խեցիներով ու դոնդողներով բնակեցված խավար, արտաքնոցակերպ խոռոչը լուսնի արտոնությամբ ցամաք էր դառնում լոկ օրական երկու անգամ։ Այն ապահովության պատարանք էր ստեղծել, սակայն իրականում ծովի որոգայթ էր, նույնքան խորթ շնչավոր կյանքին, որքան նախորդ գիշերվա հեղհեղուկ տարերքն ու ուղղաձիգ մղոնը։ Ճայը ճչաց նրա հետ միասին, և նա ուշքի եկավ։ Գլուխը հենելով ժայռին, նա սպասեց, որ սիրտը հանդարտվի։ Փրփուրը քսվեց ոտքերին։ Կանգնելու համար շատ քիչ տեղ էր մնացել, իսկ այն գլաքարերը, որոնց նա կառչել էր ցամաք շպրտվելիս, հիմա կանաչ էին ու դեղին թռվռուն ջրի կես մետրանոց խորքում։ Նա նորից շրջվեց ժայռի կողմն ու բարձրաձայն ասաց․ ― Վերև՛։ Նա նայեց շուրջը, հենակետեր փնտրելով։ Ելուստների ընտրությունը բավական մեծ էր։ Նրանց թաց ուրվագծերի դիմաց ձեռքերը տկար էին ու լպրծուն։ Մի պահ նա, ժայռին հենված, հավաքագրում էր մարմնի վերջին ուժերը։ Ապա աջ ոտքը վեր քաշեց ու դրեց մոխրաման հիշեցնող բացվածքի մեջ։ Մոխրամանը եզր ուներ, բայց՝ ոչ սուր, և ոտքը ոչինչ չզգաց։ Նա դեմքը մամռոտ պատից հեռացրեց ու ուժ տվեց, մինչև որ աջ ոտքն ուղղվի։ Ձախ ոտքը ճոճվում ու դեսուդեն էր բախվում։ Նա ձախն էլ հարմարեցրեց մի ելուստի ու մնաց խաչված, գլաքարերից ընդամենը մի քանի մատնաչափ բարձր։ Նա նայեց դեմքի առջև, անկյունը պատած, քարացած կաթիլներին, ասես նախանձելով նրանց անդորրին։ Ժամանակը կաթիլ֊կաթիլ անցնում էր։ Տեսադաշտը նորից կիսվեց։ Ներքևում անձավի վերջին գլաքարերը խշխշալով անձնատուր եղան ջրին։ Փրկագոտու վրայով, մոմլաթե բաճկոնի բացված փեշի միջով նա նայեց անկյան տակի թաց գլաքարերին։ Տեսավ իր հաստ գուլպաները և մտովի ոտքերը տեղադրեց նրան մեջ։ <b>Երանի՜ կոշիկները հանած չլինեի։</b> Նա զգուշորեն փոխեց աջ ոտքի դիրքն ու ձախ ծունկը շտկեց, ծանրությունը տեղափոխելով նրա վրա։ Ոտքերը զարմանալի խտրություն էին ցուցաբերում։ Նրանք հրաժարվում էին ընկալել քարը, եթե այն սուր չէր։ Ոտքերը նրա մասն էին դառնում միայն այն դեպքում, երբ ցավ էին պատճառում կամ երևում էին։ Հերթական ալիքը հասավա անկյանը և չլմփաց ճիշտ դրա գագաթում, ոտքերի ու փրկագոտու արանքով ջրափոշին ցայտելով նա դեմքին։ Նա ձայն հանեց և նոր միայն հասկացավ, թե ինչ ստվար մսեղեն հավելում է քարշ տալիս իր հետ։ Ձայնը ծագեց կոկորդում, կլթկլթաց ու լռվեց։ Բերանը անմասն էր, բայց՝ բաց։ Ծնոտը թուլակամ ընկած էր բրեզենտի կոշտ օձիքին։ Կլթկլթոցը սաստկացավ, և նա ատամները չրխկոցով իրար բերեց։ Խոսքերը գալարվեցին ատամների ու վերևի սառած շրթունքի արանքով․ ― Ոնց որ մեռել։ Նոր ալիքը կրկին փոշի ցանցեց նրա դեմքին։ Նա սկսեց մագլցեց։ Խորդուբորդ մակերեսով վեր սողաց այնքան, մինչև որ խեցիներն ու միդիաները վերացան և ժայռից այլևս ոչինչ չէր կառչում, բացի իրենից ու ջրիմուռների աննշան կանաչ մնացորդներից։ Ամբողջ ընթացքում քամին նրան ծեփում էր պատին, իսկ ծովը խառնաշփոթ ձայներ էր հանում։ Անձավը գնալով նեղանում էր, մինչև որ նրա գլուխը դուրս ցցվեց վերևի անցքից, որը մարմնից առանձնապես լայն չէր։ Նա երկու կողմից պնդացրեց արմունկները և վեր նայեց։ Անձավի ամենանեղ մասից վեր ժայռը դեմքի առջև ձագարաձև լայնանում էր։ Ձագարի պատերը բավականաչափ հարթ էին, համենայն դեպս սոսկ շփման ուժով մարմինը չէին պահի։ Նրանք կտուրի պես բարձրանում էին դեպի ժայռի կատարը։ Դեմքից մինչև ձագարի վերին եզրն ընկած հեռավորությունը մոտ երկու մարդաբոյ կլիներ։ Նա սկսեց դանդաղ պտտել գլուխը, բնվելու տեղ փնտրելով, բայց ոչինչ չգտավ։ Ճանապարհի կեսին մի փոքր փոս կար, բայց չափից սաղր՝ բռնվելու համար։ Նրա ողորկ եզրն ապահով չէր թվում մատների համար։ Անձավի ներսից շրմփոց եկավ։ Անկյան մեջ ջրի արդեն ստվար զանգված լցվեց, պոռթկաց ու քաշվեց հետ։ Փրկագոտու վրայով նա աչքի տակով նայեց ցած, ոտքերի միջև։ Գլաքարերի աղոտ պատկերը մի պահ մաքրվեց, ապա նոից չքացավ կանաչ ջրի ներխուժման տակ։ Մարմնի ու ժայռի միջև ջրափոշի ցայտեց։ Նա վեր քաշվեց և գոտկատեղից վեր պառկեց ձագարի լանջին։ Ապա ոտքերով գտավ արմունկների օգտագործված անցքերը։ Ծնկները դանդաղ շտկվեցին, մինչև նա, շունչը կտրվելով, աջ ձեռքը պարզում էր առաջ։ Մատները հասան ու կառչեցին փոսի հարթ եզրից։ Նա մի ոտքը հենակետից պոկեց և ծունկն առաջ հրեց։ Ապա վեր քաշեց նաև մյուսը։ Նա մնաց անցքից քիչ վեր կախված, ապավինելով մի ձեռքին ու շփմանը։ Սակայն մատները թրթռացին ու տեղի տվեցին, սայթաքելով փոսորակի եզրից։ Մարմինը ցած սահեց և նորից հայտնվեց անցքի վրա։ Մնաց պառկած, աջ ձեռքը վեր պարզած ու ոչինչ չտեսնելով։ Ծովը հափշտակում էր անձավը։ Մի քանի վայրկյանը մեկ ներքևից լսվում էր ալիքի շրմփոցն ու նահանջի ձայնը։ Ջրի ծանր կաթիլներն ընկնում էին դեմքի առաջ ու ցած գլորվում ձագարի լանջով։ Հերթական մի ալիք ուժգին պոռթկաց, ջրով ողողելով նրա ոտքեը։ Նա դեմքը ժայռից բարձրացրեց և գոտեմարտեց անհանզանդ մկանների հետ։ ― Ոնց որ խեցի։ Որոշ ժամանակ մնաց անցքի վրա կքված։ Անկյունում այլևս գլաքարեր չէին երևում։ Ջրափոշու ցայտումների ընդմիջումներում մնացել էր լոկ դրանց երերուն հուշը։ Ապա դա էլ չքացավ ժայռի հետ միասին, և հաջորդ պոռթկումից նա ոտքից գլուխ հեղեղվեց ջրով։ Ապա գլուխը թոթափեց ու հայացքը հառեց ցած, ասես ջուրը կարևորություն չունենար։ Գոռաց․ ― Ոնց որ խեցի՜։ Նա ոտքերը ցած դրեց ու հենակետ փնտրեց, վճռաբար իջնելով ներքև, ջրի ասպատակնումներից ծեփվելով պատին։ Ամեն ալիքից նա շունչը պահում ու դուրս էր թքում բերանը լցված ջուրը։ Ջուրն այլևս սառը չէր, բայց հուժկու էր։ Ինչքան նա մոտենում էր գլաքարերին, ջրի հարվածն այնքան ուժեղանում էր, ետ գնալուց ամեն անգամ նրան ցած քաշելով։ Նա հենակետը կորցրեց ու վերջին մի քանի մատնաչափը վայր ընկավ, և ալիքն իսկույն ևեթ նրան հափշտակեց, անգթորեն բախելով անկյանն ու փորձելով ետ պոկել։ Երբ նա կանգնեց, ալիքների ընդմիջումներում ջուրը հասնում էր ծնկներին, իսկ գլաքարերը ոտքերի տակ տեղի էին տալիս։ Նա չորեքթաթ ընկավ, և մնաց հետևից հարձակված կանաչ զանգվածի տակ, որը, բախվելով անկյանը, ջրափոշու ծառով մագլցեց վեր։ Նա խցկվեց անկյունն ու երկու ձեռքով կառչեց պատերից։ Ջուրը ձգտում էր նրան անկյունից պատռել, բայց նա տեղի չէր տալիս։ Նա հանեց իր դանակն ու սայրը բացեց։ Ապա ցած իջավ, և աչքերի առաջ իսկույն հայտնվեցին ջրիմուների հեղհեղուկ պատկերները։ Ծովի շառաչը սմքեց և վերածվեց ականջների միջի գվվոցի։ Քիչ անց նա ոտքի կանգնեց, ձեռքին երկու խեցի, դանակը մնաց կախված։ Ծովը նրան ցած գցեց ու գլխիվայր շուռ տվեց։ Նա գտավ պատն ու կառչեց դրանից, որ ջրի հետ չքշվի։ Ամեն ալիքից հետո բերանը լայն բացած օդ էր կուլ տալիս, ասես տարածություն շահելով։ Երբ պատերում հարմար անցքեր գտավ, ծովի պոռթկումը նրան վեր մղեց, և այս անգամ նրա ճիգերի նպատակն էր հենակետը ձեռքից բաց չթողնելը և մնալ ներքևում։ Ամեն ալիքից առաջ նա սեղմվում էր պատին, որ ջրի հետ չքշվի֊գնա։ Նրա բարձրանալու հետ մեկտեղ ծովը կորցրեց իր կապարե թափը, բայց միևնույն ժամանակ ավելի քինոտ ու հիշաչար դարձավ։ Ջուրը սկսեց քաշքշել հագուստը, խփել ամորձիքին, բրեզենտի փեշերը վեր թռցնել։ Ներքև նայելիս, ջուրը շփում էր ուղիղ նրա դեմքին, կամ հարվածում փորին ու նրան վեր մղում։ Նա հասավ անցիքն ու խցկվեց վեր։ Ապա, ջուրն իջնելուն պես, աչքերը բացեց ու շունչ քաշեց, մինչև փրփուրը դեմքով ցած էր ծորում։ Մի մազափունջ ծեփվել էր ճիշտ քթարմատին, և նա տեսավ դրա ծայրը՝ կրկնակի պատկերմամբ։ Նոր հորփանքը հարձակվեց ու ջրվեժ դառած անցավ, բայց նա մնաց տեղում, անձավի ամենանեղ մասում սեփական կշռով լռված, մարմնով մեկ դողալով։ Նա գոտկատեղից վեր պառկեց ձագարի լանջին ու սկսեց ոտքերը շտկե։ Դեմքը քարի վրայով սահեց վեր, մինչև հաջորդ հեղեղը նրա վրայով գլորվեց ցած։ Նա քրքեց բաճկոնի ծալքերը, մի խեցի հանեց ու գոտկատեղի մակարդակին կպցրեց քարին։ Ջուրը նորից եկավ ու գնաց։ Նա դանակի կոթով թխկթխկացրեց խեցու պատյանին։ Խեցին թեթևակի մի կողմ սահեց ու սոսնձվեց ժայռին։ Ջրի նոր զանգվածը մարդուն ու խեցին միասին սեղմեց լանջին։ Ոտքերն ուղիղ էին ու քարացած, բայց աչքերը փակ էին։ Աջ ձեռքը գլխի վրա բարձրացնելով, նա սկսեց շոշափել և ի վերջո գտավ կառչելու համար չափից դուրս ողորկ փոսորակը։ Ձեռքը վերադարձավ, դիմակայեց ջրհեղեղին, ու սկսեց տնտղել բրեզենտը։ Երբ այն սկսեց նորից վեր բարձրանալ, մատները ևս մի խեցի էին սեղմում։ Մարդը նայում էր քթի տակի ժայռին, բայց՝ առանց հետաքրքրության։ Կենսուժի ամբողջ պաշարն անմնացորդ կենտրոնացած էր վեր սողացող աջ ձեռքի մեջ։ Ձեռքը գտավ ողորկ փոսորակն ու խեցին խցկեց մեջը։ Մարմինը փոքր֊ինչ վեր ձգվեց և մնաց այդպես, սպասելով ջրի վերադարձին։ Երբ հորձանքն անցավ, ձեռքը հետ եկավ, վերցրեց դանակը և, վեր գնալով, սկսեց կուրորեն թխկթխկացնել ժայռին։ Վերջապես փայտացած մատները խեցին գտան և դանակի կոթով հարվածեցին պատյանին։ Նա դեմքը թեքեց, դիմացավ ևս մի ալիքի և մռայլ նայեց գլխավերևի խեցուն։ Ձեռքը բաց թողեց դանակը, որը թխկթխկոցով սահեց ցած ու կախվեց գոտկատեղի մոտ։ Նա վերցրեց փրկագոտու պտուկն ու պտտեց֊բացեց կափարիչը։ Օդը դուրս մղվեց, և մարմինը ձագարի մեջ փոքր֊ինչ տափակեց։ Նա գլուխն իջեցրեց ուսին ու մնաց անշարժ։ Բերանի առջև ժայռի թաց մակերեսի աղոտ պատկերն էր, որը պարբերաբար ջնջվում էր ջրի հերթական վիժումից։ Ժամանակ առ ժամանակ չխկչխկում էր կախ տրված դանակը։ Նա նորից շրջեց դեմքը և վեր նայեց։ Մատները փակվեցին խեցու վրա։ Աջ ոտքը սկսեց շարժվել։ Ոտքի մատներն անձկագին փնտրում էին առաջին խեցին, ինչպես մինչ այդ ձեռքեինը՝ երկրորդը։ Նրանք խեցին չգտա, բայց ծունկը գտավ։ Ձեռքն իջավ ցած ու ոտքը վեր քաշեց։ Փայտացած դեմքի տակ գռմռացող կերպարը խեցին ընկալեց որպես ծնկի միջի ցավը։ Ատամներն իրար միացան։ Մարմինը սկսեց գալարվել, ձեռքը վերադարձավ վերևի խեցուն ու քաշեց։ Մարդը լանջովն ի վեր կողքի թեքված բարձրացավ։ Ձախ ոտքը վեր քաշվեց, և հաստ գուլպան մի կողմ հրեց առաջին ոտքը։ Ոտնաթաթը մնաց խեցու կողին կախված։ Մյուս ոտքը շտկվեց։ Եվս մի փորձանք հարձակվեց ու անցավ֊գնաց։ Մի ոտքը խեցու վրա, մարդը մնաց լանջին պառկած, մեծ մասամբ շնորհիվ շփման ուժի։ Մյուս ոտքն աչքերի առաջ էր։ Նա ձեռքը վեր պարզեց և կարծես թե կառչելու պիտանի բան գտավ, եթե միայն բաց չթողներ դեմքի մոտ բռնած խեցին։ Նա մղվեց վեր, վեր, էլի՛ վեր, և ահա՛, մատները հասան ու կառչեցին ձագարի պռունկից։ Նա ոտքերով հրվեց և երկու ձեռքով ձգվեց վեր։ Նա տեսավ ժայռի մակերեսի ակոսը, ծովը ու քարերի սպիտակին տվող խառը կուտակումները։ Նա առաջ ընկավ։ ==3== Նա պառկած էր ակոսի մեջ։ Տեսնում էր հողմահարված քարափն ու ջրով լի երկար փոսը, որ սկսվում էր աչքերի տակ։ Մարմինն ուրիշ տեղ էր փռված և չէր առնչվում այդ բնապատկերին։ Այն ծեփված, շաղ էր տրված նրա տակ՝ ամեն մի ոտք տարբեր մի աշխարհում, վիզը ոլորված։ Աջ ձեռքը մնացել էր մարմնի տակ, ափը ներս էր ծալված։ Նա զգում էր այդ ձեռքը, ինչպես նաև՝ կողերը խրվող մատների հոդերը, բայց նրանց պատճառած ցավն այնքան ուժեղ չէր, որ արտոներ շարժվելու տիեզերական ճիգը։ Ձախ ձեռքը մեկնված էր ակոսի երկայնքով և կիսով չափ մնացել էր ջրի տակ։ Աջ աչքն այն աստիճան մոտ էր ակոսին, որ թարթիչները, ջրի թաղանթին քսվելով, բացվելուց ստիպված էին հաղթահարել մակերեսային լարումը։ Երբ նա առաջին անգամ գիտակցաբար նայեց ջրին, մակերևույթն արդեն խաղաղվել էր, բայց ջրի տակ մնացած աջ այտն ու բերանի անկյունը որոշ թրթռում էին առաջացնում։ Մյուս աչքը ջրից վեր էր և նայում էր ակոսի երկայնքով։ Ակոսի ներսն անբացատրելի սպիտակ գույնի էր, աղոտ, բայց ավելի սպիտակ, քան պիտի որ լիներ երկնքի փայլուն արտացոլումից։ Բերանի անկյունը թրթռաց։ Ժամանակ առ ժամանակ ջրի վրա փոսիկներ էին հայտնվում, մակերեսին փոխկապակցված շրջաններ թողնելով։ Ձախ աչքը դիտում էր դրանք, նայելով մի մութ կամարի միջով, որը կազմում էր ակնակապիճի կողքով թեքվող գանգը։ Ներքևում, համարյա ուղիղ, անցնում էր քթի մարմնագույն գիծը։ Կամարը լցված էր ջրի փայլուն մակերեսով։ Նա սկսեց դանդաղ մտածել։ <b>Գլորվել եմ փոսի մեջ։ Գլուխս դեմ է առել դիմացի պատին, վիզս էլ ոլորվել է։ Ոտքերս պիտի որ հակառակ կողմից վեր ցցված լինեն։ Կոնքերս ցավում են, քանի որ ոտքերս փոսի ծայրից լծակի պես ցած են քաշում։ Ձախ ոտքիս մատները մնացած մասերից շատ են վնասվել։ Ձեռքս ծալվել է տակս, դրա համար էլ կողերիս տակ ցավ եմ զգում։ Մատներս փայտացել են։ Ջրի միջի անհասկանալի սպիտակը սուզված ձեռքս է։</b> Օդից ցած սավառնող ճիչ լսվեց, ապա՝ կռնչուն ու թևերի թփթփոց։ Ակոսի հեռավոր ծայրին մի ճայ, թաթերն ու ճանկերը լայն բաց, կատաղի փորձում էր արգելակել։ Ճայը զայրացած ճվճվում էր ջրափոսի վրա, վերջապես նրա լայն թևերը հենակետ գտան, և թռչունը կանգ առավ ընդհուպ ակոսի պռունկի մոտ, շարունակելով թևահարել։ Այտը սառեց օդի շարժումից։ Ճայը թևերը ծալեց, և, թաղանթավոր թաթերը կողքի գցելով, տեսադաշտից դուրս եկավ։ Նրա հայտնությունն ուղեկցած ալիքները խփվեցին այտին, փակ աչքին, բերանի անկյունին։ Ցավի խայթոցները սաստկացան։ Սակայն ցավն այնքան սուր չէր, որ գործողություն պարտադրեր։ Ձախ աչքը դիտում էր ջրի տակ մնացած ձեռքի անբնական սպիտակը։ Հուշապատկերները սկսեցին վերադառնալ։ Մի մարդ մագլցում էր ժայռն ի վեր ու խեցիներ էր փակցնում։ Պատկերներն ավելի ազդեցիկ դուրս եկան, քան ցավի խայթոցները։ Ձախ ձեռքը նրանցից ցնցվեց, բրեզենտե թևը ջրի տակ շուռ եկավ։ Շնչառությունը հանկարծ սաստկացավ, ջրափոսով հետ ու առաջ ալիքներ ուղարկելով։ Դրանցից մեկը լցվեց բերանը։ Իսկույն ևեթ նա ջղաձգվեց ու սկսեց պայքարել։ Գլուխը, քարին քսվելով, շտկվեց։ Երկու ձեռքով սպիտակ ջրի մեջ խարխափելով, նա ինքն իրեն վեր քաշեց։ Նա զգաց դեմքով ծորացող խոնավ փափկությունն ու ցավի սաստիկ ծակոցն աջ աչքի անկյունում։ Նա թքեց ու ծամածռվեց։ Ապա նկատեց պղտոր սպիտակի հաստ շերտերով ու բանտարկված լուծույթով մյուս ակոսները ու նաև՝ կանաչ ծովի վրա ճախրող ճային։ Հետո իրեն ստիպեց առաջ գնալ։ Նա ընկավ հաջորդ ակոսի մեջ, դուրս ձգվեց, կանգնեց, տեսակ ժայռաբեկորների անկանոն կուտակումները, սայթաքեց ու վար գնաց, տեղ֊տեղ գլորվելով։ Ճանապարհին տափակ ապռաժների կողքից ջուր էր հոսում, բազմատեսակ մամուռներ կային։ Քամին զուգահեռ իջնում էր, առաջ մղելով նրան։ Քանի դեռ նա շարժվում էր, քամին առարկություն չուներ, բայց հերիք էր, որ նա մի պահ զգուշանար ու կանգներ, և քամին վայր էր գցում նրա հավասարակշռությունից զուրկ մարմինը, այն քարեքար խփելով։ Ծովը, երկինքը կամ ժայռը նա համարյա չէր տեսնում, այլ սոսկ՝ պատահական պատառներ, ճեղքեր ու կետեր, դեղնավուն մակերեսի մի կտոր, որն ուր որ է պիտի հարվածեր, կամ քարե անողորմ ու անդեմ բռունցքներ, որոնք ծեծում էին նրան, մարմնից լույսի պայծառ փայլատակումներ կորզելով։ Աչքի անկյան ցավը գահավիժում էր նրա հետ միասին։ Այն բոլոր ցավերից ամենակարևորն էր, որովհետև ասեղ էր խրում ճիշտ խավարի գանգատուփի մեջ, ուր նա ապրում էր։ Այդ ցավից հնարավոր չէր խուսափել՝ մարմինը դրա շուրջն էր գլորվում։ Հետո նա ձեռքի մեջ դարչնագույն ջրիմուռներ հայտնաբերե ու զգաց, որ գլուխն ու ուսերը ջրի տակ են։ Նա վեր մղվեց, պառկեց տափակ ժայռաբեկորի վրայի ջրափոսում ու սկսեց դեմքի մի կողմն ու աչքը ջրի մեջ տարուբերել, ջուրը ձեռքերով մոտ քշելով։ Ապա ձեռքերը դուրս հանեց ու կողքից կանաչ ջրիմուռներ հավաքեց։ Նա շունկի եկավ ու կանաչ փունջը սեղմեց դեմքի աջ կողմին ու աչքին։ Հետո մեջքի վրա հոգնած փռվեց ժայռին, բազմատեսակ դոնդողների ու խեցիների կույտի մեջ, թողնելով, որ կոշտ պատյաններն ուզածների պես իրեն խոցեն։ Նա ձախ ձեռքը զգուշորեն հպեց ազդրին ու աչքի տակով նայեց վրան։ Մատները կիսով չափ ծալված էին։ Մաշկը սպիտակ էր, տակից թափանցող կապույտով, ամբողջ մակերեսը ծածվկված էր կանոնավոր կնճիռներով։ Գանգի մեջ մութ կամարի տակ ասեղը կրկին հարձակվեց վրան։ Աչքը շարժելիս ասեղը նույնպես շարժվում էր։ Նա աչքը բացեց, և կանաչ կույտի տակ այն անմիջապես ողողվեց ջրով։ Նա սկսեց խռխռացնել ու կրծքավանդակի խորքից ձայներ հանել։ Ձայնի կոշտ պատառները, դուրս գալիս, սաստիկ ցնցում էին նրան։ Աչքերից աղաջուր էր հոսում, պառնվելով այտերի վրայի լուծույթին։ Մարմինը սրթսրթաց։ Ցածում գտնվող քարե ելուստներից մեկում ավելի խորը մի ջրափոս կար։ Նա դանդաղ ու դժվարությամբ սողաց ներքև, հարմարվեց ջրափոսի եզրին ու նորից ընկղմեց աջ այտը։ Ապա սկսեց աչքը բացուխուփ անել, որ ջուրը լվանա ասեղի անկյունը։ Հուշապատկերներն այն աստիճան հեռու էին, որ նրանց կարելի էր անտեսել։ նա ջրի մեջ իջեցրեց նաև ձեռքերը։ Ժամանակ առ ժամանակ մարմինը ցնցվում էր կոշտ ձայներից։ Ճայը վերադարձավ, հետն ուրիշներին բերելով՝ գլխավերևի իրար մատնված ճիչերը հետաձգեցին նրանց թռիչքը։ Ծովից էլ էին ձայներ գալիս՝ ականջի տակի խոնավ կլթկլթոցն ու ծփանքի գլորվող թմփոցը, որն ընդհատվում էր ժայռի կարծրությամբ, բայց և այնպես սպրդում էր մանր֊մունր ճեղքերն ու հավելյալ ալիքներ ծնում։ Ցավն անտեսելու անհրաժեշտության գաղափարը եկավ ու թառեց նրա խավարի կենտրոնում, որտեղ դրանից այլևս հնարավոր չէր խուսափել։ Չնայած ասեղի խլվլոցին, նա աչքերը բացեց, նայեց իր սփրթնած ձեռքերին ու մրմնջաց․ ― Ապաստան է պետք։ Թե չէ կմեռնեմ։ Նա զգուշությամբ գլուխը շրջեց ու նայեց վեր, որտեղից որ իջել էր։ Ցած գլորվելիս նրան ծեծած ցաքուցրիվ հատվածներն այժմ ձուլվեցին միասնական մի պատկերի մեջ։ Աչքերը պատկերն ընկալում էին մետր առ մետր, լղոզված, քանի որ ասեղն աչքից ջուր էր քամում։ Նա որոշեց հետ բարձրանալ։ Քամին թուլացել էր, բայց անձրևը շարունակում էր մաղել։ Նա մագլցեց մի ելուստ, որը պարզած ձեռքերի լայնքից բարձր չէր, բայց և այնպես խոչընդոտի հաղթահարումը մանրամասն բանակցություններ պահանջեց բոլոր վերջույթների հետ։ Որոշ ժամանակ մնաց այդ ելուստի վրա պառկած, հեղհեղուկ դրվագներով ուսումնասիրելով մինչև գագաթը մնացած մասը։ Արևն ընկած էր ճիշտ նրան դարանակալած ակոսի վերևում։ Նրա լույսը պայքարում էր ամպերի ու անձրևախառը մշուշի հետ, ժայռի շուրջը թռչուններ էին պտտվում։ Արևը պայծառ չէր, բայց աչքերից ավելի ջուր քամեց, և նա կոպերն իրար սեղմեց ու հանկարծ գոռաց ասեղի ցավից։ Ստիպված շոշափելով առաջ մագլցեց, հետո՝ մի աչքը բաց, հաղթահարեց նորանոր փոսեր ու ակոսներ, այս անգամ՝ առանց սպիտակի։ Ոտքերն այնպես էր բարձրացնում փոսերի վրա, կարծես նրանք մի ուրիշ մարմնի պատկանեին։ Հանկարծ, աչքի ցավը թուլանալու հետ մեկտեղ, վերադարձան ցուրտն ու ուժասպառությունը։ Նա փռվեց հերթական փոսի մեջ ու մարմինն ազատ արձակեց։ Սարսուռը համակեց նրան, մտավ հագուստի, մաշկի տակ։ Ուժասպառությունն ու սարսուռը նրան պարզ ասելիք ունեին։ «Հանձնվի՛ր», ասում էին նրանք, «հանգիստ վեր ընկիր։ Հրաժարվիր վերադառնալու, ապրելո՛ւ մտքից։ Թա՛րգ տուր, հոգ մի տար։ Այդ ճերմակ մարմինները երկրանք չեն պատճառում ու գրավիչ չեն, բոլոր այդ դեմքերը, խոսքերը․․․ դրանք ուրիշ մարդու են պատահել բոլորովին այլ վայրերում։ Այս ժայռի վրա մի ժամն ամբողջ կյանք արժե։ Կորցնելու ի՜նչ ունես։ Տանջանքից բացի այստեղ բան չկա։ Հանձնվի՛ր։ Հոգ մի՜ տար»։ Մարմինը նորից սկսեց մագլցել։ Պատճառն այն չէր, որ նրա մեջ ինչ֊որ մկանային կամ նյարդային ուժ էր մնացել, որը դիմադրում էր ու տեղի չէր տալիս, պարզապես ցավի կանչերն այժմ նման էին ալիքների, որոնք անընդհատ բախվում են նավի իրանին։ Պատկերների, ցավերի, ձայների մեջտեղում պողպատյա սյան պես տնկված էր մի բան, որն այն աստիճան ամենի կենտրոնն էր, որ անգամ ի վիճակի չէր ինքն իրեն զննել։ Ինքնապարփակ ու անկործանելի, այն գոյատևում էր գանգատուփի խավարի մեջ՝ ավելի մութ, քան խավարն ինքը։ ― Ապաստա՛ն։ Ի՜նչ գնով լինի։ Կենտրոնը գործի անցավ։ Ասեղին դիմանալով, այն նայեց մի կողմ, իրար կցելով մտքի պատառները։ Ապա եզրակացրեց, որ ուղիներից մեկը մյուսից նախընտրելի է։ Տասնյակ հնարավորություններ տնտղելով ու մերժելով, այն ընթանում էր սողացող մարմնի առջևում։ Բարձրացնում էր կամարի լուսամուտը, նոր տերև փնտրող թրթուրի նման մի կողմից մյուսը շարժելով գանգի բացվածքը։ Երբ մարմինը մոտենում էր ապաստանի համար պիտանի մի տեղի, գլուխը չէր դադարում դես ու դեն շրջվել, շարժվելով ավելի արագ, քան ներսի մտքերը։ Ակոսներից մեկի պատից պոկվել ու ցած էր ընկել քարե մի սալ, հակառակ կողմի, հատակի ու իր միջև եռանկյունաձև բացվածք թողնելով։ Այդ ակոսում անձրևաջուրը շատ քիչ էր, իսկ սպիտակ շերտն ընդհանրապես չկար։ Բացվածքը հետևում էր ակոսի թեքությանը և ներսում մութ էր։ Այն անգամ ավելի չոր էր թվում, քան մնացած ժայռը։ Գլուխը վերջապես դադարեց շարժվել, և նա պառկեց խոռոչի առաջ։ Արևը տեսադաշտից դուրս գնաց։ Նա սկսեց մարմինն ակոսի մեջ շրջել, հաղթահարելով ջրաթաթախ հագուստի դիմադրությունը։ Նա ձայն չէր հանում, բերանը բաց ծանր շնչելով ու շարունակելով շրջվել, մինչև որ սպիտակ հաստ գուլպաները հայտնվեցին խոռոչի առաջ։ Նա հետ սողաց ու ոտքերը մտցրեց եռանկյունաձև բացվածքի մեջ։ Ապա փորով սեղմվեց գետնին ու սկսեց թույլ գալարվել, կաշին հանել փորձող օձի պես։ Աչքերը բաց էին ու ֆոկուսից զուրկ։ Նա ձեռքերը հետ պարզեց և բրեզենտն ու քեչան երկու կողմից խցկեց ներս։ Բրեզենտը չէր ենթարկվում, նա անհամար մանր շարժումներով շարունակում էր խցկվել հետ, ջրի խորքում իր բունը մտնող խեցգետին հիշեցնելով։ Ժայռը նրան ուսերից վեր ներս չթողեց։ Նա փրկագոտին քաշեց առաջ, մինչև որ փափուկ ռետինը հասավ մարմնի վերին կեսին։ Ծանրաշարժ մտքերը մեկ նվազում էին, մեկ՝ աճում, աչքերը դատարկ էին, չհաշված ասեղի աջից քամած ջուրը։ Աջ ձեռքը գտավ պտուկը, և նա նորից սկսեց դանդաղ փչել, մինչև որ ռետինը պինդ գրկեց իրանը։ Ապա ձեռքերը ծալեց իր առջև՝ ամեն կողմից սպիտակ մի ձեռք։ Նա թողեց, որ դեմքի մի կողմն ընկնի բրեզենտե թևքի վրա և աչքերը ծածկեց՝ չփակեց, պարզապես կոպերն իրար բերեց։ Բերանը դեռ բաց էր, ծնոտը մի կողմ ընկած։ Մեկ֊մեկ խոռոչի խորքից սրթսրթոց էր գալիս, ցնցելով գլուխն ու ձեռքերը։ Թևքերից, մազերից, քթից, վզի շուրջ շալմլված հագուստից դանդաղ ջուր էր ծորում։ Աչքերը բերանի օրինակով բացվեցին, քանի որ այդպես ասեղն ավելի հնազանդ էր։ Այն խրվում էր նրա ապրած տեղը միայն այն դեպքում, երբ նա ստիպված էր ջուրը քշելու համար թարթել։ Ժայռի վերևում ճայերը ոլորապտույտ ճախրում էին ցած։ Նրանք նստում էին բարձր ապառաժներին ու կռնչում, կտուցները լայն բաց, գլուխներն ու լեզուներն առաջ տնկելով։ Երկինքը դարձավ մոխրագույն, ծովի ծուխը սկսեց հալվել։ Թռչունները զրուցում էին ու թևերը թափահարում։ Հետո թևերը ծալեցին իրար վրա, սպիտակ գլաքարերի պես հարմարվեցին ժայռին ու գլուխները խցկեցին ներս։ Մոխրագույնը խտացավ ու դարձավ խավար, որի մեջ ճայերի ու թռչնաղբի սպիտակ կետերը նման էին ծովի փրփրած բաշերին։ Ակոսը խավարով լի էր, քանի որ հայտնի չէ ինչու, ապաստանի մոտ կեղտոտ սպիտակ շերտ չկար։ Ապառաժները երևում էին որպես աղոտ մութ ուրվագծեր։ Սառը ու մեղմ քամու անտեսանելի ընթացքը հազիվ լսելի անդադար սվսվոց էր առաջացնում։ Ժամանակ առ ժամանակ ալիքը խուժում էր ներքևի անձավի անկյունը։ Այդ դեպքում, երկար ընդմիջումից հետո, լսվում էր ձագարով ցած հոսող ջրի խշշոցը։ Մարդը պառկած էր, կծկված իր խոռոչում, աջ այտը հենած սև բրեզենտին։ Երկու կողմից շողշողում էին ձեռքերի բծերը։ Մերթընդմերթ, երբ մարմինև սըրթսրթում էր, լսվում էր բրեզենտի թույլ ճռճռոցը։ ==4== Մարդը երկու խոռոչի ներսում էր։ Առաջինը քարից էր՝ փակ ու սառը, բայց՝ ոչ օդի կամ ծովի սառնությամբ։ Քարը մերժող էր։ Այն զսպում էր մարմինը, տեղ֊տեղ խլացնելով սարսուռը, սակայն ոչ թե ամոքելով, այլ ներս մղելով այն։ Մարմնի մեծ մասը ցավում էր հեռավոր մի ցավով, որը երբեմն կարելի էր կրակի տեղ դնել։ Ոտնաթաթերի կրակը բութ էր, ծնկներինը՝ ավելի սուր։ Նրա միտքն ի վիճակի էր տեսնել կրակը, որովհետև մարմինն այն երկրորդ խոռոչն էր տեսնել կրակը, որովհետև մարմինն այն երկրորդ խոռոչն էր, որում ինքն ապրում էր։ Ամեն ծնկի տակ խաչաձևված փայտիկներից փոքրիկ ու աշխույժ մի խարույկ էր վառվում, նման այն խարույկներին, որ վառում են մեռնող ուղտի տակ։ Սակայն մարդը ողջամիտ էր։ Նա հանդուրժող էր այդ խարույկները, չնայած դրանք ոչ թե ջերմացնում, այլ ցավ էին պատճառում։ Ուրիշ ճար չկար, քանի որ կանգնելը կամ շարժվելը կնշանակեր ցավը սաստկացնել՝ փայտ ավելացնել, խարույկը մարմնով մեկ տարածելով։ Նա ինքը մսեղեն այդ խոռոչի հեռավոր ծայրում էր գտնվում։ Խարույկնեից հեռու այդ ծայրում նրա մի զանգվածը հենված էր շնչառությունից օրորվող փրկագոտու վրա։ Զանգվածից այն կողմ կլոր ոսկրագնդի աշխարհն էր, որի կենտրոնում կախված էր ինքը։ Այդ աշխարհի կեսը մեկ սառչում էր, մեկ վառում, բայց՝ անփոփոխ ու տանելի ցավով։ Աշխարհի վերին մասում երբեմն կտրուկ մխրճվում էր նրան հետապնդող ասեղը։ Նման դեպքերում նա երկրաշարժի պես ջղաձգում էր այդ կողմի բոլոր մայրցամաքները, որից հարվածներն ավելի հաճախակի, բայց պակաս խորն էին դառնում, և գնդի այդ մասում նոր փոփոխություններ էին կատարվում։ Տարածության մեջ հայտնվում էին խավար ու գորշ ուրվագծեր, ու նաև՝ տիեզերական սպիտակ մի կուտակում, որը նա աղոտ գիտակցում էր որպես իրեն կցված ձեռք։ Գնդի մյուս կողմը մութ էր և նեղություն չէր պատճառում։ Այն կախված էր այդ մթության կենտրոնում ջրաթաթախ, հազիվ լողացող մարմնի պես։ Որպես գոյության աքսիոմ, նա գիտեր, որ նման վիճակում պիտի բավարարվի փոքրագույն իսկ ողորմածությամբ։ Նրան կցված բոլոր հավելումները, դրանց մարմանդ խարույկներն ու գելարանները գոնե բավականաչափ հեռու էին։ Եթե նա գտներ անգոյության որոշակի ձևը, ներքին ներդաշնակության նրբին մի հաշվեկշիռ, ապա, թերևս, երկրորդ խոռոչի բնույթից ելնելով, հնարավորություն ստանար հանգիստ ճոճվել գնդի կենտրոնում՝ ցավազուրկ ու անվրդով։ Երբեմն նա համարյա հասնում էր դրան։ Նա կծկվում էր, նվազում, իսկ գունդն՝ աճում, մինչև որ մորմոքող հավելումները դուրս էին մնում մոլորակից։ Բայց այդ աշխարհն էլ էր ենթակա հեռավոր տիեզերքից ալիքների պես եկող ջղաձգումներին։ Դրանցից հետո նա կրկին աճում էր, լցնելով ոլորանների ամեն անկյունը, ճչացող ջղերով սփռվելով խարույկների վրա, գնդի մեջ տարածվելով այնքան, մինչև որ ասեղն աջ աչքի անկյունից խայթում էր ճիշտ գլխի խավարի խորիզը։ Խայթոցների ընդմիջումներում աղոտ երևում էր սպիտակ ձեռքերից մեկը։ Ապա նա դանդաղ հետ էր սմքում գնդի կենտրոն ու նորից կախվում խավար աշխարհի մեջտեղում։ Դա արդեն վերածվել էր մի կշռույթի, որը գալիս էր դարերի խորքից և այդպես էլ պիտի շարունակվեր։ Կշռույթը շտկվում, բայց էապես չէր փոխվում այն պատկերներից, որոնք ժամանակին նրան էին պատկանել, իսկ երբեմն՝ նաև ուրիշի։ Խարույկների համեմատ պատկերները շատ ավելի պայծառ էին։ Տիեզերքից մեծ ալիքներ, որ խաղում են ապակե նավաստիով։ Լուսավոր նեոնե հրաման։ Կին, այս անգամ ոչ թե մանրամասն, սպիտակ մարմնով, այլ՝ դեմք ունեցող։ Նավի գիշերային մռայլ մթնոլորտը, տախտակամածի օրորը, միալար գվվոցն ու թխկթխկոցը։ Նա կամրջակով գնում էր կողմնացույցի աղոտ լուսավորված վահանակի կողմը։ Ապա լսեց, թե ինչպես Նաթը ձախակողմյան դետի իր դիտակետը լքեց ու սանդուղքով ցած իջավ։ Ոտնաձայներից լսվում էր, որ Նաթը ոչ թե համազգեստի, այլ սովորական կոշիկներով է։ Նաթն իր անշնորհք, սարդաճկուն մարմինը սանդուղքով ցած էր իջեցնում կանացի զգուշավորությամբ, ամիսների ընացքում այդպես էլ չսովորելով ճիշտ հագնվել կամ սանդուղքի հետ նավաստու պես լեզու գտնել։ Լուսաբացին նա սովորաբար դողացնում էր անհամապատասխան հագուստի պատճառով, նավաստիների լեզուն նրան վիրավորում էր, Նաթը բանի պետք չէր և բոլորի ծաղրի առարկան էր՝ խոնարհ ու հլու։ Նա մի պահ նայեց աջակողմյան հորիզոնին, ապա հայացքը դարձրեց իրենց ուղեկցած փոխադրանավերին, որոնց իրանները նոր էին ուրվագծվում այգաբացի լույսի տակ։ Նրանք ընդմիջում էին հորիզոնը երկաթյա անգույն պատերի պես՝ ժանգի լայն, պղտոր բծերն արդեն աղոտ երևում էին։ նաթը գնում էր խելի կողմը, հինգ րոպեով բազրիքի մոտ առանձնանալու, որ շփվի հավերժությանը։ Հիմա նա հողդողդ քայլերով մոտենում էր ցռուկի աջ կողմի ռմբանետին, բայց ոչ թե որովհետև այն ձախ բազրիքից նախընտրելի էր, այլ որովհետև միշտ էլ այդտեղ էր գնում։ Նա հանդուրժում էր քամին ու շարժիչից եկող գարշահոտությունը, պատերազմական ականակրի յուրահատուկ փոշեխառը կեղտն ու քոսոտությունը, քանի որ կյանքն իր հպումներով, համերով, պատկերներով, ձայներով ու հոտերով վաղուց մնացել էր հեռվում։ նա արդեն այնքան էր համակերպվել, որ այդ ամենին սովորել ու անտարբեր էր դարձել։ Նա երբեք ոտքը նավատորմում չէր պնդացնի, որովհետև նրա հսկա ոտքերը մնացել էին այնտեղ, հեռվում, իսկ պատահաբար այստեղ խարսխված մարմնի մեջ ամփոփված մարդն աղոթում էր ու ակնկալում հավերժությանն առնչվելու պահերը։ Վահանակի ժամացույցն ուր որ է նշելու էր հաջորդ շրջադարձի պահը։ Նա ուշադիր հետևում էր երկար սլաքին։ ― Տասնհինգ աջ։ Դիմացի աջ կողմում Wildebeeste֊ն նույնպես շրջվում էր։ Գորշ լույսի տակ երևաց ղեկի կտրուկ պտույտից նրա ցռուկի մոտ առաջացած ալիքը։ Մինչև ներքևում գվվում էր կամրջակը, Wildebeeste֊ն կարծես թե իր նախորդ դիրքից հետ մնաց ու այժմ փոքր֊ինչ առաջ ընկած ընթանում էր նրանց զուգահեռ։ ― Ուղիղ։
==2==