Changes

Մահապուրծ օրագիր

Ավելացվել է 135 406 բայտ, 13:24, 6 Հունիսի 2017
/* Տետրի վրա թիվ չկա */
Խանութեն թիզ մը անդին Պետական թատրոնն է, ուր փալթոները քանի մը ժամ պահելու համար 15 կոպեկ կվերցունեն, իսկ հոս՝ խանութին մեջ, տարիներով անփող կպահեն ու բան մըն ալ իրենք կուտան․․․
 
 
==1932 թվական==
 
<b>Երեքշաբթի 12.</b> ― Իմ անձնագիրը չվավերացուցին և այսօր միայն զգացի, որ ես գերի՜ եմ եղեր այս երկրին մեջ։ Կառավարությունը ինձի հետ կվարվե այնպես, ինչպես իր «Խորտնտեսության» եզներու ու կովերու հետ։ Անիկա ինձի ամուսնացուցեր է, որ իմ երեխաներու վրա սոցիալիզմ փորձե։ Ուրեմն ավելի ստոր, քան կովերն ու եզները, վասնզի գիտական փորձարաններու մեջ կգործածվեն կովեն ավելի ստոր ու անարժեք կենդանիներ իրենց փորձերու համար՝ մկներ, ծովախոզեր, ճագարներ և այլն։ Իմ երեք սիրասուն երեխաները կխլե ինձմե «կոնտրակտացիայի», «կայուն առաջադրանքի» և այլ ցնդաբանությանց հիման վրա։ Կսե՝ տարեկան դուն ինձի պիտի տաս այսքան ձագ․․․ Օ՜ ազատություն, թույլ տուր վռնդել քեզի իմ բոլոր զգայարաններով։ Պետք է մարդ մեզի չափ անազատ ըլլա՝ ազատության հարգն իմանալու համար։
 
Ո՜վ Սուրբ ազատություն, թող անգամ մըն ալ ծնրադրեմ, բանտի ծանր երկաթապատ դռան ետև հավիտյանս անհետանալե առաջ․․․
 
Ճիզվիտները, որ միջին դարերու մեջ կտանջեին մարդկանց հանուն գաղափարի՝ ծեր, հասակառու մարդիկ էին և արժեր անոնց ձեռքի տակ տանջվել։ Բայց սա կոմունիստներու իննսուն տոկոսը 18 տարեկան երեխաներ են։ Տարիներ շարունակ չարչարեն մեզի, օր մըն ալ ելլեն խնդան թե՝ կատակ ըրինք, ի՞նչ կըլլա մեր դրությունը․․․
 
<b>Չորեքշաբթի 13.</b> ― Թշնամանքի հողի վրա հարևանը զարկավ պիթլիսցի Սարգիսին եղբորն սպանեց։
 
Դատարանը չի բանտարկեր չարագործին, և դատավորը մասնավոր խոսակցության մը ժամանակ հասկացեր է, որ կառավարությունը միտք չունի Սարգիսին խաթեր մարդասպանին տանել տասը տարի ձրի հաց կերցնել։
 
Անանակ որ, եթե Սարգիսն անպատճառ կուզե իր եղբոր սպանողը պատժվե, հանձն պիտի առնե քաշելու ոճրագործին տասը տարվա ապրուստին ծախսը․․․
 
Այո՛, ոճրագործին և հանգուցյալի ընտանիքին ծախսը մեր օրենքով կծանրանա դժբախտության տիրոջ վրա։
 
Ասով կհասկցվե միայն, որ դատարան ու բանտ կոչված է պահպանելու կառավարական անձնակազմը միայն ու իր գույքը։
 
Այո՛, ինչու որ «սովխոզի» ճագար փչացնող մը մահվան պատիժ կկրե, իսկ Սարգիսին եղբոր սպանողը տասը տարով կապահովվե․․․
 
⁕ Մեր դիմացի սենյակը ընտանիք մըն է եկեր, որն օրն ի բուն կերգե, կխնդա։ Այդ կինը խենթ չէ։ Կմնա ենթադրել, որ կա՛մ պահեստապետի, կա՛մ կոոպերատիվի վարիչի կին է․․․
 
<b>Հինգշաբթի 14.</b> ― Գնացքին մեջ նստեր կերթա Ստալինը։ Նույն վագոնի մեջ կերթա ճամբորդ մը, որ առանց նկատի առնելու, թե ո՞վ է նստած իր կողքը՝ պապիրոս մը կհանե և կսկսե ծխել։ Ստալինը, ցույց տալով արգելանքը, կըսե, որ հոս ծխելն արգելված է։ Ճամբորդը, առանց ուշք դարձնելու նկատողությանը՝ կհանե երկրորդ գլանակը ու կսկսե ծխել։ Ստալինը իբրև կարգի հրավիրելու ազդու միջոց, կհանե իր այցետոմսը՝ «Ստալին», և ցույց կուտա հանդուգն ծխողին։
 
Ծխողը լուռ ու մունջ կվերցնե տոմսն ու կդնե իր գրպանը։ Ասոր վրա Ստալինն, ինքն իրմե ելած, կկանչե կոնդուկտորը և կհրամայե դուրս վռնդել ստահակը։
 
Երբ կոնդուկտորը «դուրս գնա» կըսե ճամբորդին, վերջինս գրպանեն կհանե «Ստալինը» և ցույց կուտա։ Կոնդուկտորը այլայլված և վախցած «Ստալինի» վրա պոռացած ըլլալուն համար, կերթա Ստալինի ականջին կփսփսա․
 
― Ձայնդ կտրե, սիրելի՛ս, և զգույշ կաց այդ շուներեն։ Անոնք երկրի տերերն են և ինչ ուզեն կընեն․․․
 
⁕Ինչպես որ շփոթված ուսուցիչ մը դասարանին մեջ բոլոր ազդեցությանց միջոցները սպառած գավազանը ձեռքը կառնե՝ անանկ ալ մեր պետությունը սկսեր է իր հանդեպ ցույց տված ամենապզտիկ հանցանքն անգամ մահով պատժել։
 
Կգնդակահարե տաս կիլո պետական ձեթ գողացողին, կգլխատե վեց կանգուն կերպաս թռցնողներին։
 
Այս միջոցն ալ որ չազդե, հետաքրքիր է կհրաժարվե՞ կառավարությունը, ինչպես այդ կպատահե վարժապետներու մոտ։
 
<b>Ուրբաթ 15.</b> ― 24 թթվեն մինչև 28 թիվը պետությունը ուժ ուներ՝ ահագին տուներ կառուցեց Երևանին մեջ։ 28֊ին ուժը պակսեց՝ հազիվ կքանդեր միայն։ Հիմա քանդելու ուժ իսկ չի մնացեր վրան, հիմա ուժ չունի անգամ ոտքի ճանապարհ երթալու՝ հիմա կկեղտոտե վրան։
 
Որ պաշտոնատուն կուզես մտիր՝ արտաքնոցները լեցված են։ Անասելի հոտը վարակեր է դուրսեն այնքան քանդակազարդ Հողժողկոմատի շենքը, և առանց թաշկինակը քթին սեղմելու անհնար է ներս մտնել։ Կառավարությունը պաշտոնեից այս գեր արտաթողության դիմացն առնելու համար սա երեք ամիս է կարգադրեր է ռոճիկ չտալ՝ բան մը, որ առիթ է տվեր ամերիկյան տնտեսագետի մը գրելու, թե Խորհրդային կառավարությունը տնտեսական ճգնաժամ կապրե։ Մինչդեռ դրամի չգոյության շարժառիթը ֆինանսականե ավելի սանիտարական է իրականին մեջ։ Ու ի տես այս երևույթի չեմ կրնար չբացականչել․
 
― Ո՜վ Աստված, իր կեղտոտությունը ափ մը հողով ծածկող կատվի մը առաքինություն տուր սա մեր «Ամերիկային հասնող և անցնող» կառավարությանը․․․
 
⁕ Լենինականի Ալեքսանդրյան փողոցին մեջ նկարիչ մը կոլխոզի եզ մըն էր նկարեր ու դրեր էր ցուցափեղկին մեջ։ Փողոց մը, ուր բացառապես մարդիկ կերթևեկեն։
 
Հարգելի նկարիչը եթե կուզեր կոլտնտեսական ագիտացիա տանել եզներու մեջ, իր նկարը կախելու էր այն փողոցին վրա, ուրկե կերթևեկեր Լենինականի նախիրը․․․
 
<b>Շաբաթ 16.</b> ― Երեկ իրիկվան հովուն գերեզմանոց գացի՝ հավիտենական խոհերով ապրելու։ Նոր մեռյալ չկար, բայց բոլոր հին գերեզմանները օրհնվել կտրվեր մեռելին հարազատներին կողմեն։
 
Երկու ծեր քահանաներ, որոց զգացմունքները շարունակ կրկնելեն բթացեր ու ողորկացեր էին վարպետի ձեռքի հնամենի չաքուճի կոթի նման, ողորմեա կըսեին՝ մեռյալ գլուխը երկու ռուբլի առնելով։
 
Այդ քահանաները մաշված գրամոֆոնի ձայնով, մեկ աչքն ավետարանին, մեկալը մեռելատիրոջ գրպանին, մտքով միանգամայն հեռու գերեզմանատունեն, անմիջապես հիշեցուցին ինձի պրոլետ գրողները, որք այս տերտերներուն ոչ ավելի զգայնությամբ, «Խորհրդային Հայաստանեն» հոնորար ստանալով, ոտանավորներ կգրեն՝ մեկ աչքը թերթին, մյուսը կասսայի պատուհանին բռնած։
 
Բայց ըստ իս, թե՛ հավատացյալները, և թե՛ «Խորհրդային Հայաստանի» խմբագրությունը ծախսը կիսով չափ կպակսեցունեն, եթե քահանայի կամ բանաստեղծի փոխարեն փորձեն պահել զույգ մը աղվոր․․․ թութակ։
 
⁕ Կառապանները հիսուն կոպեկ պակասով կտանեն մեր համալսարանի պրոֆեսորները՝ մյուս քաղաքացոց համեմատությամբ։ Կըսեն՝ «անոնք թեթև են»․․․
 
<b>Կիրակի 17.</b> ― Կոոպերատիվի վարչությունը շրջաբերականով մը կհրահանգե մրգի բաց խանութները փակել և պաշտոնեից ազատ արձակել մրգի չգոյության պատճառով։ Հրահանգն իրագործված է։ Միայն մեր թաղային խանութի գործակատարները սա երկու ամիս է, որ տակավին կշարունակեն բաց պահել խանութը և ամսական առնել, ինչու որ խանութին ցուցափեղկին մեջ դեռ կմնան քանի մը փայտե խնձորներ, որոց պաշտոնն էր լոկ ազդարարել անցորդներին, որ սա պտուղի խանութ է, այնպես, ինչպես մանեկենները դերձակի խանութին հայտարարն են։
 
Այսպես ահա մեր թաղի կոոպերատիվին զույգ ծառայողները հավիտենապես ապահովելու են ընդդեմ անգործության, վասնզի բնավ չեմ կարծեր, որ հաճախորդները այնքան նեղվեն օր մը, որ փայտե խնձոր ուտելու զիջանեն․․․
 
Շուկաներեն բեռնակիրների դասը վերացված է իսպառ։ Այժմ մասնավորին տեղ «կոլխոզ բազար» է, ուր այցելող հաճախորդները այնքան թեթև կդառնան, որ չթռչելու համար դեռ կարիք կզգան քար կախել իրենցմե․․․
 
<b>Երկուշաբթի 18.</b> ― Այս կառավարության միակ առավելությունը ջրանցքներ շինելն էր, որը վերջերս հանկարծ դադրեցուց։ Բանեն երևաց, որ իր այդ գործունեությամբ դաշնակցության վաղեմի ծրագիրն է, որ կիրականացնե։
 
Հոսկե կծաե հետևյալ հարցը․
 
― Արդյոք եթե դաշնակցությունը իր համաձայնությանը հայտնե Չեկայի բռնած այս խիստ քաղաքականությունը, Չեկան ի հեճուկս դաշնակցության՝ ազա՞տ պիտի արձակե հազարավոր կալանավորներու և աքսորյալներու․․․
 
Կամ՝ եթե դաշնակցական մամուլը գրե, թե «մենք համաձայն ենք և ուրախ, որ բարձրաստիճան կոմունիստները «պատասխանատուներու» խանութեն մեղր ու կարագ ուտեն, իսկ ժողովուրդը սովեն մեռնի, կոմունիստները ճիշտ ատոր հակառակ՝ իրենք սովեն մեռնեն պիտի ու մեղրն ու կարագը ժողովրդյա՞ն տան․․․
 
․․․Ես հավատացած եմ, որ կուտան, ինչու որ կոմունիստները դաշնակցության հետ ոչինչ ընդհանուր ունենալ չեն կարող։
 
⁕ Մասնավոր խանութ չկա։ Պետական խանութեն քիլո մը խաղող առի ու մինչև տուն հասնելը այլևս ջրային մաս չէր մնացեր՝ կուտ ու կճեպ։ Ըսես ոչ թե մարդկային ձեռքով քաղված, այլ կատվի ճանկերով բզկտած ըլլային ճութերը։ Թթու։ Ինչո՞ւ։
 
Վասնզի անիծելով՝ այգետերը իր այգին տվեր է պետությանը, բանվորը անիծելով կքաղե այսօր խաղողը, սայլապանը անիծելով կբերե խանութ, գործակատարը անիծելով կշեռքի մեջ կլեցնե ու հաճախորդն ալ անիծելով տուն կտանե։
 
Ահա քեզի խորհրդային առուտուր։
 
<b>Երեքշաբթի 19.</b> ― Սա երեք օր է հարևան թուրքի տունեն եկող անվերջ չաքուճի թակ֊թակը չի թողեր որ քնանամ։ Կերթամ նայելու, թե ի՞նչ ձայն է։ Թիթեղագործ է, խանութը փակեր, փախեր է, տանը տղու խաղալիք շինելով՝ իր օրական հացը կհայթաթե։ Ինձի տեսնելով իր պատուհանեն, սարսափեն գունատված, չաքուճը վար թողած և գոգնոցը թոթվելով՝ վեր ելավ պատասխան տալու իր անլուր «հանցանքին» համար, և հավանաբար ինքզինքը հավետ կորսված զգաց։
 
Ինձի առաջին անգամ տեսնելուն համար, պետական պաշտոնեի տեղ էր դրել, որն եկել է բռնելու իրեն, որպես գաղտնի տնայնագործի։ Երբ իմացավ բանի էությունը, բռնեց ներս քաշեց և կուզեր համբուրել ձեռքս․․․ որ ագենտ չէի։
 
Այնուհետև երբ տեսնե, ինձի թեյի, ճաշի, ընթրիքի կկանչե, բայց ես չեմ երթար, ցույց տալու համար, թե՝ տես որքա՜ն վեհանձն եմ ես, որ ագենտ չլինելով հանդերձ դեռ չեմ ուզեր իրմե նյութապես օգտվել․․․
 
Չէ՞ որ ես ալ երախտապարտ կզգամ այն միլիցիային, որն առանց «աղբի դրամ» ուզելու կանցնե քովես։ Երախտապարտ կզգամ բանտապետին, որ թույլ կուտա ազատ պտտիլ, մանավանդ Չեկայեն, որ չի գնդակահարեր ինձի։
 
Այսքան բարեգութ կառավարությո՞ւն կըլլա։
 
<b>Չորեքշաբթի 20.</b> ― Աշխարհագրության այն դասագրքերը, որ կգրեն «Ռուսաստանն ունի 150 հոգի»՝ կսխալեն, պիտի ըսեն «150 միլիոն մարմին», վասնզի մեր ոչ մեկի մարմնի մեջ հոգի չկա։ Մեզմե շատ շատերը մեռած են արդեն ու եթե չեն թաղվեր, այդ միայն դագաղի ծախսեն վախնալուն համար է։ Ճշմարիտ է «Սովբեսը» յուրաքանչյուր մեռելին երեք մետր տապանացու կտոր կուտա, բայց կտավը Լենինականի տեքստիլ գործարանի պատրաստածն է։ Մեր գերեզմանոցը դժբախտաբար քիչ մը հեռու է քաղաքեն, և այդ գործարանի կտավը այսքան հեռավորությանը չի դիմանար․․․
 
⁕ Տասներեք օրեն աշնան գիշերահավասարն է՝ տասներկու ժամ հոս եմ, տասներկու՝ արտասահման։
 
Ես մորս պատվիրեր եմ արդեն, որ գիշերն ինձի հարցնողներուն ըսե՝ գացեր է Փարիզ։
 
<b>Հինգշաբթի 21.</b> ― Երեք մարդ մեկ օրվա մեջ գնդակահարվեցան՝ պետական ապրանքներեն մանր֊մունր յուրացումներ կատարած ըլլալուն համար։ Բոլոր նշաններեն կերևի, որ փամփուշտը պիտի սղի, վասնզի ժողովուրդը իր ներկա սովալլուկ վիճակով չի կրնա չգողնալ, իսկ կառավարությունն ալ չի կրնար չսպանել։ Երկուքն ալ մեկը մյուսեն իրավացի են։ Միայն թե պետք է ավելի աժան մահացնելու ձևեր մշակել, վասնզի ամենին մեկ գնդակ՝ ատ ո՞ւր կհասնի։
 
⁕ ․․․Ծո՛, նո՜ր իմացա, որ այսօր չեմ ճաշեր։ Սա փառավոր բան էր։ Եթե ամսվան մեջ գեթ քսան օր այսպես մոռնամ ճաշել՝ ռոճիկս ինձի լիուլի կբավե կոր։
 
<b>Ուրբաթ 22.</b> ― Այսօր հինգ տարեկան Նաթանիս հետ պտույտի ելա։ Անմե՜ղ երեխաներ․ ի՜նչ գաղափար ունին մահվան մասին։ Կկարծե, թե մեռնելու համար անպատճառ հանցանք կամ անհնազանդություն մը պիտի գործել։
 
― Ես ամեն առտու կլվացվիմ ու ճաշին ալ ձեռքս զգեստիս չեմ քսեր, ինչո՞ւ պիտի մեռնիմ։
 
Ու երբ իմացավ, որ անկախ հանցանքեն մարդիկ կմեծնան, կծերանան ու կմեռնին․
 
― Ես հաց չեմ ուտեր, որ չմեծնամ, ― կըսե։
 
Իսկ երբ հասկացավ, թե հաց չուտողը ավելի շուտ կմեռնի, այլևս բան մը չհարցուց և մտատանջության մեջ ինկավ։
 
<b>Շաբաթ 23.<b/> ― «Գոյության կռիվ»։
 
Ծո՛, ի՞նչ կռիվ՝ «գոյության պատերազմ» ըսե։ Ատ ալ չի բավեր՝ «գոյության ճակատամարտ», ու եթե կա՝ ատկե ավելի բան մը։
 
Նախորդ գիշերվանե ես ու կինս մեր արշավանքի ծրագիրը մշակեցինք ու առտուն գրոհի անցանք։ Տանը, պրիմուսի քով նստեցավ 87 ամյա մայրս, որ կերակուրը չխանձի։ Կինս լույսը բացվելուն դեռ երկու ժամ մնացած հացի հերթի գնաց, ես՝ խաղողի։ Կարգավորված էր, որ հացի ու խաղողի ֆրոնտներու միջև կապ պահպաներ մեր յոթնամյա տղան՝ տանը թողնելով միջնակին, որ փոքրը վեր կենալուն՝ վարտիք հագցնե անոր։
 
Առտուն֊ժամի ութին եկավ մեր լրատարը հացի ֆրոնտեն և հայտնեց, որ հացը դեռ չի եկեր, որ մայրը ութսուն մետր հեռու է կեցած խանութեն և դեռ տուրուդմփոցը չի սկսեր հաճախորդներու մեջ։ Ես հայտնեցի, որ թեև խանութն 180 մետր եմ հեռու, բայց հույս կա առնելու, և անպատճառ կառնեմ, եթե խաղող գալու ըլլա, և թող իմ մասին չմտածե․ ողջ ու առողջ եմ։
 
Գնաց լրատարը և երկու ժամեն վերադարձավ՝ հայտնելով, որ հացը եկեր է, բայց նորմայեն պակաս ըլլալուն պատճառով զիրար խեղդելու է ելեր բազմությունը․ հիմակու֊հիմա երկու ուշաթափ կա, վեց վիրավոր։ Կնոջս աջ ոտքը գազանաբար կոխված է, բայց կինս որոշեր է մինչև վերջին ոտքը պահել իր հերթը։ Հաց բերող ավտոն փոխադրեր է ընկածներուն։
 
Ես խնդրեցի հայտնել կնոջս հետևյալը՝ ողջ եմ, խաղողը պիտի գա։ Տղամարդկանց շարքին մեջ ութ տեղ լեզվակռիվ, կանանց մեջ երեք հոգի իսպառ, հինգ հոգի կիսով չափ զրկվեցան իրենց մազերեն՝ թեթև ընդհարման պահուն։
 
Երբ լրաբերս գնաց, հացի խանութի կողմեն երևաց երկրորդ ավտոն՝ վիրավորներով լեցուն։ Ինչքան նայեցա, կինս չտեսա մեջը և ուրախացա։ Կենդանի է, ըսել է։ Այս հանգամանքը նոր եռանդ բերեց հոգուս, ու ավելի աշխույժ սկսեցի կայնել։
 
Մեկուկես ժամեն լուր եկավ կնոջմես, թե տասներեք գլուխ հաց է մնացեր, 382՝ մարդ, աղոթիր ինձ համար։ Պատասխանեցի, որ վայրը աղոթքի համար աննպաստ է, բազմությունը անանկ հայհոյանքներ բաց կթողու բերնեն, որ հազիվ որևէ աստված զիջանի մոտ գալ՝ աղոթքս լսելու։
 
Երբ խաղողի արկղերը բացվեցան ու խանութին փեղկերը ետ գացին, բազմությունը մեկեն գրոհեց գետնի վրայեն, իսկ մեղուներու անթիվ բազմությունը՝ օդեն։
 
Խանութի առջևեն սկսեց հոսել կարմիր առվակ մը։ Խաղողը սև ըլլալու պատճառով դժվար էր որոշել խաղողի հյութ կամ արյուն ըլլալը։ Սև խաղողը միշտ կոոպերատիվին հանցանքը կծածկե, այդ պատճառով այս ամառ բացառապես սև կծախվե։
 
Երբ սկսվեցավ երկրորդ գրոհը, ես մտածեցի ոչ թե խաղողի, այլ միայն ինձի ողջ տուն հասցնելու մասին, և այն կարծիքը կազմեցի, որ ընտանիքավոր մարդոց չի վայելեր հերթի կենալ։ Առանց խաղողի երեխան կապրի, առանց հայր՝ ոչ։ Ու առաջին գործս եղավ ինքզինքս ազատել։
 
Իրիկունը բոլորս ալ տանն էինք։ Մեր ուրախությանը չափ չկա։ Ո՛չ խաղող ենք առեր, ո՛չ հաց, բայց երկուսս ալ ողջ ենք։ Ես իմ երեխաներուն ողջ հայր մը բերի խաղողի կրպակեն, կինս՝ մայր։
 
Ադկե ավելի՞ն կըըլա երեք փոքր երեխաներու համար․․․
 
⁕ Եթե կուզեք պտուղներու արժեքն իմանալ՝ հերթերուն երկարությանը նայեցեք։
 
Խաղողի հերթը 800 մետր է, տանձինը՝ 300, խնձորինը՝ 100։
 
<b>Կիրակի 24.</b> ― Վանին մեջ, ժամանակին, իմ տնտեսող հայրենակիցներն իրենց փանթալոնին այն մասերը, որք իրար կքսվեն, կաշի կկարեին։
 
Եթե հայոց տառերն ալ շատ գործածվելեն մաշվելու ըլլային, «ոչ» տառը կաշիով ամրացնելու էր։ Անխտիր ո՛ր պաշտոնատուն մտնես, «ոչ» կպատասխանեն քեզի, ինչ կոոպերատիվ մտնես՝ «չունինք»։
 
Չ, չ ու դարձյալ չ։
 
⁕ Խորհրդային Ռուսաստանը Լեհաստանի և Ֆինլանդիո հետ «իրար վրա չհարձակվելու» պայմանագիր կնքեց՝ հինգ տարով։
 
Ռոմանիա չի կնքեր։ Հարձակվե՞լ կուզե՝ ոչ։ Չհարձակվե՞լ կուզե՝ ոչ։ Ռոմանիա ո՛չ հարձակվել կուզե, ո՛չ չհարձակվել։
 
Նման դաշնագիր կնքելն ալ նոր մոդա է։
 
Այսօր պատշտոնատանս բոլոր աղջիկներու հետ զիրար չսիրելու պայմանագիր պիտի կնքեմ։
 
<b>Երկուշաբթի 25.</b> ― Բոլշևիկյան օրենսդրությունը ազատ իրավունք կուտա կնկան՝ թողնելու իր չսիրած ամուսնուն, օրվա որ ժամին կամենա։
 
Միանգամայն արդար, օրինավոր և պատվական օրենք, որուն համար ես խորհրդային օրենսդրության մեկ ձեռքը կհամբուրեմ։
 
Սակայն ես նույն օրենսդրության երկու ձեռքերը պիտի համբուրեի, եթե անիկա, վարվելով նույն ոգով, թույլ տար ժողովուրդին հեռանալու իր չսիրած կառավարութունեն․․․
 
Ինչո՞ւ։
 
Վասնզի, եթե ատելի մարդը գիշերը միայն կչարչարե իր կնկան, ատելի կառավարությունը՝ գիշեր֊ցերեկ միալար։
 
⁕ ․․․ Լեհաստանն ու Ֆինլանդիան ալ իրենց հերթին, երբ ուժեղ զգան ինքզինքին, կրնան Ռուսաստանին ըսել, թե՝ ներողություն, եկուր վեց ամիս մը չափ իրար վրա հարձակվինք, հետո նոր շարունակենք «չհարձակվիլ»։
 
<b>Երեքշաբթի 26.</b> ― Ես այն կարծիքի եմ, որ պետություններեն մարդավարություն սպասելի չէ։
 
Անցյալ օր, Իլյիչի շենք՝ բարեկամիս այցի էի գնացեր։ Մեյ մըն ալ լսեցինք խեղդաձայն կանչ մը, ու շենքին բոլոր կենողները մեկեն դուրս թափվեցին։ Երբ պարզվեցավ, թե մարդ մըն է, որ կխեդե կինը, անմիջապես ներս լեցվեցան ու կնկան խլելով կատաղած մարդուն ձեռքեն՝ ամեն կողմեն թքեցին, մրեցին մարդուն երեսը։ Մեկն ալ, կնկան ձեռքեն բռնած, իր տունը տարավ՝ սփոփելու խեղճին։
 
Իսկ մե՞նք։ Ռուսաստանին մեջ ապրող 150 միլիոն ժողովուրդնե՞րս։
 
Սա ուղիղ 15 տարի է սահմանները փակեր է մեր կառավարությունը, մեզի դրեր տակը ու կխեղդե, բայց ոչ մեկ պետություն օգնության չի վազեր, նայած մեր կանչին, ու կաթիլ մըն իսկ չի թքեր անոնց երեսի՜ն։
 
Ափսոս չե՞ն Իլյիչի շենքին բնակիչները․․․
 
⁕ Խորհրդային մամուլը կողբա ամերիկյան բանվորին վիճակը, որուն օրավարձը յոթ դոլարեն չորսի է իջեր։
 
Չորս դոլարը ներկա կուրսով կընե 200 ռուբլի։ Ողբալ 200 ռուբլի օրավարձ ստացող բանվորին այն ժամանակ, երբ իր բանվորը կստանա միայն․․․ 2 ռուբլի, այդ միայն բոլշևիկը կրնա։
 
Այդ նույնն է, թե մրջույնն ըսե փղին․
 
― Անդին քաշվե՝ սխալմամբ չկոխեմ քեզի․․․
 
<b>Չորեքշաբթի 27.</b> ― Այսօր ժամ մը ամբողջ պետք եղավ ինձի նստել Հայաստանի օգնության գրասենյակը։
 
Պարապ սենյակ մը, չորս պաշտոնյա մեջը նստած, ձեռքը ձեռքի վրա։
 
Այդ չորս պաշտոնեից համար երեք ճանճ միայն կար սենյակին մեջ, այդ պատճառով քշելուն, ձեռքներնին կամաց կշարժեին՝ իրենցմե շատ հեռու չթռցնելու համար ճանճերը։
 
Ըստ երևույթին, ճանճերը՝ այդ ապերախտ միջատները, շաքարի համար էր, որ մարդուն մոտ կուգային։ Վերացավ քաղցրությունը երկրեն, ճանճերը այլևս ընելիք չունին։
 
Բայց հետաքրքիր է գիտնալ՝ ինչո՞ւ անգործ էր Հայաստանի օգնության կոմիտեն։
 
Հայաստանն այլևս օգնության պե՞տք չունի, թե ինքը օգնելու կարողութունեն զուրկ է։
 
⁕ Սա քսան օր է «Գյուղհրատի» սրբագրիչ եմ նշանակված, բայց գործ չկա։ Ամեն օր կհանդիպեմ անգամ մը հարցնեու «գործ կա՞»։ Բայց ամենայն օր միևնույն հարցով ներս մտնելն անհարմար ու տաղտկալի նկատելով՝ օր մը «գործ կա՞» կըսեմ, երկրորդ օրը՝ «ի՞նչ նորություն», երրորդ օրը՝ «գործերն ինչպե՞ս կերթան կոր», չորրորդ օրը՝ «աշխատելու եմ եկեր», և այսպես քսան օր՝ քսան տեսակ բան։
 
Կըսեմ, մեկ կողմեն ալ կմտածեմ․ «Ես կդժվարանամ միևնույն բանը ամսվա մեջ քսան ձևով կրկնել․ հապա «Խորհրդային Հայաստանը» քա՞ր է, որ միևնույն բանը երեսուն ձևով կկրկնե մեկ ամսուն»։
 
<b>Հինգշաբթի 28.</b> ― Քաղաքիս մեջ ոգելից խմիչք չի ճարվեր սա շաբաթ մըն է, կուսակցականները մնացեր են ծարավ։
 
Լև Տոլստոյը «Մարդիկ ինչո՞ւ կհարբեն» իր գրքին մեջ միայն ալկոհոլին կուտա հիմարացնելու, բթացնելու դեր։
 
Եթե հավատանք Տոլստոյի այդ հավաստիացմանը, կնշանակե խմիչքի չգոյութենեն կուսակցականները բնավ չեն վնասեր, բնականեն բավականաչափ ունենալով այն հատկությունները, որ ալկոհոլը պիտի տար․․․
 
⁕ Զգո՛ւյշ կացեք, եթե ձեր առջև որևէ մեկը հաջող պարի, Հերովդեսի նման «ուզե, ինչ որ կուզես»֊ը չըսես։ Հանկարծ կվերցնե քեզմե ողկույզ մը խաղող կուզե և կխայտառակե քեզի։
 
<bՈւրբաթ 29.b> ― Եթե կենդանաբանները իրենց դասագրքերը մեր պետական սպանդանոցներու տվյալներու հիման վրա կազմեն՝ կովերը բնավ չորս ոտք չեն ունենա, այլ չորս կով միասին՝ ինը ոտք, կամ հինգ կովուն՝ տասնյոթ ոտք։ Ըսել է յուրաքանչյուր կովին երեքական ոտք՝ երկուսն ալ կավելնա։
 
Եթե կոոպերատիվ ճաշարաններու վարիչը կրնա դատ բանալ սպանդանոցի վարիչին դեմ, և զայն զեղծարար հռչակել երկու ավելցած ոտքին համար, սպանդանոցի վարիչն ալ իր հերթին կրնա մեղադրել ճաշարանապետին, թե ողջ կովն իր երկու ոտներով կերեր՝ միայն երկու ոտն է ղրկեր սպանդանոց մորթելու։
 
Փառք Աստծո, կատարյալ անտերություն է։ Սպանդանոց ղրկվող անասուններուն կից, ո՛չ գոյացուցակ կղրկվե, ո՛չ «ֆակտուրա»։ «Կղրկվե ձեզ մորթելու այսքան կով, այսքան ոչխար»։ Առանց գրելու, թե այդ կովը գլուխ ունի՞ արդյոք, կամ պոչը քանի՞ սանթիմ է։ Այո՛, շատ իրավունք ունի սպանդանոցին վարիչը։ Ապրանքդ ցուցակով տուր՝ ցուցակով պահանջե։ «Բնական կով, բնական կով» ըսելը կբավե՞։ Հիմա ի՞նչն է մնացեր բնական։ Ինչո՞ւ մարդիկ ողջ բնական կյանքը տակնուվրաա են շրջեր, ինչո՞ւ պիտի կովերը բնական մնան։
 
Կենդանիները սոցիալիզմի պետք չունե՞ն ինչ է․․․
 
⁕ Կարգադրված է քաղաքիս բոլոր աշակերտության ծնողաց, որ ամսվա մեջ որոշ օրեր պետական գործարաններ ձրի աշխատանքի երթան։
 
Չէ, իզուր տեղը թող չվազե։ Խորհրդային Ռուսաստանը երբեք Ամերիկային չի հասներ, որովհետև Ամերիկա օրական յոթ դոլար վճարելով իր բանվորին, ապրանքը երկու անգամ ավելի աժան կծախե ժողովրդյան, քան Ռուսաստանը, որը ձրի կաշխատացնե իր բանվորները։
 
Եթե անպատճառ Ռուսաստանն ու Ամերիկան կուզեն միասին քալել, Ամերիկան պետք է իր քայլերը դանդաղե կամ ուղղակի քանի մը տարի նստե, մինչև իր ինքնակոչ ընկերն իրեն հավասարվե։
 
<b>Շաբաթ 30.</b> ― Երեկ «Մարքս֊Լենինի» ինստիտուտին մեջ դասախոսություն կերթար այն մասին, որ Խաչատուր Աբովյանը սպանվե՞ր է սիրային հողի վրա, ինքնասպա՞ն է եղեր հուսահատութենեն, թե՞ փախեր է Տաճկաստան։
 
Մահվան բոլոր վերսիաներեն ինքնասպանությունը ընդունվեց։ Շատ աղեկ։
 
Սակայն ժողովեն վերջ, «ինստիտուտին» վարիչ Հայկ Գյուլիքովխյանը՝ կոմկուսակցության այդ շտամպը, իր եզրակացման խոսքին մեջ կարծիքների տարբերությունը դասակարգային շարժառիթներու տվավ։
 
Այդ հաշվով, ինչ երկու կարծիք ըլլա՝ մեկը պրոլետարական պիտի ըլլա անպատճառ, մյուսը՝ կապիտալիստական։ Եթե տուն մը գող է մտեր, և երկու ոստիկանները, հետազոտելով գողի ճամբան, մեկը կըսե՝ երդիկեն է մտեր, մյուսը՝ պատուհանեն, մեկը ծագումով պրոլետար է, մյուսը՝ բուրժուա։ Կամ եթե մեկը նայելով ամպերուն «անձրև կուգա» կըսե, մյուսը «չի գար» կըսե՝ կնշանակե դասակարգն է պատճառ, որ մեկը անձրև կբերե, մյուսը չի բերեր։
 
Այս առումով իմ երկու աչքերն ալ տարբեր դասակարգի կպատկանեն, վասնզի սա երեք օր է մեկը կցավե՝ մյուսը չի ցավեր․․․
 
⁕ Անաստվածների միությունը ցույց տալու համար, թե հրաշք ըսածդ զուտ աճպարարություն է, և ադով ժողովրդի մեջի սնոտիապաշտությունը փարատելու համար, Ռուսաստանի զանազան քաղաքներեն ձեռնածուներ կհրավիրեն Երևան։
 
Կզարմանամ, թե նույն ընկերությունը ինչո՞ւ անտես կընե Երևանի սպանդանոցի վարիչին, որն օրվա մը մեջ 87 ոչխար մորթելեն վերջ այծի վերածեց՝ անհայտացնելով դմակնին։
 
Մարգարեն իր գավառին մեջ պատիվ չունի՞, ինչ է․․․
 
<b>Չորեքշաբթի 7.</b> ― Բարեկամս պետական շինարարության պատճառներով սա երեք ամիս դուրսն էր մնացեր անօթևան։ Սենյակ մը կար կողքս՝ տարեկան 200 ռուբլով։ Այնքան համոզեցի՝ եկուր վարձե, թանկ է՝ ըսավ ու այսօր ալ մեռավ։ Թաղումը ուղիղ 300 ռուբլի նստավ վրան։ Թեև ճշմարիտ է, գերեզմանը իր լուսավորությամբ ու այլ հարմարություններով 100 ռուբլի մը ավելի արժեր «սենյակեն», սակայն նեղ ժամանակ է, ի՞նչ արժե պերճանքի ետևե վազել։ Ինձի լսելու ըլլար նե, առայժմս, քանի նեղն էր, 200 ռուբլով կերպ մը կապրեր անտեղ, ետքեն, որ հարստացավ, կրնար մեռնիլ արդեն․․․
 
<b>Հինգշաբթի 8.</b> ― Ձիաբուծություն։ Ահա քեզի ամենախաղաղ գյուղատնտեսական նյութ մը, զուտ գիտական։ Առաջին առթիվ կթվի թե ինչքան ալ հրազենի հեղինակ ըլլա, ասանկ անմեղ նյութի մասին խոսելու ատեն, ձեռքը չպիտի տանի դեպի ատրճանակը։ Բայց բոլշևիկի համար առանց արյունի ոչ հեղափոխություն կըլլա, ոչ ձիաբուծություն։
 
Գրքույկին մեջ կխոսե, թե ինչպես պիտի բեղմնավորել զամբիկը, ինչպես պիտի կերակրել քուռակը, քանի՞ տարեկանեն աշխատանքի դնել և այլն, ու մեկեն, քանի մը քայլ կհեռանա, ատրճանակը կբռնե դիմացը ու կսպառնա։
 
― Այս խորհուրդները չկատարողները դատախազության կողմե հետապնդվեն պիտի և արժանանան ամենախիստ պատիժի․․․
 
⁕ Կենդաբաբաննե՛ր, ուսումնասիրեք ձիուն ինչպես որ պետքն է։ Կանհետանա շուտով կենդանական այդ տեսակը մեր երկրեն, և դուք հետագային մամոնտին նման, մեկական ոսկոր ձեռք բերելով ստիպված պիտի ըլլաք գաղափար կազմել ամբողջին մասին։
 
Ատրճանակով զարգացած ձիաբուծությունը ոչ մեկ քուռակ չի տա մեր դարավերջի Դոն Քիշոտներուն՝ ստիպելով նրանց ավանակ հեծնել իրենց առաքելության ժամանակ։
 
<b>Ուրբաթ 9.</b> ― Ասկե երեք տարի առաջ Երևանի քաղխորհուրդը բանվորներու, ծառայողներու և առհասարակ, բոլոր լեզու ունեցողներու բերնով սկսեց պոռալ, թե Պողոս֊Պետրոս եկեղեցին պիտի քանդել և տեղը բանվորական ճաշարան կառուցել։
 
Այս ճաշարանի կառուցումը եկեղեցու տեղին վրա այնքան հրատապ և անհետաձգելի համարվեց, որ ժամանակի թերթերը կարդացող մը պիտի կարծեր, որ «ճաշարանին» կերակուրը ադեն եփված է ու պետք է շտապ շինել, քանի չի պաղեր, այնքան շտապ էր, այնքան ճաշարանի տեղ չկար Երևանին մեջ․․․
 
Բայց սա երեք տարի է խորհուրդը զբաղված է եկեղեցու միայն քանդումով և ավարտելն ալ Աստծու գիտնալիքն է։
 
․․․ Անիի մեջն ալ տեսած եմ բարբարոսները որքան աշխատած են քանի մը քար փլցնել Անիի Մայր եկեղեցիեն՝ չեն հաջողած։ Կեղտոտեր են տաճարի ներսը և հեռացեր։
 
Երևանի քաղխորհուրդն ալ, կթվի ինձի, թե ավելի լավ կըներ ինքզինքը զոռի չիտար, ուղղակի իր պաշտոնակիցներու նման կեղտոտեր ու հանգիստ իր գործին երթար։ Իսկ եփած կերակուրն ալ տաներ ծախելու իր այն ճաշարաններուն մեջ, որք իրենց բացման օրեն կերակուր չեն տեսեր ու անոթի կզկրտան։
 
<b>Շաբաթ 10.</b> ― Առտուն զամբյուղը ձեռքիս շուկա ելա։ Կոլխոզ խանութներ մը կային, որք շաբաթ մը առաջ արդեն աչքերնին կիսաբաց կնայեին, այժմս հավիտյան փակեցին։
 
Ժողովուրդն անոթի կատուներու նման կանցնե Կենտկոմի առջևեն, ուր կնստեն իր տերերը (երեք մանկունք) ու չեն համարձակվեր անգամ «միաո՜ւ» ըսել կամ ոտներուն քսվել, ի նշան անոթության։
 
Ըստ ավանդական սովորության՝ էշը համարված է ամենահամբերատարը կենդանիներեն, բայց լսե՞ր եք ինոր ահռելի կզռա իր անոթությանը ժամանակ։
 
Այո՛, ավանակը կզռա, ձին կխրխնջա, գառնուկը կմայե, այծը կմկկա։ Կենդանիներեն միայն մարդն է, որ գիտե անմռունչ մեռնիլ․․․
 
⁕ Կատու մը ունեինք, որ հավասարաչափ մեզի ու մեր դիմացի դրացիին տուները կայցելեր։
 
Այն օրվնե, երբ դրացիս կուսակցության մեջ մտավ՝ կատուն այլևս մեր տուն ոտք չդրավ։
 
Բարեբախտաբար, կատվին հետ մեր մուկերն ալ հարևանիս տունը քաշվեցան։
 
<b>Կիրակի 11.</b> ― Ամեն օր թերթերու մեջ կարելի է կարդալ հետևյալ բովանդակությամբ հայտարարություններ․ «Կփոխեմ այսքան քառակուի մեթր սենյակս՝ իր հարմարություններով, մեկ ուրիշ համապատասխան սենյակի հետ»։
 
Այս մարդիկ, սովորաբար, այն երկու սենյակ ունեցողներն են, որք բաժանվելով իրենց կանանցմե, մեկ սենյակի մեջ են ամփոփված և իրենց նախկին կողակիցներու երեսեն իսպառ ազատվելու համար կուզեն փոխանակել։
 
Խե՜ղճ մարդիկ։
 
Բայց այս դրությունը երկար չի տևեր։ Դեռ «սոցիալիզմի հիմնքն» է կառուցված, երբ շենքը կբարձրանա մինչև հինգերորդ հարկը, այսինքն՝ սոցիալիզմի շենքն կավարտե կամ, երբ որդիական, ամուսնական ու ծնողական կապերը, որք նախապաշարմունքի հետևանք են, կվերանան․ այլևս սենյակնին հանգիստ իրենց տեղերը թողնելով՝ ուղղակի կհայտարարեն․
 
― Կփոխեմ կինս յուր երեք երեխաներով, համապատասխան կնոջ ու երեխաներու հետ, և հասցեն․․․
 
Ընտանիքը կմեքենայացվի և կունենա անգամ իր պահեստամասերը, մահվան դեպքերուն անմիջապես լրացվելու համար։
 
⁕ Կարծելով, թե հին ժամանակները կապրինք, ճաշի ատեն շարունակ «հացով կերեք, հացով կերեք» կըսեմ երեխաներուս, ապա նոր գլխի կիյնամ, որ սով է՝ կըսեմ․ «կերակուրը անհաց կերեք, անհաց»։
 
<b>Երկուշաբթի 12.</b> ― Ես իմ նախնական կրթությունը ստացեր եմ տեր֊թոդիկյան դպրոցին մեջ, ուր ոտքի կենալը ամենասովորական պատիժն էր, և ժամանակներուս մեծ մասը ոտքի կենալով կանցունեինք։
 
Մենք, այն ատենները, սովորություն էինք դարձուցեր քննադատել այդ մեթոդը և պախարակել պատիժը՝ ըսելով․
 
― Մեզի կրթություն է պետք և ոչ պատիժ։
 
Ան ատեն ո՜վ կկարծեր, թե այսօր մենք խորհրդային ռեժիմին մեջ պիտի ապրինք, ուր բացառապես և միայն ոտքի կենալու ունակություն է պետք ապրելու համար։
 
Սա տասներկու տարվա ընթացքին, երբեք իմ գիտությունը ինձի պետք չի եկեր, սակայն կանգնելու կարողությունս՝ ամեն օր և օրական չորս անգամ։
 
Երեկ մեկ ու կես ժամ մսի հերթի եմ կեցեր, երկու ժամ հացի ու մեկ ժամ կաղամբի։
 
Ըսե՛ք, կաղաչեմ, ի՞նչ պիտի ըլլար իմ դրությունը, եթե ես այդ կարողությունը չժառանգեի փոքրուց։
 
Ուրեմն՝
 
― Փա՜ռք քեզի, տե՛տ Թոդիկ, քո ռեժիմին համար։
 
Ուրեմն, ճիշտ է փիլիսոփային այն խոսքը, թե աշխարհիս մեջ ոչինչ նոր չի ստեղծվեր ու ոչ մեկ բան չի հիննար, չի ոչնչանար։
 
Ու ի՞նչ։ Այսօր միջնադարյան ինկվիզիցիան ու տեր֊թոդիկյան մեթոդները, կարմիր զգեստներով ծպտված, «բարի լույս» կըսեն ու ձեռք կմեկնեն քեզի ծանոթանալու, որպես թե առաջին անգամ աշխարհ կուգան․․․
 
<b>Երեքշաբթի 13.</b> ― Չէ՛, դարվինիզմը ճիշտ գիտություն չէ։
 
Սա տարի մըն է փորս բաց կպտտիմ (վասնզի տաբատս կարճ է), ու կնայեմ հոնտեղի մազերը ոչ խտացեր, ոչ երկարեր են։ Հետո՝ տասներկու տարի է մենք ոչինչ չենք ուտեր, իսկ մեր ատամնաշարը կշարունակե «ամենակերի» մնալ։
 
Հապա ե՞րբ պիտի սրբագրվե մեր օրգանիզմը, եթե դարվինիզմը ճիշտ է․․․
 
⁕ Հայաստանին մեջ պղնձի պլանը «ճեղք» է տվեր, բամբակինը «ճեղք» է տվեր, խաղողինը «ճեղք» է տվեր։
 
Կենտկոմը այդ առիթով ժողով է գումարեր և այդ ճեղքերը գոցելու համար երեք «կտրուկ միջոց» է գրեր։
 
Չորս «կտրուկ միջոց» ալ պահեստի է հաներ՝ «ճեղք» երևալուն պես փակելու համար։
 
<b>Հինգշաբթի 15.</b> ― Ողջ երկրին մեջ լուցկի չի ճարվեր։ Դարավոր թշնամիներ փողոցին մեջ կկայնեցունեն զիրար պապիրոսնին վառելու։ Այդ լավ է, ու ես հակված եմ կարծել նաև, որ եթե դաշնակներն արտոնված ըլլային ապրիլ մեր երկրին մեջ, այսօր անոնք ալ, փողոցին մեջ բոլշևիկները կեցնելով, պիտի պապիրոսնին վառեին։ Կուսակցականությունը ճշմարիտ է, մոլություն է, բայց ծխելու մոլությունը վեր է բոլոր մոլություններեն։
 
Ժողովուրդը ո՛չ փայտ ունի անշեջ կրակարաններ պահելու, ո՛չ ուժ՝ փայտերն իրար քսելով կրակ ստանալու։
 
Պրոմեթեև՛ս, կսպասենք, որ երկրորդ անգամ երկնքեն կրակ բերես մեզի․․․
 
⁕ Պետհրատը, մասսային ուշադրությունը կենտրոնացնելու համար Լենինի աշխատությունները սկսեր է փառակազմ հրատարակել։
 
Իզուր ծախս։
 
Պատառ մը «տժվժիկ» լավաշի մը մեջ փաթթված, ավելի մարդ կրնա հավաքել իր շուրջը, քան փառակազմ Լենինը։
 
Լենինիզմը սոված բանվորներուն պետք չէ։ Լենինիզմը կուշտ ու կուռ բուրժուաներուն է պետք․․․ կերածնին մարսելու համար։
 
<b>Ուրբաթ 16.</b> ― Հանցավոր մը ամիսներ ամբողջ կաշառելու մտոք շաքար կերցուց իր դատավորին, բայց դատի օրը նույն դատավորը շատ խիստ վճիռ արձակեց։
 
Մեղադրյալը, կամենալով հիշեցնել դատավորին իր կերցուցած շաքարի մասին, ըսավ հեռվեն․
 
― Ընկե՛ր դատավոր, շատ դառն դատեցիր, ցանկալի է, որ քիչ մը շաքար խառնեիր վճռին․․․
 
⁕ Առաջին «հնգամյակը» վերջացուցած՝ երկրորդը կմտնենք։ Թշվառությունը օրեցօր կծավալվե մեր չորս դին։ Այս առթիվ գյուղացի մը մոտեցավ ինձի ու հարցուց․
 
― Ընկե՛ր, երկրորդ «հնգամյակեն» վերջ երրո՞րդն ալ պիտի ըլլա։
 
― Ո՛չ, ― պատասխանեցի իրեն վստահ, ― խորհրդային օրենքով տասը տարիեն ավելի տաժանակիր աշխատանք չկա․․․
 
<b>Շաբաթ 17.</b> ― Կաշեգործարանի բանվոր մը գործարանի ճամբին անոթութենե կնվաղի։
 
Դիրեկտորը, սակայն, այս ակտը «պրովոկացիա» համարելով, անմիջապես կարձակե բանվորը, որպեսզի մյուս բանվորները մյուս անգամ չհամարձակվեն նվաղել։
 
Այս խստությունը տեսնող ո՞ր բանվորը այսուհետև կհամարձակվե սովեն մեռնիլ։
 
Եթե նվաղելու պատիժը արձակելն է, Աստված գիտե, թե մեռնողի պատիժը ինչը պիտի ըլլա․․․ կաշեգործարանի դիրեկտորին կողմեն։
 
Ներկայիս բոլշևիկյան սովը 20 թվի դաշնակցական սովեն կտարբերվե անով միայն, որ20 թվին անոթի մարդիկ ազատ համարձակ առանց վախնալու կպառկեին փողոցին մեջ ու օրը ցերեկով կմեռնեին, իսկ հիմա մարդիկ մեռնել անգամ չեն համարձակվեր․․․
 
<b>Կիրակի 18.</b> ― Երեք երեխաներս ծանր կարմրուկով պառկեցան։ Երկուսը, փառք Աստծո, առանց ծանր հետևանքի աղեկցան, իսկ երրորդը փորձանք բերեց գլխներուս։ Երևակայեք, երկու ոտքը մեկ փապուճին դրած, խնձոր կպահանջե։ Երևանին մեջ խնձոր ճարելը խոսքով չըլլար։ Շաբաթ մը հարց ու փորձով վերջապես հաջողեցա քիլոն տաս ռուբլով կես քիլո գնել ու բերել այդ արգելյալ պտուղը։
 
Երբ խնձորը կեղևելով պզտիկին կկերցունեինք, երկու մեծերը մեկ անգամեն հատակին թափված կեղևին վրա հարձակվելու պատճառով, գլուխնին անհնարին թափով իրար զարկին ու ցավեն ժամ մը լացին։
 
Ներկա ըլլալով այս տեսարանին՝ երեխաներուս մայրը՝ չնայած, որ գլուխը ոչ մեկի չէր զարկած, ամբողջ երկու ժամ լացավ․․․
 
Խնձո՜ր, խնձո՜ր։ Դուն որ Ադամեն սկսյալ միշտ դժբախտության ես բերեր մարդոց գլխուն։
 
⁕ Բանկոոպները նոր կոշիկ տալու համար հիները կպահանջեն։ Հանկարծ չըլլա՞, նոր կնիկ առնողներեն պահանջեն հիները․․․
 
<b>Երկուշաբթի 19.</b> ― Այսօր փոքր տղաս նստեր, մրոտ ձեռներով կաղամբի կոթ կմաքրե դանակով։ Երբ մաքրած ծայրը կբռնե մյուս կեսը մաքրելու, առաջին կեսը կսևնա։ Երբ երկրորդ կեսը բռնած առաջին կեսը մաքրել կուզե՝ երկրորդ կեսը կմտրոտվե։
 
Այս եղանակով այնքան այս ու այն կողմը դարձուց, տաշեց, որ այլևս կաղամբի կոթեն բան չմնաց ուտելու։
 
Բոլշևիկներու այս «կուսակցական զտումը» հար և նման է տղուս կոթ մաքրելուն։ Այնքան աջեն կքաշեն, այնքան ձախեն կքերեն, որ օր մը զարմանքով տեսնեն պիտի, որ մարդ չի մնացեր կուսակցության մեջ։
 
Գլխու չպիտի՞ իյնան, արդյոք, որ մաքրող «ապարատի» ձեռքն է մրոտ․․
 
<b>Երեքշաբթի 20.</b> ― Լենինն ըսեր է․ «Էլեկտրիֆիկացիա պլյուս խորհրդային իշխանություն հավասար է սոցիալիզմ»։
 
Իսկ ես կըսեմ․ «Քանի մը հասարակ նախադասություն առ բերանդ և տասնհինգ տարի անընդհատ կրկնե՝ այդ հավասար է բոլշևիկներու ստեղծած սոցիալիզմին»։
 
<b>Չորեքշաբթի 21.</b> ― Կուսակցական խոսողներն իրենց բոլոր ճառերուն մեջ այն հույսը կհայտնեն, որ կամաց֊կամաց պիտի հասնեն ու անցնեն Ամերիկայեն։
 
Բայց վեց տարի առաջ մենք ավելի մոտ էինք Ամերիկային, քան հիմա։ Ան ատեն ես երկու ձեռք շապիկ ունեի, նույնքան ալ վարտիք՝ հանդեպ արդի բացարձակ տկլորության։
 
Այժմ Ամերիկան այնքան է հեռացեր, որ այլևս հասարակ աչքով չի երևար, ու Ռուսաստանն նախքան անոր ետևեն վազելը, պիտի ասոր֊անոր հարցնե, թե ո՞ւր փախավ և ո՞ր ճամբով փախավ այդ անպիտան Ամերիկան։
 
⁕ Այսօրվա հացը ամբողջովին քար է։ Ես կրկինը կվճարեի, եթե պետությունը ծամեր, նոր տար այդ «հացը»։
 
<b>Հինգշաբթի 22.</b> ― Համամիութենական Ժողկոմհորը տասնհինգ հազար ռուբլի մրցանակ է նշանակեր լավագույն պիեսի համար։
 
Երկրի մը մեջ, երբ գրելը մրցանակով կըլլա, այդ կնշանակե՝ տվյալ երկրին գրականությունը գյուղացիի ավանակին նման նստեր է կես ճանապարհին։
 
Ժողկոմխորհը, ճշմարիտ է, ըսեր է, որ նստած ավանակին դնչին դիմաց խոտ կբռնեն, բայց տեղյակ չէ, որ խոտ բռնելը միայն չի բավեր կենդանիին բարձրացնելու, որ պետք է պոչեն բռնել և ուժով վեր քաշել․․․
 
Հարգելի ժողկոմխորհը «Աբիսողոմ աղային» ժամանակները ապրելու էր, երբ մուսան ոսկիով կուգար։
 
⁕ Փողոցին մեջ մեկը ինձի Ժողկոմխորհի նախագահ Սահակ Տեր֊Գաբրիելյանի տեղը հարցուց։
 
― Երևան֊Մոսկվա ձգվող երկաթուղիի կայարանները հարցուր։ Անիկա սա չորս տարի է՝ ոտքը երկաթուղիեն վար չի դրեր․․․
 
<b>Ուրբաթ 23.</b> ― Սա երեք օր է երեք փոքրիկներս իրենց 90֊ամյա հիվանդ մեծ մոր մահիճը կպահպանեն՝ մեռնելուն պես բարձի տակեն անոր միակ նարինջը թռցնելու համար։
 
Բայց մեծ մայրը մեռնելու միտք չունի և հավանաբար վաղը ի վիճակի ըլլա նարինջն ուտեր՝ իր փոխարեն թաղելով խեղճ թոռնիկներու հույսերը․․․
 
⁕ Ժիլետիս գրպանը շուռ տալու ժամանակ դուրս եկավ փետուրե ատամ մաքրիչը։
 
Հե՜յ ժամանակներ։ Ուրեմն, երբևէ մի՞ս ենք կերեր․․․
 
<b>Շաբաթ 24.</b> ― Հիվանդ եմ։ Սա քանի օր է ինչքան կվառեն վառարանը՝ չեմ քրտներ։ Բայց այսօր, երբ կնիկս հայտնեց, թե վառելիքը վերջացավ՝ քրտինքը տվավ վրաս․․․
 
Դեռ երկու ամիս ձմեռ ունինք ու ոչ մեկ կտոր փայտ։ Եվ ոչ միայն ես, այլև 99 տոկոս ողջ ժողովրդյան։
 
Բայց սովետական կառավարությունը, ինչպես միշտ, այս անգամ էլ կերևի իր ժողովրդին պիտի հանե այս անել վիճակեն։
 
Կլսվի, թե Համամիութենական Ժողկոմխորհը մտադիր է օրենք մը հրատարակել, որով ձմեռվա մուտքը խորհրդային հանրապետություններու մեջ խստիվ արգելվե պիտի․․․
 
Ինչ ըսել է, կառավարություն է, հելպեթ պիտի մտածե այդքան։
 
⁕ Սաստիկ կհազամ։ Օ՜ֆ, կողքս․․․
 
<b>Կիրակի 25.</b> ― Այսօր քիչ մը լավ եմ, կարող էի չքրտնել, բայց նորեն քրտնեցի։
 
Այսօր ալ նավթն են դարձուցեր գրքույկով և ընտանիքիս չորս քիլո կուտան ամսական։
 
Առաջներ ես որքա՜ն ուրախ էի։ Կըսեի՝ լավ է ութ քիլո նավթ կստանամ, քանի կրցա՝ կապրիմ, որ նեղն ինկա, նավթ կածենք վրանիս կվառվենք։
 
Հիմա վեց անձ ընտանիք ես չորս քիլո նավթով ինտո՞ր վառեմ․․․
 
Այսօր շտապեմ վեր ելնեմ։ Քանի պառկեմ այնքան գեշ պիտի լսեմ։
 
<b>Երկուշաբթի 26.</b> ― Կառավարությունը ինչ մարդ կայնեցուց իր ցորենի ու գետնախնձորի պահեստներու վրա պահակ՝ կերան, կերան ու կերան։ Ստիպված հիմա իր պահեստներու պահպանությունը կատաղած շուներու է հանձներ, առանց նախապես անոնց սնունդին մասին հոգալու։
 
Այդ պատճառով անոթի կենդանիները փողոցին անցորդներու և անցորդներեն ալ հատկապես կուսակցականներու վրա կհարձակվեն։
 
― Ինչո՞ւ , ― պիտի հարցունեք։
 
― Վասնզի անկուսակցականներու վրա մի՜ս չի մնացեր այլևս․․․
 
⁕ Գերմանական Ռայխստագը այրեր են կոմունիստները։ Խոշոր դեպքեր կնախատեսվի հոն։
 
<b>Երեքշաբթի 27.</b> ― Առաջները մեր երեխաներու չարությունն հացեն զրկելով կպատժեինք, և ահագին հաց կավելնար (սաստիկ չար էին)։ Հիմա, երբ խելոքացեր են մեր հացը կիսով չափ կպակսե, ու ամենաքիչը օրական տասնհինգ ռուբլիի հացի պետք ունինք։
 
Ո՜վ կկարծեր, թե մեր երեխաներու չարությունը օրական տասնհինգ ռուբլիի օգուտ կբերեր ինձ։
 
Տասնհինգ ռուբլիի հաց գնել այն ժամանակ, երբ իմ ընդհանուր եկամուտը օրական տաս ռուբլի անգամ չէ՝ հարկավ անկարելի է։
 
Այսօր կնկաս հետ նիստ գումարեցինք և որոշեցինք փոխել օրենսդրությունը։
 
Մեր կոդեքսը առնված էր հին հռոմեականից, այնպես, ինչպես սովորաբար բոլոր օրենքները աշխարհիս երեսին։
 
Այդ օրենքով, միջին թվով, մարդկային 120 շարժումեն նոր մեկը հանցանք էր։ Ատիկա մեզի չէր գար այլևս, մեզի հիմա հարկավոր էր բոլշևիկյան օրենք, որի 120 շարժումներեն 121֊ը հանցանք է և կպատժվե օրենքի ամենամեծ խստությամբ։
 
Հրաշալի կոդեքս։ Օրհնվե թող օրենսգիրը։ Այս օրենքով մեր հացը ոչ միայն չի պակսի այսուհետև, այլև․․․ անձեռնմխելի կմնա։
 
⁕ Սոցիալիստական գարնանացանը կմոտիկնա, բայց կոլխոզի եզները դեռ պատրաստ չեն։ Ըստ թերթերու, անասունները ոտքի վրա կենալու համար երկու օգնականի հենվելու պետք ունին։
 
Բայց մեր եզները համոզված կոլխոզնիկներ են՝ մեռնին ալ, վարը չի տուժե։
 
Սովորաբար, գաղափարական մարդոց մահեն վերջը անոնց հոգին «կենդանի» կմնա․․․
 
<b>Չորեքշաբթի 28.</b> ― Չեկայի ագենտները առաջներ դժվար էր ճանչնալ։
 
Քեզի նման շենք֊շնորհքով մարդ՝ մեկ ալ մոտեցավ քեզի, բան մը լսեց՝ և «ընկե՛ր, ձերբակալված ես» ըսելով՝ առաջն ըրավ ու տարավ։
 
Հիմա այլ է։
 
Հիմա սովամահ ժողովրդյան մեջ մեկ մղոնեն կարելի է ճանչնալ ագենտը։
 
Ամեն անգամ, երբ խոսակցությանս կմոտենա լիքը, կարմիր թշերով, կաշվե շքեղ զգեստին մեջ մեկը․
 
― Զգո՜ւյշ, ― կըսեմ խոսակցիս, ― մեզի լրտեսող կա․․․
 
⁕ ― Ի՞նչ է խորհրդային գրականությունը։
 
― Ատիկա շինծու գրականություն է՝ գրողները շինծու, ընթերցողը շինծու։
 
<b>Հինգշաբթի 29.</b> ― Բարեկամ բժիշկ մը ունիմ, որ ինձի օգտակար ըլլալու զգացումեն մղված, կուզե որ հիվանդանամ անգամ մը (լավություն շատ է տեսեր ինձմե)։
 
Ես ալ մտածեցի, որ ամենահարմար ժամանակն է հիմա դյուրություն ընձեռելու բժշկին՝ իր պարտքը հատուցելու, ու պառկեցի։
 
Հիմա մեր մարմինները, սեփական նախաձեռնութենեն զրկված, մեր բերնին կնայեն, եթե «հիվանդ եմ» ըսենք, անմիջապես կպառկեն ու կտքան։ Եթե առողջ հայտարարենք ինքզինքնիս, կելլեն ոտքի, կքալեն։
 
Հա՛, հիվանդ հայտարարեցի ինձի ու բժիշկս եկավ։
 
― Ինչպե՞ս է ստամոքսդ, ― կհարցնե։
 
― Ինչպե՞ս կուզես որ ըլլա ան․․․
 
― Ամեն օր դուրս կերթա՞ս։
 
― Ամեն օր ինչո՞ւ դուրս երթամ, բժի՛շկ, ― կըսեմ։
 
― Ով ամեն օր բան մը կուտե, ան ամեն օր պարտավոր է դուրս երթալ։
 
― Պարտավո՞ր։ Կառավարական դեկրետներուն մեջ ատանք պարտադրանք մը չկա, կարծեմ, հանդեպ իր քաղաքացիներն։ Ուզած ատեն դուրս երթալու կամ չուզելիս բոլորովին դուրս չերթալու ազատությունը տվեր է մեզի մեր «պրոլետարական» կառավարությունը, և ես լիապես կուզեմ վայելել այդ ազատությունը։ Ասիկա ստամոքսիս քաղաքական կողմը։ Գալով տնտեսականին՝ բարեկամս, ― ըսի, ― այն սնունդը, որ մենք առաջները օրվա մը համար կառնեինք՝ այժմ տաս օրվա է բաժանված։ Այդ, ստամոքսը մը եթե ցուցամոլ չէ, ի՞նչ պետք ունի ամենայն օր դուրս երթալու, քանի որ տասն օրվա տարողություն ունի։ Այս տնտեսականը։ Գալով գիտական կողմին՝ ստամոքսնիս կերածնիս մի կողմ դարսած հրահանգի կսպասե։ Պետության տված «հաց» կոչված պզտիկ զանգվածը չի մարսվեր այլևս «ստամոքսի հյութով»՝ «քիչափ սյուի» է պետք։ Այս «հացով» սոցիալիզմը», ի՞նչ խոսք, ամուր կըլլա, բայց այս «հացով» սնված մարմինը շատ թույլ կըլլա։ Օ՜, բժիշկ, բժի՜շկ, անանկ ժամանակներ կապրինք, որ ամեն բան իրար է խառնվեր, ու եթե դուն այսօր բժիշկ չըլլայիր ու պաշտոնիդ բերմամբ «ստամոքսն» ստիպված չլինեիր միշտ հիշել, վաղո՜ւց մոռացած կըլլայիր ստամոքսն ալ, ներսն ալ, դուրսն ալ․․․
 
⁕ Հիմա եթե բժիշկներն ուզենան գիտնալ, իրենց բժշկած հիվանդին ստամոքսը կգործե՞, թե՞ ոչ, պետք է բան մը ճարեն ուտելու ու կերցնեն այնպես՝ ինչպես ավրված կարի մեքենան շինող վարպետ մը, նախքան գործիքը տիրոջը հասնձնելը, իր գոգնոցին քղանցքը կամ թաշկինակը կդնե տակը կարելու․․․
 
<b>Ուրբաթ 30.</b> ― Մենք այս իշխանության տակ ապրելով անանկ մեծ դժբախտության տակ ենք ընկեր, որ մնացյալ համայնական թշվառություններն՝ երկրաշարժ, սով, պատերազմ, հրդեհ, եթե երջանկություն չեն՝ չեն ալ վախեցներ մեզի։
 
Երեկ քաղաքիս կեդրոնական մասին մեջ այրվեցավ խոշոր տուն մը։ Պետք էր տեսնել, թե ինտոր օրերով իրենց մատնելու մեջ պապիրոսնին տրորող և ասդին֊անդին նայող ծխողները, եղջերուի ոտներ առած, քաղաքի բոլոր ծայրերեն կվազեին հրդեհի վայրը․․․ պապիրոսնին կպցնելու։ Այնքան որ լուցկի չկա քաղաքին մեջ։
 
⁕ Աղի բացակայութենեն, հիմա մարդոց ոչ մեզն է աղի, ոչ քրտինքը։ Համալսարանի ու բանֆակներու լաբորատորիաներու բոլոր աղերն ու թթուները փականքի տակ են առնված։
 
<b>Շաբաթ 1.</b> ― Այն եվրոպացիներն, որ կցանկան ռուսերեն սորվել, թող շտապեն, ամենահարմար ժամանակն է։ Նախկին հազարավոր արմատական բառ պարունակող ռուսերեն լեզուն հիմա «չկա» բառի է վերածվեր։ Ռուսերեն «չկա» բառը գիտես՝ ամբողջ ռուսերենին կտիրապետես ուրեմն։
 
Ռուսաստանին մեջ առուտուր ընելու համար մանավանդ ստեղծված է այս լեզուն։ Խանութպանեն դրամագլուխ իսկ չի պահանջվեր։ Բաց խոշոր «մագազին» մը առանց ապրանքի, կանգնե մեջը ու առտվնե իրիկուն «չկա» ըսե։
 
Ահա Ռուսաստանին առուտուրը։ Պարզ է և դյուրին։
 
⁕ Պղինձ ունինք՝ ժանգոտ է և անագ չկա կլայեկելու, պրիմուս ունենք՝ նավթ չկա մեջը։
 
Ի՜նչ լավ է, որ միս չի ճարվեր քաղաքիս մեջ։
 
<b>Կիրակի 2.</b> ― Եթե Դարվինի վարդապետությունը ճշմարիտ ըլլար, և մենք կապիկներեն առաջացած ըլլայինք, հիմա, երբ արդեն եկած ճամբաներովս ետ կերթանք, նորեն դեպի կապիկները պիտի վերադառնայինք, մինչդեռ կապիկներեն ավելի դեպի գայլերն ու բորենիները կերթանք։
 
Վառելիքի չգոյության պատճառով հիմա մարդիկ միսը, եթե ճարեն, կուտեն հում֊հում։ Ռուսաստանի շատ քաղաքներուն մեջ մորթված երեխաներու մասեր են գտնված կերակուրին մեջ, բաներ, որք գայլին ու բորենիին է միայն հատուկ։ Իսկ կապիկը, որքան հայտնի է մեզ, բացառապես պտուղներով կսնվե։
 
Երանի կապիկներեն սերված ըլլայինք։ Կապիկ ըլլայինք, բայց սոցիալիստ չըլլայինք․ չե նե ի՞նչ օգուտ։ Ավելի վատ։
 
Մարդիկ, հետի վերջավորություններ չունենալով, բնականեն իրար հավասարվելու ավելի հարմարություն ունին։
 
Կապիկները իրենց երկար պոչերը իրար հավասարեցնելու համար ինչքա՜ն արյունահեղություններ պիտի կատարեն, քանի՜ Չեկա, որքան Ցեկա, բանտ, աքսոր ու գնդակահարություն․․․
 
Ոչ, ոչ, ամենեն քիչ կապիկ դասակարգին կհարմարե սոցիալիստ ըլալ։ Անոնք սոցիալիստ ըլլալու համար ստեղծված կենդանիներ չեն․․․
 
⁕ Ճշմարիտ է՝ «հացը» պզտիկցեր է, բայց ատոր փոխարեն շատ է կարծրացեր։ Գայլախաչի կտոր ըլլա, ըսես, մանրելու ժամանակ երկու տեղ ձեռքս կտրեց ու արյուն հոսեց։
 
Եթե վեց անձ չըլլայինք, մեկ անգամեն կուլ կուտայի «հացը» ու մանրելու տեղ չէր մնար։
 
Կերևակայեմ։ Եթե ապագա պատերազմներու ռումբերու մեջ այս «հացեն» դնեն, ինչ կոտորած կառաջանա․․․
 
<b>Երկուշաբթի 3.</b> ― Ոչ մեկ բան այնպես չի հիշեցուներ բանտարկյալին իր անազատ դրությունը, ինչքան թռչունը, որ կճախրե օդին մեջ։
 
Այսօր անծեղ մը նստավ պատուհանիս, պատճառելով ինձի հազար ու մի տխուր խորհրդածություն։
 
Ավաղեցի ինձի, նախանձեցի շատ ու շատ այդ անծեղին։ Ետքեն սիրտ տալու համար ըսի ինքս ինձ․
 
― Է՛հ, կնախանձեմ, ամմա, ո՞վ կրնա երաշխավորել, որ անծեղներն ալ իրենց մեջ սոցիալիզմ չեն կառուցեր։ Գուցե կկառուցեն, գուցե անոնք ալ իրենց կոլխոզներն ունին՝ առանձին բրիգադներով, աշխատանքը բաժանված է այնպես, որ մեկ բրիգադը միայն կածե, մյուսը միայն թուղս կնստե և այլն։
 
Թռչուններեն անծեղն ու կռունկը բոլոր հավանականությամբ սոցիալիստական հասարակարգի մեջ կապրին։
 
Անծեղներն՝ որովհետև առտվնե մինչև իրիկուն, մեր կոոպերատիվի գործակատարներու նման «չկա, չէ, չէ» կըսեն, իսկ կռունկներն՝ որովհետև թռնելու երկար հերթ կկանգնեն։
 
Չգոյության և հերթի երկու ամենաբնորոշ նշաններ սոցիալիստական հասարակարգի․․․
 
⁕ Արտակարգ դատարանը երեք խոհարարի՝ կերակուրը խոշոր գդալով համտես ընելու պատճառով իբրև պետական վնասարարի, գնդակահարության դատապարտեց։
 
Սարսափը բռներ է ինձի ու ինչ ընելս չեմ գիտեր։ Ես ալ անցյալներ, փողոցեն անցածս պահուն, Չեկայի խոհանոցի պատուհանին կեցա ու ժամ մը ամբողջ «բորշի» հոտ քաշեցի․․․
 
<b>Երեքշաբթի 4.</b> ― Դուք գիտեք, որ Լենինն ըսեր է՝ «ով չաշխատի, ան չի ուտի»։ Գիտեք նաև այն, որ կոլխոզները դեպի այդ սոցիալիստական աշխատանքի թագավորությունը տանող գլխավոր ճամբան են։ Լավ։
 
Բայց դուք գիտե՞ք նաև, որ Ղազախի կոլխոզներեն շատերը փոխանակ իրենք կոլեկտիվ աշխատանքի լծվելու ու անհատ գյուղացիներուն իրենց մեջ քաշելու, այսօր իրենց սերմացուն ու գործիքները անհատ գյուղացոց կուտան կիսրար ցանելու։
 
Այսինքն՝ այն, ինչ ժամանակ մը կգործադրեին հղփացած, անաշխատ վաշխառուները․․․
 
Ասոր անո՞ւնն ինչ դնենք։
 
⁕ Ես դեռ համաձայն չեմ այն մարդոց հետ, որք կըսեն, թե այս կառավարությունը ժողովրդին բացարձակ թշնամի է։
 
Եթե թշնամի ըլլար, ոչ թե երկու կամ երեք հարյուր գրամ հաց կուտար, այլ յուրաքանչյուրին մեկ քիլո «հաց» կբաժներ, որ ուտեին ու մեկ անգամեն մեռնեին․․․
 
Խղճով դատելը լավ բան է։
 
<b>Չորեքշաբթի 5.</b> ― Այսօր նախկին շուկայեն անցածս պահուն նկատեցի նախիրեն ետ ընկած կով մը, որ պատ մը ափ առած՝ ագահաբար կլիզեր։
 
Երբ հետաքրքրվեցի այս երևույթով, պարզվեցավ, որ տասնևութ տարի առաջ այստեղ աղի պահեստ է եղեր։
 
Այս երևույթեն օգուտ մը քաղած ըլլալու համար, ես ալ սկսեցի շուկան պտտել և փուռի տեղերը մտքիս մեջ տպավորել։
 
Այս ընթացքը, որ բռներ է մեր կառավարությունը, ոչ թե 18 տարի այլ 18 ամիսեն փուռերու հետքն անգամ չէր երևալու, և անոթի բազմությունը կովի վայելած բախտավորութենեն ալ կզրկվե՝ չգտնելով փուռ մը, անոր պատերը լիզելու համար։
 
⁕ Խորհրդային կոմունիստական կառավարությունն ալ, եթե կամենա հետևել Ղազախի կոլխոզներուն, ամենայն իրավամբ կրնա պատվիրել ամերիկացի կապիտալիստներուն իրենց համար սոցիալիստական հասարակարգ շինել․․․
 
<b>Հինգշաբթի 6.</b> ― Ես ըսեր եմ ու միշտ պիտի ըսեմ՝ սկզբունքները միմիայն ճառախոսելու համար են ստեղծված, ու այն ժողովուրդները որք սկզբունքներ չունին, անոնց լեզուն աղքատիկ է ու ճարտասանության համար անպետք։
 
Երկու տարի ի վեր Եվրոպական մեծ պետությունները «զինաթափության» սկզբունքն են որդեգրեր և տարին երկու անգամ կերթան Լոզան ճառելու։
 
Բոլորովին անօգո՜ւտ։
 
Վասնզի եթե ճառն արժեք ունենար, այսօր բոլոր մեծ պետությունները ծունկի պիտի գային Ռուսաստանի ներկայացուցիչ Լիտվինովին առջև, որու ճառերն ավելի կուռ են, քան անգլիական որևէ կրեյսեր։
 
Բայց այդ լեզվե թույլ, բայց բռունցքով զորեղ պետությունները կխոսեցունեն Լիտվինովին ու իրենք․․․ կխնդան։
 
Եթե Լիտվինովը խելքի չի գա և շարունակե այսպես անկեղծ խոսել, շուտով բոլոր մայրաքաղաքներեն հրավեր ստանա պիտի՝ խնջույքներուն քիչ մը զվարճացնելու իրենց․․․
 
⁕ Երկու կեղտ գիտեմ, որք սովորույթի օրենքով արգելված է մաքրել։
 
Առաջինը՝ ջաղացի պտուտաքարի շրջապատի «փոշին» է։
 
Առաջներ, հարկավ (վասնզի հիմա ոչ ցորեն կա՝ ոչ ջաղաց ըլլա), ամենեն առաջ կպահանջեր ջաղացպանեն, որ պտուտաքարին բոլորտիքի «փոշին» մաքրված չըլլար․ հակառակ պարագայեն իր ամբողջ ցորենը ալյուր դառնալով, պիտի երթար լեցնելու պտտաքարի շրջապատի խորշերը, և ոչ մեկ գրամ ալյուր չէր հոսելու իր տոպրակը՝ տուն տանելու համար:
 
Երկրորդը՝ ատիկա արդի մեր «ատամի կեղտն» է, որ այսօր ոչ մեկ ատամնաբույժ իրավունք ունի մաքրելու։
 
Եթե մաքրե, կնշանակե հաճախորդին ստամոքսը ամբողջ երկու օր բան չպիտի մտնե, վասնզի պետության տված երկու օրվա օրապահիկը հազիվ լեցունե մաքրված ատամին խորշերը․․․
 
<b>Ուրբաթ 7.</b> ― Այսօր Ճապոնիան պաշտոնապես դուրս եկավ Ազգերի լիգայեն։
 
Իմ ճանաչած ազգերեն միակը, որ երկար խոսել չի սիրեր։
 
Գործ՝ այս է Ճապոնիան։
 
Իր միակ դժբախտությունը այն է, որ տարին մեկ֊երկու անգամ երկրաշարժի կենթարկվե, զոհելով քանի մը հազար տուներ ու մարդիկ։
 
Շատ կմտածեմ՝ ինչո՞ւ սա խենթ երկրագունդը, աշխարհի մյուս մասերը թողած, միշտ այս խեղճ երկրին մակերեսը կշարժե։
 
Կարծես Ճապոնիան անհարմար դիրքով հեծյալ մըն է, որ անհանգիստ երիվարը կցնցե կամ վեր֊վար կթռցնե իր մեջքին նստածին, հարմար դիրքով տեղավորվելու համար։
 
Ես տեսեր եմ ջղային հիվանդներ, որք իրենց մարմնի որոշ մասերը միշտ կշարժեն ջղագար։
 
Կամ գուցե երկրի խորքը ոգիներ կան, ռազմափորձ կկատարեն ճիշտ Ճապոնիային տակը, մոռանալով, որ աշխարհիս վրա բոլոր նոր վարդապետությանց, բոլոր նոր զենքերու փորձադաշտը լայնածավալ Ռուսաստանն է։
 
Վերջապես չեմ գիտեր, որքան կաշխատեմ բանով մը բացատրել սա երկրաբանորեն դժբախտ պետության վիճակը, չեմ կրնար։
 
Երբեմն նույնիսկ կտարվեմ կարծելու, որ այս Ամերիկայի սարքած ինտրիգներն են՝ հանդեպ իր ամենաոխերիմ քաղաքական հակառակորդին։
 
Ի՞նչ կա․ Ամերիկան իբրև ամենաաստվածապաշտը բոլոր պետություններեն, այնքան մոտ է կանգնած Աստծո, որ եթե նշանացի հասկցնե Ամենակալին մատ խոթել Ճապոնիայի տակը, չեմ կարծեր, որ մերժվի։
 
Ի վերջո, միակ խորհուրդը, որ կրնամ տալ Ճապոնիային, այդ այն է, որ իր կղզին ժամանակավորապես տա վարձու և ինքը քաշվի Մանջուրիա, տեսնենք ինչ կըլլա․․․
 
⁕ Այսօր Քաղխորհուրդը որոշում է հրատարակեր կոոպերատիվներու մաքրության մասին։
 
Չեմ հասկնար․․․ Ամբողջ երկրին մեջ եթե տեղ մը կա մաքուր, ատիկա մեր կոոպերատիվներն են։
 
Եթե խոսքը կվերաբերե ախտահանությանը՝ նորեն չեմ հասկնար, ապրանքի բացիլ, կամ հոտ անգամ չի մնացեր մեջերնին, ուրեմն ի՞նչ կնշանակե նման որոշում հրատարակել։
 
Ա՜, շատ կարելի է խոսքը կվերաբերե այն սարդի ոստայներուն, որք անհնարին խտությամբ փակեր են խանութին դռները․․․
 
<b>Շաբաթ 8.</b> ― Ռայխստագի այրումեն ետքը Գերմանական կառավարությունը շվար դրության մըն է ենթարկվեր՝ չիմանալով ո՞ւր գումարել նիստերը։
 
Բայց տեսեք դուք սա հարևան պետություններու քարսիրտ վերաբերմունքը դեպի իր ինկած դրացին։
 
Անգլիա, Ֆրանսիա, Բելգիա կտեսնեն Գերմանիո վիճակը ու չեն տրամադրեր իրենց պառլամենտները ժամանակաորապես օգտագործելու։
 
Ու Ռայխստագի խե՜ղճ պատգամավորներն, ամեն առտու պատրաստի ճառեր բերաննին կուգան ու բնավեր հավերու նման ետ կերթան․․․ առանց ածելու։
 
Չէ՛, բոլշևիկները իզուր այդքան կպախարակեն դաշնակցական կառավարությանը։
 
Ճշմարիտ է, 20֊րդ դարու այդ կառավարությունը պակասություններ շատ ուներ, բայց թշվառքին օգնելու ժամանակ ջենտլմեն էր։
 
Գերմանիայի պառլամենտը այրված ըլլար ու դաշնակցական կառավարությունը իր պառլամենտը չառաջարկեր՝ ոչ, ատիկա չըլլալիք բան էր․․․
 
<b>Կիրակի 9.</b> ― Շատ կարևոր ու շատ ճանչված մտավորական մը, այսօր տեսա փողոցին մեկ անկյունը կեցած, ձեռք կպարզեր անցորդներուն․․․
 
Մենք բոլորս ալ մուրացկանության թեկնածուներ ենք, ուստի իմ ապագա արհեստին նախապես ծանոթանալու մտքով, մոտեցա նորընծա մուրացկանին ու հարցուցի․
 
― Ինտո՞ր կերթան գործերդ։
 
― Շատ գեշ, անցորդները փոխանակ ողորմություն տալու՝ «դուն որ վճռեր ես մուրալու, դուն շատ բանի ընդունակ ես, դուն չես մեռներ» կըսեն ու կանցնեն։
 
― Ուրեմն դուն ալ հայտարարե, թե մուրացկանություն չեմ կրնար ընել և թող մուրալդ, որ քեզ ողորմեն․․․
 
⁕ Այսօր իրիկնադեմին հանկարծ գխտացի։ Կներեք արտահայտությանս, ես այդքան անքաղաքավարի չեմ, որ չպիտի տայի այդ անվայել գործողության անունը, եթե այդ ակտը դժբախտ հետևանք չունենար ինձի համար։
 
Գխտալովս ազատ տարածություն գոյացավ ստամոքսիս մեջ, որուն ինչով լեցնելս եմ շվարեր․․․
 
<b>Երկուշաբթի 10.</b> ― Ռուսաստանի սոցիալիստական շինարարությունը ես այսպես կպատկերացնեմ։
 
Ուստա Ստալինը գոգնաց կապած չաքուճը ձեռին կանգնած է պատի մը վրա, որ բնավ չի բարձրանար։ Երկրին 160 միլիոն ազգաբնակչությունը քառակուսի աղյուսներ են, թափած այդ չբարձրացող պատին տակ։
 
Մեյ մըն ալ տեսար ուստան վար իջավ պատեն, իր շինարարությունը հարմարեցնելու նպատակով զարկավ մեկի գլուխը կիսեց, մյուսի քիթը թռցուց, երրորդի վիզը կտրեց, չորրորդի ոտը կոտրեց և այսպես։
 
Կհիշե՞ք՝ ինտոր ասկե երեք տարի առաջ երկրի ունևոր դասուն «կուլակ» անվանելով՝ ջարդեց։ Երբ սոցիալիզմ չկառուցվեցավ, հաջորդ տարին միջակները ջարդեց։ Նորեն երբ չեղավ՝ կոլխոզներեն դուրս մնացած չքավորության վիզը թռցուց։ Ան ալ այսպես։
 
Փորձ է, այո՛, այս բոլորը փորձեր են, որ կկատարե Կրեմլի ուստան։ Դեմ չեմ ու չեմ վախնար, թող փորձե, բայց երեք բան մը տեսա, որը շատ վախցուց զիս։
 
Պզտիկ աղջիկս իր տիկնիկին թիկնոց մը կարելու համար ամբողջ օր մը զբաղեցավ մատ մը լաթի վրա, և երբ չհաջողեցավ վերջապես թիկնոցի նմանող բան մը դուրս բերել, անհաջողութենեն զայրացած բզիկ֊բզիկ ըրավ լաթին կտորը ու ոտներուն տակ առնելով՝ տրորեց զայն։
 
Այս կատաղության նոպան բոլոր անհաջող փորձողներուն է հատուկ։
 
Ստալինն ալ կփորձե, կփորձե, մինչև որ օր մըն ալ փորձանք մը բերե գլխներուս ու եթե դեռ բերածը քիչ է․․․
 
⁕ Ծո՛, սա մարդու երևակայությունն ալ անուշ բան է եղեր։
 
Այս արտու արթննալով, պառկածս տեղ, մեկ ժամվա մեջ Զվիցերիա գացի, պանսիոնի մը մեջ մեղրով, կարագով և սերով նախաճաշեցի ու դարձա։ Ճաշին կուզեմ ֆրանսական մինիստրի մը հրավեր ընդունել․․․
 
<b>Երեքշաբթի 11.</b> ― Մարդիկ արտաքինով սովորաբար իրարու նման են ստեղծված։ Տարբերությունը շատ է չնչին․ սանկ քանի մը սանթիմ մեկի քիթը երկար է մյուսեն, կամ մեկ մեթրո երրորդի հասակը բարձր է չորրորդեն։
 
Բայց բնավորությամբ ու համոզվածությամբ, մարդիկ ոչ թե սանթիմով կամ մեթրով իրարմե կտարբերեն, այլ քիլոմեթրներով։
 
⁕ Եվրոպական պետությունները Ռուսաստանին կհրավիրեն Լոզան ճապոնական հարցը քննելու, Ռուսաստան կըսե՝ չեմ գար։
 
<b>Չորեքշաբթի 12.</b> ― Ձեռքս շատ անհաջողակ է։ Կյանքիս մեջ չեմ կրցած տախտակ ռանդել ու իրար կցել։
 
Բայց սա մեկ տարուց ի վեր է անանկ հացեր կկտրեմ ճաշի ժամանակ, որք գործարանային «ֆաներկաներու» հետ կրնան մրցել իրենց նրբությամբ։
 
Կտրածս հացերը առաջ այսպես չէին։ Հացի նորման պակասելու հետ քանի գնաց՝ հացի թերթերը նոսրացան ու ապակիեն ավելի լույս պիտի թափանցեին այսօր, եթե գույնը քիչ մը ճերմակ ըլլար։
 
Առաջներ «պրոլետ գրողներու» մեծագույն մասը կապրեին դաշնակցական կառավարության ատենվան սովը Խորհրդային Հայաստանի լիության հետ համեմատելով։ Հիմա սակայն, երբ ընկեր սովը ներկա կառավարության հետ ալ մտերմացեր է, ինչ գրելնին չեն գիտեր։
 
⁕ Այսօր թաղի մը մեջ մեկը բաց օդի մեջ խորոված է եփեր, թաղեցիք բողոքեր են այս գայթակղիչին վրա։
 
<b>Հինգշաբթի 13.</b> ― «Խորհրդային արվեստին» խմբագիրն տեսավ ինձի այսօր և խնդրեց հոդված մը գրել մեր երկրի արվեստին թերությանց մասին։
 
― Խորհրդային արվեստը, ― պատասխանեցի իրեն, ― ոչ մեկ պակասություն ունի, շատ կատարյալ է ան ու շատ անթերի է՝ բացի պզտիկ պակասութենե մը։ Ու այդ այն է, որ նա․․․ գոյությո՜ւն չունի։
 
Իսկ այսքան չնչին թերություն մը ամեն արվեստի ներելի է։
 
⁕ Մոսկվային մեջ 35 հոգի գնդակահարված են, 22 հոգի տաս տարով տաժանակիր աշխատանքի դատապարտված, որպես գյուղատնտեսական ասպարեզի «վնասարարներ»։
 
Ձերբակալված են արդեն և շուտով գնդակահարվեն պիտի նաև 60 «վնասարարներ» էլեկտրական ֆրոնտեն, բոլորը ճարտարապետներ։
 
Քաղաքականութենեն բան մը չեմ հասկնար, բայց մանկավարժության մեջ ասանկ մասսայական պատիժ ընդունված չէ։
 
Շատ լավ կհիշեմ․ մեր գծագրության վարժապետը, երբ դասարանն ամբողջ կպատժեր՝ մեր տեսուչը հանցավորը վարժապետը կտեսներ, քան պատժված երեխաները։
 
<b>Ուրբաթ 14.</b> ― Ո՛չ, Չեկայի գոյությունը շատ անհրաժեշտ է։
 
Հիմա, երբ երկնային դժոխքի գաղափարը խունացեր է, ու այլևս ոչ ոք կհավատա այդ մտացածին հաստատութենին, շատ անհրաժեշտ էր, որ գոյություն ունենար ռեալ դժողք մը, սարսափին գաղափարը մարդկության մտքեն չանհայտանալու համար։
 
Այս երկու դժոխքներու մեջ ոչ մեկ տարբերություն։ Երկու տեղն ալ նույն սատանաները իրենց սրածայր գլխարկներով ու դաժանությամբ։ Միակ տարբերությունը, որ շատ փոքր է և չարժեր անգամ հիշատակել, այն է, որ երկնային դժոխքին մեջ մեղավորները սովորաբար կտանջվեն, իսկ Չեկային մեջ՝ անմեղները․․․
 
<b>Շաբաթ 15.</b> ― Դիտելով սա կոմունիստներու սոցիալիզմ կառուցելը, չեմ կրնա չհիշել Մոլիերի «Ակամա բժիշկը», որու կարճ բովանդակությունը հետևյալն է․ «Կոշտ ու կոպիտ փայտահատ մը կծեծե իր կինը ու անտառ կերթա իր գործին։ Կինը, կամենալով վրեժ լուծել իր ամուսինեն, բժիշկ կհայտարարե զանի իրենց իշխանավորի ծառաներուն, որք ճիշտ այդ րոպեին բժիշկ մը կորոնեին իրենց տիրոջ հիվանդ աղջկա համար։
 
― Բայց, ― կավելացնե կինը, ― մարդս փայտահատ կձևացնե ինքզինքը ու մինչև աղվոր մը չծեծեք, չի խոստովաներ իր բժիշկ ըլլալը։
 
Կերթան տիրոջ ծառաները անտառ, կնոջ նշանի վրա կգտնեն մարդուն ու կհարցնեն։
 
― Դու բժի՞շկ ես։
 
― Ոչ, ― կպատասխանե մարդը ապշած։
 
― Բժիշկ չե՜ս, հա՞, սպասե հիմա քեզի բժիշկ կդարձունենք, ― կըսեն ու մեյ մեկ փայտ առած կսկսեն չափել խեղճ մարդուն կռնակը, այնքան մինչև ստիպված «բժիշկ եմ» կըսե ու կխալսե ձեռներեն։
 
Հիմա մեր իշխանավորներն են՝ սոցիալիզմին ինչ ըլլալը չիմացող խեղճ ու կրակ գյուղացիին, թշվառ բանվորին անանկ դրության են հասցուցեր, որ «կոմունիստ եմ» կըսեն ու կուսակցության մեջը կմտնեն։
 
Բայց եթե հեռավորությանը նայինք, նորեն փայտահատություն ու բժշկությունն իրար մոտ են ու շատ ընդհանուր բաներ ունին, բայց գյուղացին ու սոցիալի՞զմը։
 
⁕ Այսօր աղմուկ ու բողոքի միթինկ։
 
Գերմանիան, իր Ռայխստագը հրդեհելուն համար, բռներ կոմունիստները կծեծե․․․
 
Վա՜յ, գազա՛ն Գերմանիա, վա՛յ։ Կարծես չի կրնար իր քաղաքական հակառակորդներուն մեղմ, քաղաքավարի, ընկերաբար բռնել ու․․․ գնդակահարել։
 
<b>Կիրակի 16.</b> ― Այո՛, ամեն դժբախտություն իր բարեբախտությունն ունի։
 
Հիմա լսեցեք սովին բերած բարեբախտության մասին պատմեմ։
 
Էֆենտիմ, ես ստամոքսի ճիճու ունիմ։ Ամեն տարի և տարեկան քանի մը անգամ սանթոնիսնի դոզաներ կընդունեի, բայց ոչ մեկ օգուտ։ Կշարունակեին անհնարին բազմությամբ եռալ մեջս այդ զազրելի կենդանիները՝ պատճառելով սանճի, գլխացավ ու սրտխառնուք։
 
Այս քրոնիկ ծոմապահության հետևանոք՝ ինչ կըսեք, չիգա՞ն բոլոր ճիճուներն ու թափվեն անխտիր։
 
Վա՜յ, օրհնվես դու խորհրդային կառավարություն, Աստված քեզի երկա՜ր կյանք տա համաշխարհային պրոլետարիատի առաջնորդ Մեծն Ստալին։
 
Այն ինչ չկրցան ընել հարյուրավոր գրամ սանթոնիսները, ըրավ քո կառուցած սոցիալիզմը․․․
 
⁕ Այսօր թերթին մեջ պրոլետ գրող Մկրտիչ Արմենը հանդիմանված էր, որը փոխանակ Աղբարա երթալու և գարնանացանի համար ոտանավոր գրելու, դրամն առեր, գնացեր է Թիֆլիս պտույտի։
 
<b>Երկուշաբթի 17.</b> ― Մեր մառանի ուտելիքները վերջանալու վրա ուրախացեր էի։
 
Կըսեի՝ լավ է, բոլոր մուկերը անոթութենե կստակին, և մենք ընդմիշտ կազատվենք այդ անպիտան կրծողներեն։
 
Հիմա, սակայն, սարսափով կնկատեմ, որ սկսեր են հոս ու հոն ինկած թերթերու ճառերը կրծոտել։
 
Եթե մուկերը սկսին ճառով սնվել, վա՜յ մեզ, այլևս ծովի ավազի նման պիտի բազմանան ու հեղեղեն մեզի։
 
Մուկերը, որք այժմ դյուրամարս ճառեր միայն կկրծեն, զարգանալով կրնան քաղգրագիտության ձեռնարկներ ճաշակել և վերջապես օր մըն ալ Պետհրատի պահեստը ընկնելով՝ Լենինի հատորներուն դեմ առնել, որք տարիներով լեռնացած հոն, իրենց հաճախորդին կսպասեն․․․
 
<b>Երեքշաբթի 18.</b> ― Անգլիո վարչապետ Մակդոնալդը պատերազմի հոտ կառնե եղեր և Փարիզին մեջ վեհաժողով մը գումարել կուզե՝ այդ աղետին առաջն առնելու համար։
 
Ճիշտը խոսած, պատերազմի հոտ ես ալ կառնեմ։
 
Իտալիա, որ սա երեք տարի է սուս ու փուս նստեր է իր բնին մեջ, ես գիտեմ, վեր կենալուն անանկ խոշոր ձու մը պիտի թողնե իր ետևը, որ ինքն ալ վախնա նայիլ։ Բայց ի՞նչ կրնամ ընել․ կյանքը գոյության կռիվ է։ Աշխարհն այսպես եկեր, այսպես ալ երթա պիտի։ Դիվանագիտական աշխարհին մեջ խաղաղություն գոյություն չունի։ «Խաղաղ ժամանակները պետությունները իրենց տուները մտած դանակ կսրեն իրենց դրացի պետության համար։ Ու այն ատեն, երբ տեսնվեցավ, թե դանակը բավականաչափ սրված է դրացիին մորթելու, «պառկի՛ր» կպոռա ան ու դանակը կխոթե։
 
Ամենայն հավանականությամբ Մակդոնալդին դանակը դեռ պատրաստ չէ, որ խաղաղության մասին կմտահոգվե․․․
 
⁕ Բեյբության փողոցին մեջ կինը մանչ մըն է բերեր։
 
Բոլորը ուշադրությամբ կհետևեն, թե ինչի՞ մեջ պիտի փաթթե մայրն իր նորածինը․․․
 
<b>Չորեքշաբթի 19.</b> ― Հաջորդ ամսուն 700 գրամ ստացող երկրորդ աստիճանի բանվորներու հացը 300֊ի է իջեցված՝ հավասարեցնելու ծառայողներու։
 
Ժամանակին Նասրեդին Խոջան ավանակ մըն է ունեցեր, որին կերակուրը օրեցօր պակսեցնելով՝ կամեցեր է առանց ուտելու ապրեցնելու վարժեցունել վերջեն։
 
Ընդամեն մեկ օր մնացած մոլլայի հաջողությանը՝ ավանակը կմեռնե․․․
 
― Ափսո՜ս, ― կըսե Խոջան, ― եթե օր մըն ալ համբերեր, այնուհետև առանց ուտելու ապրեր պիտի ավանակս։
 
Խորհրդային կառավարությունը, որ «Ծապլվարն» ու «Դոն Քիշոտն» իրականացուց, այժմ ձեռք է զարկեր Մոլլա Նասրեդինի անեկդոտներու «անշեղ կիրառմանը»։
 
Բայց Խոջան իր ավանակին կերը մեկ անգամեն 400 գրամ չպակսեցուց։
 
Իդեալին այսքան շտապ հասնել ուզողը ուշ կհասնե։
 
⁕ Հե՜յ գիտի պատմություն։
 
Ինչպես այսօր մենք մեր տղոցը կպատմենք թե՝ «ժամանակին Պարսկաստանին մեջ մոլլա մըն է եղեր, որ ունեցել է ավանակ մը․․․», պիտի գա օր մը, որ մեր հետնորդները իրենց որդոց ըսեն՝ «ժամանակով Ռուսաստանին մեջ Ստալին մըն է եղեր, որն ունեցեր է 160 միլիոն ավանակ․․․»
 
<b>Հինգշաբթի 20.</b> ― Վերջապես։ Ես ապշեր էի ուղղակի, թե այսքան նեղության մեջ մարդիկ ինչո՞ւ չեն խելագարեր։
 
Այսօր արդեն Դամար Բալլաղ թաղամասին մեջ գտնվեր է մեկը, որն կամենալով փրկել մարդկությանը «անզգա» կոչվելու անպատվութենեն, հերոսաբար խելագարվեր է, կացինով սպանելով դեմն ելլող յոթ հոգու։
 
Ապրի՛ խելագարն։ Անիկա թե՛ մարդկության պատիվը փրկեց, թե՛ միաժամանակ յոթ հոգի ազատեց այս անցավոր աշխարհեն։
 
⁕ Այսօր կնկաս հետ մեծ կռիվ։ Պատճառը․․․ ինքս ալ չեմ գիտեր իսկապես։
 
Կռվեն ետքը կպարզվե երևի․․․
 
<b>Ուրբաթ 21.</b> ― Լենինականի Միացյալ ժողդատարանին ողջ դատական կազմն բռնված է գողության մեջ և դատի տակ է։
 
Հետաքրքիր է դատավորն կրնա՞ ինքզինքը դատել, թե՞ ուրիշ տեղի դատավոր է կանչելու։
 
Բժիշկնեերն, օրինակ, հիվանդանալու պարագային ուրիշ բժշկի օգնության կդիմեն։
 
Այսքանը «ըստ ձևի», իսկ գալով «էությանը»՝ ես ամենևին չեմ մեղադրեր Լենինականի դատավորները։
 
Ով այսքան սոված ըլլա, անիկա պիտի գողնա։
 
Հիմա կրկեսի կենդանիներեն ու կոմիսարներեն զատ, բոլորը անոթի են և բոլորը թեկնածու գողության։
 
Կառավարությունը եթե կուզե դատարանը զերծ պահել մեղանչելե իր դատավորները կրկեսի կենդանիներու կարգը դասի պիտի ապաքեն։
 
⁕ Միլիցիա մը, գյուղի ճամբին սպանելով գյուղացի մը, կհափշտակե շալակի երկու փութ ցորենը։
 
Նորեն չեմ մեղադրեր։
 
Գող դատավորին միլիցիան ավազակ ըլլալու բոլոր արտոնությունն ունենալու է․․․
 
<b>Շաբաթ 22.</b> ― Այս գարնան սաստիկ անհամբեր եմ սոխակներու գալստյան։
 
Վճռեր եմ արդեն սիրահարվել հարևանուհիիս։
 
Ինչո՞ւ կզարմանաք։
 
Ո՞վ է ըսեր ձեզի, որ խելագարները անպատճառ մարդ պիտի սպանեն։
 
Ես չեմ ընդուներ այդ, ես պիտի սիրահարվեմ․․․
 
⁕ Պրոֆեսոր Աբդալյանը, ձիով Տաճկաստան փախնելով, երկու կին թողեց մեր կառավարությանը։
 
Երեկ այդ լքված, հետևապես և վիրավորված կանայք դատարանին մեջ իրարու օձիքը կքաշքշեին, տնային կարասները սեփականացնելու մտոք՝ յուրաքանչյուրը ցույց կուտար ինքզինքը ավելի խոցված, ավելի վիրավորված։
 
Բայց եթե բանը վիրավորանքին գար, այդ զույգ պահարանները և մահճակալը ավելի շուտ կառավարությանը կհասներ, քան այդ կանանց։
 
Վասնզի ավելի վիրավորական ակտ չի կրնար ըլլալ պետության մը համար, քան իր հրամանով հետախուզության գացող գիտնականի մը փախուստը։
 
Մարդս կփախչե միայն բանտեն։
 
Բայց կառավարությունը չվերցուց իրերը։ Երևի ցույց տալու համար, որ իր երկիրը բանտ չէ․․․
 
<b>Կիրակի 23.</b> ― Ռուս պետական գործիչ Կագանովիչը երբ կըսե՝ Մարքսը մեծ է, վասնզի Լենինի և Ստալինի պես աշակերտներ ունի, չեմ հասկնար։
 
Այդ կնշանակե, թե Լենինեն ու Ստալինեն հետո, մեծ մարդոց ցանկը պակասե պիտի, և անկե վերջ ոչ ոք իրավունք չունի «մեծ» ըլլալու, քանի որ Լենինն ու Ստալինը մեռած ըլլալով՝ անկարող պիտի ըլլան անոնց աշակերտել։
 
Եթե այդպես է, Լենինն մեռել է, բայց քանի որ Ստալինն կենդանի է տակավին, թող մեծ մարդոց ցանկը կազմելու ժամանակ, քանի մը անվանց տեղ բաց ձգե, նոր մեռնե։
 
Կարելի՞ է մեկեն դատապարտել ապագա մարդկությանը անխտիր «պզտիկ» ծնվելու։
 
Կամ առհասարակ այդ պայմանով արժե՞ ծնվել․․․
 
⁕ Դասագրքերու մեջ իբրև նախնական, անզարգացած կրոն կհիշվե «Պոլինեզիայի տոտեմիզմը», որն սխալ է և պիտի ըլլա «Ռուսաստանի կոմունիզմը»․․․
 
<b>Երկուշաբթի 24.</b> ― Հարդը և խոտը այնքան է սղեր, այնքան հազվագյուտ դարձեր, որ կով ունեցողներն ինչ ընելնին մոռցեր են։
 
Պետական թատրոնի կով ունեցող դերասանները, դերերնին ավարտելով, բեմը չեն ուզեր ձգել, միշտ աչքը հասարակության՝ ծաղկեփունջ կհուսան․․․ իրենց կովերուն համար։
 
Խեղճ կովերուն բախտեն, այլևս տաղանդավոր դերասան ալ չի մնացեր պետթատրոնին մեջ․․․
 
⁕ Եթե ընդունենք, որ «սոցիալիզմ կառուցելու» ամենաբնորոշ հատկանիշը սոված ըլլալն է՝ կենդանիները մեզի հավասար սոցիալիզմ կկառուցեն այսօր։
 
Տարբերությունն այն է, որ կենդանիները չունին իրենց «մեծ առաջնորդները»։ Պակաս մը, որ իսկույն կարելի է լրացնել։
 
Անգամ եթե իրենց մեջ չի ճարվի, կրնան մեր «մեծ առաջնորդներեն» օգտվել։
 
Հիմա արդեն անցեր են այն ժամանակները, երբ հիմար ըլլալու համար անպատճառ չորքոտանի պետք էր ըլլալ․․․
 
<b>Երեքշաբթի 25.</b> ― Առաջներ մարդկության առաջ անլուծելի հարց մը կծառանար․
 
― Ի՞նչ է կյանքի նպատակը։
 
Հիմա՝
 
― Ի՞նչ պիտի ուտենք ճաշին․․․
 
Երկու հավասարամեծ հարցեր, որք անլուծելի կմնան ցայսօր։
 
⁕ Սա մեր պետության «բանվորական» ըլլալը գիտենք, բայց չենք գիտեր, թե ո՞ր բանվորականը։
 
Վասնզի երկու տեսակ բանվոր կա՝ առաջին կարգի և երկրորդ կարգի։ Մեկը կուտե օրական 700 գրամ հաց, մյուսը՝ 300։
 
<b>Չորեքշաբթի 26.</b> ― Հայաստանի «համալսարանն» ավարտած բժշկուհիները արդեն գործի են անցեր։
 
Պզտիկ, 20-21 տարեկան աղջնակներ, որք առաջին տեսնողին ավելի շատ սպասուհի կկարծվեն, քան բժիշկ, արդեն պետական բուժարանի կողմե պրակտիկայի կղրկվեն։ (Հավերու մեջ այս տարիքի վառյակները չեն ածեր տակավին)։
 
Մեկը անոնցմե այսօր հիվանդ տղուս վրա եկավ ու գիտցածը չմոռնալու համար նախ դեղգիր գրեց, ապա սկսեց «նայել» հիվանդին։
 
Աս բժիշկները, դեղգիր մը հորինելով, առնվազն 100 հիվանդի վրա կկրկնեին դեղերու անունները՝ իրենց ուղեղին մեջ տպավորելու համար։ Ու եթե նույն օրվա առաջին հիվանդը ստամոքսեն կտառապե, մինչև իրիկուն, մնացյալ բոլոր հիվանդները պարտավոր են հիվանդանալ ստամոքսի սահմաններուն մեջ։
 
Աս աղջիկները, երբ տեսան հիվանդ երիտասարդ մը, որուն հավնեն՝ այդ երիտասարդին այլևս բժշկություն չկա․ որպես «անբուժելի հիվանդ» այնքան երթան գան հիվանդին վրա, մինչև տակը իյնան․․․
 
Եթե ընդունենք, որ այս բժիշկներու գործը կկայանա մեռածներուն թաղման վկայական տալ ու ծառայող հիվանդներուն տեղեկանք, ապա իրենց մասնագիտության մեջ մրցակից չունին։ Առաջին հայացքեն անմիջապես մեռելը կջոկեն կենդանիեն ու տակավին չի պատահած մեռյալ մը, որ բժշկին տված սխալ դիագնոզին վրա գերեզմանատունեն ետ վերադառնա ողջացած։
 
Պետական այս բժիշկները կառավարության կողմե պաշտոն ունին նաև արգելել ամեն տեսակի հիվանդներուն բան մը ուտել։ Պետք է պահպանել ամենախիստ «դիետա»։
 
Հաց չի կարելի տալ հիվանդին, մինչև ցանքի քաղելը։ Շաքարե զգուշանալ, մինչև Լենինականի շաքարի գործարանի կառուցման ավարտը։ Միս չիտալ, մինչև պետական մսամթերման վերջանալը։ Պետք է հագնվել շատ թեթև, քանի «տեքստիլը» իր «ճեղքվածքը» չի փակել և այլն։
 
Վերջապես բժիշկներ են ասոնք, որք ժողովուրդին հիվանդությունը բուժելեն ավելի կառավարության ռեժիմին հիվանդությունները բուժելու պաշտոնն ունին․․․
 
Առաջները, երբ հիվանդ մը ունենայինք՝
 
― Ի՞նչ կուտես, ջանս, ինչի՞ ախորժակ ունիս, ― կհարցունեինք։
 
― Հիմա ո՞վ կհամարձակվե նույնը կրկնել, երբ գիտես, որ հիվանդը ախորժակ ունի ամեն բանի, և դուն ոչինչ չունիս տալու․․․
 
<b>Հինգշաբթի 27.</b> ― Մոսկվայի կառավարությունը ի թիվս այլոց, բռներ է նաև վեց անգլիացի ճարտարապետներ ու պիտի դատե որպես վնասարարներ։
 
Անգլիական կառավարությունը, շաբաթ մը առաջ, պահանջեց ազատ արձակել իր վեց հպատակները, Մոսկվան մերժեց։ Այսօր Մոսկվայի անգլիական դեսպանը մատը թափ տալով՝ հեռացավ Մոսկվայեն։
 
⁕ Անգլիան սա 15 տարվա մեջ Ռուսաստանը վախցնելու մտոք, այնքան մտրակ շարժեց օդին մեջ, որ սպառնալիքն ալ իր իմաստը կորսնցուց։
 
Վախը իր նպատակին ծառայեցնելու համար պետք է գեթ տարին անգամ մը ծեծել։ Իսկ երբ չես կրնար ծեծել, բնավ չսպառնաս՝ այսպես կթելադրե մանկավարժությունը։
 
<b>Ուրբաթ 28.</b> ― Կհիշե՞ք Ռաֆֆիի վեպերը։
 
Հոն հեղափոխական գործիչները քիչ մը ծամոն, քանի մը հայելի, հինա, կոճակ, ասեղ ու թել առած, առևտրականի անվան տակ Տաճկաստան կերթային ու հոն հեղափոխություն կքարոզեին։
 
Նույն ուղին է բռներ նաև բոլշևիկյան Ռուսաստանը։
 
Չորս տակառ նավթ տված «ընկերության» մը կռնակ՝ Գերմանիա է ղրկեր, պետությունը ներսեն պայթեցնելու համար։
 
Բայց մա՜յրը չմեռնի Գերմանիա, կտեսնա՞ք ինչպես Հիտլերը ականջներեն բռնած, ինչպես ստահակ աշակերտի, այսօր իր երկրին բոլշևիկներուն գլուխը պատին կզարնե՝ անոնց վաճառականական հանգամանքը նկատի չառնելով բնավ։
 
Գերմանիա, պարտված պետություն մը այսքան վճռական։
 
Իսկ Անգլիա, հաղթող, ողջ աշխարհին հեգեմոնը, մտրակ կշարժե։
 
Տնաշե՛ն, «Բրիտանական կայսրություն» ես, աշխարհիս բոլոր պետությունները բերանիդ կնային։ Օր մը բոլոր պետությանց ներկայության դուրս կանչե Ռուսաստանը, քանի մը ապտակ իջեցուր երեսին և ըսե, որ այլևս նման բան չընե․․․
 
Չե՞ն կրնար։
 
⁕ Կոոպերատիվները շիշ մը կոնյակ տալու համար երկու դատարկ շիշ կպահանջե․․․
 
<b>Շաբաթ 29.</b> ― Բոլշևիկներու օրոք, գիտություններեն թվաբանությունը հիմնահատակ փոխվեցավ։ Անճանաչելիության աստիճան։
 
Հին ատեններ հանման ժամանակ մեծ թիվը միշտ վերը կգրվեր, պզտիկը՝ վար։
 
Հիմա ճիշտ հակառակը։
 
Այսպես՝
 
Քաղաքիս մեջ հացի քիլոն 25 ռուբլի է, յուղինը 70, շաքարինը՝ 40 (եթե ճարվե)։ Պանիրինը՝ 30։
 
Վեց անձ ընտանիք մը կշտանալու համար օրական պետք է ուտե 150 ռուբլիի հաց, 30 ռուբլիի յուղ, 10 ռուբլիի շաքար, հետո պանիր՝ 10 ռուբլիի և այլն, չհաշված բանջարեղեն, աղ, պղպեղ, վառելիք և հագուստ։ Գումարած այս պիտույքները կընե օրական 200 ռուբլի։
 
Այդ ընտանիքի օրական եկամուտն է ընդամենը վեց ռուբլի։ Հիմա պիտի վեց ռուբլիեն հանենք 200 ռուբլի, ինչ որ մնաց տակը՝ ատիկա հավասար է «Խորհրդային շինանարություն․․․»
 
Բայց չորս գործողություններեն հանումը ոչինչ ընդհանուր չունե մեր կոմունիստական կարգերուն հետ և իբրև հանող, գջլող ու հափշտակող գործողություն, հատուկ է միայն կապիտալիստական կարգերուն։
 
Մեր սոցիալիստական կառավարության գործողություններեն ամենակարևորը բաժանումն է։ Հավասար բաժանում։
 
Այդ պատճառով կառավարությունը ժրաջան աշակերտի նման սկսել է սորվել բաժանում։
 
Անիկա հացն այսօր այսպես կբաժանե։
 
Կոմիսարներն ու քարտուղարներն՝ ինչքան ուզեն։ Պատասխանատու կոմունիստները՝ 800 գրամ, բանվորը՝ 700, ծառայողը՝ 300, մասնավորը՝ 0 գրամ, իսկ կուլակը իր կերածը ետ բերե պիտի և կառավարությանը տա․․․
 
Եթե գտնեք, որ սույն բաժանումը հավասար, հետևաբար և սոցիալիստկան չէ, մի հուսահատեք՝ դեռ մանուկ է, ընդամենը 15 տարեկան։
 
Պիտի ըսեք, թե 15 տարվա մեջ դասարանը չփոխող այս աշակերտը բթամիտ մըն է, որ այսքան սխալ կբաժանե, բայց մի՛ ըսեք, մեղավորը ինքը չէ։
 
Դուք գիտեք, որ բաժանումը լավ յուրացնելու համար հարկավոր են թանձրացական առարկաներ՝ կաղին, զորօրինակ, ընկույզ, փշատ և այլն։ Բայց ի՞նչ ընե խեղճ ռուսաստանը, խոսք ու ճառեն զատ ոչինչ չունի և ունենալու պարագային 160 միլիոն հատ չունի, որ յուրաքանչյուր բնակչին գեթ մեկը հասնե․․․
 
Ուրիշ բան է, եթե կառավարությունը բանտերու և գերեզմաններու դուռները բաժնա ու բովանդակությունը բաժանե։
 
Ան ատեն յուրաքանչյուր ազատ մարդուն վեց բանտարկյալ կիյնա, չորս աքսորական, երկու գնդակահարված։
 
⁕ Չորս գործողություններեն բազմապատկումը կգործադրվե միմիայն և բացառապես խորհրդային դատավորներու մեջ, երբ պետք է հանցավորին մեկ սխալն տասով կամ 100֊ով բազմապատկել։
 
<b>Կիրակի 30.</b> ― Այսօր կիրակի է։
 
Հե՜յ գիտի ժամանակներ․․․
 
Առաջներ, երբ հավատ գոյություն ուներ դեռ, աստծվածապաշտները եկեղեցի կերթային, կոմունիստները՝ բջիջի ժողովի։
 
Հիմա բջիջն ալ, եկեղեցին ալ դա՜փ֊դատարկ է։
 
Նոր կրոնի մը աշխարհ գալու ամենահարմար ժամանակը։ Ով զգեստները փոխե ու ինքզինքը Աստված հռչակե, կպաշտվի առանց հարցաքննության, թե ո՞ւր էիր և ուրկե՞ կուգաս։
 
⁕ Աստվածներեն Լենինը, իր կոմունիստ հետևողներուն բերավ անապատի մեջտեղը կեցուց ու ինքը անհայտացավ։ Վերջիններս, երկար սպասեցին ու երբ նեղվեցան՝ ոսկի հորթ մը շինեցին՝ անունը Ստալին, ու սկսեր են սա ութը տարի է ի վեր պաշտել զանի։
 
Կոպիտ մատերյալե շինված ու շատ դիմացկուն Աստված մըն է վերջինս։
 
Եթե խնայողությամբ գործածվե, տասը տարի այլևս նոր աստծու պետք չեն ունենա բոլշևիկները․․․
 
Ժամանակ մը աստուծու անունը գլխատառով կգրվեր, մարդունը՝ հասարակ։
 
Բայց պիտի գա ժամանակ, և ատիկա մոտ է, որ մարդն հատուկ անուն պիտի ըլլա, աստվածն՝ հասարակ։
 
<b>Երկուշաբթի 31.</b> ― Քրոջս տղան, ճիշտ է, շատ պտտեց, բայց վերջեն լավ բնակարան վարձեց։
 
Ուղիղ Աբովյանին վրա, կեդրոն տեղ և պատուհանն ալ փողոցին վրա։
 
Անցորդները ըսես սենյակին մեջ կխոսեն, այնքան պարզ կլսվե դուրսեն։
 
― Անցյալ տարվանեն քանի մը գլուխ չորթան էր մնացեր, ձգեցինք ջուր, ըսինք տրորենք, սրիկա կատուն․․․
 
― Բայց ես հաստատ գիտեի, որ գլխուս գեշ բան պիտի գար, այն գիշեր ես Ստալինն էի տեսեր․․․
 
― Ճիշտ կխոսիմ, Գալո՛ւստ։ Կինս սա երկու տարի է, չեմ գործածեր։ Ու ունիս՝ տար։
 
― Հաց էի տարեր Չեկա, երեք ժամ հոն հերթի կեցա, ժամ ու կես՝ հարկս մուծեցի, երկու ժամ հացի քարտս ստուգել տվի, չորս ժամ․․․
 
― Սարգի՛ս, ուղիղ երեք օր բերանս նշխար չէի դրեր։ Էդ հոտը որ առա, ջուրը լեցվեցավ բերանս ու․․․
 
― Եկեր էր միջնորդելու, որ իր մարդուն բաց թողնեմ։ Ժարկո ունեի ու տապակած ձուկ։ Կերանք ու եկավ պառկելու ժամանակը․․․
 
― Ա՜յ տղա, այս կառավարությունն անասուն անգամ ըլլար, խելքի պիտի գար և հասկնար, որ այսպես կառավարել չի կարելի։ Ափսոս չէ՞ր ճորտատիրական․․․
 
― Այո, մեծ տղան 26֊ին գնդակահարվեցավ, միջնակը Սիբիրն է, պզտիկն ալ դատապարտված է հինգ տարի բանտարկության․․․
 
― Աս տարի էլ եթե պատերազմ չեղավ, ես ինքնասպան կըլլամ, այլևս հույս չկա ազատության․․․
 
― Աջ կողմի ոսկե ակռաները կհանեմ ծախեմ, ձախովը կծամեմ։ Ատ ալ շատ է․․․
 
⁕ Եթե կուզեք երկրի մը վիճակին ծանոթանալ, փողոցի պատուհանը նստեք կամ երկաթուղով գիշեր մը ճամբորդեցեք։
 
<b>Երեքշաբթի 1.</b> ― Երբ Անգլիո, Ֆրանսիո կամ Գերմանիո մեջ հազարավոր թերթեր կհրատարակվեն, ատիկա հասկանալի է։
 
Բայց ի՞նչ միտք ունի Խորհրդային Ռուսաստանին համար բազմանուն ու բազմաթիվ թերթեր, երբ բոլորը միևնույն բառերով միևնույն գաղափարը պաշտպանեն պիտի։
 
Ի՞նչ է խորհրդային մամուլը։ Անիկա երկա՜ր, միատեսակ մազի պարան մըն է մեթրաչափ, արշինաչափ, ֆունտաչափ ու մատնաչափ կտրտված և առանձին անուններ տրված։
 
Անիկա միևնույն անտանելի, անհամ ու սրտախառնուք պատճառող մախոխն է, տարբեր մեծության պնակներու մեջ լեցուցած ու տարբեր անուններով մկրտված։
 
Այս ձևով օրիգինալ՝ էությամբ կապիկ կուսակցությունը չի հասկնար, որ հազար գրամն մեկ քիլոյեն ավելի չէ ու հարյուր սանթիմը մեկ մեթրոյեն երկար չէ։
 
Չի հասկանար, վերջապես, որ հազար լակոտներու հաչոցը մեկ մեծ շունեն ազդու չէ․․․
 
⁕ Յուղի քիլոն 70֊են հարյուրի բարձրացավ։ Աղոթեցեք մեզի համար․․․
 
<b>Չորեքշաբթի 2.</b> ― Լենինին նվիրված յուրաքանչյուր «հուշի երեկոյին», առաջնորդի կինը՝ Նադեժդա Կրուպսկայան, հարազատորեն կկրկնե մարդուն միտքերը, բան մը, որ ցույց կուտա, թե Լենինը սիրող ամուսին մըն է եղեր։
 
Վասնզի ուժեղ գրկախառնության ժամանակ միայն այսքան հարազատորեն կրնա տպվել հուշ մը, մամուլի տակ գտնվող իր կնկա սրտին․․․
 
⁕ Գարունը եկավ։ Անգործներու տարմերը առտուներ սկսեր են զբոսարանը տեղ գրավել ու իրիկունները վերադառնալ կառավարությանը քննադատելեն վաստակաբեկ։
 
Բայց նկատելի է, որ տիրող սովը ազդեր է քննադատության արտադրողականության վրա։
 
Եվ իրոք։ Երեք հարյուր գրամ հաց ուտող մը ինչպե՞ս կրնա քննադատել այսքան պակասություն ունեցող ռեժիմ մը․․․
 
<b>Հինգշաբթի 3.</b> ― Կըսվե, թե բանտերու մեջ սաստիկ տարածված է արվագիտությունը և գիջությունը։
 
Ի՜նչ բնականոն պայմաններու մեջ, կնշանակե և ի՜նչ երջանիկ կապրեն բանտարկյալները։ Անոնք արուները կհիշեն այն ժամանակ, երբ մենք՝ «ազատներս», էգերն իսկ մոռցեր ենք։
 
Քաղաքիս մեջ բերնե բերան կանցնե այն զրույցը, ըստ որու, Աղայան փողոցին, Պետրոս անունով մեկը, առտու կելնե աղջկա հետ Զագս կերթա ամուսնանալու։ Ու կես ճանապարհին միայն կհիշե հանկարծ, որ ինքը ամուսնացած է արդեն ու տուն գալով՝ կնեղանա կնկան վրա թե․
 
― Կնիկ, ես մոռցեր եմ ամուսնանալս, դուն ալ չես հիշեցուներ։ Մազ մնաց նորեն ամուսնանայի․․․
 
Ես այս կողմանե իսպառ ապահով եմ։ Երեք երեխա ունիմ, որոնք հերթով կհիշեցունեն ընտանեկան հանգամանքս․․․
 
Եթե տղաներ չունենայի անգամ, դարձյալ սխալմամբ նոր կին չէի առնի։ Վասնզի նախ՝ ես շատ սուր հիշողություն ունիմ, երկրորդ ալ, սովորություն ունիմ տունեն ելնելուս նախապես թուղթի մը վրա նշել, թե ի՞նչ պետք է առնել այսօր, ու ցանկեն դուրս ոչինչ չեմ առներ․․․
 
<b>Ուրբաթ 4.</b> ― Սա խորհրդային կառավարությունը իր «շինարարության» մասին այնքան զարմանքով կհայտարարե, որ ըսես, ինքն ալ հույս չունե, թե բան մը շինելու ընդունակ է, ու երբ սխալմամբ բան մը շինվի՝ կապշե կմնա ճիշտ այնպես, ինչպես եթե հավ մը ածելեն ետքը տեսնե, որ ածածը սագի ձու է եղեր․․․
 
Այս կառավարությունը սաստիկ նման է չբեր ու տգեղ կնկա, որ կուզե վարչական եղանակով երեխա ծնել։
 
Բռնի ուժով կստիպե մարդոց իր հետ պառկել ու դեռ շորերը չհանած՝ շեփորող ապարատը կսկսե գործել։
 
«Պրոլետ գրողները» երփներանգ բառերով հղությունը կերգեն աս անհույս ամուլին, կուսակցական բջիջները կսկսեն «մասսայականեցնել» այն, ու հանձնաժողովները իրար կանցնեն նորածինին անուն գտնելու համար։
 
Այսքանը եղա՞վ, դե անդին քաշվեցեք, մամուլն արդեն կսկսե սնուցել։
 
Մեկ ամիսեն՝ երկու ամսական է տղան, երկու ամիսեն՝ չորս (տես «հնգամյակը չորս տարում»)։
 
Ու երբ լրանա ինն ամիս ու ինն օրը, փոխանակ ծնելու՝ կըսե․
 
― Այս իննամսյակին մենք կառուցենք երեխայի ֆունդամենտը, հաջորդ իննամսյակին նոր տեմպով բարձրացնելու համար․․․
 
Հաջորդ իննամսյակին՝
 
― Ասով մենք ավարտեցինք երեխաշինարարության շենքը, հաջորդ իննամսյակին կանցնենք վերնաշենքին։
 
Ու այսպես անվերջ իննամսյակներ, առանց նախապես հայտնելու, թե, վերջապես, քանի՞ հարկանի է ըլլալու ատ բերելիք երեխան
 
Ահա այսպես, խորհրդային իշխանությունը «լծված է» ու աս սուտ երկունքեն կտքա՝ իր հետ ու իրմե ավելի բարձր տքացնելով նաև ողջ ժողովուրդը․․․
 
Բայց ես կերևակայեմ, թե որքան դժվար է չսիրած կնկա մոտ պառկելը։
 
Խորհրդային իշխանության խե՜ղճ փեսացուք։
 
Այսքան տգեղ կնկա մոտ պառկող մը անպատճառ «բոլշևիկյան վճռականություն» ունենալու է, ապա թե ոչ անկարելի է, որ գործը գլուխ գա․․․
 
<b>Շաբաթ 5.</b> ― Չեկան սովորություն ունի, իր ագենտներուն միջոցով, խոսելով փողոցով անցնող երկու մարդոց մեկեն անջատել իրարմե, հարցաքննել առանձին֊առանձին։ Ու եթե այդ մարդկանց խոսքերը իրար չբռնեցին, իբրև պետությանը բամբասողներ կբռնվեն ու կաքսորվեն անմիջապես։
 
Անցյալ օր ասանկ զույգ մը կբռնեն Աբովյանին վրա և Չեկա կտանեն։ Մեկը անոնցմե, սաստիկ վախկոտ ըլլալով անմիջապես կխոստովանե, որ իրենք Չեկայի մասին կխոսեին։
 
Երկրորդը, սակայն, իր սառնասրտությունը պահպանել կհաջողի ու կըսե, թե, հեչ, դժոխքի, սատանաներու, կպրե կարասի մասին կխոսեինք։
 
Կբերեն երես առ երես ու ագենտը կըսե երկրորդին․
 
― Դուք բացարձակ հակասության մեջ եք։ Ընկերդ կըսե՝ մենք Չեկայի, չեկիստի ու նկուղի մասին կխոսեինք, իսկ դուն կըսես՝ դժոխքի, սատանայի ու կպրե կարասի։
 
― Ոչ մեկ հակասություն, ― կպատասխանե վերջինս։ Չեկան ու դժոխքը միևնույն հասկացողություններն են, սա փոքր տարբերությամբ, որ առաջինի մեջ կտանջվեն արդարները միայն, իսկ վերջինիս մեջ՝ մեղավորները․․․
 
⁕ Կինս անվերջ կգանգատե, որ մեր պզտիկը շատ լալկան է, որ ալ չի կրնար քաշել։
 
― Կնիկ, ― կըսեմ, ― ի՞նչ կա այդքան նեղսրտելու։ Ենթադրե, թե ժամագործ ես, ու պատի ժամացույցը թիկ֊թաք կընե։
 
<b>Կիրակի 6.</b> ― Պետք է խոստովանել նաև, որ հաճախ ժողովուրդն ալ կառավարության քննադատության մեջ չափազանցության կերթա։
 
Զբոսարանին նստարանին 92 տարեկան ծերունի մը այնպես կխոսեր, որպես թե բոլշևիկյան ռեժիմն է եղեր պատճառը իր ներկա ծերությանը, որ, որպես թե, եթե ցարական կամ դաշնակցական ռեժիմ գոյություն ունենար, ինքը ոչ թե 92 այլ 12 տարեկան պիտի ըլլար հիմա։
 
Իրավ է, որ կըսեն՝ մարդու աչքը ելնե, անունը չելնե․․․
 
⁕ Այսօր կինս փուռեն վերադարձին ձեռքի «հացը» դրեր էր ծանոթ ատաղծագործին խանութը խոսելու։ Վերջեն, տուն գալուն, հացի փոխարեն փայտի կունդ մը բերավ տուն։
 
«Հացը» փոխս էր ընկեր կունդի հետ․․․
 
<b>Երկուշաբթի 7.</b> ― Ես ալ ծանոթ դերձակի մը խանութ ունիմ, որ երբեմն հանգստանալու համար կմտնեմ։
 
Երեկ շրջազգեստ մըն էր կարեր կնկա մը, որն սակայն չէր վերցուներ և սկսել էր աղմկել՝ առարկելով, որ նեղ է և պահանջել, որ քակե ու նորեն կարե։
 
― Տիկին ջան, կլայննա, հավատացիր, որ կլայննա, ― կաղաչեր դերձակը։
 
― Ո՛չ, չեմ տաներ, ― կպնդեր կինը։
 
― Շատ աղեկ, ― վերջեն ճարահատված ըսավ դերձակը, ― թող շրջազգեստը հոս, ինչպես կտեսնեմ՝ շուկա կիջնաս, գնա՛, վերադարձին կշինեմ՝ եկուր տար։
 
Բարեկամս, վերցնելով զգեստը, մինչ կպատրաստվեր քանդել, երբ հանկարծ կարևոր գործով մը տունեն կանչվեցավ։
 
Բավական ուշացավ, այնքան, որ շուկայեն տիկինը վերադարձեր էր արդեն։
 
Կինը, առանց մեկու մը բան մը հարցնելու, կարծելով, թե վարպետն ըստ իր խոստման շիներ է արդեն զգեստը, վերցուց հագավ։
 
― Ա՜յ, ի՞նչ եմ ըսեր, հիմա եղա՜վ։ Ա՛յ, շրջազգեստն ասանկ լայն ըլլալու է, որ մարդն ազատ շարժվե մեջը․․․
 
⁕ Սույն դիպվածը եթե Քրիստոսին ժամանակը ըլլար, հրաշք պիտի համարվեր ու ավետարանն մեկ էջով ալ ավելնար։
 
Մինչդեռ այս երևույթն ունի իր շատ հասարակ բացատրությունը։
 
Շաբաթ մը շուկա չիջնող գնորդ մը, երբ առանց նախապատրաստելու ինքզինքը՝ մթերքի գին հարցունե, պատասխանը լսելուն, սարսափեն կես կդադրե։
 
Այդ է պատճառը, որ առհասարակ դերձակները բան մը ձևելու ատեն, նախքան մկրատը ձեռներնին առնելը, մեյ մը մթերքին գինը գիտնալ կուզեն․․․
91
edits