Changes
/* Մի փոքր իմ՝ և ոչ միայն իմ մասին */
Մի ժամանակ Տվարդովսկին, որին ծանոթ էի երիտասարդ տարիներիս, ասում էր, որ ինքն իրեն գրող կոչելը անհամեստ է, որովհետև այդ «կոչումը» նախատեսում է ակնառու կարողություններ, որոնք տաղանդ են կոչվում։ Եվ իսկապես, մարդկանց այն շրջանակը, որոնց նախկինում կոչում էին ընթերցողներ, հենց այդպես էին ընկալում գրողին, որպես մի էակ, որը ոչ սովորական և նույնիսկ գերբնական ունակությունների տեր է, որը կարողանում է հասկանալ մարդու հոգին, նրա ձգտումները, հույզերը, կսկիծը, գաղտնի ցանկությունները և էլի նման բաներ։ Հիմա դա անցյալում է մնացել և գրող են անվանում համարյա բոլորին՝ էժան դետեկտիվների, հոգեհույզ հասարակ պատմությունների և նույնիսկ բրոշյուրների, կոնսպեկտների, քաղաքական ճառերի, գովազդային տեքստերի հեղինակներին։ Նրանք բոլորը հիմա գրողներ են։ Դրա համար էլ առանց ամաչելու ես ինձ գրող եմ համարում։ Եվ վերջապես, ինչպես ներկայացնեմ ինձ, մի մարդու, որը գրել է տասներկու վեպ, վեց սցենար, չորս պիես և հարյուրավոր մանր գրական տեքստեր։ Ես Գրողների Միութան, Փեն֊ակումբի, և ինչ֊որ ժյուրիների, կոմիտեների, խմբագրական խորհուրդների, խմբագրական կոլեգիաների անդամ եմ, որտեղ ավելի հաճախ հանդես եմ գալիս որպես հարսանեկան գեներալ, առանց որևէ պարտականության ու վարձատրության։ Բացի այդ անդամակցում եմ երկու օտարերկրյա ակադեմիաների, երեք համալսարանների պատվավոր դոկտոր եմ, և տասնյակ մրցանակներ ունեմ։ Ինձ հարգում են, երբեմն նույնիսկ կլասիկ անվանում, իմ վեպերը գրախանութներում վաճառվում են «դասական գրականության» բաժիններում։ Ժամանակին, երբ ես դիսիդենտ, ուխտադրույժ, ժողովրդի թշնամի էի, ինձ հետապնդում էին մարդիկ, որոնց անունները ոչ ոք չի հիշում։ Նրանք ասում էին, որ ես գրքեր եմ գրում ԿՀՎ<ref>Կենտրոնական Հետախուզական Վարչության</ref>֊ի և Պենտագոնի պատվերով (հիմա կասեին պետդեպի), որ իմ գրքերը արժեք չունեն և կփտեն ինձ հետ միասին կամ նույնիսկ ինձանից շուտ պատմության աղբանոցում։ Ինձ վրա էին հարձակվում հզորագույն ուժեր, սպառնում էին ամեն տեսակ պատժով, երբեմն նույնիսկ մահով, այդ ամենով անցա ու կենդանի մնացի, ինչի՞ համար։ Մի՞թե այն բանի համար, որ դառնամ այս փոքրիկ չնչին միջատի զոհը։
==Ֆյոդորը ու Ալեքսանդրան==
Որպեսզի ավարտին հասցնեմ ընտանիքիս պատկերը, վերը ասածիս մի քանի ավելացումներ անեմ։ Առաջին ամուսնության երեխաներս, տղաս՝ Դանիլան ու դուստրս՝ Լյուդմիլան մեծացել ու տարբեր կողմեր են ցրվել։ Բեռլինում ապրող Դանիլան փոխարինել է լրագրությունը բիզնեսով, մեծ տրանսպորտային գրասենյակի սեփականատեր է, մեքենաներ է ուղարկում Բելառուս, Ուկրաինա, Ղազախստան և լավ էլ փող է աշխատում, իսկ աղջիկս ամուսնացավ հաջողակ ամերիկացի փաստաբանի՝ կամ ինչպես ինքն է ասում՝ լոյերի հետ, և ապրում է Կենտուկկի նահանգի Լեքսինգտոն քաղաքում, կամ ինչպես իրենք են ասում՝ Կենտակկիում։ Այժմյան ընտանիքս ես եմ, կինս՝ Վարվառան, տնային տնտեսուհի Շուրան, և իհարկե Ֆյոդորը։ Սեմիգուդիլովը համարում է, որ ես այդպես եմ անվանել շանս ռուսատյաց լինելով, որովհետև նրան թվում է, որ միայն այն մարդը, որն ատում կամ արհամարհում է ռուսներին, կարող է շանը տալ ռուսական անուն։ Չնայած դա հիմարություն է, որովհետև առաջինը՝ ինչպես Ֆյոդոր այնպես էլ Տեոդոր անունները ունեն հունական ծագում և նշանակում են «Աստծո պարգև», իսկ դրանից հետևում է երկրորդը․ ոչ թե ռուսատյացները, այլ ռուս մարդիկ էին դարեր շարունակ անվանում իրենց կատուներին Վասկա, այծերին՝ Միշկա, իսկ վարազներին Բորկա։ Շանն այդպես անվանեցի, որովհետև ինձ թվում է, նա նման է իմ զարմիկ Ֆեդկային, որի պես հաստլիկ է, բարի, նույնպիսի գանգուրներ ունի և որը չի նեղանում իր չորքոտանի անվանակցի առկայությունից։ Ֆյոդորը (եղբայրս չէ, շունը) գերհոտառություն ունի իմ հանդեպ։ Երբ ես վերադառնում եմ քաղաքից, նա նախօրոք զգում է, անհանգստանում, եթե հաջողվում է փախչում է բակից և սլանում դեպի մեր բնակավայրի խոչընդոտը ինձ դիմավորելու։ Ինչ որ կերպ ճանաչում է իմ մեքենան և վազում նրա ետևից պոչը շարժելով։
― Ո՞նց է ճանաչում ձեր մեքենան, ― զարմանում է Շուրան։
― Համարով, ― պատասխանում եմ ես։
― Չէ մի, ― բացականչում է նա, բայց մեծ կարծիք ունենալով Ֆյոդորի մտային կարողությունների մասին, թեքվում է այդ մտքին։
Շուրան մեզ մոտ է այն ժամանակից, երբ փախավ տամբովյան գյուղից, որտեղ նրան ողջ կյանքում ծեծել էին։ Սկզբում ամեն մի սխալի համար կամ հենց այնպես, հաստ գոտիով ծեծում էր հարբած հայրը։ Հետո, երբ երեխա չէր ունենում, բռունցքներով ծեծում էր հարբած ամուսինը։ Ժամանակ առ ժամանակ նա թողնում էր խմելը, չարանում ու ավելի դաժան ծեծում։ Շուրան համբերում էր, նույնիսկ չէր մտածում, որ կարելի է հեռանալ, բայց նրա բախտը բերեց․ մի օր նրա հարբած ամուսինը ընկավ ավտոբուսի տակ։ Բայց այդ ժամանակ արդեն մեծացել ու դնգստում էր նրան հարբեցողության մեջ ստեղծված տղան՝ Վալենտինը, որից էլ նա փախավ, թողնելով նրան իր ողջ ունեցվածքն ներառյալ տունն ու կովը։ Տղայի մասին նա խոսել չի սիրում, բայց ամուսնուն հիշում է ատելությամբ, և շնորհակալ է այն վարորդից, որը նրան վրաերթի ենթարկեց։
Սկզբից մեզ մոտ իրեն շատ անհամարձակ էր պահում, վախենում էր ավելորդ հարցեր տալ ու ցուցադրել, որ ինչ֊որ բան չգիտի։ Նրա առաջին առաջադրանքն էր մեզ համար նախաճաշ պատրաստելը։ Երեկոյան Վարվարան ասաց, որ նա երկու ձու եփի տոպրակում։ Առավոտյան վեր կացանք, իսկ նախաճաշը չկա, մեզ դիմավորում է շփոթված Շուրան և հայտնում, որ շատ փնտրեց, բայց խոհանոցում տոպրակ չգտավ։<ref>Ռուսերեն թույլ եփած ձվին ասում են՝ яйца в сваренные в мешочек</ref>
Ի վերջո սովորեց մեզ, փափկեց, բայց հին վախերից երկար ժամանակ չէր կարողանում ազատվել։
Պատահում է, երբ կանչում ես իրեն․ «Շուրա», նա ցնցվում է, նայում ինձ, աչքերում վախ եմ տեսնում։ Վախենում է, որ ինչ֊որ բան այնպես չի արել և իրեն ֆիզիկապես կպատժեն։ Երբեմն, սակայն, իզուր չի վախենում։ Մի անգամ մտա աշխատասենյակ և տեսա, թե ինչպես աթոռի վրա կանգնած փորձում է հատակը մաքրելու թաց շորով սրբել սեղանիս վրա կախված Պոլենովի՝ «Խոտով ծածկված լճակը» նկարը, իհարկե ոչ օրիգինալը, բայց շատ լավը։
― Այդ ի՞նչ ես անում, ― բղավեցի ես։
Նա գույնը գցեց, դանդաղ իջավ աթոռից, աչքերում պատժի անխուսափելիության վտանգ, շրթունքները դողում են։
Տարիներ անց, ավելի շատ ընտելանալով ինձ, խոստովանեց, որ կարծում էր, թե կծեծեմ իրեն։
Վեց տարուց ավելի է, ինչ Շուրան ապրում է մեզ մոտ։ Ցնցուղով ու զուգարանով մի փոքրիկ սենյակ ենք հատկացրել նրան երկրորդ հարկում։ Փոքրիկ պահարանի վրա նա դրել է սեղանի լամպ, սրբապատկեր, պատին կախել ինչ֊որ ամրոցի ու կարապներով լճակի լիտոգրաֆիկ պատկեր։ Մենք նրան տվեցինք հին հեռուստացուցը, որը նայում է ազատ ժամանակ։ Նախկինում նրա սիրած հաղորդումներն էին «Մոդնի պրիգովոր»,֊ը «Դավայ պոժենիմսյա»֊ն, բայց վերջերս սկսել է հետաքրքրվել քաղաքական թոք շոուներով, որոնք նայում է, կարծիք չարտահայտելով։ Ընդհանրապես նա աննկատ է, քչախոս ու կոկիկ։ Անձնական կյանք, թվում է չունի։ Զբոսնում է Ֆյոդորի հետ։ Ինչ որ պահից սկսել է եկեղեցի գնալ։ Ինչպես պարզվեց, նրա հայրը ԽՄԿԿ անդամ էր և նույնիսկ սովխոզի պարտկոմի քարտուղարը, բայց թաքուն կնքվել էր և կնքել երեխաներին, ինչը չէր խանգարում նրան խմել ու խոշտանգել յուրաիններին։
Ես Շուրայի հետ պայքարում եմ, որովհետև նա միշտ իր ուզածով է ինձ մոտ ամեն ինչ կարգի բերում, փոխում է իրերիս տեղը, իմ բացակայության ժամանակ դասավորում թղթերս այնպես, որ չեմ կարողանում դրանցից գլուխ հանել, իսկ ետ սովորեցնել նրան, անհնարին է։
Մեր նախկին տնային տնտեսուհի Անտոնինան, անընդհատ խառնվում էր իմ ու կնոջս խոսակցություններին, ինչի մասին էլ խոսեինք․ կյանքի, քաղաքականության, էկոնոմիկայի, գրականության՝ ամեն բանի մասին ուներ իր կարծիքը, որը սակայն միշտ համընկում էր իմին։ Սա ոչ մի բանի չի խառնվում, միայն լսում է, թե ինչպես ենք քննարկում որևէ գիրք, ֆիլմ, թատերական ներկայացում, հեռուստահաղորդում, ծանոթների ոսկորները լվանում, իշխանությանը քննադատում, ինքներս կռվում։ Միայն երբեմն քմծիծաղ է տալիս, բայց խոսակցությանը չի խառնվում։
Ընդհանրապես ես մտածում էի, որ նա իր սեփական կարծիքը չունի, բայց մի անգամ մտնելով նրա սենյակ, աստվածամոր պատկերի կողքին տեսա նույն չափսի Պերլիգոսի ֆոտոդիմանկարը։ Բնականաբար, ես չդիմացա ու հարցրեցի, որտեղի՞ց է դա և ինչու։
― Իսկ ինչ է, չի՞ կարելի, ― հարցրեց նա։
― Կարելի է իհարկե, բայց ինչի՞դ է պետք։
― Չէ որ նա լավն է։
― Ինչո՞ւ
― Ռուսաստանի համար է ցավում։
Մի ուրիշ անգամ նրա պահարանում տեսա հայտնի «հայրենասեր», Հարոլդ Եվսեևի՝ «Ռուսաստանի հրեամասոնական ակունքները» գրքույկը։ Երբ հարցրի, թե ով է տվել այդ աղբը՝ ասաց․ Սեմիգուդիլովը։
Իսկ ես կասկածում էի, որ նա կարդալ գիտի։
Դա ինձ դուր չեկավ և ասացի Վարվարային, որ պետք է փոխել տնային տնտեսուհուն։
Բայց Վարվարան պաշտպանեց նրան, ասելով, որ իհարկե հիմար է, բայց ազնիվ է։ Անտոնինան երբեմն մանր գողություն էր անում, իսկ սա նման բանում չի նկատվել։ Իր գործը լավ է անում․ տունն ու պատուհանները միշտ մաքուր են, լվացքն արված, ճաշը պատրաստված, իսկ նրա հայացքները ոչ մի նշանակություն չունեն, առավել ևս, որ նա ոչ մի հայացք էլ չունի։
==Տոցկը չի վերցնում==
Եթե հավատանք վիճակագրությանը, կյանքի միջին տևողությունը մեր երկրում 64 տարի է։ Անարդար կլինի չափից ավելի գերազանցել այդ սահմանը։ Իհարկե աշխատել եմ, և՛ լավ, և՛ վատ բաներ արել (նայած ինչպես վերաբերվել), բայց ինչքա՞ն կարող է պետությունը վճարել ինձ։ Եթե «Շտապօգնությունը» պետական շահն է պաշտպանում, ավելի լավ է չշտապի։ Իմ հարևան երեսունամյա Կոլկա Ֆեդյակինի մոտ չեկան երբ ինսուլտը խփեց, որովհետև նա ոլորվող լեզվով օգնություն չխնդրեց։ Զանգն ընդունող ֆելդշերը խորհուրդ տվեց խուլիգանություն չանել, առավոտյան թթվի ջուր խմել։ Բայց նա այդ խորհրդից չօգտվեց, որովհետև մեռածները թթվի ջուր չեն խմում։ Իսկ Բորիս Եվսևիչ Ֆեդյակինի հորեղբորը, որը պառկած էր սրտի նոպայով, առաջարկեցին իրենց անտեղի չանհանգստացնել, խմել վալիդոլ կամ նիտրոգլիցերին, կրծքի վրա տաք բան դնել ու ոտքերը տաք ջրում պահել։ Երբ Վարվառան հավաքեց 03, ի զարմանս ինձ, ավելորդ հարցեր չտվեցին և չառարկեցին։ Կես ժամ էլ չէր անցել, երբ խոնավ կողքերին խաչերով մեքենան, շուրջբոլորը լցնելով ոռնացող շչակի ձայնով և թարթող կապույտ լույսով, բակ մտավ։ Այն փաստը, որ այդքան արագ եկավ, համոզեց ինձ, որ մեքենան ուղարկողները համարել են այս դեպքը ուշադրության արժանի։ Տուն մտավ երկնագույն զգեստի վրա «շտապ օգնություն» մակագրությամբ մի շեկ կին ու մի կարճ կտրած մազերով երիտասարդ, անհասկանալի հեգնական ժպիտը տափակ երեսին։
― Ի՜նչ սիրունիկն է, ― ասաց կինը և շոյեց դյուրահավատորեն նրան մոտեցած Ֆյոդորին։ ― Իսկապես լավն է։ Պատրաստ է ընկերություն անել։ Զգո՞ւմ է, որ ինձնից էլ շան հոտ է գալիս։
Ու նախքան հետաքրքրվելու կանչի պատճառի մասին, պատմեց, որ ինքն էլ ունի շուն՝ պուդել, ոչազնվացեղ կատու, Վանյա անունով ամուսին և երկու ցածր դասարանցի երեխաներ։ Հայտնեց իր անուն հայրանունը՝ Զինիդա Վասիլևնա, բայց սկսերարն, ամուսինը և մնացյալները իրեն ուղղակի Զինուլյա են անվանում։ Վերջապես հիշեց, ինչու է եկել այստեղ։
― Ի՞նչ է պատահել։
Մենք միասին սկսեցինք բացատրել։ Չնայած իրար խանգարում էինք, նա ամեն ինչ հասկացավ։ Զննեց փորս, շոշափեց ճկույթի երկար, ներկված և սուր եղունգով, որը կարծես ստեղծված էր հատուկ լու հանելու համար։ Ես մտածեցի, որ նա հիմա կօգտագործի այդ բնական գործիքը։ Բայց նա հեռացրեց մատը, ու լվից հիացավ այնպես, ինչպես քիչ առաջ շնով։ Ի՜նչ ճարպիկն է։ Ինչպե՞ս այնտեղ մտար, անպետք։ Երևի դուրս գալ չես ուզում։ Չէ՞ որ այնտեղ տաք է և կուշտ։ Ոչինչ, ― խոստացավ նա, ― երկար չենք թողնի նստես։
Եվ ասում է արդեն ինձ․
― Դե ինչ, հավաքվեք, գնանք հիվանդանոց։
― Ինչո՞ւ, ― զարմացա ես։
― Չէ՞ որ դուք չեք ուզում մեռնել էնցեֆալիտից։
― Չեմ ուզում։
― Ուրեմն պետք է գնալ։
― Բայց ինչո՞ւ գնալ։ Մի՞թե չեք կարող մի բան անել տեղում։
― Հատկապես ի՞նչ։
― Հասկանալի է, հանել լուն։ Այդքան բարդ բա՞ն է։ Դրա համար երևի կրթություն ու փորձ ունեք։
― Ունեմ, ես փորձառու ֆելդշեր եմ։ Բժիշկ չեմ, բայց շատ բան կարող եմ անել։ Միայն ստերիլ գործիքներ չունեմ։ Իսկ առանց դրանց, ոչինչ հնարավոր չէ անել։ Համաձա՞յն եք։
Համաձայն էի, բայց փորձեցի արտահայտել զարմանքս։
― Մի՞թե ստերիլ գործիքները պրոբլեմ են։
― Իհարկե, դուք հո չե՞ք ուզում մեռնել արյան վարակումից։ Ինձ թվում է, նույնիսկ ձեր տարիքում դա չի լինի հաճելի։ Համաձա՞յն եք։
Ես համաձայնեցի, որ չեմ ուզում մեռնել արյան վարակումից։ Ճիշտն ասած, ընդհանրապես չեմ ուզում, չնայած հասկանում եմ, որ ինչ֊որ բանից ստիպված կլինեմ։ Բայց ցանկալի է մի ուրիշ անգամ։ Իսկ ավելի ցանկալի է, որ մյուս անգամ էլ դա տեղի չունենա։
― Եկեք փորձենք տրամաբանորեն դատել, ― ասացի ես, ― եթե ձեզ մոտ չկան ստերիլ գործիքներ, եկեք բավարարվենք տանը եղած հնարավորություններով։ Վերցնենք հասարակ ասեղ, եփենք, ահա և ստերիլ գործիք։
― Դա ճիշտ է։ Ասեղը կարելի է եփել։ Իսկ հատա՞կը, պատերն ու առաստա՞ղը նույնպե՞ս կեփեք։ Ստերիլ միջավայր կարո՞ղ եք ստեղծել։
― Այսինքն, շրջապա՞տը մաքուր լինի։ Մեզ մոտ ամեն ինչ մաքուր է։
― Մաքուրն ու ստերիլը տարբեր բաներ են։ Փորձեք ձեր մատը քսել հատակին ու նայել մանրադիտակով, այնպիսի բաներ կտեսեք, որ կուշաթափվեք։
Ես ենթադրեցի, որ մանրադիտակով ամեն տեղ էլ մի բան կգտնես։
Նա համաձայնեց։ Ամեն տեղ, բայց ոչ այդ քանակությամբ։ Եթե իսկական վիրահատարանում․․․
― Ի՞նչ գործ ունի վիրահատարանը, ― ասացի ես կորցնելով համբերությունս։ ― Ինձ ոչ թե վիրահատել է պետք, այլ լուն հանել։
Նա էլ սկսեց ջղայնանալ։
― Այդ ձեզ է թվում, որ ինչ֊որ մի լու է։ Միկրոբն հազար անգամ ավելի փոքր է, բայց եթե վերքի մեջ հայտնվեց՝ արյան վարակում։ Հետո՞։ Հետո դուք գերեզմանոց, ես՝ բանտ, իսկ երեխանե՞րս։ Երեխաներիս կտանեն մանկատուն։ Նրանք իմ առաջին ամուսնուց են, իսկ սա նրանց հետ գլուխ չի դնի։ Չէ, չկարծեք, նա նրանց սիրում է, քանի դեռ ինձ հետ է։ Բայց երբ հանդիպի ուրիշ կնոջ, միանգամից կհիշի, որ երեխաները իրենը չեն և կտա մանկատուն։ Այնտեղից էլ ամերիկացիներին կվաճառեն մասերի համար։ Օրենքը արգելում է, բայց նրանք միևնույն է, վաճառում են։ Անլեգալ։ Բելառուսով են տանում։ Կարծում եք հենց այնպե՞ս են ընկել մեր երեխաների ետևից։ Որովհետև այդքան բարի՞ են։ Չէ՜ մի։ Լսե՞լ եք, նրանց կյանքի տևողությունը համարյա հարյուր տարի է դարձել։ Գիտե՞ք ինչու։ Երեք բաղաադրիչ կա (սկսում է ծալել մատները)․ հավասարակշռված սնունդ, ցողունային բջիջներ և տրանսպլանտացիա։ Ամերիկացիները ռացիոնալ մարդիկ են։ Համաձա՞յն եք։ Նրանց համար առողջ ռուս երեխան պահեստամասերի կոմպլեկտ է։ Ինչպես մեքենայի համար, հասկանո՞ւմ եք։ Հմուտ մարդիկ գողանում են, քանդում ու մաս֊մաս վաճառում։ Մեկին արգելակային բարձիկներ, մյուսին կարբյուրատոր, անվադողեր, մոմեր և այլն։ Ի՞նչ որոշեցիք, գնո՞ւմ ենք, թե սպասում էնցեֆալիտի ախտանիշեներին։ Ձեր գլուխը չի՞ պտտվում, կրկնակի չե՞ք տեսնում։
Բնականաբար, ինձ միանգամից թվաց, որ պտտվում ու կրկնապատկվում է։
― Ուրեմն քննարկելու բան չկա, ― եզրակացրեց նա և պայուսակից հանելով, տղամարդու կոշիկի չափ հատուկ բջջային հեռախոսը, զանգեց ինչ֊որ տեղ ու սկսեց կամաց բացատրել․
― Այո։ Լու։ Կարմրություն ու այտուց։ Հիվանդը բողոքում է քորից, գլխացավից, կրկնակի տեսողությունից ու սրտխառնոցից։
Սրտխառնոցը իրենից ավելացրեց, բայց հենց ասաց, միանգամից թվաց, որ նաև սրտխառնուք ունեմ։
Ես վերլուծում էի զգացողություններս, իսկ նա անկյունում ինչ֊որ բան էր շշնջում հեռախոսի մեջ, այնպիսի բան, որը երևի իմ ականջների համար չէր։ Դա ինձ անհանգստացրեց, բայց ես դեռ սպասում էի, որ իրեն կասեն դատարկ բան է, գլուխ մի դրեք, մի բան արեք և նոր կանչ ընդունեք։ Երևի նրան այդպիսի բան չասացին, նշանակում է իր ասածները լուրջ համարեցին։ Վերջացնելով խոսակցությունը նա հայտնեց, որ ինձ կընդունեն «Սկլիֆում», այսինքն՝ պրոֆեսոր Սկլիֆասովսկու անվան հիվանդանոցում, ուր սովորաբար տանում են դանակահարվածներին, հրազենային վիրավորներին, ինքնասպաններին, սնկից թունավորվածներին, տաք ջրով ու հրդեում այրվածներին, տանիքից ընկածներին, վթարի ենթարկվածներին, որոնց կտրելով մեքենայի մետաղը կտոր֊կտոր են հանել։ Ի՞նձ էլ մի չնչին միջատով փորիս մեջ պետք է այնտեղ տանեն։ Մի կողմից անհարմար է այդպիսի դատարկ բանի համար, մյուս կողմից, եթե տանում են, ուրեմն հիմար բան չէ։ Բայց պատկերացնելով, որ այստեղից մինչև Սկլիֆասովսկի մոտ քառասուն կիլոմետր է, ես հետաքրքրվեցի․ իսկ չի՞ կարելի մի ավելի մոտիկ տեղ։ Օրինակ Տոցկ, որն ավելի մոտ է, և այնտեղ հիանալի հիվանդանոց կա։
― Ի՜նչ քմահաճն եք, ― հոգոց հանեց նա և նորից սկսեց զանգել։ ― Ալե, ալե, նրանք Սկիֆ չեն ուզում, Տոցք են ուզում։ ― Ասում է ինձ․ ― Հիմա դիսպետչերը զանգահարում է Տոցք։ ― Դիսպետչերին․ ― Ալե, ալե։ Ի՞նչ։ Ո՞չ։ ― Ինձ․ ― Տոցքը ձեզ չի վերցնում։ Նրանց հիվանդանոցը ակադեմիկ է։ Վերցնում են միայն ակադեմիկներին, պրոֆեսորներին, գիտության դոկտորներին։ Բայց ձեզ գուցե ընդունեն Զապոլսկիում։
Այդ ողջ ընթացքում մեքենավարը տեղից չշարժվեց։ Կանգնած էր դռան մոտ իր ոչինչ չարտահայտող հիմար ժպիտով ու պտտում էր մատների վրա բանալիների կապոցը։