Changes
/* Մի փոքր իմ՝ և ոչ միայն իմ մասին */
== Մի փոքր իմ՝ և ոչ միայն իմ մասին==
Եթե ոչինչ չգիտեք իմ մասին, ես ձեզ որոշ բաներ կպատմեմ։ Իմ անունն է Պետր Իլյիչ Սմորոդին, դա իմ կեղծանունն է, իսկ իսկական՝ Պրոկոպովիչ ազգանունս քչերը գիտեն։ Նրանցից են՝ փոստատար Զաիրան, որը ամեն ամսվա սկզբին բերում է թոշակս, «Աէրոֆլոտի» գանձապահ Լյուդմիլա Սերգեևնան, որից նախկինում տոմսեր էի գնում Բեռլին, ուր թռչում էի Դանիլայի՝ տղայիս մոտ։ Երկար տարիներ ես օգտվել եմ նրա ծառայություններից, որպես լրացուցիչ վճար նվիրելով գրքերս ու շոկոլադե կոնֆետներ, իսկ հիմա տոմսերը գնում եմ օնլայն։ Իմ տարիքին հասած մարդիկ սովորաբար նոր տեխնոլոգիաներին դժվարությամբ են տիրապետում, բայց ես համարում եմ ինձ, ինչպես ասում են, առաջադեմ օգտատեր։ Երեսուն տարուց ավելի առաջ գնեցի Ամերիկայում իմ առաջին Մակինտոշը, որը կոչվում էր Մակ֊պլուս (էկրանը սիգարետի տուփի չափ), և այդ օրվանից աշխատում եմ քայլել ժամանակին համընթաց։ Դա ամառանոցային հին հարևանիս՝ իմ սերնադկից վերջին գյուղական գրող Տիմոֆեյ Սեմիգուդիլովի, որի ազգանունը հենց իր համախոհներն են ձևափոխում, փոխարինելով «գ» տառը ուրիշով, որից սկսվում է «մայրիկ» բառը, արհամարհանք է առաջացնում։ Տիմոխան համարում է, որ իսկական գրողը պետք է գրի միայն «փետուրով», նկատի ունի սովորական գրիչը։ Նա շատ է հպարտանում իր հետամնացությամբ և համոզված է, որ միայն ձեռքով գրողը որոշ չափով կարող է պատկանել իսկական ռուսական գրականությանը։ Պուշկինի և Տուրգենևի ձեռքբերումները նա բացատրում է նրանով, որ գրում էին սագի փետուրով, որ համակարգչով հնարավոր չէ գրել ո՛չ «Եվգենիյ Օնեգին», ո՛չ էլ «Բեժին լուգ»։ Նա ավելացնում է, որ համակարգիչը սատանայական ֆլյուիդներ է արձակում (ինչո՞ւ ֆլյուիդներ), իսկ գրիչով գրողը ուղղակիորեն առնչվում է Աստծու հետ, չնայած ես կասկածներ ունեմ, որ եթե նա ունեցել է որևէ շփում ինչ֊որ հեռավոր բանի հետ, դա միայն Լուբյանկայում տեղադրված կոմուտատորն է։ Ինչ վերաբերում է համակարգչին, ես մտածում եմ, որ և՛ Պուշկինը, և՛ Տուրգենևը հաճույքով կտիրապետեին, համենայն դեպս տեխնիկական անգրագիտությունը գրական տաղանդի ապացույց չէ, դա ակնհայտ է հենց իր օրինակով։ Նա գրում է ծանր, անշնորհք լեզվով։ Մեծ ճանապարհ է անցել։ Ժամանակին օրինակելի սովետական գրող էր։ Գրում էր հաջողակ կոլխոզների մասին և համարվում միջակ ակնարկների հեղինակ։ Երեսուն տարի ՍՄԿԿ֊ի անդամ էր, դրա կեսը՝ կուսակցական կազմակերպության քարտուղար։ Միշտ ցուցադրում էր իր անսահման նվիրվածությունը սովետական իշխանությանը, որի համար, ինչպես ասում էր, պատրաստ է իր կյանքը զոհել և խեղդել որևէ մեկին, ով նրա մասին լավ կարծիք չուներ։ Երբ ինձ նման Գրական ինստիտուտի ուսանող էր, մասնակցեց Պաստերնակի հետապնդումներին։ Դրանով ուշադրություն գրավեց։ Յոթանասունականներին իր գրչակիցների մեջ այլախոհներ էր փնտրում, հաճույքով մասնակցում հալածանքներին և բավական արյունարբու էր։ Ութսանականներին, զգալով որտեղից է փչում քամին, վերափոխվեց գյուղական գրողի, քանի որ սովետական իշխանությունը նման ազատամտություն արդեն թույլ էր տալիս։ թույլատրում էր։ Բոլոր բոլշևիկների ազգանունները նրա ստեղծագործություններում ակնարկում էին նրանց հրեական ծագումը։ Նախկինի նման անշնորհք էր գրում, բայց այն ժամանակ շատերին թվում էր, թե սուր է գրում, և ժամանակավորապես ձեռք բերեց ճշմարտասեր և թաքնված հակասովետականի համբավ։ Բայց երբ սովետական իշխանությունը երերաց, կատաղորեն պաշտպանեց, բացահայտելով, որ ինչպես ասում էր Բենեդիկտ Սարնովը, գրականության մեջ առանց բանակի, նավատորմի ու ԿԳԲ֊ի աջակցության ոչինչ չես կարող անել։ Իննսունականներին, որոնք նա կոչում էր վատ ժամանակներ, լռեց, անհայտացավ, ինչ֊որ տեղ ինչ֊որ մեկին շշուկով բացատրում էր, որ իրականում միշտ ծածուկ լիբերալ է եղել և որպես ապացույց ցիտատներ հիշատակում իր հակակոլխոզային ստեղծագործություններից։ Բայց երբ երկրի իշխանությունը փոխանցվում էր (միջուկային ճամպրուկի հետ) մեր այսօրվա Պերլիգոսին (պետության առջին դեմքին) ոգևորվեց, հայտարարեց իրեն ուղղափառ հայրենասեր և այժմ կատաղորեն խարանում է ամերիկացիներին ու լիբերալներին, հիանում միջուկային ճամպրուկի Պահնորդի արժանիքներով, բոլոր նշանները վկայում են, որ նա խելքը թռցրել է երազելով ուղղափառ տիրապետության մասին։ Նրա գլխում ինչ֊որ կերպ համադրվում են այն պատկերացումները, որ օվկիանոսի այն կողմում գտնվող կողմի քաղաքական գործիչների ու մեր լիբերալների ջանքերով, երկիրը ավերակների է վերածվել, բայց միաժամանակ ոտքի է կանգնում, վերածնվում մոխրից և դեռ ցույց կտա իրեն ողջ աշխարհին։աշխարհին Կուզկայի մայրիկին։<ref>Կուզկայի մայրիկ արտահայտությունը ռուսերեն նշանակում է ինչ֊որ բանով վախեցնել, սպառնալ</ref>
Մի ժամանակ Տվարդովսկին, որին ծանոթ էի երիտասարդ տարիներիս, ասում էր, որ ինքն իրեն գրող կոչելը անհամեստ է, որովհետև այդ «կոչումը» նախատեսում է ակնառու կարողություններ, որոնք միասին վերցված տաղանդ են կոչվում։ Եվ իսկապես, մարդկանց այն շրջանակը, որոնց նախկինում կոչում էին ընթերցողներ, հենց այդպես էին ընկալում գրողին, որպես մի էակ, որը ոչ սովորական և նույնիսկ գերբնական ունակությունների տեր է, որը կարողանում է հասկանալ մարդու հոգին, նրա ձգտումները, հույզերը, կսկիծը, գաղտնի ցանկությունները և էլի նման բաներ։ Հիմա դա անցյալում է մնացել և գրող են անվանում համարյա բոլորին՝ էժան դետեկտիվների, հոգեհույզ հասարակ պատմությունների և նույնիսկ բրոշյուրների, կոնսպեկտների, քաղաքական ճառերի, գովազդային տեքստերի հեղինակներին։ Նրանք բոլորը հիմա գրողներ են։ Դրա համար էլ առանց ամաչելու ես ինձ գրող եմ համարում։ Եվ վերջապես, ինչպես ներկայացնեմ ինձ, մի մարդու, որը գրել է տասներկու վեպ, վեց սցենար, չորս պիես և հարյուրավոր մանր գրական տեքստեր։ Ես Գրողների Միութան, Փեն֊ակումբի, և ինչ֊որ ժյուրիների, կոմիտեների, խմբագրական խորհուրդների, խմբագրական կոլեգիաների անդամ եմ, որտեղ ավելի հաճախ հանդես եմ գալիս որպես հարսանեկան գեներալ, առանց որևէ պարտականության ու վարձատրության։ Բացի այդ անդամակցում եմ երկու օտարերկրյա ակադեմիաների, երեք համալսարանների պատվավոր դոկտոր եմ, և տասնյակ մրցանակներ ունեմ։ Ինձ հարգում են, երբեմն նույնիսկ կլասիկ անվանում, իմ վեպերը գրախանութներում վաճառվում են «դասական գրականության» բաժիններում։ Ժամանակին, երբ ես դիսիդենտ, ուխտադրույժ, ժողովրդի թշնամի էի, ինձ հետապնդում էին մարդիկ, որոնց անունները ոչ ոք չի հիշում։ Նրանք ասում էին, որ ես գրքեր եմ գրում ԿՀՎ<ref>Կենտրոնական Հետախուզական Վարչության</ref>֊ի և Պենտագոնի պատվերով (հիմա կասեին պետդեպի), որ իմ գրքերը արժեք չունեն և կփտեն ինձ հետ միասին կամ նույնիսկ ինձանից շուտ պատմության աղբանոցում։ Ինձ վրա էին հարձակվում հզորագույն ուժեր, սպառնում էին ամեն տեսակ պատժով, երբեմն նույնիսկ մահով, այդ ամենով անցա ու կենդանի մնացի, ինչի՞ համար։ Մի՞թե այն բանի համար, որ դառնամ այս փոքրիկ չնչին միջատի զոհը։