Changes

Մորեգույն հավալուսն

Ավելացվել է 21 573 բայտ, 05:27, 5 Հուլիսի 2017
/* Տոցկը չի վերցնում */
Այդ ողջ ընթացքում վարորդը տեղից չշարժվեց։ Կանգնած էր դռան մոտ իր ոչինչ չարտահայտող հիմար ժպիտով ու պտտում էր մատների վրա բանալիների կապոցը։
 
 
==Ստերլիություն ենք փնտրում==
 
Ես, իհարկե, վիրավորվեցի, որ Տոցկն ինձ չընդունեց։ Կարծում են ակադեմիկոս չե՞մ։ Բայց ես չուզեցի ոչինչ ապացուցել։ Չնայած համարյա ակադեմիկոս եմ։ Ինչպես արդեն ասել եմ, երկու օտարերկրյա և մեր ակադեմիայի պատվավոր անդամ եմ։ Բայց ի՞նչ միտք ունի ապացուցել։ Ի՞նչ է նշանակում ակադեմիական հիվանդանոց։ Հասկանալի է, որ ըստ հիվանդությունների կամ կենդանիների գոյություն ունեն ուռուցքաբանական, մանկական, հոգեբուժական, անասնաբուժական կլինիկաներ։ Կառուցել են բուժարաններ ակադեմիկոսների, նախարարների, տիեզերագնացների, դատավորների, մեղադրողների և էլի ինչ֊որ մասնագիտությունների համար։ Մերինից տարբերվող մարմնի ուրիշ մասե՞ր, թե՞ հատուկ հիվանդություններ ունեն։ Նրանց միակ պրոֆեսիոնալ հիվանդությունը հեմորոյն է։ Մեր պետութունը ինչպես սովետական էր, այդպես էլ հիերարխիկ դասակարգային է մնացել։ Ոմանց շատ, մյուսներին քիչ, մնացյալներին ոչինչ։ Իհարկե Տոցկի համար կարող էի պայքարել, ինչ֊որ տեղ զանգահարել, բողոք գրել տեղադրել Ինտերնետում, բայց մինչև դրանով զբաղվեմ կարող է էնցեֆալիտ սկսվել։ Ուրեմն էլ ի՞նչ տարբերակ կա, Զապո՞լսկ, ակադեմիկա՞ն չէ։ Բայց չէ՞ որ Սկլիֆից հեռու է։ Ֆելդշերը համաձայնեց։
 
― Ճիշտ է, չարժի գնալ Զապոլսկ, էլ չեմ ասում որ նրանք չեն կարող ստերիլություն ապահովել։ Ի՜նչ ստերիլություն, երբ այնտեղ ահռելի խավարասերներ են վազվզում։ Իսկ Սկլիֆում ստերիլություն և հատուկ ուսուցում ստացած անձնակազմ, անհրաժեշտ սարքավորումներ ու լաբորատորիա։ Լվին կհեռացնեն և հետազոտման կուղարկեն, իսկ ձեզ ներարկում կանեն։ Տա աստված, որ կենդանի մնաք, ու եթե նույնիսկ ուղեղի մի փոքր վնասվածք ստանաք, սարսափելի չէ, մեզ մոտ ողջ երկիրն է վնասված ուղեղով ապրում։ Համաձա՞յն եք։
 
Այդպիսի հեռանկարի դեպքում, էլ ի՞նչ կարող էի անել։
 
― Լավ, ― ասում եմ, ― գնացինք։ Զինուլյան այնպես ուրախացավ, կարծես համաձայնել էի նրա ծննդյան տոնակատարությանը գնալ։ Հետո մտածեցի, որ նրան անհրաժեշտ էր քաղաքի հենց այն մասը հասնել, դրա համար էլ գայթակղում էր ինձ այդ ուղղությամբ։ Գայթակղելով՝ ուրախացավ։
 
― Պաշա, ― ասում է վարորդին, ― շարժվեցինք։
 
Ֆյոդորը օգտվելով խառնաշփոթից առաջինը մեքենայի մեջ թռավ, բայց երբ վռնդվեց նեղացավ ու առանց շրջվելու գնաց տուն։ Մեզ ճանապարհ դնելիս Շուրոչկան լաց եղավ ու խաչակնքեց ինձ, ինչը խորացրեց իմ վատ կանխազգացումները։ Մեքենայում կար մի պառկելու և չորս նստելու տեղ՝ երեքը առջևում, մեկը՝ ետևում։
 
― Դուք նստա՞ծ, թե պառկած կգնաք։
 
Ես ասացի, որ իհարկե նստած։ Մանավանդ, որ բոլոր վերը նշածս ախտանիշները անցել էին և չէի ուզում ինձ պառկած հիվանդ ձևացնել։ Գրավեցինք մեր տեղերը, ամրացրինք գոտիները ու գնացինք։ Ո՞ւր։ Ինչո՞ւ։ Անհրժե՞շտ էր։ Ինչպես կասեր գիտուն մարդը, արդեն բավականին ապրել եմ ու արժ՞ե արդյոք կառչել կյանքի մնացորդից, եթե նույնիսկ որոշ մարդկանց մոտ կասկածներ կան կյանքի անհրաժեշտության մասին ընդհանրապես։
 
 
==Կյանքի իմաստի մասին==
 
«Անիմաստ նվեր, անսպասելի նվեր, կյանք, ինչո՞ւ ես ինձ տրված», ― հարցնում էր Պուշկինը։
 
Ամեն մի մտածող մարդ վաղ թե ուշ այս հարցը տալիս է իրեն։ Ընդ որում ամեն մեկը, բնականաբար, հույս ունի որ այդ նվերը բոլորովին էլ իզուր չէ, տրված է իրեն ինչ֊որ նպատակով, նույնիսկ հատուկ նպատակով։ Ենթադրենք՝ Պուշկինի կյանքը առանձնահատուկ միտք ուներ, որովհետև․․․ Չբացատրեմ, թե ինչու։ Սկսենք Պուշկինից ու մի ցուցակ կազմենք այն մարդկանցից, ովքեր ինչ֊որ նշանակալից բան են արել՝ գրականությունում, արվեստում, գիտության մեջ, այսպես ասած, հետք են թողել։ Բայց մարդկանց մեծամասնությունը ոչ մի բնագավառում հետք չի թողել։ Գյուղացին հաց էր աճեցնում, մենք ուտում էինք, մարսում, մնում էր այն, ինչ մնում էր։ Դռնապանը ավլում է բակի տերևները, նրանք նորից են թափվում։ Մաքրում է բակը ձնից, գալիս է գարունը և նրա աշխատանքից ոչինչ չի մնում։ Ուրեմն նրա կյանքն ընդհանրապե՞ս հետք չի թողնում։ Գուցե և այդպես։ Ամեն ինչ իմաստ ունի և չունի։ Եթե երկրորդը, ուրեմն Պուշկինի կյանքն էլ անիմաստ էր, որովհետև մարդկանց մեծ մասին նա չի հետաքրքրում։ Մեծամասնությունը ապրում է առանց կյանքի իմաստի մասին մտածելու և ճիշտ է անում, որովհետև այդ փորձը բերում է միայն տանջանքներ, երբեմն ավելի վատ բաների հասցնում։ Ընկերս, Կոստյա Պլոտնիկովը փայլուն ֆիզիկոս֊գիտնական էր, մի քանի հայտնագործությունների հեղինակ, Մենդելեևի աղյուսակը լրացնողներից մեկը։ Սովորական կյանքում, նա թեթև, ընկերասեր, անկազմակերպ մարդ էր։ Բայց երբեմն մտորում էր կյանքի իմաստի մասին։ Մտորելով որոշում էր, որ կյանքն անիմաստ է, դեպրեսիայի մեջ ընկնում, եզրակացության գալով, որ եթե կյանքը միտք չունի, ապրել էլ չարժե ու ընկնում էր հիվանդանոց։ Բժիշկները, դեպրեսիայի պատճառը գտնելու համար, պարզում էին կյանքի մանրամասնությունները, բայց ոչինչ չէին գտնում։ Եվ ժառանգականությունը (հայրը քիմիկոս, մայրը դաշնակահարուհի) լավն է, մանկական հասակում հիվանդացել է միայն կարմրուկով ու խոզուկով, գերազանցիկ, հաջողակ է եղել, հիանալի կին ունի, երեխաների կյանքը բարվոք է։ Սեքսի հետ պրոբլեմներ ունի, բայց դրանք չեն որոշիչը։ Նա ուղղակի կյանքն աննպատակ է համարում ու ինքնասպանության մասին մտածում։ Մի անգամ նրան հանեցին օղակից ու հիվանդանոց բերեցին։ Երկու օր պառկած էր դեմքով շրջված պատին, չէր խոսում, բայց ենթարկվում էր բուժքույրերին, որոնք գալիս էին սրսկելու, տաքությունն ու ճնշումը չափելու, արյուն վերցնելու։ Երրորդ օրը նրան այցելեց բաժնի վարիչ՝ Գենադի Երեմևիչ Ցիմբալյուկը, հիսուն տարեկան, սպիտակած բեղերով, աշխույժ, արևհարված դեմքով կանանց սիրահարը, ձկնորսն ու որսորդը։ Նա նոր էր վերադարձել Բուլղարիայից, որտեղ այծամների որսի էր գնացել, գոհ էր արդյունքից ու լավ տրամադրություն ուներ։
 
― Ուրախ եմ ձեզ նորից տեսնել, ― ասաց նա սենյակ մտնելով։ ― Կգերադասեի ուրիշ տեղ տեսնել, բայց այստեղ էլ ձեզ համար վատ չէ։ Ողջ աշխատակազմը ձեզ հարգանքով և քնքշությամբ է վերաբերվում։ Ինչպե՞ս եք ձեզ զգում։
 
Ինչո՞ւ բերեցիք ինձ այստեղ, ― հարցնում է Կոստյան։
 
Հարցը չզարմացրեց բժշկին։
 
― Մենք մեր պարտականությունն ենք կատարում։
 
― Ո՞րն է, ձեր աշխատանքի իմաստը։
 
― Մասնավորապես, ետ պահել մարդկանց անդառանալի գործողություններից։
 
― Ինչո՞ւ դուք ինձ պետք է ետ պահեք։ Ինչո՞ւ ես, չեմ կարող վարվել կյանքիս հետ ինչպես ուզում եմ։
 
― Որովհետև, այդպիսի որոշումները հաճախ էմոցիոնալ պահի թելադրանք են, և մարդը, որին ինքնասպանությունից ետ են պահել, հետագայում շնորհակալ է լինում դրա համար։ Այսինքն, մենք ենթադրում ենք, որ դուք կափսոսայիք, եթե կարողանայիք իրագործել ձեր մտադրությունը։
 
― Դա իմ դեպքը չէ, ― ասաց Պլոտնիկովը։ ― Որովհետև ես արել եմ դա ոչ թե զգացմունքների պատճառով, այլ որովհետև իմ կյանքը իմաստ չունի։ Բայց դուք ինձ հազիվ թե հասկանաք։
 
― Ինչո՞ւ, ― հարցրեց բժիշկը։ ― Այդ միտքը այնքան էլ օրիգինալ չէ։ Մեր հիվանդների քառասուն տոկոսը հաճույքով կհամաձայնի ձեզ հետ։ Բայց շարունակելով ձեր միտքը, կգաք այն եզրակացության, որ եթե կյանքը իմաստ չունի, մահն առավել անիմաստ է։
 
― Եվ ի՞նչ, ― հարցրեց հիվանդը, առանձնապես չհետաքրքրվելով պատասխանով։
 
Քանի որ միտք չկա ոչ առաջինում, ոչ էլ երկրորդում, հետևաբար մի անմտությունը մյուսով փոխարինելն անիմաստ է։ Ու հարազատներին էլ տանջում եք։
 
― Կենդանի լինելով, նրանց ավելի եմ տանջում։
 
Կրթությունն ու կյանքի փորձը համոզել էին բժշկին, որ խորը դեպրեսիայում գտնվող հիվանդին ոչինչ չես ապացուցի, որ ավելի շուտ դեղերը կօգնեն։ Բայց նա ներքաշվեց խոսակցության մեջ, մոռանալով որ բժիշկ է, փորձում էր ազդել հիվանդի վրա տրամաբանությամբ, առավել ևս, որ նա էլ սկսեց խոսել։
 
― Եվ ընդհանրապես, ի՞նչ բան է կյանքի իմաստը, ասում էր բժիշկը մտածկոտ, կարծես առաջին անգամ էր քննարկում այդ թեման և հիմա մտորում է։ Կյանքի իմաստը կարելի է տեսնել ինչ֊որ բանում կամ ամեն ինչում։ Կովկասում ապրող մարդիկ համարում են, որ մարդն կատարել է իր պարտքը, եթե տուն է կառուցել, տղա ունեցել (աղջիկը հաշիվ չի) և ծառ է տնկել։
 
― Տունը ժամանակի ընթացքում կքանդվի, ― առարկեց Կոստյան, ― տղան ու ծառն էլ կմեռնեն։
 
― Բոլորս էլ կմեռնենք։ Բայց տղան մի ուրիշ տուն կկառուցի ու իր տղան կունենա, իսկ ծառից մի նոր ծառ կաճի։ Մի բան մահանում է, մյուսը ծնվում, բայց ընդհանուր առմամբ բնությունն ու նրա մասնիկները ոչ թե մեռնում, այլ նորացվում են ու շարունակում իրենց կյանքը հաջորդ սերնդում։ Մի՞թե դուք մտածում եք, որ այս բոլորը աննպատակ է։
 
― Ո՞ւմ նպատակն է։ Աստծո՞ւ։
 
― Ես մոռացել էի, որ դուք աթեիստ եք։ Դե, ենթադրենք, դուք չեք հավատում Աստծուն, ու եթե նույնիսկ առաջացել ենք փոշուց, ինչո՞ւ չմտածել, որ դրանում ինչ֊որ բան կա։ Հնարավոր չէ, որ այս բազմազան ու բազմագույն աշխարհը ստեղծված լինի ու գոյություն ունենա առանց որևիցե նպատակի։
 
― Իսկ մնացած աշխարհնե՞րը։
 
― Ի՞նչը նկատի ունեք։
 
― Ամբողջ այս տիեզերքն, աստղերը, սառը, դատարկ անգույն մոլորակները, նրանց գոյության մե՞ջ էլ իմաստ կա։
 
― Իհարկե։ Դուք ֆիզիկոս եք ու ինձանից լավ գիտեք, որ մոլորակների ուղեծիրը, դասավորությունը և կապը տարածության մեջ ենթարկվում են խիստ օրենքների, որոնք, դուք, գիտնական մարդիկ զարմանքով եք հայտնաբերում։ Դուք միայն հայտնաբերում եք։ Բայց այդ ամենը ինչ֊որ մեկը ստեղծել է ինչ֊որ նպատակի համար։
 
― Կասկածում եմ։
 
― Կասկածեք ինչքան ուզում եք, բայց արժե՞ ինքնասպանություն գործել։ Ինչո՞ւ չեք վստահում ձեր զգացողություններին։ Կյանքը կարող է լինել ձանձրալի, անձրևոտ և մռթնած, բայց լինում են և ուրիշ՝ արևոտ, լուսավոր օրեր, երբ դուք աներևակայելի հայտնագործություններ եք անում, սիրում ու սիրված եք, երբ թաքստոցում նստած եք ու ձեզ վրա է գալիս ա՜յ այսպիսի մեծ պոզերով եղջերուն․․․ Աստված իմ, մի՞թե այդ ժամանակ արժե մտածել կյանքի իմաստի մասին, երբ հենց կյանքն է կյանքի իմաստը։
 
Վեճը երկարաձգվեց։ Ժամանակ առ ժամանակ սենյակ էր մտնում հերթապահ բույժքույր Գալյան, բայց բժիշկը նշան էր անում և նա անհետանում էր։ Բժիշկը բերում էր իր փաստարկները, հիվանդը մերժում ու բերում իրենը։ Երկու վիճողն էլ խելացի, կրթված մարդիկ էին։ Երկուսի փաստարկներն ու հակափաստարկներն էլ համոզիչ էին։ Արդեն սկսում էր լուսանալ, երբ երկուսն էլ հոգնեցին։ Բժիշկն շտապեց, ասելով, որ գիշերն համարյա անցավ, իսկ ինքը առավոտյան պետք է աշխատանքի գա և խոստացավ որ կհանդիպեն շրջայցի ժամանակ։ Բժշկի գնալուց հետո հիվանդը հանգիստ քնեց։ Արթնացավ արևից ու մաքուր օդից։ Սանիտարկա Նատալյան բացել էր պատուհանը սենյակը օդափոխելու համար։ Պատուհանը դրսից վանդկապատված էր հաստ մետաղյա ձողերով, նրանց ստվերը ընկել էր հատակին, որը լվանում էր Նատալյան։ Հետո նա խոնավ շորով մաքրեց անկյունի սեղանը, աթոռն ու Կոստյաի մահճակալի մեջքը։ Հետո կանգնեց աթոռին, որպեսզի փակի պատուհանը։
 
― Պետք չի, ― ասաց Կոստյան։
 
― Ինչը՞։
 
― Մի փակիր պատուհանը։
 
― Լավ, ― ասաց Նատալյան ու դուրս եկավ։
 
Կոստյան մահճակալին պառկած կկոցում էր աչքերը վառ արևից և հանկարծ հասկացավ, որ շատ հաճելի է զգալ նրա տաքությունը, շնչել գարնանային օդը և լսել քաղաքի հնչյունները՝ ինչ֊որ ձայներ, կրունկների թխկթխկոց, տերևների շրշյունը ու ագռավների կռկռոցը։ Նա հիշեց ինքնասպանության փորձի մասին և մտածեց, որ հիմա այստեղ չէր լինի, այլ մերկ ու կապտած, ցինկի վրա պառկած և արևի ճառագայթը կլուսավորեր իր անկենդան սպիտակ դեմքը և ցնցվեց սարսափից։ Ու մտածեց․ մի՞թե ցանկանում էի կամավոր հրաժարվել կյանքից։ Նա հիշեց գիշերային զրույցը Գենադի Երեմևիչ Ցիմբալյուկի հետ։ Բժիշկի խոսքերը այժմ թվում էին Կոստյային իմաստուն ու համոզիչ, իսկ իր առարկությունները հիմար ու անմիտ։ Հիմա նա հասկանում էր, որ կյանքն անիմաստ չէ։ Ուղղակի պետք է ապրել հաճույք ստանալով արևից, օդից, բնությունից, երաժշտությունից, սիրուց, աշխատանքից, ուտելիքից ու խմիչքից, խելացի գրքերից։ Նա ուզում էր այդ ամենը ասել Գենադի Երեմևիչին, ու անհամբեր սպասում էր ժամը ինին։ Բայց ինին բժիշկը չեկավ, իսկ տասին եկավ բուժող բժիշկ Օքսանա Գաբրիելովնան։ Նա լացակումաց էր և դա դուր չեկավ պացիենտին։ Նրան թվում էր, որ ոչ մի բան չի կարող մթագնել այս սքանչելի առավոտը և բոլորը պետք է իր նման ուրախ լինեն։ Նա չափեց ճնշումը ու հարցրեց, ինչպե՞ս են գործերը։
 
Հիվանդն ասաց․
 
― Լավ։
 
Նա զարմացավ ու նորից հարցրեց։
 
― Լա՞վ։ Ի՞նչ եք ուզում ասել։
 
― Ուզում եմ ասել, որ ինձ լավ եմ զգում։
 
Երևի նա չէր սպասում այդպիսի պատասխանի, որովհետև որոշեց ճշտել․
 
― Իսկ տրամադրությո՞ւնը։
 
― Բարձր, ― ասաց Կոստյան։ ― Ձեզ մոտ ինչ֊որ բա՞ն է պատահել։
 
Նա հարցրեց ու անհանգստացավ, չէր ուզում ոչ մի տհաճ բան լսել։
 
Նա չպատասխանեց ու հարցրեց։
 
― Լսել եմ, դուք համարյա ողջ գիշեր զրուցել եք Գենադի Եվսեևիչի հետ։
 
― Այո, ― պատասխանեց հիվանդը, ― խոսել ենք։
 
― Եվ ի՞նչ տպավորություն ունեք։
 
― Չգիտեմ։ Գուցե նա տիրապետում է հիպնոզի, կամ նման մի բանի։ Ես երբեք չէի մտածել, որ որևէ մեկը կարող է այդքան ազդել վրաս։ Նա ինձ համոզեց, որ կյանքն այնուամենայնիվ ինչ֊որ բան արժե։
 
― Երևի դուք համոզեցիք նրան հակառակում, ― ասաց նա ու գնաց դեպի դուռը։ Դուռը բացելուց առաջ շրջվեց, հանդիպեց Կոստյայի հարցական հայացքին և դանդաղ, բառերը հատ֊հատ արտասանելով, նորություններ կարդացող հաղորդավարի ձայնով հաղորդեց․
 
― Գենադի Եվսեևիչ Ցիմբալյուկը այսօր առավոտյան գնդակահարեց իրեն իր աշխատասենյակում։
23
edits