Changes

Մորեգույն հավալուսն

Ավելացվել է 14 258 բայտ, 11:35, 19 Հուլիսի 2017
― Գենադի Եվսեևիչ Ցիմբալյուկը այսօր առավոտյան գնդակահարեց իրեն իր աշխատասենյակում։
 
 
==Վարձակալված կյանք==
 
Ուրեմն ի՞նչ է մեր կյանքը։ Անսպասելի ու անիմաստ նվե՞ր, թե՞ մի ուրիշ բան։ Չնայած դա նվեր չէ, այլ որոշ ժամանակով՝ լիզինգով կամ նույնիսկ վարձակալությամբ, մեկին ավելի երկար, մյուսին ավելի կարճ ժամանակով տրված մի բան։ Ինչպես ամեն մի մարդու ինձ էլ է հետաքրքրում, թե ինչ կլինի հետո, երբ տերը հետ վերցնի իր տվածը։ Ոմանք գնացին ավելի հեռու։ Նաբոկովը մտածում էր ոչ թե այն մասին, թե ինչ կլինի իրենից հետո, այլ նրա մասին, թե ինչ է եղել, երբ նա չկար։ Եթե ճիշտ եմ հիշել ու հասկացել նրան, անցյալը ընկալում էր որպես մահ մինչև կյանք և հավասարեցնում անցյալ ու հետագա մահը։ Մինչև ծնվելը չկար, մահից հետո էլ չի լինի։ Բայց այդ եզրակացությունը ինձ ոչ կոռեկտ է թվում, որովհետև մինչևն ու հետագան ունեն զգալի տարբերություններ։ Թե ինչ է եղել մեզանից առաջ մենք ունենք քիչ թե շատ հավաստի պատկերացումներ հնագիտության, գրավոր աղբյուրների, իսկ այժմ նաև տեսահոլովակների հիման վրա, որոնք ստեղծել են մեր նախնիները։ Դա մեզ տրված հիշողությունն է անցյալ կյանքի մասին, որը նման է համակարգչին միացվող լրացուցիչ հիշողությանը։ Իսկ հիշողությունը դա կյանք է։ Ինչքան շատ հիշողություններ ունես, այնքան կյանքն ավելի երկար է թվում։
 
Կարելի է ասել որ մարդկության անցյալը մեր նախամանկությունն է, որում մենք կարծես թե ապրել ենք։ Իսկ կյանքից հետո չենք ապրի։ Ահա թե ինչում է տարբերությունը։ Ինձ հետ չեն համաձայնի նրանք, ովքեր հավատում են անդրշիրիմյան կյանքին, բայց ես դրան չեմ հավատում և կասկած չունեմ որ կյանքից հետո ոչինչ չկա։ Դատարկություն։ Վակուում։ Կարելի է ենթադրել, որ Աստված ինչ֊որ տեսքով կամ անտեսանելի գոյություն ունի, բայց որ նա հոգ կտանի իմ պահպանման մասին առանց մարմնական կեղևի, չեմ կարող պատկերացնել ։ Ինչի՞ համար էր այն պետք, եթե կարող ենք առանց այդ էլ գոյություն ունենալ։
 
Մահվան մասին, որպես կյանքի ավարտ առանց որևէ շարունակության ես վաղուց եմ սկսել մտածել, մոտավորապես ինը տարեկանից։ Երբ տասնվեց տարեկան էի ապրում էինք չորս հարկանի շենքի վերջին հարկում։ Այն ժամանակ, չգիտես ինչու, մահվան մասին միտքը հայտնվում էր ամեն անգամ աստիճաններով բարձրանալիս կամ իջնելիս, երբ հաշվում էի նրանք։ Ամեն հարկն ուներ քսան աստիճան։ Տասը՝ մինչև մի աստիճանավանդակ, տասը՝ մինչև մյուս։ Ես հաշվում էի հերթական տաս աստիճանը և մտածում, որ կյանքս տաս աստիճանով կրճատվեց։ Ես մտովի փորձում էի ուղղել հաշիվը և մտածում․ եթե մի ավելորդ անգամ էլ բարձրանամ տաս աստիճան ու հետո նորից իջնեմ, ուրեմն քսան տարի կգումարվի։ Ինձ զբաղեցնում էր այն փաստը, որ եթե անցնեմ շատ֊շատ աստիճաններ, ուրեմն կյանքս էլ կկրճատվի շատ աստիճաններով։ Ու ինչքան շատ քայլեր անեմ երկրագնդի վրա, այնքան մեծ քանակությամբ քայլերով կկրճատվի կյանքս։ Ստացվում էր, որ շարժվել ընդհանրապես չի կարելի։
 
Երբ տասնինը տարեկան էի, չգիտես ինչու մտածում էի և համարյա համոզված էի, որ ինձ մնացել է ապրել մեկ տարուց ոչ ավելի։ Եվ շատ զարմացա, որ ապրեցի մինչև քսանյամակս։ Իսկ հետո այն աստիճան վարժվեցի մահվան մտքի հետ, որ դադարեցի մտածել նրա մասին։ Եվ նույնիսկ հիսունվեց տարեկանում, բաց սրտի վրա վիրահատությունից առաջ, ոչինչ չէի մտածում։
 
Ի դեպ վիրահատությունը նարկոզով էր։ Իմ կրծքավանդակը սղոցեցին, իմ մարմնի մի ինչ֊որ տեղից ինչ֊որ բան էին կտրում ու տեղադրում մի ուրիշ տեղ, մոտավորապես այդպես են վարվում հանգուցյալի հետ։ Ես ինձ պահում էի հանգուցյալի նման, ուզում եմ ասել գոյություն չունեի։ Չունեցա ոչ մի տեսիլք, ընդհանրապես ոչինչ չկար։ Դա քուն չէր, որովհետև երբ ես արթնանում եմ, մոտավորապես պատկերացնում եմ երկար, թե՞ կարճ ժամանակ եմ քնել։ Իսկ այն ժամանակ ամեն ինչ անէացել էր ու ոչ մի զգացում չկար։ Դա ժամանակավոր մահ էր, իսկ իսկականը կլինի վերջնական մահը։ Այդպես եմ մտածում, որովհետև վաղուց ընտելացել եմ։ Մահը դժբախտություն կամ երջանկություն է այն անձանց համար, որոնց անտաբեր չէ մեռնողը, իսկ մեռնողի համար դա ոչինչ է։
 
 
==Լենինյան ուղի==
 
Ծիծաղելի է, որ այն բնակավայրը որտեղ ապրում եմ հիմա էլ այդպես է անվանվում․ «Լենինյան ուղի»։ Բայց մեր երկրում այնքան ծիծաղելի բաներ կան, որ արդեն ծիծաղելի էլ չի։ Սովետական իշխանությունը վաղուց վերացել է, իսկ նրա խորհրդանիշները այնքան անձեռնմխելի են, կարծես ինչ֊որ մեկը դեռ հույս ունի (ինչ֊որ մեկը իսկապես ունի), որ այն կվերադառնա։ Մի երկիր, որտեղ այժմ նրա վերնախավը ներկայացվում է որպես ուղղափառության պատվար, իսկ ամենահարգված մեռյալը գլխավոր անաստվածն է, կրոնի անգութ թշնամին, եկեղեցիներն ու եկեղեցական սրբությունները ոչնչացնողը, հազարավոր հոգևորականներ սպանողը։ Նրա փոշոտված, աղավնիներով վիրավորված արձանները մինչև հիմա կանգնած են բոլոր քաղաքներում և Ռուսաստանի բոլոր կայարանամերձ հրապարակներում։ Համարյա բոլոր քաղաքների գլխավոր փողոցներն ու կենտրոնական շրջանները նրա անունն են կրում։ Նաև նրա դաշնակիցների և ուրիշ, սովետական ու բոլշևիկյան անուններ․ փողոցներ, հրապարակներ, մարքսիստական կոմունիստական, կոմերիտական, պրոլետարական, Տասնյոթերորդ համագումարի նրբանցքներ և այլն։ Եթե չեմ սխալվում մեր բնակավայրը կառուցվել է երեսունականների սկզբին 1917 թվի հեղափոխության մասնակիցների համար, որի ոչ պաշտոնական անվանումն էր՝ հին բոլշևկների բնակավայր։ Մինչև 37 թվականը գործերից հեռացողների հանդեպ բռնաճշումներ համարյա չեղան, և շատերին հաջողվեց մինչև խոր ծերություն ապրել ու պահպանել հարգանքը անցյալի ու գործերի հանդեպ, որոնց մասնակիցն էին եղել։ Իրենք իրենց արժևորում էին ՌՍԴՊ֊ՀԿՊ(բ)֊ԽՄԿՊ֊ում ունեցած մասնակցության ստաժով, ինչը արձանագրվում էր տեղական գերեզմանոցի քարերի վրա։ Ամենամեծ հարգանքը նրանց շրջանում վայելում էին 1898֊ից՝ հիմնադրման օրից, անդամակցողները։ Հետո հետևում էին 1903 թվականից ՌՍԴՊ֊ի Երկրորդ համագումարի մասնակիցները։ Բավական մեծ անջրպետ կար այն անդամների միջև, որոնք անդամակցել էին մինչև 1917 թ․ և հետո։ Մինչև՝ նշանակում էր ճշմարիտ հեղափոխական, հետո՝ իշխանությունը զավթած կուսակցության անդամ, որը կարող էր լինել հաշտվողական։ Վաթսունականներին վերջին բոլշևիկներն, նախկին կոմիսարներն, Քաղաքացիական պատերազմի վետերաններն իրար ետևից մահանում էին ու իրենց վերջին հանգրվանը գտնում տեղական գերեզմանատանը։ Փոքրաքանակ բարեկամները առանց որևէ շուքի ուղեկցում էին նրանց գերեզմանատուն քարքարոտ ճանապարհով։ Հենց այդ ճանապարհը ցինիկ հետնորդները անվանեցին Լենինյան։ Ճանապարհը ծածկված էր ուղտափշերով ու կռատուկներով, իսկ գերեզմանոցում կիսաջնված միանման արձանագրություններով՝ մահացածի ազգանունով ու անվան սկզբնատառերով, ծննդյան ու մահվան ամսաթվերով, նաև կուսակցությանը անդամակցելու ամսաթվով քարե քառակուսիները կորչում էին մոլախոտի մեջ։ Երբ գտնում ես փնտրածդ գերեզմանը, մաքրում փշերը, կարդում ամսաթիվը՝ անդամ է 1905 թվականից, ինքնաբերաբար քմծիծաղ ես տալիս․ ժամանակը, որը թվում էր մեռածին այդքան պատկառելի, ոչինչ էր համեմատած նրանց առջև փռված հավիտենականության հետ։ Այստեղի ամառանոցները կառուցված էին (կես հեկտարանոց և ավելի) անտառային տարածքների վրա։ Ժամանակին ունեին պատկառելի տեսք ու ակնհայտորեն խորհրդանիշն էին իրենց տերերի կյանքի հաջողության, բայց այժմ, նրանցից մի քանիսը, որոնք հրաշքով չեն վաճառվել կամ զավթվել (իսկ այդպիսիները դեռ կան), նոր ռուս մեծահարուստների ճարտարապետական կամայականությունների ֆոնին այնպիսի խղճուկ տեսք ունեն, ինչպես իրենց նախկին տերերի գերեզմանները։ Իսկապես որ, sic transit gloria mundi!<ref>«Այսպես է անցնում աշխարհիկ փառքը» (լատիներեն) ― գերմանական միստիկ փիլիսոփա Ֆոմա Կեմպիյսկիի (XV դ․) «Քրիստոսին ընդօրինակելու մասին» գրքից վերցված ու մի փոքր ձևափոխված նախադասություն։</ref> Հարուստները մրցելով իրար հետ կառուցել էին շքեղ տներ, որոնցից ոմանք շատ տարօրինակ տեսք ունեին, շրջապատելով իրենց ամրոցները տեսախցիկներ ունեցող ցանկապատներով։ Ցանկապատել էին նաև ողջ բնակավայրը, թողնելով խոչընդոտով փակված միայն մի նեղ ճանապարհ բնակավայր մեքենայով մտնելու համար։ Գիշեր֊ցերեկ բնակավայրը հսկում են դրսից՝ մասնավոր անվտանգության աշխատակիցները, իսկ ներսում տներից շատերը ունեն իրենց պահակները, գիշերները նաև շներ են բաց թողնում։ Ամառանոցային տարածքը նմանվել է խիստ հսկողության տակ գտնվող գաղութի, երկու պատերի միջով զբոսնելիս, կարծես բանտի միջանցքում լինես։ Գիշերները այդ տհաճ զգացողությունը ավելի է ուժեղանում, երբ զբոսնելիս անցնում եք մի ինչ֊որ անտեսանելի գիծ ու երկու կողմից վառվում ու ձեզ վրա են ուղղվում տեսախցիկներին միացված լուսարձակները, որոնք դիմավորում ու ճանապարհ են դնում ձեզ իրենց օձանման գլխիկներով։ Երբ ես մեքենայով դուրս եմ գալիս այնտեղից այնպիսի զգացողություն ունեմ, որ դեպի ազատություն եմ գնում։
 
 
 
 
 
 
 
<referemces>
23
edits