Changes
ճամբան բլուրին գագաթեն կիջնար։
Խասն էր։ Մարդ չկար։
Թորոսի գլխին մեջ իսկույն միտք մը փայլեցավ: Պատեհություն մըն էր, չէ՞ր կարելի, արդյոք, օգտվիլ... Խասը աղվոր, փայլուն կին էր: Իրավ է՝ իրմե մեկ-երկու տարի ալ մեծ էր, մայր էր, կարգած աղջիկ ուներ, պարկեշտ էր, բայց ի՞նչ կըլլար… կարելի էր փորձել, կհաջողեր թերևս, երկուքին միջև գաղտնի պիտի մնար, ո՞վ պիտի իմանար:
Հետո Խասը քալեց: Ինք ալ հետևեցավ: Զառիվայրը շատ նեղ ու ցից էր: Աջ կողմը լեռն էր, իսկ ձախը՝ խորունկ, շատ խորունկ ձոր մը: Թորոս խորհեցավ հասնիլ քովը ու մեկ անգամեն առաջարկել: Բայց եթե ընդդիմանա՞ր, պոռա՞ր, չհանձնվե՞ր... հետևանքը՞:
Չէ՛, չէ՛, այդպես չէր ըլլար, կձախողեր: Պետք էր խոակցությունով մը սկսեր: Ըսեր, օրինակ. «Բարի լույս, Խաս, առտուն կանուխ ո՞ւր ատանկ մինակդ, մարդդ ալ հետդ չկա»: Ան պիտի պատասխաներ, իհարկե: Հետո որպիսությունը կհարցներ, ասկե-ակե կխոսեին, ու ամենեն վերջը՝ խոսքը կբանար:
Այսպես ամենեն հարմարն էր:
Հետաձգեց, սակայն, որոշումը։
Ո՛չ։ Սա զառիվարը իջնանք՝ մտածեց։ Պատշաճ չէր զառիվարին վրա։
Ձորը կիջնային, հոն լավ տեղեր շատ կային։ Պետք էր, վերջապես, ամեն
պարագաներն ալ նկատի առնել:
Ահա, Խասը հասավ ձորը ու սկսավ քալել ավազներուն վրայեն: Թորոս նույնպես հետևեցավ, ոտքերը կթաղվեին ավազներու մեջ ամեն քայլափոխին։ Ձորն ի վար կարգով, միակտուր ժայռերե բարձր պառեխներ կցցվեին, իրարմե, անջատ: Հետո կաղնիի, գիի թփաստաններ,ոստերը, տերևները՝ ոչխարի հոտերե կրծված, որոնք բոլոր զառիթափերը կծածկեին։ Ինչքա՜ն ապահով կրնային ըլլալ ասոնց մեջ։ Սատանան անգամ չէր տեսներ: Ավելի վարը, սա մեծ ժայռին ետևը, որ խիտ մացառներով շրջապատված էր…
Բայց՝ զարմացավ... Խասը ոչ միայն ձորին վերելքը բարձրացեր, այլ շիտակ ճամբուն վերջավորությանը հասեր էր։ Խասը գացեր էր։ Հեյվա՜խ… Ինք այդքա՞ն ժամանակ կորսնցուցեր էր, արդյոք, թե ան տեսեր էր զինքը, կասկածեր էր իրմե, փութացուցեր էր քայլերը։
Այգիները կերևեին արդեն։ Ալ չէր ըլլար…
Շիտակ իր այգին մտավ Թորոս։
Բահն ու փետատը խաղողի թուփի մը տակ պահած էր։ Գտավ զանոնք։ Առու փորելու եկեր էր այդ օրը, բայց, փոխանակ աշխատելու, նստավ թթենիին տակ։ Բոպիկ ոտքերով այգիներու պահապանը եկավ քովը։ Թորոս տրամադրություն չունենալով, երկար չխոսեցավ հետը։ Ճամբեց, ու շարունակեց նստիլ։
Դժգոհ էր։
Ո՛չ։ Անճարակ էր ինք, ձեռքեն բան մը չէր գար. ճամբան որսը առաջքն էր, պատրաստ էր՝ չկրցավ օգտվիլ։ Չկրցավ մոտենալ, բերանը բանալ, խոսք մը ըսել։ Ինք ալ մա՞րդ էր։ Կնիկ ծնելու էր։ Չէ՛ էրիկմարդ չէր ինք։ Թու, իր էրիկմարդությանը։
Քիչ մըն ալ նստավ, հանկարծ ոտքի ելավ։ Ի՞նչ կուզեր՝ թող պատահեր, վճռեց։ Խասը այգին էր հիմա։ Մինակ։ Չպիտի ամչնար։ Պիտի երթար քովը, հաց ուզելու պես՝ պիտի ուզեր։
Գնաց, խաղողի թուփերուն մեջ Խասը, կթոց մր ձեռքը, խաղող կըկթեր։ մոտակա այգիներուն մեջ մարդիկ կային:
Շվարեցավ. ինչպե՞ս ըսեր, երբ այգիներուն մեջ ուրիշներ կային: Կարելի՞ էր:
Ու անմիջապես իր այգին դարձավ, բահին ու փետատին քով, գլուխը գետինը դրավ ու պառկեցավ կռնակին վրա, սրդողելով ինքզինքին ալ, աշխարհին ալ հետ։