Changes
/* Տանջվածը */
Այսպես է ասում, բայց նրա խոսքերը ոչինչ չեն նշանակում։ Ժամանակին խոստանում էր մինչև վերջին շունչը կռվել սովետական իշխանության համար, բայց պայքարում էր միայն փակ կուսակցական ժողովներում, իսկ երբ ամեն ինչ քանդվեց, մի հեռու տեղ պահելով իր տոմսը որոշ ժամանակ իրեն նույնիսկ դեմոկրատ անվանեց։ Իր դեմոկրատ լինելը շուտով մոռացավ, սկսեց պնդել (նույն հրեական կոնտեքստում), որ միշտ ատել է բոլշևիկների ստեղծած սովետական իշխանությունը, բայց երկրպագել է Ստալինին, նրա ղեկավարության սկզբնական շրջանը համարել և համարում է փայլուն հաղթանակների ու իմպերիալիստական ուժի ժամանակաշրջան, որը ինքն ու իր համախոհները անպայման կվերականգնեն։
==Նույն զառանցանքը==
Երբ նա խոսում էր այն մասին, որ իրենք, հայրենասերները, իրենց նպատակին կհասնեն, մենք հասանք խոչընդոտին՝ մեր ավանի սահմանին։ Այստեղ բաժանվեցինք, ինչպես միշտ հրաժեշտ չտալով։ Նա ետ գնաց, ես՝ առաջ։ Նկատի ունեմ այդ բառերի ոչ թե սիմվոլիկ, այլ իրական նշանակությունը։ Ես գնացի առաջ, մտածելով Սեմիգուդիլովի մասին: Նա պատկանում է այն մարդկանց թվին, որոնք ծառայելով ցանկացած ռեժիմին ստանում են բազմաթիվ արտոնություններ, միաժամանակ գողություն անելով, համարում են իրենց ճշմարտախոս, հայրենասեր, ժողովրդի ցավով ապրող, կարծում են, որ իշխանությունը բավականաչափ չի գնահատում իրենց հերոսությունը։
Երբ տեղից շարժվեցինք, Պաշան միացրեց ռադիոն, և եթերում նորից լսվեց Սեմիգուդիլովի ռնգային ձայնը, որը ծնկից ելնելու մասին ինչ֊որ բարձրագոչ հայրենասիրական բաներ էր ասում, հայտարարում աստվածային մտադրության մասին, որը տանում է Ռուսաստանին ծուռումուռ ճանապարհով, բայց միշտ դուրս է բերում ճշմարիտ ուղու վրա, որ ամենածանր ակնթարթին աստված ուղարկում է նրանց ուղեկցորդի, որը իր ամուր ձեռքը վերցնելով պատմության սանձը տանում է Ռուսաստանը դեպի հարստություն, բարգավաճում, նոր տարածքների նվաճում, որոնք անհրաժեշտ են պաշտպանության համար, բայս ըստ էության ծիսային են։ Լսելով այդ զառանցանքը, ես ինքս սկսեցի զառանցել, ու թե ինչ եղավ հետո, չեմ կարող ճշգրիտ պատմել։ Ճանապարհին ես մեկ քնում էի, մեկ կորցնում գիտակցությունս, մեկ զառանցում, կարճ ժամանակով խելքի գալիս, հետո նորից անջատվում, ու նորից ու նորից ինձ այցելում էին ինչ֊որ տարօրինակ տեսլիքներ, որոնք չէի կարողանում տարբերել իրականությունից։ Ինձ հետ կատարված բոլոր իրադարձությունները այժմ շարադրում եմ այն հերթականությամբ, որով հիշողությունիցս կորզում եմ, իսկ թե որն եմ երազում տեսել, որն է տեսիլք, և որը զառանցանք, երևակայություն թե իրականություն, չեմ կարող ասել, եթե ուզում եք փորձեք ինքներդ որոշել։
Հաղորդումը վարում էր հայտնի Վովիկ Ինդյուշկինը։ Նա հայտնի էր նրանով, որ միշտ ստում է ու երբեք չի ստում և ամենից շատ գնահատում է իր համբավը։ Հնարավոր է, համբավի մասին նույնիսկ չի ստում, իսկ դատելով նրա հաղորդումներից, իսկապես ինչ ունի այն էլ գնահատում է։ Բացի Սեմիգուդիլովից հաղորդմանը մասնակցում էին կոմունիստ Զյուզյուկինը, որը հայտնի էր ժողովրդին Զյուզյու մականունով, համակարգի մաս կազմող լիբերալ֊նացիոնալիստ Պոնոսովը (Պոնոս) և հավասարության տպավորություն թողնելու համար ոչ սիստեմային ընդդիմության ներկայացուցիչ և իմ երիտասարդ ընկեր Վիտալի Ցիպոչկինը, որին Ցիպա էին անվանում։ «Տեսանկյուն ու փչանկյուն» հաղորդման ընթացքում նրանք վիճում էին, թե ով է ավելի լավը․ Լենի՞նը թե Ստալինը, Գորբաչո՞վը՝ թե Ելցինը։ Առաջին երկու վիճողները համամիտ էին որ և՛ Լենինը և՛ Ստալինը՝ երկուսն էլ լավն էին, բայց Ստալինը միևնույն է ավելի լավն է։ Լենինը պետության հիմքը դրեց, Ստալինը այդ հիմքի վրա հզոր պետություն կառուցեց, իսկ Գորբաչովը ամերիկացիների հրահանգով կառուցածը քանդեց հարբեցող Ելցինի օգնությամբ։ Ընդդիմադիրը փորձում էր առարկել, բայց երբ բացում էր բերանը, վարողն ու ընդդիմախոսները սկսում էին գոռգոռալ ինչ֊որ հայրենասիրական բաներ, որպեսզի հանդիսատեսը ոչինչ չլսի ու չհասկանա, բայց նա հասցրեց ասել, որ Լենինը ուղեղի սիֆիլիս ուներ, իսկ Ստալինը հոգեկան հիվանդ էր, որ երկու ախտորոշումն էլ ակադեմիկոս Բեխտյարևն էր արել։ Երկրորդ ախտորոշումից հետո, հենց այդ պատճառով, ակադեմիկոսը թունավորվեց պահածոներով և վախճանվեց։
Զյուզյուն ասաց Լենինի մասին, որ նա մարդկության առաջնորդն էր ու անկրկնելի հանճար, Սեմիգուդիլովը ընդհանուր առմամբ նրա հետ համաձայն էր, բայց նկատեց, որ Ստալինն շատ ավելին արեց։ Նա վերականգնեց Իմպերիան, մեծ կառույցներ իրականացրեց, հաղթեց պատերազմը և Ռուսաստանը տիեզերք դուրս բերեց։ Ցիպան հասցրեց բղավել, որ պատերազմը հաղթեց ոչ թե Ստալինը, այլ ժողովուրդը, որին մեծ քանակությամբ ոչնչացնում էր Ստալինը, և որ նրա ահռելի կառույցները հիմնված էին ճորտերի աշխատանքի վրա։
― Այո, ― համաձայնեց Սեմիգուդիլովը, ― մենք ճորտեր ենք, ճորտի հոգեբանություն ունենք, բայց դրանում ոչ մի ամոթալի բան չկա։ Ճորտերն էլ ունեն սեփական արժանապատվության զգացում և կոմպենսացնում են իրենց անազատությունը ստեղծարարությամբ։ Ճորտերն են կառուցել Քեոպսի բուրգը, Վասիլի Բլաժենիի եկեղեցին, ճանապարհ հարթել դեպի տիեզերք։ Մեզ մոտ ճորտություն էին անում և՛ գյուղացիները, և՛ բանվորները, և՛ մտավորականներն ու գիտնականները։ Մենք բոլորս մեծ երկրի ճորտերն էինք, դրանում ոչ մի վիրավորական բան չկա։ Մեծ ուժին պատկանող ճորտ լինելը ամոթ բան չէ։ Չէ՞ որ մենք մարդուն, նույնիսկ եթե նա ցար է, անվանում ենք աստծու ծառա։ Իսկ եթե պետությունը մեծ է ու հզոր, նա ինքը՝ Աստված է։ Մեծատառով։ Ճորտ լինելով, Տուպոլևը ստեղծում էր հիանալի ինքնաթիռներ, իսկ Կորոլյովը նախագծում արբանյակներ։ Մեր գիտնականները չէին ընկնում արտասահմանյան դրամաշնորհների ետևից, աչք չէին գցում նոբելյան մրցանակներին։ Նրանք սիրում էին Հայրենիքը և Ստալինին, չէին բաժանում այդ երկուսին միմյանցից։ Նստած իրենց աշխատատեղում մի ափսե ճաշի համար մեծ հայտնագործություններ էին անում և ամրացնում մեր մեծ երկրի հզորությունը, որը քանդեցին Գորբաչեվը, Ելցինը ու քեզ ու Ցիպոչկինի նմանները։
Հետո Սեմիգուդիլովը գրավեց միկրոֆոնը և երկար ժամանակ մենակատարի դերում էր, խոսելու ոչ մի հնարավորություն չտալով զրուցակիցներին։ Լսելիս, ես փակեցի աչքերս, միգուցե նույնիսկ քնեցի, բայց կարող եմ նրա բոլոր ասածները կրկնել, և գրազ կգամ որ շատ չեմ սխալվի։
Նրա մեկնաբանությամբ ամբողջ մարդկային հանրությունը բաժանվում է առաջնորդների, որոնք շատ քիչ են, և հետևողների, որոնք մեծամասնություն են կազմում։ Առաջնորդները նրանք են, որոնք պատրաստ են գլխավորելու, կառավարելու, իրենց վրա վերցնելու պատասխանատվությունը, իսկ հետևողը՝ ժողովուրդն է, որն աշխատում է, ազգային արժեք ստեղծում, հաղթում պատերազմներում, բայց միայն առաջնորդների ղեկավարությամբ։ Հետևողները առանց առաջնորդների ոչ թե ժողովուրդ են, այլ կույր հոտ, որը չի գտնի կերակուր, կմոլորվի, անդունդը կընկնի, ինչն էլ լիբերալների երազանքն է։ Բայց առաջնորդներ ունեցող հոտը դառնում է կազմակերպված ուժ, որը կարող է անձնազոհ աշխատել, կռվել, լուռ զոհվել և առաջնորդների կանչով աղբ դառնալ հարազատ հողը պարարտացնելու համար, նրանք հենց դրանում են տեսնում իրենց առաքելությունը։
Ստալինի չարագործությունները Տիմոխան չի ժխտում, բայց համարում է դրանք Ռուսաստանի համար անշուշտ շատ օգտակար։ Այո, եկեղեցիները քանդում էին, այո, հոգևորականներին գնդակահարում, բայց նրանք պետք է անցնեին այդ փորձությունների միջով, ինչպես Քրիստոսը անցավ խաչի տանջանքները։ Այո, մտավորականներին նստեցնում էին, բայց նրանք պետք է պատասխան տային իրենց փտած պատմական դերի համար, ժողովրդին անհանգստացնելու ու գայթակղելու համար։ Այո, եղել է Գուլագ, որովհետև երկրի առջև մեծ խնդիրներ էին կանգնած։ Պետք էր կառուցել քաղաքներ, ամբարտակներ, ջրանցքներ, երկաթգծեր։ Այդ ամենի համար անհրաժեշտ էր էժան աշխատուժ։ Այո, պատերազմից առաջ ոչնչացվեց զինվորական վերնախավը, բայց դա անհրաժեշտություն էր, որովհետև կարմիր մարշալները, այդ բոլոր Տուխաչևսկիները, Բլյուխերներն ու Յակիրները իրենց ազգային հերոսներ էին զգում, ինքնուրույն ֆիգուրներ, նրանք դժգոհ էին ստալինյան ղեկավարությամբ և կարող էին վտանգ ներկայացնել նրա համար։ Իսկ բոլշևիկների գնդակահարության համար պետք է հատուկ շնորհակալություն հայտնել Ստալինին, որ ոչնչացրեց այդ գերմանական լրտեսներին, Ռուսաստանը կործանողներին։
Ասում են, որ իսրայելական քննիչները, երբ պատրաստում էին Ադոլֆ Էյխմանի՝ նացիստական հանցագործի, խոլոկստի հեղինակի դատավարությունը, այսպիսի փորձ կազմակերպեցին։ Տվեցին նրան անհայտ մարդկանց լուսանկարների մի կապոց, որոնց մեջ կային և նորմալ մարդիկ և հանցագործներ։ Առաջարկեցին ընտրել ամենահաճելիներին, և նա անսխալ ընտրեց հանցագործներին։ Ես կարծում եմ, որ եթե Սեմիգուդիլովի հետ անցկացվի այդպիսի փորձ, ապա արդյունքը շատ նման կլինի։
Համոզված եմ, որ բոլոր նրանք, ովքեր արդարացնում են Ստալինի չարագործությունները կամ տգետներ են կամ հիմարներ, կամ էլ քրեական հակումներ ունեցող մարդիկ։ Այժմ չարագործին համոզված սիրողների թիվը պակասել է, բայց միևնույն ժամանակ ավելացել են հիմարության պատճառով սիրողները։ Սովետական ժամանակաշրջանում հանդիպել եմ բազմաթիվ կուսակցական աշխատողների, չեկիստների, բանտային պահակների, որոնք ստեղծել են իրենց կարիերան ժողովրդի դժբախտության վրա։ Որպես օրենք այդ բոլոր մարդիկ չար, ստախոս, գող մարդիկ էին։ Եթե կոմունալ բնակարանում այդպիսի մարդ էր հայտնվում, նրանից ամեն ինչ սպասելի էր։ Նա կարող էր կաթսայի մեջ կեղտ լցնել, կամ կեղծ մատնություն գրել, կամ որևէ բան գողանալ, կամ՝ իր հարազատ փոքրիկ աղջկան բռնաբարել։ Ի դեպ, ժամանակին Սեմիգուդիլովի մասին այդպիսի լուրեր էին պտտվում։ Նրա հանդեպ նույնիսկ քրեական գործ էին հարուցել, որը սակայն շուտով փակեցին։ Հաշվի առնելով նրա հասարակական ակտիվությունը, հարենասիրությունը, և ինչպես ասվում էր նրա հիսունամյակին նվիրված հոբելյանական հոդվածում՝ անխախտ հավատը կոմունիստական իդեալներին և անսահման նվիրվածությունը կուսակցությանն ու կառավարությանը։
Քառորդ դար հետո նրան նվիրված գովաբանական հոդվածում նշվում էր նրա նվիրվածությունը ռուսական իդեային ու կրոնական ակտիվությունը։
Հանրային քննարկումների ժամանակ լիբերալները միշտ պարտվում են Սեմիգուդիլովին, ոչ միայն հատուկ անիվների շնորհիվ, այլ նաև այն պատճառով, որ Ստալինի մասին քննարկումների առկայությունը, համոզում են հանդիսատեսին, որ այդ անձի ու դերի մասին հարցերը համենայն դեպս վիճելի են։
Խորասուզվելով մտքերիս մեջ չնկատեցի, թե ինչպես Սեմիգուդիլովը անցավ մեր առաջնորդ Պերլիգոսին, որին ծանր րոպեին ուղարկեց մեզ ինքը՝ Աստվածը, Ռուսաստանը փրկելու համար։ Այդ մեծագույն մարդը, բոլոր նախորդներից միակն է, որին կարելի է հավասարեցնել Ստալինին։
Ղեկավարության հանդեպ կեղծավորության տարբեր տեսակներ կան։ Մարդիկ որոնք ուզում էին հաճոյանալ Ստալինին անվանում էին նրան մեր սիրելի առաջնորդ, մեծագույն ընկեր Ստալին, իսկ ամեն մի պատրվակով հիշել նրա մտքերը պետք էր այսպես․ «Ինչպես նկատեց իմաստուն ընկեր Ստալինը»։ Խրուսչովին ու Բրեժնևին ավելի պարզ էին անվանում։ Մեր թանկագին Նիկիտա Սերգևիչ, մեր թանկագին Լեոնիդ Իլյիչ, իսկ նրանց բոլոր ցուցումները գնահատվում էին որպես ճշմարտագույն, արդար, պարզ, ժամանակին ասված։ Այսօրվա կեղծավորը, հիշելով վերադասին, անպայման անվանում է նրան անունով, հայրանունով, ազգանունով։ Բայց Սեմիգուդիլովը նախընտրում է սովետական ժլատ կեղծուցությունը։ Նա Առաջին դեմքին անվանում է միայն ազգանունով, բայց վերագրում է նրան բնավորության այնպիսի գծեր ու ունակություններ, որոնք ավելի պարզ կեղծավորի մտքով նույնիսկ չեն անցնի։ Այժմ, ասում է Սեմիգուդիլովը, ստալինյան հատուկ կտրականությունը (միգուցե) անհրաժեշտություն չէ (առայժմ), բայց Պերլիգոսը գործում է բավական կոշտ և ճիշտ է անում։ Դա անհրաժեշտություն է, որպեսզի գոնե մասնակի ուղղի լիբերալների ղեկավարության կործանարար հետևանքները։ Նա, ինչպես Վլադիրմիր Կրասնո Սոլնիշկոն հույս տվեց Ռուսաստանին, ինչպես Իվան Կալիտան՝ ռուսական հողեր հավաքող է, ինչպես Պետրոս Առաջինը վերադարձնում է Ռուսաստանին հարգանքը։ Եվ վերջնականապես կվերադարձներ, եթե չլիներ հինգերորդ շարասյունը (նույն մասոնները, հրեաները, լիբերալները), նաև խանգարում է նրա մարդասիրությունը։ Մարդասիրությունը՝ դա նրա հազվադեպ թույլություններից է։ Միևնույն ժամանակ նա մնում է հմայիչ մարդ, աշխույժ, մոլի խաղացող, տղայի նման հետաքրքրասեր կյանքի նկատմամբ իր բոլոր ձևերով։ Նայեցեք, ասում է Սեմիգուդիլովը, զարմանալի է, թե ինչպես է նա ամեն ինչ հասցնում։ Անընդհատ ճանապարհորդում է երկրով և ողջ աշխարհով, զբաղվում է սպորտով՝ ձիավարությամբ, մոտոցիկլետ է քշում, չմուշկներով սահում, թռչում կործանիչներով, ստրատեգիական ռմբակոծիչներով ու դելտոպլաններով, մասնակցում է հրշեջ աշխատանքներին, իջնում ջրի տակ, զբաղվում հազվագյուտ կենդանիների պաշտպանությամբ և այդ ամենը փաստագրված է լրագրողների հոդվածներում և տեսանյութերում, որոնցում պատկերված է նրա շփումը սպիտակ արջերի, ամուրյան վագրերի, նիլյան կոկորդիլոսների հետ։
Հետաքրքրական է, որ հավակնելով խիզախ ճմարտախոսի և նույնիսկ ճշմարտության համար պայքարողի համբավին, Սեմիգուդիլովը խորամկորեն կարողանում էր բոլոր սովետական առաջնորդների մասին սկսած Խրուսչովից, նրանց իշխանության օրոք մի առանձնահատուկ լավ բան ասել, իսկ նրանցից հետո ասել հակառակը։ Բայց ոչ մեկին այնպես չէր հաճոյախոսել, ինչպես այժմյանին։ Հիմա, երբ ես իմ մեջ տանում եմ լուն, նա անցնելով մի թեմայից մյուսը, առաջարկեց ուշադրություն դարձնել այն բանի վրա, որ առաջին դեմքը խորհում ու գործում է մեզ համար անհասանելի մի ինչ֊որ մեթոդով, միշտ կայացնում է անսպասելի, պարադոքսալ, մեզ մոտ կասկածներ և մերժում առաջացնող որոշումներ, բայց հետո պարզվում է որ նրանք միակ ճիշտն էին։ Նրան կարելի է համեմատել մեծագույն շախմատային գրոսմայստերների հետ։ Նա այնպիսի քայլեր է անում, որ միջին շախմատիստին շոկի մեջ է գցում, իսկ հետո՝ մեկ֊երկու և մատ։ Եվ ծափահարությունների պայթյուն։
― Մեր մտածելակերպին, ― ասում է Սեմիգուդիլովը փառաբանելով իր գրոսմայստերին, ― անհասանելի է նրա մտքերի ընթացքը և գործելու տրամաբանությունը, որովհետև նա ոչ թե հասարակ մարդ է, և նույնիսկ ոչ միայն հանճարեղ մարդ, գուցե նա ընդհանրապես մարդ չէ, այլ շատ ավելին, բարձրագույն էակ, որի առաքելությունն է կառավարել ոչ միայն մեզ, այլ գուցե ավելին՝ ողջ կենդանական աշխարհին։
Ահա թե ինչ ասաց։ Բայց մարդկության, կենդանիների և մնացյալ ամեն ինչի ղեկավարի տեղը զբաղեցնում է Տեր Աստվածը, որը կարծես թե իր պաշտոնը չի պատրաստվում զիջել որևէ մեկին (ահա թե որտեղ չկա ժողովրդավարության նշույլ), ― ես, իհարկե, մտովի եմ առարկում։ Եթե Տիմոխան կանգ առներ դրա վրա։ Բայց ոչ․․․
― Մենք, ― ասում է նա, չափազանց հուզված, ― պատկերացնում ենք նրան որպես պետական ծառայող, որը նստած կրեմլում ընդունում է նախարարներին, պարգևներ հանձնում, և կարծում ենք նրա համար դա կարևոր է։ Իսկ նրա համար դա սովորական մանր աշխատանք է, որը շեղում է նրան իր հսկայական, անհավանական, մարդկային ուղեղի համար անհասկանալի գործերից։ Դուք դեռ կտեսնեք, ինչպես նա կթռչի, ինչպես արծվի նման կբարձրանա անհավանական բարձության, ինչպես կուղղի հզոր թևերը, և ողջ աշխարհը, ամբողջ մարդկությունը, գլուխները վեր բարձրացրած, նրան կհառի հիացած հայացքը։
― Ինչպիսի զառանցանք, ― չդիմանալով բացականչեցի ես։
― Ի՞նչ, ― անհանգստացած վեր թռավ Զինուլյան։ ― Կարծես զառանցո՞ւմ եք։
― Ոչ, ինձ թվում է, որ նա է զառանցում։
― Այո, ― այդպես լինում է, ― ասաց Զինուլյան։
― Ի՞նչ է լինում, ― անհանգստացած հարցրեց Վարվառան։
― Երբեմն զառանցելիս մարդուն թվում է, որ ոչ թե ինքն է զառանցում, այլ ուրիշները։
Ես ուզում էի առարկել։ Բայց հետո մտածեցի, որ գուցե նա ճիշտ է։ Չէ որ հաճախ, պետք է խոստովանեմ, շատ հաճախ, այն ամենը ինչ կատարվում է շուրջս թվում է ինձ զառանցանք։ Զառանցանք են թվում պետության առաջին դեմքերի, խորհրդարանականների, եկեղեցական վերնախավի, մեղադրողների, դատավորների, հասարակ քաղաքացիների խոսքերը, մեծ թվով մտահղացումներ, օրենքներ, դատական որոշումներ՝ թվում է կայացրել են անմեղսունակ մարդիկ։ Անցյալում աշխարհի այդպիսի ըմբռնումը թվում էր ինձ նորմալ, իսկ այժմ ես հանկարծ մտածեցի․ եթե աշխարհը թվում է ինձ խելագար, գուցե մեղավորը ոչ թե աշխարհն է, այլ ես։ Ամբողջ աշխարհը խելագարվել է, իսկ ես նորմալ եմ, այդպես է թվում խելագարներին։ Եվ միևնույն է․․․ Երբ ես լսում եմ Պերլիգոսի մասին ամեն կողմից հնչող գովեստները, չգիտեմ ինչու հիշում եմ մի ժամանակ կարդացածս Հարրի Տրումենի մասին։ Երբ 1945 թ․ նա դարձավ պրեզիդենտ, նրա ընկերներից մեկը ասաց նրան․ «Հարրի, հիմա, երբ դու հասել ես քո կարիերայի գագաթնակետին, շատ մարդիկ կգտնեն քո մեջ բազմաթիվ արժանիքներ, որոնք անցյալում չէին նկատում։ Ամեն օր նրանք քեզ կասեն, որ դու ամենախելացին ես, ամենատաղանդավորը, ամեն ինչ գիտես և ընդհանրապես հանճար ես։ Բայց ես ու դու հո գիտենք, որ դա այդպես չէ»։
Այդ տեքստը ես կդնեի ոսկյա շրջանակի մեջ և կկախեի Ռուսաստանի ետռևոլյուցիոն բոլոր ղեկավարների աշխատասենյակներում։ Նրանք, ում հաջողվում էր իշխանության գագաթին մնալ մի տասնամյակ, հիվանդանում էին մեծության մոլուցքով և երևակայում, որ առանց իրենց Ռուսաստանը չի կարող գոյություն ունենալ։ Կարող է գոյություն ունենալ առանց նրանց։ Կարող է և նրանց հետ աշխարհում ունենալ իր արժանի տեղը։ Իմանալու համար, թե հատկապես որը, ես բացեցի այպադս ու գտա այնտեղ այսպիսի մի տեքստ․