Changes
/* Լենինյան ուղի */
Չնայած մեր բնակավայրը, ինչպես ասում են, էլիտար է, ճանապարհները սարսափելի վատն են, ամբողջովին ջարդուխուրդ։ Ձմեռը ոչ ոք չի մաքրում, իսկ գարնանը այնպիսի փոսեր են առաջանում, որ երթևկել կարելի է միայն ամենագնացով։ Ճանապարհների վերանորոգումը գումար է պահանջում։ Հավաքել մեր մեծահարուստ բնակիչներից այդ գումարը այնքան էլ հեշտ բան չէ։ Որոշակի գումար հատկացնելու առաջարկը ոմանք լռության են մատնում, իսկ մյուսները խղճուկ ու ծիծաղելի բացատրություններ գրում միջոցների սղության մասին։
==Տանջվածը==
Մենք անցանք ծառապատ Հուսիսային փողոցը, թեքվեցինք Միջինը, որտեղ տեսա ճանապարհի մեջտեղով քայլող վերը հիշատակած Տիմոֆեյ Սեմիգուդիլովին՝ մեր և ոչ միայն մեր բնակավայրի ուշադրությանն արժանի այդ մարդուն։ Ահա նրա դիմանկարը․ իմ տարիքի ծերունի, խոշոր, բարձրահասակ՝ մոտավորապես երկու մետր, թիկնեղ, կնճռոտված դեմքով, աչքերի տակ պարկեր, աչքերը միշտ ատելությունից բորբոքված՝ ամեն մի կենդանի բանի նկատմամբ։ Ձմեռը ման է գալիս բամբակե բաճկոնով, հաստ կաշվից կարած երկարաճիտ կոշիկներով, կոնաձև, ակնհայտորեն մոնղոլական գլխարկով, հաստ ճյուղից սարքված անհարթ ձեռնափայտով, որը հատուկ նրա համար տաշված ու լաքով է ներկված։ Փայտը նա օգտագործում է ոչ թե որպես լրացուցիչ հենարան, այլ պատահական շներին քշելու համար։ Բայց պատահական շներ մեր բնակավայրում չկան։ Ոչ հեռու անցյալում կային ոչ թե պատահական ու անտուն, այլ կասեի անտեր, բայց լավ կերակրված երկու, չորս, հետագայում՝ վեց շուն։ Մենք, բնակիչներս, փող էինք հավաքում, իսկ մեր պահակները շների համար մսով շիլա էին եփում։ Իրենց պահակակետի մոտ նրանք կառուցեցին երեք փոքրիկ տնակ, որոնք իրենց տնից տարբերվում էին միայն չափսով, վառարանի ու հեռուստացույցի բացակայությամբ։ Շները այդ տնակներում համարյա չէին ապրում, բայց պատսպարվում էին անձրևից, իսկ ձմեռը տաքանում էին պահակների տնակում կամ տան առջև, ամառներն էլ պառկում էին ասֆալտի վրա փողոցի մեջտեղում, չվախենալով խնամքով իրենց շրջանցող մեքենաներից։ Շները միշտ միասին էին ման գալիս, կուշտ լինելով չար չէին, նույնիսկ կատուներին ձեռք չէին տալիս։ Պոչերը շարժելով ուրախ դիմավորում էին բոլոր զբոսնողներին և որոշ ժամանակ ուղեկցում նրանց։ Եվ համարյա բոլոր բնակիչները նրանց լավ էին վերաբերվում, բոլորի անունները գիտեին․ Չուկ, Գեկ, Մալչիկ, Ջեկ, Տուման և Լինդա։ Եվ հանկարծ մի ինչ֊որ սրիկա նրանց կերակրեց թունավորված մսով։ Նրանցից հինգը սատկեցին սարսափելի տանջանքներով, իսկ Լինդան կենդանի մնաց, որովհետև պատկերացրեք, նա բուսակեր է։ Ուրեմն, ասում եմ, շների մահը, նրանց դաժան սպանությունը ցնցեց բոլորին, և կասկածում էին Տիմոխային կամ նրա ընկեր և մեր դեպուտատ Ալեքսեյ Չուբարովին, որոնք հաճախ էին դժգոհում, որ անտունները ման են գալիս առանց վզնոցի, պարանի ու դնչկալի։ Միևնույն ժամանակ Սեմիգուդիլովը նույնպես իր շանը ման է տալիս առանց դնչկալի, արձակած և ժամանակ առ ժամանակ նա կռվում է մանր շների հետ, մի անգամ էլ կծոտեց մեր պահակներից մեկին՝ Բորիս Պետրովիչին։ Ինչ վերաբերում է Չուբարովին նա հետո պատժվեց, ճիշտ է, ոչ թե շներին թունավորելու, այլ իր ագահության ու սրիկայության համար։ Բանն այն է, որ քանդելով խելքը թռցրած ծեր կնոջից էժան գնված (նկատի ունենալով այսօրվա գները) ամառանոցը, կառուցեց շքեղ առանձնատուն սիբիրյան կեդրից։ Վարձեց ուզբեկների, նախօրոք նրանցից վերցրեց անձնագրերը, խոստանալով բոլորի համար գրանցում ապահովել, կերակրել, աշխատավարձը վերջում տալ։ Ուզբեկները կես տարի աշխատեցին, բայց երբ աշխատանքն ավարտեցին, Չուբարովը փողը չտվեց, չգրանցեց նրանց, ոստիկանություն կանչեց, և շինարարները, որպես անօրինական աշխատողներ ուղարկվեցին հայրենիք։ Որոշ ժամանակ անց Չուբարովի տունը, ուր Չուբարովը ցավոք սրտի դեռ չէր ապրում, բռնկվեց ու քամուց արագ այրվեց։ Պետք է ասել, որ բնակիչներից և ոչ մեկը, ներառյալ Սեմիգուդիլովը, չդատապարտեց տունը այրողներին, որոնց փնտրում էր ու չգտավ ոստիկանությունը, քանի որ բոլոր կասկածյալները վտարված էին նախքան հրդեհը։
Բայց ես շեղվեցի, վերադառնում եմ Սեմիգուդիլովին։
Նա քայլում էր փայտը բռնած գավազանի պես, ոչ թե հենվելով նրա վրա, այլ իր առջև դնելով։ Խորասուզված մտքերի մեջ, նա չլսեց, որ մոտեցանք իրեն։ Ու երևի չէր տեսնում մեր մեքենայի թարթող լապտերը: Պաշան՝ վարորդը, դանդաղեցրեց ընթացքը և որոշ ժամանակ գնում էր նրա ետևից, իր զայրույթն արտահայտելով ղեկը բաց թողնելով, ձեռքերը թափահարելով, հայհոյելով ու դեպի մեզ շրջվելով․ «Ոչխարի մեկը, հիմար»։
― Ինչո՞ւ ես հայհոյում, չդիմացավ Զինուլյան։ ― Չե՞ս կարող շչակով ազդանշան տալ։
― Չէ, ի՞նչ ես ասում, պատասխանեց Պաշան։ Գիշեր է չէ։ Մարդիկ քնած են։
Նա թարթեց լուսարձակներով։ Սեմիգուդիլովը շարունակում էր իր անշտապ զբոսանքը։
Պաշան միացրեց շչակը և անմիջապես անջատեց։ Շչակը վնգստաց վիրավոր շան նման ու ձայնը կտրեց։ Սեմիգուդիլովը վախեցավ ու մի կողմ թռավ։ Մենք հավասարվեցինք նրան, ես խնդրեցի վարորդին առաջ չանցել և գլուխս դուրս հանելով պատուհանից բարձր ձայնով ասացի․
― Ողջույն կեսգիշերայինին։
Նա նորից ցնցվեց, բարձրացրեց գլուխը և ճանաչելով ինձ, ընկրկեց այնպես, կարծես սատանա տեսավ ու ասաց․
Հեռու ինձնից, հեռու։
Ես չզարմացա։ Ես սովոր էի, որ նա ինձ չար ոգու տեղ է դնում։ Միևնույն ժամանակ, ես պետք էի նրան, որպես ընդդիմախոս հայրենիքի, աշխարհի և աշխարհակարգի մասին իր տանջալից մտորումներում։ Նրա կինը հարբեցող է, տղան՝ հիմար, մեծ աղջիկը նոր է ժամկետ ստացել պոռնկատուն պահելու և թմրանյութ վաճառելու համար, իսկ փոքրը, որը քիչ թե շատ նորմալ է, ապրում է Փարիզում։ Բայց ընտանիքի մասին նա համարյա չի մտածում, որովհետև տանջվում է Ամերիկայի, միասեռականության, մասոների, հրեաների և լիբերալների գոյությունից։ Հրեաներին ու ազատականերին մեզ մոտ ներկայացնում եմ ես, բայց նրա միակ ընդդիմախոսը չեմ։ Իր անվերջանալի ու բոցաշունչ վեճերը կախարդվածների հետ վարում է ռադիոյով ու հեռուստատեսությամբ։ Եվ միշտ, ինչպես ցույց են տալիս հաշվիչները հաղթում է մեծ առավելությամբ։ Նախկինում դա ինձ զարմացնում էր։ Մի՞թե, մտածում էի ես, մեր ժողովուրդը իսկապես այնքան մութ ու հիմար է, որ առանց քննադատական վերաբերմունքի կուլ է տալիս այդ խաբեությունը։ Բայց իրազեկ մարդիկ բացատրեցին, որ ձայները հաշվում են երկու ատամնավոր հաշվիչներ։ Մի հաշվիչը տվյալները փոխանցում է փոքր անվից դեպի մեծը, իսկ մյուսը՝ մեծից փոքրը։ Ոմանք էլ համոզված ասում են, որ դա հիմարություն է, որ հատուկ անիվների անհրաժեշտություն չկա, ժողովրդի մեծամասնությունը առանց հաշվիչների էլ երկու պատասխանից կընտրի ամենահիմարը։
Ինչո՞ւ ես գիշերը թափառում, անքնությո՞ւն ունես, ինչ է։
Ինչպե՞ս քնեմ, ― հոգոց հանելով ասաց նա։ Ինչպիսի՜ երկիր կորցրինք։
Նա նկատի ունի ԽՍՀՄ֊ի փլուզումը առանձին պետությունների իննսունմեկին։
― Հիշեցի, ― ասում եմ, ― երբ է դա տեղի ունեցել։
― Այն ժամանակից էլ չեմ քնում, ― պատասխանում է նա։
― Իզուր, ― ասում եմ նրան։ ― Երբեմն ուղեղին հանգիստ է պետք, թե չէ չափից ավելի կտաքանա։
― Դե իհարկե, դուք լիբերալներդ հույս ունեք, որ մեր ուղեղը կքնի ու կքայքայվի, բայց մենք դեռ ոտքի կկանգնենք, կուղղվենք, և դուք կտեսնեք ժողովրդի հզոր ցասումը։ ― Եվ չլսելով ինձ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ իր ասածները հազիվ թե ինձ համոզեն, շարունակում է ամեն ինչ իրար խառնելով․ ― Կողոպտել են, թռցրել, մաս֊մաս արել։ Երկիրը կործանվում է, բանակը նվաստացած է, ժողովուրդը քանի գնում աղքատանում ու հարբեցողությամբ է զբաղվում։
Վերջին տասնամյակների պատմության հանդեպ իր համախոհներին հատուկ հայացք ունի։ Մեծ ու հզոր պետություն գոյություն ուներ։ Բայց երկու մարդ՝ Գորբաչովն ու Ելցինը, քանդեցին երկիրը, զինաթափեցին բանակը, ոչնչացրին արդյունաբերությունը, չքավորության հասցրին ժողովրդին, զրկեցին հավատից ու հույսից։ Երբեմն այդ անուններին նա ավելացնում է Գայդարին ու Չուբայսին։ Լրացված ցուցակի մեջ պատահում է ես էլ եմ հայտնվում, մի մարդ, որը մեղմ ասած, ոչ մի լիազորություն չուներ։ Երբեմն էլ, բանավեճից ոգևորված, նա ինձ ավելորդ ինքնահավանության պատրվակ է տալիս, ցուցակից հանելով բոլոր չարագործներին ու ասելով, որ ես քանդեցի երկիրը։ Ես պետք է որ հպարտանայի դրանով։ Բայց առայժմ, ինչով ասես, այդպիսի մոլուցքով, ինձ թվում է, չեմ տառապում։ Ես փորձում եմ տրամաբանորեն վիճել։ Ասում եմ, այդ ի՞նչ պետություն էր, որքա՞ն հզոր էր, եթե կարողացան քանդել մեկ֊երկու, դե թող լինի մի հարյուր լիբերալ։ Նա միանգամից պատասխանում է, որ այդ մարդիկ, ես էլ այդ թվում, պետությունը քանդողները, գործում էին ոչ թե հենց այնպես, անշահախնդիր, այլ ամերիկացիների աջակցությամբ և Պենտագոնի, Պետդեպի, Զբիգնեվ Բժեզինսկու ու Ջորջ Սորեսի փողերով։
Համատեղելով անհամատեղելին, նա մեծ սպասումներ ունի Պերլիգոսից, որը հասնելով գերագույն պաշտոնին, ստիպեց մեզ երգել հին երգը, ուղղեց դեռ թույլ ու չկայացած դեմոկրատիան, ուղղահայաց ու սուվերեն դարձրեց այն, ինչը սեմիգուդիլովների գաղափարակիցների միջավայրում հույս առաջացրեց, որ հնարավոր է գոնե մասնակի վերականգնել լիբերալների կորցրած նախկին կարգերն ու վերածնել Իմպերիան, բայց ոչ թե Սովետական, այլ Ռուսական։ Այդ մասին նա ոչ միայն երազում էր, այլ նույնիսկ ինչ֊որ բան էր անում։ Իր համախոհների հետ մտավ կիսաօրինական «Բազեներով որս» ակումբը, այնտեղ նրանք նախագծում են Մեծ Ռուսաստանի վերածնման անիրականանալի պլանները, որտեղ բացի Ռուսաստանից պետք է մտնեն Ուկրաինան, Բելոռուսիան, մասնակիորեն նաև Էստոնիան, Լատվիան, Լիտվան և Հյուսիսային Ղազախստանը։ Բազեների որսով զբաղվողները համարում են, որ պատմական արդարությունը պահանջում է Ռուսաստանին վերադարձնել այդ տարածքները, կառուցել մեծ ռուսական աշխարհ, որը, ինչպես մարգարեում էր հաշմանդամ Վանգան (ի դեպ, ես մոռացա Բուլղարիայի մասին), միանալով, կդառնա երկրագնդի նյութական, ռազմական և հոգևոր այն ուժը, որը կհրապուրի ու կձգի մնացյալ բոլոր ժողովուրդներին։
Նա միշտ այնպես է խոսում է ինձ հետ, կարծես նրա մահացու թշնամին եմ, բայց համոզված եմ, որ առանց ինձ նա չի կարող ապրել։ Ես մտածում եմ, որ եթե մի դիպվածով հնարավորություն ունենար գնդակահարել ինձ, անձամբ կգնդակահարեր, բայց հետո անպայման կափսոսար, որ զրկվեց հարմար ընդդիմախոսից։ Երբեմն, երբ որևէ տեղ եմ մեկնում, ինչպես պատմել է ինձ Շուրոչկան, հաճախ թափառում է մեր դարպասի մոտ, երբեմն էլ չի դիմանում ու կարծես հենց այնպես հարցնում է․ լսիր, գեղեցկուհի, պարոնդ ե՞րբ է վերադառնալու։ Ինձ լուրեր են հասել, որ նա ոչ թե իմիջիայլոց է շփվում Շուրոչկայի հետ, այլ վարում է երկար զրույցներ, երբ բացակայությանս ժամանակ միասին ման են գալիս Շուրոչկան՝ Ֆյոդորի, իսկ նա իր Ռեքսի հետ։ Անվանելով ինձ պարոն, նա նկատի ունի, որ ես ապրում եմ կուշտ ու շքեղ, երևի ուզում է ազդել Շուրոչկայի դասակարգային ենթագիտակցության վրա։ Իր ասելով, նա վարում է համեստ, համարյա ճգնավորի կյանք։ Չնայած ապրում է երեք հարկանի քարե ամառանոցում, ման է գալիս «Մերսեդեսով», որը վարում է, հայտնի չէ թե ում փողերով և որ նվաճումների համար՝ պետական վարորդը։ Բացի դրանից ունի անշարժ գույք Մայամիում ու Ռիգայում, նաև երկու ռեստորան, որոնք գրանցված են մեծ աղջկա անունով, այն աղջկա, որը նստած է բանտում։ Միևնույն ժամանակ իրեն ներկայացնում է որպես միայն հոգևոր հետաքրքրություններով ապրող անշահախնդիր մարդ․ նրա երազանքն է մեծ ու սարսափելի Ռուսաստանը, որն արդեն ուղղվել է և շուտով ոտքի կկանգնի հսկայի իր ողջ հասակով, որքան էլ որ խանգարեն Ամերիկան, Գեյրոպան, մասոններն, հրեաներն ու լիբերալները։ Դուք հրեաներդ, ասում է նա ինձ։ Երիտասարդ ժամանակ ինձ հաճախ էին հրեայի տեղ դնում, որովհետև սև գանգուր մազեր ու կոր քիթ ունեի։ Ես երբեք չէի ժխտում ու ոչինչ չէի ապացուցում։ Բայց մի անգամ ասացի նրան, որ ես դեմ չեմ հրեա լինելուն, բայց հանուն արդարության հաղորդում եմ, որ ես այն չեմ ինչ նա կարծում է։ Իմ Պրոկոպովիչ ազգանունը տերտերական է, իմ նախնիներս մինչև պապուպապս քահանաներ էին Սամարայի մարզի Չիլդյաեվո գյուղում, իսկ պապս դարձավ բոլշևիկ ու մինչև ձերբակալումը գլխավորում էր Ակտիվ անհավատների միությունը։ Իմ մայրը, Պոլինան, հայրական ազգանունը Նեչիպորենկո, կուբանյան կազակներից էր, իսկ նրա հայրը, այսինքն մյուս պապս, ընդհակառակը, կռվում էր բոլշևիկների հետ և քսան թվականին նրան գնդակահարեցին չեկիստները։
― Այնպես որ, ― ասում եմ Տիմոխային, ― դու շատ ես սխալվում, կարծելով, որ ես հրեա եմ։
― Չեմ սխալվում, ― պատասխանում է նա առանց շփոթվելու, ― ով ես դու արյամբ ինձ համար միևնույն է, ինձ համար հրեան ոչ թե ազգություն է, այլ աշխարհայացք։ Ընդունում եմ, լինում են լավ հրեաներ։ Բայց շատ հազվադեպ։ Դու նրանց թվում չես։
Երբ նրա մոտ հայտնաբերեցին քաղցկեղ, նա մեկնեց Իսրայել բուժվելու։ Վերադարձավ շատ տպավորված։ Հիացած։ Ես հարցրի նրան փոխե՞լ է արդյոք իր կարծիքը հրեաների մասին։ Նա զարմացավ ― այդ ինչո՞ւ։ Որովհետև այդ նույն հրեաները, ինքդ ասացիր, քեզ լավ ընդունեցին և բուժեցին։
― Ինձ, ― առարկեց նա, ― բուժում էին ոչ թե հրեաները, այլ իսրայելցիք։ Քաջ ու արժանի մարդիկ, այլ ոչ թե լիբերալները։ Ակն ընդ ական նրանց փիլիսոփայությունը՝ ինձ շատ հարազատ է։
― Ինչո՞ւ չմնացիր այնտեղ, ― հարցրի ես նրան։
― Հույս չունենաս, ― ասաց նա։ ― Ես այստեղի մարդ եմ։ Ռուսաստանում ստեղծված։ Ես պայքարելու եմ Ռուսաստանի համար։ Մինչև վերջին շունչս։ Դուք ժողովրդին կործանեցիք, նվաստացրիք, նրա վերջն եք տալիք, բայց մենք, հայրենասերներս, մենք մեր ուզածին կհասնենք։
Այսպես է ասում, բայց նրա խոսքերը ոչինչ չեն նշանակում։ Ժամանակին խոստանում էր մինչև վերջին շունչը կռվել սովետական իշխանության համար, բայց պայքարում էր միայն փակ կուսակցական ժողովներում, իսկ երբ ամեն ինչ քանդվեց, մի հեռու տեղ պահելով իր տոմսը որոշ ժամանակ իրեն նույնիսկ դեմոկրատ անվանեց։ Իր դեմոկրատ լինելը շուտով մոռացավ, սկսեց պնդել (նույն հրեական կոնտեքստում), որ միշտ ատել է բոլշևիկների ստեղծած սովետական իշխանությունը, բայց երկրպագել է Ստալինին, նրա ղեկավարության սկզբնական շրջանը համարել և համարում է փայլուն հաղթանակների ու իմպերիալիստական ուժի ժամանակաշրջան, որը ինքն ու իր համախոհները անպայման կվերականգնեն։