Changes
Սամվել
,/* Է. ՊԱՏՐՎԱԿ */
Առավոտյան, չնայելով որ օրից բավական անցել էր, բայց Սամվելը դեռ չէր դուրս եկել յուր քնարանից: Գիշերը նա շատ ուշ վերադարձավ Մուշեղի մոտից և անկողին մտավ համարյա լուսաբացին: Պատանի Հուսիկը արդեն մի քանի անգամ մոտեցել էր նրա քնարանի դռանը, ականջը անհամբերությամբ տարել էր կողպեքի մոտ, և երկար, զգուշությամբ լսել էր յուր տիրոջ շնչառության ծանր հառաչանքները: «Չլինի թե հիվանդ է»... մտածեց նա վերջին անգամ, և բարեսիրտ պատանու պայծառ դեմքը մռայլվեցավ խորին տխրությամբ:
Նրա դուրս գնալուց հետո ընդունարանը ներս մտավ մի ծերունի, չոր ու ցամաք, որպես կմախք: Մորուքի և գլխի ճերմակ մազերի միջից դուրս էր նայում նրա մագաղաթի գույնով սառն դեմքը, որ յուր խոշոր գծերով արտահայտում էր մի ամուր բնավորություն: Թե ինչո՞ւ համար մտավ նա, ինքն էլ չգիտեր, բայց շուտով յուր համար գործ գտավ: Մոտեցավ սենյակի այս և այն առարկային, նայեց, զննեց, մեկը վեր առեց, մյուսի տեղը դրեց, մյուսը առաջինի տեղը դրեց: Մոտեցավ անկյուններում դրած նիզակներին, աշտեներին, մեկը վեր առեց, այս անկյունից այն անկյունը տարավ, այնտեղինը այստեղ բերավ, դրեց, նայեց, տեսավ, որ փոքր ինչ ծուռն էր կանգնած, ուղղեց, և դարձյալ շարունակեց նայել: Ահա այդ տեղափոխություններով էր զբաղված, երբ պատանի Հուսիկը կրկին ներս մտավ, և նրա ձեռքը բռնելով, ասաց.
— Այդ ի՞նչ քո գործն է: Էլի եկար ամեն բան խառնելու:
— Սո՛ւս, լակո՛տ — պատասխանեց ծերունին և ձեռքով այնպես սաստիկ հրեց նրան, որ եթե Հուսիկը կատվի առաձգական ճարպկությունը չունենար, կարող էր ծեփի նման թխվել հատակի վրա:
— Կամա՜ց, սիրելի Արբակ, — զգուշացրեց պատանին, — մեր տերը քնած է:
— Քնա՛ծ է, — կրկնեց ծերունին ծաղրական ձայնով, — քնած է, կզարթնի, հիմա ո՞վ է քնում:
Եվ իրավ, ընդունարանի աղմուկը զարթեցրեց Սամվելին:
Ծերունի Արբակը Սամվելի դայակն էր. երեխայությունից սնուցել էր նրան յուր բազուկների վրա. այդ էր պատճառը նրա չափազանց ընտանության: Նա մի հին զինվոր էր, զինվորի կոշտ և մաքուր սրտով: Մինչև այդ հասակը նա դեռ պահպանել էր յուր վաղեմի քաջազնական հոգու թարմությունը: Սամվելը հարգում էր այդ մարդուն, հարգում էր նրա ծերությունը, հարգում էր և նրա անծերանալի արիությունը: Այդ հասակում ևս նրա նետը երբեք չէր վրիպում նպատակից. այդ հասակում ևս նա խիստ հաջողակ ձեռք ուներ: Դեռ պատանեկության հասակից կրթում էր նա Սամվելին որսորդության և զանազան զինվորական մարզությունների մեջ. սովորեցնում էր վազել, լայն վիհերի վրայից թռչել, ձիարշավ լինել և խստերախ նժույգներին սանձահարել: Սովորեցնում էր նետաձիգ լինել և նետերով երկաթյա զրահներ պատառել: Այդ փորձերը նա անել էր տալիս պղնձյա տախտակների վրա: Սովորեցնում էր սրի մի հարվածով մարդկանց գլուխը թռցնել, կամ նրանց մեջտեղից կես կիսել: Այդ փորձերը նա անել էր տալիս անասունների վրա: Սովորեցնում էր քաղցի ու ծարավի դիմանալ և գիշերը առանց անկողնի բացօթյա տեղում պառկել: Մի խոսքով սովորեցնում էր այն բոլոր մարզությունները, որ այդ ժամանակ ընդունված էին նախարարների որդիների կրթության համար, և որոնք անհրաժեշտ էին լավ մարդ և լավ զինվոր լինելու համար: Սամվելի դայակի բարոյական կրթության ծրագիրը շատ սահմանափակ էր: Նա բովանդակում էր յուր մեջ մի քանի հիմնական խրատներ միայն. սուտ չխոսել, տված խոստմունքը կատարել, ողորմած լինել դեպի տկարները, հավատարիմ լինել թագավորին և հայրենիքին, սակավապետ լինել և ժուժկալ: Իսկ ավելի ընդարձակ բարոյական և հոգևոր կրթությունը հանձնված էր առանձին վարժապետների, որ միևնույն ժամանակ սովորեցնում էին նրան կրոն, լեզուներ և դպրություն: Այդ վարժապետները հրավիրվում էին ամրոցը մերձակա Աշտիշատի վանքից:
Արբակը շատ համեստ մարդ էր, սիրում էր, որ ուրիշները խոսեին յուր մասին, բայց երբեմն, երբ բարկացնում էին նրան, նա հարևանցի կերպով հիշեցնել գիտեր յուր տոհմային ազնվականությունը, ասելով, «Ինձ խո պատի տակից չեն գտել»... Խիստ հաճախ սովորություն ուներ խոսել այն ճակատամարտի մասին, թե ի՜նչպես պարսիկները կտրեցին Եփրատի նավակամուրջը, արգելեցին Հուլիանոսի անցքը, իսկ իրանք պարսիկներին վանելով, Հուլիանոսի համար ճանապարհ բաց արին: «Ա՛խ, եթե ես գիտենայի որ Հուլիանոսը այնպես վատ մարդ էր»... Միշտ այդ խոսքերով էր վերջացնում յուր պատմությունը:
Պատմիր Արբակին ամեն տեսակ պատերազմական հրաշալիքներ, նա քեզ կպատասխաներ. «Ա՛յ, այն ժամանակ, երբ մենք կռվում էինք Եփրատի մոտ»... և կսկսեր նավակամուրջի պատմությունը: Նա մոռանալ չէր կարող ուրացող կայսրի վարմունքը յուր թագավորի` Տիրանի հետ, որ պատճառ դարձավ հայոց մի հզոր քահանայապետի մահվանը:
Սամվելը դուրս եկավ քնարանից և, տեսնելով այնտեղ Արբակին, ողջունեց, ասելով.
— Բարով, Արբակ, ի՞նչ կա:
— Քո ողջությունը, — պատասխանեց ծերունին, նստելով հատակի վրա տարածված օթոցի վրա:
Նա չէր սիրում նստել բարձր բազմոցի կամ գահավորակի վրա, համարելով այդ մի ծիծաղելի սովորություն: «Փայտե ձի են նստում, որ երբեք չէ շարժվում» — մի այդպիսի հանելուկի ձև էր ստացել նրա բերանում այդ սովորությունը:
— Լավ է, որ եկար, Արբակ, — ասաց Սամվելը. — ես այս առավոտ կամենում եմ որսի գնալ:
Ծերունին ժպտալով պատասխանեց.
— Որսի գնացողի՛ն նայեցեք... որսի գնացողը հիմա՞ է վեր կենում... արևը հինգ ջիդայից ավելի բարձրացել է:
Այսինքն` նիզակի հինգ երկարությամբ բարձրացել է հորիզոնի վրա: Նիզակը մի չափ էր Արբակի համար, որ ամեն տարածություն անխտիր նրանով էր չափում:
Դայակի հանդիմանությունը իրավացի էր. նախ, որ Սամվելը երբեք սովորություն չուներ այնպես ուշ վեր կենալու. երկրորդ, որ որսի էին գնում դեռ արևը չծագած:
Նա արդարացրեց իրան, ասելով, որ գիշերը շատ ուշ քնեց, երկար անհանգիստ էր, և լուսաբացին միայն քունը տարավ: Բայց այդ բոլոր պատճառները ոչինչ համոզել Արբակին չկարողացան: Նա մնաց այն կարծիքի մեջ, թե երբ մի երիտասարդ գիշերը քնել չի կարողանում, նա անպատճառ մի որևիցե սատանայություն» կունենա, և այդ, Արբակի հայացքով, շատ անվայել էր:
Արբակը սովորել էր նայել Սամվելի վրա, որպես մի երեխայի վրա, որը մի ժամանակ մոռանում էր մոր տված թաշկինակով քիթը սրբել: Նա բնավ հաշտվել չէր կարողանում այն մտքի հետ, թե այն երեխան աճել էր, մեծացել էր, և յուր կամքը ու ցանկություններն ուներ: Թեև Սամվելը վաղուց դուրս էր եկել նրա հոգաբարձության տակից, բայց պահպանելով ծերունու պատիվը, երբեմն նրա խորհրդին էր դիմում Բայց երբ Արբակի խորհրդին էին դիմում, այդ միջոցում նա շատ խստապահանջ էր դառնում:
Վերջապես, զիջանելով յուր սանիկի թախանձանքին, ասաց նա.
— Հիմա որ գնում ես, ես կպատվիրեմ կարմիր ձին պատրաստեն:
— Ինչո՞ւ կարմիրը, Արբակ, դու գիտես, որ ես ճերմակն եմ սիրում, — հակառակեց Սամվելը:
— ճերմակը դեռ նստելու չէ, — պատասխանեց Արբակը գործագետ մարդու եղանակով — այդ անիրավը, որպես տեսնում եմ, խելքի գալու միտք չունի. նա մի օր քեզ փորձանքի մեջ կձգի:
Սամվելը ընդունեց ծերունու խորհուրդը, միայն խնդրեց, որ երկու ծառայից և երկու բարակից ավելի չլինի յուր հետ: Այդ ցանկությունը խիստ օտարոտի երևաց Արբակին, որովհետև նա, ինչ որ որսորդության էր վերաբերում, այդ սովորություններին ու կարգերին սաստիկ նախանձախնդիր էր: Ամեն անգամ, երբ Սամվելը որսորդության էր գնում, նրան ուղեկցում էին տասն քսան ձիավորներ և նույնքան շներ: Մի քանի օր առաջ հարևան ազնվականների որդիները հրավեր էին ստանում մասնակցելու որսորդությանը: Եվ վերջապես, որոշվում էր տեղը, ժամանակը, ուր կանխապես նախապատրաստություններ էին տեսնում: Իսկ այս առավոտ հանկարծ Սամվելի խելքին փչում էր որսի գնալ, այն ևս երկու ձիավորով: Ի՞նչ կմտածեին տեսնողները: Դա անվայել չէ՞ր լինի: Բայց Սամվելը հանգստացրեց ծերունուն, ասելով, թե ավելի մի թեթև զբոսանք կատարելու ցանկություն ունի, քան թե որսորդության, որովհետև իրան վատ է զգում և կամենում է փոքր ինչ զվարճանալ:
Ամրոցում արդեն գիտեին սպարապետի վերադարձը Տիզբոնից, իհարկե, ոչ այն մանրամասներով, որպիսի լուրեր բերեցին վերջին երկու սուրհանդակները: Սամվելը կամեցավ գիտենալ, թե ի՜նչ տպավորություն էր գործել այդ համբավը ծերունու վրա:
— Դու գիտե՞ս, Արբակ, որ հայրս գալիս է, և գալիս է հայոց սպարապետի պաշտոնով:
Ծերունին փոխանակ պատասխանելու, ձեռքը տարավ դեպի գլուխը, ճակատը շփեց, կարծես թե դժվարանում էր պատասխան գտնել:
— Ինչո՞ւ չես խոսում:
— Այդ բանից լավ հոտ չէ գալիս... — պատասխանեց պարզախոս ծերունին, և այժմ ավելի պինդ կերպով սկսեց շփել յուր ճակատը:
— Ինչո՞ւ, Արբակ, այդ ի՞նչ ասելու բան է, — հարցրեց Սամվելը իրան վիրավորված ձևացնելով:
Ծերունին ձեռքը տարավ դեպի ճերմակ մորուքը և բռնելով, ասաց,
— Այդ մազերից ամեն մեկը մի փորձանքի մեջ է սպիտակել, Սամվել... ես շատ բան եմ տեսել և շատ բան եմ փորձել...
Նա լռեց, այլևս ոչինչ չասաց, բայց նրա վշտալի դեմքը շատ բան ասաց Սամվելին: Ծերունին, իհարկե, չգիտեր, թե որպիսի՜ չար հանձնարարություններ ստացած ուներ Սամվելի հայրը Շապուհ արքայից, որ պետք է կատարեր յուր հայրենիքում: Բայց նրան անհանգստացնում էր այն աղոտ կասկածանքը, թե ինչու՞ հայոց սպարապետությունը Սամվելի հորը տվեցին, քանի որ այդ պաշտոնը տոհմային օրենքով վայելում էր նրա երեց եղբայրը` Վասակը, կամ ի՞նչ իրավունքով պարսից Շապուհ արքան ձեռնամուխ էր լինում այն կարգագրությունների մեջ, որ հայոց թագավորի իրավունքից միայն կախումն ունեին: Այդ կասկածները արտահայտեց ծերունին, երբ վեր կացավ և, յուր քայլերը ուղղելով դեպի
սենյակի դուռը, ասաց դառնացած ձայնով.
— Ես շատ ուրախ կլինեի, երբ մեր տերը յուր թագավորի հետ կվերադառնար Տիզբոնից և ոչ թե Մերուժան Արծրունու հետ...
Նա դուռը սաստիկ բախեց յուր ետևից և մրթմրթալով անցավ նախասենյակից:
Արբակի վրդովմունքը սաստիկ ազդեց Սամվելի վրա: «Որպիսի՛ սուգ պետք է տիրե ամրոցում, երբ գործի իսկությունը բոլորովին հայտնի կլինի, — մտածում էր նա, — ոչ ոք, բացի իմ մորից, գոհ չպիտի մնա իմ հոր վարմունքից... Նա կբերե յուր հետ աղմուկ, կռիվ, նախանձ, ատելություն յուր տան մեջ... »: Բոլոր խոսակցության ժամանակ Հուսիկը, ոտքի վրա կանգնած, լսում էր: Նա ոչ Արբակի ճերմակ մորուքն ուներ և ոչ նրա փորձերը: Բայց նա ևս մի բան զգում էր, թեև բացատրել չէր կարողանում, թե ինչո՞ւ յուր տերը, հոր գալուստը լսելով, փոխանակ ուրախանալու, միշտ տխուր էր:
Այս առավոտ, կարծես, կորցրել էր նա յուր սովորական զվարթությունը և գտնվում էր մի տեսակ մելամաղձության մեջ: Սամվելը նկատեց այդ և կարեկցությամբ հարցրեց...
— Ի՞նչ կա, Հուսիկ, ինչո՞ւ ես այդպես լուռ:
Պատանին զգուշությամբ նայեց յուր շուրջը և, մի քանի քայլ մոտենալով Սամվելին, հազիվ լսելի ձայնով ասաց...
— Գիտե՞ս, տեր իմ, ինչ իմացա...
— Ի՞նչ իմացար, — հետաքրքրությամբ հարցրեց Սամվելը:
— Այն մարդը այս գիշեր դարձյալ եկել էր տիկնոջ մոտ:
— Ո՞ր մարդը:
— Սուրհանդակը, որ մեծ տերից նամակ էր բերել:
— Քեզ ո՞վ ասաց:
— Նա» ասաց:
— Նվա՞րդը:
— Այո՜, Նվարդը: Ասաց, որ գիշերից բավական անցել էր, երբ ներքինի Բագոսը բերեց նրան տիկնոջ սենյակը: Մինչև այդ ժամանակ տիկինը նստած սպասում էր: Հետո սենյակի դռները կողպեցին, առանձնացան, սկսեցին երկար ու երկար խոսել:
— Ի՞նչ խոսեցին:
— Նվարդը բոլորը լսել չէր կարողացել. ասում էր, որ շատ կամաց էին խոսում, միայն դռան ճեղքից տեսել էր, որ տիկինը հանձնում էր նրան զանազան նամակներ: Նա պետք է շատ տեղեր գնար, շատ երկրներից անցներ, շատ մարդկանց հետ տեսնվեր, և այն նամակները պետք է հասցներ նրանց:
— Այն տեղերի կամ այն մարդկանց անունները Նվարդը չասա՞ց քեզ:
— Ես հարցրի, Նվարդը չէր հիշում, ասում էր, որ անծանոթ անուններ էին, չկարողացա մտքումս պահել: Միայն այսքանը լսել է, որ տիկինը խստիվ պատվիրում էր սուրհանդակին, որ առանց մի րոպե կորցնելու, աշխատե երկու շաբաթվա ընթացքում բոլոր տեղերից անցնել և բոլոր նշանակած մարդկանց հետ տեսնվել:
— Այդ մարդկանց և ո՞չ մեկի անունը չէր հիշում:
— Հա՜, մոռացա, մեկի անունը հիշում էր: Նա ասաց, որ տիկինը պատվիրեց, որ սուրհանդակը գնա ամենից առաջ արևորդիների» քրմապետ Վարազդատի մոտ:
Այդ անունը լսելով, Սամվելը իսպառ գունաթափվեցավ: Միայն այդ անունը բավական էր Սամվելին գաղափար տալու յուր մոր վտանգավոր ձեռնարկությունների մասին: Տարոնում մինչև այդ ժամանակ դեռ գոյություն ուներ հին արևապաշտությունը: Նրա հետևողներին նոր անունով կոչում էին արևորդիք»: Նրանք ազգով հայ էին, բայց քրիստոնյա հայերի հալածանքից վախենալով, թեև առերես իրանց քրիստոնյա էին ձևացնում, բայց գաղտնի կերպով պաշտում էին հին կրոնը, և որպես նեղված ու հալածված մի հասարակություն, միշտ մի հարմար առիթի էին սպասում ապստամբվելու: Իսկ այժմ առիթը ներկայանում էր: Մամիկոնյան տիկինը, Տարոնի տիրուհին, ավետիս էր ուղարկում նրանց քրմապետին և հրավիրում էր աջակցել իրան: Եվ ովքե՞ր, եթե ոչ արևորդիները», ցույց կտային ամեն պատրաստակամություն ընդունելու տիկնոջ հրավերը: Նրա ամուսինը, Տարոնի տերը. գալիս էր Տիզբոնից ոչնչացնելու քրիստոնեությունը և բերում էր յուր հետ պարսից արևապաշտությունը: Եվ ովքե՞ր, եթե ոչ արևորդիները», գրկաբաց կընդունեին նրան: Իսկ արևորդիների» թիվը Տարոնում, մանավանդ Միջագետի սահմաններում, փոքր չէր: Ուրեմն, հողը պատրաստ էր, որի վրա Սամվելի մայրը արդեն սկսել էր սերմանել ներքին երկպառակության սերմերը:
Այդ բոլորը պարզ էր Սամվելի համար:
Այդ առավոտ մոր սուրհանդակը ճանապարհ ընկավ դեպի արևորդիների» քրմապետը: Իսկ ինքը, որսորդության պատրվակով, պատրաստվում էր ճանապարհ ընկնել դեպի Աշտիշատի վանքը` Հայաստանի Մայր եկեղեցին: Այնտեղ էին կենտրոնացած քրիստոնեության նշանավոր ուժերը: Գնում էր ազդարարելու տեղային հոգևորականությանը գալոց վտանգի մասին, գնում էր հորդորելու նրանց, որ նրանք ևս իրանց կողմից պատրաստվին հուզելու քրիստոնյա ժողովուրդը: Երկու համացեղ, համազգի հայ հասարակությունների կրոնական ներկայացուցիչները պետք է մրցեին, պետք է մաքառեին միմյանց հետ: Մեկի նախաձեռնությունը տալիս էր մայրը, մյուսինը — որդին:
Ընդունարանից մի դուռ բացվում էր դեպի հանդերձատունը, որ այլ անունով կոչվում էր պատմուճանաց տուն»: Այնտեղ պատուհաններում, մեծ և փոքր կապոցների մեջ, դրած էին Սամվելի զգեստները: Իսկ սամույրի մուշտակները և զանազան վերարկուները, հարմարացրած տարվա եղանակներին, քարշ էին տված ավելի ընդարձակ պատուհաններում և ծածկված էին վարագույրներով: Առանձին տեղ էին բռնում նրա զինվորական և որսորդական հագուստները: Բոլորը թանկագին, բոլորը զարդարած ոսկով ու արծաթով: Սամվելը մտավ այնտեղ և հագավ յուր որսորդական կարճ ու թեթև զգեստը: Այդ զգեստի մեջ նրա գեղակազմ իրանը ներկայանում էր յուր բոլոր շքեղությամբ:
Իսկ Հուսիկը այդ միջոցում զբաղված էր մի այլ սենյակում, որի դուռը բացվում էր հանդերձատան միջից: Այդ սենյակը իշխանի գանձարանն էր: Այստեղ պահվում էին նրա` թե յուր անձնական, և թե յուր ձիաների` թանկագին զարդերը: Բայց Հուսիկը ընտրեց ձիաների ասպազենքից ամենահասարակը միայն, որովհետև յուր տերը որսորդության էր գնում: Ավելի փառավորները պահված էին հանդիսավոր օրերի համար:
Երբ Սամվելը պատրաստ էր, Հուսիկը վեր առեց ասպազենքը և յուր տիրոջ ետևից գնալով, երկուսը միասին դիմեցին դեպի իշխանական ասպաստանը ախոռատունը:
Ասպաստանը գտնվում էր ամրոցից դուրս, մի առանձին շինվածքի մեջ, որը յուր գեղեցկությամբ համարյա մի ապարանք էր, միայն նժույգների ապարանք: Այնտեղ ապրում էր և իշխանական շների բազմությունը: Այնտեղ պահվում էին և որսորդական բազեների զանազան տեսակները: Երբ իշխանը ներս մտավ ասպաստանի ընդարձակ, քառակուսի բակի մեծ դռնից, ծառաները հեռվից նկատեցին նրա գալուստը և շտապեցին ախոռապետին իմացում տալու: Իսկույն հայտնվեցավ նա և, ընդառաջ գալով մինչև մոտենալը, մի քանի տեղ կանգ առեց և հեռվից խորին կերպով գլուխ տվեց:
— Բարով, Զավեն, — ողջունեց իշխանը:
Ախոռապետը կրկին լռությամբ գլուխ տվեց:
Բակում արդեն դուրս էին բերել կարմիր նժույգը, ծածկված գեղեցիկ չուլով, որի եզերքը զարդարած էին գույնզգույն, բրդեղեն ծոպերով: Մի ուժեղ ձիապան բռնած ուներ սանձից, բայց անհանգիստ, աշխուժով լի նժույգը չէր դադարում զանազան կատակներ անել յուր դարմանողի հետ. խրխնջում էր, հռհռում էր և, առջևի ոտները բարձրացնելով, ետեւի ոտների վրա ծառանալով, կարծես կամենում էր փշրել յուր սանձահարողին սմբակների սաստիկ հարվածքի տակ: Բայց նա զորավոր ձեռքով զսպում էր ամեհի անասունին: Ձիապանների խումբը, շրջապատած ուրախ դեմքերով նայում էին այդ վտանգավոր մարզության վրա: Իսկ ծերունի Արբակը երբեմն մոտենում էր և, ձեռքով փայփայելով նժույգի գեղեցիկ պարանոցը, հայրական խրատներ էր կարդում, ասելով,
— Հանգի՛ստ, Եղնիկ, ինչո՞ւ խելոք չես կենում:
Սամվելը մոտեցավ և, նայելով նժույգի խաղերին, դարձավ դեպի Արբակը, ասելով.
— Դու արգելեցիր ինձ այսօր ճերմակը նստել, բայց Եղնիկը նրանից շատ խելացի չէ:
— Ուրախությունիցն է այդպես անում, — պատասխանեց ծերունին և հրամայեց, որ ձեռքով փոքր ինչ ման ածեն, մինչև հանգստանա, որ հետո թամբեն:
Ասպաստանը բաժանված էր զանազան մասների. մի մասնում զետեղված էին իշխանական ջորիները, մյուս մասնում` ավանակները: Մի այլ տեղ` հասարակ ձիաները, իսկ այդ մասնում ընտիր նժույգները: Սամվելը գնաց նժույգներին այցելելու: Ախոռապետը առաջնորդում էր նրան: Նրանք մտան երկար ասպաստանի մեջ, որի վերջը հազիվ էր երևում: Մսուրների վրա շարքով կապած էին նժույգները, մաքուր, առողջ, մինը մյուսից ավելի գեղեցիկ: Հարյուրից ավելի կլինեին նրանք: Նրանց զսպելու համար, մսուրների երկու կողմերի վրա ամրացրած երկաթյա հաստ օղակներից կապել էին յուրաքանչյուր նժույգի երասանակի երկճղի ծայրերը: Չբավականանալով այդ զգուշությամբ, ավելի չար, ավելի անհանգիստ նժույգների ետևի ոտները շղթայել էին, որ չհարվածեն միմյանց, թեև յուրաքանչյուրը բաժանված էր յուր ընկերից փայտյա ամուր վանդակապատով:
Սամվելը անցնում էր նրանց ետևից և մի առ մի զննում էր: Նրան միշտ մեծ բավականություն էր պատճառում, երբ մտնում էր այդ հարուստ ասպաստանը: Նա գիտեր բոլոր նժույգների անունները, ծագումը, տարիքը, և ծանոթ էր յուրաքանչյուրի բնավորության հետ: Ախոռապետը մի առանձին հաճությամբ պատասխանում էր յուր տիրոջ նկատողություններին, որ արտահայտում էին նրա խորին գոհունակությունը: Մի քանի նժույգների մոտեցավ նա և ձեռքով փայփայեց նրանց գլուխը: Այդ ավելի ուրախացրեց ախոռապետին, որպես ուրախանում է մի գթոտ մայր, երբ նրա աչքի առջև գովում ես նրա սիրուն, կայտառ զավակներին:
— Ժամանակ է, կարծեմ, Զավեն, «խամից հանել» ձիաները, — ասաց Սամվելը: — Գուցե շուտով հարկավոր կլինեն...
— Հասկանում եմ, տեր իմ, — պատասխանեց ախոռապետը և նրա մազոտ դեմքի վրա երևաց մի բարեսիրտ ժպրտ: — Մեծ իշխանը գալիս է, երևի, ընդառաջ պիտի գնաք:
— Այո՜, և մեծ խումբով...
— Այդ ես գիտեի, և դրա համար հենց այսօրից սկսեցինք ձիաները խամից հանել»:
Այսուհետև ամեն օր կտանեն և մի քանի ժամ կմանածեն:
Դուրս գալով ասպաստանից, Սամվելը գտավ յուր ձին թամբած, պատրաստած, նստեց և ճանապարհ ընկավ:
==Ը. ՈՐՍՈՐԴՈՒԹՅՈՒՆ==
Կապարճը թիկունքին, աղեղը ուսին, երկար նիզակը ձեռին, նստած յուր սիրուն կարմիրի վրա, գնում էր Սամվելը այն ճանապարհով, որ տանում էր Ողական ամրոցից դեպի Աշտիշատի վանքը: Ուրախ նժույգը խաղում էր, ոստյուններ էր գործում, կրծոտում էր յուր սանձը, և մի քանի րոպեում նրա բերանը պատվեցավ սպիտակ փրփուրով: Բայց շուտով մեղմացավ նա, կարծես մի առանձին տխրությամբ զգալով, թե ինչո՜ւ յուր տերը չէ պատասխանում յուր զվարճություններին: Ամեն անգամ, երբ պատահում էր նրան` յուր տիրոջ հետ որսորդության գնալ, նա հազարումեկ փաղաքշանքով խրախուսում էր, քաջալերում էր նրան: Բայց այսօր ինչո՞ւ նա այնպես լուռ էր, ինչո՞ւ ոչինչ չէր խոսում: Այդ էր, որ տխրացրեց խելացի անասունին: