Changes
1984
,I
=== I ===
Սառը, վճիտ ապրիլյան օր էր, ու ժամացույցը խփում էր տասներեքը։ Չար քամուց թաքնվելու համար կզակը սեղմելով կրծքին՝ Ուինսթըն Ուինսթոն Սմիթն արագ ներս խցկվեց «Հաղթանակ» բնակելի տան ապակե շքադռնից՝ իր ետևից ներս թողնելով հատիկավոր փոշու մի ամբողջ փոթորիկ։
Նախասրահում խաշած կաղամբի ու հնամաշ ուղեալաթերի հոտ էր գալիս։ Շքադռանը դեմ հանդիման պատին կախված էր մի գունավոր ցուցապաստառ, որ շա՜տ մեծ էր այդ շինության համար: Պաստառին մի հսկայական, մետրից ավելի լայնքով, քառասունհինգամյա տղամարդու դեմք էր` թանձր սև բեղերով, կոպտավուն, բայց առնականորեն գեղեցիկ դիմագծերով: Ուինսթոնը քայլեց դեպի սանդղահարթակը: Վերելակին մոտենալն ուղղակի անիմաստ էր: Լավագույն ժամանակներում անգամ այն հազարից մեկ էր աշխատում, իսկ հիմա ցերեկը հոսանքն ընդհանրապես անջատում էին: Գործում էր տնտեսման ռեժիմը. պատրաստվում էին Ատելության յոթնօրյակին: Ուինսթոնը պիտի յոթ սանդղահարթակ հաղթահարեր. նա երեսունինը տարեկան էր, աջ ոտնակոճին` երակային վերք. դանդաղ էր բարձրանում ու մի քանի անգամ կանգնեց` շունչ առնելու: Յուրաքանչյուր սանդղահարթակում պատից նայում էր նույն հսկայական դեմքը: Դիմանկարն այնպես էր արված, որ ուր էլ կանգնեիր, աչքերը քեզ բաց չէին թողնում: ՄԵԾ ԵՂԲԱՅՐԸ ՀԵՏԵՎՈՒՄ Է ՔԵԶ - բարբառում էր մակագրությունը:
Բնակարանում մի հյութեղ ձայն թուջի արտադրության հետ կապված ինչ-որ թվերի ցուցակ էր ընթերցում: Ձայնը գալիս էր աջ պատի մեջ «ներփորված» երկարավուն մետաղյա սկավառակից, որն ասես պղտոր հայելի լիներ: Ուինսթոնը պտտեց բռնակը, ձայնը թուլացավ, բայց առաջվա պես հստակ էր լսվում: Սարքը, որ հեռէկրան էր կոչվում, կարելի էր մասամբ լռեցնել բայց լրիվ անջատելն անհնար էր: Ուինսթոնը քաշվեց դեպի պատուհանը, ցածրահասակ, թուլակազմ այդ մարդը կուսակցականի իր կապույտ կոմբինեզոնի մեջ ավելի վտիտ էր երևում: Մազերը համարյա ճերմակին տվող բացգույն էին, իսկ վարդագույն դեմքի մաշկը թեփոտել էր զզվելի օճառից, ածելու բութ սայրից ու հենց նոր վերջացած ձմռան ցրտերից:
Դրսի աշխարհը, նույնիսկ ամուր գոցված պատուհաններից, ցուրտ էր շնչում: Փողոցում քամին փոշու և թղթի պատառների պտտահողմ էր բարձրացրել ու չնայած արևը շողում էր, իսկ երկինքը վառ երկնագույն էր, քաղաքում ամեն ինչ անգույն էր երևում, բացի ամենուր փակցված ցուցապաստւսռներից: Բոլոր անկյուններից նայում էր սևաբեղը: Դիմացի շենքից՝ նույնպես: ՄԵԾ ԵՂԲԱՅՐԸ ՀԵՏԵՎՈՒՄ է ՔԵԶ - ասում էր մակագրությունը, ու սև աչքերը նայում էին Ուինսթոնի աչքերի մեջ: Ներքևում՝ մայթեզրին, քամու տակ փողփողում էր անկյունը պոկած մի ցուցապաստառ՝ թաքցնելով ու բանալով իր միակ բառը՝ ԱՆԳՍՈՑ: Հեռվում տանիքների արանքով մի ուղղաթիռ էր սահում, կախվեց մի պահ, մեռելաճանճի պես, ու շրջվելով՝ շարունակեց ճանապարհը: Ոստիկանական պարեկախումբն էր, որ նայում էր պատուհաններից ներս: Սակայն պարեկախմբերը հաշիվ չէին, կարևորը Մտքի ոստիկանությունն էր:
Ուինսթոնի թիկունքից հեռէկրանի ձայնը դեռ բարբաջում էր թուջի ձուլման և իններորդ եռամյա պլանի գերակատարման մասին: Հեռէկրանր միաժամանակ և ընդունիչ էր, և հաղորդիչ: Այն որսում էր Ուինսթոնի արտաբերած ցանկացած հնչյունը, եթե չափազանց ցածր շշուկով չէր ասվում, ավելին՝ քանի դեռ պղտոր սկավառակի տեսադաշտում էր, Ուինսթոնը ոչ միայն լսելի էր, այլև տեսանելի: Իհարկե, ոչ ոք չէր կարող ասել՝ տվյալ պահին իրեն հետևու՞մ են, թե՞ ոչ: Ի՞նչ հաճախականությամբ ու կարգացանկով է քո անհատական մալուխին միանում Մտքի ոստիկանությունը, դրա մասին կարելի էր միայն գուշակություններ անել: Բացառված չէր, որ հետևում էին բոլորին և՝ օրնիբուն: Համենայնդեպս, կարող էին միանալ ցանկացած պահի: Մարդիկ ստիպված էին ապրել և ապրում էին բնազդի վերածված սովորույթի ուժով այն գիտակցությամբ, որ լսում են բոլոր շշուկներդ, հետևում քո յուրաքանչյուր շարժմանը, բացի խավարում կատարվածից:
Ուինսթոնը մեջքով դարձավ դեպի հեռէկրանը: Այդպես ավելի ապահով էր, թեև լավ գիտեր, որ նույնիսկ իր մեջքը կարող է մատնել: Մի կիլոմետրի վրա մրոտ քաղաքի գլխին լեռնացած Ճշմարտության նախարարության ճերմակ շենքն էր` նրա աշխատավայրը: Ահա, անորոշ զզվանքով մտածում էր Ուինսթոնը, ահա նա` Լոնդոնը, Թռիչքուղի 1-ի, Օվկիանիա պետության` բնակչությամբ երրորդ պրովինցիայի գլխավոր քաղաքը: Նա վերադառնում էր իր մանկությանը` փորձելով հիշել` Լոնդոնը մի՞շտ էր այդպիսին: Մի՞շտ էին շարվեշար դեպի հեռուն ձգվում տասնիններորդ դարի խարխուլ տների շարքերը` դիմհարած գերաններով, խավաթղթով կարկատած պատուհաններով, ծռմռված տանիքներով, նախապարտեզների կախ ընկած միջնապատերով: Ե՛վ ռմբակոծությունների բացած փոսորակները, որոնց մեջ ոլորվում էր ալաբաստրե փոշին ու սողում ավերակույտերի վրայով, և՛ հսկայական պարապուտները, որտեղ հրթիռները տեղ էին բացել հավաբներ հիշեցնող աղքատիկ տախտակաշեն խրճիթների համար: Սակայն անդրադարձն անհույս էր. ոչինչ հիշել չէր կարողանում, մանկությունից ոչինչ չէր մնացել, բացի կցկտուր, վառ լուսավորված տեսարաններից, որոնք զուրկ էին խորապատկերից, և առավել հաճախ` անհասկանալի:
Ճշմարտության նախարարությունը, նորալեզվով` Նախաճշտը, ապշեցուցիչ կերպով տարբերվում էր այն ամենից, որ իր շուրջն էր: Դա մի հսկայական բրգաձև շինություն էր, որը ճերմակ բետոնը շողացնելով` սանդուղք առ սանդուղք խոյանում էր դեպի երեքհարյուրմետրանոց բարձունքը։ Ուինսթոնն իր կանգնած տեղից շենքի սպիտակ ճակատին կարող էր կարդալ նրբագեղ տառատեսակով գրված երեք կուսակցական կարգախոսները.
<center> '''ՊԱՏԵՐԱԶՄԸ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ է'''
'''ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ՍՏՐԿՈՒԹՅՈՒՆ է'''
'''ՏԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ՈՒԺ է'''</center>
Ըստ լուրերի՝ Ճշմարտության նախարարությունը ուներ երեք հազար աշխատասենյակ գետնի երեսին և համապատասխան ճյուղավորում՝ գետնի տակ։ Լոնդոնի տարբեր ծայրերում այդ կարգի ու չափերի ընդամենը երեք շինություն էր կանգնած։ Դրանք այնպես էին խոյանում քաղաքի վրա, որ «Հաղթանակ» բնակելի շենքի տանիքից կարելի էր տեսնել չորսը միանգամից։ Այդ շինություններում տեղավորված էին չորս նախարարությունները՝ ամբողջ պետական ապարատը. Ճշմարտության նախարարությունը, որ տնօրինում էր տեղեկատվությունը, ժամանցը, կրթությունը և գեղեցիկ արվեստները, Խաղաղության նախարարությունը, որ տնօրինում էր պատերազմը, Սիրո նախարարությունը, որ տնօրինում էր կարգի պահպանումը, և Առատության նախարարությունը, որը պատասխանատու էր տնտեսության համար։ Նորալեզվով՝ Նախաճշտ, Նախախաղ, Նախասիր ևՆախառատ։
Սիրո նախարարությունը իրոք սարսափեցնող էր։ Շինությունը լուսամուտներ չուներ։ Ուինսթոնը ոչ մի անգամ չէր հատել նրա շեմը, ոչ մի անգամ կես կիլոմետրից ավելի չէր մոտեցել այդ շենքին։ Այնտեղ կարելի էր մտնել միայն որևէ պաշտոնական գործով, այն էլ՝ հաղթահարելով փշալարերի, պողպատե դռների և քողարկված գնդացրային բների մի ամբողջ լաբիրինթոս։ Նույնիսկ դեպի արտաքին արգելապատնեշները տանող փողոցներում պարեկում էին սևազգեստ պահնորդները, ովքեր գորիլայի մռութներ ունեին ու զինված էին հոդավոր մահակներով։
Ուինսթոնը կտրուկ շրջվեց։ Հանդարտ լավատեսության արտահայտություն տվեց դեմքին, ինչն ավելի էր պատշաճում հեռէկրանի առջև կանգնելուն, և անցավ սենյակի մյուս ծայրը` դեպի փոքրիկ խոհանոցը։ Այդ ժամին նախարարությունը լքելով` զոհաբերել էր ճաշը, և գիտեր, որ տանն ուտելու ոչինչ չկար, բացի մի պատառ սև հացից, որ պետք էր խնայել մինչև հաջորդ օրվա նախաճաշը։ Նա դարակից վերցրեց անգույն հեղուկի շիշը, որի վրա մի հասարակ սպիտակ պիտակ էր փակցված՝ «Հաղթանակ» ջին։ Խմիչքի հոտը գարշելի էր, մի տեսակ յուղոտ, ինչպես չինական բրնձօղունը։ Ուինսթոնը համարյա մի ամբողջ գավաթ լցրեց, խոր շունչ քաշեց ու կուլ տվեց, ինչպես դեղն են կլլում։
Նրա դեմքն անմիջապես շառագունեց, իսկ աչքերից արցունքներ հոսեցին։ Խմիչքն ազոտաթթու էր հիշեցնում, դա իբր քիչ էր՝ կում անելուց հետո զգացողությունն այնպիսին էր, ասես մեջքդ դաղած լինեին ռետինե մահակով։ Բայց շուտով ստամոքսի այրոցը մեղմացավ և աշխարհն ավելի ուրախ տեսք առավ։ Նա «Հաղթանակ» պիտակով սիգարետների ճմռթված տուփից մի գլանակ հանեց ու, ցրվածությունից, չափազանց երկար պահեց ուղղահայաց դիրքով, ամբողջ թութունը թափվեց հատակին։ Ուինսթոնը մյուս սիգարետի հետ ավելի զգույշ էր։ Նա վերադարձավ սենյակ ու նստեց սեղանիկի մոտ՝ հեռէկրանից ձախ։ Սեղանի դարակից հանեց գրիչը, թանաքամանը և մի հաստափոր գրքույկ՝ կարմիր կռնակով ու մարմարատիպ կազմով՝ նախատեսված գրառումների համար։
Ինչ-որ անհայտ պատճառով հեռէկրանն այդ սենյակում ընդունված ձևով չէր տեղադրված։ Ոչ թե կողմնային պատի մեջ էր, որտեղից հնարավոր էր տեսնել ամբողջ սենյակը, այլ երկարուկ պատի մեջ՝ լուսամուտի դիմաց։ Այնտեղ մի կողային խորշ կար, հավանաբար գրքերի համար, որտեղ էլ հենց տեղավորվել էր Ուինսթոնը։ Ավելի խոր նստելով իր անկյունում՝ անհասանելի, ավելի ստույգ՝ անտեսանելի էր դառնում հեռէկրանի համար։ Նրան լսել, իհարկե, կարող էին, բայց հետևել, քանի դեռ այնտեղ էր՝ ոչ։ Սենյակի այս փոքր-ինչ անսովոր կառուցվածքն էլ նրան բերեց այն գործով զբաղվելու մտքին, որով հիմա պատրաստվում էր զբաղվել։
Սակայն, դրանից բացի, նրան այդ միտքը հուշել էր նաև գրքույկը, որ հենց նոր էր հանել դարակից։ Գիրքը զարմանալիորեն գեղեցիկ էր։ Հարթ, կրեմագույն թուղթը ժամանակից փոքր-ինչ դեղնել էր. այդպիսի թուղթ չէր արտադրվում արդեն քառասուն տարի, գուցե և ավելի։ Ուինսթոնը կասկածներ ուներ, որ գրքույկը շատ ավելի հին է։ Նա գիրքը տեսել էր հնավաճառի ցուցափեղկում, քաղաքի հետնախորշերի թաղամասում (հատկապես որտեղ` արդեն մոռացել էր) ու բռնվել գնելու մեծ ցանկությամբ։ Կուսակցության անդամներին չէր թույլատրվում մտնել սովորական խանութները (դա կոչվում էր «ապրանքներ հայթայթել ազատ շուկայում»), սակայն այդ կանոնը հաճախ անտեսվում էր. բազմաթիվ առարկաներ, ինչպես, ասենք, կոշկաքուղերն ու ածելու սայրերը, այլ կերպ ձեռք բերել հնարավոր չէր։ Ուինսթոնն արագ շուրջը նայեց, սուզվեց կրպակն ու գիրքը գնեց երկուսուկես դոլարով։ Թե ինչի համար` դեռ ինքն էլ չգիտեր։ Գողեգող տուն բերեց՝ պորտֆելի մեջ դրած։ Նույնիսկ առանց գրառումների՝ գրքույկն արդեն անվանարկում էր տիրոջը։
Իսկ հիմա մտադրվել էր օրագիր պահել։ Դա հակաօրինական արարք չէր (ընդհանրապես հակաօրինական ոչինչ գոյություն չուներ, քանի որ այլևս գոյություն չունեին իրենք՝ օրենքները), բայց եթե օրագիրը գտնեն, Ուինսթոնին մահ է սպառնում կամ, լավագույն դեպքում, քսանհինգ տարվա ազատազրկում՝ տաժանապարտների ճամբարում։ Ուինսթոնը գրչածայրը դրեց բնիկի մեջ ու լպստեց, որ քսուքը հանի։ Գրիչը հնադարյան գործիք էր. դրանով նույնիսկ հազարից մեկ էին ստորագրում, և Ուինսթոնն այն ձեռք էր բերել թաքուն ու ոչ առանց դժվարության. այդ գեղեցիկ, կրեմագույն թուղթը, նրան թվում էր, արժեր, որ վրան իսկական թանաքով գրեին, ոչ թե խազխզեին թանաքի մատիտով։ Ճիշտն ասած` նա գրելու սովոր չէր։ Բացի ամենակարճլիկ նշումներից, ամեն ինչ թելադրում էր խոսագրիչին, բայց այստեղ, հասկանալի է, թելադրելու մասին խոսք չէր կարող լինել։ Նա գրչածայրը թաթախեց թանաքի մեջ ու մի պահ հապաղեց։ Աղիքներում կծկումներ զգաց։ Գրչով թղթին հպվելն անդառնալի քայլ էր։ Մանր ու ծուռտիկ տառերով գրեց.
''4-ը ապրիլի, 1984 թվական...''
Ու հետ ընկավ աթոռի թիկնակին։ Նրան պատեց կատարյալ անօգնականության զգացումը։ Նախ` չգիտեր` իսկապե՞ս 1984 թվականն է։ Մոտ այդքան, անկասկած. համարյա վստահ էր, որ ինքը երեսունինը տարեկան է և ծնվել է 1944-ին կամ քառասունհինգին, բայց արդեն անհնար էր ճշգրիտ սահմանել որևէ տարեթիվ, մեկ-երկու տարվա սխալս անխուսափելի էր։
Իսկ, հանկարծ մտահոգվեց նա, ու՞մ համար է գրվում այս օրագիրը։ Ապագայի համար, նրանց համար, ովքեր դեռ չեն ծնվել։ Միտքը մի պահ պտտվեց թղթին տրված կասկածելի տարեթվի շուրջ ու հանկարծ սայթաքեց նորալեզվի ''կրկնամիտք'' բառի վրա։ Եվ առաջին անգամ Ուինսթոնն ընկալեց իր ձեռնարկի ամբողջ բարդությունը։ Ինչպես շփվել ապագայի հետ։ Դա, ըստ էության, անհնար է։ Կամ վաղը նման կլինի այսօրին, և ոչ ոք իրեն չի լսի, կամ բոլորովին ուրիշ կլինի, և Ուինսթոնի ձախորդությունները ոչինչ չեն ասի նրանց։
Ուինսթոնը, որոշ ժամանակ անմիտ հայացքը թղթին հառած, նստել էր։ Հեռէկրանից ճայթեց հատու զինվորական երաժշտությունը։ Հետաքրքիր է. նա ոչ միայն կորցրել էր իր մտքերն արտահայտելու ունակությունը, այլև նույնիսկ մոռացավ, թե սկզբում ինչ էր ուզում ասել։ Քանի՜ շաբաթ պատրաստվել էր այդ պահին և մտքով անգամ չէր անցել, որ միայն խիզախությունը բավական չէ։ Ընդամենը գրի առնել, դրանից դյուրին բան կա՞։ Թղթին հանձնել անվերջավոր տագնապալի մենախոսությունը, որ արդեն տարիներ, տարինե՜ր հնչում է նրա գլխում։ Եվ ահա Նույնիսկ այդ մենախոսությանն է լռել։ Իսկ ոտնակոճի խոցն անտանելի տնքում է։ Նա չէր համարձակվում քորել ոտքը, դրանից միշտ բորբոքում էր սկսվում։ Վայրկյաններն անցնում էին. Կա՛թ, կա՛թ, կա՛թ։ Միայն թղթի ճերմակությունը, մեկ էլ` ոտնակոճի քորը, ու դղրդացող երաժշտությունը, ու թեթև գինովությունը. ահա այն ամենը, որ հիմա ընկալում էին նրա զգայարանները։
Ու հանկարծ սկսեց գրել, պարզապես խուճապից, աղոտ ընկալելով այն ամենը, որ հոսում էր գրչածայրից։ Մարգարտաշար, բայց երեխայաբար ծուռտիկ տողերը թղթի վրա մեկ մագլցում էին վեր, մեկ սողում ցած՝ նախ կորցնելով գլխատառերը, ապա և վերջակետերը։
''4-ը ապրիլի, 1984 թվական։ Երեկ կինոյում։ Ծայրեծայր զինվորական ֆիլմեր։ Մեկը շատ լավն էր. ինչ-որ տեղ` Միջերկրական ծովում, ռմբակոծում են փախստականների նավը։ Հանդիսատեսին զվարճացնում են այն կադրերը, որտեդ փորձում է լողալով փախչել մի հսկայական չաղ տղամարդ, ու նրան հետապնդում է ուղղաթիռը, սկզբում տեսնում ենք, թե նա ինչպես է ծովախոզուկի նման թպրտում ջրի մեջ, հետո տեսնում ենք նրան ուղղաթիռից` նշանացույցի միջով, հետո լրիվ ծակծկված է, ու ծովի ջուրը` վարդագույն, և անմիջապես սուզվում է, ասես ծակերով ջուր է քաշել. երբ սուզվեց ջրի հատակը, հանդիսատեսները սկսեցին հռհռալ։ հետո փրկանավակը` լիքը երեխա ու վրան պտտվող ուղղաթիռը։ նավաքթին նստել է միջին տարիքի մի կին, հրեուհու նման, երեք տարեկան երեխան գրկած։ տղան վախից ճչում է ու գլուխը թաքցնում մոր կրծքին, ասես ուզում է խրվել-մնալ այնտեղ, իսկ կինը հանգստացնում է ու ծածկում-պաշտպանում ձեռքերով, չնայած ինքն էլ վախից կապտել է, շարունակ ուզում է ձեռքերով ավելի լավ ծածկել` ասես գնդակներից նրան պաշտպանելու համար։ հետո ուղղաթիռը նրանց վրա 20 կիլոգրամանոց հրթիռ նետեց, սարսափելի պայթյուն, ու նավակը կտոր-կտոր եղավ։ հետո հրաշալի կադր` մանկան ձեռքը թռչում է դեպի վեր վեր ուղիղ երկինք երևի նկարել են ուղղաթիռի ապակեպատ քթից ու կուսակցական շարքերում ուժեղ ծափահարում էին բայց այնտեղ որտեղ նստած էին պրոլները մի կին աղմուկ բարձրացրեց և բղավեց որ դա չի կարելի ցույց տալ երեխաներին ինչպես կարելի է ինչպես կարելի է երեխաների ներկայությամբ և աղմկում էր մինչև ոստիկանները դուրս տարան նրան դուրս տարան նրան ու հազիվ թե նրան բան պատահի ինչ ասես չեն կարող ասել պրոլները զուտ պրոլական ռեակցիա է դրան ոչ ոք ուշադրություն...''
Ուինսթոնը դադար տվեց, նաև այն պատճառով որ ձեռքը թմրել էր։ Ինքն էլ չէր հասկանում՝ ինչու՞ է այդ ամբողջ ցնդաբանությունը թափում թղթին։ Սակայն հետաքրքիր է՝ քանի դեռ շարժում էր գրիչը, հիշողությունը վերականգնեց մի իրադարձություն, որը կարելի էր թեկուզ միանգամից էլ գրի առնել։ Նա հիմա հասկացավ, որ հենց այդ դեպքի պատճառով էր որոշել անմիջապես հասնել տուն ու հենց այդ օրը սկսել օրագիրը։
Դա կատարվել էր առավոտյան, նախարարությունում,֊ եթե, իհարկե, այդպիսի միգամածության մասին կարելի է ասել «կատարվել էր»:
Ժամանակը մոտենում էր տասնմեկ զրո-զրոյին, և փաստաթղթերի բաժնում, որտեղ աշխատում էր Ուինսթոնը, աշխատակիցները սկսեցին խցիկներից հանել աթոռներն ու շարել նախասրահի կենտրոնում՝ մեծ հեռէկրանի առաջ. հավաքվում էին՝ մասնակցելու Ատելության երկրոպեին։ Ուինսթոնը պատրաստվում էր իր տեղը գրավել միջին շարքում, երբ անսպասելիորեն էլի երկու հոգի մտան սենյակ. դեմքերը ծանոթ էին, սակայն հետները խոսել չէր վիճակվել։ Նրանցից մեկին՝ աղջկան, հաճախ էր տեսնում միջանցքներում։ Թե անունն ինչ էր, չգիտեր, գիտեր միայն, որ աշխատում է Գեղարվեստական գրականության բաժնում։ Դատելով նրանից, որ յուղոտ ձեռքերում երբեմն մանեկաբանալի էր լինում, աղջիկը սպասարկում էր վեպեր հորինող մեքենաներից մեկը։ Նա պեպենոտ էր, խիտ սև մազերով, մոտ քսանյոթ տարեկան, ինքնավստահ պահվածք ուներ, մարզական սրընթաց քայլք։ Մեջքին մի քանի տակ փաթաթած նեղ ալ գոտին՝ Երիտասարդական հակասեռային միության խորհրդանշանը, ընդգծում էր ազդրերի պրկությունը։ Նա առաջին իսկ հայացքից դուր չէր եկել Ուինսթոնին։ Գիտեր, թե ինչու։ Աղջկա շուրջը թևածում էր մականախաղի մարզադաշտերի, սառը լոգանքների, տուրիստական արշավների և ընդհանրապես՝ ուղղափառության ոգին։ Նա չէր սիրում համարյա բոլոր կանանց, հատկապես՝ ջահելներին ու սիրուններին։ Հենց կանայք ու հատկապես ջահելներն էին Կուսակցության ամենաջերմեռանդ նվիրյալները, նրանց կարգախոսները կլլողները, ինքնուս լրտուներն ու հերձվածողությունը հոտոտողները։ Բայց հատկապես այս աղջիկը նրան մյուսներից ավելի վտանգավոր էր թվում։ Մի անգամ աղջկան հանդիպեց միջանցքում, սա շեղ նայեց, ասես խոցեց հայացքով, և Ուինսթոնի հոգին թափանցեց սև վախը։ Մինչևիսկ կասկած մտավ մեջը, թե աղջիկը Մտքի ոստիկանության գործակալ է։ Ասենք, դա քիչ հավանական էր։ Համենայնդեպս, ամեն անգամ աղջկան իր կողքին տեսնելիս Ուինսթոնը տհաճություն էր զգում, որին խառնվում էին ատելությունն ու վախը։
Մյուսը Օ’Բրայենն էր՝ Ներքին կուսակցության անդամ, ով այնքան բարձր ու անհասանելի պաշտոն էր զբաղեցնում, որ Ուինսթոնը դրա մասին աղոտ պատկերացում ուներ։ Ներքին կուսակցության անդամի սև կոմբինեզոնը տեսնելով՝ հեռէկրանի առջև նստած մարդիկ մի պահ սսկվեցին։ Օ’Բրայենը թիկնեղ, ամուր կազմվածքով տղամարդ էր պարանոցն ուժեղ, դեմքին՝ կոպտավուն ծաղրասիրություն։ Չնայած ահազդու արտաքինին՝ հմայքից զուրկ չէր։ Նա քթարմատին ակնոցը շտկելու սովորություն ուներ, և այղ ինքնահատուկ շարժման մեջ մի տարօրինակության աստիճանի զինաթափող բան կար, մի անորսալի բարեկրթություն։ Տասնութերորդ դարի ազնվական, որ առաջարկում է քթախոտի ւոուփը. ահա թե ինչ էր անցնում նրա մտքով, ով դեռ կարողանում էր նման համեմատություններով մտածել։ Տասը տարվա ընթացքում Ուինսթոնը երևի մի տասն անգամ տեսած կլիներ Օ’ԲրայենիՆ։ Օ’Բրայենը ձգում էր նրան, բայց ոչ միայն այն պատճառով, որ մտահոգիչ էր դաստիարակվածության ու ծանրքաշային բռնցքամարտիկի մարմնակազմության այդ հակադրությունը։ Ուինսթոնը հոգու խորքում կասկածում էր (գուցե չէր էլ կասկածում, այլ հույս ուներ), որ Օ’Բրայենը քաղաքականապես այնքան էլ ուղղափառ չէ։ Նրա դեմքն այդպես մտածելու տեղիք էր տալիս։ Բայցևայնպես, հնարավոր է, որ դեմքին գրված էր ոչ թե անուղղափառությունը, այլ պարզապես խելքը։ Այսպես թե այնպես նա այնպիսի մարդու տպավորություն էր թողնում, որի հետ հնարավոր է խոսել, եթե հաջողվի մենակ մնալ ու թաքնվել հեռէկրանի աչքից։ Ուինսթոնը ոչ մի անգամ չէր փորձել ստուգել իր այդ ենթադրությունը. ասենք, դա նաև նրա ուժերից վեր էր։ Օ’Բրայենը նայեց ժամացույցին, տեսավ, որ համարյա տասնմեկ զրո-զրոն է, ու որոշեց Ատելության երկրոպեն անցկացնել փաստաթղթերի բաժնում։ Նստեց Ուինսթոնի շարքում, երկու աթոռ այն կողմ։ Նրանց արանքում տեղ էր զբաղեցրել մի փոքրամարմին, շիկահեր կին, ով աշխատավայրում Ուինսթոնի հարևանն էր։ Թխահեր աղջիկը նստեց ուղիղ ետևը։
Եվ ահա սենյակի ծայրից՝ մեծ հեռէկրանից մի զզվելի վայնասուն ու մռնչոց պոկվեց, ասես գործի գցած լինեին մի հրեշավոր չյուղած մեքենա։ Այդ ձայնից մարդու մազերը բիզ-բիզ էին կանգնում, ատամները տնքում էին։ Ատելությունն սկսվել էր։
Ինչպես միշտ, էկրանին հայտնվեց ժողովրդի թշնամի էմանուել Գոլդսթայնը։ Հանդիսատեսները ֆշշացրին։ Շիկավուն մազերով փոքրամարմին կինը ծղրտաց վախից ու զզվանքից։ Գոլդսթայնը՝ ուրացող ու ռենեգատ, մի ժամանակ, վաղուց, շատ վաղուց (այնքա՜ն վաղուց, որ արդեն ոչ ոք չէր հիշում, թե երբ) Կուսակցության ղեկավարներից էր եղել համարյա հավասար անձամբ Մեծ եղբորը, իսկ հետո հակահեղափոխության ճանապարհն էր բռնել, դատապարտվել էր մահապատժի, բայց առեղծվածայնորեն փախել ու անհետացել էր։ Երկրոպեի ծրագիրը փոխվում էր ամեն օր, սակայն գլխավոր գործող անձը միշտ Գոլդսթայնն էր։ Գլխավոր դավաճանը, Կուսակցության անաղարտության առաջին ապականիչը։ Նրա տեսությունից էին ճյուղավորվել հետագա բոլոր հանցագործությունները Կուսակցության դեմ, բոլոր վնասարարությունները, դավաճանությունները, հերձվածները, շեղումները։ Հայտնի չէ՝ որտեղ, նա դեռ շարունակում էր ապրել ու դավադրություն կռել գուցե ծովից անդին՝ իր օտարերկրյա տերերի պաշտպանության ներքո, կամ հնարավոր է (նաև այդպիսի լուրեր էին շրջում) այնտեղ էր՝ Օվկիանիայում, ընդհատակում։
Ուինսթոնի շնչառությունը ծանրացավ։ Գոլդսթայնի դեմքը միշտ նրա մեջ բարդ ու տանջալից զգացումներ էր արթնացնում։ Չոր հրեական դեմքը՝ թեթև ճերմակ հերքի շրջանակում, այծամորուքը, դեմքը՝ խելացի ու դրա հետ մեկտեղ անբացատրելիորեն վանող, և ինչ-որ տարօրինակ բան կար այդ երկար, նիհար քթի մեջ, որի վրայից ակնոցը սահել համարյա հասել էր ծայրին։ Նա նման էր ոչխարի, և ձայնի մեջ էլ մայուն էր լսվում։ Ինչպես միշտ, Գոլդսթայնը չարախնդությամբ հարձակվեց կուսակցական ուսմունքի վրա. այդ հարձակումներն այնքան անմիտ ու անհեթեթ էին, որ չէին խաբի անգամ երեխային, սակայն դրա հետ միասին զուրկ չէին համոզչությունից, և լսողն ակամա երկյուղում էր, որ ուրիշները՝ պակաս սթափները, կարող են հավատալ Գոլդսթայնին։ Նա լուտանքներ էր տեղում Մեծ եղբոր վրա, պսակազերծում էր Կուսակցության դիկտատուրան, պահանջում էր անհապաղ հաշտություն կնքել Եվրասիայի հետ, կոչում էր խոսքի ազատության, մամուլի ազատության, հավաքների ազատության, մտքի ազատության, նւս հիստերիկ ճղավում էր, թե հեղափոխությունը ծախել են, և այղ ամենը շուտասելուկով, կազմածո բառերով՝ ասես նմանակելով կուսակցական հռետորների խոսքը, նույնիսկ նորալեզվի բառերով, որոնք, ի դեպ, նրա խոսքում ավելի հաճախադեպ էին, քան ցանկացած կուսակցականի խոսքում։ Եվ ամբողջ ժամանակ, որպեսզի կասկած անգամ չլիներ, թե ով է կանգնած Գոլդսթայնի կեղծավոր շատախոսության թիկունքին, նրա դեմքից անդին՝ երկրորդ պլանում, երթաքայլում էին եվրասիական անվերջանալի շարասյուները. շարք-շարք պնդակազմ զինվորները՝ ասիական անդրդվելի կերպարանքներով, դուրս էին լողում խորքերից ու լուծվում հեռուներում՝ տեղը զիջելով իրենց նմանակներին։ Զինվորական սապոգների խուլ դոփյունը նվագակցում էր Գոլդսթայնի մկկոցին։
Ատելությունն սկսվել էր ընդամենը մի երեսուն վայրկյան առաջ, բայց հանդիսատեսների կեսն արդեն չէր կարողանում զսպել կատաղի գոչյունները։ Անտանելի էր տեսնել այդ ինքնահավան ոչխարային դեմքը ու դեմքից այն կողմ՝ եվրասիական զորքերի սարսափազդու հզորությունը. բացի այդ, Գոլդսթայնին տեսնելիս և նույնիսկ ընդամենը նրա մասին մտածելիս վախն ու ատելությունը ծնվում էին ինքնաբերաբար։ Նրա հանդեպ ատելությունը շատ ավելի մշտակայուն էր, քան Եվրասիայի և Արևելաասիայի, քանզի երբ Օվկիանիան պատերազմում էր նրանցից մեկի դեմ, մյուսի հետ սովորաբար հաշտություն էր կնքում։ Բայց ահա թե ինչն էր ամենազարմանալին. թեև Գոլդսթայնին ատում ու արհամարհում էին բոլորը, թեև ամեն օր, օրը հազար անգամ ամբիոններից, հեռէկրանով, թերթերում ու գրքերում նրա ուսմունքը ժխտում էին, ջարդուփշուր անում, ոչնչացնում, ծանակում՝ իբրև խղճուկ ցնդա-բանություն, նրա ազդեցությունը բնավ չէր նվազում։ Միշտ կային դյուրահավատ մարդիկ, որոնց նա հրապուրում էր։ Օր չէր անցնում, որ Մտքի ոստիկանությունը չմերկացներ լրտեսներին ու վնասարարներին, ովքեր գործում էին նրա ցուցումներով։ Նա հսկայական ստվերային բանակ էր ղեկավարում, դավադիրների ընդհատակյա ցանց, ովքեր ձգտում էին իրավակարգի տապալմանը։ Ենթադրվում էր, որ այն կոչվում է Եղբայրություն։ Շշուկով խոսում էին նաև մի սարսափելի գրքի մասին, հերձվածների ժողովածուի, որի հեղինակը Գոլդսթայնն էր, և որը գաղտնի էր տարածվում։ Գիրքը վերնագիր չուներ։ Խոսակցություններում այն հիշատակում էին (եթե ընդհանրապես հիշատակում էին) պարզապես որպես ''գիրք''։ Սակայն նման բաների մասին հայտնի էր դառնում միայն անհստակ շշուկներից։ Կուսակցության անդամներն ըստ կարելվույն աշխատում էին չխոսել ո՛չ Եղբայրության մասին, ո՛չ ''գրքի'':
Երկրորդ րոպեին ատելությունը վերածվեց կատաղության մոլուցքի։ Մարդիկ վեր էին թռչում տեղներից ու բղավում կոկորդով մեկ, որպեսզի խլացնեն Գոլդսթայնի անտանելի, մկկացող ձայնը։ Շիկավուն մազերով փոքրամարմին կինը կարմրատակել էր ու ցամաք ընկած ձկան պես բացուխուփ էր անում բերանը։ Նույնիսկ Օ’Բրայենի ծանր դեմքն էր շառագունել։ Նա նստել էր ձգված, և հզոր կուրծքն ուռչում ու ցնցվում էր, ասես ներսում ալեկոծություն լիներ։ Ուինսթոնի ետևը նստած թխահեր աղջիկը ճչաց. «Սրիկա՛։ Սրիկա՛։ Սրիկա՛», ապա վերցրեց Նորալեզվի ծանր բառարանն ու նետեց հեռէկրանի վրա։ Բառարանը դիպավ Գոլդսթայնի քթին ու հետ թռավ։ Սակայն ձայնն անհնար էր սպանել։ Պայծառացման մի պահի Ուինսթոնը գիտակցեց, որ ինքն էլ է բղավում բոլորի հետ ու կատաղած քացահարում աթոռի թիկնակը։ Ատելության երկրոպեի ժամանակ սարսափելին այն չէր, որ ստիպված էիր խաղալ, այլ այն, որ ուղղակի չէիր կարող անտարբեր մնալ։ Անցնում է ընդամենը ինչ-որ երեսուն վայրկյան, և արդեն ձևանալու կարիք չունես։ Ասես էլեկտրական լիցքից՝ հավաքվածների վրա էին հարձակվում վախի և վրեժխնդրության գարշելի ջղակծկումները, սպանելու, բզկտելու, դեմքերը մուրճով ջնջխելու մոլեգին ցանկությունը, մարդիկ ծամածռում էին երեսներն ու ճղավում խելագարի պես։ Միևնույն ժամանակ՝ կատաղությունը վերացական էր և ոչ ուղղորդված, այն կարելի էր դարձնել ցանկացած կողմ, ինչպես զոդալամպի բոցը։ Եվ հանկարծ պարզվում էր, որ Ուինսթոնի ատելությունն ուղղված է բոլորովին էլ ոչ Գոլդսթայնին, այլ Մեծ եղբորը, Կուսակցությանը, Մտքի ոստիկանությանը. նման պահերին նա սրտով այդ միայնակ, ծանակված հերետիկոսն էր, ողջամտության ու ճշմարտության միակ պահապանը ստի աշխարհում։ Իսկ վայրկյան անց արդեն միակամ էր մնացածի հետ, ու ճշմարտություն էր թվում այն ամենը, որ ասվում էր Գոլդսթայնի մասին։ Այդ ժամանակ արդեն Մեծ եղբոր հանդեպ թաքուն զզվանքը վերածվում էր երկրպագման, և Մեծ եղբայրը բարձրանում էր ամենքից և ամեն ինչից վեր՝ անխոցելի, անվախ պաշտպանը՝ ժայռի պես կեցած ասիական հորդաների դեմ, իսկ Գոլդսթայնը, չնայած վտարակի վիճակին ու անօգնականությանը, չնայած կասկածներին, թե ո՞ղջ է ընդհանրապես, ներկայանում էր որպես չարագուշակ կախարդ, որն ընդունակ է հենց միայն ձայնի ուժով կործանել քաղաքակրթության շինությունը։
Իսկ երբեմն կարելի էր դառնում սեփական ատելությունը գիտակցաբար ուղղել այս կամ այն առարկային։ Կամքի մի կատաղի ջանքով, ինչպես մղձավանջի ժամանակ գլուխդ կտրում ես բարձից, Ուինսթոնը կատաղությունն էկրանային դեմքից տեղափոխում էր ետևը նստած թխահեր աղջկա վրա։ Երևակայության մեջ առկայծում էին հստակ, գեղեցիկ պատկերները. ինքը նրան կծեծի ռետինե մահակով։ Մերկացրած կկապի սյանը, կխոցոտի նետերով, ինչպես սուրբ Սեբաստիանին։ Կբռնաբարի ու վերջին ջղակծկումներում կկտրի կոկորդը։ Եվ առավել պարզ, քան նախկինում, հասկացավ, թե ինչու է նրան ատում։ Նրա համար, որ ջահել էր, գեղեցիկ և սեռազուրկ, նրա համար, որ ինքն ուզում է նրա հետ քնել ու երբեք չի կարողանա, նրա համար, որ աղջկա բարալիկ, նուրբ, ասես գրկելու համար ստեղծված գոտկատեղին ոչ թե իր ձեռքն է, այլ այդ զզվելի ալ կարմիր գոտու՝ կուսականության մարտնչող խորհրդանիշի։
Ատելությունն ավարտվեց ջղացնցումներով։ Գոլդսթայնի ելույթը վերածվեց իսկական մկկոցի, իսկ դեմքը մի ակնթարթ դարձավ իսկապես ոչխարի դեմք։ Հետո մռութը լուծվեց եվրասիական զինվորի մեջ. հսկայական ու սարսափելի՝ նա գալիս էր նստածների վրա, ինքնաձիգից կրակ թափելով, սպառնալով պատառ-պատառ անել էկրանը, այնպես, որ դիմացի շարքում շատերը վախեցած հետ ընկան աթոռների վրա։ Բայց և անմիջապես թեթևացած շունչ քաշեցին. թշնամու կերպարանքը սահուն փակեց Ս՝եծ եղբոր գլուխը՝ սևահեր, սևաբեղ, լեցուն ուժով ու առեղծվածային հանդարտությամբ, այնքան ահռելի, որ բռնեց համարյա ամբողջ էկրանը։ Ոչ ոք չէր լսում՝ ինչ է ասում Մեծ եղբայրը։ Գոտեպնդման ընդամենը մի քանի բառ, ինչպիսիք առաջնորդը նետում է ճակատամարտի դղրդոցի մեջ, որոնք ինքնին թող որ անհասկանալի են, բայց վստահություն ներշնչող հենց միայն նրանով, որ արտասանվել են։ Հետո Մեծ եղբոր դեմքն աղոտացավ, ու հայտնվեց հստակ խոշորատառ մակագրությունը՝ երեք կուսակցական կարգախոսները.
<center>'''ՊԱՏԵՐԱԶՄԸ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ է'''
'''ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ՍՏՐԿՈՒԹՅՈՒՆ է'''
'''ՏԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ՈՒԺ է'''</center>
Բայց դեռ էլի մի քանի ակնթարթ Մեծ եղբոր դեմքը կարծես մնում էր էկրանին. այնպես վառ էր կանգնած մարդկանց աչքի առաջ, որ միանգամից անհետանալ չէր կարող։ Փոքրամարմին շիկահեր կինը կրծքով ընկավ առջևի աթոռի թիկնակին։ Հեծկլտացող շշուկով մրմնջաց՝ «Փրկի՜չ իմ», ու ձեռքերը պարզեց հեռէկրանին։ Ըստ երևույթին՝ աղոթում էր։
Այստեղ արդեն ամբողջ խումբը սկսեց դանդաղ, համաչափ, ցածրաձայն վանկարկել «Մ-Ե... Մ-Ե... Մ-Ե... ».֊ նորից ու նորից, ծոր տալով տևական դադարներով Մ-ի ու Ե-ի արանքում, և այդ ծանր ալիքաձև ձայնի մեջ ինչ-որ տարօրինակ նախնականություն կար. նրանից այն կողմ տեսլանում էին բոբիկ ոտքերի թփթփոցն ու մեծ թմբուկների դղիրդը։ Այդ ամենը տևեց կես րոպեի չափ։ Նման բան հաճախ պատահում էր այն վայրկյաններին, երբ զգացումները հասնում էին առանձնակի շիկացման։ Երբեմն դա հիմն էր Մեծ եղբոր վեհությանն ու իմաստնությանը, բայց առավել՝ ինքնահիպնոս. մարդիկ իրենց բանականությունը միտումնավոր խեղդում էին ռիթմիկ աղմուկի մեջ։ Ուինսթոնը որովայնում սառնություն զգաց։ Ատելության երկրոպեներին նա չէր կարողանում չտրվել համընդհանուր խելահեղությանը, բայց վայրենիների այդ մարտակոչը՝ «Մ-Ե... Մ-Ե... Մ-Ե...», միշտ սարսափեցնում էր նրան։ Իհարկե, վանկարկում էր մյուսների հետ, այլ կերպ չէր կարելի։ Թաքցնել զգացումները, տիրապետել դիմախաղին, անել այն, ինչ մյուսները. այս ամենը դարձել էր բնազդ, սակայն կար մի երկվայրկյանանոց միջնատարածք, երբ աչքերի արտահայտությունը կարող էր մատնել նրան։ Հենց այդ ժամանակահատվածում էլ մի զարմանալի բան կատարվեց, եթե, իհարկե, կատարվեց իսկապես:
Վայրկենապես նա հայացքով հանդիպեց Օ’Բրայենի հայացքին։ Օ’Բրայենը արդեն վեր էր կացել։ Նա հանել էր ակնոցն ու հիմա նորից դնելով՝ ձեռքի յուրահատուկ շարժումով շտկում էր քթարմատին։ Սակայն ակնթարթի ինչ-որ մասում նրանց հայացքները խաչվեցին, և այդ կարճ միջոցում Ուինսթոնը հասկացավ, այո՛, հասկացավ որ Օ’Բրայենը նույն բանի մասին է մտածում։ Ազդանշանն այլ կերպ մեկնաբանել հնարավոր չէր։ Ասես նրանց մտքերը բացված լինեին, և խոհերը հոսեցին մեկից մյուսը՝ աչքերով։ «Ես ձեզ հետ եմ,– կարծես ասում էր Օ’Բրայենը։– Ես հրաշալի գիտեմ, թե ինչ եք զգում։ Գիտեմ ձեր արհամարհանքի, ձեր ատելության, ձեր զզվանքի մասին։ Մի՛ տագնապեք, ես ձեր կողմն եմ»։ Սակայն մտքի այդ պայծառացումը մարեց, և Օ’Բրայենի դեմքը կրկին նույնքան անթափանց էր, որքան մյուսներինը։
Ահա և վերջ. Ուինսթոնը դարձյալ կասկածում էր՝ պատահե՞լ է դա իրականում, թե՞ ոչ։ Այդպիսի դեպքերը շարունակություն չէին ունենում։ Միայն մեկ բան. նրա մեջ այդ դեպքերը պահպանում էին հավատը կամ հույսը, որ իրենից բացի էլի կուսակցության թշնամիներ կան։ Գուցե ճյուղավորված ընդհատակյա դավադրության մասին լուրերը համենայնդեպս ճի՞շտ են, գուցե Եղբայրությունն իսկապե՞ս գոյություն ունի։ Չէ՞ որ, չնայած անվերջանալի ձերբակալություններին, խոստովանություններին, մահապատիժներին, ոչ ոք համոզված չէր, որ Եղբայրությունը միֆ չէ։ Նա մեկ հավատում էր դրան, մեկ չէր հավատում։ Ապացույցներ չկային, միայն հպանցիկ հայացքներ, որոնք կարող էին նշանակել ամեն ինչ ու ոչինչ չնշանակել, օտար խոսակցությունների պատառիկներ, կիսաջնջված գրություններ արտաքնոցներում, իսկ մի անգամ, երբ իր ներկայությամբ հանդիպեցին երկու անծանոթներ, նկատեց նրանց ձեռքերի թեթև շարժումը, որի մեջ կարելի էր ողջույնի նշան կռահել։ Մայն կռահումներ. միանգամայն հնարավոր էր, որ այդ ամենը երևակայության պտուղ է։ Նա առանց Օ’Բրայենին նայելու հեռացավ իր խցիկը։ Թռուցիկ կապը զարգացնելու մասին նույնիսկ չէր մտածում։ Անգամ եթե գիտենար, թե ինչպես վարվի այդ ամենի հետ, էլի նման փորձն աներևակայելիորեն վտանգավոր կլիներ։ Մեկ-երկու վայրկյան երկիմաստ հայացքներ փոխանակեցին ու վերջ։ Բայց նույնիսկ դա հիշատակելի իրադարձություն էր մարդու համար, ում կյանքն անցնում է միայնակության կողպեքի տակ...
Ուինսթոնը ցնցվեց, շտկվեց։ Բխկաց։ Ջինն ապստամբում էր ստամոքսում։
Աչքերը նորից կենտրոնացան էջի վրա։ Պարզվեց՝ քանի դեռ զբաղված էր անօգնական մտորումներով, ձեռքը շարունակել էր մեքենայաբար գրել։ Բայց ոչ ջղաձիգ, անշնորհք խուճուճիկներ, ինչպես սկզբում։ Գրիչը հեշտասիրությամբ սահել էր հարթ թղթի վրայով՝ խոշոր տպատառերով տողագրելով.
<center>'''ԿՈՐՉԻ ՄԵԾ ԵՂԲԱՅՐԸ'''
'''ԿՈՐՉԻ ՄԵԾ ԵՂԲԱՅՐԸ'''
'''ԿՈՐՉԻ ՄԵԾ ԵՂԲԱՅՐԸ'''
'''ԿՈՐՉԻ ՄԵԾ ԵՂԲԱՅՐԸ'''
'''ԿՈՐՉԻ ՄԵԾ ԵՂԲԱՅՐԸ,-'''</center>
իրար ետևից, շար-շար, և արդեն կես էջ գրոտած էր։
Նա խուճապային վախով բռնվեց։ Անմտություն էր, իհարկե. այդ բառերը գրելն ավելի վտանգավոր չէր, քան պարզապես օրագիր պահելը. համենայնդեպս, նրա մեջ գայթակղություն ծնվեց պատռել գրոտած թղթերն ու ընդհանրապես հրաժարվել այդ ձեռնարկից։
Բայց այդպես չվարվեց. գիտեր, որ անիմաստ է։ Կգրի ինքը ԿՈՐՉԻ ՄԵԾ ԵՂԲԱՅՐԸ, թե չի գրի՝ որևէ տարբերություն չկա։ Մտքի ոստիկանությունը այսպես թե այնպես կգտնի նրան։ Նա կատարել է, և եթե նույնիսկ գրչով դիպած չլիներ թղթին, դարձյալ կատարած կլիներ, բացարձակ հանցագործություն, որը ներառում է մնացած բոլոր հանցագործությունները։ Մտահանցագործություն, ահա թե ինչպես էր այն կոչվում։ Մտահանցագործությունը չի կարելի հավերժ թաքցնել։ Ինչ-որ ժամանակ, գուցե և մեկ տարի, կարող ես դիմանալ, բայց, մեկ է, վաղ թե ուշ կհասնեն քեզ։
Դա միշտ կատարվում էր գիշերը, գիշերով էին ձերբակալում։ Արթնացնում էին անսպասելի. կոպիտ ձեռքը ցնցում է ուսերդ, լույսը գցում են աչքերիդ, մահճակալը շրջապատել են խստամբեր մարդիկ։ Որպես կանոն, դատ չէր լինում, ձերբակալման մասին չէր հաղորդվում ոչ մի տեղ։ Մարդիկ ուղղակի անհետանում էին և միշտ՝ գիշերը։ Քո անունը հանվում է ցուցակներից, բոլոր հիշատակումներն այն մասին, թե ինչ ես արել, ջնջված են, քո գոյության փաստն իսկ ժխտվում է և մոռացման է մատնվում։ Դու չեղյալ ես հայտարարված, ոչնչացված ես. ինչպես ընդունված է ասել, ''գոլորշացված''։
Ս՝ի պահ տրվեց հիստերիային։ Հապշտապ, ծուռտիկ տառերով սկսեց գրել.
''ինձ կգնդակահարեն ինձ մեկ է թող գնդակահարեն կրակեն ծոծրակիս ինձ համար մեկ է կորչի մեծ եղբայրը միշւր կրակում են կրակում են ծոծրակին ինձ համար մեկ է կորչի մեծ եղբայրը։''
Փոքր-ինչ ամաչելով՝ նա պոկվեց սեղանից, հետ ընկավ աթոռին ու ցած դրեց գրիչը։ Եվ այդ պահին արդեն ցնցվեց ողջ մարմնով։ Դուռը թակում էին։
Արդե՜ն։ Նա սսկվեց մկան պես՝ հուսալով, որ ձայն չառնելով՝ առաջին թակոցից հետո կհեռանան։ Բայց ոչ, թակոցը կրկնվեց։ Ամենավատն այդ վիճակում հապաղելն էր։ Սիրտը դմբդմբում էր թմբուկի նման, սակայն դեմքը, հավանաբար տևական վարժանքի շնորհիվ անխռով էր։ Նա վեր կացավ ու ծանրաքայլ գնաց դեպի դուռը։
== Մաս II==