Changes
Նոր էջ «== Երկրորդ մաս == === I === Կնոջ հետ բացատրվելուց հետո՝ Պիեռը մեկնեց Պետերբուրգ։ Տորժոկի կայարանում ձ...»:
== Երկրորդ մաս ==
=== I ===
Կնոջ հետ բացատրվելուց հետո՝ Պիեռը մեկնեց Պետերբուրգ։ Տորժոկի կայարանում ձիեր չկային կամ թե կայարանի վերակացուն չկամեցավ տալ։ Պիեռն ստիպված էր սպասել։ Նա, առանց հանվելու, պառկեց կաշվե բազմոցի վրա, կլոր սեղանի առջև, գրեց այդ սեղանի վրա տաք կոշիկներով մեծ ոտները և մտածմունքի մեջ ընկավ։
— Կհրամայե՞ք ճամպրուկները ներս բերել։ Թեյ, անկողին կհրամայե՞ք,— հարցրեց սենեկապահը։
Պիեռը չպատասխանեց, որովհետև ոչինչ չէր լսում և ոչինչ չէր տեսնում։ Նա մտազբաղ էր դեռ անցած կայարանից, և դեռ շարունակում էր մտածել նույն բանի մասին,— այնքան կարևոր մի բանի մասին, որ ուշադրություն չէր դարձնում, թե ի՛նչ է կատարվում շուրջը։ Նրան ոչ միայն չէր հետաքրքրում այն, թե ինքը Պետերբուրգ կհասնի վաղ կամ ուշ, կամ այն, թե այս կայարանում հանգստանալու տեղ կլինի թե չէ, նրա համար բոլորը մեկ էր, համեմատած այն մտքերի հետ, որ այժմ զբաղեցնում էին իրեն,— և վերջապես անտարբեր էր, թե այս կայարանում մի ժամ կմնա, թե ամբողջ կյանքը։
Կայարանի վերակացուն, նրա կինը, սենեկապահը և տորժոկյան ձեռագործ կարվածքը ձեռին մի կին իրար ետևից մտնում էին նրա սենյակը և իրենց ծառայությունն առաջարկում։ Պիեռը, չփոխելով մեկնած ոտների դիրքը, ակնոցի միջով նայում էր նրանց ու չէր հասկանում, թե ի՞նչ բան կարող էր հարկավոր լինել նրանց և դրանք՝ այդ մարդիկ, ինչպե՞ս կարող են ապրել առանց լուծելու այն հարցերը, որոնք զբաղեցնում էին իրեն՝ Պիեռին։ Իսկ նրան զբաղեցնում էին միևնույն հարցերը սկսած այն օրից, երբ նա, մենամարտից հետո, Սոկոլնիկից վերադառնալով, անցրեց առաջին տանջալի գիշերը. այժմ միայն, ճամփորդության առանձնության մեջ այդ մտքերն ամբողջովին պաշարեցին նրան։ Ինչի մասին էլ սկսեր մտածել, դառնում էր միևնույն խնդիրներին, որոնց ոչ կարողանում էր լուծում տալ, ոչ էլ կարողանում էր չտալ իրեն այդ հարցերը։ Նրա գլխի մեջ կարծես տեղահան էր եղել այն գլխավոր պտուտակը, որից կախված էր նրա կյանքը։ Այդ պտուտակը ոչ խորն էր գնում, ոչ դուրս էր դալիս, այլ շարժվում էր միևնույն տեղում, և չէր կարելի նրան չպտտել։
Ներս մտավ վերակացուն և սկսեց նվաստաբար խնդրել նորին պայծառափայլության՝ սպասել միայն երկու ժամ, որից հետո նա, նորին պայծառափայլությանը (ինչ ուզում է լինի) արագընթաց կառք կտա։ Ըստ երևույթին, վերակացուն ստում էր և ուզում էր ուղևորից ավելորդ փող պոկել միայն։ «Վա՞տ է, այս, թե՞ լավ», հարցնում էր Պիեռն ինքն իրեն։ «Ինձ համար լավ է, ուրիշ ուղևորի համար՝ վատ, իսկ նրա համար էլ դա անհրաժեշտ է, քանի որ նա ուտելու բան չունի. վերակացուն պատմեց, որ դրա համար մի սպա իրեն ծեծել է։ Եվ սպան ծեծել է նրա համար, որովհետև շտապ պետք է տեղ հասներ։ Իսկ ես Դոլոխովի վրա կրակեցի նրա համար, որովհետև ինձ վիրավորված էի համարում, իսկ Լյուդովիկոս XVI-ին գլխատեղին նրա համար, որովհետ և նրան ոճրագործ էին համարում, իսկ մի տարի անց, ինչ-որ բանի համար, սպանեցին նրանց ովքեր գլխատեցին Լյուդովիկոսին։ Ո՞րն է վատ, ո՞րն է լավ։ Ի՞նչը պետք է սիրել, ի՞նչը՝ ատել։ Ինչո՞ւ համար պետք է ապրել, և ի՞նչ եմ ես։ Ի՞նչ է կյանքը, ի՞նչ է մահը։ Ի՞նչ ուժ է, որ կառավում է բոլորին», հարցնում էր նա ինքն իրեն։ Ու պատասխան չկտր այդ հարցերից և ոչ մեկին, բացի մի անտրամաբան պատասխանից, որ բնավ այդ հարցերին չր վերաբերում։ Այդ պատասխանն էր. «Կմեռնես և ամեն ինչ կվերջանա։ Կմեռնես և ամեն բան կիմանաս կամ կդադարես հարցում անելուց»։ Բայց մեռնելն էլ սարսափելի էր։
Տորժոկցի կինը ծղրտան ձայնով առաջարկում էր իր ապրանքը, առանձնապես սեկից կարած կիսակոշիկները։ «Ես մի քանի հարյուր ռուբլի ունեմ, որ չգիտեմ, թե ինչ անեմ, իսկ նա պատռված մուշտակով կանգնել է և երկչոտ ինձ է նայում»։ մտածում էր Պիեռը։ «Եվ ինչի՞ն է հարկավոր դրան այդ փողը։ Կարծես այդ փողը մի մազաչափ կարող է ավելացնել նրա երջանկությունն ու հոգու հանգստությունը։ Մի՞թե աշխարհում մի որևէ բան կարող է ինձ և նրան հեռու պահել չարիքից ու մահից։ Մահը, որ ամեն ինչին վերջ կդնի և որը պետք է գա այսօր կամ վաղը,— որ միևնույն է, թե մի ակնթարթից հետո,— հավերժության համեմատությամբ»։ Ու նա նորից սեղմեց տեղահան եղած պտուտակը, նորից շարունակեց պտտվել միևնույն տեղում։
Ծառան տվեց նրան կիսով չափ թղթատած մի գիրք, որը m-ine Suza-ի նամականի վեպն էր։ Նա սկսեց կարդալ ինչ-որ Amélie de Mansfeld-ի տանջանքների և առաքինի պայքարի մասին։ «Եվ ինչո՞ւ էր նա կռվում գայթակղեցնողի դեմ,— մտածում էր Պիեռը,— երբ նա սիրել է նրան։ Չէր կարող աստված համակել նրան իր կամքի հակառակ մի ձգտումով։ Իմ նախկին կինը չէր պայքարում և նա, գուցե, իրավացի էր։ Դեռ ոչինչ չի գտնված։ Մենք կարող ենք իմանալ միայն այն, որ ոչինչ չգիտենք։ Սա է ահա մարդկային գերիմաստության բարձրագույն աստիճանը»։
Իր մեջ և իր շուրջը եղած ամեն բան Պիեռին թվում էր խճճված, անիմաստ ու նողկալի։ Սակայն դեպի շրջապատն ունեցած այդ նողկանքի մեջ Պիեռը գտնում էր յուրատեսակ գրգռիչ մի բավականություն։
— Ձերդ պայծառափայլություն, համարձակվում եմ խնդրել, որ ձեզ նեղություն տաք ու նրանց տեղ տաք,— ասավ վերակացուն սենյակ մտնելով և հետը բերելով մի ուրիշ ուղևոր, որ ետ էր ընկել ձիեր չլինելու պատճառով։
Ուղևորը կարճ, լայնոսկր, դեղնագույն, կնճռոտ ծերուկ էր, որի սպիտակ հոնքերը կախ էին ընկել փայլուն, անորոշ գորշավուն աչքերի վրա։
Պիեռը ոտները վերցրեց սեղանից, ելավ և պառկեց իր համար պատրաստված մահճակալի վրա՝ երբեմնակի նայելով նորեկին, որը մռայլ-հոգնած տեսքով, առանց Պիեռին նայելու, մեծ դժվարությամբ հանվում էր ծառայի օգնությամբ։ Մաշված և ''նանկինի'' կտորով կարկատած մուշտակը հագին և թաղիքե կոշիկները նիհար, ոսկրոտ ոտներին՝ եկվորը նստեց բազմոցին, հենելով բազմոցին լայնաքունք ու կարճ խուզած խոշոր գլուխը, ու նայեց Բեզուխովին։ Այդ նայվածքի խիստ, խելացի ու խորաթափանց արտահայտությունը զարմացրեց Պիեռին։ Նա ուզեց խոսել եկվորի հետ, բայց երբ փորձեց խոսք բանալ ճանապարհի մասին, ուղևորն արդեն աչքերը փակել էր և, խորշոմավոր զառամ ձեռները ծալած (նրա մի մատի վրա կար չուգունե մեծ մատանի՝ Ադամի գլխի պատկերով), նստել էր անշարժ. Պիեռին թվաց, որ նա կա՛մ հանգստանում էր, կա՛մ մտասույզ ու հանգիստ խորհրդածում ինչ-որ բանի մասին։ Ուղևորի ծառան, որի դեմքն ամբողջովին ծածկված էր կնճիռներով և նույնպես դեղնագույն մի ծերուկ էր՝ առանց բեղերի ու միրուքի, որոնք, ըստ երևույթին, ածիլված չէին, ևերբեք էլ չէին բուսնել։ Դյուրաշարժ ծեր ծառան ճամփորդական փոքրիկ պահարանից պարագաներ հանելով՝ թեյի սեղանն էր սարքում, և հետո ներս բերեց եփող ինքնաեռը։ Երբ ամեն բան պատրաստ էր արդեն, ուղևորը բացեց աչքերը, մոտեցավ սեղանին և իր համար մի բաժակ թեյ լցնելով, մի բաժակ էլ լցրեց անբեղ-անմորուս ծերուկի համար ու տվեց նրան։ Շուտով Պիեռն անհանգստություն, անհրաժեշտություն և նայնիսկ անխուսափելիություն զգաց զրույց սկսել այդ ուղևորի հետ։
Ծառան ետ բերեց իր դատարկ, բերնի վրա շրջած բաժակը՝ կծած և կիսատ թողած շաքարի կտորով, ու հարցրեց, թե բան հարկավոր չի՞ արդյոք։
— Ոչինչ։ Գիրքը տուր,— ասավ ուղևորը։
Ծառան տվեց գիրքը, որը Պիեռին հոգևոր գիրք թվաց, և ուղևորը խորասուզվեց ընթերցանության մեջ։ Պիեռը նայում էր նրան։ Հանկարծ ուղևորը գրքի արանքը մի բան գնելով, ծալեց այն և աչքերը կրկին փակելով, հենվեց բազմոցին ու նստեց նախկին դիրքով։ Պիեռը նայում էր նրան և հազիվ կարողացավ շրջվել, երբ ծերունին աչքերը բացեց և իր հաստատուն ու խիստ հայացքը հառեց ուղիղ Պիեռի երեսին։
Պիեռը շփոթվեց և ուզեց խուսափել այդ հայացքից, բայց ծերունու փայլող աչքերը նրան դեպի իրենց քաշեցին։
=== II ===
— Պատիվ ունեմ խոսելու կոմս Բեզուխովի հետ, եթե չեմ սխալվում,— ասավ ուղևորն առանց շտապելու և բարձր ձայնով։
Պիեռը լուռ, ակնոցի միջով, հարցական նայեց խոսակցին։
— Ես լսել եմ ձեր մասին,— շարունակեց ուղևորը,— և ձեզ հասած դժբախտության մասին,— նա կարծես ընդգծեց վերջին խոսքը, կարծես ասավ. «Այո, դժբախտություն, ինչպես էլ դուք անվանելու լինեք. ես գիտեմ, որ այն, ինչ պատահել է ձեզ Մոսկվայում — դժբախտություն էր»։— Շատ ցավում եմ, պարոն։
Պիեռը կարմրեց և ոտներն շտապով անկողնից իջեցնելով, թեքվեց դեպի ծերունին, անբնականորեն ու երկչոտությամբ ժպտալով։
— Ես ձեզ հիշեցրի այդ, պարոն, ոչ թե հետաքրքրությունից դրդված, այլ ավելի կարևոր պատճառներով։
Ծերունին լսեց, չհեռացնելով հայացքը Պիեռից ու մի կողմ քաշվեց բազմոցի վրա, դրանով հրավիրելով Պիեռին նստել իր կողքին։ Պիեռին հաճելի չէր խոսակցություն սկսել այդ ծերունու հետ, բայց նա ակամա հնազանդեց, մոտեցավ ու նստեց նրա մոտ։
— Դուք դժբախտ եք, պարոն,— շարունակեց նա,— դուք ջահել եք, ես ծեր. ուստի կկամենայի ուժերս ներածին չափ օգնել ձեզ։
— Ա՛խ, այո,— անբնական ժպիտով ասավ Պիեռը։— Շատ շնորհակալ եմ ձեզնից… Դուք որտեղի՞ց եք բարեհաճում գալ։
Ուղևորի դեմքը սիրալիր չէր. նա մինչև անգամ սառն էր ու խիստ, բայց չնայած դրան, նոր ծանոթի թե՛ խոսքը, թե՛ դեմքը գրավիչ ազդեցություն էին գործում Պիեռի վրա։
— Եթե ձեզ որևէ պատճառով հաճելի չէ խոսակցել հետս,— ասավ ծերունին,— այդպես էլ ասացեք, պարոն։
Ու նա հանկարծ ժպտաց անսպասելի հայրական-քնքուշ մի ժպիտով։
— Ահ, ո՛չ, բոլորովին ո՛չ. ընդհակառակը, ես շատ ուրախ եմ ձեզ ծանոթանալուս համար,— ասավ Պիեռը մի անգամ ևս նոր ծանոթի ձեռներին նայելով, և ավելի մոտից դիտեց նրա մատանին։
Նա այդ մատանու վրա տեսավ մասոնության նշանը՝ Ադամի գլուխը։
— Թույլ տվեք հարցնել,— ասավ նա,— դուք մասո՞ն եք։
— Այո՛, ես պատկանում եմ ազատ քարտաշների եղբայրության,— ասավ ուղևորն ավելի ու ավելի խորը նայելով Պիեռի աչքերին։— Ե՛վ իմ կողմից, և՛ նրանց կողմից եղբայրական ձեռք եմ մեկնում ձեզ։
— Վախենում եմ թե,— ասավ Պիեռը ժպտալով և տատանվելով մի կողմից մասոնի անձնավորության ներշնչած վստահության և մյուս կողմից մասոնների դավանանքը ծաղրելու սովորության պատճառով,— վախենում եմ, որ դժվարանամ հասկանալ, ինչպես ասեմ, վախենում եմ թե՝ իմ մտածելակերպն այնքան հակառակ լինի ձերին, որ մենք իրար չհասկանանք։
— Ձեր մտածելակերպը ինձ հայտնի է,— ասավ մասոնը,— ձեր այդ մտածելակերպը, որի մասին խոսում եք դուք, և որը ձեր մտքի աշխատանքի արգասիք է թվում ձեզ — մարդկանց մեծամասնության մտածելակերպն է, գոռոզության, ծուլության և տգիտության միատեսակ պտուղը։ Ինձ ներեցեք, պարոն. եթե այդ չիմանայի՝ ձեզ հետ չէի խոսի։ Ձեր մտածելակերպը մի տխուր մոլորություն է։
— Ճիշտ նույնպես, ինչպես ես կարող եմ ենթադրել, դուք ևս մոլորության մեջ եք,— ասավ Պիեռը թույլ ժպտալով։
— Ես երբեք չեմ համարձակվի ասել, որ ես ճշմարտությունը գիտեմ,— ասավ մասոնը, ավելի ու ավելի զարմացնելով Պիեռին իր որոշակի ու հաստատուն խոսքերով։— Ոչ ոք միայնակ չի կարող հասնել ճշմարտության. այդ կարելի է միայն քար-քարի վրա դնելով, բոլորի մասնակցությամբ, միլիոնավոր սերունղներ, նախահայր Ադամից սկսած մինչև մեր օրերը, կառուցում են այն տաճարը, որ արժանավոր բնակարանը պիտի լինի մեծն Աստծո համար,— ասավ մասոնը և աչքերը փակեց։
— Պետք է ձեզ ասեմ, որ ես չեմ հավատում, չեմ… հավատում աստծուն,— դժվարույքամբ ճիգ գործ դնելով ասավ Պիեռը, անհրաժեշտություն զգալով ասելու ամբողջ ճշմարտությունը։
Մասոնն ուշադիր Պիեռին նայեց և ժպտաց, ինչպես կժպտար ձեռին միլիոններ ունեցող հարուստն այն աղքատին, որ կասեր նրան, թե ինքը՝ աղքատը, հինգ ռուբլի չունի, որ երջանիկ լինի։
— Այո, դուք աստծուն չեք ճանաչում, պարոն,— ասավ մասոնը,— դուք նրան չեք կարող ճանաչել։ Դուք նրան չեք ճանաչում, դրանից էլ դժբախտ եք։
— Այո, այո, ես դժբախտ եմ,— հաստատեց Պիեռը.— բայց ի՞նչ անեմ։
— Դուք նրան չեք ճանաչում, պարոն, և դրանից էլ դուք շատ դժբախտ եք։ Դուք չեք ճանաչում նրան, բայց նա այստեղ է, նա իմ մեջ է, իմ խոսքերի մեջ, նա քո մեջ է, և մինչև անգամ այն սրբապիղծ խոսքերի մեջ, որ դու արտասանեցիր հիմա,— ասավ մասոնը խիստ ու դողդոջուն ձայնով։
Նա լռեց ու հառաչեց, ըստ երևույթին հանգստանալու համար։
— Եթե նա չլիներ,— ասավ նա կամաց,— մենք նրա մասին չէինք խոսի։ Ինչի՞ և ո՞ւմ մասին էինք խոսում։ Ո՞ւմն էիր դու ժխտում,— ասավ նա հանկարծ զվարթ խստությամբ ու տիրական ձայնով։— Հապա ո՞վ է հնարել նրան, եթե նա չկա։ Ինչի՞ց քո մեջ ենթադրություն առաջացավ, թե մի այդպիսի անհասկանալի էակ կա։ Ինչո՞ւ դու և ամբողջ աշխարհը ենթադրեցիք այդ անըմբռնելի էակի գոյությունը, մի էակ, որն իր ողջ էությամբ ամենակարող է, հավիտենական ու անվախճան։
Նա կանգ առավ և երկար լռեց։ Պիեռը չէր կարող և չկամեցավ այդ լռությունն ընդհատել։
— Նա կա, բայց նրան հասկանալը դժվար է,— կրկին ասավ մասոնը, նայելով ոչ թե Պիեռի դեմքին, այլ իր առջև և զառամ ձեռներով, որ ներքին հուզումից չէին կարողանում հանգիստ մնալ, սկսեց գիրքը թերթել։— Եթե դա մարդ լիներ, որի գոյության մասին դու կասկածեիր, ես այդ մարդուն կբերեի քեզ մոտ, նրա ձեռը կբռնեի և քեզ ցույց կտայի։ Բայց ինչպե՞ս ես, չնչին մահկանացուս, ցույց տամ նրա բովանդակ ամենակարողությունը, բովանդակ հավիտենականությունը և բովանդակ շնորհն այն մարդուն, ով կույր է, կա՛մ նրան, ով փակում է աչքերը, որ ոչինչ չտեսնի ու նրան չհասկանա, և չտեսնի ու չհասկանա իր ամբողջ պղծությունն ու արատավորությունը։— Նա լռեց։— Ո՞վ ես դու, ի՞նչ ես դու։ Դու քո մասին կարծում ես, թե իմաստուն ես, որովհետև դու կարողացար արտասանել այդ սրբապիղծ խոսքերը,— ասավ ծերունին մռայլ և արհամարհական հեգնանքով։— Սակայն դու ավելի հիմար ես ու խենթ, քան այն փոքրիկ երեխան, որը ճարտարորեն շինված ժամացույցի մասերի հետ խաղալով, կհամարձակվի ասել, թե քանի որ ինքն այդ ժամացույցի նշանակությունը չի հասկանում, ուստի և չի հավատում նրան շինող վարպետի գոյությանը։ Նրան դժվար է ըմբռնել… Մենք դարերով, Ադամ նախահորից սկսած մինչև մեր օրերը, աշխատում ենք այդ իմացության համար և դեռ անսահմանորեն հեռու ենք մեր նպատակին հասնելուց, սակայն նրան չհասկանալու մեջ մենք տեսնում ենք միայն մեր թուլությունը և նրա մեծությունը։
Պիեռը սրտատրոփ, վառվող աչքերով մասոնին նայելով, առանց ընդմիջելու, առանց որևէ բան հարցնելու, լսում էր նրան և ամբողջ հոգով հավատում այն բոլորին, ինչ ասում էր այդ օտար մարդը։ Հավատո՞ւմ էր արդյոք նա այն խորամիտ պատճառաբանություններին, որ կային մասոնի ճառի մեջ, թե հավատում էր, ինչպես հավատում են երեխաները, նրա ձայնի ելևէջներին, համոզկերության և սրտագին խոսքերին, որ կային մասոնի ճառի մեջ, թե դողդոջ ձայնին, որ երբեմն ընդհատում էր մասոնի խսքը, թե ծերունու այդ փայլուն աչքերին, որ զառամել են նույն այդ համոզմունքի մեջ, թե իր գիտակցող մարդու հանդարտ բնավորության ու հաստատակամության, հատկություններ, որոնք փայլ էին տալիս մասոնի ողջ էությանը և որոնք առանձնապես մեծապես զարմացնում էին Պիեռին, իր ընկած և անհույս դրության հետ համեմատելով,— բայց նա ամբողջ հոգով կցանկար հավատալ և հավատում էր ու ապրում էր անդորրության, վերածնության և նոր կյանքի դառնալու ուրախ զգացումը։
— Նրան հասու են լինում ոչ թե մտքով, այլ կյանքով,— ասավ մասոնը։
— Ես չեմ հասկանում,— աււավ Պիեռը՝ երկյուղ զգալով իր մեջ առաջացող կասկածից։ Նա վախենում էր խոսակցի փաստարկումների անորոշությունից ու թուլությունից. նա վախենում էր, որ չի հավատալու նրան։— Ես չեմ հասկանում,— ասավ նա,— թե ինչպես մարդկային միտքը չի կարողանում ըմբռնել այն ուսմունքը, որի մասին դուք խոսում եք։
Մասոնը ժպտաց իր հեզ հայրական ժպիտով։
— Գերագույն իմաստությունն ու ճշմարտությունը այն ամենահստակ հեղուկն են, որ ուզում ենք ընդունել մեր մեջ,— ասավ նա։— Արդյոք կարո՞ղ եմ ես, անմաքուր անոթս ընդունել այդ մաքուր հեղուկը և դատել նրա մաքրության մասին։ Միայն ինքս ինձ ներքուստ մաքրելով, կարող եմ որոշ մաքրության հասցնել ընդունվող հեղուկը։
— Այո այո, այդ այդպես է,— ուրախ ասավ Պիեռը։
— Գերագույն իմաստությունը հենված չէ միայն բանականության վրա, և ոչ էլ ֆիզիկայի, պատմության, քիմիայի և այլ գիտությունների վրա, գիտություններ, որոնցից կազմված է մարդկային իմացությունը։ Գերագույն իմաստությունը մի՛ է։ Գերագույն իմաստությունն ունի մի գիտություն, ընդհանուրի գիտությունը, որ բացատրում է բովանդակ աշխարհը և մարդու տեղը նրա մեջ։ Որպեսզի մարդ կարողանա իր մեջ ամփոփել այդ գիտությունը, անհրաժեշտ է, որ մաքրի ու նորոգի իր ներքին մարդուն, ուստի և նախքան ըմբռնելը, պետք է հավատալ և կատարելագործվել։ Ու այդ նպատակներին հասնելու համար մեր հոգու մեջ դրված է աստծու լույսը, որը խիղճ է կոչվում։
— Այո, այո,— հաստատեց Պիեռը։
— Հոգու աչքերով նայիր քո ներսի մարդուն և ինքդ քեզ հարցրու, թե գոհ ես արդյոք քեզնից, ինչի՞ ես հասել միայն խելքովդ ղեկավարվելով։ Ի՞նչ ես դու։ Դուք, պարոն, ջահել եք, հարուստ եք, խելոք, կրթված։ Ի՞նչ եք արել դուք ձեզ տրված այդ բոլոր շնորհները։ Արդյոք գո՞հ եք ձեզնից ու ձեր կյանքից։
— Ոչ, ես իմ կյանքն ատում եմ,— ասավ Պիեռը դեմքը կնճռելով։
— Ատում ես, ուրեմն փոխիր այն, մաքրիր քեզ և որքան մաքրվես, այնքան հասու կլինես իմաստության։ Նայեցեք ձեր կյանքին, պարոն, ինչպե՞ս եք ապրել դուք այդ կյանքը. սանձարձակ կերուխումի, քեֆերի ու ցոփության մեջ։ Հասարակությունից միշտ ստանալով և նրան ոչինչ չտալով, դուք հարստություն եք ձեռք բերել։ Ինչպե՞ս եք գործադրել այդ հարստությունը։ Ի՞նչ եք արել ձեր մերձավորների համար։ Արդյոք մտածե՞լ եք ձեր տասնյակ հազարավոր ստրուկների մասին. օգնե՞լ եք նրանց ֆիզիկապես ու բարոյապես։ Ո՛չ։ Դուք նրանց աշխատանքից օգտվել եք, որպեսզի շվայտ կյանք վարեք։ Ահա՛ ինչ եք արել դուք։ Արդյոք ընտրե՞լ եք որևէ ծառայություն, որով օգտակար լինեիք ձեր մերձավորին։ Ո՛չ։ Դուք ձեր կյանքն անցրել եք պարապության մեջ։ Հետո, պարոն, դուք ամուսնացաք, պատասխանատվություն հանձն առաք մի շահել կնոջ առաջնորդը լինելու, և ի՞նչ արիք։ Դուք, պարոն, նրան չօգնեցիք ճշմարտության ուղին գտնելու, այլ նրան նետեցիք կեղծիքի և դժբախտության գիրկը։ Մի մարդ վիրավորեց ձեզ և դուք սպանեցիք նրան, ու ասում եք, թե աստծուն չեք ճանաչում և ձեր կյանքն ատում եք։ Այստեղ, պարոն, ոչ մի անհասկանալի բան չկա։
Այս խոսքերից հետո, մասոնը կարծես երկար խոսելուց հոգնելով, կրկին հենվեց բազմոցի թիկունքին ու աչքերը փակեց։ Պիեռը նայեց այդ խիստ, անշարժ, զառամած ու գրեթե մռայլ դեմքին և շրթունքները շարժեց անձայն։ Նա ուզում էր ասել. «Այո, գարշելի, պարապ, ցոփ կյանք», բայց չէր համարձակվում լռությունը խզել։
Մասոնը խոպոտ, ծերուհիներին հատուկ ձևով հազաց և ձայն տվեց սպասավորին։
— Ձիերն ի՞նչ եղան,— հարցրեց նա, առանց Պիեռին նայելու։
— Ուրիշից ձիանք բերին վարձով,— պատասխանեց սպասավորը։— Չե՞ք ուզում մի քիչ հանգստանալ։
— Ո՛չ, պատվիրիր՝ լծեն։
«Մի՞թե նա կերթա և ինձ մենակ կթողնի, առանց բոլորն ասելու և առանց օգնություն խոստանալու», մտածեց Պիեռը տեղից ելնելով ու գլուխն իջեցնելով, և երբեմն-երբեմն մասոնին նայելով՝ սկսեց քայլել սենյակում։ «Այո, ես այդ մասին չեմ մտածել, և վարել եմ զզվելի, անբարոյական կյանք, բայց այդ կյանքը չեմ սիրել և այդ չեմ ցանկացել,— մտածում էր Պիեռը,— իսկ այս մարդը ճշմարտությունը գիտի և եթե ուզենար, կարող էր ինձ հայտնել»։
Պիեռն ուզում էր, բայց չէր համարձակվում այդ բանն ասել մասոնին։ Ուղևորն իր վարժ, զառամ ձեռներով իրերը դարսեց և փոքրիկ մուշտակը կոճկեց։ Այս բոլորը վերջացնելով՝ նա դարձավ Բեզուխովին և անտարբեր, քաղաքավարի ձևով ասավ նրան.
-— Դուք հիմա ո՞ւր եք բարեհաճում գնալ, պարոն։
-— Ես… Ես Պետերբուրգ,— պատասխանեց Պիեռը մանկական, անվճռական ձայնով։— Ես ձեզնից շնորհակալ եմ։ Ես ամեն բանում համաձայն եմ ձեզ հետ։ Բայց դուք մի կարծեք, թե ես այնքան էլ վատ եմ։ Ես ամբողջ հոգով կուզեի լինել այն, ինչ դուք եք ցանկանում, բայց մեկը չի եղել, որ ինձ օգներ… Այնուամենայնիվ, ամենից առաջ, ես ինքս եմ մեղավոր ամեն բանում։ Օգնեցեք ինձ, սովորեցրեք ինձ, և գուցե լինեմ…
Պիեռը չկարողացավ շարունակել, նա քիթր ֆսսացրեց և շուռ եկավ։
Մասոնը երկար լռեց. նա ըստ երևույթին ինչ-որ բան էր մտածում։
— Օգնությունը տրվում է միայն աստծուց,— ասավ նա,— բայց օգնության այն չափը, որ կարող է տալ մեր միաբանությունր՝ կտրվի ձեզ։ Դուք գնում եք Պետերբուրգ, ուրեմն տվեք այս կոմս Վիլարսկուն (նա հանեց թղթապանակը և քառածալ մեծ թղթի վրա մի քանի խոսք գրեց)։ Թույլ տվեք ձեզ մի խորհուրդ տալ։ Հասնելով մայրաքաղաք, ձեր առաջին օրերն անցրեք առանձնության մեջ, ինքներդ ձեզ քննեցեք և մի շարունակեք ձեր կյանքի հին ճանապարհը։ Այնուհետև, պարոն, ձեզ ցանկանում եմ բարի ճանապարհ,— ասավ նա, նկատելով, որ սպասավորը ներս եկավ,— և հաջողությո՛ւն։
Ուղևորն Օսիպ Ալեքսեևիչ Բազդեևն էր, ինչպես հետո իմացավ Պիեռը վերակացուի մատյանից։ Բազդեևն ամենահայտնի մասոններից և դեռ Նովիկովի ժամանակի մարտինականներից մեկն էր։ Նրա գնալուց հետո, Պիեռն առանց պառկելու և ձիեր պահանջելու, երկար ետ ու առաջ էր անում կայարանի սենյակում, կշռադատելով իր արատավոր անցյալլւ և վերածնվելու հրճվանքով երևակայում էր իր երանավետ, անարատ ու առաքինի ապագան, որ նրան շատ դյուրին էր թվում։ Նրան թվում էր, որ ինքն արատավոր է միայն այն պատճառով, որովհետև պատահմամբ մոռացել է, թե որքան լավ է առաքինի լինելը։ Նրա հոգում այլևս նախկին կասկածների հետքն անգամ չէր մնացել։ Նա հաստատապես հավատում էր, որ մարդկանց եղբայրությունը միանգամայն հնարավոր բան է, որ նրանք առաքինության ճանապարհին կմիանան միմյանց պաշապանելու նպատակով, և նա հենց այդպես էլ պատկերացնում էր մասոնությունը։
=== III ===
Դալով Պետերբուրգ, Պիեռն իր գալու մասին ոչ ոքի չհայտնեց, ոչ մի տեղ չգնաց և ամբողջ օրերով սկսեց զբաղվել Թոմա Քեմպրեցու ընթերցումով, մի գիրք, որ հայտնի չէր, թե ո՛վ էր բերել նրա համար։ Այդ գիրքը կարդալով, Պիեռը միայն և միայն մի բան էր ըմբռնում. նա ըմբռնում էր դեռևս իրեն անծանոթ մի հաճույք. հավատում էր կատարելության հասնելու հնարավորության և մարդկանց մեջ սեր ու եղբայրություն հաստատելու հնարավորության, որ բացել էր նրա առաջ Օսիպ Ալեքսեևիչը։ Պիեռի գնալուց մի շաբաթ հետո, երիտասարդ լեհացի կոմս Վիլարսկին, որին Պիեռը հարևանցի կերպով էր ճանաչում Պետերբուրգի բարձր շրջաններում, երեկոյան մտավ նրա սենյակը պաշտոնական ու հանդիսավոր տեսքով, ինչպես մտավ ժամանակին Դոլոխովի մարտավկան, և դուռն իր ետևից ծածկելով ու համոզվելով, որ սենյակում բացի Պիեռից ոչ ոք չկա, դիմեց Պիեռին.
— Ես, կոմս, եկել եմ ձեզ մոտ հանձնարարությամբ և մի առաջարկով,— ասավ նա՝ առանց նստելու։— Մեր եղբայրության մեջ շատ բարձր դիրք վայելող մի անձ միջնորդել է, որ դուք ընդունվեք մեր եղբայրության մեջ ժամանակից շուտ, և առաջարկել է ինձ լինել ձեր երաշխավորը։ Ես նրա կամքը կատարելը համարում եմ իմ սրբազան պարտքը։ Արդյոք կամենո՞ւմ եք իմ երաշխավորությամբ մտնել ազատ քարտաշների եղբայրության մեջ։
Այդ մարդու (որին Պիեռը միշտ տեսել էր պարահանդեսներում սիրալիր ժպիտը դեմքին ամենափայլուն կանացի հասարակության մեջ) խոսելու սառն ու խիստ եղանակը զարմացրեց Պիեռին։
— Այո, ցանկանում եմ,— ասավ Պիեռը։
Վիլարսկին զլուխը խոնարհեց։
— Մի հարց ևս, կոմս,— ասավ նա,— որին՝ կխնդրեի ձեզ, ոչ իբրև ապագա մասոնի, այլ որպես ազնիվ մարդու (galant homme) պատասխանել ամենայն անկեղծությամբ, արդյոք հրաժարվե՞լ եք դուք ձեր նախկին համոզմունքներից. հավատո՞ւմ եք աստծուն արդյոք։
Պիեռը մտածմունքի մեջ ընկավ։
— Այո… այո, ես հավատում եմ աստծուն,— ասավ նա։
— Այդ դեպքում,— սկսեց Վիլարսկին, բայց Պիեռն ընդհատեց նրան։
— Այո, ես հավատում եմ աստծուն,— ասավ նա կրկին։
— Այդ դեպքում՝ մենք կարող ենք գնալ,— ասավ Վիլարսկին:— Իմ կառքը ձեր տրամադրության տակ է։
Ամբողջ ճանապարհին Վիլարսկին լուռ էր։ Պիեռի այն հարցին, թե ինքն ի՞նչ պիտի անի և ինչպե՞ս պիտի պատասխանի, Վիլարսկին ասավ միայն, որ եղբայրները, իրենից ավելի արժանավորները, կփորձեն նրան, և Պիեռին ավելի բան հարկավոր չի անել, քան ասել ճշմարտությունը։
Մտնելով մի մեծ տան բակ, ուր գտնվում էր մասոնների ժողովարանը, և անցնելով մութ սանդուղքով, նրանք մտան մի լուսավորված փոքրիկ նախասենյակ, ուր և առանց սպասավորի օգնության, հանեցին մուշտակները։ Նախասենյակից նրանք անցան մի ուրիշ սենյակ։ Տարօրինակ հանդերձով մեկը երևաց դռան մոտ։ Վիլարսկին նրան ընդառաջելով, ֆրանսերեն ինչ-որ բան ասավ կամացուկ ու մոտեցավ փոքրիկ պահարանին, որի մեջ Պիեռը նկատեց հանդերձներ, որ երբեք չէր տեսել։ Պահարանից մի թաշկինակ վերցնելով, Վիլարսկին այն դրեց Պիեռի աչքերին և ետևից կապեց, հանգույցի մեջ առնելով և մազերը, մի բան, որ ցավ պատճառեց Պիեռին։ Հետո նա Պիեռին դեպի իրեն թեքեց, համբուրեց ու ձեռից բռնելով տարավ ինչ-որ տեղ։ Պիեռը ցավ էր զգում հանգույցի հետ կապած մազերից։ Նա ցավից դեմքը կնճռում էր, ժպտում էր ինչ-որ բանից ամաչելով։ Նրա վիթխարի մարմինը՝ կախ ընկած ձեռներով, կնճռոտ ու ժպտացող դեմքով, ծանր ու երկչոտ քայլերով շարժվում էր Վիլարսկու ետևից։
Տասը քայլ նրան առաջնորդելով Վիլարսկին կանգ առավ։
— Ինչ էլ պատահի ձեզ,— ասավ նա,— դուք բոլորը պետք է տանեք արիությամբ, եթե հաստատապես որոշել եք մտնել մեր միաբանության մեջ։ (Պիեռը գլխի շարժումով դրական պատասխան տվեց)։ Երբ դուք դռան թխկոց լսեք, ձեր աչքերի կապը կարձակեք,— ավելացրեց Վիլարսկին.— արիություն և հաջողություն եմ ցանկանում ձեզ։— Ու Պիեռի ձեռքը սեղմելով, Վիլարսկին դուրս եկավ։
Պիեռը, մենակ մնալով, շարունակեց առաջվա պես ժպտալ" Մի երկու անգամ նա ուսերը թոթվեց, ձեռը տարավ դեպի թաշկինակը, ասես ուզում էր վերցնել այն, բայց ձեռը կրկին իջեցրեց։ Այն հինգ րոպեն, որ նա անցրեց աչքերը կապած, նրան մի ամբողջ ժամ թվաց։ Տրա ձեռներն ուռել էին, ոտները ծալվում էին, նրան թվում էր, թե ինքը հոգնել է։ Նա ապրում էր շատ բարդ ու բազմապիսի զգացումներ։ Նա սարսափում էր այն բանից, թե ինչպես անի, որ վախը չարտահայտի։ նրան հետաքրքիր էր իմանալ, թե ի՞նչ է պատահելու իրեն, ի՞նչ բան է բացվելու իր առաջ, բայց ամենից ավելին, ուրախ էր, որ հասել է ժամը, երբ ինքը, վերջապես, ոտք է դնելու վերածնության ու առաքինության այն կյանքի ուղին, որի մասին երազում էր նա Օսիպ Ալեքսեևիչին հանդիպելու օրից։ Դուռն ուժգին բախեցին Պիեռն աչքերի կապոցը վերցրեց ու շուրջը նայեց։ Սենյակում սև-մութ էր տիրում. միայն մի տեղ, ինչ-որ սպիտակ բանի մեջ, կանթեղ էր վառվում։ Պիեռը մոտեցավ և տեսավ, որ կանթեղը դրված է սև սեղանի վրա, ուր ընկած էր մի բաց գիրք։ Այդ գիրքը Ավետարանն էր, իսկ այն սպիտակը, որի մեջ կանթեղն էր վառվում, մարդկային գանգ էր՝ իր խոռոչներով ու ատամներով։ կարդալով Ավետարանի առաջին խոսքերը. «Ի սկզբանե էր բանն և բանն էր աստված», Պիեռն անցավ սեղանի շուրջը և տեսավ մի մեծ, ինչ-որ բաներով լի բաց արկղ։ Դա դագաղ էր՝ ոսկորներով լի։ Տեսածը պիեռին այնքան էլ չզարմացրեց։ Հույս ունենալով մտնել մի բոլորովին նոր կյանք՝ նախկինից խիստ տարբեր, նա սպասում էր ամեն տեսակ անսովոր, ավելի քան անսովոր բաների, քան այն, ինչ տեսել էր։ Գանգ, դագաղ, ավետարան,— նրան թվում էր, որ ինքն սպասում էր այս ամենին, սպասում էր դեռ ավելիին։ Աշխատելով առաջ բերել իր մեջ խանդաղատանքի զգացում, նա նայեց իր շուրջը։ «Աստված մահ, սեր, մարդկանց եղբայրություն», ասում էր նա ինքն իրեն, այդ խոսքերի հետ կապելով ինչ-որ մի բանի խառն, բայց ուրախալի ակնկալություններ։ Դուռը բացվեց և մեկը ներս մտավ։
Թույլ լույսի տակ, որին Պիեռն արդեն կարողացել էր ընտելանալ, ներս մտավ մի ոչ բարձրահասակ մարդ։ Ըստ երևույթին լույսից մթության մեջ մտնելով, այդ մարդը կանգ առավ, ապա զգույշ քայլերով առաջացավ դեպի սեղանը և նրա վրա դրեց կաշվե ձեռնոց հագած ձեռները։
Այդ մարդը հագել էր սպիտակ կաշվե գոգնոց, որը ծածկում էր նրա կուրծքը և ոտների վերին մասը, վզին կար մանյակի նման ինչ-որ մի բան, որի տակից երևում էր բարձր սպիտակ օձիքը, որ եզերում էր նրա ցածից լուսավորված երկարավուն դեմքը։
— Դուք ինչո՞ւ համար եք եկել այստեղ,— հարցրեց ներս մտնողը Պիեռին, երբ լսեց նրա շարժվելու ձայնը։— Դուք ճշմարտության լույսին չհավատացողդ և այդ լույսը չտեսնողդ, ինչո՞ւ համար եք եկել այստեղ։ Ի՞նչ եք ուզում մեզնից։ Գերիմաստություննե՞ր, առաքինություննե՞ր, լուսավորությո՞ւն։
Այն րոպեին, երբ դուռը բացվեց և անծանոթը ներս մտավ, Պիեռն ապրեց վախի և պատկառանքի մի այնպիսի զգացում, որ զգացել էր միայն մանուկ օրերին՝ խոստովանության ժամանակ, նա զգաց, որ իր դեմը կանգնած է մի մարդ, որն իր կյանքի պայմաններով բոլորովին խորթ էր, բայց մարդկանց եղբայրությամբ՝ մերձավոր։ Պիեռը սրտատրոփ շարժվեց դեպի ''ռիտորը'' (այսպես է կոչվում մասոնության մեջ այն եղբայրը, որը պատրաստում էր ''որոնողին''՝ եղբայրության մեջ մտնելու)։ Պիեռը՝ մոտ գալով, ճանաչեց, որ ռիտորն իր ծանոթ Սմոլյանինովն է, սակայն նրա համար վիրավորական էր տեսնել, որ եկողը ծանոթ մարդ է. ներս մտնողը միայն եղբայր էր և առաքինի ուսուցիչ։ Պիեռը երկար ժամանակ չէր կարողանում մի բան ասել, այնպես որ ռիտորը ստիպված էր իր հարցը կրկնել։
— Այո, ես… ես վերածնություն եմ ցանկանում,— դժվարությամբ արտասանեց Պիեռը։
— Լավ,— ասավ Սմոլյանինովն ու իսկույն ևեթ շարունակեց։— Դուք արդյոք գաղափար ունե՞ք այն միջոցների մասին, որոնցով մեր սրբազան միաբանությունը կարող է օգնել ձեզ՝ ձեր նպատակներին հասնելու…— ասավ ռիտորը՝ հանդարտ և արագ։
— Ես… հույս ունեմ… ղեկավարության… օգնության… վերածնության,— ասավ Պիեռը դողացող ձայնով ու դժվարությամբ, որ առաջանում էր հուզմունքից ու վերացական առարկաների մասին ռուսերեն խոսելու անվարժությունից։
— Դուք ի՞նչ կարծիք ունեք ֆրանկ-մասոնության մասին։
— Ես կարծում եմ, որ ֆրանկ-մասոնությունը fraternité է և մարդկանց հավասարություն՝ առաքինի նպատակներով,— ասավ Պիեռը միաժամանակ ամաչելով, որ իր խոսքերը չէին համապատասխանում վայրկյանի հանդիսավորությանը։— Ես կարծում եմ…
— Լավ,— ասավ ռիտորն շտապ, ըստ երևույթին, միանգամայն բավարարված այդ պատասխանով։— Դուք ձեր նպատակին հասնելու համար որոնե՞լ եք արդյոք միջոցներ կրոնի մեջ։
— Ոչ, ես կրոնը համարել եմ անարդար բան և նրան չեմ հետևել,— ասավ Պիեռն այնպես կամաց, որ ռիտորը չլսեց նրան ու հարցրեց, թե ի՞նչ է ասում։— Ես աթեիստ էի,— պատասխանեց Պիեռը։
Ռիտորը հազաց, ձեռնոցներ հագած ձեռները ծալեց և սկսեց խոսել.
— Այժմ էլ ես ձեր առաջ պիտի բանամ մեր միաբանության գլխավոր նպատակը,— ասավ նա,— և եթե այդ նպատակը զուգադիպի ձերինին, ուրեմն ձեզ համար օգտակար կլինի մտնել մեր եղբայրության մեջ։ Մեր միաբանության առաջին ամենագլխավոր նպատակը և դրա հետ միասին հիմքը, որի վրա նա հաստատված է և որին չի կարող տապալել մարդկային ոչ մի ուժ,— դա է՝ պահպանել և ապագա սերունդներին ավանդել մի կարևոր խորհուրդ… որը մեզ հասել է ամենահնագույն դարերից և նույնիսկ նախամարդուց, որպիսի խորհրդից գուցե և կախված է մարդկային ցեղի բախտը։ Բայց քանի որ սույն խորհուրդը այնպիսի բնույթ ունի, որ ոչ ոք չի կարող նրան ըմբռնել ու նրանից օգտվել, եթե տևականորեն ու ջանասիրությամբ ինքն իրեն, մաքրելով օր առաջ չնախապատրաստի այդ բանին, այլապես ամեն ոք չի կարող հուսալ, թե շուտ ձեռք կբերի այն։ Ուստի և մենք ունենք մի երկրորդ նպատակ, որը կայանում է նրանում, որպեսզի մենք ժամանակին նախապատրաստենք մեր անդամներին, որքան հնարավոր է, ուղղություն տալ նրանց զգացմունքներին, զտել և լուսավորել նրանց բանականությունն այն միջոցներով, որ գտել են այն մարդիկ, որոնք տքնել են սույն խորհուրդը որոնելիս, և այդպիսով ընդունակ դարձնել նրանց յուրացնելու այդ խորհուրդը։ Երրորդ, մաքրելով և ուղղելով մեր անդամներին, մենք աշխատում ենք ուղղել նաև մարդկային ամբողջ ցեղը, առաջարկելով նրան մեր անդամներին իբրև բարեպաշտության և առաքինության օրինակ և, այդպիսով, բոլոր ուժով աշխատում ենք հակամարտել չարին, որ թագավորում է աշխարհում։ Մտածեցեք այդ մասին, ես կրկին կգամ ձեզ մոտ,— ասավ նա և սենյակից դուրս եկավ։
— Հակամարտել չարին, որ թագավորում է աշխարհում…— կրկնեց Պիեռը և նրան պատկերացավ իր ապագա գործունեությունն այդ ասպարեզում։ Նրան պատկերանում էին նաև նույնպիսի մարդիկ, ինչպիսին ինքն էր երկու շաբաթ առաջ, և նա մտովին դիմում էր նրանց ուսուցողական-քարոզչական ճառով։ Նա պատկերացնում էր արատավոր ու դժբախտ մարդիկ, որոնց ինքն օգնում էր խոսքով ու գործով. պատկերացնում էր հարստահարիչներ, որոնց ձեռքից ազատում էր նրանց զոհերին։ Ռիտորի հիշած երեք նպատակներից այս վերջինը — մարդկային ցեղի ուղղումը — առանձնապես մոտ էր Պիեռի սրտին։ Այն կարևոր խորհուրդը, որի մասին հիշեց ռիտորը, թեպետ և շարժում էր նրա հետաքրքրությունը, բայց նրան էական չէր թվում, իսկ երկրորդ նպատակը՝ ինքնազտումը և ինքնաուղղումը՝ քիչ էր զբաղեցնում Պիեռին, որովհետև նա այդ րոպեին հրճվանքով զգում էր, որ ինքն արդեն լիովին մաքրված է նախկին արատներից և պատրաստ է միայն բարություն անելու։
Կես ժամ հետո ռիտորը վերադարձավ, որպեսզի որոնողին հայտնի այն յոթն առաքինությունները, համապատասխան Սողոմոնի տաճարի յոթն աստիճաններին, որ պարտավոր է որդեգրել յուրաքանչյուր մասոն։ Այդ առաքինություններն էին, 1) ''համեստություն'', միաբանության գաղտնիքը պահպանել, 2) ''հնազանդել'' միաբանության բարձր պաշտոնյաներին, 3) ''հեզաբարոյություն'', 4) ''սեր դեպի մարդկությունը'', 5) ''արիություն'', 6) ''առատաձեռնություն'' և 7) ''սեր առ մահը''։
— ''Յոթերորդ'',— ասավ ռիտորը,— ջանացեք մահվան մասին հաճախակի խորհրդածելով ձեզ հասցնել մինչև այնտեղ, որ մահն այլևս ձեզ սարսափելի թշնամի չթվա, այլ բարեկամ… որն այս աղետավոր աշխարհում ազատում է առաքինի գործերի համար տառապող հոգուն և տանում նրան պարգևատրության ու հանգստի օթևանը։
«Այո, այդ այդպես պետք է լինի», մտածեց Պիեռը, երբ այս խոսքերից հետո ռիտորը հեռացավ նրանից, թողնելով նրան առանձին խորհրդածելու։ «Այդ այդպես պետք է լինի, բայց ես դեռ այնքան թույլ եմ, որ սիրում եմ կյանքը, որի իմաստը միայն այժմ է քիչ-քիչ պարզվում ինձ համար»։ Սակայն մնացած հինգ առաքինությունները, որոնց Պիեռը հիշում էր մատների վրա համրելով, զգում էր, որ դրանք կային իր մեջ, և՛ ''արիություն'', և՛ ''առատաձեռնություն'', և՛ ''հեզաբարոյություն'', և՛ ''սեր առ մարդկությունը'', և՛ հատկապես ''հնազանդությունը'', որը նույնիսկ առաքինություն չէր թվում նրան, այլ երջանկություն։ (Նա այժմ ուրախ էր ազատվել սեփական կամայականությունից և իր կամքը ենթարկել նրան ու նրանց, ովքեր գիտեին աներկբայելի ճշմարտությունը)։ Յոթերորդ առաքինությունը Պիեռը մոռացավ և ոչ մի կերպ չկարողացավ հիշել։
Երրորդ անգամ ռիտորը շուտ վերադարձավ և Պիեռին հարցրեց, թե նա շարունակո՞ւմ է արդյոք հաստատ մնալ իր մտադրության մեջ և պատրա՞ստ է արդյոք կատարել այն ամենը, ինչ պահանջվում է իրենից։
— Ես ամեն բանի պատրաստ եմ,— ասավ Պիեռը։
— Նույնպես պետք է ձեզ հայտնեմ,— ասավ ռիտորը,— որ մեր միաբանությունն իր ուսմունքն ավանդում է ոչ միայն խոսքերով, այլև ուրիշ միջոցներով, որոնք՝ իսկական իմաստություն և առաքինություն որոնողի վրա ազդում են գուցե ավելի ուժեղ կերպով, քան լոկ բանավոր բացատրությունները։ Սույն տաճարը, որ դուք տեսնում եք, իր արդուզարդով արդեն պետք է բացատրեր ձեր սրտին, եթե նա անկեղծ է, ավելի՛ն, քան խոսքը։ Գուցե հետագայում էլ, ձեր ընդունելությունից հետո, դուք կտեսնեք նման բացատրություններ։ Մեր միաբանությունը հետևում է հնադարյան համայնքներին, որոնք իրենց ուսմունքը բացատրում էին հիերոգլիֆներով։ Հիերոգլիֆը,— ասավ ռիտորը,— դա զգացմունքների չենթարկվող որևէ մի իրի անուն է, մի իր, որն օժտված է պատկերելի առարկայի հատկություններով։
Պիեռը շատ լավ գիտեր, թե ի՛նչ է հիերոգլիֆը, բայց չէր համարձակվում խոսել։ Նա լուռ լսում էր ռիտորին և ամեն րոպե զգում, որ փորձերն ահա պիտի սկսեն։
— Եթե դուք ձեր համոզմունքների մեջ հաստատ եք, ուրեմն ես պետք է ձեռնարկեմ ձեզ ընդունելու գործին,— ասավ ռիտորը Պիեռին մոտենալով։— Ի նշան ձեր առատաձեռնության, խնդրում եմ, տալ ինձ բոլոր թանկարժեք իրերը։
— Բայց ինձ մոտ ես ոչինչ չունեմ,— ասավ Պիեռը կարծելով, թե իրենից պահանջում են տալ այն բոլորը, ինչ ինքն ունի։
— Տվեք այն, ինչ կա ձեզ վրա. ժամացույց, դրամ, մատանի…
Պիեռն շտապով հանեց քսակը, ժամացույցը և երկար ժամանակ չկարողացավ գիրուկ մատից հանել նշանի մատանին։ Երբ այս ամենը կատարվեց-վերջացավ, մասոնն ասավ.
— Ի նշան հնազանդության, խնդրում եմ ձեզ՝ հանվել։
Պիեռն հանեց ֆրակը, ժիլետը և ձախ ոտքի կոշիկը՝ ըստ ռիտորի ցուցմունքի։ Մասոնը բացեց Պիեռի շապիկը ձախ կրծքի կողմից և, կռանալով, բարձրացրեց նրա վարտիքի ձախ փողկը մինչև ծունկը։ Պիեռն շտապով ուզեց հանել և աջ ոտքի կոշիկն ու վարտիքը ետ քշտել, որպեսզի իրեն անծանոթ մարդուն ազատի նեղությունից, բայց մասոնը նրան ասավ, որ այդ բանը հարկավոր չէ, ու նրան հողաթափ տվեց ձախ ոտքին հագնելու։ Ամոթխածության, կասկածի և ինքնահեգնության մանկական ժպիտով, որ հակառակ իր կամքի երևաց նրա դեմքին, Պիեռը ձեռները կախ գցած ու ոտները չռած, կանգնել էր եղբայր-ռիտորի առաջ և սպասում էր նրա նոր հրամաններին։
— Եվ, վերջապես, ի նշան ձեր բացսրտության, խնդրում եմ հայտնել ինձ ձեր գլխավոր կիրքը,— ասավ նա։
— Իմ կիրքը՜։ Դրանցից ես շատ եմ ունեցել,— ասավ Պիեռը։
— Հայտնեցեք այն կիրքը, որն ամենից ավելի է ստիպել ձեզ տատանվելու առաքինության ճանապարհին,— ասավ մասոնը։
Պիեռը լռեց, մտքում որոնելով, թե ո՛րն է իր գլխավոր կիրքը։
«Գինի՞ն։ Որկրամոլությո՞ւնը։ Պարապությո՞ւնը։ Ծուլությո՞ւնը։ Դյուրագրգռությո՞ւնը։ Չարությո՞ւնը։ Կանա՞յք», թվում էր նա իր արատները, մտքում նրանց կշռադատելով և չիմանալով դրանց որի՛ն առավելություն տալ։
— Կանայք,— ասավ Պիեռը կամաց, հազիվ լսելի ձայնով։
Մասոնն անշարժ մնաց և երկար ժամանակ չէր խոսում այդ պատասխանից հետո։ Վերջապես մոտեցավ Պիեռին, վերցրեց սեղանի վրա դրված թաշկինակը և նրանով նորից կապեց Պիեռի աչքերը։
— Վերջին անգամն եմ ասում ձեզ. ձեր ամբողջ ուշադրությունը դարձրեք ձեզ վրա, կապանք դրեք ձեր զգացումների վրա և երանություն որոնեցեք ո՛չ թե կրքերի մեջ, այլ ձեր սրտում։ Երանության աղբյուրը մեզնից դուրս չէ, այլ մեր ներսը…
Պիեռն արդեն զգում էր երանության այդ թարմացնող աղբյուրը, որ խնդությամբ ու խանդաղատանքով լցրել էր այժմ նրա սիրտը։
=== IV ===
Շուտով, դրանից հետո, մութ տաճարը մտավ Պիեռին կանչելու ոչ թե նախկին ռիտորը, այլ երաշխավոր Վիլարսկին, որին Պիեռը ճանաչեց ձայնից։ Այն նոր հարցումին, թե նա հաստա՞տ է արդյոք իր մտադրության մեջ, Պիեռը պատասխանեց. «Այո, այո, համաձայն եմ», և մանկական փայլուն ժպիտը դեմքին, մսոտ կուրծքը բաց, մի ոտը հանած, մյուսը՝ հագած, անհավասար ու երկչոտ քայլերով դիմեց առաջ, հետևելով Վիլարսկուն, որը ձեռի սուրը դեմ էր արել Պիեռի մերկ կրծքին։ Սենյակից նրան տարան միջանցքները, ետ ու առաջ դարձնելով, և, վերջապես, բերին ժողովարանի դռան մոտ։ Վիլարսկին հազաց, նրան պատասխանեցին մուրճի ձայներով, ու դուռը բացվեց նրանց առաջ։ Մեկը թավ ձայնով (Պիեռի աչքերը դեռ կապված էին) հարցեր տվեց, թե ո՞վ է նա, ո՞ւր և որտե՞ղ է ծնվել և այլն։ Ապա նրան, առանց աչքերը բանալու, ինչ-որ տեղ տարան. տանելու ժամանակ նրան այլաբանություններ էին ասում իր ուղևորության չարչարանքների մասին, սրբազան բարեկամության մասին, աշխարհի անվախճան կառուցողի մասին, արիության մասին, որով և պետք է տաներ չարչարանքներն ու վտանգները։ Այս ուղևորության միջոցին Պիեռը նկատեց, որ իրեն անվանում են մերթ ''որոնող'', մերթ ''տառապող'', մերթ ''պահանջող'', և դրա հետ միաժամանակ տարբեր կերպով զարկում էին մուրճերով ու սրերով։ Այն ժամանակ, երբ նրան մի ինչ-որ առարկայի մոտեցրին, Պիեռը նկատեց, որ իր ղեկավարների մեջ իրարանցում ու շփոթություն ընկավ։ Նա լսեց, թե ինչպես իրեն շրջապատող մարդիկ շշուկով հարց էին տալիս իրար, և թե ինչպես մեկը պնդում էր, որպեսզի իրեն՝ Պիեռին ինչ-որ մի գորգի վրայով անցկացնեն։ Դրանից հետո նրա աջ ձեռքը բռնեցին ու դրին մի ինչ-որ բանի վրա, իսկ ձախով՝ պատվիրեցին կարկին դեմ անել ձախ կրծքին և, ստիպեցին նրան՝ խոսքերը կրկնելով,— որ արտասանում էր նրանցից մեկը,— երդում տալ՝ միաբանության օրենքներին հավատարիմ մնալու։ Ապա մոմերը հանգցրին և սպիրտ վառեցին, ինչպես այդ զգաց Պիեռը հոտից, և ասացին, որ նա տեսնելու է փոքր լույսը։ Նրա աչքերի կապը վերցրին, և Պիեռը կարծես երազում, սպիրտի կրակի թույլ լույսի տակ տեսավ մի քանի մարդ, որ նույնպիսի գոգնոցներ կապած, ինչպես ռիտորը, կանգնել էին իր դեմ և ձեռներին բռնած սրերն ուղղել էին իր կրծքին։ Նրանց մեջ կար արյունոտված սպիտակ շապկով մի մարդ։ Այդ տեսնելով, Պիեռը կուրծքը դեմ արավ սրերին, ցանկանալով, որ սրերը խրվեն կրծքի մեջ։ Բայց սրերը նրանից հեռացրին և իսկույն աչքերը կապեցին նորից։
— Այժմ դու տեսար փոքր լույսը,— ասավ մեկը Պիեռին։
Ապա մոմերը կրկին վառեցին, ասացին, որ նա պետք է տեսնի լրիվ լույսը, ու նրա աչքերի կապը կրկին վերցրին, և տասից ավելի ձայն հանկարծ ասին, sic transit gloria mundi<ref>Այնպես անցողիկ է աշխարհի փառքը։</ref>։
Պիեռը կամաց կամաց իրեն հավաքեց և սկսեց դիտել սենյակը, ուր ինքն էր և մի խումբ մարդիկ։ Սևով ծածկված երկար սեղանի շուրջը նստել էին տասներկու մարդ, դարձյալ այնպիսի հանդերձներով, ինչպես և նրանք, որոնց տեսել էր առաջ։ Դրանցից մի քանիսին Պիեռը ճանաչում էր դեռ Պետերբուրգից։ Նախագահական տեղը նստել էր մի անծանոթ երիտասարդ, մի առանձնահատուկ խաչ վզին։ Աջ կողմը նստել էր իտալացի աբբան, որին Պիեռը տեսել էր երկու տարի առաջ Աննա Պավլովնայի տանը։ Այդտեղ էր նաև՝ մի շատ նշանավոր բարձրաստիճան անձն և շվեյցարացի մի դաստիարակ, որ առաջներում ապրում էր Կուրագինների տանը։ Բոլորը հանդիսավոր լռությամբ լսում էին նախագահին, որ ձեռին մուրճ ուներ բռնած։ Պատի մեք շինված էր մի բոցավառ աստղ, սեղանի մի կողմը փոքրիկ գորգ էր զանազան պատկերներով, մյուս կողմը եկեղեցու սեղանի նման մի բան կար, վրան ավետարան ու գանգ դրված։ Սեղանի շուրջը կային յոթը մեծ մոմակալ, եկեղեցական աշտանակների նման։ Եղբայրներից երկուսը Պիեռին տարան դեպի սեղանը, ոտները դնել տվին ուղղանկյուն դիրքով և հրամայեցին պառկել, ասելով թե՝ նա խոնարհվում է տաճարի շեմքին։
— Նա ամենից առաջ պետք է թի ստանա,— շշուկով ասավ եղբայրներից մեկը։
— Ախ, հերի՛ք է,— ասավ մյուսը։
Պիեռը ցրված, կարճատես աչքերով, առանց հնազանդելու, շուրջը նայեց և հանկարծ նրա սրտում մի կասկած ծագեց. «Որտե՞ղ եմ ես։ Այս ի՞նչ եմ անում ես։ Վրաս չեն ծիծաղում արդյո՞ք, հետո ամոթանքով չպիտի՞ հիշեմ այս»։ Սակայն այս կասկածը շարունակվեց միայն մի ակնթարթ։ Պիեռը նայեց իրեն շրջապատող մարդկանց լուրջ դեմքերին, հիշեց ամենը, ինչ կատարվեց-անցավ այստեղ և մտածեց, որ չի կարելի կես-ճանապարհին կանգ առնել։ Նա իր կասկածից սարսափեց և ճիգ թափեց առաջ բերել իր մեջ խանդաղատանքի նախկին զգացումը, ու ծունկի իջավ տաճարի շեմքին։ Եվ, իսկապես, խանդաղատանքի զգացումն այժմ ավելի, քան առաջ, տիրեց նրան։ Փոքր-ինչ պառկելուց հետո, նրան պատվիրեցին վեր կենալ և հագցրին նույնպիսի սպիտակ կաշվե գոգնոց, ինչպիսին ունեին մյուսները, տվին նրա ձեռը մի թի և երեք զույգ ձեռնոց, և այդ ժամանակ մեծ վարպետը դիմեց նրան։ Նա Պիեռին ասավ, որ աշխատի անբիծ պահել այդ գոգնոցի սպիտակությունը, որն ամրություն և անարատություն է ներկայացնում, ապա Պիեռի համար անբացատրելի թիու մասին ասավ, որ Պիեռն աշխատի դրանով իր սիրտը մաքրել արատներից և նրանով ներողամտաբար կարգի բերի իր մերձավորների սիրտը։ Հետո ձեռնոցների առաջին զույգի մասին, որ տղամարդու ձեռնոցներ էին, ասավ, որ Պիեռը նրանց նշանակությունը չի կարող իմանալ, բայց պետք է պահի. երկրորդ զույգի մասին, որ նույնպես տղամարդու ձեռնոցներ էին, ասավ, որ նա պետք է դրանք հագնի ժողովներում և, վերջապես, երրորդ զույգի՝ կանացի ձեռնոցների մասին ասավ. «Սիրեցյալ եղբայր, սույն կանացի ձեռնոցները ևս հատկացվում են ձեզ։ Տվեք դրանք այն կնոջը, որին դուք ամենից ավելի կհարգեք։ Այս շնորհով դուք ձեր սրտի անարատության հավաստիացում կտաք նրան, ում ձեզ համար կընտրեք իբրև արժանավոր քարտաշուհի»։ Ու, փոքր-ինչ լռելով, ավելացրեց. «Բայց տե՛ս, սիրեցյալ եղբայր, թող այս ձեռնոցները չզարդարեն անմաքուր ձեռքեր»։ Այն ժամանակ, երբ մեծ վարպետն արտասանում էր այս վերջին խոսքերը, Պիեռին թվաց, թե նախագահը շփոթվեց։ Պիեռը շփոթվեց ավելի, կարմրեց, ինչպես կարմրում են երեխաները՝ լաց լինելու չափ, սկսեց անհանգիստ շուրջը նայել, ու տիրեց մի անհարմար լռություն։
Այդ լռությունն ընդհատեց եղբայրներից մեկը, որ Պիեռին գորգին մոտեցնելով, սկսեց տետրակից բացատրություններ կարդալ գորգի վրա եղած բոլոր պատկերների մասին, այն է՝ արևի, լուսնի, մուրճի, կապարալարի, թիու, անտաշ և խորանարդ քարի, սյան, երեք պատուհանի և այլ բաների մասին։ Ապա Պիեռին ցույց տվին իր տեղը, սովորեցրին միաբանության նշանները, հայտնեցին մուտքի խոսքը և, վերջապես, թույլ տվին նստել։ Մեծ վարպետն սկսեց կանոնադրությունը կարդալ։ Կանոնադրությունը շատ երկար էր, և Պիեռը՝ ուրախությունից, հուզմունքից ու ամոթից, դժվարանում էր ըմբռնել այն, ինչ կարդում էին։ Նա ամենայն ուշադրությամբ լսեց կանոնադրության միայն վերջին խոսքերը, որոնք և մնացին նրա հիշողության մեջ։
«Մեր տաճարներում մենք ուրիշ աստիճաններ չենք ճանաչում,— կարդում էր մեծ վարպետը,— բացի այն աստիճաններից, որ կան առաքինության և մոլության միջև։ Զգուշացիր որևէ այնպիսի խտրություն անել, որ կարող է խախտել հավասարությունը։ Թռի՛ր, օգնության հասիր եղբորդ, ով էլ նա լինի. ճամփի բեր մոլորվածին, բարձրացրու ընկածին և երբեք չարություն ու թշնամություն մի տածի դեպի եղբայրդ։ Եղիր բարեհամբույր ու սիրալիր։ Վառիր բոլոր սրտերում առաքինության կրակը։ Երջանկությունդ կիսիր մերձավորիդ հետ և թող նախանձը երբեք չխռովի այս անմեղ վայելքը։ Ներիր թշնամուն քո, վրեժ մի լուծիր նրանից, այլ միայն բարիք արա նրան։ Այսպիսով, կատարելով բարձրագույն օրենքը, դու կգտնես հնադարյան, քո կորցրած մեծության հետքերը»։
նա վերջացրեց և, տեղից ելնելով, գրկեց Պիեռին ու համբուրեց նրան։ Պիեռն ուրախության արցունքն աչքերին, շուրջը նայեց, չիմանալով ինչպես պատասխանել շնորհավորանքներին և ծանոթություն վերսկսողներին, որ շրջապատել էին նրան։ Նա ոչ մի ծանոթություն չէր ընդունում, այդ բոլոր մարդկանց մեջ տեսնում էր միայն եղբայրների, որոնց հետ անհամբեր ուզում էր գործ ձեռնարկել։
Մեծ վարպետը մուրճը զարկեց, բոլորը բռնեցին իրենց տեղերը, և նրանցից մեկը քարոզ կարդաց հեզության անհրաժեշտության մասին։
Մեծ վարպետն առաջարկեց կատարել վերջին պարտականությունը, և նշանավոր բարձրաստիճան անձը, որ կրում էր ողորմություն հավաքողի կոչումը, սկսեց եղբայրների շրջանում պտտել։ Պիեռն ուզում էր հանգանակության թերթում նվիրագրել իր ունեցած ամբողջ գումարը, բայց վախեցավ պարծենկոտ երևալ, ուստի և գրեց այնպիսի գումար, որքան գրել էին մյուսները։
Նիստը վհրջացավ. տուն վերադառնալուց հետո Պիեռին թվում էր, թե ինքը վերադարձել է մի ինչ-որ հեռավոր ճամփորդությունից, ուր անցրել է տասնյակ տարիներ, փոխվել է միանգամայն և կտրվել նախկին կյանքի կարգ ու կանոնից և սովորույթներից։
=== V ===
Միաբանության մեջ ընդունվելու հետևյալ օրը Պիեռը տանը նստած, գիրք կարդալով, ջանում էր ըմբռնել քառակուսու նշանակությունը, որն իր մի կողմով պատկերացնում էր աստծուն, մյուսով՝ բարոյականը, երրորդով՝ ֆիզիկականը և չորրորդով՝ խառն։ Երբեմն նա մի կողմ էր դնում գիրքն ու քառակուսին և երևակայության մեջ կյանքի նոր ծրագիր կազմում։ Երեկ նրան ժողովարանում հայտնեցին, որ թագավորի ականջին լուր է հասել իր մենամարտի մասին, և որ նա խելացի կվարվեր, եթե հեռանար Պետերբուրգից։ Պիեռը մտադիր էր մեկնել իր հարավային կալվածները և այնտեղ զբաղվել իր գյուղացիներով։ Նա ուրախ տրամադրությամբ մտածում էր այդ նոր կյանքի մասին, երբ անսպասելի ներս մտավ իշխան Վասիլին։
— Բարեկամ, դու այդ ինչե՞ր ես արել Մոսկվայում։ Ինչո՞ւ համար ես Լյոլիայի հետ կռվել, mon cher, դու մոլորության մեջ ես,— ասավ իշխան Վասիլին սենյակ մտնելով։— Ես ամեն ինչ իմացա, և հաստատապես կարող եմ ասել, որ Էլենն անմեղ է քո առաջ, ինչպես Քրիստոսը՝ ջհուդների։
Պիեռն ուզեց պատասխանել, բայց իշխանը նրան ընդհատեց։
— Եվ ինչո՞ւ դու ուղղակի չդիմեցիր ինձ, որպես բարեկամի։ Ես բոլորը գիտեմ, ես ամեն ինչ հասկանում եմ,— ասավ նա,— դու վարվել ես այնպես, ինչպես վայել է իր պատիվը թանկ գնահատող մարդուն, գուցե և շտապել ես, բայց այդ մասին չդատենք։ Մի բան հիշիր, թե ինչ դրության մեջ ես գնում դու կնոջդ և ինձ ամբողջ հասարակության և նույնիսկ արքունիքի առաջ,— ավելացրեց նա ձայնն իջեցնելով։— Կինդ ապրում է Մոսկվայում, դու՝ այստեղ։ Հիշի՛ր, սիրելիս,— նա ցած քաշեց Պիեռի ձեռքը,— այստեղ մի թյուրիմացություն կա, կարծում եմ ինքդ այդ զգում ես։ Հենց հիմա, իմ ներկայությամբ, նրան նամակ գրիր, նա կգա այստեղ և ամեն ինչ կպարզվի, այլապես իմացի՛ր, որ դու շատ հեշտությամբ կարող ես տուժել, սիրելիս։
Իշխան Վասիլին ազդու հայացքով նայեց Պիեռին։
— Լավատեղյակ աղբյուրներից հայտնի է ինձ, որ այրիացած կայսրուհին առանձին հետաքրքրություն է ցույց տալիս դեպի այս գործը։ Ինքդ գիտես, որ նա շա՛տ ողորմած է դեպի Էլենը։
Մի քանի անգամ Պիեռը պատրաստվեց խոսել, բայց, մի կողմից իշխան Վասիլին էր խանգարում, մյուս կողմից՝ նա վախենում էր խոսել այն կտրուկ մերժումի և անհամաձայնության եղանակով, ինչպես որ հաստատապես որոշել էր պատասխանել աներոջը։ Բացի այդ՝ նա հիշեց մասոնական կանոնադրության խոսքերը, թե «եղիր բարեհամբույր ու սիրալիր»։ Նա դեմքը կնճռեց, կարմրեց, ելավ տեղից, նորից նստեց, ուժ գործ դնելով իր վրա՝ կյանքում իր համար այդ ամենադժվարին գործում,— անհաճո բան չասել մարդու երեսի, չասել այն, ինչ սպասում էր այդ մարդը, ով էլ նա լիներ։ Պիեռն այնպես էր սովորել հնազանդել իշխան Վասիլիի անփույթ ինքնահավանության այդ շեշտին, որ այժմ էլ զգում էր, թե անկարող կլինի հակառակել նրան, բայց զգում էր, որ այն բանից, թե ինչ կանի ինքն այժմ, կախված կլինի իր հետագա ողջ բախտը, կերթա՞ արդյոք ինքն այն հին, նախկին ճամփով, թե՞ այն նորով, որն այնպես գրավիչ ներկայացրին մասոնները և ուր, ինչպես նա խորապես հավատում էր, վերածնություն կգտնի նոր կյանքի համար։
— Դե, սիրելիս,— հանաքով ասավ իշխան Վասիլին,— ասա ինձ «այո», և ես, իմ կողմից կգրեմ, և մենք պարարտ որս կունենանք։
Բայց իշխան Վասիլին դեռ հանաքը չէր ասել վերջացրել, երբ Պիեռը կատաղի դեմքով, որով հիշեցնում էր իր հորը, առանց խոսակցի աչքերին նայելու, շշնջաց.
— Իշխան, ես ձեզ չե՛մ հրավիրել ինձ մոտ, հեռացեք, խնդրեմ, գնացե՛ք։— Նա տեղից ցատկեց ու դուռը բաց արավ։— Դե՛, գնացե՛ք,— կրկնեց նա, չհավատալով և ուրախանալով, որ իշխան Վասիլիի դեմքին երևաց շփոթմունքի և վախի արտահայտություն։
— Ի՞նչ պատահեց քեզ։ Դու հիվա՞նդ ես։
— Հեռացե՛ք,— մի անգամ ևս հնչեց Պիեռի դողացող ձայնը։ Եվ իշխան Վասիլին ստիպված էր մեկնել առանց որևէ բացատրություն լսելու։
Մի շաբաթ անց, Պիեռը հրաժեշտ տալով իր նոր բարեկամ-մասոններին և, ողորմության համար նրանց մեծ գումար տալով, մեկնեց իր կալվածքները։ Իր նոր եղբայրները նամակներ տվին նրան տանելու Կիև և Օդեսա՝ այնտեղի մասոնների համար, և խոստացան նամակներ գրել ու ղեկավարել Պիեռին իր նոր գործունեության մեջ։
=== VI ===
Պիեռի և Դոլոխովի մենամարտի գործը քողարկվեց — մոռացության տրվեց, և չնայած այն խստությանը, որ ցույց էր տալիս թագավորը մենամարտի վերաբերմամբ, այնուամենայնիվ ոչ հակառակորդները տուժեցին, ոչ էլ նրանց մարտավկաները։ Սակայն մենամարտի պատմությունը, Պիեռի՝ կնոջից բաժանվելու փաստով հաստատվեց, տարածվեց հասարակության մեջ։ Պիեռը, որին սկզբում իբրև ապօրինի զավակի նայում էին հովանավորի աչքով ու վերաբերվում ներողամտաբար, որին փայփայում ու փառաբանում էին, երբ նա ռուսական կայսրության լավագույն փեսացուն էր՝ բայց ամուսնությունից հետո, երբ հարսնացուներն ու մայրերն այլևս ոչինչ սպասելիք չունեին նրանից, նա հասարակության աչքում ընկավ, մանավանդ որ նա չէր կարողանում և չէր ցանկանում հասարակության բարյացակամությունը շահել։ Այժմ կատարված դեպքի համար միայն նրան էին մեղադրում, ասում էին, որ նա անմիտ խանդող է, ենթակա նույնպիսի արյունռուշտ կատաղության, ինչպիսին հայրն էր։ Եվ երբ, Պիեռի մեկնումից հետո, Էլենը վերադարձավ Պետերբուրգ, Էլենի բոլոր ծանոթները նրան ընդունեցին ոչ միայն սրտաբաց, այլև մի տեսակ հարգանքով, նկատի ունենալով նրա դժբախտությունը։ Երբ ամուսնու մասին խոսք էր լինում, Էլենն ընդունում էր պարտ ու պատշաճ արտահայտություն, որը նա, առանց դրա նշանակությունը հասկանալու, յուրացրել էր իրեն հատուկ տակտով։ Այդ արտահայտությունն ասում էր, որ նա որոշել է իր դժբախտությունը կրել անտրտունջ, և որ իր ամուսինը մի խաչ է՝ աստծուց իրեն ուղարկված։ Իշխանն իր կարծիքը հայտնում էր պարզորեն։ Երբ Պիեռի մասին խոսք էր լինում, նա ուսերը վեր քաշելով և ճակատը մատնացույց անելով, ասում էր.
— Un cerveau fêlé — je le disais toujours.<ref>Կիսախելագար է, ես այդ միշտ ասել եմ։</ref>
— Ես այդ առաջ եմ ասել,— ասում էր Աննա Պավլովնան Պիեռի մասին,— ես հենց այն ժամանակ իսկույն ասի, և ամենից առաջ (նա միշտ պնդում էր իր առաջնության վրա), որ դա խելացնոր երիտասարդ է, դարի անբարոյական գաղափարներով փչացած։ Ես այդ բանը ասի դեռ այն ժամանակ, երբ բոլորը հիանում էին նրանով, երբ նա արտասահմանից հենց նոր էր եկել, և հիշո՞ւմ եք, ինձ մոտ՝ մի երեկույթի, իրեն ձևացնում էր մի ինչ-որ Մարատ։ Բայց հետո ինչո՞վ վերջացավ։ Ես դեռ այն ժամանակ այդ ամուսնությունը չէի ցանկանում, և նախագուշակեցի այն բոլորը, ինչ պատահելու էր։
Առաջվա պես Աննա Պավլովնան ազատ օրերին իր տանը երեկույթներ էր սարքում, այնպիսի երեկույթներ, ինչպես միայն ինքը շնորհք ուներ սարքելու, երեկույթներ, ուր հավաքվում էր, նախ la crème de la véritable bonne société, la fine fleur de l’essence intellectuelle de la société de Pétersbourg<ref>Իսկական լավ հասարակության սերուցքը, Պետերբուրգի հասարակության մտավոր էսենցիայի նուրբ ծաղիկը։</ref>, այսպես էր ասում ինքն՝ Աննա Պավլովնան։ Բացի այս նրբորեն ընտրած հասարակությունից Աննա Պավլովնայի երեկոներն աչքի էին ընկնում նաև նրանով, որ նա ամեն անգամ հասարակությանը ներկայացնում էր մի որևէ նոր, հետաքրքրական անձնավորություն, և բացի այդ երեկույթներից ոչ մի տեղ այնպես որոշ ու հաստատ չէր արտահայտվում քաղաքական ջերմաչափի աստիճանը, ջերմաչափ, որից և կախված էր Պետերբուրգի պալատական-օրինապահ հասարակության տրամադրությունը։
1806 թվի վերջին, երբ արդեն ստացվել էին բոլոր տխուր մանրամասնությունները պրուսական զորքը Իենի և Աուերշտետի մոտ՝ Նապոլեոնի ձեռքով ոչնչացնելու և պրուսական բերդերի մեծ մասի անձնատուր լինելու մասին, երբ մեր զորքերն արդեն Պրուսիա էին մտել և սկսվել էր մեր երկրորդ պատերազմը Նապոլեոնի դեմ, Աննա Պավլովնան իր տանը երեկույթ էր սարքել, ուր la crème de la véritable bonne société-ը<ref>Իսկական լավ հասարակության սերուցքը։</ref> կ ազմում էին հմայիչ ու դժբախտ, ամուսնուց թողնված Էլենը, Mortemart-ը, գրավիչ իշխան Իպպոլիտը, որ հենց նոր էր եկել Վեննայից, երկու դիվանագետ, մորաքույրը, մի երիտասարդ, որ այդտեղ վայելում էր d’un homme de beaucoup de mérite<ref>Միանգամայն արժանավոր մարդ։</ref> կոչումը, պալատական օրիորդի կոչում ստացած մի աղջիկ՝ իր մոր հետ, և մի քանի ուրիշ նվազ նշանավոր անձեր։
Մեկը, որին Աննա Պավլովնան այդ երեկո՝ իբրև նորություն, հրամցնում էր հյուրերին,— Բորիս Դրուբեցկոյն էր, որ հենց նոր՝ իբրև սուրհանդակ, եկել էր պրուսական բանակից և ադյուտանտի պաշտոն ուներ մի շատ նշանավոր անձի մոտ։
Քաղաքական ջերմաչափի աստիճանը, որ այդ երեկո ցույց էր տրվում հասարակության, հետևյալն էր.— որքան էլ բոլոր եվրոպական թագավորներն ու զորավարներն աշխատեն ներողամիտ լինել դեպի Բոնապարտը, որպեսզի ''ինձ'' և ընդհանրապես ''մեզ'' պատճառեն այդ անախորժությունն ու դառնությունը, այնուամենայնիվ, մեր կարծիքը Բոնապարտի մասին չի կարող փոխվել։ Մենք չենք դադարի արտահայտել այդ մասին ունեցած մեր շիտակ կարծիքը և պրուսական թագավորին ու մյուսներին կարող ենք ասել միայն.— ավելի վատ ձեզ համար։ Tu l’as voulu, George Dandin<ref>Դու այդ էիր ցանկանում, Ժորժ Դանդեն։</ref>, ահա բոլորը, ինչ մենք կարող ենք ասել։ Ահա թե ինչ էր ցույց տալիս քաղաքական ջերմաչափը Աննա Պավլովնայի երեկույթին։ Երբ Բորիսը, որ պետք է հրամցվեր հյուրերին, հյուրասրահ մտավ, ամբողջ հասարակությունը համարյա թե հավաքված էր, և խոսակցությունը, որ ղեկավարում էր Աննա Պավլովնան, վերաբերում էր մեր և Ավստրիայի դիվանագիտական հարաբերություններին և նրան դաշնակցելու հույսերին։
Բորիսը, ադյուտանտի շքեղ զգեստով, այրացած, թարմ ու կարմիր, ազատ-համարձակ մտավ հյուրասրահ և, ըստ սովորության առաջնորդվեց նախ մորաքրոջը ողջունելու, և ապա միացավ ընդհանուր խմբին։
Աննա Պավլովնան նրան թույլ ավեց իր չոր ձեռը համբուրել, ծանոթացրեց նրան մի քանի անծանոթ անձանց հետ և նրանց յուրաքանչյուրի մասին շշուկով ծանոթություն ավեց Բորիսին։
— Le Prince Hyppolite Kouraguine — charmant jeune homme. M-r Krouq chargé d’affaires de Kopenhague — un esprit profond, պարզապես М-r Shittoff — un homme de beaucoup de mérite<ref>Իշխան Իպպոլիտ Կուրագին՝ հրապուրիչ երիտասարդւ Պ. Կրուգ՝ Կոպենհագենի գործերի հավաաարմատարը. խորաթափանց միտք։ Պ. Շիտովը, ըստ ամենայնի արժանավոր մարդ։</ref>, որը կրում է այս կոչումը։
Իր ծառայության ընթացքում Բորիսը, շնորհիվ Աննա Պավլովնայի հոգածության, շնորհիվ իր ճաշակի և զուսպ բնավորության, կարողացել էր արդեն շահավետ դիրք ձեռք բերել ծառայության մեջ. նա ադյուտանտն էր մի շատ նշանավոր անձի, ունեցել էր մի շատ կարևոր հանձնարարություն Պրուսիայում, որտեղից հենց նոր միայն վերադարձել էր իբրև սուրհանդակ։ Նա միանգամայն յուրացրել էր Օլմյուցում իրեն շատ դուր եկած ենթակայության այն յուրահատուկ ձևը, որով վառակիրը կարող է անհամեմատ բարձր կանգնել գեներալից, և որի համաձայն ծառայության մեջ հաջողություն ունենալու համար հարկավոր չեն ո՛չ ջանք, ո՛չ աշխատանք, ո՛չ քաջություն, ո՛չ տոկունություն, այլ հարկավոր է միայն վարվել իմանալ այն մարդկանց հետ, որոնք վարձատրում են ծառայությունը, ուստի և Բորիսը հաճախ զարմանում էր իր արագ հաջողությունների և այն բանի վրա, թե ինչպես ուրիշներն այդ չէին կարողանում հասկանալ։ Այդ գյուտի հետևանքով նրա ամբողջ ապրելակերպը, նրա բոլոր հարաբերությունները նախկին ծանոթների հետ, նրա բոլոր ծրագրերը ապագայի վերաբերմամբ — բոլորովին փոխվեցին։ Նա հարուստ չէր, բայց իր վերջին փողը ծախսում էր, որ ուրիշներից ավելի լավ հագնված լինի, նա իրեն ավելի շուտ կզրկեր շատ բավականություններից, քան թե թույլ կտար վատ կառք նստել կամ Պետերբուրգի փողոցներում հին մունդիրով երևալ։ Նա մոտենում և ծանոթություն էր հաստատում միայն այն մարդկանց հետ, որոնք իրենից բարձր էին, ուստի և կարող էին օգտակար լինել։ Նա սիրում էր Պետերբուրգը և արհամարհում՝ Մոսկվան։ Ռոստովների տան և դեպի Նատաշան ունեցած մանկական սիրո հիշողությունը անհաճո էր նրան և նա հենց բանակ մեկնելու օրից, ոչ մի անգամ Ռոստովների մոտ չէր եղել։ Աննա Պավլովնայի հյուրասրահում, ուր ներկա գտնվելը կարևոր բարձրացում էր համարում ծառայության մեջ, նա իսկույն ևեթ հասկացավ իր դերը և թույլ տվեց, որ Աննա Պավլովնան օգտագործի այն հետաքրքրությունը, որ հարուցանում էր իր անձը, իսկ ինքն ուշադիր դիտում էր ամեն մեկին, գնահատելով նրանցից յուրաքանչյուրին մոտենալու օգուտն ու հնարավորությունը։ Նա նստեց իրեն ցույց տված տեղը, գեղեցիկ Էլենի կողքին և ուշադիր լսում էր ընդհանուր խոսակցությունը։
— Vienne trouve les bases du traité proposé tellement hors d’atteinte, qu’on ne saurait y parvenir même par une continuité de succès les plus brillants, et elle met en doute les moyens qui pourraient nous les procurer. C’est la phrase authentique du cabinet de Vienne,— ասում էր դանիական chargé d’affaires.<ref>Վեննան՝ առաջարկված դաշնագրի հիմունքները համարում է այնքան անհնարին, որ դրանց իրականացումն անկարելի է նույնիսկ մի շարք ամենափայլուն հաջողություններով, և նա կասկածում է, որ եղած միջոցները կարողանան ստեղծել այդ հաջողությունները։ Սա՝ Վեննայի կաբինետի իսկական արտահայտությունն է, ասավ դանիական գործերի հավատարմատարը։</ref>
— C’est le doute qui est flatteur!<ref>Կասկածը հաճելի է։</ref>,— ասավ խորաթափանց միտքը՝ նուրբ ժպիտով։
— Il faut distinguer entre le cabinet de Vienne et l’Empereur d’Autriche,— ասավ Mortemart-ը.— L’Empereur d’Autriche n’a jamais pu penser à une chose pareille, le cabinet qui le dit.<ref>Անհրաժեշտ է Վեննական կաբինետը տարբերել ավստրիական թագավորից։ Ավստրիական թագավորը երբեք չէր կարող մտածել այդ, այդ ասում է միայն կաբինետը։</ref>
— Eh, mon cher Vicomte,— միջամտեց Աննա Պավլովնան,— l’Urope (չգիտես ինչու նա արտասանում էր l’Urope, որպես ֆրանսական լեզվի մի առանձին նրբություն, որ նա թույլ էր տալիս իրեն՝ միայն ֆրանսացիների հետ խոսելիս), l’Urope ne sera jamais notre ailieé sincère.<ref>Ա՜խ, իմ սիրելի վիկոնտ։ Եվրոպան երբեք մեր անկեղծ դաշնակիցը չի եղել։</ref>
Սրանից հետո Աննա Պավլովնան խոսք բացեց պրուսական թագավորի արիության ու հաստատակամության մասին նրա՛ համար, որպեսզի մեջ քաշի Բորիսին։
Բորիսն ուշադիր լսում էր խոսողին, սպասելով իր հերթին, ու միաժամանակ կարողացավ մի քանի անզամ նայել հարևանուհուն՝ գեղեցկուհի Էլենին, որը մի քանի անգամ ժպտերես նայեց գեղեցիկ երիտասարդ ադյուտանտին։ Միանգամայն բնականորեն՝ Պրուսիայի դրության մասին խոսելով, Աննա Պավլովնան Բորիսին խնդրեց պատմել իր ճամփորդությունը դեպի Գլոգաու և այն դրությունը, որի մեջ գտել է պրուսական զորքին։ Բորիսն, առանց շտապելու, մաքուր ու կանոնավոր ֆրանսերենով, շատ ու շատ ուշագրավ մանրամասնություններ պատմեց պրուսական զորքերի մասին, արքունիքի մասին, աշխատելով խուսափել իր սեփական կարծիքը հայտնել այն փաստերի վերաբերմամբ, որ պատմում էր։ Կարճ ժամանակ Բրրիսը գրավել էր ընդհանուրի ուշադրությունը, և Աննա Պավլովնան զգում էր, որ իր հյուրասիրությունն այդ նորեկով հաճությամբ է ընդունվում բոլոր հյուրերի կողմից։ Բորիսի պատմությանն ավելի մեծ ուշադրություն էր ցույց տալիս Էլենը։ Նա մի քանի անզամ Բորիսին հարցեր տվեց նրա ճամփորդության որոշ մանրամասնությունների մասին, և թվում էր՝ շատ է շահագրգռված պրուսական զորքերի վիճակով։ Հենց որ Բորիսը վերջացրեց, Էլենն իր սովորական ժպիտով դիմեց նրան.
— Il faut absolument que vous veniez me voir<ref>Բացարձակապես անհրաժեշտ է, որ դուք ինձ տեսության գաք։</ref>,— ասավ նա Բորիսին մի այնպիսի շեշտով, կարծես թե որոշ նկատառումներով, որ Բորիսր չէր կարող իմանալ, այդ միանգամայն անհրաժեշտ էր։
— Mardi entre les 8 et 9 heures. Vous me ferez grand plaisir.<ref>Երեքշաբթի, ժամը 8-ի և 9-ի արանքում։ Մեծ բավականություն կպատճառեք ինձ։</ref>
Բորիսը խոստացավ նրա ցանկությունր կատարել և ուզում էր նրա հետ խոսակցություն սկսել, երբ Աննա Պավլովնան, մորաքրոջ պատրվակով, Բորիսին կանչեց, թե մորաքույրը կամենում է նրան լսել։
— Դուք ճանաչում եք դրա ամուսնուն, չէ՞.— ասավ Աննա Պավլովնան՝ աչքերը փակելով և տխուր շարժումով Էլենին ցույց տալով։— Ա՜խ, դա մի այնպիսի՜ դժբախտ ու հիանալի կին է։ Խնդրում եմ, նրա մոտ ամուսնու մասին չխոսեք։ Դա նրա համար անչափ ծանր է։
=== VII ===
Երբ Բորիսն ու Աննա Պավլովնան միացան ընդհանուր խմբին, այդտեղ խոսում էր իշխան Իպպոլիտը։
Նա՝ բազկաթոռի վրա առաջ ձգված, ասավ. le Roi de Prusse<ref>Պրուսիայի թագավորը։</ref>, ու այդ ասելով, ծիծաղեց։ Բոլորը դարձան դեպի նա։
— Le Roi de Prusse?— հարցրեց Իպպոլիտը, կրկին ծիծաղեց և կրկին լուրջ ու հանգիստ ձևով խորը նստեց բազկաթոռի մեջ։ Աննա Պավլովնան փոքր-ինչ սպասեց նրան, բայց որովհետև Իպպոլիտը թվում էր թե բոլորովին չէր ուզում խոսել, ինքն Աննա Պավլովնան խոսք բաց արավ այն մասին, թե ինչպես անաստված Բոնապարտը Պոտսդամում գողացել է Ֆրիդրիխ Մեծի թուրը։
— C’est l’épée de Frédéric le Grand, que je…<ref>Այդ Ֆրիգրիխ Մեծի թուրն է, որը ես…</ref>— ուզում էր սկսել նա, բայց Իպպոլիտն ընդհատեց։
— Le Roi de Prusse…— ու կրկին, երբ դարձան դեպի նա, Իպպոլիտը ներողություն խնդրեց ու լռեց։
Աննա Պավլովնան դեմքը խոժոոեց։ Mortemart-ը, Ւպպոլիտի ընկերը, կտրուկ դարձավ դեպի նա։
— Voyons, à qui en avez-vous avec votre Roi de Prusse.<ref>Դե ուրեմն ի՞նչ Պրուսիայի թագավորի մասին։</ref>
Իպպոլիտը ծիծաղեց, և նա կարծես ամաչում էր իր ծիծաղից։
— Non, ce n’est rien, je voulais dire seulement…<ref>Ես ուզում էի միայն ասել…</ref> (Նա մտադիր էր կրկնել այն կատակը, որ լսել էր Վեննայում, և որն ասելու համար պատրաստվում էր ամբողջ երեկո։). Je voulais dire seulement, que nous avons tort de faire la guerre ''pour le Roi de Prusse''։<ref>Ես ուզում էի միայն ասել, որ մենք իզուր ենք կռվում Պրուսիայի թագավորի համար (բառախաղ, որ նշանակում է. կռվում ենք մեզ չվերաբերող գործի համար)։</ref>
Բորիսն զգույշ ժպտաց, այնպես, որ նրա ժպիտը կարող էր համարվել և՛ հեգնանք, և՛ հեգնանքի հավանություն, նայած ինչպես կընդունվեր։ Բոլորը ծիծաղեցին։
— Il est très mauvais, votre jeu de mot, très spirituel, mais injuste,— կնճռոտ մատով սպառնալով ասավ Աննա Պավլովնան։— Nous ne faisons pas le guerre pour le Roi de Prusse, mais pour les bons principes. Ah, le méchant, ce prince Hippolyte!<ref>Ձեր բառախաղը լավ չէ, շատ սրամիտ է, բայց անարդարացի, մենք չենք կռվում Պրուսիայի թագավորի համար, այլ լավ սկզբունքների համար։ Ահ, ինչ չարն է այդ իշխան Իպպոլիտը։</ref>— ասավ նա։
Խոսակցությունը, որ կենտրոնացած էր առավելապես քաղաքական նորությունների շուրջը, չդադարեց ամբողջ երեկո։ Երեկույթի վերջում զրույցն առանձնապես աշխուժացավ, երբ խոսք բացվեց թագավորի շնորհած պարգևների մասին։
— Չէ որ անցյալ տարի NN ստացավ ծխախոտի տուփ՝ թագավորի պատկերով,— ասում էր l’homme à l’esprit profond<ref>Խորաթափանց մտքի տերը։</ref>,— իսկ ինչո՞ւ SS չի կարող նույն պարգևն ստանալ։
— Je vous demande pardon, une tabatière avec le portrait de l’Empereur es tune récompense, mais point une distinction,— ասավ դիվանագետը, un cadeau plutôt.<ref>Ներեցեք, թագավորի պատկերով ծխախոտի տուփը — պարգև է և ոչ պատվանշան, ավելի շուտ ընծա։</ref>
— Il y eu plutôt des antécédents, je vous citerai Schwarzenberg.<ref>Եղել են օրինակներ — Շվարցենբերգը։</ref>
— C’est impossible<ref>Այդ անկարելի է։</ref>,— աոարկեը մյուսը։
— Գրազ գանք։ Le grand cordon, c’est différent…<ref>Մեծ ժապավենը, դա ուրիշ։</ref>
Երբ բոլորը վեր կացան գնալու, Էլենը, որ այդ ամբողջ երեկոն շատ քիչ էր խոսում, կրկին դիմեց Բորիսին, խնդրելով և մեղմ ու խորհրդավոր ձևով հրամայելով, որ նա երեքշաբթի օրը լինի իր մոտ։
— Դա շատ կարևոր է,— ասավ նա ժպտալով, Աննա Պավլովնային նայելով, իսկ Աննա Պավլովնան նույն տխուր ժպիտով, որ նրա դեմքից չէր հեռանում, երբ խոսում էր իր բարձր հովանավորուհու մասին, հաստատեց Էլենի ցանկությունը։
Թվում էր, թե Էլենն այդ երեկո Բորիսի՝ պրուսական պատերազմի մասին պատմածներից եզրակացրել է, որ Բորիսին անհրաժեշտ է տեսնել։ Նա կարծես Բորիսին խոստանում էր, որ նա եթե երեքշաբթի օրը գա, ինքը նրան կբացատրի այդ անհրաժեշտությունը։
Երեքշաբթի երեկոյան Էլենի հոյակապ սալոնը գալով՝ Բոբիսը պարզ բացատրություն չստացավ, թե իր գալն ինչո՛ւ էր անհրաժեշտ։ Ուրիշ հյուրեր կային։ Կոմսուհին նրա հետ քիչ խոսեց, և միայն հրաժեշտ տալիս, երբ Բորիսը համբուրում էր նրա ձեռը, Էլենն այս անգամ տարօրինակ կերպով անժպիտ, անսպասելի շշուկով ասավ նրան. «Venez demain dîner… le soir. Il faut, que vous veniez… Venez<ref>Վաղը, եկեք ճաշելու… երեկոյան։ Ձեր գալը կարևոր է… Եկեք։</ref>»։
Այս անգամ Պետերբուրգ գալով, Բորիսը դարձավ կոմսուհի Բեզուխովայի տան մոտիկ մարդը։
=== VIII ===
Պատերազմը սաստկանում էր, և ռազմաբեմը հետզհետե մոտենում էր ռուսական սահմաններին։ Ամեն կողմից անեծքներ էին լսվում մարդկային ցեղի թշնամի՝ Բոնապարտի հասցեին. գյուղերում հավաքում էին պահեստի զինվորներին ու նորակոչներին, ռազմաճակատից ստացվում էին բազմապիսի ու բազմազան տեղեկություններ, ինչպես միշտ՝ սուտ, ուրեմն և տարբեր կերպ մեկնաբանվող։
Ծեր իշխան Բալկոնսկու, իշխան Անդրեյի և իշխանադուստր Մարիայի կյանքը 1805 թվից հետո շատ բանով փոխվեց։
1806 թվին ծեր իշխանը նշանակվեց երկրապահ զորքի ութը գլխավոր հրամանատարներից մեկի պաշտոնում։ Նա, չնայած իր զառամյալ հասակին ու թուլության, որ ավելի նկատելի դարձավ այն ժամանակ, երբ նա որդուն սպանված էր համարում,— իրավունք չհամարեց հրաժարվել այդ պաշտոնից, որն ընդունել էր նա հենց թագավորի նշանակումով, և այս նոր գործունեությունը ոգևորեց ու ամրապնդեց նրան։ Իրեն վստահած երեք նահանգում՝ նա շարունակ շրջագայում էր ու ճամփորդում. բծախնդրության չափ ճշտապահ էր իր պարտականությունների կատարման մեջ, դաժանության չափ խիստ էր իր ստորադրյալների վերաբերմամբ և անձամբ հետևում էր գործի բոլոր մանրամասնություններին։ Իշխանադուստր Մարիան այլևս մաթեմատիկայի դասեր չէր վերցնում հորից, և առավոտները միայն՝ ծծմոր ուղեկցությամբ, փոքրիկ իշխան Նիկոլայի հետ (ինչպես անվանում էր նրան պապը), մտնում էր հոր առանձնասենյակը, երբ նա տանն էր լինում։ Ծծկեր իշխան Նիկոլայը՝ ծծմոր և դայակ Սավիշնայի հետ՝ ապրում էր հանգուցյալ իշխանուհու հարկաբաժնում, և իշխանադուստր Մարիան օրվա մեծ մասն անց էր կացնում մանկանոցում, փոխարինելով, որքան կարող էր, փոքրիկի մորը։ M-lle Bourienne-ը նույնպես, ինչպես երևում էր, սաստիկ սիրում էր երեխային, և իշխանադուստր Մարիան հաճախ իրեն զրկելով, փոքրիկ հրեշտակին (ինչպես անվանում էր նա երեխային) խնամելու և նրա հետ խաղալու բավականությունը զիջում էր ընկերուհուն։
Լիսիե Գորիի եկեղեցու բակում կար մի մատուռ՝ ջահել իշխանուհու գերեզմանի վրա. այդ մատուռի մեջ դրված էր Իտալիայից բերված մարմարյա մի արձան, որ պատկերացնում էր մի հրեշտակ, որը թևերը բացած պատրաստվում էլ երկինք բարձրանալ։ Հրեշտակի վերին շուրթը փոքր-ինչ բարձրացած էր, նա կարծես պատրաստվում էր ժպտալ. և մի անգամ իշխան Անգրեյն ու իշխանադուստր Մարիան, մատուռից դուրս դալով, ասին միմյանց, թե այդ հրեշտակի կերպարանքը տարօրինակ կերպով հիշեցնում է հանգուցյալի դեմքը։ Բայց ամենից տարօրինակը, և որն իշխան Անդրեյը չասաց քրոջը, ա՛յն էր, որ այդ արտահայտության մեջ, որ նկարիչը պատահաբար տվել էր հրեշտակի դեմքին,— իշխան Անդրեը կարդում էր հեզ հանդիմանանքի նույն խոսքերը, ինչ որ նա այն ժամանակ կարդաց իր մեռած կնոջ դեմքին. «Ա՜խ ինչո՞ւ դուք այդպես վարվևցիք ինձ հետ»»։
Շուտով, իշխան Անդրեյի վերադառնալուց հետո, ծեր իշխանը որդուն բաժանեց և տվեց նրան Բոգուչարովոն՝ մի մեծ կալվածք, որ գտնվում էր Լիսիե Գորիից 40 վերստ հեռու։ Մասամբ ծանր հիշողությունների պատճառով, որ կապված էին Լիսիե Գորիի հետ, մասամբ այն պատճառով, որ իշխան Անդրեյը միշտ էլ չէր կարող հոր բնավորությունը տանել, մասամբ էլ նրա համար, որ իրեն առանձնություն էր հարկավոր, իշխան Անդրեյն օգտվեց այդ հանգամանքից և Բոգուչարովոյում կառուցումներ էր կատարում, ուր և անց էր կացնում ժամանակի մեծ մասը։
Աուստերլիցի կռվից հետո իշխան Անդրեյը հաստատապես որոշել էր այլևս երբեք չմտնել զինվորական ծառայության, և երբ պատերազմն սկսվեց և բոլորը պետք է ծառայեին, նա, որպեսզի իսկական ծառայությունից խուսափի, ստանձնեց զինվորներ հավաքելու պաշտոն՝ հոր իշխանության ներքո։ 1805 թվի պատերազմից հետո ծեր իշխանն ու որդին կարծես փոխել էին իրենց դերերը։ Ծեր իշխանը նոր գործունեությամբ ոգևորված, այդ պատերազմից միայն լավ բան էր սպասում, իսկ իշխան Անդրեյը, ընդհակառակը, պատերազմին չմասնակցելով և հոգու խորքում այդ մասին ցավելով, միայն վատ բան էր տեսնում։
1807 թվի փետրվարի 26-ին ծեր իշխանը մեկնեց իր շրջանը։ Իշխան Անդրեյը, ինչպես մեծ մասամբ հոր բացակայության միջոցին, մնաց Լիսիե Գորիում։ Փոքրիկ Նիկոլայն արդեն 4-րդ օրն էր՝ տկար էր։ Ծեր իշխանին տանող կառապանները, քաղաքից վերադառնալով, գրություններ ու նամակներ բերին իշխան Անդրեյին։
Սենեկապահը, երիտասարդ իշխանին սենյակում չգտնելով, նամակները ձեռին անցավ իշխանադուստր Մարիայի հարկարաժինը, բայց իշխանն այդտեղ էլ չկար։ Սենեկապահին ասին, որ իշխանը գնաց մանկանոց։
— Համեցեք, ձերդ պայծառափայլություն, Պետրուշկան եկավ գրություններ բերեց,— ասավ դայակի օգնական աղջիկներից մեկը, դիմելով իշխան Անդրեյին, որ մանկական փոքրիկ աթոռի վրա նստած, դողացող ձեռներով, դեմքը խոժոռելով դեղ էր կաթեցնում կիսով չափ ջրով լի բաժակի մեջ։
— Ի՞նչ է,— ասավ նա բարկացած և ձեռն անզգույշ շարժելով, բաժակի մեջ կաթեցրեց դեղի ավելորդ կաթիլներ։ Նա բաժակի դեղը թափեց հատակին և նորից ջուր ուզեց։ Աղջիկը բերեց։
Սենյակում դրված էր երեխայի մահճակալը, երկու սնդուկ, երկու բազմոց, սեղան և մանկական մի փոքրիկ սեղան ու աթոռակ, որի վրա նստել էր իշխան Անդրեյը։ Լուսամուտների վարագույրներն իջեցված էին, իսկ սեղանի վրա վառվում էր մի մոմ, որ դրված էր կազմած նոտագրքի վրա այնպես, որ լույսը չընկներ մահճակալին։
— Բարեկամ,— դիմեց եղբորն իշխանադուստր Մարիան փոքրիկ մահճակալի մոտից, ուր կանգնած էր.— ավելի լավ է սպասել… հետո՛…
— Ա՛խ, կներե՛ս, դու միշտ հիմարություններ ես ասում. դու առանց այն էլ շատ ես սպասել, ա՛յս էլ քո սպասելը,— ասավ իշխան Անդրեյը կատաղի շշնջոցով, ըստ երևույթին ցանկանալով քրոջը խայթել։
— Բարեկամ, ավելի լավ է մի զարթեցնի, քնած է,— ասավ իշխանադուստրն աղերսաձայն։
Իշխան Անդրեյը ելավ և ոտների ծայրերի վրա, բաժակը ձեռին մոտեցավ երեխայի մահճակալին։
— Իսկապես չզարթեցնե՞մ,— ասավ նա անվճռական։
— Ինչպես կուզես՝ քո բանն է… ես կարծում եմ… է, ինչպես կուզես,— ասավ իշխանադուստր Մարիան, ըստ երևույթին ամաչելով ու քաշվելով, որ իր կարծիքը հաղթանակեց։ Նա եղբոր ուշադրությունը հրավիրեց սպասուհու վրա, որ շշուկով կանչում էր նրան։
Երկրորդ գիշերն էր, որ նրանք երկուսն էլ չէին քնել և շարունակ խնամում էին տաքության մեջ տապակվող երեխային։ Այս բոլոր օրերը՝ նրանք, չվստահելով իրենց տանու բժշկին և սպասելով մի ուրիշ բժշկի, որի ետևից մարդ էին ուղարկել քաղաք, ձեռք էին առնում մեկ այս, մեկ մյուս միջոցը։ Անհանգիստ ու անքնությունից տանջված, նրանք միմյանց վրա էին գցում իրենց վիշտը, հանդիմանում էին իրար ու կռվում։
— Պետրուշկան գրություններ է բերել հայրիկից,— շշնջաց սպասուհին։ Իշխան Անդրեյը դուրս գնաց։
— Որ սատանան բերեց դրանց,— ասավ նա, և հոր արած բերանացի կարգադրությունները լսելով, վերցրեց նրա ուղարկած նամակն ու ծրարները և կրկին վերադարձավ մանկանոց։
— Հը, ինչպե՞ս է,— հարցրեց նա։
— Դարձյալ նույնն է. սպասիր, ի սեր աստծու։ Կարլ Իվանիչը միշտ ասում է, որ քունն ամեն բանից թանկ է,— հառաչելով շշնջաց իշխանադուստր Մարիան։
Իշխան Անդրեյը մոտեցավ երեխային և շոշափեց նրան։ Երեխան տաքության մեջ վառվում էր։
— Կորե՛ք դուք ձեր Կարլ Իվանիչի հետ,— ասավ իշխան Անդրեյը և դեղի կաթիլներով բաժակը վերցնելով, կրկին մոտեցավ երեխային։
— André, հարկավոր չի,— ասավ իշխանադուստր Մարիան։
Բայց նա չարությամբ և դրա հետ միասին տանջագին խոժոռեց դեմքը քրոջ վրա ու բաժակը ձեռին կռացավ դեպի երեխան։
— Ես այսպես եմ ցանկանում,— ասավ նա,— խնդրում եմ, տո՛ւր նրան խմելու։
Իշխանադուստր Մարիան ուսերը շարժեց, բաժակը վերցրեց հնազանդ և դայակին կանչելով, սկսեց երեխային դեղ տալ։ Երեխան ճչաց և խռխռաց։ Իշխան Անդրեյը դեմքը խոժոռելով՝ գլուխը բռնեց, դուրս եկավ սենյակից և գնաց նստեց հարևան սենյակի բազմոցի վրա։
Նամակները դեռևս ձեռին էին։ Նա մեքենաբար բացեց նամակները և սկսեց կարդալ։ Ծեր իշխանը կապույտ թղթի վրա խոշոր երկարուկ ձեռագրով, տեղ-տեղ պատիվներ դնելով՝ գրում էր հետևյալը.
«Այս րոպեիս սուրհանդակի միջոցով ստացա մի շատ ուրախալի տեղեկություն, եթե միայն սուտ չի։ Իբրև թե Բենիգսենը Էլաուի մոտ լիակատար հաղթություն է տարել Բոնապարտի դեմ։ Պետերբուրգում բոլորը ցնծության մեջ են, իսկ զորքին ուղարկվող պարգևներին վերջ չկա։ Թեև գերմանացի է, բայց շնորհավորում եմ։ Կորչևայի գավառապետը, ոմն Խանդրիկով, չեմ հասկանում ինչ գործի է. մինչև այժմ օժանդակ ուժեր և ուտեստ չեն հասցրել։ Այժմ իսկ վազիր այնտեղ և ասա, որ ես նրա գլուխը կթռցնեմ, եթե մի շաբաթվա մեջ ամեն բան պատրասւո չլինի։ Պրեյսիշ-Էյլաուի ճակատամարտի մասին ստացա նաև Պետենկայի նամակը, նա մասնակցել է,— բոլորը ճիշտ է։ Երբ չեն խանգարում, ովքեր չպետք է խանգարեն, գերմանացին էլ է թակում Բոնապարտին։ Ասում են, շատ անկարգ է նահանջում-փախչում։ Ուրեմն տե՛ս, իսկույն վազիր Կորչևա և ասածս կատարիր»։
Իշխան Անդրեյը հառաչեց և բացեց մյուս ծրարը։ Դա երկու թերթի վրա մանր տառերով գրած նամակ էր՝ Բիլիբինից։ Անդրեյն առանց կարդալու, ծալեց այն և կրկին կարդաց հոր նամակը, որ վերջանում էր այս խոսքերով. «Վազիր՛ Կորչևա և ասածս կատարի՛ր»։
«Ոչ, ներողություն կանես, ես այժմ չեմ կարող գնալ, մինչև երեխան չառողջանա», մտածեց նա և դռանը մոտենալով, նայեց մանկանոցի ներսը։
Իշխանադուստր Մարիան դարձյալ կանգնած էր մահճակալի մոտ և կամաց օրորում էր երեխային։
«Հա, սպասիր։ էլ ի՞նչ անհաճո բան էր գրում նա»։ Հիշեց իշխան Անդրեյը հոր նամակի բովանդակությունը։ «Հա։ Մերոնք հաղթություն են տարել Բոնապարտի դեմ հենց այն ժամանակ, երբ ես չեմ ծառայում։ Այո, այո, ամեն ինչ ծիծաղում է ինձ վրա… Դե, ինչ արած, բարի՛ վայելում»…, և նա սկսեց կարդալ Բիլիբինի ֆրանսերեն նամակը։ Կարդում էր, կեսը չհասկանալով, կարդում էր միայն նրա համար, որ գոնե մի րոպե դադարի մտածել այն մասին, ինչի մասին շատ երկար ժամանակ մտածում էր նա այնպես անսովոր ու տանջալից։
=== IX ===
Բիլիբինն այժմ իբրև դիվանագիտական պաշտոնյա գտնվում էր զորքի գլխավոր կայանում և թեև ֆրանսերեն, ֆրանսական հանաքներով ու ոճերով, բայց միայն ռուսներին հատուկ ձևով, առանց վախենալու ինքնադատապարտումից ու ինքնածաղրից՝ նկարագրում էր ամբողջ կռիվը։ Բիլիբինը գրում էր, թե իր դիվանագիտական discrétion-ը<ref>Զգուշավորությունը։</ref> տանջել է իրեն և թե ինքը երջանիկ է, որ հանձին իշխան Անդրեյի ունի հավատարիմ մի թղթակից, որի առաջ կարող է զեղել իր սրտում կուտակված ամբողջ մաղձը այն ամենի հանդեպ, ինչ կատարվում է զորքի մեջ։ Այդ նամակը հին էր, գրված դեռևս Պրեյսիշ-Էյլաուի ճակատամարտից առաջ։
«Depuis nos grands succès d’Austerlitz vous savez, mon cher Prince,— գրում էր Բիլիբինը,— que je ne quitte plus les quartiers généraux. Décidément j’ai pris le goût de la guerre, et bien m’en a pris. Ce que j’ai vu ces trois, mois, est incroyable.<ref>Աուստերլիցում ունեցած մեր փայլուն հաջողությունների օրից, իմ սիրելի իշխան, դուք գիտեք, որ ես այլևս գլխավոր կայաններից չեմ հեռանում։ Ես միանգամայն ընտելացել եմ պատերազմին, և այդ բանից շատ գոհ եմ. այն ինչ որ տեսել եմ այս երեք ամսում՝ անհավատալի է։</ref>
Je commence ''ab ovo''. ''L’ennemi du genre humain'', comme vous savez, s’attaque aux Prussiens. Les Prussiens sont nos fidèles alliés, qui ne nous ont trompés que trois fois depuis trois ans. Nous prenons fait et cause pour eux. Mais il se trouve que l’ennemi du genre humain ne fait nulle attention à nos beaux discours, et avec sa manière impolie et sauvage se jette sur les Prussiens sans leur donner le temps de finir la parade commencée, en deux tours de main les rosse à plate couture et va s’installer au palais de Potsdam.<ref>Ես սկսում եմ սկզբից։ Ձեզ հայտնի ''մարդկային ցեղի թշնամին'' հարձակվում է պրուսացիների վրա։ Պրուսացիները՝ մեր հավատարիմ դաշնակիցներն են, որ երեք տարվա մեջ միայն երեք անգամ են մեզ խաբել։ Մենք միշտ տուժում ենք նրանց պատճառով։ Բայց բանից պարզվում է, որ ''մարդկային ցեղի թշնամին'' ոչ մի ուշադրություն չի դարձնում մեր գեղեցիկ ճառերի վրա և իր գռեհիկ ու վայրենի ձևով նետվում է պրուսացիների վրա,— ժամանակ չտալով նրանց վերջացնելու իրենց զորահանդեսը,— ջարդ ու փշուր է անում նրանց և բնակություն հաստատում Պոտսդամի պալատում։</ref>
J’ai le plus vif désir, écrit le Roi de Prusse à Bonaparte, que V. M. soit accueillie et traitée dans mon palais d’une manière, qui lui soit agréable et c’est avec еmpres-sement, que j’ai pris à cet effet toutes les mesures que les circonstances me permettaient. Puissé-je avoir réussi! Les généraux Prussiens se piquent de politesse envers les Français et mettent bas les armes aux premières sommations.<ref>Ես շատ ցանկանում եմ,— գրում է պրուսական թագավորը Բոնապարտին,— որ ձերդ մեծությունն իմ պալատում ընդունվի իր համար ամենահաճելի կերպով, և ես առանձին հոգատարությամբ այդ առթիվ արել եմ բոլոր հարկավոր կարգադրությունները, որքան թույլ են ավել հանգամանքները։ Անչափ կցանկանայի, որ ես հասնեի նպատակիս։ Պրուսական գեներալները ֆրանսացիների առաջ պարծենկոտությամբ ցուցադրում են իրենց քաղաքավարությունը և անձնատուր են լինում ըստ առաջին պահանջի։</ref>
Le chef de la garnison de Glogau avec dix mille hommes, demande au Roi de Prusse, ce qu’il doit faire s’il est sommé de se rendre?… Tout cela est positif.<ref>Գլոդաուի կայազորի պետը՝ տասը հազար զինվորով, հարցում է անում պրուսական թագավորին, թե ինչ անի ինքը, եթե ստիպված լինի անձնատուր լինել։ Այս բոլորը միանգամայն դրական է։</ref>
Bref, espérant en imposer seulement par notre attitude militaire, il se trouve que nous voilà en guerre pour tout de bon, et ce qui plus est, en guerre sur nos frontières ''avec et pour le Roi de Prusse''. Tout est au grand complet, il ne nous manque qu’une petite chose, c’est le général en chef. Comme il s’est trouvé que les succès d’Austerlitz auraient pu être plus décisifs si le général en chef eut été moins jeune, on fait la revue des octogénaires et entre Prosorofsky et Kamensky, on donne la préférence au dernier. Le général nous arrive en kibik à la manière Souvoroff, et est accueilli avec des acclamations de joie et de triomphe.<ref>Մի խոսքով, մենք մտադիր էինք նրանց սարսափ ազդել մեր ռազմական ուժերի դրությամբ, բայց բանը վերծանում է նրանով, որ մենք կռվի ենք բռնվում հենց մեր սահմանագլխին, և, որ գլխավորն է, պրուսական թագավորի համար և նրա հետ միասին։ Մեզ մոտ ամեն ինչ առատ է, պակասում է միայն մի փոքրիկ բան, այն է՝ գլխավոր հրամանատար։ Որովհետև բանից պարզվեց, որ Աուստերլիցի հաջողությունները կարող էին ավելի վճռական արդյունքներ տալ, եթե հրամանատարն այնքան ջահել չլիներ, ուստի այժմ կազմվում է ութսուն տարեկան գեներալների ցուցակ, և ունենալով երկու թեկնածու՝ Պրոզորովսկուն ու Կամենսկուն,— ընտրում են վերջինիս։ Գեներալը մեզ մոտ գալիս է Սուվորովի պես ծածկույթավոր սայլակով (կիբիտկա) և նրան ընդունում են ուրախ ու հանդիսավոր բացականչություններով։</ref>
Le 4 arrive le premier courrier de Pétersbourg. On apporte les malles dans le cabinet du maréchal, qui aime à faire tout par lui-même. On m’appelle pour aider à faire le triage des lettres et prendre celles qui nous sont destinées. Le maréchal nous regarde faire et attend les paquets qui lui sont adressés. Nous cherchons — il n’y en a point. Le maréchal devient impatient, se met lui-même à la besogne et trouve des lettres de l’Empereur pour le comte T., pour le prince V. et autres. Alors le voilà qui se met dans une de ses colères bleues. Il jette feu et flamme contre tout le monde, s’empare des lettres, les décachète et lit celles de l’Empereur adressées à d’autres. Աա՜, այդպես են ինձ հետ վարվում, ինձ չեն վստահում։ Աա՜, կարգադրված է հսկել ինձ։ Է՛, լավ, կորե՛ք։ Et il écrit le fameux ordre du jour au général Benigsen.<ref>4-ին Պետերբուրգից գալիս է առաջին սուրհանդակը։ Ճամպրուկները բերում են ֆելդմարշալի առանձնասենյակը, որ սիրում է ամեն ինչ իր ձեռով անել։ Ինձ կանչում են, որ օգնեմ նամակները ջոկելու և վերցնեմ այն, ինչ մեզ է վերաբերում։ Ֆելդմարշալն այդ զբաղմունքը թողնելով մեզ, սպասում է իրեն հասցեագրված ծրարների։ Մենք որոնում ենք, բայց այդպիսիները չեն երևում։ Ֆելդմարշալն սկսում է հուզվել, ապա ինքն է անցնում գործի և գտնում է թագավորի նամակները՝ ուղղված կոմս Տ.-ին, իշխան Վ.-ին և ուրիշներին։ Նա սաստիկ բռնկվում է, իրեն կորցնում, վերցնում է ու բանում նամակները և կարդում կայսեր նամակները՝ հասցեագրված ուրիշներին… Ապա գրում է իր նշանավոր հերթական հրամանը գեներալ Բենիգսենին։</ref>
«Վիրավորված եմ, չեմ կարողանում ձի նստել, հետևաբար և զորքերը վարել։ Դուք ձեր զորամասը ջարդված բերիք Պուլտուսկ. այստեղ նա բացօթյա է, առանց վառելիքի, առանց կերի, ուրեմն և պետք է օգնել, և որովհետև երեկ իրենք դիմեցին կոմս Բուկսհեվդենին, պետք է մտածել դեպի մեր սահմանները նահանջելու մասին, որը և կատարել այսօր»։
«Իմ բոլոր շրջագայությունների միջոցին, écrit-il à l’Empereur, (գրում է նա կայսեր) — թամբից վերք եմ ստացել, ո՛րը և բոլորովին խանգարում է ինձ ձիով տեղ գնալ և ղեկավարել այսպիսի մի մեծ բանակ, ուստի և նրա հրամանատարությունը հանձնեցի իմ ավագ գեներալ Բուկսհեվդենին, ուղարկելով նրան բոլոր հերթապահությունը և ամենը, ինչ վերաբերում է դրան, խորհուրդ տալով նրանց, որ հաց չլինելու դեպքում նահանջեն Պրուսիայի ներքին գավառները, որովհետև մի օրվա հաց է մնացել, իսկ մի քանի գնդեր՝ ոչինչ չունեն, ինչպես հայտնել են այդ մասին դիվիզիայի հրամանատարներ Օստերմանը և Սեդմորեցկին, իսկ գյուղացիների մոտ ոչինչ չկա. ամեն ինչ կերել են։ Ես՝ մինչև առողջանալս՝ մնում եմ Օստրոլենկի հիվանդանոցում։ Ամենախոնարհ կերպով զեկուցում եմ ձեզ, որ եթե զորքը ներկա բանակատեղում մնա ևս տասնհինգ օր, գարնանը ոչ մի առողջ մարդ չի մնա»։
«Արձակեցեք ծերունուս՝ գնամ գյուղ, որ առանց այն էլ անփառունակ վիճակում եմ գտնվում, որ չկարողացա կատարել մի մեծ և փառավոր գործ, որի համար կոչված էի։ Այդ մասին սպասելու եմ ձեր ամենաողորմած թույլտվությանը՝ այստեղի հիվանդանոցում, որպեսզի չլինեմ զորքի գրագրի դերում։ Ինձ զորքից հեռացնելը՝ ամենաչնչին խոսակցությունների անգամ տեղիք չի տա, թե կուրացածի մեկը հեռացավ բանակից։ Ինձ նման Ռուսաստանում հազարները կան»։
Le Maréchal se fâche contre l’Empereur et nous punit tous; n’est ce pas que с’est logique!<ref>Ֆելդմարշալը բարկանում է կայսեր վրա և մեզ բոլորիս պատժում. մի՞թե սա տրամա բանական չէ։</ref>
Voilà le premier acte. Aux suivants l’intérêt et le ridicule montent comme de raison. Après le départ du Maréchal il se trouve que nous sommes en vue de l’ennemi, et qu’il faut livrer bataille. Boukshevden est général en chef par droit d’ancienneté, mais le général Benigsen n’est pas de cet avis; d’autant plus qu’il est lui, avec son corps en vue de l’ennemi, et qu’il veut profiter de l’occasion d’une bataille «aus eigener Hand» comme disent les Allemands. Il la donne. C’est la bataille de Poultousk qui est sensée être une grande victoire, mais qui à mon avis ne l’est pas du tout. Nous autres pekins avons, comme vous savez, une très vilaine habitude de décider du gain ou de la perte d’une bataille. Celui qui s’est retiré après la bataille, l’a perdu, voilà ce que nous disons, et à ce titre nous avons perdu la bataille de Poultousk. Bref, nous nous retirons après la bataille, mais nous envoyons un courrier à Pétersbourg, qui porte les nouvelles d’une victoire, et le général ne cède pas le commandement en chef à Boukshevden, espérant recevoir de Pétersbourg en reconnaissance de sa victoire le titre de général en chef. Pendant cet interrègne, nous commençons un plan de manœuvres excessivement intéressant et original. Notre but ne consiste pas, comme il devrait l’être, à éviter ou à attaquer l’ennemi; mais uniquement à éviter le général Boukshevden, qui par droit d’ancnneté serait notre chef. Nous poursuivons ce but avec tant d’énergie, que même en passant une rivière qui n’est рas guéable, nous brûlons les ponts pour nous séparer de notre ennemi, qui pour le moment, n’est pas Bonaparte, mais Boukshevden. Le général Boukshevden a manqué être attaqué et pris par des forces ennemies supérieures à cause d’une de nos belles manœuvres qui nous sauvait de lui. Boukshevden nous poursuit – nous filons. A peine passe-t-il de notre côté de la rivière, que nous repassons de l’autre. A la fin notre ennemi Boukshevden nous attrappe et s’attaque à nous. Les deux généraux se fâchent. Il y a même une provocation en duel de la part de Boukshevden et une attaque d’épilepsie de la part de Benigsen. Mais au moment critique le courrier, qui porte la nouvelle de notre victoire de Poultousk, nous apporte de Pétersbourg notre nomination de général en chef, et le premier ennemi Boukshevden est enfoncé: nous pouvons penser au second, à Bonaparte. Mais ne voilà-t-il pas qu’à ce moment se lève devant nous un troisième ennemi, c’est le ուղղափառ զինվորը, qui demande à grands cris du pain, de la viande, des souchary, du foin, – que sais je! Les magasins sont vides, les сhemins impraticables. Le ուղղափառ զինվորը se met à la maraude, et d’une manière dont la dernière campagne ne peut vous donner la moindre idée. La moitié des régiments forme des troupes libres, qui parcourent la contrée en mettant tout à feu et à sang. Les habitants sont ruinés de fond en comble, les hôpitaux regorgent de malades, et la disette est partout. Deux fois le quartier général a été attaqué par des troupes de maraudeurs et le général en chef a été obligé lui même de demander un bataillon pour les chasser. Dans une de ces attaques on m’a еmporté ma malle vide et ma robe de chambre. L’Empereur veut donner le droit à tous les chefs de divisions de fusiller les maraudeurs, mais je crains fort que cela n’oblige une moitié de l’armée de fusiller l’autre.<ref>Ահա առաջին գործողությունը։ Ինքնըստինքյան պարզ է, որ այս վերջին հրամանատարների օրով հետաքրքրությունն ու զավեշտականությունն աճում են։ Ֆելդմարշալի գնալուց հետո պարզվում է, որ թշնամին գալիս է մեզ վրա և պետք է ճակատամարտ տալ։ Բուկսհեվգենը գլխավոր հրամանատարն է՝ ըստ ավագության, բայց գեներալ Բենիգսեսը բոլորովին այլ կարծիքի է, առավել ևս, որ նա իր կորպուսով գտնվում է թշնամու առջև և ուզում է առիթից օգտվել, ճակատամարտ տալ ինքնուրույնաբար։ Եվ տալիս է։ Դա Պուլտուսկի ճակատամարտն է, որը մեծ հաղթության է համարվում, բայց որը, իմ կարծիքով, բոլորովին այդպիսին չէ։ Մենք, ոչ-զինվորականներս, ինչպես գիտեք, վատ սովորության ունենք միշտ քննարկել կռիվը տանելու կամ տանուլ տալու հարցը։ Նա, ով ճակատամարտից հետո նահանջել է, նա էլ, մեր կարծիքով, տանուլ է տվել. ուստի այդպես դատելով մենք տանուլ ենք տվել Պուլտուսկի ճակատամարտը։ Մի խոսքով՝ մենք կռվից հետո նահանջում ենք, բայց սուրհանդակ ենք ուղարկում Պետերբուրգ՝ հաղթության մասին տեղեկություն տալու, և գեներալ Բենիգսենը բանակի զորապետությունը չի զիջում գեներալ Բուկսհեվդենին, հույս ունենալով Պետերբուրգից ի շնորհակալություն իր տարած հաղթության, ստանալ գլխավոր հրամանատարի կոչումը։ Միջիշխանության այս պահին մենք սկսում ենք շատ յուրահատուկ հետաքրքրական մի շարք մանևրներ։ Մեր նպատակն այլևս այն չէ, ինչպիսին պիտի լիներ, որպեսզի խուսափենք թշնամուց կամ հարձակվենք նրա վրա, այլ այն, որ խուսափենք գեներալ Բուկսհեվդենից, որ ավագության իրավունքով պետք է մեր պետը լիներ։ Մենք մեր այս նպատակին հետամուտ ենք այնպիսի եռանդով, որ մինչև անգամ գետն անցնելիս, մի գետ, որ ծանծաղուտներ չունի, այրում ենք կամուրջն այն նպատակով, որ մեզնից ավելի հեռացնենք թշնամուն, որ ներկայումս ոչ թե Բոնապարտն է հանդիսանում, այլ Բուկսհեվդենը։ Այսպիսի մանևրներից մեկի հետևանքով (որ մեզ ազատեց նրանից) քիչ մնաց, որ գեներալ Բուկսհեվդենը ենթարկվեր թշնամու գերազանց ուժերի հարձակման և գերի ընկներ։ Բուկսհեվդենը մեզ հալածում է, իսկ մենք փախչում ենք։ Հենց որ նա անցնում է գետի մի ափը, մենք անցնում ենք մյուսը։ Վերջապես մեր թշնամի Բուկսհեվդենը բռնում է մեզ և հարձակում գործում։ Երկու գեներալն էլ բարկանում են և բանը հասնում է մենամարտի հրավերի, որ անում է Բուկսհեվդենը և առիթ տալիս Բենիգսենի ընկնավորության։ Բայց ամենակրիտիկական րոպեին սուրհանդակը, որ Պուլտուսկի հաղթության մասին տեղեկություն էր տարել Պետերբուրգ, վերադառնում է և բերում գլխավոր հրամանատար նշանակելու լուրը, և մեր առաջին թշնամի Բուկսհեվդենը պարտված է։ Հիմա մենք կարող ենք մտածել մեր երկրորդ թշնամու՝ Բոնապարտի մասին։ Սակայն բանից պարզվում է, որ հենց այդ րոպեին մեր առաջ ծառանում է երրորդ թշնամին՝ ''ուղղափառ զորքը'', և բարձրագոչ պահանջում՝ հաց, միս, պաքսիմատ, խոտ, վարսակ և էլ ի՜նչ ասես։ Պահեստները դատարկ են, ճանապարհներն՝ անանցանելի։ Ուղղափառ զորքն սկսում է կողոպտել և կողոպուտը հասնում է այն աստիճանի, որի մասին վերջին կռիվն անգամ չէր կարող ամենափոքր գաղափար տալ ձեզ։ Գնդերի կեսը կազմում են կամավոր խմբերը, որոնք շրջում են երկրի մեջ և ամեն ինչ մատնում սրի ու հրի։ Բնակիչները բոլորովին քայքայված են, հիվանդանոցները լի են հիվանդներով և ամենուրեք սով է։ Կողոպտիչները երկու անգամ հարձակվել են նույնիսկ գլխավոր կայանի վրա, և գլխավոր հրամանատարն ստիպված էր մի գումարտակ զորք վերցնել՝ նրանց քշելու համար։ Այդ հարձակումներից մեկի միջոցին տարան իմ դատարկ ճամպրուկն ու խալաթը։ Թագավորը կամենում է դիվիզիայի պետերին իրավունք տալ գնդակահարել կողոպտիչներին, բայց ես վախենում եմ, որ դա զորքի մի մասին ստիպի՝ գնդակահարել մյուս մասին»։</ref>
Իշխան Անդրեյն սկզբից կարդում էր միայն աչքերով, բայց հետո այն, ինչ որ կարդում էր (չնայած որ նա գիտեր, թե որքան պետք է հավատալ Բիլիբինին) ակամա ավելի ու ավելի սկսում էր հետաքրքրել նրան։ Մինչև այդտեղ կարդալով, նա նամակը ճմռթեց և դեն շպրտեց։ Նրան բարկացնում էր ոչ թե այն, ինչ կարդաց նամակում, այլ այն, որ իրեն խորթ և օտարոտի մի կյանք կարող է այդչափ հուզել իրեն։ Նա աչքերը փակեց, ճակատը շփեց ձեռով, կարծես կարդացածի տպավորությունը վանելու համար, միաժամանակ ականջ դնելով, թե ինչ է կատարվում մանկանոցում։ Հանկարծ նրան թվաց, թե դռան ետևից մի արտասովոր ձայն լսվեց. նա սարսափեց, թե արդյոք մի բան չի պատահել երեխային այն միջոցին, երբ ինքը կարդում էր նամակը։ Նա ոտների մատների վրա մոտեցավ մանկանոցի դռանը և բաց արավ այն։
Այն րոպեին, երբ ներս էր մտնում, նկատեց, որ դայակը մի բան թաքցրեց իրենից, իսկ իշխանադուստր Մարիան երեխայի մահճակալի մոտը չէր։
— Սիրելիս,— լսվեց նրա ետևից մի հուսահատ շշունջ, որը նրան թվաց, թե իշխանադուստր Մարիայի ձայնն է։
Ինչպես այդ հաճախ է պատահում երկարատև անքնությունից ու երկար հուզմունքից հետո, նրան տիրեց մի անառիթ վախ, ու նա մտածեց, որ երեխան մեռել է։ Այն ամենը ինչ տեսնում ու լսում էր նա, թվում էր թե հաստատում են իր երկյուղը։
«Ամեն ինչ վերջացած է», մտածեց իշխան Անդրեյը և սառը քրտինքը պատեց նրա ճակատը։ Նա գլուխը կորցրած մոտեցավ երեխայի մահճակալին, հավատացած, որ այն դատարկ է լինելու, և որ դայակը թաքցրել է մեռած երեխային։ Նա վարագույրը ետ քաշեց և նրա սարսափահար, հածող աչքերը չկարողացան տեսնել երեխային։ Վերջապես, նա գտավ նրան, կարմրատակած երեխան փռված պառկած էր մահճակալի լայնքով, գլուխը բարձից գցած. նա քնի մեջ շուրթերը շարժելով՝ ծպծպացնում էր ու կանոնավոր շնչում։
Իշխան Անդրեյը, երեխային տեսնելով, այնքան ուրախացավ, որ կարծես արդեն կորցրել ու գտել էր նրան։ Նա կռացավ և, ինչպես քույրը սովորեցրել էր՝ շուրթերով փորձեց, թե երեխան տաքություն ունի արդյոք։ Քնքուշ ճակատը տամուկ էր. նա ձեռը մոտեցրեց երեխայի գլխին՝ մազերը նույնիսկ թաց էին, այնպես սաստիկ քրտնել էր երեխան։ Նա ոչ միայն չէր մեռել, այլև ակներև էր արդեն, որ ճգնաժամն անցել է և երեխան՝ ապաքինվել։ Նա ուզում էր այդ փոքրիկ, անօգ էակին բռնել ու սեղմել իր կրծքին, բայց չէր համարձակվում անել այդ։ Նա երեխայի գլխավերևը կանգնած՝ նայում էր նրա գլխին, փոքրիկ ձեռներին ու ոտներին, որոնք պարզ երևում էին վերմակի տակ։ Նրա կողքին զգեստների շրշյուն լսվեց և մահճակալի վարագույրի մոտ ինչ-որ ստվեր երևաց։ Նա, առանց շուրջը նայելու, շարունակեց դիտել երեխային ու լսել նրա կանոնավոր շնչառությունը։ Մութ ստվերն իշխանադուստր Մարիան էր, որ անձայն քայլերով մոտեցավ մահճակալին, վարագույրը բարձրացրեց և նորից իջեցրեց իր ետև։ Իշխան Անդրեյը, առանց նայելու, ճանաչեց նրան և ձեռը մեկնեց քրոջը։ Իշխանադուստր Մարիան սեղմեց եղբոր ձեռը։
— Քրտնել է,— ասավ իշխան Անդրեյը։
— Ես քեզ մոտ եկա, որ հայտնեմ այդ մասին։
Երեխան քնի մեջ թեթև շարժվեց, ժպտաց և ճակատը քսեց բարձին։ Իշխան Անդրեյը նայեց քրոջը։ Իշխանադստեր շողշողուն աչքերը վարագույրի անփայլ կիսախավարում՝ ուրախության արցունքներից փայլում էին սովորականից ավելի։ Իշխանադուստր Մարիան թեքվեց դեպի եղբայրն ու համբուրեց նրան, թեթևակի ձգելով մահճակալի վարագույրը։ Նրանք հանաքով սպառնացին միմյանց, դարձյալ կանգնեցին վարագույրի անփայլ լույսի մեջ, կարծես ցանկություն չունենալով բաժանվելու այդ մթնոլորտից, ուր նրանք երեքով միասին կտրված էին դրսի աշխարհից։ Առաջինն իշխան Անդրեյը՝ մազերը վարագույրին քսելով ու խճճելով, հեռացավ մանկան մահճակալից։
— Այո, սա միակ բանն է, որ մնացել է ինձ,— ասավ նա հառաչանքով։
=== X ===
Շուտով, մասոնների միաբանության մեջ ընդունվելուց հետո, Պիեռը իր համար կազմեց գործունեության ծրագիր, թե ինչ պիտի անի ինքն իր կալվածքներում, և մեկնեց Կիևի նահանգը, ուր գտնվում էր նրա գյուղացիների մեծ մասը։
Հասնելով Կիև, Պիեռն իր բոլոր կառավարիչներին կանչեց գլխավոր գրասենյակը և նրանց բացատրեց իր մտադրություններն ու ցանկությունները։ Նա նրանց ասավ, որ անմիջապես միջոցներ ձեռք կառնվեն գյուղացիներին ճորտությունից բոլորովին ազատելու, որ մինչ այդ գյուղացիներին այլևս չծանրաբեռնեն աշխատանքով, որ կանայք երեխաներով չպետք է ուղարկվեն աշխատանքի, որ գյուղացիներին պետք է օգնություն ցույց տրվի, որ պատիժները պետք է լինեն խրատական և ոչ մարմնական, որ ամեն մի կալվածում պետք է հիմնվեն հիվանդանոցներ, ապաստարաններ ու դպրոցներ։ Կառավարիչներից մի քանիսը (այդտեղ էին և կիսագրագետ տնտեսներ) լսում էին երկյուղած, Պիեռի ճառի միտքը մեկնաբանելով այնպես, թե երիտասարդ կոմսը դժգոհ է իրենց կառավարելու ձևից և փող թաքցնելուց ու յուրացնելուց. մյուսները, առաջին վախից հետո, զավեշտական էին գտնում Պիեռի շշնջալով խոսելը և նրա գործածած այն նոր բառերը, որ մինչ այդ չէին լսել իրենք, ուրիշները՝ ուղղակի բավականություն էին զգում, թե ինչպես է խոսում աղան, ոմանք էլ՝ ամենախելոքները, դրանց թվում և գլխավոր կառավարիչը, այդ ճառից հասկացան այն, թե ինչպես պետք է վարվել պարոնի հետ՝ իրենց նպատակին հասնելու համար։
Գլխավոր կառավարիչը մեծ համակրությամբ վերաբերվեց Պիեռի մտադրություններին, բայց նկատեց, որ բացի այդ բարենորոգումներից, անհրաժեշտ է զբաղվել ընդհանրապես այն գործերով, որոնք վատ դրության մեջ են։
Չնայած կոմս Բեզուխովի ահագին հարստությանը, Պիեռը այդ հարստությունն ստանալու օրից, և ստանալով, ինչպես ասում էին, տարեկան 500 հազար ռուբլի եկամուտ, նա իրեն զգում էր ավելի քիչ հարուստ, քան այն ժամանակ, երբ հանգուցյալ կոմսից ստանում էր իր 10 հազար ռուբլին։ Ընդհանուր գծերով, աղոտ կերպով նա հաշվում էր հետևյալ բյուջեն.— խորհրդին վճարվում էր մոտ 80 հազար՝ բոլոր կալվածների համար, մոտ 30 հազար ծախսվում էր Պոդմոսկովնի կալվածի, Մոսկվայի տան և իշխանադուստրերի վրա. մոտ 15 հազար գնում էր թոշակների, նույնքան էլ աստվածահաճո հիմնարկություններին, կոմսուհուն ապրուստի համար ուղարկվում էր 150 հազար, մոտ 70 հազար վճարվում էր պարտքերի տոկոս, նոր կառուցվող եկեղեցու շենքը այդ երկու տարվա մեջ նստել էր մոտ 10 հազար, մնացածը՝ մոտ 100 հազարը, ծախսվում էր դես ու դեն, ինքն էլ չգիտեր ինչպես, և գրեթե յուրաքանչյուր տարի նա հարկադրված էր պարտքեր անել։ Բացի դրանից, գլխավոր կառավարիչն ամեն տարի գրում էր մերթ հրդեհների մասին, մերթ անբերրիության, մերթ էլ այն մասին, թե անհրաժեշտ է վերաշինել ֆաբրիկաներն ու գործարանները։ Այսպիսով, առաջին գործը, որին Պիեռը պետք է ձեռնարկեր, հենց գործերով զբաղվելն էր, մի բան, որի համար նա ամենից քիչ ընդունակություն ու հակում ուներ։
Պիեռը գլխավոր կառավարչի հետ ամեն օր ''զբաղվում էր''։ Բայց նրա զբաղմունքը մի քայլ անգամ առաջ չէր տանում գործը։ Նա զգում էր, որ իր զբաղմունքները կատարվում են գործից անկախ, որ նրանք ոչ մի առնչություն չունեն գործի հետ և չեն ստիպում, որ գործն առաջ գնա։ Մի կողմից կառավարիչը գործերը ներկայացնում էր վատ կերպարանքով, ցույց տալով Պիեռին, որ անհրաժեշտ է վճարել պարտքերը և ձեռնարկել նոր աշխատանքներ՝ ճորտ գյուղացիների ջանքերով, մի բան, որին Պիեռը չէր համաձայնում. մյուս կողմից Պիեռը պահանջում էր սկսել գյուղացիների ազատագրման գործը, որի դեմ սակայն կառավարիչն առաջ էր քաշում նախ Խնամակալական խորհրդի պարտքը վճարելու անհրաժեշտությունը, ուրեմն և այդ բանը շուտ կատարելու անկարելիությունը։
Կառավարիչը չէր ասում, թե դա բոլորովին անհնար է. այդ նպատակին հասնելու համար նա առաջարկում էր ծախել Կոստրոմայի նահանգի անտառները և մերձվոլգյան ու Ղրիմի կալվածական հողերը։ Բայց կառավարչի այդ առաջարկները կապված էին այնպիսի բարդ գործողությունների, նոտարական արգելքներ վերացնելու, պահանջների, թույլտվությունների և այլ բաների հետ, որ Պիեռը ինքն իրեն կորցնում էր և ասում միայն. «Այո, այո, այդպես էլ արեք»։
Պիեռը չուներ այն գործնական, մի բանի կպչելու ընդունակությունը, որ նրան հնարավորություն տար անմիջապես ձեռնամուխ լինել գործի, ուստի և նա չէր սիրում գործը և կառավարչի առաջ աշխատում էր միայն ձևանալ, թե գործով է զբաղված։ Իսկ կառավարիչը, կոմսի առաջ աշխատում էր ձևանալ, թե ինքն այդ զբաղմունքները համարում է շատ օգտակար տիրոջ համար և ծանր՝ իր համար:
Կիևում ծանոթներ գտնվեցին, իսկ անծանոթներն սկսեցին ծանոթանալ ու սրտաբաց ողջունել նորեկ հարուստին, նահանգի ամենամեծ կալվածատիրոջը։ Պիեռի գլխավոր թուլությանը վերաբերող գայթակղությունները,— այն, որի մասին նա խոստովանեց միաբանության մեջ ընդունվելու միջոցին,— դեռ այնքա՜ն ուժեղ էին, որ նա չկարողացավ իրեն զսպել։ Նորից ամբողջ օրերով, շաբաթներով, ամիսներով Պիեռի կյանքն անցնում էր այնքան զբաղված ու հոգսերով լի երեկոների, ճաշկերույթների, նախաճաշերի, պարահանդեսների մեջ, որ նա, ինչպես Պետերբուրգում, ժամանակ չուներ զգաստանալու։ Փոխանակ նոր կյանք վարելու, ինչպիսին ծրագրում էր Պիեռը, նա շարունակում էր ապրել նախկին կյանքով, միայն ուրիշ միջավայրում։
Պիեռը գիտակցում էր, որ մասոնության երեք պատգամներից ինքը չի կատարում այն մեկը, որը յուրաքանչյուր մասոնի հրահանգում է լինել բարոյական կյանքի օրինակ, իսկ յոթը առաքինություններից նրան բոլորովին պակասում էր երկուսը՝ հեզաբարոյություն և սեր առ մահը։ Նա իրեն մխիթարում էր այն բանով, որ դրա փոխարեն ինքը կատարում է մի ուրիշ պատգամ՝ մարդկային ցեղի ուղղումն, և ուներ ուրիշ առաքինություններ՝ սեր դեպի մերձավորը և, մանավանդ առատաձեռնություն։
1807 թվի գարնանը Պիեռը որոշեց վերադառնալ Պետերբուրգ։ Վերադարձին նա մտադիր էր շրջել իր բոլոր կալվածները և անձամբ հավաստիանալ, թե ինչ է արված այն բոլորից, ինչ ինքր հրահանգել է, և տեսնելու, թե ինչ դրության մեջ է գտնվում այն ժղովուրդը, որ վստահել է իրեն աստված և, որին ինքը ձգտում է բարերարել։
Գլխավոր կառավարիչը երիտասարդ կոմսի ձեռնարկած բոլոր բաները համարելով գրեթե խենթություն, անձեռնտու թե՛ իր, թե՛ նրա և թե՛ գյուղացիների համար, այնուամենայնիվ զիջումներ արավ։ Շարունակելով ազատագրության գործը ներկայացնել անկարելի մի բան, նա կարգաղրեց միաժամանակ, մինչև կոմսի այցելությունը, բոլոր կալվածներում շինել դպրոցների հիվանդանոցների ու ապաստարանների մեծ շենքեր, ամեն տեղ դիմավորումներ սարքեց, ոչ շքեղ-հանդիսավոր, որովհետև գիտեր, որ դրանք դուր շեն գա Պիեռին, այլ այնպես՝ կրոնական-երախտագիտական՝ սրբապատկերներով և աղ ու հացով, հենց այնպիսի դիմավորումներ, որոնք, ինչպես նա էր հասկանում, պետք է որ ազդեին կոմսի վրա և խաբեին նրան։
Հարավային գարունը, հանգիստ, արագ ճամփորդությունը վեննական կառքով և ճանապարհի առանձնությունը հաճելի ազդեցություն արին Պիեռի վրա։ Այն կալվածները, ուր նա տակավին չէր եղել, մեկը մյուսից գեղատեսիլ էին. ժողովուրդն ամեն տեղ ներկայանում էր բարեկեցիկ դրության մեջ և սրտագին շնորհակալություն էր հայտնում՝ իրեն արված բարերարության համար։ Ամեն տեղ եղան դիմավորումներ, որոնք թեև շփոթություն էին պատճառում Պիեռին, բայց սրտի խորքում ուրախության զգացում էին առաջացնում։ Մի տեղ գյուղացիները նրա առաջ դուրս բերին աղ ու հաց և Պողոս-Պետրոսի սրբապատկերն ու թույլտվություն խնդրեցին ի պատիվ նրան (Պիեռին) հովանավորող Պողոս-Պետրոսի, ի նշան սիրո և շնորհակալության՝ իրենց արված բարերարության համար, իրենց հաշվին եկեղեցում մի նոր սեղան շինել։ Մի ուրիշ տեղ նրան դիմավորեցին կանայք՝ ծծկեր երեխաներով, և շնորհակալություն հայտնեցին՝ իրենց ծանր աշխատանքներից ազատելու համար։ Երրորդ կալվածում նրան դիմավորեց քահանան՝ խաչը ձեռին, երեխաներով շրջապատված, որոնց նա, կոմսի ողորմածությամբ, գրագիտություն ու կրոն էր սովորեցնում։ Բոլոր կալվածներում Պիեռն իր աչքով տեսնում էր միևնույն հատակագծով կառուցվող և արդեն կառուցված հիվանդանոցների, դպրոցների, ապաստարանների քարե շենքերը, որոնք շուտով բացվելու էին։ Ամեն տեղ Պիեռը տեսավ կառավարիչների հաշվետվությունը կոռի մասին, որը պակասել էր նախկին տարիների համեմատությամբ, և դրա համար նա սրտագին շնորհակալություններ լսեց կապույտ կաֆտան հագած գյուղացի պատգամավորներից։
Բայց Պիեռը չգիտեր, թե այն գյուղը, ուր իրեն աղ ու հաց մատուցին և ուր ուզում էին եկեղեցում Պողոս-Պետրոսի անվան սեղան կառուցել, առևտրական գյուղ էր, ուր ս. Պետրոսի տոնի օրը տոնավաճառ էր լինում, և ուր եկեղեցու սեղանը արդեն շինված էր գյուղի հարուստների ձեոով, այն հարուստների, որոնք ներկայացան իրեն, և որ այդ գյուղի բնակիչների ինը տասներորդը վաղուց գտնվում էր ծայրահեղ չքավորության մեջ։ Նա չգիտեր, որ իր կարգադրության հետևանքով թեև դադարել էին ծծկեր երեխաներ ունեցող կանանց ուղարկել կոռի, բայց նույն այդ կանայք անհամեմատ ավելի ծանր աշխատանք էին կատարում իրենց տներում։ Նա չգիտեր, որ խաչը ձեռին իրեն դիմավորող քահանան գյուղացիներին ճնշում էր իր տուրքերով և որ նրա մոտ եղած աշակերտներին արցունքով էին հանձնել նրան և ծնողները մեծ գումարներ վճարելով էին ետ գնում նրանց։ Նա չգիտեր, որ այդ միատեսակ քարե շենքերը կառուցում էին գյուղացի բանվորները, որի շնորհիվ էլ ավելացել է գյուղացիների կոռը, որ պակասեցված էր միայն թղթի վրա։ Նա չգիտեր, որ այնտեղ, ուր կառավարիչը ցույց էր տալիս, թե իր (Պիեռի) կամքով բահրան պակասեցված է մի երրորդով, այդտեղ կիսով չափ ավելացված էր կոռը։ Ուստի և Պիեռը հիացած էր կալվածներում կատարած շրջագայությունից, և նրան ամբողջովին նորից տիրեց այն մարդասիրական տրամադրությունը, որով մեկնել էր Պետերբուրգից, ու խանդավառ նամակներ էր գրում իր դաստիարակ եղբորը, ինչպես անվանում էր նա մեծ վարպետին։
«Որքան հեշտ է, որքան քիչ ջանքեր են հարկավոր, որպեսզի այսքան շատ բարիք արվի,— մտածում էր Պիեռը,— և որքա՜ն մենք քիչ ենք հոգ տանում այդ մասին»։
Նա երջանիկ էր իրեն ցույց տրված շնորհապարտ վերաբերմունքից, բայց ամաչում էր տեսնելով այդ։ Այղ վերաբերմունքը հիշեցնում էր նրան, թե ինքը որքան դեռ ի վիճակի էր անել այդ պարզ, բարի մարդկանց համար։
Գլխավոր կառավարիչը, մի շատ հիմար ու խորամանկ մարդ, միանգամայն հասկանալով խելոք ու միամիտ կոմսին, և նրան խաղաղիքի պես խաղացնելով, ու տեսնելով թե նախապատրաստած ընդունելություններն ի՛նչ ազդեցություն արին Պիեռի վրա, կտրուկ կերպով դիմեց նրան, ապացուցելով թե անհնար է և, որ գլխավորն է, ավելորդ է գյուղացիների ազատագրումը, որոնք առանց այն էլ միանգամայն երջանիկ են։
Պիեռն իր հոգու խորքում համաձայնում էր կառավարչի հետ այն բանում, թե իսկապես դժվար էր երևակայել դրանից ավելի երջանիկ մարդիկ, և թե, աստված գիտի, ի՛նչ է սպասում նրանց, ազատության մեջ, բայց Պիեռը, թեև ակամա, պնդում էր այն, ինչ ինքն արդարացի էր համարում։ Կառավարիչը խոստանում էր իր ամբողջ եռանդը գործադրել կոմսի կամքը կատարելու համար, լավ իմանալով, որ կոմսը երբեք չի կարող ստուգել ոչ միայն այն, թե գործադրված են արդյոք բոլոր միջոցները անտառներն ու կալվածները ծախելու, նաև դրանք բանկից ետ գնելու համար. այլև, հավանորեն, երբեք չի հարցնի և չի իմանա այն, թե ինչպե՛ս կառուցած շենքերը մնում են դատարկ և գյուղացիները շարունակում են աշխատանքով ու դրամով հատուցանել այն բոլորր, ինչ նրանք տալիս են ուրիշներին, այսինքն ամենը, ինչ կարող են տալ։
=== XI ===
Հոգու ամենաուրախ տրամադրության մեջ հարավային ճամփորդությունից վերադառնալով, Պիեռը կատարեց իր վաղեմի մտադրությունը՝ գնաց տեսնելու իր բարեկամ Բալկոնսկուն, որին երկու տարի էր չէր տեսել։
Բոգուչարովոն ընկած էր մի անհրապույր տափարակ տեղ, որ ծածկված էր դաշտերով և կտրված ու կանգուն եղևնու ու կեչու անտառներով։ Կալվածատիրական տունը գտնվում էր մեծ ճանապարհի երկարությամբ ձգվող գյուղի ծայրին, նոր փորված և լեփ-լեցուն լճի (որի ափերին դեռ խոտ չէր կանաչել) ետևը, ջահել անտառի մեջտեղ, ուր կային և մի քանի փիճի ձառեր։
Կալվածատիրական տունր կազմում էին կալը, բակի շենքերը, գոմը, բաղնիսը, ֆլիգելները և քարաշեն մեծ տունը՝ կիսակլոր ֆանտոնով, որը դեռ շինվում էր։ Տան շուրջը նոր այգի էր տնկված։ Պարիսպներն ու դարպասը նոր ու ամուր էին, ծածկույթի տակ կանգնած էին երկու հրշեջ խողովակ և մի տակառ՝ կանաչ գույնով ներկած։ Շավիղներն ուղիղ էին, կամուրջները՝ ամուր և ճաղերով։ Ամեն ինչ կրում էր խնամոտ ձեռքի, մաքրության և տնտեսվարության կնիքը։ Հանդիպող ծառայողներն այն հարցին, թե որտե՞ղ է ապրում իշխանը, ցույց տվին նորակառույց փոքրիկ ֆլիգելը, որ գտնվում էր լճակի հենց եզերքին։ Իշխան Անդրեյի ծեր դաստիարակ Անտոնը Պիեռին իջեցրեց կառքից, հայտնեց, որ իշխանը տանն է և նրան առաջնորդեց փոքրիկ, մաքուր նախասենյակը։
Պիեռին զարմացրեց փոքրիկ, մաքուր տնակի համեստ տեսք այն շքեղությունից հետո, որի մեջ վերքին անգամ տեսել էր իր բարեկամին՝ Պետերբուրգում։ Նա շտապով մտավ տակավին փիճու հոտ արձակող, անսվաղ փոքրիկ դահլիճը և ուզում էր էլի առաջ գնալ, բայց Անտոնը ոտքերի ծայրերի վրա առաջ վազեց և դուռը ծեծեց։
— Հը՞, ի՞նչ կա,— լսվեց մի խիստ, տհաճ ձայն։
— Հյուր է,— պատասխանեց Անտոնը։
— Խնդրիր սպասել,— ու լսվեց ետ քաշվող աթոռի ձայն։
Պիեռն արագ քայլերով մոտեցավ դռանը և երես առ երես հանդիպեց խոժոռադեմ ու ծերացած իշխան Անդրեյին։ Պիեռը գրկեց նրան և, ակնոցը բարձրացնելով, համբուրեց նրա այտերը ու մոտից դիտեց նրան։
— Բոլորովին չէի սպասում, շատ ուրախ եմ,— ասավ իշխան Անդրեյը։ Պիեռը ոչինչ չխոսեց, նա զարմացած, առանց աչք հեռացնելու, նայում էր բարեկամին։ Նրան զարմացնում էր իշխան Անդրեյի մեջ կատարված փոփոխությունը։ Անդրեյի խոսքերը սիրալիր էին, ժպիտը փայլում էր շրթունքներին ու դեմքին, բայց հայացքը մարած էր, մեռած, որին նա, չնայած իր ակնհայտ ցանկության, չէր կարողանում ուրախ ու խնդուն փայլ տալ։ Նա ոչ թե նիհարել էր, գունատվել, այլ այրացել էր. սակայն նրա հայացքը և ճակատի մի կնճիռը, որ ցույց էին տալիս, թե նա երկար ու կենտրոնացած մտածում է ինչ-որ բանի մասին, զարմացնում և խորթ էին թվում Պիեռին, մինչև որ նա չընտելացավ դրան։
Երկար անջատումից հետո տեղի ունեցող այդ տեսակցությանը, ինչպես այդ միշտ էլ լինում է, խոսակցությունն իսկույն իր հունը չգտավ. նրանք կարճ հարց ու պատասխաններ էին տալիս այնպիսի բաների մասին, որոնց մասին, ինչպես իրենք էլ գիտեին, պետք էր երկար խոսել։ Վերջապես կամաց-կամաց խոսակցությունը կանգ առավ մինչ այդ կցկտուր ասածի վրա,— անցած կյանքի, ապագայի ծրագիրների, Պիեռի ճանապարհորդության, նրա զբաղմունքի և պատերազմին վերաբերող հարցերի վրա։ Այն ինքնամփոփ ու ընկճված վիճակը, որ նկատեց Պիեռը իշխան Անդրեյի հայացքում, այժմ ավելի ուժեղ արտահայտվում էր նրա ժպիտի մեջ, որով նա լսում էր Պիեռին, մանավանդ այն ժամանակ, երբ Պիեռն ուրախ ոգևորությամբ խոսում էր անցյալի կամ ապագայի մասին։ Կարծես թե իշխան Անդրեյը՝ կուզենար էլ՝ բայց չէր կարող մասնակից լինել այն ամենին, ինչ ասում էր Պիեռը։ Պիեռն արդեն սկսում էր զգալ, որ իր՝ իշխան Անդրեյի առաջ արտահայտած ոգևորությունը, երազանքները, երջանկության հույսերն անպատշաճ են։ Նա ամաչում էր արտահայտել իր նոր, մասոնական բոլոր մտքերը, որոնք մանավանդ թարմացել ու բորբոքվել էին վերջին ուղևորությամբ։ Նա զսպում էր իրեն, վախենում էր միամիտ երևալ, դրա հետ միաժամանակ անդիմադրելի ցանկություն էր զգում, որքան կարելի է շուտ ցույց տալ իր բարեկամին, թե ինքն այժմ բոլորովին ուրիշ մարդ է, ավելի լավ Պիեռ է, քան այն, որ եղել է Պետերբուրգում։
— Չեմ կարող ասել, թե ինչեր եմ ապրել այս ժամանակամիջոցում։ Ես ինքս ինձ չէի ճանաչի։
— Այո, մենք շատ և շատ ենք փոխվել այն օրից,— ասավ իշխան Անդրեյը։
— Իսկ դուք ի՞նչ ծրագիրներ ունեք,— հարցրեց Պիեռը։
— Ծրագիրնե՞ր,— հեգնանքով կրկնեց իշխան Անդրեյը։— Իմ ծրագիրները,— կրկնեց նա կարծես զարմանալով այդ խոսքի նշանակության վրա։— Ահա՛, ինչպես տեսնում ես, շենքեր եմ կառուցում, ուզում եմ եկող տարի բոլորովին տեղափոխվել…
Պիեռը լուռ, ուշադիր նայեց Անդրեյի ծերացած դեմքին։
— Ոչ, ես հարցնում եմ…— ասավ Պիեռը, բայց իշխան Անդրեյն ընդմիջեց նրան։
— Է՛հ, իմ մասին ինչ խոսենք… դու պատմիր քո ճամփորդության մասին, պատմիր այն բոլորը՝ ի՛նչ արել ես քո կալվածներում։
Պիեռն սկսեց պատմել, թե ինչ է արել իր կալվածներում, աշխատելով որքան կարելի է թաքցնել իր մասնակցությունն իր արած բարելավումների մեջ։ Իշխան Անդրեյն արդեն առաջուց մի քանի անգամ ասել-թելադրել էր Պիեռին այն բոլորը, ինչ այժմ պատմում էր, և կարծես այն ամենը, ինչ արել էր Պիեռը, վաղուց հայտնի մի պատմություն էր, ուստի և իշխան Անդրեյը լսում էր ոչ միայն առանց հետաքրքրության, այլ մինչև անգամ կարծես ամաչում էր, որ Պիեռը պատմում է այդ։
Պիեռն անհարմար, մինչև իսկ ճնշված զգաց իրեն իր բարեկամի հետ։ Նա լռեց։
— Ահա թե ինչ, հոգիս,— ասավ իշխան Անդրեյը, որ ըստ երևույթին նույնպես ճնշված էր զգում իրեն հյուրի հետ,— ես այստեղ գտնվում եմ ժամանակավորապես, եկել եմ միայն դիտելու։ Հիմա կրկին քրոջս մոտ եմ գնում։ Ես քեզ կծանոթացնեմ նրան։ Բայց դու, կարծեմ, ծանոթ ես,— ասավ նա, ըստ երևույթին, հյուրին զբաղեցնելու համար, քանի որ զգում էր, որ իր և հյուրի մեջ այժմ ընդհանուր ոչինչ չկա։— Մենք կմեկնենք ճաշից հետո։ Իսկ հիմա կուզե՞ս տեսնել իմ տուն ու տեղը։
Նրանք դուրս եկան և մինչև ճաշ զբոսնեցին, զրուցելով քաղաքական նորությունների և ընդհանուր ծանոթների մասին, իբրև իրար ոչ այնքան մոտ մարդիկ։ Փոքր-ինչ ոգևորությամբ ու հետաքրքրությամբ իշխան Անդրեյը խոսում էր միայն իր նոր կառուցվող տան մասին, բայց այդտեղ էլ, խոսակցության կիսին, շինության լաստակների վրա, երբ իշխան Անդրեյը նկարագրում էր ապագա տան դիրքը, նա հանկարծ կանգ առավ։
— Ասե՛նք այստեղ հետաքրքրական ոչինչ չկա. գնա՛նք ճաշենք ու ճանապարհվենք։
Ճաշի ճամանակ խոսք բացվեց Պիեռի ամուսնության մասին։
— Ես շատ զարմացա, երբ լսեցի այդ,— ասավ իշխան Անդրեյը։
Պիեռը կարմրեց, ինչպես միշտ կարմրում էր այդ մասին խոսելիս, և շտապ ասավ.
— Ես ձեզ մի օր կպատմեմ, թե ինչպես պատահեց այդ բոլորը։ Բայց գիտեք, որ այդ բոլորը վերջացած է, և՝ ընդմիշտ։
— Ընդմի՞շտ,— ասավ իշխան Անդրեյը,— ընդմիշտ ոչինչ չի լինում։
— Բայց գիտե՞ք, թե ինչպես վերջաըավ այդ բոլորը։ Լսե՞լ եք իմ մենամարտի մասին։
— Այո, դու այդ քայլն էլ արի՜ր։
— Մի բան, որի համար ես շնորհակալ եմ աստծուց, այդ այն է, որ ես չսպանեցի այդ մարդուն,— ասավ Պիեռը։
— Իսկ ինչո՞ւ,— ասավ իշխան Անդրեյը։— Մի չար շուն սպանելը նույնիսկ շատ լավ բան է։
— Ոչ, մարդ սպանելը լավ բան չի, անարդար բան է։
— Ինչո՞ւ է անարդար,— կրկնեց իշխան Անդրեյը։— Այն, ինչ որ արդար է կամ անարդար — դրա մասին մարդիկ չեն կարող դատել։ Մարդիկ մշտնջենապես մոլորվել են և պետք է մոլորվեն և ոչ մի բանի մեջ այնքա՛ն շատ, որքան այն բանում, ինչ որ համարում են արդար և անարդար։
— Անարդար է այն, ինչ որ չարիք է ուրիշի համար,— ասավ Պիեռը, հաճույք զգալով, որ իշխան Անդրեյն իր գալու րոպեից սկսած առաջին անգամ սկսեց աշխուժություն ցույց տալ ու խոսել, ուստի և Պիեռն ուզեց ասել այն բոլորը, ինչ նրան դարձրեց այդպիսին, որպիսին էր այժմ։
— Իսկ քեզ ով է ասել, թե ի՞նչն է չարիք ուրիշի համար,— հարցրեց նա։
— Չարի՞քը։ Չարի՞քը,— ասավ Պիեռը։— Մենք բոլորս գիտենք, թե ինչն է չարիք մեզ համար։
— Այո՛, մենք գիտենք, բայց այն չարիքը, որը գիտեմ չարիք է ինձ համար, ես չեմ կարող անել ուրիշին,— խոսում էր իշխան Անդրեյը հետզհետե ավելի ու ավելի աշխուժանալով, ըստ երևույթին կամենալով արտահայտել Պիեռին իր նոր հայացքը երևույթների մասին։ Նա ֆրանսերեն ասավ. Je ne connais dans la vie que deux maux bien réels: c’est le remord et la maladie. Il n’est de bien que l’absence de ces maux.<ref>Ես կյանքում միայն երկու իսկական դժբախտություն գիտեմ, դա խղճի խայթն է և հիվանդությունը։ Եվ միակ բարիքը — այդ չարիքների բացակայությունն է։</ref> Ապրել ինձ համար և խուսափել միայն այդ երկու չարիքից. ահա իմ ամբողջ իմաստությունն այժմ։
— Իսկ սերը դեպի մերձավո՞րը, իսկ անձնազոհությո՞ւնը,— ասավ Պիեռը։— Ո՛չ, ես չեմ կարող ձեզ հետ համաձայնել։ Ապրել միայն այնպես, որպեսզի չարիք չանել, որպեսզի չզղջալ, դա քիչ է։ Ես ապրում էի հենց այդպես, ապրում էի ինձ համար և խորտակեցի կյանքս։ Եվ միայն այժմ, երբ ես ապրում եմ, համենայն դեպս աշխատում եմ (համեստություննից Պիեռն ուղղեց խոսքը) ապրել ուրիշների համար, միայն այժմ եմ հասկացել կյանքի ամբողջ երջանկությունը։ Ո՛չ, ես ձեզ հետ չեմ համաձայնի, և դուք չեք էլ մտածում, թե ի՛նչ եք ասում։
Իշխան Անդրեյը լուռ նայեց Պիեռին և հեգնորեն ժպտաց։
— Հիմա քրոջս՝ իշխանադուստր Մարիային կտեսնես։ Դուք իրար կհասկանաք,— ասավ նա։— Գուցե դու քո տեսակետից իրավացի ես,— շարունակեց նա, փոքր-ինչ լռելով.— բայց յուրաքանչյուր մարդ ապրում է իր հասկացածի պես. դու ապրել ես քեզ համար և ասում ես, թե դրանով քիչ էր մնացել խորտակեիր կյանքդ, և երջանկություն զգացիր միայն այն ժամանակ, երբ սկսեցիր ապրել ուրիշների համար։ Իսկ ես հակառակն եմ զգացել։ Ես ապրել եմ փառքի համար (Իսկ ի՞նչ է փառքը։ Նույն սերը դեպի ուրիշները, ուրիշների համար մի ինչ-որ բան անելու ցանկություն, նրանցից գովասանք ստանալու ցանկություն)։ Այդպես ես ապրել եմ ուրիշների համար և ոչ թե համարյա, այլ բոլորովին խորտակել եմ կյանքս։ Եվ հանգստություն գտել եմ այն օրից, երբ սկսել եմ ապրել միայն ինձ համար։
— Բայց ինչպես կարող է մարդ միայն իր համար ապրել,— ասավ Պիեռը տաքանալով։— հապա որդի՞, քո՞ւյր, հա՞յր։
— Այդ բոլորը նույնպես ես եմ. դրանք օտարներ չեն,— ասավ իշխան Անդրեյը,— իսկ ուրիշները, մերձավորները, le prochain<ref>Մերձավորը։</ref> ինչպես դուք և իշխանադուստր Մարիան եք ասում, դա է մոլորության և չարիքի գլխավոր աղբյուրը։ ''Le prochain'' այդ նրանք են, Կիևի քո գյուղացիները, որոնց դու կամենում ես բարերարել։
Եվ նա հեգնորեն ու խրոխտալի հայացքով նայեց Պիեռին։ Նա, ըստ երևույթին ընդդիմության էր կոչում Պիեռին։
— Դուք կատակ եք անում,— հետզհետե ավելի ու ավելի աշխուժանալով խոսեց Պիեռը։— Ի՞նչ մոլորություն կամ չարիք կարող է լինել այն բանում, ինչ ես ցանկացել եմ (շատ քիչ և վատ եմ կատարել), բայց ցանկացել եմ բարիք անել, և մի ինչ-որ բան էլ արել եմ։ Մի՞թե չարիք է այն, որ այդ թշվառ մարդիկ, մեր գյուղացիները, որ նույնպիսի մարդիկ են, ինչպես մենք, և մեզ նման աշխարհ են գալիս ու մեռնում՝ այլ հասկացողություն չունենալով աստծու և ճշմարտության մասին, քան ծեսն ու անմիտ աղոթքը, սովորեն, յուրացնեն ապագա կյանքի, հատուցման, պարգևատրման, մխիթարանքի սփոփիչ հավատալիքները։ Մի՞թե չարիք և մոլորություն է այն, որ մարդիկ անօգնական մեռնում են հիվանդությունից, մինչդեռ այնքան հեշտ է նյութապես օգնել նրանց, և ես նրանց տալիս եմ բժիշկ ու հիվանդանոց, իսկ ծերերին՝ ապաստարան։ Եվ մի՞թե շոշափելի ու անվիճելի բարիք չէ այն, երբ գյուղացին, նրա կինը՝ երեխայի հետ գիշեր ու ցերեկ հանգիստ չունեն, բայց ես նրանց տալիս եմ հանգիստ ու դադար,— խոսում էր Պիեռը շտապելով և ծպծպացնելով։— Եվ ես արել եմ այդ թեև վատ, թեև քիչ, բայց մի բան արել եմ այդ ուղղությամբ, և հիմա դուք ոչ միայն չեք կարող փոխել իմ կարծիքն այն բանի մասին, որ իմ արածը լավ է, չեք կարող նաև հավատացնել, որ դուք ինքներդ այդպես չեք մտածել։ Իսկ որ գլխավորն է,— շարունակեց Պիեռը,— ահա թե ինչ գիտեմ ես և գիտեմ հաստատապես, որ բարիք անելու այդ հաճույքն է միակ հաստատ երջանկությունը կյանքում։
— Այո, եթե հարցն այդպես դնենք, դա ուրիշ բան է,— ասավ իշխան Անդրեյը։— Ես տուն եմ շինում, այգի եմ տնկում, իսկ դու՝ հիվանդանոցներ։ Թե՛ մեկը և թե՛ մյուսը կարող են ժամանցի ծառայել։ Իսկ թե ո՛րն է արդարացի, ո՛րը բարի, թո՛ղ դատի նա, ով ամեն ինչ գիտի, բայց ոչ մենք։— Հը՞, դու ուզում ես վիճել,— ավելացրեց նա,— համեցե՛ք։
նրանք վեր կացան ճաշից և նստեցին տան առջևի հարթակի վրա, որ փոխարինում էր պատշգամբին։
— Դե, արի վիճենք,— ասավ իշխան Անդրեյը։— Դու ասում ես՝ դպրոցներ,— շարունակեց նա մատը ծալելով,— ուսուցում և այլն, այսինքն դու ուզում ես նրան դուրս բերել, ասավ նա ցույց տալով իրենց մոտից անցնող գդակը հանած գյուղացուն,— իր անասնական վիճակից և տալ նրան բարոյական սնունդ, իսկ ինձ թվում է, որ միակ հնարավոր երջանկությունը — անասնական երջանկությունն է, իսկ դու ուզում ես հենց դրանից զրկել նրան։ Ես նրան նախանձում եմ, իսկ դու ուզում ես նրան դարձնել ինձ նման, բայց չտալով նրան իմ միջոցները։ Հետո դու ասում ես, թե պետք է թեթևացնել նրա աշխատանքը։ Իսկ իմ կարծիքով ֆիզիկական աշխատանքը նրա համար նույնպիսի անհրաժեշտություն է, նույնպիսի պայման է նրա գոյության համար, ինչպես ինձ ու քեզ համար մտավոր աշխատանքը։ Դու չես կարող չմտածել։ Ես պառկում եմ քնելու գիշերվա ժամը 3-ին մոտ, ինձ այցելում են մտքեր և ես չեմ կարողանում քնել, շուռ եմ գալիս այս ու այն կողմի վրա, ու մինչև առավոտ չեմ քնում այն պատճառով, որովհետև մտածում եմ և չեմ կարող չմտածել, ինչպես որ նա չի կարող չհերկել, չհնձել. այլապես նա գինետուն կերթա և կհիվանդանա։ Ինչպես որ ես չեմ կարող տանել նրա ֆիզիկական սոսկալի աշխատանքը, կմեռնեմ մի շաբաթվա մեջ, այնպես էլ նա չի կարող տանել իմ ֆիզիկական պարապությունը, կհաստանա ու կմեռնի։ Երրորդ՝ էլ ուրիշ ի՞նչ ասիր դու։— Իշխան Անդրեյը ծալեց երրորդ մատը։— Հա, հիվանդանոցներ, դեղորայք։ Ենթադրենք նա կաթված է ստացել, մեռնում է, իսկ դու նրանից արյուն առար ու բուժեցիր։ Նա տասը տարի պետք է հաշմանդամ մնա և բեռ լինի բոլորի համար։ Նրա համար ավելի հանգիստ և լավ կլիներ մեռնել։ Մյուսները ծնվում են, և այնքա՜ն շատ են նրանք։ Ուրիշ բան է, եթե դու ափսոսայիր, որ դու մի ավելորդ բանվոր կորցրիր, ինչպես ես եմ նայում դրան, բայց դու սիրուց դրդված ուզում ես նրան բուժել։ Իսկ նրան այդ հարկավոր չէ։ Եվ հետո՝ դա ինչ երևակայություն է, թե բժշկությունն ումևիցե և երբևիցե բուժել է։ Սպանե՛լ՝ այո՛,— ասավ նա չարությամբ դեմքը խոժոռելով և երեսը Պիեռից շրջելով։
Իշխան Անդրեյն իր մտքերն արտահայտում էր այնքան պարզ ու որոշ, որ երևում էր, թե նա շատ անգամ է մտածել այդ մասին, ուստի և խոսում էր սիրով ու արագ, իբրև մի մարդ, որ երկար ժամանակ չի խոսել։ Նրա հայացքն աշխուժանում էր այնքան ավելի, որքան ավելի անհուսալի էին դառնում նրա դատողությունները։
— Ախ, դա սարսափելի է, սարսափելի,— ասավ Պիեռը։— Ես միայն չեմ հասկանում, թե ինչպես կարելի է ապրել այդպիսի մտքերով։ Ես էլ ունեցել եմ այդպիսի րոպեներ, այդ վերջերս էր, Մոսկվայում և ճանապարհին, բայց այդպիսի րոպեներին ես ընկնում եմ այն աստիճան, որ այլևս չեմ ապրում, ամեն ինչ ինձ համար դառնում է զզվելի… գլխավորապես՝ ես ինքս։ Այդպիսի րոպեներին ես չեմ ուտում, չեմ լվացվում… Իսկ դուք ինչպե՞ս…
— Ինչո՞ւ չլվացվել, դա հակառակ է մաքրասիրության,— ասավ իշխան Անդրեյը։— Ընդհակառակը, մարդ պետք է աշխատի իր կյանքը դարձնել որքան կարելի է ավելի հաճելի։ Ես ապրում եմ և դրանում մեղավոր չեմ. նշանակում է պետք է աշխատել քիչ ավելի լավ ապրել, չխանգարելով ոչ ոքի, ապրել մինչև մահ։
— Բայց ի՞նչն է ձեզ դրդում ապրել այդպիսի մտքերով։ Պիտի նստես առանց շարժվելու, առանց մի բան ձեռնարկելու…
— Կյանքն առանց այն էլ մեզ հանգիստ չի թողնում։ Ես ուրախ կլինեի ոչինչ չանել, բայց ահա այստեղի ազնվականությունը պատիվ է արել ինձ պարագլուխ ընտրել, ես հազիվ հրաժարվեցի։ Նրանք չէին կարողանում հասկանալ, որ ես չունեմ այն, ինչ հարկավոր է. իմ մեջ չկա այն որոշ բարեհոգի և մտահոգ դատարկությունը, որ պետք է այդ բանի համար։ Հետո՝ ահա այս տունը, որ պետք էր կառուցել, որպեսզի իմ անկյունն ունենամ, ուր կարելի է հանգիստ լինել։ Հիմա էլ այս երկրապահ զինվորությունը։
— Ինչո՞ւ բանակում չեք ծառայում։
— Աուստերլիցից հետո՜,— մռայլորեն ասավ իշխան Անդրեյը։— Ո՛չ, խոնարհաբար շնորհակալ եմ. ես խոսք եմ տվել, որ ռուսական գործող բանակում չեմ ծառայելու։ Եվ չեմ ծառայի… Եթե Բոնապարտն անգամ լիներ այստեղ՝ Սմոլենսկի մոտ և սպառնար Լիսիե Գորիին, այն ժամանակ էլ չէի ծառայի ռուս բանակում։ Այդպես էլ իմացիր,— հանդարտվելով շարունակեց իշխան Անդրեյը։-— Այժմ երկրապահների զինվորագրությունն է, հայրս 3-րդ շրջանի գլխավոր հրամանատարն է, և ծառայությունից ազատվելու միակ միջոցը՝ նրա ձեռքի տակ լինելն է։
— Կնշանակի դուք ծառայո՞ւմ եք։
— Ծառայում եմ։— Նա մի փոքր լռեց։
— Ուրեմն ինչո՞ւ եք ծառայում։
— Ահա թե ինչո՛ւ։ Հայրս իր դարի ամենանշանավոր մարդկանցից մեկն է։ Բայց նա ծերանում է, ու ոչ թե մի դաժան մարդ է նա, այլ անչափ գործունյա բնավորության տեր։ Նա սարսափելի է նրանով, որ սովոր է անսահմանափակ իշխանության, իսկ այժմ՝ այս իշխանությամբ, որ տվել է նրան թագավորը, նշանակելով նրան երկրապահ զորքի գլխավոր հրամանատար։ Երկու շաբաթ առաջ եթե ես երկու ժամ ուշանայի, նա կկախեր Սուխնովում եղած գրագրին,— ասավ իշխան Անդրեյը ժպտալով։— Ուրեմն ես ծառայում եմ նրա համար, որովհետև բացի ինձնից, ոչ ոք ազդեցություն չունի հորս վրա, և ես մի օր մի տեղ նրան ետ կպահեմ մի քայլից, որի պատճառով նա հետո շատ պիտի տանջվեր։
— Ա՛յ, տեսնո՜ւմ եք ուրեմն։
— Այո, mais ce n’est pas comme vous l’entendez<ref>Բայց այդ այնպես չէ, ինչպես դուք եք հասկանում։</ref>,— շարունակեց իշխան Անդրեյը։— Ես ոչ մի բարիք չեմ ցանկացել ու չեմ ցանկանում այդ սրիկա գրագրին, որ ինչ-որ կոշիկներ գողացավ երկրապահներից. ես մինչև անգամ շատ գոհ կլինեի տեսնել նրան կախված, բայց հորս խղճում եմ, այսինքն՝ կրկին ինձ։
Իշխան Անդրեյը հետզհետե ավելի ու ավելի ոգևորվում էր։ Նրա աչքերը տենդագին վառվում էին մանավանդ այն ժամանակ, երբ նա աշխատում էր ապացուցել Պիեռին, որ իր վարմունքի մեջ երբեք մերձավորներին բարիք անելու ցանկություն չի եղել։
— Ահա, դու ուզում ես գյուղացիներին ազատագրել,— շարունակեց նա,— դա շատ լավ բան է, բայց ոչ քեզ համար. դու, կարծում եմ, ոչ ոքին մահացու չես գանակոծել և Սիբիր չես քշել, ևս առավել գյուղացիների համար։ Եթե նրանց ծեծում են, մտրակում, Սիբիր քշում, ապա ես կարծում եմ, այդ բանը նրանց համար բնավ վատ չի։ Սիբիրում նա կվարի նույն անասնական կյանքը, իսկ մարմնի վրայի սպիները կլավանան, և նա նույնքան երջանիկ կլինի, ինչպես եղել է առաջ։ Իսկ դա հարկավոր է այն մարդկանց համար, որոնք մեռնում են բարոյապես, զղջում են վաստակում իրենց համար, և այդ զղջումբ խեղդելով, կոպտանում են այն բանից, որ իրենք հնարավորություն ունեն մարդկանց մահապատժի ենթարկել տեղի-անտեղի։ Ահա ո՛ւմ եմ ես խղճում և ո՛ւմ համար կցանկանայի ազատագրել գյուղացիներին։ Դու գուցե չես տեսել, բայց ես տեսել եմ, թե ինչպես լավ մարդիկ՝ դաստիարակված անսահմանափակ իշխանության ավանդություններով, հետագայում, երբ նրանք մեծանում են, հասակներն առնում, երբ դառնում են ավելի դյուրագրգիռ, դառնում են դաժան, կոպիտ. գիտակցում են այդ բանը, բայց չեն կարողանում զսպել իրենց և հետզհետե ավելի ու ավելի դժբախտ են դառնում։
Իշխան Անդրեյը խոսում էր այնպիսի ոգևորությամբ, որ Պիեռն ակամա մտածում էր, որ այդ մտքերն Անդրեյին թելադրել է հայրը։
Պիեռը նրան ոչինչ չպատասխանեց։
— Ահա թե ի՛նչն է խղճալի — մարդկային արժանապատվությունը, խղճի հանգստությունը, մաքրությունը, և ոչ թե նրանց մեջքն ու ճակատը, որոնց որքան կուզես մտրակիր, ծեծիր, էլի կմնա նույն մեջքն ու նույն ճակատը։
— Ո՛չ, ո՛չ, հազար անգամ ոչ, ես երբեք չեմ համաձայնի ձեզ հետ,— ասավ Պիեռը։
=== XII ===
Երեկոյան իշխան Անդրեյն ու Պիեռը կառք նստեցին ու գնացին Լիսիե Գորի։ Իշխան Անդրեյը, Պիեռին նայելով, երբեմն խզում էր լռությունն իր խոսակցությամբ, որից երևում էր, որ նա գտնվում էր լավ տրամադրության մեջ։
Նա, Պիեռին դաշտերը ցույց տալով, խոսում էր իր տնտեսության կատարելագործության մասին։
Պիեռը նրան լսում էր մռայլ, պատասխանում էր կարճ նախադասություններով և կարծես թե խորասուզված էր մտքերի մեջ։ Նա մտածում էր, որ իշխան Անդրեյը դժբախտ է, որ նա մոլորված է, որ չի ճանաչում իսկական լույսը և որ ինքը՝ Պիեռը, պետք է օգնության հասնի նրան, լուսավորի ու բարձրացնի նրան։ Բայց հենց որ Պիեռը մտածում էր, թե ի՛նչ է ասելու, նա նախազգում էր, որ իշխան Անդրեյն իր մի խոսքով, մի արգումենտով կտապալի նրա ուսմունքի ողջ բովանդակությունը, ուստի և վախենում էր սկսել, վախենում էր ծաղրի հանել իր սիրած սրբությունը։
— Ոչ, ինչո՞ւ եք այդպես կարծում,— հանկարծ սկսեց Պիեռը, գլուխը հակելով և ընդունելով հարու տվող եզան տեսք,— դուք ինչո՞ւ եք այդպես կարծում։ Դուք այդպես չպետք է մտածեք։
— Ինչի՞ մասին,— հարցրեց իշխան Անդրեյը զարմացած։
— Կյանքի մասին, մարդու կոչման մասին։ Այդ չի կարող լինել։ Ես էլ այդպես էի մտածում, և ինձ փրկեց գիտե՞ք ինչը։ Մասոնությունը։ Ոչ. մի ժպտաք։ Մասոնությունը՝ դա ոչ թե կրոնական ծիսական աղանդ է, ինչպես կարծում էի և ես, այլ միակ և լավագույն արտահայտությունն է մարդկության լավագույն հավերժական հատկությունների։
Ու Պիեռն սկսեց իշխան Անդրեյին բացատրել մասոնությունը, ինչպես ինքն էր հասկանում այն։ Նա ասում էր, որ մասոնությունը քրիստոնեության ուսմունքն է՝ ազատագրված պետական և կրոնական կապանքներից, հավասարության, եղբայրության և սիրո մի ուսմունք։
— Միայն մեր սրբազան եղբայրությունն է, որ իսկական իմաստ ունի կյանքի մեջ, մնացած բոլորը՝ երազ է,— ասում էր Պիեռը.— դուք, բարեկամ, հասկացեք, որ այդ միաբանությունից դուրս ամեն ինչ լի է կեղծիքով ու անարդարությամբ, և ես համամիտ եմ ձեզ, որ խոհեմ ու բարի մարդուն ոչինչ չի մնում անել, բայց եթե այն, ինչպես դուք, ապրել իր ամբողջ կյանքը և աշխատել ուրիշներին չխանգարել։ Բայց դուք յուրացրեք մեր հիմնական համոզմունքները, մտեք մեր եղբայրության մեջ, ձեզ հանձնեցեք մեզ, թույլ տվեք ձեզ ղեկավարել և դուք իսկույն կզգաք, ինչպես և ես զգացի, որ դուք մասոն եք այն հսկայական անտեսանելի շղթայի, որի սկիզբը թաքնված է երկնքում,— ասում էր Պիեռը։
Իշխան Անդրեյը լուռ, առջևը նայելով, լսում էր Պիեռի ասածները։ Մի քանի անգամ, կառքի աղմուկի պատճառով, նա լավ չլսեց Պիեռին, ուստի և նորից հարցրեց չլսած խոսքերը։ Իշխան Անդրեյի աչքերում վառվող առանձին փայլից և նրա լռությունից Պիեռը նկատեց, որ իր խոսքերը իզուր չեն, որ իշխան Անդրեյը չի ընդհատի իրեն և չի ծիծաղի իր վրա։
Կառքը մոտեցավ վարարած գետին, որից պետք է անցնեին նրանք պարոմով։ Մինչ կառքն ու ձիերը տեղավորվում էին պարոմի վրա, նրանք էլ բարձրացան։
Իշխան Անդրեյը, ճաղերին կռթնած, լուռ նայում էր մայր մտնող արևի շողերից փայլող ջրի հոսանքին։
— Հը՞, դուք այդ մասին ի՞նչ կարծիք ունեք,— հարցրեց Պիեռը,— ինչո՞ւ եք լռում։
— Ինչ կարծիք ունե՞մ։ Ես ձեզ լսում եմ։ Այդ բոլորն այդպես է,— ասավ իշխան Անդրեյը,— բայց դու ասում ես՝ մտի՛ր մեր եղբայրության մեջ, և մենք քեզ ցույց կտանք կյանքի նպատակն ու մարդու կոչումը և աշխարհը կառավարող օրենքները։ Իսկ ով ենք մենք — մարդիկս։ Ինչի՞ց է, որ դուք ամեն բան գիտեք։ Ինչո՞ւ միայն ես չեմ տեսնում այն, ինչ դուք եք տեսնում։ Դուք տեսնում եք երկրի վրա բարվո և ճշմարտության թագավորությունը, իսկ ես չեմ տեսնում այն։
Պիեռն ընդմիջեց նրան։
— Հավաաո՞ւմ եք դուք արդյոք հանդերձյալ կյանքին,— հարցրեց նա։
— Հանդերձյալ կյանքի՞ն,— կրկնեց իշխան Անդրեյը, բայց Պիեռը նրան ժամանակ չտվեց պատասխանելու և նրա այդ կրկնությունն ընդունեց իբրև բացասում, մանավանդ, որ նրան ծանոթ էին իշխան Անդրեյի աթեիստական համոզմունքները։
— Դուք ասում եք, որ երկրի վրա չեք կարողանում տեսնել բարվո և ճշմարտության թագավորությունը։ Ես նույնպես չեմ տեսել և չի էլ կարելի այն տեսնել, եթե մենք մեր կյանքին նայենք իբրև ամեն բանի վախճանի։ Երկրի վրա, հենց այս երկրի վրա (Պիեռը ցույց տվեց դաշտը) չկա ճշմարտություն — ամեն ինչ սուտ է ու չարիք, բայց աշխարհում, ամբողջ աշխարհում՝ կա ճշմարտության թագավորություն, և մենք հիմա երկրի զավակներ ենք, իսկ հավիտենապես՝ զավակներն ենք ամբողջ աշխարհի։ Մի՞թե ես իմ հոգում չեմ զգում, որ ես մասնիկն եմ այս մեծ, ներդաշնակ ամբողջի. մի՞թե ես չեմ զգում, որ ես այս ահագին անթիվ անհամար էակների մեջ, ուր երևան է գալիս աստվածությունը,— բարձրագույն ուժը, ինչպես կուզեք անվանեցեք,— ես մի օղակն եմ, մի աստիճանը՝ ստորին էակներից դեպի բարձր էակները։ Եթե ես պարզ տեսնում եմ այդ սանդուղքը, որ բույսից տանում է դեպի մարղը, էլ ինչո՛ւ համար պետք է ենթադրեմ, որ այդ սանդուղքն ընդհատվում է ինձնով և չի տանում ավելի ու ավելի վեր։ Ես զգում եմ, որ ես ոչ միայն չեմ կարող անհայտանալ, ինչպես չի անհայտանում և ոչ մի բան աշխարհում, այլ որ ես միշտ կլինեմ և միշտ եղել եմ։ Զգում եմ, որ ինձնից բացի, վերևում ապրում են ոգիներ և որ այս աշխարհում ճշմարտություն կա։
— Այո, դա Հերդերի ուսմունքն է,— ասավ իշխան Անդրեյը,— բայց ոչ թե այդ պետք է ինձ համոզի, հոգիս, այլ կյանքը և մահը. ահա՛ թե ինչն է համոզում։ Համոզում է այն, երբ տեսնում ես քեզ համար թանկագին մի էակ, որ կապված է քեզ հետ, որի առաջ դու մեղավոր ես եղել և հույս ես ունեցել արդարանալ (իշխան Անդրեյի ձայնը դողաց և նա երեսը շրջեց) և հանկարծ այդ էակը տանջվում է, չարչարվում և դադարում է գոյություն ունենալուց։ Ինչո՞ւ։ Չի կարող, որ պատասխան չլինի։ Եվ ես հավատում եմ, որ այդ պատասխանը կա… Ահա թե ինչն է համոզում, ահա՛ թե ի՛նչը համոզեց ինձ,— ասավ իշխան Անդրեյը։
— Դե, իհարկեէ իհարկե,— ասավ Պիեռը,— մի՞թե ես էլ նույնը չեմ ասում։
— Ոչ։ Ես միայն ասում եմ, որ հանդերձյալ կյանքի անհրաժեշտության մեջ համոզում են ոչ թե ապացույցները, այլ այն, որ երբ կյանքում ձեռ-ձեռի տված գնում ես մեկի հետ, և հանկարծ նա անհայտանա ''այնտեղ, ոչ մի տեղում'', դու ևս կանգ ես առնում այդ անդունդի առաջ և նայում այնտեղ։ Եվ ես նայեցի…
— Է՜հ, ուրեմն ի՞նչ։ Դուք գիտեք, որ կա ''այնտեղ'' և կա ինչ-որ մեկը։ Այնտեղ հանդերձյալ կյանքն է։ Ինչ-որ մեկը՝ աստված է։
Իշխան Անդրեյը չպատասխանեց։ Կառքն ու ձիերը վաղուց արդեն տարվել էին մյուս ափը և արդեն լծված էին, իսկ արևը կիսով չափ թաքնվել էր և իրիկվա սառնամանիքը սառցե աստղեր էր գոյացնում լճակների վրա, սակայն Պիեռն ու Անդրեյը, ի զարմանս լաքեյների, կառապանների ու նավազների, դեռ պարոմի վրա կանգնած, խոսում էին։
— Եթե կա աստված և կա հանդերձյալ կյանք, ուրեմն կա ճշմարտություն, կա առաքինություն, և մարդու բարձրագույն երջանկությունն ա՛յն է, որ նա ձգտի դրանց հասնելու։ Պետք է ապրել, պետք է սիրել, պետք է հավատալ,— ասում էր Պիեռը,— որ մենք ապրում ենք ոչ միայն ներկայումս, այս մի կտոր հողի վրա, այլ ապրել ենք և ապրելու ենք հավիտյան, այնտեղ, ամենի մեջ (նա ցույց տվեց երկինքը)։
Իշխան Անդրեյը, պարոմի ճաղերին հենված, լսում էր Պիեռին և նայում արևի կարմիր արտացոլումը կապույտին տվող ջրի հոսանքում։ Պիեռը լռեց։ Բոլորովին խաղաղ էր։ Պարոմը վաղուց ափ էր հասել և միայն ջրի ալիքներն էին, որ թույլ ճողփյունով զարկվում էին պարոմի հատակին։ Իշխան Անդրեյին թվում էր, թե ալիքների այդ շառաչը Պիեռի խոսքերին ավելացնում էր. «Ճի՛շտ է, հավատա՛ դրան»։
Իշխան Անդրեյը հառաչեց և մանկական շողուն, քնքուշ հայացքով նայեց Պիեռի կարմրած, խանդավառ դեմքին, որ միշտ ամաչկոտ էր առաջնություն ցույց տվող բարեկամի առջև։
— Այո՛, եթե այդ այդպես լիներ,— ասավ նա։— Բայց գնանք նստենք,— ավելացրեց իշխան Անդրեյը և պարոմից դուրս գալով նայեց երկնքին, որ նրան ցույց տվեց Պիեռը, և, առաջին անգամ Աուստերլիցի ճակատամարտից հետո, նա տեսավ այն բարձր, հավիտենական երկինքը, որ տեսել էր Աուստերլիցի դաշտում պառկած վիճակում և նրա հոգում հանկարծ խնդագին ու կենսուրախ զարթնեց մի ինչ-որ նոր բան, որ վաղուց նիրհել, լռել էր, մի ինչ-որ լավագույն բան, որ կար նրա մեջ։ Բայց այդ զգացումը շուտով չքացավ, երբ իշխան Անդրեյը կրկին վերադարձավ կյանքի սովորական պայմաններին, սակայն նա գիտեր, որ այդ զգացումը, որն ինքը չէր կարողանում զարգացնել, ապրում էր իր մեջ։ Պիեռի հետ ունեցած տեսակցությունը իշխան Անդրեյի համար եղավ մի շրջան, որով սկսվեց նրա, թեև արտաքուստ նույն, բայց նրա ներքին աշխարհում մի նոր կյանք։
=== XIII ===
Մթնել էր արդեն, երբ իշխան Անդրեյն ու Պիեռը մոտեցան Լիսիե Գորիի տան գլխավոր մուտքին։ Այն ժամանակ, երբ նրանք մոտենում էին տանը, իշխան Անդրեյը ժպտալով Պիեռի ուշադրությունը հրավիրեց այն իրարանցումի վրա, որ կատարվում էր տան ետևի պատշգամբի մոտ։ Մի կորաքամակ պառավ՝ մախաղը մեջքին, և սև հանդերձով ու երկար մազերով կարճ տղամարդ, տեսնելով մոտեցող կառքը, վազեվազ շտապեցին դեպի դարպասը։ Երկու ուրիշ կին ևս վազեցին նրանց ետևից և բոլոր չորսը միասին՝ ետ-ետ նայելով դեպի կառքը, վախեցած բարձրացան տան ետևի պատշգամբը։
— Դրանք Մաշայի «աստծո մարդիկն» են,— ասավ իշխան Անդրեյը։— Նրանք մեզ ընդունեցին հորս տեղ։ Միայն այս բանում է, որ քույրս չի հնազանդում հորս։ Հայրս պատվիրում է վռնդել այդ թափառականներին, բայց նա՝ Մաշան շարունակում է դրանց ընդունել։
— Ինչ բաներ են այդ «աստծու մարդիկ»-ը,— հարցրեց Պիեռը։
Իշխան Անդրեյը չկարողացավնրան պատասխանել։ Ծառաները դուրս եկան ընդառաջ, և նա սկսեց հարց ու փորձ, թե որտե՞ղ է ծեր իշխանը և շո՞ւտ կգա արդյոք։
Ծեր իշխանը դեռ քաղաքումն էր. նրան սպասում էին ամեն րոպե։
Իշխան Անդրեյը Պիեռին տարավ իր հարկաբաժինը, որ միշտ պատրաստ էր նրա համար հոր տանը, իսկ ինքը գնաց մանկանոց։
— Գնանք քրոջս մոտ,— ասավ իշխան Անդրեյը վերադառնալով Պիեռի մոտ։— Ես նրան դեռ չեմ տեսել. նա հիմա թաքնվում է կամ նստել է իր թափառական-ուխտավորների մոտ։ Տե՛ղն է նրան, նա թեև կքաշվի, կամաչի, բայց դու կտեսնես նրա այդ «աստծու մարդկանց»։ C’est curieux, ma parole.<ref>Դա հետաքրքրական է, ազնիվ խոսք։</ref>
— Qu’est-ce que c’est que<ref>Ի՞նչ բան են…</ref> «աստծու մարդի՞կ»,— հարցրեց Պիեռը։
— Գնանք՝ կտեսնես։
Իշխանադուստր Մարիան իսկապես շփոթվեց և պուտպուտ կարմրեց, երբ եղբայրն ու հյուրը ներս մտան։ Նրա կոկիկ դուրեկան սենյակում, ուր լամպը վառվում էր սրբապատկերի առաջ, բազմոցի վրա, իշխանադստեր կողքին, ինքնաեռի ստվերում, նստած էր երկար քթով և երկար մազերով մի ջահել տղա՝ կուսակրոնի փարաջայով։
Նրանց կողքին, թիկնաթոռին նստած էր մի կնճռոտ, նիհար պառավ՝ մանկական դեմքի հատուկ հեզ արտահայտությամբ։
— André, pourquoi ne pas m’avoir prévenu?<ref>Անդրեյ, ինչո՞ւ չնախազգուշացրիր ինձ։</ref>— ասավ իշխանադուստրը հեզ կշտամբանքով, կանգնելով իր թափառական հյուրերի առջև, ինչպես թուխսն իր ճուտերի առաջ։
— Charmée de vous voir. Je suis très contente de vous voir<ref>Շատ ուրախ եմ ձեզ տեսնելու համար։ Շատ գոհ եմ, որ տեսնում եմ ձեզ։</ref>,— ասավ նա Պիեռին այն ժամանակ, երբ վերջինս համբուրում էր նրա ձեռը։ Իշխանադուստր Մարիան Պիեռին ճանաչում էր դեռ երեխա ժամանակից, և այժմ նրա բարեկամությունը Անդրեյի հետ, նրա և կնոջ միջև պատահած դժբախտությունը, և որ գլխավորն է, նրա պարզ, բարի դեմքը իշխանադստեր մեջ առաջ բերին լավ վերաբերմունք դեպի Պիեռը։ Նա իր գեղեցիկ դողուն աչքերով նայում էր Պիեռին և կարծես ասում էր. «Ես ձեզ շատ եմ սիրում, բայց խնդրեմ հյուրերիս վրա չծիծաղեք»։ Ողջույնի առաջին խոսքերը փոխանակելով նրանք նստեցին։
— Ա՜, Իվանուշկան էլ այստեղ է,— ասավ իշխան Անդրեյը ժպտադեմ, ցույց տալով ջահել թափառականին։
— André!— ասավ իշխանադուստր Մարիան աղերսաձայն։
— Il faut que vous sachiez, que c’est une femme<ref>Մի մոռացիր, որ սա կին է։</ref>,— ասավ Անդրեյը Պիեռին։
— André, au nom de dieu<ref>Անդրեյ, ի սեր աստծո։</ref>,— կրկնեց իշխանադուստր Մարիան։
Երևում էր, որ իշխան Անդրեյի հեգնական վերաբերմունքը դեպի թափառական ուխտավորները և իշխանադուստր Մարիայի անօգուտ միջամտությունը նրանց համար՝ սովորական բաներ էին նրանց հարաբերության մեջ։
— Mais, ma bonne amie,— ասավ իշխան Անդրեյը,— vous devriez au contraire m’être reconnaissante de ce que j’explique à Pierre votre intimité avec ce jeune homme.<ref>Բայց սիրելի բարեկամուհիս, դու պետք է շնորհակալ լինես ինձնից, որ ես բացատրում եմ Պիեռին քո մոտիկությունը այս երիտասարդի հետ։</ref>
— Vraiment?<ref>Իսկապե՞ս։</ref>— ասավ Պիեռը՝ ակնոցի միջով հետաքրքրությամբ ու լուրջ (որի համար իշխանադուստր Մարիան առանձնապես շնորհակալ եղավ նրանից) նայելով Իվանուշկայի դեմքին, որը հասկանալով, թե խոսքն իր մասին է, խորամանկ աչքերով դիտեց բոլորին։
Իշխանադուստր Մարիան բոլորովին իզուր շփոթվեց ''յուրայինների'' համար։ Նրանք բնավ չէին քաշվում։ Պառավը, աչքերը ցած գցած, բայց ներս եկածներին խեթ նայելով, թեյի բաժակը բերանն ի վայր բաժակակալի վրա դրած ու մոտն էլ մի կտոր կծած շաքար, հանգիստ ու անշարժ նստել էր իր թիկնաթոռին և սպասում էր, որ էլի թեյ առաջարկեն։ Իվանուշկան թեյը բաժակակալով խմելով, իր խորամանկ, կանացի աչքերով տակեհան նայում էր երիտասարդներին։
— Որտե՞ղ էիք, Կիևո՞ւմ,— հարցրեց իշխան Անդրեյը պառավին։
— Էնտեղ էի,— պատասխանեց զրուցասեր պառավը,— ծննդին սրբերի մոտ արժանացա սուրբ հաղորդության, իսկ հիմի, որդի, Կոլյազինից եմ գալի, սուրբ շնորհ է գտնվել էնտեղ…
— Իսկ դու, Իվանուշկա, դու ի՞նչ ես անում։
— Ես մենակ ինձ համար եմ ման գալի, պարոն,— ասաց Իվանուշկան, աշխատելով թավ ձայնով խոսել։— Յուխնովում միայն Պելագեային պատահեցի։
Պելագեան ընդհատեց իր ընկերոջը. ըստ երևույթին նա ուզում էր պատմել՝ ի՛նչ ինքը տեսել էր։
— Կոլյազինում, որդի, մեծ շնորհ է գտնվել։
— Ի՞նչ. նոր մասունքնե՞ր,— հարցրեց իշխան Անդրեյը։
— Բավական է, Անդրեյ,— ասավ իշխանադուստր Մարիան։— Մի՛ պատմիր, Պելագեուշկա։
— Ինչի՞… որ, քե մատաղ, ինչի՞ չպատմեմ որ։ Ես սրան սիրում եմ։ Սա բարի մարդ է. աստծու ընտրյալ. իմ բարերարն է. մի անգամ տասը ռուբլի տվեց, մի՛տս է։ Երբ ես Կիևումն էի, Խև Կիրյուշան,— իսկական աստծու մարդը, որ ամառ ձմեռ բոբիկ է ման գալի,— ասում է ինձ. «Ինչ ես ման գալի, ասում է, սա քու տեղը չի»։ «Գնա,— ասում է,— Կոլյազին, էնտեղ գտել են մայր աստվածածնի հրաշագործ պատկերը»։ Էդ խոսքերից հետո ես մնաս բարով ասի սրբերին ու գնացի։
Բոլորը լուռ էին, միայն ուխտավոր կինն էր խոսում հանդարտ ձայնով և օդ շնչելով։
— Եկա էդպես, ախպերս, ու ժողովուրդն ասում է ինձ. «Մեծ շնորհք է գտնվել, սուրբ մայր աստվածածնի թշերից մեռոն է կաթում»։
— Դե՛ լա՛վ, լա՛վ, հետո կպատմես,— կարմրելով ասավ իշխանադուստր Մարիան։
— Թույլ տվեք հարցնել նրան,— ասավ Պիեռը։— Դու ինքդ տեսա՞ր,— հարցրեց նա։
— Ինչպե՜ս չէ, քե մատաղ, հենց ինքս արժանացա։ Երեսն էնպես պայծառ էր, ոնց որ երկնային լույսը, իսկ թշերից էլ էնպես կաթո՜ւմ էր հա կաթում…
— Չէ՞ դա սուտ է,— միամտաբար ասավ Պիեռը՝ ուշադիր լսելով ուխտավոր կնոջը։
— Ա՜խ, էդ ինչեր ես ասում, որդիս,— սարսափով ասավ Պելագեան, դիմելով իշխանադուստր Մարիայի օգնության։
— Դրանով ժողովրդին խաբում են,— կրկնեց Պիեռը։
— Տեր Հիսուս Քրիստոս,— խաչակնքելով ասավ պառավը։— Օ՜հ, մի՛ ասի։ Էդպես մի ենարալ էլ չի հավատացել, ասել է. «Վարդապետները խաբում են», ու հենց ասել է, չի ասել՝ տեղնուտեղը կուրացել է։ Ու մի օր երազում տեսել է, թե ինչպես իր մոտ է եկել Պեչորայի աստվածածինն ու ասել. «Հավատա՛ ինձ, ես քեզ կբուժեմ»։ Ու երանալն սկսել է խնդրել, թե. «Տա՛ր ինձ, ասում է, տա՛ր նրա մոտ»։ Ես քեզ իսկական ճշմարիտ բան եմ ասում, աչքովս եմ տեսել։ Տարանք էդ կույր մարդուն ուղիղ նրա՝ Պեչորայի աստվածածնի մոտ, մոտեցավ երանալը, ընկավ երեսի վրա և ասում է. «Առողջացրու ինձ. ինչ որ թագավորից պարգև եմ ստացել, ասում է, բոլորը քեզ կտամ»։ Աչքովս եմ տեսել, քե մատաղ։ Աստղն էլ պատկերի վրա երևաց։ Հետո գիտեք ի՜նչ. աչքերը բացվեցին էդպես բաներ մի ասեք, մեղք է, աստված կպատժի,— խրատական ձևով դիմեց նա Պիեռին։
— Այդ ինչպե՞ս աստղը երևաց սրբի պատկերի վրա,— հարցրեց Պիեռը։
— Աստվածամո՞րն էլ գեներալ դարձրին,— ասավ իշխան Անդրեյը ժպտալով։
Պելագեան հանկարծ գունատվեց և ձեռներն իրար զարկեց։
— Է՜, որդի, մեղք ես, որդու տեր ես,— ասավ պառավը գունատությունից հանկարծ կարմրելով։— Էդ ի՜նչ ասիր դու… աստված թողություն տա քեզ։— Նա խաչակնքեց երեսը։— Տեր, ներիր սրան։— Քուրս, էս ի՞նչ բան է,— դիմեց նա իշխանադուստր Մարիային։— Նա վեր կացավ և արցունքները հազիվ զսպելով, սկսեց հավաքել իր պարկը։ Երևում էր, որ նա և՛ սարսափում էր, և՛ ամաչում, որ ինքն օգտվում է մի տան բարիքներից, ուր չէր սպասում այդպիսի խոսքեր, և՛ ցավում էր, որ ինքը զրկվելու է այդ տան բարերարությունից։
— Է՛, ի՛նչ բավականություն դրանից,— ասավ իշխանադուստր Մարիան։— Ինչո՞ւ եկաք ինձ մոտ…
— Չէ, Պելագուշկա, ես կատակ եմ անում,— ասավ Պիեռը։— Princesse, ma parole, je n’ai pas voulu l’offenser<ref>Իշխանադուստր, ես իսկապես, չէի ուզում նրան վիրավորել։</ref>, ես միայն այնպես։ Դու ուրիշ բան մի կարծիր, Պելագեա, ես կատակ արի,— ասավ նա ամաչկոտ ժպտալով և կամենալով հարթել իր մեղքը։— Չէ՞ որ ես կատակ արի միայն։
Պառավը մնաց անվստահ կանգնած, սակայն Պիեռի դեմքին մի այնպիսի անկեղծ զղջում կար և իշխան Անդրեյը մերթ Պելագեային, մերթ Պիեռին նայում էր այնպիսի հեզությամբ, որ պառավը կամաց-կամաց հանգստացավ։
=== XIV ===
Պառավը հանգստացավ և նորից խոսակցության բռնվելով, երկար պատմեց հայր Ամֆիլոքի մասին, թե նա այնպիսի սուրբ կյանք է վարում, որ նրա ձեռքից խնկի հոտ է գալիս, պատմեց և այն, թե ինչպես իր ծանոթ կուսակրոնները, վերջին անդամ Կիև ուխտ գնացած ժամանակ, տվել են իրեն քարանձավների բանալիները և ինչպես ինքը չոր հացի կտորներ վերցնելով, երկու օր ու գիշեր մնացել է քարանձավներում՝ սրբերի մոտ։ «Աղոթում էի մեկին, պաշտում, հետո գնում մի ուրիշի մոտ։ Քնում, նորից գնում, համբուրում էի ու էնպես մի խաղաղություն էր, ձեզ մատաղ, էնպես լավ, որ չէի ուզում լուս աշխարհ դուրս գամ»։
Պիեռն ուշադիր ու լուրջ լսում էր նրան։ Իշխան Անդրեյը դուրս եկավ սենյակից։ Նրանից հետո էլ իշխանադուստր Մարիան, թողնելով, որ հյուրերը թեյ խմեն վերջացնեն, Պիեռին տարավ հյուրասրահ։
— Դուք շատ բարի եք,— ասավ նա Պիեռին։
—Ախ, գիտեք, ճշմարիտ, ես չէի ուզում վիրավորել նրան. ես լավ եմ հասկանում ու բարձր եմ գնահատում այդ զգացմունքները։
Իշխանադուստր Մարիան լուռ նայեց նրան և մեղմ ժպտաց։
— Չէ որ ես ձեզ վաղուց եմ ճանաչում և եղբոր պես սիրում եմ,— ասավ իշխանադուստր Մարիան։— Դուք ինչպե՞ս եք գտնում Անդրեյին,— հարցրեց նա արագ, միջոց չտալով, որ Պիեռը որևէ բան ասի ի պատասխան իր սիրալիր խոսքերին։— Նա ինձ շատ է անհանգստացնում։ Նրա առողջությունը ձմեռները լավ է լինում, բայց անցած գարնան վերքը բացվեց, և բժիշկը հայտնեց, որ պետք է գնա բուժվելու։ Բարոյապես էլ շատ եմ անհանգստանում նրա համար։ Նա այնպիսի բնավորություն չունի, ինչպես մենք — կանայքս, որ կարողանա լացով անցկացնել իր վիշտը։ Նա իր վիշտը սրտումն է կրում։ Նա հիմա ուրախ, զվարթ է. դա ձեր գալն է ազդել վրան. շատ քիչ է պատահում, որ նա այդպիսի տրամադրության մեջ լինի։ Եթե դուք կարողանայի՜ք համոզել նրան արտասահման գնալ։ Նրան հարկավոր է գործունեություն, իսկ այս միօրինակ, անաղմուկ կյանքը կործանում է նրան։ Ուրիշներն այդ չեն նկատում, բայց ես տեսնում եմ։
Ժամը տասին սպասավորները, լսելով իշխանի մոտեցող կառքի բոժոժների ձայնը, վազեցին դեպի տան պատշգամբը։ Իշխան Անդրեյը՝ Պիեռի հետ նույնպես պատշգամբ դուրս եկան։
— Դա ո՞վ է,— հարցրեց իշխանը կառքից իջնելով և Պիեռին նկատելով։
— Ա՜, շատ ուրախ եմ, համբուրի՛ր,— ասավ նա, ճանաչելով, թե ո՛վ էր անծանոթ երիտասարդը։
Ծեր իշխանը, լավ տրամադրության մեջ լինելով, գուրգուրեց Պիեռին։
Ընթրիքից առաջ իշխան Անդրեյը վերադառնալով հոր առանձնասենյակը, տեսավ հորը Պիեռի հետ տաք-տաք վիճելիս։ Պիեռն ապացուցում էր, որ կգա ժամանակ, երբ այլևս պատերազմ չի լինի։ Ծեր իշխանը ծաղրելով, բայց առանց բարկանալու, առարկում էր նրան։
— Մարդկանց երակների արյունը թափիր և նրա տեղ ջուր լցրու, այն ժամանակ պատերազմ չի լինի։ Դրանք պառավական զառանցանքներ են, պառավական զառանցանքներ,— ասավ նա, բայց այնուամենայնիվ, ձեռը սիրալիր խփեց Պիեռի ուսին և մոտեցավ սեղանին, ուր իշխան Անդրեյը, ըստ երևույթին, չկամենալով խոսակցության մեջ մտնել, ջոկջկում էր այն թղթերը, որ հայրը բերել էր քաղաքից։ Ծեր իշխանը մոտեցավ նրան և սկսեց խոսել գործերի մասին։
— Ազնվականների պարագլուխ կոմս Ռոստովը մարդկանց կեսը չբերեց։ Եկա քաղաք, ուզեց ճաշի կանչել, բայց ես նրան մի այնպիսի ճաշ ցույց տվի որ… Ահա մի նայիր այս… Է՜հ, եղբայր,— դիմեց իշխան Նիկոլայ Անդրեյիչը որդուն, Պիեռի մեջքին խփելով,— կեցցե՛ քո բարեկամը, ես սրան սիրեցի։ Վառում է ինձ։ Ուրիշը խելոք բաներ շատ է ասում, բայց լսել չես ուզում, իսկ սա սուտ է ասում, բայց ինձ, ծերունուս վառում է։ Դե, գնացե՛ք, գնացե՛ք,— ասավ նա,— գուցե գամ ձեր ընթրիքին մի քիչ նստեմ։ Էլի կվիճեմ։ Իմ հիմար աղջկան, իշխանադուստր Մարիային, սիրի՛ր,— գոչեց նա դռան միջից Պիեռի ետևից։
Պիեռն այժմ միայն, Լիսիե Գորի գալով, գնահատեց իշխան Անդրեյի բարեկամության ամբողջ ուժն ու հմայքը։ Այդ հմայքն արտահայտվեց ոչ այնքան իրեն՝ իշխան Անդրեյի հետ ունեցած հարաբերությունների մեջ, որքան նրա հարազատների ու տնեցիների վարվեցողության մեջ։ Պիեռը ծեր, դաժան իշխանի և հեզ ու ամոթխած իշխանադուստր Մարիայի մոտ, չնայած որ նրանց գրեթե չէր ճանաչում, իրեն միանգամից վաղեմի բարեկամ զգաց։ Նրանք բոլորն արդեն սիրում էին Պիեռին։ Ոչ միայն իշխանադուստր Մարիան (որ զգացված էր Պիեռի՝ ուխտավորներին ցույց տված հեզ վերաբերմունքից) էր նրան նայում իր շողուն աչքերով, այլև փոքրիկ մի տարեկան իշխան Նիկոլայը, ինչպես պապն էր անվանում նրան, ժպտաց Պիեռին և նրա գիրկը գնաց։ Միխայիլ Իվանիչը, m-lle Bourienne-ն ուրախ ժպիտներով էին նայում նրան, երբ նա խոսում էր ծեր իշխանի հետ։
Ծեր իշխանը եկավ ընթրելու. ըստ երևույթին, այդ Պիեռի համար էր։ Այն երկու օրը, որ Պիեռն անցրեց Լիսիե Գորիում, ծեր իշխանը շատ սիրալիր էր նրա հետ և վերջը հրավիրեց գալ իրենց մոտ։
Երբ Պիեռը մեկնեց, ընտանիքի բոլոր անդամները հավաքվեցին միասին և սկսեցին քննել ու դատել նրան, ինչպես այդ լինում է միշտ նոր մարդու մեկնելուց հետո, և, ինչպես այդ հազվադեպ է լինում, բոլորն էլ նրա միա՛յն լավն էին ասում։
=== XV ===
Այս անգամ արձակուրդից վերադառնալով, Ռոստովն առաջին անգամն զգաց ու հասկացավ, թե որ աստիճան ուժեղ է իր կապը Դենիսովի և ամբողջ գնդի հետ։
Երբ Ռոստովը մոտենում էր իր գնդին, նա նույնն զգաց, ինչ որ զգացել էր Պովարսկի փողոցի տանը մոտենալիս։ Երբ նա տեսավ իր գնդի հուսարներից մեկին՝ կոճակներն արձակ մունդիրով, երբ ճանաչեց շեկ Դեմենտևին, տեսավ շեկ ձիերի բհիրները, երբ Լավրուշկան ուրախ ձայն տվեց իր բարինին, թե՝ «կոմսը եկավ», և փրչոտ Դենիսովը, որ պառկած էր անկողնում, դուրս վազեց գետնափորից, գրկեց նրան, և սպաները հետզհետե հավաքվեցին,— Ռոստովը նույնն զգաց, ինչ որ այն ժամանակ, երբ իրեն գրկում էին մայրը, հայրը, քույրերը, և ուրախության արցունքները, որ բռնել էին նրա կոկորդը, թույլ չտվին նրան խոսել։ Գունդն էլ տուն էր նրա համար, մշտապես սիրելի ու թանկագին, ինչպես և հայրենական տունը։
Ներկայանալով գնդի հրամանատարին, նշանակվելով նախկին հեծվաշտում, գնալով հերթապահության և ձիերի համար կեր ճարելու, մտնելով գնդի բոլոր մանր-մունր հոգսերի մեջ և զգալով իրեն ազատությունից զրկված ու մի նեղ անփոփոխ շրջանակում ներփակված, Ռոստովն զգաց նույն հանգիստը, նույն հենարանը և գիտակցությունն այն բանի, որ ինքն այստեղ տանն է, իր տեղում, ինչպես այդ զգացել էր նա հայրենական հարկի տակ։ Չկար այլևս ազատ կյանքի ամեն տեսակի անկարգություն, ուր նա տեղ չէր գտնում իրեն և սխալվում էր ընտրությունների մեջ. չկար Սոնյան, որ հարկ լիներ կամ հարկ չլիներ բացատրվելու. չկար մի տեղ գնաղու կամ չգնալու հնարավորությունը. չկար օր ու գիշերվա 24 ժամը, որոնց կարելի լիներ օգտագործել այնքան տարբեր եղանակներով. չկար մարդկանց անթիվ բազմությունը, որոնցից ոչ մեկը ո՛չ մոտիկ էր, ո՛չ հեռու, չկային դրամական անորոշ ու մութ հարաբերությունները հոր հետ, չկար նաև Դոլոխովին տարվելու սոսկալի հիշողությունը։ Այստեղ, գնդում, ամեն ինչ պարզ էր ու հասարակ։ Ամբողջ աշխարհը բաժանված էր երկու անհավասար մասերի. մեկը — մեր Պավլոգրադյան գունդը, իսկ մյուսը՝ մնացած բոլորը։ Ու ոչ մի առնչություն մնացած բոլորի հետ։ Գնդում ամեն ինչ որոշ էր. ո՛վ է տեղակալը, ո՛վ է ռոտմիստրը, ո՛վ է լավ, ո՛վ վատ մարդ, մանավանդ՝ ընկեր։ Նպարավաճառը պարտք է վստահում, ռոճիկն ստացվում է չորս ամիսը մեկ. հնարելու և ընտրելու բան չկա, միայն թե այնպիսի բան մի՛ արա, ինչ վատ է համարվում Պավլոգրադյան գնդում։ Իսկ եթե տեղ կուղարկեն, արա՛ այն, ի՛նչ պարզ ու մեկին որոշված և հրամայված է,— և ամեն բան լավ կլինի։
Վերադառնալով նորից գնդի կյանքի այս որոշ պայմաններին, Ռոստովն ուրախություն ու հանգստություն զգաց, ինչպես այդ զգում է հոգնած մարդը, երբ պառկում է հանգստանալու։ Գնդի կյանքը Ռոստովի համար այս անգամ սփոփիչ էր նրանով, որ նա Դոլոխովին տանուլ տալուց հետո (մի արարք, որ նա, չնայած հարազատների մխիթարական բոլոր խոսքերին, չէր կարողանում ներել իրեն), որոշել էր ծառայել ոչ թե առաջվա պես, այլ իր մեղքը քավելու համար լա՛վ ծառայել և լինել միանգամայն օրինակելի ընկեր ու սպա, այսինքն հիանալի մարդ, մի բան, որ ''աշխարհում'' այնքան դժվար էր թվում, իսկ գնդում՝ այնքան հնարավոր։
Ռոստովը տանուլ տալու օրից վճռել էր, որ հինգ տարվա ընթացքում ինքը կվճարի այդ պարտքը ծնողներին։ Նա տնից տարեկան ստանում էր տասը հազար, հիմա վճռել էր վերցնել միայն երկու հազար, իսկ մնացածը թողնել ծնողներին՝ պարտքը վճարելու։
Մեր բանակը Պուլտուսկի, Պրեյսիշ-Էյլաուի մոտ ունեցած բազմաթիվ նահանջներից, հարձակումներից ու ճակատամարտերից հետո, կենտրոնացավ Բարտենշտեյնի մոտ։ Սպասում էին թագավորի գալուն և նոր կռվի սկսվելուն։
Պավլոգրադյան գունդը, որ գտնվում էր բանակի այն մասում, որը եղել էր 1805 թվի արշավանքում, Ռուսաստանում վերակազմվելու պատճառով չհասավ պատերազմի առաջին գործողություններին։ Նա չէր եղել ո՛չ Պուլտուսկի, ո՛չ Պրեյսիշ-Էյլաուի մոտ, և միայն պատերազմի երկրորդ կեսին միանալով գործող բանակին, կցվեց Պլատովի ջոկատին։
Պլատովի ջոկատը գործում էր բանակից անկախ։ Պավլոդրադցիները մի քանի անգամ մաս-մաս հրաձգություն ունեցան թշնամու դեմ, գերիներ վերցրին և մի անգամ նույնիսկ Խլեցին մարշալ Ուզինոյի կառքերը։ Ապրիլ ամսին մի քանի շաբաթ պավլոգրադցիները մնացին գերմանական մի հիմնահատակ ավերված, ամայի գյուղի մոտ՝ առանց տեղից շարժվելու։
Հալհլոց էր, ցեխ, ցուրտ. գետի սառույցը կոտրվում էր, ճանապարհները դարձել էին անանցանելի, մի քանի օր ուտելիք չտվին ոչ ձիերին, ոչ մարդկանց։ Որովհետև մթերքի փոխադրությունը դարձել էր անհնարին, ուստի մարդիկ ցրվեցին լքված ամայի գյուղերը՝ գետնախնձոր փնտրելու, բայց այդ էլ շատ քիչ էր ճարվում։
Ամեն բան կերել էին, և բնակիչները՝ բոլորը փախել, իսկ նրանք, ովքեր մնացել էին՝ մուրացկաններից վատ էին, ուստի և նրանցից վերցնելու բան չկար, նույնիսկ փոքր-ինչ խղճսվ զինվորները հաճախ, փոխանակ այդպիսիներից օգտվելու, նրանց տալիս էին իրենց վերջին ունեցածը։
Պավլոգրադյան գունդը կռիվներում կորցրեց միայն երկու վիրավոր, իսկ սովից ու հիվանդություններից իր մարդկանց գրեթե կեսը։ Հիվանդանոց ընկնողն ուղղակի մեռնում էր, այնպես որ տենդով և ուռուցքներով տառապող (որ առաջանում էր վատ սննդից) հիվանդ զինվորները գերադասում էին լինել դիրքերում, ծառայության մեջ՝ թեկուզ հազիվ-հազ ոտքերնին քաշ տալով, քան հիվանդանոց գնալ։ Գարունը բացվելուն պես՝ զինվորներն սկսեցին քաղել հողի երեսին երևցած մի բույս, որ նման էր ծնեփակի, որին զինվորները, չգիտես ինչու, Մաշկայի քաղցր արմատ էին անվանում և մարգերում ու դաշտերում ցրված, որոնում էին Մաշկայի այդ քաղցր արմատը (որը շատ դառն էր), սրերով փորում հանում էին և ուտում, չնայած եղած կարգադրության՝ չուտել այդ վնասակար բույսից։ Գարնանը զինվորների մեջ երևաց նոր հիվանդություն՝ ձեռների, ոտների և երեսի ուռուցք, որի պատճաոը բժիշկները համարում էին այդ արմատի գործածությունը։ Սակայն, չնայած արգելքին, Դենիսովի հեծվաշտի Պավլոգրադյան զինվորներն ուտում էին բացառապես Մաշկայի քաղցր արմատ, որովհետև երկրորդ շաբաթն էր, որ մեծ խնայողությամբ էին տալիս պաքսիմատի վերջին պաշարը, մարդագլուխ տրվում էր կես ֆունտ, իսկ վերջին անգամ բերված կարտոֆիլը ցրտատար էր ու ծլած։
Ձիերը նմանապես երկրորդ շաբաթն էր՝ սնվում էին տների տանիքների ծղոտով, նրանք այլանդակորեն նիհար էին և դեռ ծածկված էին ձմեռային, փունջ-փունջ թափվող մազերով։
Չնայած այսպիսի աղետալի կացության, զինվորներն ու սպաներն ապրում էին ճիշտ այնպես, ինչպես և միշտ. այժմ էլ, թեև գունատ, ուռած դեմքերով ու պատառոտած մունդիրներով, հուսարները շարք-շարք կանգնում էին ռոճիկ ստանալու, գնում էին զորանոցը կարգի բերելու, մաքրում էին ձիերը, զենքերը, զինվորական իրերը, կերի համար ծղոտ էին կրում տանիքներից, գնում էին ճաշելու կաթսաների մոտ, որտեղից հեռանում էին քաղցած, ծաղրելով իրենց զզվելի սնունդն ու քաղցը։ Այժմ էլ, ինչպես միշտ, ծառայությունից ազատ ժամերին, զինվորները խարույկներ էին վառում և մերկ մարմնով տաքանում կրակի մոտ. ծխում էին, ջոկում, խորովում ծլած, փչացած գետնախնձորը, պատմություններ էին անում Պոտյոմկինի և Սուվորովի արշավանքների մասին, կամ թե չէ հեքիաթներ էին ասում խորամանկ Ալյոշայի կամ տերտերի հոտաղ Միկոլայի մասին։
Սպաներն այնպես էլ, ինչպես սովորաբար, ապրում էին երկու-երկու, երեք-երեք բաց, կիստվեր տներում։ Ավագները հոգ էին տանում ծղոտ ու կարտոֆիլ ճարելու մասին, առհասարակ մարդկանց ուտելիքի մասին, իսկ կրտսերները, ինչպես միշտ, զբաղվում էին՝ ո՛րը թղթախաղով (փող շատ կար, թեպետ և մթերք չկար), ո՛րը անմեղ խաղերով. խաղում էին սվայկա և գորոդկի։ Իսկ գործի ընդհանուր դրության մասին քիչ էին խոսում, մասամբ նրա համար, որ բոլորովին բան չգիտեին, մասամբ էլ նրա համար, որ մութ կերպով զգում էին, որ պատերազմն ընդհանուր առմամբ վատ է գնում։
Ռոստովն առաջվա պես ապրում էր Դենիսովի հետ, նրանց բարեկամական կապը, արձակուրդի օրից, ավելի սերտ դարձավ։ Դենիսովը երբեք չէր խոսում Ռոստովի հարազատների մասին, բայց այն սիրագորով բարեկամությունից, որ ցույց էր տալիս հրամանատարն իր սպային, Ռոստովն զգում էր, որ հին հուսարի դժբախտ սերը՝ դեպի Նատաշան, մասն ուներ այս բարեկամության ուժեղացման մեջ։ Դենիսովն ըստ երևույթին ջանում էր որքան կարելի է Ռոստովին քիչ ենթարկել վտանգների, պահպանում էր նրան և, կռիվներից հետո մանավանդ, ուրախ դիմավորում էր նրան՝ ողջ, անվնաս տեսնելով։ Իր գործուղումներից մեկի ժամանակ, Ռոստովը լքված, ավերակ մի գյուղում, ուր նա եկել էր ուտեստ տանելու, տեսավ մի ծեր լեհացու ընտանիք և նրա աղջկան՝ ծծկեր երեխայի հետ։ Նրանք մերկ էին, քաղցած. չէին, կարողացել ժամանակին հեռանալ և միջոցներ չունեին գնալու։ Ռոստովը նրանց բերեց իր կայանը, տեղավորեց իր բնակարանում և մի քանի շաբաթ, քանի դեռ ծերունին կազդուրվում էր, պահեց նրան։ Ռոստովի ընկերը կանանց մասին երկար խոսելով, սկսեց Ռոստովի վրա ծիծաղել, ասելով թե նա բոլորից խորամանկ է և թե մեղք չէր լինի, որ Ռոստովն ընկերներին ծանոթացներ իր ազատած գեղեցիկ լեհուհու հետ։ Ռոստովն այդ կատակն ընդունեց իբրև վիրավորանք և բռնկեց. նա սպային այնպիսի անհաճո բաներ ասավ, որ Դենիսովը նրանց դժվարությամբ ետ պահեց մենամարտից։ Երբ սպան հեռացավ և Դենիսովը, չիմանալով Ռստովի վերաբերմունքը դեպի լեհուհին, սկսեց կշաամբել նրան դյուրաբորբոքության համար, Ռոստովն ասավ.
— Ինչ ուզում ես ասա… նա ինձ համար քրոջ պես է, և ես չեմ կարող նկարագրել, թե որքան այդ վիրավորական էր ինձ համար… որովհետև… դե, նրանից…
Դենիսովը խփեց նրա ուսին և սկսեց արագ անց ու դարձ անել սենյակում, առանց նայելու, թե ինչ է անում Ռոստովն իր ներքին հուզմունքի մեջ։
— Ի՜նչ հիմաղ ցեղ է ձեղ՝ Ղոստովնեղի ցեղը,— ասավ նա, և Ռոստովը Դենիսովի աչքերում նկատեց արցունքներ։
=== XVI ===
Ապրիլ ամսին զորքի տրամադրությունը բարձրացավ, երբ լուր ստացվեց, թե թագավորը գալիս է բանակ։ Ռոստովին չհաջողվեց ներկա լինել զորատեսին, որ կատարել էր թագավորը Բարտենշտեյնում. պավլոգրադցիները գտնվում էին առաջապոստերում՝ Բարտենշտեյնից շատ հեռու։
Նրանք կենում էին բացօթյակներում. Դենիսովն ու Ռոստովն ապրում էին միասին՝ զինվորների փորած գետնահյուղակում, որր ծածկված էր ճղներով ու ճումերով։ Գետնահյուղը շինված էր հետևյալ, այն ժամանակ ընդունված նոր ձևով, փորվում էր մի արշին ու կես լանյությամբ, երկու արշին խորությամբ և երեք ու կես արշին երկարությամբ մի փոս։ Փոսի մի ծայրին շինվում էին աստիճաններ. և դա մուտքն էր. փոսը՝ սենյակն էր, ուր երջանիկների համար, ինչպիսին հեծվաշտի հրամանատարն էր, աստիճանների դիմացը, խորքում, ցցերի վրա դրված էր մի տախտակ — դա սեղանն էր։ Փոսի երկու կողմերի երկարությամբ թողնված էր մի արշին բարձրությամբ հող. դրանք մահճակալներն ու բազմոցներն էին։ Տանիքը շինված էր այնպես, որ մեջտեղը կարելի էր կանգնել, իսկ մահճակալի վրա նույնիսկ նստել, եթե սեղանին մոտ տեղավորվեն։ Դենիսովը, որ ապրում էր փառահեղ, որովհետև իր հեծվաշտի զինվորները սիրում էին նրան, իր հյուղակի ճակատին ուներ մի տախտակ, որի վրա հարմարեցրած էր կոտրած, բայց կպցրած ապակի։ Երբ շատ ցուրտ էր լինում, աստիճանների մոտ (ընդունարանում, ինչպես անվանում էր Դենիսովը բալագանի այդ մասը) զինվորները խարույկներից՝ եզրերը ծալած երկաթաթերթերով կրակ էին բերում դնում, և այնքան տաք էր լինում, որ սպաները որոնցից շատերը միշտ լինում էին Դենիսովի և Ռոստովի մոտ, նստում էին շապկանց։
Ապրիլ ամսին Ռոստովը հերթապահ էր։ Առավոտյան, մոտ ժամը 8-ին, անքուն գիշերից հետո, տուն վերադառնալով, նա պատվիրեց կրակ բերել, փոխեց անձրևից թրջված սպիտակեղենը, աղոթեց աստծուն, թեյ խմեց, տաքացավ, իրերը կարգի բերեց իր անկյունում ու սեղանի վրա և կարմրած դեմքով, շապկանց պառկեց մեջքին, ձեռները գլխի տակ դրած։ Նա հաճությամբ մտորում էր, որ այս օրերս արժանանալու է աստիճանի բարձրացման՝ վերջին հետախուզության համար և սպասում էր ինչ-որ տեղ գնացած Դենիսովին։ Ռոստովն ուզում էր նրա հետ խոսել։
Հյուղակի ետևից լսվեց Դենիսովի դղրդացող ձայնը. նա, ըստ երևույթին, բարկացած էր։ Ռոստովը մոտեցավ լուսամուտին նայելու, թե ո՛ւմ հհտ է Դենիսովը, և տեսավ վերակա Տոպչենկոյին։
— Ես քեզ հղամայել եմ թույլ չտալ, ող նղանք այդ աղմատը, Մաշկայի քոք է, ինչ է, լափեն,— պոռում էր Դենիսովը։— Չէ ող ես ինքս տեսա. Լազաղչուկը դաշտից բեղում էր։
— Ես հրամայել եմ, ձերդ բարձր ազնվություն, չեն լսում,— ասավ վերական։
Ռոստովը կրկին պառկեց իր մահճակալի վրա և հաճությամբ մտածեց. «Թող հիմա քաշ գա, չարչարվի, ես որ իմ գործը պրծել եմ ու պառկել՝ հիանալի է»։ Պատի ետևից նա լսեց, որ բացի վերակայից խոսում էր նաև Լավրուշկան, Դենիսովի այդ խորամանկ, ճարպիկ լաքելը։ Լավրուշկան պատմում էր ինչ-որ սայլերի, հացի ու եզների մասին, որ տեսել էր ինքը մթերքի գնալիս։
Բալագանի ետևից նորից լսվեց Դենիսովի հեռացող ձայնը և՝ «թամբի՛ր, երկրորդ դասակ» խոսքերը։
«Այդ ո՞ւր են պատրաստվում»,— մտածեց Ռոստովը։
Հինգ րոպե անց Դենիսովը հյուղակ մտավ, կեղտոտ ոտքերով բարձրացավ մահճակալի վրա, բարկացած ծխեց ծխամորճը, բոլոր իրերը դես ու դեն գցեց, կապեց մտրակն ու թուրը և ուզեց դուրս գալ։ Ռոստովի հարցին թե՝ ո՞ւր, նա բարկացած ու անորոշ պատասխանեց, թե գործ կա:
— Դատիր ինձ աստված և մեծ թագավոր,— ասավ Դենիսովր դուրս գալով, և Ռոստովը լսեց, թե ինչպես բալագանի ետև ցեխի մեջ շփշփացին մի քանի ձիերի ոտներ։ Ռոստովը չմտածեց գոնե հարցնեի թե ո՛ւր գնաց Դենիսովը։ Իր անկյունում տաքանալով, նա քնեց և բալագանից դուրս եկավ միայն երեկոյան դեմ։ Դենիսովը դեռ չէր վերադարձել։ Երեկոյան պարզեց. հարևան գետնափորի մեջ երկու սպա մի յունկերի հետ սվայկա էին խաղում, ծիծաղելով մեծագլուխ մեխեր տնկում փխրուն ու ցեխոտ հողի մեջ։ Ռոստովը միացավ նրանց։ Խաղի կեսին սպաները նկատեցին մոտեցող սայլեր, որոնց հետևում էին 15 հուսար՝ նիհար ձիեր հեծած։ Սայլերը՝ հուսարների ուղեկցությամբ, մոտեցան ձիեր կապելու բհիրներին, և հուսարների խումբը շրջապատեց նրանց։
— Դե, ահա տեսեք, Դենիսովը հենց դարդ էր անում,— ասավ Ռոստովը,— ահավասիկ մթերքն եկավ։
— Եղա՜վ,— ասին սպաները.— ա՛յ կուրախանան զինվորները, հա՜։
Հուսարների ետևից գալիս էր Դենիսովը՝ երկու հետևակ սպայի ուղեկցությամբ, որոնց հետ խոսում էր ինչ-որ։
Ռոստովը գնաց նրան ընդառաջ։
— Ես ձեգ նախազգուշացնում եմ, ռոտմիստր,— ասում էր սպաներից մեկը, մի նիհար, կարճահասակ մարդ, որ ըստ երևույթին զայրացած էր։
— Ասացի, որ չեմ տա,— պատասխանեց Դենիսովը։
— Դուք պատասխանատու կլինեք, ռոտմիստր, դա անկարգություն է՝ յուրայիններից մթերք խլել։ Մերոնք երկու օր է բան չեն կերել։
— Իսկ իմոնք երկու շաբաթ է չեն կերել,— պատասխանեց Դենիսովը։
— Դա ավազակություն է, պատասխան կտաք, հարգելի պարոն,— ձայնը բարձրացնելով կրկնեց հետևակ գնդի սպան։
— Ի՞նչ եք կպել ինձանից, հը՞,— պոռաց Դենիսովը հանկարծ տաքանալով։— Պատասխան տալու եմ ե՛ս և ոչ թե դուք, իսկ դուք այստեղ մի բռբռացեք, քանի դեռ ողջ եք։ Հայդա՛,— գոռաց նա սպաների վրա։
— Դե լա՜վ,— առանց քաշվելու և առանց հեռանալու գոռաց փոքրիկ սպան։— Ավազակություն անելը ես ձեզ…
— Դե հայդա՛, կորի՛ր, քանի ողջ ես։— Ու Դենիսովը ձին շուռ տվեց դեպի սպան։
— Դե լա՛վ, լա՛վ,— ասավ սպան սպառնալիքով և ձիու գլուխը ծռելով, արագ հեռացավ՝ թամբի վրա բարձր ու ցածր անելով։
— Պատի՛ վրայի շո՛ւն,— ասավ Դենիսովը նրա ետևից, դա ամենամեծ ծաղրն էր, որ հեծելակն ուղղում էր ձիավոր հետևակի հասցեին,— Ռոստովին մոտենալով, բարձրաձայն ծիծաղեց։
— Խլեցի հետևակ գնդից, զոռով խլեցի այդ ապրանքը,— ասավ նա։— Ի՜նչ արած, սովից հո մեռնելու չեն մարդիկ։
Դենիսովի բերած սայլերը հատկացված էին հետևակ գնդին, բայց Լավրուշկայի միջոցով տեղեկանալով, որ այդ ապրանքը գալիս է առանց պահակի, ուստի Դենիսովն իր հուսարներով՝ ուժով խլեց այն։ Զինվորներին առատորեն պաքսիմատ բաժանեցին. բաժին հանեցին նույնիսկ մյուս հեծվաշտին։
Հետևյալ օրը գնդի հրամանատարը Դենիսովին կանչեց իր մոտ և չռած մատներով աչքերը ծածկելով, ասավ նրան. «Ես այդ բանին նայում եմ ահա այսպես, ես ոչինչ չգիտեմ և գործ չեմ սկսի, բայց խորհուրդ եմ տալիս՝ գնալ շտաբ և այնտեղ, պարենավորման վարչության մեջ այդ գործը հարթել և, եթե հնարավոր է, ստորագրություն տալ, թե այսքան ուտեստի մթերք ստացա, այլապես մթերքը գրված լինելով հետևակ գնդի վրա, կարող է գործ սկսվել և վատ հետևանք ունենալ»։
Դենիսովը գնդի հրամանատարի մոտից ուղղակի շտաբ գնաց՝ անկեղծ ցանկությամբ կատարելու նրա խորհուրդը։ Երեկոյան նա իր հյուղակը վերադարձավ մի այնպիսի դրությամբ, ինչպես Ռոստովն իր բարեկամին դեռ երբեք չէր տեսել։ Դենիսովը չէր կարողանում խոսել, նրա շունչը կտրվում էր։ Երբ Ռոստովը հարցրեց, թե ի՛նչ է պատահել նրան, նա խռպոտ ու թույլ ձայնով արտասանեց միայն անհասկանալի հիշոցներ ու սպառնալիքներ։
Դենիսովի դրությունից երկյուղ կրելով, Ռոստովը նրան առաջարկեց հանվել, ջուր խմել, իսկ ինքը մարդ ուղարկեց բժշկի ետևից։
— Ինձ դատել ավազակության համար, ա՜խ։ Մի ջուր տո՛ւր,— թող դատեն, իսկ ես պետք է, միշտ պետք է սրիկաներին ծեծեմ. թագավորին իրեն էլ կասեմ։ Սառույց տվեք,— ասավ նա։
Գնդի բժիշկը եկավ և ասավ, որ անհրաժեշտ է արյուն առնել։ Դենիսովի մազոտ ձեռից դուրս եկավ մի խոր պնակ սև արյուն և այդ ժամանակ միայն նա ի վիճակի եղավ պատմել իր գլխով անցածը։
— Գալիս եմ,— սկսեց Դենիսովյը,— դե՛ «ու՞ր է ձեր պետը»։ Տույց տվին։ Սպասել չեք ուզո՞ւմ։ «Ես ծաղայություն ունեմ, 30 վեղստ ճամփա եմ կտղել, սպասելու ժամանակ չունեմ, հայտնի՛»։ Լավ, դուղս է գալիս այդ մեծ գողը. իղ խելքով ուզեց ինձ բան սովողեցնի, թե. — Դա ավազակություն է։— «Ավազակությունն, ասում եմ, այն չի, երբ մեկը մթեղք է վեղցնում իր զինվողնեղին կեղակղելու. ավազակը նա՛ է, ո՛վ այդ մթեղքը վեղցնում է գղպանը դնելու»։— Չի լինի՝ սուս անեք։ «Լա՛վ»։— Ստողագղեցեք, ասում է, կոմիսիոնեղի մոտ, իսկ ձեղ գողծը կհանձնվի հղամանատաղության։ Գալիս եմ կոմիսիոնեղի մոտ։ Նեղս եմ մտնում, սեղանի մոտ նստած է… Ո՞վ լինի։ Չէ՛, մի մտածի… Ո՛վ է մեզ սովամահ անում,— գոռաց Դենիսովը հիվանդ ձեռով այնպես ամուր խփելով սեղանին, որ քիչ մնաց սեղանն ընկներ, իսկ բաժակները ծուլ եղան վրան։— Տելյանինը։ «Ինչպե՞ս, դո՞ւ ես մեզ սովամահ անում»։ Տաղա ու բեղի դղա դնչին մի երկու անգամ… այնպես հաջող եկա՜վ… «Այ դու այսպես ու այնպես», և… սկսեցի՝ տո՛ւղ թե կտաս… Բայց, կաղող եմ ասել, սիղտս հովացղի,— գոչեց Դենիսովն ուրախ ու զայրացած՝ սև բեղերի տակ սպիտակ ատամները կրճտելով, ես նղան կսպանեի, եթե ձեղիցս չաղնեին։
— Դե էլ ի՛նչ ես բղավում,— ասավ Ռոստովը,— այ էլի արյուն գնաց։ Թող մի, պետք է նորից կապել։
Դենիսովի ձեռը նորից կապեցին ու պառկեցրին քնելու։ Մյուս օրը նա զարթնեց ուրախ ու հանգստացած։
Բայց կեսօրին գնդի ադյուտանտը լուրջ ու տխուր դեմքով եկավ Դենիսովի ու Ռոստովի ընդհանուր գետնափորը և ցավակցություն հայտնելով, մայոր Դենիսովին ներկայացրեց գնդի հրամանատարի պաշտոնական գրությունը, որի մեջ հարցում էր արվում անցած օրը կատարված դեպքի մասին։ Ադյուտանտը հայտնեց, թե գործը շատ վատ ընթացք է ընդունելու, թե նշանակված է ռազմադատական հանձնաժողով և թե, զորքի կողոպուտի ու կամայականությանը վերաբերող ներկա խստության պայմաններում, լավագույն դեպքում, գործը կարող է վերջանալ պաշտոնանկությամբ։
Տուժող կողմը գործը ներկայացնում էր այնպես, որ իբր թե տրանսպորտը խլելուց հետո, մայոր Դենիսովը, առանց հրավերի, հարբած դրության մեջ, եկել է ավագ մթերապահի մոտ։ Նրան գող է անվանել, ծեծով սպառնացել, և երբ դուրս է բերվել ուժով, խուժել է դիվանատուն, ծեծել երկու պաշտոնյայի և մեկի էլ կուռը դուրս գցել։
Դենիսովը՝ Ռոստովի նոր հարցերին՝ ծիծաղելով պատասխանեց, թե թվում է, որ մի ինչ-որ մարդ է մեջ ընկել այստեղ, բայց այդ բոլորը դատարկ բան է, թե ինքը ոչ մի դատարանից էլ չի վախենում, և եթե այդ սրիկաները համարձակվեն իրեն վիրավորել, ինքը այնպիսի պատասխան կտա նրանց, որ երբեք չեն մոռանա։
Դենիսովն այդ ամբողջ գործի մասին խոսում էր արհամարհանքով, բայց Ռոստովը նրան շատ լավ էր ճանաչում, որ չնկատեր, թե նա իր հոգու խորքում (ուրիշներից թաքցնելով) վախենում էր դատից և տանջվում էր գործի համար, որն, ըստ երևույթին, վատ հետևանքներ էր ունենալու։ Ամեն օր ստացվում էին հարցումներով լի գրություններ՝ դատարանին ներկայացնելու պահանջով, իսկ մայիսի 1-ին էլ Դենիսսվին հրահանգվեց հեծվաշտը հանձնել իրենից ավագին և ներկայանալ դիվիզիայի շտաբը՝ բացատրություն տալու պարենավորման հանձնաժողովում գործած վայրագության մասին։ Այդ օրվա նախօրեին Պլատովը՝ կազակային երկու գնդով և հուսարների երկու հեծվաշտով հետախուզեց թշնամուն։ Դենիսովն ինչպես միշտ, իր քաջությունը ցուցադրելով, գնում էր շղթայի առջևից։ Ֆրանսական հրացանաձիգների արձակած գնդակներից մեկը կպավ նրա ոտի վերին մասի փափուկ տեղը։ Ուրիշ անգամ Դենիսովն այդպիսի թեթև վերքի պատճառով գուցե չհեռանար գնդից, բայց այժմ նա օգտագործեց այդ առիթը, հրաժարվեց դիվիզիայի շտաբը ներկայանալուց և գնաց հիվանդանոց։
=== XVII ===
Հունիս ամսին տեղի ունեցավ Ֆրիդլանդյան ճակատամարտը, որին պավլոգրադցիները չմասնակցեցին և որից հետո հայտարարվեց զինադադար։ Ռոստովը ծանրապես զգալով իր բարեկամի բացակայությունը, նրա գնալուց հետո ոչ մի տեղեկություն չունենալով նրանից և անհանգստանալով նրա գործի ու վերքի ընթացքի մասին, զինադադարից օգտվեց և թույլարվություն խնդրեց հիվանդանոց գնալ՝ Դենիսովին տեսնելու։
Հիվանդանոցը գտնվում էր պրուսական մի փոքրիկ ավանում, որն երկու անգամ ավերվել էր ռուսական և ֆրանսական զորքերի կողմից։ Հենց այն պատճառով, որ ամառ էր, և դաշտում այնքա՜ն լավ էր, այդ ավանն իր քանդված տանիքներով ու ցանկապատերով, իր կեղտոտ փողոցներով, պատառոտուն ու վատ հագնված բնակիչներով և թափառող հարբած ու հիվանդ զինվորներով, ներկայացնում էր մի առանձնապես մռայլ տեսարան։
Հիվանդանոցը տեղավորված էր մի քարաշեն տան մեջ, որի բակում կային քանդված ցանկապատի մնացորդներ, և որի լուսամուտի փեղկերն ու ապակիները մասամբ ջարդված էին։ Վիրակապերով փաթաթված մի քանի զինվորներ՝ գունատ և ուռած դեմքերով, շրջում էին բակում, մի քանիսն էլ նստոտել էին արևի տակ։
Հենց որ Ռոստովը ոտը տան շեմքը դրեց, նա զգաց փտող մարմնի և հիվանդանոցի հոտ։ Սանդուղքի ծայրին նա հանդիպեց ռուս զինվորական բժշկին՝ սիգարը բերանին։ Բժշկի ետևից գնում էր ռուս բուժակը։
— Հո չեմ կարող երկու կես լինել,— ասում էր բժիշկը,— երեկոյան արի Մակար Ալեքսևիչի մոտ, այնտեղ կլինեմ։
Բուժակը էլի ինչ-որ բան հարցրեց նրան։
— Է՜, արա ինչպես գիտես։ Մի՞թե մինևույն չի։— Բժիշկը նկատեց սանդուղքից բարձրացող Ռոստովին։— Դուք ո՞ւր, ձերդ ազնվություն,— ասավ բժիշկը,— դուք ո՞ւր։ Ո՛վ գիտի գնդակը ձեզ չի դիպել, որ դուք ուզում եք տիֆին դիպչել։ Այստեղ, սիրելիս, բորոտների տունն է։
— Ինչպե՞ս,— հարցրեց Ռոստովը։
— Տիֆ է, սիրելիս։ Ո՛վ մտնում է՝ մահ է։ Միայն մենք երկուսով, Մակեևի հետ (նա ցույց տվեց բուժակին) քաշ ենք գալիս այստեղ։ Մեր ընկեր-բժիշկներից այստեղ հինգը մեռան, հենց որ նոր մեկը մտնում է՝ մի շաբաթից հետո մահը պատրաստ է,— ակնհայտ բավականությամբ ասավ բժիշկը։— Պրուսացի բժիշկներին կանչեցին՝ մերժեցին. մեր դաշնակիցներն այդպես են սիրում մեզ։
Ռոստովը նրան բացատրեց, որ ինքր կամենում է տեսնել այստեղ պառկած հուսարական գնդի մայոր Դենիսովին։
— Չգիտեմ, չեմ իմանում, սիրելիս։ Մի լավ մտածեցեք. մենակ ես — երեք հիվանդանոց, 400-ից ավելի հիվանդ։ Դեռ լավ է, որ պրուսացի բարերար կանայք սուրճ և ծվատ (կորպի) են ղրկում ամսական երկու ֆանտ, եթե ոչ՝ կորած էինք։— Նա ծիծաղեց։— 400 հիվանդ, սիրելիս, և դեռ միշտ նորերն են գալիս։ 400 կա, չէ՞, հը՞,— դիմեց նա բուժակին։
Բուժակը տանջված տեսք ուներ։ Նա, ըստ երևույթին, տհաճությամբ սպասում էր, թե երբ պիտի հեռանա շատախոս բժիշկը։
— Մայոր Դենիսովը,— կրկնեց Ռոստովը,— նա Մոլիտենի մոտ է վիրավորվել։
— Կարծեմ մեռել է։ Հը՞, Մակեև,— անտարբեր հարցրեց բժիշկը բուժակին։ Բուժակը, սակայն, բժշկի խոսքերը չհաստատեց։
— Նա այն երկար շեկավո՞ւնն է,— հարցրեց բժիշկը։
Ռոստովը նկարագրեց Դենիսովի արտաքինը։
— Կա՛ր, կա՛ր, այդպես մեկը կար,— կարծես ուրախացած ասավ բժիշկը,— դա պետք է որ մեռած լինի, բայց և այնպես ես կստուգեմ, ինձ մոտ ցուցակներ կային։ Քեզ մո՞տ է, Մակեև։
— Ցուցակները Մակար Ալեքսեիչի մոտ են,— ասավ բուժակը։— Սակայն համեցեք սպայական բաժանմունք, այնտեղ ինքներդ կտեսնեք,— ավելացրեց նա, դիմելով Ռոստովին։
— Է՛հ, լավ է ներս չմտնեք, սիրելիս,— ասավ բժիշկը,— որ դուք էլ այստեղ չմնաք։
Սակայն Ռոստովը գլուխ տվեց բժշկին և բուժակին խնդրեց առաջնորդել իրեն։
— Դե՛, դուք գիտե՛ք, ինձանից չնեղանաք,— ձայնեց բժիշկը սանդուղքի ներքևից։
Ռոստովը բուժակի հետ մտան միջանցքը։ Հիվանդանոցային հոտն այնքան ուժեղ էր այդ մութ միջանցքում, որ Ռոստովը քիթը բռնեց և ստիպված էր կանգ առնել, որպեսզի ուժ հավաքի և առաջ գնա։ Աջից բացվեց մի դուռ, որտեղից գլուխը դուրս հանեց հենակներով մի նիհար, դեղնած մարդ՝ բոբիկ ու միայն ներքնաշորերով։ Նա դռան շրջանակին հենվելով, պսպղուն, նախանձոտ աչքերով նայեց անցնողներին։ Այդ դռնից ներս նայելով, Ռոստովը նկատեց, որ հիվանդներն ու վիրավորներն այնտեղ պառկած էին հատակին, ծղոտի վրա, շինելների մեջ։
— Կարելի՞ է ներս մտնել նայել,— հարցրեց Ռոստովը։
— Ի՞նչը նայել,— ասավ բուժակը։
Բայց հենց նրա համար, որ բուժակն, ըստ երևույթին, չէր կամենում ներս թողնել, Ռոստովը մտավ զինվորների բաժանմունքը։ Այն հոտը, որ նա միջանցքում արդեն սովորել էր շնչել, այստեղ ավելի սաստիկ էր։ Հոտն այստեղ փոքր-ինչ փոխվեց, նա ավելի սուր էր և նկատելի էր, որ հենց այստեղից էր դուրս գալիս։
Երկար սենյակում, որը պայծառ լուսավորված էր մեծ լուսամուտներից ընկնող արևի շողերով, երկու շարք, գլուխները դեպի պատը, մեջտեղից անցնելու մի փոքր տեղ թողած, պառկած էին հիվանդներ ու վիրավորներ։ Նրանցից շատերն ինքնամոռաց դրության մեջ էին, ուստի և ուշադրություն չդարձրին ներս մտնողների վրա։ Նրանք, որոնց ուշքը գլխին էր, բոլորը ելան կամ բարձրացրին իրենց նիհար, դեղնած դեմքերը, և բոլորն էլ օգնություն ստանալու հույսի, հանդիմանանքի և դեպի ուրիշի առողջությունն ունեցած նախանձի արտահայտությամբ ակնապիշ նայում էին Ռոստովին: Ռոստովը հասավ սենյակի մեջտեղը, բաց դռներից նայեց դեպի հարևան սենյակները, և երկու կողմն էլ տեսավ նույնը։ Նա կանգ առավ և լուռ շուրջը նայեց։ Նա երբեք չէր սպասում, թե այդպիսի բան կտեսնի։ Հենց նրա առջև, մեջտեղի անցքի լայնությամբ, մերկ հատակի վրա պառկած էր մի հիվանդ, ըստ երևույթին, կազակ, որովհետև մազերը խուզված էին բոլորաձև։ Կազակը պառկել էր մեջքի վրա և ահագին ձեռներն ու ոտները տարածել։ Նրա դեմքը մուգ-կարմիր էր, աչքեըը բոլորովին շրջված էին, այնպես որ երևում էին միայն սպիտակուցները։ Եվ նույնպես կարմրած բոբիկ ոտների ու ձեռների ջղերը լարվել էին թոկերի պես։ Նա ծոծրակը զարկեց հատակին և խռպոտ ձայնով ինչ-որ բան ասավ ու ապա սկսեց այդ խոսքը կրկնել։ Ռոստովն ականջ դրեց, թե ի՛նչ է ասում նա և աշխատեց ջոկել նրա կրկնած բառը։ Այդ բառն էր. «ջո՛ւր, ջո՛ւր, մի քիչ ջուր»։ Ռոստովը շուրջը նայեց, թե չկա արդյոք մեկը, որ հիվադին տեղը դնի և ջուր տա։
— Այստեղ ո՞վ է հիվանդներին խնամում,— հարցրեց նա բուժակին։
Այդ ժամանակ հարևան սենյակից դուրս եկավ ֆուրշդատյան մի զինվոր՝ հիվանդանոցի ծառան, և քայլերն արագ փոխելով, դիք կանգնեց Ռոստովի առաջ։
— Առողջություն եմ ցանկանում, ձերդ բարձր ազնվութան,— գոռաց զինվորը, աչքերը Ռոստովի վրա չռելով և, ըստ երևույթին, նրան ընդունելով հիվանդանոցի վարչության տեղ։
— Սրան վերցրու, ջուր տուր,— ասավ Ռոստովը, կազակին մատնացույց անելով։
— Լսում եմ, ձերդ բարձր ազնվություն,— ասավ զինվորը գոհունակությամբ, էլ ավելի աչքերը լռելով ու ձգվելով, բայց տեղից չշարժվելով:
«Չէ, այստեղ ոչինչ չի կարելի անել», մտածեց Ռոստովը աչքերը ցած գցելով, և այն է՝ ուզում էր դուրս գալ, երբ զգաց, որ աջ կողմից իրեն է սևեռած մի նշանակալի հայացք, ուստի ինքն էլ նրան նայեց։ Համարյա հենց անկյունում, շինելի վրա նստած էր դեղնած, կմախքի պես նիհար, խստադեմ ու չսափրած սպիտակ մորուքով մի ծեր զինվոր ու համառորեն Ռոստովին էր նայում։ Ծեր զինվորի մի կողմի հարևանը ինչ-որ փսփսում էր նրա ականջին՝ Ռոստովին ցույց տալով։ Ռոստովը հասկացավ, որ ծերունին մտադիր է իրենից ինչ-որ բան խնդրել։ Ռոստովը մոտեցավ նրան և նկատեց, որ ծերունու միայն մի ոտն է ծալված, իսկ մյոուսը՝ չկար։ Ծերունու մյուս հարևանը, որ նրանից քիչ հեռու, գլուխը ետ գցած անշարժ պառկած էր — մի ջահել զինվոր էր՝ մոմի պես գունատ, կճատ, պեպենոտ դեմքով և թերթերունքների տակ շրջված աչքերով։ Ռոստովը նայեց այդ կճատ զինվորին և նրա մեջքով մի սարսուռ անցավ։
— Սա կարծես թե…— դիմեց նա բուժակին։
— Էնքան խնդրեցինք, ձերդ ազնվություն,— ասավ ծեր զինվորը՝ ներքին ծնոտը դողացնելով։ Դեռ առավոտն է վախճանվել։ Ախր սրանք էլ մարդ են, հո շուն չեն։
— Հիմա մարդ կուղարկեմ, որ տանեն, հիմա կտանեն,— շտապ-շտապ ասավ բուժակը։— Համեցեք, ձերգ ազնվություն։
— Գնա՛նք, գնա՛նք,— շտապ ասավ Ռոստովը և աչքերը խոնարհելով ու կուչ գալով, աշխատելով աննկատելի մնալ իրեն ուղղված հանդիմանող ու նախանձոտ աչքերից, դուրս եկավ սենյակից։
=== XVIII ===
Անցնելով միքանցքը, բուժակը Ռոստովին տարավ սպայական բաժանմունքը, որ բաղկացած էր երեք սենյակից, որոնց դռները բաց էին։ Այդ սենյակներում մահճակալներ կային. վիրավոր և հիվանդ սպաները պառկած կամ նստած էին մահճակալների վրա։ Մի քանիսը հիվանդանոցային խալաթներով շրջում էին սենյակներում։ Աոաջին հիվանդը, որին սպայական բաժանմունքում հանդիպեց Ռոստովը, մի փոքրիկ, նիհար մարդուկ էր՝ առանց ձեռքի, գլխանոցով և հիվանդանոցային խալաթով. նա ծխամորճը բերանն անց ու դարձ էր անում առաջին սենյակում։ Ռոստովն ուշադրությամբ դիտելով նրան, աշխատեց հիշել, թե որտեղ է տեսել դրան։
— Ահա թե որտեղ էր վիճակված տեսնել իրար, ասավ փոքրիկ մարդը։— Տուշինն եմ, Տուշինը. հիշո՞ւմ եք՝ ձեզ մինչև Շենգրաբեն տարա։ Իսկ ինձնից մի կտոր միս կտրեցին, ահա՛…— ասավ նա, ժպաալով ցույց տալով խալաթի կախ ընկած դատարկ թևքը։— Վասիլի Դիմիտրևիչ Դենիսովին եք որոնո՞ւմ. միասին ենք,— ասավ նա գլխի ընկնելով, թե ո՛վ է Ռոստովին հարկավոր։— Այստեղ է, այստեղ,— և Տուշինը նրան տարավ մյուս սենյակը, որտեղից լսվում էր մի քանի մարդու ծիծաղ։
«Եվ ինչպես են սրանք կարողանում ոչ միայն ծիծաղել, այլև ապրել այստեղ»,— մտածեց Ռոստովը, տակավին զգալով մեռած մարմնի հոտը, որ առել էր դեռ զինվորների բաժանմունքում, և դեռ շարունակելով տեսնել իր շուրջը այդ նախանձոտ հայացքները, որ հետևում էին նրան երկու կողմից, և, այն ջահել զինվորների դեմքը, որի աչքերը շրջված էին այնպես։
Դենիսովր գլխիցը հետ վերմակով ծածկված՝ քնած էր անկողնում, չնայած որ ցերեկվա տասներկու ժամն էր։
— Ա՜, Ղոստով. բաղև, բաղև,— կանչեց Դենիսովը դարձյալ նույն ձայնով, ինչպես կանչում էր գնդում։ Սակայն Ռոստովը տխրությամբ նկատեց, որ Դենիսովի այդ իրեն հատուկ համարձակության և աշխուժության տակ, նրա դեմքի արտահայտության, ձայնի ելևէջների և խոսքերի մեջ երևում էր մի ինչ-որ նոր, վատ քողարկված զգացում։
Նրա վերքը, չնայած որ աննշան էր, բայց դեռ չէր լավացել, թեև արդեն վեց շաբաթ էր անցել վիրավորվելու օրից։ Նրա դեմքն էլ նույնպես գունատ էր և ուռած, ինչպես հիվանդանոցի բոլոր դեմքերը։ Բայց Ռոստովին զարմացնողն այդ չէր. նրան զարմացրեց այն, որ Դենիսովը կարծես ուրախ չէր իրեն տեսնելու համար և անբնական ժպտում էր։ Դենիսովը հարց ու փորձ չարեց ո՛չ գնդի, ո՛չ էլ կռիվների ընթացքի մասին։ Երբ Ռոստովն այդ մասին խոսում էր, Դենիսովը չէր լսում։
Ռոստովը նկատեց նույնիսկ, որ Դենիսովին ախորժելի չէր, երբ նրան հիշեցնում էին գնդի և ընդհանրապես այն ազատ կյանքի մասին, որ ընթանում էր հիվանդանոցից դուրս։ Թվում էր թե աշխատում է մոռանալ նախկին կյանքը և հետաքրքրվում էր միայն պարենավորման պաշտոնյաների գործով։ Ռոստովի այն հարցին, թե ի՛նչ դրության մեջ է գործը, Դենիսովն իսկույն բարձի տակից հանեց հանձնաժողովից ստացած մի գրություն և իր սևագիր պատասխանը այդ գրության առթիվ։ Երբ սկսեց կարդալ իր պատասխանը՝ նա կենդանացավ և Ռոստովին հատկապես նկատել տվեց այն խայթոցները, որ ինքն իր գրության մեջ ուղղում էր թշնամիներին։ Դենիսովի հիվանդանոցային ընկերները, որ ուզում էին շրջապատել Ռոստովին, որպես ազատ կյանքից նոր եկած մարդու, սկսեցին կամաց-կամաց ցրվել, հենց որ Դենիսովն սկսեց իր գրության ընթերցումը։ Նրանց դեմքերի արտահայտությունից Ռոստովը հասկացավ, որ այդ պարոնները շատ անգամ են լսել իրենց արդեն ձանձրացնող պատմությունը։ Միայն Դենիսովի մահճակալի հարևանը, մի հաստ ուլան, իր մահճակալի վրա նստած, դեմքը մռայլ խոժոռած՝ ծխամորճ էր ծխում, կռնատ փոքրիկ Տուշինը շարունակում էր ականջ դնել՝ գլխով չհավանելու նշաններ անելով։ Ընթերցանության կեսին ուլանն ընդհատեց Դենիսովին։
— Իմ կարծիքով,— դիմեց նա Ռոստովին,— պետք է ուղղակի ներումն խնդրել թագավորից։ Այժմ, ասում են, մեծ պարգևատրություններ են լինելու. հավանաբար ներեն…
— Ես խնդղեմ թագավողին,— ասավ Դենիսովը մի ձայնով, որին կամենում էր ներշնչել նախկին ուժն ու կրակը, բայց որը միայն ավելորդ հուզմունք էր արտահայտում։— Ինչի՞ համաղ խնդղեմ։ Եթե ես ավազակ լինեի, նեղումն կխնդղեի, բայց ես դատվում եմ նղա, համաղ, ող ավազակնեղին լույս աշխաղհ եմ հանում։ Թո՛ղ դատեն, ես ոչ ոքից չեմ վախենում։ Ես ազնվաբաղ ծաղայել եմ թագավողին, հայղենիքին և գողություն չեմ աղել։ Ինձ պաշտոնից զղկել և… լսի՛ղ, ես ուղղակի այդպես էլ գղում եմ նղանց, ահա ի՛նչ եմ գղում. «Եթե ես լինեի գանձաղանը կողոպտողը»։
— Ինչ ասել կուզի՝ սուր է գրած,— ասավ Տուշինը,— բայց բանը դրանում չի, Վասիլի Դմիտրիչ,— նա ևս դիմեց Ռոստովին,— պետք է հնազանդել. բայց Վասիլի Դիմիտրիչն ահա չի ուզում։ Չէ որ զինվորական ատյանի պաշտոնյան ձեզ ասավ, որ ձեր գործը վատ է։
— Է՜հ, թող վատ լինի,-—ասավ Դենիսովը։
— Այդ պաշտոնյան ձեզ համար խնդիր գրեց,— շարունակեց Տուշինը,— հարկավոր է ստորագրել և սրանց հետ ուղարկել։ Սրանք (նա մատնացույց արավ Ռոստովին) հավանորեն բարեկամ մարդ ունենան շտաբում։ Ավելի լավ առիթ չեք գտնի։
— Չէ ող ես ձեզ ասի ստող բան չեմ անի,— նրա խոսքը կտրեց Դենիսովը և կրկին շարունակեց իր գրության ընթերցումը։
Ռոստովը չհամարձակվեց Դենիսովին համոզել, թեպետ և նա բնազդորեն զգում էր, որ Տուշինի և մյուս սպաների առաջարկած միջոցը միակ վստահելի միջոցն է, այնուամենայնիվ իրեն երջանիկ կհամարեր, եթե կարողանար օգնել Դենիսովին, բայց գիտեր, որ Դենիսովն անընկճելի կամքի տեր էր և արդարացի կերպով բռնկվող։
Երբ Դենիսովի թունալից գրության ընթերցումն ավարտվեց, որը տևեց ժամից ավելի, Ռոստովը ոչինչ չասավ և օրվա մնացած մասն անցրեց շատ տխուր տրամադրության մեջ՝ կրկին իր շուրջը հավաքված Դենիսովի հիվանդանոցային ընկերների շրջանում, պատմելով նրանց ինչ գիտեր, և լսելով ուրիշների պատմածները։ Դենիսովը լուռ և մռայլ մնաց ամբողջ երեկոն։
Ուշ երեկոյան, երբ Ռոստովը պատրաստվեց մեկնելու։ Դենիսովին հարցրեց, թե չունի՞ նա արդյոք որևէ հանձնարարություն։
— Հա՛, սպասիղ,— ասավ Դենիսովը, նայեց սպաներին և բարձի տակից իր գրությունները հանելով, մոտեցավ լուսամուտին, ուր դրված էր նրա թանաքամանը, և նստեց գրելու։
— Հը՞, բզի գլխին բռունցքով չես կարող տալ,— ասավ նա լուսամուտից հեռանալով և Ռոստովին մի մեծ ծրար հանձնելով։ Դա թագավորի անունով խնդիրք էր, որ ''կազմել'' էր զինվորական ատենադպիրը, որտեղ Դենիսովը պարենավորման վարչության մեջ կատարվածի մասին ոչինչ չհիշատակելով, ներում էր խնդրում միայն։
— Հանձնիր, երևում է…
Նա խոսքը չվերջացրեց և ժպտաց հիվանդագին ժպիտով։
=== XIX ===
Գունդ վերադառնալով և հրամանատարին հայտնելով, թե ի՛նչ դրության մեջ է գտնվում Դենիսովի գործը, Ռոստովը՝ թագավորի անունով նամակը ձեռին, մեկնեց Տիլզիտ։
Հունիսի 13-ին ֆրանսական և ռուսական կայսրները հանդիպեցին Տիլզիտում։ Բորիս Դրուբեցկոյը իր մեծավորին խնդրեց, որ իրեն նշանակի այն շքախմբի մեջ, որը մնալու էր Տիլզիտում։
— Je voudrais voir le grand homme<ref>Ես կցանկանայի տեսնել մեծ մարդուն։</ref>1,— ասավ նա, խոսելով Նապոլեոնի մասին, որին նա միշտ, մինչև այժմ, ինչպես բոլորը ասում էր Բոլոնապարտե։
— Vous parlez de Buonaparte?<ref>Դուք Բուոնապարտի մասի՞ն եք խոսում։</ref>— ժպտալով ասավ գեներալը։
Բորիսը հարցական նայեց իր գեներալին և իսկույն հասկացավ, որ նա հանաքով փորձում է իրեն։
— Mon prince, je parle de l’empereur Napoléons<ref>Իշխան, ես խոսում եմ կայսր Նապոլեոնի մասին։</ref>— պատասխանեց Բորիսը։ Գեներալը ժպտալով թոթվեց նրա ուսը։
— Դու շատ առաջ կերթաս,— ասավ նրան գեներալն ու տարավ նրան իր հետ։
Բորիսն այն փոքրաթիվ մարդկանց թվումն էր, որոնք կայսրների տեսակցության օրը գտնվում էին Նեմանի ափին։ Նա տեսավ վենզելներով զարդարած լաստեր, տեսավ ինչպես Նապոլեոնն անցնում էր մյուս ափով՝ ֆրանսական գվարդիայի մոտով, տեսավ Ալեքսանդր կայսեր մտազբաղ դեմքը այն միջոցին, երբ նա Նեմանի ափի պանդոկում լուռ նստած, սպասում էր Նապոլեոնի գալուն, տեսավ թե ինչպես երկու կայսրները նավակ նստեցին, և ինչպես Նապոլեոնը լաստին մոտենալով, արագ քայլերով առաջ անցավ և Ալեքսանդրին դիմավորելով ձեռք տվեց նրան, և թե ինչպես երկուսը միասին տաղավար մտան։ Բորիսը՝ բարձր շրջաններ մտնելու օրից, սովորություն էր դարձրել՝ ուշադիր դիտել այն ամենը, ինչ կատարվում էր իր շուրջը, և գրի առնել։ Տիլզիտի տեսակցության ժամանակ նա հարցրեց այն անձանց անունները, որոնք ուղեկցում էին Նապոլեոնին, հարցրեց այն մունդիրների մասին, որ հագել էին նրանք, և բոլոր ժամանակ ուշադիր լսում էր նշանավոր անձանց խոսակցությունը։ Հենց այն միջոցին, երբ կայսրները տաղավար մտան, նա նայեց ժամացույցին, կրկին անգամ չմոռացավ նայել և այն ժամանակ, երբ Ալեքսանդրը դուրս եկավ տաղավարից։ Տեսակցությունը տևեց մի ժամ հիսուներեք րոպե, այդ բանը հենց նույն երեկո նա այդպես էլ գրի առավ ուրիշ փաստերի թվում, որոնք զգում էր, որ պատմական նշանակություն ունեին։ Որովհետև կայսեր շքախումբը այնքան էլ մեծ չէր, ուստի ծառայության մեջ հաջողություն փնտրող մարդու համար՝ կայսրների տեսակցության ժամանակ Տիլզիտում լինելը՝ շատ նշանակալից բան էր։ Եվ Բորիսը՝ Տիլզիտ ընկնելով, զգում էր, որ այդ ժամանակից իր դրությունը բոլորովին ամրապնդվեց։ Նրան այժմ ոչ միայն ճանաչում էին, այլև ուշադրության առան և ընտելացան։ Երկու անգամ նա հանձնարարությամբ գնաց թագավորի մոտ, այնպես որ թագավորն էլ անձամբ ճանաչում էր նրան, և թագավորին մոտ կանգնած բոլոր մարդիկ ոչ միայն չէին խուսափում նրանից, ինչպես առաջ, համարելով նրան նոր մարդ, այլև կզարմանային, եթե նա չլիներ։
Բորիսն ապրում էր մի ուրիշ ադյուտանտի հետ՝ լեհ կոմս Ժիլինսկու հետ միասին։ Ժիլինսկին Փարիզում կրթված մի լեհ հարուստ էր, ֆրանսացիներին ջերմորեն սիրող, և Տիլզիտում եղած միջոցին, համարյա թե ամեն օր, Ժիլինսկու և Բորիսի մոտ ճաշին ու նախաճաշին լինում էին ֆրանսացի սպաներ՝ գվարդիայից և ֆրանսական գլխավոր շտաբից։
Հունիսի 24-ի երեկոյան Բորիսի կենակից կոմս Ժիլինսկին իր ծանոթ ֆրանսացիների համար ընթրիք սարքեց։ Այդ ընթրիքին ներկա էր մի պատվավոր հյուր՝ Նապոլեոնի ադյուտանտներից մեկը, ֆրանսական գվարդիայի մի քանի սպա և մի պատանի՝ ֆրանսական մի հին արիստոկրատ տոհմից՝ Նապոլեոնի մանկլավիկը։ Այդ իսկ օրը, Ռոոտովը մթությունից օգտվելով, որպեսզի չճանաչվի, քաղաքացիական զգեստով, եկավ Տիլզիտ և մտավ Ժիլինսկու ու Բորիսի բնակարանը։
Ռոստովի մեջ, ինչպես և այն ամբողջ բանակի մեջ, որից եկել էր նա, Նապոլեոնի և ֆրանսացիների վերաբերմամբ, որ թշնամուց բարեկամ էին դարձել,— տակավին չէր կատարվել այն հեղաշրջումը, որ տեղի էր ունեցել գլխավոր կայանում և Բորիսի մեջ։ Բանակում բոլորը դեռ շարունակում էին նախկին ոխի, ատելության ու երկյուղի խառն զգացում տածել դեպի Բոնապարտն ու ֆրանսացիները։ Դեռ մի քանի ժամանակ առաջ Ռոստովը, Պլատովի կազակ սպայի հետ խոսելիս, վիճում էր այն մասին, թե եթե Նապոլեոնը գերի ընկներ, նրա հետ կվարվեին ոչ իբրև թագավորի, այլ իբրև ոճրագործի հետ։ Դեռ քիչ առաջ ճանապարհին հանդիպելով ֆրանսացի մի վիրավոր գնդապետի, Ռոստովը տաքացավ, ապացուցելով նրան, որ հաշտություն չի կարող լինել օրինական թագավորի և ոճրագործ Բոնապարտի միջև։ Ուստի Ռոստովին՝ Բորիսի բնակարանում մեծապես զարմացրեց ֆրանսացի սպաների տեսքը, որոնց հագինը մունդիրներն էին, որոնց Ռոստովը հետախուզության ժամանակ սովորել էր նայել բոլորովին այլ կերպ։ Հենց որ նա տեսավ դռան միջից գլուխը հանած ֆրանսական սպային՝ պատերազմի, թշնամության այդ զգացումը, որ միշտ զգում էր նա թշնամուն տեսնելիս, հանկարծ պաշարեց նրան։ Նա շեմքին կանգ առավ և ռուսերեն հարցրեց, թե այդտե՞ղ է ապրում արդյոք Դրուբեցկոյը։ Բորիսը միջանցքում օտար ձայն լսելով, դուրս եկավ ընդառաջ։ Երբ նա Ռոստովին ճանաչեց, նրա դեմքն առաջին վայրկյանին տհաճություն արտահայտեց։
— Ախ, այդ դու ես, շատ ուրախ եմ, շատ ուրախ եմ քեզ տեսնելուս,— ասավ նա ժպտալով ու դեպի նա առաջանալով։ Բայց Ռոստովը նկատեց նրա առաջին արաահայտությունը։
— Ես, կարծեմ, անժամանակ եկա,— առավ Ռոստովը,— ես չէի գա, բայց գործ ունեմ,— ավելացրեց նա դառնությամբ։
— Այդ ոչինչ, զարմանում եմ միայն, թե դու ինչպես ես եկել գնդից։— Dans un moment je suis â vous<ref>Իսկույն, ես քո տրամադրության տակ եմ։</ref>,— դիմեց նա իրեն կանչողին։
— Տեսնում եմ, որ ես անժամանակ եմ եկել,— կրկնեց Ռոստովը։
Անբավականության արտահայտությունն արդեն չքացել էր Բորիսի դեմքից և, ըստ երևույթին, մտածելով ու որոշելով, թե ինչ պետք է անի, նա բոլորովին հանդարտ բռնեց Ռոստովի երկու ձեռքը և տարավ նրան հարևան սենյակը։ Բորիսի աչքերը, որ հանգիստ ու անթարթ նայում էին Ռոստովին, կարծես ինչ-որ բանով փառակալած լինեին, կարծես այդ աչքերի վրա մի ինչ-որ կապույտ ծածկոց կար։ Այդպես էր թվում Ռոստովին։
— Դե, բավակա՛ն է, խնդրե՛մ, քեզ համար էլ անժամանակը ո՛րն է,— ասավ Բորիսը։
Բորիսը նրան տարավ ընթրիքի սենյակը, ծանոթացրեց հյուրերին և նրա անունը տալով՝ բացատրեց, որ նա ազատ-քաղաքացի չէ, այլ հուսարական սպա, իր հին ընկերը։
— Կոմս Ժիլինսկի, le comte N. N., le capitaine S. S.,— տվեց նա հյուրերի անունը, և Ռոստովը խոժոռադեմ նայեց ֆրանսացիներին, տհաճությամբ գլուխ տվեց նրանց ու լռեց:
Երևում էր, որ Ժիլինսկին ուրախ չէր այd նոր ռուս մարդուն իր շրջանում տեսնելով, և ոչ մի խոսք չասավ Ռոստովին, Բորիսը կարծես չնկատեց Ռոստովի պատճառած նեղությունը, և նույն հաճելի հանդարտությամբ ու փառակալած աչքերով, որով նա դիմավորեց Ռոստովին, աշխատում էր խոսակցությունն աշխուժացնել։ Ֆրանսացիներից մեկը, ֆրանսական սովորական քաղաքավարությամբ դիմեց համառորեն լռող Ռոստովին և ասավ, թե նա երևի նրա համար է եկել Տիլզիտ, որ տեսնի կայսեր։
— Ոչ, ես գործ ունեմ,— կարճ պատ ասխանեց Ռոստովը։
Ռոստովը վատ տրամադրության մեջ ընկավ հենց այն բանից հետո, երբ անբավականություն նկատեց Բորիսի դեմքին, և, ինչպես միշտ պատահում է վատ տրամադրություն ունեցող մարդկանց, նրան թվում էր, թե բոլորն էլ թշնամաբար են նայում իրեն, և թե ինքը բոլորին խանգարում է։ Եվ, իսկապես, նա բոլորին էլ խանգարում էր, ուստի և նոր սկսված խոսակցության ժամանակ մնաց մեկուսացած։ Եվ ինչո՞ւ համար է նա այստեղ նստել, ասում էին այն հայացքները, որ նետում էին հյուրերը նրա կողմը։ Ռոստովը վեր կացավ և մոտեցավ Բորիսին։
— Այնուամենայնիվ ես քեզ նեղություն եմ պատճառում,— ասավ Ռոստովը կամաց,— գնանք գործի մասին խոսենք և ես գնամ։
— Չէ՛, ի՛նչ ես ասում, բոլորովին,— ասավ Բորիսը։— Բայց եթե հոգնած ես՝ գնանք իմ սենյակը՝ պառկիր, հանգստացիր։
— Եվ իսկապես…
Նրանք մտան մի փոքրիկ սենյակ, ուր Բորիսն էր քնում։ Ռոստովն առանց նստելու, գրգռված՝ կարծես Բորիսը ինչ-որ բանում մեղավոր էր նրա առաջ, սկսեց Բորիսին պատմել Դենիսովի գործը և վերջում հարցրեց, թե նա կուզենար և կարող է արդյոք իր գեներալի միջոցով խնդրել թագավորին Դենիսովի համար և նրա միջոցով էլ նամակ հանձնել թագավորին։ Երբ նրանք մենակ մնացին, Ռոստովն առաջին անգամ համոզվեց, որ ինքը դժվարանում է Բորիսի աչքերին նայել։ Բորիսը ոտը-ոտի վրա դրած և ձախ ձեռով աջ ձեռի բարակ մատները շփելով, լսում էր Ռոստովին, ինչպես լսում է գեներալն իր ստորադրյալի զեկուցումը՝ մերթ նայելով մի կողմ, մերթ նույն, ասես փառակալած աչքերով նայելով ուղիղ Ռոստովի աչքերին։ Ամեն անգամ այդպիսի դեպքերում Ռոստովն անհարմար դրության մեջ էր զգում իրեն և աչքերը խոնարհում։
— Ես այդ տեսակ գործերի մասին լսել եմ և գիտեմ, որ թագավորն այդպիսի դեպքերում շատ խիստ է։ Ես կարծում եմ գործը չպետք է հասցնել նորին մեծության։ Ըստ իս՝ ավելի լավ է ուղղակի խնդրել կորպուսի հրամանատարին… Բայց ընդհանրապես ես կարծում եմ…
— Ուրեմն դու չես ուզում մի բան անել, այդպես էլ ասա,— համարյա թե գոռաց Ռոստովը՝ առանց Բորիսի աչքերին նայելու։
Բորիսը ժպտաց։
— Ընդհակառակը, ես կանեմ՝ ինչ կարող եմ, միայն ես կարծում էի…
Այդ միջոցին դոնից լսվեց Ժիլինսկու ձայնը, որ կանչում էր Բորիսին։
— Դե, գնա՛, գնա՛, գնա՛…— ասավ Ռոստովը և, ընթրիքից հրաժարվելով ու փոքրիկ սենյակում մենակ մնալով, նա երկար անց ու դարձ էր անում այնտեղ և լսում ֆրանսերեն ուրախ խոսակցություն հարևան սենյակից։
=== XX ===
Ռոստովը Տիլզիտ եկավ մի այնպիսի օր, որ շատ քիչ հարմար էր միջնորդություն անել Դենիսովի համար։ Ռոստովն ինքը չէր կարող գնալ հերթապահ գեներալի մոտ, քանի որ ֆրակով էր և Տիլզիտ եկել էր առանց թույլտվության, իսկ Բորիսը եթե մինչև անգամ ցանկանար էլ, չէր կարող Ռոստովի գալու հաջորդ օրն այդ բանն անել։ Այդ օրը, հունիսի 27-ին ստորագրվեցին հաշտության առաջին պայմանները։ Կայսրները փոխանակվեցին շքանշաններով. Ալեքսանդրն ստացավ Պատվո Լեգիոնի շքանշան, իսկ Նապոլեոնը՝ Անդրեյ I աստիճանի շքանշան, և այդ օրն էլ ի պատիվ Պրեոբրաժենսկի գումարտակի, նշանակված էր ճաշկերույթ, որ տալիս էր ֆրանսական գվարդիայի գումարտակը։ Թագավորները պետք է ներկա լինեին այդ պատվաճաշին։
Ռոստովը՝ Բորիսի մոտ իրեն այնքան անհարմար և անհաճո դրության մեջ էր զգում, որ երբ ընթրիքից հետո Բորիսը սենյակ մտավ, Ռոստովը քնած ձևացավ և մյուս օրը վաղ առավոտյան, աշխատելով նրան չտեսնել, դուրս եկավ տնից։ Նիկոլայը՝ ֆրակով ու կլոր գլխարկով, թափառում էր քաղաքում, նայելով ֆրանսացիներին ու նրանց մունդիրները, դիտելով փողոցները և այն տները, ուր ապրում էին ռուսական և ֆրանսական կայսրները։ Հրապարակում նա տեսավ բացած սեղաններ և ճաշկերույթի պատրաստություն, փողոցներում տեսավ ձգված կտորներ՝ ռուսական ու ֆրանսական դրոշակների գույներով, և հսկայական վենզելներ՝ «A» և «N» տառերով։ Տների լուսամուտներում նույնպես դրոշակներ և վենզելներ կային։
«Բորիսը չի ուզում ինձ օգնել, է՛հ, ես էլ նրան դիմել չեմ ուզում։ Այս բանը վճռված է,— մտածում էր Նիկոլայը,— մեր մեջ ամեն ինչ վերջացած է, բայց ես այստեղից չեմ գնա, մինչև որ չանեմ ա՛յն, ինչ կարող եմ անել Դենիսովի համար և, որ գլխավորն է, մինչև նամակը չհանձնեմ թագավորին։ Թագավորի՞ն… նա այստեղ է», մտածեց Ռոստովը կրկին անգամ ակամա մոտենալով այն տանը, ուր իջևանել էր Ալեքսանդրը։
Տան մոտ կանգնած էին հեծնելու համար պատրաստ ձիեր, շքախումբը հավաքվում էր. ըստ երևույթին թագավորը պատրաստվում էր տեղ գնալու։
«Յուրաքանչյուր րոպե ես կարող եմ նրան տեսնել,— մտածեց Ռոստովը։— Եթե կարողանայի նամակն ուղղակի հանձնել և բոլորը նրան պատմել, մի՞թե ինձ կկալանավորեին ֆրակիս համար։ Հազիվ թե։ Նա կհասկանար, թե ո՛ւմ կողմն է արդարությունը։ Նա ամեն ինչ հասկանում է, ամեն ի՜նչ գիտի։ Ո՞վ կարող է նրանից արդար և մեծահոգի լինել։ Ենթադրենք ինձ կալանավորեն էլ, թե ինչո՛ւ այստեղ եմ, ինչ վնաս», մտածում էր Նիկոլայը, նայելով մի սպայի, որ մտնում էր թագավորի իջևանած տունը։ «Ահա մտնում են։ Է՛հ. բոլորը դատարկ բան է։ Կերթամ և ինքս անձամբ նամակը կհանձնեմ թագավորին. դա ավելի վատ Դրուբեցկոյի համար, որ ինձ այստեղ հասցրեց»։ Եվ հանկարծ մի վճռականությամբ, որ ինքն էլ չէր սպասում իրենից, Ռոստովը նամակը գրպանում շոշափելով, գնաց ուղղակի դեպի այն տունը, ուր ապրում էր թագավորը։
«Ոչ, այժմ այլևս առիթը բաց չեմ թողնի, ինչպես Աուստերլիցից հետո էր», մտածեց նա, սպասելով ամեն վայրկյան հանդիպել թագավորին և զգալով, որ այդ մտածելիս արյունը հոսում է դեպի սիրտը։ «Ոտները կընկնեմ և կընկնեմ և կխնդրեմ։ Նա կբարձրացնի ինձ, կլսի և դեռ շնորհակալ կլինի ինձնից»։ «Ես երջանիկ եմ, երբ կարող եմ բարիք անել, բայց անարդարությունն ուղղելը՝ ամենամեծ երջանկությունն է»,— երևակայում էր Ռոստովը թագավորին ասելիք խոսքերը։ Եվ նա՝ իրեն հետաքրքիր նայողների մոտով գնաց դեպի թագավորի տան մուտքը։
Մուտքից մի լայն սանդուղք տանում էր ուղիղ դեպի վերև, այ կողմը երևում էր մի փակ դուռ, ներքև՝ սանդուղքի տակ, կար մի ուրիշ դուռ, որ տանում էր դեպի ներքին հարկը։
— Ո՞ւմն եք կամենում,— հարցրեց մեկը։
— Մի նամակ, մի խնդիրք ունեմ նորին մեծության հանձնելու,— ասավ Նիկոլայը դողացող ձայնով։
— Խնդիրք — հերթապահի՛ն. համեցե՛ք այստեղ (նրան ցույց տվին ներքևի դուռը)։ Միայն չեն ընդունի։
Այդ անտարբեր ձայնը լսելով, Ռոստովը վախեցավ իր արածից։ Ամեն րոպե թագավորին հանդիպելու միտքը այնքան գայթակղիչ և միաժամանակ այնքան սարսափելի էր նրա համար, որ նա պատրաստ էր փախչել, բայց նրան դիմավորող կամերֆուրիերը բացեց հերթապահի սենյակի դուռը, և Ռոստովը ներս մտավ։
Ոչ բարձրահասակ, լեցուն, մի երեսուն տարեկան մարդ սպիտակ անդրավարտիքով, բոտֆորտներով և մի, ինչպես երևում էր, հենց նոր հագած բատիստե շապիկով, կանգնած էր այդ սենյակում, սենեկապահը նրա ետևը կանգնած կոճկում էր մետաքսից կարած նրա գեղեցիկ վարտքակալը, որը, չգիտես ինչու, նկատեց Ռոստովը։ Այդ մարդը խոսում էր հարևան սենյակում գտնվող մեկի հետ։
— Bien faite et la beauté du diable<ref>Վայելչակազմ է և երիտասարդական գեղեցկություն ունի։</ref>,— ասում էր այդ մարդը, բայց Ռոստովին տեսնելով, խոսքն ընդհատեց և դեմքը խոժոռեց։
— Ինչ եք կամենում։ Խնդի՞րք։
— Qu’est-ce que c’est?<ref>Այդ ի՞նչ է։</ref>— հարցրեց այն մեկը մյու սենյակից։
— Encore un pétitionnaire<ref>Դարձյալ մի խնդրատու։</ref>,— պատասխանեց վարտքակալով մարդը։
— Դրան ասեք՝ հետո։ Հիմա դուրս է գալու, պետք է տեղ գնա։
— Հետո, հետո, վաղը։ Ուշ է արդեն…
Ռոստովը շրջեց, որ դուրս գա, բայց վարտքակալով մարդը կանգնեցրեց նրան։
— Ո՞ւմնից է։ Դուք ո՞վ եք։
— Մայոր Դենիսովից,— պատասխանեց Ռոսաովը։
— Դուք ո՞վ եք։ Սպա՞։
— Տեղակալ, կոմս Ռոստով։
— Ի՞նչ համարձակություն։ Խնդիրքը տվեք ձեր հրամանատարության միջոցով։ Իսկ ինքներդ գնացե՛ք, գնացե՛ք…— Եվ նա սկսեց հագնել սենեկապահի մատուցած մունդիրը։
Ռոստովը կրկին դուրս եկավ միջանցք և նկատեց, որ մուտքի առաջ հավաքվել էին զորահանդեսի լրիվ համազգեստով շատ սպաներ ու գեներալներ, որոնց մոտով նա պիտի անցներ։
Անիծելով ինքն իր համարձակությունը, դողալով այն մտքից, որ ամեն վայրկյան կարող է հանդիպել թագավորին և նրա մոտ խայտառակվել ու կալանավորվել, միանգամայն ըմբռնելով իր արարմունքի ամբողջ անպատշաճությունը, և դրա համար զղջալով, Ռոստովն, աչքերը խոնարհած, դուրս եկավ այդ տնից, որը շրջապատված էր փայլուն շքախմբի բազմությամբ, երբ հանկարծ մի ծանոթ ձայն կանչեց և մի ձեռ կանգնեցրեց նրան։
— Սիրելիս, այստեղ ի՞նչ եք անում ֆրակով,— հարցրեց նրան մի թավ ձայն։
Դա հեծելազորի մի գեներալ էր, որն այս պատերազմում արժանացել էր թագավորի առանձին ողորմածության. նա նախկին պետն էր այն դիվիզիայի, ուր առաջ ծառայում էր Ռոստովը։
Ռոստովը վախեցած սկսեց արդարանալ, բայց տեսնելով գեներալի բարի, ժպտուն դեմքը, մի կողմ քաշվելով, հուզված ձայնով հայտնեց նրան գործի ամբողջ էությունը, խնդրելով պաշտպանել իրեն՝ գեներալին լավ ծանոթ Դենիսովին։ Գեներալը Ռոստովին լսելով՝ գլուխը շարժեց լրջորեն։
— Ափսոս, ափսոս տղան, նամակը տուր։
Հազիվ Ռոստովը կարողացավ հանձնել նամակը և Դենիսովի ամբողջ գործը պատմել, երբ սանդուղքից արագ խթանավոր քայլերի ձայն լսվեց, և գեներալը՝ Ռոստովից հեռանալով, մոտեցավ մուտքին։ Թագավորի շքախմբի մարդիկ սանդուղքից ցած վազեցին և գնացին դեպի ձիերը։ Ձիավարժ Էնեն, նույն այն մարդը, որ Աուստերլիցումն էր, ձին մոտ տարավ թագավորին, և սանդուղքի վրա լսվեց թեթև քայլերի ձայն, որ Ռոստովն իսկույն ճանաչեց։ Ճանաչվելու երկյուղը մոռանալով, Ռոստովը հետաքրքրվող բնակիչներից մի քանիսի հետ մոտեցավ մուտքին, և նա, երկու տարուց հետո, կրկին տեսավ նրա պաշտած դիմագծերը, նույն դեմքը, նույն հայացքը, նույն քայլվածքը, մեծության ու հեզության նույն մարմնացումը… Եվ թագավորի վերաբերմամբ ունեցած հիացմունքի ու սիրո զգացումը նախկին ուժով նորից հարություն առավ Ռոստովի սրտում։ Թագավորը Պրեոբրաժենսկի գնդի մունդիրով, սպիտակ կաշվե անդրավարտիքով և երկար բոտֆորտներով, աստղը կրծքին, որ Ռոստովը չգիտեր ի՛նչ աստղ էր (դա Légion d’honneur էր),— դուրս եկավ մուտքը՝ գլխարկը ձեռին և ձեռնոցը հագնելով։ Նա կանգ առավ ու շուրջը նայեց, ամեն ինչ կարծես լուսավորելով իր հայացքով։ Գեներալներից մի երկուսին նա մի քանի խոսք ասավ։ Նա ճանաչեց նաև Ռոստովի դիվիզիայի նախկին պետին, ժպտաց և նրան իր մոտ կանչեց։
Ամբողջ շքախումբը ետ քաշվեց և Ռոստովը տեսավ, թե ինչպես այդ գեներալը երկար Ժամանակ ինչ-որ բան էր այսում թագավորին։
Թագավորը նրան մի քանի խոսք ասաց և մի քայլ արավ ձիուն մոտենալու։ Շքախումբը և փողոցի բազմությունը, որի մեջ էր և Ռոստովը, կրկին առաջացան դեպի թագավորը։ Կանգ առնելով ձիու մոտ, մի ձեռը թամբին գցելով՝ թագավորը դիմեց հեծգնդի գեներալին և բարձր ձայնով ասավ, ըստ երևույթին ցանկանալով, որ բոլորն էլ լսեն իրեն։
— Չեմ կարող, գեներալ, չեմ կարող նրա՛ համար, որ օրենքն ավելի ուժեղ է ինձնից,— ասավ թագավորը և ոտը դրեց ասպանդակին։
Գեներալը հարգալիր խոնարհեց գլուխը, թագավորը ձին հեծավ և քառատրոփ գնաց փողոցով։ Ռոստովը հիացմունքից իրեն կորցրեց, և բազմության հետ միասին վազեց նրա ետևից։
=== XXI ===
Հրապարակում, ուր գնաց թագավորը, դեմ առ դեմ կանգնած էին՝ աջից պրեոբրաժենցիների գումարտակը, ձախից ֆրանսական գվարդիայի գումարտակը՝ արջի մորթուց կարած գլխարկներով։
Այն ժամանակ, երբ թագավորը մոտենում էր հրացանները պատվի առած գումարտակների մի թևին, հակառակ թևին մոտեցավ ձիավորների մի ուրիշ խումբ, և նրանց առջևում Ռոստովը ճանաչեց Նապոլեոնին։ Դա չէր կարող ուրիշը լինել։ Նա ձին քշում էր քառատրոփ. նա փոքրիկ գլխարկով էր, Անդրեյան ժապավենը ուսով գցած, կապույտ մունդիրը սպիտակ կամզոլի վրա բաց հագած, շատ ազնվացեղ արաբական մոխրագույն նժույգի վրա և մոռագույն, ոսկեկար տապճակով։ Ալեքսանդրին մոտենալով, նա գլխարկը բարձրացրեց, և այդ ժամանակ Ռոստովի՝ հեծելակի աչքը չէր կարող չնկատել, որ Նապոլեոնը վատ և թույլ էր նստած ձիու վրա։ Գումարտակները գոչեցին «Ուռա՜» և «Vive l’Empéreur»։ Նապոլեոնն ինչ-որ բան ասավ Ալեքսանդրին։ Երկու կայսրներն էլ իջան ձիուց և իրար ձեռ տվին։ Նապոլեոնի դեմքին մի անհաճո-կեղծավոր ժպիտ կար։ Ալեքսանդրը սիրալիր արտահայտությամբ ինչ-որ բան էր ասում նրան։
Ռոստովն առանց աչքը խոնարհելու, երկյուղ չկրելով ֆրանսական ժանդարմների ձիերի ոտների տակն ընկնելուց, որոնք բազմությանը ետ էին հրում, հետևում էր Ալեքսանդր կայսրի և Բոնապարտի յուրաքանչյուր շարժումին։ Նրան, իբրև անսսլասելի մի բան, զարմացրեց այն, որ Ալեքսանդրն իրեն պահում էր իբրև Բոնապարտին հավասար, իսկ Բոնապարտն այդ մոտիկությունը կարծես բոլորովին բնական ու սովորական համարելով, թագավորի հետ վարվում էր, իբրև հավասարի հետ՝ միանգամայն ազատ։
Ալեքսանդրն ու Նապոլեոնը երկար ձգվող շքախմբով մոտեցան Պրեոբրաժենսկի գումարտակի աջ թևին, անցնելով այդտեղ կանգնած բազմության առջևից։ Անսպասելիորեն բազմությունն այնքան մոտ եղավ կայսրներին, որ Ռոստովը, բազմության առաջին շարքերում գտնվելով, սարսափեց այն մտքից, թե հանկարծ իրեն չճանաչեն։
— Sire, je vous demande Կ permission de donner la Légion d’honneur au plus brave de vos soldats<ref>Թագավոր, ես ձեզանից թույլտվություն եմ խնդրում՝ Պատվո Լեգիոնի հքանշան տալ ձեր զինվորներից ամենաքաջին։</ref>,— լսվեց կտրուկ, միանգամայն որոշ մի ձայն, որ արատսանում էր յուրաքանչյուր տառը։
Այդ խոսում էր կարճահասակ Բոնապարտեն, վարից նայելով ուղիղ Ալեքսանդրի աչքերին։ Ալեքսանդրն ուշադիր լսում էր այն, ինչ իրեն ասում էին։ Եվ գլուխը խոնարհելով, նա սիրալիր ժպտաց։
— A celui qui s’est le plus vaillament conduit dans cette dernière guerre[^54],— ավելացրեց Նապոլեոնը, յուրաքանչյուր վանկը շեշտելով և, Ռոստովի համար վրդովիչ հանգստությամբ ու վստահությամբ ռուս զինվորների շարքերը դիտելով, որոնք նրա առաջ ձգված և հրացաններնին պատվի առած, անշարժ նայում էին իրենց կայսրի՝ Ալեքսանդրի դեմքին։
— Votre majesté me permettra-t-elle de demander l’avis du colonel?[^55]— ասավ Ալեքսանդրը և մի քանի շտապ քայլ արավ դեպի իշխան Կոզլովսկին, որ գումարտակի հրամանատարն էր։
Մինչ այդ Բոնապարտեն սկսեց հանել ձեռնոցը փոքրիկ սպիտակ ձեռից, և պատռելով այն՝ դեն գցեց։ Ադյուտանտը ետևից փութկոտությամբ առաջ նետվեց և ձեռնոցները վերցրեց։
— Ո՞ւմ տալ,— կամաց ռուսերեն լեզվով հարցրեց կայսր Ալեքսանդրը Կոզլովսկուն։
— Ո՞ւմ կհրամայեք, ձերդ մեծություն։
Թագավորը դժկամ կնճռեց դեմքը և շուրջը նայելով, ասավ.
— Չէ՞ որ պետք է մի պատասխան տալ նրան։
Կոզլովսկին վճռական տեսքով շարքերին նայեց և իր այդ հայացքով ընդգրկեց նաև Ռոստովին։
«Չլինի՞ թե ինձ», մտածեց Ռոստովը։
— Լազարև՛,— դեմքը խոժոռելով հրամայեց գնդապետը շարքի առաջին տեղը կանգնած զինվորին։ Լազարևն աշխույժ առաջ եկավ։
— Ո՞ւր ես գնում, կանգնիր այստեղ,— փսփսացին մի քանի ձայներ Լազարևին, որ չգիտեր, թե ո՛ւր գնա։ Լազարևը կանգ առավ, և երկյուղած շեղակի նայեց գնդապետին. նրա դեմքը ցնցվեց, ինչպես այդ պատահում է այն զինվորներին, որոնց կանչում են շարքի առջև:
Նապոլեոնը գլուխը թեթևակի շուռ տվեց և ետ տարավ իր փոքրիկ փափլիկ ձեռը, կամենալով կարծես ինչ-որ բան վերցնել։ Նրա շքախմբի մարդիկ իսկույն գլխի ընկնելով, թե բանն ինչումն է, իրար անցան, փսփսացին, ինչ-որ բան հայտնեցին միմյանց, և մանկլավիկը՝ այն փոքրիկ տղան, որին երեկ Ռոստովը տեսավ Բորիսի մոտ, առաջ վազեց և թագավորի պարզած ձեռի վրա հարգալիր խոնարհվելով, չստիպելով նրան մի վայրկյան անգամ սպասելու, նրա ափը դրեց կարմիր ժապավենով մի շքանշան։ Նապոլեոնն, առանց նայելու, սեղմեց երկու մատը և շքանշանը մնաց նրա ձեռքում։ Նա մոտեցավ Լազարևին, որն այդ րոպեին աչքերը չռած շարունակում էր համառորեն նայել միայն իր թագավորին, և Նապոլեոնը նայեց Ալեքսանդր կայսեր, դրանով ցույց տալով, որ այն, ինչ ինքն անում է այժմ, անում է իր դաշնակցի համար։ Փոքրիկ սպիտակ ձեռը՝ շքանշանը բռնած մոտեցավ զինվոր Լազարևի կոճակին։ Նապոլեոնը կարծես գիտեր, որպեսզի այդ զինվորը հավիտյան երջանիկ լինի, պարգևատրված և ամենից աչքի ընկնող լինի աշխարհում, հարկավոր էր միայն, որ նա՝ Նապոլեոնը արժան համարի իր ձեռն այդ զինվորի կրծքին դիպցնելու։ Նապոլեոնը խաչը Լազարևի կրծքին դնելով և ձեռքը ցած թողնելով, դիմեց Ալեքսանդրին, կարծես նա գիտեր, որ խաչը պիտի կպչի Լազարևի կրծքին։ Խաչը իսկապես կպավ։ Միշտ ծառայության պատրաստ ռուս և ֆրանսացի մարդիկ իսկույն վերցրին խաչը և կպցրին այն զինվորի մունդիրին։ Լազարևը մռայլ նայեց սպիտակ ձեռներով փոքրիկ մարդուն, որ ինչ-որ մի բան արավ իրեն և, շարունակելով անշարժ հրացանը պատվի բռնել նորից սկսեց ուղիղ Ալեքսանդրի աչքերին նայել, կարծես Ալեքսանդրին հարցնելով՝ էլի մնա կանգնած, թե այժմ կհրամայեն իր տեղը գնալ, կամ, գուցե, էլի մի բան կհրամայեն անել։ Բայց նրան ոչինչ չհրամայեցին և նա բավական երկար մնաց այդ դրության մեջ։
Թագավորները ձի նստեցին ու գնացին։ Պրեոբրաժենցիներն իրենց շարքերը քայքայելով, խառնվեցին ֆրանսական գվարդիայի զինվորներին և սեղան նստեցին, որ պատրաստված էր իրենց համար։
Լազարևը նստած էր պատվավոր տեղը. ֆրանսացի և ռուս սպաները սեղմում էին նրա ձեռը, գրկում, շնորհավորում։ Սպաների և ժողովրդի բազմությունը մոտենում էր, որ միայն Լազարևին նայի։ Ռուս-ֆրանսական խոսակցության ու ծիծաղի մռմռոցը կանգնել էր հրապարակում, սեղանների շուրջը։ Երկու սպա՝ կարմրատակած դեմքերով, ուրախ ու երջանիկ տեսքով անցան Ռոստովի մոտով։
— Ինչպե՞ս ես գտնում այդ հյուրասիրությունը։ Ամեն բան արծաթյա է,— ասավ նրանցից մեկը։— Լազարևին տեսա՞ր։
— Տեսա՛։
— Ասում են՝ վաղն էլ պրեոբրաժենցիներն են նրանց հյուրասիրելու։
— Բայց, ինչ բախտավոր էր Լազարևը։ 1200 ֆրանկ կենսաթոշա՜կ։
— Տղեք, ա՛յ քեղ փափախ,— գոչեց մի պրեոբրաժենցի, ֆրանսացու մազոտ փափախը գլխին դնելով։
— Ո՜հ, ի՛նչ էլ լավ սազում է, հիանալի է։
— Դու լսեցի՞ր նրանց կարծիքը,— ասավ գվարդիական գնդի սպան մյուսին։— Նախանցյալ օրը՝ «Napoléon, France, bravoure», երեկ՝ «Alexandre, Russie, grandeur», մի օր մեր թագավորն է այդ կարծիքը հայտնում, մի ուրիշ օր՝ Նապոլեոնը։ Վաղն էլ թագավորը Գեորգիի շքանշան կուղարկի ֆրանսական գվարդիայի զինվորներից ամենաքաջին։ Չի լինի չէ, պետք է նույն ձևով պատասխանել։
Բորիսը նույնպես, իր ընկեր Ժիլինսկու հետ, եկավ պրեորրաժենցիների պատվաճաշը դիտելու։ Վերադարձին Բորիսը նկատեց Ռոստովին, որ կանգնած էր տան անկյունի մոտ։
— Ռոստո՛վ, բարև՛, մենք էլ չտեսնվեցինք,— ասավ նա և իրեն զսպել չկարողացավ, հարցրեց թե ի՛նչ է պատահել նրան, որովհետև այնքան տարօրինակ-մռայլ ու տխուր էր Ռոստովի դեմքը։
— Ոչինչ,— պատասխանեց Ռոստովը։
— Կգաս ինձ մոտ։
— Հա, կգամ։
Ռոստովը կանգնեց անկյունի մոտ և հեռվից երկար նայում էր քեֆ անողներին։ Նրա մտքում կատարվում էր մի տաժանելի աշխատանք, որը նա ոչ մի կերպ չէր կարողանում հասցնել իր վախճանին։ Նրա հոգում ծագում էին սոսկալի կասկածներ։ Մերթ հիշում էր Դենիսովին՝ իր փոխված արտահայտությամբ, խոնարհությամբ, և ամբողջ հիվանդանոցն՝ այն կտրված ձեռներով ու ոտներով, այն կեղտով ու հիվանդություններով։ Եվ նրան պարզ թվաց, թե ինքն այժմ զգում է մեռած մարմնի այդ հիվանդանոցային հոտը, ու նայում էր շուրջը՝ իմանալու, թե որտեղից կարող է գալ այդ հոտը։ Մերթ նա հիշում էր այդ ինքնագոհ սպիտակաձեռ Բոնապարտին, որն այժմ կայսր էր և որին սիրում ու հարգում էր Ալեքսանդր կայսրը։ Բայց էլ ինչու համար են կտրված ձեռները, ոտները, սպանված մարդիկ։ Մերթ էլ հիշում էր նա պարգևատրված Լազարևին և պատժված ու չներված Դենիսովին։ Երբեմն նրա գլուխն այնպիսի տարօրինակ մտքեր էին գալիս, որ նա վախենում էր նրանցից։
Պրեոբրաժենցիների ուտելիքի հոտը և իր քաղցը Ռոստովին սթափեցրին այդ դրությունից։ Նախքան մեկնելը՝ պետք էր բան ուտել։ Նա գնաց դեպի այն հյուրանոցը, որ առավոտյան տեսել էր։ Հյուրանոցում այնքան ժողովուրդ, սպաներ (իր նման քաղաքացիական զգեստներով եկած) կային, որ նա հազիվ ճաշ ստացավ։ Իրենց դիվիգիայից երկու սպա միացան նրան։ Բնականաբար խոսք բացվեց հաշտության մասին։ Ռոստովի ընկեր-սպաները, ինչպես և բանակի մեծ մասը, դժգոհ էին Ֆրիդլանդից հետո կնքած հաշտությունից։ Խոսում էին, որ եթե մի քիչ էլ դիմանային, Նապոլեոնը կորած էր, որովհետև նրա զորքը ոչ հաց ուներ, ոչ ռազմամթերք։ Նիկոլայն անխոս ուտում էր, և առավելապես խմում։ Նա մեն-մենակ երկու շիշ գինի խմեց։ Նրա ներսում առաջացած հուզմունքը՝ ելք չգտնելով, շարունակում էր տանջել նրան։ Նա վախենում էր անձնատուր լինել իր մտքերին և միաժամանակ չէր կարողանում ազատվել նրանցից։ Հանկարծ սպաներից մեկի այն խոսքերի վրա, թե մարդ վիրավորանք է զգում ֆրանսացիներին նայելիս, Ռոստովն սկսեց տաքացած գոռալ, միանգամայն անտեղի, ուստի և շատ զարմացրեց սպաներին։
— Եվ դուք ինչպե՜ս եք համարձակվում դատել, թե ինչն ավելի լավ կլիներ,— բղավեց նա հանկարծ՝ դեմքն արյունով լցված։— Ինչպե՞ս եք դուք համարձակվում դատել թագավորի գործերի մասին, մենք ի՞նչ իրավունք ունենք դատելու։ Մենք չենք կարող հասկանալ թագավորի ոչ նպատակը, ոչ վարմունքը։
— Բայց ես ոչ մի խոսք չասի թագավորի մասին,— արդարանում էր սպան, որ ոչնչով չէր կարողանում բացատրել Ռոստովի դյուրագրգռությունը, քան միայն նրանով, որ նա հարբած էր։
Բայց Ռոստովը չէր լսում։
— Մենք դիվանագիտական պաշտոնյաներ չենք, այլ զինվորներ և ուրիշ ոչինչ,— շարունակեց նա։— Մեզ հրամայում են մեռնել՝ ուրեմն պետք է մեռնել, իսկ եթե պատժում են, նշանակում է ուրեմն՝ մեղավոր ես, դատողը մենք չպիտի լինենք։ Հաճելի է թագավոր կայսեր՝ Բոնապարտին կայսր ճանաչել և նրա հետ դաշն կնքել, նշանակում է այդպես էլ հարկավոր է։ Իսկ եթե մենք սկսենք ամեն բանի մասին դատել ու դատողություններ տալ, այն ժամանակ էլ ոչ մի սուրբ բան չի մնա։ Այդպիսով՝ մենք կարող ենք ասել, թե աստված չկա, ոչինչ էլ չկա,— պոռաց Նիկոլայը սեղանին զարկելով, միանգամայն անտեղի՝ իր խոսակիցների հասկացողությամբ, բայց միանգամայն համապատասխան իր մտքերի ընթացքին։— Մեր գործն է՝ կատարել մեր պարտականությունը, կռվել և, չմտածել. ահա՛ բոլորը,— եզրակացրեց նա։
— Եվ խմել,— ասաց սպաներից մեկը, որ չէր ցանկանում կռվշտել։
— Այո՛, և խմել,— կցեց Նիկոլայը։— Է՛յ, տղա։ Մի շիշ էլ,— կանչեց նա։
-----
<references />