Changes

Ուսուցչուհու հիշատակարան

Ավելացվել է 29 891 բայտ, 18:47, 1 Սեպտեմբերի 2019
― Անմիտը գոնե քարտեզին ուշադիր նայեր և ուսուցչի հետ իզուր չվիճեր։
 
 
― Գուցե,― շարունակեց Հայկուշը,― ես մի փոքր սևացրի գույները, եթե այո, այդ միայն սրտացավությունից էր․․․ ես սիրում եմ դպրոցը և ուզում եմ այն ավելի բարվոք վիճակում տեսնել, մեր երկրին ու մեր կարգերին վայել բարձրության վրա։ Ես ուղղակի հրճվում եմ դպրոցի հաջողություններով։ Իմ հրահանգչական կարճատև աշխատանքում ես երջանիկ առիթ եմ ունեցել հաստատելու, որ մենք ունենք բազմաթիվ գիտակից, պատրաստված, հոգով ու սրտով գործին նվիրված և՛ ղեկավար, և՛ ուսուցիչ։ Նրանք են, որ չնայած նշածս թերություններին, ապահովում են ուսումնական գործի հաջողությունը։
 
― Բայց,― շարունակեց,― ինչպես սովորոթյուն է ասել, հաջողությունները մերն են, մենք պետք է դատապարտենք թերությունները և կանխենք։ Օրինակ ես չեմ կարող անտարբեր մնալ այն փաստի հանդեպ, որ մեր հիանալի ուսուցիչների հետ աշխատում են այնպիսիները, որոնց անձնական գործերում կրթական ցենզի վկայագրի փոխարեն Գեղամ Աբգարիչի ստորագրած տեղեկանքներն են, որոնք իբրև թե հաստատում են, որ նրանց ուսումնական փաստաթղթերը կորել են ժողկրթբաժնի գրասենյակում։
 
― Ես էլ,― ասացի,― նման փաստ հայտնաբերել եմ մեր դպրոցի ուսուցչուհիներից մեկի անձնական գործում։
 
― Խոսքդ,― ասաց,― Քնարիկ Մարգարյանի անձնական գործին է վերաբերում։ Դու մեկ գիտես, իսկ ես մի քանիսը․․․ Բայց այդ տխուր փաստը միայն բավական է Սուրենյանի աշխատանքին անվստահությամբ ու կասկածանքով վերաբերվելու, չէ՞ որ այդ գործից խնամության և ամեն տեսակ անազնիվ գործողությունների հոտ է գալիս։
 
― Կուսակցության շրջկոմը գիտե՞ այդ մասին,― հարցրի Հայկուշին։
 
― Գիտե և արմատներն է ուսումնասիրում։
 
― Դու կարդացե՞լ ես,― հարցրի,― այն անստորագիր հոդվածը․․․
 
Հայկուշը թույլ չտվեց ամողջացնել միտքս և ասաց․
 
― Կարդացել եմ և համոզված եմ, որ հեղինակը․․․
 
― Խորենյանն է,― ասացի, ես էլ իմ հերթին թույլ չտալով, որ ավարտի իր խոսքը։
 
― Ամեն մ իմինիստրության կադրերի բաժին,― ասաց Հայկուշը,― ղեկավար աշխատողներ ընտրելիս, կարող է օգտվել այդ հոդվածում արված դատողություններից և դիտողություններից, որովհետև հոդվածը գրված է առանց դիտավորության ու սրտացավությամբ, հայրենասիրական ոգով և կոմունիստի ազնիվ կրքով։
 
==IX==
 
Երկու շաբաթը մի անգամ, դասերից հետո կարճատև խորհրդակցություն եմ ունենում դասվարների հետ։ Նրանք ամփոփ զեկուցում են ծրագրերի ընթացքի, աշակերտների առաջադիմության և դասարանին վերաբերվող ընթացիկ հարցերի մասին։
 
Ես, որ վաղօրոք ուսումնասիրած եմ լինում ծրագրերի կատարման ընթացքը դասամատյանների արձանագրություններից և դասալսումներից, քաջալերական խոսք եմ ասում նրանց կամ զգուծացում անում ըստ հարկի։
 
Անթառամ Մեսրոպյանը, որ մասնակցում էր այսօրվա խորհրդակցությանը, շատ գոհ մնաց դասվարների աշխատանքից և գովեց, իր բառերով ասած, մեր ջահել բայց ժրաջան ուսմասվարի գործունեությունը։
 
Ձեր խորհրդակցությունը, ասաց վերջում, օրինակելի էր ոչ միայն իր արդյունավետությամբ, այլև հակիրճությամբ ու ժամանակի ռեժիմի խիստ պահպանմամբ։
 
― Հավատացեք ինձ,― վերջացրեց իր խոսքը,― շրջանի շատ դպրոցներ այս հարցում պետք է նախանձեն ձեզ։
 
 
 
Արուսյակ Սահակյանից մի երկտող ստացա, որով խնդրում է ինձ «մի երեկո զբոսանքի դուրս գալով, ճանապարհս երկարել մինչև սովխոզ միասին թեյ խմելու համար»։
 
Իր մոտ հրավիրելու սովորական ձև էր սա, որին ես արդեն սովոր էի։
 
Մի քանի օրից կգնամ սովխոզ։ Երկու շաբաթ է չեմ տեսել Արուսյակին և կարոտել եմ։
 
Սուրենյանը այսօր նորից այցելեց դպրոց և լսեց իմ դասը։ Նշանակալից էր, որ ժողկրթբաժվարն ընտրել էր առաջին այցելության օրը, որպեսզի դասից հետո ինձ հետ առանձին զրուցելու հնարավորություն ունենա։
 
Այդպես էլ եղավ։ Լսեց իմ դասը և հաջորդ ժամին, ինչպես ինքն էր անշուշտ ծրագրել, ինձ հետ առանձին էր դիրեկտորի առանձնասենյակում։
 
Բայց այս անգամ որոշել էի այնպիսի դիրք ընդունել, որ նա այլևս հուսալու առիթ չունենա, որոշել էի լինել խիստ, իհարկին, նույնիսկ դուրս գալ պաշաճության ու քաղաքավարության սահմաններից։
 
Հենց որ երկուսով առանձին մնացինք, առաջինը ես խզեցի լռությունը, չսպասելով, որ նա զրույցն սկսելու դժվարություն կրի։
 
― Պատրաստ եմ լսելու ձեր դիտողությունները իմ դասի մասին։
 
Սուրենյանը ծիծաղեց․
 
― Ես ձեր դասը չէի լսում։
 
― Ինչպե՞ս թե,― հարցրի զարմացած, իսկույն չկռահելով նրա բառերի իմաստը,― դուք իմ դասին ներկա էիք սկզբից մինչև վերջ, ինչ կատակելու ժամանակ է։
 
― Ես շարունակ ձեզ էի նայում, իսկ ինչ վերաբերում է դասին, ապա վստահ եմ, որ նա այնքան կատարյալ կլինի, ինչքան այն վարողը։
 
Զարմացած նրա հանդուգն աներեսության վրա, մի պահ լուռ մնացի, կշռադատելու համար բառերս, որ պիտի նետեի նրա երեսին։
 
Չգիտեմ ինչպես ընդունեց իմ լռությունը, հիացմո՞ւնք իր զեղումներին, հավա՞տք իր արտահայտությունների անկեղծության, թե՞ համաձայնություն իր ցանկությանը․․․ Նա շարունակում էր խոսել ոգևորված, օգտվելով իմ լռությունից և ուշադրությունից, հույս ունենալով, անշուշտ, ինձ զինաթափ անել։ Բայց, հարկավ, հիասթափությունը կատարյալ եղավ, երբ հանկարծ ոտքի ելա և հրամայաբար ընդհատեցի նրան․
 
― Ո՛չ,― ասացի,― հազար անգամ ոչ, ընդմիշտ ոչ․․․ իմացեք, որ ձեր ամեն մի ակնարկը մեր անցյալին, վիրավորում է ինձ, իսկ հրավերը՝ վերանորոգելու մեր անցյալի հարաբերությունը, ընդունում եմ իբրև ամենածանր անարգանք ուղղված իմ կանացի և մարդկային արժանապատվությանը։ Այլևս ոչ մի անգամ,― շարունակեցի ավելի խիստ ու չարացած,― չհամարձակվեք փորձել ինձ հետ սիրային զրույց ունենալ, եթե չեք ուզում նախատինք ու վիրավորանք լսել ինձանից։
 
Ու շարժվեցի դեպի դուռը։
 
Սուրենյւանը ոտքի ելավ ու առաջ գալով փակեց իմ ճանապարհը։
 
― Մի րոպե միայն։
 
― Ոչ մի րոպե չեմ ուզում նվիրել ձեզ,― ասացի, քայլերս ուղղելով դեպի դուռը։
 
 
==X==
 
Փառանձեմ Արշակյանի տանն էի։ Թեյից հետո իմ ու ընկերուհուս միջև շարունակվեց զրույցը այն հարցերի շուրջ, որոնք մեզ հուզել էին դեռ մի ժամ առաջ վերջացած մանկավարժական խորհրդի նիստում։
 
Նորից խոսեցինք ուսումնական առարկաների ծրագրերից, որոնց հաճախակի փոփոխվելը միշտ չէ, որ բխում է կյանքի պահանջներից, խոսեցինք էքսկուրսիաներից, որոնց կազմակերպումը դժվարություններ էր հարուցում և դպրոցի ուսումնաօժանդակ օբյեկտներից, որոնց բավարար կահավորման խոստումը երկու տարի ի վեր մնացել էր թղթի վրա։
 
Մոտ երեք ամսվա համատեղ աշխատանքի ընթացքում նկատել էի, որ Փառանձեմ Արշակյանը մեր կոլեկտիվում դպրոցի ուսումնադաստիարակչական աշխատանքների ամենից գիտակ անձնավորություններից մեկն էր, և նկատել էի նաև, որ նրա դատողություններն ու առաջարկությունները ժողովներում լինում էին խելացի, համոզիչ ու գործնական։
 
Իմանալով Փառանձեմի դեպի ինձ տածած համակրանքը և օգտվելով մեր առանձին լինելու հանգամանքից, որ թույլ պիտի տար նրան ազատ ու անկաշկանդ արտահայտվելու, ես ցանկացա նրանից իմանալ թե Սուրենյանը, որպես շրջանի դպրոցական գործի ղեկավար, ի՞նչ առանձին արժանիքներով է փայլում։
 
― Ցավով պիտի հայտնեմ,― ասաց ընկերուհիս,― որ Սուրենյանի մասին իմ կարծիքը դրական չէ, կարող եմ ասել, որ նույնիսկ բացասական է, այնպես որ, եթե դուք հակառակ կարծիքի եք, ես ձեզ ուղղակի հիասթափեցնելու եմ։
 
― Օ՛, ո՛չ,― ընդհատեցի նրան աշխուժորեն,― նրա մասին կարծիքները հակասական են (ես այդ մասին ուղղակի այնպես հայտարարեցի), դրա համար էլ ուզեցի ձեր կարիքն իմանալ, համոզվա, որ այն կլինի միակ ճիշտն ու պատճառաբանվածը։
 
― Եթե այդպես է,― ասաց նա,― դե ուրեմն լսեցեք։ Շրջանի ուսումնական գործի ղեկավարի համար ամենաէականը մանկավարժական հատուկ պատրաստակամությունն է, որից սակայն զուրկ է Սուրենյանը։
 
Աշխատանքի որևէ բնագավառի համար կադրեր ընտրելիս իմ կարծիքով ամենից առաջ և պարտադիր կերպով պետք է հաշվի առնել թեկնածուի համապատասխան պատրաստականությունը։ Ցավալի է սակայն, որ հաճախ չի կատարվում այս էական պայմանը և առաջ են քաշվում երբեմն երկրորդական և նույնիսկ տարրական պայմաններ չբավարարող անձինք։
 
Ահա և մեր Սուրենյանը։ Ո՞վ է նա, ի՞նչ մարդ է։ Ասել թե նա անճարակ մարդ է, ճիշտ չի լինի։ Ընդհակառակը խիստ ճարպիկ անձնավորություն է և գիտի աճպարարի վարպետությամբ թաքցնել իր մասնագիտական անկարողությունը։
 
Նա պատկանում է այն մարդկանց թվին, որոնք շնորհիվ իրենց արտաքին շնորհների, որոնց մեջ հեշտ ու գեղեցիկ արտահայտվելու ընդունակությունը մեծ տեղ է բռնում, շրջապատի վրա ոչ միայն հաճելի, այլև ընդունակ ու զարգացած ղեկավարի տպավորություն են թողնում։
 
Սուրենյանը իր ավելի քան երկու տարվա աշխատանքի ընթացքում շրջանում շահել է ընդունակ ղեկավարի և շնորհալի մանկավարժի անուն։ Ցավելով պետք է ընդգծեմ, որ դրան նպաստել է այն հանգամանքը, որ շրջանային ղեկավարները ազատ են եղել ժողկրթբաժնի գործունեության շուրջ վեճեր քննելու տաղտուկից, որովհետև ժողկրթբաժվարը աշխատել է այդպիսիներ չհարուցել աշխատանքի ընթացքում։
 
Իսկ դուք կարծում եք փո՞քր բան է այդ շրջանային ղեկավարների համար, որոնք, ցավով պետք է ընդգծել, երբեմն այնքան հաճախ են փոփոխվում, որ հաճախ ժամանակ էլ չեն ունենում կադրերին հիմնավորապես ճանաչելու։ Եվ նրանք բաժինների աշխատանքի գնահատականը տալիս են կադրերի գործունեության շուրջ ծագած վեճերի կամ մամուլում հյուսված դրվատանքի հիման վրա, իրենք հաճախ ի վիճակի չլինելով աշխատանքը մանսագիտորեն գնահատելու։
 
― Շրջանի ուսուցիչների փոքր մասի մոտ,― շարունակեց ընկերուհիս, որ իր կոչման լրիվ գիտակցություն չունի, Սուրենյանը հեղինակություն է, և իր հեղինակությունը պահպանելու համար նա ոչ միայն չի կպչում նրանց խաթրին, այլև չի քննադատում նրանց, ընդհակառակը գովում է, վերագրելով նրանց արժանիքներ, որ չունեն։ Շրջանային մանկավարժական խորհրդակցությունները նրա համար տրիումֆներ են, հաճախ նա հանդես է գալիս ուռճացած տոկոսներով, մանկավարժական մամուլն էլ մեծ մասամբ շրջանի ուսումնական գործի հաջողությունների մասին է գրում։
 
Սակայն Սուրենյանը շրջանի դպրոցների համար հսկող աչք չի եղել։ Դպրոցներում դժվարություններ են եղել, վեճեր են ծագել, որոնք չեն հարթվել և չեն լուծվել ու մնացել են անարձագանք։
 
Գեղամ Աբգարիչը ճարպիկ մարդ է, նա կարողանում է ներքին այդ խնդիրները գաղտնի պահել։
 
Սուրենյանը կարողացել է իր շուրջն ստեղծել համակրության շրջանակ և ղեկավար մարմինների կողմից գնահատվել է որպես օրինակելի ժողկրթբաժվար։
 
Էջմիածնի նման կուլտուրապես առաջադեմ և ուսումնական հարուստ ավանդություն ունեցող շրջանի համար,― եզրակացրեց ընկերուհիս,― Գեղամ Աբգարիչը անհաջող թեկնածու է։
 
Հետո հանկարծ, կարծես ուղղակի գուշակելով իմ մտքում ծագած հարցերը, որոնք ես աշխատում էի ձևակերպել․
 
― Պիտի հարցնես անշուշտ, թե ինչո՞վ բացատրել Էջմիածնի շրջանի դպրոցների հաջողությունները, հակառակ անհաջող ղեկավարության․․․
 
Ուսուցչական հիմնական մասսայի բարձր պատրաստականությամբ, նվիրվածությամբ ու գիտակցությամբ։
 
Հետո անմիջապես ավելացրեց․
 
― Բայց ինչքան ավելի հաջող կընթանային գործերը դպրոցներում, եթե ժողկրթբաժինը օգնության գար ուսուցիչներին իր իր կազմակերպչական և հրահանգչական աշխատանքով։
 
 
==XI==
 
Այսօր առավոտյան եղա սովխոզում։ Արուսյակ Սահակյանն ընդունեց ինձ իր սովորական սիրալիրությամբ։ Ճաշի ժամանակ ինձ հայտնեց հրավերի շարժառիթը, որ սակայն այս անգամ տարբեր էր իմ ենթադրածից։
 
― Խաղաղության համաշխարհային խորհրդի կոչով,― ասաց նա,― ինչպես անշուշտ հայտնի է քեզ, երկրագնդի ողջ առաջադեմ մարդկությունը նշում է ֆրանսիացի մեծ գրող՝ հումանիստ Վիկտոր Հյուգոյի ծննդյան հարյոր հիսունամյակը։ Հրավիրել եմ քեզ, խնդրելու, որ այդ առթիվ զեկուցում կարդաս ակումբում։
 
Առաջարկությունն ընդունեցի սիրով։
 
Անցյալ դարերում ապրող ու գործող մեծ հումանիստների հիշատակը անմահացնելու նպատակով մեր երկրում կազմակերպվող դասախոսությունների ցիկլում, այս մեկը շատ մոտ էր իմ սրտին, և ես երջանիկ էի, որ սովխոզի ակումբում Հյուգոյի մասին զեկուցելու պատիվն ինձ էր տրվում։
 
Այնուհանդերձ ավելորդ չհամարեցի հարցնել, թե որտե՞ղից էր բխում զեկուցման համար իմ անձին տրված առաջարկության պատիվը։
 
― Սկզբում ուզում էի դիմել քեզ,― ասաց ընկերուհիս,― բայց, վախեցա մերժվելուց։
 
― Հետո՞։
 
― Հետո,― ասաց ծիծաղելով,― քո թեկնածությունը, որպես հարմար զեկուցողի, ինձ թելադրեց գեղեցկադեմ մի երիտասարդ, որ կարծես թե անտարբեր էլ չէր քո հանդեպ։
 
Այս վերջին բառերն արտասանելիս Արուսյակը զննողաբար նայեց ինձ, շարունակելով ծիծաղել։
 
Կարծեցի, թե կատակ է անում։
 
Սակայն նկատեցի, որ ընկերուհուս զննող հայացքը հետզհետե ավելի հարցական դարձավ, և ես ստիպված եղա հարցնելու․
 
― Այդ երիտասարդի անունն ի՞նչ է։
 
― Պատվիրված է ինձ չհայտնել,― ասաց։
 
Հետո ավելացրեց․
 
― Զեկուցման օրը ես այդ երիտասարդին կներկայացնեմ քեզ։
 
Արդեն համոզված էի, որ սովորական մի կատակ էր արածը։ Պայմանավորվեցի զեկուցման օրվա մասին և մեկնեցի։
 
Ցուրտ էր և ճանապարհն ամայի։ Տերևազուրկ ծառերով եզերված խճուղու վրա ոչ մի փոխադրական չէր երևում։
 
Պարզ երկնքում նոյեմբերի դժգույն արևն էր փայլում։ Հեռվում լեռները ձյունածածկ էին, և դաշտավայրի գոշության վրա աշնանային թախիծն էր իջել։
 
Փաթաթված վերարկուի մեջ, օձիքը բարձրացրած մինչև ականջներս, ցրտից մատրակված, քայլում էի արագ, րոպե առաջ գյուղ հասնելու համար։
 
Հանկարծ, երբ արդեն գյուղի մոտ էի, ականջիս հասավ թավալվող անիվների խուլ աղմուկ՝ բոժոժների համաչափ ճնկլտոցի հետ, որ շրջապատի լռության մեջ ներդաշնակ էր հնչում։
 
Ետ նայեցի։ Ժողկրթբաժվարի երկանիվ կառքն էր, ճակատին ճերմակ նշան ունեցողի ձի լծած։ Կառքը արշավում էր դեպի ինձ ձիու քառատրոփ վազքով։
 
Ես արագացրի քայլերս և մտա առաջին պատահած բաց դռնից ներս։
 
Երեկ սովխոզից վերադառնալուց հետո տրամադրությունս բարձր էր։ Ճանապարհին չազդվեցի ոչ ցրտից և ոչ էլ միայնությունից։ Ֆրանսիացի մեծ գրողի կյանքի ու գործունեության մասին զեկուցելու միտքը ոգևորել է ինձ։
 
Մոռացել էի Արուսյակի կատակը։ Համոզված էի, որ ակնարկած սիրունատես երիտասարդը անգո մի էակ էր զվարճանալու համար հիշված։
 
Ամբողջ ճանապարհին այլևս չմտածեցի նրա մասին, ու միայն այն ժամանակ, երբ անիվների աղմուկի հետ ականջիս հասավ բոժոժների ճնկլտոցը, այո, այն ժամանակ միայն ցավագին մի պրկում զգացի սրտումս և լցվեցի դառնությամբ։
 
«Ուրեմն Արուսյակը կատակ չէր արել,― մտածեցի,― ահա այն երիտասարդը, որին ակնարկում էր ընկերուհիս»։
 
Ու ենթադրեցի, որ նա, այդ հիմարը, իմացել էր, որ ես սովխոզում եմ, թաքնվել էր, հետևել վերադարձի ճանապարհին իր երկանիվով ինձ հասնելու համար։ Բայց երևի վերջին րոպեին կորցրել էր հետքս և ապա իմանալով իմ մեկնումը շտապել էր հասնել ինձ։
 
Այս մտքերն ինձ սաստիկ ջղայնացրին։ Գիշերը երկար ժամանակ անքուն մնացի։ Մեկը երկանիվ կառքով հետապնդում էր ինձ և անիվների աղմուկը արձագանքում էր ականջներումս։
 
==XII==
 
Օրեր են անցել, բայց սովխոզից իմ վերադարձը, որպես վատ հիշողություն, դեռ մնում էր իմ մեջ։ Թվում է թե մեկը հետապնդում է ինձ մթության մեջ և ես տանջվում եմ։
 
Վախկո՞տ եմ ես։
 
Երբեք․․․
 
Բայց հետապնդվելու մտքից, որ վիրավորում է արժանապատվությունս, սիրտս դառնանում է։ Այն գաղափարը, որ անպարկեշտ մի մարդ աշխատում է նորոգել ինձ հետ անցյալի դժբախտ կապերը, օգտվելով իր ղեկավար դիրքից, արյունանում է սիրտս։
 
Ուրեմն նա այնքան է տգետ, բութ, որ չի՞ տեսնում իմ մեջ նորը, ազնիվն ու անմատչելին․․․
Հիմա՜րը․․․
 
 
Դասալսումից հետո դիտողություն արեցի I ա դասարանի դասվար Քնարիկ Մարգարյանին նրա աղճատ լեզվի և օտար բառերի գորաության համար։
 
Նեղացավ ինձանից։
 
― Իմ գլխին,― ասաց,― քարոզ մի կարդա, պոլ և ստոլ բառերը, որ ես գործ եմ ածել դասի ժամանակ, գործածական են մեր լեզվում, և աշակերտները հասկանում են նրանց իմաստը։
 
Հետո արհամարհական ձևով ավելացրեց․
 
― Բանն ինչո՞ւմն է, ինչ ես ուզում դու ինձնից։
 
Ուզեցի ասել, որ օտար բառերի իմաստը հասկանալու կամ չհասկանալու հարցը չէ, այլ հայերեն լեզվով արտահայտվելու պահանջը։ Բայց նա չուզեց լսել ինձ ու թողեց հեռացավ։
 
Շատ ցավ զգացի։
 
Չնայա վարչական դիտողություններին և նույնիսկ կոմերիտական տույժերին, որ նա ստացել է իր ցուցաբերած անփութության և զանցառությունների համար, նա շարունակում է իրեն պահել դպրոցում մի տեսակ արտոնյալի դիրքում։
 
Դեկտեմբերիտասնհինգը զեկուցմանս օրն էր։ Գնացի սովխոզ։
 
Դահլիճի ճանապարհում ինձ շրջապատեցին աշակերտները, որոնք ծնողների հետ եկել էին զեկուցում լսելու։
 
Պոկվելով նրանց գրկախառնումից, շտապեցի տեսնել Արուսյակին, որ ինձ դիմավորեց գրասենյակի դռան առաջ։
 
― Ըստ իմ խոստման,― ասաց նա,― ես քեզ ներկայացնում եմ այն սիրունատես․․․
 
Բայց նա չկարողացավ վերջացնել, որովհետև գրասենյակի խորքից մեկը դեպի ինձ առաջանալով ուրախ բացականչեց․
 
― Արա՜քս, սիրելի Արա՜քս, ու երկու ձեռքը երկարեց դեպի ինձ։
 
Տեսի՞լ էր, թե՞ իրականություն․․․ դեմս կանգնած էր իմ սիրելին։
 
«Արաքս, սիրելի Արաքս․․․»
 
Շփոթվել էի․ դժվարանում էի հավատալ, որ դեպի ինձ երկարած ձեռքերը նրանն են։ Բայց նա էր, Խորենյանը, իմ թխահեր ու գեղահասակ սիրելին։
 
― Իսկ ինչպե՞ս եք իմացել, որ ես զեկուցելու եմ․․․
 
― Ոչ ոք չի ասել ինձ, այդ ես վաղօրոք գիտեի․․․ ու նորից շարունակեց ծիծաղել։
 
― Ինչպե՞ս, չեմ հասկանում։
 
― Սովխոզում,― ասաց,― ուր երբեմն հրավիրվում էի զեկուցելու, մի անգամ, մոտ երեք շաբաթ առաջ էր այդ, Արուսյակը գովեստով խոսեց հարևան գյուղի դպրոցի նորավարտ մի ուսուցչուհու մասին, գովելով նրա գրական կիրթ ճաշակն ու պատրաստականությունը։
 
― Անո՞ւնը,― հետաքրքրվեցի։
 
― Արաքս Արմենյան,― ասաց։
 
― Ուրախությունս անսահման էր։ Գտել էի քեզ, այն ուսանողուհուն, որի անունը, հիմա արդեն ժամանակն է ասելու, շարունակ սրտի թրթիռով էի արտասանել ինստիտուտում։
 
― Այն օրը,― շարունակեց Արտակը,― Արուսյակը ուղղակի հիացմունքով խոսեց քո մասին, պատմեց ինձ քո խոհերի ու ապրումների, ինչպես նաև ուսումնական գործին քո նվիրվածության մասին։ Լսում էի Արուսյակին և մտածում մի օր այցելել ձեր դպրոցը, խոստովանում եմ, միայն քեզ տեսնելու համար։
 
Բախտը օգնեց ինձ․․․ երբ ակումբի վարիչը հրավիրեց զեկուցում կարդալ ակումբում Հյուգոյի օրվա առթիվ, ես իսկոյն հրաժարվեցի, խորհուրդ տալով նրան զեկուցման համար դիմել քեզ։
 
Արտակը դեռ ուզում էր շարունակել, բայց ես սկսեցի ծիծաղել, այնպես աշխույժ ու եռանդով, որ նա ասաց․
 
― Իմ ու քո բախտի բարեդիպության վրա ես ծիծաղում անշուշտ։
 
Բայց նա չգիտեր, որ հիշելէի մի քանի օր առաջվա սովխոզից իմ վերադարձը, երկանիվ կառքն ու բոժոժների ճնկլտոցը ամայի ճանապարհի վրա, հետո գյուղին մոտիկ պատահած բաց դռնից ներս մտնելս։