Changes

Ոսկե ճյուղը

Ավելացվել է 30 316 բայտ, 14:55, 8 Մարտի 2020
/* Մոգության սկզբունքները */
Մոգության առաջին տեսակը ավելի լավ է հոմեոպաթիկ տերմինով կոչել, քանի որ այլընտրական տերմինը՝ նմանակման մոգությունը, չի բացառում կամ նույնիսկ ենթադրում է գիտակցված ընդօրինակման ազդակը, որը խիստ նեղացնում է մոգության գործողության ոլորտը։
 
Չէ որ կախարդը հավատացած է, որ իր արվեստում գործնականորեն կիրառվող սկզբունքները կառավարում են նաև անկենդան բնությունը։ Այլ կերպ ասած, նա ենթադրում է, թե նմանական ու շփման օրենքները տարածվում են ոչ միայն մարդկանց գործողությունների վրա, այլև համընդհանուր կիրառություն ունեն։ Կարճ ասած, մոգությունը բնական օրենքների խեղաթյուրված համակարգ է և վարքագծի ղեկավարման կեղծ սկզբունք․ այն միաժամանակ թե՛ կեղծ գիտություն է, և թե՛ անպտուղ արվեստ։ Որպես բնության օրենքների համակարգ, այսինքն՝ աշխարհում կատարվող իրադարձությունների հաջորդականությունը «կանխորոշող» օրենքների ամբողջություն, այն կարելի է անվանել տեսական մոգություն։ Իսկ իբրև պատվիրաններ, որոնց մարդիկ պետք է հետևեն իրենց նպատակներին հասնելու համար, այն կարելի է անվանել գործնական մոգություն։ Դրա հետ միասին պետք է նկատի ունենալ, որ նախնադարյան կախարդը միայն գործնական կողմով գիտի մոգությունը։ Նա երբեք չի վերլուծում այն մտավոր պրոցեսները, որոնց վրա հենվում են իր գործողությունները, երբեք չի խորհում դրանցում ամփոփված վերացական սկզբունքների շուրջը։ Մարդկանց մեծ մասի նման, նա դատում է նույն կերպ, ինչպես մարսում են կերը, այսինքն, մտածողության ու մարսողության համար անհրաժեշտ մտավոր ու ֆիզիոլոգիական պրոցեսներին միանգամայն անտեղյակ։ Կարճ ասած, մոգությունը նրա համար արվեստ է և ոչ թե գիտություն․ գիտության բուն գաղափարը բացակայոմ է նրա չզարգացած ուղեղում։ Կախարդական գործողությունների հիմքում ընկած մտքի ընթացքին հետևելը, խճճված կծիկի մեջ միահյուսվող մի քանի պարզ թելերն ի հայտ բերելը, վերացական սկզբունքները դրանց կոնկրետ կիրառումներից առանձնացնելը, այլ կերպ ասած՝ առերևույթ անխարդախ արվեստի հետևումը աղավաղված գիտության հետքեր հայտնաբերելը իմաստասերի գործն է։
 
Եթե ճիշտ է մոգական տրամաբանության մեր վերլուծությունը, ապա նրա երկու հիմնական սկզբունքները պարզապես գաղափարների կապը չարաշահելու երկու միջոց են։ Հոմեոպաթիկ մոգությունը հենվում է գաղափարների կապի վրա՝ ըստ նմանության, շփածին մոգությունը հենվում է գաղափարների կապի վրա՝ ըստ սահմանակցության։ Հոմեոպաթիկ մոգության սխալն այն է, որ իրերի նմանությունը ընկալվում է որպես նրանց նույնականություն։ Շփածին մոգությունը գործում է մեկ այլ սխալ․ նա ելնում է այն բանից, որ մեկ անգամ իրար հետ շփված իրերը մշտապես կապի մեջ են մնում։ Գործնականում մոգության երկու տեսակները հաճախ զուգորդվում են։ Ավելի ճիշտ, եթե հոմեոպաթիկ կամ նմանակման մոգությունը կարող է կիրառվել ինքնին, ապա շփածին մոգությունը, որպես կանոն, կապված է հոմեոպաթիկ սկզբունքի կիրառման հետ։ Մոգության այս երկու տարատեսակները այսքան ընդհանուր ձևով հասկանալը փոքր֊ինչ դժվար է, բայց դրանք դյուրըմբռնելի կդառնան կոնկրետ օրինակներով լուսաբանվելու շնորհիվ։ Դրանց հիմքում ընկած է մտածողության բավականին պարզունակ դրսևորումը։ Այլ կերպ չի էլ կարող լինել, չէ որ դրան կոնկրետ կերպով (իհարկե, ոչ վերացականորեն) ընտելացել է ոչ միայն վայրենու բիրտ միտքը, այլև ժամանակակից սնոտիապաշտ մարդկանց ոչ պակաս տգետ միտքը։ Մոգության երկու տեսակները՝ հոմեոպաթիկն ու շփածինը, կարելի է անվանել մեկ տերմինով՝ համակրական (սիմպատիկ) մոգություն, քանի որ երկու դեպքում էլ ենթադրվում է, որ գաղտնի համակրանքի շնորհիվ, առարկաները հեռավորությունից ազդում են միմյանց վրա, և ազդակը մեկից մյուսն է հաղորդվում աներևույթ եթերին նմանվող ինչ֊որ բանի միջոցով։ Այդ եթերը այնքան էլ չի տարբերվում այն եթերից, որի գոյությունը, հենց համանման նպակատով, կանխադրում է ժամանակակից գիտությունը, այսինքն, թե դատարկ թվացող տարածության մեջ իրերը ինչպես կարող են փոխներգործել։ Դրանց երկու տարատեսակը պատկերել հետևյալ կերպ․
 
ՆԿԱՐ 01
 
Ձեռնամուխ լինենք համակրական մոգության երկու հիմնական տեսակների պատկերմանը օրինակներով։ Սկսենք հոմեոպաթիկ մոգությունից<ref>Մոգության տիպերի ու տեսակների դասակարգման խնդրի մասին ավելի մանրամասն տե՛ս՝ Токарев С.А. Сущность и происхождение магии. Исследования и материалы по вопросам первобытных религиозных верований. Труды Института Этнографии. М. 1959б т. 51б с. 17-29 и др.</ref>։
 
==Հոմեոպաթիկ կամ նմանակման մոգություն==
 
Հավանաբար, «նմանը ծնում է նմանին» սկզբունքի առավել սովորական կիրառումը՝ մարդու պատկերը խեղելու կամ այն ոչնչացնելու միջոցով, թշնամուն վնաս հասցնելու կամ նրան կործանելու այն փորձերն են, որոնք տարբեր դարաշրջաններում ձեռնարկել են շատ ժողովուրդներ՝ լիովին վստահ լինելով, որ այն մարդը, որի դեմ ուղղված են մոգական այդ գործողությունները, կկրի նույն տառապանքները կամ կմեռնի։ Բազմաթիվ օրինակներից կբերենք սոսկ մի քանիսը՝ հապացույց ամբողջ աշխարհում այդ սովորույթի լայն տարածվածության ու զարմանալի հարատևության։
 
Հազարամյակներ առաջ դա հայտնի է հին Հնդկաստանի, Բաբելոնի և Եգիպտոսի, հավասարապես նաև՝ Հունաստանի ու Հռոմի կախարդներին։ Մեր օրերում ևս Ավստրալիայում, Աֆրիկայում և Շոտլանդիայում դրան են դիմում նենգ ու չարամիտ մարդիկ։ Հյուսիսային Ամերիկայի հնդկացիները հավատում են, թե ավազի, մոխրի կամ կավի վրա որևէ մեկի պատկերը նկարելով կամ որևէ առարկա մարդու մարմնի տեղ ընդունելով, իսկ ապա սուր փայտով խոցելով կամ նրան որևէ այլ վնաս հասցնելով իրենք նույնպիսի վնաս են պատճառում պատկերված անձին։ Օրինակ, երբ օջիբվեների ցեղի հնդկացին ցանկանում է չարիք պատճառել որևէ մեկին, նա պատրաստում է թշնամու փայտե պատկերը և նրա գլուխը (կամ սիրտը) ասեղ է խրում կամ նրա վրա նետ արձակում, հավատացած լինելով, թե բավական է ասեղը կամ նետը խոցեն տիկնիկին, որպեսզի թշնամին իր մարմնի այդ մասում սուր ցավ զգա։ Իսկ եթե նա մտադրվում է տեղնուտեղը սպանել թշնամուն, մոգական հմայախոսք արտաբերելով արյում ու թաղում է տիկնիկին։ Պերուի հնդկացիները ալյուրի հետ խառնելով պատրաստում էին իրենց դուր չեկող կամ իրենց վրա սարսափ ազդող մարդկանց պատկերները և ապա այրում էին այն ճանապարհին, որով անցնելու էր զոհը։ Դա կոչվում էր «հոգին այրել»։
 
Մալայական կախարդանքը հետևյալն է․ վերցնում են նախատեսված զոհի մազերի, եղունգների, թերթերունքների կտրվածքները կամ թուքը, այնպես որ առկա լինի մարմնի որևէ մաս։ Այնուհետև լքված մեղվաբնի ակնամոմից տիկնիկ են պատրաստում։ Յոթ գիշեր լամպի վրա այն դանդաղ այրում են՝ արտասանելով հետևյալ բառերը․
 
Օ՜, մոմ չէ, մոմ չէ, որ հալում եմ այստեղ,<br>
Այլ այսինչի լյարդը, սիրտը և փայծաղն եմ այրում։
 
Յոթերորդ անգամ կրկնելուց հետո տիկնիկը վերջնականապես հալվում է, և զոհը «մեռնում է»։ Այս կախարդանքը իր մեջ համակցում է հոմեոպաթիկ և շփածին մոգության սկզբունքները, քանի որ ըստ թշնամու պատկերի ու նմանության պատրաստված մոմարձանիկի մեջ կան նրա մարմնի մասերը՝ եղունգները, մազերը և թուքը, որոնք մի ժամանակ շփվել են նրա հետ։ Ահա կախարդանքի մալայական մի քայլ ձև, որն է՛լ ավելի է հիշեցնում օջիբվեների կախարդանքը․ հանգած փեթակից վերցրած մոմից ներբանի մեծության խամաճիկ է պատրաստվում։ Հանք նրա աչքերը, և ձեր թշնամին կկուրանա, խոցեք որովայնը, և նա կհիվանդանա, խոցեք գլուխը՝ կսկսվեն գլխացավեր, խոցեք կուրծքը՝ այն կցավի։ Իսկ եթե ցանկանում եք մի հարվածով ազատվել թշնամուց, վերից վար հատեք պատկերը, դիակի պես փաթաթեք պատանքի մեջ, աղոթք կարդացեք՝ ինչպես մեռելի վրա, թաղեք ճամփամիջում, որտեղ ձեր զոհը անպայման ոտք կդնի նրա վրա։ Որպեսզի նրա արյան մեղքի տակ չընկնեք, պետք է ասեք․
 
Եվ նրան ես չեմ թաղում, <br>
Այլ թաղում է սուրբ Գաբրիելը։
 
Այսպիսով, սպանության մեղքը կընկնի Գաբրիել հրեշտակի վրա, որի համար շատ ավելի հեշտ է կրել պատասխանատվության բեռը։
 
Պատկերի միջոցին դիմող հոմեոպաթիկ մոգությունը սովորաբար կիրառվում էր անցանկալի մարդկանց այն աշխարհն ուղարկելու չարամիտ նպատակով։ Բայց այն կիրառվում էր նաև (թեպետև՝ շատ հազվադեպ) բարի մտադրություններով, օրինակ, մերձավորներին օգնելու համար։ Այն օգտագործվում էր ծննդաբերությունները դյուրացնելու կամ չբեր կանանց ժառանգ պարգևելու նպատակով։ Բատակների մոտ (Սումատրա կղզի) մայր դառնալ ցանկացող չբեր կինը փայտից տիկնիկ է պատրաստում, պահում է այն ծնկների վրա, կարծելով, թե դրանով իր ցանկությունը կիրականանա։ Բաբարյան արշիպելագի կղզիներում բնակվող կինը, որը ցանկանում է երեխա ունենալ, մի տղամարդու (մեծ ընտանիքի հոր) հրավիրում է իր անունից աղոթելու Ուպուլերոյին՝ արևի ոգուն։ Բամբակյա կարմիր կտորից տիկնիկ են պատրաստում, որը կինը իր գիրկն է առնում այնպես, կարծես մտադիր է կուրծք տալ նրան։ Ապա հրավիրված բազմազավակ հայրը բռնում է մի հավ, նրա ոտքերից պահած կպցնում է կնոջ գլխին, որը ասում է․ «Ով, Ուպուլերո, վերցու թռչունը, և խնդրում էմ, թող երեխան իջնի իմ ձեռքերին և իմ գիրկը»։ Այնուհետև տղամարդը հարցնում է կնոջը․ «Եկա՞վ երեխան», որին նա պատասխանում է․ «Հա, նա արդեն կուրծք է ուտում»։ Դրանից հետո աղոթելու համար հրավիրված տղամարդը թռչունը դնում է կնոջ ամուսնու գլխին և ինչ֊որ բառեր քրթմնջում։ Վերջում հավը մորթում են և որոշ քանակությամբ պղպեղաբույսի հետ դնում տնային զոահբերությունների տեղում․ ծիսակատարության ավարտվելուց հետո գյուղում լուր է տարածվում, թե կինը ծննդաբերել է, և բարեկամները գալիս են շնորհավորելու։ Երեխայի թվացյալ ծնունդը այստեղ զուտ կախարդական ծես է, որի նպատակն է ընդօրինակման և նմանեցման միջոցով իսկական որդեծնություն առաջ բերել։ Բացի դրանից, այստեղ առկա է աղոթքներով ու զոհ մատուցելով ծեսը ավելի արդյունավետ դարձնելու ձգտումը։ Այլ խոսքով ասած, տվյալ դեպքում կախարդանքը միախառնվել է կրոնի հետ և դրանից մեծ ուժ է ստացել։
 
Բոռնեո կղզու դայաքներից ոմանք ծննդկանի մոտ են հրավիրում շամանին, որը փորձում է դյուրացնել ծնունդը, նրա մարմինը մերսելով, այսինքն՝ նպատակահարմար միջոցով։ Այդ նույն ժամանակ սենյակում գտնվող մի ուրիշ շաման ջանում է նույն նպատակին հասնել այնպիսի միջոցներով, որոնք միանգամայն անտրամաբանական կթվային մեզ։ Նա ձևանում է ծննդկան․ նրա որովայնին շորով կապած մեծ քարը պատկերում է երեխային՝ մոր արգանդում։ Հետևելով իր գործընկերոջ բարձրաձայն ցուցումներին, հենց գործողությունների ասպարեզում (սենյակում) նա երևակայական երեխան շարժում է ամբողջ մարմնով մեկ, ճշտիվ կրկնելով իսկական երեխայի շարժումները, որ նա կատարում է մինչև լույս աշխարհ գալը։
 
Երևակայական գործող անձանց կերպավորելու նույն մանկական խաղը այլ ժողովուրդների դրդել է ծննդաբերություն ձևացնելն օգտագործել որդեգրման և նույնիսկ մեռած համարվող մարդուն նորից կյանքի կոչելու միջոց։ Եթե դուք ձևացնում եք երեխայի և նույնիսկ մորուքավոր տղամարդու լույս աշխարհ գալը, որի երակներում ձեր արյունից ոչ մի կաթիլ չկա, ապա պարզունակ իրավունքի ու պարզունակ փիլիսոփայության համաձայն, այդ տղան կամ այդ տղամարդը, բառիս բուն իմաստով, ձեր որդին է։ Դիոդորոսը պատմում է, որ երբ Զևսը իր խանդոտ կնոջը՝ Հերային համզեց որդեգրել Հերակլեսին, աստվածուհին պառկեց անկողնում և, հաղթանդամ հերոսին սեղմելով իր կրծքին, հրեց նրան իր հագուստի միջով և գցեց գետին, նմանակելով իսկական ծննդաբերություն։ Պատմաբանը ավելացնում է, որ երեխա որդեգրելու նույն միջոցը կիրառում են իրեն ժամանակակից բարբարոսները։ Այդ սովորույթը տարածավծ է նաև Բուլղարիայում և Բոսնիայի թուրքերի մեջ։ Կինը վերցնում է այն տղային, որին մտադիր է որդեգրել, և նրան քաշում է իր շրջազգեստի տակով։ Դրանից հետո նա համարվում է այդ կնոջ տղան և ժառանգում է իրեն որդեգրած ծնողների ողջ ունեցվածքը։ Սարավակի (Բոռնեո կղզի, ժամանակակից Կալիմանտան) բերավան ցեղի կինը, երբ մտադիր է հասուն տղամարդ կամ կին որդեգրել, բազմաթիվ մարդիկ է հրավիրում և խրախճանք անում։ Բոլորի աչքի առաջ բազմելով կտորով ծածկված բարձր նստարանին, հոգեմայրը որդեգրվողին թույլ է տալիս հետևից սողալ իր ոտքերի արանքով։ Հենց որ նա դուրս է սողում առջևից, նրան զարդարում են արեկա արմավենու հոտավետ ծաղիկներով և կապում կնոջը։ Այնուհետև իրար կապած հոգեորդին և հոգեմայրը, դժվարությամբ ոտքերը քաշ տալով, հրավիրվածների աչքի առաջ հասնում են մինչև տան մյուս ծայրը և հետ դառնում։ Որդեծնության գործողության ակնյահտ նմանակման միջոցով նրանց միջև ստեղծված կապը շատ ամուր է․ որդեգրված տղային հասցված վիրաորանքը ավելի ծանր է համարվում, քան հարազատին հասցվածը։
 
Հին Հունաստանում այն մարդը, որին սխալմամբ մեռած էին համարում և որի բացակայությամբ կատարվել էր նրա թաղման ծեսը, շարունակում էր մեռած համարվել, քանի դեռ այն չէր անցել վերստին ծնվելու ծեսով։ Նրան անց էին կացնում կնոջ ոտքերի արանքով, լողացնում էին, բարուրում, հանձնում ստնտուի խնամքին։ Այս ծեսի մանրակրկիտ կատրվելուց հետո միայն վերադարձածը կարող էր ազատորեն առնչվել ողջերի հետ։ Նույնպիսի հանգամանքներում հին Հնդկաստանում մեռած համարվող մարդը վերադառնալուց հետո առաջին գիշերը առանց մի բառ ասելու պետք է անցկացներ ճարպ խառնած ջրով լի տաշտի մեջ։ Նա տաշտում նստում էր ձեռքերը բռունցք արած, ինչպես երեխան մոր արգանդում, այն դեպքում, երբ նրա նկատմամբ կատարվում էին բոլոր այն ծեսերը, որոնք, սովորաբար, կատարվում են հղի կանանց նկատմամբ։ Հաջորդ օրը առավոտյան տաշտից դուրս էր գալիս և նորից անցնում այն բոլոր ծեսերով, որոնց մասնակցել էր պատանեկան տարիներից սկսած, մասնավորապես նորից էր ամուսնանում կամ պատշաճ հանդիսավորությամբ կրկին ամուսնանում էր իր նախկին կնոջ հետ։
 
Հոմեոպաթիկ մոգությունը իր բարօրություն մարդկանց օգտագործելու մյուս օրինակը հիվանդությունները բուժելն է կամ կանխելը։ Դեղնախտը բուժելու համար հին հնդիկները հոմեոպաթիկ մոգության վրա հիմնված, խնամքով մշակված արարողություն էին կատարում։ Դրա հիմնական նպատակն էր հիվանդի դեղնությունը փոխանցել դեղնագույն էակների կամ առարկաների, որոնց այն իրավմամբ պատկանում է (օրինակ՝ արևին), և կենդանի, ուժեղ էակի (օրինակ՝ շեկ եզան) առողջ, կարմիր գույնը փոխանցել հիվանդին։ Դրա համար քուրմը արտասանում էր հետևյալ հմայախոսքը․ «Թող քո սրտի ցավն ու դեղնությունը անցնեն արևին։ Մենք քեզ կպատենք կարմիր եզան գույնով։ Մենք քեզ կպարուրենք կարմիր երանգներով, որ երկար ապրես։ Թող այս մարդը ապրի անվնաս և դեղին գույնից զերծ։ Թող նա լցվի եզան ուժով, որի աստվածը Ռոհինին է, չէ որ այդ եզներն իրենք էլ կարմիր են (rohinih)։ Մենք քո դեղնախտը փոխանցում ենք թութակներին և կեռնեխներին, նաև դեղին պոչխաղուկին ենք փոխանցում քո դեղնախտը»։ Դեղնախտով հինվանդին առողջություն՝ վարդի գույն ներարկելու համար, քուրմը, այդ բառերը արտասանելով, նրան տալիս էր կարմիր եզան մազ խառնած ջուր, որ խմի, ջուրը լցնում էր կենդանու մեջքին և հիվանդին ստիպում էր խմել այն, նրան նստեցնում էր կարմիր եզան կաշվի վրա և կաշվի մի կտորը կապում նրա մարմնին։ Այնուհետև, հիվանդի մաշկի գույնը բարելավելու համար (մինչև դեղին երանգի իսպառ վերանալը) քուրմը գործում էր այսպես․ նախ՝ հիվանդի վրա ոտից գլուխ քրքումից եփած դեղին խույս էր քսում և նրան պառկեցնում մահճակալին։ Ապա դեղին պարանով մահճակալի ոտքից կապում էր երեք դեղին թռչուն՝ թութակ, կեռնեխ, պոչխաղուկ։ Այնուհետև, հիվանդի վրա ջուր լցնելով մաքրում էր դեղին խույսը։ Խույսի հետ դեղնախտը, անշուշտ, փոխանցվում էր թռչուններին։ ՀԻվանդին կատարյալ փթթուն տեսք տալու համար քուրմը կարմիր եզան մի քանի մազ էր փաթաթում ոսկեգույն թիթեղի մեջ և կպցնում հիվանդի մաշկին։ Հները նաև կարծում էին, թե բավական է, որ դեղնախտով հիվանդը ակնդետ նայի ծովային մորակտցարին, թռչունն էլ հայացք նետի հիվանդի վրա, և նա կառողջանա։ «Այդ թռչունի խառնվածքն ու էությունը այնպիսին են,― գրում էր Պլուտարքոսը<ref>Պլուտարքոս (մոտ 45-127), հույն գրող ու պատմիչ։ </ref>,― որ նա դուրս է քաշում հիվանդությունը և հայացքով, ինչպես հոսանք ընդունում էիր վրա»։ Ծովային մորակտցաների այս արժեքավոր հատկանիշը լավ էր հայտնի թռչնավաճառներին։ Նրանք այդ թռչունները վաճառքի էին հանում խնամքով ծածկված, որպեսզի դեղնախտով հիվանդ որևէ մարդ չնայեր դրանց ու ձրի չուբժվեր։ Պլինիոսը<ref>Պլինիոս Ավագ (մոտ 24-79) հռոմեացի գրող ու գիտնական։</ref> հիշատակում է մի այլ (գուցե և նույն) թռչունի մասին, որին հույները անվանում են դեղնախտ, որովհետև եթե դեղնախտով հիվանդը հայացք էր նետում նրա վրա, ապա հիվանդությունը նրանից հեռանում էր և սպանում թռչունին։ Նույն հեղինակը պատմում է մի քարի մասին, որը ինչպես կարծում էին, բուժում է դեղնախտը, որովհետև նրա գույնը հիշեցնում է դրանով հիվանդի գույնը։
 
Հոմեոպաթիկ կախարդանքի մեծագույն արժանիքներից մեկն այն է, որ այն հնարավոր է դարձնում բուժընթացն անցկացնել ոչ թե հիվանդի, այլ բժշկի վրա․ տեսնելով, թե վերջինս ինչպես է ցավից գալարվում իր առջև, հիվանդը ազատվում է բոլոր ախտանշաններից։ Օրինակ․ ֆրանսիայի Պարշի գավառի գյուղացիների կարծիքով, ստամոքսի կամ աղիների հիվանդության դեպքում ործկումների տևական նոպաները, ինչպես նրանք են արտահայտվում, տեղի են ունենում այն պատճառով, որ հիվանդի ստամոքսը «արձակվել է» ու ընկել։ Ստամոքսը տեղը գցելու համար կանչում էին հեքիմին և նա, իմանալով ախտանշանները, տեղնուտեղը ընկնում էր հատակին և ահավոր ջղաձգություններով ջանում էր «արձակել» սեփական ստամոքսը։ Իսկ այն բանից հետո, երբ դա նրան «հաջողվում էր», նա նոր գալարումներով ու ծամածռություններով նորից «կոճկում էր» այն, որի շնորհիվ հիվանդի որովայնի ցավերը մեղմանում էին։ Դայաքների հեքիմը, հիվանդի մոտ գալով, ընկնում է և մեռած ձևանում։ Նրա հետ վարվում են, ինչպես դիակի հետ․ փաթաթում են խսիրի մեջ, դուրս բերում տնից ու դնում գետնին։ Մեկ֊երկու ժամ հետո հեքիմը երևակայական հիվանդին «պատանքից» հանում և կյանքի է կոչում։ Քանի որ նա առողջանում է, ենթադրվում է, որ իսկական հիվանդն էլ կառողջանա։ Թեոդոսիոս I կայսեր պալատական բժիշկը՝ բորդոցի Մարցելը, բժշկության մասին եհտաքրքրական աշխատության մեջ տալիս է ուռուցքի բուժման դեղատոմս, որը հիմնված է հոմեոպաթիկ կախարդանքի վրա։ Ահա այդ դեղատոմսը․ վերցրեք աղավնիճի արմատը, այն բաժանեք երկու մասի, մեկը կապեք հիվանդի պարանոցին, իսկ երկրորդը պահեք ծխի վրա։ Ինչպես ծուխը չորացնում է աղավնիճը, այնպես էլ կչորանա ու կանհետանա ուռուցքը։ Եթե հետագայում հիվանդը իրեն փրկողի հանդեպ երախտամոռ գտնվի, ապա հմուտ բժիշկը կարող է հեշտությամբ վրեժ լուծել՝ աղավնիճը ջրի մեջ սուզելով․ հենց որ արմատը սկսի խոնավություն ներծծել, ուռուցքը նորից կհայտնվի։ Երբ ձեզ անհանգստացնում են պզուկները, նույն գիտուն այրը խորհուրդ է տալիս հետամուտ լինել երկնքից ընկնող աստղին և ընկնելու պահին պզուկները սրբել փալասով կամ ձեռքն ընկած որևէ բանով։ Ճիշտ այնպես, ինչպես աստղը հեռանում է երկընքից, պզուկներն էլ կվերանան դեմքից։ Սակայն անհրաժեշտ է զգույշ լինել և դրանք ձեռքով չսրբել, այլապես դրանք կանցնեն ձեռքին։
=Ծանոթագրություններ =
{{ծանցանկ}}