Changes

Սև Փիթըրը

79 079 bytes removed, 15:23, 21 Հուլիսի 2020
Ջնջվում է էջի ամբողջ պարունակությունը
[[Category: Արձակ]]
{{Վերնագիր
|վերնագիր = Սև Փիթըրը
|հեղինակ =[[Արթուր Կոնան Դոյլ]]
|աղբյուր = [[«Նոթեր Շերլոկ Հոլմսի մասին»]]
}}
[[Կատեգորիա:Արձակ]]
[[Կատեգորիա:Դետեկտիվ]]
 
Ես երբեք իմ բարեկամին չէի տեսել հոգեկան և ֆիզիկական ուժերի այնպիսի մի ծաղկման մեջ, ինչպես 1895 թվականին էր։ Նրա հռչակն անվերջ աճում էր, պրակտիկան անընդհատ մեծանում։ Ուրիշների գաղտնիքները հարգելու համար ես ինձ թույլ չեմ տա նույնիսկ ակնարկել այն հայտնի մարդկանց անունները, որոնք առիթ են ունեցել անցնելու Բեյքր-սթրիթում գտնվող մեր համեստ տան շեմքից։ Պետք է ասել, որ Հոլմսը, ինչպես բոլոր մեծ արվեստագետները, աշխատում էր միայն արվեստի սիրույն։ Ես չեմ լսել (բացի դուքս Հոլդըրնըսի հետ պատահած միակ դեպքից), որ նա իր անգնահատելի ծառայությունների համար պահանջի մեծ վարձատրություն։ Նա այնքան անշահախնդիր էր կամ այնքան անկախ, որ հաճախ հրաժարվում էր հարուստ ու մեծազարմ մարդկանց օգնելուց, եթե իր համար ոչինչ գրավիչ չէր գտնում նրանց գաղտնիքները հետազոտելու մեջ։ Միևնույն ժամանակ նա ամբողջ շաբաթներով եռանդով զբաղվում էր որևէ աղքատ մարդու գործով, եթե այդ գործը այնքան առեղծվածային ու հուզիչ էր լինում, որ կարողանում էր վառել նրա երևակայությունը և հնարավորություն տալ նրան՝ կիրառել իր վարպետությունը։
 
 
Այդ անմոռանալի 1895 թվականին Հոլմսը կատարեց մի ամբողջ շարք հետաքրքիր և տարատեսակ հետազոտություններ՝ սկսած կարդինալ Տոսկայի հանկարծամահության պատճառների պարզաբանումից (Վատիկանի համառ ցանկությամբ) և վերջացրած հանցագործ Վիլսընի ձերբակալությամբ․ դեղձանիկներ վարժեցնող այդ հայտնի մարդը միաժամանակ լոնդոնյան Իստ Էնդի իսկական խոցն էր։ Այդ մեծադղորդ գործերից անմիջապես հետո մի ողբերգություն հայտնվեց Վուդմընզ Լիում, կապիտան Փիթըր Քերին սպանվեց ամենասարսափելի և առեղծվածային հանգամանքներում։ Շերլոք Հոլմսի մասին գրած իմ նոթերը թերի կլինեին, եթե նրանց մեջ չլիներ այդ արտասովոր եղելության պատմությունը։
 
Հուլիսի առաջին շաբաթվա ընթացքում իմ բարեկամն այնքան հաճախ ու այնքան երկար ժամանակով էր տանից դուրս գնում, որ ես հասկացա՝ նա ինչ-որ բանով զբաղված է։ Այդ օրերին մի քանի անգամ մեզ մոտ եկան խիստ ու կոպիտ տեսքով ինչ-որ մարդիկ։ Նրանք հարցնում էին կապիտան Բեզըլին։ Դա ինձ համոզեց, որ Հոլմսը, սեփական ահեղ անունը թաքցնելով իր բազմաթիվ դիմակներից մեկի և հնարովի ազգանվան տակ, ինչ-որ նոր հետախուզություն է կատարում։ Լոնդոնի տարբեր մասերում նա ամենաքիչը մի հինգ ծածուկ տեղ ուներ, որտեղ կարող էր կերպարանափոխվել։ Հոլմսը այդ նոր գործի մասին ինձ ոչինչ չէր պատմել, և ես սովորություն չունեի նրանից խոսք դուրս քաշելու։ Այն մասին, թե ինչ ուղղությամբ է ինքն աշխատում, Հոլմսը ինձ հասկացրեց բավականին արտասովոր ձևով։
 
Մի անգամ նա տանից դուրս գնաց դեռ նախաճաշից առաջ․ ես հենց նոր էի նստել սեղանի մոտ, երբ հանկարծ նա մտավ սենյակ՝ առանց գլխարկը հանելու, թևի տակ հովանոցի նման մի հսկայական եռաժանի բռնած։
 
— Սատանան տանի, Հո՛լմս,— բացականչեցի ես։— Մի՞թե Դուք ուզում եք ասել, որ Լոնդոնում զբոսնել եք դրանով։
 
— Ոչ, ես միայն մսագործի մոտ էի գնացել։
 
— Մսագործի մո՞տ։
 
— Եվ ահա հրաշալի ախորժակով վերադառնում եմ տուն։ Գիտե՞ք՝ նախաճաշից առաջ որքան օգտավետ են ֆիզիկական վարժությունները։ Բայց, գրազ կգամ, Դուք ոչ մի կերպ չեք կարող կռահել, թե ես ինչպիսի վարժություններ էի անում։
 
— Միտք էլ չունեմ կռահելու։
 
Հոլմսը քմծիծաղ տալով իր համար սուրճ լցրեց։
 
— Եթե մտնեիք Էլըրդայզի խանութի հետևի սենյակը, կտեսնեիք՝ առաստաղից կախված է խոզի մսեղիքը, իսկ ինչ-որ մի ջենթլմեն, սերթուկը հանած, կատաղի ճիգեր է գործ դնում ծակելու այն ահա այս զենքով։ Այդ ջենթլմենը ես եմ։ Եվ ավա՜ղ, բանից դուրս եկավ, որ մի հարվածով ես չեմ կարող ծակել այն։ Չե՞ք ցանկանա, արդյոք, ինքներդ փորձել։
 
— Ոչ մի գնով։ Բայց Դուք ինչո՞ւ եք դրանով զբաղվում։
 
— Ինձ թվում է, որ այդ անուղղակի առնչություն ունի Վուդմընզ Լիի առեղծվածային պատմության հետ… Ա՜, Հո՛փքինզ, ես Ձեր հեռագիրն ստացա երեկ երեկոյան և սպասում էի Ձեզ։ Ներս եկեք, հիմա կնախաճաշենք։
 
Մեր սենյակը մտավ նիհար-նիհար, շարժուն, մոտ երեսուն տարեկան մի մարդ։ Նրա հագին բրդյա համեստ կոստյում էր, բայց կեցվածքը վկայում էր, որ նա սովոր է զինվորական համազգեստ կրելու։ Ես իսկույն ևեթ ճանաչեցի Ստենլի Հոփքինզին՝ ոստիկանական երիտասարդ տեսուչին, որը, Հոլմսի կարծիքով, մեծ ապագա էր խոստանում։ Հոփքինզը իր հերթին իրեն համարում էր նշանավոր խուզարկուի աշակերտը և հրճվում նրա գիտական մեթոդներով։
 
Հոփքինզի դեմքը մռայլ էր, նա խոր հուսալքություն արտահայտող տեսքով ընկավ բազկաթոռի մեջ։
 
— Ո՛չ, շնորհակալություն, սը՛ր, արդեն նախաճաշել եմ․ ես քաղաքում էի գիշերել, որովհետև այստեղ էի եկել զեկուցման համար։
 
— Եվ ինչի՞ մասին Դուք զեկուցեցիք։
 
— Անհաջողության մասին, սը՛ր, լիակատար անհաջողության մասին։
 
— Դուք տեղից չե՞ք շարժվել։
 
— Ո՛չ։
 
— Մի՞թե։ Ըստ երևույթին՝ այդ գործով ես պետք է զբաղվեմ։
 
— Ի սեր Աստծո, խնդրում եմ, մի՛ստր Հոլմս։ Ինձ առաջին անգամ գործ են հանձնարարել, իսկ ես ի վիճակի չեմ կատարելու այն։ Աղաչում եմ, օգնեցեք։
 
— Լա՛վ, լա՛վ։ Ես, բարեբախտաբար, ուշադրությամբ ծանոթացա հետաքննության բոլոր տվյալների հետ, և, ի դեպ, ի՞նչ եք կարծում հանցագործության վայրում գտնված ծխախոտի քիսայի մասին։ Նրա մեջ չէ՞ արդյոք այդ գործի բանալին։
 
Հոփքինզը թվաց թե զարմացավ․
 
— Քիսան պատկանում էր սպանվածին, սը՛ր։ Նրա մեջ սպանվածի անուն-ազգանվան սկզբնատառերն են։ Եվ նա պատրաստված է ծովաշան կաշուց, իսկ չէ՞ որ հանգուցյալը երկար տարիներ ծովաշան որսով է զբաղվել։
 
— Բայց նրա մոտ ծխամորճ չգտնվեց։
 
— Այո՛, սը՛ր, մենք ծխամորճ չգտանք, նա իսկապես քիչ էր ծխում։ Ասենք՝ նա ծխախոտ կարող էր իր մոտ պահել ընկերների համար։
 
— Անկասկած։ Ես լոկ նրա համար այդ մասին խոսք բացեցի, որ եթե ինքս հետազոտեի այդ դեպքը, ապա հատկապես այդ քիսան կդարձնեի իմ որոնումների ելակետը։ Սակայն իմ բարեկամ դոկտոր Վաթսընը այդ պատմությունը չգիտի, և ես ինքս էլ դեմ չեմ մի անգամ ևս լսել այն։ Մի երկու խոսքով մեզ պատմեք ամենակարևորը։
 
Ստենլի Հոփքինզը գրպանից հանեց թղթի մի նեղլիկ զոլ։
 
— Իմ տրամադրության տակ կան մի քանի տվյալներ հանգուցյալ կապիտան Փիթըր Քերիի կյանքի մասին։ Նա ծնվել է 1845 թվին, կնշանակի՝ նա հիսուն տարեկան էր։
 
Նա համարվում էր ծովաշներ և կետեր որսող համարձակ ու հաջողակ որսորդներից մեկը։ 1883 թվին հրամանատարել է Դանդիի «Ծովային միեղջյուր» որսորդական շոգենավը։ Այդ նույն թվին նա կատարել է մի շարք հաջող ուղևորություններ, իսկ հաջորդ տարին պաշտոնաթող է եղել։ Այնուհետև մի քանի տարի ճանապարհորդել է և, վերջապես, Սասեքսում՝ Ֆորիստ Ռոուի մոտ, գնել է իր համար «Վուդմընզ Լի» փոքրիկ դաստակերտը։ Այդտեղ նա ապրել է վեց տարի և հենց այդտեղ էլ ուղիղ մի շաբաթ առաջ վախճանվեց։
 
Նա աչքի է ընկել խիստ տարօրինակություններով։ Առօրյա կենցաղում այդ լռակյաց ու մռայլ մարդը խստաբարո պուրիտան1 էր։ Նա ապրում էր կնոջ և քսանամյա աղջկա հետ։ Տանը ծառայություն են արել երկու աղջիկ։ Աղախինները հաճախ փոխվել են, քանի որ այնտեղ ապրելը հեշտ չի եղել, իսկ երբեմն էլ պարզապես անտանելի է եղել։ Քերին հաճախակի էր խմում և թունդ հարբեցողության պահերին դառնում իսկական դև։ Եղել են դեպքեր, երբ նա կեսգիշերին տանից դուրս է նետել կնոջն ու աղջկան, բռունցքները սեղմած ընկել է նրանց հետևից ու հետապնդել ամբողջ այգով մեկ։ Պատահել է՝ նրանք այնպես են բղավել, որ հարևան գյուղի բնակիչները նրանց աղաղակներից քնից արթնացել են։
 
Մի անգամ նա դատի է ենթարկվել ծեր քահանային ծեծելու համար, որը փորձել է նրան խելքի բերել։ Կարճ ասած, մի՛ստր Հոլմս, Փիթըր Քերիից վտանգավոր մարդ դժվար թե լինի։ Ես լսել եմ, որ նա այդպիսին է եղել և այն ժամանակ, երբ որսորդական նավն է հրամանատարել։ Ծովայինների միջավայրում նրան կոչել են Սև Փիթըր, և դա ոչ միայն նրա թուխ դեմքի և հսկայական սև մորուքի համար, այլև խելացնոր բնավորության, որը սարսափ է տարածել շրջապատողների վրա։ Ինչ խոսք, որ բոլոր հարևանները ատել են նրան ու խույս տվել, ես ափսոսանքի ոչ մի բառ չլսեցի նրա սոսկալի վախճանի առթիվ։
 
Մի՛ստր Հոլմս, Դուք անկասկած հետաքննության արձանագրության մեջ կարդացել եք այդ մարդու «նավասենյակի» մասին, բայց Ձեր բարեկամը, հավանական է, ոչինչչի լսել։ Տնից ոչ հեռու կապիտանը իր համար կառուցել է փայտյա մի փոքրիկ կողաշենք, որը միշտ կոչել է «նավասենյակ», գիշերները նա անց է կացրել այնտեղ։ Դա փոքրիկ, մի սենյականոց, տասնվեց ոտնաչափ երկարությամբ, տասը ոտնաչափ լայնությամբ խրճիթ է, որի բանալին պահում էր իր գրպանում։ Նա ինքը պատրաստում էր իր անկողինը, ինքը հավաքում սենյակը և ոչ ոքի թույլ չէր տալիս շեմքից ներս անցնել։ Տնակի երկու պատերի վրա մեկական փոքրիկ լուսամուտներ կան։ Երկու լուսամուտն էլ միշտ ծածկված են եղել վարագույրով և երբեք չեն բացվել, նրանցից մեկը նայում է գյուղամիջյան ճամփին։ Պատահել է, որ այդ տնակում ամբողջ գիշեր լույսը վառվել է, և անցուդարձ անողները տարակուսանքով հարցրել են, թե ինչ է անում այնտեղ Սև Փիթըրը։ Հատկապես այդ լուսամուտը, մի՛ստր Հոլմս, հետաքննության ժամանակ թույլ տվեց մեզ երևան հանել մի քանի հետաքրքրաշարժ մանրամասնություններ։
 
Դուք հիշում եք, որ Սլեյթըր անունով մի որմնադիր սպանությունից երկու օր առաջ՝ գիշերվա մոտ ժամը մեկին, Ֆորիստ Ռոուից գնալիս կանգնել է կապիտանի կալվածքի մոտ և նայել ծառերի արանքից երևացող լույսի քառակուսուն։ Նա երդվում է, որ վարագույրի վրա պարզորոշ ուրվագծվել է տղամարդու պրոֆիլի ստվեր, բայց դա Փիթըր Քերին չի եղել, որին ինքը լավ ճանաչում է։ Նա էլ էր մորուքավոր տղամարդ, բայց ավելի կարճ մորուքով, որը ցցված է եղել մի այլ ձևով, քան կապիտանինը։ Այդպես է պնդում որմնադիրը։ Իմիջիայլոց, պետք է ասել, որ դրանից առաջ նա երկու ժամ անց է կացրել ճաշարանում, և հետո՝ ճանապարհի ու լուսամուտի միջև ընկած տարածությունը նույնպես բավականին մեծ է։ Բացի այդ, նրա ցուցմունքները վերաբերում են երկուշաբթի օրվան, իսկ սպանությունը կատարված է չորեքշաբթի օրը։ Երեքշաբթի օրը Փիթըր Քերին գտնվել է ամենասոսկալի դրության մեջ։ Նա բոլորովին հարբած է եղել և վայրի գազանի նման մոլեգնած ու վտանգավոր։ Նա թրև է եկել տան շուրջը, և կանայք, լսելով նրա ձայնը, փակվել են ներսում։ Ուշ երեկոյան նա գնացել է իր հյուղակը։ Աղջիկը քնած է եղել լուսամուտը բաց։ Գիշերվա մոտ ժամը երկուսին «նավասենյակի» կողմից լսվել է սարսափելի բղավոց։ Աղջիկը այդ ձայնին կարևորություն չի տվել, որովհետև կապիտանը հարբած վիճակում հաճախ է գոռգոռացել ու հայհոյել։ Առավոտյան ժամը յոթին արթնանալով՝ աղախիններից մեկը նկատել է, որ հյուղակի դուռը կրնկի վրա բաց է, բայց այդ մարդը այնպիսի սարսափ էր ներշնչել, որ մինչև ճաշ տնեցիները չեն համարձակվել նրա մոտ մտնել։ Նայելով բաց դռնից՝ նրանք տեսել են սոսկալի մի տեսարան և, սարսափից գունաթափված, վազել են դեպի գյուղ։ Մի ժամից հետո ես եղա տեղում և սկսեցի հետաքննությունը։
 
Իմ նյարդերը ամուր են, Դուք այդ գիտեք, մի՛ստր Հոլմս, բայց երդվում եմ Ձեզ՝ ես ցնցվեցի, երբ նայեցի այդ խրճիթի ներսը։ Հավաքված մսաճանճերից խրճիթը ֆիսհարմոնիայի պես դզզում էր, իսկ հատակն ու պատերը հիշեցնում էին սպանդանոց։ Կապիտանը իր խրճիթը նավասենյակ էր կոչում, և իսկապես նա կարծես թե նավասենյակ լիներ․ ներս մտնելիս քեզ թվում է, թե գտնվում ես նավի վրա։ Սենյակի մի ծայրում դրված է թախտը, նրա կողքին՝ նավային սնդուկը, պատերին փակցրած են ծովային քարտեզներ, «Ծովային միաեղջյուրից» վերցրած լուսանկարներ, գրադարակին դարսած է մի ամբողջ դեզ նավային հանդեսներ, ամեն ինչ տեղը տեղին, ինչպես լինում է նավապետի նավասենյակում։ Եվ այդ ամենի մեջտեղը ինքը կապիտանը՝ դեմքը դժոխքի տանջանքներից տառապող մեղսագործի դեմքի նման ծամածռված, իսկ մեծ, ալեխառն մորուքը վեր ցցած մահվան հոգեվարքի պահին։ Լայն կուրծքը խոցված էր պողպատե եռաժանիով, որը ծակել-անցել էր կուրծքը և մխրճվել փայտե պատի մեջ։ Կապիտանը ասեղով ստվարաթղթին ամրացրած բզեզի նման եռաժանիով մեխվել էր պատին։ Իհարկե, նա մահացել էր հենց այն վայրկյանին, երբ ճիչ էր արձակել։
 
Ես ծանոթ եմ Ձեր մեթոդներին, սը՛ր, ու իսկույն ևեթ սկսեցի կիրառել այն՝ թույլ չտալով որևէ բան տեղից շարժել։ Ես շատ մանրակրկիտորեն զննեցի դրսում գետինը և սենյակում՝ հատակը։ Բայց հետքեր չկային։
 
— Դուք ուզում եք ասել, որ հետքեր չնկատեցի՞ք։
 
— Հավատացնում եմ Ձեզ, սը՛ր, այնտեղ ոչ մի հետք չկար։
 
— Սիրելի իմ Հո՛փքինզ, ես շատ հանցագործություններ եմ հետաքննել, բայց դեռ երբեք չեմ հանդիպել թևեր ունեցող հանցագործի։ Եթե հանցագործը ոտքեր ունի, ուրեմն նա անպայման հետք կթողնի, որևէ բանի կկպչի կամ կշարժի որևէ բան։ Եվ հետախուզության գիտական մեթոդներին տիրապետող մարդը շրջապատող իրերի դասավորության մեջ անպայման կհայտաբերի ամենաաննշան փոփոխությունը։ Չի կարելի հավատալ, որ արյունով ողողված այդ սենյակում մնացած չլինեին այնպիսի հետքեր, որոնք մեզ չօգնեին գտնել հանցագործին… Իմիջիայլոց, հետաքննության արձանագրությունից ես տեսնում եմ, որ Դուք որոշ բաների վրա նույնիսկ չեք էլ ջանացել ուշադրություն դարձնել։
 
Երիտասարդ տեսուչը հոնքերը կիտեց․ Հոլմսի խոցող դիտողությանը խիստ վիրավորեց նրան։
 
— Ես հիմարություն արի, մի՛ստր Հոլմս, որ Ձեզ չհրավիրեցի իսկույն ևեթ,— ասաց նա։— Բայց այժմ արդեն ոչնչով օգնել հնարավոր չէ։ Այո՛, սենյակում մի քանի առարկաներ կային, որոնք արժանի էին հատուկ ուշադրության։ Սկսենք թեկուզև հենց եռաժանիից, որով սպանել են կապիտանին։ Ինչ-որ մեկը այդ եռաժանին վերցրել է պատից․ երկու եռաժանի կախված էին իրենց կեռերից, իսկ երրորդ կեռը դատարկ էր։ Բռնակի վրա մակագրված էր․ ««Ծովային միաեղջյուր» շոգենավ, Դանդի»։ Դա, ըստ երևույթին, վկայում է այն մասին, որ հանցագործությունը կատարվել է կատաղության մոլուցքի պահին, և որ մարդասպանը ճանկել է ձեռքի տակ ընկած առաջին առարկան։ Իսկ այն, որ Քերին լրիվ հագնված է եղել, թեև սպանությունը կատարվել է գիշերվա ժամը երկուսին, միտք է հղացնում, որ նա տեսակցել է մարդասպանի հետ։ Այդ մասին են խոսում նաև սեղանի վրայի ռոմի շիշը և երկու կեղտոտ բաժակները։
 
— Այո՛,— ասաց Հոլմսը,— թերևս կարելի է Ձեր երկու եզրակացությունն էլ ընդունել։ Ինչ է, սենյակում գտնվել են նաև սպիրտային ուրի՞շ խմիչքներ։
 
— Այո՛, սնդուկի վրա կար սկուտեղ, որի մեջ դրված էին կոնյակով և վիսկիով գրաֆիններ։ Բայց դա նշանակություն չունի։ Չէ՞ որ գրաֆինները լիքն էին, կնշանակի՝ նրանց ձեռք տվող չի եղել։
 
— Միևնույն է, նրանց առկայությունը ունի որոշ նշանակություն,— ասաց Հոլմսը։— Էլ ի՞նչ առարկաներ կան, Ձեր կարծիքով, որ առնչություն ունեն գործի հետ։
 
— Սեղանի վրա էր ծխախոտի այն քիսան։
 
— Հատկապես ո՞ր մասում։
 
— Սեղանի ուղիղ մեջտեղը։ Նա պատրաստված է ծովաշան կոշտ ու կոպիտ կաշվից և կապված փոկով։ Ներսի կողմից գրված են «Փ․ Ք․» տառերը։ Քիսայի մեջ կար մոտ տասնհինգ գրամ սարթ ծխախոտ, ինչպիսին ծովայիններն են ծխում։
 
— Հիանալի է։ Էլ ի՞նչ։
 
Ստենլի Հոփքինզը գրպանից հանեց դեղնամոխրագույն կազմով մի հուշատետր։ Նրա կազմը անողորկ էր և հնամաշ, իսկ էջերը դեղնել էին և գունաթափվել։ Առաջին էջի վրա գրված էին անուն-ազգանվան սկզբնատառերը՝ «Ջ․ Հ․ Ն․» և տարեթիվը՝ «1883»։
 
Հոլմսը հուշատետրը դրեց սեղանին և սկսեց իրեն յուրահատուկ փութաջանությամբ զննել այն։ Ես և Հոփքինզը նայում էինք նրա ուսի վրայով։ Երկրորդ էջում մենք տեսանք «Կ․ Խ․ Ե․» տառերը, այնուհետև երկու-երեք էջերի վրա զուտ թվեր էին։ Մի շարք այլ էջերում գրված էին հետևյալ բառերը․ «Արգենտինա», «Կոստա Ռիկա», «Սան Պաուլու», հետո դարձյալ թվերի սյունակներ և ինչ-որ նշաններ։
 
— Դուք ի՞նչ կարծիք ունեք այս գրանցումների մասին,— հարցրեց Հոլմսը։
 
— Ըստ երևույթին՝ դա բորսայի ակցիաների ցուցակ է։ Ես կարծում եմ, որ «Ջ․ Հ․ Ն․» տառերը միջնորդի անուն-ազգանվան սկզբնատառերն են, իսկ «Կ․ Խ․ Ե․»-ն, հավանական է, նրա հաճախորդն է։
 
— Կամ «Կանադայի խաղաղօվկիանոսյան երկաթգիծ»,— ասաց Հոլմսը։
 
Ստենլի Հոփքինզը ինչ-որ անեծք փնթփնթաց և բռունցքով հարվածեց ոտքին։
 
— Ինչ հիմարն եմ ես,— գոռաց նա։— Իհարկե, Դուք միանգամայն ճիշտ եք։ Այժմ մեզ մնում է վերծանել «Ջ․ Հ․ Ն․» տառերի նշանակությունը։ Ես արդեն նայել եմ 1883 թվի բորսայի հին ցուցակները և չգտա ոչ մի բորսայի միջնորդի, որի անուն-ազգանվան տառերը այդպես լինեին։ Բայց, այնուամենայնիվ, ես ճիշտ ճանապարհի վրա եմ։ Եվ իսկապես որ, մի՛ստր Հոլմս, միանգամայն հնարավոր է, որ այդ սկզբնատառերը այն մարդունն են, որը գիշերները գալիս էր կապիտանի մոտ, այսինքն, ուրիշ խոսքով՝ մարդասպանինը։ Իսկ այդ հուշատետրը, որտեղ թվարկվում են այդքան շատ արժեքավոր թղթեր, գուցե մեզ համար բացեն հանցագործության պատճառները։
 
Հոլմսի դեմքից երևում էր, որ նա այդ նոր հայտնագործությամբ բոլորովին հանկարծակիի է բերված։
 
— Ես պետք է ընդունեմ Ձեր եզրակացությունների ճշմարտացիությունը,— ասաց նա։— Թերևս այդ հուշատետրը, որի մասին հետաքննության արձանագրության մեջ ոչինչ չի ասված, որոշ չափով փոխում է իմ ենթադրությունները։ Այդ հանցագործության՝ իմ կողմից հիմնավորած տեսության մեջ հուշատետրի համար տեղ չկա։ Իսկ Դուք փորձե՞լ եք գտնել, թե ում են պատկանում այստեղ հիշատակված արժեքավոր թղթերը։
 
— Այո՛։ Ես հարցումներով դիմել եմ տարբեր գրասենյակների, բայց չէ՞ որ դրանք հարավամերիկյան ձեռնարկությունների ակցիաներն են։ Վախենում եմ, որ պատասխանը ստանամ մի քանի շաբաթից հետո միայն։
 
Հոլմսը շարունակում էր հուշատետրի կազմը զննել խոշորացույցով։
 
— Այս, անկասկած, բիծ է,— ասաց նա։
 
— Այո՛, սը՛ր, դա արյան հետք է։ Չէ՞ որ ես ասացի՝ հուշատետրը հատակից եմ վերցրել։
 
— Արյան բիծը վերևի՞, թե՞ տակի կողմից էր։
 
— Հատակի կողմի երեսի վրա։
 
— Նշանակում է՝ հուշատետրը վայր է ընկել սպանությունից հետո։
 
— Ճիշտ է, մի՛ստր Հոլմս։ Ես կարծում եմ, որ հուշատետրը մարդասպանի ձեռքից ընկել է շտապ փախուստի ժամանակ։ Այն ընկած էր ուղղակի դռան մոտ։
 
— Հավանական է, այդ արժեքավոր թղթերից և ոչ մեկը չի՞ գտնվել հանգուցյալի իրերի մեջ։
 
— Ո՛չ, սը՛ր։
 
— Դուք հիմք ունե՞ք կողոպուտ ենթադրելու։
 
— Ո՛չ, սը՛ր։ Ըստ երևույթին՝ ոչինչ չի հափշտակվել։
 
— Սատանան տանի, ինչ հետաքրքիր դեպք է։ Այնտեղ դանակ էլ կար, այդպես չէ՞։
 
— Դանակը մնացել էր պատյանում, չէին հասցրել դուրս քաշել, ընկած էր սպանվածի ոտքերի մոտ։ Միսիս Քերին ասում է, որ այդ դանակը իր ամուսնունն է։
 
Հոլմսը մտքերի մեջ ընկավ։
 
— Լավ,— ասաց նա։— Ես կարծում եմ, որ ինձ անհրաժեշտ է գնալ այնտեղ և տեսնել։
 
Ստենլի Հոփքինզը ուրախությունից գոռաց․
 
— Շնորհակալ եմ, սը՛ր։ Դա կթեթևացնի ինձ ծանր բեռից։
 
Հոլմսը մատով սպառնաց տեսուչին։
 
— Մի շաբաթ առաջ ամեն ինչ շատ ավելի հեշտ կլիներ,— ասաց նա։— Բայց նույնիսկ հիմա էլ իմ ուղևորությունը կարող է օգուտ բերել։ Վա՛թսըն, եթե Դուք ոչ մի բանով զբաղված չեք, ես շատ ուրախ կլինեի գնալ Ձեզ հետ միասին։ Կառք կանչեցեք, Հո՛փքինզ, մի քառորդ ժամից հետո մենք կուղևորվենք Ֆորիստ Ռոու։
 
Մի փոքրիկ կայարանում իջնելով գնացքից՝ մենք դեռ մի քանի մղոն գնացինք մատղաշ անտառակով՝ պահպանված այն հսկայական կուսական եղևնուտից, որը մի ժամանակ կանգնեցնում էր սաքսերի ներխուժումը․ այդ անառիկ երկիրը վաթսուն տարիների ընթացքում Բրիտանիայի համար ամրոցի դեր կատարեց։ Այդ կողմերում հսկայական տարածությունների վրա կտրել էին ծառերը, որովհետև երկրի թուջաձույլ գործարանները առաջին անգամ կառուցվեցին այստեղ, իսկ հանքանյութը ձուլելու համար պետք էր փայտ։ Այժմ արդյունաբերությունը փոխադրվել է հյուսիսի առավել հարուստ շրջանները, և միայն այդ նոսրացած անտառակներն ու հողի վիթխարի ակոսներն էին, որ հիշեցնում էին անցյալի մասին։ Կանաչ բլրալանջի բացատում կանգնած էր անտաշ քարերից կառուցված մի երկար տուն, դեպի ուր ձգվում էր դաշտերի մեջ հազիվ երևացող մի նեղլիկ ու ծուռումուռ արահետ։ Արահետին մոտիկ, երեք կողմից թփուտներով շրջապատված գտնվում էր փոքրիկ մի կողաշենք, որի լուսամուտն ու դուռը նայում էին մեր կողմը։ Ահա հենց այստեղ էլ տեղի էր ունեցել սպանությունը։
 
Ստենլի Հոփքինզը սկզբից մեզ տարավ այդ տունը և ներկայացրեց մի մռայլ, ալեհեր կնոջ՝ սպանվածի այրուն։ Նրա հոգնատանջ դեմքը, խոր կնճիռները և կարմրած կոպերով խոր ընկած աչքերի՝ սարսափով լեցուն հայացքը խոսում էին այն մասին, որ նա տառապանքի և դառն վիրավորանքների տարիներ է անցկացրել։ Նրա դուստրը, որը մի գունատ, խարտյաշ աղջիկ էր, աչքերը բարկությամբ փայլեցնելով հայտարարեց, որ հոր մահվան համար ինքն ուրախ է և փառաբանում է այն ձեռքը, որը նրան մահու հարված է հասցրել։ Փիթըր Քերին տանը սոսկալի ճնշող դրություն էր ստեղծել, և մենք մեզ շատ թեթևացած զգացինք, երբ նորից հայտնվեցինք արևի լույսի տակ ու քայլեցինք հանգուցյալ կապիտանի դաշտի միջով անցնող տրորած արահետով։
 
Կողաշենքը թեթև ծածկ և երկու լուսամուտ ունեցող հասարակ գյուղական շինություն էր։ Լուսամուտներից մեկը գտնվում էր դռան մոտ, իսկ մյուսը՝ հակառակ կողմի պատին։ Ստենլի Հոփքինզը գրպանից հանեց բանալին և կռացավ դեպի կողպեքը, հանկարծ նա կանգ առավ։ Նրա դեմքը արտահայտում էր լարված ուշադրություն ու զարմանք։
 
— Կողպեքը ուզել են ջարդել,— ասաց նա։
 
Դրանում կասկած չկար։ Դուռը քերծված էր, և սպիտակ քերծվածքները ներկի վրա այնպիսի պարզորոշությամբ էին առանձնանում, որ թվում էր, թե հենց նոր է արված։ Հոլմսը զննեց լուսամուտը։
 
— Ինչ-որ մեկը լուսամուտն էլ է փորձել բանալ, բայց չի կարողացել։ Երևում է՝ անփորձ գող է։
 
— Դա շատ տարօրինակ է,— ասաց տեսուչը։— Կարող եմ երդվել, որ երեկ երեկոյան այդ քերծվածքները չկային։
 
— Գուցե գյուղից մի որևէ հետաքրքրասեր հիմար մա՞րդ է եկել,— ենթադրեցի ես։
 
— Ո՛չ, չի երևում։ Հազիվ թե այնպիսի մեկը գտնվի, որ սիրտ անի մտնել դաստակերտի բակը, իսկ ինչ վերաբերվում է «նավասենյակի դուռը» ջարդելուն, ապա այդպիսի համարձակ մարդ չես գտնի։ Իսկ Դուք ի՞նչ եք կարծում, մի՛ստր Հոլմս։
 
— Ես կարծում եմ, որ մեր բախտը բանեց։
 
— Դուք կարծում եք, որ այդ մարդը նորից կգա՞։
 
— Շատ հնարավոր է։ Նա փորձել է դուռը բանալ գրպանի փոքրիկ դանակի միջոցով։ Դա չի հաջողվել։ Ի՞նչ է մնում նրան այժմ անելու։
 
— Վերադառնալ հաջորդ գիշերը՝ ավելի հարմար գործիքով։
 
— Ճիշտ է։ Հիմարություն կլինի, եթե մենք չհետևենք նրան։ Իսկ առայժմ թույլ տվեք ինձ դիտել «նավասենյակը» ներսի կողմից։
 
Ողբերգության հետքերը արդեն ոչնչացված էին, բայց փոքրիկ սենյակի կահույքը մնացել էր նույն ձևով, ինչպես եղել էր սպանության գիշերը։ Երկու ժամ շարունակ Հոլմսը մեծ ուշադրությամբ հերթով դիտում էր յուրաքանչյուր առարկա, բայց նրա դեմքից երևում էր, որ որոնումները զուր են։ Նա միայն մի անգամ ընդհատեց իր տքնաջան քննությունը։
 
— Դուք որևէ բան վերցրե՞լ եք այս դարակից, Հո՛փքինզ։
 
— Ո՛չ, ես ոչնչի ձեռք չեմ տվել։
 
— Այստեղից ինչ-որ բան է վերցված, դարակի այս անկյունում փոշին ավելի քիչ է։ Հնարավոր է, որ այստեղ դրված է եղել գիրք, գուցե և տուփ… Ինչպես երևում է, ես այստեղ այլևս անելիք չունեմ։ Եկեք գնանք այս հրաշալի անտառներում ման գալու, Վա՛թսըն, հիանանք թռչուններով ու ծաղիկներով։ Մենք այստեղ Ձեզ հետ կհանդիպենք հետո, Հո՛փքինզ, մեզ չի՞ հաջողվի արդյոք մոտիկից ծանոթանալ այն ջենթլմենի հետ, որը այս գիշեր եկել էր այստեղ։
 
Գիշերվա ժամը տասնմեկին մենք դարան մտանք։ Հոփքինզը ուզեց խրճիթի դուռը բաց թողնել, բայց Հոլմսը երկյուղեց, որ դա կարող է անծանոթին վախեցնել։ Կողպեքն այնքան հասարակ կառուցվածք ուներ, որ կարելի էր բացել ամեն մի ամուր դանակով։ Հոլմսը առաջարկեց նաև, որ մենք դարան մտնենք ոչ թե խրճիթի ներսում, այլ դրսում՝ թփուտների մեջ, որոնք աճում էին երկրորդ լուսամուտի տակ։ Այդպիսով մեզ կհաջողվեր դիտել այդ մարդուն, եթե նա լույս վառեր, և իմանալ նրա գալու նպատակը։
 
Վրա հասավ երկար տանջալից սպասումը, մեզ համակել էր նյարդայնության դողը։ Այդպես որսորդն է դողում, երբ ջրարբի մոտ հետամտում է ծարավից տոչորված գազանին։ Մթության միջից ինչպիսի՞ գիշատիչ գազան գողեգող կմոտենա այստեղ։ Արյունարբու վա՞գր, որին կարելի է միայն հաղթել նրա փայլատակող ժանիքների և ճիրանների դեմ մղած ծանր պայքարում, թե՞ երկչոտ մի չախկալ՝ վտանգավոր միայն թույլերի և անպաշտպանների համար։
 
Մենք լուռ թաքնվեցինք թփուտներում։ Սկզբից մեր ականջին էին հասնում ուշացած անցորդների ոտնաձայներ և գյուղից եկող աղմուկ, բայց կամաց-կամաց այդ ձայները լռեցին։ Վերջապես տիրեց մեռելային լռություն։ Միայն հեռավոր եկեղեցու զանգերի ղողանջն էր մեզ հայտնում, որ ժամանակն ընթանում է, և մաղող անձրևն էր խշխշում ու շրշում այն տերևների մեջ, որոնք մեզ համար ծածկի դեր էին կատարում։
 
Խփեց երկուսն անց կեսը, վրա հասավ մինչվաղորդյան ամենամութ ժամը։ Հանկարծ մենք ցնցվեցինք՝ լսելով պարտեզի դռնակի կամաց, բայց պարզ ճռռոցը։ Ինչ-որ մեկը ճամփով անցնում էր։ Նորից տիրեց տևական լռություն։ Ես արդեն կարծում էի, որ դա կեղծ տագնապ է, երբ հանկարծ հետևում՝ խրճիթի այն կողմից, լսվեցին զգույշ քայլեր, իսկ մի վայրկյանից հետո՝ մետաղի շռինդ և աղմուկ։ Մեկը փորձում էր կոտրել կողպեքը։ Այս անգամ նա գործում էր ավելի վարպետորեն, կամ ավելի լավ գործիք կար ձեռքին։ Շուտով լսվեց մի չրխկոց, և դռան օղակները ճռռացին։ Հետո լսվեց լուցկու չրթոց, և հաջորդ վայրկյանին մոմի հավասար լույսը տարածվեց խրճիթի ներսում։ Լուսամուտի բարակ վարագույրի միջից մենք տեսանք ամենը, ինչ կատարվում էր ներսում։
 
Գիշերային այցելուն նիհար, հիվանդագին տեսքով երիտասարդ էր։ Սև փոքրիկ բեղերը ստվերում էին նրա դեմքի մեռելային գունատությունը։ Նա, ըստ երևույթին, քսան տարեկանից մի քիչ ավելի էր։ Ես դեռ երբեք այդպիսի ողորմելի վիճակի մեջ գտնվող մարդու չէի տեսել։ Նրա ատամները սարսափից շխկշխկում էին, դողում էր ամբողջ մարմնով։ Նա հագնված էր ջենթլմենի նման․ նորֆոլքյան ժակետ2, սպորտային կարճ տաբատ, գլխին մահուդե գլխարկ։ Մենք տեսանք, թե նա ինչպիսի երկչոտությամբ է նայում իր շուրջը։ Հետո մոմը դրեց սեղանին և անհետացավ անկյուններից մեկում։ Քիչ հետո վերադարձավ մի մեծ գիրք ձեռքին․ դա նավային այն մատյաններից էր, որոնցից մի մեծ դաս գտնվում էր դարակի վրա։ Խոնարհվելով սեղանին՝ նա արագ թերթեց էջերը, մինչև հասավ այն գրանցմանը, որը փնտրում էր։ Այդ ժամանակ բռունցքով կատաղությամբ հարվածեց մատյանին, դրեց այն իր տեղը և հանգցրեց լույսը։
 
Նա չհասցրեց էլ շրջվել դեպի ելքը, երբ Հոփքինզը բռնեց նրա օձիքից։ Ես լսեցի սարսափի մի ուժեղ ճիչ, դուռը ջարդողը հասկացավ, որ իրեն բռնեցին։ Մոմը նորից վառեցինք։ Դժբախտ գերին խուզարկուի գրկում դողդողում ու կծկվում էր։
 
— Դե, սիրելի՛ս,— ասաց Ստենլի Հոփքինզը,— ո՞վ եք Դուք և ի՞նչ գործ ունեք այստեղ։
 
Պատանին տիրապետեց իրեն և աշխատում էր հանգիստ երևալ։
 
— Դուք, հավանական է, խուզարկուներ եք,— ասաց նա,— և կարծում եք, թե ես առնչություն ունեմ կապիտան Փիթըր Քերիի սպանության հետ։ Հավատացնում եմ Ձեզ՝ ոչ մի մասնակցություն չունեմ այդ գործին։
 
— Դա կպարզենք,— ասաց Հոփքինզը։— Ամենից առաջ, ի՞նչ է Ձեր անունը։
 
— Ջոն Հոփլի Նելիգան։
 
Ես նկատեցի, թե ինչպես Հոլմսն ու Հոփքինզը հայացք փոխանակեցին միմյանց հետ։
 
— Դուք ի՞նչ եք անում այստեղ։
 
— Ես կարող եմ հուսալ, որ Դուք իմ գաղտնիքը չեք հայտնի։
 
— Անպայման կհայտնենք։ Այդ էր պակաս՝ չհայտնեինք։
 
— Այդ դեպքում ես ի՞նչ շահ ունեմ ասելու։
 
— Եթե Դուք չասեք, դատարանում Ձեր գործը վատ կլինի։
 
Պատանին ցնցվեց։
 
— Էհ, ինչ արած, կասեմ,— վրա բերեց նա։— Եվ ինչո՞ւ էլ չասել։ Բայց ինձ համար որքա՜ն զզվելի է այն միտքը, որ այդ հին խայտառակ գործը նորից երևան է գալու։ Դուք երբևէ լսե՞լ եք Դոսընի և Նելիգանի մասին։
 
Հոփքինզի դեմքից ես հասկացա, որ նրան ոչինչ հայտնի չէ։ Բայց Հոլմսը ցնցվեց և ասաց․
 
— Դուք նկատի ունեք Արևմտյան դրամատան տերերի՞ն։ Նրանք մի միլիոնով սնանկացան, ավերեցին Քորնվոլ կոմսության կեսը, և Նելիգանը անհետացավ։
 
— Միանգամայն ճիշտ է։ Նելիգանը իմ հայրն է։
 
Վերջապես ինչ-որ որոշակի մի բան պարզվեց։ Բայց, այնուամենայնիվ, մի ամբողջ անդունդ կար ընկած փախած բանկիրի և կապիտան Փիթըր Քերիի միջև, որին պատին էր մեխել հենց իր սեփական եռաժանին։ Եվ մենք ուշադրությամբ շարունակեցինք լսել երիտասարդի պատմածը։
 
— Այդ սնանկացումը փաստորեն միայն իմ հորն էր վերաբերում։ Դոսընը գործից հեռացավ ավելի շուտ։ Այն ժամանակ ես ընդամենը տասը տարեկան էի, բայց բավականին հասունացած և զգում էի այն ամբողջ խայտառակությունն ու սոսկումը, որը տեղի ունեցավ։ Մարդիկ ասում էին, որ իբր թե իմ հայրը գողացել է ամբողջ արժեքավոր թղթերն ու փախել։ Դա ճիշտ չէր։ Հայրս հաստատ համոզված էր, որ եթե նրան ժամանակ տան դրանք իրացնելու, ամեն ինչ կանցնի, և նա լրիվ կվճարի բոլոր ավանդատուներին։ Հայրս փոքրիկ զբոսանավով ուղևորվեց Նորվեգիա նրան ձերբակալելու մասին տված հրամանի ուղղակի նախօրեին։ Ես հիշում եմ վերջին գիշերը, երբ նա հրաժեշտ էր տալիս մորս։ Հայրս մեզ թողեց իր հետ վերցրած արժեքավոր թղթերի ցուցակը։ Նա երդվում էր, որ կվերականգնի իր բարի անունը, և որ նրան վստահող անձերից և ոչ մեկը չի վնասվի։ Այն ժամանակվանից ի վեր մենք այլևս նրա մասին չենք լսել։ Ե՛վ զբոսանավը, և՛ հայրս անհետացան։ Ես ու մայրս համոզված էինք, որ նա հանգչում է ծովի հատակին։ Մենք ունենք գործունյա կապեր ունեցող մի հավատարիմ բարեկամ, ահա հենց նա է վերջերս իմացել, որ հորս մոտ գտնված արժեքավոր թղթերից մի քանիսը նորից հայտնվել են Լոնդոնի շուկայում։ Կարո՞ղ եք պատկերացնել, թե ինչպիսի զարմանք պատեց մեզ։ Ես մի քանի ամիս ժամանակ վատնեցի, որպեսզի հետևեմ դրանց, կրեցի բազմաթիվ անհաջողություններ ու դժվարություններ և վերջապես պարզեցի, որ դրանք վաճառել է կապիտան Փիթըր Քերին՝ այս խրճիթի տերը։
 
Բնական է՝ ես սկսեցի տեղեկություններ հավաքել նրա մասին։ Իմացա, որ նա հրամանատարել է կետորս նավի վրա, որը բևեռային ծովերից վերադառնալիս է եղել հենց այն ժամանակ, երբ հայրս ուղևորվել է Նորվեգիա։ Այն տարվա աշնանը վատ եղանակներ էին, ալեկոծությունները փոթորկում էին ծովը։ Հորս զբոսանավը, հավանական է, հոսանքը տարել է դեպի հյուսիս, որտեղ էլ նրան հանդիպել է կապիտան Փիթըր Քերիի նավը։ Եթե դա այդպես է, ապա ո՞ւր անհետացավ իմ հայրը։ Համենայն դեպս, եթե Փիթըր Քերին ինձ օգներ պարզել, թե ինչպես են այդ թղթերը շուկա ընկել, ես կապացուցեի, որ իմ հայրը դրանք չի վաճառել, և որ նա դրանք վերցրել է իր հետ առանց որևէ շահախնդրական նպատակների։
 
Ես եկա Սասեքս, որպեսզի տեսնվեմ կապիտանի հետ, բայց հենց այդ ժամանակ նա սարսափելի մահով վախճանվեց։ Հետաքննության արձանագրության մեջ ես կարդացի նրա «նավասենյակի» նկարագրությունը։ Իմիջիայլոց, հիշատակվում էր, որ այնտեղ են նրա նավային հին մատյանները։ Իմ մեջ միտք ծագեց, որ եթե բախտ ունենայի այդ մատյաններից մեկում կարդալ, թե ինչ է տեղի ունեցել 1883 թվականի օգոստոսին «Ծովային միաեղջյուր» նավի վրա, ես կիմանայի իմ հոր առեղծվածային ճակատագիրը։ Անցած գիշերը ես փորձեցի թափանցել այդ մատյանների տեղը, բայց չկարողացա բացել դուռը։ Այսօր իմ փորձը ավելի հաջող էր, բայց պարզվեց, որ այդ ամսին վերաբերող էջերը պոկված են։ Ահա հենց այդտեղ էլ Դուք ինձ բռնեցիք։
 
— Վերջացրի՞ք,— հարցրեց Հոփքինզը։
 
— Այո՛, վերջացրի։
 
Այդ բառի վրա պատանին աչքերը այսուայն կողմ գցեց։
 
— Դուք էլ ասելու բան չունե՞ք։
 
Նա տատանվեց։
 
— Ո՛չ։
 
— Դուք մինչև անցած գիշեր այստեղ չէի՞ք եղել։
 
— Ո՛չ։
 
— Իսկ Դուք ինչո՞վ կբացատրեք ահա այս,— բղավեց Հոփքինզը՝ մեկնելով նրան չարաբաստիկ հուշատետրը, որի առաջին էջի վրա գրված էին մեր գերու անուն-ազգանվան սկզբնատառերը, իսկ կազմի վրա գտնվում էր արյան բիծը։
 
Դժբախտը հուսալքվեց։ Նա դեմքը ձեռքերով ծածկեց և սկսեց դողալ։
 
— Որտեղի՞ց եք վերցրել այդ,— հառաչեց նա։— Ես նույնիսկ չգիտեի էլ, կարծում էի, թե հյուրանոցում եմ կորցրել։
 
— Բավական է,— խստությամբ արտասանեց Հոփքինզը։— Եթե Դուք դեռ որևէ բան ունեք ասելու, կասեք դատարանում։ Իսկ այժմ ինձ հետ կգաք ոստիկանատուն… է՛, մի՛ստր Հոլմս, ես շատ շնորհակալ եմ Ձեզ ու Ձեր բարեկամին, որ այստեղ եկաք ինձ օգնելու։ Ինչպես պարզվեց, Ձեր ներկայության կարիքը չկար։ Ես գործը իր վախճանին կհասցնեի նաև առանց Ձեզ, բայց, այնուամենայնիվ, շատ շնորհակալ եմ Ձեզ։ «Բրեմբըլթայ» հյուրանոցում Ձեզ համար սենյակներ են պատվիրված, այդ պատճառով մենք կարող ենք գյուղ գնալ միասին։
 
— Դե, Վա՛թսըն, ի՞նչ կարծիք ունեք այս բոլորի մասին,— հարցրեց Հոլմսը, երբ հաջորդ առավոտյան մենք արդեն վերադառնում էինք։
 
— Ես տեսնում եմ, որ Դուք բավարարված չեք։
 
— Օ՜, ոչ, իմ սիրելի Վա՛թսըն, ես միանգամայն բավարարված եմ։ Բայց միևնույն ժամանակ չեմ կարող գովաբանել Ստենլի Հոփքինզին։ Նրա մեթոդները բոլորովին բանի պետք չեն։ Հիասթափվեցի նրանից։ Ես նրանից ավելի էի սպասում։ Խնդիրը երկրորդ ձևով լուծելը միշտ էլ հնարավոր է։ Դա քրեական հետաքննության առաջին օրենքն է։
 
— Ի՞նչ երկրորդ լուծում կարող է այստեղ լինել։
 
— Այն, ինչ ընկած է իմ սեփական հետաքննության հիմքում։ Կարող է պատահել, որ դա ոչ մի արդյունք էլ չտա։ Ես ոչինչ չունեմ ասելու, բայց այդ ուղով կգնամ մինչև վերջ։
 
Բեյքր-սթրիթում Հոլմսին սպասում էին մի քանի նամակներ։ Հոլմսը նրանցից մեկը վերցրեց, բացեց և հաղթականորեն ծիծաղեց․
 
— Հիանալի է, Վա՛թսըն։ Երկրորդ լուծումը հասունանում է։ Դուք հեռագրային բլանկներ ունե՞ք։ Ինձ համար մի երկու հեռագիր գրեցեք․ «Սամնըրին՝ նավային գործակալին, Ռեթքլիֆ Հայվեյ։ Ուղարկեք երեք մարդ, առաքումը վաղը առավոտյան տասին։ Բեզըլ»։ Դա իմ անունն է այն մարդկանց շրջաններում։ Երկրորդը՝ «Տեսուչ Ստենլի Հոփքինզին, Լորդ-սթրիթ 46, Բրիքստըն։ Վաղը ինն անց երեսուն րոպեին եկեք նախաճաշելու։ Կարևոր է։ Եթե չկարողանաք գալ, հեռագրեք։ Շերլոք Հոլմս»… Այդպես, ուրեմն, Վա՛թսըն, այդ սատանայական գործը ամբողջ տասը օր ինձ հետապնդում էր, այժմ ես ուզում եմ ազատվել դրանից։ Վաղը, հուսով եմ, մենք կվերջացնենք այդ գործը և առմիշտ։
 
Ճիշտ նշված ժամին հայտնվեց տեսուչ Ստենլի Հոփքինզը, և մենք բոլորս նստեցինք մի հիանալի նախաճաշի, որը պատրաստեց միսիս Հադսընը։ Երիտասարդ խուզարկուն իր հաջողությամբ հիացած էր։
 
— Ուրեմն, Դուք իսկապե՞ս համոզված եք, որ Ձեր բացատրությունը ճիշտ է,— դիմեց նրան Հոլմսը։
 
— Իհարկե։ Դեպքը միանգամայն պարզ է։
 
— Իսկ իմ կարծիքով՝ այդ գործը դեռ վերջացած չէ։
 
— Դուք ինձ զարմացնո՜ւմ եք, մի՛ստր Հոլմս։ Էլ ի՞նչ կարելի է պահանջել։
 
— Մի՞թե Ձեր բացատրությունը բացահայտում է գործը ամբողջությամբ։
 
— Անկասկած։ Ես իմացա, որ երիտասարդ Նելիգանը «Բրեմբըլթայ» հյուրանոց է ժամանել այն օրը, երբ հանցագործությունը կատարվել է։ Նա եկել է իբր թե գոլֆ3 խաղի համար։ Նրա սենյակը գտնվում է առաջին հարկում, և նա կարող էր ուզած ժամանակ թողնել ու գնալ։ Այն նույն գիշերը նա գնացել է Վուդմընզ Լի, խրճիթում հանդիպել է Փիթըր Քերիի հետ, տուրուդմփոց է արել և եռաժանիով սպանել նրան։ Այնուհետև սարսափելով իր արած գործից՝ նա խրճիթից փախել է և կորցրել հուշատետրը։ Իր հետ նա վերցրած է եղել հուշատետրը այն նպատակով, որպեսզի Փիթըր Քերիին հարցուփորձ անի այդ արժեքավոր թղթերի մասին։ Դուք, հավանական է, նկատեցի՞ք, որ ցուցակում նրանցից մի քանիսը նշանակված են փոքրիկ խաչերով։ Դրանք այն թղթերն են, որ վաճառվել են Լոնդոնի շուկայում։ Սակայն նրանց մեծամասնությունը, հավանական է, գտնվել է Քերիի մոտ։ Երիտասարդ Նելիգանը, իր խոստովանությամբ, երազել է դրանց տիրանալ, որպեսզի վճարի հոր պարտքերը։ Փախուստից հետո որոշ ժամանակ նա չի համարձակվել մոտենալ խրճիթին, բայց վերջապես որոշել է ձեռք գցել իրեն անհրաժեշտ տեղեկությունները։ Պարզ և հասարակ, այդպես չէ՞։
 
Հոլմսը ժպտաց և օրորեց գլուխը։
 
— Ես Ձեր վարկածում մի թերություն եմ տեսնում, Հո՛փքինզ, այդ վարկածը բացարձակապես անհավանական է։ Դուք փորձե՞լ եք եռաժանիով մարմին ծակել։ Ո՞չ։ Ուրեմն, հարգելի սը՛ր, Ձեզ անհրաժեշտ է հատուկ ուշադրություն դարձնել այդ դետալին։ Իմ բարեկամ Վաթսընը կարող էր Ձեզ պատմել, թե ես ինչպես էի ամբողջ առավոտ այդպիսի վարժություններ կատարում։ Դա այնքան էլ հեշտ չէ, դրա համար պետք է ուժեղ և վարժված ձեռք։ Իսկ կապիտանին հասցրած հարվածը այնքան ուժեղ է եղել, որ եռաժանին, ծակելով ու անցնելով նրա մարմինը, խորը մխրճվել է պատի մեջ։ Կարելի՞ է արդյոք ենթադրել, որ այդ թուլակազմ պատանին ի վիճակի է այդպիսի սոսկալի հարված հասցնելու, որ դա հենց նա է՝ այն մարդը, ով խոր գիշերին Սև Փիթըրի հետ ռոմ է խմել, որ հենց նրա պրոֆիլն են տեսել լուսամուտի վարագույրի վրա երկու օր առաջ։ Ո՛չ, ո՛չ, Հո՛փքինզ, մեզ անհրաժեշտ է որոնել ավելի սարսափելի ինչ-որ մի ուրիշին։
 
Հոլմսի խոսելու ժամանակ խուզարկուի դեմքը ավելի ու ավելի էր ձգվում։ Նրա հաշիվներն ու հույսերը փլվում էին, բայց նա առանց պայքարի չէր հանձնվում։
 
— Դուք չեք կարող ժխտել, մի՛ստր Հոլմս, որ Նելիգանը հիշյալ գիշերը եղել է այնտեղ։ Դրա անառարկելի ապացույցը հուշատետրն է։ Իմ կարծիքով՝ դատարանի համար այդ տվյալները բավական են, եթե նույնիսկ ընդունենք, ինչպես Դուք եք կարծում, որ դրա մեջ կա թույլ կողմ։ Իսկ ամենագլխավորն այն է, մի՛ստր Հոլմս, որ իմ հանցագործն արդեն բռնված է։ Իսկ Ձեր «ավելի սարսափելի մարդուն» կարծես թե դեռ չեմ տեսնում։
 
— Ես հակված եմ կարծելու, որ այժմ նա մեր սանդուղքներով բարձրանում է,— հանգիստ պատասխանեց Հոլմսը։— Ինձ թվում է, Վա՛թսըն, Դուք ավելի լավ կանեք այդ ատրճանակը պահեք ձեռքի տակ։— Հոլմսը տեղից կանգնեց և թղթի գրված թերթը դրեց ոչ հեռու գտնվող փոքրիկ սեղանի վրա։— Այժմ մենք պատրաստ ենք,— ավելացրեց նա։
 
Լսվեցին կոպիտ ձայներ, հետո միսիս Հադսընը բացեց դուռը և ասաց, որ երեք տղամարդ հարցնում են կապիտան Բեզըլին։
 
— Մեկ-մեկ ներս թողեք,— ասաց Հոլմսը։
 
Առաջինը ներս մտավ կարմիր այտերով և ալեհեր շքեղ այտամորուսով մի կարճահասակ, կլոր մարդ։ Հոլմսը գրպանից հանեց նամակը։
 
— Ձեր անո՞ւնը,— հարցրեց նա։
 
— Ջեյմս Լենքեստր։
 
— Ես շատ եմ ցավում, Լե՛նքեստր, բայց տեղն արդեն զբաղեցրած է։ Ահա Ձեզ կես սովըրին պատճառած անհանգստության համար։ Անցեք այն սենյակը և մի քանի րոպե սպասեք։
 
Երկրորդը՝ հարթ մազերով և հիվանդագին դեմքով բարձրահասակ մի նիհար մարդ էր։ Նրա անունը Հյու Փեթինզ էր։ Նա նույնպես մերժում ստացավ, կես սովըրին և սպասելու կարգադրություն։
 
Երրորդ այցելուն ուշադրության արժանի արտաքին ուներ։ Նրա դաժան, բուլդոգի դեմքը ծածկված էր խիտ ու բիզ-բիզ մազերով և մորուքով, իսկ սարթ, կախված հոնքերի տակից փայլում էին համարձակ և թուխ աչքերը։ Նա ողջունեց և կանգնեց ծովայինի դիրքով՝ ձեռքին ձգմգելով իր գլխարկը։
 
— Ձեր անո՞ւնը,— հարցրեց Հոլմսը։
 
— Փեթրիք Քերնզ։
 
— Եռաժանաձի՞գ եք։
 
— Այո, սը՛ր, քսանվեց ուղևորություն եմ արել։
 
— Կարծեմ Դանդիի՞ց եք։
 
— Այո՛, սը՛ր։
 
— Համաձա՞յն եք առաքիչ նավի հետ գնալ։
 
— Այո՛, սը՛ր։ Ռոճի՞կը։
 
— Ամիսը ութ ֆունտ։ Կարո՞ղ էիք անմիջապես ուղևորվել։
 
— Հենց որ հանդերձանք ստանամ։
 
— Թղթերդ մո՞տդ են։
 
— Այո՛, սը՛ր։
 
Նա գրպանից հանեց գզգզված ու քրտնքոտված փաստաթղթերի մի կապոց։ Հոլմսը նայեց դրանք և վերադարձրեց տիրոջը։
 
— Հենց այդպիսի մարդ էլ ինձ պետք է,— ասաց նա։— Ահա, պայմանագիրը այդ սեղանի վրա է։ Ստորագրեցեք և վերջացավ։
 
Ծովայինը ճոճվելով առաջացավ և վերցրեց գրիչը։
 
— Այստե՞ղ ստորագրեմ,— հարցրեց նա՝ կռանալով սեղանի վրա։
 
Հոլմսը մոտեցավ և ծովայինի ուսի վրայով ձեռքը մեկնեց ու ամուր գրկեց նրա վիզը։
 
— Այ հիմա արդեն եղավ,— ասաց նա։
 
Ես լսեցի պողպատի շռինդ և կատաղած ցուլի մռնչյուն։ Այդ նույն վայրկյանին Հոլմսն ու ծովայինը իրար կպած գլորվեցին հատակին։ Ծովայինը ահռելի ուժի տեր էր, նույնիսկ ձեռնաշղթաների մեջ էլ, որոնցով Հոլմսը ճարպկորեն կապանքեց նրա ձեռքերը, ծովայինը կարող էր հաղթել իմ բարեկամին։ Բայց ես և Հոփքինզը նետվեցինք օգնության։ Եվ միայն այն ժամանակ, երբ ատրճանակի սառը փողը սեղմվեց քներակին, նա հասկացավ, որ դիմադրելը անօգուտ է։ Մենք թոկով կապկպեցինք նրա ոտքերը և հատակից վեր կացանք՝ շնչահեղձ լինելով այդ պայքարից։
 
— Ես պետք է ներողություն խնդրեմ Ձեզանից, Հո՛փքինզ,— ասաց Շերլոք Հոլմսը,— թերխաշ ձվերը, վախենում եմ, արդեն սառած լինեն։ Բայց, ինձ թվում է, հետաքննության այսպիսի հաջող վերջանալը Ձեր ախորժակը ավելի բաց կանի, չէ՞։
 
Ստենլի Հոփքինզը ապշանքից համրացել էր։
 
— Էլ ինչ կարող եմ ասել, մի՛ստր Հոլմս,— վերջապես ասաց նա՝ ամոթահար կարմրելով։— Ինչպես երևում է, ես հենց սկզբից եմ հիմարություն արել։ Չէր կարելի ոչ մի րոպե մոռանալ, որ Դուք ուսուցիչ եք, իսկ ես՝ ընդամենը աշակերտ։ Նույնիսկ այժմ էլ, տեսնելով Ձեր աշխատանքը՝ ես, այնուամենայնիվ, չեմ հասկանում, թե Դուք այդ ինչպես արիք, և ինչ է նշանակում այդ։
 
— Դե լա՛վ, լա՛վ,— բարեհոգությամբ ասաց Հոլմսը,— մենք բոլորս էլ մեր սխալների վրա ենք սովորում։ Այ հիմա Դուք արդեն լավ հիշեք մի բան, որ չի կարելի աչքաթող անել երկրորդ լուծումը։ Դուք այնքան հափշտակված էիք երիտասարդ Նելիգանով, որ նույնիսկ չհիշեցիք Փեթրիք Քերնզի մասին։ Իսկ չէ՞ որ հենց նա է, որ սպանել է Փիթըր Քերիին։
 
Ծովայինի խռպոտ ձայնը ընդհատեց նրան․
 
— Լսեք, մի՛ստր։ Ես չեմ բողոքում, որ Դուք այդպես կոպիտ վարվեցիք ինձ հետ, բայց, այնուամենայնիվ, իրերը պետք է կոչել իրենց անուններով։ Դուք ասում եք «Փիթըր Քերիին սպանողը»։ Իսկ այ ես հայտարարում եմ, որ ստիպված եմ եղել նրան սպանել։ Դա բոլորովին էլ միևնույն բանը չէ։ Գուցե Դուք չե՞ք հավատում։ Գուցե Դուք կարծում եք՝ ես ինձանից բանե՞ր եմ հնարում։
 
— Բոլորովին էլ ոչ,— պատասխանեց Հոլմսը։— Մենք հաճույքով կլսենք այն բոլորը, ինչ Դուք ուզում եք ասել։
 
— Ես երկար չեմ խոսելու և երդվում եմ Աստծով՝ իմ ամեն մի խոսքը ճշմարտություն է։ Ես գիտեի Սև Փիթըրին, և երբ նա դանակը ձեռքն առավ, ես ճանկեցի եռաժանին, որովհետև հասկացա, որ մեզանից միայն մեկը կարող է կենդանի մնալ։ Ահա այդպես էլ նա մեռավ։ Գուցե դա հենց սպանություն էլ կոչվում է։ Ինձ համար միևնույն է՝ ինչպես մեռնել, միայն թե ինձ ավելի շատ դուր է գալիս հոգիս տալ թոկը վիզս գցած, քան թե Սև Փիթըրի դանակը սրտիս մեջ մխրճված։
 
— Ինչպե՞ս Դուք ընկաք նրա տունը,— հարցրեց Հոլմսը։
 
— Ես կպատմեմ բոլորը հերթով։ Միայն թե թույլ տվեք ինձ նստել, այդպես ավելի հեշտ կլինի։ Այդ պատմությունը սկսվեց 1883 թվականի օգոստոսին։ Փիթըր Քերին «Ծովային միաեղջյուրի» տնօրենն էր, իսկ ես՝ նրա մոտ պահեստային եռաժանաձիգ։ Մենք դուրս էինք գալիս սառցակարկառներից և գնում էինք տուն։ Հանդիպակաց քամին ծեծում էր մեզ, իսկ փոթորիկը մի ամբողջ շաբաթ չէր դադարում։ Հանկարծ հանդիպեցինք մի ինչ-որ փոքր նավի․ նա թեքվել ու գնում էր դեպի հյուսիս։ Ընդամենը մի ուղևոր էր և այն էլ ոչ ծովային։ Այդ փոքրիկ նավի մնացած ուղևորները, որոշելով, որ այն կսուզվի, նավակ էին նստել ու լողարկել դեպի նորվեգիական ափը, և ըստ երևույթին՝ բոլորն էլ խեղդվել էին։ Այդպես, ուրեմն, մենք այդ մարդուն վերցրինք մեր նավի վրա։ Կապիտանի հետ նա երկար ժամանակ զրուցում էր նավասենյակում։ Նրա ամբողջ բեռը, որ մենք առանք մեր նավի վրա, բաղկացած էր մի թիթեղյա ւոուփից։ Որքան ինձ հայտնի է՝ այդ մարդու անունը ոչ ոք ոչ մի անգամ չի տվել։ Երկրորդ գիշերը նա այնպես անհետացավ, կարծես թե բոլորովին չէր էլ եղել։ Ասում էին, որ իբր թե նա կա՛մ ինքն է իրեն գցել ջուրը, կա՛մ ուղղակի ընկել է տախտակամածից․ ասածս գիշերը սոսկալի ալեկոծություն էր։ Միայն մի մարդ գիտեր, թե ինչ պատահեց նրան, այդ մարդը ես էի։ Որովհետև խուլ և մութ գիշերը՝ դրանից երկու օր առաջ, երբ մենք անցնում էինք Շեթլընդյան կղզիների փարոսները, ես իմ սեփական աչքերով տեսա, որ կապիտանը բռնեց նրա ոտքից և նետեց ծովը։
 
Ես ոչ ոքի մոտ բերնիցս խոսք չթռցրի։ Ասացի տեսնեմ, թե հետո ինչ է լինելու։ Մենք եկանք Շոտլանդիա։ Այդ բանը ոչ ոք չէր հիշում, ասենք, ոչ ոք ոչնչի մասին չէր հարցնում։ Մարդը պատահական կերպով մեռավ, և դա ոչ ոքի հետաքրքիր չէ։ Շուտով Փիթըր Քերին պաշտոնաթող եղավ, և միայն շատ տարիներ հետո ինձ հաջողվեց իմանալ, թե նա որտեղ է բնակություն հաստատել։ Ես գլխի ընկա, որ նա իր հոգուն մեղք է արել այն թիթեղյա տուփի համար։ Դե, ասում եմ, հիմա ինչպես պետքն է նա ինձ կվճարի, որպեսզի ես բերնիցս բան չթռցնեմ։
 
Մի ծովայինից, որը նրան հանդիպել էր Լոնդոնում, ես իմացա, որ նա ապրում է այստեղ, և եկա, որպեսզի նրանից որևէ բան քամեմ։ Առաջին գիշերը նա իրեն պահում էր խելամտորեն, ինձ այնպիսի մի գումար խոստացավ, որ ես ամբողջ կյանքումս ազատված կլինեի ծովից։ Մենք վերջնականապես պայմանավորվելու էինք երկու գիշեր հետո։ Ես եկա և տեսա, որ նա արդեն հարբած է, և տրամադրությունը՝ անչափ նողկալի։ Մենք նստեցինք, խմեցինք, խոսեցինք անցած ժամանակների մասին։ Որքան նա շատ էր խմում, այնքան քիչ էր դուր գալիս ինձ նրա դեմքի արտահայտությունը։ Ես պատի վրա եռաժանի նկատեցի, մտածեցի, որ, թերևս, դա ինձ պետք գա։ Վերջապես նա պոռթկաց, ձեռքը գցեց ծալովի մեծ դանակին և հարձակվեց ինձ վրա՝ թուք ու հայհոյանք տեղալով։ Ամեն բանից երևում էր, որ նա պատրաստ է սպանություն կատարելու։ Բայց նա չհասցրեց էլ դանակը բացել, երբ ես եռաժանիով նրան մեխեցի պատին։ Աստված իմ, ինչպես ճչաց նա։ Նրա դեմքը մինչև հիմա էլ ինձ չի թողնում քնեմ… Արյունը գետի պես հոսում էր, իսկ ես կանգնել ու սպասում էի։ Բայց շուրջս խաղաղ էր, և ես հանգստացա։ Նայեցի այսուայն կողմը, տեսա՝ թիթեղյա տուփը դրված է դարակին։ Ես այդ տուփի նկատմամբ նույնպիսի իրավունք ունեի, ինչպիսին ուներ Փիթըր Քերին, այդ պատճառով էլ վերցրի այն ու դուրս եկա խրճիթից։ Եվ հիմարաբար ծխախոտիս քիսան մոռացա սեղանին։
 
Իսկ այժմ Ձեզ կասեմ այդ պատմության ամենաարտասովոր մասը։ Ես դեռ նոր էի դուրս եկել խրճիթից, երբ հանկարծ լսեցի ինչ-որ ոտնաձայներ։ Թաքնվեցի թփերի մեջ և տեսա՝ խրճիթին մի մարդ է մոտենում։ Նա ներս մտավ, խելագարի նման գոռաց և ամբողջ ուժով մեկ սկսեց վազել, մինչև որ աչքիցս կորավ։ Իսկ ես խորամանկությամբ բոլորին գերազանցեցի, տասը մղոն անցա ոտքով, Թանբրիջ Վելզում նստեցի գնացք և եկա Լոնդոն։
 
Երբ տուփը բաց արի, պարզվեց, որ նրա մեջ ոչինչ չկա։ Ոչինչ, բացի թղթերից, որոնք ես չհամարձակվեցի վաճառել․ Սև Փիթըրի վրա ունեցած իմ իշխանությունը ես կորցրի և դատարկ գրպաններով Լոնդոնում ընկա անելանելի վիճակի մեջ։ Ինձ մնում էր միայն իմ արհեստը։ Ես տեսա եռաժանաձիգների բարձր վարձատրության մասին այդ հայտարարությունները և գնացի ծովային գործակալների մոտ, իսկ նրանք ինձ ուղարկեցին այստեղ։ Ահա այն ամենը, ինչ ինձ հայտնի է։ Ու թեև ես վերջ տվի Սև Փիթըրին, բայց արդարադատությունը պետք է շնորհակալ լինի ինձնից, ես կառավարությանը օգնեցի տնտեսել կանեփի թոկի համար պահանջվելիք ծախսը։
 
— Շատ համոզիչ ցուցմունքներ են,— ասաց Հոլմսը՝ վեր կենալով և վառելով ծխամորճը։— Ես կարծում եմ, Հո՛փքինզ, Ձեզ անհրաժեշտ է, առանց ժամանակ կորցնելու, կալանավորին ուղարկել առավել ապահով տեղ։ Այս սենյակը ոչ բոլորովին է հարմար բանտարկասենյակ լինելու համար, իսկ միստր Փեթրիք Քերնզը մեր գորգի վրա չափազանց շատ է տեղ զբաղեցնում։
 
— Չգիտեմ նույնիսկ, թե ինչպես հայտնեմ Ձեզ իմ շնորհակալությունը, մի՛ստր Հոլմս,— ասաց Հոփքինզը։— Մինչև հիմա ես չեմ հասկանում, թե Դուք ինչպես այդ հաջողությանը հասաք։
 
— Պարզապես ես հենց սկզբից բռնեցի իսկական թելից։ Եթե ես առաջուց իմանայի հուշատետրի մասին, նա, գուցե, ինձ նույնպես մոլորեցներ, ինչպես և Ձեզ։ Բայց այն ամենը, ինչ ես լսել էի այդ գործի մասին, տանում էր միայն մի ուղղությամբ։ Վիթխարի ուժը, եռաժանի բանեցնելու հմտությունը, ռոմի շիշը, սարթ ծխախոտ պարունակող ծովաշան կաշվից քիսան՝ այդ ամենը ցույց էր տալիս, որ սպանողը եղել է ծովային, այն էլ կետորս։ Ես համոզված էի, որ անուն-ազգանվան «Փ․ Ք․» սկզբնատառերը պատահական զուգադիպություն են։ Քիսան չէր կարող պատկանել Փիթըր Քերիին, որովհետև նա հազվադեպ է ծխել, և նրա «նավասենյակում» ծխամորճ չի գտնվել։ Դուք հիշում եք՝ ես հարցնում էի, թե «նավասենյակում» վիսկի կամ կոնյակ եղե՞լ են, թե՞ չէ։ Դուք պատասխանեցիք, որ եղել են։ Բացի ծովայինից, ուրիշ ո՞վ ռոմ կխմի, երբ ձեռքի տակ կոնյակ կամ վիսկի կա։ Այո՛, ես համոզված էի, որ դա ծովային է։
 
— Իսկ ինչպե՞ս գտաք նրան։
 
— Սիրելի իմ սը՛ր, դա չափազանց հեշտ է։ Ծովայինը կարող է լինել միայն այնպիսի մեկը, ով Փիթըր Քերիի հետ միասին եղել է «Ծովային միաեղջյուրի» վրա։ Որքան ինձ հայտնի էր՝ կապիտանը ուրիշ նավի վրա չի նավարկել։ Ես երեք օր ժամանակ վատնեցի Դանդի հեռագիր տալու համար, որպեսզի պարզեմ 1883 թվականին «Ծովային միաեղջյուրի» վրա գտնվող նավախմբի մարդկանց անունները։ Երբ իմացա, որ եռաժանաձիգների թվում եղել է Փեթրիք Քերնզը, իմ հետաքննությունները գրեթե վերջացան։ Ես մտածեցի, որ այդ մարդը, հավանական է, գտնվում է Լոնդոնում և դեմ չի լինի որոշ ժամանակով թողնել Անգլիան։ Այդ պատճառով ես մի քանի օր անցկացրի Իստ Էնդում, հնարեցի արկտիկ մի գիտարշավ, առաջարկեցի հրապուրիչ պայմաններ եռաժանաձիգների համար, որոնք պետք է ծառայեն կապիտան Բեզըլի հրամանատարության տակ, և ահա արդյունքը։
 
— Հիանալի է,— բացականչեց Հոփքինզը։— Ուղղակի հրաշալի է։
 
— Դուք պետք է որքան կարելի է շուտ ազատել տաք երիտասարդ Նելիգանին,— ասաց Հոլմսը։— Ես կարծում եմ, որ Ձեզ անհրաժեշտ է ներողություն խնդրել նրանից։ Թիթեղյա տուփը պետք է նրան վերադարձնել, բայց, իհարկե, այն արժեքավոր թղթերը, որոնք Փիթըր Քերիի կողմից վաճառված են, արդեն հավիտյան կորան… Ահա և կառքը, Հո՛փքինզ, Դուք կարող եք այդ մարդուն տանել։ Եթե դատարանում իմ ներկայության կարիքը զգացվի, հաղորդեք մեզ Նորվեգիա։ Ստույգ հասցեն ես Ձեզ կուղարկեմ հետո։
7
edits