Changes
[[Category: Արձակ]]
{{Վերնագիր
|վերնագիր = Սև Փիթըրը
|հեղինակ =[[Արթուր Կոնան Դոյլ]]
|աղբյուր = [[«Նոթեր Շերլոկ Հոլմսի մասին»]]
}}
[[Կատեգորիա:Արձակ]]
[[Կատեգորիա:Դետեկտիվ]]
Ես երբեք իմ բարեկամին չէի տեսել հոգեկան և ֆիզիկական ուժերի այնպիսի մի ծաղկման մեջ, ինչպես 1895 թվականին էր։ Նրա հռչակն անվերջ աճում էր, պրակտիկան անընդհատ մեծանում։ Ուրիշների գաղտնիքները հարգելու համար ես ինձ թույլ չեմ տա նույնիսկ ակնարկել այն հայտնի մարդկանց անունները, որոնք առիթ են ունեցել անցնելու Բեյքր-սթրիթում գտնվող մեր համեստ տան շեմքից։ Պետք է ասել, որ Հոլմսը, ինչպես բոլոր մեծ արվեստագետները, աշխատում էր միայն արվեստի սիրույն։ Ես չեմ լսել (բացի դուքս Հոլդըրնըսի հետ պատահած միակ դեպքից), որ նա իր անգնահատելի ծառայությունների համար պահանջի մեծ վարձատրություն։ Նա այնքան անշահախնդիր էր կամ այնքան անկախ, որ հաճախ հրաժարվում էր հարուստ ու մեծազարմ մարդկանց օգնելուց, եթե իր համար ոչինչ գրավիչ չէր գտնում նրանց գաղտնիքները հետազոտելու մեջ։ Միևնույն ժամանակ նա ամբողջ շաբաթներով եռանդով զբաղվում էր որևէ աղքատ մարդու գործով, եթե այդ գործը այնքան առեղծվածային ու հուզիչ էր լինում, որ կարողանում էր վառել նրա երևակայությունը և հնարավորություն տալ նրան՝ կիրառել իր վարպետությունը։