Changes

Կոմս Մոնտե-Քրիստո

Ավելացվել է 2583 բայտ, 22:31, 30 Մարտի 2021
― Իսկ ի՞նչ պետք է ասեմ թագավորին։
― Ահա թե ինչ․ ասա նրան․ «Ձե՛րդ մեծություն, ձեզ խաբում են Ֆրանսիայի վիճակի, քաղաքների տրամադրության, բանակի ոգու վերաբերյալ։ Նա, ում Փարիզում դուք կորսիկացի մարդակեր եք անվանում, ում Նեվերում դեռ ուզուրպատոր անունն են տալիս, արդեն Բոնապարտ է կոչվում Լիոնում և կայսր՝ Գրենոբլում։ Դուք կարծում եք, թե նրան հետապնդում են, հալածում, թե նա փախչում է, այնինչ նա սլանում է այն արծվի նման, որին ետ է բերում մեզ համար։ Դուք կարծում եք, թե նրա զորքը սովից մեռնում է, հյուծվել է արշավանքից, պատրաստ է ցրիվ գալու, այնինչ նա մեծանում է գլորվող ձնակույտի պես։ Ձե՛րդ մեծություն, գնացեք․ Ֆրանսիան թողեք իր իսկական տիրոջը, այն մարդուն, որը նրան չի գնել, այլ նվաճել է։ Գնացեք, ոչ այն պատճառով որ ձեզ վտանգ է սպառնում, քանզի ձեր հակառակորդը բավական ուժեղ է, որպեսզի ողորմածություն ցուցաբերի․ այլ որովհետև սուրբ Լյուդովիկոսի ժառանգի համար ստորացուցիչ է իր կյանքով պարտական լինել Արքոլի, Մարենգոյի և Աուստերլիցի հաղթողին»։ Ասա այդ ամենը թագավորին, Ժերա՛ր, կամ, ավելի լավ է, ոչինչ մի՛ ասա․ թաքցրու բոլորից, որ դու եղել ես Փարիզում, մի՛ ասա, թե ինչի համար ես եկել և ինչ ես արել այստեղ։ Ձիեր վարձիր, և եթե այստեղ գալիս արշավել ես, ապա վերադառնալիս սուրա։ Մարսել մտիր գիշերով, տունդ մտիր հետևի դռնից և նստիր այնտեղ լուռ ու համեստ, ոչ մի տեղ մի երևա և, որ գլխավորն է, տեղդ հանգիստ նստիր, քանզի այս անգամ, երդվու՜մ եմ, մենք կգործենք որպես ուժեղ, իրենց թշնամիներին ճանաչող մարդիկ։Գնացեք, որդի՛ս, գնացեք և հայրական խնամքին հնազանդվելու կամ, եթե կուզեք, բարեկամի խորհուրդները հարգելու համար մենք ձեզ կթողնենք ձեր պաշտոնում։ Դա ձեզ հնարավորություն կտա,֊ ավելացրեց Նուարտիեն ժպտալով,― ինձ փրկել նաև մի ուրիշ անգամ, եթե երբևէ քաղաքական ճոճանակի վրա դուք գտնվելիս լինեք վերևում, իսկ ես՝ ներքևում։ Մնա՜ք բարով, Ժերար, մյուս անգամ գալիս իջեք իմ տանը։ Եվ Նուարտիեն դուրս եկավ այն հանգստությամբ, որը ոչ մի րոպե նրան չէր լքել այդ ծանր խոսակցության ամբողջ ընթացում։ Վիլֆորը, գունատ ու հուզված, վազելով մոտեցավ լուսամուտին և, վարագույրները ետ տանելով, տեսավ, թե ինչպես նրա հայրը անվրդով անցավ երկու֊երեք կասկածելի անձնավորությունների մոտով, որոնք, հավանաբար, փողոցում կանգնած էին սև այտամորուքներով, կապույտ սերթուկով և լայնեզր գլխարկով մարդուն բռնելու համար։  Վիլֆորը, ամբողջ մարմնով դողալով, լուսամուտից չհեռացավ, մինչև որ հայրը չանհետացավ անկյունի մյուս կողմում։ Հետո արագ֊արագ հավաքեց հոր թողած իրերը, սև փողկապն ու կապույտ սերթուկը խոթեց ճամպրուկի խորքը, գլխարկը ճխլտեց ու նետեց պահարանի ներքին դարակը, ձեռնափայտը կոտրեց ու շպրտեց բուխարիի մեջ, դրեց ճամփորդական գլխարկը, կանչեց սպասավորին, հայացքով կասեցրեց նրա բոլոր հարցումները, հաշիվը փակեց, ցատկեց իրեն սպասող կառքի մեջ, Լիոնում իմացավ, որ Բոնապարտը արդեն մտել է Գրենոբլ և, ամբողջ ճանապարհին տիրող իրարանցման մեջ հասավ Մարսել, ապրելով այն բոլոր տանջանքները, որ փառամոլության և առաջին հաջողությունների հետ միասին թափանցում են մարդու սիրտը։  
----
<references/>