Changes
Եվ Վիլֆորը թելադրեց մի խնդրագիր, որի մեջ անտարակույս լավագույն ցանկություններով, չափազանցրեց Դանտեսի հայրենասիրությունը և այն ծառայությունները, որ նա մատուցել էր բոնապարտիստներին։ Այս խնդրագրի մեջ Դանտեսը ներկայանում էր որպես Նապոլեոնի վերադարձի գլխավոր աջակիցներից մեկը։ Ի՜նչ խոսք, որ կարդալով այդ աղերսագիրը, մինիստրը անմիջապես կվերականգնի արդարությունը, եթե դեռևս դա չի արված։
Երբ խնդրագիրն արդեն գրված էր, Վիլֆորն այն կարդաց բարձրաձայն։
― Լավ է,― ասաց նա,― այժմ ձեր հույսը ինձ վրա դրեք։
― Իսկ ե՞րբ կուղարկեք։
― Հենց այսօր։
― Ձեր կից գրությա՞մբ։
― Լավագույն կից գրությունն այն կլինի, որ ես հաստատեմ, թե ինչ ոչ խնդրագրում ասված է՝ միանգամայն ճիշտ է։
Վիլֆորը նստեց բազկաթոռին և թղթի անկյունում արեց անհրաժեշտ մակագրությունը։
― Էլ ի՞նչ է հարկավոր անել,― հարցրեց Մորելը։
― Սպասել,― պատասխանեց Վիլֆորը։― Ես ամեն ինչ ինձ վրա եմ առնում։
Այս համոզվածությունը նորից հույս ներշնչեց Մորելին։ Նա հեռացավ՝ թագավորական դատախազի օգնականով հիացած և գնաց ծերունի Դանտեսին լուր տալու, թե նա շուտով որդուն կտեսնի։
Մինչդեռ Վիլֆորը խնդրագիրը Փարիզ ուղարկելու փոխարեն, խնամքով պահում էր իր մոտ։ Դանտեսի համար այդ պահին փրկարար հանդիսացող խնդրագիրը կարող էր նրա համար կործանարար լինել հետագայում, եթե տեղի ունենար այն, ինչ արդեն կարելի էր սպասել Եվրոպայի դրությունը և իրադարձությունների ընդունած ընթացքն ի նկատի ունենալով, այսինքն՝ երկրորդ ռեստավրացիան։
Եվ այդպես, Դանտեսը բանտարկված մնաց։ Մոռացված ու կորած իր ստորերկրյա զնդանի խավարում, նա չլսեց Լյուդովիկոս XVIII ֊ի դղրդալից անկումը և այն առավել սոսկալի դղրդյունը, որով փուլ եկավ կայսրությունը։
Բայց Վիլֆորը աչալուրջ հետևում էր ամեն ինչի, ուշադիր հաշվի առնում ամեն ինչ։ Նապոլեոնի կարճատև վերագահակալության ընթացքում, որը կոչվում է Հարյուր օր, Մորելը երկու անգամ կրկնել էր իր զոհը, պահանջելով ազատել Դանտեսին, և երկու անգամն էլ Վիլֆորը նրան հանգստացրել էր խոստումներով և հույսեր տալով։ Վերջապես վրա հասավ Վաթերլոոն։ Մորելն այլևս չէր գնում Վիլֆորի մոտ։ Նա իր երիտասարդ բարեկամի համար արել էր այն ամենը, ինչ մարդուս ուժը կարող է պատել։ Երկրորդ ռեստավրացիայի ժամանակ նոր փորձեր անելը կարող էր միայն իզուր արատավորել նրան։
Լյուդովիկոս XVIII -ը վերստին գահ բարձրացավ։ Վիլֆորը, որի համար Մարսելը լի էր իր խիղճը տանջող հիշողություններով, ձեռք բերեց Տուլուզի թագավորական դատախազի պաշտոնը։ Այդ քաղաքը տեղափոխվելուց երկու շաբաթ հետո նա ամուսնացավ մարքիզուհի Ռենե դը Սեն֊Մերանի հետ, որի հայրը հիմա արքունիքում առանձին շնորհ էր վայելում։
Ահա թե ինչու Դանտեսը Հարյուր օրվա ընթացքում և Վաթերլոոյից հետո մնաց բանտում, մոռացված, եթե ոչ մարդկանցից, ապա գոնե աստծուց։